PDA

Դիտել ողջ տարբերակը : Նրանք այնքան փոքր են



KT'
12.09.2008, 14:36
Մարդկանց երբեմն պետք է վերևից նայել: Նրանք այնքան փոքր են թվում: Վերևից նայելու համար մեր դպրոցի տանիքը շատ հարմար էր, բայց ոչ շատ բարձր: Իսկ անընդհատ վերև ձգտող մարդ արարածի համար այն բավական ցածր էր: Ավելի բարձրի որոնումներն ինձ հասցրին մոտակա շենքի տանիք: Այնտեղից բոլորը լուցկու հատիկների չափ են երևում: Մարդիկ այնքան նման են իրար, որ… սարսափելի է: Չեն տարբերվում դիմագծերով ու կազմվածքով, նույնիսկ սեռով: Վերևից նայելով հեշտ է նրանց շփոթելը, կորցնելը… Նայում էի ու մտածում, թե ինչպես պատահեց, որ մարդիկ կորցնում են իրար, ինչպես ես նրան: Այն ժամանակ նրան տանիքից չէի նայում, նա էլ մյուսներին նման չէր, չուներ նրանց դիմագծերը, կազմվածքը, քայլվածքը, փայլը… Բայց այնքան արագ կորավ, որ չհասցրեցի հասկանալ, որ նրա հետ կորավ ամենակարևորը… Հիմա ավելի հեշտ է տարվել անիրականով, քան հավատալ կորած իրականությանը: Նրա փայլը թույլ կտա՞ միթե, որ հավատամ: Ես նրա փայլին եմ հավատում: Ես նրան եմ փնտրում վերևից: Վերևից հեշտ է փնտրելը: Դա է իրականությունը: Վերևից բոլորը նա են: Դա անիրականն է: Ես ամեն րոպե գտնում եմ նրան: Այ սա արդեն իմ իրականությունն է: Պետք է միայն արագ, շատ արագ իջնել տանիքից: Ուզում եմ ուղղակի հայտնվել ներքևում, ուր բոլորն այնքան նման են իրար, ուր բոլորն այնքան նման են նրան, ու բոլորն այնքան նման են ինձ: Բայց վախենում եմ մոտիկից տեսնել մարդկանց ու հանկարծ հասկանալ, որ այն աղջիկը, որն ուշացել է ժամադրությունից, ես չեմ, այն տղան, որն արդեն վաղուց ընկերուհուն է սպասում, դու չես, այն զույգը, որն ուրախացել է հանդիպման համար, մենք չենք: Մենք չկանք նրանց մեջ: Մի՞թե նորից կորցրինք իրար: Իսկ այն հավա՞տը, այն զգացմունքները որոնք այնքա~ն շատ էին իմ մեջ… Մի՞թե մնացին այնտեղ` տանիքին: Նրանք ներքև են նայում, երբեմն գտնում են ինձ, երբեմն անտեսում են, երբեմն կորցնում են անթիվ մարդկանց մեջ, որոնք այնքա~ն նման են լուցկու հատիկների, որոնց այնքա~ն նման եմ ես, և որոնց այնքա~ն նման է նա… Նա բոլորից մեկն է, բայց բոլորովին ուրիշ: Նույնիսկ փայլը տարբերվում է…

lili-4
21.09.2008, 12:05
Հետաքրքիր էր, յուրահատուկ փնտրտուքի, կորցրածը գտնելու
ինքնատիպ ձև: Իսկ գուցե անվանումը լիներ «Այնքան քեզ նման«: ;)

Morpheus_NS
21.09.2008, 14:31
Ընդհանուր առմաբ լավն էր;