PDA

Դիտել ողջ տարբերակը : Անվերնագիր ...



kiki
09.11.2006, 03:14
Առաջին մաս

Նա քայլում էր փողոցով հենց այնպես: Սիրելի քաղաքը, ինչպես միշտ, հրաշալի տեսք ուներ. աշնանային դեղնականաչակարմրավուն զգեստն իրեն ամենաշատն էր սազում: Նրա շուրջը այգում վազվզող մանուկները մի պահ տարան նրան դեպի մանկություն՝ անհոգ մանկություն, երբ ամեն ինչ վարդագույն ու ծիածանագույն էր, անգամ աշնանը...
Մի քիչ հոգնած էր. վաղուց չէր քայլել, գտավ ամենամոտ ու քիչ թե շատ ապահով նստարանն ու սկսեց հանգիստ հետևել աշնանային այգու անցուդարձին:
Այնքա՜ն էր կարոտել այս դեմքերը, այս ցայտող ջուրը, այս քարուքանդ փողոցները, որոնցից բոլորովին չէր ձանձրանում ու անգամ չէր էլ հագենում երկար նայելուց: «Ի՜նչ է անում կարոտը մարդու հետ ...» : Դեռ մի քանի տարի առաջ, եթե նրան ասեին, որ մի օր կնստի այս այգու նստարաններից մեկին՝ պարզապես խաղացող, վավզող երեխաների աղմկոտ խաղին հետևելու համար, նա պարզապես կծիծաղեր դրա վրա . «Ի՞նչ այգի, ի՞նչ բան ... բա գործե՞րը ... արտասահմանցի գործարարները չեն նստելու ու սպասելու, թե երբ պիտի հայաստանյան գրասենյակը բարեհաճի հաշիվներն ու արդյունքներն ուղարկել ...»:
Նա նստած էր ու նայում էր հանգիստ ու ժպտադեմ ...
- Կարելի՞ է։
Նա շրջվեց ու զարմացած հայացքով նայեց կարմիր ժապավենով, փոքրիկ մարմնով, մի զույգ խոշոր ու աշխույժ աչքերով 4-5 տարեկան փոքրիկին:
- Ի՞նչ...
- Իմ գնդակը ձեր ոտքերի տակ է, կարելի՞ է վերցնել:
- Այո, իհարկե, փոքրի'կ, ես չէի նկատել, վերցրու։
Մի լայն ու անմեղ ժպիտ ստանալով որպես պատասխան՝ նա մտովի տեղափոխվեց անցյալ՝ մեկ այլ աշխարհ, որ լի էր հիշողություններով ՝ անցանկալի հիշողություններով ...
- Բայց ես ուզու'մ եմ ՆՐԱՆ:
- Իսկ ես չե'մ ուզում...կարող ես գնալ այն մեկի մոտ, նա քեզ համար հաստատ կունենա այն, ինչ ուզում ես ...
- Ինձ պետք չի այն ուրիշը, ես քոնն եմ ուզում, ես մերն եմ ուզում...ու դու չես համարձակվի ...
- Այն էլ ինչպե՜ս ...
- Դու իմ իմացած մարդկանցից ամենադաժանն ես: Եթե դու անես դա, ես քեզ կատեմ:
- Ես դրանից այլևս չեմ վախենում:
- Դու անարդարացի ես...ես եմ մեղավոր, ոչ թե ՆԱ ...
- ՆԱ այնքանով է մեղավոր, որ քոնն է:
- Դու խելագարվել ես ...
Քնքուշ մանկական հպումը ետ բերեց նրան դեպի ներկա ...
- Իմ գնդակը էլի ձեզ մոտ հայտնվեց։
- Երևի ես նրան դուր եկա,- ժպտաց նա փոքրիկին:
- Դուք ինձ էլ եք դուր գալիս։
- Անունդ ի՞նչ է, փոքրիկ,- հարցրեց նա՝ մեկնելով գնդակը:
- Աիդա։
- Իսկ քանի՞ տարեկան ես։
- Հինգ ,- ասաց ու փախավ իր ընկերների մոտ։
«Աիդա ... 5 տարեկան ...»։
Նա մի պահ ցնցվեց, ապա վեր կացավ ու արագ քայլելով գնաց դեպի այգու մուտքը:
«Չպետք է գայի ... Ինչպես միշտ, ամեն ինչ սխալ եմ անում ...»:
Տաքսին կանգնեց երևանյան հինգհարկանի շենքի մուտքի մոտ: Դեռ երրորդ հարկի աստիճաններից վերջինին ոտքը չդրած՝ դուռը բացվեց ...
- Ինչու՞ ուշացար, աղջիկս։
- Ի՞նչ իմացար՝ ես եմ։
- Քո ոտնաձայները երբեք չեմ շփոթի ուրիշների հետ,- կարոտի երկու կաթիլ արցունք թափվեց կնոջ փարթամ ու կարմիր այտերին:
- Մայրի'կ, էլ մի սկսիր, լա՞վ, թե չէ հիմա ես էլ կսկսեմ, ու մինչև երեկո չենք վերջացնի,- երկուսի դեմքին էլ ժպիտ առաջացավ:
- Մա'մ, ինձ չե՞ն զանգել։
- Չէ, աղջիկս։
- Դրսի՞ց էլ։
- Դե, չէ՝ ասում եմ,- ձայնը կամաց-կամաց մոտեցավ սենյակին,- լավ մտածիր, աղջիկս, էլ մի գնա, այստեղ լավ առաջարկներ կան ...
- Մամ, էլ մի սկսիր, ես չեմ կարող նրանց թողնել, գեղեցիկ չի լինի...
- Գեղեցիկ չի, որ դու քո կյանքը խորտակեցիր հանուն նրանց ,- արցունքներն էլի հայտնվեցին իրենց մշտական տեղում։
- Մամ, սոված եմ, մի բան կտա՞ս ուտեմ։
- Արի, արդեն տաքացնում եմ,- արցունքակալած աչքերով կինը կրկին գնաց դեպի խոհանոց:

Դռան զանգը հնչում էր խելագարի պես, կարծես պատերազմի ազդանշան լիներ :
- Գալիս եմ, գալիս։
- Տիկին Սոնյա՞, էս չե՞ք ուզում էլի ինձ ներս թողնել։
- Տիգրան ջան, ախր անհամբեր ես, էլի, ինչպես միշտ,- իրեն բնորոշ միամտությամբ ու բարի ժպիտով պատասխանեց տիկին Սոնյան։
- Էս ու՞մ գեղեցկուհին է... գեղեցկուհի, սպորտսմենուհի, իսպանուհի... ու պարզապես լավ աղջիկ։
- Լավ, էլ մի սկսիր շողոքորթ արտահայտություններիդ շարքը, թող մի լավ համբուրեմ իմ ամնենալավ ընկերոջը,- ասաց Նա ու ինչքան ուժ ուներ ամուր գրկեց գեղեցիկ երիտասարդին։
- Հիմա ի՞նչ, էլի սկսելու ես լացե՞լ ... բա քեզ սազե՞ց ... բա գործարար կինը նման բան կանի՞ ... էլ հաստատ հետդ գործարք չեմ կնքելու։
- Թե չէ կոտորվել ես, էլի ,- ծիծաղեց նա՝ արցունքները մաքրելով։
-Է՜, տիկին Սոնյա՞, մենակ դուք էլ չսկսեք էս լացկանի պես ... Մի արի տեսնեմ՝ ինչպես ես, երբ ես գնալու, երբ ես նորից գալու ...

Ջերմ ու հարազատ զրույցը տևեց մի քանի ժամ, բայց նրանք իրենք էլ չնկատեցին դա։ Միայն հարևանի կողմից դռան թակոցը նրանց հիշեցրեց ժամանակի գոյության մասին ...
- Լավ, սիրունս, ես պիտի գնամ, հիմա կինս կսկսի խանդել ...
- էլի սկսեց... ախր քեզ անգիր գիտեմ, հաստատ մի 5 հոգու էս ընթացքում արդեն հասցրել ես խոստում տալ ու ...
- Լավ, շատ բան գիտես, քիչ խոսի, ամեն մեկը քեզ պես ամենագետ չի։
- Ե՞րբ կգաս նորից։
- Չգիտեմ ես երբ կգամ, բայց այսօր երեկոյան մենք իրար հետ տեղ ենք գնալու, կզուգվես կզարդարվես, ու կսպասես մի հմայիչ տղայի, անունը՝ Տիգրան, կգա քեզ փախցնելու։
- Ի՜նչ էլ երազների մեջ ես։ Բա կի՞նդ ...,- ծիծաղեց Նա:
- Դե երբ հետը ծանոթանամ, էս մեր հանդիպման մասին չեմ պատմի։
- Լավ, իսկ ու՞ր ենք գնում։
- Կտեսնես։
- Ասա, գոնե իմանամ՝ ինչպես հագնվեմ։
- Ինչպես ուզում ես. քո բիզնես-հանդիպումներից չի, մենք հասարակ մարդիկ ենք, մենք փողկապ ու սրաճիտ կոշիկներ չունենալու դեպքում էլ ենք ...
- Լավ, էլ մի ... գիտես, որ մեկ է, գնալու եմ։
- Լավ, լավ, բան չեմ ասում ... ուղիղ 9-ին ձեր տանն եմ ...,- ասաց Տիգրանը ու գնաց դեպի դուռը ,- հա, էն էլ ասեմ, որ ոտքով ենք լինելու, ուզում եմ քաղաքը քեզ ցույց տալ։

Երեկոյան Երևանը պարզապես հրաշք է. լույսերի հրավառության ներքո, մեղմ երաժշտության տակ զբոսնող զույգերը մի այլ շուք են տալիս մեր քաղաքին։
- Հիշու՞մ ես այս սրճարանը ...
- Բա չհիշե՞մ...,- մի պահ հետ գնալով՝ Նա ժպտաց,- Տիգրա'ն, գիտե՞ս, երբեմն մտածում եմ. ի՞նչ կլիներ հետս, եթե չգնայի ... եթե մնայի ու ...
- Չկորցնեի՞ր նրան...
- Ես դա նկատի չունեի...ես նրան արդեն կորցրել էի, իմ մեկնելը դրա հետ կապ չուներ։
- Ուներ։
- Եթե էլի ես սկսելու, կարող ենք գնալ արդեն։
- Բայց այդ դու սկսեցիր։
- Տիգրա'ն...
Մի քանի րոպեանոց լռությունը խախտեց փոքրիկ ծաղկավաճառը, որ մի կարմիր վարդ էր մեկնել դեպի Նա։
- Կգնե՞ք։
- Վերցրու'։
- Շնորհակալ եմ, փոքրիկ ... ,-գեղեցիկ ու լայն ժպիտը կրկին հայտնվեց Նրա դեմքին,- դու ինչու՞ ես մենակ այս ուշ ժամին,- կռացավ նա ու համբուրեց տղայի ճակատը, ապա սկսեց շոյել գլուխը։
- Մենակ չեմ, ախպորս հետ եմ ...
- Իսկ դու ... դու... դու.... ,- Նրա գլուխը դանդաղ բարձրացավ ու հայացքը սառեց դեպի կանգառը , որ գտնվում էր մի փողոց այն կողմ ...,- գնա', փոքրիկ, եղբայրդ սպասում է,- կմկմաց Նա՝ առանց աչքերը փարթելու :
- Լա՞վ ես :
- Ըհը ...
Բարձր ու միջին երթուղայինները, տաքսիներն ու արտասահմանյան մեքենաները, մեկը մյուսին հերթ չտալով, անցնում էին Երևանյան կենտրոնական փողոցներից մեկով ... Նրանք կարծես ֆիլմի ժապավեն պտտեին, որ ցուցադրում էր մի հին, բայց չմոռացված ֆիլմ՝ անցյալի ֆիլմը, որը միայն ցավ ու տառապանք էր ցույց տալիս ...
- Քեզ ի՞նչ եղավ, է՜ ։
- Ոչինչ,- սթափվեց նա։
- Ու՞մ ես նայում։
- Ոչ մեկին...
Տիգրանը, որ արդեն վաղուց սկսել էր ուսումնասիրել փողոցի մյուս կողմում գտնվող մարդկանց, այդպես էլ չկարողացավ մի ծանոթ տեսնել :
«Ծանոթ համարներ»,- հանկարծ նկատեց տղան ու շրջվեց դեպի Նա.
- Պարզ է...
- Ի՞նչն է պարզ:
- Ոչինչ, արի գնանք, արդեն ուշ է, մեզ սպասում են:

Դիսկոտեկը մարդաշատ էր: Մի քանի տարի առաջ նման բանի մասին միայն երազել կարելի էր ...
- Երևանյան երիտասարդությունը բավականին առաջադիմել է,- քմծիծաղով ասաց Նա Տիգրանին։
- Ըհը,- արդեն տարված երաժշտությամբ, պարելով ճեղքելով երիտասարդների հոծ բազմությունն ու առաջ գնալով՝ պատասխանեց երիտասարդը ,- Արմանն արդեն այնտեղ է։
- Կոլո՞տը։
- Այո, այո։
- Բա Ամերիկայում չէ՞ր...
- Հետ էկավ, ասում է՝ իմ տեղը չի։
- Գժվել կարելի է...
- Մի տես, է՜, էս ի՜նչ հրաշքի ես բերել մեր կոմպանիա, Տիգրա'ն...Գարեջուրն իմ կողմից։

kiki
09.11.2006, 13:37
Երկրորդ մաս

- Արման, բայց դու չես փոխվում ...
- Ինչի լավ չի՞։
- Շատ լավ է,- ասաց Նա ու ջերմ գրկեց իր մանկական հեքիաթ-անցյալի չարաճճի հերոսներից մեկին։
- Լսի, բայց դու էլ չես փոխվում գիտե՞ս, նույն տիկնիկն ես մնացել...էդ իսպանացիները հո քեզ բան չե՞ն ասում: Գիտես, չէ՞, մի զանգ, ու տեղում ենք...
- Դե գիտեմ, գիտեմ, իհարկե,- պատասխանեց Նա ու տեղավորվեց սեղանին կից հարմարավետ բազմոցին։
- Քեզ, ինչպես միշտ, անանասի հյութ ...
- Բնականաբար։
- Դա՞ էլ չի փոխել ... է՜, սիրուն ջան, դու էլ մեզ պես անուղղելի դուրս եկար ...
Երիտասարդները պարում էին անմոռաց արտասահմանյան քաղցրալեզու կատարողների երգերի արագ ռիթմերի տակ։
- Բայց այստեղ շատ բան է փոխվել,- սեղանի շուրջ մնացել էին միայն Նա ու Տիգրանը:
- Բնականաբար, ամեն ինչ էլ փոխվում է ժամանակի ընթացքում, բացի մեզանից ...
- Շատ բան ինձ դուր չի գալիս։
- Ոչինչ, մեկ է, գնալու ես, չես հասցնի վատ բաները տեսնել։
- Ինչի դրանք շա՞տ են...
- Դե, որ ասեմ... քիչ չեն, բայց հիմա դրա ժամանակը չի, արի ուրախանանք։ Պարե՞նք...
- Չե, ուզում եմ պարզապես նայել, որ հետո համեմատելու բան ունենամ մյուս գալուց։ Դու գնա, ես քեզ էլ եմ ուզում տեսնել, այ ...,- աչքերով սկսեց փնտրել ,- այն գեղեցիկ, բայց միայնակ պարող աղջկա հետ։
- Հըմ ...բայց լավիկն ա, գիտե՞ս,- տղան խժռող հայացքով նայեց գեղեցկադեմ ու նուրբ կազմվածքով հայուհուն, ապա շրջվեց դեպի Նա,- ճաշակս էլ, դե, գիտես, էլի ... ,-ապա համբուրեց Նրա ճակատն ու շարժվեց դեպի խելագարված երիտասարդ ամբոխը։
- Շուտ եմ գալու, չտխրես։
- Գնա՛, գնա՛։
Տեսարանը նրա առաջ շատ էր տարբերվում ցերեկային այգու փոքրիկների՝ ոչ պակաս աշխույժ խաղի տեսարանից, բայց սա նրան պակաս դուր չէր գալիս...
- Հիմա կբերեն անանասդ, չես՞ պարում։
- Չէ, ես կնստեմ, դու գնա, Արման ջան։
- Բայց ինչի՞։
- Դե, ուզում եմ նայել՝ ինչպես են այսօր հայ երիտասարդները պարում։
- Դե, ես հեռու չեմ լինի, քեզ տեսնելու եմ, համ էլ մուտքին հետևեմ, պետք է ընկերս էլ գա ...
- Լա՛վ։
ժամանակը շատ բան է փոխում ...Նրանց երիտասարդ տարիների party-ները, թեև այնքան էլ երկար ժամանակ չի անցել, շատ էին տարբերվում այն ամենից, ինչին նա այժմ նստած հետևում էր ...
«Այսօր նրանք մթություն են սիրում, մինչդեռ մենք սիրում էինք լույսը՝ երևանյան գիշերների լույսը, մենք ազատություն էինք սիրում, մաքուր օդը, պարզապես քայլել էինք սիրում՝ մագնիտոֆոնը ուսներիս, իսկ այսօր ...» ,- մտքերը նրան կրկին տարան դեպի անցյալ ...
- Արդեն ուշ է, գնամ տուն ...
- Բայց դեռ ինն է...
- Դե ես էլ եմ դա ասում, արդեն ուշ է:
- Ես մայրիկիցդ հատուկ ներողություն կխնդրեմ, մի քիչ էլ շրջենք, լա՞վ:
- Չեմ ուզում, գնանք տուն ...չե՞ս ուզում ճանապարհել, ես ինքս կգնամ:
- Բայց ինչու՞ ես միշտ այդքան չոր ու կոպիտ դառնում ... զիջել գաղափարը քո մեջ բացակայում է :
- Հիմա ի՞նչ, գալի՞ս ես ...
- Դե, էդքան համարձակ ես՝ ինքդ էլ գնա :
- Եվ կգնա՛մ ...
Ու ամբողջ ճանապարհին Նա զգում էր, թե ինչպես է երկար ստվերը մեկ հայտնվում, մեկ անհետանում նրա հետևում՝ պաշտպան ստվերը ...
- Ձեր հյութը, օրիորդ։
- Շնորհակալ եմ ,- ժպտաց նա։
- Տիգրանին մի տես, է՞, ինչ կպցնել ա կպցնու՜մ,-վերադարձավ Արմանը:
- Հանգիստ թող նրան ... Մի քիչ քեզանից պատմիր, ինչպե՞ս ես, ինչո՞վ ես զբաղվում... Ասում ես՝ ինչու՞ եկար ԱՄՆ-ից։
- Ապրելու տեղ չէր ... Մերոնք չէին՝ հայերը չէին, կենդանություն չկա մեջները, Ան ջան, ռոբոտներ են՝ իրենց յանիմ օրենքի գերին ... մեր կոպիտ ու բողոքական, բայց հայկական կենդանի հայացքը, դեմքի արտահայտությունը ավելի եմ գերադասում նրանց կեղծ ու միշտ ժպտացող դեմքերից... դե մեր ժպիտն էլ ա ուրիշ, Ան ջան, այ, նայում եմ հիմա դեմքիդ, ու էս քո համեստ ժպտացող հայացքը նրանց հազարի ներկած ու սարքածի հետ չեմ փոխի ... դե, դու հասկանում ես, դու էլ ես այնտեղ ...
- Չէ, Իսպանիան ուրիշ է, մենք նման ենք իրար, Արման ջան ...
- Բայց նույնը չենք, ինչ ուզում ես արա ...
- Հա, դե, ճիշտ ես ... բայց...օտար չեմ զգում ինձ ...
- Իսկապե՞ս։
- Իսկապես: Երևի լավ մարդկանցով եմ շրջապատված, չնայած ... ,- մի պահ լռեց ,-չնայած, ամեն դեպքում, կարոտում եմ...
- Դե ես էլ եմ դա ասում, ավելի լավ ա իմ փոքրիկ անտեր Հայաստանում, քան ... ,-նա կիսատ թողնելով իր խոսքը սկսեց ձեռքի շարժումով կանչել մեկին։
- Ա՛յ շաշ, հիմա տես, չի նկատելու, է՛ ...ու՞ր ...էս կողմ ...վերջապես ...Այ հիմա իմ գործընկերը կգա, ավելի ճիշտ շեֆը ... բայց չասես, որ էդպես եմ ասել, ինձ հում-հում կուտի։
Արմանը վեր կացավ տեղից ու գնաց ընկերոջն ընդառաջ. դա մի 35-ին մոտ բարեկազմ ու լուրջ դեմքով տղամարդ էր, որ կարծես բոլորովին չէր ներգրվում դիսկոտեկային այս տեսարանին ...
- Վերջապե՜ս, ու՞ր ես ...

Esmeralda
09.11.2006, 17:03
Կիկի ջան... կարդացվում է... պարզապես որոշ տեղեր չեմ կարողանում հասկանալ... Այն կարմիր վարդի պահը... ինչ-որ փոքրիկ.. չհասկացա ինչ է կատարվում... այդ մասը կխմբագրե՞ս.. գոնե ինձ համար...

kiki
09.11.2006, 17:07
Երրորդ մաս

Արյունը երակներում կանգ առավ. երկու հայացք մեխվեցին իրար, ու կայծակնային արագությամբ շանթահարեցին ծանոթ սրտերը ...
- Ան ջան, ծանոթացիր, ընկերս է՝ Արկադին: Արկադ, սա Արիանան է, իմ մանկության ու դպրոցական ընկերուհին, դե, ինքը ծնված օրվանից եվրոպացի էր, բայց մեզ համար միշտ էլ Աննա ա եղել ... Տիգրանն էլ են կողմում մեկին կպցնելով ա զբաղված,-ծիծաղելով ու կատակելով՝ նա տեղավորում էր ընկերոջը՝ անգամ չնկատելով այն զգացմունքային քաոսը, որ տիրում էր այդ պահին երկու հոգիներում...
- Սպասեք, գնամ էդ Տիգրանին կանչեմ, երկուսի հետ է արդեն խոսում ... դրա՜ն տեսեք։ Դուք ծանոթացեք, մինչև գամ .... Աննայիս լավ կնայես,- վերջին անգամ կրակեց Արմանը ու կորավ ամբոխի մեջ։
Հինգ րոպեանոց լռությունը անվերջություն թվաց ... Շուրջը կարծես լռեց. ոչ մի ձայն, ոչ մի շարժում... աշխարհը կանգ էր առել, ու միայն երկու սիրտ էր բաբախում ուժգին։
Նա կտրուկ վեր կացավ, արագ ու չնկատելով ոչինչ՝ դուրս վազեց՝ դեպի աստիճանները։
«Ինչի՞ց ես փախչում, հիմա՛ր»։
Թոքերը լցվեցին մաքուր երեկոյան օդով, որը բացակայում էր ներսում, իսկ ուղեղը ողողվեց թարմությամբ։
- Ինչու՞ ես փախչում՝ առանց մի բառ ասելու,- լսվեց հետևից,- դա քո ոճը չի, դու միշտ սիրում ես վերջին խոսքը քեզ թողնել։
Բարեկազմ մարմինը շրջվեց նազանքով, և հանդիպեցին կրկին երկու կարոտով լի, բայց միևնույն ժամանակ սառը հայացքները...
- Ես չեմ փախչում, պարզապես ինձ համար այնտեղ տհաճ էր ...
- Այ հիմա արդեն ճանաչում եմ քեզ։
- Հեգնանքդ քեզ պահիր։
- Չես փոխվել։
- Այն էլ ինչքա՜ն ....էլ այն հիմար ու ջահել աղջիկը չեմ։
- Բայց դու երբեք էլ հիմար չես եղել։
Կրկին լուռ դադար: Երեկոյան քամին, չնայած իր մեղմությանը, բավականին սառն էր. Նա դողում էր, բայց դա միայն քամու մեղքը չէր։
- Կմրսես ,- ասաց երիտասարդը՝ հանելով բաճկոնը ,- հագիր։
- Շնորհակալ եմ, պետք չէ։
- Նույն համառն ու գոռոզն ես։
- Ես գոռոզ երբեք չեմ եղել։
Երիտասարդը ոչինչ չասաց, միայն ժպտաց, ապա մոտեցավ ու գցեց բաճկոնը նրա ուսերին. շատ լավ էր ճանաչում Նրան։
- Քայլե՞նք։
- Ոչ։
- Ինչու՞։ Քեզ ախր դուր չէին գալիս նման տեղերը, դու մաքուր օդ ես միշտ սիրել ու զբոսանք։
- Ես մենակ չեմ եկել այստեղ, հիմա մի քիչ մաքուր օդ կշնչեմ ու կվերադառնամ։
- Նա մեզ կհասկանա։ Նա միշտ էլ մեզ հասկացել է...
- Մեզ չէ, քեզ ... Մի սանրի կտավ եք, իրար միշտ էլ հասկանում եք ...
- Բայց նա ինձ չի օգնում, այլ քեզ։
- Մի ծիծաղեցրու։
- Չեմ էլ ուզում։ Ես այս ամենի հետ կապ չունեմ, հավատա,- կարճ դադարից հետո շարունակեց,- ե՞րբ ես եկել։
- Երեկ չէ առաջի օրը ... և երեք շաբաթից վերադառնում եմ,- շտապեց տեղեկացնել Նա:
- Դե արի, գնանք մի փոքր զբոսնենք ...
- Ես վերադառնում եմ, վերցրու բաճկոնդ ...Շնորհակալ եմ։
- Երեխայություն մի արա ...
- Դու չպետք է ինձ ասես՝ ինչ անեմ,- Նա զգաց իր տոնի կոպտությունը ու խոսքերի հիմարությունը, ինքն էլ զարմացավ, որ այդ խոսքերն իր բերանից հնչեցին, ախր շատ ծիծաղելի ու անհեթեթ էին։
- Ներիր ,- կարճ դադարից հետո արտասանեց Նա։
Այդ բառը մի փոքր շփոթեցրեց երիտասարդին,- պետք չի, այդ դու ինձ ներիր,- մի քանի վայրկյան հետո, - հիմա ի՞նչ ...

**************
Նրանք քայլում էին երեկոյան Երևանով, քայլում էին ու խոսում դեսից-դենից՝ անգամ չնկատելով, թե ինչպես են ժամերը փոխարինում իրար։ Պատմում էին իրենց գործերից. վերջապես երկուսն էլ գործարար մարդիկ են, այնպես որ խոսելու թեմա կա՝ բիզնես ու ֆինանսներ, չնայած երկուսի համար էլ կարևոր չէր, թե ինչ թեմայով են խոսում։ Կարևորը դա չէր։
- Արդեն ուշ է։
- Չէ, դեռ ժամը մեկն է։
- Դե, ես էլ դա եմ ասում, արդեն ուշ է։
Նրանք նայեցին իրար, ու բարձր ծիծաղը տարածվեց շուրջբոլորը։
- Ծանոթ տեսարան։
- Ըհը,- ժպտաց նա իր ամենաանկեղծ ժպիտով՝ մեղմ հայացքով փշաքաղելով Արկադիի ողջ մարմինը։
- Իրոք ուշ է, ես պետք է գնամ։
- Լավ։
Տիկին Սոնյան անակնկալի եկավ, բայց անմիջապես ներս հրավիրեց հյուրին՝ իր ֆիրմային թեյը առաջարկելով: Երիտասարդը քաղաքավարի շնորհակալություն հայտնելով, այնուամենայնիվ, հրաժարվեց ու մի թախծոտ հայացք գցելով՝ հրաժեշտ տվեց.
- Շնորհակալ եմ իմ կյանքի ամենաերջանիկ ու ամենակարևոր երեք ժամի համար։

Esmeralda
09.11.2006, 21:52
Կիկի ջան... համեմատաբար պարզ է... Կսպասեմ շարունակությանը..

kiki
10.11.2006, 15:17
Չորրորդ մաս

- Խոսելու տեղ չունես։
- Բայց ես չեմ էլ խոսում...
-Ան, իմացի, հա՜, ես գաղափար չունեի էդ ամեն ինչի մասին, էդ Տիկոյի ձեռքի գործն էր,- արդեն երրորդ անգամ արդարացավ Արմանը՝ ագահաբար խժռելով տիկին Սոնյայի պատրաստած քաղցրավենիքը։
- Դու էլ սուս, անմեղ ես, հա՞... իբր չգիտեի՞ր՝ ով է գործընկեր կոչվածդ ... չէ, վայ, կներես, շեֆդ,- Նա ինքն էլ չէր հասկանում՝ ինչու էր այդքան բարձր խոսում և այդքան բարկացած ու վրդովված։ Երևի գոռալ էր ուզում, և մի պատճառ էր պետք մեջը կուտակված էներգիան դուրս թափելու համար։ Գլուխը ցավում էր անքնությունից ու երկար արցունք թափելուց. ամբողջ գիշեր աչք չէր փակել, ու անց էր կացրել անցյալից եկած «հյուրերի» հետ։
- Ա՛ն ...
- Ասեցի՝ սուս, խոսելու տեղ չունես։
- Դե լավ, ասեցի՝ չեմ խոսում,- մի երկու վայրկյան հետո ,- բայց մի բան ասեմ ու նոր ոչինչ չխոսեմ, էլի ...
- Ո՛չ։
- Ինչու՞։
- Չգիտեմ։
- Վախենու՞մ ես։
Մի կրակոտ ու բարկացած, բայց միևնույն ժամանակ հոգնած հայացք թռավ տղայի դեմքին։
- Որ բարկանում ես, հետդ խոսել չի լինում։ Դու էլ շուտ կեր-վերջացրու ,- շրջվեց նա դեպի Արմանը...
- Տիգրան ջան, հանգիստ թող Արմանին, դու էլ նստի, մի բան չկերար ախր ... թեյդ էլ սառեց,- փորձեց լարված մթնոլորտը ցրել տիկին Սոնյան,- Արման ջան, դու կեր, մի լսիր, թող կռվեն ինչքան ուզում են։
- Ըհը,- մեկը մյուսի ետևից բլիթներն անհետանում էին Արմանի ափսեից։
- Արման ջան, բա Դավի՞թը։
-Չէ, չի գալիս, տիկին Սոնյա ջան, դա կարճ յուբկաների սիրահար ա։ Հազար ասի՝ հետ արի, էդ կարճ յուբկաներից հիմա Հայաստանում էլ շատ կա։

- Նստի՛ր։
- Չեմ ուզում։
- Անհնար ա քեզ հետ։
- Ինձ առաջին օրը չես ճանաչում։
- Լավ, ես գնամ, միևնույն է, հիմա հետդ խոսել չի լինում, երեկոյան կզանգեմ։ Արման, վեր կաց, հերիք ուտես։
- Մի մտածի, Տիգրան ջան,- երիտասարդներին ճանապարհելիս կամաց շշնջաց տիկին Սոնյան,- դու գիտես՝ քեզ վրա չի բարկանում, պարզապես ....
- Հասկանում եմ, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի: Երեկոյան կզանգեմ։ Առայժմ։
- Տիկին Սոնյա ջան, դուք հրաշք եք, ձեր բլիթներն էլ հետը ... էն թեյից կպահեք, էլի գալու եմ,- ասաց Արմանը՝ արագ-արագ ծամելով վերջին կտորն ու աստիճաններով ցած իջնելով։

*********************
«Ես կխելագարվեմ այսպես։ Ինչու՞, ինչի՞ համար ... ախր ես չէի ուզում ... Դե լավ, էլ մի սկսիր, լավ էլ գիտեիր, որ գալով այստեղ՝ նրան կարող ես տեսնել։ Դեռ կանգառում հասկացար դա... Բայց ախր դա, հնարավոր է, նա չէր, պարզապես նրան նման մեկը ... իսկ ... »։
- Բան չե՞ս ուզում, աղջիկս,- Նրա մտքերի շարքը կտրեց հոգատար մայրը:
- Չէ, մամ, ներս արի։
Նա գրկեց մորն ու երկու իրար սիրող էակներ, անկողնու վրա փաթաթված նստած, ժպտում էին։
- Տիգրանի հետ լավ չվարվեցիր, բալես, էդպես պետք չի, քո մասին մտածելով է արել ախր։
- Գիտեմ, մամ, ու, անկեղծ ասած, իրեն ինչ-որ տեղ շնորհակալ եմ, պարզապես ... պարզապես ինքնասիրությունս թույլ չտվեց նրան դա ասելու։
- Բայց ախր ի՞նչ ինքնասիրություն, մանկուց իրար գիտեք հինգ մատի պես, իրար մտքեր էիք կարդում, մոռացա՞ր։
- Չէ, մամ, չեմ մոռացել, ու հուսով եմ՝ այս անգամ էլ կարողացավ մտքերս կարդալ։
- Հա, աղջիկս, լավ կլինի ամեն ինչ, ավելի լավ է՝ մի քիչ քնես, գիտես՝ չե՞մ նկատել, որ անցած գիշեր աչք չես փակել։
- Լավ, մամ,- լայն ժպտաց նա, նայեց մոր մեղմ ու քնքուշ աչքերին ու համբուրեց բարի ճակատը, այնուհետև կրկին պինդ գրկեց ու շարունակեց,- գիտե՞ս՝ ինչքան էի քեզ կարոտել, ինչքա՜ն էի զգում կարիքդ ...
- Դե էլ մի լացացրու, արդեն լավ կլինի, հետդ կգամ վերջապես, նորմալ կհետևեմ քեզ, թե չէ էդ Եվրոպա կոչվածում արդեն ոսկորդ ու կաշիդ է մնացել, մի նորմալ բան էլ չկա երևի, որ ուտես...
- Մամ, գիտե՞ս, դու հրաշք ես,-արցունքախառը ծիծաղեց Նա։
- Քնի, քնի, վաղը կպարզենք՝ ով է հրաշք, ով՝ չէ ,- մայրը ծածկեց աղջկան, մի ջերմ համբույր նվիրեց ու կամաց փակեց սենյակի դուռը։
Նրա գլխում ու հոգում արդեն ամեն ինչ տակնուվրա էր եղել: Գրկել էր տաք բրդյա վերմակը և լաց էր լինում։ Պարզապես լաց էր լինում՝ անճարությունից, վիրավորանքից ու հիշողություններից ...
Հանկարծ կայծակի նման վեր թռավ տեղից, բացեց պահարանը, հանեց մի տուփ ու սկսեց արագ-արագ փորփրել այն։ Վերջապես անհամար թղթերի ու թղթապանակների մեջ ծոցատետր գտավ ու արագ թերթելով էջերը՝ կանգ առավ մի հեռախոսահամարի վրա:

kiki
10.11.2006, 18:49
Հինգերորդ մաս

- Ալո ...
Լռություն ...
- Ես լսում եմ, խոսեք։
Մարմինը դողում էր, ու հասկանում էր, որ եթե խոսի, ձայնն էլ է դողալու, ու ոչինչ չի կարողանալու արտասանել։
«Ի՜նչ հիմարություն արեցի ... »:
- Դու՞ ես,- հանկարծ լսվեց այն կողմից։
- Բարև ...
- Շնորհակալ եմ։
- Ինչի՞ համար։
- Բարևիդ ... քնքուշ բարևիդ, որ վաղուց չէր շոյել ականջս։
- Դու խենթ ես։
- Դա քեզ համար նորությու՞ն է։
- Ոչ, իհարկե։
Մեկ վայրկյան լռություն ...
- Զանգել եմ, որ ասեմ, որ ...
- Պետք չի, մի ասա ոչինչ ...
- Չասե՞մ՝ ինչի համար եմ զանգել։
- Իսկ քեզ պատճա՞ռ էր պետք զանգելու ... պարզապես ինձ զանգելու համար։ Թե՞ սովորությանդ համաձայն, կարծում ես, որ ինքնասիրությունդ ես ոտնատակ տվել՝ առաջինը զանգելով։
- Ինչպիսի՜ հիմարություն։ Ես պարզապես ...
- Ես ինքս էի քեզ զանգում երկար ժամանակ, բայց զբաղված էր ցույց տալիս։
- Երևի մայրս էլի վատ է դրել լսափողը։
- Երևի։
Մի քանի վայրկյան տևած լռությունը մի հավերժություն թվաց, որի ընթացքում հազարավոր ակնթարթներ անցյալից եկան ու շուրջպար բռնեցին՝ կրկին տակնուվրա անելով նրանց հիշողությունն ու հոգեկան աշխարհը։
- Ես կիսատ եմ առանց քեզ,- լռությանը վերջ տվեց երիտասարդի ձայնը։
Նա լսում էր լուռ, առանց բառ անգամ ասելու, ու միայն արցունքներն էին անձայն թափվում կարմրած այտերին ... Նա կուչ էր եկել վերմակի տակ, ինչպես ցրտահարված փոքրիկ կենդանին, ու դողում էր։
- Առանց քեզ իմ կյանքն իմաստ չունի ... Հիմա կասես՝ ստանդարտ բառեր են, բայց ախր դա այդպես է, ինչպե՞ս ուրիշ բառեր գտնեմ։
Երիտասարդը միայն ծանր շնչառություն ու հևոց էր լսում, ու հասկանում էր, թե ինչ է կատարվում այն կողմում ... նա ինքն էլ էր արտասվում։
- Դու սպանեցիր իմ կեսը՝ գնալով ... Դու ...Ես քեզ համար եմ ապրել։ Ապրել եմ քեզ մի անգամ էլ տեսնելու հույսով ու ... իզուր չէր դա։ Դու իմ կյանքի նպատակն ես ու միշտ ես եղել ... Բայց այդպես էլ չհասկացար դա...
- Այդ դեպքում ինչու՞ ընտրեցիր նրան,- հեկեկաց նա։
- Չեմ ընտրել, ես ընտրելու բան չունեի, ես միայն օգնում էի նրան, նա ... Դու չփորձեցիր անգամ հասկանալ ինձ ...
- Հասկանա՞լ, ամեն ինչ պարզ էր արդեն, դու ... ինչպե՞ս կարող էիր արածներիցդ հետո նայել աչքերիս մեջ, այն աչքերի, որոնց նայելով ինձ հավերժ սեր էիր խոստանում։ Դու պարզապես...
- Նրան բռնաբարել էին...
- Ի՞նչ ...
- Ես երդվել էի, որ դա գաղտնի կմնա իմ ու նրա մեջ, ու անգամ մեզ հարազատ մարդիկ չէին իմանա...ես պարզապես փորձում էի նրան օգնել ... Ես նրա վերջին հույսն էի ...
Այս խոսքերը սառը ցնցուղ էին Նրա համար. քարացել էր, չէր կարողանում շարժվել անգամ:
- Դու միշտ էլ շատ պոռթկուն ես եղել, նույնիսկ չես էլ փորձել խոսել ու պարզել ... կամ հասկանալ ինձ։ Դու ...
- Բայց ի՞նչ պետք է ես անեի՝ լսելով «ես քեզ սիրում եմ, դու իմ կյանքի իմաստն ես, բայց ես պետք է ամուսնանամ նրա հետ» բառերը։
- Բայց դու չփորձեցիր պարզել ու հասկանալ, թե ինչու եմ դա արել։ Քեզ համար կարիերան ավելի կարևոր դուրս եկավ երևի ...
- Հիմարություն։ Դա ինձ համար միայն փախչելու պատրվակ էր։
- Փախչելու՞։ Զգացմունքների՞ց։
- Քեզանից ...քո դավաճանությունից։
- Տեսնու՞մ ես։ Դու նույնն ես մնացել, նույնիսկ հիմա չես փորձում հասկանալ ինձ։
- Նա միշտ էլ քեզ սիրել է։ Ես գիտեի դա շատ վաղուց։
- Դու գիտես, որ ես նրան երբեք չեմ խաբել ու հույս չեմ տվել։
- Նա գիտե՞ր մեր մասին ... Դա պարզապես եսասիրություն էր նրա կողմից, նա խորտակեց մեզ ... և հետո ...
- Ոչ, չգիտեր, ես չհամարձակվեցի ևս մեկ հարված հասցնել, չէր դիմանա ...
- Եվ հետո, ես էլ էի նույն կարգավիճակում։
- Բայց ես չգիտեի ...
- Բայց իմացար ...
- Քո մեկնելուց մի ժամ առաջ միայն... ես անգամ չգիտեի, որ մեկնելու ես,- երիտասարդի բարձր ձայնը կարծես դուրս թռավ լսափողից ու արձագանք գտավ սենյակի պատերին։ Հերթական անգամ լռություն տիրեց ...
- Ինչու՞ չես խոսում,- շարունակեց նա արդեն մեղմ ձայնով։
- Լաց եմ լինում ...
- Ես էլ...
- Ես ինձ կյանքում չեմ ների ...
- Պետք չի, սիրելիս, արդեն ոչինչ չես փոխի...
Հերթական լուռ դադարը ...
- Ինչպե՞ս կարողացար ...
- ի՞նչ ... ,- մաքրեց Նա արցունքները։
- Ինչպե՞ս կարողացար սպանել Նրան ...
- Չկարողացա ...
- Ուրեմն ...
- Չէ, ցավոք ... ես կորցրի նրան, ես դա չէի անի, դրանք պարզապես խոսքեր էին... Ինչպե՞ս կարող էի սպանել քո մասնիկը իմ մեջ ...
- Ես գիտեի ...
- Ես քեզ սպասում էի...ես այդ ամբողջ ընթացքում սպասում էի քեզ ... բայց դու չեկար, երբ այդքա՜ն պետք էիր ինձ...
- Ես աշխատում էի միայն քեզ մոտ գալու համար, բայց ...
- Բայց դու պետք է ընտանիքի հոր դերը տանեիր։
- Բայց դու ամուսնացել էիր ...
- Դա ֆիկտիվ ...
- Գիտեմ, հիմա գիտեմ։

kiki
12.11.2006, 02:18
Վեցերորդ մաս

Նրա աչքերը հոգնած էին հերթական անքուն ու ծանր գիշերից հետո, բայց նա իրեն թեթև ու երջանիկ էր զգում։ Փայլում էր արևի նման։
- Մամ, ես գնում եմ, կաշխատեմ շուտ գալ։
Նա դուրս գնաց։ Աշխարհը կարծես ժպտում էր Նրան, իսկ այգին Նրա համար լցված էր լույսով՝ հավատի ու սպասումի լույսով ... Նա փայլում էր երջանկությունից։ Քայլում էր ու չէր հավատում, որ այդ ինքն է...Քայլում էր ու զգում, որ հիմա սիրտը կպայթի այդ երջանկությունից ... նա թեթև էր փետուրի նման, հոգին ճախրում էր։ Դեռ երբեք այսքան սպասված չէր եղել հանդիպումը։ Նա արդեն վաղուց այդ զգացումը չէր ապրել ու հասցրել էր անգամ մոռանալ, թե որքան չքնաղ է այն։
Սովորական բարևը փոխարինվեց երջանիկ ժպիտներով ու ջերմ գրկախառնությամբ. այդ երկար մեկ րոպեն Նրա կյանքի վերջին հինգ տարիների ամենաերջանիկ պահն էր ... Նա լաց էր լինում երեխայի պես, ինքն էլ չէր հավատում այս ամենին, կարծես երազ լիներ ...
- Ես ուզում եմ քեզ ծանոթացնել մեկի հետ,- քնքշորեն սրբելով Նրա արցունքները՝ սկսեց Արկադին ,- մենք այստեղ երկուսով ենք եկել, ու քեզ ծաղիկ ենք բերել՝ կարմիր վարդ, ինչպես որ սիրում ես,- ասաց նա՝ շրջվելով ու ծնկի գալով ...
Մի չքնաղ ու անմեղ հայացք՝ ձեռքին մի կարմիր վարդ՝ նայում էր Արիանայի աչքերին ... Նա այնքան մեղմ էր ժպտում իր թախծոտ ու կարոտով լի կլորիկ աչիկներով, որ ակամա ցանկություն էր առաջանում գրկել նրան ու ամուր սեղմել կրծքին ...
- Սա Արիանան է , սիրելիս, գնա', մի վախեցիր ... իսկ սա իմ փոքրիկ հրաշքն է՝ Անին...
- Նա ...
- Այո, նա իմ հրեշտակն է ...
Արցունքները անզուսպ, հունից դուրս եկած գետի նման ողողել էին գեղեցիկ ժպիտի մեջ կորած Նրա այտերը ...
- Նա հրաշք է ... ու նման է նրան...
- Գիտեմ: Վերջին անգամ Անիին գրկելիս նա հենց այդ բառերն ասաց՝ «Մենք նման ենք, չէ՞ » ...
- Սա քեզ ենք բերել,- Նրան մեկնելով վարդը՝ ասաց Անին,- պապան ասեց, որ դու վարդ շատ ես սիրում, ես էլ եմ սիրում, համ էլ դու սիրուն ես ...
Սա վերջին կաթիլն էր. Նա ծնկի եկավ, գրկեց փոքրիկին ու ոտքից գլուխ պատեց համբույրներով։

**********************
- Բա փոքրիկին ու՞ր թողեցիք։
- Մայրիկիս մոտ, տիկին Սոնյա,- ասաց Արկադին՝ ավելացնելով,- բայց ձեր թեյը առաջվա նման համեղ է ... չէ, անգամ ավելի համեղ է դարձել։
- Անուշ արա, տղաս ,- ասաց կլորիկ տիկինը՝ մի լայն ու բարի ժպիտ նվիրելով երիտասարդին։
- Դե լավ, տղաս, ես պետք է գնամ արդեն, մեծ կին եմ, հոգնած, առավոտն էլ պիտի շուտ արթնանամ, գնամ քրոջս հետ մի քիչ խոսեմ, վերջապես երեք շաբաթ հետո գնալու եմ, էլ ես ի՞նչ իմանամ՝ երբ եմ տեսնելու ... ինձ կներես, բարի գիշեր ... ,- ասաց տիկին Սոնյան ու աղջկան համբուրելով՝ գնաց իր ննջասենյակը ...
- Բարի գիշեր,- կրկնեց Արկադին՝ ընկնելով մտքեիր մեջ ...
Խոհանոցում կրկին լռություն տիրեց...
- Երեք շաբաթից ...
- Այո ...

kiki
15.11.2006, 00:23
քանի որ այս բաժնում փաստորեն վաղուց մի անվերնագիր ստեղծագործություն կա, ապա անպայամն պետք է էս մեկին գոնե ուրիշ վերնագիր տալ, ինքս ոչինչ չեմ կարողանում ընտրել ...

_________________________________



Յոթերորդ մաս

Նա շրջվեց դեպի Աննան ... նրանք նստած լուռ նայում էին իրար ... Արկադին պարզապես չգիտեր՝ ինչպես պահել զգացմունքները, որ դրանք չպոռթկան, դուրս չթռչեն կրծքից՝ պատառ-պատառ անելով սիրտը : Նա հալվել էր Նրա աչքերի լճում ... երջանիկ էր, բայց միևնույն ժամանակ զգում էր, որ իր կյանքի իմաստը կրկին լքում է իրեն, որ նա կրկին ամեն գիշեր միայն երազելու է նրա մասին ... միայն երազելու ... Հազիվ բարձրացրեց ձեռքը և շոյեց նուրբ ու հարազատ դեմքը։ Այդ թավշյա փափկությանը հպվելուց երիտասարդի մարմինը ցնցվեց, ու արցունքների հերթական տարափը հեղեղեց աչքերը ...
- Ես կմեռնեմ առանց քեզ ... այս անգամ արդեն կմեռնեմ հաստատ...
- Ոչ ... չեմ ուզում ,- շշնջաց Աննան ու երկու կարոտած սրտեր կրկին միաձուլվեցին սիրո համբույրի մեջ...

*******************
Երրորդ գիշերն էր արդեն, որ Աննան աչք չէր փակել... Առավոտը պարզապես հրաշալի էր՝ լի ջերմ աշնանային արևով ու երջանկությամբ: Նրան թվում էր՝ սիրտն այլևս չի դիմանա ու դուրս կթռչի՝ ամբողջ աշխարհին հայտնելով իր երջանկություն լուրը։
Նա շոյում էր Արկադիի դեմքը ու չզսպելով արցունքները՝ ժպտում ու ժպտում։
- Ես սիրում եմ քեզ, գիտե՞ս,- խոսեց երիտասարդը՝ առանց աչքերը բացելու։
- Իրո՞ք,- արցունքախառը ժպիտն աչքերին՝ Նա բարձրացրեց գլուխը :
- Դու հավատու՞մ ես այս ամենին։
- Դժվարությամբ ... կարծես մայրս է՝ արթնացավ ...
- Ես պետք է գնամ արդեն :
- Գիտեմ, բայց չեմ ուզում ...
- Դեռ ամբողջ կյանքներս առջևում է ...
- Գիտեմ, գիտեմ ,- Նա փարվեց նրան այնքան ջերմ ու նուրբ, որքան կարող էր միայն սերը լինել։
Դուռը կամաց բացվեց, ու ծիծաղը հազիվ զսպող երկուսը դուս եկան միջանցք:
- Ես կզանգեմ քեզ։
- Լա՛վ ... դե գնա, մեր հարևանների դռներն ամենամեծ ականջներն ունեն ,- ժպտաց Նա :
- Գնացի, միայն մի համբույր ...
- Ես քեզ սիրում եմ,- արտասանեց Նա, երբ Արկադին արդեն աստիճանների ներքևում էր համարյա։
Երիտասարդը կանգ առավ, դանդաղ շրջվեց ու նայեց նրա աչքերին.
- Սա այն պահն է կյանքում, հանուն որի արժե ծնվել ու ապրել այս կեղտոտ աշխարհում, գեղեցկուհիս։

Նա չէր ուզում անգամ վեր կենալ անկողնուց:
- Արդեն ուշ է, աղջիկս, օրը ճաշ դարձավ, վեր կաց:
- Թող դառնա, մամ ,- ասաց նա՝ լայն ժպտալով,- ինձ համար միևնույն է։
- Քեզ ի՞նչ եղավ ...
- Մա՛մ ...
- Ասա ,- հենց այնպես արտասանեց տիկին Սոնյան ՝ շարունակելով հավաքել սենյակը։
- Մա՛մ, գիտե՞ս՝ ինչ եմ մտածում ... իսկ եթե խա՞չ քաշեմ ամեն ինչի վրա ... Եթե չգնա՞մ ու պարզապես ...,- նա վեր կացավ, հենվեց արմունկի վրա ու նայեց զարմանքից քար կտրած մորը ,- եթե էլ չգնա՞մ, այսինքն՝ չգնանք ...
- Լու՞րջ ես խոսում, աղջիկս,- տիկին Սոնյան մի լավ նստեց անկողնու վրա՝ կարծես վախենալով, որ կարող է ընկնել ...
- ... ես կարող եմ այստեղ որևէ առաջարկ ընդունել, այնտեղ առանց ինձ էլ կկարողանան մի բան անել ... դե, հուսով եմ ...
- Ես գնամ սուրճին նայեմ ,- ասաց տիկին Սոնյան ու արագ գնաց խոհանոց, որտեղ արդեն կարող էր ազատություն տալ իր լավ բարեկամներին, ու սկսեց արագ-արագ , խելագարի նման սրբել գազօջախը, որի վրա ոչ մի սրճաման էլ չկար ու որը բավականին մաքուր էր, չնայած նա դա կարծես չէր նկատում, պարզապես սրբում էր ու սրբում ...

Esmeralda
16.11.2006, 12:43
Կիկի ջան.... մի՞թե չկա շարունակություն... թե՞ պարզապես չես տեղադրում...
Սպասում եմ...
Իսկ վերնագիրը կմտածենք...:)

kiki
16.11.2006, 14:40
Ութերորդ մաս

- Մա՛մ, ես դուրս եմ գալիս։
- Լավ, բայց շատ չուշանաս, Անուշը պիտի գա քեզ տեսնելու։
- Մամ, էլի սկսեցի՞ր։
- Բայց ախր ես ի՞նչ անեմ, իմացել է, համ էլ իմ ընկերուհին է, մի քիչ մեղմ, էլի ...
- Էլի գալու է ու սկսի իր պորտաբույծ տղային վզիս փաթաթելով զբաղվել ...
- Աղջի՛կս ...
- Սու՞տ եմ ասում, մամ։
- էս մի կտորը վերցրու, գոնե ճանապարհին կուտես, լրիվ հալից ընկել ես։
- Սա պայուսակս դիր։
- Սա քո տիկնիկը չի՞։
- Ըհը։
- Ու՞ր ես տանում։
- Տանում եմ նրա նոր տիրուհուն տալու ... Անիին:
- Ե՞րբ կբերես՝ տեսնեմ նրան։
- Կտեսնես մի օր։ Լավ, մամ, դե, գնացի ... ալո ...
- Ի՜նչ հրաշք։
- Դե, էլ մի ... որտե՞ղ ես ,- լայն ժպտաց Նա։
- Մեր տեղում: Սպասում եմ արդեն։
- Հիմա գալիս եմ ... ալո ... ալո ...
- Ի՞նչ եղավ, աղջիկս։
- Հայաստանի հրաշալի հեռախոսային կապը իրեն հիշեցրեց ... դե, գնացի, առայժմ։
Նա իջավ բակ ու կանգնեցրեց առաջին պատահած տաքսին։
- Ու՞ր։
- Շահումյանի արձանի մոտ, հիմա չգիտեմ՝ այդ այգին ու այդ տեղը ինչպես են կոչվում:
- Շատ լավ ,- ժպտաց տարեց վարորդը ու աշխատանքի գցեց իր երկաթյա ընկերոջը :
- Ալո ՞... sí , sí , sí … Hola Senior Vicente ... sí ... gracias … esta bien, esta bien , e tu? ... ahora ?... ok ... sí , sí, yo sé ... yo sé ... yo comprendo , no agito , no agito ... adios...գրո'ղը տանի ... մենք պետք է շրջվենք, ես պետք է բանկ մտնեմ,-դիմեց Նա վարորդին,- հենց այս պահին պետք է հիշեին էդ գրողի տարած փոխանցման մասին :
- Արտասահմանցի՞ եք։
- Չհասկացա ...,- արտասանեց Արիանան ՝ արագ-արագ սեղմելով հեռախոսի կոճակները։
- Ասում եմ՝ արտասահմանու՞մ եք ապրում։
- Այո, շա՞տ է զգացվում։
- Դե այո: Ձեր շարժուձևը, ձեր խոսելաձևը, ձեր հագուստը ... դուք տարբերվում եք այս ստանդարտ ալիքի մեջ...
- Դա լա՞վ է։
- Իհարկե ,- ժպտաց վարորդի դեմքը փոքրիկ հայելու մեջ։
- Դե ՞ ... Ինչու՞ են մարդիկ անհասանելի, երբ պետք են : Ընդհանրապես ինչի՞ համար է ձեր այս բջջային կոչվածը այստեղ, եթե միևնույն է, չես կարողանում զանգել, երբ քեզ պետք է : Իմաստն էլ ո՞րն է ,- ձայնը դողում էր, կարծես հիմա կպայթեր բարկությունից ու վիրավորանքից։
- ճիշտն էլ դու ես անում, աղջիկս։
- Ի՞նչ,- չհասկացավ Նա։
- Ասում եմ՝ ճիշտն էլ դու ես անում, էս քամբախ երկրում ի՞նչ կա, որ մնաք...
- Չէ, հայրիկ, էդպես մի ասեք, եկել եմ, որ մնամ,- ժպտաց նա ու անգամ ինքին իր խոսքերին չհավատաց: Ավելի ճիշտ՝ չէր հավատում, որ դա ինքն է ասում։
- Է, բալես, ստեղ որ մնաս կյանքիդ վերջը տաքսի վարելով պիտի անցկացնես՝ երեք հատ դիպլոմը տան դարակում փոշոտելով։
- Ամեն ինչ լավ կլինի, հայրիկ,- ժպտաց նա՝ նայելով հայելու մեջ երևացող ծեր ու կնճռոտված երկնագույն աչքերին։
- Աստված տա, աղջիկ ջան : Ահա, սա էլ քո բանկը ...
- Շնորհակալ եմ,- ասաց նա՝ իջնելով տաքսուց, ու մտավ մեծ շենքը։
Մի քանի ժամվա աշխատանքը կատարելու ընթացքում նա մի քանի անգամ էլ փորձեց զանգել, բայց ապարդյուն. ոչ տուն էր կարողանում ընկնել, ոչ էլ բջջայինին զանգել։
Վերջապես հասավ այգի, որը բավական մարդաշատ էր , բայց իրենց ծառը կանգնած էր միայնակ.
«Երևի սպասել է, ու հետևիցս եկել»։

Դուռը բացեց տիկին Սոնյան.
- Ու՞ր ես, աղջիկս։
- Իսպանիայից զանգեցին, մամ, Արկադին չի՞ զանգել ...
- Չէ, եկավ այստեղ, հարցրեց՝ ուր ես, խալագարի նման քեզ էր փնտրում, շատ վախեցանք ...
- Ալո, Արկադի՞ ...
- Վերջապես ... որտե՞ղ ես ...

- Դե, սպասում եմ, միայն չուշանաս, լա՞վ ... չէ, ծաղիկ պետք չի, դու քեզ բեր ...
- Գալի՞ս է։
- Ըհը ... ես էլ էդ ընթացքում կհասցնեմ զանգել գրասենյակ։
- Դե, գնամ թեյը դնեմ գազին։
- Հա, մա, գնա, ես մի հատ զանգեմ-վերջացնեմ ... համ էլ նախապատրաստեմ իրենց, որ սկսեն ուրիշին փնտրել։
Կես ժամ հետո լսվեց դռան զանգը :
- Գեղեցկուհի՞,- մեղմ արտասանեց Տիգրանը՝ մտնելով սենյակ։
- Արի, սիրելիս, էս ու՞ր ես կորել,- ներս հրավիրեց նրան Աննան :
- Ես մտնեմ հարևանի տուն, մի կես ժամից կգամ ,- ասաց տիկին Սոնյան ու դուրս գնաց սենյակից։
- Գո՞րծ ես անում :
- Չէ, վերջացրեցի ... Արի նստի։ Պատմի, տեսնեմ :
Տիգրանը մեղմ շոյեց Աննայի մազերը ու տարավ դեպի ետ։
- Ինչպե՞ս են գործերդ։
- Հրաշալի։ Նոր զանգեցի գրասենյակ, ասեցի, որ սկսեն փոխարինող փնտրել։
- Լու՞րջ ես ասում:
- Ըհը։
- Վերջապես խելքի եկար:
- Պարզապես երբ ՆԱ ինձ հետ է, էլ ի՞նչ աշխատանք, ի՞նչ արտասահման... Իսպանիան ինձ համար պարզապես թաքստոց էր, իսկ ես այլևս թաքնվելու կամ փախչելու պատճառ չունեմ: Որ անկեղծ ասեմ, չեմ էլ ունեցել, պարզապես չեմ գիտակցել դա... Լսու՞մ ես ինձ:
- Իհարկե,- ասաց Տիգրանը ու ավելի մոտ նստեց Աննային:
- Ինքս էլ չեմ հավատում, որ Հայաստանում եմ մնալու...այլևս ոչ մի արտասահման...,-նա անդադար ժպտում էր,-մնալու եմ այստեղ՝ ՆՐԱ հետ...լսու՞մ ես:
- Լսում եմ, սիրունս...
- Կարծես մի տեսակ ցրված լինես ... Երեկվա համար ուզում եմ ասել ... Ես չէի ուզում...
- Պետք չէ, սիրելիս, պետք չէ, գիտեմ, քեզ անգիր գիտեմ ,- ժպտաց Տիգրանը տարօրինակ ձևով։
- Լա՞վ ես...
- Հա :
- Ի՞նչ ես անում ...
- Ոչինչ, արի մոտս :
- Տիգրա՞ն ... քեզ ի՞նչ պատահեց ...
- Ոչինչ, պարզապես ուզում եմ գրկել իմ ընկերոջը՝ ամենամտերիմ մարդուն այս կյանքում: Չի՞ կարելի :
- Դե, իհարկե, կարելի է, բայց ինչ-որ տարօրինակ ես երևում ...
- Չէ, սիրունս, նորմալ եմ,- ասաց երիտասարդը ու ամուր, ինչքան ուժ ուներ սեղմեց Նրան իր կրծքին։
- Տիգրան, դու ինձ հիմա կխեղդես ...
- Չեմ խեղդի, սիրունս, ես քեզ շատ եմ սիրում, ո՞նց կարող եմ :
- Տիգրան, թո՛ղ ...

kiki
16.11.2006, 18:31
Իններորդ մաս

- Դու միշտ ուժեղ ես եղել, սիրունս, ու միշտ էլ ուժեղ կլինես ...իսկ ես միշտ կողքիդ կլինեմ ու միշտ կօգնեմ քեզ ...
- Տիգրա՞ն ... Տիգրա՛ն ...
- Հանգիստ, սիրունս, ես քեզ հետ եմ...
- Տիգրա՛ն ... Տիգրան, ասա ... խոսի՛ր ...
- Նա քեզ իր կյանքից շատ էր սիրում ...

Տիգրանը ավելի ամուր սեղմեց Նրան իր կրծքին՝ գլուխը պահելով ձեռքի մեջ ... Աղջկա թուլացած մարմինը գրկելով՝ նա կանչեց տիկին Սոնյային:
- Բան չկա, բան չկա, միայն ջուր բերեք, ուղղակի վատ է զգացել, բան չկա, տիկին Սոնյա, հանգստացեք ...

***************

Հերթական անքուն գիշերն էր...Նա պարկած էր անկողնում միայնակ փակված իր սենյակում ուր մթությունն էր թագավորում...մտքերը ցրվել էին գիշերային երկնքի մթության մեջ, աչքերը՝ հառած մթում կորած առաստաղին, որտեղ միայն տզտզացող ճանճի ստվերն էր շրջում լուսնի լույսի տակ...
Դատարկություն էր... դատարկություն էր շուրջը, ներսում, գլխում...ամեն ինչ դատարկ ու անիմաստ էր...
Նա լուռ էր, կարծես չէր շնչում անգամ...երևանյան մթության մեջ անցյալը կրկին իր ժապավենն էր պտտում ու ստիպում ընկնել թմրեցնող մոռացության գիրկը, երբ մի պահ մոռանում ես անգամ ո՞վ ես, որտե՞ղ ես և ինչու՞...միայն նայում ես ու հիշում...միայն դա է մնում՝ հիշել...
Արցունքնե՞ր...ոչ', չէր լալիս...դրանց քիչ են ու արագ են վերջանում...
-Բալես, քեզ են հարցնում, կվերցնե՞ս...,-դողացող ձայնով կամաց շշնջաց տիկին Սոնյան, և պատսախան ոչինչ չստացավ՝ անգամ օդն էր կանգնել կարծես...,-խոսա բալես, արդեն քանի անգամ խեղճ էրեխան զանգեց, քեզ էր ուզում, բա մեղք չի՞...
Պատասխան կրկին չկար, միայն ճանճի տզտզոցն էր լսվում: Կլորիկ դեմքով տիկինը դուրս եկավ սենյակից ու կամաց փակեց իր ետևից դուռը...
Լռություն էր ու դատարկություն...

.....................

Նա քայլում էր փողոցով հենց այնպես. քայլում էր տանդաղ, առանց շտապելու՝ սառն ու անտարբեր հայացքով նայելով այգում վազվզող մանուկներին...Սիրելի քաղաքը, ինչպես միշտ, հրաշալի տեսք ուներ, բայց Նա դա չէր նկատում: Չէր նկատում նաև թեթև աշնանային անձրևը, որից մյուս մեծերը փորձում էին թաքնվել ծառերի տակ...Շատ էր հոգնել, բայց շարունակում էր քայլել՝ ինքն էլ չգիտեր ուր...Շուրջը աղմկոտ էր ու ցուրտ, բայց լուռ ու դատարկ...Աշնանային թեթև անձրևի կաթիլները կամաց կամաց կաթում էին նրա այտերին՝ տեղավորվելով ու լրացնելով այն կաթիլների տեղը, որ արդեն վաղուց չորացել էին նրա սառած աչքերում, որ ներսից էին կաթում՝ ուղիղ սրտի վրա ու հոգին թեթևացնելու փոխարեն ներսն էին այրում...
Ամեն ինչ կարծես նույնն էր, բայց միևնույն ժամանակ ոչինչ այլևս չկար...

........................

- Լա՞վ ես։
- Ըհը...,- հենց այնպես արտասանեց Նա՝ սառած հայացքը դեպի հեռուն հառած:
- Երբ տեղ հասնեք, զանգ կտաս, լա՞վ,- Տիգրանը շոյեց նրա գլուխը,- անմիջապես ինքնաթիռից իջնելուց հետո... Լսու՞մ ես:
- Ըհը, կզանգեմ անպայման:
- Քեզ լավ կնայես, կողքիդ չեմ լինի, որ հետևեմ քեզ:
- Առաջին անգամը չի, մի անհանգստացիր, արդեն սովոր եմ,- մեղմ ժպտաց Նա:
- Գիտեմ, բայց հիմա արդեն ավելի ուշադիր պիտի լինես քո նկատմամբ, համ էլ մենակ չես արդեն,- ասաց Տիգրանն ու շրջվեց ,- բայց լա՜վ էլ լեզու են գտել իրար հետ,- ժպտաց նա՝ գլխի շարժումով ցույց տալով դեպի այն կողմը, որտեղ խաղում էին Արմանն ու Անին:
- Ըհը...,-անտարբեր ժպտաց նա՝ ջերմ հայացքով նայելով փոքրիկին:
- Լավ կսնվես, այս հինգ ամսվա ընթացքում նորմալ բան չկերար... Չնայած, Տիկին Սոնյան հետդ է լինելու, այդ մի բանի համար հոգ կտանի հաստատ:
- Այն էլ ինչպ~ես...,- ժպտաց Նա, ապա շրջվեց դեպի Տիգրանը,- Շնորհակալ եմ...
- Վերջ տուր:
- Չէ, թող ասեմ... ,-խորը շունչ քաշեց, ապա հավաքելով մտքերը, շարունակեց,-Շնորհակալ եմ ամեն ինչի համար...,- Աննան խոսում էր հանգիստ, բայց միևնույն ժամանակ հուզված ձայնով,- շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում, որ այդպիսին ես, որ միշտ կողքիս ես եղել կյանքիս ամենակարևոր ու ամենածանր պահերին...
- Ու միշտ էլ կլինեմ, երբեք դա չմոռանաս ... Դա առաջին հերթին ինձ է պետք, սիրելիս: Ես դա ինձ համար եմ անում:
Կարճ դադարից հետո.
- Տիգրան, ներիր ինձ...
- Ինչի՞ համար:
- Ամեն ինչի... Նրա համար, որ չեմ կարող քեզ տալ այն, ինչին արժանի ես:
- Վերջ տուր,- երիտասարդը խոր հոգոց հանեց, ապա վեր կացավ տեղից,- արդեն ձեր թռիչքի ժամանակն է, մոտ գնանք,- սկսեց վերցնել պայուսակները,- որտե՞ղ է այն մեծը...
- Տիգրա'ն...
-Լսում եմ:
- Ինչի՞ համար... Խնդրում եմ, ասա ինձ միայն այդ մի հարցի պատասխանը՝ ինչու՞...
- Կյանքն է այդպիսին, սիրելիս, դաժան է պարզապես... բայց դու պետք է ուժեղ լինես ու նրա մասին մտածես։
Արիանան մեկ անգամ էլ նայեց Անիին, որն Արմանի հետ անհոգ վազում էր օդանավակայանի լայն սրահում: Արցունքները կամաց-կամաց սկսեցին գլորվել Նրա աչքերից:

- Մայրի՛կ։
- Ասա, սիրելիս։
-Ինչու՞ էիր գնացել։
- Աշխատելու։ Այնտեղ աշխատում էի:
- Ինչի՞ համար։
- Քեզ համար, հրեշտակս։
- Բա ինձ չէի՞ր կարոտում։
- Իհարկե, կարոտում էի։
- Ինչու՞ ես լաց լինում։
- Քեզ շատ սիրելուց է, Անի ջան։
- Ես էլ եմ քեզ շատ սիրում, բայց լաց չեմ լինում։
Նա ժպտաց, ապա նայեց դիմացի տղամարդուն։
- Դեռ շա՞տ կա։
- Մեկն էլ,- պատասխանեց խռպոտ ձայնը։
- Մա՜մ։
- Լսում եմ, սիրունս։
- Պապան շու՞տ կգա։
- Կախված է գործերից, անուշս, երևի։
- Մենք ամեն օր քո մասին էինք խոսում։
- Իրո՞ք ...
- Ըհը ... քո նկարն էինք նայում, ու պապան պատմում էր քո մասին ...
Նա համբուրեց փոքրիկի ճակատը ու կրկին հայացք գցեց գեր տղամարդու վրա։
- Միգուցե հերթ տաք կնո՞ջը ,- իր խռպոտ ձայնը բարձրացրեց բարկացած տղամարդը ու դիմեց Նրան.
- Արիանա Հայրապետյան, եկեք մոտ,- ապա նայեց փոքրիկին.
- Աղջկա հե՞տ եք։
- Եվ մայրիկիս,- ասաց Նա ու ձեռքով նշան արեց տիկին Սոնյային։
- Բարև ձեզ,- հանգիստ, բայց տխուր ժպտաց տիկին Սոնյան։
- Փոքրիկի փաստաթղթերը, խնդրեմ:
- Ահա:
Կարճատև աշխատանքն ավարտելուց հետո խռպոտ ձայնը ևս մեկ անգամ հնչեց.
- Աշխարհի վերջը չի, բոլորիդ էլ հերթ կհասնի: Միգուցե նախ ճանապարհ տաք անցնելու այս հղի կնո՞ջը ...
- Շնորհակալ եմ,- մեղմ ու բարի, բայց միևնույն ժամանակ տխուր ժպտաց Աննան։
- Բարի ճանապարհ։ Բայց մի մոռացեք այս մի բուռ հողի մասին այնտեղ՝ Եվրոպայում, տիկին...
- Իմ սիրտն է այստեղ մնում, պարոն, իսկ իր սրտի տեղը մարդը միշտ գիտի ու հիշում է:

- Անի ջան, ձեռքով արա Տիգրանին ու Արմանին, տես, ա՜յ այնտեղ են,- ասաց Նա փոքրիկին, երբ արդեն դեպի վեր տանող շարժասանդուղքի վրա էին:
- Աղջիկս, լա՞վ ես,- կարծես ինքն իր հարցից վախեցած՝ Նրան նայեց տիկին Սոնյան։
- Շատ ... շատ, մամ,- արցունքները չզսպելով՝ Նա շոյում էր Անիի գլուխը,- երբեք այսքան երջանիկ չեմ հեռացել այստեղից:

Esmeralda
16.11.2006, 21:09
Փաստորեն միասին տեղափոխվեցին արտասահմա՞ն... թե՞ սխալ եմ հասկացել... անկեղծ ասած, այս վերջին մասը մի քիչ անհասկանալի էր...
Բայց եզրակացրեցի դա...
Ընդհանւր իմաստ լավն էր:)
Հետաքրքիր կարդում էի...
Էլի գրի... :) կկարդամ

kiki
16.11.2006, 21:37
Էսմերալդա ջան, սխալ ես հասկացել, իրականում տղան մահացել էր, այն օրը, երբ Տիգրանը եկավ Աննայի մոտ, նա հենց այդ վատ լուրը հայտնեց, իսկ մի քանի ամիս անց նա իր մոր ու Անիի հետ, և մեկ էլ կրծքի տակ ուենցած փոքրիկի վերադարձավ արտասահման, քանի որ տղան արդեն մահացել էր, իսկ մինչ այդ նա որոշել էր այլևս չհեռանալ ...

Lionne_en_Chasse
16.11.2006, 23:47
Է՜հ... ինչ տխուր ավարտվեց :(
Կիսատ-պռատ երջանկություն...
Կիկի ջան շատ հետաքրքիր էր, թեթև էլ կարդացվում էր, բոլոր տեսարանները աչքերիս առաջ էին գալիս: Կարծես ֆիլմ նայելուց լինեի: Ես միանգամից հասկացա, որ տղան մահացել է, բայց էտ պահը կարող էիր ավելի մանրամասը գրել

Esmeralda
17.11.2006, 00:25
Էսմերալդա ջան, սխալ ես հասկացել, իրականում տղան մահացել էր, այն օրը, երբ Տիգրանը եկավ Աննայի մոտ, նա հենց այդ վատ լուրը հայտնեց, իսկ մի քանի ամիս անց նա իր մոր ու Անիի հետ, և մեկ էլ կրծքի տակ ուենցած փոքրիկի վերադարձավ արտասահման, քանի որ տղան արդեն մահացել էր, իսկ մինչ այդ նա որոշել էր այլևս չհեռանալ ...
:o :o :o :cry :cry
Բայց ինչից մահացավ... ես էլ ինձ հույս էի տալիս... մտածում էի, թե տղան արդեն այնտեղ է...

Գոռ Ջան - Հայ
20.11.2006, 19:35
Հրաշք ստեղծագործություն է, հարգանքներս, իմ արև խոսքեր չկա, դուրս շատ եկավ...

Ուլուանա
20.11.2006, 20:02
Հա, տխուր էր... էնքան էի սպասում, որ վերջապես գտնեն իրենց երկար սպասված երջանկությունը, էն էլ... այդպիսի դժբախտություն։ :cry

Բայց շատ լավ ես գրել, ապրես։ :)

kiki
15.12.2006, 01:39
Ես միանգամից հասկացա, որ տղան մահացել է, բայց էտ պահը կարող էիր ավելի մանրամասը գրել
գիտեմ, ինչ որ տեղ էլ դիտմամբ եմ այդպես արել, սիրում եմ երբ կարդացողն է գլխի ընկնում շատ բաներ ... այ օրինակ այն, որ մի քանի ամիս արդեն անցել է, ու աղջիկը արդեն հղի է ու վերադառնում է, դա էլ ցայտուն չեմ ներկայացրել, թողնելով կարդացողին:)

Հայ, շնորհակալ եմ:)

հիմա ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Arm_Lionne-ին ՝ իսպաներեն հատվածը, և Ուլուանային ՝ ամբողջ պատմվածքը խմբագրելու համար: հուսով եմ շուտով խմբագրած տարբերակը կդնենք այստեղ, թե չէ ամեն անգամ կարդալուց մի նոր վրիպակ եմ գտնում:)

հ.գ.փաստորեն վերնագրի առաջարկներ այդպես էլ չեղան...ափսոս, ես էլ հույսը դրել էի ձեզ վրա:)

StrangeLittleGirl
15.12.2006, 02:18
Հազիվ ժամանակ գտա, որ կարդամ:


գիտեմ, ինչ որ տեղ էլ դիտմամբ եմ այդպես արել, սիրում եմ երբ կարդացողն է գլխի ընկնում շատ բաներ ... այ օրինակ այն, որ մի քանի ամիս արդեն անցել է, ու աղջիկը արդեն հղի է ու վերադառնում է, դա էլ ցայտուն չեմ ներկայացրել, թողնելով կարդացողին
Ճիշտն ասած, ինձ թվաց, թե Տիգրանն է սպանել :D

kiki
15.12.2006, 02:53
Ճիշտն ասած, ինձ թվաց, թե Տիգրանն է սպանել
լու՞րջ:)
իրականում ես էդ տեսարանը մի քիչ հատուկ եմ նման ձևով գրել, որ կարդալուց սկզբում տարբեր մտքեր լինեն, բայց որ նման միտք կարող է առաջանալ, չէի մտածում:)))

StrangeLittleGirl
15.12.2006, 03:42
դե եսի՞մ
հենց սկզբից էդ Տիգրանն անհույս սիրահարվածի տպավորություն էր թողնում

Ուլուանա
15.12.2006, 12:42
դե եսի՞մ
հենց սկզբից էդ Տիգրանն անհույս սիրահարվածի տպավորություն էր թողնում
Հա, ինձ վրա էլ էր այդպիսի տպավորություն թողնում, իսկ Արկադիի մահվան լուրը հայտնելու տեսարանը շատ կասկածելի էր, ու ես կարծեցի, թե ուր որ է սիրո խոտովանություն է անելու Ադրիանային... :oy
Բայց, ամեն դեպքում, շատ բնական էիր նկարագրել։ :)

kiki
15.12.2006, 13:03
հա, ճիշտ եք նկատել, իրականում Տիգրանը անհույս սիրահարված էր:)

Srtik
14.01.2007, 05:41
Շատ լավն էր ու հետաքրքիր: Մենակ չեմ կարողանում պատկերացնել, թե Արկադին ինչու մահացավ...:(

kiki
16.02.2007, 01:08
Narinik ջան, դե կյանքը դաժան է, երբեմն այդպես էլ է պատահում;)...

CactuSoul
16.02.2007, 15:44
Ճիշտն ասած, ինձ թվաց, թե Տիգրանն է սպանել :D
Իսկ ինձ սկզբում թվում էր, թե Տիգրանի մտքով հանկարծ անցել է բռնաբարել հերոսուհուն:oy :D … Հետո նորից կարդացի, նոր հասկացա, թե ինչն-ինչոց ա: Բայց Արկադին շատ արագ ու անիմաստ մահացավ:think … Մինչև այդ պահը ամեն ինչ արտակարգ էր: Դրանից հետո էլ լավ էիր գրել… Բայց այդ պահը… չգիտեմ, մի տեսակ շատ էր հապճեպ, ոնց որ չկարողանաս մարսել, լուրջ չես ընդունում կատարվածն, էլի…
Չգիտեմ՝ կարողացա՞ արդյոք բացատրել, թե ինչ էր միտքս, դե բայց:) :

Բայց, իրոք, չափփփից դուրս լավ ես գրում:love … Խոսքեր չկան…
Իսկ որոշ մասերում հազիվ էի ինձ զսպում, որ լաց չլինեմ… Դե, աշխատավայրում անհարմար ա:oy … Շատ բնական ես գրում ու պատկերավոր: Ապրես:good :

Ավելացվել է 9 րոպե անց
Հատկապես այս հեռախոսազրույցը.

-ալո ...
լռություն ...
-ես լսում եմ, խոսեք ...
մարմինը դողում էր, ու հասկանում էր որ եթե խոսի, ձայնն էլ է դողալու ու ոչինչ չի կարողանալու արտասանել ...
«Ինչ հիմարություն արեցի ... » :
-դու՞ ես,-հանկարծ լսվեց այն կողմից ...
-բարև ...
-շնորհակալ եմ...
-ինչի՞ համար...
..................................
և այլն
Չես պատկերացնի՝ ինչքան լավ եմ զգում այդ պահը:love … ****************…

Հ.Գ.
Վատ ա:think . բառերը չեն հերիքում:think …

Հ.Հ.Գ.
Էլի գրի, Kiki ջաա՜ան:love :kiss :love …

Ուլուանա
16.02.2007, 16:02
Իսկ ինձ սկզբում թվում էր, թե Տիգրանի մտքով հանկարծ անցել է բռնաբարել հերոսուհուն:oy :D … Հետո նորից կարդացի, նոր հասկացա, թե ինչն-ինչոց ա:
Հետաքրքիր է, Արկադիի մահվան մասին ասելու «նախապատրաստական աշխատանքը» ինձ էլ նման մի բան հիշեցրեց... :oy Ինձ թվաց, թե Տիգրանն ի վերջո իր մեջ համարձակություն է գտել «դրսևորելու» երկար տարիներ թաքցրած իր սերը Ադրիանայի նկատմամբ :D

Angelina
16.02.2007, 16:12
Շատ լավն էր ու հետաքրքիր: Մենակ չեմ կարողանում պատկերացնել, թե Արկադին ինչու մահացավ...:(
Ես էլ՞:

kiki
16.02.2007, 21:32
|Շնորհակալ եմ CactuSoul ջան, հիմա նոր պատմվածք եմ սկսել, բայց ժամանակ չի լինում երկար վրան աշխատելու...:(

Իսկ ինձ սկզբում թվում էր, թե Տիգրանի մտքով հանկարծ անցել է բռնաբարել հերոսուհուն:oy :D … Հետո նորից կարդացի, նոր հասկացա, թե ինչն-ինչոց ա: …
ես հենց դա էլ ուզում էի, վերջապես մեկն ասեց...ես հենց այդ նպատակով էլ այդպես եմ տեսարանը նկարագրել...:P

kiki
16.02.2007, 22:41
Անահիտ ջան, այ հիմա էդ տեսարանը կարդացի ու զգացի որ մի բան պակաս է, դե ես ավելացրել էի չէ՞ մի մաս էն խմբագրած տարբերակում...մի խոսքով, եթե կարող ես տեղադրի էլի , կամ եթե շատ ես զբաղված կարող եմ մյուսներին խնդրել:)...

հա, մոռացա ասել Արկադիի մահվան մասին...ճիշտ եք, շատ կարճ եմ գրել ու շատ արագ, պարզապես կյանքում ամեն մի դժբախտություն այդպես արագ է լինում...այսինքն, մարդ չի էլ նկատում, հետո հիշում է ու հասկանում որ դա ակնթարթի էր նման՝ ահավոր ակնթարթի...մի խոսքով, հուսով եմ հասկացաք ինչ եմ ուզում ասել...

CactuSoul
17.02.2007, 11:52
Արկադիի մահվան մասին...ճիշտ եք, շատ կարճ եմ գրել ու շատ արագ, պարզապես կյանքում ամեն մի դժբախտություն այդպես արագ է լինում...այսինքն, մարդ չի էլ նկատում, հետո հիշում է ու հասկանում որ դա ակնթարթի էր նման՝ ահավոր ակնթարթի...
Բայց, կարծում եմ, որ այդ ակնթարթի ահավորությունն այնպիսին է, որ արժեր մի քիչ ավելի երկար նկարագրել: Չէ՞ որ դժբախտությունն է արագ վրա հասնում, բայց դրանից մնացած հետևանքները երկար են ձգվում… Որ քիչ ես գրում, ոնց որ մարդ լավ «չմարսի» այդ պահը;) : Կարծես թե այդ մահը դառնում է ընդամենը սյուժեի մաս ու ոչինչ ավելի… Բայց այդպես չպիտի լինի: Դա պիտի ապրվի, ինչպես մնացած բոլոր իրադարձությունները… Չգիտեմ, գուցե պետք էր, ասենք, Ադրիանայի՝ այդ պահին զգացածի մասին գրել ավելի մանրամասն…
Լավ, շատ զավզակեցի:) :

Անհամբեր սպասելու եմ նոր ստեղծագործություններիդ:kiss :

kiki
17.02.2007, 19:11
չէ, լավ է որ ասում ես...ուրեմն կարելի է մտածել այդ մասին, եթե ստեղծագործելս բռնի, մեկ էլ տեսար մի քիչ մանրացնեմ...;)...դե հիմա թող դեռ էդպես մնա..

kiki
25.02.2007, 03:57
Ժողովուրդ, թարմացրեցի ու , չնայած չեմ սիրում փոխել գրածը , բայց մի հատված էլ ավելացրեցի, հիմա կարծես շատ կտրուկ չի վերջաբանը...
համ էլ ասեցի այն, ինչ ուզում էի , բայց չգիտեի որ մի հատվածում ասել...

Գոռ Ջան - Հայ
03.03.2007, 20:45
Շատ լավա: Հիմա ավելի ազդեցիկա ստացվել վերջը, ավելի ավարտուն ու սահուն:
Սենց ավելի տպավորիչա , զգացմունքային:

ՄԻ խոսքով ինձ շատա ուր գալիս, ապրես::ok