PDA

Դիտել ողջ տարբերակը : Պայքարենք երկրի տիրոջ զգացողությամբ



Ambrosine
06.06.2008, 19:02
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՊԱՅՔԱՐԵՆՔ ԵՐԿՐԻ ՏԻՐՈՋ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ»


-Ինչո՞վ եք, ընդհանրապես, բացատրում ներկա իշխանությունների թշնամական վերաբերմունքը Ձեր հանդեպ: Չէ՞ որ, տրամաբանորեն, հակառակը պետք է լիներ. Դուք մարտնչել եք Արցախի համար, եւ...

- Ի սկզբանե այս ռեժիմի պարագլուխները հոգեպես որեւէ կապ չեն ունեցել ազատագրական պայքար հասկացության հետ, ընդհանրապես հայ ժողովրդի կամ հայկականության հետ: Իմ կարծիքով` Արցախյան շարժման սկզբից եւեթ հայտնի զույգի գործունեությունը միշտ եղել է նենգ ու դավադիր, անձակենտրոն հեռակա ծրագրերի մոգոնումներով: Նրանց նյութապաշտության, փառամոլության եւ աթոռապաշտության մոլուցքը պատճառ է դարձել գործունեության այնպիսի մարտավարության, որում նպատակին հասնելու համար որեւէ միջոց չի բացառվել: Այս բոլորն իմանալով, իմ նկատմամբ թշնամանքից բացի` այլ մոտեցում պետք էլ չէր նրանցից ակնկալել: - Ինչպե՞ս կբնութագրեիք ներկայիս ներքաղաքական իրավիճակը եւ նաեւ համաշխարհային մարտահրավերները` դրանցով պայմանավորված: - Վերջին 10 տարիների համեմատ ես ավելի լավ կբնութագրեի ներքաղաքական վիճակը, քանի որ վերջապես պարզվեց, հստակություն մտավ, թե որ ուժերը ինչի են ընդունակ եւ հանուն ինչի են ծառայում: Այսինքն` այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք տարիներ շարունակ գաղափարական կամ ընդդիմադիր ձեւանալով զբաղված էին մեր ժողովրդին մոլորեցնելով, այսօր արդեն դիմակազերծված են: Իսկ ամենակարեւորն այն է, որ հիմա մեր ժողովուրդը հստակ գիտի իր անելիքը: Այս բոլորի հանրագումարը բերելու է միայն հաղթական արդյունքի: Ուստի իշխանափոխությունը անխուսափելի է եւ դրանից հետո դրական որակական զարգացումներ են տեղի ունենալու մեր երկրի ու կյանքի համարյա բոլոր բնագավառներում: Ինչ վերաբերում է համաշխարհային մարտահրավերներին, ապա ըստ ինձ դրանց ազդեցությունը ներկայիս ներքաղաքական իրավիճակի վրա չնչին է: Նոր իշխանության շուտափույթ ձեւավորման հարցում որոշիչ են լինելու մեր ժողովրդի կամքն ու վճռականությունը: Իհարկե պետք է ընդունել նաեւ, որ մենք չենք կարող մեզ առհասարակ դուրս դնել համաշխարհային գործընթացներից: Դրանց պետք է շատ լուրջ վերաբերվել, լինել սթափ ու պատրաստ` սկսելով սպառնացող համաշխարհացումից մինչեւ նոր սահմաններ գծելու ծրագրերը, որի ժամանակ հնարավորություններ են առաջանալու` անլուծելի թվացող բազմաթիվ իղձեր ու ազգային խնդիրներ իրագործելու համար: Ես հավանականությունը շատ մեծ եմ համարում, որ սպասվող ապագա տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումները ի նպաստ մեզ են լինելու, որին մենք պետք է ազգովի պատրաստ լինենք: Դրան հասնելու համար մենք նախեւառաջ պետք է վերածվենք տարածաշրջանային գործոնի: Ներկայիս ապիկար հանցավոր ռեժիմի գործունեության արդյունքում, դժբախտաբար, մենք կորցրել ենք մեր այդ կարգավիճակը եւ վերածվել ընդամենը աշխարհագրական տարածքի: Մեր տարածաշրջանով շահագրգիռ մրցակից պետությունները, իրենց ծրագրերը կազմելիս, արդեն սկսել են մեզ նկատի չունենալ որպես պետություն: Ուստի, մեր պետականության վերականգնումից հետո, նոր ձեւավորվելիք կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի մեզ` որպես տարածաշրջանային գործոն վերականգնելը: Իսկ մենք` որպես ազգ, ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ համաշխարհային գործոնի վերածվելու կարողականություն ունենք, որի մասին կխոսեմ մեկ ուրիշ առիթով: - Ի՞նչ ելքեր եք տեսնում այս իրավիճակից: Ըստ Ձեզ` ի՞նչ պետք է անի իշխանությունը, ընդդիմությունը, ժողովուրդը... - Ելքը մեկն է` անհրաժեշտ է օր առաջ կազմաքանդելով ձերբազատվել հակահայ անբարո հանցագործ ռեժիմից: Ինչ վերաբերում է իշխանությանը. Սերժիկ Սարգսյանը նախեւառաջ պետք է դադարի ինքնախաբեությունից եւ ընդունի, որ ինքը նախագահ չի ընտրվել: Ելնելով այս փաստից` նա պետք է, ժողովրդից ներողություն խնդրելով` հրաժարական ներկայացնի: Իսկ մինչեւ հրաժարականը` անցկացվելիք նոր նախագահական ընտրությունները բարեհաջող կազմակերպելու նպատակով, պետք է պաշտոնանկ անի ուժային գերատեսչությունների ղեկավարություններին եւ ԿԸՀ նախագահին: Այդ պաշտոններին պետք է նշանակի նոր մարդկանց` խորհրդակցելով Համաժողովրդական Շարժման ղեկավարության հետ: Նշանակվող նոր մարդիկ պետք է ժողովրդին վստահություն ներշնչեն, որ ուժային համակարգը ոչ միայն չի միջամտելու ընտրություններին, այլ, ընդհակառակը, լինելու է արդար ընտրությունների անցկացման գլխավոր երաշխավորը: Այս գործընթացին զուգահեռ խորհրդարանը պետք է վերանայի Ընտրական օրենսգիրքը, նպատակ ունենալով քվեարկությունը դարձնել հնարավորինս թափանցիկ` խախտումները բացառող: Միայն այս դեպքում մեր ժողովուրդը միգուցե ների Սերժին եւ չարժանացնի Քոչարյանի ճակատագրին, որի վճիռն արդեն ժողովուրդը կայացրել է: Ինքնակոչ նախագահը եթե այս քայլերին չգնա, ապա իրեն սպասվում է երկու ճանապարհ` փախուստ երկրից կամ ենթարկվել Չաուշեսկուի ճակատագրին: Իսկ ընդդիմությունը պետք է շարունակի առաջնահերթություն համարել ձեւավորված ավազակապետության կազմաքանդումը: Համաժողովրդական Շարժման, համախմբման գաղափարական առանցքը պետականության վերականգնումն է, այլ գաղափարները պետք է մի կողմ դնել: Եվ որպես առաջին քայլ պետք է նոր ընտրված նախագահին ամրագրել իրավականորեն: Առաջին հերթին պետք է կայանան ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ: Առիթից օգտվելով ուզում եմ խոսքս ուղղել բոլոր այն գործիչներին, որոնք այսօր դարձել են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման ջատագովներ: Այդ առաջարկով նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով ջուր են լցնում Սերժիկ Սարգսյանի ջրաղացին: Պետք է բացառել ԱԺ ընտրությունների անցկացումը նախագահականից առաջ: Դա մեծ ինքնախաբեություն է: Շարժման ղեկավար մարմնում համախմբված կուսակցություններն ու խմբավորումները իսկապես պետք է կարողանան մի կողմ դնել խմբակային շահերը, ամբողջությամբ լծվել ռեժիմի հեռացման գործընթացին, բացառապես նկատի ունենալով միայն ու միայն նոր նախագահական ընտրությունները: Այս ընթացքում Համաժողովրդական Շարժումը օր առ օր պետք է վերակազմավորի իր շարքերը եւ մեծ ուշադրություն դարձնի կազմակերպվածությանը: Պետք է շարունակել ի սկզբանե որդեգրած մարտավարությունը. անցկացնել միջոցառումներ, բացառապես խաղաղ հանրահավաքներով, երթերով ու արդյունավետ ակցիաներով: Այո, ընդդիմությունը պետք է միշտ գործի օրինականության դաշտում` ի տարբերություն վարչախմբի, որոնց գործունեությունը միշտ անօրինական է եղել: Եվ սա մեր պայքարի արդյունավետության գլխավոր գրավականն է: Եթե այս բոլորից հետո գործող հանցախումբը կրկին փորձի կրակել անզեն ցուցարարների վրա, ապա դա արդեն այլ թեմա է... Գալով նրան, թե ինչ պետք է անի մեր ժողովուրդը` ասեմ հետեւյալը: Նախ, մեկընդմիշտ պետք է մոռանալ արտաքին ուժերի վրա հույս դնելը: Ժողովուրդը հույսը միայն ու միայն պետք է դնի Աստծո, իր եւ իր առաջնորդի վրա, որը, բարեբախտաբար, այնպիսի մի անձնավորություն է, որ իր գործունեության մեծ փորձով ու իմաստությամբ կարողանալու է հնարավորինս քիչ կորուստների գնով հասցնելու մեզ բաղձալի նպատակին: Հակառակ տարիներ շարունակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչող քարոզչական պիտակավորումներին, նա, իմ կարծիքով, ընդգծված հայամետ եւ հավասարակշռված գործիչ է: Անկախ առաջնորդից, այսօր յուրաքանչյուր հայ մարդ պետք է քաջ գիտակցի, որ Համաժողովրդական Շարժումը իր ավարտին հասցնելու գլխավոր դերակատարներից մեկը հենց ինքն է` իր ցուցաբերած ակտիվության չափով: Ուստի հորդորում եմ մեր ժողովրդին շարունակել պայքարը նույն ոգեւորությամբ ու վճռականությամբ եւ ամենակարեւորը` երկրի տիրոջ զգացողությամբ: - Ի՞նչ եք կարծում, ի վերջո, ինչպիսի՞ վերաբերմունք կցուցաբերեն Ձեր հանդեպ իշխանությունները: - Ճիշտն ասած շատ բարդ հարց եք տալիս: Առհասարակ, միշտ էլ հնարավոր է հակառակորդի քայլերը կանխատեսելը, սակայն իմ պարագայում անհնար է, քանի որ նրանք ղեկավարվում են ոչ թե բանականությամբ, այլ իրենց մեջ կուտակված թույնով եւ աթոռապաշտության մոլուցքով: Այս պատճառով ինձ համար դժվար է կանխատեսել, թե ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերվելու իմ նկատմամբ: - Տեսականորեն թեկուզեւ` որ դեպքերում ի՞նչ եք պատրաստվում անել: - Երկու դեպքում էլ ինձ սպասվում է գործունեության լայն դաշտ: Սփյուռքում ունենալով ծանոթությունների լայն եւ մեծ շրջանակ` արտաքսման դեպքում առաջին հերթին կաշխատեմ ճիշտ տեղեկություն փոխանցել մեր հայրենակիցներին Հայաստանի իրական վիճակի վերաբերյալ, որովհետեւ ի զարմանս բոլորիս, այսօր, 21-րդ դարում, Սփյուռքի մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր հայրենիքում: Երկրորդ` իմ գործը պետք է լինի նաեւ տարիների ապատեղեկատվության հետեւանքով Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ ձեւավորված բացասական կարծրատիպը փշրելը: Երրորդ` առհասարակ պետք է աշխատեմ Սփյուռքի ներուժը միավորել Հայաստանում ձեւավորված Համաժողովրդական Շարժմանն աջակցելու համար: Եվ այս բոլորին զուգահեռ, ունենալով իմ սեփական պատկերացումները Սփյուռքի արդյունավետ կազմակերպվածության ձեւերի մասին, այդ ուղղությամբ կփորձեմ գտնել համախոհներ եւ այս կարճ ժամանակում, գոնե տեսականորեն, պատրաստել այդ գծով հայեցակարգի մի նախագիծ: Ժամանակի կարճությունը շեշտեցի, որովհետեւ ես չեմ պատրաստվում այնտեղ երկար մնալ: Իմ վերադարձի ազդանշանը չի լինելու իշխանափոխությունը, որովհետեւ մի առիթով ասել եմ, որ եթե ինձ Հայրենիքի դռնից դուրս հանեն, ես կվերադառնամ պատուհանով, մանավանդ որ` ընտանիքս մնալու է Հայաստանում: Իսկ չարտաքսվելու դեպքում գործելու եմ նույն կերպ, ինչպես գործել եմ մինչեւ մեր ապօրինի ձերբակալումը: Հայ կամավորականների համախմբումը այն ժամանակ համախմբվել էր երկու գլխավոր խնդրի շուրջ: Մեկը կարճաժամկետ խնդիր էր` չթողնել հրեշավոր դարձած այս վարչախմբի վերարտադրությունը անցած ԱԺ ընտրություններում: Այն այսօր փոխվել է. վերարտադրությունը կանխելու փոխարեն մենք պետք է շարունակենք աշխատել այս ռեժիմին ասպարեզից դուրս քշելու ուղղությամբ: Այն ժամանակվա մեր երկրորդ գլխավոր նպատակն էր ձեւավորել հայկական բարոյական մի շարժում, որը, կազմակերպվելով, մեծ դերակատար էր դառնալու ապագա, բարոյական Հայաստանի կերտման գործում: Այդ խնդիրը այսօր էլ կա, եւ այն որոշ չափով հեշտացել է, քանի որ մենք միշտ ձգտել ենք մեր այդ շարժմանը մասնակից դարձնել երիտասարդության լայն շերտին, իսկ այսօր Համաժողովրդական Շարժման շնորհիվ մեր երիտասարդության ակտիվությունը հասել է այնպիսի մի մակարդակի, որը մեզ հավելյալ հույս ու ոգեւորություն է ներշնչում: Ավելի կոնկրետ. մեր անելիքները դեռ պետք է դառնան մեր համախոհների լուրջ թեմա, որից էլ պետք է ծնվի մեր հավաքական որոշումը: Շատ շուտով իմ ազատության մեջ հայտնվելուց հետո, մենք մամուլով տեղյակ կպահենք ու կհրավիրենք մեր ժողովրդին, հատկապես հին ու նոր համակիրներին, խորհրդակցական բաց հավաքի, որտեղ եւ կխոսենք մեր անելիքների մասին: Հարցազրույցը կայացել է հունիսի 2-ին:

Աստղիկ Սարգսյան