PDA

Դիտել ողջ տարբերակը : Արթուր Ռեմբո



Կաթիլ
21.08.2008, 18:26
Ինչ-ինչ պատճառներով ստեղծեցի այս թեման...
Համ էլ ինքն իմ առաջինն է ... :oy

Ավելացվել է 12 րոպե անց
ՈՐԲԵՐԻ ՆՎԵՐՆԵՐԸ

I
Խավար է դեռ սենյակում, բայց լսվում են շշուկներ.
Տխուր ձայնով խոսում են երկու քնքուշ մանուկներ,
Աչքերը նոր բաց արած, քանթաթախ, գլխահակ,
Թրթռացող ու երկար առագաստի տակ ճերմակ.
- Կծկվում են շարունակ խեղճ թռչունները դրսում.
Գորշ երկնքի տակ նրանց թևերը շատ են մրսում:
Եվ նոր տարին իր ամբողջ շքախմբով միգամած,
Ձյունաճերմակ զգեստի երկար փեշերը փռած,
Արտասվելով ժպտում է և երգում է դողահար…

II
Իսկ մանուկները՝ ծփուն առագաստի տակ, ահա՛,
Խոսում են ցածր ձայնով, ինչպես խավար գիշերին,
Լարված ականջ են դնում ասես հեռու ձայներին…
Նրանք ցնցվում են հաճախ, երբ հնչում է վաղորդյան
Զանգի ձայնը ոսկոհունչ, որ զարկում է բարձրաձայն
Իր լեզվակը մետաղյա գմբեթի տակ ապակե…
- Ցուրտ է մռայլ սենյակում… երևում են հատակին
Մահիճների շուրջ թափված սգո շորեր սևավոր,
Եվ տան շեմին ոռնացող ձմռան քամին ահավոր
Փչում է այդ տան վրա իր հևքը սառն ու դաժան:
Զգացվում է, որ այնտեղ պակասում է ինչ-որ բան…
- Մի՞թե մայրն է այդ քնքուշ մանուկների բացակա,
Մայրը պայծառ ժպիտով և հայացքով հաղթական:
Մոռացե՞լ է իսկապես նա իրիկունը արդյոք
Վառարանը տաքացնել, միայնակ ու ծնկաչոք,
Ծածկել բրդյա վերմակով մանուկներին իր քնած,
Ներողություն ասելով, նախքան լքելը նրանց:
Չի՞ մտածել, որ տանը ցուրտ կլինի այդ ժամին,
Որ դռների արանքից կփչի սառը քամին…
- Օ՜, տենչա՛նքը մայրական. Դա մի վերմակ է տաքուկ,
Մանուկների ապաստան բույն է հարմար ու փափուկ,
Որտեղ որպես թռչուններ՝ ճյուղի վրա ճոճվելով,
Ննջում են մեղմ ու հանգիստ երազի մեջ անխռով…
- Բայց այս բնում էլ չկա ո՛չ ջերմություն, ո՛չ փետուր,
Եվ մրսում են ձագերը, վախեցած են ու տխուր.
Սառել է բույնը արդեն ձմռան քամուց բքաբեր…

III
Նրանք զրկված են մորից,- ճիշտ գուշակեց սիրտը ձեր:
Չկա մայրը, իսկ հայրը հեռու տեղ է գնացել…
- Նրանց կողքին լոկ պառավ աղախինն է մնացել:
Հիմա մենակ են նրանք սենյակում մութ ու սառած,
Չորս տարեկան որբուկնե՜ր. ահա մտքի մեջ նրանց
Կամաց-կամաց մի ուրախ հիշողություն է հառնում…
Ինչպես աղոթք անելիս տերողորմյան են համրում.
- Ա՜խ, գեղեցիկ առավոտ՝ ճոխ նվերներ խոստացող.
Ամեն մեկը, գիշերը, երազի մեջ լուսաշող
Տեսել էր իր ցանկացած խաղալիքները շքեղ,
Կոնֆետները ոսկեզօծ և զարդերը գունագեղ,
Որոնք զվարթ պտույտով պարում էին, շրխկում՝
Չքանալով ու նորից հայտնվելով սենյակում:
Առավոտյան ժպտադեմարթնանում են խնդագին՝
Տրորելով աչքերը՝ քաղցր համը շրթունքին…
Եվ ինչպես մեծ տոներին, աչուկներով լուսավառ,
Խոպոպներով գզգզված վազ են տալիս խենթաբար,
Մերկ տոտիկները հազիվ դիպցնելով հատակին՝
Մեղմիկ դուռը թակելու ծնողների սենյակի…
Ներս են խուժում… Գգվում են… եվ համբուրում են դարձյալ.
Նրանց այդ օրը մի քիչ կարելի է շփանալ:

IV
Ա՛խ, բառերն այդ կրկնվող թովիչ էին չափազանց.
- Հիմա այդ տունը զվարթ որքա՜ն, որքա՜ն է փոխված:
Վառարանում աղմուկով վառվում էր թեժ մի կրակ՝
Պայծառ լույսով լցնելով հին սենյակը բովանդակ,
Եվ ցոլքերը ալ կարմիր ցայտում էին ու փայլում,
Պար բռնելով խանդավառ կահույքի ջինջ հայելում:
- Չուներ ոչ մի բանալի պահարանը բազմաձև…
Միշտ գրավում էր նրանց փայտե դուռը գորշ ու սև…
Չկա՛ ոչ մի բանալի… տարօրինա՜կ է ինչքան…
Ի՞նչ գաղտնիքներ է պահում, տեսնես փորի մեջ ի՞նչ կա…
Եվ լսում են ասես թե փականքից մութ ու անձուկ
Ինչ-որ հեռու՜, անորոշ և ցնծալի մի աղմուկ:
- Ծնողների սենյակը լուռ ու դատարկ է այսօր.
Դռան վրա այլևս չկան ցոլքերը բոսոր,
Ծնողները, կրակը, բանալիները չկան,
Չկան նաև համբույրներ և նվերներ մոգական…
Օ՜հ, ի՛նչ տխուր կլինի Նոր տարվա օրն առաջին:
- Եվ տրտում ու մտահոգ աչուկներից կապտաջինջ
Դանդաղորեն դառնաղի արտասուքներ են կաթում,
Եվ մրմնջում են նրանք. «Մայրիկը ե՞րբ կգա տուն»:

V
Հիմա նորից քուն մտան մանուկները տրտմագին.
Քնած տեղն էլ թվում է, թե արտասվում են կրկին.
Աչքերն ուռած են այնպես, և ծանր է հևքը նրանց.
Երեխաները բոլոր զգայուն են չափազանց։
- Բայց հրեշտակը բարի նրանց արցունքը սրբեց
Եվ այդ ծանր քնի մեջ ուրախ երազ ուղարկեց,
Այնքան ուրախ, որ նրանց շրթունքները կիսաբաց
ժպտացին և ասես թե մրմնջացին կախարդված...
- Տեսան իբր, թե թմբլիկ թաթիկներին հենվելով՝
Արթնանում են մեղմորեն անուշ քնից անխռով
Ու մտորուն աչքերով ապշած նայում են, խնդում...
Հայտնվել են ասես թե մի վարդագույն դրախտում...
Վառարանի մեջ ուրախ երգում է բորբ մի կրակ,
Պատուհանից ժպտում է երկինքը ջինջ, կապուտակ,
Բնությունը արթնանում և արբում է շողերից...
Եվ երկիրը կիսամերկ վերածնվում է նորից՝
Սարսռալով արևի համբույրներից սիրավառ...
Եվ հին տանը ամենուր նորից տաք է ու հարմար,
Էլ թափված չեն հատակին սգո շորեր սևավոր,
Էլ չի ոռնում տան շեմին ձմռան քամին ահավոր...
Ինչ-որ բարի փերի է ասես եկել, կախարդել...
- Մեկտեղ ուրախ ճչացին երեխաները... Այնտեղ,
Մահիճի մոտ իրենց մոր, շողերի տակ հուրհրան,
Այնտեղ, գորգի վրա մեծ փայլփլում է ինչ-որ բան...
Մեդալյոններ են երկու արծաթավուն, սև-սպիտակ,
Սադափի ու սև սաթի ցոլանքներով շողարձակ,
Սև պսակներ՝ ապակե շրջանակի մեջ փոքրիկ,
Վրան ոսկե տառերով երեք բառ «ՔԵ՛Ջ, ՄԵՐ ՄԱՅՐԻԿ»։
:love

Սերխիո
21.08.2008, 18:47
Շնորհակալություն ,շատ լավն էր

Կաթիլ
21.08.2008, 18:50
ՏԱՐՏՅՈՒՖԻ ՊԱՏԻԺԸ

Բորբոքելով շարունակ տարփալի սերը սրտում,
Ձեռքին ձեռնոց, երջանիկ, երկար շուրջառը հագին,
Մի օր, երբ նա քայլում Էր հեզությամբ մի ահազդու,
Ատամնաթափ բերանից կախած լորձը հավատքի։

Մի օր, երբ նա քայլում Էր, «Տե՜ր իմ»,– մի Չար մարդ ինչ-որ
Նրա խոնարհ ականջը բռնեց, քաշեց կոպտաբար
Եվ շպրտեց երեսին հայհոյանքներ ահավոր՝
Խոնավ մաշկից պոկելով շուրջառը սև ու երկար։

Պատժվեց նա... Կորցրեց իր հագուստը եղկելին,
Եվ թողություն ստացած երկար ցանկը մեղքերի
Շարվեց նրա հոգու մեջ, և Մուրբ Տարտյուֆը դողաց...

Նա աղոթել Էր խռպոտ, ապաշխարել առ Աստված...
Սակայն մարդը հավաքեց, տարավ շորերը բոլոր...
- Պա՛հ, պա՛հ, տեսե՛ք, վերից վար մնաց Տարտյուֆը տկլոր։

Սերխիո
21.08.2008, 18:52
ո՜նց են սիրում հանգեր...

Կաթիլ
21.08.2008, 18:55
ԱՆԱԴԻՈՄԵՆԵ ՎԵՆԵՐԱ
Ինչպես կանաչ թիթեղյա մի դագաղից՝ հնամաշ
Լոգարանից ելնում է դանդաղորեն ու լռին
Մի չափազանց շպարված կնոջ գլուխ թխամազ,
Բավական վատ մշակված արատներով մաշկային։

Հետո՝ վիզը գորշ ու գեր, լայն թիակներն ուռուցիկ,
Գոգավոր ու փոս ընկած մկանները կարճ մեջքի,
Ապա ազդրերը գիրուկ՝ ասես պատրաստ թռիչքի,
Երևում է մաշկի տակ ճարպաշերտը թափանցիկ։

Ողնաշարը կարմիր է, և ինչ-որ մի ահավոր
Տարօրինակ տեսք ունեն առարկաները բոլոր.
Արտառոց բան, որ միայն զինված աչքով կտեսնես...

Նրա կլոր ազդրերին դաջված է. «Սուրբ Վեներա».
- Շարժվում ե ողջ մարմինը և ցուցադրում է ի տես
Սարսափելի գեղեցիկ հետույքի խոցը նրա։
27 հուլիսի 1870

Կաթիլ
21.08.2008, 19:22
ՆԻՆԱՅԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
ՏՂԱՆ -
Կուզես կուրծքս կրծքիդ վրա
Քայլենք անվերջ
Կապուտաշող առավոտվա
Շողերի մեջ,
Որ կցողեն գինու նման
Դեմքերը մեր...
Երբ անտառն է հեղում համայն
Համր մի սեր
Ամեն ճյուղից ու բողբոջից,
Ցողից կանաչ,
Սարսռում է օդի մեջ ջինջ
Մարմինր բաց։
Դու կփռես առվույտի մեջ
Շորդ ճերմակ,
Կշողացնես սև ու անշեջ
Աչքդ կրակ.
Սիրահարված ու երջանիկ
Կտարածես
Քո խենթ ծիծաղը շամպայնի
Փրփուրի պես.
Եվ կսկսես դու ինձ ծաղրել՝
Հարբած ուժգին,
Ես էլ ուժով կուզեմ քաղել
Քո շրթունքի
Բույրը մոշի ու ելակի,
Դու կծաղրես
Գարնան քամուն, որ կգրկի
Քեզ գողի պես,
Մասրենուն, որ իր գգվանքով
Կտանջի քեզ,
Եվ հատկապես սիրածին քո
Կծանակես...
Դու տասնյոթ տարեկան ես,
Կերջանկանաս,
Ահա դաշտերը սիրակեզ.
Դե ի՞նչ, կգա՞ս...
Կուզե՛ս կուրծքս կրծքիդ վրա.
Զրուցելով,
Քայլենք դանդաղ, մտնենք ապա
Անտառը զով...
Եվ աչքերը քո կիսաբաց,
Մեռյաչի պես,
Իմ թևերին՝ ընդարմացած
Դու կպառկես...
Եվ կտանեմ քեզ, ժպտադեմ,
Իմ թևերին,
Կերգի հավքը իր անդանտեն՝
«Կաղնիներին»...
Կկռանամ ես քո դեմքին,
Քեզ պինդ գրկած,
Ինչպես քնած երեխային,
Գինովացած
Քո արյամբ, որ հոսում Է տաք
Մաշկիդ ներքո,
Կասեմ խոսքեր ես համարձակ
Ականջին քո...
Անտառը իր հյութը կզգա,
Արեգակի
Շողքը վառման նրան կտա
Երազ ոսկի։

Տուն կդառնանք երեկոյան
Ճամփով ծանոթ,
Ինչպես հոտն է թողնում դժկամ
Հանդ ու արոտ:
Չորս կողմը խոտն է կապտաթույր
Ու անխռով,
Եվ այգիներ են՝ քաղցրաբույր
Խնձորներով։
Կիսամութին մենք գյուղ կգանք
Լուռ, հոգնաբեկ,
Կաթնեղենի հոտը կզգանք
Ամենուրեք,
Կզգանք օդի մեջ՝ գոմերի
Բույրերը տաք,
Կլսենք հևքը կովերի,
Եվ լուսնի տակ
Նրանց մազեղ մեջքը կոպիտ
Մենք կտեսնենք.
Ամեն քայլի կկոռոփի
Գոմեշը սեգ...
Հետո՝ ակնոցը տատիկի,
Քիթը երկար՝
Գրքի վրա, գարեջրի
Խըցված տակառ,
Նաև՝ ծխի ամպեր կապած
Ծխամորճներ,
Եվ ծխահոտ շուրթեր կախված,
Որ անհամբեր
Վերջ են տալիս խոզապուխտին
Ագահաբար,
Իր ցոլքերն է սփռում չորս դին
Կրակը վառ։
Մի մանուկի հետույքը գեր
Ու շողարձակ,
Որ ամանի մեջ է խցկել
Դեմքը ճերմակ,
Գռմռում է կողքին մի շուն
Մեծ, պատվավոր,
Որ քսվում է նրան, լիզում
Թուշը կլոր...
Մռայլ, նստած աթոռակին
Մի անկյունում
Սարսափազդու մի պառավ կին
Թել է մանում...
Եվ կտեսնենք, սե՛ր իմ, էլի
Բաներ այնքա՜ն,
Երբ կրակը լուսավորի
Դուռ, պատուհան...
- Հետո թփի տակ մի փարթամ
Յասամանի
Մեզ թաքնված մի պատուհան
Աչքով կանի...
Կգա՜ս, կգա՜ս, սիրու՛մ եմ քեզ,
Իմ բարձրահո՛ն,
Կգաս, չէ՞, դու, որ մշտապես... :love
ԱՂՋԻԿԸ -
Իսկ իմ բյուրո՞ն։ :o

Սերխիո
21.08.2008, 19:28
Վերջինը վերջն էր …

Կաթիլ
21.08.2008, 20:51
ՍԻՐԱՎԵՊ

I
Տասնյոթամյա հասակում լուրջ չի’ լինում ոչ մի մարդ.
- Ու մի դյութիչ երեկո՝ մի կողմ թողած աղմկուն
Սրճարանները պայծառ, գարեջուր թե լիմոնադ,
- Դու գնում ես շրջելու լորիների պուրակում։

Լորենինե՜ր բուրաշատ... երեկոն է մեղմ ու ջերմ...
Հովն այնքան հեզ է շոյում, որ նիրհում ես ակամա,
Քամին աղմուկ է բերում,֊ քաղաքն այնքան հեռու չէ,–
Որթատունկն է օրորում, ու կքնես դու հիմա...

II
- Նկատում ես երկնքում մռայլ, տխուր մի մշուշ՝
Փոքրիկ լաթի մի կտոր՝ շրջակարված ոսկեթել,
Ու պատռված՝ սպիտակ աստղի կողմից չարագույժ,
Որ սարսռում է համակ, ասես մահն է իր գտել...

Տասնյոթամյա պատանի... երեկոներ հունիսյան...
Հարբած հյութից շամպայնի՝ դու սավառնում ես երկնում,
Թպրտում Է շուրթերիդ, ինչպես փոքրիկ մի գազան,
Համբույրը տաք ու թովիչ, ու լեզուդ կապ Է ընկնում։

III
Սիրտդ, որպես Ռոբինզոն, խենթանում Է անծանոթ
Վեպերում, երբ լապտերի լույսի միջով գունաթափ
Դանդաղ անցնում Է փոքրիկ, հիանալի մի օրիորդ՝
Հոր կոճկովի օձիքի ահաբեկիչ շուքի տակ։

Եվ քանի որ դուք նրան անչափ նաիվ եք թվում,
Նա հեռանում է արագ կոշիկներով իր պստիկ,
Հետո շրջվում Է կտրուկ, կարծես, ձեզ Է հետևում,
Եվ մահանում Է իսկույն ձեր շուրթերի մեղեդին։

IV
Սիրահարված եք արդեն, վարձված մինչև սեպտեմբեր...
Ծիծաղեցնում են նրան ձեր սոնետներր հլու,
Ո՛չ ախորժակ Էլ ունեք, ո՛չ բարեկամ, ո՛չ ընկեր,
- Եվ մի օր էլ պաշտելին հաճում Է ձեզ գրելու։

Եվ այդ օրը դուք նորից պատվիրում եք լիմոնադ
Կամ գարեջուր՝ մտնելով մի սրճարան աղմկուն...
Տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ,
Երբ գնում Է շրջելու լորիների պուրակում։
23 սեպտեմբերի, 1870

Annushka
22.08.2008, 10:25
Ընտիր է, ես հավանում եմ Ռեմբոյին,:) :hands շատ խորը փիլիսոփայական մտքեր ունի: Խորհուրդ կտայի օրիգինալով էլ կարդալ: Ինտերնետում կարելի է փնտրել ;) Ճիշտ ա, թարգմանությունը լավն ա, բայց ցանկացած գրողի հոգին ամբողջությամբ զգալու համար պետք ա կարդալ օրիգինալով, այն լեզվով, որով նա ստեղծագործել է::)
Մի քանի բան էլ ես տեղադրեմ...

ՀՄԱՅՎԱԾՆԵՐԸ

Սև գնդի նման` ձյան ու բքի մեջ
Շրջան են կազմել լուսավոր ու մեծ
Պատուհանի տակ,
Հինգ փոքրիկ,- թշվառ,-նայում են ծնկած
Ճերմակ հացթուխին,որ մեջքը կքած
Հաց է թխում տաք…
Տեսնում են ուժեղ ձեռքը հացթուխի,
Որ գորշ խմորն է հունցում, թխի
Շեկ վառարանում:
Տեսնում են`ինչպես մի մեծ, բարի հաց
Եփվում է դանդաղ, հացթուխն էլ կամաց
Երգ է դնդնում:
Ու կուչ են գալիս,սեղմվում իրար`
Կարմիր օդանցքի շնչից բարերար`
Կրծքի պես տաքուկ:
Եվ երբ գիշերվա զանգերն թնդում
Ու հացն են հանում ծանր, կայծկլտուն,
Դեղին ու փափուկ,
Ու երբ ծխացող ցախերի միջից
Երգում են բուրյան փշուրներն հացի
Ծղրիդների պես,
Եվ երբ անցքն այդ շոգ շնչում է կյանքով,
Հոգի'ն է նրանց լցվում բերկրանքով
Փալասների մեջ,
Ու նրանք այնպե՜ս ուտել են ուզում,
Փոքրիկնեն այդ խեղճ`եղյամով լեցուն,
-Որ այնտեղ են, տե՛ս,
Փոքրիկ, վարդագուն դեմքերը հպած
Փշալար ցանցին, սրունքները բաց,
Երգում են ասես,,
Աղոթք են ասում ի փառս փռի,
Նրաց ձգում է երկինքն այդ բարի
Այնպիսի~ ուժով,
Որ ճաքճքում են շալվարները կարճ,
Ու սրունքների գծերում թերաճ
Քամին է շրշում…


ԱՌԱՋԻՆ ԵՐԵԿՈՆ

(երեք համբույրի կատակերգություն)

— Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։


Կիսամերկ բազմելով բազկաթոռին իմ չոր՝
Նա ձեռքերն էր խաչել. և հատակին կախված
Նրա ոտքը փոքրիկ, նուրբ ու սիրատոչոր
Դողում էր հաճույքից՝ կամաց, կամաց, կամաց։


-Եվ ես տեսա, ինչպես մի գունափայլ պարոն,
Թփի միջից ելած մի ճառագայթ բարակ,
Նրա ժպտուն դեմքին անհոգ թռվռալով.
Իջավ կրծքին, ինչպես ճանճը՝ վարդի վրա։


Համբուրեցի նրա կոճը ես նրբակազմ.
Նա ծիծաղեց կտրուկ մի ծիծաղով հանգած,
Որի դայլայլը լույս կախվեց օդում մաս-մաս,
Հետո բյուրեղացավ, ընկավ ու զրնգաց։


Փոքրիկ ոտքերն իսկույն անցան շապիկի տակ
Եվ փրկվեցին. «Վե՛րջ տուր», ասաց նա մեղավոր,
— Եվ իրեն թույլ տված արարքն այդ համարձակ՝
Ձևացրեց, թե իբր պատժում է ծիծաղով։


— Խեղճ աղջիկը դողաց շրթունքիս տակ, երբ ես
Քնքշությունով իմ ողջ աչքերին մեղմ դիպա,
Կոտրատվելով իսկույն գլուխը ետ թեքեց.
«Սա տանելի է դեռ, ավելի լա'վ է, բայց...


Պարոն, խոսելու բան քեզ հետ ունեմ նորից...».
Ես վերջին համբույրի մնացորդը անուշ
Դրոշմեցի կրծքին. նա ծիծաղեց, որ ինձ
Ո՛չ միայն շատ, այլև լավ բան էր խոստանում...
— Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։

ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամռան կապույտ գիշերին շավիղներով կգնամ՝
Ծակծկվելով հասկերից, ճզմելու արտը խոտի,
Անրջելով՝ ոտքերիս նրա զով շունչը կզգամ
Եվ կթողնեմ, որ քամին մազերը իմ շաղոտի։
Կքայլեմ ես միայնակ, լուռ ու առանց խորհելու,
Սակայն սերը անսահման կհամակի իմ հոգին,
Գնչուի պես կգնամ ես միշտ հեռու, միշտ հեռո՛ւ
Ու կգրկեմ երջանիկ Բնությունը, որպես կին։

impression
22.08.2008, 10:53
Երեխեք, թե գտնեք "Երազանք ձմեռվա պաշար"-ը, խնդրում եմ, դա էլ տեղադրեք, ես մենակ օրիգինալն ունեմ, իմ կարծիքով իր լավագույն գործերից է, քիչ ունի նման գողտրիկ ու քնքուշ բանաստեղծություններ:

Rêve pour l'hiver

L'hiver, nous irons dans un petit wagon rose
Avec des coussins bleus.
Nous serons bien. Un nid de baisers fous repose
Dans chaque coin moelleux.

Tu fermeras l'oeil, pour ne point voir, par la glace,
Grimacer les ombres des soirs,
Ces monstruosités hargneuses, populace
De démons noirs et de loups noirs.

Puis tu te sentiras la joue égratignée...
Un petit baiser, comme une folle araignée,
Te courra par le cou...

Et tu me diras: "Cherche!" en inclinant la tête,
Et nous prendrons du temps à trouver cette bête
Qui voyage beaucoup...

Annushka
22.08.2008, 10:56
Տեղադրում եմ;)
ԵՐԱԶԱՆՔ` ՁՄԵՌՎԱ ՊԱՇԱՐ
ՆՐԱՆ

Բազմած կապույտ բարձերին, ձմեռվա խիստ ցրտերին,
Մի վագոնով վարդագույն,
Որի թավշյա պաստառին խորը քնած կլինի
Համբույրների մի հին բույն,

Ճամփորդելու կմեկնենք, դու աչքերդ կփակես.
Խելագար ճիվաղի պես Դևերի ամբոխը սև՝
Դիմակները կարկատած սև աչքերին, կռվասեր,
Պատուհանից կնայի սարսափահար ինձ ու քեզ։

Հետո թշիդ դու կզգաս մի ճանկռվածք փաղաքուշ.
Կվազվզի քո վզին համբույրը մեղմ ու քնքուշ՝
Սարդի նման խելագար։

Կասես. «Փնտրիր»՝ խոնարհած գլուխըդ իմ ծնկներին,
Մենք կսկսենք անշտապ փնտրել այդ խենթ գազանին,
— Որ ճամփորդում է երկար։

Վագոնում, 7 հոկտեմբերի, 1870

Tig
22.08.2008, 11:34
Աննուշկա ջան, ինչքան հասկանում եմ Արթուր Ռեմբոյի ստեղծագործությունները դու չես հավաքում, այլ www.Armsoul.com - ից Copy Paste ես անում, որովհետև ուրիշ տեղ ինչքան գիտեմ չկա հայերեն տարբերակով: Գոնե գրի որտեղից ես վերցնում, կամ ավելի ճիշտ ըստ ֆորումային կանոնադրության լինկ դիր:;)

Annushka
22.08.2008, 13:56
Չեմ հասկանում՝ ինչ պրոբլեմ կա: Ոչ մի տեղ չի գրված, որ ես պետք ա հավաքեմ, և հետո, քանի՞սն են նյութ զետեղելուց պարտադիր նշում աղբյուրը: թե՞ դա այդքան մեծ պրոբլեմ ա, ասեմ, որ ես նամակ եմ գրել Լեգնա-ին : Եթե ես տեղադրեի ինչ-որ մեկի ստեղծագործությունները, անպայման կհարցնեի, չէի խախտի ոչ մեկի հեղինակային իրավունքները, բայց չեմ հասկանում ինչու սա դառավ հուզմունքի պատճառ: Կարծեմ թեման բացողն էլ Լեգնան չի ու նա էլ լինկ չի դրել: Ես առաջին անգամ եմ լսում, որ դա պարտադիր ա: Եթե այդպես ա, դա կիրառեք բոլոր անդամներ համար, բոլոր թեմաներում և ամեն մի նյութ զետեղելիս պարտադրեք աղբյուրը գրել.. լինի դա հայալեզու գրառում,թե օտարալեզու, երգի բառեր, ստեղծագործություններ թե տեղեկատվություն::B Չէի կարծում, որ այս թեմայում կարևորը այն է, թե ով է հավաքել, կարծում էի կարևորը ընթեցողին ստեցծագործությունները ներկայացնելն է: Եվ ի միջի այլոց, ինտերնետում որոնելիս և նյութ գտնելիս չէի կարծում, որ ակումբի բոլոր անդամներին պիտի հարցնեյի հո իրենք չեն նեղանա, որ լինկ չդնեմ: Պարզ ա, որ ակումբի տարբեր բաժիններում զետեղված նյութերի մի մասը հավաքված է ոչ ակումբի անդամների կողմից, նույնիսկ կասեի օտարազգի մարդկանց կողմից ինտերնետում զետեղված նյութեր են: Փոխանակ կարդաք և գնահատեք ստեղծագործությունը, հավաքողի կամ չհավաքողի կռիվ եք անում: Հեղինակային իրավունքի հարց չեմ տեսնում այստեղ: Չեմ կարծում, որ հավաքողը հարցրել ա հեղինակի ժառանգորդների կամ հեղինակային իրավունքները պաշտպանողի կարծիքը ստեղծագործությունները տեղադրելիս, թեկուզ թարգմանաբար:think

Կաթիլ
22.08.2008, 18:33
Աննուշկա ջան, ինչքան հասկանում եմ Արթուր Ռեմբոյի ստեղծագործությունները դու չես հավաքում, այլ www.Armsoul.com - ից Copy Paste ես անում, որովհետև ուրիշ տեղ ինչքան գիտեմ չկա հայերեն տարբերակով: Գոնե գրի որտեղից ես վերցնում, կամ ավելի ճիշտ ըստ ֆորումային կանոնադրության լինկ դիր:;)

Ուրիշ տե՞ղ, իսկ ... ներեցեք, Armsoul.com-ում տեղադրողն ինքն է թարգմանե՞լ :) հետաքրքիր է... :)
Ես համենայն դեպս scan եմ արել, հիմա էլ տեղադրում եմ այստեղ... եթե ինչ-որ մեկին այդ փաստը դուր չի գալիս, բոլորովին պարտադիր չէ, որ նա այցելի այս թեման... չեմ ցանկանում ծավալվել (դրա կարիքն առանձնապես չի էլ զգացվում)… Ժողովուրդ, դավայծե ժիծ դրուժնօ ա՞ ՜:P

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

Գտնվել Է կրկին։
Ո՞վ։ – Հավերժությու՛նը։
Դա արևի ձեռքից
Բռնած քայլող ծովն Է:

Դու՝ հոգի ժամապահ,
Պատմիր օրվա հրկեզ
Եվ անմիտ գիշերվա
Խոստովանանքը մեզ։

Քվեներից մարդու,
Ցատկռտուքից նրա
Անդ կազատվես և դու,
Կճախրես՝ ըստ դրա։

Լոկ ձեր ներսից քանզի,
Բոցի պես կերպասե,
Պարտքն այնպես կցնդի,
Չեք Էլ հասցնի խոսել։

Այնտեղ աղերս չկա,
Ո՛չ Էլ՝ հույսի նշույլ,
Սովորի՛ր և տոկա՛,
Տանջանքն Է լոկ կայուն։

Գտնվել Է կրկին։
Ո՞վ։ – Հավերժությունը։
Դա արևի ձեռքից
Բռնած քայլող ծովն Է.
Մայիս, 1872

Կաթիլ
22.08.2008, 19:28
ՈՍԿեԴԱՐԸ

Ինչ-որ մի ձայն, շատ անուշ,
Հավերժական հրեշտակի,
- Խոսքն իմ մասին Է, անշուշտ,
Վիճարկում Է շեշտակի։

Այս բյուր հարցերը կպչուն,
Որ ընձյուղվում են անվերջ,
Արբեցնում են ի վերջո
Եվ գցում Քեզ տենդի մեջ:

Աշտարակն այս ճանաչի՛ր,
Այնքա՜ն թեթև, այնքա՜ն գոհ,
Դա լոկ ծաղկունք Է, ալիք,
Եվ ընտանիքն Է դա քո։

Հետո երգում Է նա։ Օ՜,
Այնքա՜ն գոհ, այնքա՜ն թեթև՝
Կտեսնես անզեն աչքով...
- Ես երգում եմ նրա հետ,–

Աշտարակն այս ճանաչի՛ր,
Այնքա՜ն թեթև, այնքա՜ն գոհ,
Դա լոկ ծաղկունք Է, ալիք,
Եվ ընտանիքն Է դա քո... և այլն…

Հետո մի ձայն, շատ անուշ,
Հավերժական հրեշտակի,
- Խոսքն իմ մասին Է, անշուշտ,-
Վիճարկում Է շեշտակի։

Եվ երգում Է իսկույն նա
Քրոջական շնչով և
Գերմանացու հանգունակ,
Սակայն վառ ու լիարժեք։

Սխա՛լ Է այս աշխարհը,
Զարմանալու բան չկա՛,
Դժբախտության խավարը
Այրիր ու գործիդ գնա՛։

Օ՜ , ապարանք գեղեցիկ,
Կյանքդ պայծա՜ռ Է ինչքան.
Ո՞ր դարից դու հառնեցիր,
Դու հանճար արքայական
Մեր եղբոր ազնվական. և այլն..

Երգում եմ ես նորիցնոր։
Դու՛ք՝ քույրեր հազարավոր
Ոչ հանրային ձայների,
Պսակեցե՛ք ինձ պատվով
Առաքինի փառքերի... և այլն...
Հունիս, 1872

Կաթիլ
22.08.2008, 19:57
ՋԱՀԵԼ ԶՈՒՅԳ

Բաց է սենյակը նեղ երկնի դեմ կապտաշող.
Տեղ չկա. ամենուր՝ սնդուկներ փոքր ու մեծ,
Դրսի պատն է ծածկում զրվանդը սողացող,
Ուր տան ոգիներն են բացում լնդերն իրենց։

Այդ ծախսերն անիմաստ, այդ վեճերն առօրյա
Անշուշտ չարաշշուկ ոգիներն են գործել,
Գետնաթութ են բերում փերիներն աֆրիկյան,
Տեղադրելով բոլոր անկյուններում ցանցեր։

Կնքամայրերն, ահա, դժգոհ ներս են մտնում,
Թափանցում են բուֆետ լույսի շողի նման
Ու նստում են այնտեղ. ոչ ոքի չեն գտնում.
Բացակա է զույգը, չկա անելու բան։

Խաբում է պսակվածին քամին, քամին չարկամ,
Երբ բացակա է նա, իսկ ինքը տանն է միշտ,
Եվ ջրային խենեշ ոգիները անգամ
Նրանց առագաստն են մտնում, ելնում հանգիստ։

Մեղրամիսը, ավա՜ղ, գրկում կեսգիշերվա
Ժպիտը կքաղի նրանց և բովանդակ
Երկինքը կլցնի քողերով պղնձյա։
Հետո առնետի հետ գործ կունենան նրանք։

Թե չգա մի գունատ, թափառական կրակ,
Կրակոցի նման մով իրիկվա ժամին,
- Օ՜ դուք Բեթղեհեմի տեսիլքնե՛ր սպիտակ,
Դյութեցե՛ք կապույտը նրանց պատուհանի։
27 հունիսի, 1872

Կաթիլ
22.08.2008, 23:31
ԲՐՅՈՒՍԵԼ
Հուլիս, Ռեգենտի բուլվար

Մարգերն են ձգվել նուրբ ամարանթի
Մինչ Յուպիտերի պալատը վսեմ,
Ես գիտեմ, գիտեմ, որ դու ես այստեղ
Խառնում կապույտը քո Սահարայ:

Այստեղ եղևնու և վարդի նման
Լիանան ունի խաղեր չափավոր,
Վանդա՜կը այրու… Օ՜, որքա՛ն, որքա՛ն
Ծիվ-ծիվ, ծլվլան հավքե՜ր թևավոր...

Անխռով տներ, խռովքներ անցյալ,
Սիրուց գժվածի փոքրիկ տաղավար,
Վարդենուց վերև, ցածր ու խավար
Պատշգամբը այն չքնաղ Ջուլիետի,

Որ հիշեցնում է ինձ Հենրիետին.
Մի երկաթուղու կայարան թովիչ
Լեռան սրտի մեջ, այգու պես մթին,
Ուր պարում են լուրթ չարքեր բազմաթիվ։

Շեկ իռլանդուհին կանաչ աթոռին
Մի խոլ դրախտի մասին է երգում,
Աղմուկն է լսվում ճաշասենյակում
Երեխաների ու վանդակների։

Պատուհանի մոտ դուքսի՝ բարձր ու սեգ
Տոսախ ծառերն են, որ մտնում են քուն,
Եվ խխունջները պատրաստում են թույն։
Հետո՝ չքնաղ է անչափ։ Բայց լռե՛նք։

Բուլվարում չկա աղմուկ, առևտուր,
Դրամաներն ու զավեշտներն համայն
Միավորելով բեմում անսահման՝
Ես քեզանով եմ սքանչանում լուռ։

Կաթիլ
24.08.2008, 17:45
ԱՐեՎ ԵՎ ՄԱՐՄԻՆ

I
Արեգակը հնոցն է գգվանքների և կյանքի,
Որ հմայված երկրի մեջ հուրն Է հեղում հեշտանքի,
Եվ երբ պառկում ես դաշտում, դու ջղերով քո իսկույն
Հասունացած այս հողի արյան խռովքն ես զգում.
Նրա կուրծքը անսահման՝ լցված հևքով կենդանի,
Կնոջ ծոցի Է նման և Աստծո սեր ունի,
Եվ շողերն ու ավիշը ստեղծում են նրա մեջ
Մի մրջնանոց սաղմերի, որ չունեն թիվ, չունեն վերջ։

Եվ աճում Է ամեն ինչ։
- Օ՜, Վեներա, Դիցուհի՛,
Ափսոսում եմ ես ջահել ժամանակները այն հին
Կենդանակերպ ֆավների, սատիրների հեշտասեր,
Որոնք սիրուց խենթացած, կրծում Էին կեղևներ
Եվ համբուրում Նիմփերին շուշանների մեջ ճերմակ.
Ժամանակնե՛րը այն հին, երբ ավիշը բովանդակ,
Գետի ջուրը, ծառերի ալ արյունը կենդանի
Հեղում Էին տիեզերք երակների մեջ Պանի,
Երբ նա հողն Էր դողացնում կճղակավոր ոտքի տակ,
Երբ համբուրում Էր մեղմիկ սրինգը իր քաղցրորակ
Եվ հնչեցնում երկնի տակ սիրո օրհներգը վսեմ,
Երբ կանգնում Էր նա հովտում եւ կամենում Էր լսել
Ի պատասխան իր կանչին՝ արձագանքը Բնության,
Երբ օրորում Էր ծառը թռչուններին քաղցրաձայն,
Հողն օրորում Էր Մարդուն, և Աստված Էր հովանի
Էակներին իր բոլոր և բովանդակ Օվկիանին,
Ժամանակնե՛րը այն հին, երբ Կիբելեն փառապանծ,
Աստվածորեն գեղեցիկ, պղնձե կառքը նստած,
Շրջագայում էր շքեղ քաղաքների մեջ պայծառ.
Նրա կրծքերը երկու տարածության մեջ անծայր
Հեղում էին անսպառ կենաց շիթեր անարատ,
Եվ պտուկները նրա ծծում էր Մարդը զվարթ՝
Երեխայի պես փոքրիկ նստած նրա ծնկներին։
- Ուժեղ Էր Մարդը, ուստի ողջամիտ Էր ու բարի։
Խե՜ղճը, այժմ ասում Է, թե ամեն ինչ գիտեմ ես,
Բայց անցնում Է իր ճամփան նա խուլի ու կույրի պես։
- Չկա և ոչ մի աստված, մարդը երկինք Է հասել,
Մարդը Աստված Է, սակայն Սերն Է Հավատը վսեմ։
Ա՛խ, եթե Մարդը մնա՜ր ստինքներից քո կախված,
Օ՜, Կիբե՛լե, դու մեծ մայր աստվածների եւ մարդկանց.
Եթե Մարդը դիցուհի Աստարտեին չլքե՜ր,
Որը կապույտ ջրերից ելավ մի օր լույս եթեր,
Որպես տարտամ բույրերով մարմին առած մի ծաղիկ,
Ցույց տալով իր փրփրապատ պորտը վարդից գեղեցիկ
Եվ ստիպեց, որ երգեն, սև աչքերով իր անշեջ,
Սոխակները՝ անտառում եվ սերը՝ մեր սրտի մեջ։

I I
Հավատում եմ քեզ, օ՜ մա՛յր, օ՜ դիցամա՛յր աննման,
Ափրոդիտե՛ Ծովածին։ – Օ ՛հ, փշոտվեց մեր ճամփան,
Երբ որ ուրիշ մի Աստված մեզ շղթայեց իր խաչին.
Հավատում եմ քե՛զ՝ Ծաղիկ, Մարմար, Վեներա, Մարմին։
- Այո, Մարդը տխուր է ու տձև այս երկնի տակ,
Հագնվում է, քանի որ անպարկեշտ Է, այլանդակ,
Աղարտել է, ծռմռել, հրակիզված կուռքի պես,
Օլիմպիական մարմինն իր ստրկության մեջ խայտառակ։
Մահից հետո Էլ անգամ, Մարդը, որպես փուչ կմախք,
Կուզե ապրել գետնելով գեղեցկությունը նախկին։
- Իսկ քո այդ Կուռքը պաշտած, որին կոչում ես դու Կին,
Կավն այդ, որի մեջ այնքան մաքրություն ես դրել դու,
Որպեսզի Մարդը ցրի խավարը հեգ իր հոգու,
Կամաց-կամաց ելնելով, սիրո գրկում անսահման,
Իր երկրային զնդանից դեպի լույսերը վառման.
Կինն այդ հիմա չի կարող լինել նույնիսկ հետերա։
- Օ՜, ինչպիսի տխուր Ֆարս։ Հիմա մարդիկ, Վենե՛րա,
Ծաղրում են քո անունը սիրելի ու սրբազան։

III
Ժամանակները անցած վերստին ե՛տ կդառնան,
- Քանզի Մարդը վերջացա՜վ, խաղաց դերերն իր բոլոր։
Բայց կփշրի ձանձրացած նա իր կուռքերը մի օր,
Աստվածներից ազատված կյանք կմտնի նա կրկին
Եվ կհասնի վերջապես իրեն ծնող երկնքին։
Իդեալը, մտքերը անմեկնելի և անվերջ,
Աստվածը, որ ապրում է նրա մարմնի կավի մեջ,
Կելնեն, լույսով կպատեն նրա ճակատը պայծառ,
Իսկ երբ չափել կարենա նա հորիզոնը անծայր,
Դու՝ հին լծի հերքողդ, զերծ վախերից ամենայն,
Կգաս նրան շնորհելու Քավությունր սրբազան։
- Կրծքերով մեծ մայրերի, շքեղաշուք, գեղատես,
Կհայտնվես եվ անծիր Տիեզերքին կնետես
Սերը, Սերը անսահման քո անսահման ժպիտով,
Մի վիթխարի համբույրի սարսուռի մեջ հոգեթով
Կթրթռա Աշխարհը քնարի պես վիթխարի։
- Դու կգաս, որ հագեցնես սիրո ծարավն Աշխարհի։
………………………………………………………………..
Բարձրացնում Է գլուխը Մարդը հպարտ, ինքնիշխան,
Եվ հեղակարծ շողերը գեղեցկության նախնական
Արթնացնում են աստծուն մեհյանի մեջ մարմնի։
Երջանկացած, մոռացած տառապանքը երբեմնի,
Մարդը ամեն, ամեն ինչ կուզե չափել, իմանալ.
Միտքը՝ երկար, շատ երկար սանձահարված երիվար,
Ծառս է լինում, և երբ նա սուրա, ինչպես խոլ թռչուն,
Մարդը կգա Հավատի եվ կիմանա, թե Ինչու՛...
- Ինչու լազուրը համր է, տարածությունն՝ անսահման,
Ինչու՞ աստղեր կան այսքան ավազի պես անքանակ,
Ի՞նչ կտեսնես վերևում, եթե անվերջ բարձրանաս,
Ունի ինչ-որ մի Հովիվ աշխարհների նախիրն այս,
Որ քայլում է մշտապես տարածությամբ ահավոր։
Եվ եթերում թեվածող աշխարհներին այդ բոլոր
Չի՞ տատանում ինչ-որ մի հավերժական ձայն արդյոք։
- Եվ տեսնել ու հավատալ կարող Է Մարդը իրոք,
Արդյոք մտքի ձայնը սոսկ երազանք չէ՞ մի դատարկ։
Մարդը աշխարհ է գալիս եվ ապրում է մի կարճ կյանք.
Որտեղի՞ց Է հայտնվում. Սերմերի ու Սաղմերի
Օվկիանո՞սն Է նա սուզվում, խոր հատակը վիթխարի
Այն Հալոցի, որտեղից Մայր-Բնաթյունը կրկին
Նրան կյանքի է կոչում, որպես ապրող Էակի՝
Ցորենի մեջ աճելու և սիրվելու վարդի մեջ...

Մենք չենք կարող իմանալ, և մեզ ճնշում էն անվերջ
Չիմացության թիկնոցն ու քիմեռները դիվական։
Կապիկի պես ընկնում ենք մենք արգանդից մայրական
Եվ անհաղորդ ենք մնում անսահմանին մշտապես։
Մենք կամենում ենք նայել, բայց Կասկածն է խոցում մեզ
Խփում է ժանտ իր թևով որպես դժնի մի թռչուն...
- Եվ հորիզոնը հավերժ մեզնից փախչո՜ւմ է, փախչում...
…………………………………………………………………….
Բաց է երկինքը անհուն, և գաղտնիքներ էլ չկան.
Մարդը կանգնել է ոտքի՝ մեծահանդես բնության
Շքեղության մեջ անբավ ապավինած իր բազկին,
Երգում է նա... Անտառն ու գետն են երգում մեղմագին.
Երջանկության երգն է դա, որ ճախրում է դեպի վեր.
- Դա Քավությունն է հոգու, դա սերն է մեր, սե՛րն է մեր...
……………………………………………………………………..

IV
Օ՜, վեհապանծ դու մարմի՛ն, օ՜ իդեա՛լ վեհապանծ,
Օ, սուրբ սիրո արթնացու՛մ, օ՜ հաղթական այգաբա՛ց,
Երբ Կալիպիգը ճերմակ և Էրոսը հոգեթով
Հերոսներին և բոլոր Աստվածներին հաղթելով,
Ձյունաճերմակ վարդերի թերթիկներով զարդարված,
Նուրբ ոտքերով կհպվեն ծաղիկներին ու կանանց։
- Օ՛, Արիա՛դնե չքնաղ, որ հոգոցներ ես հանում
Ծովի ափին, տեսնելով, թե ինչպես է հեռանում
Առագաստը Թեսևսի ալիքների մեջ երեր,
Քնքու՜շ մանու՛կ անարատ, որ ջարդվեցիր մի գիշեր,
Մի՛ լար. կառքով իր ոսկե՝ սև խաղողով զարդարուն,
Հարբած Բաքոսն է շրջում փռուգիական դաշտերում,
Ինձերի հետ շիկամորթ, վագրերի հետ հեշտասեր,
Երկայնքով մով գետերի, հանելով ալ փրփուրներ։
- Զևսը ահա՛ ցլակերպ՝ առած հուժկու իր վզին
Եվրոպեին մորեմերկ, որը նետում է նրբին
Իր բազուկը Աստծո պարանոցին սարսռուն։
Տարտամ աչքով նայում է Ջևսը ծաղկած գեղուհուն,
Որ ճակատին է նրա հպում իր այտը չքնաղ
Եվ շող աչքերը փակած, հալվում, հալվո՛ւմ է նվաղ
Համբույրի մեջ դյութական, և ալիքներն անխռով
Նրա վարսերն են ծածկում ոսկեպսակ փրփուրով։
Դափնեվարդի և կայտառ լոտոսների մեջ, ահա՛,
Մեղմ սահում է երազկոտ մեծ Կարապը սիրահար
Եվ գրկում է Լեդային իր թևերով ձյունաթույր.
- Ընթանում է Կիպրիսը գեղեցկությամբ իր անլուր,
Ցուցադրելով փառահեղ ազդրերը իր անթերի,
Շողացնելով ձույլ ոսկին իր լուսահեղ կրծքերի
Եվ իր Փորը ճեփ – ճերմակ՝ սև մամուռով զարդարված։
- Քաջ Հրակլեսը, ահա, առյուծաձև, սիգապանծ,
Որի մարմնի վրա պիրկ առյուծի մորթն է փայլում,
Ճակատով մեղմ ու խրոխտ, դեպ հորիզոնն է քայլում։

Դրիասը ամառվա լուսնի լույսի տակ աղոտ
Թալկությամբ իր ոսկեցոլ կանգնած է մերկ, երազկոտ,
Երկար հյուսքերը կապույտ ալիքվում են նուրբ մեջքին,
Մշուշապատ բացատում, մամուռի մեջ շողարձակ
Նայում է նա ակնդետ լուռ ու համր երկնքին...
- Իր քնքուշ քողն է նետում Սելենեն սեգ ու ճերմակ
Երկչոտորեն՝ ոտքերին էնդիմիոնի նրբագեղ
Եվ ցոլքերի մեջ գունատ համբուրում է նրան մեղմ...
- Հեծեծում է Աղբյուրը հեռվում, վշտի մեջ խորին...
Օ՜, դա Նիմփն է երազում՝ արմունկը իր սափորին.
Այն գեղեցիկ պատանուն, որին ալիքը տարավ։
- Գիշերվա մեջ հեշտագին սիրո զեփյուռը թռավ,
Եվ անտառում սրբազան, ծառերի մեջ վեհաշունչ
Մարմարները մթամած, Աստվածները, որոնց փուչ
Ճակատին բույն է հյուսում Խածկտիկը թռվռան,
- Լուռ ունկնդրում են Մարդուն և Աշխարհին անսահման։
29 ապրիլի, 1870

Ավելացվել է 8 րոպե անց
ՕՖեԼՅԱ

I
Կոհակներում սև ու խաղաղ, ուր աստղերն են նիրհում անկար,
Ճերմակ Օֆելյան է լողում՝ հսկայական շուշանի պես,
Դանդաղորեն լողում է նա՝ պառկած քողում լայն ու երկար...
Անտառներից հեռու՜-հեռու՜ լսվում է ձայն մի աղեկեզ։

Արդեն հազար տարի է, ինչ այդ Օֆելյան մելամաղձոտ
Անցնում է հանց ճերմակ ուրու սև գետերով երկարահուն։
Արդեն հազար տարի է, ինչ խենթությունը նրա թախծոտ
Մի ռոմանս է ձոնում տխուր երեկոյի թեթև քամուն։

Համբուրում է կուրծքը քամին, ծաղկեպսակը նորաբաց,
Ջրերը մեղկ ու հեշտալի նրա լայն քողն են մեղմ ճոճում.
Երազահույզ դեմքը դալուկ եղեգներն են շոյում արբած,
Եվ ուսերին արտասվում են ուռենիները դողդոջուն։

Նրա կողքին հառաչում է ջրաշուշանը մշտատև,
Լաստենու մեջ երբեմն նա արթնանում է քնից իր խոր,
Թռչունի թևն է թփի մեջ մերթ թպրտում թեթևաթև,
Եվ աստղերից մի ոսկեզօծ երգ է ընկնում խորհրդավոր։

II
Դալկահար ես դու, Օֆե՛լյա, և գեղեցիկ՝ ձյունը ինչպես,
Դու մահացար դեռ երեխա՝ տարված գետի դանդաղ հոսքով,
Նորվեգական վեհ լեռներից իջնող հովերն էին, որ քեզ
Ազատության դառը հեքիաթն էին պատմում թույլ շշուկով։

Անհայտ մի սյուք էր, որ անգութ վարսերն էր քո խառնում գանգուր
Ու ցրում էր երազներդ մի աղմուկով տարօրինակ,
Տերևների խշշյունի մեջ ու գիշերվա հառաչանքում
Բնության երգն էր ունկնդրում սիրտդ բարի ու միայնակ։

Դաժան ծովի ձայներն էին, որ կուրծքը քո այնքան տկար,
Այնքան քնքուշ ու դեռատի կոտրեցին բիրտ ու բարբարոս.
Ասպետն էր քո այն տարաբախտ՝ մռայլ, բարի մի խելագար,
Որ ապրիլյան մի առավոտ ծնկի եկավ քո դեմ անխոս։

Ազատությու՜ն, Սե՜ր, երկինքնե՜ր… Ի՜նչ ցնորքներ, օ՜, Խենթ թշվառ,
Հավատացիր նրան, ինչպես հավատում է ձյունը բոցին.
Բզկտվեցին մտքերը քո տեսիլներում երազավառ,
- Եվ ահավոր Հավերժությամբ աչքերը քո լուրթ փակվեցին։

III
Եվ Բանաստեղծն ասում է, որ երկինքներից խայտանկար
Դու ծաղիկները քո քաղած աստղերի հետ պիտի թափես –
Որ տեսել է ջրերի մեջ պառկած քողում լայն ու երկար
Օֆելյային այդ լողացող, ճերմակ՝ մի մեծ շուշանի պես։
15 մայիսի. 1870

Կաթիլ
24.08.2008, 18:04
ԿԱԽՎԱԾՆԵՐԻ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

Ասպետներն են պարում անվերջ
Պարանին սև կախաղանի,
Սատանայի զոհերը խեղճ,
Կմախքները Սալադինի։

Բեհեղզեբուղն է ձգում երկար պարանը ձեռքի՝
Ծռմռելով փոքր ու սև տիկնիկներին այլանդակ,
Աքացի է հասցնում նա ճակատին ամենքի
Եվ ստիպում, որ պարեն հին Կաղանդի երգի տակ։

Եվ միացնում են նրանք իրենց ձեռքերը բարակ՝
Ջարկվելով իրարու սիրո մեջ գարշ ու պագշոտ,
Ինչպես կույսերը ազնիվ՝ ցոփ քեֆերի ժամանակ,
Երբ որ սեղմում էին գիրգ կրծքերն իրենց վավաշոտ։

Էհե՜յ, ուրախ պարողնե՜ր, էլ չունեք փոր ու աղիք.
Ցատկեք, ինչքան ուզում եք, բեմը լայն է ու երկար,
Բեհեղզեբուղն է ճանկռում իր ջութակը կատաղի,
Հո՛պ, չես կարող հասկանալ՝ ձեռնամա՞րտ է սա, թե պար։

Օ՜, պինդ ոտքե՛ր, կոշիկի կարիք արդեն չեք զգա։
Իրենց շապիկը մաշկե արդեն շատերն են նետել,
Մյուսների վրա էլ համարյա թե բան չկա։
Գանգի վրա հյուսում է ձյունը գլխարկ թել առ թել։

Ճաքած գլխին նստել է ագռավն, ինչպես փետրափունջ.
Չոր ու սմքած կզակից մի կտոր միս է կախվել,
Ասպետներ են ասես թե, որ կռվի մեջ անմռունչ
Գոտեմարտում են՝ հագած ստվարաթուղթ զրահներ։

Էհե՜յ, քամին է սուլում կմախքների հանդեսին։
Սև կախաղանն է ճռռում երգեհոնի պես մռայլ,
Սով անտառում գայլերն են արձագանքում միասին.
Հորիզոնում երկինքը դժոխք է մի արնավառ։

Հապա՜, մի լավ ճոճե՛ք այս դիակները սնապարծ,
Որ շոշափում են ծածուկ մատներով չոր ու բեկբեկ
Իրենց սիրո համրիչը ողնաշարին ցամաքած,
Հանգուցյալնե՛ր, ձեզ համար այստեղ վանք չէ, իմացե՛ք։

Օ՛հ, այդ մռայլ ու դժնի մահվան պարի ընթացքում
Հանկարծ թափից կատաղի, որպես խրտնած երիվար,
Խոշոր ու խենթ մի կմախք դեպի երկինք է ցատկում,
Բայց՝ զգալով իր վզին պարանը ձիգ ու երկար։

Մանր ու բարակ մատներով կողոսկրին Է հարվածում,
Որ ձայներ է արձակում նման ծաղր ու ծանակի,
Եվ, ինչպես որ կրկես Է վերադառնում ծաղրածուն,
Նա ոսկրերի հանդեսում ուրախ պարում Է կրկին։

Ասպետներն են պարում անվերջ
Պարանին սև կախաղանի,
Սատանայի զոհերը խեղճ,
Կմախքները Աալադինի։

Կաթիլ
25.08.2008, 20:39
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԸՆԹԱՑ
Կայարանի հրապարակը Շաոլը վիլում

Խուզված-խղճուկ մարգագետնից կտրած-ձևած հրապարակում,
Պուրակի մեջ, ուր ամեն ծառ վայելուչ է ու նրբակիրթ,
Քաղքենիները հևասպառ, որոնց շոգն է խիստ տապակում.
Իրենց նախանձ բթությունն են այսօր բերել զբոսանքի։

- Ֆլեյտաների Վալսից արբած՝ կիվերներն է իր տատանում
Զբոսայգու զինվորական նվագախումբը հեշտագին.
- Պճնամոլներն են չորս կողմից իրենց շուքը ի ցույց հանում,
Եվ նոտարն է ցուցադրաբար կախազարդը կախում կրծքին։

Ռանտյեները քթակնոցով կեղծ հնչյուններն են ընդգծում,
Պարարտ, փքված գրասեղանը իր կնոջն է քարշում ճարպոտ,
Որի շուրջը վետվետում է մի ուղեկից-կատարածու
Բոլորածալ շորով, կարծես քայլող ռեկլամ է նրա մոտ։

Նստարանին՝ թոշակառու ակումբներն են չարչիների,
Որ, խառնելով խճավազը մականների բութ գլխիկով,
Խիստ լրջորեն քննարկում են հոդվածները դաշնագրերի,
Բռնոթի են քաշում, հետո՝ վերսկսում են՝ «Մի խոսքո’վ...»։

Ճռռացնելով նստարանը գավակով իր կլոր ու լայն՝
Մի բուրժուա՝ ֆլամանդական հսկա փորով, անհոգ-հանդարտ,
Ծխամորճն է իր վայելում, որից ծուխը քուլա - քուլա
Դուրս է թափվում,– երևու՛մ է, որ մաքսանենգ թութուն է դա։

Ինչ-որ անցորդ գազոնի մոտ ծիծաղում է մեծ քթի տակ,
Ու տրոմբոնի երկրպագու - սիրահարներն են ժամանել,
Այնքան նաիվ, վարդեր ծխող զինվորները այդ հետևակ
Պստիկներին են գուրգուրում... որ աղախնու խելքը տանեն...

Իսկ ես՝ փնթի, անփույթ, ինչպես մի ուսանող անկարեկից,
Կանաչ ծառի հովանու տակ տարված եմ լիրբ աղջիկներով.
Նրանք ամեն բան լավ գիտեն, ծիծաղում ու նայում են ինձ,
Նրանց աչքերը լեցու ն են անպարկեշտ ու պիղծ բաներով։

Բայց ես լռու մ եմ, չեմ խոսում ու նայում եմ պարանոցի
Չարաճճի խոպոպներով զարդակարված ճերմակ մսին.
Սողոսկում եմ սեղմիրանից շրջազգեստի տակ թափանցիկ,
Աստվածային մեջքից հետո՝ ես հասնում եմ կլոր ուսին։

Մի փոքր անց թե՛ կոշիկն եմ, և թե՛ գուլպան գտնում հանկարծ...
- Ու մարմինն է հառնում իմ դեմ, ես դողում եմ ցանկությունից։
Հիմարի տեղ են ինձ դնում ու փսփսում են շատ կամաց.
Ջերմ, օդային համբույրներ են պոկվում նրանց շրթունքներից...

impression
25.08.2008, 20:40
Իսկ Կանաչ Կաբարեում-ը կա՞ :)

Կաթիլ
25.08.2008, 20:49
ՉԱՐԸ

Մինչ թնդանոթի կոկորդից ժայթքած խորխը արյունոտ
Անսահման երկնի կապույտների մեջ սուլում Է անքուն,
Ծաղրանքով նայող, անհոգ ժպտացող Թագավորին մոտ՝
Գումարտակներ են մոխրանում-կորչում լափող կրակում,

Եվ մինչ բարբարոս խելագարության մոլագար կամքով,
Այրող երկնի տակ դեզերն են ծխում անհաշիվ մարդկանց,
- Օ՜, մայր Բնություն, որ արարել ես նրանց բերկրանքով,
Քո ուրախության դիակն Է այնտեղ՝ խոտերում պառկած,

- Աստված կա, որը զոհասեղանից ծիծաղում Է հար,
Որը հագեցած ոսկե թասերի քաղցրաբույր խունկով,
Նիրհում Է անուշ օվսաննաների օրորի երգով

Եվ արթնանում Է, երբ որ մայրերը ծեր ու վշտահար,
Անհուն թախիծով, զգեստներով սև ու աչքերը թաց,
Նրան մի սու են թաշկինակի մեջ մեկնում փաթաթած։

impression
25.08.2008, 20:50
Au Cabaret-Vert, cinq heures du soir.

Depuis huit jours, j'avais déchiré mes bottines
Aux cailloux des chemins. J'entrais à Charleroi.
- Au Cabaret-Vert : je demandai des tartines
Du beurre et du jambon qui fût à moitié froid.

Bienheureux, j'allongeai les jambes sous la table
Verte : je contemplai les sujets très naïfs
De la tapisserie. - Et ce fut adorable,
Quand la fille aux tétons énormes, aux yeux vifs,

- Celle-là, ce n'est pas un baiser qui l'épeure ! -
Rieuse, m'apporta des tartines de beurre,
Du jambon tiède, dans un plat colorié,

Du jambon rose et blanc parfumé d'une gousse
D'ail, - et m'emplit la chope immense, avec sa mousse
Que dorait un rayon de soleil arriéré.


Arthur Rimbaud


Octobre 70

Կաթիլ
25.08.2008, 20:51
Իսկ Կանաչ Կաբարեում-ը կա՞ :)

:aha հիմա կտեղադրեմ

Ավելացվել է 3 րոպե անց
ԿԱՆԱՉ ԿԱԲԱՐԵՈՒՄ
երեկոյան ժամը հինգին

Կոշիկներս մաշելով քարոտ ու կոշտ ճամփեքին,
Ութ օր հետո, վերջապես, Շառլըռուա ես հասա,
Մտա Կանաչ-Կաբարե, պատվիրեցի ես մի քիչ
Կարագուհաց, խոզապուխտ՝ կիսաեփած, կիսասառ։

Ու ինքնագոհ մեկնեցի սեղանի տակ կափ-կանաչ
Սրունքներս. պարզունակ նկարներն էի դիտում
Գորգեղենի. երբ, ասես, երկնից իջավ մանանա՝
Սպասուհին վիթխարի ստինքներով ու ժպտուն,

- Սրան ծնկի չի բերի աշխարհում ոչ մի համբույր,–
Կայտառ դեմքով մատուցեց կարագուհացը անփույթ,
Խոզապուխտը մի քիչ տաք մի նկարեն պնակով,

Խոզապուխտը սպիտակ ու վարդագույն, սխտորի
Թեթև բույրով, ու լցրեց թունդ գարեջուրը, որի
Փրփուրն օծվեց մայր մտնող արևի թափած ոսկով։
Հոկտեմբեր, 70

impression
25.08.2008, 20:58
http://www.mag4.net/Rimbaud/

ահա մի հրաշալի կայք, ուր կարող եք գտնել Ռեմբոյի գրական ողջ ժառանգությունը, նամակները, հետաքրքիր նկարներ, տեղեկություններ նրա կյանքից և այլն:

Կաթիլ, շնորհակալ եմ :)

Կաթիլ
25.08.2008, 21:04
ԿԵՍԱՐԻ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Գունատ մի մարդ բացատում, սև զգեստները հագին,
Թափառում Է ծաղկանց մեջ, ատամներում մի սիգար,
Գունատ մարդն այդ հիշում Է Տյուիլրիի հին այգին,
Եվ մերթ նրա դժգունած դեմքն այրվում Է բոցավառ։

Միապետն այդ՝ հարբելով քսանամյա խնջույքում,
Ասում էր. «Ես կմարեմ՝ ահա իմ այս ձեռքերով
Ազատությունը այնպես, ինչպես վառվող մի կերոն».
Ազատությունը ապրեց, նա իրեն վատ է զգում։

Նա գերված է. օ՜, այդ ու՞մ անունն է, որ շուրթերին
Համր դողում է. նրան ի՞նչ անհողդողդ կասկած է
Մաշում, դա չի իմացվի, նրա դեմքը մեռած է:

Միգուցե նա հիշում է ակնոցավոր Քավորին։
- Եվ նայում է սիգարին, որից, ինչպես անցյալում,
Մի կապուտակ ու թեթև, բարակ ամպ է բարձրանում։

Ավելացվել է 3 րոպե անց
ՀՈՎՏՈՒՄ ՔՆԱԾԸ :love

Այնտեղ մի գետ է երգում՝ խաղ անելով խոլաբար
Գետեզերյա ուռենու արծաթի հետ ցնցոտի,
Այնտեղ հպարտ լեռներից արեգակն է շողում վառ,
Լույսի փրփուրն է շոյում կանաչ թավիշը խոտի։

Այնտեղ կանաչ մահիճում, ցողապատ ու գլխաբաց,
Շրթունքները կիսախուփ ու ծաղկանց մեջ երերուն,
Ջահել զինվորն է քնել՝ ամպերի տակ մեկնված.
Նա գունատ է, ու տրտում լույսն է վերից անձրևում։

Հիրիկների մեջ կապույտ նա քնել է անվրդով
Ու ժպտում է մի հիվանդ երեխայի ժպիտով.
Նա մրսումէ... Բնություն, նրան ջերմիկ օրորիր.

Նա այլևս չի զգա բուրմունքը քո թովչանքի.
Հավերժական նիրհի մեջ խաղաղվել է, ու կրծքին՝
Գնդակներից բզկտված՝ արյան հետքեր կան կարմիր... :(
Հոկտեմբեր, 70

Ավելացվել է 8 րոպե անց
ԽՈՐԱՄԱՆԿԸ

Մի գորշ, անշուք սենյակում՝ մրգաբույր ու լաքահոտ,
Նստած հսկա աթոռին, զարմանալով անընդհատ,
Ճաշս էի պրպըտում, ինչ-որ շիլա անծանոթ,
Բելգիական ինչ-որ կեր,– աստված գիտե, ի՞նչ էր դա։

Երջանիկ ու ինքնագոհ ուտում էի, երբ հանկարծ
Ժամացույցը զրնգաց, դուռը պայթեց հողմի պես,
Սանրվածքով խորամանկ, գլխաշորը արձակած,
- Ո՜վ գիտե, ինչի՜ համար, - սպասուհին ընկավ ներս։

Դողդողացող մատներով շոյեց մաշկը ձախ թշի,
Որ նման էր վարդագույն - ճերմակ դեղձի թավիշին,
Ու խռոված էր, թե ի՞նչ, քիթ ու պռունկը կախեց.

Իբր՝ կարգի եմ բերում, պնակս մոտ քաշեց նա.
Եվ հետո էլ, անկասկած, որ մի համբույր ստանա.
Ջերմ շշնջաց. «Չե՞ս տեսնում, թուշս ինչպե՜ս է պաղել...».
Շաոլըռուա, հոկտեմբեր, 70

Կաթիլ
26.08.2008, 22:55
ՍԱՌԵԲՐՅՈՒՔԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
«ԿեՑՑե՜ ԿԱՅՍՐԸ»
ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Բելգիական շքեղ գունավորված փորագրանկար,
վաճառվում է Շապլըռուայում, 35 սանտիմով։

Ահա, կապույտ ու դեղին աստվածարման ճախրանքում
Ընթանում է Կայսրը մեծ՝ ցից նստած իր ձիուկին,
Երջանկացած՝ ամեն ինչ տեսնում է նա վարդագույն,
Պապի նման բարեսիրտ, Ջևսի նման մոլեգին։

Հետևակն է, ներքևում, դադարի մեջ կեսօրի,
Կողքին ոսկե թմբուկներ, թնդանոթներ կարմրավառ,
Տեղից ելնում է Պիտուն ակնածանքով մի խորին
Եվ նայում է զմայլված Առաջնորդին մեծափառ։

Իսկ աջ կողմում Դյումանեն հենված կոթին իր զենքի,
Զգում է, որ տնկվում են մազերը իր ծոծրակի.
«Կեցցե՜ Կայսրը»,– կանչում է, իսկ կողքինը չի կանչում...

Հայտնվում է մի կիվեր ինչպես մի սև արեգակ...
Բոքիյոնը, կենտրոնում, հագած կարմիր-կապուտակ,
Վեր է կենում պարզամիտ ու գոչում է. «Բայց ինչու՞...»։
Հոկաեմբեր,1870

Կաթիլ
27.08.2008, 19:29
ՊԱՀԱՐԱՆԸ

Քանդակազարդ է ու լայն, կաղնեփայտից, սևացած,
Այնքան հին է, զառամյալ, ինչպես բարի ծերունի,
Դռները բաց են նրա, ու խորքերից մթամած
Հրապուրիչ բույրեր են ծորում, ինչպես հին գինի։

Ի՜նչ ասես այնտեղ չկա, խառնակույտ է իսկական.
Հնոտիներ պառաված ու փալասներ դեղնագույն,
Խամրած, դժգույն ժանյակներ, մոր և որդու մի նկար.
Գրիֆազարդ գլխաշոր, որ տատիկներն են կապում։

Դու կգտնես նրա մեջ մի փունջ ճերմակ կամ շեկ մազ,
Մեդալիոններ, նկարներ ու ծաղիկներ թառամած,
Որոնց բույրը մրգերի բույրերին է խառնվում։

Օ՜, հինավուրց պահարան, ինչեր ասես, չես տեսել...
Երբ բացում են դուռդ սև՝ հառաչում ես ու նվում,
Տեսածնե՞րդ ես արդյոք ուզում մեզ հետ դու կիսել։
Հոկտեմբեր, 70

Կաթիլ
27.08.2008, 19:54
ԻՄ ԲՈՀԵՄԸ
(ֆանտազիա)

Քայլում էի՝ բռունցքներս խոթած անտակ գրպաններում։
Վերարկուս էլ արդեն մաս-մաս ձուլվում էր իմ իդեալներին։
Չէ՞ որ, Մուսա, բաց երկնի տակ, ես քո միակ ընտրյալն էի.
Օ լա-լա՜, ինչ փարթամ կույսեր սիրեցի իմ երազներում։

Անզուգական, կարճ տաբատս անհուսալի մի խորշ ուներ։
Ես՝ երազող Մատնաչափիկ, բառերն աղում էի ճամփին՝
Որ հանգ թխեմ։ Օթևանս՝ երկնում բազմած Մեծ Մոշն էր հին։
Եվ իմ աստղերը երկնքից մաղում էին մեղմ շրշյուններ։

Շրշյուններն այդ լսում էի՝ նստած ափին ճամփաների,
Երբ երկնքից,– օ, ի՜նչ բարի էր երեկոն սեպտեմբերի,-
Ցող իջավ իմ բաց ճակատին, որպես գինի կենդանարար.

Երբ հանգերս կարկատելով շուքերի մեջ խելացնոր,
Որպես լարերը քնարիս, ձգում էի իմ վիրավոր
Կոշիկների քուղերն հազիվ՝ ծունկս հենած սրտիս վրա։

Կաթիլ
27.08.2008, 20:33
ԱԳՌԱՎՆԵՐԸ :scare
Երբ եղյամն է իջնում դաշտին,
Եվ կիսավեր գյուղակներում
Ղողանջներն են դանդաղ մարում...
Աստվա՛ծ, հողի վրա, ցրտին,
Պաղ երկնքից թող իջնեն ցած
Ագռավները մեր սիգապանծ։

Ձեր բներն է ջարդում քամին,
Սև մարտիկնե՛ր դուք կռնչան,
Խոլ գետերի երկարությամբ,
Հին խաչազարդ ճամփաներին
Եվ փոսերի վրա տամուկ
Ցրվեցե՛ք ու հավաքվե՛ք դուք։

Ֆրանսիայի դաշտերում խոր,
Ուր մարտիկներ ընկան երեկ,
Եկե՛ք ձմռանը, ամբոխվեք,
Որ միտք անի ամեն անցվոր։
Եղիր պարտքի ձայնորդ հնչուն,
Օ՜ մահագույժ մեր սև թռչո՛ւն։

Բայց, օ՜ սրբեր, կաղնու գլխին՝
Խավարի մեջ կորած մի կայմ,
Թող որ հավքերը մայիսյան
Երգեն նրանց, որ պարտվեցին
Եվ անտառում, սեզերի մեջ
Խոնարհվեցին ու գտան վերջ։

Կաթիլ
29.08.2008, 21:41
ՆՍՏԱԾՆեՐԸ

Սև` բուշտերից, արածադեմ, աչքերի շուրջը օղակներ
Կանաչ. մատները ջղաձիգ` սրունքների միսը պոկող,
Գլուխներին թարախածոր ալիքների խոր դրվագներ,
Ինչպես հին պատ, որի վրա բորոտությունն է ծաղկում գոհ,

Արտասովոր կմախքներն են իրենց կրքով ընկնավորի
Միաձուլել նստարանի ոսկորներին երկար ու սև,
Ռախիտավոր ձողիկները նրանց բարակ, թույլ ոտքերի
Իրար հյուսված մնալու են առավոտից մինչև գիշեր։

Նստարանին, ասես, ձուլված են ծերուկներն այդ առհավետ,
Նրանց կաշին կաթվածահար է լինում բորբ արեգակից,
Պատուհանին աչքերն անշարժ հառած, ուր ձյունն է թառամել,
Դողդողում են ու սարսռում, ինչպես դոդոշ հիվանդագին։

Նստարանը նրանց հանդեպ բարությամբ է լցված. նրա
Սև ծղոտը՝ հլու մեջքին ջարդոտվում է կտոր-կտոր.
Հին արևն է ոգևորվում հասկերում այդ գրկած իրար,
Որոնց ցորեն-գլխիկների հայացքն է լուռ-սրտակոտոր։

Տասը մատով նստարանն են թմբակահարում մաշված ու հին,
Ատամները ծնկոսկրերին, ինչպես կանաչ դաշնակահար,
Բարկարոլն է տխրասարսուռ ծփում-ճողփում, ու կողային
Աիրաճոճման մեջ տատանվում են գլուխները միալար։

Օ՜, չստիպե՛ք, որ վեր կենան։ Դա կործանում է կատարյալ...
Տե՛ս, քայլում են ճարճատելով, ինչպես ապտակ կերած կատու,
Ու բացվում են դանդաղորեն թիակները նրանց մեռյալ,
Վարտիքներում բիզ-բիզ կանգնած ոսկորները չոր ու քարթու։

Լսում ես դու նրանց ճաղատ գլուխների զարկն անըմբեր
Մութ պատերին, և հաշմանդամ, ծուռ ոտքերի թակոցն անդուլ,
Իսկ կոճակները դառնում են գիշատիչ ու անհագ բբեր,
Որ միջանցքի խորքում մթին մերթ վառվում են ու մերթ հանգում։

Չարագուշակ ու մահացիր ձեռքեր ունեն նրանք անտես...
Երեսներից, երբ շրջվում են, թույն է քամվում սևակաթիլ,
Հանց գզգզված, հիվանդոտ շուն զննում են քեզ դաժանատես,
Ու քրտնում ես՝ ընկած խոժոռ խառնարանն այդ խորխորատի։

Եվ կոնդացած բռունցքները թևծալերում խեղդած կեղտոտ՝
Իրենց տեղից հանողին են դժգոհությամբ մտաբերում,
Եվ ողջ օրը նշագեղձի կորիզները՝ անգութ խեղդող,
Ճաքճքելով տատանվում են կզակների տակ նիհարուն։

Երբ դաժան քունը թեքում է գլուխներն այդ մահատեսիլ,
Երազում են բեղմնավորման մասին իրենց նստարանի,
Փոքրիկ, ստոր ճոճաթոռի լկտի սիրո ստի մասին,
Որոնցով լի են հղփացած գրասենյակները անվանի։

Ստորակետի նմանությամբ ծաղկափոշի թքող ծաղկանց
Թանաքագույն օրորի տակ պպզել են ու նիրհում են գիրգ,
Ինչպես պարսն է ճպուռների՝ հիրիկների սայրին. նրանց
- Առնանդամը գրգռվում է ծակոցներից փշոտ հասկի։

Ավելացվել է 6 րոպե անց
ԱՅԾԱՄԱՐԴՈՒ ԳԼՈւԽԸ

Փայլուն ու ոսկեխայտ սաղարթի մեջ կանաչ,
Սաղարթի մեջ աղոտ, անորոշ ու ծաղկուն,
Որի ծաղիկներին համբույրն է խոր քնած,
Նրբին նախշերի մեջ, աշխույժ ու ծիծաղկուն

Այծամարդն է մոլոր աչքերն իր ցույց տալիս,
Ճերմակ ատամներով ծաղիկներն է ծամում,
Ու հին գինու նման մուգ ու արյունալի
Նրա շրթունքների ծիծաղն է ծածանվում։

Հետո փախչում է նա, ինչպես սկյուռ, և այդ
Ծիծաղից դողում են տերևները բարակ,
Արթնանում է քնից համբույրը ոսկեխայտ,
Քարանում է մի պահ ու մնում շվարած։
1870

Կաթիլ
31.08.2008, 12:46
ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ

Նավազները, սպաները, տականքները Կայսրության,
Նրանք, ովքեր թքում են, պղծում պատիվ ու հավատ,
Ոչինչ չարժեն Դաշինքի Զինվորների համեմատ,
Որոնք ճեղքում են կացնով անգամ լազուրն անսահման։

Ծխամորճը կրծելով, ձեռքին դանակ, աննկատ,
Երբ թավ անտառն է ասես ծածկում լորձունքը եզան,
Նրանք քայլում են՝ բռնած վզափոկը իրենց շան,
Սարսափելի մի բերկրանք վայելելով անընդհատ։

Պատժում են նոր օրենքով այծամարդոց հարսներին,
Բռնում բոլոր տեսակի Դիավոլոներ, Ֆաուստներ,
Գոչում են. «Հե՜յ, ծերուկներ, հապա բացեք պարկը ձեր»։

Իսկ երբ հերթը հասնում է երիտասարդ կույսերին,
Քննում, զննում են նաև հմայքները թաքնված։
Վայ այն մարդուն կարգազանց, որ կնկնի ձեռքը նրանց։

Ավելացվել է 3 րոպե անց
ԵՐԵԿՈՅԱՆ ԱՂՈԹՔ

Ես ապրում եմ հիմա նստած, ինչպես հրեշտակը սափրիչի
Ձեռքերի մեջ. գավաթումս գարեջուրը եռում է տաք,
Փորս կախ է. ատամներով պոչն եմ սեղմել ծխամորճի՝
Անծայր երկնի անբռնելի առագաստի հովանու տակ։

Ինչպես որ թարմ, գոլորշացող ծեր աղավնու ծերտը չնչին,
Հազարավոր երազներ են այրում ինձ մեղմ, զգույշ, դանդաղ,
Ինչպես մատղաշ ծառի կեղև, սիրտս կիսվում է մերթ միջից,
Արյունոտվում են իմ ոսկյա մշուշների շուքերն անհարթ։

Ես հղկում եմ Տեսիլներս խնամքով ու հոգածորեն,
Ու ճոճվում եմ մի երեսուն կամ քառասուն գավաթ խմած,
Ու ձգտում եմ կենտրոնանալ, որ դուրս թափեմ պետքս զորեղ.

Եվ, ի վերջո, այնքան խոնարհ, հանց ծառերի բարի Աստված,
Ես միզում եմ դեպի երկինք, որ տարածվել է լայնորեն,
- Վերից նայող հասպիսների խրախույսից քաջալերված։

Ավելացվել է 9 րոպե անց
ՓԱՐԻԶՅԱՆ ՌԱԶՄԵՐԳ

Հաստատ գարուն է, քանի որ
Պուրակներից կանաչավետ
ճախրում է վեհ ու փառավոր
Թյերը իր Պիկարի հետ։

Մայի՜ս, որքան տկլոր քամակ.
Սևր, Բանյո՛, Մեդո՛ն, Անյե՛ր,
Տեսնում եք ձեր հյուրերը թանկ
Մատուցում են ձեզ նվերներ։

Ունեն կիվեր, սուսեր, տամ-տամ՝
Ոչ թե մաշված թմբուկ բեկ-բեկ,
Եվ նավերով սուր, սրատամ
Ճեղքում են լիճը արևաներկ։

Չտեսնված քեֆ ենք անում,
Երբ թափվում են մեր որջերին
Ակնաքարերը դեղնավուն
Յուրահատուկ այս օրերին։

Թյեր և Պիկար՝ էրոս երկու,
Ռլիոտրոպ գողացողներ,
Պատկերներ են նավթով ներկում
Դարձած երկու նոր Կորոներ։

Բարեկամն են մեծ Տրյուկի՜...
Եվ ծաղկանց մեջ Ֆավրը պառկած,
Գետ է թափում արտասուքի
Եվ քթի տակ երգում կամաց։

Քաղաքը ձեր նավթի դիմաց
Ունի տաք-տաք սալաքարեր,
Եվ հարկավոր է, անկասկած,
Մի լավ թափ տալ օձիքը ձեր...

Իսկ նրանք, որ պառկած են թեք
Անհոգության մեջ գյուղերի,
Դեռ կտեսնեն կրակը շեկ
Եվ ճարճատյունը ճյուղերի։

Կաթիլ
31.08.2008, 13:14
ԻՄ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՃՈՒՏԻԿՆԵՐ :[

Թող հիդրոլատն արտասուքի
Երկնի կաղամբը լվա.
Ծառն էլ թափի բողբոջ - թքի
Գնդիկները ձեզ վրա,

Ճերմակ լուսինն էլ թող բացի
Կլոր հետույքն իր ուրույն,
Իրար զարկեք ազդրերը ձեր,
Անճոռնիներ իմ սիրուն։

Իրար սիրում ենք անձնվեր,
Իմ անճոռնի կապտավուն.
Ուտում ենք միշտ թերխաշ ձվեր
Հիանալի մեր դարում:

Դու ինձ պոե՛տ հայհոյեցիր,
Իմ անճոռնի սպիտակ.
Դե՛ ցած իջիր, քեզ, որպես ձի,
Մտրակեմ ազդրերիս տակ։

Ես փսխեցի.քո հեշտոցին,
Իմ անճոռնի սևաթույր.
Մանդոլինս դու ջարդեցիր
Քո սուր սայրով, ինչպես թուր։

Թու, իմ թուքը դեռ չորացած,
Իմ անճոռնի շիկագույն,
Գարշ բուրում է վզիցդ ցած՝
Ստինքներիդ փոսիկում։

Սիրահարված իմ ճուտիկներ,
Ատում եմ ձեզ, օ՜, հիմի.
Կեղտով ծածկեք վարակաբեր
Կրծքերը ձեր անճոռնի։

Դե՛, կոտրատեք կավե գավը
Ապրումներիս անարատ,
Հո՛պ, ուրեմն, դա է լավը,
Պարե՛ք, պարե՛ք, դե, արա՛գ։

Խախտվում են ձեր հոդերն անվերջ,
Օ՜, իմ սերեր հնօրյա,
Ձեր հետույքի թշերի մեջ
Ա՛ստղն է շողում պղնձյա։
Մինչդեռ նրանց համա՞ր չէի
Հանգեր կցում ես իրար,
Արդ՝ ուզում եմ, որ ջնջվեիք,
Անցյալիս սիրո համար։

Պիղծ աստղեբի բույլն ահագին
Դղրդալով փուլ եկավ.
- Դուք կսատկեք Աստծո տակին,
Այն աշխարհը թե ընկաք։

Ճերմակ լուսինը թող բացի
Կլոր հետույքն իր ուրույն.
Իրար զարկեք ազդրերը ձեր
Անճոռնիներ իմ սիրուն։

Կաթիլ
03.01.2010, 20:54
ԱՄՈԹ
Քանի դեռ սուր մի դանակ
Այս ուղեղը չի բացել,
Ճարպոտ այս տուփը ճերմակ
Չի դադարի զառանցել:

(Նա՛ պիտի իր սեփական
Քիթն ու ականջը կտրեր
Եվ փորձեր, օ՜ հրաշք բա՛ն,
Իր որովայնը պատռել):

Այո՛, քանի չի խրել
Սուր դանակը իր գանգին,
Քարը կողը չի փշրել,
Չի մատնվել կրակին,

Այդ խենթ ու խեւ երեխան,
Որ արգելք է, խոչնդոտ,
Կմնա միշտ դավաճան
Եվ ստախոս անամոթ,

Ինչպես վայրի մի կատու,
Որ աղտեղում է չորս դին,
Բայց երբ մեռնի, Տե՛ր իմ, դու
Նրա համար աղոթի՛ր:

Կաթիլ
03.01.2010, 22:08
ՄԻՇԵԼ ԵՎ ՔՐԻՍՏԻՆ
Թքած, որ այս ափերից արեգակն է հեռանում,
Չքվիր, լույսի հոսք, ահա, ճամփաները խավարչտին։
Հին պալատի մեջ պատվի, ճյուղերի մեշ ուռենու
Փոթորիկը նետում է իր կաթիլներն առաջին։

Հովվերգության զինվորնե՛ր, հարյուր գառնե՛ր սպիտակ,
Ակվեդուկնե՛ր, թառամած, չոր ցախինե՛ր, հեռացեք,
Հորիզոնը, դաշտերը, հարթավայրը բովանդակ
Փոթորիկի կարմրավառ զարդածածկոցն են դարձել։

Շո՛ւն սևամազ, թուխ հովի՛վ՝ թիկնոցի մեշ պարուրված,
Փախե՛ք հեռու երկնային կայծակներից ահավոր,
Շեկ նախիրնե՛ր, ծծմբե ամպն է գալիս մթամած,
Գտեք մի նոր ապաստան կանաչավետ և անդորր։

Սակայն, Աստվա՜ծ իմ, ահա՛ իմ ոգին է սավառնում
Դեպի երկինքը շիկնած և սառնաշունչ, անսպառ
Ամպերի տակ, որ անվերջ ճախրում են ու գալարվում
Սոլոնների վրա բյուր երկաթուղու պես երկար։

Ահա գայլեր բյուրավոր, վայրի սերմեր անհամար,
Որոնց բերում է, սփռում ետկեսօրը կրոնասեր
Այս մահաբեր փոթորկի՝ պատատուկի սիրահար,
Եվրոպայի վրա հին, ուր կգան բյուր հորդաներ։

Այնուհետև՝ լուսնի լո՜ւյս։ Ավազուտներ են չորս դին,
Ճակատները արյունոտ դեպի երկինք սևակնած,
Զինվորները քշում են իրենց գունատ ձիերին.
Սալաքարերն են զնգում սմբակների տակ նրանց։

- Կտեսնեմ ես, օ՜ Գաղիա, հովիտները լուսառատ,
Կարմրաճակատ ամուսնուն, կապտաչյա կինը կողքին,
Ոտքերի տակ Զատիկի սուրբ Գառնուկին անարատ,
- 0՛ Սիշել և Քրիստին – Քրիստո՜ս։– Վերջ այս հովվերգին։

Կաթիլ
27.01.2010, 21:36
Օ՜, եղանակներ, օ՜, ապարանքներ,
Ու՞մ հոգին, արդյոք, չի անառակվել:

Բախտի մոգական դաս տվեցի ես,
Որը ոչ ոքի չի անի անտես:

Ավետիս տվեք դուք վաղվաղակի,
Հենց գաղիական աքլորը երգի:

Ահ, ես տենչանքներ էլ չեմ ունենա,
Ու նա է տանում իմ կյանքը հիմա:

Հոգուն ու մարմնին հմայք պարուրեց,
Հոգս ու վշտերին ցիրուցան արեց:

Օ՜, եղանակներ, օ՜, ապարանքներ:

Իսկ երբ փախուստի իր ժամը ձայնի՝
Ավաղ, վախճանի ժամը կլինի:

Օ՜, եղանակներ, օ՜, ապարանքներ:

cold skin
30.01.2010, 11:42
Տասնյոթամյա հասակում լուրջ չի՛ լինում ոչ մի մարդ.
- Ու մի դյութիչ երեկո՝ մի կողմ թողած աղմկուն
Սրճարանները պայծառ, գարեջուր թե լիմոնադ,
-Դու գնում ես շրջելու լորիների պուրակում…