PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոլետ - Մարդասպանը (Colette - L'assassin)



Հայկօ
07.09.2008, 03:38
Կոլետ
Մարդասպանը

Երբ Լուիսը սպանեց նրան արճճի փոքր ձուլակտորով, որի տակ զոհը պահում էր փաթեթավորման թղթերը, զգաց, որ շփոթված է։ Կինը պառկած էր վաճառասեղանի հետևում` մի ոտքը ծալված, գլուխը շրջված հետ, ծիծաղելի դիրքով, ինչը չարացրեց երիտասարդին։ Նա թոթվեց ուսերը և քիչ էր մնում ասեր. «Դե վե՛ր կաց, ծիծաղելի տեսք ունես»։ Բայց այդ պահին դռան զանգը հնչեց, և ներս մտավ մի աղջիկ` ասելով.
– Կարկատելու բրդյա սև թելի մի կոճ տվեք, խնդրում եմ։
Նա քաղաքավարի պատասխանեց.
– Վերջացել է, վաղը կունենանք։
Աղջիկը դուրս եկավ` խնամքով ծածկելով դուռը, և Լուիսը նկատեց, որ իր մտքով անգամ չէր անցել, որ նա կարող էր մոտենալ վաճառասեղանին, կռանալ, տեսնել…
Երեկոն իջնում էր` մթնեցնելով գրենական պիտույքների ու փերեզակեղենի փոքրիկ խանութը։ Դեռևս նշմարվում էին շարքերով սպիտակ ստվարաթղթերը, որոնց կորոզոյից կոճակներ կամ ժապավենի կծիկներ էին փակցված։ Լուիսը գազի լամպը վառելու համար լուցկին մեքենայորեն քսեց ներբանին, հետո սթափվեց և հանգցրեց ոտքի տակ։ Դիմացի գինեվաճառը միանգամից լուսավորեց իր ամբողջ առաջին հարկը, և, ի հակադրություն, գրենական պիտույքների ու փերեզակեղենի փոքրիկ խանութը մթնեց դեղին լույսով երիզված գիշերվա մեջ։
Լուիսը կրկին թեքվեց վաճառասեղանի վրա։ Անհուն զարմանքով նա համոզվեց, որ իր սիրուհին դեռ այնտեղ էր` ոտքը ծալված, պարանոցը շրջված։ Բացի դրանից մազափնջի նման բարակ ինչ-որ սև բան էր հոսում կնոջ գունատ այտի վրայով։ Նա գետնից վերցրեց քառասունհինգ ֆրանկի մետաղադրամներն ու կեղտոտ թղթադրամները, որ քիչ առաջ այնքան կատաղորեն արհամարել էր, դուրս եկավ, փակեց դուռը, բանալին դրեց գրպանը և գնաց։
Երկու օր նա ապրեց ասես մանկության գրկում, զվարճացավ` դիտելով Սենայի վրայի նավակները և պուրակների դպրոցականներին։ Նա երեխայի նման հրճվում էր և երեխայի նման էլ ձանձրանում։ Լուիսը սպասում էր և չէր կողմնորոշվում. լքե՞լ քաղաքը, թե՞ նախկինի պես տեղավորվել իր խցում։ Շաբաթավճարով վարձած նրա սենյակը դեռ լի էր Փարիզի հուշարձանները պատկերող բացիկների խրձերով, ցատկոտող խաղալիք նապաստակներով և պտղահյութ պատրաստելու մածուկի տուփերով։ Բայց Լուիսը երկու օր ոչինչ չվաճառեց և քնեց մեկ այլ բնակարանում։ Նա վախի զգացում չուներ և լավ էր քնում. օրը նրա համար դյուրին էր անցնում, ծանրաբեռնված միայն այն հաճելի անհամբերությամբ, որ վայելում ես մեծ նավահանգիստներում, երբ զբոսանավում տեղ ես պահել։

Հայկօ
07.09.2008, 03:39
Ոճրագործությունից երկու օր անց նա մյուս օրերի պես թերթ գնեց և կարդաց. X փողոցում սպանվել է վաճառողուհին… Նա բարձրաձայն, հասկացող մարդու տեսքով ասաց` վա՛յ, ուշադիր և դանդաղ կարդաց սպանության մասին հոդվածը, նկատեց, որ հանցագործությունը զոհի «խիստ մեկուսի» ապրելակերպի պատճառով արդեն իսկ համարվում էր «առեղծվածային», և ծալեց թերթը։ Նրա առջև դրած կաթով սուրճը սառում էր։ Բարապանը սուլելով փայլեցնում էր վաճառասեղանը, քիչ հեռու մի ծեր զույգ կրուասանները թաթախում էր տաք կաթի մեջ։ Լուիսը մի պահ ափիբերան մնաց` ապշահար ինքն իրեն հարց տալով, թե ինչու այդ առօրյա բաները հանկարծ իրեն այլևս հարազատ ու հասկանալի չեն։ Նրան թվաց, որ եթե ինչ-որ բան հարցնի ծեր զույգին, նրանք կպատասխանեն տարաշխարհիկ լեզվով, և որ մատուցողը սուլելով նայում էր իր մարմնի միջով` առանց նկատելու իր ներկայությունը։
Նա վեր կացավ, փակեց հաշիվը և գնաց կառամատույց, տոմս գնեց դեպի արվարձաններից մեկը, որի անունը նրան հիշեցնում էր թիասպորտի հետկեսօրյան մրցավազքերը։ Ճանապարհորդության ընթացքում նրան թվում էր, թե գնացքը գրեթե չի աղմկում, իսկ ուղևորները խոսում են կիսաձայն:
«Միգուցե խլանու՞մ եմ»։
Գնացքից իջնելով` Լուիսը գնեց մի երեկոյան լրագիր, կարդաց նույն հոդվածը, որ առավոտյան լրագրում էր և հորանջեց.
«Աստված իմ, ոչ մի առաջընթաց չկա»։
Նա կառամատույցի կողքի փոքրիկ ռեստորանում ճաշեց և տիրոջից հետաքրքրվեց այդ վայրերում աշխատանք գտնելու հնարավորության մասին։ Բայց այդ ձևականությունը կատարեց մեծ դժկամությամբ և իրեն շատ վատ զգաց, երբ ռեստորանի տերը նրան խորհուրդ տվեց այցելել մի ատամնաբույժի, որն ապրում էր մերձակա առանձնատներից մեկում և շատ էր ափսոսում, որ մոտոցիկլետը լվանալու և վիրաբուժական գործիքները եռացնելու համար դեռ երեկ աշխատանքի ընդունված երիտասարդը թողել-գնացել էր։ Չնայած ուշ ժամին, Լուիսը հնչեցրեց ատամնաբույժի դռան զանգը, ներկայացավ որպես մեխանիկական խաղալիքներ պատրաստող, չսակարկեց աշխատավարձի չափը` երկու հարյուր հիսուն ֆրանկ, և նույն երեկոյան պառկեց քնելու ձեղնահարկի փոքրիկ սենյակում, որ պաստառապատված էր մոխրագույն ու կապույտ ծաղիկներով զարդարված այն թղթով, որով ներսից աստառում են էժանագին ճամպրուկները։
Ութ օր նա աշխատեց լաբորատորիայում ոսկրոտ, կարմրահեր, ձիանման ամերիկացի ատամնաբույժի մոտ, որը նրան ոչ մի հարց չէր տալիս և ոտքերը սեղանին դրած` ծխում էր` սպասելով հազվադեպ հաճախորդներին։ Սպիտակ խալաթը հագին` Լուիսը բաց լուսամուտափեղկին հենված մաքուր օդ էր շնչում, և մյուս առանձնատների սպասուհիները ժպտում էին` տեսնելով նրա թուխ, մեղմ դեմքը։
Նա ամեն օր լրագիր էր գնում։ Առաջին էջից արտաքսված «Սպանություն X փողոցում» հոդվածը այժմ հալումաշ էր լինում երկրորդ էջին` գնացքների բախումների և խաբեբեա բախտագուշակների միջև։ Հինգ տող, տասը տող անկիրք հայտնում էին, որ «գաղտնիքը մնում է չբացահայտված»։

Հայկօ
07.09.2008, 03:40
Նոսր անձրևից անուշաբույր, ծիծեռնակների ճիչերով լեցուն մի գարնանային օր Լուիսը ամերիկացի ատամաբույժից մի քիչ փող խնդրեց «սպիտակեղեն գնելու համար», ազատվեց սպիտակ խալաթից և վերադարձավ Փարիզ։ Եվ քանի որ ընդամենը հասարակ, չնչին մարդասպան էր` գնաց ուղիղ դեպի գրենական պիտույքների ու փերեզակեղենի խանութը։ Երկաթե փակ վարագույրի առաջ երեխաներ էին խաղում, և ցեխի մեկ շաբաթվա ցայտերը քարացել էին դռան վրա։ Լուիսը դիմացի մայթով երկար հետուառաջ քայլեց և փողոցը լքեց միայն ուշ գիշերով։
Հաջորդ օրը` մի քիչ ավելի ուշ, ուշադրություն չգրավելու համար, նա հետ եկավ և մյուս երեկոներն էլ` ընթրիքից հետո, երբեմն առանց ընթրելու, հավատարմորեն վերադառնում էր հերթապահության։ Լուիսը զգում էր, որ համակված է տարօրինակ հույսով` նման սիրո խռովքին։ Մի երեկո, երբ կանգ էր առել` հայացքը աստղերին հառելու և խորը հառաչելու համար, մի ձեռք մեղմորեն իջավ նրա ուսին։ Նա փակեց աչքերը և առանց շրջվելու, անզգայացած ու երջանիկ ընկավ իրեն հետևող ոստիկանի ձեռքերի մեջ։
Հարցաքննության ընթացքում Լուիսը խոստովանեց, որ ի սրտե զղջում է հանցագործության համար, բայց այն վայրկյանը, երբ իր ուսին զգաց ազատարար ձեռքը, «փոխհատուցում է ամեն ինչ», և որ ինքն այդ պահը կարող է համեմատել միայն այն ակնթարթի հետ, երբ, ինչպես ասաց, «ճանաչել է սերը»։






Թարգմանել եմ 2003 կամ 2004 թվականին, արդեն լավ չեմ հիշում: Տպագրվել է:

Հայկօ
07.09.2008, 11:12
Սպասում եմ ձեր քննադատությանը:

Mitre
07.09.2008, 11:49
Կարդացի, հավանեցի: Չգիտեմ Կոլետն է լավ գրել, թե դու ես լավ թարգմանել:

Հայկօ
07.09.2008, 13:45
Ես իր լավ գրածը լավ թարգմանել եմ :)) Պախարակեք, է՛լի, մի՛ գովեք: Գովեստները ես լրիվ գիտեմ :)

Sunny Stream
07.09.2008, 22:24
Պախարակեք, է՛լի, մի՛ գովեք: Գովեստները ես լրիվ գիտեմ :)

պա~հ... արհամարհել :P

ինձ դուր եկավ, շնորհակալություն համ թարգմանելու, համ էլ տեղադրելու համար ;)

Հայկօ
07.09.2008, 23:11
ՕԿ :) Լեզուն ո՞նց էր: Հո շատ ճոռոմ չի՞:

Ռուֆուս
08.09.2008, 01:54
ՕԿ :) Լեզուն ո՞նց էր: Հո շատ ճոռոմ չի՞:

Չէ, շատ լավն էր, հեշտ ու սահուն էր կարդացվում, սյուժեն էլ շատ հետաքրքիր էր, մեծ բավականություն ստացա կարդալիս: Ինձանից լավ քննադատ դուրս չի գալիս, կներես :D

Ապրես :)

Հայկօ
08.09.2008, 02:00
Ուրեմն. ինչը արդեն դուրըս չի գալիս.


Դիմացի գինեվաճառը միանգամից լուսավորեց իր ամբողջ առաջին հարկը, և, ի հակադրություն, գրենական պիտույքների ու փերեզակեղենի փոքրիկ խանութը մթնեց դեղին լույսով երիզված գիշերվա մեջ։

Շաբաթավճարով վարձած նրա սենյակը դեռ լի էր Փարիզի հուշարձանները պատկերող բացիկների խրձերով, ցատկոտող խաղալիք նապաստակներով և պտղահյութ պատրաստելու մածուկի տուփերով:

Նա ամեն օր լրագիր էր գնում։

Ուլուանա
08.09.2008, 02:22
Ուրեմն. ինչը արդեն դուրըս չի գալիս.
Դուրդ չեկածները նշելուց հետո լավ կլինի նաև նշես, թե հիմա ինչպես կգրեիր։ :)

Ուլուանա
08.09.2008, 03:02
Էն ասածս ավելորդ «նա»–երի մասին էլ հատ–հատ չեմ նշում, բայց ահագին նկատեցի։


Դեռևս նշմարվում էին շարքերով սպիտակ ստվարաթղթերը, որոնց կորոզոյից կոճակներ կամ ժապավենի կծիկներ էին փակցված։
Իմ կարծիքով, էստեղ ավելի տեղին է «որոնց վրա» ձևը։


Լուիսը սպասում էր և չէր կողմնորոշվում. լքե՞լ քաղաքը, թե՞ նախկինի պես տեղավորվել իր խցում։
«Նախկինի պես» բառակապակցությունն, իմ կարծիքով, այստեղ տեղին չէ։ Ես այսպես կգրեի.
Լուիսը սպասում էր և չէր կողմնորոշվում. լքե՞լ քաղաքը, թե՞ առաջվա պես տեղավորվել իր խցում։
կամ՝
Լուիսը սպասում էր և չէր կողմնորոշվում. լքե՞լ քաղաքը, թե՞ տեղավորվել իր խցում, ինչպես նախկինում։

Իսկ, օրինակ, էս նախադասությունը կարդալիս զգացվում է, որ թարգմանություն է.

...օրը նրա համար դյուրին էր անցնում, ծանրաբեռնված միայն այն հաճելի անհամբերությամբ, որ վայելում ես մեծ նավահանգիստներում, երբ զբոսանավում տեղ ես պահել։
Էս պահին մի քիչ դժվարանում եմ ասել, թե, իմ կարծիքով, ոնց պիտի լիներ, որ համ նույն իմաստը պահպանվեր, համ էլ ավելի բնական ու հայերեն հնչեր, բայց ամեն դեպքում ինչ–որ արհեստականություն զգացվում է... Կամ էլ ուղղակի արդեն շատ եմ սևեռվել, չգիտեմ։ :)) :oy

Էս ամեն ինչն ասում եմ ու միաժամանակ մտածում. բայց երբևէ կարդացե՞լ եմ էնպիսի թարգմանություն, որ մեջը գոնե էսքան անհարթություններ չլինեին։ :D Ճիշտն ասած՝ դժվարանում եմ մտաբերել... :think

Ու էլի խնդրում եմ, որ գրես, թե որ ասածներիս ես համաձայն, որոնց՝ ոչ։

Առայժմ մենակ առաջին գրառումը վերընթերցեցի։ Մնացածն էլ հետո։ ;)