PDA

Դիտել ողջ տարբերակը : Առանց բազմակետի



Esmeralda
25.10.2006, 19:25
Առանց բազմակետերի

Արդեն զգացվում է, որ ձմեռը մոտ է: Այսօր մրսեցի: Պիտի վերարկու հագնեի: Օ՜ֆ, էլի ուշանում եմ դասից: Զանգը եղել է, իսկ ես դեռ Թումանյանով եմ գնում:
Վա՜յ, խեղճ շուն, երևի մրսում է: Աչքերն էլ են մրսում: Երբեք չէի տեսել հիասթափված շուն: Ոչինչ, շունիկ ջան, մի՛ տխրիր: Շուտով քեզ համար էլ մի ճանապարհ կբացվի: Կգտնես քո կյանքի իմաստը, լավ կլինի հաստատ: Դու այսքան շուտ մի՛ անիծիր կյանքը:
Շունիկը մնաց Թումանյանի վրա, իսկ ես արդեն Ալավերդյանով բարձրանում եմ: Բը՜ռռռ, ի՜նչ ցուրտ է: Երանի շուն ունենայի: Այն շունիկն էլ երևի կասեր` երանի տեր ունենայի: Իսկ ինչո՞ւ մենք չգտնենք իրար, հը՞ն, շունիկս, ի՞նչ կարծիքի ես: Ես քեզ կջերմացնեմ, դու` ինձ: Ու կապրենք երկա՜ր, երջանիկ:
Մինչ ես, այսպես մտածելով, գնում էի Ալավերդյանով, շունիկս վազելով եկավ, անցավ ինձ ու հասավ Խանջյան: Այնտեղ մի շուն էլ կար: Շունիկս սկսեց դրա հետ խոսել, խաղալ: Տեսա՞ր, որ ասում էի կգտնես քո կյանքի իմաստը: Ես մենակ մեռնելու օրը չգիտեմ: Ի՜նչ լավ է: Երջանիկ շուն:
Հասա իրենց: Վա՜յ, շունիկս, ո՞ւր ես գնում: Մի՛ անցիր փողոցը, վտանգավոր է: Համ էլ քո ճակատագիրն ինչո՞ւ ես թողնում փողոցի մյուս մայթին: Մի՛ գնա: Ու վազում եմ նրա հետևից, ինչպես մայրն է վազում փողոցում իր ձեռքն անսպասելիորեն բաց թողած երեխայի հետևից: Բարեհաջող անցանք երկու փողոցն էլ: Շունիկս առաջ ընկած գնում է այգու միջով: Եվ ի՞նչն է հետաքրքիրը, նա գնում է իմ ճանապարհով: Կանգնեց մեծ թթենու մոտ, որի տակ միշտ մի տատիկ է նստած: Տատիկն էլ է մրսում: Տատիկը միշտ է մրսում, նույնիսկ ամռան անտանելի շոգերին: Տատիկն այլևս չի կարող չմրսել: Իսկ մենք կարող ենք, շունիկս: Եկա, հասա շունիկիս, իսկ ինքը մնաց այդպես կանգնած: Ալեք Մանուկյանով գնում եմ: Շունիկս էլի եկավ անցավ ինձ: Երևի տատիկի հետ էր խոսում: Անցավ ու գնաց: Իմ ճանապարհով: Հասա մեր մասնաշենքին: Շունիկս ինձնից քսան մետր հեռավորության վրա է` դալանի մոտ: Ես կանգնեցի. ինքն էլ կանգնեց: Նայեցինք իրար: Աչքերս կանչում էին: Հասկացավ: Վազելով եկավ մոտս ու կարծես խոնարհվեց: Վա՜յ, շունիկս, ես պիտի դասի գնամ: Մի՛ նայիր այդպես: Դասս վերջացնեմ, կգամ: Սպասի՛ր ինձ, լա՞վ: Նայում եմ աչքերին ու զգում, որ չի սպասի:
Երբ դասից հետո դուրս եկա, շունիկս էլ չկար: Տեսնես գտա՞վ իր ճակատագրին: