PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիմակներ - 2



Ուլուանա
02.11.2006, 14:25
ԴԻՄԱԿՆԵՐ - 2


Լիլիթը մի կերպ խցկվեց բախտի բերմամբ կանգնել բարեհաճած երթուղայինի մեջ։ Մտնելով մեքենան՝ անմիջապես գրավեց արդեն սովոր դիրքը՝ մեջքից ծալապատիկ, ուղիղ անկյուն կազմած։ Սիրում էր երթուղայինի մեջ մարդկանց դեմքերն ուսումնասիրել, բայց այս դիրքն այդ գործի համար այնքան էլ նպաստավոր չէր։ Հիմա տեսնում էր միայն իր առջև կողքից նստած կնոջ՝ ծնկներին դրված երիտասարդ ձեռքերը, որոնցից մեկի վրայի մատանուց միայն կարելի էր ենթադրել, որ ամուսնացած է։ Գլուխը մի կերպ բարձրացնելով՝ նայեց ձեռքերի տիրոջը։ Վերջինս էլ իր հերթին մի տեսակ զարմացած իրեն նայեց։ Երևի մտածում էր. «Այս նեղ մոմենտին տեսնես ի՞նչ է խելքին փչել...»։ Բայց դա միայն մի վայրկյան տևեց։ Գլուխը կրկին իջեցնելուց առաջ հասցրեց նկատել, որ նա գեղեցիկ է ու բավականին խնամված տեսք ունի, կարծես հենց նոր է գեղեցկության սրահից դուրս եկել։ Նաև բարեկազմ է երևում։ Այնքան անվրդով ու անհոգ է երևում, որ թվում է՝ կյանքի բոլոր դժվարություններն ու տհաճությունները նրան չեն դիպել։ Տեսնես երեխա ունի՞։ Հնարավոր է, որ դեռ չունենա, մի տեսակ շատ անհոգ է երևում։ Բացի դրանից... ասենք, դա ի՞նչ կապ ունի... Հետաքրքիր է, երեխա ունենալուց հետո մարդկանց դեմքի արտահայտությունը փոխվու՞մ է... դե, մայր լինելը երևի պիտի ինչ-որ կերպ արտացոլվի, չէ՞, մարդու դեմքին։ Իսկ գուցե ո՞չ... փորձեց հիշել իր այն ընկերուհիներին, որոնք արդեն մայր են... Հըմ... կամ չեն փոխվել, կամ ինքը վատ հիշողություն ունի, կամ էլ...
- Տվեք պահեմ ձեր պայուսակը,- հանկարծ լսեց այն կնոջ ձայնը, որի մայր լինել-չլինելը իր մտորումների նյութն էր դարձել։ Մի քիչ անակնկալի եկավ. նրա ձայնն ավելի բարակ էր պատկերացնում, բայց, այնուամենայնիվ, հաճելի ձայն էր։
- Շնորհակալ եմ,- ասաց Լիլիթը՝ անսպասելիությունից թեթևակի վեր թռչելով ու հազիվ նկատելի ժպտալով և պայուսակը դրեց երիտասարդ կնոջ ծնկներին։
Հետաքրքիր է՝ ամուսի՞նն ինչպիսին կլինի։ Իրար սիրու՞մ են, թե՞ պարզապես ստացվել է, ամուսնացել են, ինչպես լինում է հաճախ, երբ կարծում են, թե սիրում են, իսկ իրականում պարզապես հարմարված են լինում իրար, կամ էլ ավելի վատ... Հուսանք, որ սիրում են... Գեղեցիկ է, նրան սիրելը դժվար չէր լինի... չնայած դա ի՞նչ կապ ունի... Հիմարություն։ Կարծես չկան գեղեցիկ կանայք, որոնց ամուսինները չեն սիրում։
Երիտասարդ կինը հանկարծ անհանգիստ շրջվեց դեպի մեքենայի հետևամասը.
- Արամիկ, վեր կաց, իջնում ենք,- փոքր-ինչ տագնապած ձայնով ասաց նա։
Լիլիթը նույնպես գլուխը շրջեց Արամիկի կողմը։ Փաստորեն, ունի... հետաքրքիր է... Եվ սկսեց ուսումնասիրել Արամիկին, որն արդեն ոտքի էր կանգնել. Մորը նման չէ, երևի հորն է նման։ Ճիշտ է, հաճելի մռութիկ ունի, բայց երևի ավելի լավ կլիներ, եթե մորը նման լիներ... Ասենք, իր ի՞նչ գործն է, ի սեր աստծո. իրենք, իրենց երեխան։ Ում ուզում է նման լինի...
Նրանց իջնելուց հետո մի կերպ հասցրեց այդ կնոջ տեղը գրավել, որովհետև իր կողքին կանգնած աղջիկն էլ կարծես նույն ակնկալիքն ուներ։ Նման դեպքերում, երբ մի քանի հոգի ակնհայտորեն հավակնում էին մոտ ապագայում ազատվելիք նստատեղին տիրանալ, Լիլիթը սովորաբար մի տեսակ անհարմար էր զգում իրեն շտապ առաջ գցել ու մնացածներին հուսախաբ անելով՝ գրավել այդ տեղը։ Բայց այս անգամ մեջքի ցավը ստիպեց սովորականից ավելի ճարպիկ գտնվել։

Արամիկի մայրիկը բռնեց երեխայի ձեռքը և սկսեց քայլել դեպի մոտակա շենքը։
- Մա՜մ, բա պապան ե՞րբ կգա,- կիսանեղացած ձայնով հարցրեց Արամիկը։
- Պապան չի գա,- պատասխանեց մայրը՝ ավելի պինդ սեղմելով որդու ձեռքը,- Արամիկ, դու էլ պապա չունես, մոռացիր նրա մասին, լա՞վ,- և արցունքները զսպելով՝ կռացավ ու համբուրեց փոքրիկի այտը, որից հետո շարունակեցին քայլելը։
Արամիկը շատ անգամներ էր տվել այդ հարցը և միշտ նույն պատասխանն էր ստացել, բայց, չգիտես ինչու, ամեն անգամ հույս էր ունենում, որ մայրիկն ավելի լավ բան կասի...

Զբաղեցնելով բաղձալի նստատեղը՝ Լիլիթը վերջապես կարող էր իրեն թուլացնել։ Մեջքի ցավը դեռ չէր անցել. այս երթուղայիններում կարելի է հաշմադամ էլ դառնալ։ Միաժամանակ մի տեսակ իրեն մեղավոր էր զգում, որ ինքը նստեց, իսկ այն աղջիկը, որ նույնպես հույս ուներ, այդպես էլ կանգնած մնաց։ «Բայց ես ավելի մոտ էի կանգնած նստատեղին, համ էլ ես ավելի վաղուց էի կանգնած. նա ինձնից շատ ավելի ուշ է բարձրացել մեքենա»,- փորձում էր իրեն արդարացնել։
- Տվեք պահեմ ձեր պայուսակը,- ասաց այդ աղջկան. գոնե մի բանով օգնած լինի։
- Չէ, շնորհակալություն, արդեն իջնում եմ,- շատ քաղաքավարի պատասխանեց աղջիկը։
«Դե լավ է, ուրեմն այնքան էլ մեծ բանից չի զրկվել։ Համ էլ առանձնապես հոգնած չի երևում»,- մտածեց Լիլիթը և թեթևացած շունչ քաշեց։

Կանգնած մնացած աղջիկը երթուղայինից իջավ։ «Ոտքերս ջարդվում են, գրողը տանի... Գոնե վերջում մի երկու րոպե նստեի։ Դեռ ինչքա՜ն էլ պիտի քայլեմ... Օ՜ֆ... Ախր ինչու՞ է միշտ այդպես. ինչի՞ց է, որ միշտ գտնվում է մեկը, ով ինձնից ավելի ճարպիկ ու արագաշարժ է դուրս գալիս այդ գործում։ Ինչու՞ ես էլ չեմ կարողանում նրանց նման լինել։ Թեկուզ հենց այդ աղջիկը, որ նստեց։ Այնքան էլ արագ ու վստահ նստեց, կարծես հենց իր համար էր նախատեսված... Համա թե ճարպիկն էր... Երևում էր, որ միշտ այդպես է արել... Էհ, ճիշտ է անում, ո՞վ իրավունք ունի մեղադրելու։ Ինչպես ասում են, էս դարում զոռբա պիտի լինես, որ կարողանաս ապրել։ Էդ ես եմ հիմար...»։

Հիմա արդեն տեսադաշտում շատ դեմքեր կային։ Կարելի էր հանգամանալից ուսումնասիրություն անցկացնել։ Վարորդի հետևի մասում դեմքով դեպի Լիլիթը նստած էին մի տարեց կին, մոտավորապես իր տարիքի մի աղջիկ, էլի մի տարեց կին՝ վաթսունին մոտ, և մի երիտասարդ։ Առաջին կինը բավականին հոգնած ու անտարբեր տեսք ուներ։ Տեսնես ինչի՞ց էր հոգնել՝ շատ աշխատելուց, երկար երթևեկելուց թե ընդհանրապես ապրելուց... կամ գուցե բոլորը միասի՞ն... Տեսնես ամուսինը կենդանի՞ է... իսկ գուցե ամուսնու՞ց է հոգնել... աստված չանի... բայց ի՞նչ իմանաս, հնարավոր է, որ ամուսինն արդեն չկա, ու նա առանց ամուսնու ապրելուց է հոգնել... Հետաքրքիր է, այդ տարիքում ամուսնու կարիքը նույնքան շա՞տ են զգում, որքան երիտասարդ ժամանակ, թե՞ ավելի քիչ, կամ գուցե ավելի շա՞տ... Բայց նրա դեմքի արտահայտությունից դատելով... ասենք, ի՞նչ իմանաս... Ինչպիսի՜ անհեթեթ մտքեր... Այնուամենայնիվ, տեսնես թոռներ ունի՞... մի րոպե... բայց գուցե նա երբեք էլ ամուսնացած չի եղել։ Չէ, նա այնպիսի տեսք ունի, կարծես երեխաներ էլ ունի, թոռներ էլ...

Իսկ այն աղջիկը... ժամանակ առ ժամանակ գոհունակությամբ ժպտում է. երևի ինչ-որ հաճելի բան է հիշում։ Երևի ընկերոջը նոր է հրաժեշտ տվել, և հաճելի հիշողությունները դեռ թարմ են։
Այս տղա՞ն տեսնես ինչու է այսքան մտախոհ տեսք ընդունել։ Շատ դուրեկան դեմք ունի։ Ինչի՞ մասին է մտածում։ Ձեռքին թղթեր կան։ Երևի ուսանող է։ Գուցե այսօր քննության է ու հենց դրա մասին էլ մտածում է։ Հետաքրքիր է, այս պահին աշխարհում քանի՞ հոգի է քննության մասին մտածում... Ասենք, դրանից ավելի հետաքրքիր բաներ էլ կան։ Օրինակ՝ այս պահին աշխարհում քանի՞ հոգի է երջանկությունից թռչկոտում կամ դժբախտությունից լաց լինում, օրինակ՝ անպատասխան սիրո պատճառով... Հանկարծ «Ամելի» ֆիլմը հիշեց։ Տեսնես այս պահին աշխարհում քանի՞ հոգի է այդ ֆիլմը նայում... Տեսնես եթե այս տղային մի քսան տարի հետո տեսներ, կճանաչե՞ր։ Իսկ նա իրե՞ն... Ասենք, նա իրեն հնարավոր է, որ իսկի չի էլ տեսել, եթե, իհարկե, չի նայել այն պահերին, երբ ինքը լրիվ ուրիշ կողմ էր նայում։ Տեսնես նա ինչպիսի՞ որդի է իր ծնողների համար։ Օրինակ՝ երբևէ մորը կոպտած կա՞։ Եվ ընդհանրապես տեսնես այս երթուղայինի մեջ կա՞ այնպիսի տղա, որը երբեք իր մորը չի կոպտել։ Սկսեց շուրջը նայել՝ բոլոր տղաներին զննելու և այս վերջին հարցի մասին ենթադրություններ անելու համար։ Կողքի նստատեղին նստած հաստլիկ տղան ահագին ջղային ու անհաշտ տեսք ունի։ Սա հաստատ կկոպտի, ընդ որում ոչ միայն մորը, այլև ցանկացած մարդու, որն ամենաչնչին անհամաձայնությունը կարտահայտի իր որևէ ասածի կամ արածի նկատմամբ։ Հետո պատկերացրեց, թե այսպիսի տեսքով տղան ինչպիսի մունաթական ձայն կարող է ունենալ։
Իսկ այն մյուսը կարծես դեռ կարգին չի էլ արթնացել։ Այնպիսի տպավորություն է, որ քնից զոռով հանել և ուղարկել են, հայտնի չէ՝ գործի թե դասի... Տեսքից չի երևում։ Տեսնես լրիվ արթուն ժամանակ ի՞նչ տեսք կունենա...
Տեսնես այստեղ նստածներից որևէ մեկն այս պահին մտածու՞մ է նստածներից որևէ մեկի մասին, թե՞ ամեն մեկն իր սեփական դարդերով է տարված։

Ահա վերջապես հասավ իր կանգառին։ Եվս մի քանի վայրկյան, և ինչ-որ մեկն էլ կերջանկանա՝ նստելու տեղ գտնելով։ Երբեմն ի՜նչ հեշտ է լինում մարդկանց երջանկացնելը...
Հիմա հրաժեշտ կտա իրեն արդեն որոշ չափով հարազատացած դեմքերին։ Տեսնես նրանցից որևէ մեկին հետագայում երբևէ կհանդիպի՞... Վերջ։ Արդեն իջնելու ժամանակն է։ Վերջին անգամ նայեց այն թղթերով տղային՝ կարծես համոզվելու համար, որ այդպես էլ մինչև վերջ իր վրա չի նայել, նույնիսկ չի նկատել իրեն...
Լիլիթի իջնելուց հետո թղթերով տղան երթուղայինի պատուհանից նայեց նրա հետևից. «Ի՜նչ հետաքրքիր դեմք ուներ... գեղեցիկ... Տեսնես նրան էլի կտեսնե՞մ։ Տեսնես մի՞շտ է այս ժամերին այս երթուղայինը նստում... Տեսնես...»։

Տե՛ս «Դիմակներ (1)» (http://www.akumb.am/showthread.php?t=191)

Riddle
02.11.2006, 14:56
Շատ լավն էր, անչափ դուր եկավ: Բայց մի տեսակ տխրեցի, մտածելով, որ մենք կյանքում անընդհատ, հնարավոր է ամեն օր, կամ նույնիսկ ժամ, ինչ որ կարևոր բան ենք կորցնում միայն այն պատճառով, որ չենք կարողանում անծանոթների դեմքերին կարդալ ճշմարտությունը:

John
02.11.2006, 15:19
Շատ լավն էր Անահիտ ջան՝ ես էլ մի քիչ տխրեցի…

Ծով
02.11.2006, 17:03
Ինձ էլ դուր եկավ…
Ինչ լավ կլիներ,որ նորից հանդիպեին…
Ես մի միջադեպ հիշեցի ու գեղեցիկ հուշեր արթնացան…
ՄԻ անգամ մի տղա նստեց իմ կողքին,բայց սկզբում ես իր ներկայությունն ընդհանրապես չէի զգում որովհետև մտքերի մեջ էի,մեկ էլ էդ տղան ասեց,—մի մտածի,ամեն ինչ լավ կլինի։
Չես կարող արհամարհել,
Ասում եմ.
—շնորհակալ եմ
ասումա,փաստորեն համաձայն ես…
ասում եմ
—ինչին
Ասումա,որ ես քեզ օգնեմ,որ ամեն ինչ լավ լինի…
Ասեցի.
—ինձ օգնել պետք չի.
Ինքն էլ թե—Ինձա պետք…
Ու սկսեց պատմել իր խնդիրների մասին,,մի հատ զրույց ա գոյացել…

Հետո էնքան ծիծաղացրեց,որ իմ բացասական լիցքերն իսպառ վերացան…
Հետո ինքն իջավ իր կանգառում,ես էլ իմում,բայց հաստատ գիտեմ,որ մի քաղցր հուշ մնաց…իջնելիս էլ ասաց
—Ես միշտ կօգնեմ քեզ հեռվից
—ես էլ…
ու ամենագլխավորը…տեղս ստացավ:D

գիտեք ինչն ա հետաքրքիր…որ,համոզված եմ,ոչ ինձ,ոչ իրան,ոչ ոք այդքան համբերատար 20 րոպեում չէր լսի ու ոչ ոք այդքան լուռ ու անկեղծ չէր օգնի…:)
Անահիտ ջան,շնորհակալ եմ,որ քո շնորհիվ նորից արթնացավ հիշողությունս…Ես կեղեվի մասին միայն գրեցի,բայց միջուկը հիշելիս նորից վերապրեցի :) Շնորհակալ եմ…

Lionne_en_Chasse
02.11.2006, 17:23
Ինձ էլ դուր եկավ: Էնքան բնական ես նկարագրել իրավիճակն ու ուղևորներին, որ կարծես թե ամեն ինչ աչքովս էի տեսնում այլ ոչ թե կարդում
Հետո էլ բողոքում եք երթուղային տաքսիներից տեսնո՞ւմ եք ոմանց համար դա նույնիսկ ոգեշնչման աղբյուր է :D

Firegirl777
02.11.2006, 18:02
Հիանալի էր, ու շատ լավը ի դեպ ես էլ երթուղային տաքսի նստելով շատ հաճախ դիոտւմ եմ մարդկանց դեմքերը և պատկերացնում թե իրենք ինչպիսին կլինեն կյանքում, չնայած վերջերս հոգնել եմ այդ դիտումից ու շատ անգամներ նստում եմ պատուհանի մոտ որ ոչմեկի դեմքը չտեսնեմ

Esmeralda
03.11.2006, 21:36
Գրվածքդ անսովոր ջերմություն ու սեր արթնացրեց իմ մեջ բոլոր մարդկանց նկատմամբ.... Շնորհակալ եմ քեզ դրա համար....

StrangeLittleGirl
03.11.2006, 21:45
Ծանոթ իրավիճակ էր: Լավ էլ նկարագրել էիր :)

Simon
28.11.2006, 14:09
Հետաքրքիր է:think

CactuSoul
03.02.2007, 12:33
Ուլուանա ջան, շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ քեզ, որ խորհուրդ տվեցիր կարդալ այս պատմվածքը:love : Այնքա՜ն բնական էր ամեն ինչ նկարագրված…
Ինձ էլ թվում էր, թե նման մտքեր միայն իմ գլխում են պտտվում:oy … Ավելի ճիշտ՝ ես երթուղայիններում կամ փողոցում մտքումս զրուցում եմ ինձ հանդիպած մարդկանց հետ: Լավ էլ ստացվում է, գիտե՞ք:P ;) :
Լավ, գնամ «առաջին սերիան» կարդալու:) :

Մանոն
25.04.2007, 16:10
Սիրելի Ուլուանա, ինձ միշտ գրավել են այն ստեղծագործությունները, որոնք ո՛չ միայն գեղեցիկ ձևով ներկայացնում են իրականությունը, այլ նաև լինում են ուսուցանող, այսինքն այնպիսիները, որոնցից մի բան ունեմ սովորելու: Ես մնում եմ իմ սուբյեկտիվ այն կարծիքին, որ հոգեբան (ոչ հոգեբույժ) լինելու համար անպայման չէ ունենալ համապատասխան փաստաթուղթ, որ հոգեբան լինելը մարդկային հատկանիշ է: Քո «Դիմակները» դրա վառ ապացույցն է: Դու հեշտությամբ կարողանում ես թափանցել անգամ անծանոթ մարդկանց ներաշխարհը, անել ճիշտ վերլուծություններ ու դատողություններ: Դու տեսնում ես շղարշի մեջ պարուրված մարդկային խրթին հարաբերությունները և քո թափանցիկ ու պարզ խոսքով դրդում ես ընթերցողին անհաղորդ չմնալ մարդկային ցավին, դժբախտությանը, ուրախությանը...ճակատագրին: Քո ստեղծագործությունը յուրատիպ կոչ է համայն մարդկությանը՝ մի կողմ դնել և փորձել ապրել առանց անտարբերություն կոչվող դիմակների: Կեցցես...

Philosopher
27.04.2007, 14:26
Լավ էր, գիտակցության հոսքի գրականության փորձ էր։ Երիտասարդ աղջկա մտորումներն են կյանքի այն անցումային շրջանում, երբ աղջկական հոգին դատարկվում է, որպեսզի լցվի, լցվի նորով, դեռևս անծանոթով, բացառիկ սիրով, երջանկությամբ, բայց դեռ չի լցվել ու այդ դատարկությունը լցվում է շրջապատի խորը, երբեմն նույնսիկ նյարդային զգացողությամբ ու ընկալմամբ։ Ամենաէական բացթողումն այն էր, որ դիտող աղջիկը ինքը որպես գործող անձ իր իսկ գիտակցության ներքին հոսքի հերոս դարձավ միայն վերջում, հենց այդ պատճառով էլ նրա դիտարկումները ավելի օբյեկտիվ ու չեզոք էին, քան կարելի էր ենթադրել, թեև, իհարկե, նրա մտորումները երիտասարդ ու ծեր կանանց մասին անպայման նրա՝ սեփական ճակատագրի մասին մտորումների արդյունք էին։ Վերջին տողերում աղջիկը դիտորդից վերածվեց մարդու, հենց այն սպասող աղջկան, ինչիպիսին նա ենթադրվում է, որ պետք է լիներ։

Վերջին անգամ նայեց այն թղթերով տղային՝ կարծես համոզվելու համար, որ այդպես էլ մինչև վերջ իր վրա չի նայել, նույնիսկ չի նկատել իրեն...
Լիլիթի իջնելուց հետո թղթերով տղան երթուղայինի պատուհանից նայեց նրա հետևից. «Ի՜նչ հետաքրքիր դեմք ուներ... գեղեցիկ... Տեսնես նրան էլի կտեսնե՞մ։ Տեսնես մի՞շտ է այս ժամերին այս երթուղայինը նստում... Տեսնես...»։
Նրա հայտնությանը սպասում էի, չնայած լավ փորձելի էիր թաքցնել նրան, գոնե՝ չէիր շտապել բացահայտել։ Մինչդեռ չկա ավելի բարձր, ավելի գեղեցիկ օբյեկտիվություն ու ռեալություն, քան մարդկային, առավել ևս՝ աղջկական սպասող հոգու սուբյեկտիվությունն է։ Հենց էսպիսի հոգի է հերոսդ։ Հիանալի է։

Բարեկամ
07.05.2007, 06:54
Շատ հաջող էր ստացվել, Անահիտ:
Կենդանի էր, ճշգրիտ արտահայտիչ նկարագրություններով: Անցումները սահուն էին, թեթև, ու միևնույն ժամանակ՝ սնող: Բարձր նոտայի լավատեսական էր:
Եթե գրականությունը որոշ տեսանկյունով դասակարգվեր՝ քայքայող, կառուցող, բորբոքող, պրպտող, կամ չգիտեմ էլ ինչ... ապա սա միավորող էր:

ivy
18.06.2008, 04:51
Կարդացի Դիմակները, հավանեցի, իսկ Դիմակներ - 2-ը ավելի շատ հավանեցի: :) Լավ գործ է:
Ինձ մոտ էլ է լինում, երբ տրանսպորտում ուսումնասիրում եմ մարդկանց ու մտածում, թե ով ով է իրականում, ինչ կա նրա` երբեմն ոչինչ չասող կամ էլ ակնհայտորեն ստող դեմք-դիմակի հետևում:
Երևի հենց այդ պատճառով էլ հետաքրքիր էր կարդալ նաև ուրիշի մտորումները այդ հարցի կապակցությամբ, իսկ երբ դա գրված է պատմվածքի տեսքով, ընթերցումը կրկնակի հետաքրքիր է դառնում: Շատ դիպուկ տեսարաններ էին, լավ շարադրանք: Իսկ հեղինակի մտորումներն էլ ստիպում են մեկ անգամ ևս խորհել մարդկային դերերի ու դիմակների մասին...

Dayana
28.08.2008, 00:20
Անահիտ, արի քեզ գոնե մի անգամ անունով դիմեմ :) Շատ դուրս եկան երկուսն էլ ՝ Դիմակն ու նրա երկրորդ տարբերակը :) Ու գիտես ի՞նչ եմ մտածում, խենթ եմ երևի, մտածում եմ իմ ու քո որդիները մեզ կնեղացնե՞ն :oy Դե քո որդին երևի չէ, քանի որ սա կկարդա ու կհասկանա, որ դա սխալ է, իսկ իմը՝ դե նա էլ կկարդա ;) Հետաքրքիր էր, ավելի շատ միտքը անտարբեր կամ կիսաանտարբեր երիտասարդը չէր, բայց ես նրան ընկալեցի, չգիտեմ ինչու :) ու մտածում եմ, իսկապես, երևի մենք հաճախ ենք երթուղայինում կամ պարզապես փողոցում կորցնում հարազատ հոգիներ, հաճախ ենք անծանոթներին "անալիզի" ենթարկում ու շատ ավելի հաճախ ՝ ուղղակի չենք նկատում, քանի որ թաքնված ենք "նոր" դիմակի տակ :)

Շնորհակալ եմ :)