Դիտել ողջ տարբերակը : Միքայել Հայրապետյան. նամակներ ընդհատակից
ՊԵՐՃԱՆՔ ԵՎ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՎԿԱՆԵՐԻ
Հայաստանում տիրող ներկա վիճակը միանգամայն օրինաչափ է: 1920-ականներից սկսված դատավարությունները կլինեն այնքան, քանի դեռ հայ Մարդը չի զորել այն խոյանքին, բեկմանը, ճեղքումին, որով խալխը` Ժողովուրդ, իսանը` Մարդ է դառնում:
Ժամանակին մեղադրում էին, եւ Մարդիկ էլ ընդունում էին, իբր պատրաստվել են մահափորձ իրականացնել, ասենք, Ստալինի դեմ: Հետո արվում էին §արագացված դատավարություններ¦: Հրաչյա Աճառյանի նման տնակյաց մտավորականը համաձայնել էր, որ ինքը, իբրեւ թե, եվրոպական գրեթե բոլոր երկրների լրտես է: Ոմանք ընդունել էին, թե զբաղված էին գաղտնի թունել փորելով, որ պիտի անցներ չգիտեմ որ մայր ցամաքի ամբողջ երկայնքով ու կործաներ ԽՍՀՄ-ը: Վկաների պակաս չէր զգացվում: Չզարմանաք, սակայն այդպիսի մեղադրանք առաջադրողները հարաբերականորեն ավելի նորմալ էին, քան վկայություն տվողները. ասված է` "Սուտ մի° վկայիր": Ավելին` Ստալինն ու Բերիան ավելի կարգին էին, քան Ստալինից ավելի ստալին, Բերիայից ավելի բերիա լինել ջանացող մեր կապիկները:
Խորհրդային քաղկալանավոր իմ ավագ ընկերներից մեկը խորշանքով ասում էր, որ երբ փլվեց Սովետը, ռուսները տասնյակ գրքեր հրատարակեցին, գզրոցներից հանեցին ֆիլմեր, որ Սովետի ժամանակ էին ստեղծել, բայց արգելված էին: Նույն միտքը, նրանից անկախ, արտահայտեց ՊԱԿ-ի պաշտոնաթող մի բարձրաստիճան սպա, որ դարձյալ իմ ավագ ընկերներից է: Հիշում եմ լուսահոգի Աշոտ Նավասարդյանի հարցազրույցը "Գարուն" ամսագրում, ուր ցավով ասում էր, որ խորհրդային բանտերը լիքն էին ազատատենչ մերձբալթիկացի, ուկրաինացի, ռուս, վրացի գիտնականներով, ուսանողներով, բանաստեղծներով, հոգեւորականներով, իսկ մերոնցից Ազատության կռվի էին ելել միայն իր պես մի քանի տասնյակ ջահել: Մերոնք նախընտրել էին վկայի կարգավիճակը:
Հիմա զարմանալ պետք չէ, երբ օրը ցերեկով կրակում են Միքայել Դանիելյանի պես հրաշալի Մարդու վրա: Սա ամենաօրինաչափն է: Չէ որ Սերժ Սարգսյանը չի հանդգնելու օրինականություն կիրառել կրակողի նկատմամբ, ինչպես Ռոբերտ Քոչարյանն իր Կուկուի: Նրանց տղամարդկությունը տկար է, որպեսզի կարողանան սղոցել կրիմինալ այն ճյուղը, որի վրա են իրենք կանգուն: Ղզիկի իրենց §ուժը¦ պատում է բացառապես ընդդիմադիրներիս եւ հասարակ ժողովրդի վրա. կարող են իրենց արյունոտ պարզաբանումների ժամանակ սպանել դեղձ վաճառող գեղջկուհուն, երեխայի համար կաթ գնելու գնացած երիտասարդ մորը... Իսկ հենց դա° էր մարտի 1-ի նախերգանքը: Մենք չենք գոռա եւ չենք պահանջի Քաղաքացու իրավունքը: Ավելին` մեր "երգիչը" կասի, որ լավ էլ արել են` սպանել են, ինչ գործ ունեին այդտեղ, այսինքն` ինչու պիտի դեղձ վաճառեին կամ խանութ գնային: Հայաստանում Մարդը տեղ չունի: Նրա տեղը գերեզմանն է, բանտը կամ վտարանդիությունը: Մյուսներինը` կա°մ դահճի, կա°մ վկայի մասնագիտությամբ զբաղվելը:
Առավել սոսկալին այն է, որ ոչ միայն կկրակեն իրավապաշտպանի վրա, այլեւ հենց նրա°ն կմեղադրեն: Սա° է մեր երկրի տրամաբանությունը: Չեմ զարմանա, որ սովետական մեր իրավապահ համակարգը Միքայել Դանիելյանին մեղադրի մեքենայի միջից փողոցում, հընթացս բռնաբարություն կատարելու մեջ: "Դուխավիկ" կրակողն արդեն նմանատիպ վկայություն` ցուցմունք տվել է: Ոչ հայակենտրոն, հականժդեհական, ՑՌՈՒ-իշնիկ Դանիելյանին մի նոր դավի մեջ էլ շուտով կմեղադրեն. ասենք, միջազգային սիոնիզմի պատվերով թունել էր սարքում Ապշերոնից մինչեւ Բաղրամյանի նախագահական պալատ: Կարծում եք` վկաներ չեն գտնվի: Կգտնվեն ընտրակաշառքի տարիֆով եւ շատ: Հերթի կանգնած վկաներին արդարացում եւ հանգստության միջոց կլինի արդեն տրված այն վկայությունը, թե որպես հայ տղամարդ կրակողը կատարել է իր պարտքը. նմանների վերջին ապաստանը սկսվում է "հայ", "ազգ", "հայրենիք" բառահիմքերով:
Վարչապետը քննությամբ կպարզի, որ կրակողն ամենեւին նա չի եղել, ում մասին գրում են: Զոհը ոչ թե իրավապաշտպանն է, այլ այդ պահին երկնքում թռչող մի ագռավ, իսկ կրակոց ընդհանրապես չի եղել, այլ թռչունը վայր է ընկել տարիքն առած լինելու պատճառով: Հենց այսպես էլ կլինի: Չկասկածե°ք: Կրակողը պատասխան չի տալու, քանի որ Սերժ Սարգսյանը Տարաս Բուլբա չէ, հակառակը` ԱԽՔ նշանակող է եւ անմեղներին բանտերում պահող: Իսկ մենք շնորհակալ ենք լինելու, որ այդ գործի հետ կապ չունեցող մի մեղադրանքով (ասենք, թունելի գործով) դատելիս` պայմանական պատիժ կիրառեն պարոն Դանիելյանի նկատմամբ: Եվ տեղն է մեզ: Եվ եթե մի բան փոխվել է մեր երկրում, ապա դա այն է, որ "իննասուն" ասող վարչապետին փոխարինել է "ընըսուն" ասողը: Ուրիշ ոչինչ: Այսպես է լինելու միշտ, քանի չենք մերժում փետրազարդ գեղցիներին եւ չունենք պահանջը Վեհի:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Սա էլ նրանց պաշտոնական կայքից է,չնայած կարծում եմ շատերը ծանոթ են:
Հեռագիր թուրքական կառավարությանը.
«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
.Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
.Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ`
Հ. Քաջազնունի
.Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր`
Արամ փաշա Մանուկյան
.Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ`
Սահակյան
Հուլիսի 17-ին, 1918թ.»:
(Ջ. Կիրակոսյան, «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերը», Ե.-1965թ.):
...ԵՎ ԿԱԹՆ ԱՆԳԱՄ ՍԵՎԱՑԱՎ
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր,
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ:
ՉԱՐԵՆՑ
Հրանտ Մաթեւոսյանը, որ մեր Խոսքի սահմանը հասցրեց այն վերջին, որից Անդին սկսվում են Տիեզերական խշշոցն ու Մեծ լռությունը, մի փոքրիկ գործ ունի` "Օտարը": Պետք չէ կարդալ այդ գործը: Ինչպես որ պետք չէ կարդալ Նարեկացունը: Դա Նարեկի նման գլխի տակ դնելիք է, երբ Հիվանդ ես: Չգիտե°մ` կօգնի: Նարեկը չի օգնել, քանի որ հիվանդ մեր գլուխը "բրոնզե" է եղել, իսկ Հոգին` միշտ հեռու Գլխից: Հոգու մեջ դնելն էլ մեզ համար բեռ է եղել` Նարեկացու ժամանակներից ի վեր…
Հիմա միայն վերնագիրը կապ ունի ասելիքիս հետ: Հիշում եք, թե միասին ինչքան բաներ ստորագրեցին Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը: Հիշում եք, թե միասին ինչքան բաներ հայտարարեցին ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն ու ռադիկոտիգրանյաններ: Բայց վերջում մե°ր Կապուտիկյանն ու մե°ր Ղազարյանը մնացին մեզ եւ ամփոփվեցին մեր Հոգու Պանթեոնում: Բացեք եւ կարդացեք նրանց վերջին Խոսքերը: Թեեւ մերո°նք մաքուր էին, ինչպես մաքուր է Մանուկն անգամ իր մոլորություններում, բայց Երկինք գնալուց առաջ, մեկ անգամ եւս լվացվեցին ու հարդարվեցին, երգեցին իրենց շարականն ու խունկ ծխացին, ինչպես լոգանքների ու աղոթքների մեջ Վերջին օրերն անցկացնող ձյունազգեստ Ճամփորդը:
Օտարն այդպես չէ: Նա հիմա էլ, լավագույն դեպքում` եթե չի խարդավում, տազ է անում, երբ Երկրի որդին իր Մարութա վանքն է ելնում վերաշինելու: Իսկ մերոնք. մերո°նք, որ կամքով կամ ակամա դարձել են մեր տեսակի ծառը հատող օտար կացնի կոթ: Դրանք որքան էլ մոլորյալ` մերո°նք են, որ մի օր Տուն են գալու, եթե այն արդեն դարձած չլինի "ափ մը մոխիր": "Ախ, թե նորից գտնեն ճամփան դեպի էնտեղ, դեպի Տուն": Մանկուց "ծանոթ մի ձայն", լավաշ հացի մի բույր, մի վառող կարոտ կամ ամոթի գիտակցում օտարի կացնի մե°ր կոթերին երբեւէ Տուն է կանչելու:
Չկա° այսօր մայրական այն գիրկը, ուր "լա ու խնդա" Մարդը: Հայրենիքն էլի դառնում է Կրակե շապիկ, որ "հագնելիս մեռնում ես վառվելուց, իսկ հանելիս` սառչելուց": Դեռ "քայլում են քարավանների" վերջին փշուրները, ու չկա գեթ մի Լացի Պատ, ուր վերջապես կանգ առնեն ու սրտերը դատարկեն օտար կացնի մե°ր կոթերը, որ "սարերին չաղերսեն ընկնել իրենց վրա ու ծածկել": Ճիշտ էր ասված` "թուրքի բալեն մնա Գեղամյանի հույսին", կամ էլ` "բարակ ձենով տղերքի": Ու երբ զղջման, ապաշխարանքի, զատկի այդ Պատն էր կառուցվում, օտարն իր կացնով ու մեր կոթերով քանդեց այն: Խաբելով: Հանց Մեծ Մհերին: Յոթ տարի անց իր գինովություն-խաբվածությունից սթափվեց Մհերը: Գնաց ու Երկրում լացեց, բայց ուշ էր իրե°ն համար: Ու մեռավ Մհերը` Որդու տեսությանն անարժան: Չուզեցինք Սիմոն Ծերունի լինել:
Հիմա պատը` երանելի այդ Քավարանը, չկա, որ կկառուցվի երբեւէ, եթե Ծանոթ այն ձայնը "լսելու ականջ ունենանք", եթե երաշտի անձրեւի պես գա "Ոգու սովի" զգացողությունը: Սոսկալին հենց դա է, որ լացի, ապաշխարանքի, մոր ձայնի կարոտը, պահանջը չկա: Ու կաթն է սեւանում անգամ: Պղծվում է ամեն բան: "Համազգեստով Հայաստանում" Հայրենիքի գերեվարված Զինվորին հռոմեական օտարի շքահանդեսի հանգույն` ի ցույց են հանում թեւերը ոլորած, մյուսին` ձեռնաշղթաներով, զնդանում պահվող երրորդի արժանիքներն է ուրանում գավառական մի Տալիթա, որի "պապերի աճյունն" էր Ազատել` "սրտին մոտիկ" պահելու համար, երբ վերգոների իր տեսակը "փախել էր ժառանգությունից": Մենք կույր ենք կիսով¦: 1908-ին ավելի շատ հայ ազատամարտիկ կար թուրքական բանտերում, թե այսօր` հայկականում: "Դե, եկ, Վարդապետ, ու մի խենթանա":
Ինչպես են գիշերը հանգիստ գլուխը բարձին դնում ու խորհում ազգի մասին մերոնք, երբ իրենց ուղեղներն ամեն վայրկյան պիտի պայթեին ոստիկանատան մոտ մարտի 1-ին Զարուհի Փոստանջյանի "Ուր եք տանում երեխային" աղաղակից: Նորի°ց համազգեստով, նորի°ց հայ երեխա` 100 տարվա ընդմիջմամբ: Էգոյանը "Վերադարձ Արարատ" կանվաներ սա: Դերասաններ պետք չէ փնտրել ֆիլմի համար. միայն երեկ էր եւ իրականում Քրիստինե Խանումյան լրագրողուհու լացը` սուրացող գնդակների ոռնոցի տակ: "Չի° հասկանա ձեր հոգին եւ ծույլ եւ օտար":
Ա°հ, էմոցիոնալ ստացվեց եւ կապ չունի քաղաքականության հետ: Այդպես մտածողներին 1914-ին "……" անվանեց Վահան Տերյանը: Դրանց "խելոքության" արդյունքում դեռ անթաղ ոսկորներ կան Դեր-Զորում ու կորսված Հայրենիք: "Էմոցիոնալ եւ ոչ քաղաքական" հրեաները հեռու ամերիկաներից պեղեցին, բերեցին ու իրենց երկրում կախեցին այն ճիճու նացիստին, ով Կոտորածն մանկանց էր արել. նույն "էմոցիոնալ ոչ քաղաքականները" դեսանտ իջեցրին ուրիշի երկրում ու ազատեցին իրենցից ընդամենը մի քանիսին, որովհետեւ նրանց կյանքը Թանկ էր Երկրի համար: Մեր երկրի համար թանկ է մեր Մարդու կյանքը եւ ինչ արժե "10 հատը"` "ոնց էր համը իմ ձագի": Էմոցիոնալներն այսօր ծաղկուն երկրներ ունեն, իսկ մեր "խելոքները" հոխորտում են ցնցոտիավոր երկրում ու "իբրեւ վերջ` ապտակն ուժգին մեր պատմության":
Օտարին հարց չունեմ: Մերո°նց եմ հարցնում: Այդ հանուն ռեալ Հայրենիքի էիք փորձում էմոցիաներ ոչնչացնել իմ տանը, ուր Գրքերից բացի ոչինչ չկա: Էմոցիոնալ Խորենացին Ողբ ու կական չբարձրացրեց իմ գրադարակից, չսաստեց Աբովյանը` թե "Այդ ում վրա ես ձեռք բարձրացնում", չնյարդայնացրեց Տերյանն իր հարցով` "Միթե վերջին պոետն եմ ես", էմոցիոնալ Չարենցին մեկ անգամ եւս սպանելու ցանկություն չունեցաք, երբ գրասեղանիս վրայից արհամարհական շպրտեց` "Սանձել է ուզում հողմերին այս ողորմելին", չէիք հոգեխանգարվում, երբ ամբողջ ժամանակ Սեւակը Եռաձայն պատարագ էր հնչեցնում, սեպախրում չտեսաք, երբ Նալբանդյանն Ազատություն էր գոչում ու "խավարի դեմ պատերազմի" կոչում, չդիպուկահարեցիք, երբ Վերֆելը 40-օրյա դիմադրության էր պատրաստում, չսարսռացիք, երբ Մարզպետունին 20 այլ գրքերի հետ զինված ու կյանքին սպառնացող վտանգներով լի հարձակում էր նախաձեռնում, իսկ քրեակա°ն, ո°չ քաղաքական ինչ ձեւակերպում եք տալիս, որ ամբողջ այդ ընթացքում ի°մ Վարուժանը երգում էր` "Ու պայքար, պայքար, պայքար…", Աստվածածնիս սրբապատկերից արցունք չկաթեց ձեզ վրա: Կացնի իմ սիրելի կոթեր, օտարը ձեզ զենք փնտրելու էր ուղարկել` նախապես ջնջված դեմքերով: Նա գիտե` ինչ զենքի մասին է խոսքը, իսկ դուք` միամիտներդ, ֆիլմերում տեսած բաներ եք որոնում: Դուք նույնիսկ չեք հասկացել, որ նա ճի°շտ էր` այդ զենքը ես ունե°մ. ձեր աչքի առջեւ է եղել` գրասեղանիս վրա ու գրապահարաններիս մեջ, հոգուս ու բանականությանս ծալքերում: Իմ զենքից ոչ մի բունկեր ու զրահաբաճկոն չի° կարող փրկել. օտարը դրանի°ց է սարսափած: Այն զենքը, որ ես ու իմ եղբայրներն ունենք, չի° պարպվում երբեք, ինչպես պարպվելու են սափրագլուխների փամփուշտները: Ա°յդ զենքով են ձեր զավակները դատելու ձեզ, եթե չհասցնեք անսալ Ծանոթ ձայնին ու չդառնաք Տուն, քանի դեռ օտարը Երկիրը չի դարձրել Էրգիր, քանի դեռ Շուշիից էլ չենք հրաժարվել որպես Հայրենիք, ինչպես Տիգրանակերտի մոխիրներին կռթնած Աղդամից, "քանի դեռ սուրը ոսոխի ճամփին է դեռ":
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԷՍ ՀՈԴՎԱԾԸ ՀԱՆՃԱՐԵՂ Ա
ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԻՆ
Ցանկացած նյութական կորուստ վերականգնելի է. դեպք է եղել` նույնիսկ "երեք օրում": Սարսափելի չէ, որ գավառամիտ մեր իշխանությունն այսօր ավերածություններ է գործում` հաճախ նման այն կենդանակերպ արարծներին, որոնց մասին Հիսուսը մինչեւիսկ խաչի վրայից ասաց. "Հայր, ներիր սրանց, քանզի իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում": Մտահոգողը պետք է լինի այն, որ չհասկանալով` ձեռք են բարձրացնում անվերականգնելիի վրա: Այդ ժամանակ պետք է հիշել մի վտարանդի հայ Մարդու գրածը` "Մի° մտեք Հայոց լեզվի տաճարը, կովե°ր": Կովերին ասելիք չկա, թեեւ հնդիկները պաշտում են:
Կարող եք, սիրելի° ընթերցող, վերլուծությամբ ապացուցել, որ հայ ժողովուրդն այլեւս դատապարտված է եւ երբեւէ չի ունենալու, ասենք, Մկրտիչ Խրիմյանի պես կաթողիկոս: Թվում է` բոլորս ենք երազում այդ ժամանակի մասին: Իսկ կաթողիկոսի կողքին մենք սովորույթ ունենք դնելու Վեհափառ բառը: Ուրիշ ոչ մեկին, բացի կաթողիկոսից, մեր իրականության մեջ չեն դիմել այդպես: Ինքս էլ, երբ արտակարգ դրության օրերին հերթական նյութն էի գրում ամերիկահայ մի թերթի համար, չկարողացա ոչ միայն Վեհափառ բառն օգտագործել, այլեւ Գարեգինը, որ, որքան էլ օրվա ցեղվածները լլկեցին Նժդեհին, դա, այնուամենայնիվ, նրա° անունն է: Ստիպված սահմանափակվեցի միայն Բ մասով: Բառերի հետ զգույշ է պետք լինել: Բառն ի սկզբանե էր, Նա° է Արարել ամենը:
Երբ լսում եմ, որ Մտավորական բառն օգտագործվում է վատ բան խորհրդանշելու համար, ցավ եմ զգում: Իրոք կարծում եք, թե մենք այն աստիճանի անարժան ազգ ենք դարձել, որ այլեւս երբեւէ չենք ունենալու Աճառյանի, Համբարձումյանի, Տեր-Պետրոսյանի, Մանսուրյանի պես Մարդիկ: Չէ որ ցանկացածդ գիտեք, որ էկրանին երեւացող "տապարով տաշված" դեմքով ամեն մի երգիչ, հաղորդավար, պատգամավոր… մտավորական չէ, ավելին` դա կենդանուն եւ մարդուն կապող այն օղակն է, որ փնտրեց ու այդպես էլ չկարողացավ գտնել խեղճ Դարվինը:
Այս ընթացքում շատ ոստիկաններ շատ չարագործություններ արեցին: Նրանց չարժե Ոստիկան կոչել. Բառն ափսոս է: Այդպես կկորցնենք Ոստիկան հասկացությունը մեր գիտակցության մեջ: Իսկ առանց այդպիսի գիտակցման, նաեւ` տեսլականի, չի° կարող լինել պետություն: Իսկ չէ որ մեր երազը հենց դա է` Պետությունը, որ վանկարկում էինք միասին` Ազատ, Անկախ Հայաստան:
Նույն Բառը շատերի համար օգտագործելով` կորցնում ենք բոլոր չափորոշիչներն ու չենք կարողանում տարբերել, ասենք, Ավետիք Իսահակյանին եւ Արամայիս Սահակյանին, ու դադարում ենք հասկանալ, թե ինչ է բանաստեղծությունը: Իսկ երբ չենք հասկանում, չենք էլ կարող արարել: Իշխողների (հատկապես օտար) նպատակը միշտ էլ դա է եղել` զրկել հայությանը նորմալ, մարդկային չափորոշիցներից, քաոսով լցնել գլուխը: Մյուս կողմից էլ` նպատակ է եղել, որ մենք կորցնենք երբեւէ նորմալ կաթողիկոս, նորմալ մտավորական, նորմալ ոստիկան, նորմալ որեւէ բան ունենալու Հույսը: Իսկ երբ Հույսն է մեռնում, ամեն ինչ անիմաստ է դառնում: Երբ անգամ մի թիզ զիջվում է Հոգու տարածքից, ապա, որպես օրենք, դրան արագ հաջորդում է նյութական Հայրենիքի հազարավոր կիլոմետրեր զիջելը…
Ես հավատում եմ, որ նորից ունենալու ենք հավատացյալ կաթողիկոս, ով օրհասի պահերին չի լքի հոտը: Ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք բարեկիրթ մտավորական, ով կշարժվի իր բանականությամբ եւ ոչ որկորի գրգիռով: Ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք օրինապահ ոստիկան, ում նույնիսկ հեռվից տեսնելով` քաղաքացին իրեն ավելի ապահով ու անվտանգ է զգալու: Հավատում եմ, որ մեր պայքարի արդյունքում ունենալու ենք արդար դատավորներ ու դատարան, անվտանգության մարտիկներ ու ԱԱԾ… Իսկ երբ լինեն նրանք, ինչպես ենք անվանելու, եթե արդեն մաշված ու անիծյալ լինեն Անունները: Ուստի թախանձագին խնդրում եմ` ինչ ուզում եք ասեք Լուսավորչի գահին բազմած այդ մարդուն, դիպլոմավոր պնակալեզներին, կեղծ վկայություններ տվող համազգեստավորներին, կամակատար կաշառակերներին ու չեկիստներին, բայց սրբազան երկյուղածությամբ գուրգուրացեք Վեհափառ, Մտավորական, Ոստիկան, Նախագահ, Վարչապետ, Դատարան… բառերի վրա, մի° կիրառեք ավազակությունների կողքին: Այդ Բառերը նրանցը չե°ն, այլ հենց ձերը` ձեր երազներինը, որ պետք է իրականացնել: Այլապես վաղը մենք անապատ ենք ունենալու` ավելի վատը, քան այսօր: Վստահ եղեք` "սա լոկ փորձության քունն է, որ կանցնի": Երանի նրանց, որ արթուն կմնան Հոգեւոր Հայրենիքի միջնաբերդում ու սահմաններին:
Ավելացվել է 14 րոպե անց
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏԻՊԸ
Քոչարյանը, Հայաստանը քեմալական Թուրքիայի ռելսերի վրա տեղափոխելու ցանկությամբ, պատգամեց հայության երկու հատվածների միջեւ սեպ խրելու մասին քրեական հոդված մտցնել մեր առաձգական օրենսդրություն, շատերը հիշեցին նրա ալբանական ինքնության ինքնախոստովանանքը: Այժմ Սերժ Սարգսյանը, բերանը բացուխուփ անելով, նսեմափառին կողքին ցցած, տենդագին §Տերունական աղոթքն¦ է արտասանում պալատական գիշատիչների խնջույքին, որ հեռու վանի իրենից ալբանական ինքնության կասկածը, բավարարվելով թաթար-մոնղոլականի բեռով:
Հայաստանում միշտ է եղել երկու Հայաստան. Գուրգեն Մահարու, Լեւոն Ներսիսյանի, Ռաֆայել Իշխանյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Օհան Դուրյանի Հայաստան, եւ դրան զուգահեռ կամ դրանից "վեր" Ավիսի, Մուղդուսու, Գորիկի Հայաստան: Մեջտեղում էլ մեր ժողվուրդն է եղել, որ ապրել ու ապրում է այս Հայաստաններից որեւէ մեկում` պատկանելով հայության այս հատվածներից մեկին: Սրանք են մեր ինքնության տիպերը: Քանի չկա քեմալա-քոչարյանական օրենքը, եւ կամ այս ինքնություններից մեկը դեռ չի կլանել մյուսին, հավերժորեն դեմ ենք առնելու սեպերի:
Հայության իմ հատվածը ժամանակին ատել է հայության այն հատվածին, որը ճիշտ այսօրվա պես քրեական հոդվածներով բանտարկում էր հայրենասեր Հայկազն Խաչատրյանին, այլախոհ Սերգեյ Փարաջանովին, լուսահոգի Շիրակ Գյունաշյանին, իմ եղբայր Շանթ Հարությունյանին, նրա հորն ու հորեղբորը… Այդ հատվածն արեւելյան շողոմությամբ ծառայում էր Կեւորկովին եւ Արցախի հայաթափությանը, գրաքննում ու մկրատում էր Մահարուն ու Սեւակին, սպանում Թոթովենցին ու Բակունցին, արգելափակում Ազատ Արշակյանին ու Աշոտ Նավասարդյանին:
ԽՍՀՄ-ում ժամանակին եղել է ամերիկյան, բրիտանական, իսրայելյան եւ այլ հետախուզությունների հետ մրցակցած հզոր հատուկ ծառայություն, բայց ի±նչ կապ ունեն դրա հետ Խորհրդային Հայաստանի աբորիգեն կագեբեյշնիկները: ՀԽՍՀ ԿԳԲ-ն երբեւէ չի ունեցել հայաստանյան հետախույզներ ու հակահետախույզներ: Խեղճ ոստիկանների անունն է ելել, թե §գրպանը պլան գցող¦ են: Ո°չ: Հայաստանում §գրպանը պլան գցողը¦ միշտ եղել է ու կա ԿԳԲ-ն` իր հավերժական մուղդուսիներով: Այսօր չկա երիցս անիծյալ Չարի կայսրությունը, բայց նրան ծառայող հայաստանյան ԿԳԲ-ն կա` իր նույն եւ դեռ մի բան էլ մուտացված, գավառականացած ու մենթացած էությամբ ու մեթոդներով: Եվ դա, ով զարմանք, կանոնիկացվել է ժամանակակից, իբրեւ թե անկախ Հայաստանում: Վրիժառու Քոչարյանը հենց նախկին քաղբանտարկյալ վարչապետի ձեռամբ Հայաստանի անվտանգության մարտիկների օր հռչակեց հարյուրհազարավոր հայերի սպանած ԿԳԲ-ի օրը, պաշտոնից չազատեց նախարար Սերժ Սարգսյանին, որը ռուսական ԿԲ-ի մեդալ ստացավ` ենթադրվում է նրա°ն ծառայելու համար:
Սակայն երբեք չեմ համեմատի խորհրդահայ չեկիստներին այսօրվանների հետ. նրանք օտարին ծառայում, սեփական ժողովրդին հալածում էին այն ժամանակ, երբ քարտեզի վրա չկար Հայաստան: Այդ չեկիստները միլիոն անգամ ավելի ազնիվ էին ու կիրթ: Դեռ 1985-ին ԿԳԲ-ն խուզարկեց իմ բնակարանը, ես ամիսներ շարունակ ընկերներիս հետ հարցաքննվում էի ԿԳԲ-ում. այն ժամանակ էլ ու հիմա էլ ատելությունս ոչ այնքան իրենց էր ուղղված, որքան "գյոզ դնող" մատնիչներին: Ի պաշտոնե չեկիստ աշխատողները ոչ մի անգամ իերնց թույլ չտվեցին լպիրշություն ո°չ իմ, ո°չ ընկերներիս, ո°չ էլ ընտանիքիս անդամների նկատմամաբ, եթե չասեմ հակառակը, մինչդեռ այսօրվա տգետների պահվածքի մասին վկայություններով ողողված է մամուլը:
Մի քանի տարի առաջ Հ1-ը ցույց տվեց շիրակցի մի հովվի, ով միայնակ զինաթափել էր սահմանախախտ թուրքերի թե քրդերի: Քարոզչության մեջ էլ ողորմելի տկարամիտ են մերօրյա չեկիստները. ամոթից պիտի գետինը մտնեին, որ հակառակորդը կարողացել էր անցնել իրենց "պապայի"` ռուսական զորքերի, ինչպես նաեւ հայկական անվտանգության զորքերի շղթան, ու հովիվն էր արել այն, ինչ պարտավոր էին անել իրենց ձրիակեր ոհմակները: Հայաստանի անվտանգության տոն է պետք հռչակել այդ հովվի ծննդյան օրը: Մի հովիվն ավելին արժե, քան սեփական քաղաքացիներին հետապնդող, նրանց "գրպանը պլան գցող" այսօրվա Հայաստանի ԿԳԲ-ն` իր գեներալներով ու գնդապետներով, իր շարքային "գյոզ դնողներով¦"ու սադրիչներով:
Ու քանի դեռ ընդունված չէ քեմալա-քոչարյանական օրենքը, ես շտապում եմ սեպ խրել հայության այս երկու հատվածների` Մարդկանց ու չեկիստների միջեւ: Ավելին` պարտքս եմ համարում անհանդուրժողականություն սերմանել այն ինքնության հանդեպ, որը երկրի անվտանգությանը ծառայելու փոխարեն` փորձում է խանձարուրում սպանել մեր Հայրենիքի ամենազորեղ պաշտպանի` Քաղաքացիական գիտակցության կայացումը:
Եվ թող իրենց գավառական խարդավանքներով չմոլորեցնեն հասարակական գիտակցությունը պարոնայք Քոչարյանն ու իր §իրավահաջորդ¦ Սարգսյանը, հայության հատվածներն ամենեւին էլ ղարաբաղցին ու հայաստանցին չեն. այդ դեպքում` իրական ղարաբաղցին ե°ս եմ, թեեւ ոչ մի ղարաբաղյան ակունք չունեմ, իսկ իրենք` սովորական չեկիստ:
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 36
(ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՐՈՆ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ)
Հարգելի Գլխավոր դատախազ, փոքր-ինչ զգացմունքային եւ սրտակից գրված այս նամակս խնդրում եմ համարել եւ հայտարարություն հանցագործության մասին, եւ ինքնախոստովանանք:
Նախապես ասեմ, որ գիտակցում եմ, թե Ձեր` ուրիշի ստեղծած թակարդում հայտնվածի վիճակն ավելի նախանձելի չէ, քանի իմը` անիմաստ ընդհատակում գտնվողինս: Սակայն խոսքն իմ մասին չէ, քանի որ երկուսիս էլ պարզ է, որ ես պարտավոր եմ քրեական պատասխանատվություն կրել ՙՀայր մերը՚ մի այնպիսի երկրում հնչեցնելու համար, ինչպիսին մերն է, եւ խուսափել այդ երկրի ՙարդարադատությունից՚:
Ընտանիքս բացառապես մանկավարժական է, այսինքն` ի սկզբանե բացառվում է անբարեկրթությունը: Մանկավարժ քույրս երբեմն մասնակցում է քաղաքացիական միանգամայն օրինական միջոցառումներին: Մի քանի շաբաթ առաջ հանիրավի կալանավորված պարոն Գրիգոր Ոսկերչյանի դատավարությանը գնալիս ոմն ՙոստիկան՚ (ինձ խոստացել են լուսանկարը հանձնել խմբագրությանը եւ ճշտել դրա անունը) ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌԻ հայհոյել եւ հարվածել է նրան: Վիրավորանքն այնքան խորն է, որ, ասում են, քույրս մինչեւ հիմա հուզվում եւ լալիս է: Խնդրում եմ` իրացրե°ք Ձեր դատախազական լիազորությունները եւ օրենքի առջեւ կանգնեցրեք այդ դուրսպրծուկին: Իհարկե, կարող եմ խնդրել իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա կրակած կուսակցական առաջնորդին, որ հանուն կորպորատիվ համերաշխության` իր գազային ատրճանակն ուղղի նաեւ այդ ՙոստիկանի՚ դատարկ քունքին` հարգված ուսուցչուհու, մոր, երբեք իրեն որեւէ անբարեկիրթ արարք թույլ չտված հայուհու արժանապատվությունը պաշտպանելու համար, սակայն առայժմ գերադասում եմ Ձեզ` հայ իրավապահիդ դիմելը: Այսքանը հայտարարությունս է կատարված հանցագործության մասին: Հուսամ` Ձեզ չեն արգելի միջամուխ լինել:
Հիմա ինքս կատարեմ հրապարակային հանցագործություններ, որոնց առիթով եթե քրեական քործ հարուցեք իմ դեմ, ես Ձեզ մարդկայնորեն կհասկանամ:
Հանցանք թիվ 1. Խաչիկ Ստամբոլցյան անունով մեկը ժամանակին ինձ դատակոչեց իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով. եթե չեմ սխալվում` սա հենց այդ հոդվածի հատկանիշներն է կրում: Լուսանկարում պատկերվածը, ինչպես վերը նշեցի, դուրսպրծուկ է, ավելացնեմ` ստահակ է, մտավորական կնոջ վրա ձեռք բարձրացնող պիղծ ենիչերի, որն իր ընտանիքը կերակրում է կնաբարոյությամբ:
Հանցանք թիվ 2. Ազատության հրապարակում ես չէի կարող իշխանություն յուրացրած լինել, քանի որ ոչ մեկին պաշտոնից չեմ ազատել կամ նշանակել, իսկ հիմա մի պահ ՙյուրացնելով՚ Ձեր կամ գուցե ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը` հրամայում եմ այդ թշվառականին` այլեւս չհագնել ոստիկանի համազգեստը, չարատավորել իմ պետության սիմվոլներից մեկը, վեր ընկնել իր տանը` մինչեւ կատարած հանցանքի համար իր ետեւից կգան ձերբակալելու եւ օրենքի առջեւ կանգնեցնելու:
Հանցանք թիվ 3. Այդ հանցագործի հետ ծառայելու դժբախտությունն ունեցող իրապես ոստիկաններին եղբայրաբար խնդրում եմ` բարձր պահել Հայաստանի իրավապահի պատիվը, ուսադրի հարգը, Մարդ արարածի կոչումը, եւ այդ իրենց անունն արատավորողին հանդիպելիս` անպատվել ու թքել-մրել, չբարեւել, ձեռքը չսեղմել: Ես գիտեմ, որ մեր ոստիկանության եւ դատախազության աշխատակիցների մեջ իսկական Մարդիկ անհամեմատ շատ են նման հատուկենտներից: Ավելին` նրանց շնորհակալություն հայտնելու լուրջ հիմքեր ունեմ ես, ինչը կանեմ, հուսամ, ոչ հեռու ապագայում: Համարեք, որ ես իմ ոստիկան եղբայրներին դրդեցի չընդունված քայլի:
Ես խնդրում եմ կուսակիցներիս, ընկերներիս, բարեկամներիս, Ազատության հրապարակում ինձ հետ ՙՀայր մերն՚ ասած ու ՙԱզատ, Անկախ Հայաստան՚ կանչած իմ հարյուրհազարավոր եղբայրներին` ձեռնպահ մնալ այդ թշվառականին տալ-սատկացնելուց. դրան Արդար Հայաստանի Արդար դատարանն է դատելու, դրան իր զավակներն են դատելու: Եվ սա ես խոստանում եմ:
Հարգելի պարոն Գլխավոր դատախազ, ցանկության դեպքում Դուք այլ հանցանշաններ էլ կարող եք ցույց տալ այս նամակում, որի մասին ես պատկերացում անգամ չունեմ: Գիտեմ նաեւ, որ ՙմեղմացուցիչ դեպք հանցանաց՚ կդիտվի վերջին կոչս: Սակայն դրա համար չէ, որ ես այն արեցի: Հավատացեք` ես իսկապե°ս հավատում եմ, որ վաղն ապրելու ենք Արժանապատիվ եւ Իրավական Հայաստանում. իմ պատկերացրած Հայաստանում հենց այդ ճիվաղի քույրը, մայրը, կինը, դուստրը հուսալիորեն պաշտպանված կլինեն ցանկացած այդպիսի ճիվաղից: Ավելին` անկեղծորեն հավատում եմ, որ այդ Հայաստանի կերտիչներից մեկն էլ Դուք կարող եք լինել: Հավատում եմ, որ Դուք չունեք Հայաստանում ինքնադատաստանի մթնոլորտ ստեղծելու դավադիր ծրագիր: Շատ, շատ եմ ուզում հավատալ, որ ՙեղբայր եմք մեք՚:
Ընդհատակից հարգանոք`
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
www.conservative.am
http://www.lragir.am/
ՀԵՆՑ ԳԻՏԵԻՔ ՍՈՎԱԾ ԷԻ
Ամեն տերմին ունի հստակ սահման եւ միարժեք է: Երբ հարկ է լինում անվանել նոր երեւույթ, որը մոտ է մեկ ուրիշի, մանրամասնող բառ կամ մասնիկ է ավելացվում: Այդպես է եւ "հեղափոխություն" բառի պարագայում: Լենինը մի հրաշալի գործ ունի` "Պետություն եւ հեղափոխություն", Տերյանն է թարգմանել, իսկ առաջաբանը գրել է Մյասնիկյանը, ում արձանից ոչ հեռու արյուն թափեց իշխանությունը:
Նախորդ դարագլխի ազատագրական պայքարը կոչում են "թուրքահայ հեղափոխություն", հայտնի են սոցիալիստական, հակագաղութատիրական, սապատիստական, կուլտուրական, թավշյա եւ այլ անուններով հեղափոխություններ: Փետրվարի 20-ից 29-ը ձգված քաղաքացիական ընդվզման` ցույցերի շարանը մեծագույն վերապահումներով կարելի է համարել բուրժուա-դեմոկրատական, թեեւ մեր երկրում բուրժուաներ` սեփականատեր քաղաքացիներ` համապատասխան գիտակցմամբ, գրեթե չկան (պլուտոկրատիան կերել է): Այն գերճշգրիտ բնորոշված ավազակապետության կազմաքանդման իրավական-քաղաքացիական շարժում էր եւ է: Ինքս լավ չեմ հասկանում այժմ մոդայիկ §գունավոր հեղափոխության¦ էությունը, որովհետեւ ցայսօր որեւէ խելամիտ սահմանման չեմ հանդիպել, սակայն գիտեմ, որ դրա համար պետք են` ա) արեւմտյան փողեր եւ բ) զիզի-պիզի սիմվոլիկա: Սիմվոլների հարցը պարզ է. այդպիսիք ուղղակի չկային մեզանում: Իսկ փողեր, որոնց մասին խոսեց եւ հեռացավ ծամածուռ պարտկոմը:
Յուրաքանչյուրը մտածում է իր էությանը համապատասխան: Եթե ջինջ է մարդու հոգին, նա դիմացինի մեջ փորձում է տեսնել իրպեսին, հարգում ու հոգով է ընդունում անմեղության կանխավարկածը: Իսկ եթե փչացած է, երազանքն էլ մի կտոր լափն է, ապա իր փչացածության արշինով է չափում դիմացինին: Սրանց ուղեղում պարզապես չի կարող տեղավորվել, որ, ասենք, ԱՄԿ-ականները կամ §Հանուն Հայրենիքի¦-ականները կարող էին մռայլ 1960-ականներին ուզենային տապալել կոմունիզմը եւ իրենց համար չնախատեսեին ախքային, բազեական կամ նման այլ պատառ: Իհարկե, եթե երեկ-այսօրվա իշխանավորներն իրենց ամեն քայլը պայմանավորում են նյութով, ապա դժվար կպատկերացնեն, որ Ռ.Քոչարյանին, Ս.Սարգսյանին ու առանց բացառության ամբողջ կառավարությանը վերեւից նայող ինձնմաննեերը կարող էին հայտնվել հրապարակում ու կա°մ արդեն փողը Արեւմուտքից վերցրած չլինել, կա°մ §նաղդ քյար¦ չունենալ: Տերյանաբար ասեմ` մեզ մի° խառնեք ո°չ ձեր, ո°չ էլ որեւէ ուրիշ վայրի արջի ցեղերի: Մեզ վրա դարձյալ կրակե°ք, դարձյալ մի գարուն ու ամառ հարամ արե°ք, դարձյալ "բանտերը լցրեք լույսով", սակայն, մեզ մի° խառնեք ձեզպեսներին, ում ուղեղի փոխարեն սոսկ ողնուղեղ է` այն էլ` ստամոքսում ծվարած: Դա ձե°զ է վնաս. է°լ ավելի է հեռացնում "դեպի մարդը ձեր ճամփան": Կոալիցիոն ստամոքսի վկաներ երեւի Սայաթ-Նովայի ժամանակ էլ եղել են, որ ասել է. "Հենց գիտեիք սոված էի, լի սեղանի համար եկա": Ո°չ, Սերն առ Հայրենիք հարցում չի° ընդունում, չի° տեղավորվում թվաբանության մեջ, դա ա°յլ չափում է, ուստի` "Լավ չեմ հիշում, թե ինչ բանի համա եկա":
Արյուներախն ասաց, թե իր ունեցած խրոնոլոգիան (իբր կազմակերպված ոհմակ չեն, այլ "կազմակերպված պետություն" ու այդպիսի բան ունեն) ցույց կտա, թե ովքեր ենք մենք: Ստեց նա: Նրանից էլ վատ օրինակ են վերցրել մեր պատանի ու զառամյալ խորհրդարանականները, դատավորները, ամբողջ իշխանությունն առանց բացառության: Տղամարդն իր բերանից ելած Խոսքի տերը պիտի լինի, իսկ արյուներախն ասաց ու չապացուցեց: Դա տղամարդկություն չէ. "դուք տվեք դրա անունը": Թող ցույց տա իր խրոնիկան, ուր ես` պահպանողական մտավորականս, փող եմ վերցրել կամ թեկուզ պատրաստ եմ եղել վերցնելու, որ "հեղափոխություն" անեմ: Ես սոված չէի եւ լի սեղանի համար չէի եկել: Իսկ ինչի համար էին եկել իրենք` տուռնիկի, կազինոյի: Եթե հեղափոխություն ուզենայի անել, ապա մեր երկրից հիմա գալուստները քաշած կլինեին բոլոր սակավամիտները:
Ընդվզել է պետք այս կեղծիքի դեմ: Ամեն չարիք` դատավարությունները, գավառամտությունը, զանազան հանձնաժողովները կեղծիքից են: Ու եթե կուզեք` հեղափոխություն անվանեք մեր ընդվզումը` թավշյա, գունավոր, երգի, պարի, մաքրման, Բանականության ու Հոգու հեղափոխություն, որ սրբելու-տանելու է մեր երկրից կեղծիքն ու գեղցիությունը:
Մեղապարտ
16.08.2008, 18:11
Այն մի բուռ մտավորականները որոնք դեռևս կան այլևս չեն առաջնորդում,նրանք լալիս են ,դառը բողոքում են ,կամ ել կտոր հաց են մուրում:Սա դառը ճշմարտություն է որի համար դեռ մենք ազգովին մեր պատասխանը չենք տվել ,բայց կտանք և թանկ կվճա րենք: Հայ թե վայ, գրիչ թե քար, մարդ թե անասուն ով գիտի ,պատասխան չկա կան ան կուշտ հայացքներ :
Ինձ համար պարզ է ամեն ինչ, ես բոլոր հարցերին պատասխանը չունեմ և չեմ էլ ցանկա նում ունենալ,բորենին կռվում է գայլի հետ ,գայլը շան , շունը հովվի հետ, հովիվը կնոջ հետ իսկ կինը ծեծում է երեխային :Երեխայի ճիչը ցնցեց բոլորին ,հասկանում եք, ընդհա մենը ցնցեց :Երկրորդ վարկյանին գայլը բորենու հետ էր կռվում շունը գայլ էր խեղդում կամ հակառակը և այսպես անվերջ շարունակ:
Բորենին և գայլը կռվում էին իսկ խեղճ մտավորականը մտածում էր, ինչ՞,ինչ՞ կարող է մտածել մի մարդ որ ազատության մասին կարդացել է գրքերում ,աստծո մասին լսել է իր պապից, երջանկությունը տեսել է կինոներում:
Ինչ՞ կարող է մտածել Մարդը որին չեն տեսնում ,նա չկա , նա գոյություն չունի, նրա տեղը զբաղված է ,իսկ գիտեք ոքեր են զբաղեցնում, չգիտեք, ասում որ իմ անաք, Լյուցիֆրի և այն երկրորդի սերունդնը որը իր հոգին ժամանակին վաճառեց Լյուցիֆէրին:
Խեղճ մարդ ,ինչ՞ ես փնտրում ,մի փնտրիր ,չկա, բռնիր մորտ փեշը, նա է քո պահա պանը մեկ ել ծեր գելխեղդ գամփռը որ իր մարմնի վրա շատ սպիներ ունի ,ծեր սպիտակ գամփռ շունը ,հավատարիմ շունը:
Իսկ դու գայլերի և բորենիների մեջ արյան համը չզգացած գազան ես փնտրում կարծե լով որ Մարդը կարող է :
Մարդ աստծո, կգա նաև քարերը հավաքելու ժամանակը ,թող բոլորը պատրաստ լինեն, բոլորը :
Երկար ժամանակա Միքայել Հայրապետյանից նորություններ չկա:
Ո՞վ ինչ գիտի:
Երկար ժամանակա Միքայել Հայրապետյանից նորություններ չկա:
Ո՞վ ինչ գիտի:
Կարծում եմ, ամեն ինչ նոռմալ է: Չէ, ավելին համոզված եմ դրանում: Ու նաև համոզված եմ որ 2009ը նա մեզ հետ է լինելու: Ախր Ինչպես նա կարող է բաց թողնել իր ուսանողներին լեկցիա կարդալու հնարավորությունը?;)
Երկար ժամանակա Միքայել Հայրապետյանից նորություններ չկա:
Ո՞վ ինչ գիտի:
Առայժմ ընդհատակում է:
Պարբերաբար հոդվածներ է գրում:
Ի դեպ, միգուցե թեմային ոչ այնքան համապատասխան, բայց ուզում եմ ասեմ: Թույլ տվեք Պարոն Մ.Հայրապետեանի(նա սիրում էր, որ իր ազգանունը այսպես էին գրում) ուսանողների անունի կողմից ասել, որ մենք շարունակում ենք ակտիվորեն բարձր պահել նրա անունը մեր ԲՈՒՀ-ում, սպասում ենք նրա վերադարձին անհամբերությամբ ու հույսով: Ավելացնեմ նաև, Պարոն Հայրապետեան, մեր ոգին անկոտրուն է, մեր նպատակը իրականանլի, իսկ հաղթանակը անխուսափելի: և ինչպես դուք եք սիրում ասել,
Ազատ, Անկախ, Հայաստան....
Ambrosine
12.02.2009, 20:32
Ի դեպ, միգուցե թեմային ոչ այնքան համապատասխան, բայց ուզում եմ ասեմ: Թույլ տվեք Պարոն Մ.Հայրապետեանի(նա սիրում էր, որ իր ազգանունը այսպես էին գրում) ուսանողների անունի կողմից ասել, որ մենք շարունակում ենք ակտիվորեն բարձր պահել նրա անունը մեր ԲՈՒՀ-ում, սպասում ենք նրա վերադարձին անհամբերությամբ ու հույսով: Ավելացնեմ նաև, Պարոն Հայրապետեան, մեր ոգին անկոտրուն է, մեր նպատակը իրականանլի, իսկ հաղթանակը անխուսափելի: և ինչպես դուք եք սիրում ասել,
Ազատ, Անկախ, Հայաստան....
իսկ ինչ է դասավանդում?
իսկ ինչ է դասավանդում?
Հայոց Լեզու:) Հրաշք դասախոսություններ ու հրաշք դասավանդում: Երբ նա այևս չսկսեց հաճախել դասերին, մենք բոլորով Ազատության Հրապարակում էին լսում դասախոսությունները, ու դուք այդ ժամանակահատվածում պետք է տեսնեիք թե ինչպսի ոգեվորություն կար ուսանողների մեջ: Ցավոք, նրա նման դասախոսները կամ քիչ են, կամ ընդհանրապես չկան:(
Հ.Գ. Հիշում եմ, երբ ինձ հեռացնում էին(գաղնտիք` ծնողներից), միակ մարդն էր ով ինձ դուխ էր տալիս:( Իսկ մնացածը վախկոտի նման...
Հ.Հ.Գ. Ի դեպ, անցած տարի մոտավորապես հենց այս ժամանակ էլ ես հենց նրա շնորհիվ ստացա իմ մականունը
ՍԹԱՓՎԵԼՈՒ ՕՐ` ԱՊՐԻԼԻ 24
(ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 88)
Օսմանյան Թուրքիայի երբեմնի մայրաքաղաքում` Կ.Պոլսում, 1915-ին մեծահարուստ շատ հայեր կային. կային նաեւ աղքատներ: Երիտթուրքերի մինչեւ իսկ խորհրդարանում հայ պատգամավորներ կային: Ոչինչ չփրկեց նրանց, որ միեւնույն ճակատագրին չարժանանան: Աղետը չի ճանաչում հարուստ ու աղքատ, իշխանություն ու ընդդիմություն, ինչպես որ ՙԱստված իր արեգակը ծագեցնում է մեղավորի եւ անմեղի համար հավասար՚:
Ի գիտություն երկուստեք մեղավորությունից բարբաջողների` միայն 10 հոգու չեն գնդակահարել 2008-ի մարտի 1-ին: Այդ բոլորիս են գնդակահարել, այդ հենց նույն գնդակահարող արյուներախին են գնդակահարել 2008-ի մարտի 1-ին: Կարծում եք` միայն ոչընտիրն է տանուլ տալիս ռուս-ամերիկյան, ռուս-թուրքական խաղերի հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-եվրոպական այս էլ որերորդ խաղակեսերում: Այդ Հայաստանն է տանուլ տալիս, այդ մենք` բոլորս ենք տանուլ տալիս: Մոտեցող աղետը մեղավոր-անմեղի տարբերակում չի անելու: Երկրորդ համաշխարհային պատերազմում միլիոնների ոչնչացման մեղքի կրող հռչակվեցին ու դատապարտվեցին ոչ միայն Հիտլերն ու իր մերձակիցները, այլեւ ամբողջ գերման ժողովուրդը, որ իր ոգեւորված համաձայնությամբ կամ լռելյայն դժկամությամբ չէր ընդվզել կատարվողի դեմ: Միթե այդքան բարդ է սա հասկանալը:
ՙՍարոյան եղբայրներ՚ ֆիլմում շատ դիպուկ մի հատված կա: Դաշնակցական եղբայրն ասում է բոլշեւիկ եղբորը. ՙԱսենք, թե բոլշեւիկները եկան ու ինձ ու Սուրմելյանին էլ կախեցին՚: Բոլշեւիկ եղբայրը հեգնում է իր խորը պատասխանով. ՙՀա, բոլշեւիկների միտքն էլ քեզ ու Սուրմելյանին կախելն է՚: Հիմա. որն է վարչախմբի միտքը. ասենք, թե Սարգիս Հացպանյանին ոչ թե դատեցին մի քանի տարով, այլ որպես Ֆրանսիայի քաղաքացու` Ֆրանսիայից հարյուրամյակով ետ ընկած երկրի դատարանից քշեցին ուղիղ գիլիոտինի տակ. ասենք, թե Շանթ Հարությունյանին դարձյալ ներարկում արեցին, ասենք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին իր քվեն տալու պատրաստ ավելի քան 70 տոկոս հայաստանցիներիս գնդակահարեցին, արտագաղթեցրին, ընչազուրկ դարձրին, ինչպես են թագավորելու ավերակների վրա: Սա ինչ մազոխիզմ է: Հիմնադիր-նախագահն ասում էր հանցավոր բուրգի կազմաքանդման մասին, մինչդեռ սրանք Պետությունն են բարոյալքում ու քանդում` իր բոլոր հիմնասյուներով, որմնաքարերով, ավազահատիկներով: Երբ հենց վաղը երկրին պետք լինի աշխարհազոր հավաքել, միթե սափրագլխացվածների ոհմակներին են դիմելու, երբ պետք լինի Ասլամազյանի գողացված նկարները հայտնաբերել, միթե Հյուսիսային պողոտայում վերապրոֆիլավորված ոստիկաններն են դա անելու, երբ գա ճշմարտության ու ՙոգու սով՚, միթե սունդուկյանական ՙիրեքմանեթանոց՚ վկաներն են ազգի վերջին հույսը լինելու:
Այսօր Հայաստանում ոչ ոք եւ ոչ մի բան իր տեղում չէ: Որքան կարող է այսպես շարունակվել: Աշխարհն անշահախնդրորեն որքան կհանդուրժի, որ Փարիզին նայենք որպես սիբիրյան աքսորավայր, իսկ Ալեքսանդր Արզումանյանի նման անհատականությանը պահենք բանտում: Արդյոք կարող է երկար կանգուն մնալ այն պետությունը, որի ոչընտիր ղեկավարն այդպես էլ չի կարողանում սեփական ժողովրդի հետ խոսելիս նրան նայել այն հայացքով, որով նայում է, ասենք, Իլհամ Ալիեւին, եւ հակառակը` օտարին նայել դեմքի այն արտահայտությամբ, որով նայում է հայ ժողովրդին` ուզուրպացված բոլոր հեռուստաալիքներից: Գոնե ցույց չտային. չտեսնելու դեպքում միայն ինքն իրեն խաբելու վարպետ հայ ժողովուրդը գոնե ինքնախաբեության պաշար ու տեղ կունենար:
Ու եթե այսօր էլ թվում է, որ Եվրոպական որեւէ երկրի նախագահի եղբորորդի կարող էր մայրաքաղաքում որեւէ քաղաքացու աչք հանել` բառի ուղիղ իմաստով, որ Եվրոպական որեւէ երկրի խորհրդարանի խոսնակի որդի կամ եղբորորդի կարող էր կրակել ու հրկիզել, իսկ այդ երկրի իրական հերոսներն էլ բանտում գտնվեին, ապա ոչ մի Եվրամիություն մեզ ազգ չի դարձնի, ոչ մի ազնիվ Գայանե Առուստամյան մեզ չի սթափեցնի իր մեկամյա վաղեմության ՙԱպրիլի 24, 1915 - Էնվեր, Թալեաթ, Ջեմալ. Մարտի 1, 2008 – Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արթուր Բաղդասարյան՚ պաստառով, ու երբեք էլ չենք գիտակցի, որ միասին ենք գտնվում այն խորտակվող նավի վրա, որի անունն է Հայաստան: Իսկ դրանից հետո արդեն տեխնիկայի հարց է պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմելը, որը կուսումնասիրի, թե ինչպես պատահեց, որ հայերը 21-րդ դարում ինքնաոչնչացան` առանց կողմնակի միջամտության:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
ՕՐՈՒԵԼՅԱՆ ԴՐԱԽՏ
(ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 91)
Հայտնի է, որ հայերս ոչ քիչ թվով խորհրդային քաղկալանավորներ ունեցանք: Նրանք, դատելով Հայկազուն Խաչատրյանի, Շահեն Հարությունյանի (ներկա քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հոր) եւ Պարույր Հայրիկյանի հեղինակած ծրագրերից, երազում էին անկախ Հայաստան: Այն ժամանակներում նրանց պայքարը խորհրդային մեքենայի` կոմունիստական կուսակցության եւ դրա մարտական առաջապահ ԿԳԲ-ի դեմ էր:
Այսօր խորհրդահայ քաղկալանավորների մի հատված բարեհաջող տեղավորվել է ԿԳԲ-ի մեդալակրի համակարգում: Հավանաբար դա է պատճառը, որ միայն Պարույր Հայրիկյանն ու Վարդան Հարությունյանն արձագանքեցին Շանթ Հարությունյանի` իրեն քաղաքական բանտարկյալ ճանաչելու կոչին: Իհարկե, նրան այդպիսին ճանաչեցին այլազգի աշխարհահռչակ քաղկալանավորներ եւս, ում հողաթափերի քուղերն արձակելու պատիվը չեն կարող ունենալ աթոռակների սիրույն լռածները: Բայց լռեցին միայն հիմա: Իսկ 2008թ. մարտի 1-ին, ԱԺ նիստի ժամանակ նույնիսկ աֆորիզմի հեղինակ դարձող գտնվեց: Նկատի ունենալով մեր` Ազա°տ, Անկա°խ Հայաստան ուզելը` պարոն Վազգեն Կարախանյանն այն հրեա-մասոնական անվանեց: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն պարոն պատգամավորը լուռ էր, երբ մի քանի տարի առաջ թերթերը գրեցին, որ իր որդին ոստիկան է ծեծել: Չգիտեմ` արդյոք պարոն Կարախանյանի նույն որդու անունն են շրջանառում այս օրերին, երբ հայ ազգի պահապան նժդեհականները ծեծում են կանանց` հիվանադանոց ընկնելու աստիճան: Բայց ՙծնողները պատասխանատու չեն որդիների համար՚, ինչպես կասեր Իոսիֆ Ստալինը, ինչի մասին նախկին քաղկալանավորները կարող են տեղեկանալ Ստալինի կուսակցության նախկին անդամ իրենց ներկա կուսակիցներից, ընդհուպ` առաջնորդից:
Պարզապես անհասկանալի հարցեր կան, որ պատասխան են հրահանգում: Դրանցից առաջինը թերեւս այն է, թե արդյոք 1960-ականներից մինչեւ 80-ականներ ձգված իրենց պայքարը նյութական ճոխության համար էր: Այդ դեպքում` ինչն էր խանգարում` ա°յն ժամանակ ընդհանուր հայտարարի գալ իրենց այսօրվա կուսակից կենտկոմականների ու ռայկոմականների հետ եւ կյանքից թեկուզ մի քանի ամիս չզոհել խորհրդային բանտերում: Պակաս կարեւոր չէ այն հարցի պատասխանը, թե միթե այն ժամանակներում էլ իրենց պայքարը որեւէ թաղի ՙտեր՚ լինելու, շքեղ ավտոմեքենաներով շրջելու, կոմնոմենկլատուրայի ամենթողության արտոնությունից օգտվելու կամ պատգամավորական մանդատ ունենալու համար էր. չէ որ կոմունիստենրը եւս տալիս էին բոլոր հնարավորությունները, որ լավ պահեստապետը կամ ստախանովական բանվորը պատգամավոր դառնա ու Խորհրդարանում, առանց հարց վճռելու լիազորության, զբաղվի բացառապես ՙկողմ՚ քվեարկելով: Շատ հետաքրքիր է` արդյոք այն ժամանակ էլ կարծում էին, որ հայ ազգը բաղկացած է միայն իրենցից ու չեկիստներից, իսկ կանանց, պատանիներին եւ սովորական մարդկանց պետք է փողոցային խուժանի ձեռամբ ծեծել, եւ այդ խուժանն է ազգի հիմքը: Հայ ոստիկան ծեծելուց մինչեւ հայ կին ու պատանի ծեծելը մեկ քայլ է, ինչպես որ նույնն է խորհրդային այլախոհին քրեական հոդված կպցնելն ու թռուցիկ բաժանող պատանու գրպանը ՙպլան գցելը՚: Անհրաժեշտ է իմանալ, թե այդ ինչպես պատահեց, որ բյուրեղյա ու նախանձելի հարազատությամբ կապված խորհրդահայ քաղկալանավորներից ոմանց համար այսօր տրամագծորեն հակառակ ընթացք է որդեգրված, երբ ոչ մի պաշտոնյա նախկին քաղկալանավոր ավելի քան մեկ տարի ծպտուն անգամ չի հանում ընդհատակյա իրենց կազմակերպության հիմնադրի հերոսական որդու` Շանթ Հարությունյանի ճակատագրի մասին: Գուցե Շահեն Հարությունյանի որդու մարտիմեկյան քաղաքացիական մեկ ելույթն առավել վտանգավոր է, քան, ասենք, պարոն Կարախանյանի որդու` ԶԼՄ-ներից հայտնի գործունեությունը: Շանթ Հարությունյանի բանտային ամեն օրը սեւով ջնջում է նախկին քաղկալանավորների կենսագրությունից բանտային մեկ տարի, իսկ հոգեբուժարանում անցկացրած նրա մեկ ամիսն արդեն իսկ շռնդալից ապտակով նրանցից շատերին է ջնջել մեր պատմությունից:
Մի սատանայակն վիճակ է, երբ ստացվում է, որ 1960-ականներից սկիզբ առած պայքարն այն բանի համար էր, որ ՙհանուն՚ կերակրատաշտի եւ ՙոչ ընդդեմ՚ պաշտոնամոլության` իրե°նք անեին ավելին, ինչը պակաս լկտիությամբ անում էր խորհրդային իշխանությունը: Ցավով գիտակցում եմ, որ այս գրածս, դժբախտաբար, հուզելու է նախկին քաղկալանավորներից հենց միայն նրանց` ազնվահոգի սերուցքին, ովքեր հասցեատերը չեն: Իսկ բուն հասցեատերերը շարունակելու են կճղակահարել տարոնական անդաստաններն ու արածել, քանզի ՙկարճ է կյանքը՚:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
ԱԶԱՏԱՐԱՐ
(ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 92)
Մի փոքր հանդուրժողականության դեպքում մենք լրիվ իրավունքը կունենանք Սերժ Սարգսյանին ազատարար կոչելու:D: Նախ` միայն հայ-թուրքական ջերմացման շնորհիվ նա ԱՄՆ նախագահին ազատեց ՙգենոցիդ՚ բառն արտասանելուց: Իսկ, ինչպես գիտենք, պարտքը վճարով է գեղեցիկ: Երկրորդ` Եվրամիության ներսում չեն կարող լինել փակ սահմաններ, ուստի սարգսյանական ջերմացումից Թուրքիայի խլշկոտումը դարձավ այն հիմնավորումը, որը Ֆրանսիային եւ Գերմանիային մեկ անգամ եւս թույլ տվեց Թուրքիայի երեսին ազատորեն շպրտել զորիական աֆորիզմը, թե ՙթորքը մնում է թորք՚, եւ Եվրամիությունը նրա տեղը չէ: Նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի պարագայում կրկին հիշենք պարտքի` վճարմամբ գեղեցիկ լինելու հանգամանքը: Երրրորդ` հայ-թուրքական ջերմացման կրակին հայկական կողմը դրեց մինչեւ իսկ իր վերջին ցախերը` դրանով Թուրքիային ազատելով Ղարաբաղի հարցում լռելու 15-ամյա պարտավորությունից: Ու թեեւ պարտքը վճարով է գեղեցիկ, բայց թուրքերն առայժմ իսպառ զուրկ են պարտքի զգացումից: Այսու` Սերժ Սարգսյանը, ի տարբերություն իր մականվանակից ռուս ցար Ալեքսանդր Ազատարարի, ազատեց ոչ միայն Եվրոպան, այլեւ Ամերիկան: Մնում է ազատել Ռուսասատնը, եւ համաշխարհային տիրապետությունը պատրաստ է:
Ու թեեւ ազատարարն ազատեց գերտերություններին, բայց հենց դրանով դարձավ նրանց պատատեր վաշխառուն: Իսկ վաշխառուներին չեն սիրում եւ հաճախ կոտորում են: Թող չսիրեն, մենք կսիրենք, քանի որ մեզ համար է նրանց գցել պարտքի տակ:
Այժմ արեւմուտքցիք եւ ռուսները մի շատ բազամաշերտ պարտիա են սկսել Հարավային Կովկասում եւ Փոքր Ասիայում, ինչպես դա փորձում էին անել Առաջին համաշխարհայինով: Այն ժամանակ կիսատ մնաց, թեեւ հայերն իրենցից ակնկալվող ամեն բան արեցին. զոհեցին Պատմական հայրենիքի մեծագույն մասը եւ հայ ժողովրդի գրեթե կեսը: Բայց զոհելու համար միշտ էլ մի բան կգտնվի, ինչպես կոտլետները` քաղաքացի Կորեյկոյի պահարանում: Քանի որ այսօր Արեւմտյան Հայաստանում հայեր չկան, ուստի անհնար է նրանց ու նրանց չեղած տարածքները զոհել: Հայեր, բացի Հայաստանից, հայկական հողերում դեռ ապրում են Արցախում եւ Ջավախքում. ահա եւ գտնված է զոհաբերման հերթական թիրախը: Եթե սրան ավելացնենք Հայոց ցեղասպանության հարցը, որը պարզ հայերի համար մշտական ցավի, իսկ որոշ զառամյալ կառույցների համար մշտական ֆինանսների աղբյուր է, ապա կարելի է մեր արած այս խաղադրույքից եզրակացնել, որ մենք վա-բանկ ենք խաղում: Շահելիքն ազգի համար մեծ է լինելու. եթե ոչ Արցախի եւ հարակից հայամշակույթ տարածքների պաշտոնական վերամիավորում ու Սեւրի դաշնագրով նախատեսված մի հսկայական երկիր, ապա գոնե Սերժ Սարգսյանի անընդհատ պաշտոնավարման երանավետություն: Ով կասի, որ դա համահայկական երազի իրականացում չէ, թող նա առաջին չերյոմուխան արձակի Մյասնիկյանի արձանի մոտ:
Թուրքիան ինքնամոռաց ձգտում է օր առաջ հայտնվել Եվրամիությունում: Դա միակ, բացառապես միակ երաշխիքն է այն բանի, որ պահպանի իր տարածքային ամբողջականությունը, որն այլեւս պետք չէ, նույնիսկ խանգարիչ է առաջավոր աշխարհի համար: Սերժ Սարգսյանն արեց իրենից կախված ամեն բան: Պարզապես քիչ բան է կախված իրենից: Հզորների տեսանկյունից` քիչ, իսկ մեզ համար` մի ամբողջ Հայրենիք եւ ազգային, մարդկային արժանապատվություն: Բայց դե մկան մեզն էլ օգուտ է ջաղացին, ազդարարում է իaր հզոր գետերը թողած եւ մկան ջրային ռեսուրսներին ապավինած հայ ժողովրդական իմաստությունը: Շուտով, շատ շուտով, եթե մեր հարեւան եւ բնական դաշնակից Իրանի հարցում որեւէ խաղ չփոխվի, ապա ստրատեգիական այդ ջրային պաշարի տիրոջ կարգավիճակն աշխարհի համար ստանձնելու է Թուրքիայի ոչ թե հյուսիս-արեւելյան հարեւան հայությունը, այլ հարավային քրդական հոծ ու վայրի զանգվածը: Խնդիրը միայն այն է, թե մենք` հայերս, ունե±նք որեւէ շահ` մեր Պատմական հայրենիքի տարածքում Թուրքիայի փոխարեն Քուրդիստան տեսնելու: Ըստ այսմ` Սերժ Սարգսյանը մոլորության մեջ է, երբ պարտատոմսեր է վաճառում Եվրոպային` Թուրքիայի Եվրամիություն մուտքը խորամանկորեն խոչընդոտելու համար: Այդպես մի անգամ մենք վարվեցինք 100 տարի առաջ, եւ հետեւանքն այսօրվա Հայաստանի թշվառությունն է: Հակառակը` պետք է օժանդակել` այդ ոխերիմ հարեւանի մուտքն օր առաջ Եվրամիությունում տեսնելու համար: Այդ ժամանակ մեր սահմանը կլինի ոչ թե Թուրքիայի, այլ Եվրոպայի հետ: Ինչու± սրան չի ձգտում Սարգսյանը. չէ± որ Թուրքիայում հիմնականում չադրայավոր կանայք են ու բալթաբեղ ֆուտբոլասերներ, իսկ Եվրոպայի դեպքում կլինի խաղատներով, լայնահուն մայրուղիներով, ծիծակի եւ իծապանրի միջազգային չափանիշերով առատ մի երկիր, ուր Նամիբիայի փոխարեն իրենց ներդրումները կանեն հայ բիրդան-գործարարները: Այսինքն` Սերժ Սարգսյանը կդռանա ոչ միայն Եվրոպայի, Ամերիկայի, Թուրքիայի ազտարարը, այլեւ Հայաստանի: Տարօրինակն այն է, որ Հայաստանի բնակչության մի զգալի մասը եւս չի ձգտում դրան, թեեւ մտքում կամ բացահայտ անիծում է նրան: Իսկ անեծքը քաղաքական կատեգորիա չէ, այլ միստիկ ու հիստերիկ ոլորտից է: Իսկ ինչպես փաստաթղթերն են վկայում, հայերի հոգեւոր առաջնորդն ընտրվել է 1999թ. հոկտեմբերի 27-ի արյան, իսկ աշխարհիկ առաջնորդի երդմնակալությունը` կառուցվել 2008թ. մարտի 1-ի արյան 40-րդ օրվա վրա: Իսկ ՙԱրյամբ նվաճածը չեն հանձնում՚. այս արտահայտությունն էլ ոչ թե ազատամարտիկների որեւէ ասուլիսից է, այլ այս հոդվածի վերջին նախադասությունը:
ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
(ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 93)
Ցանկացած բարբարոս կայսրություն կործանվելիս` փորձում է իր հետ անդունդ քարշ տալիս նաեւ նվաճված ժողովուրդներին: Այդպես Օսմանյան կայսրությունն իր փլատակների տակ թողեց մեր Պատմական հայրենիքի մեծագույն մասն ու ժողովրդին: Այժմ հերթը դրա երկվորյակ եղբորինն է` բյուզանդական Ռուսաստանինը, որի` Հարավային Կովկասում հայտնվելուց ի վեր, արդեն 200 տարի ազգամիջյան բախումներից ու փոխադարձ ատելությունից աչք չեն բացում տարածաշրջանի ժողովուրդները: Ի տարբերություն արեւմտյան գաղութարարների` թաթար-մոնղոլական համակարգերը հեռանալիս իրենց ետեւից միշտ թողել են միայն կռիվ, ավերածություն, տնետսական քայքայում ու ներքին երկպառակտում: Ճանապարհային այդ քարտեզը ձգվում է Բալկաններից մինչեւ Օսեթիա ու Աֆղանստան:
Միայն մի ռուս բարձրաստիճան չեկիստի այցը բավարար էր, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու ՙնախագահական՚ մակարդակով տրված խոսքը հաջորդ օրն իսկ դրժվեր: Նույնիսկ ՙԵվրատեսիլում՚ ճորտության եզակի ցույց արվեց` կեղծելով քվեարկության արդյունքները, ինչպես ցանկացած քվեարկություն ներկա Հայաստանում: Եվ ամենեւին զարմանալ պետք չէ, որ աֆրիկյան երկրներից մինչեւ Ռուսաստանին համառորեն հակադրվող Վրաստան` ներվեցին ռուսական պարտքերը, մինչդեռ Հայաստանը ՙպարտքի դիմաց գույք՚ հանձնելով էլ չուզեց օձիքն Ազատել: Չեղած ռազմավարական դաշինքի դիմաց Պենելոպեի հավատարմությունը մինչեւ վերջ է կերել հայ ՙէլիտային՚: Ցանկացած այլ տեսակետ ներկա Հայաստանում հաշվեհարդարի է ենթարկվում. քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի օրինակը ճչացող փաստ էր:
Վերջին տասնամյակում մեզանում չի եղել ոչ մի ընտրություն, որ գոնե ձեւականորեն ընդդիմախոսվի ռուսական դիտորդների կողմից: Նրանց ձեռնտու է իրենց չեկիստ կադրերի կողմից վերահսկվող թույլ Հայաստանը` լեգիտիմության սուր դեֆիցիտով իշխանությամբ: Իսկ երբ հողը սկսում է երերալ, այստեղ են գործուղվում բարձարստիճան սափրագլուխ սպաներ: Տարածաշրջանից անդառնալիորեն դուրս մղվող կայսրությունը շարուանկելու է դիմել ամենաբարբարոս մեթոդների: Դիմելու է օտարի կացնի աբորիգեն կոթերի` իր ռեզիդենտների միջոցով: Օրինակ, գեներալ Գագիկ Ջհանգիրյանի հետ արյուներախն ու ողջ ոհմակն այդպես ստորաբար վարվեցին առաջին հերթին ոչ թե այն բանի համար, որ նա արդարության ու իր ժողովրդի հետ էր, այլ որ նրա եւ բոլորիս աչքերի մեջ կարդացին 200-ամյա պատմության իրենց վախճանը: Միայն պարոն Ջհանգիրյանին ու մեզ բոլորիս կարող էր թվալ, թե նա մեր անկախ պետության բարձր պաշտոնյա ու գեներալ էր, մինչդեռ իրականում մեր ամբողջ պաշտոնեությունը համարվում էր կայսերական մեքենայի պտուտակ. նրա ընդվզումն ընկալվեց որպես մարտահրավեր Ռուսաստանին: Ուստի երիցս ճիշտ է հարգելի գեներալը, որ իրեն ու բոլոր քաղբանտարկյալներին համարում է պատանդ ու ռազմագերի: Նա դատապարտվեց իրավապահի բաճկոնի գրպանի կարերը քանդելու մեղադրանքով. եւ դա ճշմարիտ է. նա եւ բոլորս քանդում էինք եւ քանդելու ենք մեռնող կայսրության կարկատանի բոլոր կարերը: Ճիշտ էր նաեւ Հայաստանի ԿԳԲ-ն, երբ մարտի 1-ի մարդասպաններին փնտերլու փոխարեն իր հաստ կաշվից դուրս էր գալիս գտնելու նրանց, ովքեր ուզում էին ՙՌուսաստանի ներկայության նվազում Հայաստանում՚:
Միանգամայն բնական է, որ պիտի փորձեին ԿԳԲ-ի նույն 70-ամյա ձեռագրով վարկաբեկել հենց պարոն Ալեքսանդր Արզումանյանին, ով ժամանակին անկախ երկիր էր սարքում, որ ամենեւին չէր տեղավորվում մեզ իրենց ծայրագավառն ու ֆորպոստը համարող ռուսական տրամաբանության մեջ: Բայց եթե ռուսական ԿԳԲ-ին եւ նրա հայաստանյան ճորտերին թվում է, որ մեր ժողովուրդը կուլ է տալու խայծը եւ չի գնալու Շանթ Հարությունյանի ետեւից, քանի որ նա ՙհոգեկան՚ է (իրական հոգեկան հիվանդները Հայաստանում մեծ քաղաքների քաղաքապետ ու ՙիրեքմանեթանոց՚ վկաներ են դառնում), չի գնալու Գագիկ Ջհանգիրյանի ետեւից, քանի որ նա ՙհասարակության համար վտանգավոր դիմադրող՚ է (իրական վտանգավորները Հայաստանում համազգեստը հագին կրակում են ժողովրդի վրա), չի գնալու Ալեքսանդր Արզումանյանի ետեւից, քանի որ նա ՙզանգվածային անկարգություններ կազմակերպող՚ է (իրական կազմակերպողները երիտասարդ թոշակառու եւ Աֆրիկայում ներդրող են դառնում), եթե թվում է, որ չի գնալու Սուրեն Սիրունյանի ու Գրիգոր Ոսկերչյանի ետեւից, քանի որ նրանք ՙփող բաժանող՚ են (իրական բաժանողները Հայաստանում պատգամավոր ու թաղապետ են դառնում), ապա հնացած արշինով են չափում մեր ժողովրդին: Գնացքն արդեն գնացել է, որքան էլ որ կեղծ ՙ12՚ միավոր ՙստանան՚ Հայաստանից: Լեւոն Տեր-Պետրոսյանին արդեն իսկ հաջողվել է 2008թ. փետրվարյան 10 օրվա ընթացքում կերտել նոր ժողովուրդ եւ հիմքը դնել նոր Հայաստանի անկասելի ընթացքի: Եվ որքան ուշ ծնվի այդ խարտյաշ պատանեկիկը` Ազատ, Անկախ Հայաստանը, այնքան ավելի վատ խունտայի համար: Շուշին եւ Արցախը ազատագրողը Երեւանն ու Հայաստանն էլ կազատագրի` ի հեճուկս խարդավանքների, հաստապարանոցների, ՙցեղին տականքի՚ ու օտար երկրի նախագահին շնորհակալություն հայտնելուն ապավինած դրածոների:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
ՎԵՐԱԾՆՆԴԻՆ ԸՆԴԱՌԱՋ
(ԸՆԴՀԱՏԱԿԻՑ – 94)
Վստահ չեմ, թե ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթին դատի տված ընտանիքն այսօր Հայաստանում այնքան բազմանդամ է, որ ՙԵվրատեսիլի՚ քվեարկության ժամանակ Ադրբեջանի համար կարողանար միավոր ապահովել: Վստահ չեմ նաեւ, թե հայերս արդեն մինչեւ վերջ հրաժարվել ենք երաժշտության մեջ գործիչ եւ քաղաքականության մեջ աշուղ լինելուց: Ուրեմն` դարձյալ քվեարկություն կեղծվեց: Չի կարելի բացառել, որ կեղծիքն արվեց որեւէ մարզաձեւի դիվանագիտության ծիրում եւ, ինչպես միշտ, Հայաստանի պետական շահի բարձր գիտակցությամբ: Իսկ բարձրության մասին վկայում էին ղարաբաղցի խեղճ տատիկ-պապիկի լուսանկարի ծիկրակումները: Ասում են, թե ադրբեջանցիք էլ ճիշտ նույնամշակույթ խորամանկության են դիմած եղել: Այսքանը որպես նախաբան:
Որեւէ ժողովրդի նվաճելու համար անհիշելի ժամանակներից մինչեւ այսօր կիրառվում է մի պարտադիր պայման. նախապես հիասթափեցնում ու հրաժարեցնում են առկա արժեքներից: Կամ` հին աստավծներից, ինչպես կասեր Լեւոն Շանթը: Դրանք դրվում են գործողության մեջ եւ ինքնավարկաբեկվում մինչեւ վերջ: Մինչեւ այն պահը, երբ ժողովուրդն այլեւս զզվում է հին մեռելներից:
Թուրքերը երկար ժամանակ է` փորձում են մերժել քեմալական աշխարհիկությունը եւ սահուն ոգեկոչել անթեղված կրոնականությունը: Դա տեսնում են նաեւ նրանք, ում դռներն է թակում Թուրքիան: Մի քանի հարյուրամյակ առաջ կրոնականության էջն իր համար փակած Եվրոպան դժվար թե իր ընտանիքում նման անդամի ներկայություն ուզենա: Եվ որդեգրվել է թուրքերին դաստիարակելու ճանապարհային տառապալից քարտեզը: Թուրքերը, որ կարծում են, թե իրենց բոլոր դժվարությունների պատճառը աշխարհիկությունն է, ստացել են իրենց երազած իսլամիստական իշխանությունը: Թուրքիան իր ամենամեծ ցնցումն ապրելու է հենց իսլամիստ իշխանության օրոք: Ցնցումից ցնցված թուրք ժողովուրդը ծնկաչոք է աղերսելու, որպեսզի դեպի Արեւմուտք գնա, քանի որ տեսնելու է, որ վարկաբեկվեց, սպառվեց, արժեզրկվեց հենց իսլամիստական հին աստավծների օրոք: Դրանից հետո թուրք ժողովուրդն այլեւս չի տա իսլամիզմի անունը, ինչպես որ գերման ժողովուրդը չի տալիս նացիստների անունը, որը գլխապտույտ հաղթանակներից հետո արժեցավ խայտառակ պարտություն, հայրենիքի կիսկսում, կորուստներ, նվաստացումներ:
Նույնն է նաեւ Հայաստանում: 1990-ականներին Հայաստանում մեր բոլոր դժվարությունների պատճառ էին հռչակվում կոսմոպոլիտիզմը, ռուսական սայլից սանձակոտոր լինելը, Արեւմուտքը, լիբերալիզմը, ժողովրդավարությունը, քրիստոնեությունը: Փրկություն էր ընկալվում ազգայնականությունը: Նրանք, ովքեր ազգայնականության դարչնագույն էջը փակել են Երկրորդ համաշխարհայինով, մեզ էլ դաստիարակելու խնդիր են հիմա լուծում, որպեսզի առարկայաբար տեսնենք ու ինքներս հրաժարվենք միայն համակործանում խոստացող հին աստվածներից: Մենք էլ մեր ուզածը ստացանք 1998թ. պետական հեղաշրջմամբ: Բայց պարզվում է` դժվարությունները խորացան ազգայնականների օրոք: Եթե ՙկոսմոպոլիտների՚ իշխանավարման տարիներին ոչ մի ռուս, ֆրանսիացի, ամերիկացի ու նույնիսկ թուրք եւ ադրբեջանցի չէր խորհում ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Քելբաջարի ու Լաչինի մասին, ապա ազգայնականների օրոք, Մեղրիից սկսելով, պրոֆեսիոնալ դիվանագետներն են արդեն բարձրաձայն շփոթում ՙինքնորոշում՚ եւ ՙինքնավարություն՚ եզրերը: Մենք էլ մեր ամենամեծ ցնցումը (տա Աստված, որ միայն գիտակցական մակարդակում) ապրել եւ ապրելու ենք ազգայնականների օրոք: Ազգայնականների իշխանությունը կմնա այնքան, որքան անհրաժեշտ է հասկանալու համար, թե փրկությունը ոչ թե ազգայնականությունն է, այլ ժամանակակից ազգ դառնալը:
Ամեն բան լինելու է ազգայնականների ու իսլամիստների ձեռքով եւ նրանց ժամանակ: Նրանք են հին աստվածների լավագույն ինքնագերեզմանափորները: Եվ, չուզենալով հանդերձ, միասին են գործելու: Մեր աչքի առջեւ մեռնում են հին աստվածներն ու նրանց դավանող ժողովուրդները: Ծնվում են միանգամայն նորերը: Խնդիրն այն է, թե տարածաշրջանում, որ ժողովուրդն առաջինը կվերածնվի: Դատելով Համաժողովրդական շարժման երկամյա ընթացքից` կարելի է հուսալ, որ հայերիս դա առայժմ լավագույնս հաջողվում է, որի հերթական փուլերից է առաջիկա քաղաքապետական ընտրությունը: Իսկ դա ո°չ աղբահանության, ո°չ էլ նույնիսկ օրինականության վերահաստատման խնդիր չէ (վերջին հաշվով` որոշակի օրինականություն է նաեւ ներկա խանական կարգը), այլ քաղաքակրթական ընտրանքի եւ մրցունակ ազգ ու պետություն դառնալու, ինչի ժայռեղեն հիմքերը Հիմնադիր-նախագահը դրեց տասնօրյա Ցնծության սիմֆոնիայով:
Այս հոդվածը արժանի է մի քանի անգամ ընթերցվելու...:good
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 5
(ԴԱՇԲՈՒԼԱՂ, ԹԵ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ)
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է: Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ այն մաքրվելով իշխանության ժամանակ կուտակած աղտից (ինչպես օրինակ` Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, Ա. Բաղդասարյան ու նմաններ)` հիմա ամենաազնիվներից է մեր երկրում: Ավելին` Հայաստանի եւ° առաջին, եւ° երկրորդ նախագահական ընտրություններում քվես չեմ տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, թեեւ հիմա Աստված ողորմաց մեղավորիս` հնարավորություն տալով ոչ միայն քվեարկել նրա օգտին, այլեւ լինել նրա վստահված անձը. դա մեծ, շատ մեծ պատիվ է ինձ համար: Գրադարանները դեռ Արդարատադության նախարարության օրինակով չեն հասցրել վառվել, իսկ այնտեղ պահվում են իմ խմաբագրած ու իմ թղթակցած թերթերը` ՙԱնկախություն՚, ՙՇրջան՚, ՙՕրեր՚, ՙԵրեւանյան օրեր՚ եւ այլն: Այնտեղ կտեսնեք իմ քննադատությունն ու հայհոյանքը խեղճ ՀՀՇ-ի, Տեր-Պետրոսյանի ու իր թիմի հասցեին, մինչդեռ այդ ժամանակ ներկա իշխանության ներկայացուցիչները պնակալեզությամբ ու քծնանքով էին զբաղված: Այսքանն ասում եմ, որ պարզ լինի, թե ինչ ստախոս են նախկին կոմունիստ, նախկին նարիմանովական, նախկին ՀՀՇ-ական, նախկին Լեւոնական Քոչարյանն ու ադրբեջանական ծայրագավառից մայրաքաղաքում հայտնվածները, ովքեր ինձ ու ընկերներիս են երբեմն ՀՀՇ-ական, երբեմն` ռեւանշիստ, երբեմն` գործազուրկ անվանում: Ես մանկավարժ եմ եւ դրանով` երջանիկ: Ուրեմն ինչու եմ ուժերիս ներածի չափով ելել սրանց դեմ, իսկ գարնան առաջին լուսաբացից ի վեր` ատելությամբ լցվել իրենց հանդեպ: Շատ պարզ մի պատճառով – իրենք ուղիղ գծով Հայաստանը տանում են դեպի խավար միջնադար, Արցախը` կործանման: Դա կարող է իրենց պես թերուսներին չերեւալ, բայց հո բանական մարդկանց պարզ է: Բանական, բայց նաեւ բարոյական. թե չէ` բանական մարդիկ նաեւ իշխանության մեջ կան, ովքեր լավ էլ տեսնում եւ հասկանում են, սակայն իրենց անբարո ընչաքաղցության պատճառով լռում են: Ասում եմ նաեւ, որ պարզ լինի, թե կրկին լկտիաբար ստում է իշխանական խաժամուժը, երբ այնտեղ հավաքված հարյուրհազարավորներիս գործազուրկ ու բոմժ է ասում: Թեեւ ավելի լավ է լինել գործազուրկ, քան իրենց պես արյունարբուի գործ ունենալ: Ես ցայսօր երբեք գործազուրկ չեմ եղել (թե հիմա ինձ գիտա-մանկավարժական աշխատանքիցս հեռացրել են, ընդհատակում գտնվելով` չգիտեմ), սակայն եթե իրենք բարոյականություն ունենային, պիտի գործազրկությունն ընտրեին 1990-ից ի վեր, քանի որ հակառակը դավաճանությունն է: Դավաճանություն իրենց հարազատ աթեիստական, կոմունիստական, ադրբեջանական, կեւորկովյան համակարգի նկատմամբ, որից սնվում էին իրենք եւ իրենց երեխաները:
Սա բարոյական ընկալման մի կերպ է, որ հազար տարի էլ Երեւանի ՙցենտրում՚ ապրեն` իրենց գավառական ուղեղներին հասու չի լինելու: Նրանք Հաագայում իրենց ցմահ բանտարկության վճիռը լսելիս` հիշելու ոչինչ չեն ունենալու, ինչպես ունեցավ Մարկեսի վեպի հերոս գեներալ Աուրելիանո Բուենդիան, ով գնդակահարության պատի մոտ հիշեց, թե ինչպես մանուկ հասակում հայրն իրեն առաջին անգամ տարավ սառույց տեսնելու: Նրանց ոչ ոք երբեք ոչինչ ցույց չի տվել: Ու մենք հիմա դարձել ենք իրենց մանկության վրեժն աշխարհից: Չկայացած մանկության բարդութավորված կարոտը փորձեցին փարատել Մոնումենտի այգու տեղում հյուրանոց ու առանձնատներ սարքելով, որտեղից կերեւային կարուսելները, որոնց մասին լսել էին Բաքվից ամառները դաշբուլաղ հանգստանալու եկող նավթային ՙռազրյադնիյ՚ բանվորներ դարձած իրենց համագյուղացիների` կարճ շալվար ու ռետուզ հագած զավակներից, ովքեր նախանձ շարժող ռուսական ինչ-որ հնչերանգով էին արտասանում բառերը: Նրանց խոհերն ու խոկումները հավերժորեն թաղված մնացին ՙկլիզմայի, ՙԶապորոժեցի-Մերսեդեսի՚, ՙջեմով լցված կոնֆետների խորհրդավոր անցքերի՚, ՙսանտեխնիկի աշխատանքային պլպլան գործիքների՚ ու այլ փայլուն բաների բեռան տակ:
Իսկ իմ տեսակը Երեւանում պարտվել էր արդեն 10 տարի. եթե ավելի անաչառ լինեմ` մի փոքր ավելի վաղ, երբ իր` մտավորականի բարձր արշինով մարդկանց չափեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1990-ականներին ուղեփակոց էր պետք դնել Երեւանի մուտքին, որ խորհրդային մեծ բնակավայր Երեւանը հասցներ կերպափոխվել որպես անկախ երկրի մայրաքաղաք, ոչ թե դառնար գավառական բաբելոնյան խառնարան: Օրինակ, խայտառակություն է, երբ գրողների միության (զազրելի վերապրուկ) նախագահ է դառնում անհասկանալի ինչ-որ Անանյան, երբ մշակույթի, կրթության նախարարներ են դառնում գյուղական ՙկլուբների մշակույթով՚ սնված կիսաֆաբրիկատներ: Սրանցից ավելին ակնկալելը մեր էլ անմտության չափաբաժնի մասին է խոսում:
Մենք այլ Հայաստան ենք ուզում: Այնպիսի Հայաստան, որը դաշբուլաղ չէ (Դաշբուլաղը Քոչարյանի հայրենի գյուղն է, որ հայերեն կնշանակի ՙքարե աղբյուր՚), այլ աշխարհի հետ լիաթոք շնչող Հայրենիք: Միթե քաղաքակիրթ մարդն իր իսկ նշանակած Մարդու իրավունքների պաշտպանի մասին կասեր. ՙՆա ոչ թե Ստրասբուրգի, այլ Հայաստանի պաշտոնյա է՚: Այդ դեպքում ինչու է իմ աշխատավարձից պահում կատարվում ու վճարվում միջազգային այդ եւ այլ կառույցներին: Ես երազում եմ այնպիսի մի Հայաստանի մասին, ուր պաշտոնյան, իրո°ք, նաեւ Ստրասբուրգն է ներկայացնում, ներկայացնում է ողջ առաջավոր մարդկությունը, մարդկային քաղաքակրթության նախընթաց բոլոր ձեռքբերումները: Սա° է մեր եւ քոչարյանների տարբերությունը: Նրանք խանություն են ուզում` խանական արժեհամակարգով, մենք` Ազատ Հայրենիք, ուր հարգվում են Մարդու բոլոր իրավունքները, ուր օրենքը կախված չէ ոչ մի նախագահի կամքից, եթե նա անգամ լուսավոր անհատ է:
Բայց մենք էլ ենք մեղավոր: Այդ խեղճ ֆունկցիոները 10 տարի առաջ, մի անգամ, երեւի հեռուստատեսային լույսերից ու լրագրողների բազմությունից խլշկոտած ու խրտնած, իր պատկերացրած տղամարդկությունից խոսեց: Ու մենք, փոխանակ նրան հոգատարությամբ դաստիարակելու, սկսեցինք քարկոծել ու ծաղրել: Ու այդպես էլ թույլ չտվեցինք, որ նա հասկանա, թե ինչ հիմարություն է դուրս տվել: Իր այդ պատկերացումները ցածրակարգ էին ու պլեբեյական, սակայն, այնուամենայնիվ, պատկերացում էին: Մենք այնքան գազազեցրինք ու բարդութավորեցինք խեղճին, նրա ուղեղում այնպիսի խճողում ու խառնիճաղանջություն ստեղծեցինք, որ քաղաքացի երեւալու համար հետագայում լռեց, նույնիսկ ծպտուն չհանեց, երբ հենց Երեւանում արեւմուտքցի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, թե Ղարաբաղի հարցը չի տարբերվում սեռական փոքրամասնությունների հարցից: Ժողովրդական խոսք կա, ասում են` էշի խրտնածը ձիուց արագ է վազում: Նա սուպեր-քաղաքացի էր դարձել պապանձման այդ պահին: Մոռացել էր դաշբուլաղյան կոդեքսը տղամարդկության մասին: Սակայն վերջերս նորից հիշեց` կապված գողացած քվեների պատճառով արվող մեր ցույցերի հետ: Բայց հենց նույն օրը` մարտի 1-ին (ՙԱզատություն՚ ռադիոկայանով ինքս եմ լսել), արմավիրցիներն իրենց քաղաքի ավտոկայանից հարցազրույց էին տալիս ու բողոքում, որ տղամարդկանց արգելում են տրանսպորտ նստել եւ Երեւան գնալ: Իսկ կանանց Քոչարյանը թույլ էր տալիս: Նա վախեցած էր հայ տղամարդկանցից, ինչպես ազերիները, որ թողեցին իրենց տարածքի 20 տոկոսն ու փախան: Ինչու է տղամարդկանցից այդքան վախենում Քոչարյանը:
Տղամարդկանցից այդքան սարսափած ՙնախագահը՚ օրերս կրկին խոսեց ՙդրսից տղա բերելու՚ մասին: ՙԴուրս՚ ասելով էլ` հասկանում էր Արեւմուտքը: Ինչպես բացատրես նրան, որ իր պատկերացրած դուրսը մեզ համար ներս է: Մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք ու դեռ երազում ենք Եվրամիության անդամ էլ դառնալ: Իսկ ՙտղա բերել՚ կատեգորիան վերապրում է թերեւս միայն դաշբուլաղում: Ինչպես բացատրես, որ դրսից ՙտղա՚ բերելն այն է, երբ դիակապտիչներ ես բերում ու արյուն թափում միլիոնանոց ցույցեր տեսած ու երբեւէ ոչ մի անկարգություն չապրած քաղաքակիրթ Երեւանում: Մեծ մեղք է դրանց ՙտղա՚ կոչելը: Դրանք ո°չ տղա են, ո°չ հայ, ո°չ մարդ: Քոչարյանի պատկերացրած տղամարդը նա է, ով կարող է բանակցել մարդասպան-ահաբեկիչ Նաիրիի հետ. իսկ տղամարդ չէ նա, ով չի ուզում, որ իրեն առանց թիկնազորի սպանեն ու մեղքը գցեն ինչ-որ ՙռոմանտիկների՚ վրա: Այդ դեպքում, ինչու պարոն Քոչարյանն ինքը, եթե այդքան տղամարդ է, մարտի 1-ին թեկուզ թիկնազորով չգնաց Մյասնիկյանի արձանի մոտ. չէ որ այնտեղ ոչ թե զինված նաիրիներ էին, այլ Ղարաբաղի բնակչությանը մի քանի անգամ գերազանցող անզեն հայեր` իր ՙեղբայր Վազգենի՚ եղբայր Արամը, բարեկիրթ Ստեփան Դեմիրճյանը… Ամոթալի է տղամարդկության մասին այդպիսի պատկերացում ունենալը, եւ կրկնակի ամոթալի` բանավեճի դաշտը փոխելու գեղջկական խորամանկությունը:
Քոչարյանի Հայաստան գալուց հետո տղամարդկանցից շատերը սպանվեցին` գեներալ Արծրուն Մարգարյան, գնդապետ Վահրամ Խորխոռունի, Արցախի հերոս Վազգեն Սարգսյան, հանրության սիրելի Կարեն Դեմիրճյան, բյուրեղյա Յուրա Բախշյան… իսկ այլ տղամարդիկ հայտնվեցին բանտերում` Ազատ Արշակյան, Պետրոս Մակեյան, Վազգենի եղբայր` Արմեն Սարգսյան, ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Դավիթ Մաթեւոսյան, Հակոբ Հակոբյան, Մուշեղ Սաղաթելյան, Արարատ Զուրաբյան… Շատ տղամարդիկ էլ ընդհատակում են, որ կարողանան արդյունավետ կազմակերպել դաշբուլաղյան ու տարոնա-դաշքեսանյան ամոթից մեր երկրի ազատագրման գործը: Որձակոտոր անելու այսպիսի աղետ մեր պատմությունը տեսել էր երեք անգամ` մեկ միջնադարում արաբների կողմից, մեկ 1915-ին` թուրքերի կողմից, մեկ էլ 1930-ականներին` բոլշեւիկների կողմից: Քոչարյանը չորրորդն է:
Կարելի է ասել, թե ես անարդար եմ ու շատ կտրուկ այս հարցում, թե` բա հո չէր թողնելու, որ հանցագործներն անպատիժ մնային: Առաջին երեքն էլ` արաբը, թուրքը, բոլշեւիկը, հենց այնպես չէին որձակոտոր անում հայությանը, նրանք էլ մոտիվացիա ունեին եւ դարձյալ քաղաքա-քրեական ՙմեղադրանքներով՚: Սա կա°մ անափ ատելություն է Հայաստանի բնակչության հանդեպ, կա°մ պաթոլոգիկ վախ տղամարդ տեսակից:
Չկարծեք, թե կլլել եմ Քոչարյանի խայծը եւ իր թակարդն ընկել` տղամարդկության իր թեման քննարկելով: Ամենեւին ո°չ: Սա իրոք թեմա է, որ նոր Հայաստան ու նոր` քաղաքացի° հայ կերտելիս պարտավոր է սպառիչ պատասխաններ ունենալ: Մեր արժեքային համակարգի այս դաշտը բաց թողնել պետք չէ, այլապես, ինչպես տեսնում ենք, կլցվի քարանձավային, 21-րդ դարի հետ կապ չունեցող աղբով: Հիմա ասում ենք` տղամարդը նա չէ, ով եզ է, այլ նա, ով բարեկիրթ է եւ արժանապատիվ: Տղամարդը նա չէ, ով քաղաքաբնակ է, այլ նա, ով քաղաքացի է: Տղամարդը նա չէ, ով ամեն առիթով խոսում է դրանից` մանկության ինչ-որ բարդույթներ հաղթահարելու համար, այլ նա, ով չի ապավինում հրասայլերի ու ավտոմատավորների ողորմածությանը` գողացված իշխանությունը մի քանի օրով երկարաձգելու համար: Տղամարդը նա չէ, ով հագարացու պես գաղտագողի հարձակվում է քնած մարդկանց վրա, այլ նա, ով իր քաղաքական մտադրությունների մասին համարձակվում է հրապարակավ հայտարարել: Տղամարդը նա չէ, ով արեւելյան շողոքորթությամբ նետվում է մեծ տերության նախագահի մեքենայի անիվների տակ, այլ նա, ով հակադարձում է, երբ իրեն ու իր հայրենակիցներին հանիրավի սեռական փոքրամասնություն են անվանում: Տղամարդը նա չէ, ով նախամարդու վայրենությամբ արյուն է հեղում ու փորձում պատասխանատվությունը նետել այլոց վրա, այլ նա, ով իր օրն աղոթքով է սկսում ու աղոթքով ավարտում: Տղամարդը նա չէ, ով թեկուզ Բելի նման շրջապատված զինյալ բազմությամբ` արգելում է տղամարդկանց շարժն ու իրեն առավել ապահով զգում կանանց միջավայրում, այլ նա, ով չի կատակաբանում սպանվածների դիակները դեռ հողին չհանձնած: Տղամարդը նա չէ, ով սարսափում է իրենց տղամարդկանց հոգիների համար մարտի 8-ին մոմավառության ելած կանանցից ու նրանց շրջապատում ոստիկաններով, այլ նա, ով մարտի 8-ին ոչ մի դեպքում հարցաքննության չէր կանչի նախկին պատգամավոր Ռուզան Խաչատրյանին: Տղամարդը նա չէ, ով իր զավակներին տեղափոխել է Երեւան, իսկ երեւանցիների 18-20 տարեկան արու զավակներին հեռացրել Ղարաբաղ, այլ նա, ով լույսը դեռ չբացված Ազատության հրապարակում` գարնան առաջին օրը երախտագիտությամբ ծաղիկներ կնվիրեր հայ ազատամարտիկների մայրերին ու քույրերին: Միով բանիվ` տղամարդը նա է, ով Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան չէ. նա է, ով ապրում է 21-րդ դարում` 21-րդ դարի արժեքներով:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
Մարտի 11, 2008թ.
ՙՆոր Հայաստան՚ օրաթերթ (ԱՄՆ)
Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է: Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ այն մաքրվելով իշխանության ժամանակ կուտակած աղտից (ինչպես օրինակ` Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան, Ա. Բաղդասարյան ու նմաններ)` հիմա ամենաազնիվներից է մեր երկրում: Ավելին` Հայաստանի եւ° առաջին, եւ° երկրորդ նախագահական ընտրություններում քվես չեմ տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, թեեւ հիմա Աստված ողորմաց մեղավորիս` հնարավորություն տալով ոչ միայն քվեարկել նրա օգտին, այլեւ լինել նրա վստահված անձը. դա մեծ, շատ մեծ պատիվ է ինձ համար:
ինչ խնդալու ա, լացելու աստիճան,: տարիներ հետո բացել ու տեսնել այս հերթական մանկամտությունը... մեր կուսակցական պահպանողականի ...
ո՞նց ճկույթի շուրջը պտտացրին բոլորին- պահպանողական, ազատական, դեմոկրատ,հնչակ...
ոչինչ, "պահպանողական" ջան, ձեռներտ յուղի, քյալամ գործ ա բացվում, շուտով պարոն Ծառուկյանը կարող ա դառնա թեկնածու... ;)
ու հանկարծ կպարզես, որ ինքն ա հիմա էլ մաքված ու ամենաազնիվը