PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Գյումրին



StrangeLittleGirl
22.05.2006, 00:07
Արթնացա զարթուցչի ձայնից: Պետք էր պատրաստվել ու Գյումրի մեկնել: Կիրակի... քնել էի ուզում: Չէ՞ որ շաբաթվա ընթացքում շատ եմ հոգնում, և միակ օրն է, որ կարող եմ ուզածիս չափ պառկել ու երազել: Էլ չեմ ասում, որ նախորդ 3 գիշերները կարգին չէի քնել: Եթե այսօր էլ շուտ արթնանայի, 3-ը 4 կդառնար: Էլ չեմ ասում, որ կոկորդս ցավում էր, մարմինս՝ ջարդվում. երեկ Մոնումենտում ցուրտ էր, երևի մրսել էի: Իսկ երկար ճանապարհորդությունը դեպի Գյումրի տհաճ էր թվում, պետք է ուշ վերադառնայի, կեսգիշերին սկսեի աշխատել, վաղն էլ հարցում ունեմ. պետք է պարապեի: Մի խոսքով, վաստակելու էի ևս մեկ անքուն գիշեր, որը բոլորովին ձեռնտու չէր սպասվելիք ծանր շաբաթվա սկզբին... Եվ ես որոշեցի քնել:
Բայց Իննայի զանգը չուշացավ. արդեն հասցրել էին Երևանից մեկնողները տեղեկացնել, որ ես չեմ եկել: Հարցնում էր, թե ինչ է պատահել: Ես հասցրեցի քնկոտ ու խռպոտ ձայնով ասել, որ հիվանդ եմ և չեմ կարող գալ, իսկ նա սկսեց համոզել, որ գոնե մի քանի ժամ անց մեկնեմ:
Երբ քնից կշտացած վերկացա, կոկորդիս ցավն անցել էր, բայց մարմինս դեռ ջարդվում էր, և ես անընդհատ փռշտում էի: Էլ չեմ խոսում գլխացավի մասին, որը քիչ անց հայտնվեց: Համենայնդեպս, որոշեցի ընկերուհուս չտխրեցնել և անպայման մեկնել նրա 20-ամյակի խնջույքին:
Ցերեկը ժամը 1-ի կողմերը ես արդեն Գյումրի մեկնող երթուղայինի մեջ էի: Վարորդը սպասում էր, որ բոլոր նստատեղերը զբաղեցվեն, որպեսզի շարժվենք: Կողքիս երկու տեղերն ազատ էին: Մեկը շուտով զբաղեցրեց մի բեղավոր, գեր կին, իսկ մյուսի համար պետք է մի քիչ էլ սպասեինք:
Մինչ այդ վարորդի կողքը տեղավորված մի կին բջջայինով խոսում էր.
- Լա՞վ հասաք... Խո եռեխեն սամալյոտի մեջ չլացե՞ց... Դե եռեխու հետ էլ հայերեն չխոսաս. առանց էդ էլ լյեզուն չգիտի...
Վերջապես բոլոր նստատեղերը զբաղեցվեցին, և երթուղայինը շարժվեց: Ես անմիջապես զանգահարեցի Իննային և տեղեկացրեցի, որ արդեն ճանապարհին եմ:
Կյանքիս մեջ առաջին անգամ էր, որ մենակ էի մեկնում այդպիսի հեռավոր ճանապարհորդության: Ի՞նչ պետք է անեի 2 ժամ շարունակ:
Կողքիս գեր կնոջ վրայից տհաճ հոտ էր գալիս: 2 ժամ պետք է դիմանայի դրան: Էլ չեմ ասում, որ թևով հպվել էր թևիս, և դա ինձ խանգարում էր: Բայց ուրիշ ելք չկար. տեղը նեղ էր, որովհետև այդ կինն իրոք շատ գեր էր: Համենայնդեպս, այդ ամենին վարժվելու համար ընդամենը մի քանի րոպեն բավական էր:
Ճանապարհի ընթացքում պատուհանից դուրս էի նայում: Անհետաքրքիր էր. Հայաստանի այդ մասի բնությունն անշուք էր, անհետաքրքիր: Բայց ինչ-որ վայրով անցնելիս տեսա շագանակագույն ու սպիտակ քարեր: Հետո նկատեցի, որ դրանց մի մասը շարժվում է: Փաստորեն, դրանք սպիտակ ու շագանակագույն անասուններ էին, որ արածում էին նույն գույներով ու դրանց նույն հարաբերությամբ քարերի շուրջ: Պարզապես հրաշք էր:
...Ժամանակ առ ժամանակ Իննան էր զանգահարում ու հարցնում, թե որտեղ ենք, իսկ կողքիս բեղավոր կինը պատասխանում էր. ես չգիտեի:
Ինչ-որ մեկը նորից զանգահարեց վարորդի կողքը նստած կնոջը, իսկ սա էլ թե.
- Կասյետը նայեցինք... Լացեցի...
Հետո հանկարծ երկնքին նայեցի: Ինձ թվաց, թե այն տափակ է, նման ստվարաթղթի: Հետո տպավորությունս փոխվեց. ասես կապույտ կտոր լիներ, որի վրա բամբակ էր դրված:
Կողքիս կինն անհանգստացավ, երբ տեսավ, որ ինձ այդքան շատ են զանգահարում.
- Քաղաքին ծանո՞թ չես:
- Չէ՛,- ասացի:
- Գիտե՞ս, թե որտեղ պետք է իջնես:
- Ինձ ասել են, որ մինչև վերջ գնամ:
- Մինչև ավտոկայա՞ն:
- Երևի
- Բայց մինչև այնտեղ հասնելը մի անգամ էլ է կանգնում: Դրան էլ են «վերջ» ասում...
Մտանք Գյումրի: Վերջին անգամ 3 տարի առաջ էի այնտեղ եղել, իսկ դրանից առաջ՝ ևս մեկ անգամ ու էլ չէի եղել: Բայց դժվար չէր ճանաչել այն ճանապարհը, որը Թբիլիսյան խճուղի էր տանում. այնտեղ մի մանկատուն կար, որտեղ պետք է 2 օր մնայինք 3 տարի առաջ... Եվ դրանք այն օրերն էին, երբ ընկերուհիս մահացավ...
Գյումրին կարծես մի քիչ կենդանացել, քաղաքի տեսք էր ստացել այդ 3 տարվա ընթացքում:
...Ա՛յ, այնտեղ ծաղկի կրպակ կար, բայց հիմա սոսկ փոս է, և շինարարություն է կատարվում: Ախր ինչպե՞ս էի հիշում այդ ամենը:
Հասանք կանգառին, որին «վերջ» են ասում: Զանգահարեցի Իննային, իսկ նա ասաց, որ ավտոկայան չհասնեմ. ինձ արդեն սպասում են Անին ու Կարենը: Երթուղայինի պատուհանից տեսա նրանց ու արագ իջա...
Ես ուրախ էի, որ եկա Գյումրի: Հասկացա, որ եթե մնայի Երևանում, Իննան շատ էր տխրելու. առանց այդ էլ հրավիրվածներից շատերը չէին եկել: Եվ շատ էր ուրախացել ընկերուհիս: Ճիշտ է՝ գլխացավս ուղեկցում էր, և ժամանակ առ ժամանակ հազում էի... էլ չեմ խոսում մարմնիս ջարդվածության մասին ու որ ձանձրանում էի այնտեղ, բայց ես չեմ զղջում, որ գնացել էի...
Ես չեմ սիրում, երբ իմ նկատմամբ հոգատար են լինում: Իննայի մայրը շատ ջերմ կին էր. հետևում էր, որ հանկարծ որևէ բանից չնեղվեմ: Ես ինչ-որ հարազատություն զգացի այդ միջավայրում:
Մի քիչ պարեցի պարեցի, մի քիչ կատակեցինք: Ախր ուրիշ է Գյումրվա հումորը, իսկ Իննան դրան լավ տիրապետում է:
Երեկոյան արդեն մենակ չէի վերադառնում: Երբ արդեն մեկնում էինք, ես առաջին անգամ հասկացա, որ սիրում եմ Գյումրին:

kiki
22.05.2006, 00:24
գեղեցիկ էր...ես մեր տունը հիշեցի, որտեղ մանկությունս եմ անց կացրել...
չգիտեմ ինչի, բայց հիշեցի...:)

Chuk
22.05.2006, 02:35
Այնպես էիր գրել, որ կարդալուց զգում էի քո բոլոր զգացմունքները: Կեցցես:

Ուլուանա
22.05.2006, 10:26
Հետաքրքիր է, իսկ ես կարդալուց այնպիսի տպավորություն ունեի, կարծես ես էի գրել...:) Նկատի ունեմ ոչ թե սյուժեն, այլ գրելաոճը, այնքան նման ու հոգեհարազատ էր։

Մասսագետ
22.05.2006, 20:41
խեղճ աղջի'կ, հոգնեցի քո բողոքները լսելուց:

Ուլուանա
23.05.2006, 10:04
Բայց այս պատմության մեջ ի՞նչ բողոք կար որ...:esim

Մասսագետ
23.05.2006, 18:37
Բայց այս պատմության մեջ ի՞նչ բողոք կար որ...:esim
Կիրակի... քնել էի ուզում: Չէ՞ որ շաբաթվա ընթացքում շատ եմ հոգնում, և միակ օրն է, որ կարող եմ ուզածիս չափ պառկել ու երազել: Էլ չեմ ասում, որ նախորդ 3 գիշերները կարգին չէի քնել: Եթե այսօր էլ շուտ արթնանայի, 3-ը 4 կդառնար: Էլ չեմ ասում, որ կոկորդս ցավում էր, մարմինս՝ ջարդվում. երեկ Մոնումենտում ցուրտ էր, երևի մրսել էի: Իսկ երկար ճանապարհորդությունը դեպի Գյումրի տհաճ էր թվում, պետք է ուշ վերադառնայի, կեսգիշերին սկսեի աշխատել, վաղն էլ հարցում ունեմ. պետք է պարապեի: Մի խոսքով, վաստակելու էի ևս մեկ անքուն գիշեր, որը բոլորովին ձեռնտու չէր սպասվելիք ծանր շաբաթվա սկզբին...
կոկորդիս ցավն անցել էր, բայց մարմինս դեռ ջարդվում էր, և ես անընդհատ փռշտում էի: Էլ չեմ խոսում գլխացավի մասին, որը քիչ անց հայտնվեց:
Կողքիս գեր կնոջ վրայից տհաճ հոտ էր գալիս: 2 ժամ պետք է դիմանայի դրան: Էլ չեմ ասում, որ թևով հպվել էր թևիս, և դա ինձ խանգարում էր: Բայց ուրիշ ելք չկար. տեղը նեղ էր, որովհետև այդ կինն իրոք շատ գեր էր:
Ճիշտ է՝ գլխացավս ուղեկցում էր, և ժամանակ առ ժամանակ հազում էի... էլ չեմ խոսում մարմնիս ջարդվածության մասին ու որ ձանձրանում էի այնտեղ:

Մելիք
23.05.2006, 20:52
Բողոք էր , թե ինչ էր , բայց լավն էր:

John
14.07.2006, 12:08
Բյուր ջան մերսի,որ իմ մեջ հաճելի հիշողություններ արթնացրեցիր կապված Գյումրու`իմ ծննդավայրի հետ:Շատ լավ ու վատ օրեր եմ անցկացրել այնտեղ,բայց բոլոր օրերն էլ հաճույքով եմ հիշում`չէ՞ որ անցյալի հետ կապված յուրաքանչյուր դրվագ հաճույքով է հիշվում,իսկ Գյումրիում անցկացրած օրերը իմ անցյալի մի մասն են կազմում:
Եվս մեկ անգամ շաաատ շնորհակալություն:)

Lionne_en_Chasse
14.07.2006, 15:23
Չեմ եղել Գյումրիում... էնքան տեղ կա , որ դեռ չեմ եղել :(
Բայց շատ տպավորիչ ես գրել :)

Arisol
15.10.2006, 15:18
Վա՜յ, ինձ ամենաշատը դուր եկավ էդ գեր բեղավոր և «հոտավետ» կնոջ կերպարը, շա՜տ լավ պատկերացրեցի վիճակդ էդ ժամանակ:[ … Իսկ քնի պահը… Էլի շա՜տ ծանոթ էր, նույնն էլ իմ հետ է շատ անգամ պատահել ու շատ քիչ է եղել, որ փոշմանել եմ նրա համար, որ գնացել եմ ինչ-որ տեղ, ոչ թե քնել եմ;) : Իսկ Գյումրիի մասին… Երբեք չեմ եղել այնտեղ:( :
:kiss

Esmeralda
15.10.2006, 16:08
Իրականությունից քաղված պատմությունից հետաքրքիր կարդացվողը չկա... Առջևում նստած կնոջ խոսակցություններն էլ...
Լավ էր կարդացվում:)

Alphaone
03.09.2013, 09:08
Բյուր, փաստորեն ջահել ժամանակներդ էլ նույն նվնվիկն ես եղել: Ապրես, ամեն բառը վերապրել եմ, Գալի ասած՝ պաչ: :kiss

StrangeLittleGirl
03.09.2013, 10:38
Բյուր, փաստորեն ջահել ժամանակներդ էլ նույն նվնվիկն ես եղել: Ապրես, ամեն բառը վերապրել եմ, Գալի ասած՝ պաչ: :kiss

չէ, ավելի նվնվիկ էի :D