PDA

Դիտել ողջ տարբերակը : Սցենարային տարբերակներ



Adam
30.07.2008, 19:56
Այստեղ կտեղադրվեն սցենարային տարբերակները: Այս թեման մեկնաբանությունների համար չէ: Միայն ընթերցում եք: Որոշ ժամանակ անց, կբացվի քվեարկությունը: Մեկնաբանություններ կարող եք անել «Կարճամետրաժ ֆիլմի սցենարի մրցույթ» թեմայում:

Սցենարային տարբերակ N 1 - Ներկայացնում է Mercury-ն


«Վարպետի ծնունդը»

Նկարչի արվեստանոց։ Տեսախցիկը ուղղված է մոլբերտի և ցածրիկ սեղանի կողմը, որի վրա աշխատանքային անկարգության մեջ թափթփված են տարբեր նկարչական պարագաներ՝ վրձինները՝ ջարդված կոթով բաժակի միջից ցցված են տարբեր կողմեր, նրանց ծայրերին չորանում ՝ չմաքրված ներկը, փորձատախտակը՝ պատված տաք տոներով, մեկ երրորդով սեղանիկից դուրս է և ուր որ է կընկնի, բայց նրան պահում է ջրով լի հաստլիկ բաժակը, որը կիսով չափ տախտակի վրա է և այդ պատճառով էլ թեքված է մի կողքի վրա։ Մի երկու լաթեր էլ՝ ամբողջովին ներկոտված, լրացնում են պատկերը։ Բաց պատուհանից ներթափանցող ճառագայթները ընկնում են մոլբերտի և սեղանի վրա՝ իրենց ճանապարհին տեսանելի դարձնելով սենյակում ճախրող փոշեհատիկները։
Նկարիչ Պիեռ Դուշն արդեն ավարտում է իր նատյուրմորտը՝ ծաղիկներ սրվակի և բադրիջաններ ափսեի մեջ։ Նա կանգնած է տեսախցիկին մեջքով՝ անում է վերջին շտրիխները կտավի վրա։ Մեզ տեսանելի է նկարի մի մասը։
Կադռը փոխվում է։ Այժմ տեսնում ենք մոլբերտը հետևից։ Նկարիչը շարունակում է ոգևորությամբ աշխատել։ Նրա հետևում դուռն է։ Այն անշշուկ բացվում է և արվեստանոց է մտնում վիպասան Պոլ-Էմիլ Գլեզը։ Նա մի քանի րոպե նայում է, թե ինչպես է աշխատում բարեկամը։
Գլեզ /կտրուկ/ – Ո՛չ։
Հանկարծակիի եկած նկարիչը շրջվում է։
Գլեզ – Ո՛չ։ Ոչ։ Դու երբեք հաջողության չես հասնի։ Դու ունես ձիրք, տաղանդ, անկեղծություն, բայց քո նկարները առօրեական են, սիրելիս։ Դրանք աչքի չեն ընկնում, չեն ճչում։ Հինգ հազար կտավ պարունակող սրահում անտարբեր այցելուին ոչինչ չի ստիպի կանգնել քո նկարների առաջ… Ոչ, Պիեռ Դուշ, դու երբեք հաջողություն չես ունենա։ Եվ դա ցավալի է։
Դուշ /հոգոց հանելով/ – Ինչո՞ւ է այդպես։ Ես նկարում եմ այն, ինչ տեսնում եմ, ձգտում եմ արտահայտել իմ զգացածը։
Գլեզ – Խոսքը հենց այդ մասին է, խեղճ բարեկամս։ Դու կին ունես, սիրելիս, կին և երեք երեխա։ Նրանցից յուրաքանչյուրն օրական երեք հազար կալորիայի կարիք ունի։ Իսկ նկար շատ ավելի կա, քան գնորդ, և տգետներն ավելի շատ են, քան հասկացողները։ Ուրեմն, Պիեռ Դուշ, ասա ինձ՝ ո՞րն է անհայտների ու ձախողակների ամբոխից առանձնանալու միակ միջոցը։
Դուշ /անհաստատ/ – Աշխատանքը։ Անկեղծությունը։
Գլեզ – Լրձամիտ եղիր, Պիեռ Դուշ, բթամիտներին սթափեցնելու միակ միջոցը ցնցող արարքներն են։ Հայտարարիր բոլորին, որ դու նկարելու համար մեկնում ես Հյուսիսային Բևեռ։ Եգիպտական փարավոնի նման հագնվիր։ Կամ, ավելի լավ է, մի ինչ-որ նոր դպրոց հիմնիր։ Իրար խառնիր և օգտագործիր գիտական բառեր՝ տարածքայնություն, դինամաիզմ, ենթագիտակցություն, ոչ ֆիգուրատիվ, և մանիֆեստ հռչակիր։ Ժխտիր շարժումը կամ անշարժութունը, սպիտակը կամ սևը, շրջանը կամ քառակուսին։ Ստեղծիր «նեոհոմերոսյան» նկարչություն, որն ընդունում է միայն կարմիր ու դեղին երանգները, շրջագծերով նկարչություն, չորս չափագծերով նկարչություն և այլն…
Այդ պահին գալիս է տիկին Կոզնևսկան։ Դա մի գեղեցիկ լեհուհի է, որի շականակագույն աչքերը գերել են Պիեռ Դուշին։
Կոզնևսկա / թռուցիկ / – Ողջույն։
Մեկնվելով բազմոցին՝ նա դիտում է իր առջև դրված անավարտ նկարը, վրդովմունքով թափահարում է շիկավուն մազերն ու թեթևակի հեգնանքով ժպտում։
Կոզնևսկա / թրթռուն, երգեցիկ ձայնով / – Երեկ ես այցելեցի նեգրական հինավուրց արվեստի ցուցահանդեսը։ Օ՜հ, զգայացունց էր, արտահայտիչ, տպավորիչ…
Տիրում է լռություն։
Դուշ / հանկարծակի, ոգևորված / – Կուզե՞ք իմ արած վերջին դիմանկարը տեսնել։
Առացն պատասխանին սպասելու ուղղվում է դեպի ցածրիկ, կարմիր վարագույրով ծածկված դուռը։ Հասնելով դռանը՝ պտտվում է։
Դուշ – Իմ կարծիքով շատ հաջողված է։
Փոքր ինչ կռանալով՝ նկարիչն անցնում է դռան հետևը։ Մինչ նա կվերադառնար, Կոզնեվսկան գլուխը շրջում է և սկսում է ցուցադրաբար զննել Դուշին, իսկ վերջինս էլ ցածրիկ պահարանի վրայից բարձրացնելով մի քանի էսքիզ մոտենում է պատուհանին՝ աչքի տակով նայելով լեհուհուն ու քթի տակ քմծիծաղելով։
Պիեռ Դուշը վերադառնում է՝ թևի տակ պահելով միջին մեծության մի կտավ, որ ծնկով անընդհատ վեր էր բոթում։ Ապա այն հարմարեցնում է սեղանիկի վրա այնպես, որ Կոզնեևսկային տեսանելի լինի։ Կոզնևսկան, դեմքի անտարբեր արտահայտությունը չփոխելով, նայում է մի քանի վարկյան ։
Կոզնևսկա / հազիվ շուրթերը շարժելով / – Հաջողված է։
Գլուխը պտտելով նայում է պատերին, ապա վեր կանում, մոտենում դռան կողքը՝ պատին, կախած հայլուն։ Ուղղում է մազերը, վերջնական հայացք գցում դեմքին։
Կոզնևսկա / առանց շուռ գալու, հորինելով / – Դե լավ, տղաներ։ Ես շտապում եմ՝ ժամադրված եմ, գնացի։
Արագ պտույտ է գործում տեղում և դուրս գալիս։
Պիեռ Դուշը ներկապնակը մի անկյուն է նետում և ընկնում բազմոցի վրա։
Դուշ /վրդովված / – Ես դառնալու եմ ապահովագրական տեսուչ, բանկի ծառայող կամ ոստիկանության գործակալ։ Նկարչությունը ամենահետին արհեստն է։ Այս տգետներին կարող են հիացնել միայն խզբզողները։ Փոխանակ իսկական վարպետներին հարգանք մատուցեն, քննադատները խրախուսում են բարբարոսներին։ Բավական է, ես հրաժարվում եմ նկարելուց։
Գլեզը լսելով ծխախոտ է վառում ու բավակն երկար ժամանակ մտածմունքի մեջ ընկնում։
Գլեզ – Դու քեզ ընդունակ համարո՞ւմ ես, եպիսկոպոսի լրջությամբ հայտնելու Կոզնևսկային և էլի մի քանիսին, որ արդեն մի տասը տարի է, ինչ պատրաստվում ես թարմացնել քո արվեստը։
Դուշ – Ե՞ս…
Գլեզ /վճռական/ – Լսիր… Աչքի ընկնող տեղում տպագրված երկու-երեք հոդվածով ես մեր «հասարակության սերուցքին» կհայտնեմ, որ դու հիմնում ես գաղափարավերլուծական դպրոց։ Քեզնից առաջ եղած դիմանկարիչներն իրենց տգիտության պատճառով ուսումնասիրում էին մարդու դեմքը։ Հիմարությո՛ւն։ Ոչ, մարդու մասին ճշգրիտ պատկերացում կարող են տալ այն մտքերը, որ այդ մարդը առաջացնում է մեր մեջ։ Այսպես, գնդապետի դիմանկար պատկերելու համար պետք է կապույտ ու ոսկեգույն ֆոնի վրա հինգ հսկայական տրեզ նկարել, մի անկյունում՝ ձի, մյուսում՝ խաչեր։ Արդյունաբերողի դիմանկարը՝ գործարանի ծխնելույզն է ու փակ բռունցքը՝ սեղանի վրա։ Հիմա հասկանո՞ւմ ես, Պիեռ Դուշ, թե ինչ ես ներկայացնելու աշխարհին և կարո՞ղ ես մի ամսում գաղափարավերլուծական մի քսան դիմանկար անել։
Նկարիչը տխուր ժպտում է։Դուշ – Մեկ ժամում կնկարեմ։ Եվ ցավալին այն է, Գլեզ, որ եթե ես ուրիշ մարդ լինեի, գործը գլուխ կգար։
Գլեզ – Փորձենք։
Դուշ – Ես խոսելու մեջ այնքան էլ հմուտ չեմ։
Գլեզ – Ահա թե ինչ, սիրելիս, ամեն անգամ, երբ բացատրություն կպահանջեն, դու մի պահ դադար կտաս, ծխամորճդ կվառես, ծխի քուլա բաց կթողնես հարց տվողի քթին և կարտասանես հետևյալ պարզ բառերը. «Դուք երբևէ դիտե՞լ եք, ինչպես է հոսում գետը»։
Դուշ – Իսկ դա ի՞նչ է նշանակում։
Գլեզ – Ոչինչ։ Այդպես դու ավելի ուժեղ տպավորություն կթողնես, և երբ նրանք քեզ կհայտնագործեն, կմեկնաբանեն, կմեծարեն, մենք նրանց կպատմենք եղելությունը և կուշտ կծիծաղենք՝ տեսնելով, թե ինչպես են շփոթվել։
Երկու ամիս անց։ Դուշի ցուցահանդեսի վերնիսաժն ավարտվում է՝ հաղթանակով։ Լուսավոր ցուցասրահի պատերին փակցված են նոր դպրոցի հիմնադրի գաղափարավերլուծական դիմանկարենրը։ Սրահը լի է այցելուներով, լրագրողներով, հանրահայտ մարդկանցով։ Երգեցիկ, թռվռուն, անուշաբույր գեղեցկուհի տիկին Կոզնևսկան չի հեռանում իր նոր պաշտամունքի կողքից։
Կոզնևսկա – Ա՜հ, զգայացունց է, արտահայտիչ, տպավորիչ։ Սիրելի վարպետ, ինչպե՞ս կարողացաք հասնել այս ապշեցուցիչ ընդհանրացումներին։
Նկարիչը մի պահ լռում է, հետո վառում ծխամորճը, քուլա-քուլա ծուխ բաց թողում։
Դուշ – Տիկին, դուք երբևէ դիտե՞լ եք, ինչպես է հոսում գետը։
Գեղեցիկ լեհուհու երգեցիկ ու թրթռուն շուրթերը անհուն երջանկության հուզաթաթավ պահեր խոստացան։
Նապաստակի մորթուց վերարկու հագած երիտասարդ, փայլուն Ստրունսկուն շրջապատել են այցելուները։
Ստրունսկի – Ուժեղ է։ Շատ ուժեղ։ Բայց, Դուշ, կարո՞ղ ես ինձ բացատրել, այս գաղափարը որտեղի՞ց ծագեց։ Իմ հոդվածների՞ց։
Պիեռ Դուշը բավականին երկար լռում է, ծխի քուլաներ բաց թողնում նրա կողմը։
Դուշ – Սիրելիս, երբևէ դիտե՞լ ես, ինչպես է հոսում գետը։
Ստրունսկի /գլխով անելով / – Հրաշալի է, հրաշալի։
Կտավների մի հռչակավոր վաճառական արվեստանոցի նկարները դիտելուց հետո թևանցուկ է անում նկարչին ու նրան մի անկյուն տանում։
Վաճառական – Դուշ, բարեկամս, դուք շատ խորամանկն եք։ Այս ամենից կարելի է մեծ գործ ձեռնարկել։ Ինձ հատկացրեք ձեր արտադրանքը։ Չփոխեք ձեր ոճը, մինչև ես չասեմ, և տարեկան ձեզնից հիսուն կտավ կգնեմ։ Եղա՞վ։
Դուշն առանց պատասխանելու՝խորհրդավոր լռությամբ ժպտում է։
Ընդհանուր կադռով տենում ենք ողջ ցուցասրահը։ Այն դանդաղ դատարկվում է։
Պոլ-Էմիլ Գլեզը գնում է վերջին այցելուի հետևից դուռը փակելու։ Աստիճանների կողմից լսվում են հիացմունքի հեռացող շշնջոցներ։ Մենակ մնալով նկարչի հետ՝ վիպասանը ուրախ-ուրախ ձեռքերը գրպաններն է մտցնում։
Գլեզ – Դե ինչ, բարեկամս, տեսա՞ր, թե ինչեր էր ասում նապաստակի մորթիով այն մարդուկը։ Իսկ գեղեցիկ լեհուհի՜ն։ Իսկ այն երեք ջահել գեղեցկուհիները, որ անդադար կրկնում էին. «Այսքան թարմություն, օ՜հ, այսքան թարմություն»։ Է՜հ, Պիեռ Դուշ, ես գիտեի, որ մարդկային հիմարությունն անսահման է, բայց այս ամենը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները։
Նա բռնկվում է ծիծաղի նոպայով և չի կարողանում հանգստանալ։ Նկարիչը կիտում է հոնքերը։
Դուշ /խիստ տոնով՝ մինչ վիպասանը ցնցվում է ջղաձիգ զկրտոցներից / – Հիմար։
Գլեզ /զայրույթով բղավում է / – Հիմա՞ր։ Այժմ, երբ ինձ հաջողվեց ամենափայլուն մտահաղացումը, որ Բիքսիուից հետո…
Նկարիչը հպարտորեն հայացքը սահեցնում է վերլուծական ոճով ստեղծած իր քսան կտավների վրայով։
Դուշ / հաստատակամությունից էլ ավելի վճռական տոնով / – Այո, Գլեզ, դու հիմար ես։ Այս նկարների մեջ ինչ-որ բան կա…
Վիպասանը ապշած նայում է ընկերոջը։
Գլեզ / բղավում է / – Դա արդեն չափազանց է։ Դուշ, սթափվիր։ Ո՞վ քեզ հուշեց նոր ձևով ստեղծագործելու միտքը։
Պիեռ Դուշը մի պահ լռում է, վառում ծխամորճը։
Դուշ / ծխի մի հսկայական քուլա բաց թողնելով / – Դու երբևէ դիտե՞լ ես, ինչպես է հոսում գետը։

Adam
31.07.2008, 11:01
Սցենարային տարբերակ N 2 - Ներկայացնում է Mercury-ն:

«Շախմատիստը»

Փոքրիկ քաղաքում տեղի է ունենում հուղարկավորության արարողություն։ Մեծ կադռով տեսնում ենք, թե ինչպես է թափորը փողոցների խաչմերուկում պտտվում և ուղվում դեպի գերեզմանոց։ Դագաղի ետևից քայլում է ոչ մեծ սևազգեստ բազմություն։ Նրանց մեջ առանձնանում են երկուսը, որ շշուկով ֆրազներ են փոխանակում. նրանց գնում են թաղմանը մասնակցողների առջևից։ Նրանցից մեկը բարձրահասակ է, երիտասարդ, մյուսը տարիքն առած տղամարդ է, հնաոճ հագուստով։
Ծերուկ / փոքր ինչ թեքվելով զրուցակցի կողմը և ձեռքով ցույց տալով դագաղը / – Ձեր նախորդը և ես / նա խոսում է դանդաղ, հաճախ դադարներ տալով / սովորություն ունեինք ամիսը մի անգամ շախմատ խաղալ միասին։
Երիտասարդ / շշուկով / – Ես էլ եմ շախմատ շատ սիրում։
Թափորը հասնում է վերջերս փորած փոսին։ Դագաղը հարկ եղած ձևով տեղադրելուց հետո, քահանան սկսում է ճառ-աղոթք ասել՝ օգտվելով ձեռքում բռնած փոքրիկ գրքից։
Քահանա – Ահա մենք հրաժեշտ ենք տալիս մեր պատվարժան դատախազին և հանձնում ենք նրա դին հողին՝ քանի որ հող էր նա և հող էլ դարձավ։ Որպես առաքինի և ազնիվ մի մարդ՝ նա իր ուրույն տեղը կգտնի Աստծո արքայության մեջ …
Մինչ եկեղեցականը աղոթ է կարդում, ծերունին, որ ակամա հեռացել էր զրուցակցից, մոտենում է երիտասարդին՝ մանր և զգույշ քայլերով, մեկ նայելով ոտքերի տակ, մեկ՝ իր նշանակետին։
Ծերուկ – Չե՞ք հրաժարվի արդյոք շախմատ խաղալու առաջարկից։
Երիտասարդ – Իհարկե՝ ոչ։ Իսկ ե՞րբ։
Ծերուկ – Հաջորդ չորեքշաբթի։ Եկեք ձեր կնոջ հետ։ Ես թեև վաղուց արդեն այրի եմ, բայց աղջիկս արդեն մեծ է և նա վարում է ողջ տնտեսությունը։
Չորեքշաբթի՝ մոտավորապես ժամը յոթին, երիտասարդ դատախազը կնոջ հետ բարձրանում է ծերունու տան դեպի դուռը տանող քարե աստիճաններով։ Դռան վրա փակցված է ցուցատախտակ. Դատավոր Վ.Թելունց։ Դուռը բացում է երիտասարդ օրիորդ՝ նրա հագածից և վարվելաձևից բացահայտ երևում է, որ նա դատավորի աղջիկն է։ Նա ներս է հրավիրում հյուրերին / մենք տեսնում ենք միայն քաղքավարի ժպիտը, գլուխների և շուրթերի շարժումները՝ խոսակցության բառերը չտարբերելով՝ երաժշությունը ծածակում է դրանք /
Ընթրիքն ավարտված է։ Ներկաների դեմքերից երևում է, որ ամեն ինչ շատ հաճելի ու հիասքանչ է անցել։ Տղամարդիկ առանձնանում են աշխատասենյակում։ Դատավորը բացում է դուռը և առաջ թողնում դատախազին։ Նրանց հետևը ընթրիքի սեղանն է՝ արդեն կարգի բերված։ Տեսնում ենք նաև, որ կանայք նույնպես հեռանում են ճաշասենյակից։
Աշխատասենյակում վառվում է գրասեղանի վրայի ցածրիկ լապտերը՝ իր շուրջը տարածելով տաք լույս և ստեղծելով մտերմիկ մթնոլորտ։ Մեկ այլ՝ ավելի ցածրիկ սեղանի վրա խաղատախտակն է, կողքը շարած են խաղաքարերը։ Ծեր դատավորը կոնյակ է հյուրասիրում հյուրին, և խաղացողները նստում են դեմդիմաց։
Դատավոր / ձեռքի թույլ շարժումով կանխելով դատախազի խաղաքարերը դասավորելու միտումով արված համարձակ շարժումը / – Նախքան սկսելը / խոսում է նույն անհամարձակ, դանդաղ ձևով ինչ որ նախկինում / ես պետք է ձեզ մի բան խոստովանեմ։ Արդեն քսան տարի է անցել այն օրվանից, ինչ ես ծանոթացել եմ ողորմածիկ դատախազի հետ։ Դիպվածի շնորհիվ մենք հանդիպեցինք հենց այն դատավորի թաղման ժամանակ, որի տեղը ես հիմա զբաղեցնում եմ։ Հուղարկավորության ժամանակ խոսք բացվեց շախմատի մասին, քանի որ լուսահոգի դատախազը նույնպես ամիսը մեկ անգամ շախմատ էր խաղում հիմա արդեն քսան տարի առաջ մահացած դատավորի հետ։ Դա առանձնահատուկ խաղ էր. խաղաքարերը համապատասխանում էին առանձին մարդկանց, որնց որոշում էին հենց խաղացողները։ Թագուհին պետք է լիներ խաղացողին առավել մոտիկ անձնավորություն. այն ժամանակվա դատախազի համար դա քույրն էր, որը նրա կնոջ մահից հետո տան գործերով էր զբաղվում, դատավորի համար՝ կինն էր։ Երկու խաղացողներն էլ փղերով նշանակում էին ծանոթ եկեղեցականներին կամ ուսուցիչներին, ձիերով՝ իրավաբաններին ու զինվորականներին, նավակներ դառնում էին գործարարները կամ քաղաքական գործիչները։ Զինվորները հավաքվում էին հասարակ համաքաղաքացիներից կամ կարող էին լինել, օրինակի համար, աղախինը կամ այգեպանը։
Խաղի կանոնները հետևյալն էին. կորցնելով խաղաքարը խաղացողը պարտավոր էր սպանել նրան, ով դրանով նշանակված էր։ Խաղը վերսկսում էր միայն սպանությունը կատարվելուց հետո։ Իսկ մատ ստացողը պետք է ինքնասպանություն գործեր։ Դա հետևանքն այն էր, որ մի խաղը տևում էր տասնամյակներ։ Հաճախ քայլերի վրա մտմտում էին ամիսներով։ Այդպես օրինակ՝ մահացած դատախազը իմ նախորդի հետ խաղում էր շուրջ տասնհինգ տարի, մինչև նրան մատ չհայտարարեց։ Ի դեպ, մինչ այդ և՛ ինքը, և՛ իր հակառակորդը ստիպված էին սպանել իրենց կանանց։ Անհնար է կռահել, թե ո՞վ է հորինել այս խաղը։ Իմ նախորդը՝ փոխարինելով իր նախորդին, խաղում էր նույն խաղը այն դատախազի նախորդի հետ, որը վերջերս մահացավ ։
Կարծես այս քաղաքում արդեն երկար ժամանակներ է, ինչ դատավորը դատախաղի հետ այս խաղն են խաղում։ Համենայն դեպս այդպես բացատրեց ինձ դատախազը։ Բացատրություններին միանգամից հետևեց սպանությունների խոստովանությունը, որոնք կատարվել էին այժմ մահացած դատախազի և դատավորի ձեռքով։ Առաջին իմ ցանկությունը նրան ձեռբակալելն էր։ Բայց հետո ես չկարողացա զերծ մնալ նոր խաղ սկսելու գայթակղությունից. դատախազը թագուհիով նշանակեց իր ավագ աղջկան, որը տնային տնտեսուհի էր, քանի որ կինը արդեն գնացել էր այն աշխարհ շախմատային պատճառներով։ Իսկ ես նշանակեցի իմ երիտասարդ կնոջը։ / կամաց-կամաց սկսում է խոսել ավելի ու ավելի ոգևորությամբ, շտապելով միտք արտահայտել, կարճ դադարներով / Այդ պահից սկսած կյանքը լիովին ուրիշ իմաստ ստացավ. շախմատի շնորհիվ խաղացողների ձեռքում համարյա աստվածային իշխանություն կար տվյալ մարդկանց վրա։
Քսան տարի մենք այսպես խաղացինք, պայքար էր գնում ամեն մի խաղաքարի համար։ Դա սարսափելի էր և միաժամանակ անհավատալի զգացմունքների ուժգնությամբ այն պահերին, երբ պետք էր զոհաբերել որևիցե խաղաքար։ Եվ ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ փրկվելով մատից, ստիպված էի զոհել սեփական կնոջս։ Դա տևեց այնքան ժամանակ, մինչև անցյալ շաբաթ ծեր դատախազը, մատ ստանալով, ինքնասպան չեղավ։
Կարող է զարմանալի թվալ, թե ինչպես սպանությունները՝ կատարված այս քսան տարվա ընթացքում, այդպես էլ ոչ մի անգամ չեն բացահայտվել։ Բայց մյուս կողմից՝ մենք դրանք ամեն անգամ մեծ նրբանկատությամբ էինք նախապատրաստում, բացի դա ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այդպիսի զարմանալի դրդապատճառը, ինչպիսին շախմատի խաղն է, կարող է հանցագործության հիմք ծառայել։
Երիտասարդ դատախազը սարսափով լսում էր ծեր դատավորի բացատրությունները ։ Դատավորը հենվում է բազկաթոռի հենակին։ Հարևան սենայկից հասնում են երկու կանանց անհոգ ձայները։
Դատավոր / համարձակ, համոզված իր ապահովության մեջ, սպասումով նայում է ուղիղ դատախազի դեմքին / – Վերջ։ Կարող եք ինձ ձերբակալել։
Դատախազը որոշ ժամանակ լուռ տնտղում է սեփական մտքերը։ Ապա մտահոգ տեսքով ձեռքը ձգույմ է դեպի խաղաքարերը։
Դատախազ / Թագուհուն համապատասխան տեղը դնելով / – Նշանակում եմ կնոջս։