PDA

Դիտել ողջ տարբերակը : Ես կաթ չեմ սիրում…



Ծով
26.10.2006, 19:39
Ես կաթ չեմ սիրում…

Ձմեռվա ցուրտ ու տխուր օրերից մեկն էր;Այդ առավոտ կովը ծախեցին։
Շուշիկն աչքերը լցրեց ,երբ իրենց միակ հարստությունը տարան,հետո մտածեց«Բա Լիլիթիկին ի՞նչ ենք ասելու»։
—Հիմա ի՞նչ ենք անելու,Հա՛յկ,էրեխեքը գոնե մի քիչ սնունդ էին ստանում
—Վաղը Երևան եմ գնում՝Շոնի համար դեղ գնելու
—Իսկ հետո,երբ փող էլ չունենանք,մենք ծախելու բան էլ չունենք,ի՞նչ ենք անելու
—Չգիտեմ Շու՛շ,չգիտեմ,մի բան կմտածեմ,մինչ այդ հետոն Աստված մի դուռ կբացի,պիտի հավատանք չէ,մի բան կմտածեմ…
—Քո ասած հետոն այնքան էլ հեռու չէ,իսկ Շոնն օր օրի ավելի է տկարանում
—Դե –դե վերջ տուր,մի բան կմտածեմ։
Շուշիկը տխուր ժպտաց…
—Շոն,փոքրի՛կս,դու արդեն արթնացել ես…տաք հագնվիր լսու՞մ ես,էն ծակծկիկը,ինչպես դու ես ասում,չես հանել չէ՞,եկ մի տեսնեմ
—Ես փոքր չեմ,մայրի՛կ
—Լիլիթը քնա՞ծ է
—Լիլուն կաթ է ուզում,թարմ կաթ
—Շո՛ն,նստի։ր տղաս,գիտե՞ս, ես պիտի քեզ մի շատ կարևոր բան ասեմ
—Գիտեմ ինչ ես ասելու
—Իսկապե՞ս
—Ինչու՞ կովը ծախեցիք
—Շո՛ն…
—Իմ դեղերի համար հա՞ մայրի՛կ,ես չեմ ուզում,որ իմ պատճառով Լիլուն իր սիրած կաթը չխմի,չեմ ուզում,դա անարդար է։
—Կան շատ ավելի կարևոր բաներ,քան Լիլուի կաթն է,Շո՛ն…
—Օրինակ…
—Մարդու կյանքը
—Լիլուի կաթից թանկ է իմ կյանքը…ես չեմ հասկանում
—վե՛րջ տուր,Շո՛ն մեծերը վարվում են այնպես, ինչպես հարմար են գտնում, և դու շատ փոքր ես մեզ հետ վիճելու համար,այնպես չէ՞…
Շոնը նստեց սեղանի մոտ ու սկսեց լաց լինել։Հայկը շատ բարկացավ,երբ իր տղային լացելիս տեսավ։Նա թեթև ապտակեց որդուն,որ «տղամարդ» «մեծանա»,ես մտածեցի ՝ապտակի թափն ինչպե՞ս են որոշում…
Լիլուն ոտաբոբիկ հյուրասենյակ մտավ,մայրիկը բարկացավ ,բայց Շոնը շատ արագ քույրիկի ոտքերին տաք գուլպաներ հագցրեց,և մայրիկը հանդարտվեց։
Հայկը դուրս եկավ,որ ծխի,երբ Լիլուն կաթ ուզեց…
—Մեր կովիկը էլ կաթ չի տա,—հորինեց մայրիկը։
Շոնը հիշեց,որ սուտ խոսելը վատ բան է։
—Ինչու՞ չի տա,նա հիվա՞նդ է
—Ոչ քույրի՛կս,ես եմ հիվանդ,—մեջ մտավ Շոնը,ու մայրիկի հայացքը շանթեց նրան…
—Դու հո կովիկը չես,գիժու՛,—ծիծաղեց Լիլուն իր վարակիչ կչկչով։
Բայց առաջին անգամ նա ոչ ոքի չվարակեց…
Մայրիկը նախաճաշ պատրաստեց, Լիլուն ոչինչ չկերավ,Շոնը միայն թեյ խմեց։
—Ինչքա՜ն լուռ է տունը,—շշնջաց Լիլուն։
—Ե՛կ աղմկենք,—առաջարկեց Շոնը։
Մայրիկի նեարդերը էլ չէին դիմանում,բայց նա անզոր էր խախտելու նրանց երջանիկ աղմուկը,որից կշտանում էին ,ասենք ինչպես Լիլուն կաթից,իսկ Շոնը նոր թխած հացից։
—Երբ ձմեռը անցնի,Շո՛ն,ինձ թիթռներ կնվիրես…
—Մայրիկ,իսկ ես մինչև գարուն կապրե՞մ…
Շուշիկը հասկացավ,որ Շոնը լսել էր առավոտվա ողջ խոսակցությունը ու այս պահին դժվար էր որոշել՝ մխիթարել որդուն,եդ պահել նրան այդքան անզուսպ կամակորությունից,թե շեղել դստերը,որ չհասկանա ոչինչ,այն տարիքում,երբ նման բաները չեն հասկանում,այլ երբեմն զգում են։
Երբ երեկոն իջավ,ձյան փաթիլները օրորվեցին քամուց,ու շուտով մրրիկ սկսվեց…Ցուրտ էր,սարսափելի,երբ լսվում էր,թե ինչպես էր տունը ճռռում,երբ փողոցային շների վայնասունը խառնվում էր դողղացող ոսկորներիդ ,
և քո մարմնում պարող սառնությունը հետզհետե ավելի անտանելի էր դառնում…
Շոնն այնքան տաք հագուստ էր իրար վրա հագել,որ ծանրությունից քայլել չէր կարողանում,իսկ Լիլուն անդադար կրկնում էր.
—Դու իսկական բոքոնիկ ես,—և տարածվում էր վարակիչ ծիծաղը,բայց էլ ոչ ոքի վարակել չէր կարողանում…
—Տունը շատ տխուր է,—շշնջաց Լիլուն։
—Ե՛կ ծիծաղենք,—առաջարկեց Շոնը։
Լիլուն կչկչաց,Շոնն այս անգամ փորձեց վարակվել,մայրիկը տխուր
ժպտաց,Հայկըհառաչեց ու վառեց ծխախոտը…
—Լիլիթ,Շոն…
—Հիշում ենք մայրիկ
—Իսկ ես ի՞նչ էի ուզում ասել
—Հենց որ վերջին փայտը մոխրանա, գնանք քնելու
—Այո…
—Եվ Շոնն իր ծակծկիկը չպետք է հանի
—Այո…
—Իսկ ես վա՞ղն էլ կաթ չեմ խմի
Հայկը բարձրացրեց գլուխը.
—Դե համբուրե՛ք ու գնացե՛ք ննջասենյակ…
—Բայց դեռ չի մոխրացել
—Գնացե՛ք քնելու…
………
—Շո՛ն
—Հա,Լիլու՛
—Ու՞ր է կովիկը
—Չգիտեմ
—Ես նրան կկարոտե՞մ
—Չգիտեմ
—Նա մեռե՞լ է ցրտից
—Չգիտեմ
—Հիմա կլացեմ
—Պետք չէ
………
—Շո՛ն
—Հա ,Լիլու՛
—Դու քնա՞ծ չես
—Չէ
—Այս ի՞նչ ձայն է լսվում
—Քամու ձայնն է
—Մարդու պես է հա՞ Շոն
—Չէ
—ինչու՞
—Որովհետև ,Լիլու՛, նա չի մեռնում
—Բայց երբ այն չի լինում,դա մահ չէ՞,հնննն
—Նա չի մեռնում,Լիլու՛,նա հեռանում է,բայց մի օր ետ է դառնում
………
—Շո՛ն
—Հա,Լիլու՛,
—Վախենում եմ քնել
—Ինչու՞
—Այս ձայնն ինձ վախեցնում է
—Ե՛կ ինձ մոտ,
—Քո մեծ անկողնում քնեմ,հա՞
—Հա,Լիլու՛,ե՛կ,ես չեմ թողնի,որ վախենաս,
………
—Լիլու՛…
«Նա քնեց,իմ քույրիկը քնեց,բայց ես չպետք է քնեմ,ես լուսադեմին պիտի արթուն լինեմ,իսկ եթե քնեմ,քնած կմնամ ու չեմ հասցնի …
Բայց ճի՞շտ է,թե ոչ,դա ճի՞շտ է ,թե ոչ,…
Ճիշտ չէ Լիլուին կաթից զրկելն իմ դեղերի համար…
Մայրիկն ասաց,որ մի օր փողը չի հերիքի,ուրեմն ես մի օր կգնամ ու ետ չեմ դառնա,
ես քամին չեմ,ես ետ չեմ դառնա,ուրեմն եթե այդ փողն իմ դեղերի համար է, հենց իմն է, ես իրավունքներ ունեմ այդ փողի վրա,ուրեմն հանցանք չէ,մի քիչ վերցնելը,…ժամը հինգին դուրս կգամ,մեկ է տունը ցրտից ճռռում է,մայրիկն ու հայրիկը իմ դուրս գալը չեն զգա,որ արգելեն, կիջնեմ ներքև՝Վարդիկ տատիկենց տուն,կաթ կբերեմ,չէ նա ինձ կաթ չի վաճառի,նա կտա,իսկ եթե դա ողորմություն է…չէ…
Ես կգնամ այնքան հեռու,որ ինձ հազիվ թե ճանաչեն,ես կգնամ մեծահարուստ Համոյենց տուն,հավանաբար հենց նա տարավ մեր կովիկը.նա ինձ դժվար թե ճանաչի…»
………
—Շո՛ն…
—Դեռ քնած չե՞ս…
—Շատ ես հազում, արթնացնում ես…
—Ներիր ,պուճու՛ր…
………
«Նա չգիտի ,թե ինչու եմ այդքան հազում,և ես նույնպես լավ չգիտեմ,հարկավոր է խլացնել այս անտանելի հազը,որ քույրիկս կարողանա քնել …և ես ել պիտի մի քիչ աչքերս փակեմ,միևնույն է այս նզովյալ ծակծկինը չի թողնի որ խորը քնեմ ,և հազն էլ հարազատ դարձած իմ թշնամին է…ինչքա՜ն երկար է գիշերը և ի՞նչ գիշեր է սա,կուրծքս ցավում է,հարկավոր է հազալ…լռի՛ր…
Ես կկարոտեմ քեզ,Լիլու,՛…
Տեսնես ի՞նչ կլինի…ես կխնդրեմ Աստծուն,որ թողնի քեզ հյուր գալ…
Երբ դու արթուն կլինես,որ հազս հանկարծ քեզ չարթացնի և որ ես լսեմ քո զրնգուն կչկչոցը…
Բայց ախր թիթեռների հարցն ի՞նչ է լինելու,հնննննն…
Եթե մինչև գարուն հասցնեմ,ես քեզ պիտի թիթեռները բռնել սովորեցնեմ։
Գուցե լավ է,եթե չսովորես.դու կվազես նրանց հետևից և չես հասնի,որովհետև եթե բռնես, ամեն անգամ նրանց մահը տեսնելիս,դու կմտածես,որ մարդու նման են,դու կմտածես որ ես եմ, ու դու կտխրես,իսկ ես չեմ ուզում որ իմ Լիլուն տխրի…»
………

Ծով
26.10.2006, 19:43
«Ժամանակն է…
Պիտի զսպեմ ինձ, միչև դուրս գալը չպետք է հազամ,բայց որտե՞ղ ե փողը…
Չլինի՞ թե մայրիկն այս անգամ այն իր սենյակում է պահել…
Աստված իմ ,միայն թե ծրագիրս չձախողվի…
Ահա,փողը,ես այդպես էլ մտածում էի,որ գրքերի խորքում է այն…ինչքա՞ն է պետք,հավանաբար այնքան,որ Լիլուի մի ողջ օրվա թարմ կաթն ապահովեմ։Սա գողություն չէ,ոչ…և մայրիկը սաստիկ կբարկանա,իսկ հայրիկը թեթև կխփի ինձ։
Հիմա փոխվել է պատժի թափը,բայց առաջվա նման ինձ խոսքով չես պաժի…
Ցուրտ է,և շատ մութ,հարկավոր է հասցնել…
Որտե՞ղ էր Համոյենց տունը…
Երրորդ փողոց.մինչև հասնեմ, մեկ ժամ կանցնի,հարկավոր է վազել,բայց ի՞նչ կշահեմ,ախր վաղ է մարդկանց արթնացնելու համար։Վերադարձին էլ վազել չի լինի,կաթը կթափվի,էհ փայտացել եմ,ահավոր ցուրտ է…հարկավոր է հասցնել…
Լիլուն կմտածի,թե կովիկն արդեն առողջացել է,վաղը նորից նույն հարցը կտա,մի բան կանեն մայրիկն ու հայրիկը,մի բան կհորինեն,մեծերը լավ են հորինում,այնքան լավ,որ ոչինչ չես հասկանում և հավատում ես մեքենայաբար…
Ախ այս անիծյալ հազը…
Լավ է գոնե Լիլուն երկար է քնում , և մայրիկը սենյակ չի մտնի։Բայց նա կզարմանա,որ ես վաղ չեմ արթնացել.նա կմտնի սենյակ,որ ստուգի հո չեմ մեռել…հավանաբար…հարկավոր է հասցնել,թէ չէ աղմուկ կբարձրանա…
Ես գող չեմ,ես լավ եղբայր եմ…»
………
«Ահա տունը…այն մարդու,որկովը տարավ.նա չտարավ կովը,մենք այն վաճառեցինք, և նա գնեց…
Այդպես է միշտ էլ .մեկը կորցնում է,մյուսը գտնում …
Հնարավոր էր,որ մենք կորցնելիս ավելին գտնեինք,բայց ես էլ կկորչեմ,և դա կլինի ամենամեծ կորուստը ,և ես էլ հավանաբար կզգամ,որ կորցնում եմ…»
………

Դուռը բացեց Համոյի կինը.նա շատ բարեհամբույր էր,բայց Շոնը հասկացավ,որ ինքն էր նրան արթնացրել…
—Ներս մտիր,ցուրտ է։Աստվա՛ծ իմ ,դու դողում ես,ի՞նչն է քեզ այսքան վաղ այստեղ բերել…նստի՛ր…
—Եկել եմ կաթ գնելու
—Մենք կաթ վաճառող չենք,—հայտնվեց Համոն
—Միայն դուք եք,որ գուցե վաճառեք
—Սա քաղաքավարի ողորմությու՞ն է.հրաշալի է.սկզբում վաճառում են կովը,հետո իրենց այսպես կոչված հիվանդ որդուն այս կտրտող ցրտին ուղարկում են իմ տուն,իսկ ես չեմ հասկանում ՝ որպես ի՞նչ…
—Դե մի՛ ճնշիր նրան։Դու գունատ ես տղա՛ս,դու սպիտակ ես,ձյունից սպիտակ,և քո դողն ինձ վախեցնում է…և դեռ ջերմություն էլ ուն ե՞ս, դու վառվում ես ջերմության մեջ…
—Անաստվա՛ծ մարդիկ,երեխային ուղարկել են,որ խղճամ,մեռցնում են երեխային…
—Նրանք չգիտեն,որ ես այստեղ եմ,ես թաքուն եմ այստեղ եկել,չէի մտածում,որ կճանաչեք , ահա փողը…Ես իմ քույրիկի համար եմ եկել,Լիլուն կաթ շատ է սիրում…
—Եվ դու կարծու՞մ ես,թե մի բուռ կաթը քեզ կվաճառե՞մ…
—Խնդրում եմ ,պարո՛ն…
—Ես այդ կովը ձեզ կտամ նորից և փող չեմ վերցնի,ես կլինեմ քո ու քույրիկիդ կնքահայրը տղա՛ս,և պետք չ է,որ քեզ այդքան անխիղճ թվամ…ես ձեր միակ հարստությամբ չէ,որ պիտի հարստանայի,ես կարիքը չունեի այդ կովի,հայրդ շատ խնդրեց,որ գնեմ այն…նա շատ հպարտ է,քեզ պես հպարտ է,բայց տղա՛ս լավ չէ ծնողներից ծածուկ ինչ-որ բան անելը…ախր այդ փողը քո դեղերինն է ,ոչ թե քոնը…
—Գիտեմ,բայց Լիլուն կաթ շատ է սիրում…
—Շտապի՛ր ,Նինե՛լ,կաթ բե՛ր,ես նրան մեքենայով տուն կհասցնեմ,ծնողները կխենթանան,երբ նրան տանը չտեսնեն,շտապի՛ր…
—Այս ի՞նչ հազ է,տղա՛ս, վայրկյաններն անգամ քո հազի հետևից չեն հասցնում…
Դու չպետք է դուրս գայիր…
………
Շոնը ճանապարհը չզգաց,այն կարճ տևեց,թեպետ մեքենան էլ շատ դժվարությամբ էր շարժվում այդքան խոր ձյան շերտերի վրայով։
Նա հասցրեց…մայրիկը հյուրասենյակից լսվող հազից արթնացավ,
—Շոնի հազն է,Հա՛յկ ,և նա դրսից եկավ
………
—Ի՞նչ է կատարվում
—Ների՛ր, մայրի՛կ,ես գողացա փողը,որ Լիլուն առավոտյան թարմ կաթ խմի,—
և նա կաթով լի կուժը դրեց սեղանին։
—Հրաաշալի է,—բարկությունը պոռթկաց Հայկի կոկորդից։
—Ժամանակը չէ, Հա՛յկ,ջերմությունը բարձր է և ինչպես տեսնում եք նա դեռ դողում է,—խոսեց Համոն,—թող մի քիչ տաքանա,հետո հարկավոր է բժիշկ Սաքոյենց տուն տանել,հիվանդանոցն արդեն նրա տուն են տեղափոխել …
—Ի՞նչ բժիշկ է նա,Շոնին դեղերն են պետք…
—Ճանապարհները փակ են,միևնույն է,ոչ ոք քեզ քաղաք չի տանի։Ես կարող եմ Հա՛յկ,բայց անիմաստ է.ձեր միակ «գոռոզ» հարուստի ժիգուլին դժվար թե դիմանա…
—Ու՞ր է Շոնը…
—Լիլի՛թ՛, հագի՛ր գուլպաներդ
Շոնը ամուր գրկեց իր քույրիկին։
—Վահ,Շո՛ն,ի՜նչ տաք ես,երանի քեզ,դու չես մրսի
—Հա
—Դողու՞մ ես
—Չէ
—Դողում ես,ինչպես երեկվա քամին.հազա ՛,ախպերի՛կ հիմա էլ հո ինձ չես արթնացնի
—Երանի մի օր դու ինձ արթնացնես…
—Փոխի՛ր շորերդ ,Շո՛ն,—հազիվ խոսեց մայրիկը,—հագնվի՛ր շատ տաք,որ գնանք։
Համոն սրբեց աչքերը,Հայկը թաղեց իր չթափված ու աչքերում սառած արցունքները աներևույթ հայացքի մեջ…
ՄԻնչ Շոնը կպատրաստվեր,Շուշիկը թեյ պատրաստեց։Իսկ երբ նա Լիլուին մի մեծ բաժակով կաթ տվեց,փոքրիկը մտածեց.«ուրեմն կովիկը չի մեռել…տեսնես Էս մարդն ինչի՞ ա եկել…»
Լիլուն ագահաբար խմեց կաթը և ուրախ կչկչաց…
Համոն վարակվեց,և մի քանի վայրկյան քահ-քահ ծիծաղեց,մայրիկը տխուր ժպտաց,հայրիկը վառեց ծխախոտը։
—Ես պատրաստ եմ,—դողաց Շոնի ձայնը։
Հիմա էլ Հայկին ու Շուշիկին էին սպասում Համոն,Շոնը և պահը չհասկացող Լիլուն…
—Ու՞ր ես գնում, Շո՛ն
—Ես գալու եմ, պուճու՛ր
—Պարզ է՝ քամու նման.բայց դե ու՞ր ես գնում
—Նա հեռու չի գնում, Լիլի՛թ ջան,…
—Ինձ բա չե՞ք տանում,հո մենակ չեմ մնա…
—Քեզ կթողնենք Վարդիկ տատիկի տանը մի քանի ժամով…
—Վահ,բա ինձ մոռացա՞ք,բա չեմ հագնվել
—Դե շտապի՛ր
………
Մեքենայում Լիլուն կուչ եկավ եղբոր գրկում ու լաց եղավ…
—Ես քեզ հետ եմ ուզում, ու՞ր ես գնում
և քանի որ մայրիկն ու հայրիկը մտքերի մեջ էին ,իրենց չէին լսում,Շոնն ասաց այն ինչ զգում էր…
—Ես գնում եմ հեռու,Լիլու՛,բայց ես կգամ,լսու՞մ ես, կխնդրեմ,կգամ…
—Ես կկարոտե՞մ քեզ
—Չգիտեմ
—Կկարոտեմ.մինչև գարուն կգա՞ս
—Եթե չգամ,քեզ թիթեռներ կուղարկեմ…
—Դու կգաս
—Ինչպես կուզես…
—Դու հենց այսօր կգաս
—Ես միշտ կգամ,քույրի՛կս
—Դու հենց այսօր կգաս,ես կսպասեմ,ես չեմ քնի, կվախենամ քամուց…
—Լիլու՛
—հնննննն…
—Մայրիկին ու հայրիկին չհարցնե՛ս ,թե որտեղ եմ ես
—Իսկ մի՞թե չգիտեն
—Չհարցնե՛ս,լա՞վ
—Չեմ հարցնի…
Վարդիկ տատիկի տանը Լիլուն շատ ձանձրացավ,տատիկը տխուր էր և առաջվա նման իր հետ չէր խաղում…լավ է գոնե հարևանի աղջիկն իր մոտ եկավ, և մի քիչ նկարեցին…
Լիլուն լացեց,երբ գիշերը իջավ և ո՛չ Շոնը,ո՛չմայրիկը,ո՛չ հայրիկն իր ետևից չեկան,հետո տատիկն էլ գնաց ,ինքը մնաց հարևան Սոնայենց տանը։Հաջորդ օրը Լիլուն կանչեց ծնողներին,Շոնին,բայց այդ օրն էլ չեկան,հետո մայրիկը եկավ միայն ,նա ուզեց հարցնել,թե ուր է Շոնը,բայց հիշեց,որ եղբայրն իրեն արգելել էր ու լռեց։Նա լաց եղավ ,նա կարոտ զգաց,չհասկացավ,թե ինչու էր ամեն ինչ այդքան արագ փոխվել…
Սկսեց զզվել Սոնայենց տանից,որտեղ իրեն ժամերով թողնում էին ու գնում,սկսեց ատել տատիկի տունը,որտեղ իր հետ ոչ ոք չէր խաղում,որտեղ շատ լուռ էր ու տխուր…
Հետո նրան տուն տարան,ու նա զարմացավ,երբ տեսավ,որ շատ են մարդիկ իրենց այցելում…
Ու նա զարմացավ,երբ ամենուրեք մթություն տեսավ,նա չհասկացավ,թե ինչու մարդիկ իրեն չեն ժպտում։
Մի գիշեր նա նորից վախեցավ քամուց , խնդրեց մայրիկին,հայրիկին թույլ տալ իրենց անկողնում քնել…
Նա չհասկացավ թե ինչու մայրիկի պաղ արցունքները կաթացին իր աչքերին…
Նա շշնջաց.
—Ու՞ր է Շոնը…
Պատասխան չեղավ…
………
Գարունը հրաժեշտի համբույրները շնորհեց ձմռանը,ձյունը հալվեց գնաց ու իր ճերմակ տխրությունը թողեց Շուշիկի պարտեզի ձնծաղիկներում…
Շուտով նոր կյանք ծնվեց արեգակից,բայց արևի ջերմ շողերը չհալեցրին Հայկի սառցե արցունքները…
Իսկ երբ թիթեռները վերջապես երևացին,Հայկը հիշեց որդուն տված իր խոստումը և Լիլուի համար ամենասիրուն թիթեռնիկները բռնեց…
Երբ նա բացեց տուփը ,թիթեռները տարածվեցին սենյակով մեկ…
Լիլուն մտածեց,որ Շոնն էր իր համար ուղարկել և սկսեց վազվզել,որ բռնի թիթեռներին…
Երբ նա հոգնեց,նստեց իր անկողնուն ու մտածեց.«Ախր նա չգնաց,նրան,տարան…»
Մայրիկը մտավ սենյակ՝մի բաժակ կաթ ձեռքին,
—Փոքրի՛կս,քեզ համար թարմ կաթ եմ բերել։
—Ես կաթ չեմ սիրում,-շշնջաց Լիլուն…

Esmeralda
26.10.2006, 19:48
:( Ի՜նչ վարակիչ թախիծ, բայց նաև ջերմություն էր...
Շատ հետաքրքիր ես գրում... շա՜տ... ապրես...
մեծ հաճույքով էլի կկարդամ գրածներիցդ...

Esmeralda
26.10.2006, 20:02
Գրածս միայն կեսի մասին էր...
Հետոն ավելի տխուր էր... սիրտս ցավեց... իրոք, ցավեց...
Վայ.... այս ի՞նչ արեցիր, այնպես եմ լացում...

StrangeLittleGirl
26.10.2006, 20:13
Ինչու՞ ես էսքան տխուր բաներ գրում: :(

Ծով
26.10.2006, 21:40
ես շատ եմ գրել ուրախ բաների մասին,երազել ամենալավը,հորինել ամենաքնքուշ հեքիաթները,որ կարող են լինել կյանքում…
բայց տխուր բաներ շատ են լինում,և հաճախ մեզանից հեռու ինչ-որ տեղ,որտեղ մենք չենք էլ նայում,որ տեսնենք…
Կյանքն է այդպես.մի տեղ ուրախություն,մեկ այլ տեղ տխրություն և ամենը նույն երկնքի տակ…
Իսկ այս պատմվածքի ողջ իմաստը այն ջերմ սիրո մեջա,որ կա քրոջ ու եղբոր մեջ և դա ամենամեծ երջանկություններից մեկն է…
քեզ հարազատ ու թանկ մարդու համար,երբեմն կարող է մոռանաս քո կյանքի մասին,որ երջանկացնես նրան չնչին մի բանով և այդ պահին միայն կհասկանաս,որ իսկապես սիրում ես,և այդ պահին չես նկատի,որ այն ինչ դու անտեսում ես քո արածից թանկ է հենց քո հարազատի համար…
երբ մոռանում ես քեզ,իսկ դա բացառիկ դեպք է,երբ մարդն ինքն իրեն մոռանում է մեկ ուրիշի համար…
:) Ժպտա

Ծով
26.10.2006, 21:42
Գրածս միայն կեսի մասին էր...
Հետոն ավելի տխուր էր... սիրտս ցավեց... իրոք, ցավեց...
Վայ.... այս ի՞նչ արեցիր, այնպես եմ լացում...
Կներես:love
Ես էլ էի գրելիս լացում…

John
26.10.2006, 22:18
Փշաքաղվեցի… շատ լավ ես գրում՝ շնորհավորում եմ: Շարունակիր գրել՝ քո գրածները պետք են շատերին…

Lionne_en_Chasse
27.10.2006, 00:45
Իրոք շատ տպավորիչ ես գրում, ընթերցողին միանգամից ստեղծագործությանդ տրամադրությունն ես հաղորդում ... Հավանում եմ քո գրածները նաև այն պաճառով , որ անիրական իրավիճակներ՝ գեղեցիկ բառերով ու աֆորիզմատիպ արտահայտություններով չես նկարագրում ... այլ իրական կյանքը, իրական կերպարներով
Ապրես Alize_etoilik :) ( ի դեպ անունդ ի՞նչ է փոքրիկ տաղանդ )

Artgeo
27.10.2006, 01:08
Նստած լացում եմ...

Բարեկամ
27.10.2006, 16:10
անվերջ բարություն ես, ու այդպիսին են քո գործերը… :kiss

Firegirl777
27.10.2006, 17:56
Չեմ խաբում, նստած լաց եմ լինում, իրոք շատ հուզիչ է, մինչև հիմա այսպիսի լավ ձևակերպված պատմվածք չէի կարդացել, շաաաաաաաաաաաատ լավն է

Cassiopeia
27.10.2006, 18:13
Դաժան էր ու քնքուշ, սիրուն էր ու տխուր…

Dayana
28.10.2006, 11:30
Շատ լավն էր, ապրես…
Սպասում եմ նոր ստեղծագործություններիդ……… :read :read :read :read

Ծով
28.10.2006, 23:17
Շնորհակալ եմ բոլորիցդ…Շատ-շատ:love
Arm_Lionne:) Իմ անունը Ծովինար ա…
իսկ քո՞նը…::think

Lionne_en_Chasse
29.10.2006, 04:48
Arm_Lionne:) Իմ անունը Ծովինար ա…
իսկ քո՞նը…::think
Արաքսյա :bye
Իսկ գրական կեղծանուն ունե՞ս Ծովինար

Ծով
29.10.2006, 12:13
Արաքսյա :bye
Իսկ գրական կեղծանուն ունե՞ս Ծովինար
Սիրուն անուն ունես:hands
Գրական կեղծանուն դեռ չունեմ,բայց հավանաբար անունից շատ չի շեղվի…
Ամեն դեպքում շոյված եմ հարցիցդ:D:oy

Ուլուանա
02.11.2006, 13:38
:cry :cry Ինձ էլ լացացրեցի՜ք... :cry Վերջապես հաջողվեց կարդալ։ Կարդալուց առաջ հիացական կարծիքներ շատ էի կարդացել, դրա համար էլ վախենում էի, որ այնքան էլ չհավանեմ, բայց էլի շատ հավանեցի։

Ծովինար ջան, ախր շատ լավ ես գրում, է։ Այնքան բնական, գեղեցիկ ու հուզիչ։ :love Կարելի է ասել՝ պատրաստի գրող ես։ :)

Arisol
02.11.2006, 13:50
Վախենում կարդալ… Տրամադրությունս բարձր ա, կարծիքները կարդալուց հետո հասկացա, որ հուզիչ, տխուր բան ես գրել ու հիմա վախենում եմ ես էլ լաց լինեմ: Ուստի կկարդամ մելանխոլիկ վիճակում գտնվելու ժամանակ;) :

kristal
02.11.2006, 14:11
Ապրես խոսքեր չեմ գտնում : Շատ տխուր էր ,անընդհատ ուզում էի չկարդալ,բայց արցունքներս հակառակն էին ասում

Simon
01.12.2006, 12:38
Իմ կարծիքով, շատ լավ կլիներ մեծ պատմություն դարձնել:hands

Angelina
01.12.2006, 13:11
Հիանալի էր…

Guest
02.12.2006, 09:46
Վերջապես կարդացի:) Շատ լավն էր, այնքան պրոֆեսիոնալ գրված, որ անգամ հավատս չի գալիս որ դու ես գրել:)

Ծով
02.12.2006, 16:54
Շնորհակալ եմ…:)

Dina
18.07.2007, 12:19
Շատ լավ ես գրում, ապրես, կարծում եմ այս ստեղծագործությունտ կարդացողը չի կատող առանց թաշկինակի "յոլլա գնալ" :).
Դու ոչ միայն հրաշալի ստեղծագործում ես, այլ նաև կոնկրետ այս գրածիտ համար ասեմ , բարություն և միմյանց նկատմամբ սեր ես քարոզում ընթերցողներիտ…
Գաղափարներ, որոնք մարդը շատ հաճախ է մոռանում , և միշտ կարիք ունի հիշելու.

Շարունակի գրել… Դա քո մոտ հրաշալի է ստացվում :hands

impression
18.07.2007, 12:48
Շատ շնորհակալություն....
Օֆիսում նստած, բոլորից թաքուն, գործերս թողել, հետևում էի հերոսներիդ ճակատագրին... Շատ հուզվեցի...
Լավ պատմվածք էր, ու նաև շնորհակալ եմ Դինային, որ գրառում արեց, պատմվածքը երևաց, իսկ իմ նման ալարկոտը հազիվ թե շատ փորփրեր, որ լավ բան գտներ կարդալու :)

Մանոն
18.07.2007, 16:44
Իսկապես, չթարմացվեր՝ ես էլ չպիտի նկատեի այս հրաշալի ստեղծագործությունը: Տխուր, հուզիչ պատմություն էր: Նույն զգացողությունն ունեցա՝ ինչ «Գիքորն» առաջին անգամ կարդալիս: Բայց պիտի նշեմ, ու ինքս ինձ էլ դրանով սփոփեմ, որ պատմվածքն ավելի շատ այդ ժամանակաշրջանին կսազեր, որ հիմա գյուղերում այդ աստիճան աղքատ ընտանիքներ չկան: Ու մեկ էլ փոքր ինչ արհեստական էր փոքրիկ գյուղացի տղայի՝ Համոյին «պարոն»-ով դիմելը:)
Ամեն դեպքում շատ լավն էր, ապրես…

Մելիք
19.07.2007, 17:10
Բայց պիտի նշեմ, ու ինքս ինձ էլ դրանով սփոփեմ, որ պատմվածքն ավելի շատ այդ ժամանակաշրջանին կսազեր, որ հիմա գյուղերում այդ աստիճան աղքատ ընտանիքներ չկան:… Էրնեկ վստահությանդ...

Ու մեկ էլ փոքր ինչ արհեստական էր փոքրիկ գյուղացի տղայի՝ Համոյին «պարոն»-ով դիմելը:)

Տարորինա՞կ ա, որ գյուղացի տղան կարա լավ դաստիարակված լինի, թեկուզ աղքատ ընտանիքում մեծացած: Էտ հեչ տարօրինակ չի, ջանա: Տարօրինակը էն ա, որ կյանքը իրան իրավունք ա վերպահում ինչ-որ մի երեխայի զրկել կաթից, ու Ծովինարը տեսնում ա էդ կյանքը իրա ամբողջ դաժանությամբ, ու դրանով հանդերձ, հավատում ա, որ կյանքը, ամեն դեպքում, արժանի ա գովեստի, ու, փաստորեն, ճիշտ ա մտածում:)

Ուրվական
19.07.2007, 17:28
Ես վատացա: Էլ կյանքում էս թեման չեմ բացի:

Մանոն
19.07.2007, 21:41
Էրնեկ վստահությանդ...

Տարորինա՞կ ա, որ գյուղացի տղան կարա լավ դաստիարակված լինի, թեկուզ աղքատ ընտանիքում մեծացած: Էտ հեչ տարօրինակ չի, ջանա: Տարօրինակը էն ա, որ կյանքը իրան իրավունք ա վերպահում ինչ-որ մի երեխայի զրկել կաթից, ու Ծովինարը տեսնում ա էդ կյանքը իրա ամբողջ դաժանությամբ, ու դրանով հանդերձ, հավատում ա, որ կյանքը, ամեն դեպքում, արժանի ա գովեստի, ու, փաստորեն, ճիշտ ա մտածում:)
Տարօրինակ չի, չափազանցված է պարզապես, որքան էլ դաստիարակված լինեն գյուղի երեխաները (իսկ աղքատի ընտանիքի մասին կարծեմ չեմ էլ հիշատակել ), էլի իրենցից մեծերին պարոնով չեն դիմում: Եվ հետո ո՞վ խոսեց Ծովինարի սխալ մտածելուց: Ես ինքս էլ հրաշալի եմ համարում պատմվածքն ու խրախուսում Ծովինարին:

Ֆոտոն
23.10.2009, 15:03
Շատ լավն է: Հուզիչ, տպավորիչ ու հոգին թափանցող: Շնորհակալ եմ::)

snow
23.10.2009, 15:29
Շա՜տ տխուր էր,:( բայց միևնույն ժամանակ հրաշալի

Agni
23.10.2009, 16:57
էդքաաան նրբություն ու թախիծ միանգամից...
կարդում էի ու մտածում.ինչպես է պատմվածքը այսպես խորը ու հուզիչ, և հասակացա`ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ:
Շնորհակալ եմ...

Ծով
29.10.2009, 17:46
:) սիրում եմ էս մեկը...:love շնորհակալ եմ

Կաթիլ
28.11.2009, 21:56
Վերջապես կարդացի… Վաղուց չէի լացել :( Շատ լավն էր, ապրես :love

Donor
17.04.2010, 15:13
Շատ լավնա, բայց էլի ենք ուզում, ե՞րբ կգրես նոր բան էս տիպի:
P.S Թաշկինակի բիզնես եմ ուզում անեմ ;)

KiLa
18.04.2010, 10:50
Վայ Ծով-Ծով... Հոգիս բերանս տվեցիր... Ապրես:

Գարունը հրաժեշտի համբույրները շնորհեց ձմռանը,ձյունը հալվեց գնաց ու իր ճերմակ տխրությունը թողեց Շուշիկի պարտեզի ձնծաղիկներում…
Իսկ այս նախադասությունը՝ շա՜ա ա ա ա ա ա ա՜ տ դուրս եկավ: Շնորհակալություն...

Ծով
18.04.2010, 12:01
Շատ լավնա, բայ
մերսից էլի ենք ուզում, ե՞րբ կգրես նոր բան էս տիպի:
P.S Թաշկինակի բիզնես եմ ուզում անեմ ;)
:Dաաա, լավն էր թաշկինակի բիզնես...:) շնորհակալություն...:)

Արևածագ
20.04.2010, 08:19
Շա՜տ լավն է պատմվածքը: Նույնիսկ ...«Գիքորի» չափ հուզիչ: Կեցցե'ս: Դու իսկապե՞ս քսան տարեկան ես...:think

Ուլուանա
20.04.2010, 20:22
Դու իսկապե՞ս քսան տարեկան ես...:think
Պատմվածքը գրելիս տասնյոթ տարեկան էր։ :)
Հիշում եմ՝ երբ իր առաջին պատմվածքը դրեց Ակումբում, էն ժամանակ էլ շատերը զարմացած հարցնում էին՝ դու իրո՞ք տասնյոթ տարեկան ես։ :o :))

Արևածագ
20.04.2010, 21:35
Էհ, որերորդ անգամ համոզվեցի, որ եթե մարդը տաղանդ ունի, «կրթություն, աշխատասիրություն, ֆլան- ֆստան», հաճախ դատարկ խոսքեր են:
Միխայիլ Շոլոխովն էլ 23 տարեկանում «Խաղաղ Դոնն» է գրել, Նոբելյան մրցանակ ստացել այդ գրքի համար: Երեք դասարանի կրթություն...

Ամպ
24.03.2011, 02:25
Նորից վերադարձա էս թեմա… :(
Խեղդվում եմ արցունքներից…

Նարե91
10.08.2011, 12:42
Անկեղծ ասած, նախքան էս պատմությունը կարդալը, թեթևակի աչքի անցկացրի մեկնաբանությունները ու շատ զարմացա, որ գրեթե բոլորը գրել էին, որ կարդալիս լաց են եղել...մտածեցի. «Տեսնես էդ ի՞նչ պիտի լինի, որ բոլորին ստիպել է հուզվել ու լաց լինել»... Սկսեցի կարդալ... էէէէէհ....:( Ամբողջ կարդալու ընթացքում արցունքներս մի վայրկյան անգամ կանգ չառան...Շատ հզոր էր իսկապես...հզոր էր, որովհետև իմ նման քարսիրտ մարդուն ստիպեց արտասվել...Ամեն ինչ էնքան լավ էր նկարագրված, էնքան պրոֆեսիոնալ, որ հավատս էլ անգամ չի գալիս, որ 17 տարեկան աղջիկ է սա գրել, չնայած տարիքն ինչ կապ ունի... մարդը տաղանդավոր է... Ինչպես ասում են՝ տաղանդը տարիք չի հարցնում:)

Հ.Գ. Ցանկացա կարծիքս արտահայտել, և բացի դա ուզում էի, որ էս թեման առաջ գար, որ ակումցիներից, ոմանք ովքեր որ այս հոյակապ գործը չէին կարդացել, կարդային:

laro
10.08.2011, 14:25
Անկեղծ եմ ասում հուզվեցի, իրոք շատ լավ ես գրում:

Arpine
10.08.2011, 14:34
Նարե ջան շատ լավա, որ թեման առաջ բերեցիր: Ես էլ քո մեկնաբանությունը կարդալուց հետո կարդացի: Էս դեպքերում էնքան բան եմ ուզում ասել, որ մտքերս խառնվում են իրար ու խոսքեր չեմ գտնում: Ծովինար շատ ապրես, ի դեպ առաջին ուսուցչուհուս հիշեցրիր նա էլ քո անունից ունի 1000 տարիա չեմ տեսել:love

Ծով
15.08.2011, 06:47
Վայ, շնորհակալ եմ շատ...Նարե՛ ջան, հիմա քսաներկուս եմ, տասնյոթ տարեկանում եմ գրել, բայց պիտի խոստովանեմ, որ չնայած նրան, որ ոճս փոխվել ա, նոր պատմվածքներ ունեմ շատ, բայց սա ամենաշատն ա հուզել ու սա միակ պատմվածքն ա, որի հերոսների հետ չգիտեմ ինչ կապով կապված եմ...ես լաց լինելով եմ գրել...հիշում եմ լավ, մամաս մտավ սենյակ, տեսավ լաց լինելով կարդում եմ գրածս...էհ, չգիտեմ, էս պատմվածքը շատ եմ սիրում, երևի որովհետև մի շնչով եմ գրել ու ինքս էլ չգիտեմ ներշնչանքը որտեղից էր...

Alphaone
22.09.2013, 16:29
Լացացրեցիր, Ծով...

laro
27.09.2013, 19:47
Լացացրեցիր, Ծով...
Էս պատմվածքն ինձ էլ էր լացացրել, շատ շուտ եմ կարդացել: Շատ լավ ա գրած, շաաատ...

armen9494
27.09.2013, 22:53
գլուխգործոց էր:(

CactuSoul
28.09.2013, 01:53
Ինձ էլ մի 3 անգամ լացացրել ա, վերջինը մի քանի օր առաջ էր, երբ թեման էլի ակտիվացավ ու նորից կարդացի:
Հետաքրքիր բան ա, որ սյուժեն գիտես, գիտես, թե որը ինչից հետո ա տեղի ունենալու, բայց մեկ ա ամեն կարդալով աչքերդ լցվում են ))

M.Music
05.03.2015, 04:40
Դու Հրաշք ես Ծովինար…
իսկապես լացացրեցիր(((((

Ծով
03.05.2015, 18:24
Շնորհակալ եմ:)