PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարդավառ !!!!!!



ArmineIvanyan
02.07.2008, 13:57
Պատկերացրեք, որ ամռան շոգին քայլում եք ժամանակակից, եվրոպական մայրաքաղաքներից մեկի փողոցով: Վազելով Ձեզ են մոտենում մի խումբ երեխաներ, կամ երիտասարդներ ու դույլերով ջուր լցնում Ձեր վրա… Դուք ապշած եք, շփոթված ու չգիտեք ինչ անել: Դիմել ոստիկանություն, բողոքել, լաց լինել, ո±րն է ելքը: Դժվար է պատասխանել այս հարցին, եթե Դուք Գերմանիայում եք, Ֆրանսիայում, Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում: Սակայն եթե Դուք Հայաստանում եք, պատասխանը շատ պարզ է. Ձեզ մնում է միայն ժպտալ ու մի լավ ծիծաղել, քանի որ այստեղ սուրբ Զատկին հաջորդող 14-րդ կիրակի օրը տոնում են Վարդավառ կոչվող ազգային-եկեղեցական տոնը, և միմյանց վրա ջուր լցնելու սովորույթը գալիս է դարերի խորքից (տոնը կարող է ընկնել հունիս 28-ից մինչև օգոստոսի 1-ը):

Վարդավառը (Այլակերպություն, Պայծառակերպություն) հայոց ամենասիրված, ամենաուրախ և հիշարժան տոներից մեկն է: Այս տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով: Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ:

Վարդավառը հայոց հնագույն տոներից է: Այն տոնել են հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այլն: Ըստ ավանդության` երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:

Վարդավառը տոնում էին ուխտագնացություններով դեպի նշանավոր լեռների սրբավայրերը և ջրերը: Հատկապես նշանավոր էր Մշո սուրբ Կարապետ վանք կատարվող ուխտագնացությունը, որը ոչ միայն քրիստոնեական հավատի, այլև ազգային նվիրումի վկայություն էր:

Տոնի ժամանակ մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից և տանում եկեղեցի` օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից և վնասներից: Աղջիկները հավաքում էին բազմագույն ծաղիկների փնջեր (հատկապես «վրթիվեր» դեղին ծաղիկի) և գիշերը գաղտնի նետում հարազատների կամ հարևանների բակը: Ցորենի հասկից հյուսում էին շատ գեղեցիկ փնջեր` խաչբուռեր:

Վարդավառը շատ հանդիսավոր տոն է, երիտասարդները վառում էին խարույկներ և կրակի շուրջը դիմավորում լուսաբացը խմբապարով: Պարերն ուղեկցվում էին երգերով, խաղերով և կատակներով: Առավոտյան աղջիկները շրջում էին տնետուն և իրենց նվիրաբերած ծաղկեփնջերի դիմաց ստանում նվերներ:

Սարերում կազմակերպվում էին տոնավաճառներ, զբոսախնջույքներ, լարախաղացների ուրախ հանդեսներ:

Վարդավառի տոնի կարևոր ծեսը աղավնի թռցնելու սովորույթն էր: Հատուկ Վարդավառի տոնի համար ողջ տարին պահված աղավնիները ճախրում էին օդ` հիացնելով հանդիսականներին և հատկապես, իրենց վարժեցրած տերերին:

Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Առավոտից ահել թե ջահել, կին թե տղամարդ, ծեր թե երեխա, ծանոթ թե անծանոթ, դույլերով և տարբեր տարաներով «ջրում են» միմյանց: Ոչ ոք չի նեղանում մյուսից: Այդ օրը մարդիկ ուրախ են, բարյացակամ, իսկ երեխաների և երիտասարդների համար այն տարվա ամենասպասված և սիրելի տոնն է:

Վարդավառը շատ գեղեցիկ մի տոն է, որի մասին մեկ անգամ լսելու փոխարեն ավելի ճիշտ կլինի պարզապես այցելել Հայաստան` մի երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել Քրիստոնեությունը, և որը համարվում է մարդկության ամենամեծ սրբավայրերից մեկը:

Mari_A
08.07.2008, 09:38
Շնորհավորում եմ, հիանալի հոդված էր: hands Անձամբ ես շատ մանրամասներ չգիտեի Վարդավառ տոնի մասին և շատ ուրախ եմ, որ ծանոթացա այս հոդվածի հետ, ինչի շնորհիվ դարձա տեղեկացված: Սրանից հետո ավելի շատ կսիրեմ այս տոնը:
Ցավում եմ, որ այսօր չեն պահպանվել այն ավանդույթներն ու ծեսերը, որոնք հատուկ էին հին ժամանակներին: Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրությամբ հետևել նման տոները նշելու իսկական ավանդույթներին…