PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում



ClassicDancer
05.06.2008, 23:54
Երրորդ անգամ չեն սխալվի

Երբ Հայաստանում նոր էր ներմուծվում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որը Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու պահանջներից մեկն էր, շատերը մտածում էին, որ դա հերթական իմիտացիան է, եւ օմբուդսմենը ավելի շուտ պաշտպանելու է իշխանավորներին՝ հասարակ մարդկանց ոտնձգություններից, քան հակառակը: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ օմբուդսմենը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից, այլ ոչ թե նշանակվի նախագահի հրամանագրով՝ դա էլ առանձին խանդավառության տեղիք չէր տալիս, քանի որ բոլորը գիտեն, որ ԱԺ-ն «սխալ մարդու» չի ընտրի:

Տեսականորեն այդպես էլ պետք է լիներ, բայց այս անգամ սովորական եւ բազմիցս կիրառված մեխանիզմը չաշխատեց: Դժվար է ասել՝ գուցե պաշտոնն ի՞նքն է տրամադրում խղճի գոնե նվազագույն դրսեւորումների, թե՞ համապատասխան թեկնածություն ընտրելիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարզապես սխալվել էր՝ ենթադրելով, որ առաջ է քաշում հերթական պնակալեզի, բայց փաստը մնում է փաստ. թե՛ Լարիսա Ալավերդյանը, թե՛ Արմեն Հարությունյանը, հնարավորությունների սահմաններում, փորձում էին կատարել օրենքով նախատեսված իրենց պարտականությունները:

Հետաքրքիր է, որ ընտրվելուց առաջ Արմեն Հարությունյանը ազնվորեն զգուշացրել էր պատգամավորներին՝ «եթե կարծում եք, որ ես կամակատար եմ լինելու, խնդրում եմ «դեմ» քվեարկել»: Պատգամավորները չհավատացին՝ հավանաբար ընկալելով դա որպես հերթական երեսպաշտություն, եւ սուսուփուս կատարեցին «վերեւների» հրահանգը՝ ընտրելով ներկայիս օմբուդսմենին: Հիմա կրակն են ընկել, եւ հաստատ նույն «վերեւները» հիմա brain sturm են անում՝ գտնելու համար որեւէ «իրավական հիմք»՝ Արմեն Հարությունյանից ազատվելու համար, որպեսզի պահպանվի օրինականության ինչ-որ պատրանք: Բանն այն է, որ օրենքն այդ առումով ճիշտ է գրված. ընտրել կարող ես, պաշտոնանկ անել (առանց դատարանի որոշման)՝ ոչ: Իրավունքի այս նորմը տեսականորեն իսկապես ապահովում է պաշտոնյայի հարաբերական անկախությունը: Կարելի է, իհարկե, օրենքը փոխել կամ պարոն Հարությունյանի գրպանը մի քանի գրամ թմրանյութ գցել եւ հետո դատել: Բայց նման պարզունակ «մենթական հնարքները», ըստ երեւույթին, կիրառվելու են Ստրասբուրգում մեր խնդիրը քննարկելուց հետո:

Հաջորդ օմբուդսմենի ամենահարմար թեկնածուն, անշուշտ, Գրիգոր Ամալյանն է (որպեսզի ՀՌԱՀ-ը «բարեփոխելուց» հետո նա առանց գործի չմնա): Նման «իրավունքների պաշտպանի» պարագայում «մարտի 1-ից» հետո զեկույց կգրվեր մոտավորապես հետեւյալ բովանդակության. «Ճիշտ են արել, որ 10 հոգի են սպանել, պիտի 20-ին սպանեին, ճիշտ են արել, որ մարդկանց ծեծել-ջարդել են, ճիշտ են արել, որ մարտի 1-20-ը գրաքննություն են մտցրել, պետք է ընդմիշտ մտցնեին»: Այդ դեպքում դատախազն ու արդարադատության նախարարը գուցե հանդես գային առարկություններով՝ նշելով, որ իրավապահների գործողությունների մեջ էլ թերեւս տեղ էին գտել որոշակի թերություններ:


ԱՌԱՎՈՏ

ClassicDancer
06.06.2008, 10:54
Ի ՎԵՐՋՈ, ԱՄԵՆ ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Մարդու իրավունքի պաշտպանի այն կեցվածքը, որ նա որդեգրել է այժմ, փաստացի դուրս գալով իրավապահ համակարգի դեմ եւ առաջադրելով մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ բավական սուր հարցադրումներ, գրեթե բոլորի մոտ առաջացրել է կասկածներ: Իշխանական թեւը կասկածում է, որ պաշտպանը կամ Ստրասբուրգին է ծառայում, կամ ընդդիմությանը, ընդդիմությունը կասկածում է, որ պաշտպանը ծառայում է իշխանությանը` ժողովրդավարության եւ բազմակարծության իմիտացիա ստեղծելու համար, իսկ Գալուստ Սահակյանն էլ միգուցե կկասկածի, որ պաշտպանը ծառայում է ասենք Տիզբոնին: Այդ կասկածները, Հայաստանի իրողությունների պարագայում, միանգամայն օրինաչափ են, որովհետեւ անկախության մոտ երկու տասնամյակի ընթացքում մեր երկրում այնքան բան է գնվել ու վաճառվել, այնքան բան է օգտագործվել, դեն գցվել եւ հետո նորից օգտագործվել, ընդ որում բոլորովին նոր տեղում եւ նոր դերով, որ ոչ ոք չի զարմանա, եթե պարզվի, որ մարդու իրավունքի պաշտպանին էլ այժմ ինչ որ մեկն օգտագործում է իր քաղաքական նպատակների համար: Եվ եթե այդպես է, ապա դա իսկապես լուրջ խնդիր է, որովհետեւ անգամ եթե այդ օգտագործումից հանրությունը կարող է շահել, այն իմաստով, որ գոնե այդպիսով ինչ որ հարցերի մասին բարձրաձայն խոսակցություն է լինում, հեռուստաընկերությունները գոնե ինչ որ ֆրազներ են ցուցադրում մարտի 1-ի իրադարձությունների մասին ընդդիմադիր կարծիքներից, ապա միեւնույն է, իրականությունը դրանից չի փոխվի, որովհետեւ այդ ամենը տեղի է ունենում ոչ թե հասարակության, այլ ինչ որ մեկի կամքով, հետեւաբար ինչ որ մեկի կամքով էլ այդ ամենը կդադարի:

Սակայն սխալ կլինի իհարկե առաջնորդվել միայն այն կանխավարկածով, որ մարդու իրավունքի պաշտպանն ինչ որ մեկին ծառայում է: Իհարկե, էլի ծառայում է, բայց գուցե միայն օրենքին եւ հասարակությանը: Սա Հայաստանում քիչ հավատալի է, առավել եւս, եթե նկատի ունենանք, որ մարդու իրավունքի պաշտպանին այդ պաշտոնին փաստացի նշանակել է իշխանությունը: Հայաստանի իշխանությունը միամիտ չէ, կարեւոր կամ գլխացավային պաշտոններին հենց այնպես նշանակումներ անելու համար: Եթե նշանակել են օրինակ Արմեն Հարությունյանին, կամ Ռոբերտ Քոչարյանի ներկայացմամբ նրան ընտրել է Քոչարյանին ծառայող խորհրդարանը, ապա անպայման հաշվարկել են ֆորս մաժորները, իշխանության ենթակայությունից դուրս գալու հանգամանքները եւ մտածել դրա դեմն առնելու ճանապարհները: Համենայն դեպս, Հայաստանի իշխանական համակարգում դեռեւս չկա նախադեպ, որ որեւէ պաշտոնյա կարողանա տեւական ժամանակ դուրս գալ վերնախավի վերահսկողությունից:

Անկասկած, այժմ իրավիճակը այլ է, եւ ասենք հասարակական մթնոլորտը եւ Հայաստանի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքը ամենեւին այն չէ, ինչ որ էր այն ժամանակ, երբ պայմանավորվածությունների շրջանակից դուրս գալու համար օմբուդսմենի պաշտոնից ազատեցին Լարիսա Ալավերդյանին: Սակայն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում` “երբ խոսքը գնում է ընտանիքի պատվի մասին, ապա փողի մասին խոսակցությունն անտեղի է”: Եթե խոսքը գնում է համակարգի անսասանության մասին, ապա հանրային, կամ միջազգային կարծիքների մասին խոսելը ավելորդ է, քանի որ բավական է մեկ պաշտոնյա դուրս գա վերահսկողությունից եւ մնա անպատիժ, որպեսզի դա դառնա համակարգի վերջի գործնական սկիզբը:

Սակայն, ի վերջո, ամեն ինչ երբեւէ լինում է առաջին անգամ, եւ միգուցե Հայաստանում էլ առաջին անգամ է, որ իշխանության ընտրած կամ նշանակած մարդու իրավունքի պաշտպանն իսկապես ցանկանում է պաշտպանել մարդու իրավունքը, եւ իշխանությունն էլ իսկապես գիտակցում է, որ ի վերջո միայն մարդ սպանելով չէ, որ կարելի է պահել իշխանությունը, այլ նաեւ մարդ սիրելով: Դրան իհարկե դժվար է հավատալ, հատկապես իշխանության մարդ սիրելու մասով: Իշխանության այն համակարգերը, որպիսին որ գործում է նաեւ Հայաստանում, իրենց բնույթով անհամատեղելի են սիրել-չսիրել հասկացության հետ: Դրանք առաջնորդվում են միայն շահով: Եթե մարդը համապատասխանում է համակարգի շահին, ապա նրան “սիրում” են, եթե ոչ, ապա ըստ հանգամանքների:

Բայց ամեն դեպքում, պետք չէ բացառել, որ ստեղծվել է մի վիճակ, երբ հանրությունը համապատասխանում է համակարգի շահին: Նման բան գուցե պատահում է հազար տարին մեկ անգամ, բայց առավել եւս, նշանակում է, որ պետք է շատ նրբանկատ վերաբերել այդ իրողությանը եւ այն փորձել օգտագործել առավելագույն արդյունքի հասնելու համար: Այսինքն, առկա իրավիճակը, անկախ նրանից` օմբուդսմենը իր կեցվածքով որեւէ կողմի պատվեր է կատարում, թե ոչ, պետք է հանրությունը` ի դեմս բոլոր այն հասարակական-քաղաքական կազմակերպությունների եւ անհատների, որոնք առավոտից երեկո երդվում են հասարակության շահի միակ անկաշառ պաշտպանը լինելու մեջ, փորձի օգտագործել իր շահի համար, իր դիրքերը ամրապնդելու համար, հակառակ դեպքում եթե բաց թողնվեց պահը, ապա ստիպված է լինելու սպասել եւս հազար տարի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
www.lragir.am