PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաչվերաց



Monk
13.09.2008, 11:08
Այս տարի սեպտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է: Այն նաև տաղավար հինգերորդ և վերջին տոնն է:

Տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը:

Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:

Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:

Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս խաչի վրա մեռնելով հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:

Ըստ Գրիգոր Տաթևացու, Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:

Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:
Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:

Խաչվերացի հաջորդ օրը` սեպտեմբերի 15-ին մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան

ars83
13.09.2008, 20:44
Տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը:

Մոնկ, այս հատվածը վերցված է «Տերունական տոներ» գրքից (ՀԱԵ ՔԿ, 2006թ.).


Խաչի տոնի սահմանումը
Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդինոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց Սուրբ Հարության տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը։ Ապա նաև Բեթհեղեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց։ Այնուհետև թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը։ Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի տասներեքին, տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի տասնչորսին՝ Խաչի տոնը։ Այդ օրը Հակոբոս Սյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պաշտպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»։
Այստեղից ես հասկացել էի, որ Խաչվերացի տոնն անշարժ է տոնացույցում (սեպտեմբերի 14-ին), բայց քո գրածից հետևում է, որ այն շարժական է։ Հիմա ո՞րն է ճիշտ։
Գիրքը կա այստեղ՝
http://mypriest.araratian-tem.am/pdfs/meknoxakan%20grakanutyun/Terunakan%20toner.pdf

Եվ ևս մի հարց. ո՞րտեղ է այժմ Խաչը, որի վրա խաչված էր Քրիստոս։

Monk
13.09.2008, 21:00
Արսեն ջան, ըստ էության երկուսն էլ ճիշտ է: :) Խաչվերացի տոնը սկզբնապես հաստատված է եղել սեպտեմբերի 14-ին: Բայց եթե նկատել ես, մեր եկեղեցական տոնացույցը հիմնականում շարժական է, իսկ Տաղավար տոները, բացառությամբ Սուրբ Ծնունդի, միշտ ընկնում են կիրակի օր: Տեղադրածս նյութն իմ հեղինակայինը չէ: Տոնի օրը ճիշտ է նշված, բայց սկզբունքը դրանով չի հասկացվում: Խաչվերացը ոչ թե պարզապես նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածի կիրակի օրը, այլ, ավելի կոնկրետ, սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը:

Ավելացվել է 8 րոպե անց


Եվ ևս մի հարց. ո՞րտեղ է այժմ Խաչը, որի վրա խաչված էր Քրիստոս։
Սրբազան Ավանդության համաձայն` մտահոգվելով այն վտանգից, որ Քրիստոսի Խաչափայտը դարձյալ կարող է հայտնվել օտար ձեռքերում և հայտնի չէ, թե ինչ ճակատագրի կարժանանա, Խաչափայտը, վերը նշված պատմությունից հետո, բաժանվել է բազմաթիվ մանր խաչերի և ուղարկվել քրիստոնեական բոլոր եկեղեցիներին` իբրև նվիրական մասունք:

ars83
09.10.2008, 12:21
Monk ջան, քո գրածի և «Տերունական Տոներ» գրքի նյութի հիման վրա Խաչվերացի մասին հոդված տեղադրեցի Վիքիփեդիայում։ Ազատ ժամանակ մի հատ նայիր, խնդրեմ։ Եթե Խաչվերացին վերաբերող նկարներ կան, խնդրում եմ տեղադրիր, կամ ասա ինձ, տեղադրեմ (օրինակ, հանդիսավոր թափորը պատկերող, մանրանկարներ՝ Խաչվերացին նվիրված)։

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%A1%D5%B9%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D6%81

Monk
09.10.2008, 13:26
Monk ջան, քո գրածի և «Տերունական Տոներ» գրքի նյութի հիման վրա Խաչվերացի մասին հոդված տեղադրեցի Վիքիփեդիայում։ Ազատ ժամանակ մի հատ նայիր, խնդրեմ։ Եթե Խաչվերացին վերաբերող նկարներ կան, խնդրում եմ տեղադրիր, կամ ասա ինձ, տեղադրեմ (օրինակ, հանդիսավոր թափորը պատկերող, մանրանկարներ՝ Խաչվերացին նվիրված)։

http://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%A1%D5%B9%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D6%81
Ես մի թեթև աչքի անցակցրեցի, Արս ջան: Ընդհանուր վատ չի, բայց հենց ժամանակ ունեցա, մի երկու մանր-մունր բաներ կխմբագրեմ: Եթե իհարկե դեմ չես;)
Նկարների համար կնայեմ ձեռիս տակ ինչ կա, ձեն կհանեմ:)

ars83
09.10.2008, 14:32
Ես մի թեթև աչքի անցակցրեցի, Արս ջան: Ընդհանուր վատ չի, բայց հենց ժամանակ ունեցա, մի երկու մանր-մունր բաներ կխմբագրեմ: Եթե իհարկե դեմ չես;)
Նկարների համար կնայեմ ձեռիս տակ ինչ կա, ձեն կհանեմ:)

Իհարկե, դեմ չեմ :) Հակառակը՝ շատ ուրախ կլինեմ։