PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես քնեցի լուսադեմին...



Ծով
26.08.2008, 15:09
/իրականի ու անիրականի սահմանում/

ՄԻ օր ամեն ինչ կավարտվի ու ես չեմ էլ հիշի քեզ։ Ես քեզ հաստատ չեմ հիշելու։ Դա տարօրինակ մի սովորություն է։ Ես մարդկանց շուտ եմ մոռանում։ Նրանք ինձ համար ընդամենը օրացույցի էջեր են։
«Ես այլևս ոչինչ չունեմ»,- նա կարող էր և այսպես ասել, համենայնդեպս իմ դեպքում դա միանգամայն հնարավոր կլիներ...Նա դեռ ապրում է...ապրում է հենց այնպես, գուցե որովհետև մեռնելու մեջ իմաստ չի գտնում։ «Ապրելու մեջ գոնե իմաստ կա»,-մի օր ասաց,- «ապրելու մեջ դու հաստատ գիտես, որ մի օր մեռնելու ես...անորոշ է մահը..նա քեզ ոչինչ չի խոստանում...Կյանքը գոնե մահ հաստատ որ խոստանում է»։
Ես քնեցի լուսադեմին։ Հրաշալի բան էր արհամարհել առավոտը և փոխարենը մի ամբողջ գիշերը պաշտել լռության ու մենության ներդաշնակության մեջ։
Առաջվա նման չէին այդ գիշերները։ Դրանք միայն իմը չէին։ Ես կիսում էի դրանք հարյուր հազարավոր մարդկանց հետ։ Ես կիսում էի գաղափարների, նպատակների, սկզբունքների համար։ Ես դրանք չէի դիտում իբրև երազների ժամ։ Ես միայն մի բան կարող եմ ասել. այդ գիշերները մեզանից ոչ ոք խլելու իրավունք չուներ։ Չէ...այդ պատճառով չէր, որ լուսադեմին ամեն ինչ եղավ...ես լույսը դրա համար չէ, որ չեմ սիրում...խնդիրն այն է, որ լույսի հետ տարածվում է մի գարշելի աղմուկ...խնդիրն այն է, որ լույսի հետ ամեն ինչ ավելի աղոտ է դառնում։
Ես չգիտեի, որ այդ առավոտյան պիտի արթուն լինել...ավելի, քան արթուն...ավելի արթուն, քան որևէ մեկը։ Հետո մնում էր հիշել այն մարդկանց, ովքեր մեր շուրջն էին։ Հետո ես նրանց էլի գտա, բայց նրանք արդեն փոխվել էին։ Նրանք ասես որոշած լինեին այլևս երբեք չքնել...
Էհեյ, մտքերդ այդ ու՞ր գնացին, սա քեզ ինչ-որ բան հիշեցնու՞մ է...գուցե...ես տանում եմ այնտեղ, որտեղ ամեն ինչ կանգ է առնում..ես այս անգամ այսպես եմ որոշել...ԵՍ ուզում եմ, որ ընթացքդ գնահատելու համար դու մի քիչ կանգ առնես, իսկ մինչ այդ թույլ տուր գլուխդ տանել այն ամենով, ինչ կա իմ գլխում։ Ես նկատի ունեմ՝ ես ունեմ մի կարգին խառնաշփոթ, որից դու հաստատ գլուխ կհանես...
-Բարև Լու՛յս, լսի՛ր քեզ կարևոր մի բան ունեմ ասելու, դու պիտի շտապ տեսնես ինձ...ես հիմա այնտեղ եմ, որտեղ մենք միշտ հանդիպում ենք...միայն թե ուշադի՛ր, ոչ ոքի չասես,որ ինձ մոտ ես գալիս...հատկապես մայրիկին..դե խոստացի՛ր..
-Դու հիմա այնտե՞ղ ես...
-Հա, հենց հիմա և դեռ մի քանի ժամ այստեղ եմ լինելու, շուտ արի՛, սպասում եմ..
-Լավ...
Տարօրինակ էր..այդ ճեպազրույցն ինձ այնքան էլ դուր չեկավ, բայց ես մեծ անհանգստություն էլ չունեցա...մի տեսակ ամեն ինչ սառել էր այն մեկ շաբաթյա մղձավանջից հետո, որ ապրել էինք ես ու եղբայրս ամեն ինչ շատ սովորական էր դարձել։ Եթե անգամ այդ րոպեին Նարեկն ինձ ասեր, որ իր կյանքին ասենք վտանգ է սպառնում, ինձ թվում է ես նույնպիսի սառնությամբ կընդունեի այդ լուրը...
Մենք սկսել էինք լսել, բայց ոչինչ չընկալել..չգիտեմ, թե հատկապես ինչն էր փոխվել...
Դե իհարկե ինձ շտապ այնտեղ գնալ չհաջողվեց։ Նախ հարկավոր էր հարմար մի բան հորինել, քանի որ տարօրինակ զուգադիպությամբ ես հենց այդ զանգից մի քանի վայրկյան առաջ էի հայտարարել, որ ուզում եմ ողջ օրը տանը մնալ ու մի քիչ հանգստանալ։ Հետո Նարեկն արդեն մի քանի օր է, ինչ տուն չէր եկել, նա միայն զգուշացրել էր, որ մի քանի օր չի գալու, բայց թե որտեղ էր, չգիտեի։ Ասենք, ենթադրում էի, բայց դա էլ գաղտնքիի պես մի բան է...
Հիմա չեմ էլ հիշում, թե ինչ հորինեցի.. իրականում մայրս էլ բավականաչափ անտարբեր էր դարձել և հավանաբար մի քանի վայրկյան առաջ արած հայտարարությունս նա չէր էլ լսել։ Նարեկին ես վաղուց էի ճանաչում, ամենավաղ մանկությունից։ Այդպես երևի լինում է...ինչ-որ բանի ամենավաղը...մի քիչ տարօրինակ է հնչում, բայց Նարեկին երևի ծնվածս օրվանից անընդհատ կարոտում էի...
Եթե նա ինձանից հեռու էր լինում, ապա իմ մտքերում էր շարունակ։ Եթե մենք որևէ մի տեղ միասին էինք գնում, ապա կարող էր պատահել, որ ես տարվեի ինչ-որ մեկի հետ ինչ-որ խոսակցությամբ և նրան նույնիսկ մոռանայի։
Մենք անասելի կապվածություն էինք զգում միմյանց հանդեպ, բայց դա սեր անվանել չէր կարելի...
Մենք իսկապես միմյանց համար չէինք. շարունակ վիճում էինք, գրեթե երբեք ընդհանուր հայտարարի չէինք գալիս, բայց եթե հանկարծ որևէ լավ կամ վատ մի բան էր պատահում ապա անպայման առաջինը միմյանց էինք հայտնում։
Նա շատ թարմ տեսք ուներ և բոլորովին էլ խուճապահար չէր, ինչպես այնուամենայնիվ թվացել էր հեռախոսով։ Նրան տեսնելուն պես ես սկսեցի ծիծաղել...
-Հն, ի՞նչ է, ես այդքան ծիծաղելի տեսք ունեմ,-սովորության համաձայն նա համբուրեց ճակատս...
-Դե ոչ, բայց եթե դու այդքան ուզում էիր ինձ տեսնել, կարիք չկար ձայնին հատուկ երանգավորում տալ...
-Լու՛յս, դու ինչ-որ բան մոռացել ես, հրա՛շքս, և դա ավելի սարսափելի է, քան իմ ձայնը հեռախոսով..
-Իհարկե...ես մոռացա սանրել մազերս, այնքան շտապեցի...
-Էհ՜յ, այսօր իմ ծննդյան օրն է, արի քեզ շնորհավորեմ
-Ինչպե՞ս..այսօր ի՞նչ օր է...անհնար է...
-Միանգամայն հնարավոր է...դու կարծեմ օրերի հետ չունես..
-Հմմմ, ես ուրախ եմ, որ դու ծնվել ես..այն էլ այսօր, երբ ուրախանալու համարյա բան չկա
-Գուցե համբուրե՞ս...
-Հա, իհարկե..դե հիշեցրու՛ էլի..
-Որոշել եմ քեզ հետ նշել ծնունդս, ուրիշ ոչ ոք ինձ այսօր պետք չէ...
-Իսկ Մերի՞ն, Ամալիան, Սաթենիկն ու Քրիստը...
Ի՜նչ հիմարություն..ես այն ժամանակ մոռացա նույնիսկ, որ ամենակարևոր մարդը՝ Նարեկի մայրը, սրտատրոփ սպասում էր որդուն, որ շնորհավորի…
-Եթե ուզում ես, նրանց էլ կկանչենք
-Չէ...ոչ..դու գիտես՝ես նրանց տանել չեմ կարողանում..
-Լու՛յս,- ես շատ տխուր եմ, շա՜տ, դու պետք է օգնես ինձ...իմ հոգում սարսափելի մի խառնաշփոթ է, ես մոռանալ չեմ կարողանում։ Նա անընդհատ ինձ այցելում է...իմ երազներում...նա անընդհատ ինչ-որ բաներ է հուշում...
-Ախր ես ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ...ո՞վ է այդ նան...
-Հիշու՞մ ես Գոռին, մտերիմ ընկերոջս, որ ինքնասպան եղավ...
-ՀԻշում եմ իհարկե...բայց մի՞թե դու դեռ չես հաշտվել այդ կորստի հետ,-սա պարզապես...դա այնքան էլ օրինաչափ չէ, կորուստի հետ հաշտվելը...մի տեսակ նույնիսկ անիմաստ է հնչում...
-Դե դա հաշտվելու հետ ոչ մի կապ չունի։ Ես աշխատում եմ նրա մասին չմտածել, բայց նա հետևում է ինձ...իմ երազներում։ Նա ինձ մեղադրում է, որ իրեն օգնել չկարողացա ...
-Դե...խնդրում եմ քեզ...նա մեռավ, որովհետև որոշել էր չապրել...ո՞րն է քո մեղքը...
-Ես պետք է որ մի բան անեի նրա համար։ Նա ընդամենը բանակից էր զզված, ևս մեկ տարի և ամեն ինչ պետք է որ վերջանար։
-Դու ինչու՞ ես այդ հիմա հիշել...
-Հա, ների՛ր, ախր սա քո տոնն է...
-Իմ տոնը. սովորոթյան համաձայն դու շատ սրամիտ ես...
-Դա բնավորություն է, Լու՛յս...
-Իսկ թխվածք կա՞
-Ինչպես չէ..ոնց դու սիրում ես շոկոլադով...
...

Ծով
26.08.2008, 15:10
...
Արդեն երեկոյին մոտ էր։ Արևը դանդաղ մայր էր մտնում։ Երկինքը կարմրին էր տվել ու այնպիսի տպավորություն էր, որ ինչ որ բան է փորձում հիշել։
-Թե ճար ունենար, կանձրևեր,- գրեթե անլսելի շշնջաց Նարեկը։
Ես գլխով արեցի, նա իհարկե չտեսավ...
Մենք պառկել էինք բաց երկնքի տակ, խոտերի վրա ու մերթընդմերթ ինչ-որ բաներ էինք մրմնջում...
-Լու՛յս, դու գիտե՞ս, թե մեզ ինչ է սպասվում...
-Վաղը չգիտեմ..այսօր կարող եմ կռահել, իսկ դու՞...
-Չէ, դու կռահիր, Լու՛յս...
-Կարծես թե մենք կդիմավորենք լուսաբացը...
-Դու այդ ուզու՞մ ես...բայց դա հենց վաղն էլ կլինի...
- Ես այդ ամեն օր անում եմ...
-Էհեյ..պատուհանիդ մոտ..ինչ հիմարություն..Լու՛յս...դու այնքան էլ լույսը չես սիրում..դո սիրում ես գիշեր, այնպես չէ՞...
-Լուսաբացը ես սիրում եմ, չէ..իհարկե սիրում եմ..ես սիրում եմ քնել լույսը բացվելուն պես..
-Դու կմնա՞ս ինձ հետ...
-հմմմ..իսկ ես երբևէ լքե՞լ եմ քեզ..
-Ես նկատի ունեմ այս գիշեր...
-ի՞նչ իմաստ ունի...գուցե տանը...դու պետք է որ վերջապես տուն գաս...
-Կդիմավորենք լուսաբացը...կխոսենք ամբողջ գիշեր...ես ուզում եմ կորցնել այն ցավը, որ մեզ տանջում է..ի դեպ ինչպե՞ս է եղբայդ...
-Կարծես թե արդեն կազդուրվում է, գիտե՞ս, թե ինչ էր անընդհատ զառանցում...
-Ի՞նչ
-Եղբա՛յր, խնդրում եմ, մի՛ սպանիր եղբորդ...լսի՛ր, իսկ դու ե՞րբ ես տուն գալու..մայրդ ամբողջ օրը լալիս է...
Ես սկսեցի արտասվել...
-Լու՛յս, դու տեսե՞լ ես, թե ինչպես է տղամարդը լալիս..
-Հմմմ..չեմ կարող ասել, թե այո...բայց գուցեև...չգիտեմ...
-Ես շատ կուզենայի կարողանալ...ինձ մոտ ոչ մի կերպ չի ստացվում...բայց ես վստահ եմ, որ արցունքներ ունեմ...դե կմնա՞ս ինձ հետ...
-Ես չգիտեմ, թե տանն ինչ կասեմ..
-ԵՍ կխոսեմ եղբորդ ետ...
-Իսկ հայրս..
-Նրա հետ էլ կխոսեի, բայց եթե ճար լիներ...
-էհ, չգիտեմ
-Լույս..բայց քեզ իհարկե չի թվա, չէ՞ որ սիրահարվել եմ քեզ...,-նա սկսեց բարձր ծիծաղել, իսկ ծիծաղելիս նա միշտ էլ արցունքոտվում էր..
-Չէ..գի՛ժ..ինձ այդպես չի թվա..եթե նման մի բան զգայի, ես համոզված կլինեի...
...
Երկինքը այնուամենայնիվ մթնեց...
Մենք մի պահ հիշեցինք մեր մանկությունները...
Ապրում էինք նույն բակում. իմ ընտանիքը՝ վարձով նրանը՝ սեփական տանը։ Մեր ընտանիքները շատ կապված էին միշտ էլ... Հաճախ էր պատահում, որ եղբայրս ու Նարեկը ձեն ձենի էին տալիս, ինչպես ասում են, ու սկսում էին հոգուս հետ խաղալ։ Մենք այնուամենայնիվ անբաժան էինք, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում , միայն թե ուղիները արդեն բաժանվեցին, երբ մեզանից յուրաքանչյուրը ընտրեց իր մասնագիտությունը։
Ինձ ու Նարեկին հաճախ էին կատակով ամուսնացնում. դա ամենացավալի պահն էր երկուսիս համար, քանի որ մենք որոշել էինք, որ որպես «քույր ու եղբայր» մեղք է ամուսնանալը։ Ես մի անգամ նույնիսկ շատ խորը սիրահարվեցի, բայց իմ ընտրյալին հավանություն չտվեցին ո՛չ եղբայրս, ո՛չ էլ նարեկը։ ՄԻնչև անգամ նրանք կանգնեցրել էին ինձ ընտրության առաջ, բայց բախտներս բերեց, որ իմ արցունքների հաշվին այդ տղան ընդմիշտ մեկնեց արտասահման ու եվրոպական ցոպ կյանքում մեկ երկու սիրային նամակից հետո մոռացավ ինձ։
Եղբայրս ու Նարեկը նույնիսկ մաղարիչ արեցին նրա մեկնելու պատճառով ու դա իմ կյանքի ամենազվարճալի օրն էր, երբ մենք մինչև հոգու խորքը գինովցած ինքնամոռաց պարում էինք ու խմում բոլոր հեռացող սիրահարների անճաշակ կենացը, ինչպես նրանք կատակում էին։
Պատերազմի տարիներին մեզ ևս մի կապող հանգամանք կար։ Երկուսիս հայրերն էլ թողեցին ամենն ու գնացին կռվելու։ Մենք կարոտով սպասում էինք երկուսին էլ...
Ասես երկու հոր վերադարձի էինք սպասում։ Ցուրտ ձմեռվա դժվար օրերին մենք նույնիսկ դադարեցինք մեր վարձով տանը ապրելուց։ Նարեկի մայրը խնդրել էր ընկերակցել իրենց. հա՛մ փող կխնայեինք, հա՛մ մենակ չէինք լինի, չնայած այսպես թե այնպես ամբողջ իրը միասին էինք անցկացնում։
ՄԻ օր Նարեկի հայրը վերադարձավ վիրավոր։ Հայրս չկար ու չկար, բայց Աշոտ հորեղբայրը՝ Նարեկի հայրը, ասում էր, որ նրա հետ ամեն բան լավ է, նա նույնիսկ խորամանկաբար մի նամակ էր բերել իբրև թե հորիցս, բայց մայրս գիտեր, որ այդ հորս ձեռագիրը չէր, մինչդեռ այն ժամանակ ես, Նարեկն ու եղբայրս միանգամայն հավատում էինք այդ նամակին և մինչև անգամ երկրպագում։ Այդ ժամանակ մենք վեց-յոթ տարեկան էինք, հազիվ թե այլ բան խելքներիս փչեր։ Նարեկը մի արարողակարգ էր սահմանել. քնելուց առաջ աղոթել հայրիկիս և բոլոր զինվորների համար, հետո համբուրել նամակի վերջում գրված Աստված Ձեզ հետ-ը և նոր միայն հանգիստ խղճով քնել։ Մի անգամ, երբ ես շատ թույլ էի ինձ զգում և սովորակաից հազար անգամ վաղ խորը քուն մտա, այս երկու գժերը ինձ արթնացրին արարողակարգից ետ չմնալու համար։
Աշոտ հորեղբայրը երկար չմնաց։ Նա նորից վերադարձավ ճակատ, ու նորից դառը սպասումը համակեց մեր մայրերին։ Իսկ հետո հայրս եկավ, բայց Աշոտ հորեղբորն այլևս երբեք չտեսանք։
-Տեսնու՞մ ես, Լույս,-միմյանց հաջորդող հուշերին մենք մի պահ դադար տվեցինք,-ես անգամ հորս հիշելիս արտասվել չեմ կարողանում։
-Նա՛ր, գիտեմ, որ այդ վերքը երբեք չի սպիանա, բայց հպարտացի՛ր...ասել եմ միշտ էլ..նա հերոս է չէ՞ որ..նա մեռավ թշնամու գնդակից և հանուն հայրենիքի...
-Թշնամու գնդակից...հա..հենց թշնամու...դու դրան հավոտու՞մ ես...
-Իսկ մի՞թե այլ տարբերակ կա..
-Լու՛յս, հիշու՞մ ես կարմիր նոթատետրը, որ հայրդ երեկոները թերթում էր, կարդում, գրառումներ անում...
-Հիշում եմ..բայց դա միայն սկզբում էր..հետո այդ տետրը աչքովս չընկավ...
-Ինձ ու եղբորդ շատ էր հետաքրքրում, թե այնտեղ ինչ կա։ Մի օր մենք որոշեցինք թաքուն կարդալ այն։ Երևի մեկ ժամի չափ մեր դանդաղ առոգանությամբ կարդում էինք, ի դեպ բավական բարդ էր մեզ համար։ Ես հիմա էլի հաճույքով կկարդայի, հիմա դա մեզ համար շատ ավելի պարզ կլիներ, բայց հաստատ հիշում եմ, որ այնտեղ պատերազմի ապրումներ ու խոհեր էին...
Վերջին էջում կարմիր թանաքով մի տող մինչև հիմա աչքերիս առաջ է..ասես դա հենց հորս հայացքն է , որ կա կամ ցավը, որ նա զգաց վերջին պահին...
-Դե ի՞նչ էր...
-Աշոտին խփեցին թիկունքից...
Ես անթարթ նայում էի նրա աչքերին։ Նա ինքն էլ չզգաց՝ ինչպես էր լալիս։ Նա մոռանալու էր այդ։ Նրան թվալու էր, թե երբեք լաց չի եղել։ Եվ ես այդ այդպես էլ կթողնեի...
-Հետո, Լու՛յս, ես ու եղբայրդ ոչինչ չհասկացանք։ Մենք չհասկացանք՝ խփել ասելով ինչ նկատի ուներ։ Մեզ դա շատ սովորական մի կռիվ թվաց։ Երբ հայրդ տուն եկավ, ես հարցրի՝ իսկ պապան ինչ պատասխան տվեց։ Նա զարմացավ։ Ես ավելի կոնկրետացրի հարցս՝ երբ նրանք թիկունքից խփեցին, պապան ինչ պատասխան տվեց...
Հայրդ լուռ մի քանի րոպե նայեց ուղիղ աչքերիս, հետո, նա դանդաղ մոտեցավ, դեմքը ջղաձգվեց, հետո նա միանգամից շրջվեց դարակից հանեց նոթատետրը, սկսեց անխնա պատռել ու սարսափելի հոգատար խստությամբ, այդ ես հիմա հաստատ կարող եմ ասել, հոր հոգատար խստությամբ, նա ասաց.- այլևս արգելված պտուղներ չքաղե՛ս...
Լու՛յս, գիտե՞ս, ես լաց եղա...
-Իսկ հետո՞...
-Հետոն էլ ի՞նչ...նա հո գիտեր, որ ես մի օր հասկանալու եմ, թե ինչ է թիկունքից խփելը։ Լու՛յս, դա հորդ ամենանուրբ ցավն է...նա կուզենար վրեժ առնել մարդասպանից, բայց այդ էլ չգիտեմ իր ուժերից վեր էր, թե՞ ոչ։ Միայն թե հետո մարտական ընկերեները հաճախ էին պատմում, որ նման դեպքեր գրանցվել էին...երբ հայն էր հային սպանել մարտի դաշտում և բնավ ոչ պատահաբար։ Ես էլ կսպանեի..ես կսպանեի դրան..այդ թուրքի վաստակին /սա, Լույս պողատայի կնոջ սիրած անեծքն է/
-Ինչու՞ զարմանամ..
-Իսկապես...մի՞թե այն գիշերը...այն գարնանամուտի գիշերը հայեր չէին...մոռանալ անկարելի է..իսկ մի՞թե սեփական ժողովրդի վրա կրակ բացելու հրաման տվողը հայ չէր....Լու՛յս...ես չէի ուզենա այդ գիշեր կրկնել հորս ճակատագիրը...ես այդ անիծյալ նախախնամության հախից պիտի գամ, թե՞ ոչ...
-այո...

Ծով
26.08.2008, 15:13
Մենք լռեցինք...
-Չկա ավելի երանելի մի բան քան թշնամու գնդակից զոհվելը..
-Հիմարություն է ասածդ..
-Չկա Լույս...
-Լավ է քո մահով մեռնես...
-Ուրիշի մահով հնարավոր էլ չէ...
-Մի՛ ծաղրիր.. ես նկատի ունեմ.. լավ է մահդ Աստված որոշի, ոչ թե մարդը...
-Չեմ կարծում, թե Աստված որոշեց փոքրիկ Լիլիի մահը քաղցկեղից...
-Բոլոր դեպքերում.. լավ է մեռնել ինչ-որ կերպ, բայց ոչ մարդու ձեռքով..
-Լավ է չմեռնել..
-Դե այո..
-Լույս.. մենք պիտի որ կարողանայինք սառը դատել այսքանից հետո..
-Բայց դատելը մի քիչ դժվար է...
-Այո հատկապես մեր օրերում։ Դու տեսնու՞մ ես ինչ դատեր են ընթանում, ինչ խամաճիկ դատավորներ են և ու՞մ են դատում... անիծյալները... խայտասռակություն է , Լու՛յս և միայն դու ու ես ենք այս ամենի մեղավորը լինելու։ Այս ամենի պատասխանը մենք են տալու, եթե ...
Ես անում եմ այն, ինչ հնարավոր է..
-Անհնարինը պիտի անենք..
-Պիտի..հեշտ է ասել..
-Կյանքովս եմ երդվում, հորս հիշատակով.. դե ոչ.. ես երդվել չեմ սիրում... ես ասում եմ այդ դատավորները մի օր իրենք են դատվելու։ Ազատները.. հա, իսկապես, իսկական ազատներին ճաղերը չեն դիմանում։ Դրանք փշրվում են։ Լու՛յս, այս ի՞նչ է, քո կողքին ես մի գլուխ փիլիսոփայում եմ...
-Զգում եմ.. տվել-անցել ես... դու լավ պոետ կլինեիր...
-Լու՛յս, մրսում ես, չէ՞..
-Չէ, այնքան, հաճելի քամի է..
-Բայց ապրիլյան ցրտին վստահել չի կարելի..
-Ինչպես առհասարակ ցրտին..
-Մեքենայում օդեալ կա..
-օթոց...
-Ինչքան էին ուզում մեզ ծեծել գրական խոսելու համար..
-Հա, բայց դուք աննկուն էիք..
-Ես ու եղբայրդ... տարօրինակ է.. ես վաղուց պետք էր ասեի.. ես ու եղբայրս։ Դուք ամենաթանկն եք, որ ունեմ, Լույս մորիցս հետո։ Մնացածը. հարազատություն, ազգականներ... Մինչդեռ արյունս քաշում է ՁԵԶ... Ջուր դառնա թե ոչ, կքաշի մեկ է։
- Կարետել եմ հորս....
-Դու նրան դեռ նամակներ գրու՞մ ես...
-Սկզբում, հիմա ոչ։ Դա նշանակում է սեփական անձին հասցնել խելագառության...
-Իսկ ի՞նչ էիր գրում...
-Դե թե ինչ եմ զգում այս օրերին։ Միայն թե այդպես ավելի եմ թուլանում... ու սուտ է... կարոտս բնավ չեմ առնում...
-Լու՛յսս, ախր կարոտը չի վաճառվում..
-Հմմմ... էլի դու նույնը... եթե կարոտում ես, պիտի ամուր գրկես ու վերջ, դրանից այն կողմ միայն արցունքներ են, ցուրտ,՝լռություն, խաբեություն, մինչև անգամ սխալներ...
-Իսկ եթե գրկելու ձև չկա...
-Մի՛ կարոտիր..
-Ինձ էլ հասավ... ի՞նչ ես խոսում...
Նա ինձ ամուր գրկեց...
Վերջին նամակը որ գրել էի անգիր գիտեի։ Դա ամեն օրվա երեկոն էր։ Գրելու կարիք էլ չկար...
Նայում էի դռանը... նորից.. արդեն ռեֆլեքս էր դառնում: Ատում էի դռան կողպեքը, ինչպես յուրաքանչյուր կողպված երևույթ: Ամբողջ գիշեր քունս չէր տանում, դռանն էի նայում, զանգի ձայնն էի լսում, գժվում էի... ուժեղ էի... իսկ ո՞վ է ասել, թե թույլ էի, միայն թե ես մեղավոր չէի, որ մեր տան դուռը ամենից շատ ուզում էր բացվել հենց նրա առաջ...
-Ուրեմն դուռն էլ արդեն զգալ գիտի, իսկ էդ անզգա երևույթները դռան չափ էլ չկա՞ն...
-ի՞նչ
-Ոչինչ.. այդ իմ սովորությունն է, գիտես.. մտքերիցս պոկված մի ճիչ, որը կարող է ծանոթ չլինել...
-Մեր տան դռան մասին է խոսքը...
-Երևի...
-Հայրիկիդ մասին էիր մտածում... քո սպասման նոպաներն էիր հիշել... այդպես մի՛ նայիր...
-Նրա համար հիմա շատ դժվար է այդ խցում, անազատությոն մեջ, այդ խեղդող սենյակում, որտեղ երևի լույս էլ չկա
-Իսկական մութ է ցուրտ... ախ մենք հո գիտենք ինչպես լույսը որսալ...
-Դե վե՛րջ տուր
-Կարծում եմ այնտեղ տոթ է..
-Իսկ ես նրա հազն եմ լսում...
-Լույս հավատացնում եմ, նա շուտով կգա, փոքրի՛կս.. հպարտացի՛ր նրանով...
-Սա էլ թիկունքից հարվածի նման է..
-Ցավը նույնն է թերևս, բայց վերջինը չէ... ժպտա՛...
-Ցավը նույնն է՞... չգիտեմ...
-Հայրենիքն էլ նույնն է...
-Նման են...
-Կեսգիշերից է, թե՞ ոչ.. մենք չենք էլ հասկանում, թե ինչ ենք խոսում...
-Եթե Հիսուսը գա, ես պիտի ուշադիր լինեմ, որ չխաչեմ...
-Նա չի գա...
-Ինչու՞...
- Նա նախքին փորձով նույն փորձանքը չի ընկնի...
-հմմմ.. ո՞վ է որոշում..
-Ոչ Աստված...
-Նարե՛կ.... կարո՞ղ ես...
-Կփորձեմ, եթե հավատքս ների...
-չների.. հերիքի էլի... ես դա չէի հարցնում։ Բայց սիրուն է, չէ՞ հնչում.. հավատքս ների.. հավատքդ ների.. մեղքերդ...
-Նրանք միմյանցից չեն խռովում... գիտե՞ս, թե որն է Աստծո սխալը
-Իսկ Աստված մի՞թե սխալվել գիտի...
—Լսի՛ր, Լու՛յս, նա հավատաց մարդուն ճիշտ այնքան, որքան, որ մարդը պետք է հավատար իրեն..
-Գուցե...
-Իսկ մարդը Աստծուն հասնել չէր կարող.. .մինչև անգամ նրա չափ հավատալու չափ...
-Պետք է պարզապես հավատալ ու վերջ..
-Սիրել ու...
-և ուշադիր լինել...
-հմմմմմմմմ.. ես եմ Հիսուսը փոքրիկս.. այս անգամ հրաշքներ չեմ գործելու.. սիրտ չկա.. հնն հավատու՞մ ես...
-Իհարկե դու չես,-լուսնի աղոտ լույսը թափվելու չափ լցվել էր նրա աչքերի մեջ...
-Տեսնում ես, խաչում ես արդեն... նա չի գա.. նա պետք է որ չգա.. կամ նրան հարկավոր կլինի շատ խորը մտածել, գցել-բռնել գալուց առաջ։ Հիմա նա չպետք է գա... հատկապես... պատկերացնում ես ինչ կլլինի երբ նա հանդիպի մեր այսպես կոչված հոգևոր առաջնորդին...
-նա շատ կտխրի..
-Հեհե.. Լու՛յս.. ես զարմանում եմ ինչպես են մարդիկ խաչ կրում ու խաչում.. լսիր.. իսկ դու չես կարծում, որ նա էլ իր բաժին մեղքն ունի այս ամենում։ Մինչև անգամ եթե մի վերջին ավազակ նրա հայացքի կարիքն ունենար, նա պետք է, որ աղոթեր այդ մարդու համար...
-Հենց միայն ավազակների համար էլ նա աղոթում է, թանակագի՛նս...
-նա իրավունք չուներ մեզ խաչելու...
-Կարծում եմ՝ դա նրա որոշումն էր... նա պարզապես իր խաչն է սարքում՝ այդ բոլորովինէլ չզգալով...
-Չգիտեմ, ես նրան շատ եմ խղճում...
-Շրջանցե՞նք...
-Կգտնվի մեկը, ում բարկությանը չի դիմանա ու կտրորի նրան...
-Եսհավատացած եմ, որ այդ մեկը պարզապես չի նկատի նրան...
-Խղճում եմ..
-Չէ.. արի՛ աղոթենք, որ նա մեր հավատքը չուրանա...
-էէէէէէէէԷ՜՜՜հ.. այդ էր մնում...
-ՀԻշու՞մ ես մենք համբուրում եինք Աստված քեզ հետը
-Հա, Լու՛յս, հիշում եմ,-նա տաք ժպտում էր...
-Արի՛ մտովի համբուրենք այն և ուղարկենք նրան։ Թո՛ղ Աստված օգնի նրան և աքաղաղները թո՛ղ այլևս նրա ուրացումը չզգան։
-Չէ, Լույս, սա հաստատ կեսգիշերից է։ Մենք նման չենք մեզ,մենք սովորական չենք այսօր... հը՞ն... ես մի իսկական կռիվ եմ ուզում, մի քանի հայհոյանք և տականքի ջարդված գլուխ՝ որպես ընթրիք...
....
Մենք լռեցինք։ Լուսինը օրորվում էր։ Նա գունատ էր, տխուր, նա հիշեցնում էր ինչ-որ մոռացված կեսգիշեր։ Նա հուշում էր կարծես, որ այլևս երբեք չի շողա մեզ համար։ Նա հոգնած էր։ Մի տեսակ մելամաղձոտ էր դարձել կեսգիշերն անցը։ Մենք երկար լռում էինք։ Մեզանից յուրաքանչյուրն, իր մտքերով տարված, նայում էր լուսնին։ Մենք իրարից շատ հեռու էինք։ Մենք մեզանից էլ շատ հեռու էինք։ Ես հիշում էի մի պահ ընկերներիս... բոլորին։ Նրանք սկսել էին մեկ առ մեկ մարել։ Նրանք ասես հատիկ-հատիկ լուսաբացին սիրահարված ու սպասումից մարող աստղեր լինեին։ Նրանք դադարել էին իմ երկնքում շողալուց ու բնավ մեղավոր չէին։ Ես պարզապես վաղուց արդեն աստղերի փայլը չեի նկատում։ Ես ընդամենը ապրում էի հենց այնպես և դա էր ամբողջ ցավը.. դա գուցե վերքն էր իմ ցավի...
-Դու հրաշք ես,-լռությունը խոսեց...
Ես դադարեցի ծանր շնչելուց, բայց նրա խոսքերը համոզիչ չէին...
-Նա՛ր, ե՞րբ կավարտվի այս ամենը...
-Մենք միշտ էլ ինչ-որ բան կորոնենք ու չենք գտնի..
-Ես նկատի ունեմ՝ գոնե որոնել կհասցնե՞նք..
-Դու ոչինչ էլ նկատի չունես... դու պարզապես խոսում ես...
-Ես նկատի ունեմ այն, ինչ ասում եմ..
-ի՞նչը կավարտվի.. ե՞րբ..
-Ոչինչը
-Դու գոնե գիտե՞ս, թե ինչի համար ես պայքարում..
-կյանքի..
-Կյանքը դու ունես, Լույս.. դու պայքարում ես կյանքում...
-Ես կյանքն էլ չունեմ..
-խնդրում եմ քեզ.. դե...
-Ինձ տուն տար..
-Ձագու՛կ, հինգն է ժամը, երկու ժամ էլ սպասի՛ր, մի՞թե վատ է...
-քնել եմ ուզում..
-Դե քնիր... սպասի՛ր... ըհըն.. եղբորդ գրկում... ես պետք է որ դեռ քեզ սիրահարված չլինեմ, բայց լուսնի լույսում դու սովորականից ավելի գեղեցիկ ես...
-Դե, վե՛րջ տուր..
-Լու՛յս..
-Նրանք այլևս նույնը չեն կրկնի
-դու նկատի ունես սպա՞նդը...
-Ես նկատի ունեմ այն գիշերը... ես նկատի ունեմ կրակը... ես նկատի ունեմ զորքը... ես նկատի ունեմ տանիքներից թռչող գնդակները... ես նկատի ունեմ ջուրը... համրաքայլ ազատությունը.. մոլուցքը... ճիչերը... անտարբերությունը մարդկանց... արդարություն պահանջող բռունցքները... Լուսաբաց տենչող գիշերը... քիչ այն կողմ կրկեսի բամբակ վաճառող ծաղրածուն... օտարի հեգնող դրոշները... ես նկատի ունեմ տաս, քսան.. ես նկատի ունեմ տենդագին վազքը ազատության... չէ.. հիշու՞մ ես եղբորս զառանցանքը... ես գուցե հենց դա էլ նկատի ունեմ..
-Սա ինչ որ տեղ կվերջանա... միայն թե դու չպետք է հոգնես...
-ԵՍ չեմ հոգնի, իսկ դու՞
-ԵՍ էլ...
ՀԻշեցինք նորից մեր ապրած կյանքը։ Այն փողը, որ գողացավ մեր տուն եկած հոգևորականը և մեկ ամիս անց վերադարձրեց։ Այն անտուն թափառականը, որի հետ մի կուշտ հաց կերանք, այն մանկատունը, որտեղ գողեգող մտանք ու հեքիաթ պատմեցինք փոքրիկներին, այն մուրացկանը, որի համար փող աշխատեցինք, մատաղացու գառը, որին արձակել, համոզում էինք փախչել, բայց նա ասես հաշտվել էր իր ճակատագրի հետ... ու շատ այլ բաներ։ Մենք կարծես վերապրում էինք մեր կյանքը նորից մեկ գիշերում, իսկ լույսը հետզհետե բացվում էր ու երկար գիշերը դարձնում ձանձրալի, ինչպես գուցե այն ամենը, ինչ պատմում եմ, մի հիշողություն...
-Շուտով պիտի ծագեր արևը, իսկ աղջամուղջը քմահաճ էր ու մի տեսակ քինոտ...
ԵՍ սկսում էի տխրել..
-Դու չես սիրում առավոտը,-ասաց Նարեկը,-ես նույնպես կարծես թե... բայց նա գուցե դա զգա... ավելի լավ է լռենք...
-Զգա... նրա ձեռքում ի՞նչ կա
-Ոչինչ... այդ էլ ցավ է.. նա կարող է զգալ, որ անճար է...
-Նրանք պատասխան կտան...
-Իհարկե..
-Մենք վրեժ կլուծենք..
-Չէ դա լավ չէ.. մենք պարզապես կհաղթենք...
-Մենք կնվաճենք պարզապես...
-Ազատությունը... ու հայրդ էլ տուն կգա
-Նա ավելի շուտ կգա, քան ազատությունը,-ես սկսեցի ծիծաղել։
-Մենք խենթեր ենք, ինչ է.... մի քիչ քնել է պետք... ես երկու օր է մեզ չեմ հասկանում..
-Հարկավոր է մի քիչ խենթ լինել հայրենիքը սիրելու համար..
-Լու՛յս, իմ ու քո երեխաները, նրանք արժանի են ապրել մեր երազած երկրում, այն երկրում, ուր բոլոր առավոտները բացվում են լիաթոք ու ժպտում..
-Ուր բոլոր առավոտները ապրում են....
-Իհարկե... տես... վեց անց երեսուն է...
-Արևը ոստիկանի հագուստով..
-Գի՛ժ...

Ծով
26.08.2008, 15:14
...
Ես ամբողջ օրը քնեցի... Տանը նորից ամեն ինչ նույնն էր. քնաթաթախ անքուն մայրերը մինչև ուշ գիշեր սպասում են Նարեկին ու եղբորս։ Հյուրերը գալիս են գնում։ Ոմանք ձեռնպահ են մնում խոսելուց, ոմանք բամբակ են վաճառում, ոմանք հոխորտում են...
Դուռը աղմուկով ջարդում են, բացում եմ. նարեկն ու եղբայրս...արնաշաղախ...
Մայրական ծանր հառաչանք, շնչառություն, արցունքներ ու անեծք, ինչքան ուզես..իսկ ես իմ թույլ իրատեսությամբ հարցնում եմ.
-Ի՞նչ է պատահել
-Մեզ ծեծել են, ծեծել սափրագլուխները..նրանք շատ էին...միանման...եզի տղերք են...արա՛...քույրի՛կս, դե ժպտա,-եղբայրս է...
Նարեկը նայում է ուղիղ աչքերիս.
-Խմել ենք ուզում
Մենք խնամում ենք նրանց, մայրերին հազիվ համոզում, որ քնեն...
-Դրանք մեզնից վախենում են...գարշելինե՛ր..դրանք կանանց են ծեծում, բա մեզ ո՞նց...Արա, մենք դրանց հախից կգանք...էս Հայաստանում քանի՞ տղամարդ կա...մենք դրանց հախից կգանք...
-Ստրուկներ, սատանի տարածներ...
Ես զգում եմ, թե ինչպես է պայթում ահռելի վիրավորանքը։ Երկուսն էլ պայքարում եմ հանուն հայրենիքի, երկուսն էլ կռվում են, ինչպես ժամանակին իրենց հայրերն են կռվել։ Նրանք ասես իրենց հայրերի համար են կռվում։ Նրանք փորձում են հայրենիք կերտել...զրոյից...նրանք փորձում են երկրի պատիվը վերադարձնել...
«Դու ո՛չ դեպուտատ ես, ոչ էլ ոստիկան,
Դու ուժեղ տղա ես հեղափախական».../Դ.Բ/
Երգում են ու ծիծաղում..համոզված եմ՝ վերքը ցավում է...վերքը միշտ էլ ցավում է։
...
Լույսը նորից չբացվեց...
Նարեկի մայրը մեռավ։Նա վաղուց էր հիվանդ, նրա սիրտը թույլ էր։ Նա ամեն օրվա հետ ավելի գունատ էր դառնում։ Նա շատ փխրուն էր, իսկ մե՞նք..մենք իբրև հաշտվում էինք կորուստների հետ, նա ոչ...
Խնդրեցինք, որ հորս մեկ օրով դուրս թողնեն քաղաքական բանտից հուղարկավորությանը մասնակցելու, թույլ չտվին...
Ես կորցրի մայրերիցս մեկին...չեմ սիրել արցունքովս խաղալ...Ես ամեն ինչ կորցրի այդ օրը...
Նարեկի հետ լուսանում էին գիշերները։ Ես տեսնում էի, թե ինչպես է տանջվում։ Նա փոխվում էր, սկսում էր չարանալ։ Քանի՜ ու քանի՜ ճակատագրեր էին հոշոտվում գարշելիների ոհմակից...
Քանի՜ ու քանի՜ գառներ էին ոհմակից կառչած զկրտում։ Բայց նրանց կողքին իսկական հովիվներ՝ հաղթական, ինչպես լուսաբացը, խորհրդավոր, ինչպես մայրամուտը, նորից ու նորից հիշեցնում են, որ իրենք կան, գոյություն ունեն և որ մոտ է ապրելու ժամանակը...
-Լսի՛ր, Լու՛յս, ես քեզ ասե՞լ եմ, թե՞ ոչ...
Այս անգամ մենք մենակ չենք գլորում կեսգիշերը... մեր կողքին սերունդներ են...հպարտ...մենք բոլորս մեկ ենք...
-ԻՆչը..
-Այն օրը..այն «ԼՈՒՍՆՈՏ» գիշերին..իմ ծննդյան քո տոնին
-Դե՛..
-Իսկ խոսքերը մի՞թե կարևոր են...
...
Ես քնեցի լուսադեմին...
...
Ինտերնետային Ֆորումում մի թեմա էի բացել. հոդված գրելու համար էր։ «Ի՞նչ հետք թողեց». սկզբում վերնագիրն էսպես էր։ Հետո մանրամասն բացատրել էի թեմայի իմաստը։ Կիսատ էր իհարկե։ Հուսիկը անունը փոխեց՝ «Հոգեբանական ի՞նչ հետք թողեց 2008-ի մարտի մեկը» ։ Ընդամենը տասներեք պատասխան, առանց որևէ իմաստային փոփոխության և մեկնաբանության մեջբերում եմ.
...
Morpheus_NS. «Պատկերացրու, որ ամեն օր անցնում ես հարեւանի պարտեզի մոտով, որտեղ մի մեծ շուն է կատված ու անըդհատ քար ես շպրտում նրա կողմը ու խաղում նրա նյարդերի հետ: Չես վախենում նրանից, քանի որ կապված է: Նա միայն հաչում է, ուրիշ ոչինչ չի կարողանում անել:Հիմա ենթադրեք այդ շունը մի օր կտրում է կապը, հարձակվում է քեզ վրա ու կծում: Եթե դու խելացի մարդ ես, ապա հաջորդ անգամ նրա վրա քար չես գցի: Չնայած որ նա նորից կապված է, բայց դու կգիտակցեծ, որ նա ամեն վայրկյան կարող է կտրել շղթան ու հարձակվել քեզ վրա:
Համեմատությունը մի քիչ կոպիտ է, բայց տեղին է»:

Մարկիզ. «Եթե նախքան մարտի մեկը, ես դեռեւս ամբողջությամբ չէի ընդունում ԼՏՊ-ի վերադարձը քաղաքականություն եւ հույս ունեի, թե երկրում եղած իշխանություններով ու «ընդդիմություններով» կարելի է գոնե մի քիչ առաջ գնալ, ապա մարտի մեկին իշխանությունների կազմակերպած սպանդից հետո հասկացա, որ Լեւոն Տեր- Պետրոսյանի վերադարձը ճիշտ է եւ բխում է մեր ազգի շահերից: Սա քաղաքականություն:

Իսկ հիմա մի քիչ հոգեբանություն:
Իսկ թե ի՞նչ խորը հետք թողեց մեր հասարակության վրա մարտի մեկի իրադարձությունները, մենք դեռ չենք զգում լիովին: Ճիշտ է, արդեն անցել է 5 ամսից ավել ժամանակահատված, բայց մենք դեռ «տաք» ենք, այդ պատճառով դեռեւս անզոր ենք օբյեկտիվորեն գնահատել…
Միայն կարող եմ ասել, որ մարտի մեկը սեւ բիծ է թողնելու մեր պատմության վրա եւ հիշեցնելու է սերունդներին, որ հայը հայի վրա ձեռք է բարձրացրել, սպանել է իր հայրենակցին՝ նրա զավակներին թողնելով որբ:
Մինչ այժմ, երբ դիտում եմ մարտի մեկի կադրերը, խորը հիասթափություն եմ ապրում, եւ մոտս զզվանքի նոր ալիք է ի հայտ գալիս մեր երկրում ապրող որոշ խլեզների ու անբարոյականի զավակների նկատմամբ:
Միեւնույն ժամանակ հուզվում ես, սիրտդ լցվում է հայրենակիցներիդ՝ իրենց իրավունքների եւ արժանապատվության համար պայքարող հայորդիների միասնությունից եւ վճռականությունից»:
Kuk. «Անձամբ ինձ վրա հոգեբանական մեծ վերք թողեց, որը չափազանց խորն է և որ ամենացավալին է` այդ վերքն ի զորու չէ լավանալու, քանի որ այդ օրվա ողբերգական իրադարձությունների հետևանքով կորցրի ընկերներիցս մեկին… Քանի որ թեման բացված է ոչ թե քաղաքականությանը վերաբերող բաժնում, այլ հոգեբանությանը, այդ իսկ պատճառով խուսափում եմ գրառմանս մեջ այս ողբերգական իրադարձությանը որևէ քաղաքական գնատական տալուց, բայց պետք է նշեմ մի փաստ, որը կարելի է դիտել նաև հոգեբանության տեսանկյունից, այն է, որ Հայաստանի Հանրապետության օրոք սեփական ժողովրդի նկատմամբ նման դաժան սպանդ երբևէ չէր իրականացվել: Այս թեմայի վերաբերյալ ասելիքը շատ է, տրամադրությունը՝ քիչ..»

Վանական. «Հետքի փոխարեն թողեց հասարակության համար կեղտափոս, ժողովրդի համար խորը անբավարարվածություն, պետության դեմքին ապտակի հետք և առավելագույն ձգված, լարված ոչ սոցիալական անդորր»:
Mercury. «Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ազգը դեռ ցեղի մակարդակի է։ Թումանյանի ասած՝ մարդակերից մարդասպան ենք դառնում»։

StrangeLittleGirl. «Իմ զգացողությու՞նը… Զզվանք, ատելություն, խղճահարություն հայ ազգի հանդեպ: Ես զարմանում էի երկու կողմից էլ տոննաներով ստեր տեսնելով: Փորձում հասկանալ, թե երկու կողմերն ում ինչ են ուզում ապացուցել: Վերջ, լավ, էլ չխորանամ, թե չէ գրառումս չափ ու սահման կանցնի: Հա՛, էդ երևի վերջին կաթիլն էր, որ վերջնականապես հիասթափվեմ էս ժողովրդից (երկու կողմերի մասնակցությամբ»:

Fedayi.«Համաձայն եմ, բայց միայն ոչ կարմիր հատվածի հետ. դա թույլի հոգեբանություն է` հիասթափվել ու պոչը շարժելով հեռանալ: Միայն ավելի վճռական եմ դարձել երկիրը երկիր դարձնելու պրոցեսում մի ավել քար ավելանալու հարցում»:


Վարպետ. «Մոտս վերջապես զգացողություն առաջացավ, որ երկրում փոփոխություններ են լինելու: Հասկացա, որ այլեւս ո՛չ սադրանքով, ո՛չ բռնություններով, ո՛չ այլ` իշխանական վերնախավի մտավոր ունակություններին համապատասխան միջոցներով էս ալիքը էլ չի կասեցվի: Ոգեւորվեցի մի խոսքով: Երկրորդ զգացողությունս խորը ցավն էր` զոհերի առկայության կապակցությամբ:

Ervand. «Էսօր սովորական օր էր՝ առաջին հայացքից, գարուն էր՝ արև, քաղաքում մեքենաների ու մարդկանց թվի մեծ կրճատումն էր միայն հուշում, որ այս քաղաքում ինչ-որ լուրջ բան ա տեղի ունեցել, տաքացնող արևը ստիպում էր ժպտալ ու կատակել ընկերների հետ, բայց հենց լռություն էր տիրում թեկուզ մի փոքր, ներսից հոգու խորքից բարձրանում էին ցավն ու տխրությունը ու անզորությունը, երբ մտածում ես որ քո նման՝ քեզնից էլ լավ մարդիկ. որ դեռ երեկ զգում էին գարունն ու արևը, այսօր արդեն չկան մի բան է բարձրանում կոկորդովդ, ու զգում ես որ դա կտևի երկար շատ երկար, ու որ դու երբեք չես մոռանա 2008թ.-ի գարնան առաջին գիշերը, արյունոտ գիշերը, խեղված մարդկանց ու ճակատագրերի գիշերը, որին հաջորդեց ստի ու լկտիության քարոզը, փորձում են խեղել նաև մարդկանց ազատության ձգտումը, փորձում են մարդկանց համոզել որ իրենք լկտի թմրամոլ թալանչի խուլիգաններ են։ Չի ստացվի երբեք, բոլորս գիտենք՝ ինչ տեղի ունեցավ գիշերը, պատասխան եք տալու նաև սրա համար»:


Dvgray. «Հոգեբանական հետքը նման է պարտված ժամանակվա հոգեբանական վիճակին: Երբ ուզում ես ռեվանշի հասնել օր առաջ:
Սակայն պարզ հասկանում եմ, որ այդպիսի պարտության պատասխանատում նախ և առաջ շարժումն է, որը պատրաստ չէր այդպիսի հարվածի…
Բազմիցս է ասվել, որ Քոչարյանի-Սերժ երկյակից ինչ ասես պետք է սպասել: Ու պատրաստ լինել: Իսկ պատրա՞ստ էր շարժումը Օպերայի դեպքերին, որոնք այս ամենի մեջ գլխավոր դետոնատորի դերն էին կատարում: Իհարկե ոչ: Ծայրահեղ դեպքում այդպես չեն պատրաստվում: Պատրաստվում են սվինների դեմ հանելով թնդանոթներ…
Այս ամենով հանդերձ այս դեպքորը շատ էն հիշեցնում 1905-ի դեպքերը, երբ ցարական զորքերը գնդակահարեցին խաղաղ ու անզեն ժողովրդին: Դրանից տարիներ հետո նոր հեղափոխականները հասկացան, որ խաղաղ հեղափոխություն չի լինում: Եթե ուզում ես հեղափոխես, ապա դա առանց արյունի հնարավոր չէ: Ու եթե դու չես թափում արյունը, ապա քոնը կթափեն:

Այսքանը հասկանալով, իմ հոգեբանական վիճակը միայն բնորոշվում է պարտված լինելու կոմպլեքսով /եթե այդպիսին կա/ միայն, ու հարկ եկած դեպքում նրանց կաշիները քերթելու ցանկությամբ:

մի բան էլ: Այսքանից հետո վերջնականապես հայկական ոչ մի քաղաքական ուժի չեմ վստահում, ու բոլորին պատրաստ եմ ռեվիզիայի ենթարկելու մինչև վերջին ծալքերը: Սա էլ հոգեբանական դրական ազդեցությունը»:





Razo.« Մարտի - 1 - ի վերաբերյալ ինձ մի հարցա հետաքրքրում: Ճիշտ ա՞ որ էտ օրը պաշտոնապես սգո օր չի նշանակված…»


Արամ. «Մարտի 1-ը Հոգեբանական համարյա բոլոր հետքերն էլ թողեց. նայած ում վրա»։


300ից ավել մարդ այցելել էր էջը ու ոչինչ չէր գրել։ Ես դեռևս հույս ունեմ, որ ոչ թե ճիշտ այդքան անտարբերներ կան, այլ պարզապես մարդիկ խոսքեր չեն գտնում, իսկ որ ավելի հեշտ է, նրանք պարզապես չէին ուզում հայտնվել այս պատմվածքում...
Հ.Գ....հավես չկա խմբագրելու...

Chuk
26.08.2008, 16:31
Իսկ ես դեռ չեմ համարձակվում էս թեման խորությամբ շոշափել, էնպես որ առաջինը ուզում եմ համարձակությունդ գնահատել:

Լավն էր շարադրանքդ, տեղ-տեղ սարսռացնող, որոշ տեղերում աչքերիցս արցունք, անզորության կամ վիրավորանքի արցունք քամող: Լավ պատմվածք է, ու կմնա պատմության մեջ... վստահ եմ: Կեցցես:

հ.գ. Իսկ ես թեմայիդ մասին լսել ու այն փնտրում էի քաղաքականություն բաժնում, այդպես էլ չգտա... բայց չգիտեմ, գտնելու դեպքում կկարողանայի՞ գրել...

Dayana
26.08.2008, 17:12
Իսկ ես դեռ չեմ համարձակվում էս թեման խորությամբ շոշափել, էնպես որ առաջինը ուզում եմ համարձակությունդ գնահատել:

Լավն էր շարադրանքդ, տեղ-տեղ սարսռացնող, որոշ տեղերում աչքերիցս արցունք, անզորության կամ վիրավորանքի արցունք քամող: Լավ պատմվածք է, ու կմնա պատմության մեջ... վստահ եմ: Կեցցես:

Ալիզե կապրես :) կոկորդս խեղդումա ու խոսքեր չեն գալիս, նույնիսկ գրելու ... չնայած մի քանի անգամ համարձակություն եմ ունեցել ասելո, որ մենք հակառակ թևերում ենք, բայց համոզված եղիր, որ դա էդպես չի :( ու կարևոր չի, որ ես չկայի էնտեղ, չկայի ծեծվելիս, դեմ էի ծեծողներին ու ծեծվողներին միաժամանակ, ու հիմա էլ դեմ եմ, ու դռ երկար դեմ կլինեմ, ու գիտես ինչու՞ ... դե իհարկե գիտես ... այ հենց էդ հոգեբանական ու ոչ միայն հոգեբանական հետևանքի համար :( ու եթե իմ բակաայությունը կամ դրանից ենթադրվող անտարբերությունը զգացել ես, կներես ... Լույս ... ժպտա


հ.գ. Իսկ ես թեմայիդ մասին լսել ու այն փնտրում էի քաղաքականություն բաժնում, այդպես էլ չգտա... բայց չգիտեմ, գտնելու դեպքում կկարողանայի՞ գրել...
Չուկ ջան կարծում եմ գրառում անելն այդ թեմայում, այս թեման կարդալուց հետո շատ դժվար կլինի :(

Ծով
26.08.2008, 19:27
:) Դայանու՛շ ջան, կներես, բան-ման, էդ ամենը Լուսոյի հետ, ես կապ չունեմ:D
ՀԻմա ասեմ, խնդրում եմ էլի, սա դիտե՛ք, որպես գեղարվեստական ստեղծագործություն իրականի ու անիրականի սահմանում...ինձ էլ մի՛ խառնեք շատ..եթե ես իմ մասին գրեի, շատ, ավելի ուրիշ կլիներ էս պատմվածքը...:ok
ո՛չ ես, ո՛չ էլ Լույսը ոչ ոքի անտարբերության սանդղակը չենք որոշում..դա անում է յուրաքանչյուրն իր համար...

Ես դեռևս հույս ունեմ, որ ոչ թե ճիշտ այդքան անտարբերներ կան, այլ պարզապես մարդիկ խոսքեր չեն գտնում, իսկ որ ավելի հեշտ է, նրանք պարզապես չէին ուզում հայտնվել այս պատմվածքում...
Հոգեբանական հետք..սա էր կարևորը...ըստ այդմ. ես երբեք չեմ էլ կարծել որ քո հոգու վրա կատարվածը կարող էր հետք չթողնել...
:)
ԵՍ իրավունք էլ չունեմ...;)
Հա..մեկ էլ կառուցվածքը..քննադատե՛ք էլի:hands..ախր ես սա մի շնչով շարել եմ, ինչ կար խառնված ու համեմատած..ինձ թույլ ա թվում:(

Վարպետ
26.08.2008, 21:01
Հաղթել ես արդեն...

Ուզում էի այսքանը գրել միայն, բայց ամեն դեպքում չեմ կարողանա չասել, որ էնքան սիրուն կտորներ կային, որ ամեն մեկով կարելի էր մի առանձին գործ զարդարել: "Ես պետք է ուշադիր լինեմ, որ չխաչեմ..."-ը միայն ամեն ինչ արժեր: Չխմազ թամրազյանական տեքստ ստացվեց ոնց որ... Ներող կլինես, որ ոտքերս չմաքրեցի քո ներաշխարհ մտնելիս:

Հաղթել ես, Alize'e, հաղթել ես..

Ավելացվել է 2 րոպե անց


300ից ավել մարդ այցելել էր էջը ու ոչինչ չէր գրել։ Ես դեռևս հույս ունեմ, որ ոչ թե ճիշտ այդքան անտարբերներ կան, այլ պարզապես մարդիկ խոսքեր չեն գտնում, իսկ որ ավելի հեշտ է, նրանք պարզապես չէին ուզում հայտնվել այս պատմվածքում...
Հ.Գ....հավես չկա խմբագրելու...


+1...

Նարե
26.08.2008, 21:21
Լույսի հետ լինելով բացարձակ տարբեր հեքիաթների հերոսներ ու լինելով տեսակով տարբեր հերոսներ, էս պատմությունը կարդալով ՝մի պահ ինձ ու Լույսին նույնացրեցի:Նույնացրեցի , ինչպես մի չարաբաստիկ օր թաղապետարանի շենքի մոտ գտնվող բազմաթիվ պերսոնաժների պատմություններ նույնացան …ու որոնցից մի քանիսի հեքիաթն այդ օրը Տականքի ձեոքով ավարտվեց…
Իսկ ի՞նչ եմ զգում այս պահին, այսքա՜ն ժամանակ անց այդ ամենը վերհիշելով. Ես խոստումս դրժել եմ, որ երբև չեմ ատելու… ես ատում եմ Էտ տականքին, նրան , Ով ստիպում ա այսպիսի տխուր հեքիաթներ կարդալ,ով իմ եղբայր հեքիաթի ՀԵՐՈՍՆԵՐԻ կյանքին վերջ դրեց:
Իսկ ես պայքարելու եմ, որ այլև երբևէ չատեմ, որ ատելու զզվելի ԻՐԸ հավիտյան վերանա իմ կյանքից:

Երվանդ
27.08.2008, 09:50
Հզորա:)

Kuk
27.08.2008, 10:26
Հզորա:)

http://s3.rimg.info/01858284ba1ec8d5546009249abdd540.gif

Chuk
27.08.2008, 12:56
Հա..մեկ էլ կառուցվածքը..քննադատե՛ք էլի:hands..ախր ես սա մի շնչով շարել եմ, ինչ կար խառնված ու համեմատած..ինձ թույլ ա թվում:(
Կարելի է նորից ես գրեմ:
Ծով, հանկարծ ոչ մի բան չփոխես: Հա՛, գուցե և կարող էիր ավելի լավ կամ ավելի ուժեղ գրել, բայց էս էն ողջ իրականն ա, որը կա, հենց առաջին զգացածդ, առանց ձևականությունների... չգիտեմ, չեմ կարողանում միտքս ձևակերպել, ուղղակի իրականում թույլ չի, շատ ուժեղ ա, ու կարծում եմ որ էդ ուժը նաև նրանից ա եկել, որ մի շնչով ես շարել: Էս թեմատիկայի ստեղծագործության համար կարևորում եմ հենց մի շնչով գրված լինելը: Կարող է կեղծ մի բան ստացվեր, եթե որոշեիր պարբերություն առ պարբերություն մշակեիր, փորձելով հնարավորինս ուժեղ դարձնել: Կառուցվածքն էլ լավն է, անցումներն էլ լավն էին: Չէ, քննադատելու բան չկա, ըստ իս :)