PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեվարքից հետո (օրագիր)



Էջեր : 1 [2] 3 4 5

StrangeLittleGirl
13.10.2010, 21:47
Քանի որ ինձ արգելեցին էս պուճուր բանով «Իմ քաղաքը» մրցույթին մասնակցել, որովհետև բլոգումս փակի տակ դրել եմ, ու մի քսան հոգի տեսած կլինի, ես էլ մտածեցի՝ չկա-չկա, էստեղ դնեմ, թող մի քիչ շատ մարդ կարդա:

Կառայի բուդկայի փակվելուց հետո մեր համալսարանի ժողովուրդը սննդային լուրջ ճգնաժամի առաջ կանգնեց: Իհարկե, մեր բուֆետներին ոչինչ չի հասնի թե' որակով, թե' գներով, բայց դասամիջոցներին դրանք էնքան լիքն են լինում, որ մինչև հաջորդ դասամիջոց պիտի հերթ կանգնես: Էլ չեմ ասում, որ ժամը 4-ին փակվում են, և ընթերցասրահում պարապողները դատապարտված են սոված մնալուն:

Էսօր իջնում էի Նորքից: Մտածում եմ՝ հասցնեմ բուֆետ գնալ: Բայց արդեն երեքն անց է, հետևաբար ուտելու բան մնացած չի լինի: Պետք է այլընտրանք գտնել: Մեկ էլ Հերացու ամենասկզբում տեսնում եմ մի բավական աննկատելի ցուցանակ .«Սրճարան»: Վրան խորովածի, աջարական խաչապուրու և հոթ-դոգի նկարներ են: Հիշում եմ՝ մի անգամ, երբ էլի ընթերցասրահում պարապում էինք, ու հավանաբար Կառայի բուդկան արդեն վերացվել էր, Մարգարը մեզ առաջարկեց էնտեղ գնալ խաչապուրի ուտելու:

Որոշեցի շատ հեռու չգնալ, մտնել էդ «սրճարանը» ու խաչապուրիով բավարարվել, որը, ի դեպ, իմ հիշողության մեջ բավական լավն էր:

Դա տիպիկ հայկական սրճարան էր: Տնավարի պայմաններ: Ներսում կիսամութ էր: Ընդամենը չորս սեղան կար, ամեն մեկի մոտ՝ չորսական աթոռ: Դրանք բոլորը հին էին, և Օպերայի շրջակայքում գործող գլամուր սրճարաններից ոչ մեկը երբևէ լայաղ չէր անի նման սեղան-աթոռներ դներ: Պատի տակ մի ինքնաեռ կար, որը, վստահ եմ, չէր աշխատում: Ջարդած ապակիով սառնարանում մեկական օրինակով տարբեր լիմոնադներ էին դրված: Ըստ երևույթին, սառնարանը վաղուց արդեն դադարել էր իր ֆունկցիան կատարելուց՝ դառնալով ընդամենը ցուցափեղկ: Պատերին էժանագին նկարներ էին: Սեղանների վրա բանկաներով թարմ յասամաններ կային, որոնք ամենահայկականն էին: Լուրջ եմ ասում, բանկայով յասամաններն էնքան հայկական են, որ լավաշը, նուռը և այլ խորհրդանիշներ դրանց կողքին ղալաթ են արել: Յասամանը հենց էդպես՝ բանկայով պիտի լինի: Ծաղկամանը նրան չի սազում: Այն նախատեսված է ավելի քնքուշ ծաղիկների համար:

Մոտ հիսուն տարեկան մատուցողուհին (թե՞ վաճառողուհին) ինձ ժպիտով դիմավորեց: Էն մուննաթոտ դեմքերից չէր, որոնց վարժվել ենք տարբեր խանութներում կամ սրճարաններում տեսնելիս, ոչ էլ արտասահմանյան սարքովի ժպիտներից, որոնց կհանդիպես «Վիվասելում» կամ «Օրանժում»: Իսկական հայկական անկեղծ ժպիտ էր, որին վաղուց այնքա˜ն հետ ենք վարժվել:

Միակ հաճախորդն էի: Թեյ ու խաչապուրի պատվիրեցի: Մինչ պատրաստ կլիներ, սկսեց ջերմ զրուցել հետս: Ինչպես հատուկ է ցանկացած հայի, չմոռացավ հայհոյել իշխանություններին, մեղադրել սրան-նրան: Բայց այդ ամենով հանդերձ երևում էր՝ մեջը չարություն չկա, թույն չկա: Պատմում էր ամուսնու մասին, որը, ըստ երևույթին, մահացել էր: Ու ի˜նչ ջերմությամբ էր խոսում, ո˜նց էր գովում: Երևում է՝ շատ է սիրել: Հետո սկսեց դժգոհել, որ Հայաստանում օտարերկրացիներին լավ չեն վերաբերվում: Ինքը շատ է եղել դրսում: Ասում է՝ նույնիսկ թուրքերը գիտեն տուրիստների հետ քաղաքավարի լինել: Հոգոց հանեց. էս ի՞նչ են դարձել հայերը: Ու էնքա˜ն կիրթ հայերեն էր խոսում, որ քեֆս եկավ... Էն իսկական հայերից էր, որ ասում եմ հայ ու պատկերացնում եմ: Ինչքա˜ն քիչ են նրանք մեր օրերում:

Խաչապուրին բերեց: Տաք էր, բայց իսկական Ռիփի նկարագրած քռչոտ խաչապուրուց էր: Բայց ի˜նչ հավեսով կերա: Հիմա հասկանում եմ՝ ինչու էր Հայաստանում գտնվելիս էդքան ուզում քռչոտ խաչապուրի: Թեյն էլ բերեց, բայց տնավարի՝ շաքարավազը սուրճի բաժակի մեջ: Էնքան տնական մթնոլորտ էր էնտեղ, որ քիչ էր մնում՝ վերջում վեր կենայի, ափսես ու բաժակս լվանայի:

StrangeLittleGirl
15.10.2010, 00:54
...կոմպն անջատեցի, հավաքվեցի, որ դուրս գամ, մեկ էլ գրկեց ինձ ու չթողեց շարժվել: Փորձեցի հրել: Չստացվեց: Ամեն դեպքում մի կերպ դուրս պրծա, դուռը փակեցի ու նեղացած քայլեցի դեպի վերելակը: Հետևիցս վազում էր, ներողություն խնդրում:

Վերելակի մեջ.
- Ինձ ներու՞մ ես:
- Հա:
- Դե բեր թուշդ պաչեմ:
Պարզում եմ մի թուշս:
- Հիմա մյուսը:
Պարզում եմ մյուսը:
- Հիմա էլ...
Ու անցնում է շուրթերիս: Համբույրն ակնթարթ է տևում, որովհետև վերելակը հասնում է առաջին հարկ, ու դռները բացվում են:

Հետո մի ամիս իրար հետ էինք: Նոր տարուց առաջ թողեցի նրան: Պատճառը պարզ էր. չէի սիրում ու երբեք չէի սիրել: Երբ վերջին անգամ վիճելով իջնում էինք, հասանք առաջին հարկ, հառաչեք.
- Ամեն ինչ ստեղից սկսվեց...

Գիտեմ, որ հետո ահագին տառապել է, ու ես դրանից ինձ լավ էի զգում:

StrangeLittleGirl
24.10.2010, 12:02
Էս թիվը միշտ սիրել եմ: Երբ դեռ փոքր էի, ամեն ինչ կտայի, որ ինձ տեսնեմ 24 տարեկանում: Մի տեսակ կայունության ու հասունության հետ էր ասոցացվում այս թիվը: Մտածում էի՝ 24-ամյակս մեծ շուքով պիտի նշեմ:

Հիմա, երբ արդեն մի քանի ժամ է, ինչ 24-ս լրացել է, մի տեսակ բութ զգացողություն ունեմ: Ասենք, նույնը կար մինչև ծննդյանս օրը: Որոշել էի բոլորից թաքցնել ու սուսուփուս օրս անցկացնել բարեկամներիս հետ: Եթե մի երկու մտերիմ ընկերուհի հիշեն, զանգեն, իրենց էլ կհրավիրեի:

Բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց, որովհետև պարզվեց, որ դեռ երեք շաբաթ առաջվանից ընկերներս ինչ-որ բան են ծրագրում: Իսկ ես հավես չունեի, բայց նրանց մերժելն էլ սիրուն չէր լինի:

Հիմա նույն բութ զգացողությամբ նստած եմ կոմպի մոտ ու սպասում երեկոյին, երբ ազգականներս կհավաքվեն ու միասին «Թըռ-թըռը» կասենք: Տատիկս էլի կջղայնանա, բայց, միևնույն է, կարտասանենք: Հետո կսկսեն խոսել քաղաքականությունից: Պապիկս մի ախմախ կենաց կասի, իսկ մյուսներս թաքուն իրար աչքով կանենք...

24 տարեկանում ավելի անկայուն ու անչափահաս եմ, քան երբևէ: Անցյալ ծննդյանս օրվա ֆենած մազերը փոխարինում եմ երկու հյուսիկներով:

StrangeLittleGirl
26.10.2010, 00:32
Երկար կգրեի, բայց մի տեսակ չի ստացվում... Ուղղակի աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ այսպիսի ընկերներ ունեմ...

StrangeLittleGirl
26.10.2010, 23:42
Գրականության մեջ որևէ տեղ չեմ հանդիպել, որ լեզու սովորելը կարող է դրականորեն անդրադառնալ մարդու հոգեկանի վրա: Ոչ էլ լսել եմ, որ որևէ մեկն ասի «իմ փորձից բլաբլաբլա»: Ավելին՝ եթե հաշվի առնենք, որ շատերի համար դա բավական տհաճ գործ է, պետք է որ դեռ հակառակ ազդեցությունն էլ ունենա:

Բայց մի հետաքրքիր երևույթ եմ նկատել. մեր համալսարանի ուսանողներից շատերը սովորաբար վերջին կուրսում սկսում են ինչ-որ լեզու սովորել: Կարող եմ միայն ենթադրություններ անել, թե ինչու է այդպես: Առաջին պատճառն այն է, որ միայն վերջին կուրսում են մոտավորապես կողմնորոշվում, թե ինչ են անելու ապագայում, ու եթե դա կապված է մի պետության հետ, որի լեզուն չգիտեն, ակտիվորեն սկսում են սովորել: Բայց... Նրանցից շատերն ավարտական քննություններից անմիջապես առաջ թողնում են լեզուն ու այդպես էլ չեն վերադառնում: Մյուս պատճառը երևի հենց այդ թերապևտիկ ազդեցությունն է, որի մասին ուզում եմ խոսել:

Չեմ ուզում մյուսների անունից գրել, ոչ էլ ասել, թե պարտադիր այդպես է: Պարզապես կպատմեմ այն ամենը, ինչ զգացել եմ սեփական մաշկի վրա:

Իսպաներեն սովորել սկսեցի վեցերորդ կուրսում: Իսպանիա կամ որևէ այլ իսպանախոս պետություն մեկնելու նույնիսկ ամենահեռու մտադրությունները չունեի: Ուղղակի սկսեցի ու վերջ: Հետո արդեն իսպաներենի դասերն ինձ համար փախուստի վայր էին: Այնտեղ ոչ ոք չէր խոսում թեստերից, հանձնաժողովներից, հնարավոր կտրվելուց, հարցաշարերից և այլնից: Ավելին՝ այնտեղ ոչ ոք չէր խոսում այն լեզվով, որով կարող էին այս ամենի մասին անվերջ հարցեր տալ: Ու երևի հենց այդ դասերն էին փրկում, որ մյուսների համեմատ թեթև տանեմ սպասվելիք փորձությունը: Կարողանում էի ցրվել, կտրվել ընդհանուր լարվածությունից:

Հետո եկավ անգլերենը... Քանի որ ի սկզբանե որոշել եմ այս գրառումս բաց պահել, չեմ մանրամասնի, թե ինչու հանկարծ որոշեցի IELTS հանձնել: Իմացողներն ինձ կհիշեն անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին: Հա, քննության պատրաստվելն օգնում էր, որ ցրվեմ: Հաճախում էի Ջոանի դասերին, անգլերենի ակումբներին, ամբողջ օրը կարդում, բլոգումս անգլերեն գրում: Ու կարծես IELTS-ը ոչ թե արտասահմանում ընդունվելու համար էր, այլ այն ժամանակ ինձ անհանգստացնող խնդիրներից ազատվելու:

Երբ երկու համալսարաններն էլ ինձ մերժեցին, առանց երկար-բարակ մտածելու որոշեցի լրջացնել ֆրանսերեն սովորելս: Էլի հաստատ չգիտեի, թե ինչի համար: Իհարկե, հեշտ ու հասկանալի պատճառ կար. որ մյուս տարի Բելգիայի ծրագրին դիմեմ: Բայց ես հո շատ լավ գիտեի, որ իրականում դա փախուստի ևս մեկ միջոց էր: Փախուստ իմ անհաջողությունից, ցածր ինքնագնահատականից (Տաիշ, չխփես), մտահոգությունից ու դեպրեսիայից: Եվ ստացվեց, գիտե՞ք:

Հիմա զգում եմ, որ ինչքան էլ շատ ժամանակ խլի ֆրանսերենը, այն նախատեսված է իմ սեփական հանգստության համար: Ու օրվա ընթացքում ինչքան շատ ժամանակ եմ տրամադրում այդ լեզվին, այնքան վատ է վիճակս, հետևաբար փախուստի համար ավելի մեծ ուժեր են պետք:

StrangeLittleGirl
01.11.2010, 11:51
Դու եկար մեր խումբ մի քանի օր ուշացումով: Մինչև հիմա հուշում եմ ուղիղ, երկար շեկ մազերդ ու կապույտ աչքերդ, հարցը՝ դու մաքուր հա՞յ ես: Հիշում եմ սկզբնական շրջանում ցուցակներից բացակայող անունդ ու մեզ մոտ առաջացած զարմանքը, թե ինչպես էիր ոչ այնքան բարձր միավորներով անվճար ընդունվել: Իսկ դու անհոգ կպատասխանեիր. «Սահմանամերձ շրջանից եմ»: Տարիներ պետք եղան պարզելու համար, որ հայրդ զոհվել է պատերազմի ժամանակ...

Քո ու Մարիայի մազերը զարդարող վարդերը: Քոնը՝ դեղնասպիտակավուն, Մարիայինը՝ վարդագույն: Իսկ ես ձեզ այդպիսին տեսնելիս կկատակեի. «Ծաղկել եք»: Եվ որոշումս, որ դուք երկուսով իմ մտերիմ ընկերուհիներն եք դառնալու... Հետագայում այդպես էլ եղավ:

Հիշում եմ՝ կարոտում էիր Մարիային ֆիզկուլտուրայի դասերին, որովհետև տարբեր խմբերում էիք: Ու հիշում եմ նաև, որ կարճ ժամանակ անց հանկարծ սկսեցիք իրար հետ չխոսել... Իմ ջանքերը ձեզ նորից հաշտեցնելու... Իրականում կարիք չկար, որովհետև տարիներ անց երեքով դառնալու էինք անբաժան ընկերուհիներ:

Հիշում եմ, թե ինչպես ձանձրացած գրքերը մի կողմ շպրտեցինք ու գնացինք դիսկո, որտեղ հավաքվել էին մեր համալսարանի ուսանողները: Ու հիշում եմ մեզ՝ վեցերորդ կուրսեցիներիս, կպցնող 16-17 տարեկան տղաներին:

Հիշում եմ նաև, թե ինչպես էի ինֆեկցիոնի քննությունից առաջ հատիկ-հատիկ թեստերը քեզ անգիր սովորեցնում: Կամ ձեր տանն անցկացրած գիշերները, երբ որևէ սարսափ ֆիլմ կդիտեինք: Մարիան կկլանվեր, ես կծիծաղեի, իսկ դու վախից կկծվեիր:

Թեստային քննությունից հետո դու՝ քնած Մարիայի բազմոցին, իսկ մենք երկուսով դեռ պարապում էինք, որովհետև հաջորդ օրն էր մեր հերթը... Ու յուրաքանչյուր պետականից հետո մեր խինդ ու ուրախությունը... Դու մեզնից երկու օր շուտ բժիշկ դարձար՝ հանգստացնելով, որ գինեկոլոգիայի քննությունն ամենևին էլ սարսափելի չէ:

Հետո եկավ օրդինատուրայի ընդունելությունը: Քո անհանգստությունները, վախերը, քո դեմ պայքարող ջիպավոր տղան, որն ամեն ինչ անում էր, որ անվճար տեղդ խլեր: Պայքարդ, ու մենք էլ քեզ հետ...

Քո բոլոր դժվար օրերը, քեզ ցավ պատճառած բոլոր տղամարդիկ, քո տակը փորած բոլոր աղջիկները, պայքարները բազմաթիվ դժվարությունների դեմ, Երևանին հազիվ հարմարվելդ... Թող բոլորը կորչեն, որովհետև դու այսօր երջանիկ ես:

Մայրդ՝ վալերիանայի երկու հաբերը քեզ հանձնելիս, որ չլարվես, եկեղեցում դողացող և հազիվ լսելի ձայնով արտաբերելդ. «Հնազանդ եմ», Մարիան, որը համոզված է, որ վաղը շուխուռ կընկնի, որ Քրիստինե Պեպելյանն ամուսնացել է, որովհետև նման ես նրան, ու նորից դու եկեղեցում, երբ քեզ շնորհավորում եմ, ծիծաղում ես.
- Լավ ղժժու՞մ եք... Տարոսը քեզ:
Ու պատասխանս.
- Ես չեմ ամուսնանալու:

Եվ դու կանգնած կաբրիոլետում՝ ծաղկեփունջը թափահարելիս, երջանիկ ժպիտդ, աշխուժությունդ...

StrangeLittleGirl
06.11.2010, 09:26
Մինչև տնից դուրս գալս դեռ քսան րոպե կա: Էդ ընթացքում մտածում եմ, թե ինչ պետք է լինի, որ առավոտյան կարողանամ շուտ արթնանալ: Ընկերուհիներիս մոտ սաղ օրը նվնվում եմ, թե 10-ից շուտ չեմ կարողանում աչքերս բացել, ու էդ՝ լավագույն դեպքում: Ո´չ դասերս, ո´չ գործս, ո´չ ինչ-որ կարևոր իրադարձություն չեն կարող ինձ տեղիցս հանել: Ես էլ մտածում էի՝ լրիվ ձեռից գնացել եմ: Ամեն դեպքում՝ երկու բան կա, որոնք ինձ ստիպում են զարթուցչի հետ տեղիցս վեր թռնել, նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին: Մեկը քաղաքից դուրս գնալն ա, մյուսն էլ... :D ես մեռա: Իսկականից վարի եմ գնացել:

StrangeLittleGirl
09.11.2010, 00:01
Երթուղային նստեղ մեր համալսարանից մի տղա: Բարևեցի ու նորից գլուխս խոնարհեցի գրքիս վրա: Չհիշեցի տղայի անունը, բայց դրա համար առանձնապես ջանքեր էլ չգործադրեցի. ինձ ավելի շատ հետաքրքրում էր, թե Ջուլիետն ինչով է ավարտվելու: Վերջիվերջո, հասել էի երկար սպասված պահին:

Իսկ տղան երևի կարծեց, թե դաս եմ կարդում, ու վաղը կտարածի, թե ինչ կրծողի մեկն եմ ես, որ նույնիսկ երթուղայինի մեջ դասագրքերից չեմ պոկվում: Մտածեցի՝ ու˜ր էր տենց բախտ, թե փետրվարից հետո մասնագիտական գրականություն բացած լինեի: Այս դեպքում տղան ոչ մի կերպ չի հասկանա, որ Ջուլիետն ընդամենն ինձ օգնում էր, որ 50 րոպե տևողությամբ ճանապարհն ուղղակի չնկատեմ:

StrangeLittleGirl
11.11.2010, 00:58
Կան մարդիկ, որոնց անիմաստ շատ եմ սիրում:

StrangeLittleGirl
12.11.2010, 22:36
Կան ահավոր վատ մարդիկ, որոնց մեկ ա շատ եմ սիրում:

StrangeLittleGirl
13.11.2010, 21:39
Էսօր, երբ երթուղայինում նստած շունչս կտրվում էր դեմքիս վրա կռացած քամակներից, ներվայնանում, երբ րոպեն մեկ կանգնում էր ու մարդ էր հավաքում (ասա՝ կանգառն ինչի՞ համար է), երբ առանց այդ էլ վատ ինքնազգացողությանս միացավ զանազան հոտերից փսխելու ցանկությունը, սկսեցի մտածել...

Տեսնես՝ կգա՞ մի օր, երբ Երևանը կազատվի երթուղային կոչվող նվաստացումից, ու փոխարենը կգան մեծ ու հարմարավետ ավտոբուսներ: Տեսնես՝ կլինե՞ն նորմալ կանգառներ իրարից խելքին մոտ հեռավորության վրա: Տեսնես՝ էդ կանգառներն անուններ կունենա՞ն, ցուցանակները կպարունակե՞ն այդտեղով անցնող իսկապես անցնող տրանսպորտի համարները, ոչ թե ինչ պատահի, ու դուրս գա, որ կեսը սխալ է, կլինե՞ն ժամացուցակներ, որ իմանաս՝ երբ տնից դուրս գաս, որ ուզածդ ավտոբուսին հասնես, իսկ բաց թողնելու դեպքում՝ ինչքան պիտի սպասես: Տեսնես դրանց առկայության դեպքում պարտաճանաչ կլինե՞ն: Տեսնես՝ էդ ցուցանակները կպահպանվե՞ն, թե՞ էլի կհայտնվեն ինչ-որ վայրենիներ, որոնք կպոկռտեն կամ կջարդեն:

Տեսնես՝ կգա՞ մի օր, երբ հասարակական տրանսպորտը տոմսերով կլինի, ոչ թե վարորդին 100 դրամ վճարելով, ուրիշի տեղը ստանալով, երբ հնարավոր կլինի մշտական ունենալ, որը գործածելի կլինի բոլոր տիպի փոխադրամիջոցների համար: Կշրջե՞ն կիրթ հագնված տոմս ստուգողները, որոնք առանց ներում-բեկումի կտուգանեն կարգը խախտողներին: Մետրոն կսփռվի՞ ամբողջ քաղաքով մեկ:

Է˜հ :(

StrangeLittleGirl
14.11.2010, 21:20
Էսպիսի օրեր հազվադեպ են լինում: Կոմպից պոկվել չեմ կարողանում, բայց ոչ թե ֆեյսբուքում մեկի հետ զավզակում եմ կամ մեկ ուրիշի նկարներն ուսումնասիրում, այլ մեկը մյուսի հետևից երգեր եմ պեղում, ու ոչ թե տեքստերը փորփրելու, այլ պարզապես լսելու համար:

Ժամանակս անցնում է: Այլևս չեմ ուզում պատրանք ստեղծել, թե պարապում եմ: Բայց այ վաղվանից վերջ եմ տալիս բառադիությանը... Բառադիություն... Նկատի ունեմ՝ հիշում եմ, որ ամեն դեպքում բժիշկ եմ ու զբաղվում մասնագիտական գործունեությամբ: Ինչքան խորանում եմ, էնքան հասկանում եմ, որ ինչքան էլ սիրեմ հոգեբուժությունը, միևնույն է, բժշկությունն ինքն ընդհանրապես իմը չէ: Իսկ ես կփորձեմ խորամանկել: Տեսնեմ՝ կստացվի՞:

StrangeLittleGirl
19.11.2010, 20:56
Դեռ առավոտվանից գիտեի, որ այսօր հեռախոսս լռելու է, ու վաստակածս ուրբաթը մենակ եմ վայելելու: Վաստակա՞ծ: Միայն նրա համար, որ այս շաբաթ ոչ մի օր չեմ բացակայել, որ երեկ ժամերով մասնագիտական գրականություն եմ կարդացել, որ մեկ-երկու անգամ առավոտյան ժամը 10-ից շուտ եմ արթնացել, որ ընկերներիս քիչ եմ հանդիպել, այն էլ կարճ ժամանակով, որ «Փոքրիկ Նիկոլան» վերջացրել եմ առանց նկատելու, որ զարմացել եմ համարձակությանս վրա, որ սրտխփոցից չեմ կարողացել գիշերը քնել, որ, որ... կարող եմ ասել, որ հանգի՞ստ եմ վաստակել:

Ուրբաթը, միևնույն է, գրադարանում անցկացնելու համար չէ, ու քանի դեռ եղանակը լավն է, իսկ աշունն արդեն ականջիս տակ գոռում է՝ ու՞ր ես, ինչու՞ ինձ բանի տեղ չես դնում, ես խմում եմ մեխակով թեյիս վերջին կումը, խալաթս կախում, դռները փակում ու դուրս գալիս... Չէ´, դուրս թռչում:

Նորքի հոգեբուժարանում արդեն այն սիրուն աշունն է, որը տարիներ առաջ ինձ մի լավ լացացրեց, բայց հետն էլ լիքը բան սովորեցրեց: Քանի որ բոլոր բժիշկներն արդեն գնացել էին, հետևաբար ամաչելու բան չունեի, համարձակվեցի նայել արևին, աչքերս կկոցած ձեռքով անել, թռվռալ, հրաժեշտ տալ բակում զբոսնող հնդկահավերին ու ոչխարներին:

Իսկ դարպասներից դուրս հոգեբուժարանի շունը, որի մի աչքը չի տեսնում, աղբ էր գտել ու ախորժակով քչփորում էր:

Քայլում էի ուրախ՝ խշխշացնելով ոտքերիս տակի տերևները, ժամանակ առ ժամանակ ժպտալով արևին, որն այնքա˜ն պայծառ էր այսօր:

Իմ սիրած տերևներից այս անգամ էլ պոկեցի Նորքի բակերից մեկում թաքնված տան ցանկապատի վրայից: Դրանք դեղին էին՝ եզրերում աստիճանաբար անցնելով կարմրի: Կպցրեցի մազերիս: Ճանապարհին պատահող մարդիկ ժպտում էին: Եթե գլխիս դեղին ժապավեն լիներ, ոչ ոք երբևէ չէր ժպտա:

Փողոցում արդեն հանդիպեցի 109 համարի երթուղայինին, որի կարիքն այսօր ընդհանրապես չունեի:

Կամրջի վրա մի պահ կանգ առա: Քամին մազերը լցրել էր աչքերիս, ու չէի տեսնում ճանապարհի շարունակությունը: Արևն էլ շոգացնում էր արդեն: Դեմքս բացեցի ու քթիս կողքով դանդաղ սահող սառնություն զգացի:

Բանկոմատից փող հանելիս զգացի, որ շունչս կտրվում է: Ինչպես միշտ, ինձնից հետո սպասողը չափից դուրս մոտ էր կանգնել: Անցյալ տարի մեր ամերիկուհի դասախոսը փորձեց ցույց տալ տարբեր մշակույթների անձնական տարածությունները՝ պնդելով, որ հայկականը բավական փոքր է: Մեզ կանգնացրեց իրար դիմաց և պատվիրեց մեկական քայլերով առաջ գալ այնքան, մինչև զգանք, որ ճնշվում ենք: Ամենաշուտը ես հանձնվեցի: Դասախոսս զարմացավ. ամերիկացիներից բեթար էի:

Հասա Մոսկովյան այգի: Ծալապատիկ համարվեցի նստարաններից մեկին ու սկսեցի գրել: Մարդիկ ինձ թարս են նայում: Տղաները ծաղրում են: Քիչ անց վեր կկենամ, բայց մենակությունս չի կորչի, որովհետև այսօր հեռախոսս լռելու է:

Նարդի խաղացողի արձանը: Ձեռքս դնում եմ նրա ուսին: Լավ մնա, եղբայր: Քեզ հաճելի հանգիստ:

StrangeLittleGirl
27.11.2010, 01:56
Նենց եմ զարմանում մարդկանց կարմիրկովության վրա: Ախր է՞դ աստիճանի չփոխվել: Էն էլ յոթ տարվա ընթացքում... Դաժան դեպք ա:

StrangeLittleGirl
10.12.2010, 01:21
Հաճախ պատահում է, որ երբ ինչ-որ մեկից երկար ժամանակ լուր չեմ ունենում, մեկ էլ հանդիպում ենք, միանգամից ասում է.
- Էս դու դեռ Հայաստանու՞մ ես:
Ընդհանրապես, դպրոցն ավարտելուց հետո շատերն են թյուրիմացաբար կարծել, թե այլևս Հայաստանում չեմ ապրում: Նույն պատճառով մեր դպրոցի 100-ամյակին ներկա չեմ գտնվել: Դասարանցուս խնդրել են, որ հրավիրատոմս ինձ փոխանցի, ասել է՝ Հայաստանում չեմ: Չգիտեմ՝ դիտմամբ է արել, թե իսկապես այդպես է կարծել... Հետո էլ շատ-շատ ուրիշ ընկերներ այնքան վստահ են եղել, որ այստեղ չեմ, որ անհրաժեշտության դեպքում չեն էլ փորձել ինձ գտնել:

Շատերն ասում են՝ դու Հայաստանի բան չես, պիտի գնաս: Չգիտեմ՝ որ հատկանիշներս են նրանց ստիպել այդպես մտածել, բայց պիտի հիասթափացնեմ. հենց ես եմ Հայաստանի բան: Թող բոլոր կաշառակերները, տակ փորողները, լևի գործ անողները, իրար գցողները, օտարալեզու դպրոցների բացման մասին երազողները, հայերից զզվողները հեռանան այստեղից, որ ես հանգիստ կառուցեմ իմ երազած երկիրը:

Հ.Գ. Հեռանալու եմ... ցավոք սրտի:

StrangeLittleGirl
21.12.2010, 22:50
Երեկվա անջատված, տրաքած ու անտրամադիր վիճակից հետո տրամաբանական կլիներ, որ այսօր էլ նույնը կրկնվեր, քանի որ լիալուսինն այդպես էլ չթողեց քնել. ամեն անգամ աչքերս փակելիս թվում էր՝ ինչ-որ ճնշող հայացք կա մարմնիս վրա: Վեր էի թռնում, պատուհանից դուրս նայում, տեսնում լուսնի անկենդան դեմքը, մտմտում. «վերջին 456 տարվա ամենամութ գիշերը» ու քնում՝ երազելով լուսաբացի մասին, երբ լուսնի լույսն այդքան ճնշող չի լինի:

Իսկ այսօր քնկոտ չէի, ոչ էլ անջատված, ոչ էլ անտրամադիր: Բոլոր զգայարաններս մի տեսակ սրվել էին, ու սկսել էի կարոտել: Դյուրասի գիրքն էլ պայուսակիս մեջ: Երևի նրանից վարակվեցի, որովհետև երևում էր՝ նա էլ էր կարոտում:

Լեզուների ամբիոնում: Ֆրանսերենի գրավորիս գնահատականն եմ իմանում: 49 ճիշտ պատասխան: Դասախոսը՝ մի պուճուր սխալ ես արել: Ծիծաղում եմ: Առանց դրա ես ես չէի լինի: Գիտեմ,- ասում եմ,- անուղղելի եմ: Հիմար սխալ: Գիտեի, որ կանեմ գրելուց առաջ: Գիտեի նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չէին հայտնել, որ ֆրանսերենից գրավոր պիտի գրենք: Գիտեի դեռ տասներորդ դասարանում, երբ ֆիզիկայի քննությունից զարմանալիորեն «20» ստացա: Իսկ այդ մեկը չգիտեի. «19-ի» էի սպասում:

Սենյակում է նաև իսպաներենի դասախոսս: Ինձ չի տեսել: Կանչում եմ: Շրջվում է: Կարոտել եմ: Իսպաներենի դասերը: Վեցերորդ կուրս: Փախուստ պետականներից: Փախուստ իրականությունից: Իսպաներեն չաչանակությունները: Բեբեն:

Ընթերցասրահում հանդիպում եմ Աննային: Ինֆեկցիոն է կարդում: Հիշեցի, թե ինչպես էինք պարապում: Անիծելով ամբիոնի վարիչին: Լեգենդներ հյուսելով: Կատակելով: Իսկ գրադարանավարուհին մեզ ուղղակի վռնդում էր ընթերցասրահից:

Թեսթիում Լիլյան սպասում է ինձ: Միասին թարգմանում ենք սլայդները: Կարոտում եմ միասին պարապելը: Կարոտում եմ ուսանող լինելը: Կարոտում եմ քննություն ունենալը: Ասենք, հիմա էլ կան, բայց դրանք քո մասնագիտականն են, այն շրջանակներում, որտեղ եղել ես ամիսներ շարունակ, հետևաբար առավոտից երեկո պարապելու կարիք չունես: Սառը սուրճը և սնիկերսը, որ գնում էի ամեն առավոտ Կառայի բուդկայից թերապիայի քննությանը պատրաստվելիս: Լիտրերով կոկա-կոլան, որ ես ու Մաշկան դատարկում էինք, որ պաթֆիզը հասցնենք: Դաշնամուրը ֆիզիկայի քննությունից առաջ...

Հետո Նազը: Ընթերցասրահում չաչանակում ենք: Վաղուց արդեն այնտեղ ոչ թե պարապում ենք, այլ հանդիպում: Էլ չեմ պատկերացնում գրքերի մեջ կորած Բյուրին ու Մաշկային: Հիմա ուրիշներն են մեր տեղերում նստած, իսկ մենք այն խանգարողներն ենք, որոնք մի ժամանակ ահավոր անտանելի էին քննության նախօրեին:

Տանը: Ֆեյսբուքում: Վահեն պաթանատի նկարչությամբ է զբաղված: Իմ դարակում մի տուփ գրեթե չօգտագործած գունավոր մատիտներ կան, որոնք մայրս գնել էր պաթանատը նոր-նոր սկսելիս: Իսկ ես էդպես էլ էդ առարկան չսիրեցի ու կարգին չնկարեցի: Դասախոսից էր: Հիշեցի հիստը: Գունավոր մատիտներս, որոնցից օգտվում էր ամբողջ խումբը: Վարդագույնը, որը մի գեղեցիկ օր վերջացավ:

Հիշեցի ուսանողական տարիներս ու մի տեսակ կարոտեցի:

StrangeLittleGirl
31.12.2010, 20:51
- Գնացի: 2010-ի խոսակցությունները համարենք ավարտված:
- Գնա: Կտեսնվենք ամսի 10-ից հետո:
- Մաղթում եմ, որ դիմանաս էդքան:
- Դու կդիմանա՞ս:
- Ես արդեն չեմ դիմանում:
- Ես էլ... 2011-ի համար մաղթում եմ, որ իրար էսքան չկարոտենք:
- ...Ու որ ամառը շուտ գա, որ Թումանյանի այգում իրար հասկանանք:

Գնաց: Իսկ ես մտածում եմ մեր պլաստմասայե հարաբերությունների մասին ու արդեն հասկանում, որ 2011-ը լինելու է առանց նրա:

StrangeLittleGirl
13.01.2011, 22:48
Նվիրվում է դիջեյ Մադամոյին

Քաղաքների մասին գրելը սիրածս գործն է: Թողնեն, Պրահայի, Վիեննայի, Ամստերդամի, Սևիլյայի մասին ժամերով թուղթ կմրոտեմ ու չեմ հոգնի: Բայց այ, երբ բանը հասնում է Փարիզին, որի մասին երևի ավելի շատ գեղարվեստական ու վավերագրական գրականություն կա, քան աշխարհի մնացած բոլոր քաղաքները միասին վերցված, դադարում է ուղեղիցս դեպի մատներս բառերի հոսքը ու այնքան անօգնական եմ դառնում, որ թվում է՝ մտածում եմ մի լեզվով, որը հեռու է մայրենիս լինելուց:

Իմ Փարիզը չեք գտնի գրքերում կամ ֆիլմերում, չեք տեսնի նույնիսկ ձեր սեփական աչքերով, որովհետև այն ստեղծվել էր իմ սեփական երևակայական աշխարհում՝ շղթայված տատիկի խստությամբ և անչափահասի անճարությամբ: Այնտեղ չկա Պիաֆը, չկան Հեմինգուեյի սրճարանները և ագռավի թևի նմանվող սանրվածքով աղջիկը, հազիվ մի կտոր հացի փող վաստակող նկարիչները, Քվազիմոդոն ու Էսմերալդան: Չկան նույնիսկ աղքատ ուսանողները: Այնտեղ միայն ես եմ իմ փոքրիկ սենյակով, Սառա ՄաքԼաքլանի երաժշտությամբ, Երևանի մասին երազանքներով ու «Մատանիների տիրակալը» կիսատ գրքով, որն այն ժամանակ դեռ չէր էկրանավորվել, ու Հայաստանում մատների վրա կարելի էր հաշվել Տոլկիենի անունը լսածներին: Փարիզը փոքրիկ մտավոր հետամնացն էր, որը սեղանիս թաքուն մի տուփ շոկոլադ էր դրել, երբ ես քնած էի:

Աչքիս առաջ է Նոր տարվա գիշերը: Մի խումբ ֆրանսախոս տատիկներ ու ես՝ երազելով Փարիզի կենտրոնում լինելու մասին: Դիմավորում ենք 21-րդ դարը: Սեղանին՝ հում խխունջ, որից սիրտս խառնում է: Կեսգիշեր է: Տատիկները բաժակները խփում են: Մի կում խմում եմ: Քունս տանում է: Տատիկները պարում են: Հինգ րոպե անց արդեն անկողնում եմ:

Նորից հիշում եմ տատիկիս, որը թույլ չէր տալիս քաղաքում մենակ տեղաշարժվել, որը թույլ չէր տալիս սեղանից ինքնուրույն օգտվել, որը թույլ չէր տալիս ինքնուրույն գնումներ կատարել, որը թույլ չէր տալիս Դիսնեյլենդում ինքնուրույն կարուսել նստել: Գալիս էր հետս, հետո վախեցած ու վատացած արտաբերում. «Էս ինչ սարսափելի բան էր»: Թույլ չէր տալիս, բայց արել եմ բոլորը, հետո փնթփնթոցի արժանացել. տատիկս ինձ վրա չէր ջղայնանում:

Դալիի թանգարանը, որտեղ հազիվ համոզեցի, որ գնանք: Երջանիկ եմ, որ կարողացա:

Փարիզի համն առա մի շաբաթ-կիրակի, երբ հակառակ տատիկիս կամքին, մեն-մենակ մետրո նստեցի ու գնացի մորս ընկերուհու մոտ: Նրանց տունը՝ իսկական Փարիզյան, հենց Էյֆելյան աշտարակի քթի տակ, մայրը՝ իսկական տարիքն առած փարիզուհի: Նիհար էր, նրբիկ, իսկ ծնոտն այնպես ձևափոխված, ինչպես լինում է միայն ֆրանսիացիների մոտ իրենց դժվարարտասանելի լեզուն արտաբերելու համար: Ճաշը՝ բաղկացած արյունոտ մսից ու խաշած, անհամ լոբուց: Վրայից՝ հանքային ջուր:

Մեր երեքժամյա զբոսանքը Փարիզի փողոցներում, որի մասին հետո տատիկս կասեր. «Առանձնապես ոչինչ չեք արել», իսկ ես օրագրիս մեջ կարձանագրեի. «Սա առաջին անգամն էր, որ հենց ինքը՝ Փարիզը, ինձ իսկապես հաճույք պատճառեց»:

Հետո՝ Երևան, կարոտած ընկերներս ու ամիսներ շարունակ գիշերային մղձավանջներ, թե՝ Փարիզում եմ: Արթնանում եմ, հանգիստ շունչ քաշում. տանն եմ, բայց նաև տխրում:

Տարիներ անց՝ Հեմինգուեյը և «Տոն, որը միշտ քեզ հետ է» գիրքը: Նորից Փարիզում հայտնվելու ցանկություն: Ֆրանսերենի դասերի վերսկսում: Փնտրում եմ Փարիզը ամենուր: Սևիլյայի սրճարանը, որտեղ գուցե Հեմինգուեյն առավոտյան սուրճ է խմել: Ուտրեխտի կապուչինոյի բույրը: Լոնդոնի քրուասանները: Փարիզը, որը չկա: Մի օր նորից գնալու եմ այնտեղ: Լինելու եմ մենակ կամ իմ խելքի մի խելառի հետ: Խոսելու եմ ֆրանսերեն: Թող չհասկանան:

StrangeLittleGirl
18.01.2011, 02:13
Հարցեր, որոնք երբ լսում եմ, կափարիչս թռնում է.
Ու՞մ հետ ես ապրում:
Ի՞նչ ապագա պլաններ ունես:
Ու լիքը հարցեր հոգեբուժության հետ կապված:

StrangeLittleGirl
20.02.2011, 20:07
Մարդիկ սպասում են ինձնից... Սպասում են, որ պիտի տվայտվեմ, լացեմ, կյանքից դժգոհեմ, տառապեմ: Ախր ինչի՞ համար: Ու զարմանում են պատասխան ստանալիս: Կարծում են՝ անկեղծ չեմ: Գլուխս չի մտնում. մեր օրերում պարտադիր պայմա՞ն է դժբախտ լինելը: Եթե այո, ապա, կներեք, ես ձեր պարտադիր պայմաններին չեմ բավարարում:

StrangeLittleGirl
22.02.2011, 00:56
Մտածում եմ՝ ոնց անեմ, որ բելգիացիներն ինձ չընտրեն: Վերջը գտա. հարցազրույցի ժամանակ կասեմ, որ Ամելի Նոթոմբ եմ կարդում:

StrangeLittleGirl
02.03.2011, 09:56
Դեռ անցյալ գիշեր, երբ տանջվում էի, որ աչքերս փակվեն, չնայած պառկել էի իմ սովորական ժամին, երազում էի այն առավոտների մասին, երբ արթնանում էի տնից դուրս գալուց շատ առաջ, առավոտս անցկացնում մի բաժակ սուրճի հետ ինչ-որ բան գրելով: Մի տեսակ կախարդական բան կար դրա մեջ:

Իսկ այս առավոտ երեկվա նման սրտիս զարկերն ավելի բարձր էին, քան զարթուցչի ձայնը, սակայն այս անգամ չկարողացա բռնի ուժով ստիպել ինձ երկար քնել: Անհանգստություն չէր: Երեկ դեռ փորձում էի ամբողջ ուժով մերժել, իսկ այսօր արդեն ընդունեցի. գարունը եկել է:

Հիմա նստած եմ սուրճի ու երաժշտության հետ ու հիշում եմ իմ ազատագրման առավոտները, երբ երեք տարի առաջ արթնանում էի ոտքից գլուխ երջանիկ զգալով, որովհետև շղթաներս հետևում էի թողել:

Վաղուց արդեն շղթաներ չունեմ, բայց վաղուց երազում էի նաև սրտխփոցով արթնանալու մասին:

Զգույշ երազեք. երբեմն իրականություն է դառնում:

Բարի լույս

StrangeLittleGirl
04.03.2011, 01:26
Ֆրանսերենի դասախոսի հարցին, թե արդյոք երջանիկ եմ, առանց երկար-բարակ մտածելու պատասխանեցի՝ այո, իհարկե, երջանիկ եմ: Վախվորած սկսեցի սպասել հարձակումների, ինչպես սովորաբար լինում է նման հայտարարություններ անելուց հետո, ու սովորաբար ամենածանր մեղադրանքն ինքնախաբեությունն է լինում, բայց, ի զարմանս ինձ, լսեցի.
- Երևում է նրա դեմքից:

Իմ գարնանային հորմոնները ոչ թե սիրահարվելու, այլ ուղղակի երջանիկ լինելու վրա են ծախսվում:

Դրսում օդը սառն էր, ու ցուրտը ներխուժում էր յուրաքանչյուր մազարմատիս մեջ: Թվում էր՝ գլխիս վրա փոքրիկ սառցե գնդիկներ էին գոյացել, բայց դրանք ներվերիս վրա չէին ազդում, ինչպես կլիներ, եթե սովորական զզվելի ձմեռային օր լիներ:

Երթուղայինի պատուհանից նայեցի, ու Երևանն էր շատ սիրուն: Մութը դեռ չէր ընկել, բայց փողոցների լույսերն արդեն վառվում էին: Առաջին միտքս նկարելն էր, երկրորդը՝ էնտեղ կանգնել չի լինի, երրորդը՝ Ռուզանը պիտի սա տեսներ, իսկ հետո արդեն երթուղայինն անցավ:

Կիսամութն ու գիշերային լույսերով ողողված պողոտայի ակնթարթային պատկերն ինձ պարտադրեցին, որ վերանայեմ որոշումս... Իսկ գուցե ոչ մի տեղ էլ չգնամ, ու սեպտեմբերին, ինչպես այսօր, Զեյթունից իջնելիս նորից նայեմ Երևանին ու ափսոսամ որոշումս (չ)փոխելու համար...

Երջանկությունը գնահատում ես, երբ արդեն անցած է լինում... Մոտավորապես էսպիսի տող կար էսօրվա տեքստում: Իսկ ես առաջվա պես քամում եմ կյանքի յուրաքանչյուր վայրկյանը՝ վախենալով, որ մի օր երջանկությունը կավարտվի:

Իսկ տանը... Օլգայի նամակին պատասխանեցի՝ նորից խեղդվելով ծանր որոշումից առաջ, հասկանալով, որ որն էլ ընտրեմ, հետո փոշմանելու եմ, որովհետև հետդարձի ճամփան հարթ չի լինի:

Իսկ տանը... Ռուզ... Մի երգ, որն ինձ շուռ տվեց, խառնշտորեց, հույզերս ամենաբարձրի վրա միացրեց (մի վիճակ, երբ գրելս գալիս է, իսկ ասելիք չեմ ունենում), ու անընդհատ անջատված կրկնում էի մի տող. Mieux vaut pleurer de rien que de rire de tout: Եվ ոչնչից ծնված արցունքներն անիմաստ գլորվում էին ներքև:

Հետո նույն երգի մի ուրիշ տարբերակը, որի մասին ընկերներիցս մեկը կասի՝ սիրուն երկիր ունեն, իսկ ես հանկարծ Սևիլյայի շոգը կզգամ, ու կարոտը կսկսի ծակծկել մաշկս... հա, մաշկս, որովհետև իմ հույզերը մաշկովս եմ զգում, ոչ թե սրտով: Քաղաքս, որտեղ վերջնականապես ազատագրվեցի երկու տարի տևած գեշ հիվանդությունից, Հեմինգուեյն ու լիմոնով կոլան: No puedo (չեմ կարող) արտահայտությունը հավերժ գրողի ծոցն ուղարկելու պատրաստակամությունս, կտրտած մկները, միջանցքում գետնին շարվելն ու տեկիլա խմելը... Երեկոյան քամին վերջին օրերին, հանկարծակի շուխուռով անձրևը՝ ոչ սովորական երևույթ Սևիլյայի ամառների համար, դեմքս հպած Սևիլյայից Մադրիդ մեկնող ավտոբուսին: Քաղաքը չքացավ, գնաց, մնաց իմ հիշողություններում և երազներում:

Մի անգամ ասել եմ, որ արմատներս աշխարհով մեկ շաղ տված են. պիտի ճամփորդեմ, որ իրար գլխի հավաքեմ:

StrangeLittleGirl
07.03.2011, 03:36
Փորփրում եմ կոմպիս «Պատմվածքներ» կոչվող պապկան: Մեջը լիքը կիսատ գործեր կան: Կարդում-կարդում եմ, հիանում գրածովս, ընթացքում մտածում՝ էսօր վերջը կգրեմ, բայց հենց հասնում եմ վերջին տողին, կանգնում եմ ու զգում, որ չեմ կարող նույն որակով շարունակել: Նույնիսկ երեկ գրած կես էջանոց բարբաջանքս դուրս էկավ, բայց էլի կիսատ էր ու էլի չշարունակվող: Վերջին անգամ ավարտուն պատմվածք գրել եմ մոտ երեք տարի առաջ, այն էլ՝ Վիոլետի դրդմամբ, որ «Ինքնագրում» տպվի: Դրանցից մեկն ընդհանրապես չպիտի պատմվածք դառնար, իսկ մյուսը տենց էլ կիսատ կմնար, չնայած ավարտելուց հետո էլ իմ ուզածով չէր:

Հիմա չեմ հասկանում՝ ինչն է ինձ պակասում, որ վերջացնեմ դրանք, չնայած գրելու ցանկությունը վերջին օրերին ինձ ուտում է: Իսկ կիսատ թողնել չեմ ուզում. ափսոս են: Միայն մի բան գիտեմ. օրդինատուրան ավարտելուց հետո էս երկու տարիների մասին վիպակ եմ գրելու: Նյութերը կան, պետք է հավաքել ու կապել իրար: Ու թքած, թե հետո ինչ կմտածեն: Արդեն շատ հեռու կլինեմ:

StrangeLittleGirl
24.03.2011, 22:02
Մաս 1. Նորքը

Կանգնած եմ այն նույն հայելու առաջ, որը մոտ մեկուկես տարի առաջ տեսավ բոլորից թաքուն պահած արցունքներս: Նորից սպիտակ խալաթով եմ ու ժպտում եմ: Պատուհանից այն կողմ արևը շողում է, բայց քիչ առաջ ձյուն էր գալիս: Ակնթարթային, կարճատև, որն անհետացավ ավելի շուտ, քան կհասցնեինք բողոքել, թե՝ ձմեռը նորից եկավ:

Թքած ցրտի վրա: Թքած 5-10 րոպե ավելի շատ ծախսելու վրա: Պիտի էսօր ոտքով իջնեմ, որովհետև կարոտել եմ Նորքս, որովհետև դեռ երեկ նկատեցի, որ անողոքաբար դավաճանում եմ, որովհետև սկսեցի հասկանալ, որ ինձ հաշված օրեր են մնացել, ու առաջվա անհամբեր սպասելու վիճակին փոխարինելու եկավ ամեն վայրկյանը վայելելու ձգտումը:

Դուրս եմ գալիս հոգեբուժարանի դարպասներից: Խորը շունչ եմ քաշում: Օդը սառն է ու թարմ: Երևանում շնչել չի լինում, Նորքում ստացվում է: Երկինքը պարզ է, ու քաղաքն աչքիս առաջ՝ մի բուռ դարձած, ոնց որ յուղանկար, տանիքներն էլ փայլում են: Վերևի պարսպից միաչքանի կատուն ինձ է նայում: Խորը շունչ: Ռադիոյով Մելոդի Գարդոյի նուրբ ձայնն է: Աչքերս փակում եմ, ինչպես սովորաբար անում եմ Նորքով քայլելիս, որ թաղամասն ավելի լավ զգամ:

Իմ առջև բացվում են Ռուզանի նկատած մուլեն ռուժերը, որոնց մոտով անցել էի դեռ 2004-ի սեպտեմբերից սկսած, անցել էի արցունքն աչքերիս ու մեն-մենակ կամ ընկերներիս հետ ուրախ կատակելով, քայլել էի օրդինատուրայիս առաջին օրերին՝ երազելով Հայաստանից հեռանալու մասին: Մի խոսքով, այնտեղ եղել էի ինչքան ասես, բայց երբևէ չէի նկատել չաշխատող հայկական մուլեն ռուժերը:

Քիչ այն կողմ դեպրեսիայի պատուհանն է, որտեղից նայել եմ երկար, անջատված, չուզենալով հեռանալ: Այսօր տեսնում եմ հայկական Էյֆելյան աշտարակը, որը շատ տարիներ առաջ դեռ եղբայրս էր նկատել, երբ Պրահայից նոր էինք վերադարձել. «Մամ, էս Էյֆելյան աշտարա՞կն ա»: Եվ այն Ռուզանի աչքից էլ չէր վրիպել:

Նորքը, իմ սիրելի Նորքը, որից կպոկվեմ շուտով անկախ նրանից, թե աշխարհի, Հայաստանի, նույնիսկ Երևանի որ ծայրում կգտնվեմ, իմ մենության ընկերը, իմ բոլոր մտատանջությունների ականատեսը, վիրավորանքներս հետս կիսողը, Երևանի ամենահամով թաղամասը…

Թևերս տարածում եմ ու վազում դեպի ներքև: Թվում է՝ թռչում եմ: Ազատ եմ: Եվ շուտով այնտեղ եմ՝ ներքևում՝ քաղաքի կենտրոնում:

Մաս 2. Կենտրոնը
Հերացու աղմուկից հասկանում ես, որ Նորքն արդեն հեռվում է՝ սարի վրա: Փողոցն անցնում եմ կամրջով: Սիրում եմ բարձրանալ՝ ամեն անգամ սպասելով, որ վերևից կտեսնեմ քաղաքն ու ամեն անգամ հիասթափվելով իմ կարճ բոյից: Սիրում եմ կանգ առնել ու դեմքով շոշափել կամրջի վրայով շրջող քամին: Իսկ այսօր այնտեղ ծաղիկներ չկային: Դեռ շու՞տ է, թե՞ քաղաքապետն է փոխվել:
- Բյուր, շուտ հասար,- կզարմանա Մարիան, երբ իմանա, որ Նորքից ոտքով եմ իջել: Մոռացել է, որ դեռ ուսանող ժամանակ երթուղային նստող տղաներից շուտ էինք հասնում, որ Նորքն այնքան հեռու չէ, որքան շատերը կարծում են՝ դատելով ոլոր-մոլոր ճանապարհներից:

Ես ու Մաշկան դուրս ենք գալիս համալսարանից ու քայլում Աբովյան փողոցն ի վար:
- Բյուր, անցնենք փողոցը. էնտեղ արև կա:
- Ըհը, համ էլ որ հետաքրքիր լինի. էրեկ էս մայթով իջել ենք:
Քաղաքն աշխույժ է, երկուսս էլ նկատում ենք: Չէ, պարսիկները չեն: Ռուսներն էլ: Քաղաքը լցվել է Աբովյան փողոց, ու քայլելը դժվարացել է:
- Մաշ, դուրս են էկել իրանց ձվաբջիջներին տեր կանգնելու:

(մասնագիտական հումոր. ծիծաղեցինք)
Հրապարակ շուտ հասանք. մինչև դասս կես ժամ ունեի:
- Ստեղից հեռու չգնանք. էլ հետաքրքիր չի:
Նայում եմ երկնքին: Անվերջ կնայեի: Ամպերն ասես իմպրեսիոնիստական նկարից փախած լինեն:
- Մաշ, նայի՝ ամպերն ինչ սիրուն են:
Մաշկան պատասխանեց.
- Մրսում եմ, գնանք թեյ խմելու:

Մաս 3. Քաղաքը վերևից
Մտնում եմ լսարան, պատուհանը բացում ու չեմ կարողանում հեռանալ: Հինգերորդ հարկից նայում եմ ներքև: Սկզբում՝ աղբանոց, հետո՝ քաղաքը հեռվից, քաղաքը ներքևում: Կանգնում եմ երկար, շունչս կտրվում է, բայց ոչ վախից, ոչ այնպես, ինչպես լինում է գիպսոֆոբիա ունեցողների մոտ: Հայացքս մնում է այնտեղ՝ ներքևում, քաղաքի վրա: Եվ բազմաշերտ, գունավոր ամպերը դեռ լողում են. շուտով կմթնի:

Քաղաքին նայում եմ նաև միջանցքի պատուհանից, որը սկսվում է գետնից, բարձրանում վեր: Պատին ամրացված մարդաբոյ նկար է, Մայր Հայաստանը՝ ստվերների մեջ:

38 համարում պատուհանի կողքի տեղը զբաղված էր, իսկ ես էսպես թե էնպես երկու տրանսպորտ եմ փոխելու. 19-ի հույսին չեմ մնում: Մութը դեռ լրիվ չի ընկել, բայց քաղաքի լույսերն արդեն փայլում են: Ռադիոյով Muse-ն է, իմ մյուզը, իսկ ես գիտեմ, որ շուտով պիտի գրեմ: Վայրկյաններ անց հեռախոսս զանգում է, ու սիրուն երգն ընդհատվում է: Ջղայնություն: Երգը տանն ունեմ, կարող եմ հազար անգամ լսել, բայց ռադիոյով լսելու հաճույքը ոչ ոք չի կարող հասկանալ: Կարճ կապեցի: Muse-ն ավարտվել է, իսկ ռադիոն շուտով կսկսի խշշալ: Դա այն փոքրիկ հատվածն է, որտեղից երևում է լույսերի մեջ թաղված Երևանը, այն միակ ակնթարթները, որոնք ինձ ստիպում են ուզենալ Հայաստանում մնալ: Ռադիոն խշշում է, իսկ Երևանը բացվել է իմ առաջ:

60 համարով հասա տուն: Գիրքս չհասցրի բացել:

StrangeLittleGirl
27.03.2011, 12:58
Ամպեր, ամպեր եմ ուզում: Մենակ ե՞ս էի խելագարվել վերջին երկու օրերի ամպերի տեսքից: Մենակ ե՞ս էի չտեսի նման հայացքս հառում երկնքին՝ չուզենալով մի վայրկյան անգամ կտրվել, ինչպես որձերն են գարնանը նայում երկարոտն էգերին:

Առավոտը բացվեց նաև իմ սենյակում, բացվեց ավելի շուտ, քան զարթուցիչս կհիշեր, որ արթնանալու ժամանակն է: Խանդավարագույրից դուրս նայեցի: Երկինքը պարզ էր: Ոչ մի ամպ: Բաց թողեցի նրանց անմահացնելու հնարավորությունը:
Գնում ենք Նորք: Պայծառ է: Առաջին անգամ եմ ոչ աշխատանքային օրով էնտեղ հայտնվում: Ես ու Լիզան ավարտում ենք վերջին հիվանդի թեստավորումը:
- Չեմ հավատում, պրծանք... Էս թրջելու թեմա ա:
Թրջել... arroser... անմիջապես ֆրանսերեն շատ ստույգ համարժեքը հիշեցի:

«Թրջում» ենք թեյի կոկտեյլով: Դրանով թրջվել է նաև Սոնայի մակբուքը: Հետո, երբ ալկոհոլը խփել էր գլխներիս, գրեյփֆրութի կեղևներով ջրիկ նկարներ էինք անում:

Ես ու Լիզան էլ նույնից խմեցինք ու հանգեցինք, հետո՝ ամեն մեկս մեր ուղղությունով:

(բաց եմ թողնում այս հատվածը, որովհետև այն մեծ ցավ պատճառեց, ու ցնցվեցի՝ նկատելով սարսափելի նմանությունը. ասես հարություն էր առել)

Մոտենում է միկրոֆոնով զինված լրագրողը, որն այնպես է ստացվում, որ նաև մորս ընկերուհին է: Հարցնում է՝ ֆուտբոլ նայելու՞ եմ: Միանգամից՝ չէ: Բա՞: Հեքիաթի եմ գնալու: Չես անցել տարիքից: Հա, չեմ անցել:


Մորս հետ ոտքով գնում էի տուն: Երևի բախտս բերեց, որ էսօր ֆուտբոլ կար, ու փողոցները փակ էին, այլապես մորս ոչ մի կերպ չէի կարողանա համոզել քայլել:

Բարձրանում ենք Այգեստանի դիքերով: Բարձունքի վրա մեր դպրոցն է երևում:
- Մամ, քեզ կյանքում չեմ ների, որ մեզ էս դպրոցը տարար:
- Իսկ ամբողջ կյանքում շնորհակալ կլինե՞ս, որ բրիտանական դպրոց ես գնացել:
- Չէ, դրա համար էլ չեմ ների, որ հետ էկանք:
Երևում է՝ մայրս նեղացավ: Իսկ ես, հիշելով դպրոցական տարիներս, ուղղակի զարմանում եմ, թե ինչպես է պատահել, որ հոգեկան տրավմա չեմ ստացել:

Ե՞րբ եմ վերջին անգամ Այգեստանի դիքերով բարձրացել:
- Որ դասից փախնում էինք, գալիս էինք էս կողմերը: Մի հատ խոսող թութակ կար, գժվացնում էինք:
Հասանք մեր դպրոցին: Հազվադեպ եմ այդ կողմերում լինում, բայց ամեն անգամ սիրտս կանգնում է՝ տեսնելով վերևի գրությունը. «Դպրոցը մեր տունն է, մեր կյանքի ուղին»:

Գալիս է հեքիաթի ժամը: Ուրախ եմ, որ հանրապետական մարզադաշտի մոտ ենք ապրում: Ուրախ եմ, որ փողոցները փակ են, որովհետև ոտքով կանցնեմ այն ճանապարհը, որը պատանեկան տարիներին գրեթե ամեն օր էի կտրում, իսկ վերջերս էնքան հազվադեպ եմ լինում էդ կողմերում, որ զարմանում եմ ամեն մի նորամուծության վրա:

Իսկ քաղաքն աշխույժ է, քաղաքը գնում է ֆուտբոլ նայելու: Լիքը եռագույններ: Գժվելու բան է: Հեչ ոնց որ Երևանը չլինի: Քայլում եմ մարդկանց հոսքին հակառակ, ժամանակ առ ժամանակ կանգնում ու զմայլվում: Սիրում եմ, երբ Երևանն էսքան գիժ է լինում: Ափսոս՝ հազվադեպ:

Հեքիաթները... Որքան ձանձրացա նախորդի ժամանակ, նույնքան մեծ հաճույքով այսօրվանը լսեցի: Հետաքրքիր էին, կլանիչ, հեքիաթասացը՝ իսկական ֆրանսուհի, ժամանակ առ ժամանակ երգում էր: Երբեմն թվում էր՝ Զազն է իմ առաջ նստած, ու անընդհատ սպասում էի, որ պիտի երգի ինձ ծանոթ մի մեղեդի: Լեզուն հստակ էր, հասկանալի: Հաճույք էի ստանում, երբ օգտագործում էր իմ իմացած փախած բառերից: Իսկ ամենախոխմն էն էր, որ հատ-հատ հիշում էի, թե դրանցից յուրաքանչյուրը երբ և ինչ պայմաններում եմ սովորել: Ֆրանսերենն այդպես է. էն աստիճանի գիտակցական տարիքում եմ սկսել սովորել, որ յուրաքանչյուր բառը ոնց որ մի խազ լինի ուղեղիս վրա, ու միշտ զգում եմ, թե դրանք ոնց են առաջանում:

Հեքիաթից հետո պիտի Սոնայենց տուն գնամ: Կանգառում եմ: Գլխիս մեջ Զազն է: Հազար հոգի երգել է այս երգը, բայց իմ ականջներում հենց Զազի ձայնն է:

Mieux vaut ne penser à rien
Que ne pas penser du tout
(Ավելի լավ է ոչնչի մասին մտածել,
Քան ընդհանրապես չմտածել)

Չէ, Սոնայենց գնալու ցանկություն չունեմ: Ուզում եմ թափառել, գնալ ուր աչքս կտրի: Թափառել, զվռնել, իսկ ես հիշում եմ ֆրանսերեն բոլոր հոմանիշները. se balader, errer, déambuler, flâner... Ամեն մեկը մի-մի խազ ուղեղիս վրա: Ուզում եմ հայտնվել որևէ բարձր տեղում, վերևից նայել քաղաքին նենց, որ շունչս կտրվի: Մեն-մենակ քաղաքը չափչփել եմ ուզում: Բայց մի կերպ հաղթահարում եմ ցանկությունս ու տեղավորվում դեպի Մասիվ գնացող ավտոբուսի մեջ: Բացում եմ նորից Կունդերան, որը վերջացնելու երջանկությունը դեռ հեռվում է, որովհետև կարդալու միակ տեղը հասարակական տրանսպորտն է, այն էլ՝ ոչ միշտ:

Մասիվում: Քայլում եմ դեպի Սոնայենց շենք: Ռադիոյով Շերիլ Քրոուն է: Երգում եմ բարձրաձայն, թևերս տարածում եմ, վազում, պտտվում: Թքած, թե մարդիկ նայում են: Շերիլ Քրոուն՝ իմ հին տարիների երգչուհին, որին վաղուց մոռացության եմ մատնել:

Hello, it's me, I'm not at home
If you'd like to reach me, leave me alone
(Բարև, ես եմ, տանը չեմ,
Եթե ուզում ես հասնել ինձ, ինձ հանգիստ թող)

Իսկ վեցերորդ հարկի բարձունքից մթնող քաղաքն էր ու լույսերը: Էլի շունչ կտրող տեսարան:

Վերադարձին երթուղայինի մեջ: Իմ ընկերուհի Թերեզան մնաց կանգառում, իսկ Կունդերայի Թերեզան նայում է Վլտավային: Ռադիոյով նորից Շերիլ Քրոուն է, ու ես երգում եմ.
I'm gonna soak up the sun
Gonna tell everyone to lighten up

Ու թքած, թե մարդիկ ինձ են նայում:

Եվս երկու քայլ, ու տանը կլինեմ: Ռադիոյով Թոնի Բրեքսթոնի երգի ռոքային վերակատարումն է: Թեև երբևէ չեմ սիրել, բայց Պրահայում ապրելու տարիներին, հետո էլ Երևանում էնքան էին բռնաբարել դրանով, որ անգիր գիտեի, ու հաճույքով ձայնակցում եմ երգողներին: Մեկ էլ լսեմ՝ մի ուրիշ ձայն էլ է միանում. Հայկն էր եթերում: Լսում եմ նրան, հետո՝ գովազդ, հետո անջատում եմ ռադիոն: Արդեն տանն եմ:

Վերջերս շատ եմ գրում: Գրում եմ, որ չմոռանամ:

StrangeLittleGirl
02.04.2011, 01:05
Հենց ընկերներս սկսում են մեղադրական տոնով խոսել հետս, հասկանում եմ, որ նրանցից հրաժարվելու ժամանակն է:
Հակառակն էլ կա. հենց սկսում եմ մեղադրել ընկերներիս, ժամանակն է, որ նրանք ինձնից հրաժարվեն:

StrangeLittleGirl
11.04.2011, 09:42
Աչքերս բացեցի: Դրսում՝ անձրև: Երեկ էլ էր այդպես: Դեմքս հպել էի երթուղայինի ապակուն ու ռադիոյով լսում էի.

Это всё, что остaнется после меня,
Это всё, что возьму я с собой.

Ընդհանրապես, ռուսական երգարվեստից միշտ հեռու եմ եղել, ու փոքր ժամանակ հայրս ինչքան էլ ինձ համոզեր, որ ДДТ կամ Кино լսեմ, ես Լինդայից ու Զեմֆիրայից էն կողմ չէի անցնում: Հիմա էլ անտարբեր կլինեի, եթե եղբորս երաժշտական հավաքածուն պատահաբար չհայտնվեր կոմպիս մեջ: Բայց դա մի կողմ: Այս երգի հետ կապված մի ուրիշ պատմություն կա, ու այն լսելիս իսկույն աչքիս առաջ է գալիս այդ գեղեցիկ ու տխուր պատկերը, որը տարիներ անց կարոտով եմ հիշում:

Վեցերորդ կուրս էինք: Պետական քննություններից մի ամիս առաջ էր: Մեր համալսարանում ուսանողական գարուն էր: Երեք մտերիմ ընկերուհիներով մեր գրքերի կույտը թողել էինք ընթերցասրահում և ուզում էինք դահլիճ մտնել: Մուտքը հրավիրատոմսերով էր:

Ընդհանրապես, մեր ուսանողական խորհրդարանի միջոցառումներն այսպես են լինում. հրավիրատոմսերով մարդիկ մտնում են, տեղավորվում, հետո մյուսներին են թողնում: Սովորաբար հրավիրատոմս ունենալն էլ մեծ երջանկություն չէ, որովհետև երբ դահլիճի դուռը բացում են, ինչ-որ հրաշքով, իսկ ավելի ճիշտ՝ հետևի մուտքով ծանոթով մտնողների պատճառով, աթոռների կեսն արդեն լցված է լինում:

Ինչևէ... այդ օրը կարծեմ ամեն ինչ շատ խիստ էր, որովհետև անվտանգության աշխատակիցները հրավիրատոմս չունեցողներին ընդհանրապես չէին թողնում:
- Ի՞նչ անենք,- իրար հարցնում ենք ու ահավոր շատ ենք ուզում ներս մտնել:

Լուծում գտնում եմ: Մոտենում եմ անվտանգության աշխատողին:
- Ձեր տո՞մսը:
- Չունենք... բայց կթողնե՞ք մտնենք: Մենք վեցերորդ կուրս ենք, վերջին անգամ ենք ուսանողական գարուն գալիս:
Առանց մի բառ ասելու երեքիս էլ ներս է թողնում:

Նստելու տեղ գտնելու հավակնություններ չունեինք, դրա համար միանգամից հարմարվում ենք աստիճաններին:

Հիմա չեմ հիշում՝ ինչ հումորներ եղան, ինչի վրա ծիծաղից թուլացանք, ինչը համարեցինք տափակ, բայց վերջում ռազմական ֆակուլտետի մեր զուգահեռ կուրսի Ժակը մոտեցավ դաշնամուրին ու նվագեց Это все-ն՝ որպես հրաժեշտի, մեր ավարտելու երգ: Էդ ժամանակ մենք երեքով կանգնեցինք, ձեռքներս իրար միացրեցինք ու միացանք երգին՝ արագ յուրացնելով կրկներգը: Ժակի հետ երգում էր նաև բեմի վրայի ժողովուրդը: Երբ ավարտեց, ռեկտորը բեմ բարձրացավ ու ասաց, որ պետք չէր էդքան տխուր նոտայով վերջացնել, որովհետև ամեն չի ավարտվում. վերջիվերջո, դեռ մի ամիս կա ու դեռ մեզնից շատերն օրդինատուրա ունեն:

Գրեթե երկու տարի է անցել այդ օրվանից, ու ես հասկանում եմ, որ իրականում ամեն ինչ ավարտվեց մեկ և մի քիչ ամիս անց, երբ Օպերայի բեմի վրա գլխարկները շպրտեցինք վեր ու իջանք իրար շնորհավորելու:

Եվ մեզնից հետո ոչինչ, ոչինչ չմնաց:

StrangeLittleGirl
05.05.2011, 18:19
Արժե՞ ասել, թե օրը քանի անգամ եմ մեյլս ստուգում, նույնիսկ երբ ձեռքիս տակ կոմպ չկա: Հարմար առիթը բաց չեմ թողնում, որ հեռախոսովս gmail մտնեմ ու տեսնեմ՝ եկե՞լ է արդյոք հերթական պաշտոնական նամակը, իսկ վերջին օրերին, ի դեպ, դրանք քիչ չեն:

Իսկ այսօր առավոտյան հերթական պաշտոնական վերնագրով, բայց ոչ պաշտոնական նամակ ստացա:

Ապագա համակուրսեցիս էր: Հետաքրքրվում էր, թե Պոտսդամում որտեղ ենք ապրելու: Հետո իրար հետևից նամակներ եկան: Մնացած համակուրսեցիներս էին: Սկսեցինք Ֆեյսբուքով իրար գտնել, խումբ ստեղծեցինք, ու քննարկումները ծավալվեցին:

Կուզեի Միրենի հետ նույն բնականարանում ապրել. իսպանուհի է, իսպաներենս լավացնելու լավ առիթ կլինի:

Հաճելի է, երբ մոտ ապագաս գնալով ավելի շոշափելի է դառնում, ու գիտեմ, որ մինչև գնալս էշի նման չլվելու եմ, մինչև բոլոր հարցերս լուծեմ, բայց երջանիկ եմ:

Էրեխեքին կհարցնեմ՝ հոկտեմբերին ո՞վ հետս կգա Ամստերդամում Թորի Ամոսի համերգ գնանք: :)

StrangeLittleGirl
15.05.2011, 22:52
Գրել եմ ուզում: Նյարդակծիկս քանդվել է, բայց ես դեռ գործի բան չեմ: Ցրվել եմ ուզում:

Աչքերս կեսօրին բացվեցին: Կիրակի՞: Շաբաթ գիշեր ու՞շ քնել: Եվրատեսի՞լ: Բացարձակապես: Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ կեսգիշերին քնելն ինձ համար սրբություն է՝ անկախ նրանից, թե շաբաթվա ինչ օր է կամ ինչ աստիճանի «կարևոր» միջոցառումներ կան հեռուստացույցով:

Չէ, բայց էդ դեպքում ինչու՞ ժամը 9-ից աչքերս բաց չէին, ու ես թաթերիս վրա չէի շրջում տանը: Գարեջու՞րը, որ խմեցինք ֆրանսի խմբի էրեխեքով՝ թանգարան գնալու փոխարեն, կարոտա՞խտը, որ հանկարծ արթնացավ, երբ տուն գնալու փոխարեն նստեցի Հրապարակի շատրվանների մոտ ու լսեցի Շառլին. Hier encore j'avais vingt ans (Դեռ երեկ քսան տարեկան էի): Հա, հենց քսան էի, երբ շատրվանները նոր էին բացվել... ու դրա հետ մի ամբողջ փունջ հիշողություններ... Երևի հենց էդ պահի ազդեցությամբ էլ երազիս մեջ տեսա զանազան մարդկանց, որոնց գոյության մասին մոռացել էի: Վաղուց:

Իսկ սենյակում ինչ-որ բան ճնշում էր: Անհանգիստ հետ ու առաջ, մի բաժակ սուրճ, ու ոչինչ անել չէր ստացվում: Պառկեցի գետնին: Մտածեցի՝ կօգնի: Ռոդ Ստյուարտն I am sailing էր երգում: Արցունքներ, լիքը-լիքը արցունքներ: Ախր ի՞նչ է ինձ անհանգստացնում:

Թողնում եմ ամեն ինչ, որոշում եմ սենյակս կարգի բերել: Պատուհանը բացում եմ, ու թարմ օդը միանգամից մտնում է ներս: Չէ, չի փրկում: Փոշիները սրբում եմ: Էլի ոչ մի փոփոխություն: Ու հանկարծ գտնում եմ. գրասեղանիս վրայից ինձ էր նայում անճոռնի Ռոբերը: Երբ դնում եմ գրապահարանի մեջ (ընդ որում՝ գնվելուց հետո երբևէ չէի դրել այնտեղ), ասես կախարդվում եմ. ոնց որ ես չլինեի քիչ առաջ, որ անհանգիստ հետ ու առաջ էի անում:

Թարգմանե՞մ: Էսօր դրա բանը չեմ: Պարապելու մասին խոսք չկա. նման անլուրջ գործերով տանը չեմ զբաղվում:

Մերոնք կինո գնացին: Չմիացա նրանց: Էսօր ընտանիքի օրն է: Հըմ... կրկնում եմ՝ էսօր ընտանիքի օրն է: Չմիացա նրանց: Տատիկիս տուն էլ չգնացի: Բացարձակապես բանի պետք չեմ:

Բարձս տեղադրեցի պատուհանի մոտ ու շարունակեցի կարդալ հերթական ձանձրալի, անհետաքրքիր գիրքը: Դրսից թարմ խոտի հոտ էր գալիս. պապիկս պարտեզում գործ էր անում:

StrangeLittleGirl
18.05.2011, 08:24
Նվվա՞մ, ի՞նչ անեմ:

Երբ երեկ մտա դեղատուն և դուրս եկա հանգստացնողի սրվակը ձեռքիս, հասկացա, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Կասեի նույնիսկ, որ ճիշտ այնքան վատ է, որքան երկու տարի առաջ, երբ մայրս ինձ համար բերեց նույն դեղի սրվակը:

Այն ժամանակ հազիվ էի խմում՝ քիթս փակելով, այլ ըմպելիքների հետ խառնելով: Երեկ համը նույնիսկ դուրս եկավ, ու եթե չլիներ գիտակցությունը, որ շատ ընդունելու հետևանքը լավագույն դեպքում կլիներ մի քանի օր քնից չարթնանալը, հաստատ ամբողջ սրվակը գլուխս կքաշեի:

Անցյալ գիշեր հանգստացնողն ինձ պետք էր, որ կարողանամ քնել:

Այս առավոտ սրճում եմ, որ կարողանամ արթնանալ:

Դիմացս մեկ գավաթ սուրճն ու երկու շոկոլադը բնավ գերող չեն: Իմ հոգնած մարմինը դեռ քնել է ուզում, բայց սրտիս զարկերը չեն թողնում. դեղի ազդեցությունն անցել է:

Եվ այս ամենը միայն նրա համար, որ գնահատված չեմ այնտեղ, որտեղ պետք է... Բայց պե՞տք է արդյոք: Այ էսպես են մարդիկ դառնանում ու լքում երկիրը:

StrangeLittleGirl
27.05.2011, 11:20
Մարուշան գրում է. «Ես, դու, Միրան պիտի մի բան անենք»: Պատասխանում եմ, որ շուտով դրա հնարավորությունները շատ կլինեն: Ոգևորված եմ:

Հանդիպում ենք, ասենք, Հելսինկիում՝ Միրայի հայրենի քաղաքում: Մարուշան իր պստիկ Աննայի հետ է գալիս, որի հորը նա պատրաստվում էր թողնել, երբ Ատլանտյան օվկիանոսի ափին երկուսով պառկած արևահարվում էինք՝ առանց գիտակցելու, որ մրմռոցից գիշերը չենք կարողանալու քնել:

Արդեն գրեթե երեք տարի է անցել այն առավոտից, երբ Մարուշան օգնեց, որ ճամպրուկս իջեցնեմ առաջին հարկ, ու գլուխը շրջեց, որ արցունքները չնկատեմ:

***
Քերինը գրում է, որ Պրահայում չի եղել, որ լավ առիթ է, որ հունիսի վերջին գնա: Լավ առիթ է նորից տեսնվելու: Մի անգամ Երևանում, հետո՝ Պրահա, հետո՝ տեսնենք:

Պրահայում վերջապես Աննային կտեսնեմ: Ակումբում ենք ծանոթացել, բայց հետո մեր վիրտուալ շփումն այլ կայքերում է շարունակվել:

Մարիան Ֆիլի հետ ԱՄՆ-ում է: Էվան էլ կարծեմ: Պրահան դատարկվել է, մանկության ընկերներս ցրվել են աշխարհով մեկ:

***
Պոլին գրեցի: Դեռ չի պատասխանել, բայց գիտեմ, որ շաբաթ-կիրակիներին կհրավիրի Ռոտերդամ:

Աննիին վերջին անգամ չորս տարի առաջ եմ տեսել: Շուտով ավելի հաճախ կհանդիպենք:

StrangeLittleGirl
05.06.2011, 02:30
Բաներ կան, որ սարքում են մեզ էն հրեշները, ինչ մենք հիմա ենք: Հետո սկսում ես մտածել. իսկ ի՞նչ, եթե էս մի բանը չլիներ, սրան չճանաչեի, նրան չսիրեի, էն մեկից սիրտս չխառներ, էս մի բառը չասեի: Կարո՞ղ ա հրեշտակի թևեր ունենայի: Չէ, ուղղակի ոչ թե հենց էս, այլ մի ուրիշ հրեշ կլինեի:

Հ.Գ. Ես լավն եմ, տենց մի նայեք :))

StrangeLittleGirl
18.06.2011, 16:52
Էն օրը ընկած հերթական կենդանուս հայերեն անունն էի ինտերնետում փնտրում: Անունը՝ porcupine, նույն ինքը՝ дикобраз: Էդ նորություն չի, որ որևէ բան փնտրելիս ակումբի վրա ես գալիս-հանգում: Հա, վերջը ակումբում գտա: Մոտ մի տարի առաջ ինչ-որ մեկը մի թեմայում նկարը դրել էր, հարցրել, թե իրան հայերեն ոնց են ասում, մի քանի ակումբցի էլ պատասխանել էին: Բայց ամենաուժեղն էն էր, որ էդ ինչ-որ մեկը... ես էի:

StrangeLittleGirl
23.06.2011, 23:11
Օրինաչափություն

Հունիսի երկրորդ կեսին միշտ հույզերի գերդոզավորում է լինում: Սովորաբար պատճառն անհայտ է լինում, բայց արդեն երրորդ տարին է, որ էդ գերդոզավորումը դրական բևեռում է: Սիրում եմ կյանքս: Երջանիկ եմ:

StrangeLittleGirl
24.06.2011, 18:51
- Որ սխալներ անեմ, կուղղես, չէ՞:
- Հա, բայց մի հարց. ինչու՞ հանկարծ որոշեցիր հայերենդ լավացնել:
- Ինչ լեզու ասես չենք սովորում, բացի մեր մայրենիից:
- Բայց դու առաջ տենց չէիր մտածում:
- Դե հա...

Սկսում եմ սխալներն ուղղել առանց թույնի ու ծաղրի:

***
- Գիտե՞ս՝ ինձ ասում են դեկանատում ծանոթ ունես, դրա համար եմ բարձր ստացել:
- Հանգիստ, գրավորդ աչքովս եմ տեսել. ստացել ես էն, ինչ գրել ես:
- Հա, ես էլ գիտեմ, բայց դե ասում են...
- Շատ բան են ասում:

***
- Արի մի հատ էլ ռեալում քեզ շնորհավորեմ:
Պինդ գրկում եմ: Դեռ երեկ համ հեռախոսով, համ ֆեյսբուքում շնորհավորել էի:
- Ապրես, ինչքան կարաս, քեֆ արա. արժանի ես դրան:
Աչքերը փայլում են: Գիտեմ, գիտեմ, թե ինչ զգացողություն է վերջին պետական քննությունը հանձնելը:

***
- Վերջ, դաժան տարիդ պրծավ: Արդեն կարաս անցնես ֆրանսերենի:
- Բայց չգիտեմ՝ անվճար կմնամ, թե չէ:
- Կմնաս, կտեսնես...

Մի տեսակ բարություն կա էս ամեն ինչի մեջ: Ուզում եմ հենց այս զգացողությունը ճամպրուկիս մեջ դնել, հետս տանել:

StrangeLittleGirl
24.06.2011, 21:06
Երջանկության բազմաթիվ հիմար սահմանումներ: Ինձ հարցնում են: Չեմ կարողանում սահմանել: Ասում են՝ տարիքիցդ է, որ քեզ տենց երջանիկ ես համարում: Ինչու՞: Զանազան հետազոտություններ ցույց են տվել, որ որքան մարդիկ մեծանում են, այնքան ավելի երջանիկ են դառնում:

Էդ չէի ուզում գրել:

Մեջքով պատին հենված, մի բաժակ սառը սուրճ, գիրքս, երաժշտություն: Ուշադրությունս շեղվում է. ծիծեռնակների պարերին եմ նայում: Էս երեկո շոգ չէ: Ու հարց եմ տալիս ինձ. մի՞թե երջանիկ չեմ: Էլ ուրիշ ի՞նչ:

StrangeLittleGirl
27.06.2011, 22:45
Հավերժ վերադարձ: Իմ մանկության քաղաքը՝ Պրահա

StrangeLittleGirl
04.07.2011, 02:35
Մի բան կա Ակումբի հետ կապված, որ շատ եմ սիրում: Երեք տարի առաջ այստեղ ծանոթացած մարդու հետ, որն այլևս չի էլ մտնում, կարող ես քայլել Պրահայի փողոցներով ու ժամերով խոսել՝ չնկատելով անգամ, որ առաջին անգամ եք հանդիպում:

Vaio
05.07.2011, 00:15
Առաջին անգամ մուտք գործեցի "անձնական օրագիր" բաժին և նկատեցի, որ այստեղով քայլել է մի շատ ռոմանտիկ աղջիկ...

StrangeLittleGirl
13.07.2011, 23:27
Եթե Անգլիայում ընդունվեի, Զալցբուրգ չէի գնա: Եթե Զալցբուրգ չգնայի, Օլգայի հետ չէի ծանոթանա: Եթե Օլգայի հետ չծանոթանայի, Պրագա չէի գնա: Եթե Պրագա չգնայի, ավտոմատ Նիցցան էլ դուրս կգար ծրագրերիցս: Եթե դուրս գար, Նիցցայից Պրագայով չէի վերադառնա ու... տեսնենք՝ հետո ինչ կլինի:

StrangeLittleGirl
14.07.2011, 23:05
...օդանավակայանում չէինք հանդիպի, Երևանի փողոցներում չէինք թափառի...

StrangeLittleGirl
15.07.2011, 23:33
Բոլոր տղամարդկանց՝ էս աստիճանի միանման լինելն արդեն զվարճալի է: Մտածում եմ՝ էն 45 քրոմոսոմները հեչ, էդ մի հատիկ Y-ը մեջ :D

StrangeLittleGirl
16.07.2011, 23:12
Վերջին երեք տարվա ընթացքում տղամարդկանց նկատմամբ կուտակած ցինիզմս թույլ չի տալիս խոստովանել, որ ամեն դեպքում էս պահին ես իմ զգացմունքների տերը չեմ:

Եվ զարմացած եմ, թե ինչպես կարող է տղամարդն այդպես սիրել:

Իսկ երբ երկար մտածում եմ, հասկանում եմ, որ ամեն դեպքում բոլոր տղամարդիկ նույնը չէ: Կա ինչ-որ միլիոներորդական, որով տարբերվում են իրարից (Կունդերան այս նույնը կանանց մասին էր գրել): Ու հենց էդ միլիոներորդականն է, որ ամեն ինչ լրիվ ուրիշ կերպ է դարձնում:

StrangeLittleGirl
21.07.2011, 21:37
Մի հիմար նամակի պատճառով նորից... սպասում են նրանց գնահատականին, որոնց ուզում եմ, մոռանում եմ ինձ գնահատող ու սիրող մեծաքանակ մարդկանց: Հակահայկական պրոպագանդա... ուֆ... էն էլ ես... մդաաա...

StrangeLittleGirl
23.07.2011, 00:26
Իմ կյանքում մի երկար հատված կար, երբ անընդհատ հետ էի նայում ու կարոտախտով հիշում անցածը: Դա ինչ-որ իմաստով անդադար էր, որովհետև 15-ում կարոտում էի 14-ս, 16-ում՝ 14-ն ու 15-ը: Էդպես էնքան, մինչև հետևիցս լիքը տարիներ կուտակեցի ու ինքս էլ չնկատեցի ինչպես ազատվեցի կարոտախտ կոչվող բեռից:

Հիմա, որ հին Ակումբի նկատմամբ կարոտախտով լի գրառումներ եմ կարդում, մի տեսակ չեմ հասկանում: Հա, հին Ակումբը լավ էր, բայց մի տեսակ անցած է, որն էլ հետ չի բերվի ու չեմ էլ ուզում, որ բերվի: Հին Ակումբը լավ էր. մի ժամանակ ես էլ էի դրա մասը կազմում ու շատ լավ հասկանում եմ, որ էլ երբեք չեմ կազմի, ու նույնիսկ էդ հիշողություններից ոնց որ մի տեսակ դուրս լինեմ: Ոնց որ կյանքիս էդ հատվածն ինձնից օտարացած, իմը չլինի:

Փորփրում եմ անցածս կարճլիկ կյանքը ու փորձում հասկանալ, թե որ հատվածն է կարոտախտ առաջացնում: Տեսնում եմ, որ միայն ուսանողական տարիներս են, այն էլ միայն այն դեպքում, երբ համակուրսեցիներով հավաքվում ենք (իսկ դա բավական հաճախ է լինում):

Հիմա գլուխ եմ ջարդում. ինձ մոտ իսկապե՞ս ամեն ինչ կարգին է:

StrangeLittleGirl
26.07.2011, 21:22
Նիցցա: Ընթրում ենք: Կողքս նստած դանիացի պրոֆեսորը հարցնում է.
- Ո՞րն է Հայաստանի ազգային սպորտը:
- Ըըը... Շախմատը:
- Հա՞ որ: Ի՞նչ արդյունքներ ունեք:
- Դե ինքս շախմատով չեմ հետաքրքրվում, բայց գիտեմ, որ շատ լավ արդյունքներ ենք ցուցաբերում:
- Ես գիտեմ, որ ռուսներն են ուժեղ շախմատից... Օրինակ Կասպարովը:
- Ինքն էլ ա հայ:

Ասածս ինչ ա... Էկեք շնորհավորենք մեր շախմատիստներին :) Մյուս անգամ որ սենց հարց տան, ասելու եմ՝ աշխարհի չեմպիոն են մերոնք:

StrangeLittleGirl
28.07.2011, 21:12
Պատահում է՝ մեկի հետ ծանոթանալիս միանգամից դուրդ գալիս է, մտածում ես՝ մարդկանց իմ սիրած տեսակն է:

Երբ իր պրեզենտացիայից առաջ մի քանի հայերեն նախադասություն ասաց, հետո անցավ անգլերենի, արդեն դուրս եկավ: Դեռ չգիտեի, որ իմ սիրած բլոգի հեղինակն էր:

Սիրում եմ, երբ մարդիկ իրական կյանքում լինում են նույնը, ինչ վիրտուալում, ու ոչ թե հիասթափվում ես, այլ հիանում ու զարմանում, որ լավ մարդիկ դեռ կան:

StrangeLittleGirl
30.07.2011, 00:29
Զարմանում եմ, թե որքան հանդուրժող, դիմացկուն ու ոչ պահանջկոտ եմ էս հարաբերություններում: Հասունացե՞լ եմ:

StrangeLittleGirl
31.07.2011, 22:22
Գրել եմ ուզում: Էս շոգին էսքան աշխատելուց հետո միակ բանն է մնում, որ ուզում եմ: Արտահայտվել եմ ուզում:

Առավոտյան քնաթաթախ սմս եմ ստանում: Ձեռքս ձգում եմ դեպի հեռախոսս ու ժպտում: Քիչ առաջ տեսածս երազը տեղափոխվում է իրականություն: Դեռ թարգմանելու էջեր ունեմ, հետդ Սևան չեմ գալիս: Մտածում եմ քո մասին:

Վաղն արդեն օգոստոսի մեկն է, ու ինձ յոթ էջ թարգմանություն մնաց: Կարող եմ այս գիշեր ավարտել, որպեսզի հասցնեմ վերջին ամիսս իմ ծրագրածի պես անցկացնել: Ուզում եմ հասցնել բոլորին տեղը տեղին հրաժեշտ տալ: Ուզում եմ բոլոր խոստումներս (թե՛ ինձ, թե՛ մյուսներին տված) կատարել:

Սուրճ եմ խմում: Շոգը մտել է սենյակս ու էս ուշ ժամին պատերն է լպստում: Խոզավարի: Էսօր տնից չակուրտակ չենք քշել: Երևում է՝ պատի տակ դարանակալած կատուները վերջապես հասցրել են բոլորին ուտել:

Օգոստոսս առջևում է: Արձակուրդ, ռելաքս: Իսկ ես ցերեկներս գրադարաններում քրտնելու եմ երկու տարի չարածիս դիմաց, մի քննության համար, որը հանձնում եմ հանձնած լինելու համար, որի արդյունքում ստացածս դիպլոմը գուցե այնքան անպիտան լինի, որ նույնիսկ օժիտիս մեջ չուզենամ դնել:

Օգոստոսին պիտի հասցնեմ «Ուլիսեսը» կարդալ: Ինձ հանդարտ օրեր են պետք, որ ստացվի: Էս գժական թոհուբոհի մեջ մենակ թեթև բաներն են կարդացվում:

Ինձ օգոստոս է պետք երեկոները Թումանյանի այգում անցկացնելու համար: Չգիտեմ՝ անհանգստություններս ում վզին փաթաթեմ: Մի տեսակ մենակ եմ մնացել իմ վախերի հետ:

StrangeLittleGirl
02.08.2011, 09:49
Մարդիկ պատրաստ են հանուն սիրո երկնքից աստղեր իջեցնել, մեռնել, կրոնափոխ լինել, չգիտեմինչեր անել:

Ես հասարակ մահկանացու եմ: Ընդամենը կարողանում եմ չջղայնանալ, երբ քնած ժամանակ հեռախոսս զանգում է:

StrangeLittleGirl
07.08.2011, 18:19
Մեկ-մեկ մարդիկ գլուխ են գովում, թե «կարոտ» բառը մենակ հայերենում կա: Իսկ ես հայտնաբերել եմ, որ ինչքան պարապ ես մնում, էնքան շատ ես կարոտում: Երևի պարապ ազգ ենք, որ դրա համար առանձին բառ էլ ունենք:

Հա, էսօր կիրակի է, դրա համար անտանելի կարոտում եմ:

StrangeLittleGirl
14.08.2011, 22:26
Էսօր առաջին անգամ ծանոթացա փոքր քեռուս երկու երեխաների հետ, որոնք ծնվել-մեծացել են Ռուսաստանում ու հայերեն հազիվ են հասկանում: Խոսելու մասին էլ չեմ ասում:

Մեծ քեռուս էրեխեքին ավելի քան տասը տարի չեմ տեսել: Նրանք էլ են Ռուսաստանում ապրում: Մեկ-մեկ սկայփով զրուցում ենք: Հազիվ են հայերեն բառեր արտաբերում:

Մեծ տատս Ցեղասպանությունից հազիվ է փրկվել, հայտնվել Հունաստանում, ամուսնացել, տեղափոխվել Հայաստան, լիքը էրեխեք ունեցել: Շատ մանրամասն չգիտեմ մյուս ճյուղերի ճակատագիրը, բայց պապս վեց թոռ ունի, որոնցից չորսը հայերեն չեն խոսում:

StrangeLittleGirl
17.08.2011, 18:16
Ասում են՝ սպիտակ, թմբլիկ, կյաժ մազերով, իսկ աչքերի գույնը դեռ չեն տեսել: Ամեն դեպքում՝ իսկը մաման:

Անհամբեր եմ :) Ուզում եմ տեսնել մտերիմ ընկերուհուս բալիկին: Լավ է՝ պատվերս կատարեց, մինչև գնալս հասցրեց:

StrangeLittleGirl
19.08.2011, 19:39
Նամակը մի քանի անգամ կարդացի: Ժպտում էի: Քիչ մնաց. շուտով կհանդիպենք Բեռլինում: Անընդհատ մտածում եմ. կյանքում որևէ այլ տղամարդու հետ սենց չեմ էղել: Միշտ խաղեր, դերասանություն: Էս անգամ ես լրիվ ես եմ. առանց ավելորդությունների, առանց դիմակների, որոնք մի օր անպայման պատռվում են, առանց հիստերիկաների: Էդ երևի նրանից է, որ երբ ծանոթացանք, հոգնած, գիշերը չքնած, փոշոտ, գզգզված ու քրտնած էի: Ու դա չխանգարեց, որ ցանկանա ինձ նորից տեսնել:

StrangeLittleGirl
20.08.2011, 23:43
- Բյուր, գնալուցդ առաջ ի՞նչ ես զգում:
- Ոչինչ,- պատասխանում եմ:
- Ապաթիկ վիճա՞կ:
- Ըհը, մոտավորապես տենց:
Դրսում: Աննան գրկում է ինձ.
- Բոլորդ միասին եք գնում. դու, Նելլին, Նանան:
Աչքերս լցվում են: Էս ընթացքում առաջին անգամ:

StrangeLittleGirl
09.09.2011, 21:21
Էսօր պաշտոնապես ստացա Ծննդյան տոների արձակուրդիս օրերը: Մտածում եմ` ուզու՞մ եմ Հայաստան գալ էդ ընթացքում: Չէ, ոնց որ չեմ ուզում...

StrangeLittleGirl
10.09.2011, 07:59
Մի գիշեր Բեռլինում: Վաղը... չէ, էսօր քնել-արթնանալուց հետո պատմվածք կդառնա:

StrangeLittleGirl
19.09.2011, 22:24
Երբ առաջին կուրս էի, լավ եմ հիշում` խմբում առաջինը Ալիկի ծնունդը շնորհավորեցինք: Իրար համարյա չէինք ճանաչում, նոր-նոր ուսանող էինք դարձել, ու պարզվում է` սեպտեմբերի 19-ին Ալիկի ծննդյան օրն է: Նվեր ենք առնում: Փղիկ էր: Չեմ հիշում` ում միտքն էր, բայց Ալիկը ծաղրեց նվերը: Տարիներ անց մենք էլ էինք ծիծաղում ինքներս մեզ վրա, որ տղային փղիկ ենք նվիրել: Ալիկն էլ էն ջրիկ տղաներից էր, որ ամեն առիթով կատակ էր անում, աղջիկներն էլ ծիծաղից հալվում էին: Հետո ֆակուլտետը փոխեց, գնաց ստոմ, էլ չիմացանք` ինչ էղավ:

Հենց էդ ժամանակվանից ավանդույթ դարձավ բոլորի ծնունդին ինչ-որ նվեր տալը: Էդ մի հոգուց թաքուն միշտ կհավաքվեինք, կփսփսային` ի՞նչ անենք, ինչքա՞ն հավաքենք: Ու էդպես առաջին-երկրորդ կուրսերում: Երրորդում խմբերը խառնվեցին իրար, արդեն հավես չկար հետևելու, թե ով երբ է ծնվել: Իսկ ավելի ուշ արդեն խմբում մարդ ա իր մտերիմին առանձին նվեր էր անում:

Մենք մեր էս կուրսով հավաքվել ենք ընդամենը երեք շաբաթ առաջ: Առաջինը քենիացի սևամորթուհի Քերոյի ծնունդն էր` սեպտեմբերի 19-ին: Որևէ բան կազմակերպելը դժվար չէր. մենք բոլորս Բեռլինում էինք ապրում, Քերոն` Պոտսդամում, հետևաբար առանձին քննարկելու լիքը հնարավորություններ կային: Քերոն մեզնից շուտ էլ դասի է հասնում. դիմացի շենքում է ապրում:

Երբ էսօր գնացքի կայարանից տորթ գնեցինք, իսկ համալսարանի կայարանում արագ-արագ ոտքի վրա բացիկն էինք գրում, շատ լավ գիտեինք, որ երբ հասնենք, Քերոն արդեն լսարանում է լինելու:

Միջանցքում էլի փսփսում ենք: Հա, Քերոն էնտեղ է: Մի քանիսն էլ, որ շուտ էին հասել: Մեկ էլ երգելով մտնում ենք, տորթը տալիս: Քերոն հուզվում է: Ափերով դեմքը փակում է, որ արցունքները չտեսնենք:

Դասերից հետո վերցնում ենք Քերոյին, գնում խմելու: Մի երկու ժամ միասին նստում ենք, խմում, տորթը ուտում, շարժվում դեպի տուն. պարապելու լիքը բան ունենք:

Քերոն հուզված է.
- Մենք երբեք էսպես չենք նշում ծնունդները: Ուղղակի ասում ենք շնորհավոր ու վերջ:

Քերոն չգիտի, որ մենք էլ սովորաբար էդպես չենք նշում:

StrangeLittleGirl
12.10.2011, 00:57
Արդեն երկու շաբաթ է, ինչ կոմպս գժվում է միայն տասնչորս երգ նվագելուց, ընդ որում` նույն հերթականությամբ: Նման բան եղե՞լ է իմ կյանքում: Ամենաշատը երեք օր: Հետո նորից անցնում եմ խառը փլեյլիսթի, այն էլ` միշտ խառը հերթականությամբ եմ միացնում ալբոմը:

Մեկ-մեկ փորձում եմ իմ ամբողջական փլեյլիսթը միացնել: Մեկ-երկու երգ, նորից վերադառնում եմ այս ալբոմին: Հետո փորձում եմ նույն Թորիի այլ երգեր լսել: Նորից միայն մի քանիսը, վերադարձ Night of Hunters-ին: Խառը հերթականություն: Չէ, չի ստացվում. պետք է հերթով լսել:

Մի՞թե կարող է որևէ ալբոմ այսքան կատարյալ լինել, երբ ոչ մի երգ, ոչ մի հատված չես կարողանում հանես: Չի ստացվում նույնիսկ պաուզա սեղմել, ականջակալները հանել: Անընդհատ` էս մեկն էլ լսեմ, նոր, էս տողն էլ լսեմ, նոր:

Թորին դասական երաժշտության վերամշակումներ է արել, տասնչորս երգերով մի ամբողջ պատմություն հյուսել, որտեղ երգում է նաև իր դուստրը և զարմիկը: Ոչ մի էլեկտրոնային ձայն, բոլորն իսկական գործիքներ են:

Անհամբեր եմ. ե՞րբ է գալու շաբաթ օրը:

StrangeLittleGirl
14.10.2011, 01:49
Նկատել եմ, որ իմ կյանքի ամենակարևոր ձեռքբերումները ոչ թե հանուն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի են, այլ ինչ-որ մեկի ինադու:

Այդպես ինչ-որ մեկի ինադու նորից որոշեցի գրել, ինչից ամենայն անկեղծությամբ հրաժարվել էի երեք տարի առաջ:

StrangeLittleGirl
18.10.2011, 00:11
Վերջին երեք օրերս գլխապտույտ երջանկություն էին, հաջորդը երկուսը հույս ունեմ նույնպես հիշվող կլինեն:

Մանրամասները Խրոնինգեն վերադառնալուց հետո: Երկու պատմվածք կա գլխիս մեջ, որոնցից մեկն արդեն սևագրել եմ: Նորից սկսում եմ գրել: Շնորհակալ եմ, Թորի:

StrangeLittleGirl
19.10.2011, 20:31
Վաղուց գրելուց էսքան հաճույք չէի ստացել: Չգիտեմ` ինձ տրորողին շնորհակալություն հայտնեմ, թե բարձրացնողին, որովհետև հենց նրանց համակցությունն է, որ իմ մեջ նորից գրելու ցանկություն ծնեց:

Կամ գուցե մանր-մունր երազանքներն են, որ երբ իրականանում են, ավելի մեծ երազանքներ ունենալու համարձակություն են տալիս:

Բայց դե խորհրդատուի կարիք ունեմ: Մենակ չեմ ձգի:

StrangeLittleGirl
21.10.2011, 23:46
Երեկ, երբ հեծանիվով Մարտինի հաուզի շուրջը պտույտներ էի անում, փողոց դուրս գալիս ու վերադառնում, մոռացել էի, որ ծնկանս ու արմունկիս վրա մեկական մեծ քերծվածք կա, որ հագիս շալվարը քրքրվել է: Ուղղակի նայում էի առաջ ու շշնջում. «Ստացվեց»:

StrangeLittleGirl
22.10.2011, 23:34
Էնքան օգնում ա գրելու մասին գրելը: Նախ, որևէ կիսատ գործ ավարտելու պարտավորություն ա առաջանում: Հետո, իմանում ես` որը որից հետո ա: Ես մի բլոկնոտ ունեմ, հետս ման եմ տալիս ու ամեն հարմար պահի մեջը մի բան գրում եմ: Դա կարա գլխիս մեջ պտտվող պատմվածքից մի միտք լինի կամ նոր պատմվածքի կարճ բովանդակություն կամ կառուցվածք, թե ինչ հերթականությամբ պիտի մտքերս շարադրեմ կամ էլի ուղղակի սենց մի բան. «12 պատմվածք մինչև տարվա վերջ. սա է նպատակս»:

StrangeLittleGirl
23.10.2011, 02:29
Տարօրինակ վիճակ. անընդհատ արտահայտվել եմ ուզում: Ասելիքս ոչ մի կերպ չի սպառվում: Հա գրում ու գրում եմ տարբեր տեղերում, ու դեռ էլի գրելու բան կա: Չլինի՞ մարդկանց պակասից է:

StrangeLittleGirl
25.10.2011, 02:21
Ծննդյանս օրը շատ եմ սիրում, բայց միշտ ռիսկ կա, որ կարող է փչանալ: Լինում է հրաշալի կամ շատ վատ: Սովորական չի լինում, որովհետև սովորականն արդեն շատ վատ է:

Վերջին տարիներին գոնե իմ մի ծննդյան օրը մյուսից լավ է անցնում, ու երբ ամեն ինչ ավարտվում է, նստում եմ մի անկյունում ու մտածում. իսկապես բախտավոր մարդ եմ:

Դեռ անցյալ տարի տորթի մոմերը փչելուց երազել էի, որ հաջորդ ծննդյանս օրը Հայաստանում չանցկացնեմ: Երազանքս իրականացավ: Նաև սրա հաջորդի համար: Ու դա պետք էր ինձ, որ գնահատեի էն հսկայական գանձը, որ ունեի Հայաստանում:

Պատմե՞մ, թե ինչ արցունքների հեղեղ էր այստեղ, երբ Երևանի ժամանակով կեսգիշերին, իսկ մեզ մոտ` դեռ երեկոյան ժամը 9-ին Ֆեյսբուքում լիքը նկարներ հավաքվեցին: Ընկերներս ու ընտանիքս էին, ձեռքներին` շնորհավորանքով գրություններ: Մինչև հիմա ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե իմ երեք մտերիմ ընկերուհիների մտքով ոնց էր նման բան անցել ու ոնց չէին ալարել, իրակացրել էին` հավաքելով իմ շրջապատից էնպիսի մարդկանց, որոնց անձամբ չեն ճանաչում: Անընդհատ կրկնում էի ինքս ինձ. «Ինձ Երևանում սիրում են, իսկ ես էստեղ եմ»:

Մամայիս փաթեթն ու բացիկն էլ մի շաբաթ շուտ ստացա: Մի հատ էլ էդտեղ աչքերս լցվեցին: Մամաս գրել էր. «Հայոց լեզուն երևի ամենալավ բանն է, որ տվել եմ քեզ, չէ՞»:

Փոստով Kelly Family-ի համերգի տոմսերը եկան: Տասը տարեկան դառնալիս տորթի մոմերը փչելիս պահած երազանքի իրականացում:

Լիքը հեռախոսազանգեր (Հայաստանից), skype-ով բարեմաղթանքներ, ֆեյսբուքում (դե հա, բոլորս էլ գիտենք` էնտեղ ոնց է) ու մեյլերով շնորհավորանքներ: Ու սպասում էի մի շնորհավորանքի: Չէ, հնարավոր չէր` մոռանա: Հա, սիրելի դասախոսս էլ ինձ շնորհավորեց: Ես էլ նրան. իմ հաջորդ օրն է ծնվել:

Երեկոն համակուրսեցիներիս հետ: Սիրում եմ նրանց: Սահմաններ կան, որ դեռ չեմ անցնում, բայց ինձ թվում է` ժամանակի հարց է:

StrangeLittleGirl
07.11.2011, 01:52
Էսօր նորից գնացի մեր տան մոտի այգին հեծանիվ քշելու: Լավ ձև եմ գտել. իսկական ֆիզիկական ակտիվություն է, որը, բացի ամեն ինչից, ինձ նաև հաճույք է պատճառում: Սիրում եմ ազդրերիս մկանների հոգնածությունը տասը շրջան քշելուց հետո: Սիրում եմ տուն դառնալուն պես ջուր դարձած շորերս փոխել: Իսկ ամենից շատ սիրում եմ զգալ, որ շարժվում եմ, ու ջանքերիս համեմատ դա ավելի արագ է:

Իսկ այգում դեռ աշուն էր: Ոնց որ նկարից, ոնց որ հեքիաթից: Ու նորից ափսոսացի, որ ապարատս չեմ վերցրել: Շունչս կտրվում էր էդ գեղեցկությունից: Լավ, դեռ աշուն է, իսկ ես ամեն օր էստեղ գալիս եմ հեծանիվ քշելու. դեռ կհասցնեմ:

Բայց երեկոյան, երբ ֆրանսիական ընթրիքից տուն էի վերադառնում, ծանոթ սառը հոտ առա: Սկզբում չհասկացա` ինչ է: Կանգ առա, խորը ներշնչեցի, որ ավելի լավ զգամ: Վերջապես հիշեցի. ձմեռն էր:

StrangeLittleGirl
16.11.2011, 01:45
...քանի որ ինքնության վերաբերյալ միայն հայերեն պետք է խոսել, քանի որ իմ միակ ինքնությունը հայերենն է, ինչպես պապո Կառլոն Բուրատինոյին փայտից է սարքել, այնպես էլ ինձ հայերենից են սարքել: (c) Վ. Իշխանյան

Էս մտքի հեղինակն ինձ հայերենից ա սարքել:

StrangeLittleGirl
20.11.2011, 04:55
Երբեք այնպես չէր պատահել, որ մի տեղում մի ամսից երկար մնայի: Դրա համար ինձ վախեցնում էր շարունակությունը. ի՞նչ էր լինելու հետո, ի՞նչ փուլերով էի անցնելու, ինչքա՞ն էի կարոտելու:

Խրոնինգենում ապրելուս մի ամիսն ուղղակի թռավ, եկավ երկրորդը: Շուտով դա էլ կավարտվի, բայց արդեն գիտեմ` ինչի է նման: Չէի պատկերացնում, որ էսքան շուտ կհարմարվեմ: Էնպիսի զգացողություն է, որ ամբողջ կյանքս էս քաղաքում եմ ապրել: Կենտրոնական փողոցների անուններն անգիր գիտեմ: Էլ քարտեզից չեմ օգտվում: Ինձ հայտնի են A կետից B կետ տանող բոլոր հնարավոր ճանապարհները, դրանց երկարությունները և անգամ վերև-ներքև թեքությունները (հեծանիվ քշելիս տենց բաներն ավելի շատ ես նկատում): Եթե որևէ բանի կարիք ունեմ, էլ ժամերով հազար խանութ չեմ գնում. գիտեմ, թե որտեղ ինչն ինչ գնով է հնարավոր գնել: Հնարավորինս բացահայտել եմ հոլանդական խոհանոցը: Մինչ համակուրսեցիներս այսօր առաջին անգամ մանանեխով սուպ էին ուտում, ես բացատրում էի դրա բուսակերական և մսակերական տարբերակները: Սիրում եմ երեկոները ստրոուպվաֆելով կանաչ թեյ խմել: Իսկ նախընտրածս աղանդերը ֆլան է: Հոլանդացիների բնավորությունն էլ եմ բացահայտել, բայց դա մի երկար առանձին գրառման թեմա է:

Ու ամենակարևորը` հենց փողոց եմ դուրս գալիս, լիքը ծանոթ մարդկանց եմ հանդիպում: Համակուրսեցիներս զարմանում են` էս որտեղի՞ց ես էսքան մարդու ճանաչում: Դե հասցրել եմ էլի:

StrangeLittleGirl
22.11.2011, 03:08
Վերջերս շատ եմ ապագայիս մասին մտածում: Լավ, EMCL-ն ավարտեցի, բա հետո ի՞նչ ա լինելու: Իրականում գլխիս մեջ մի քանի տարբերակ կա, որոնք կա՛մ պիտի ընտրեմ, կա՛մ պիտի ստացվեն: Որ երկար գցում-բռնում եմ, հասկանում եմ, որ Հայաստան գալ չեմ ուզում: Հա, հենց փողի համար: Անընդհատ վատանում եմ էն մտքից, որ էստեղ ուսանողական թոշակով շատ ավելի լավ եմ ապրում, քան Հայաստանում քրտնելով թարգմանություններ անելով ու կլինիկական օրդինատոր լինելով: Հենց էդ փողն ա, որ ինձ հնարավորություն ա տալիս սիրածս բանով զբաղվել՝ ճամփորդել: Ու ահավոր ա մտածել, որ էսքան կրթություն ստանալուց հետո էլ մեկ ա էդ հին վիճակում եմ հայտնվելու:

Մյուս տարբերակը PhD-ն ա: Մտածում էի` Անգլիայում կամ Իռլանդիայում անեմ. երկրների լեզուն գիտեմ, հարմար ա, համ էլ Եվրոպայում ա: Բայց երեկ անկապ նստած պատուհանից դուրս էի նայում, ու հասկացա, որ գոնե PhD-ս Նիդեռլանդներում եմ անելու: Էդ որոշում է, ոչ թե ցանկություն: Էստեղ ինձ շատ լավ եմ զգում, ավելի լավ, քան Հայաստանում: Ու թող ինձ չմտահոգի այն փաստը, որ երկիրը գերբնակեցված է. ես ոչ փախստական եմ, ոչ էլ պետության փողերն ուտող: Ուզում եմ իմ հալալ քրտինքով գիտություն անել ու դրա դիմաց վարձատրվել:

StrangeLittleGirl
04.12.2011, 03:27
Նկատել եմ, որ ցանկացած գրքի կամ ֆիլմի սկիզբը միշտ բաց եմ թողնում: Ինչքան էլ կենտրոնանամ, միևնույն է, ուղեղիցս դուրս է թռնում: Հետո, եթե շատ կարևոր է լինում, ստիպված եմ լինում հետ գալ, նորից կարդալ կամ նայել: Տեսնես` ինչի՞ց է: :think

StrangeLittleGirl
06.12.2011, 02:41
Համակուրսեցիներիս նախանձ հայացքները տեսնել էր պետք, երբ նկատեցին, որ կարողացել էի դասախոսի հանձնարարությունն ուղիղ մի էջում տեղավորել. նրանք ինչքան էլ տանջվել էին, մեկուկեսից պակաս չէին կարողացել: Բայց չգիտեին, որ ես ահագին ջանք էի թափել, բառեր ավելացրել, որ մի էջ ստացվի:

StrangeLittleGirl
10.12.2011, 03:19
Մեր համալսարանի շաբաթաթերթը գրական մրցույթ է հայտարարել, թեման` մյուս կողմը: Անպայման պիտի մասնակցեմ: Հարցը մրցանակը չէ (չնայած լրացուցիչ 500 եվրոն չէր խանգարի): Ավելի շատ տպագրվելն է հետաքրքրում (լավագույն տասնյակում հայտնվեմ, էլի լավ է): Նաև հաստատ գիտեմ, որ չեմ հաղթելու: Հարցն ինքնավստահության պակասը չէ: Ուժերս շատ լավ գիտեմ: Դրա համար գիտեմ, որ գրիչս որքան ուժեղ է հայերեն ու հայերի համար, նույնքան թույլ է անգլերեն ու այլ մշակույթների մարդկանց համար:

Հիմա նստած մտածում եմ` ինչ գրեմ, որ կեղծ չլինի, բայց դիմացինը հասկանա:

StrangeLittleGirl
11.12.2011, 15:35
Էսօր Միփն էր էկել մեր բակ: Պոչը տնկած ման էր գալիս, գռմռում էր: Վզին նախշուն վզկապ ու զանգուլակներ կային: Տեսնես` որտեղի՞ց էր ճարել:

StrangeLittleGirl
11.12.2011, 17:50
Հետո Միփը նստեց պատուհանի գոգին ու մարմինը ուռացրեց, դեմքը հպեց ապակուն: Երևում էր` մրսում է: Երբ մի քիչ շատ ուշադրություն դարձրինք, քամակը տնկեց, ու մենք հստակ տեսանք, որ գնդիկները տեղում են:

StrangeLittleGirl
15.12.2011, 03:59
Երբ ինչ-որ զույգեր բաժանվում են, միանգամից հարց է ծագում` ինչու՞: Ամենահեշտ ու տարածված պատասխանն է. «Իրար չհասկացան»:

Մենք երկուսով չափից դուրս լավ ենք իրար հասկանում, ու եթե հանկարծ մի օր բաժանվենք, իմացեք, որ պատճառը բնավորության միայն մի աննշան գիծ է, որով տարբերվում ենք իրարից: Ես սիրում եմ իմ կյանքը նախապես պլանավորել, իսկ ինքը` ոնց որ փոթորիկ: Ու երբ զանգում, ասում է` արի շաբաթ-կիրակի Ամստերդամում հանդիպենք, ես հաստատ երկու ամիս առաջ արդեն ինչ-որ ուրիշ տեղի տոմսեր եմ առած լինում: Ջղայնանում եմ, որ չի հիշում, որ դեռ երեք շաբաթ առաջվա նամակիս մեջ գրել էի, թե որ շաբաթ-կիրակիներին եմ ազատ: Ու գիտեմ, որ մի օր էնքան եմ գժվացնելու, որ վերջը առաջին պատահած գնացքով գալու է, դուռս ծեծի ու ասի. Tu me manques.

StrangeLittleGirl
19.12.2011, 08:01
Կյանքում էսպիսի տարօրինակ զգացողություն չեմ ունեցել: Ու վստահ չեմ, որ կուզենամ, որ այն կրկնվի ապագայում:

StrangeLittleGirl
21.12.2011, 00:53
Հայաստանում եմ: Ահավոր ա:

StrangeLittleGirl
29.12.2011, 13:23
10. Հասարակական տրանսպորտը. մեր քաղաքում գործող երթուղայիններն իրարից անկախ են, աշխատում են ոնց քեֆները փչի, ու քաղաքապետարանը ստից-մտից շտկումներ հազիվ անի: Իսկ ես ուզում եմ հասարակական տրանսպորտի ցանց, մեծ ավտոբուսներ ու տրամվայներ, մշտական տոմս գնելու հնարավորություն:

9.Երթևեկությունը. մեր կատաղած երթևեկության պատճառով երբեք չես իմանա` փողոցի հանդիպակաց մայթին կհասնես, թե չէ: Էլ չեմ ասում, որ հեծանվով շրջելը գրեթե բացառված է. հատուկ ճանապարհներ չկան, իսկ մեքենաները սովոր չեն իրենց կողքով շարժվող հեծանվորդների տեսնելու:

8. Անպարտաճանաչությունը. չեք պատկերացնի, թե ոնց է ներվերիս վրա ազդում: Հա փորձում եմ ինձ հանգստացնել, թե` մարդիկ քեզնից տարբեր ձևով են ժամանակն ընկալում, ինքս ուշանալ պայմանավորված լինելու դեպքում, բայց դե էլի չի ստացվում: Ուղղակի ներվայնանում եմ:

7. Արտաքնապաշտությունը. մեր ազգը մի կուռք ունի, որի անունն է արտաքին տեսք: Եթե մեկին տեսնես, անհնար է, որ արտաքինիդ մասին որևէ կարծիք չհայտնի, նույնիսկ եթե դա արվել է ամենաբարի մղումներից ելնելով: Կլինի՞ նոր հագուստը, քաշի փոփոխությունը, սանրվածքը եթե նույնիսկ նկատում եք, ձեր մեջ պահեք: Իսկ «բարով մաշես» արտահայտությունն էս երևույթի տիպիկ օրինակներից է:

6. Խաբված լինելը. որ կողմ նայում ես, քեզ խաբում են: Տաքսու վարորդը խաբում է, թե մանր չունի: Հայաստանում աճող միրգ-բանջարեղենը շուկայում վաճառում են աստղաբաշխական գներով` զանազան պատճառներ բռնելով: Ու ես անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի Հոլանդիա վերադառնամ, որ մի կուշտ պոմիդոր-վարունգ ուտեմ:

5. Տղամարդիկ. սև հագնող, անթրաշ, քրտնահոտով ու կանանց խաղալիքի տեղ դնող տղամարդիկ:

4. Անպատասխանատվությունը. եթե մեկին որևէ բան է հանձնարարվել, երբեք չգիտես` կանի, թե ոչ:

3. Գնահատել չիմանալը. մեր երկրում գնահատել, սևը սպիտակից տարբերել չգիտեն: Գուցե պատճառը ծանոթ-բարեկամ առաջ տանելն է կամ այն, որ գնահատողներն իրենք ի սկզբանե էդ տեղում չպիտի լինեին: Բայց արդյունքում` գործի որակը խիստ տուժում է, իսկ լավագույնները հեռանում են Հայաստանից:

2. Իրենց գործով չզբաղվելը. յուրաքանչյուր ոք կարծում է, թե քո գործը քեզնից լավ կաներ, նույնիսկ եթե դրա համար համապատասխան կրթություն և փորձ չունի:

1. Ապահովության զգացողության բացակայությունը. էստեղ չգիտես` վերջդ ինչ է լինելու: Գուցե լավ աշխատանք ունես ու լավ վարձատրվում ես, բայց մի օր կարող ես ինչ-ինչ պատճառներով կորցնել աշխատանքդ ու գործազուրկ դառնալ կամ աշխատել շատ ավելի ցածր աշխատավարձով` չկարողանալով բավարարել տարրական պահանջներդ: Կամ (Աստված չանի) որևէ հիվանդություն կարող է թակել դուռդ, իսկ բուժման գինը չհամապատասխանի գրպանիդ:

Հ.Գ. Մի հատ էլ կգրեմ` 10 պատճառ, թե ինչու եմ ուզում Հայաստանում ապրել, որ ամեն ինչ շատ սև չթվա:

StrangeLittleGirl
31.12.2011, 16:35
Սենյակս մաքրելիս մայրս պահարաններիս ձեռք է տալիս միայն արտաքինից, որովհետև գիտի, որ եթե մի բան տեղում չլինի, ղժղժոցս դնելու եմ: Դրա համար հենց այսօր փոշու շորը ձեռքիս բացեցի պահարաններիցս մեկը ու սկսեցի փոշեզերծել: Մի կես տարվա փոշի էր հավաքվել:

Պահարանս թափանցիկ է: Տարիներ առաջ մայրս գրքերի համար գնեց, որովհետև հին գրապահարանիս մեջ նոր գրքերս տեղ չէին անում: Էս նորն էնքան մեծ էր, որ լիքը բան կարողացա մեջը դասավորել, իսկ գրքերի դիմաց զանազան գույնզգույն իրեր շարել, որոնք բոլորը նվեր էի ստացել:

Այսօր հատ-հատ վերցնում էի այդ իրերը, փոշին սրբում, տեղը դնում: Մտածեցի` մի մասը դեն նետեմ, բայց ձեռքս չգնաց: Ամեն մեկը մի մարդու պատմություն է, մի հին ընկերոջ, որը չգիտեմ էլ որտեղ է կամ ինչ-ինչ պատճառներով մեր ճամփաները հեռացել են:

Սիրուն դասավորեցի` առանձին-առանձին հիշելով բոլորին: Չնայած չուզեցի դեն նետել, բայց շատ լավ գիտեմ նաև, որ էս անգամ գնալիս հետս չեմ վերցնելու: Ոչ էլ հաջորդ անգամ: Ոչ նույնիսկ այն ժամանակ, երբ իմ սեփական տունն ունենամ, ու տեղափոխվելու հարցեր չլինեն: Իմ ճամպրուկում երբեք տեղ չի լինելու դրանց համար: Երբեք դեն նետելու սիրտ չեմ ունենալու: Ու մնալու են էդ բոլոր իրերը գրքերիս դիմաց շարված: Հավերժ:

StrangeLittleGirl
14.01.2012, 17:24
Լեզու սովորելը նման է պատերազմի: Սկզբում կատաղի մարտեր են սովորողի ու լեզվի միջև: Եթե լեզուն է հաղթում, սովորողը հանձնվում է ու ձեռք քաշում տվյալ լեզվից: Եթե սովորողն է հաղթում, լեզուն անցնում է նրա կողմը, ու միասին քայլում են նույն ուղղությամբ:

Հիմա ես ու հոլանդերենն իրար միս ենք կրծում: Տեսնենք` ով կհաղթի:

StrangeLittleGirl
28.01.2012, 05:29
Գիշերվա ժամը երկուսի համար Խրոնինգենի փողոցներն անսովոր մարդաշատ էին, իսկ ավելի ճիշտ` ես էի անսովոր ուշ մնացել դրսում: Խրոնինգենի սառած փողոցներում հարբած ջահելները թրև էին գալիս, ու ես, ողջ երեկոյի ընթացքում ոչ մի կաթիլ ալկոհոլ խմած չլինելով, չէի հասկանում նրանց:

Գիշերվա ժամը երկուսին Խրոնինգենի փողոցներն անսովոր սառած էին: Վախենում էի` հանկարծ հեծանիվս չսահի, ընկնեմ: Ու սառը քամին խառնվում էր մազերիս, բարի քնացնող տոթից հետո հաճելի թարմություն հաղորդում: Գիշերային Խրոնինգենում մարմինս սառում էր:

Գիշերային աղմկոտ Խրոնինգենի վերևում աստղազարդ երկինքն է: Ու նայում եմ վերև` հասկանալով, որ վաղուց աստղեր չեմ տեսել, որովհետև քաղաքը միշտ ամպերի տակ է եղել: Պարզ երկինքը նվեր է Խրոնինգենի համար: Իսկ ես լսում եմ. «Ծիածանից այն կողմ...»:

Գիշերային Խրոնինգենի փողոցներում մեքենաներ չկան: Մարդիկ օրորվում ու երգում են, մեկ-մեկ` պարում, հայհոյում: Երբեմն-երբեմն միայն հեծանվորդներ են անցնում:

Գիշերային ջահելական Խրոնինգենում Հեմինգուեյներ ու Ֆիցջերալդներ չկան: Այստեղ ամեն ինչ պարզ ու հասարակ է, որովհետև բոլորն արթուն են:

Եվ շուտով մտնում եմ հանրակացարանի հետնաբակ, որտեղ հեծանիվները կամաց-կամաց պակասում են, որովհետև մարդիկ գնում են: Գիշերային Խրոնինգենում ոմանք վերջին անգամ են զվարճանում:

StrangeLittleGirl
05.02.2012, 01:51
Երկու շաբաթ էլ դիմանամ, ու վերջ: Հետո կսկսվի փոքրիկ ճամփորդությունների շարան, որը կավարտվի Նիդեռլանդների հարավ-Բելգիայի տարբեր քաղաքներ-Բեռլին միակողմանի երթուղով (էստեղ ակումբցիներից մեկը գրառումս կծաղրանմանակեր :D):

Գլուխս ուռեց էսօր էդքան գրելուց: Ստեղծագործելուց չէ, գիտական գրելուց: Ամեն նախադասությունից հետո ուզում եմ փակագիծ դնել, հեղինակի անուն ու տարեթիվ: Լրիվ տարել ա ինձ (Հայկօ, 2010):

Սենց հոգնած ժամանակ սովորաբար պատուհանից նայում եմ դիմացի շենքին: Մի հատ սիրուն պատուհան կա մուգ վարդագույն վարագույրներով, շրջանակված դեղին լույսերով: Հենց տեսնում եմ էդ պատուհանը, սիրտս տեղն ա ընկնում: Հենց նոր նայեցի, չգտա պատուհանը. ուրեմն տանը մարդ չկա: Մեկ-մեկ ինձ հարց եմ տալիս` տեսնես ո՞վ ա էնտեղ ապրում (Ծով, 2009):

Մի լավ մարդ ժամանակին խորհուրդ էր տվել էսպես տրաքած ժամանակ գրել: Էդ էլ անում եմ: Շատ էլ որ ձեր ներվերի հաշվին ա:

StrangeLittleGirl
11.02.2012, 04:57
Չկա-չկա, մտնեմ օնլայն խանութներից մեկը, Վալենտինի բացիկ պատվիրեմ, որ իմ հասցեին բերեն, մոռանամ դրա մասին, ստանամ, զարմանամ, ուրախանամ:

StrangeLittleGirl
12.02.2012, 02:39
Խանութից ներկելու գիրք ու գունավոր մատիտներ գնեցի: Վերջին տարիներին ամենալարված ժամանակ ներվերս հանգստացնելու լավագույն մեթոդներից է: Ներկելու գրքի վրա գրված էր` 2-6 տարեկան, բայց հեչ վեջս չէր:

Ամեն դեպքում, երևէ էդ տարիքից էլ սկսել եմ ներկել: Սկզբում անճոռնի խզբզոցներ էին: Ու դա երկար կտևեր, եթե տարիքով ավելի մեծ, հետևաբար ավելի շատ բան տեսած մի երեխա չասեր, որ էդպես չեն ներկում, որ պետք է ձգտեմ սև գծերից դուրս չանցնել ու որևէ բան ներկելիս սպիտակ ծակ չթողնել: Դրանից հետո ներկածներս ավելի կոկիկ էին, բայց ինչ-որ կպչունություն կար մեջս: Երբ ներկում էի մուլտերի հերոսներին ու երբ չէի հիշում, թե որն ինչ գույնի է, աշխարհ էի շուռ տալիս, մինչև պարզում էի ու էդ գույն ներկում:

Էդ ժամանակներն էլ անցան: Սկսեցի մտածել` ինչու՞ պիտի Դիսնեյի բադիկը սպիտակ լինի, ոչ թե կանաչ, մանուշակագույն ու կապույտ միաժամանակ: Ու սկսեցի գունավոր բադիկներ ստանալ, Փոքահոնթասին բաց դեղինից բացի նաև այլ շորեր հագցնել, Մինի մաուսի բանտիկների վրա նախշեր անել:

Մեծանալուս հետ էդ հոբին մոռացվեց-գնաց, մինչև մի քանի տարի առաջ հանկարծ չհիշեցի ու չուզեցի նորից ներկելով զբաղվել: Անգամ Ակումբի հատուկ հանդիպումներ էինք կազմակերպում, տուփերով մատիտներ ու ներկելիքներ բերում, Վեսթի սեղաններին փռում ու խմբակային ներկում: Էդ տարի ծնունդիս լիքը ներկելիքներ նվեր ստացա:

Էդպես էսօր էլ վերջապես ներկելիք գնեցի և ուրախ-ուրախ եկա, որ ներկեմ: Երևում է` խելոքացել եմ: Խոտը կանաչ ներկեցի, երկինքը` կապույտ: Բայց չէ, չդիմացա: Վերջը ոչխարին նարնջագույն սարքեցի:

StrangeLittleGirl
19.02.2012, 22:44
Մեծ անակնկալ չէր, որ գրական մրցույթում չհաղթեցի: Անգլերեն թարգմանածս ի՞նչ պիտի լիներ որ: Հետաքրքիր էր հաղթողի մասին կարդալը. պատահում է, որ օրերով նստում ու անընդհատ գրում է: Ես էլ եմ տենց ուզում ու էշ-էշ անընդհատ դրանից փախնում եմ :(

StrangeLittleGirl
22.02.2012, 05:54
Գիշերվա ժամը հազար: Մեկ էլ տեսնեմ` մեյլ ունեմ: Մտածում եմ` էս ո՞ր խելառն ա էս ժամին մեյլ ուղարկում: Բացեմ, տեսնեմ ինձնից եմ ստացել: Երկու րոպե առաջ բան էի ուղարկել հասցեիս, որ վաղը տպեմ:

StrangeLittleGirl
23.02.2012, 14:42
- Միշտ էլ լավ է, որ կան քաղաքներ, որտեղ կարող ես տանը զգալ: Գիտես` որտեղից ես տանձ ու խնձոր առնում, որտեղ մարդկանց ճանաչում ես:

Երեկվա հրաժեշտի ընթրիքին հոլանդերենի դասախոսիս խոսքերն էին:

Աշխարհում լիքը քաղաքներ կան, որտեղ ինձ տանն եմ զգում: Ու հենց այդ պատճառով չկա մի քաղաք, որն իմ տունն է:

StrangeLittleGirl
25.02.2012, 03:14
Եթե հասկանում ես, որ որևէ մարդու վերջին անգամ ես տեսնում, ուրեմն ինչ-որ հետք թողել է քո կյանքում:

StrangeLittleGirl
25.02.2012, 03:29
Հեծանիվս չեմ վերցնի: Ուզում եմ Խրոնինգենի փողոցներում քայլել այնպես, ինչպես առաջին օրերին էր:

Դուրս եմ գալիս առջևի դռնից, որը հազվադեպ եմ օգտագործում, որովհետև հեծանիվս հետնաբակում է ապրում: Քայլում եմ ուղիղ` դեպի համալսարան: Կամրջից այն կողմ քաղաքի կենտրոնն է: Առաջին անգամ էլ նույն ուղղությամբ եմ քայլել` չիմանալով ուր եմ գնում, բայց փնտրելով քաղաքը:

Ճամփին տեսնում եմ հարևանուհուս` Ռումիին:
- Եղանակը լավն է,- ժպտում է,- տաք ու արև:
- Հա, տաք Ու արև:
- Հազվագյուտ համակցություն այս քաղաքում:

Անցյալ գիշեր, երբ դասախոսիս տնից ինձ մոտ էինք գնում, Նիդեռլանդներին այդքան բնորոշ մանր անձրևը լցվում էր մեր աչքերի մեջ:
- Հիմա սրան անձրև՞ են ասում:

Երկու ժամ անց Հարենից եկավ Սոֆիի ընկերը` ամբողջովինի թրջված: Նկարագրում է դրսում տեղացող անձրևը: Երեք-չորս անգլերեն բառ, որոնց բոլորին մենք ասում ենք անձրևել:
- Մենակ հոլանացիներդ կարող եք անձրևին տարբեր անուններ տալ:

Նախորդ երեկոյից սենյակումս գարեջրի դատարկ շշեր էին մնացել: Գրկեցի դրանք, իջեցրի խոհանոց` որպես ապացույց, որ դասերս ավարտվել են:

Ուզում եմ մոդեմի վրայի կատվին հրաժեշտ տալ: Տեղում չէ, բայց քիչ այն կողմ տիրուհին սեղանի մոտ նստած գրում է: Սովորականի պես:

Հաջորդ օրը պիտի հեծանիվով նույն տեղով անցնեի: Կատուն նստած էր լինելու մոդեմի կողքը, տիրուհին` սեղանի մոտ նստած, գրելիս: Սովորականի պես: Իսկ կողքի ցուցափեղկից մյուս կատուն էր նայելու: Ու նորից մանր անձրևը ծակծկելու էր դեմքս, բայց ես չէի նեղվելու: Փակելու էի աչքերս ու վերջին անգամ վայելելու թաց Խրոնինգենը:

Թեքվում եմ աջ, հասնում համալսարան: Սովորականի պես դռան մոտ կանգնած են աղջիկներ, թղթեր են բաժանում: «Ինչի՞ս է պետք»,- մտածում եմ, բայց վերցնում եմ: «Մարտի 5-ին...»,- շարունակությունը չեմ կարդում:

Ճաշարանը լիքն է, բայց հիմա արդեն ես մասնակից չեմ: Դեռ երեկ կոմպով, գրքերով ու մի բաժակ սուրճով ես էլ էի մի անկյունում հարմարվել ու պարապում:

Սուրճ եմ ուզում: Բացում եմ դրամապանակս: Սովորաբար մոտս կոպեկներ եմ պահում, որ ապարատից օգտվեմ: Սովորաբար էնքան եմ ունենում, որ թղթադրամը մանրել մոռացած համակուրսեցիներիս համար էլ եմ գնում:

Հաշվում եմ: Ուղիղ 40 ցենտ: Ուղիղ այնքան, ինչքան պետք է վերջին անգամ սուրճ խմելու համար:

Նստում եմ սեղաններից մեկի մոտ: Սկսում եմ գրել: Համալսարանում առաջին անգամ:

StrangeLittleGirl
06.03.2012, 03:32
Իսկականից չեմ ջոկում` տղամարդիկ ինչու՞ են էդքան անուղեղ:

Ուրեմն էսօր մեկը զանգել ա ու չի խոսում: Շատ լավ գիտի, որ համարը գրվում ա բջջայինի վրա, դրա համար ուրիշ համարից ա զանգել: Բայց էնքան ապուշ ա, որ մտքով չի անցկացրել, որ Ֆրանսիայից մենակ ինքն ա ինձ զանգում: Ու դա չափահաս մարդու պահվա՞ծք ա:

Մի ապուշ էլ ես եմ, որ ալո-ալո ասելուց ու ադբոյ տալու փոխարեն մի էրկու քֆուր չտվեցի:

StrangeLittleGirl
27.03.2012, 00:14
Չէ, մի տեղ պիտի գրեմ, թե չէ կպայթեմ: Չպատճառաբանված զզվելի տրամադրություն, որն առաջին պատահածի վրա եմ թափում: Դուռը զանգում են, չեմ բացում: Թվում է` պիտի ասեն լվացքդ արդեն եղել է, արի, տար, մենք էլ ենք ուզում լվացք անել: Ու մոռանում են, որ հաջորդ կես ժամն էլ է իմը: Չէ, լվացքիս համար չէին զանգում:

Ու նորից զանգ հեռախոսիս 33-ով սկսվող համարից: Չպրծա:

Նայում եմ պատուհանից դուրս ու մտածում, որ պատահական չէ, որ էս անգամ տունս վեցերորդ հարկում է, դեռ հետն էլ պատշգամբ ունի:

Ուֆ... Չգիտեմ ինչ եմ ուզում ինձնից:

StrangeLittleGirl
31.03.2012, 01:27
Ուզում եմ ձեռագիր օրագիր պահել: Նոր ընկերներիցս մեկի հետ էի խոսում, հանկարծ հիշեցի մի բան, որ տարիներ առաջ գրել էի: Հետո հիշեցի, որ արդեն քանի տարի է, օրագիր չունեմ: Անունը բլոգ դիր, թե օրագիր, հազար աչք կա վրան: Վաղը գնամ, նախշուն տետր առնեմ, օրագիր սարքեմ, մեջն ամեն օր մի բան գրեմ քնելուց առաջ ու ոչ մեկի ցույց չտամ:

StrangeLittleGirl
11.04.2012, 22:47
Կյանքը հիասքանչ է: Կյանքիս ամենալավ Զատիկը տոնեցի 2000 այլ քրիստոնյաների հետ, որոնց մի մասին աշխարհի ու ժամանակի տարբեր կետերում էի հանդիպել: Հետն էլ հիվանդացած վերադարձա: Անկողնում փռված տաք թեյ եմ խմում ու դեղեր ընդունում: Կատարյալ վիճակ: Եթե միայն կարողանայի ամեն դժվար իրավիճակից էսպես հաճույք ստանալ...

StrangeLittleGirl
14.04.2012, 01:31
Չեմ հասկանում` ազատ գրելու համար պարտադի՞ր էր Հայաստանից գնալը: Նոր բացեցի «Նոր էջ» պապկաս, մեջը վեց հատ պատմվածք կա, երեքն արդեն վերջացրել եմ, մյուս երեքն էլ ժամանակի հարց են:

Գրելուն ավելի լուրջ վերաբերվելու համար Հայաստա՞նն էր խանգարում:

StrangeLittleGirl
18.04.2012, 02:30
Մեկ-մեկ ապուշ, չմտածված քայլերդ էնքան բան են ասում դիմացինիդ մասին, որ հաջորդ վայրկյանից էլ չես փոշմանում արածիդ համար, դառը ժպտում ես ու ասում` քեզ էլ իմացանք:

StrangeLittleGirl
22.04.2012, 20:19
«Քեզ մոռանում եմ այնպես, ինչպես ֆրանսերենը»: Պոետիկ ա հնչում, բայց ճիշտ չի. ֆրանսերենը շատ ավելի քիչ եմ մոռանում:

StrangeLittleGirl
04.05.2012, 14:53
Առավոտյան սուրճիս հետ մտածում եմ երեկվա ռեակցիայիս մասին, որն ինձ համար շատ ավելի տարօրինակ էր, քան կարող է առաջին հայացքից թվալ:

Ողջ հուզականությունս անջատած ուղեղիս զոռ եմ տալիս: Ախր վերջին վայրկյանին արագ-արագ գրված գործը հաղթելու հավակնություններ չուներ, ու ես դա շատ լավ գիտեի: Զարմանալի չէր, երբ սկզբում զրոյի վրա էլ մնում էի: Բայց հետո հանկարծ պոռթկում սկսվեց, երբ զգացի, որ վերջին տեղն եմ գրավում: Ինչու՞: Բոլոր հիմնավորումներն էլ խելքին մոտ են. բազմակի ընտրությունով չէր, ընդամենը երեք գործ էր, հետևաբար վերջին տեղը նաև երրորդ տեղ է, զրոյի վրա լռված չէր և այլն: Դրան էլ ավելացնենք, որ Ակումբի մրցույթներին երբեք լուրջ չեմ վերաբերվել, ու միայն նախորդ անգամ էր, որ լավ պատրաստված եմ ներկայացել: Էդ ամեն ինչն ուղեղս հասկանում էր, բայց հենց այդ նույն ուղեղի մի ուրիշ կենտրոն գժված էր, խառնված:

Նկատենք նաև, որ ինչքան էլ ծանր ապրումների մեջ լինեմ, վաղուց է, ինչ ուռած կոպերով չէի արթնացել (անգամ գերբնական մրցույթից հետո, որ մի քիչ նեղվել էի): Իսկ ուռած կոպերով սովորաբար արթնանում եմ ակումբում տեղի ունեցած ինչ-որ դեպքից հետո:

Դեռ մի քանի օր առաջ ահագին ուրախացել էի` նկատելով, որ ակումբն ինձ վրա այլևս այնպես չի ազդում, ինչպես չորս տարի առաջ: Ու ինչ-որ իմաստով չէի սխալվում, որովհետև չորս տարի առաջ նման մի դեպքից հետո (չէ, գուցե էնքան էլ նման չէր, հիմա լավ չեմ հիշում) սկսեցի ուղղակի չգրել: Չեմ գրել մինչև անցյալ գարուն: Էնպես չէր, որ որոշել էի: Հա, որոշումն էլ կար, բայց նաև ներսից ինչ-որ բան կոտրվել էր, ու եթե նույնիսկ գրելու փորձեր անում էի, դրանք լինում էին ցաքուցրիվ, պարտադրված, հում, անավարտ:

Ի՞նչ եմ էսքան գրում: Ուղղակի փորձում եմ տրամաբանորեն, ուղեղիս զոռ տալով հասկանալ, թե որն էր ռեակցիայիս պատճառը, ինչու պիտի էդքան նեղվեի վերջին տեղը գրավելու (ու ոչ թե ուրախանայի երրորդի) ու քիչ ձայն հավաքելու (ու ոչ թե ուրախանայի զրո ձայն չհավաքելու), մանավանդ որ դրական կարծիքներն ավելի շատ էին, քան հավաքածս ձայները: Համեմատում եմ մի բավական լուրջ գրական մրցույթի հետ, որտեղ ոչ միայն ոչ մի տեղ չգրավեցի (ասել կուզի` տասնյակի մեջ չհայտնվեցի), այլև որևէ կարգի կարծիք չստացա (էնքան վատն էր, որ չէին էլ ուզեցել որևէ բան ասել): Ու էդ մրցույթի արդյունքները չափից դուրս թեթև տարա: Ասեցի` ափսոս ու անցա առաջ:

Այ դրա համար չեմ հասկանում` ինչ մեղու էր ինձ կծել: Կամ գուցե հասկանում եմ. ուղղակի սա արտահայտությունն էր իմ ամբողջ կյանքի մասին վերջերս արած դաժան եզրակացության: Ու էլի սարսափելի է:

StrangeLittleGirl
07.05.2012, 18:47
Երեկոյան կառնեմ: Ինքնաթիռի տոմսը:

StrangeLittleGirl
09.05.2012, 02:47
Երբ ուսանող էի (նկատի ունեմ` ուսանող Հայաստանում), միշտ անհամբերությամբ էի սպասում հուլիս-օգոստոսին, որովհետև արձակուրդից բացի նաև ճամփորդելու ամիսներն էին: Հիմա էլ, երբ ուսանող եմ, անհամբերությամբ սպասում եմ հուլիսին, որովհետև հենց հուլիսին կավարտվի Բեռլինը սիրելու վերջին փորձս նորովի գրելու փորձերիս հետ: Ու հենց հուլիսին պիտի Radiohead-ի, հետո նաև Ալանիս Մորիսեթի համերգներին գնամ: Ալանիսի համերգի հաջորդ օրը պիտի նստեմ ավտոբուս ու գնամ Պրահա` աշխարհում իմ ամենասիրելի քաղաքը, որտեղ անընդհատ վերադառնալուց չեմ հոգնում, որովհետև էնտեղ եմ թողել իմ մանկությունը: Հետո պիտի նստեմ ինքնաթիռ ու գամ Երևան: Ու պիտի ծիրան ուտեմ: Պիտի արևի տակ վառվեմ: Պիտի ընկերներիս հետ Թումանյանի այգու խոտերի մեջ թավալ տամ: Իսկ վերջում` դեռ հուլիսին, պիտի նստեմ ինքնաթիռ և ուրախանամ, որ վերադառնում եմ Բեռլին:

StrangeLittleGirl
12.05.2012, 00:30
Առավոտյան ես, հեծանիվս ու Ալանիսը միասին ճամփա ընկանք:

Էսօր էնպես էր ստացվել, որ հեծանիվի վրա, հետևաբար Ալանիսի երգերը լսելով ահագին շատ ժամանակ եմ անցկացրել:

Անձրևին, արևին, մթին, լույսին, շոգին, ցրտին մենք երեքով միասին էինք: Ու խորացել էի, տարիներ անց առաջին անգամ շատ ուշադիր լսում էի, թե ինչի մասին է երգում Ալանիսը, նոր բաներ հայտնաբերում, որոշ երգեր ավելի հարազատ էին դառնում:

Ալբոմից ալբոմ Ալանիսը կյանք էր ապրում, մեծանում: Հաշվում էի. էս ալբոմը գրելիս քսանչորս էր, էս մեկը` քսանութ:

Ալանիսի կյանքին զուգահեռ անցնում էր իմ կյանքը: Երգերը, որոնք իմ կյանքից տարբեր մարդկանց էին հիշեցնում, նորից իրենց տեղերում են: Ու գալիս էին նորերը, նոր հարաբերությունների հետ կապվում: Երգեր, որոնք ժամանակին ոչինչ չէին նշանակում, հիմա լիքը բան են ասում, որովհետև այն ժամանակ քսանհինգ տարեկան չէի:

Թրջված մտա տուն` ուրախանալով, որ Ալանիսին նորովի եմ բացահայտել: Ու էսպես տասնվեց տարի ապրում ենք կողք կողքի, ու ես նրանից անընդհատ նոր բաներ եմ սովորում, ինքը ինձնից` ոչինչ:

StrangeLittleGirl
13.05.2012, 00:44
Ֆեյսբուքով մի հատ անկապ տղա խոսացնում էր: Ես էլ չորելով փորձում էի ցրել, չնայած համ էլ հարցերին պատասխանում էի: Որ իմացավ հուլիսին Հայաստան եմ գալու, սկսեց համոզել, որ հանդիպենք: Ես իրեն բացատրեցի, որ կարճ ժամանակով եմ գալու, ու հազիվ հասցնեմ մտերիմներիս տեսնեմ, նոր մարդկանց հետ ծանոթանալու ցանկություն ու ժամանակ չունեմ, բայց այ եթե Բեռլին գա, մեծ հաճույքով կհանդիպեմ, որովհետև այստեղ բաց եմ նոր ծանոթությունների համար: Տղան գրեց, որ եթե Բեռլին գա, ավելի շուտ ուրիշների հետ կծանոթանա: Ու էդտեղ մենք եկանք ընդհանուր հայտարարի :)

StrangeLittleGirl
13.05.2012, 02:43
Վայ, արդեն ծիծիկ ունեմ: Ես չէի նկատել, Չիլին շնորհավորեց:

StrangeLittleGirl
13.05.2012, 18:09
Կաթվածահար նստած: Ու պատճա՞ռը: Բարձր տրամադրությամբ միացրել էի skype-ը, որ ընկերներիս հետ խոսեմ: Վայրկյաններ անց սեղմեցի կարմիր կոճակը ու փոշմանեցի, որ Երևանի տոմս եմ առել:

StrangeLittleGirl
14.05.2012, 11:59
Կար ժամանակ, երբ առավոտյան նստում էի կոմպի դիմաց ու սուրճիս հետ մի կես ժամ գրում: Այ հենց էս օրագրում է, կարող եք սկզբի էջերը նայել: Ի՞նչ էի գրում էդքան: Հիմա ոչինչ չեմ հիշում: Բայց կարոտել եմ էդ առավոտները, երբ օրս գրելով էի սկսում:

Հիմա գրելուն փոխարինել է նախաճաշը, բայց առավոտն էլի իմ սիրած պահն է:

Ու էսօր, երբ իմացա, որ առաջին դասը հանված է, որոշեցի շուտ արթնանալս օգտագործել այն հին ու լավ առավոտների ավանդույթը շարունակելու համար:

Ընդհանրապես, դժվար էր անքուն գիշերվանից հետո դիմանալ նորից անկողին չվերադառնալու գայթակղությանը:

Իսկ այստեղ առավոտյան ժամը հինգից արևը փայլում է, էլ չես կարողանում քնել: Թվում է` օրը տաք է լինելու: Սիրում եմ պատշգամբի դուռը բացել ու կիսատկլոր մարմինս դեմ տալ օդին` շոշափելու համար օրվա ջերմաստիճանը, որպեսզի ճիշտ հագուստ ընտրեմ:

Ցուրտ էր, սառեցի: Մայիսի կեսերին դեռ ութ աստիճան է: Կարոտում եմ երևանյան տաք առավոտները:

Եվ աչքերս շուտ բացելն ինձ ուրախացնում է միայն նրա համար, որ կարող եմ «Տրամադրությունը» միացնել ու լսել իսկականից, ոչ թե երազում:

Անձրևի մեղմ երգով,
Քո հարազատ ձեռքով...

StrangeLittleGirl
17.05.2012, 17:41
Հեսսե կարդալս միշտ պահում էի բավականաչափ գերմաներեն իմանալուն, որ թարգմանության հույսին չմնամ: Բայց այնպես ստացվեց, որ մոտ երկու շաբաթ առաջ մի քանի «ազդանշան» ստացա Հեսսե կարդալու: Նախ, taregi-ը խորհուրդ տվեց: Հետո, Խրոնինգենի ընկերներիցս մեկը` Դեյվիդը, ստատուս էր գրել` մեջբերում էր արել «Տափաստանի գայլից»: Որ մեկնաբանեցի, սկսեց ինձ նախատել, որ Խրոնինգենից գնացել եմ, որ եթե այնտեղ լինեի, հիմա ես էլ կմիանայի քննարկմանը: Էդպես որոշեցի էնտեղի կարդացող ընկերներիցս հետ չմնալ ու «Տափաստանի գայլը» կարդալ: Դրան գումարած նույն օրերին mar_amirchanyan-ն էլ էր Հեսսեի մասին ինչ-որ բան գրել իր բլոգում:

Էդպես գիրքը ճարեցի (անգլերեն թարգմանությամբ) ու անցա գործի:

Վաղուց էնպիսի գործ չէի կարդացել, որ էսքան հակասական զգացողություններ առաջացներ: Ամենասկիզբը շատ դուրս եկավ: Հետո սկսեցի ներվայնանալ երկար-բարակ փիլիսոփայություններից, իսկ Հարիի` Հերմինեի հետ հանդիպման պահից սկսվեցին իսկական հակասությունները: Մի կողմից, շատ լավ պատկերացնում էի, թե որտեղից էր գալիս յուրաքանչյուր բառը, ինչ է հեղինակի մտքով անցել էդ պահին: Ավելին` մտածում էի` դա այն գիրքն է, որը գրելու համարձակություն ես չունեմ: Ու հենց դրա համար ահավոր դուրս չէր գալիս, բայց համ էլ ամեն բառի հետ համաձայն էի: Ինձ մոտ միայն Գյոթեն ու Մոցարտը կփոխարինվեին Հեմինգուեյով ու Ջենիս Ջոփլինով: Մյուս կողմից, 20-ականների գրականությունից շատ չէր տարբերվում, իսկ էդ ժամանակաշրջանն ինչ-որ անբացատրելի ձգող ուժ ունի: Մենակ արևելյան փիլիսոփայության մասերն էին մի քիչ ներվայնացնող:

Նախաբանում Հեսսեն գրել էր, որ հաճախ իր գիրքը սխալ են հասկանում, որ այն ոչ թե կործանման, այլ ապաքինման մասին է: Ես արդեն տրամադրվել էի, որ մի սխալ հասկացող էլ ես եմ լինելու, որովհետև հիսուն տարեկան չեմ ու տղամարդ չեմ, բայց այդ ապաքինումը պարզից էլ պարզ էր, ու նույնիսկ զարմացա, որ կան մարդիկ, որոնք դա որպես կործանում են ընկալել:

Մի հետաքրքիր երևույթ էլ նկատեցի: «Տափաստանի գայլը» կարդալիս անընդհատ այլ գրքեր էին միտս գալիս` սկսած «Փոքրիկ իշխանից», վերջացրած Ամելի Նոթոմբի «Մարդասպանի հիգիենայով»: Երևի կմտածեք` իրարից շատ տարբերվող գրքեր են, ո՞նց եմ նման եզրակացություն արել: Իմ կարծիքով, այդ բոլոր գրքերը մի առանցքային ընդհանրություն ունեն. բոլորն էլ ինքնավերլուծություններ են:

Մեկ էլ ինչ-որ պահից սկսեցի մտածել, որ Հեսսեն միասեռական է կամ առնվազն միասեռական ֆանտազիաներ է ունեցել ու համարձակորեն արտահայտել է իր գրականության մեջ: Ուղղակի կային դրվագներ, որոնք առանձնապես բան չէին փոխում, բայց, միևնույն է, Հեսսեն չէր խուսափել դրանք ընդգրկելուց: Երբ ինտերնետում մի փոքր հետազոտություն անցկացրի, պարզվեց` սա միակ գիրքը չէ, որտեղ նման դրվագներ կան: Ինչևէ, Հեսսեի սեռական կողմնորոշումն ինձ բնավ չի հուզում: Ուղղակի ազգայնականներին եմ տեղեկացնում. մարդ ես, գուցե ուզենան Հեսսեի գրքերը վաճառող գրախանութներն էլ վառել, որ հայ աղջիկները նրա գրքերը չկարդան:

Այնուամենայնիվ, այսքանով սահմանափակվում եմ Հեսսեով: Գուցե նորից անդրադառնամ նրա գրականությանը, երբ նորմալ գերմաներեն իմանամ:

Հ.Գ. Գիրքն իմ սեփականն է: Ամռանը հետս Հայաստան եմ բերելու: Եթե որևէ մեկը ցանկություն ունի կարդալու, ձայն հանեք:

StrangeLittleGirl
23.05.2012, 02:38
Անցյալ շաբաթ անդուր գլխացավ ունեի: Էն կարգի, որ դասերից հետո սատկում էի ու ոչինչ չէի կարողանում անել: Մի գիշեր էլ նույնիսկ գլխացավից չեմ կարողացել քնել:

Էս շաբաթ, ինչ սկսել եմ ուտելուս հետևել, վիտամիններ խմել ու շշով ջրով ման գալ, համեմատաբար լավ եմ:

Էսօր տուն գալիս մի երգ անցավ մտքովս: Բայց չկարողացա հիշել, թե որ ֆիլմում եմ լսել, որ կարողանամ գտնել: Ձեռի հետ մտքերս տարածվեցին, հիշեցի գլխացավս ու լիքը ուրիշ բաներ: Ու զգացի, որ իմ խեղճ գլխում օրվա ընթացքում հազար տեսակի ինֆորմացիա ա պտտվում, դրա համար արդեն շուխուռ ա անում, որ կամ հանգիստ մնամ, կամ էլ կերակրեմ իրան:

Ու որ սկսեցի թվարկել, իսկականից գժանոց էր. օրը երկու-երեք լեկցիա, մեկ-երկու գիտական հոդված կարդալու համար, մի երկու տնային գրելու համար: Էս մենակ դասերիս հետ կապված տխուր իրականությունը: Բա ներվահան անող Ֆեյսբուքահայաստանը ու ընդհանրապես էն, ինչ էսօր կատարվում ա Հայաստանում: Ու էդ ամենի մասին տոննաներով հոդվածներ կարդալը: Բա շաբաթը երկու-երեք անգամ Բեռլին ճանապարհվելս: Առաջ ամեն օր էի գնում, չէի դժգոհում: Բա կարդացածս գրքերը (մինչև հիմա «Տափաստանի գայլը» ուղեղս հոշոտում ա): Բա վորքշոփի գործերը, որ մի քանի անգամ պիտի կարդամ ու լուսանցքներում մեկնաբանություններ գրեմ: Բա իմ գրելը: Բա, բա, բա... ու սենց ուղեղս պայթում ա, իսկ ես իրան վիտամիններով խաբում եմ:

Սաղ հեչ, էսօր դեմենցիայի մասին հոդված կարդացի, որ շատ կարդացածների ու բիլինգվալների մոտ դեմենցիայի սիմպտոմներն ավելի ուշ են ի հայտ գալիս: Կարա՞մ ինձ հույս տամ:

StrangeLittleGirl
25.05.2012, 01:44
Վիկտորյան հարցրեց, թե ոնց ենք մեր պատմվածքները գրում: Շերոնն ու Աննան ասացին, որ իրենք սկզբում նշումներ են անում, հետո սկսում աշխատել վրան: Ես էլ բացատրեցի, որ երբ գաղափարը ծնվում է, նստում եմ ու արագ-արագ գրի առնում, մինչև վերջին բառը: Հետո մոռանում եմ այդ գործի մասին: Ամիսներ անց բացում եմ ու սկսում մշակել: Իսկ եթե հանկարծ պատմվածքը կիսատ եմ թողնում, հետո երբեք չեմ վերջացնում: Վիկտորյան կիսվեց իր փորձով: Թղթի վրա վանդակներ նկարեց: «Սրանք պատմվածքի տարբեր մասերն են,- ասաց,- սկսում եմ լցնել վանդակները: Երբ դատարկ վանդակներ են մնում, հասկանում եմ, թե որ մասն է դեռ բաց մնացել, սկսում եմ մտածել այն լցնելու մասին»:

Այսօր տուն եկա ուղեղումս վառված մի մտքով: Որոշեցի Վիկտորյայի խորհրդին հետևել: Լցվեց միայն առաջին վանդակը: Գրեցի տեքստը: Չիմացա` ինչպես շարունակել: Ֆայլը փակեցի` թողնելով հետոյի, բայց նաև հասկանալով, որ հետոն երբեք չի գալու:

Եթե պատմվածքի վերջը չգիտեմ, ինչքան էլ սկիզբ գրեմ, այն չի շարունակվելու: Իսկ եթե վերջն արդեն կա, սկիզբը վայրկյանների հարց է:

StrangeLittleGirl
31.05.2012, 00:32
Պիտի արտահայտվեմ, չեմ դիմանա:

Ինչ հիմար ասես եվրոպական «անբարոյականության» ու «փչացածության» դեմ չի խոսում: Այ հենց էդ բոլոր հիմարներին եմ ասում: Գիտե՞ք ինչ կա: Երևի նորմալ ա, որ Հայաստանում ամուսինը կնգան, կնիկը ամուսնուն, ընկերը ընկերուհուն, ընկերուհին ընկերոջը դավաճանում են: Եվրոպայում, լսու՞մ եք, ձեր այդքան ատելի Եվրոպայում նման բանը համարվում է ամենամեծ անբարոյականություններից, ու եթե մեկը հայտնաբերում է, որ դավաճանվում է, կարող է անգամ տնից դուրս շպրտել իր զուգընկերոջը: Էստեղ մինչև մի հարաբերությունը չի ավարտվում, մյուսը չի սկսվում: Իրարից թաքցնել չկա:

StrangeLittleGirl
01.06.2012, 02:31
Օրվա երկու հատված կա, որ շատ եմ սիրում:

Մեկն առավոտն է: Սիրում եմ, երբ բաց պատուհանից արևը ներս է ընկնում ու չի թողնում` քնեմ, իսկ ես վերմակս մի կողմ եմ շպրտում, անկողնուս համեմատաբար սառը հատվածում հարմարվում ու վայելում առավոտյան քնի վերջին րոպեները: Ու եթե փողոցի մեքենենարի աղմուկն էլ չլինի, պատշգամբումս հավաքվող շուխուռչի ծլվլանները լրիվ հերիք են արթնանալու համար: Էս ամենի մեջ էնքան հայկական բան կա: Թվում է` Երևանի սենյակումս եմ պառկած:

Հետո պիտի վեր կենամ, ձգվեմ: Կոմպս միացնում եմ թե չէ, մամաս բարի լույս է ասում, ու միասին սուրճ ենք խմում: Երևանում էլ էի սիրում առավոտները պիժամայով նստել նախասենյակում, մամայիս հետ սուրճ խմել ու շշուկով զրույց անել, որ տան տղամարդիկ չարթնանան:

Ու էս առավոտներն էնքան հավես են, որ չեմ ուզում ավարտվեն, բայց գալիս է կանգառ իջնելու պահը, երբ պիտի մի խումբ կուրսեցիներիս հետ ավտոբուս նստեմ ու համալսարան գնամ:

Մեկ էլ գիշերներն եմ սիրում, երբ Հայաստանում բոլորը քնած են լինում: Ֆեյսբուքը լռում է, ոչ մեկի հետ չեմ զրուցում: Երաժշտության ձայնը ցածրացնում եմ, որ հարևաններին չխանգարի: Գիշերները երաժշտությունն ավելի բարձր է հնչում, քան ցերեկները: Ու ոչ մի բանի վրա կենտրոնանալ չեմ ուզում: Ուղեղս կամաց-կամաց անջատվում է: Հետո հիշում եմ անկողինս, որը ճանապարհ է դեպի հաջորդ առավոտ:

StrangeLittleGirl
03.06.2012, 01:40
Վերջերս շատ են ասում, որ իմ գրածները պարզ են, երբեմն նույնիսկ չափից դուրս պարզ: Ոմանք դա քննադատում են, համարում թերություն:

Ու ես որոշեցի, որ մի օր շատ բարդ բան կգրեմ, որը ես էլ չեմ հասկանա, թե ինչի մասին է: Ու մարդիկ կկարդան ու կգովեն, կասեն, որ դա իմ ամենալավ գործն է: Երբեք չեն հասկանա, որ թագավորը մերկ է:

StrangeLittleGirl
03.06.2012, 02:22
Ու վերջացրեցի անցյալ կիրակի սկսածս պատմվածքը: Մի տեսակ երջանիկ եմ ինձ զգում: Վաղը կմշակեմ ու կորոշեմ` հետն ինչ անել: Ապրի Վիկտորյան. վանդակները փրկեցին: Թե չէ հերթական կիսատ գործն էր լինելու:

StrangeLittleGirl
04.06.2012, 02:38
Ցուրտ ա էսօր: Ցերեկը դրսում ութ աստիճան էր: Հիմա պատկերացնում եմ ինչ կլինի: Նեմեցները նորմալ ամառ էլ չունեն: Իրենց ամառը մայիսին էր, մի քանի օր շոգ արեց, պրծավ:

Ի՞նչ էի մտածում: Հեչ, ադյալով փաթաթված, նստած եմ: Հենց էն ադյալով, որ մամաս ջղայնացավ, որ առել եմ, որովհետև սինթետիկ ա: Բա ես քեզ տե՞նց եմ պահել,- ասում էր: Էլ չգիտի, որ մենակ ադյալի նախշերին նայելիս սիրտս հովանում ա, որ սենց եղանակներին իսկական փրկություն ա:

Ու սենց սառած շատ բաներ եմ մտածում: Մի տեսակ ուժասպառ վիճակ: Էլի զզվելի զգացողություն առաջացավ: Ու էլի խոսել չեմ ուզում: Չէ, ուզում եմ, բայց չի խոսվում: Էնտեղ ինչ-որ բան սխալ է: Ու հետ եմ նայում, չեմ գտնում սխալը:

Գժված եմ: Գիտեմ ինչից: Ու չեմ խոսում:

Էս գիշեր էլի վատ երազներ կտեսնեմ: Էլի գլխացավով կարթնանամ, ու նյարդաբանը կփորձի լուրջ պատճառներ փնտրել:

StrangeLittleGirl
04.06.2012, 22:19
Էս օրագիրս որ առավոտյան բացում եմ, նայում նախորդ գրածս, սիրտս վատանում է: Մտածում եմ` էս ի՞նչ եմ գրել ու ինչու՞ եմ գրել:

Գիշերներն ուղեղս մի տեսակ հիվանդ է ու ինչ հիմարություն ասես չի ծնում: Շարժումներս էլ անկառավարելի են: Ինչ կա-չկա իմ անադեկվատ գլխում, գրում եմ, գնում քնելու: Ու ոչ մի քննադատություն, ոչ մի խղճի խայթի զգացում, թե` էս ինչ ես անում:

Ու գիտեմ, որ ոմանք դրանից ուրախանում են:

StrangeLittleGirl
07.06.2012, 03:15
Կյանքը նման է դատարկ շշի. նրա ներկայությունը քեզ ներվայնացնում է, երբ այն դատարկ է:

StrangeLittleGirl
12.06.2012, 02:45
Սպորտ դահլիճից ուժեղ քրտնահոտ էր գալիս, որովհետև մեզնից առաջ էլ էնտեղ պարապմունք էր եղել: Պատուհանները բացեցինք, որ օդափոխվի: Գիտեի, որ րոպեներ անց մոռանալու ենք հոտի մասին: Ու մինչ խումբը կհավաքվեր, որ սկսենք, կանգնեցի բաց պատուհանի մոտ ու դուրս նայեցի: Երևում էր գեղեցիկ Նոր պալատը, որը ծառայում էր որպես համալսարանական կամպուսի մի հատված: Նայեցի-նայեցի ու մտքերով ընկա: Հենց այդ պահին էր, որ շատ հստակ հասկացա, թե ինչն է ինձ սարսափելի պակասում էստեղ: Հասկացա ու զարմացա, որովհետև փնտրածս անսովոր էր, անհասկանալի ու նաև գժական: Բայց կարևորը` իրականանալի:

StrangeLittleGirl
15.06.2012, 23:03
Ուզում եմ հիշել, թե երբ ցնդեցի:

Անցյալ ուրբաթ օրվանից հետո ամեն անգամ երբ պատուհանից դուրս եմ նայում ու տեսնում ֆրանսիական եկեղեցու աշտարակը, սիրտս վատանում է: Անցյալ ուրբաթ օրվանից հետո այն պարզապես եկեղեցու աշտարակ չէր, այլ վայր, որտեղ Փեդի Քելլին համերգ էր տվել: Անցյալ ուրբաթ համերգին սարսափելի ձանձրացա:

Ես էմոցիոնալ մարդ եմ, ու դա նորություն չէ: Վերջին օրերին չափից դուրս էմոցիոնալ եմ: Համերգները սովորաբար մինչև հոգուս խորքը վայելում եմ: Անցյալ ուրբաթ չկարողացա: Դեբիլացած դեմքով նայում էի իրեն մեջտեղից ճղող Փեդիին ու մտածում. «Չէ, էլ էն երկար մազերով աշխույժ թինեյջերը չի»:

Անցյալ ուրբաթից հետո էմոցիաներս ինձ կրծում են: Ու կարոտում եմ: Մարդկանց, որոնց չեմ կարոտել: Մարդկանց, որոնց նույնիսկ Հայաստանում եղած ժամանակ մի քանի տարին մեկ հազիվ էի տեսնում: Ներվայնանում եմ: Մարդկանցից, որոնց Երևանում ամեն օր տեսնում էի ու անգամ Երևանում եղած ժամանակ կարոտում: Եվ լավ է, որ հիմա հեռու եմ:

Ու դզվել եմ ուզում: Թերթում եմ Բեռլինի ամառային իրադարձությունների ամսագիրը, որ մի հետաքրքիր բան գտնեմ, գնամ: Եվ ոչինչ, ոչինչ չի հետաքրքրում:

Հ.Գ. Ռազմիկ Ամյանի վրա խփնված մտերիմ ընկերուհիս սկսել է Ալանիս Մորիսեթ լսել: Աստված իմ, աշխարհը շուռ է եկել:

StrangeLittleGirl
18.06.2012, 02:19
Մի ամիս առաջ, երբ Պրահա-Երևան-Պրահա ինքնաթիռի տոմս գնեցի, ահագին ոգևորված էի: Հիմա մի տեսակ դուխս գցել եմ: Զգում եմ, որ ոչ մեկի տեսնել չեմ ուզում: Որ մտածում եմ հայկական անկազմակերպ քաոսի մասին, սիրտս վատանում է: Ուզում եմ իմանալ` հուլիսին ինչ իրադարձություններ կան Երևանում: Հիմարություն: Երևանում իրադարձությունների մասին հայտարարությունները լավագույն դեպքում մի շաբաթ առաջ են հայտնվում: Ուզում եմ ընկերներիս խնդրել, որ հիմիկվանից պայմանավորվենք, թե ում երբ եմ տեսնելու, որ իմանամ` ինչքան ազատ ժամանակ եմ ունենալու: Ռիսկս չի հերիքում, որովհետև նախ գիտեմ, որ կնեղանան, երկրորդ հաստատ էլի կուշանան կամ կհետաձգեն, ինչի արդյունքում անկապ կներվայնանամ:

Եթե անկեղծ լինենք, լիքը մարդկանց չեմ էլ ուզում տեսնել: Պարտավորության նման մի բան է, որ պիտի հատ-հատ բոլոր ընկերներիդ բարև ասես ու դիմացը պտիչկա դնես: Ո՞ր ինչ: Փոխարենը կան մարդիկ, որոնց էսպես թե էնպես հազվադեպ եմ տեսնում ու էս անգամ մի տեսակ հենց նրանց էլ ուզում եմ հանդիպել: Ուղղակի մտերիմ ընկերներիս կնեղանան, որ իրենց էգոիզմին պատասխանում եմ իմ էգոիզմով:

Հ.Գ. ու չասեմ, թե ինչքան եմ ներվայնանում պրտված աղջկերքին տեսնելիս: Սա դեռ ՖԲ-ն... բա որ ամբողջ քաղաքում լինեն: Ուֆ, ինչու՞ էս անտեր տոմսն առա:

StrangeLittleGirl
20.06.2012, 20:38
Ե՞րբ եմ զարթուցչի առաջին ղժժոցից արթնացել: Էս անգամ անհամբեր էի: Հետո ի՞նչ, որ երկինքն ամպամած էր, ու կարծես եղանակը լավը չէր լինելու: Տրամադրությունս մի այլ կարգի բարձր էր:

Եղանակի տեսությունն ուժեղ անձրև ու քամի է խոստանում: Էսօր էլ հեծանիվով դասի չգնացի, բայց հո կարող եմ վերջապես նոր հեծանիվս փորձարկել: Կեցցե անհամբերությունը, որ չսպասեցի` դասերս ավարտվեն, այլ կես ժամ շուտ արթնացա ու գնացի փոստ, որ փաթեթս ստանամ: Կյանքիս մեջ առաջին անգամ սաղավարտ հագա ու կյանքիս մեջ առաջին անգամ մեծ ու արագ հեծանիվ նստեցի ու գնացի փոստ:

Տուն եկա, որ սաղավարտս տանը թողնեմ, ավտոբուսով դասի գնամ: Տուն եկա, որ բոլորի հայացքներից թաքուն փաթեթս բացեմ, որովհետև գիտեի` մեջն ինչ էր: Լիլիթ Բլեյանի դիսկը: Վերջապես: Իմ խելառ ընկերուհիներն են ուղարկել: Չսպասեցին` Հայաստան հասնեմ:

Իսկ դասի ժամանակ մինչ դասախոսը ձանձրալի բաներ էր բացատրում, արագ-արագ դիսկը գրում էի փլեյերիս մեջ: Դասախոսը տեսավ, որ ուրիշ բանով եմ զբաղված: Իսկ ես չթաքցրի:

Դասից շուտ դուրս եկա, որովհետև ուզում էի երգերը լսել: Ու քայլում էի կամպուսում` մի մասնաշենքից մյուսը: Թեթև անձրև էր գալիս: Մտածում էի լիքը կարևոր ու անկարևոր բաների մասին: Ու Լիլիթի երգերը մի այլ կարգի հաճելի էին այդ միջավայրում: Էն աստիճանի, որ աչքերս թեթևակի լցվեցին:

Հետո, շատ հետո պիտի գնայի խանութ: Ու պիտի մոռանայի հետս հովանոց վերցնել: Հետ գալիս պիտի ուժեղ անձրևի տակ ընկնեի ու թրջվեի: Ու պիտի նայեի շենքի ապակե դռան մեջ թրջված արտացոլանքիս ու ծիծաղեի: Մի տեսակ երջանկություն:

StrangeLittleGirl
22.06.2012, 03:12
Տարիներ առաջ, երբ դեռ ինտերնետն այնքան դանդաղ էր, որ երաժշտությունը դիսկերի տեսքով խանութներից էի գնում, մի շատ հետաքրքիր օրինաչափություն էի նկատել. ցանկացած նոր դիսկ երեք օր անընդմեջ լսում էի ու մի կողմ շպրտում: Օրեր անց նորից անդրադառնում էի այդ դիսկին կամ էդպես էլ մոռացված թողնում: Քիչ ավելի ուշ երեք օր լսելու արդյունքում ընտրում էի ինձ դուր եկածներն ու կոմպի մեջ գրում:

Անցան էդ հին ու լավ ժամանակները, մոռացա, թե ինչ է նշանակում դիսկ առնել: Սկսեցի երգերն ամբողջական ալբոմներով կամ առանձին-առանձին ինտերնետից քաշել: Ու սովորաբար կոմպիս մեջ հայտնված նոր երգերը մի երկու-երեք անգամ լսելուց հետո հայտնվում էին ընդհանուր փլեյլիսթում. վինամպը կորոշեր դրանք նվագել, լավ: Չէ, իր գործն է: Հազվադեպ էր պատահում, որ մի երգը մի ամբողջ օր լսեմ, այն էլ` դրանից այն կողմ չէի անցնում: Ու երբեմն-երբեմն հիշում էի ինչ-որ երգ, գտնում փլեյլիսթիս մեջ, հատուկ պատվիրում, որ վինամպս հենց դա երգի:

Ինչու՞ էսքանը պատմեցի: Բազմաթիվ փոփոխությունների հետ երաժշտական փոփոխությունն է հայտնվել: Նախ, նորից սկսել եմ դիսկեր առնել, չնայած կոմպս դիսկի տեղ չունի: Երկրորդ, ինձ դուր եկած երաժշտությունը շատ երկար ու շատ ուժեղ է դուրս գալիս:

Երբ Թորի Էյմոսի Midnight Hunters-ը թողարկվեց ու երբ երկու ամիս շարունակ ուրիշ բան լսել չէի կարողանում, մտածեցի, որ Թորին գլուխգործոց է ստեղծել, որ դա իմ կյանքի ամենասիրելի ալբոմն է, դրա համար ուղիղ երկու ամիս դրան գամված էի, իսկ դրանից հետո էլ հաճախ էր պատահում, որ առանձին միացնեի ալբոմը:

Բայց հետո եկավ «Բաբուշկան»` «Ամեն ինչ լուսավորված է» ֆիլմի սաունդթրեքը: Հաշվի առնելով, որ դա միայն մի գործ է, երեք օր ռիփիթի վրա դրած պահելն իսկապես ահագին շատ է (լասթ էֆ-էմս վկա):

Հաջորդը Պատրիսիա Քելլիի ալբոմն էր: Ուղիղ քսան օր MP3-փլեյերս միայն նրա երգերն էր կրում:

Պատրիսիային փոխարինեց եղբայրը` Ջիմմին: Եվս քսան օր փլեյերս միայն Ջիմմիին գիտեր: Ու էդպես կշարունակվեր, բայց հիմա արդեն հերթը Լիլիթ Բլեյանինն էր:

Կարծես ինչ-որ բան գուշակում էի, որ երգերը youtube-ից չէի քաշում, այլ երբ ուզում, մտնում, լսում էի, որովհետև ինչ դիսկը հասել է, այսինքն` ինչ նրա երգերը հայտնվել են կոմպիս ու փլեյերիս մեջ, ուրիշ բան չեմ կարողանում լսել:

Չեմ հասկանում` արդյոք իմ կյանքում սկսել է այնպիսի երաժշտություն հայտնվել, որը նախկինում չի եղել, թե՞ ինչ-որ բան փոխվել է մեջս, և ուղղակի ավելի երկար ու ուժեղ եմ տարվում ինձ դուր եկածով:

StrangeLittleGirl
24.06.2012, 19:47
Երկու բան կա, որ վերջերս սկսել ա ներվայնացնել: Մեկը էն, որ չգիտես ինչու հայ ժողովրդի ներկայացուցիչներ ֆբ-ում ներկայանում են իրենց ազգանվան յանը (երբեմն նաև այլ մասեր) դուրս շպրտելով: Մեկն էլ էն, որ շատերը սկսել են ինչ-որ անկապ, «խորիմաստ» տեքստային նկարներ աջ ու ձախ տեղադրել: Ձանձրալի ա...

StrangeLittleGirl
24.06.2012, 21:27
Կիրակնօրյա պարապությու՞նս էր պատճառը, որ նստեցի ու մարդկանց ցուցակ կազմեցի, որտեղ ընդգրկեցի բոլոր այն մարդկանց, որոնք շատ կոնկրետ կերպով (իսկ թե ինչպես, դա թող իմ անձնական գաղտնիքը մնա): Նրանք ուղիղ 39 հոգի են և ունեն երկու կարևոր ընդհանրություն: Բայց շատ այլ հարցերում տարբեր են: Նրանց մի մասին շատ քիչ եմ ճանաչում, մի մասին ընդհանրապես չեմ ճանաչում ու հազիվ մի երկու անգամ տեսած լինեմ: Երկուսին երբևէ չեմ տեսել: Մի քանիսի հետ վաղուց կապ չեմ պահպանում: Առաջին վեցը չգիտեմ էլ նույնիսկ որտեղ են, որովհետև մեր ուղիները խաչվել են իմ կյանքի առաջին տասնամյակում: Մնացածների հետ տարբեր տեսակի հեռու-մոտ հարաբերություններ ունեմ: Եվ միայն ու միայն երեքի հետ եմ շատ մտերիմ եղել ու հայտնաբերել, որ նրանք բնավ ինձ վրա չեն ազդում այնպես, ինչպես կարծում էի, որ պիտի ազդեն: Ու ատել եմ նրանց, մինչ նրանք շարունակում էին համոզված լինել, որ իրենցով հիացած եմ:

StrangeLittleGirl
29.06.2012, 20:52
Վաղը գնում եմ Դրեզդեն: Ի տարբերություն մնացած զանազան-զարմանազան քաղաքների, որ գնացել եմ էս ընթացքում, Դրեզդենում եղել եմ նախկինում: Վեց տարի առաջ էնտեղ մի ամսով ամառային պրակտիկա եմ անցել, իսկ հեռանալուց հույս ունեի, որ էլ երբեք չեմ վերադառնալու: Ու Դրեզդեն գնում եմ հենց նրա համար, որ էնտեղ եղել եմ նախկինում:

Բլոգս բացում եմ, որ տեսնեմ` Դրեզդենը ոնցն էր: Չորս Դրեզդենի մասին ոչինչ չասող ու իմ զգացածի մասին ամեն ինչ ասող գրառումներ են: Ու վաղը նորից էնտեղ կլինեմ: Սիրտս կտոր-կտոր է լինում: Գիտեմ, որ ծանր եմ տանելու: Էսօր արևային ակնոցներ առա, որ եթե լացեմ, ընկերներս չտեսնեն:

Գնում եմ հաղթահարելու էն ցավը, որ քաղաքի հետ անմիջականորեն կապ չուներ: Գնում եմ գտնելու պատանեկությանս փշրանքները, որ թողեցի էնտեղ ու վերադարձա Երևան: Գնում եմ համոզվելու, այլևս երբեք այնտեղ եղած զգացողություններն ինձ չեն այցելելու:

StrangeLittleGirl
02.07.2012, 02:38
Ընդհանրապես, ես պոեզիայից հեռու մարդ եմ, ու եթե արձակիս դավաճանում եմ, անցնում պոեզիայի, ուրեմն վիճակս շատ լուրջ է:

Հենց նոր մի հատ էդպիսի էշություն գրեցի ու պինդ-պինդ կոմպիս մեջ սեյվ արեցի, որ երբ էդ մարդու հետ ծանոթանամ ու մտերմանամ, հպարտ-հպարտ ցույց տամ, ասեմ` տես, էս մինչև քեզ հետ ծանոթանալն եմ գրել :)

StrangeLittleGirl
26.07.2012, 11:26
Արի քայլենք միասին: Դու նույն ճամփով ես գնում: Արի երգենք միասին: Դու նույն երգերն ես սիրում: Արի խոսենք միասին: Դու նույն լեզվով ես խոսում: Արի կոտրենք բոլոր մարդկային խոչընդոտները, պայմանականությունները, վախերը, անվստահությունը ու արի միասին հասնենք լեռան գագաթին: Արի իրար ձեռք բռնենք: Արի նույն կետին նայենք: Ու թույլ տուր... թույլ տուր հենվել, որ չընկնեմ:

StrangeLittleGirl
27.07.2012, 12:27
Մի ամիս առաջ, երբ Պրահա-Երևան-Պրահա ինքնաթիռի տոմս գնեցի, ահագին ոգևորված էի: Հիմա մի տեսակ դուխս գցել եմ: Զգում եմ, որ ոչ մեկի տեսնել չեմ ուզում: Որ մտածում եմ հայկական անկազմակերպ քաոսի մասին, սիրտս վատանում է: Ուզում եմ իմանալ` հուլիսին ինչ իրադարձություններ կան Երևանում: Հիմարություն: Երևանում իրադարձությունների մասին հայտարարությունները լավագույն դեպքում մի շաբաթ առաջ են հայտնվում: Ուզում եմ ընկերներիս խնդրել, որ հիմիկվանից պայմանավորվենք, թե ում երբ եմ տեսնելու, որ իմանամ` ինչքան ազատ ժամանակ եմ ունենալու: Ռիսկս չի հերիքում, որովհետև նախ գիտեմ, որ կնեղանան, երկրորդ հաստատ էլի կուշանան կամ կհետաձգեն, ինչի արդյունքում անկապ կներվայնանամ:

Եթե անկեղծ լինենք, լիքը մարդկանց չեմ էլ ուզում տեսնել: Պարտավորության նման մի բան է, որ պիտի հատ-հատ բոլոր ընկերներիդ բարև ասես ու դիմացը պտիչկա դնես: Ո՞ր ինչ: Փոխարենը կան մարդիկ, որոնց էսպես թե էնպես հազվադեպ եմ տեսնում ու էս անգամ մի տեսակ հենց նրանց էլ ուզում եմ հանդիպել: Ուղղակի մտերիմ ընկերներիս կնեղանան, որ իրենց էգոիզմին պատասխանում եմ իմ էգոիզմով:

Հ.Գ. ու չասեմ, թե ինչքան եմ ներվայնանում պրտված աղջկերքին տեսնելիս: Սա դեռ ՖԲ-ն... բա որ ամբողջ քաղաքում լինեն: Ուֆ, ինչու՞ էս անտեր տոմսն առա:
Էն ժամանակ չէի պատկերացնում, որ ամեն ինչ էնքան լավ է լինելու, որ չեմ էլ ուզելու գնալ:

Հայաստանում հրաշալի մարդիկ կան, ինչպիսիք ոչ մի ուրիշ երկրում չեմ հանդիպել:

StrangeLittleGirl
29.07.2012, 03:33
Մեկ-մեկ լավ ա հասկանալը, թե կյանքիցդ ինչ ես ուզում: Դեռ մի ամիս առաջ տագնապում էի ու դժվարությամբ պատկերացնում, թե ինչ եմ անելու ավարտելուց հետո: Հիմա մի տեսակ ամեն ինչ էնքան հստակ ա գծագրվել: Ու հանգիստ եմ, որովհետև չստացվելու դեպքում պլան Բ-ն կա ու կա: Շնորհակալ եմ Հայաստանում հանդիպածս մարդկանց:

StrangeLittleGirl
29.07.2012, 11:23
Վերջերս շատ եմ մտածում քաղաքավարության մասին: Թինեյջեր ժամանակներս դա իմ ըմբոստության հիմնական թեման էր, ու քաղաքավարությունը համարում էի մարդկության հորինած կեղծ արժեք: Անգամ մի ապուշ պատմվածք ունեմ (իմ գրած առաջին պատմվածքը) էդ թեմայով, որտեղ շոր հագնելն էլ էր քաղաքավարության մի մաս կազմում:

Որ մի քիչ մեծացա, հասկացա, որ քաղաքավարությունն անխուսափելի է ու հաճելի է. սկսեցի նախընտրել վաճառողուհիների ժպիտները մուննաթոտ դեմքերից, բարև-ոնց ես-ները խոսակցության ուղղակի նյութից սկսելուց, սկսեցի շատ չձանձրանալ նոր մարդկանց հետ շփվելիս, որովհետև քաղաքավարության տոպրակից հարցեր ունեի, որոնց շուրջ կարելի էր խոսել:

Վերջերս նորից մտածում եմ էս թեմայի մասին: Ու հասկացա, որ քաղաքավարությունը լավ է անծանոթների հետ: Քաղաքավարությունը նաև ապահովագրում է քեզ. խուսափում ես վատ հարաբերություններից, բայց մյուս կողմից էլ զոհում ես նաև լավը: Ու եթե մեկի հետ ուզում ես ավելի մտերիմ լինել, քաղաքավարությունը կխանգարի, երկար ժամանակ թույլ չի տա, որ իրական մտերմություն լինի: Հետևաբար, պետք է ճիշտ ժամանակին մի կողմ շպրտել քաղաքավարությունը, ռիսկի գնալ՝ պատրաստ լինելով, որ վարքդ դիմացինի համար կամ վիրավորական է լինելու, կամ ձեզ ավելի է մոտեցնելու:

StrangeLittleGirl
30.07.2012, 00:21
Մի բան արեք, պիտի հասցնեմ ակումբի հաջորդ հանդիպմանը երեխա ունենալ, թե չէ սենց չի լինի :)) սենց որ շարունակվի, գրվելու ա՝ մուտքը միայն բալիկներով :))

StrangeLittleGirl
03.08.2012, 19:37
Աշխարհի վերջը 2012-ին չէ, ոչ էլ ինչ-որ ուրիշ կոնկրետ նշանակված օր: Աշխարհի վերջը գալիս է այն պահին, երբ բոլոր երազանքներդ իրականություն են դառնում, իսկ դու չափից դուրս մեծ ու իրատես ես դառնում նոր երազանքներ հորինելու համար: Էդտեղ ամեն ինչ կանգ է առնում, դառնում անիմաստ: Ու չես հասկանում` հաջորդ առավոտ ինչու պիտի արթնանաս, ինչիդ է պետք կյանքն ընդհանրապես:

Մարդիկ շարունակում են հանգիստ ապրել կողքիդ, իսկ քեզ համար աշխարհի վերջն է:

StrangeLittleGirl
12.08.2012, 09:54
Պետք է լուծում գտնել: Էսպես շարունակվել չի կարող: Երեկ գժվեցի նրանից, երբ հայտնաբերեցի, թե որքան կատարյալ է ինձ համար: Ոչ թե ընդհանրապես, այլ հենց միայն ու միայն ինձ համար:

StrangeLittleGirl
13.08.2012, 21:55
Միայնության հասցրած ցավը հանգեցնում ա մարդկանցից փախչելու ցանկության:

StrangeLittleGirl
23.08.2012, 02:12
Լիճը մեծ չէ, ու դիմացի ափը, որտեղ Մարմարե պալատն է, ու որտեղից ջուրը մտնել չի կարելի, հեռու չէ: Հետն էլ մի տեսակ ձգում է:

Մենք երեքով ջուրն ենք մտնում ու առաջ լողում: Սոֆին շրջվում, հետ է լողում: Հետո Վանեսան: Ու ես էլ քաղաքավարությունից, թե մենակ չմնալու ցանկությունից հետևում եմ նրանց դեպի ափ:

Իսկ ջուրը կանչում է:

- Ո՞վ է գալիս նորից լողանք:
Ոչ ոք ձայն չի հանում:

- Լավ, ես կգամ,- ասում է Լյուդմիլան ու հագուստը հանում՝ մնալով լողազգեստով:

Մտնում ենք ջուրը երկուսով: Ավելի սառն է թվում, քան նախորդ անգամ:
- Մեկ, երկու, երեք:
Լյուդմիլան սկսում է լողալ: Հետևում եմ նրան: Առաջին վայրկյանին սառն է, հետո սովորում ենք: Գնում ենք առաջ:
- Բյուրի, ես հետ եմ դառնում:
- Լավ,- ասում եմ,- իսկ ես կշարունակեմ:

Ու գնում եմ մեն-մենակ՝ հայացքս դիմացի ափին, որտեղ ոչ ոք չկա: Արևը ձախից դեմքիս է խփում, կուրացնում: Մազերս քանդվել են ու ինձ հետ լողում են: Փակում եմ աչքերս: Լճի մեջտեղում՝ բոլորից հեռու, մտքերս գնում-գալիս են: Խառը մտքերս, դժվար մտքերս, անլուծելի մտքերս: Կհասնե՞մ արդյոք դիմացի ափ: Կհերիքե՞ն արդյոք ուժերս: Գուցե վտանգավոր է. էնտեղ ճահիճ է կամ շատ խորն է: Գուցե ուժասպառ լինեմ ու չկարողանամ հետ լողալ: Կանգնած եմ, իսկ ոտքերիս տակ հատակ չկա:

Պիտի գնամ, պիտի հասնեմ դիմացի ափին, թեկուզ մեն-մենակ: Պիտի ցույց տամ, որ կամքի ուժ ունեմ, որ նպատակներ ունեմ, որոնց հասնելու եմ:

Ու լողում եմ առաջ: Դիմացի ափը ցանկապատված է, հետևում՝ բույսեր: Դանդաղ, բայց շարժվում եմ: Ափը կամաց-կամաց մոտենում է: Պիտի դիպչեմ ցանկապատին: Քիչ անց ոտքերս ամուր հատակին են: Նայում եմ ներքև: Ջուրը թափանցիկ է: Ջրիմուռները խառնվել են ոտքերիս: Ջուրը թափանցիկ է, որովհետև մարդիկ այստեղ հաճախ չեն լինում: Եվս երկու քայլ, ու ձեռքս արդեն ցանկապատին է: Հենց էնտեղ բարձրաձայն խոստանում եմ նույն կերպ պայքարել երազանքներիս համար: Ու դանդաղ հետ եմ լողում:

Ընկերներս թաց են:
- Մինչ դու կգայիր, մենք հասցրինք մի անգամ էլ ջուրը մտնել, դուրս գալ:
- Ես մինչև դիմացի ափ լողացի:
- Զուգարա՞ն,- ծաղրեցին:
- Չէ,- փորձեցի հարմար պատասխան գտնել,- էնտեղ ջուրը թափանցիկ էր:

StrangeLittleGirl
12.09.2012, 18:33
Վաղուց էստեղ գրառում չեմ արել: Մտածեցի՝ մի քիչ էսօր գրեմ: Ու դա մտքերս իրար գլխի չհավաքելու արդյունքում: Կյանքում էսպիսի բան չէր եղել, որ երբ ուզենամ մի բանի մասին գրել ու չկարողանամ: Ինչ-որ անկապ լղոզված բան է ստացվում, մինչդեռ ինձ համար կարևոր թեմա է: Կարդացի երեկվա գրածս, խմբագրեցի, բայց հենց փորձեցի շարունակել, մտքերս կանգ առան: Ճիշտ էնպես, ինչպես անցյալ գիշեր:

Բաներ կան, որոնց մասին խոսել չեմ կարողանում, մինչդեռ հենց խոսելն ինձ հանգստություն կբերեր:

StrangeLittleGirl
14.09.2012, 00:43
Էսօր էս ի՜նչ օր էր: Որ հատ-հատ վերհիշում եմ, թե ինչեր են կատարվել, ուղեղս չի ընկալում, որ էդ ամենն ընդամենը մի օրում էր: Համ լավն էր, համ տարօրինակ, համ հաճելի, համ խորհրդավոր: Ուղեղս ցավում ա ինֆորմացիայի շատությունից:

Ու ամենազարմանալին էն ա, որ էսօր արդյունավետ եմ էղել, չափից դուրս արդյունավետ, որովհետև կատարել եմ մեկ բլոգային գրառում, գրել եմ երեք նամակ, գծել եմ մի պատմվածքի սխեմա ու ավարտել նախաբանը: Ու էդ ամենի հետ հասցրել լիքը բաներ նկատել:

Ու մի տեսակ շատ եմ սիրում կյանքը, սիրում եմ էս բոլոր խուճուճ պատմությունները:

StrangeLittleGirl
16.09.2012, 00:28
Սիրում եմ մարդկանց, չնայած հաճախ մենակ մնալու ցանկություն եմ ունենում: Սիրում եմ, երբ մարդիկ հարգում են էդ ցանկությունս: Բայց... բայց... էն, ինչ կատարվեց ինձ հետ վերջին մի շաբաթվա ընթացքում ու դեռ կկատարվի ևս երկու շաբաթ, դրան էլ գումարած չորս ամիս... Ախր չէ էլի:

Ես նրան չէի հրավիրել ինձ մոտ ապրելու, բայց երբ խնդրեց, մեծահոգաբար չմերժեցի: Բայց երբ ջեռուցիչը ամենաբարձր հինգ միավորի վրա դրեց, երբ ասացի, որ նույնիսկ ձմռանն այդքան բարձր չեմ միացրել, երբ պնդեցի, որ շոգ կլինի, իսկ կոմպս էլ կհալվի, որովհետև տեղադրված է ջեռուցչին մոտ, ինձ ուղղակի առաջարկեց կոմպս վերցնել և ուրիշ տեղ գնալ: Իմ սեփական տան մեջ:

Բայց ուզում եմ էս փորձության դրական կողմը տեսնել: Ճիշտ է՝ մենակ մնալ ուղղակի չի ստացվում, ու հիմնականում ինձ ընկերակցում է մեկը, որին ես նույնիսկ իմ ամենավատ երազում չեմ ընտրել, բայց ամբողջ օրը նրա հետ լինելով հասկանում եմ, որ նրանից լավն եմ, ու մի տեսակ ինքնասիրությունս շոյվում է: Որովհետև ես չեմ կարող ժամերով մի կետի նայել ու ոչինչ չանել: Չէ՞ որ ես բազմաթիվ հետաքրքրություններ ունեմ:

Հ.Գ. Ժող, սա պատմվածքի թեմա ա: Մեծ խնդրանք. ինձ էս թեմայով հա բզեք:

StrangeLittleGirl
16.09.2012, 20:26
Ինչու՞ ա էսքան դժվար ուրիշի հետ ապրելը: Ամուսնական կյանքը սենց չի, չէ՞: Եթե հա, ուրեմն ես կյանքում չեմ ամուսնանա:

StrangeLittleGirl
19.09.2012, 01:27
Երբեք չեմ կարող սիրել այն տղամարդուն, որն ասում է, որ գիրք կարդալ չի սիրում, որքան էլ բազմաթիվ այլ արժանիքներ ունենա, այդ թվում՝ անասելի մեծ ուշադրություն կնոջ հանդեպ (հազվագյուտ երևույթ հայ տղամարդկանց մոտ):

StrangeLittleGirl
22.09.2012, 01:06
Սա նման է վատ երազի: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Երկու զուգահեռ իրականություններս խառնվել են իրար ու խանգարում են: Իսկ ես ելքեր եմ որոնում՝ չուզենալով, որ դրանք ավարտվեն կամ փոխարինվեն երրորդ իրականությամբ:

Երբ իմ տանն եմ գիշերում, մղձավանջներից արթնանում եմ. չեմ կարողանում հաշտվել էն մտքի հետ, որ մամաս էստեղ է, բայց ուրիշ տանիքի տակ է քնած: Ու նենց ուզում եմ կողքիս լինի:

Չեմ կարողանում հաշտվել տունս բաղնիս դարձնող, իսկ հիմա էլ իր էշ խելքից հիվանդ սատկող համակուրսեցուս ներկայության հետ, որին ևս կես տարի պետք է հանդուրժեմ:

Երբ մորս մոտ՝ հյուրանոցում եմ գիշերում, չեմ կարողանում հաշտվել տանն այդքան մոտ, բայց տնից դուրս գիշերելու հետ, չնայած քնած ժամանակ մամաս մոտենում ու ծածկում է ինձ, որ չմրսեմ, ու ես չեմ ուզում, որ դա ավարտվի:

Իսկ հետո նայում եմ օրացույցին. օրերը դանդաղ հոսում են, ու մոտենում է Ֆինլանդիա գնալու ժամանակը: Սարսափում եմ, երբ մտածում եմ, որ փակված եմ լինելու ամեն ինչից այդքան հեռու Յոենսու քաղաքում, որը Երևանից տարբերվում է նրանով, որ էնտեղից դուրս գալու համար վիզա պետք չէ:

Գիշերները վեր եմ թռնում. գիտակցում եմ, որ որքան հոսում են օրերը, էնքան մոտենում է նաև Երևան վերադառնալու ժամանակը, ու գլուխս լցվում է բազմաթիվ «բա որ»-ներով: Վախերս խեղդում են: Ու ես ուզում եմ ինչ-որ մեկի հետ կիսվել վախերիս մասին, բայց փոխարենը քայլում եմ առաջ՝ փորձելով իրականություններս իրարից զանազանել:

Էս տարին վայելելու եմ ինչքան կարող եմ:

StrangeLittleGirl
23.09.2012, 02:32
Էն որ մրցույթի ներկայացնելու պատմվածքն անընդհատ մշակում ես, նախադասություններ ավելացնում-պակասացնում, պարբերություններ տեղափոխում, ավելի դիպուկ բառեր ընտրում, ուշադիր կարդում, որ հանկարծ տպագրական սխալներ չլինեն, հետո նորից կարդում ու կարդում ու ինքդ զգում, թե ինչպես է ամեն անգամ նորից վրայով անցնելուց գործդ ավելի լավը դառնում: Բայց, միևնույն է, ինչքան էլ տաշում ես, զգում ես, որ կատարյալ չէ: Ուղղակի գալիս է մի պահ, որ այլևս չես հասկանում՝ ինչու կատարյալ չէ, բայց էլ փոխելու բան չես գտնում: Հենց էդ ժամանակ պիտի ուղարկես:

Կուզեի դասերիս հետ էլ էդպես լինեի, ոչ թե հոդվածը գրեի ու առանց կարդալու ուղարկեի՝ թքած ունենալով, թե ինչ գնահատական կստանամ: Ստեղծագործականի հետ էլ էսպես չէի, հասել եմ դրան: Տեսնես՝ գիտության մեջ կհասնե՞մ, թե՞ ոչ:

StrangeLittleGirl
26.09.2012, 02:39
Բեռլինի Կենդանաբանական այգու մոտի եկնաքերների արանքում նստած էինք: Դու փորձում էիր ինձ համոզել, որ մահմեդականները սատանայապաշտ են, իսկ ես ներվայնացած պնդում էի, որ պետք է հանդուրժել նրանց գոյության իրավունքը: Տաքացած վիճում էինք, ու ես քեզ աղաչում էի վերջ տալ, որովհետև աշխարհում ամենից շատ ատում եմ կրոնական թեմաներով բանավիճելը: Իսկ դու չէիր լսում ինձ, շարունակում էիր: Ականջներս փակեցի ու գլուխս թեքեցի: Դու շարունակում էիր: Գլուխս կախեցի, ու մազերս դեմքիս լցվեցին: Զգացիր, որ լռությունս չափից դուրս երկար տևեց: Դու էլ լռեցիր: Հետո մազերս դեմքիցս մի կողմ տարար ու խնդրեցիր, որ քեզ նայեմ: Գլուխս բարձրացրի ու ժպտացի, ասես ոչինչ չէր եղել:
- Քո կեղծ ժպիտը,- ասացիր ու գրկեցիր: Ու ես դողում էի քո գրկում: Վախից դողում էի, որովհետև չգիտեի՝ ուր եմ գնում: Դու ինձ ասել էիր, որ քեզ դուր եմ գալիս, իսկ ես պատասխանել էի, որ քեզ չեմ ատում: Դու ասում էիր, որ չատել նշանակում է դուր գալ, իսկ ես պնդում էի, որ ամեն ինչ սև ու սպիտակ չէ, ու կան մոխրագույնի բազմաթիվ երանգներ, որոնցից մեկն էլ անտարբերությունն է: Չէիր հավատում:

Հավատում էիր, բայց չէիր բարձրաձայնում: Դու գիտեիր, որ ես գնում եմ ու այլևս չեմ վերադառնալու, որովհետև ինձ ոչինչ հետ չի բերի Բեռլին: Նույնիսկ դու:

Քեզնից չէի փախչում, չէի ճանկռում, որովհետև կարոտել էի տղամարդկային հոգատարությունը, կարոտել էի ընդհանրապես ջերմ մարդկային շփումը ու կարոտել էի մարդկանց գրկելը: Թույլ էի տալիս, որ սիրտս մի քիչ արագ խփի քո ներկայությամբ, որովհետև ուրիշ ոչ ոք չունեի Բեռլինում: Նման էի թաքստոցում գտնվող Աննա Ֆրանկին, որը սիրահարվեց միակ հասանելի տղային:

Իսկ երբ Ֆեյսբուքով հայտնեցի, որ վերջին կիսամյակս Նիդեռլանդներում եմ անցկացնելու, ու որ դա իմ ընտրությունն է, գոռացիր.
- Ու դու կարող էիր Բեռլինն ընտրել, բայց չընտրեցի՞ր:
Չգոռացիր, գրեցիր: Բայց էկրանիս հայտնված տառերի մեջ լսում էի ձայնդ, դրա արձագանքը, զայրույթդ, հուսախաբությունդ:

Հա, չընտրեցի, որովհետև ոչինչ չկա, որ կարող է ինձ հետ բերել Բեռլին: Անգամ դու: Ես ասում եմ՝ այլևս երբեք չենք հանդիպի, ու դու շատ լավ գիտես, որ դա ճշմարիտ է, բայց ուզում ես հավատալ, որ մի օր Հայաստանում մեր ճամփաները կխաչվեն: Եթե հեռվից քեզ տեսնեմ, անպայման ճանապարհս կփոխեմ, որ այլևս չհանդիպենք, որովհետև ուզում եմ էսպես քաղցր հիշես ինձ:

Ցավոք, ես շատ լավ գիտեմ, թե ուր են տանում մեր վեճերը: Դրանցից էլի եմ ունեցել ու բավական թանկ վճարել: Դու ինձ չես կարող որևէ բանում համոզել, որովհետև արդեն համոզված եմ, որ քեզնից խելացի եմ: Դու ինձ չես կարող ստիպել, որ քեզ սիրեմ, որովհետև սիրում եմ նրան, ով ինձնից խելացի է: Դու ինձ չես կարող ապացուցել, որ զանազան համոզմունքներդ ճիշտ են, որովհետև լսում եմ նրան, ով ինձնից շատ է կարդացել: Դու ինձ չես կարող հնազանդեցնել, որովհետև հնազանդվում եմ նրան, ով ինձնից ուժեղ է և ում սիրում եմ: Դու ինձ չես կարող հետաքրքրել, որովհետև ինձ համար հետաքրքիր են նրանք, ովքեր կարդում են:

StrangeLittleGirl
26.09.2012, 23:12
Մեծ դժվարությամբ ճամպրուկս պոկում եմ գետնից: Սիրտս կանգնում է: Էդքան իր աղբարկղը նետելուց կամ ուրիշների նվիրելուց հետո էլի ծանր է: Աչքերս լցվում են: Հազիվ է գետնից պոկվում: Ո՞նց եմ հասցնելու Հելսինկի, ո՞նց եմ հասցնելու Յոենսու: Ու հենց էդ պահին ամենից շատ չեմ ուզում մենակ լինել, հենց էդ պահին է, որ հանձնվում ու խոստովանում եմ՝ ես ուժեղ չեմ:

StrangeLittleGirl
28.09.2012, 02:09
Էլ չեմ գրելու:

StrangeLittleGirl
24.10.2012, 01:01
Բոլորդ մի օր ձեր հալը կտեսնեք: Հատ-հատ:

StrangeLittleGirl
26.10.2012, 11:54
Ոչինչ չի գրվում ու չի ասվում:

Ուղղակի արթնացա ահավոր երազների հերթական սերիայից հետո: Իսկ իմ ամենաահավոր երազները Երևանում են տեղի ունենում՝ առանց հետդարձի տոմսի: Էս անգամ հետդարձն էի տեսնում, ճամպրուկ հավաքելը, պատրաստվելը, իսկ դա նույնիսկ ավելի էր ծանրացնում: Ու հետո արդեն Երևանում էի: Մի գժանոց էր:

Արթնացա անտրամ: Պատուհանից դուրս նայեցի: Ծառերը սպիտակել են: Ձյու՞ն: Չեմ հավատում: Չեմ ուզում հավատալ:

Ու ամեն օր դեպրեսիան մի օրով հետաձգում եմ, հրում եմ, ասում եմ՝ սպասի, տեսնեմ՝ էսօր ինչ եմ անում, գուցե կարողանամ կանխել քեզ:

StrangeLittleGirl
27.10.2012, 02:15
Հարցնում ա՝ դու ինձ հիմա՞ր ես համարում: Ես էլ դիպլոմատիայից հեռու, էրեսին շպրտող մարդ (էդքանը պիտի որ մինչև հիմա հասկացած լիներ), բռնում ու ասում եմ՝ հա:

Նեղվում ա:

Բա որ հիմա չի, ի՞նչ ա: Մենակ հիմար մարդը կարար նման հարց տալ:

Ես որ գիտեմ՝ չաղ եմ, րոպեն մեկ չեմ հարցնում իրան՝ դու ինձ չա՞ղ ես համարում, որովհետև գիտեմ, որ կարա ասի հա, ու ես դրանից վատ զգամ, ինչքան էլ դա համապատասխանի իրականությանը:

Ինքը սաղ կյանքում հիմար ա մնալու: Հակառակ դեպքում Նար-դոսը մի հատ էլ կարար էն տափակ «Ես և նայից» գրեր:

StrangeLittleGirl
27.10.2012, 21:22
Իմացա. Նոր տարին Դանիայում կդիմավորեմ, որովհետև... որովհետև էնտեղ ա գրվել «Լուցկիներով աղջիկը»:

StrangeLittleGirl
06.11.2012, 23:05
Մեկ-մեկ սենց հիշողությունների նոպաներ եմ ունենում ու մտքիս մեջ կռիվ անում:

Էրեկ հին ընկերներիցս մեկը, որի հետ վերջերս հազվադեպ եմ շփվում, գրեց, որ Նորքում դասի է: Էսօր էլ մոտիկ ընկերուհիներիցս մեկը պատմեց, թե ոնց են Նորքում հիվանդի մոտ իջել: Ու նաև՝ օնլայն կոնսուլտացիա արեցի մեկին:

Կարոտեցի, գժվելու չափ կարոտեցի հոգեբուժությունը: Ու զգացի, թե ինչքան շատ եմ սիրում նախկին մասնագիտությունս, որից էդքան փախչել էի ուզում:

Հետո առաջս եկան օրդինատուրայի դառնագույն տարիները: Մինչև հիմա սիրտս կանգնում է, երբ հիշում եմ, որ մասնագիտացված բժշկի գիտելիքները հինգերորդ կուրսի դասագրքով պիտի ստուգեին: Վատանում եմ մտաբերելով, թե ոնց էի օրեր շարունակ գլուխս կախ թղթաբանությամբ զբաղվում, որի մեծ մասն ուղղակի արտագրություն էր:

Հետո հիշում եմ նաև գրապահարանս, էնտեղ սիրուն դարսված հոգեբուժության գրքերը, որոնք կարդում էի, մի մասն արդեն անգիր էի արել՝ թքած ունենալով, որ ոչ ոք ինձնից էդքան գիտելիք չի պահանջում:

Հիշում եմ նաև երկու ղեկավարներիս: Հիշում եմ ու զարմանում, թե ոնց են նման պայծառ մարդիկ էդ փտած համակարգում գոյատևել: Հիշում եմ ու կարոտում:

Կարոտում եմ նաև էն անգործ օրերը, երբ սպիտակ տանը ցրտից կուչ էի գալիս ու հոգեբանի հետ զրույցի բռնվում:

Որ հիշում եմ օրդինատուրաս, մի տեսակ խառն է՝ համեմված աշխարհի ամենադրական ու ամենաբացասական հույզերով, վերելքներով ու վայրէջքներով, հիասթափություններով ու քաջալերանքներով: Ու մի տեսակ գոհ եմ, որ էդ ամենի միջով անցա: Կարծում եմ՝ կյանքում այլևս ոչինչ այդքան դժվար չի լինի, ինչքան այդ երկու տարիները:

StrangeLittleGirl
08.11.2012, 02:07
- Կուզեի՞ր Ֆինլանդիայում ապրել:
- Հա:
- Պիտի գուշակեի: Դու ուզում ես ապրել աշխարհի ցանկացած երկրում, մենակ թե Հայաստանը չլինի:
- Ո՞վ ա ասում: Ես ուզում եմ Հայաստանում ապրել:
- Կներես, կարծում էի՝ ատում ես Հայաստանը:
- Չեմ ատում, բայց Հայաստանն աշխարհի ամենալավ տեղը չէ: Ոչ էլ կլինի: Ոչ էլ եղել է:
- Կարծում էի՝ Աստծուն հավատում ես: Էդ դեպքում ո՞րն է Նրա դերը: Պարզապես նստել-նայե՞լը:
- Համենայնդեպս, հաստատ Նրա ֆունկցիաների մեջ չի մտնում Հայաստանն ավելի լավ երկիր սարքելը: Ու ընդհանրապես, Աստված հաստատ Հայաստանն աշխարհի ամենալավ տեղը չի սարքի, մինչ դու նստած ես Գերմանիայում ու վախենում ես Հայաստան գնալ, որովհետև կբռնվես բանակում չծառայելու համար:

StrangeLittleGirl
15.11.2012, 00:57
Վերջերս ինչ-որ շատ եմ ակումբական նոստալգիայի մեջ ընկնում: Հիշում եմ էն ժամանակները, երբ յոթ օր-յոթ գիշեր հանդիպում էինք անում, ու ակումբը պասիվանում էր: Էն ժամանակ պետք չէր քննարկել, թե ակումբն ինչու էր պասիվանում: Հիշում եմ նաև, որ զարմանում էինք իրար հայտնաբերելիս: Զարմանում էինք, որովհետև ամեն մեկս առանձին-առանձին կարծում էինք, որ մենակ մենք ենք «տենց» Հայաստանում:

Հիմա, երբ մտնում եմ որևէ բանավիճային թեմա, մի տեսակ ծիծաղս գալիս է: Նենց մի տեսակ մեծ ու լուրջ եմ դարձել, ու էդ բանավեճերն էլ իմ հագով չեն: Կամ պիտի լուռ հետևեմ, կամ մտնեմ ու կիսաջրիկ մի բան գրեմ ու փախնեմ:

Էհ, մեծացանք :(

StrangeLittleGirl
15.11.2012, 19:53
Կան մարդիկ, որոնք մեծ հաջողությամբ գրական հերոսներ են դառնում: Դրա համար անընդհատ շփվում ես նրանց հետ, ներվայնացնում ու խոսակցությունները մտքիդ մեջ սեյվ անում: Բայց կան նաև մարդիկ, որոնք ոչինչ չեն անում, ուղղակի մղում են գրելու, ու ամեն մի տող հորինելիս որևէ կոնկրետ մարդու մասին ես մտածում՝ լուռ շնորհակալություն հայտնելով նրան: Ու նրանք երբեք-երբեք չեն իմանում, թե որքան կարևոր են քեզ համար:

StrangeLittleGirl
16.11.2012, 02:09
Օրանժի մրցույթին մասնակցել չէի ուզում, որովհետև պատմվածքը, որը պիտի ներկայացնեի, ոչ մի կերպ չէի կարողանում ավարտել: Որոշեցի, որ էս մեկին էլ չեմ մասնակցի, պառկեցի քնելու:

Բայց էսօր հանկարծ հասկացա, որ ավարտել կհաջողվի: Հասկացա մի մարդու շնորհիվ, որի մտքի ծայրով էլ չի անցնում, որ ինձ մղեց ստեղծագործելու:

Ե՞րբ հասցնեի: Էսօր դեդլայնն է: Ժամանակ էլ չկա. դասերից անմիջապես հետո փարթիի եմ, իսկ գիշերն ուղղակի տրաքած կլինեմ: Բռնեցի ու վերջին դասից թռա, գնացի գրադարան, բացեցի hayeren.am-ը, որ շատ չտանջվեմ համալսարանի կոմպին հայերեն սովորեցնելու համար, ականջակալները հագա (հա, մեր գրադարանի կոմպերին կպած ականջակալներ էլ կան) ու շարունակեցի գրել: Բոլորովին պատահաբար էնպես էր ստացվել, որ սկզբի մասը մեյլիս մեջ կար: Էնպես որ կոնտեքստից դուրս չէի շարունակելու:

Երկու ժամ տևեց: Գրելու ամբողջ ընթացքում մտածում էի ինձ էդ գործին մղած մարդու մասին: Մտածում էի ու նրան նվիրում պատմվածքս: Վերևում նույնիսկ ուզում էի ավելացնել, որ դա նվեր է:

Ու չեմ կարող նկարագրել, թե ինչ ներդաշնակ ու երջանիկ զգացողություն ունեցա պատմվածքս գրելու ընթացքում: Սարսափելի սիրեցի այն: Եթե անգամ որևէ մրցանակ չշահի, եթե անգամ կորչի-գնա, ես հո գիտեմ, թե ինձ ինչպիսի հաճույք է պատճառել, հո գիտեմ՝ ինչ եմ զգացել այն գրելիս (ընդ որում, կարծեմ սկիզբն էլ եմ նույն մարդու մղմամբ գրել, բայց մի քանի ամիս առաջ): Երևի մի օր, շատ տարիներ անց շնորհակալություն կհայտնեմ իմ մուսան դառնալու համար:

StrangeLittleGirl
17.11.2012, 01:53
Մի ժամանակ չսիրածս հարցն էր՝ դասերդ ո՞նց են, որովհետև չգիտեի՝ ինչ պատասխան տամ:

Հիմա չսիրածս հարցն է՝ որտե՞ղ ես, որովհետև չգիտեմ՝ ինչ պատասխան տամ:

StrangeLittleGirl
19.11.2012, 00:28
Թումանյանի արձան
Մոնումենտ
Մոնումենտի լճի մոտի բեսեդկա
Վեսթ
Square One
Մանկական երկաթուղի

Ոչ մեկ բաց չթողեցի, չէ՞ :))

StrangeLittleGirl
21.11.2012, 20:43
Պատմվածք կա, մրցույթ՝ չէ :)) Սովորաբար հակառակն ա լինում

StrangeLittleGirl
27.11.2012, 11:53
Եթե ուշադիր հետևես, հաստատ ամեն օր ինչ-որ բան կյանքում առաջին անգամ ես անում: Ես էսօր կյանքիս մեջ առաջին անգամ լուսաբացից առաջ քննություն հանձնեցի:

StrangeLittleGirl
29.11.2012, 01:19
Բոլոր կյանքերս սպառել էի, մի հատիկ էր մնացել: Դրանով անընդհատ սունկ ու այլ զրթիկներ ուտելով մի կերպ ձգեցի մինչև վերջին աշխարհ, բայց քեզ չկարողացա հաղթել, GAME OVER էղա: Հիմա երկու ընտրություն ունեմ. կա՛մ խաղը լրիվ նորից սկսել, կա՛մ մի կողմ շպրտել և ուրիշ խաղ խաղալ: Ես ընտրում եմ երկրորդը: Մնաք բարով զանազան դժվար ու հեշտ մեռնող դևեր, սնկեր, ծաղիկներ ու կյանքեր: Իմ նոր ընտրության մեջ ես անմահ եմ, դևեր չկան:

***
Մտքովս չէր անցնում, որ ի սկզբանե գիտեիր՝ սև եմ: Առանց կասկածելու, թվացյալ հաղթանակներով բոլորին խաղից դուրս հանեցի ու հասա վերջին, բայց դու շերիֆն էիր, հենց սկզբից ինձ էիր ստուգել: Պիտի որ քվեարկությամբ ինձ հանեիր խաղից: Բայց չէ, դու նախընտրեցիր խախտել կանոնները, ու ինձ գիշերը խփեցիր:

StrangeLittleGirl
30.11.2012, 01:10
Էսօր հանկարծ հայտնաբերեցի, որ մյուս տարի էս ժամանակները Հայաստանում եմ լինելու: Արդեն վերադարձած: Ու սկսեցի լացել: Անօգնականությունից:

StrangeLittleGirl
01.12.2012, 01:30
Էս գիշեր տանը մենակ եմ. Լիլին յարի մոտ ա մնալու, Սոնյան էլ գնացել ա ծնողների մոտ: Մտածեցի՝ մարդ-մուրդ հրավիրեմ, թեյ խմենք, երեկոն միասին անցկացնենք: Մեկ էլ հիշեցի՝ ախր ստեղ ոչ մեկ չունեմ, որ տուն կհրավիրեի: Հետո ինձ մխիթարեցի. ոչինչ, գոնե մի քիչ տկլոր ման կգամ:

StrangeLittleGirl
04.12.2012, 23:11
Մարկն ասում էր, որ երբ ջերմաստիճանը մինուս տասից իջնում է, քչերն են համարձակվում հեծանիվով ճամփորդել, չնայած այլևս ճանապարհները սղլիկ չեն լինում:
- Ցրտահարությունից են վախենում,- ասում էր:

Մի ամիս ավտոբուսի ձեռքին գժվելուց հետո որոշեցի գոնե ամսական քարտից հրաժարվել ու նորից անցնել հեծանիվի: Մտածում էի՝ եթե եղանակը շատ վատ լինի, կքայլեմ կամ երբեմն-երբեմն ավտոբուս նստելու ճոխություն ինձ թույլ կտամ: Համենայնդեպս, ուշ ժամերին այլևս չեմ ներվայնանա, եթե ստիպված լինեմ ոտքով գնալ:

Յոենսուում ցերեկները մինուս տասներեք-տասնչորս է: Ձյուն եկել է արդեն ու նստել: Իսկապես, հեծանվորդների թիվը խիստ նվազել է, բայց դա բոլորովին չի նշանակում, որ ավտոբուսից օգտվողները շատացել են: Ամեն անգամ համալսարանի ճամփին տեսնում եմ ոտքով քաղաք իջնող ահել-ջահելների: Ու մտածում եմ՝ բա լավ, էս երկրի քաղաքապետը (կամ ով պատասխանատու է) սիրտ չունի՞, որ տրանսպորտի հարցը կարգավորի: Ախր էսպես չի կարելի: Մտածում-մտածում եմ և ուրախանում, որ դեռ կարող եմ հեծանիվ քշել:

Իսկապես, մինուս տասից ցածր ջերմաստիճանի դեպքում ճամփաները չեն սահում: Միայն պիտի զգույշ լինես, երբ քիչ ձեռք տված ձյան միջով ես անցնում: Էդ ժամանակ հեծանիվը երերում է, ճռճռթում ճիշտ այնպես, ինչպես ինքնաթիռն ամպերի միջով անցնելիս: Այնուամենայնիվ, դա կանխատեսելի վիճակ է, ու կարողանում ես հավասարակշռությունդ պահել, մինչդեռ սառույցի դեպքում ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ գետնին հայտնվելուց հետո նոր հասկանում ես՝ ուփս, սղացի:

Ձյան միջով քշելը մի բան է, ձյան տակ քշելը՝ լրիվ ուրիշ: Էսօր առաջին անգամ էր, որ ճամփին նաև ձյուն էր գալիս: Դա կարող է տհաճ լինել, որովհետև լցվում է աչքերիդ մեջ՝ մարմնիդ միակ մասը, որը չես փակել ցրտից պաշտպանվելու համար: Հասնում ես համալսարան, ու վրադ՝ լիքը ձյուն: Լսարան մտնելուց առաջ պիտի թարթիչներիդ արանքից հատիկ-հատիկ սառցի կտորները հանես: Հետո շարֆդ ես թափ տալիս: Քարացել է: Ճիշտ էնպես, ինչպես փոքր ժամանակ ձյան մեջ խաղալուց հետո էր, որ սիրում էի ծալել, ու սառցի կտորները կտոր-կտոր ընկնում էին:

Համակուրսեցիներիցս շատերն էլ այլևս հեծանիվ չեն քշում: Ասում են՝ ցուրտ է: Նրանք, ովքեր քշում են, էլի բողոքում են՝ ցուրտ է, ու տեղ հասնելուն պես իրենց գույնզգույն շարֆ-գլխարկների վրայից ձյունը թափ տալուց բացի ստիպված են լինում առանձին-առանձին մարմնի տարբեր մասերը հալացնել: Թաքուն ժպտում եմ, որովհետև սովորաբար իմ ոչ մի տեղը, ոչ անգամ ձեռքերս չեն սառցակալում: Ավելին՝ վերելքների ժամանակ նույնիսկ քրտնում եմ: Ուղղակի ցրտից պաշտպանվելու ինչ-որ հետաքրքիր գիտելիքներ ունեմ, որոնք չեմ հիշում՝ երբ եմ ձեռք բերել, բայց հաստատ ինչ-որ մի ժամանակ ցուրտը զգալու համար տնից դուրս գալու կարիք չի եղել:

StrangeLittleGirl
07.12.2012, 00:53
Հայերեն բառեր, որոնք ինձ ներվայնացնում են.
հայրենիք
հայրենասեր
պայքար(ող)
վեհ <- Լիլի ցավը տանեմ, պրոբլեմը շատ ճիշտ ներկայացրել ա
սեր
երկրորդ կես
կյանքի ընկեր
անկեղծություն

StrangeLittleGirl
07.12.2012, 03:11
«Բարև Անուշ ջան,
ամսի 23-ի ցերեկը կամ երեկոյան կգամ ձեր տուն»:
Ջոկու՞մ եք՝ աշխարհի վերջից հետոյի կյանքս եմ պլանավորում :D

StrangeLittleGirl
09.12.2012, 00:14
Բայց կկարողանա՞մ նորից հարմարվել Հայաստանին: Ինչու՞ եմ հրաժարվում էս խախանդ, սիրուն կյանքիցս: Գալիս եմ Հայաստան ի՞նչ անեմ: Ախր լրիվ հեռացել եմ էդ իրականությունից, ախր մոռացել եմ ինչպիսին էր Հայաստան կոչվող էդ հրեշը:

Էսօր հայտնաբերեցի, որ Հայաստանում կա Գոռ Թամազյան ու կան զանազան մարդկանց վրա նրան քսի տվողներ: Հայտնաբերեցի, որ կա պատանի ընթերցասերների արդեն նախկին նախագահ Մանուկ Մնգոյան, որը արդեն վեր-վեր ա թռնում: Հայտնաբերեցի, որ էս թանկուկրակ Ֆինլանդիայում ներմուծված նուռը նույն գինն ունի, ինչ Հայաստանում: Ու էդ նուռը սկսեցի ագահաբար ուտել, որովհետև գուցե մյուս տարի դա ինձ համար ավելորդ շռայլություն լինի:

Չէ, բայց ախր ինչու՞ եմ հետ գնում Հայաստան: Ինձ պե՞տք ա: Ես ուզում եմ կարողանալ ամեն տարի ուզածիս չափ նուռ ուտել:

StrangeLittleGirl
14.12.2012, 00:52
Մի լավ ընկեր ունեի, ինքը շատ լավ գիտեր, որ մի բան խնդրում էր, ասում էի՝ ժամանակ չունեմ, էդ կրուտիտ էր ու իրականում նշանակում էր՝ չեմ ուզում անել: Միշտ ասում էր՝ եթե մի բան ուզում ես անել, նույնիսկ ամենազբաղված ժամանակ կկարողանաս անել:

Ու հիմա, երբ ընկերուհիներիցս մեկին գրեցի, որովհետև մի քանի ամիս չէինք խոսել, չնայած ինքն ամբողջ օրը օնլայն ա, հարցրի՝ ուր ա, ինչու՞ չի էրևում, ասեց՝ ժամանակ չունի: Բայց բոլորից լավ գիտեի նրա առօրյան ու գիտեի, որ ինքը բնավ ժամանակ չունեցողներից չէ:

StrangeLittleGirl
14.12.2012, 21:58
Բան եմ հասկացել. եթե ինչ-որ մեկը դեբիլ ա ու ամեն կերպ փորձում ա խելոքանալ, ավելի ա դեբիլանում: Նենց որ երևի ճիշտ ա հաշտվել դեբիլության հետ ու ոտքը վերմակի երկարությամբ մեկնել:

Մեկ ա, այ դեբիլ, քո ոչ մի նոր գիտելիքով չես զարմացնի ինձ:

StrangeLittleGirl
29.12.2012, 02:33
Լսեինք նույն երաժշտությունը, անգիր իմանայինք բոլոր երգերը, երգեինք միասին, միասին համերգ գնայինք, կանգնեինք առաջին շարքում, գրկեինք իրար ու երգեինք: Կարդայինք նույն գրքերը, մեզ դուր եկած տողերը կպցնեինք պատերին, քննարկեինք, վիճեինք, գրեինք միասին, քննադատեինք միմյանց: Ճամփորդեինք միասին, նոր քաղաքներ մաշացնեինք երկուսով, կիսեինք հիշողությունները, զգացողություններն ու տպավորությունները: Սիրեինք իրար:

StrangeLittleGirl
02.01.2013, 02:00
Մինչ ձեռքս դնում եմ սրտիս ու ինքս ինձ խոստանում, որ 2013-ը լինելու է առանց տղամարդկանց (մաքուր հայերենով՝ առանց անձնական կյանքի), կողքից բոլ-բոլ սեր-մեր են մաղթում: Մարդկանց մաղթանքները հետ տալ կարելի՞ ա: :think

StrangeLittleGirl
09.01.2013, 19:11
Մարդ ինչքա՞ն աներես պիտի լինի, չեմ հասկանում: Սեպտեմբերին երկու շաբաթ պահելուց (և շնորհակալություն չստանալուց) հետո հիմա էլ նեղ ակնաճեղքերը թրթռացնում ա ու ակնարկում, որ փետրվարին ապրելու տեղ չունի:

Տո փախար դու: Գնա, դրսում մնա: Ես որ հաստատ քեզ իմ տուն չեմ թողնելու:

Հա, գիտեմ, չար եմ:

StrangeLittleGirl
09.01.2013, 21:30
Թարմացում.

Սատկած մտնում եմ տուն:
- Ցու՞րտ էր դրսում,- հարցնում ա:
- Չէ,- ասում եմ, որովհետև արագ քշելուց քրտնել էի ու ընդհանրապես նույնիսկ -15-ին նենց եմ հագնվում, որ շոգում եմ:
Նեղ ակնաճեղքերը նորից իրար են գալիս: Նշանակում ա՝ ինչ-որ նորություն պիտի հայտնի: Հետն էլ կայծեր ա արձակում: Նշանակում ա՝ լավ նորություն: Մտածում եմ՝ ինչ լավ ա, աչքիս մնալու տեղ գտել ա, էլ իմ վզին չի մնա:
- Որոշել եմ հունվարի վերջին հետդ Խրոնինգեն գալ:
Դեմքս մռայլվեց, մի հազար հատ գույն փոխեց: Զոռով ժպտալով պատասխանեցի.
- Բայց ես ուղիղ չեմ գնում, ճամփին մի օրով Կոպենհագեն եմ մտնելու:
Դե իրականում էնքան էլ սուտ չէր, էրեկ էդ տարբերակն էլ էի հաշվարկում, բայց ծուլությունս ու ճամպրուկիս մեծությունը լավ իմանալով՝ երևի կանգ առնեի ամենակարճ տարբերակի վրա:
- Ուրեմն հետդ Կոպենհագեն կգամ:
Էլի դեմքիս գույնը փոխվեց: Ի՞նչ լուծում կարելի ա գտնել, ո՞նց պոկվեմ:
- Լավ, դեռ պիտի փոփրվի դա:
- Եթե նույնիսկ Աֆրիկա գնաս, հետևիցդ կգամ:

Չհարցրի՝ մնալու տեղ ճարե՞լ ա: Բա որ հետևիցս էլ տունս գա:

Ախր ո՞ր մեղքիս համար: Ախր ի՞նչ սխալ բան եմ արել, որ էս շեղաչ նըվնըվը կպել ա ջանիս :cry

StrangeLittleGirl
10.01.2013, 18:43
Կենսաբանությունից անցել ենք, որ կենդանիների ու բույսերի որոշ տեսակներ ընդունակ չեն ինքնուրույն սնունդ հայթայթել կամ ստեղծել, հետևաբար օգտվում են ուրիշ օրգանիզմներից: Նրանց ասում են պարազիտներ կամ հայերեն՝ մակաբույծներ:

Մարդկանց մեջ պարազիտների տեսակն ամենազզվելին է, որովհետև նրանք ոչ միայն բառիս ուղղակի և անուղղակի իմաստով չեն կարողանում կամ չեն ուզում սնունդ հայթայթել, այլև սովորում են պարազիտել նաև մարդու այլ ունեցվածք, ինչպիսիք են նախասիրությունները, ճամփորդությունները, երազանքները, պլանները, ընկերները, օրվա ռիթմը: Չստացվելու դեպքում նախանձում են, անտանելի նախանձում:

StrangeLittleGirl
11.01.2013, 15:43
Էս վպ-ում ամեն անգամ պոստ անելուց հետո գրելու մասին մի աֆորիզմոտ բան ա բերում: Սովորաբար արհամարհում-անցնում եմ: Բայց էս մեկը լավն էր. If writers stopped writing about what happened to them, then there would be a lot of empty pages. Elaine Liner

StrangeLittleGirl
13.01.2013, 20:14
Հավես բան ա գիտություն անելը, բայց ինչպես ցանկացած այլ բան, էդ հավեսի համար հետաքրքրվածություն ա պետք: Որ հիշում եմ ամառը ոնց էի տառապում դիսլեքսիայի հոդվածը գրելուց, սիրտս վատանում ա: Իսկ հիմա մի այլ կարգի հաճույքով եմ գրում երկլեզվության մասին հոդվածս: Նենց, որ չեմ զգում՝ ժամանակը ոնց ա թռնում, ոնց եմ կարդում ու ոնց եմ հա ուզում գրել: Գրում-գրում եմ, ու ասելիքը չի սպառվում: Սա նշանակում ա, որ թեզիս համար երևի ճիշտ թեմա եմ ընտրել:

StrangeLittleGirl
15.01.2013, 00:36
- Դու գիշերը ժամը մեկին պարապու՞մ էիր:
- Չէ,- զարմանում եմ,- ինչի՞ց որոշեցիր:
- Էջերի թերթոց լսեցի, վեր թռա:
- Ժամը մեկին արթուն էի, բայց չէի պարապում:
- Հա՜, ես էլ արթնացա ու էլ չկարողացա քնել՝ մտածելով, որ պարապում ես:

Գիրքս ու՞ր ա, էս գիշեր ժամը մեկին ինչքան ուժ ունեմ, թերթելու եմ: Թող մտածի՝ պարապում եմ :))

StrangeLittleGirl
17.01.2013, 00:21
... ու երբեք-երբեք չեմ հասկանա, թե ինչու էսքան սիրեցի Ֆինլանդիան:

Հա, սիրում եմ ձյունոտ անտառների մեջ կորած, մի քանի կմ-երը մեկ տեղակայված փայտե տնակները, որոնց ներսում լույսեր են վառվում: Բայց մենակ էդքանը: Երբեք էդ տնակներից որևէ մեկում չեմ եղել:

Բայց, միևնույն է, չեմ հասկանա, թե ինչու էսքան սիրեցի Ֆինլանդիան: Համակուրսեցիներս հեռանում են՝ հավատացած լինելով, որ այլևս երբեք Յոենսու չեն գա: Իսկ ես վստահ եմ, որ մի օր վերադառնալու եմ:

StrangeLittleGirl
17.01.2013, 13:44
Արյա դե լավ էլի... ախր քանի՞ օր կարելի ա մակարոնը թավայի մեջ բաց-բրախ, առանց սառնարանի դնել բոլորի աչքի առաջ ու ոչ մի բան չձեռնարկել դրա դեմ: Աչքիս առաջ ամեն օր ավելի ա փտում ու բորբոսնում, բայց արի ու տես դրանց տիրոջ հեչ պետքը չի: Չեմ հասկանում՝ կա՞յֆ ա ստանում բորբոս քերելուց: Ասա՝ չես ուտելու, միանգամից թափի էլի: Կամ թե էդքան դուրդ գալիս ա էդ բորբոսնելու պրոցեսը, թավադ տար, սենյակումդ պահի: Տհաճ ա:

Ու հլը ուզում էր մի ամիս էլ մոտս մնար: Փախավ նա, նոր տանտիրուհիս պարտադրում ա, որ ամեն մեկն իր ուտելուց հետո խոհանոցը հավաքի: Ու դրա համար ես անչափ երջանիկ եմ:

StrangeLittleGirl
19.01.2013, 17:38
Կուրսեցիս (արդեն վախենում եմ նրան մտերիմ ընկերուհի կոչելուց, որովհետև ինչ Հայաստանից գնացել եմ, գրեթե շփում չենք ունեցել) երեկ ինձնից skype-իս հասցեն ուզեց, որ հետս խոսի: Տվեցի, բայց ասացի՝ հետո, որովհետև վատ էի զգում: Էսօր գրեցի, որ արդեն լավ եմ, կարող ենք խոսել: Պատասխանեց՝ հեսա, մի քիչ հետո կմտնեմ: Արդեն մի ժամ ա սպասում եմ, ինքը չկա: Ու ես հիշեցի էն հին ու բարի օրերը, երբ պատահում էր՝ ժամերով էր ուշանում կամ ընդհանրապես չէր գալիս, իսկ ես գոռգոռում էի վրան:

StrangeLittleGirl
20.01.2013, 19:33
Խաշած ոսպ, վրան՝ սոխառած: Աշխարհի ամենաանմահական ուտելիքն ա: Մտածում եմ՝ մի տոպրակ ոսպ հետս տանեմ Հոլանդիա:

StrangeLittleGirl
23.01.2013, 13:21
Քաղաքից հեռանալդ զգում ես, երբ հեծանիվդ վաճառում ես: Կգա՞ մի օր, երբ հեծանիվս թողնեմ, գնամ՝ իմանալով, որ վերադառնալու եմ:

StrangeLittleGirl
26.01.2013, 03:11
Էսօր սենց խոսում ենք մի երկու ժամ, ու նենց քաղցր-մեղցր, ասում եմ՝ ինչ լավ ա, էս անգամ կռիվ չարեցինք:
- Բլոգդ եմ կարդում,- ասում ա:
- Էս վերջին գրառումս չես հասկանա: Լրիվ խոսակցական հայերեն ա:
- Խոսակցակա՞ն: Բա ես կարծում էի, որ դու բարձր հայերեն ես խոսում ու գրում:
- Բա՞րձր: Կարող ա իմ խոսակցականը տարբերվում ա ուրիշների խոսակցականից, բայց հեռու ա բարձրից, Աստված հեռու տանի:
- Ինչու՞ տենց որ:
- Էդ քո ասածն ահավոր կեղծ ա:
- Ուրեմն դու կարծում ես, որ մեր նախնիների լեզուն կե՞ղծ ա:

Վարագույր:

StrangeLittleGirl
27.01.2013, 14:24
Ֆեյսբուքով ընկերության առաջարկ եմ ստանում: Տեսնեմ՝ մի բլոնդ ծիտ ա թիթիզ անուն-ազգանունով: Ասում եմ՝ երևի ֆեյք ա, մերժեմ: Հաջորդ վայրկյանին տեղն եմ բերում. դասարանցիս ա:

StrangeLittleGirl
28.01.2013, 22:06
Նայում եմ մինչև վերջ չլցված ճամպրուկիս ու հիանում. ես վերջապես սովորեցի տեղափոխվել: Ու պատրաստ եմ մնացած կյանքս վեց ամիսը մեկ բնակավայր փոխելով ապրել (սուտը մեռնի):

StrangeLittleGirl
31.01.2013, 23:30
Հոսթելներում սովորաբար մարդիկ շփվող են: Հեչ որ չէ, իրար բարևելը կա ու կա: Շատ ժամանակ սրահում նստածներն իրար հետ զրույցի են բռնվում, նենց small talk անում կամ գոնե երբ հայացքները հանդիպում են, ժպտում են:

Կողքս մի կին էր նստած: Խորացած ինչ-որ բան էր կարդում: Երևի դանիացի էր (գրքի լեզվից եմ ենթադրում): Ժամանակ առ ժամանակ գլուխը բարձրացնում էր, ժպտում: Իսպանացիներ են գնում-գալիս օլա-մոլա ասելով: Լյուքսեմբուրգցի մի տղա հերթով բոլոր սեղաններին մոտենում, փաբային զբոսանք գովազդում:

Ականջակալներս հանում եմ, որովհետև իմ կոմպի երաժշտությունը մի տեսակ կտրում է էս միջավայրից: Ու ճիշտ եմ անում, որովհետև իրար հետևից իմ ջահել օրերի լավ երգերից՝ Fake Plastic Trees, Erase & Rewind, A Sorta Fairytale (գուգլեք, պարզեք, թե ինչ երգեր են ):

Բարի մոտ կանգնած մի աղջիկ իմ սվիտրից է հագել: Մամաս էր Բեռլինից առել, ձեռքի աշխատանք էր: Կարծեմ մենակ երկու օրինակ կար: Ուրեմն մեկը իմն է, մեկը՝ քիչ այն կողմ կանգնած աղջկանը:

Դիմացս երկու տղաներ են նստած: Ոչ միմիկա ունեն, ոչ ռեակցիա են տալիս, ոչ ժպտում են, ոչ նկատում իրենց շուրջը կատարվողը: Ժպտալու ու կոնտակտի գնալու փորձերս ապարդյուն են անցնում: Հիմար եմ. ախր գերմանացի են:

StrangeLittleGirl
01.02.2013, 23:11
Ձեռքս դնում եմ սրտիս ու ինքս ինձ խոստանում, որ սա կյանքիս վերջին ճամփորդությունն է իմ չընտրած մարդու հետ: Սրանից հետո եթե նույնիսկ պատահաբար էնպես ստացվի, որ օրինակ Հայաստանից մի քանի հոգով մասնակցենք որևէ ծրագրի կամ ինչ-որ մեկը հետս ինչ-որ տեղ գալու ցանկություն հայտնի, անքաղաքավարի ձևով ներողություն եմ խնդրելու ու ասեմ, որ ես մենակ եմ ճամփորդում:

Ախր ճամփորդությունը շատ նեղ անձնական բան ա: Ո՞նց են կարողանում ոչ էնքան մտերիմ մարդիկ առանց հրավերի խցկվել դրանց մեջ :(

StrangeLittleGirl
02.02.2013, 16:59
Հինգ ամիս շարունակ ներվերս ուտելուց հետո: պըրծ, շեղաչին ճամփեցինք

StrangeLittleGirl
03.02.2013, 14:01
Էս էլ գրեմ ու վերջ (որովհետև դեռ ներվայնացած եմ)

Ուրեմն Կոպենհագեն գնալուց մի երկու շաբաթ առաջ էս շեղաչն ինձ ինչ-որ թանգարանի լինք ա ուղարկում, ասում ա՝ գնանք էնտեղ: Պատասխանում եմ, որ մարդ ա թող իրա գլխի տերը լինի: Իմ գլխավոր նպատակը Քրիստիանիան ա, մինչև էնտեղ չգնամ, ոչ մի թանգարան, բայց եթե ինքը ուզում ա, թող իրա ոտով գնա: Ձեռի հետ էլ ամեն դեպքում փորփրում եմ, թանգարանի հասցեն գտնում, պարզում, որ էնտեղ բացի ամեն տեսակի մ.թ.ա. զիբիլից (հա, ես էդ քարից գործիքներից արդեն ներվայնանում եմ, ինձ կներեք) նաև իմպրեսիոնիստներից գործեր կան: Մտածում եմ՝ լավ, եթե ժամանակ մնա, կգնանք:

Ուրեմն որ հասնում ենք Կոպենհագեն, քարտեզը փռում եմ, ցույց տալիս, որ սկզբում գնում ենք Քրիստիանիա, հետո՝ Նյուհավն, հետո՝ ջրահարսի արձանի մոտ, հետո հետ ենք քայլում տեսարժան վայրերի մոտով անցնելով (հա, քարտեզը հատուկ զբոսանքի առաջարկ ուներ), հետո եթե ժամանակ մնա, թանգարան կգնանք: Բայց դե հարցնում եմ՝ ինքը ուրիշ առաջարկներ ունի՞ (ինձ պետք էր, որ ունենա, որ ասեմ՝ շատ լավ, դե դու քո ճամփով, ես՝ իմ):

Կարճ կապեմ Քրիստիանիայի, Նյուհավնի, ջրահարսի ու հետ գալու մասերը: Մենակ ասեմ, որ րոպեն մեկ նվվում էր ու որ տեսնում էր՝ ճամփան երկարացնելով եմ կենտրոն վերադառնում, ներվայնանում էր, բայց ձեն չէր հանում, որովհետև գիտեր, որ ասելու էի՝ դե քո խոդով գնա:

Մի խոսքով, վերջը թանգարանի համար ժամանակ մնաց: Մեղքս էկավ մի քիչ, դրա համար հարցրի՝ որ թանգարանն ա ուզում գնալ: Ասեց՝ իրան մեկ ա, որը ես ուզեմ: Ասեցի՝ ես ոչ մեկն էլ չեմ ուզում, թող ինքը որոշի: Բայց դե վերջը սկսեցինք քայլել դեպի թանգարանները: Ասում ա՝ էս ա ազգային թանգարանը: Ասում եմ՝ բայց դու է՞դ էիր ուզում (ինքը ինձ շաբաթներ առաջ Գլյուպտոտեկի լինքն էր ուղարկել): Նորից թե՝ ինձ մեկ ա, բայց եթե դու էն մեկն էիր ուզում, արի գնանք: Ասում եմ՝ ե՞ս էի ուզում, դու՞ չէիր ինձ լինքն ուղարկել: Ձեն չի հանում:

Բայց դե սպանեին, ազգային թանգարան չէի մտնի, իսկ Գլյուպտոտեկին էնքան էլ դեմ չէի, իսկ նա մենակով որևէ տեղ գնացող չէր, ասեցի՝ լավ, գնացինք Գլյուպտոտեկ:

Ուրեմն մտնում ենք ներս, ձմեռային այգի ա: Էս շեղաչը որ տեսնում ա դա, ասում ա՝ ա՜, այ նոր հիշեցի, թե սա որն ա: Տո ասա՝ այ ախմախ, որ տենց քեզ չէր հետաքրքրել, ինչու՞ էիր սկզբում գրել, որ գնանք էնտեղ:

Էդ էլ հեչ: Ուրեմն իրան ասում եմ, որ էդ թանգարանում ինձ մենակ իմպրեսիոնիստներն են հետաքրքրում, որ ես ուրիշ բան տեսնելու չեմ էլ գնալու, ու ինքը ազատ ա պտտվելու, հետո վերջում մի տեղ կհանդիպենք: Սա էլ թե՝ չէ, ես քո հետևից կգամ:

Բայց պարզվում ա՝ իմ հետևից գալն էնքան էլ հետաքրքիր գործ չէր, որովհետև արի ու տես նկարից նկար չէի վազում, պատահում էր հետ էի գալիս, նույն նկարը նորից նայում, հաջորդին անցնելիս փորձում էի գուշակել՝ հեղինակն ով կլինի: Մի խոսքով, շեղաչը մի այլ կարգի ձանձրանում ա ամեն սենյակում տասնհինգ-քսան րոպե լռվելուց, հասկանում ա, որ ինքը էդ ընթացքում կհասցնի մյուս սենյակներում էլ պտիչկա դնել, կորում ա (փառք աստվածներին):

Հանդիպում ենք ձմեռային այգում, դուրս գալիս: Դե բնական բան ա, որ թանգարանից դուրս գալուց հետո խոսելու բան կլինի: «Լիքը հայտնի նկարիչների գործեր կային»,- իրանից գոհ ասում ա:

StrangeLittleGirl
05.02.2013, 23:44
Հայտնվում ես մի անսովոր իրավիճակում, էնպիսին, որ կյանքումդ երբեք չես ունեցել: Ուզում ես գրել, բայց սարսափած նկատում ես, որ արդեն գրել ես դրա մասին: Դե քեզ հազար եմ ասել էլի գրի մենակ էղածների մասին, որովհետև չեղածները հետո էղած են դառնում:

StrangeLittleGirl
07.02.2013, 18:58
Դե որ Շինը գրեց, ես էլ արտահայտվեմ...

Ե՞րբ ա վերջ գալու էս գնա մեռի, արի սիրեմ վիճակներին: Չեմ հասկանում՝ հնարավոր չի՞ մեկին կենդանության օրոք գնահատել ու մեծարել, թե՞ պարտադիր պիտի մեռնի, նոր հիշեք, որ իրան սիրում էիք:

Կամ՝ կարո՞ղ ա տենց օրենք կա, որ ամեն մեռնող հանճարեղ ա, նույնիսկ եթե կենդանության օրոք էդպիսին չի էղել :esim

Հա, ես էլ եմ էսօր չար, այ տենց:

StrangeLittleGirl
09.02.2013, 01:45
Ինչքան չինացիներին չեմ սիրում, ճիշտ էդքան հնդիկներին սիրում եմ: Էս ասում եմ, որ եթե հնդիկի հետ ամուսնանամ, չզարմանաք: :))

StrangeLittleGirl
10.02.2013, 00:19
Մի կուրսեցի ունեմ, ինքը լեզվաբանության մոզգ ա: Ուրեմն երեք օր շարունակ պատեպատ խփվելուց, լիքը հոդվածներ կարդալուց ու ոչ մի կարգին հիպոթեզ չճարելուց հետո մտածեցի՝ հետը զրուցեմ, գուցե տակից մի բան դուրս գա: Հարցրի, թե էսօր Արիանեի (մեր հոլանդերենի դասախոսը) տուն գալու՞ է: Բնականաբար, ասեց չէ: Էն գլխից գիտեմ, որ նա առանձնապես տնից դուրս էկողներից չի, ու եթե հետը հարց է լինում, սիրով իր տուն է կանչում: Ասեցի՝ էսպես-էսպես, գլուխ չեմ հանում թեմայիցս, օգնությանդ կարիքն ունեմ: Ասեց՝ արի:

Գնում եմ, իրենց շենքի մոտ եմ: Դռան զանգը տալիս եմ: Կանացի ձայն է պատասխանում: Մտածում եմ՝ երևի սխալ համար եմ սեղմել: Բայց երբ ասում է, չէ, ավելի շուտ՝ նվվում է come in, արդեն հասկանում եմ ինչն ինչոց է: Քիչ էր մնում՝ թողնեի-փախնեի, թքած հիպոթեզի վրա, թքած թե ղեկավարս երեքշաբթի կգոռգոռա վրաս:

Վերջը, մի կերպ ինձ հավաքում եմ, բարձրանում եմ վերև: Շեղաչը հին սովորության պես մահճակալին վերընկած ոչնչով է զբաղված: Հիմա էլ էս մի կուրսեցուս է պարազիտում: Իսկ կուրսեցիս շատ քաղաքավարի քոմենթում է. «Լավ է, որ չինական էդքան հաղորդում կա, ու կարող ես ամբողջ օրը մահճակալին պառկած նայել»:

StrangeLittleGirl
10.02.2013, 02:55
- Լսել եմ՝ ձեր տանն ազատ սենյակ կա: Ես էլ տուն եմ ման գալիս:
Հա, մինչև երկու օր առաջ կար, բայց մի նոր աղջիկ տեղափոխվեց:
- Էլ չկա,- ու հազիվ եմ ինձ զսպում, որ չասեմ. «Բայց մահճակալիս մեջ ազատ տեղ կա»: :))

StrangeLittleGirl
11.02.2013, 23:08
Թեզիս համար Մոսկվայից մի լեզվաբանի հետ էի կապվել: Իրականում ես հայերեն-ռուսերեն երկլեզու աֆազիկների էի փնտրում, բայց դե լեզվաբանին հետաքրքրեց թեզիս մանրամասները, ես էլ սկսեցի պատմել, չնայած առանձնապես մանրամասներ դեռ չկային, որովհետև նոր էի սկսել ուսումնասիրել նյութերը: Բայց դե լեզվաբանը սկսեց ահագին քննադատել իմ մտքերը (իրականում իմը չէին, ղեկավարինս էին, բայց սրա մասին համեստորեն լռում ենք): Ես էլ պաշտպանվելու թույլ փորձեր արեցի: Տեսա չի լինում, սուսուփուս քաշվեցի մի կողմ: Ամեն դեպքում, էդ օրվանից ներսումս նենց մի տեսակ տհաճ զգացողություն էր, թե՝ ինչի տեղ ինձ դրեց էդ աղջիկը: Հետո էլ ինձ հանգստացնում էի՝ թե ռուսները տենց են, ոչինչ:

Էսօր պատասխան ստացա: Կապվել էր ինչ-որ մեկի հետ, ռուսերեն տեքստն էլ ֆորվարդ էր արել: Ուրեմն իր տեքստը որ կարդացի, տեսա, որ իմ մասին երրորդ դեմքով գրելիս արական սեռ ա օգտագործում: Անասելի թեթևություն իջավ վրաս. ուրեմն իսկապես ինձ ուրիշ մարդու տեղ ա դնում: :)

StrangeLittleGirl
12.02.2013, 22:23
Ասում ա՝ սրանից հետո ինձ ծույլ ու քնկոտ չասեք, ծույլը Լիլին ա, որ օրը տասնվեց ժամ քնում ա: Ասում եմ՝ բարև քեզ, ի՞նձ ես ասում: :)) Ինչ լավ ա՝ էլ միակ բողոքողը ես չեմ:

StrangeLittleGirl
13.02.2013, 03:23
Սովորություն է դարձել «որտեղի՞ց ես» հարցին «գուշակիր» պատասխան տալը: Պատահում է՝ լսում եմ ամենաանհավանական բաներ (Ղազախստան), պատահում է՝ աշխարհագրական հուշումներից հետո գալիս, տեղն են ընկնում, պատահում է՝ անմիջապես հանձնվում են ու ստիպում, որ ես ասեմ:

Էսօր էլ մի հոլանդուհի հարցրեց որտեղից եմ ու ստացավ նույն՝ «գուշակիր» պատասխանը:

- Հունգարիա՞:

- Արևելք:

- Բուլղարիա՞:

- Արևելք:

- Ես աշխարհագրությունից էնքան էլ լավ չեմ... Գուցե արաբակա՞ն որևէ երկրից ես:

- Չէ:

- Բալկաննե՞ր:

- Էլի արևելք:

- Խեորխի... Ջորջիա՞:

- Մոտիկ ես:

- Էլ ի՞նչ կար էնտեղ... հեչ լավ չեմ աշխարհագրությունից... բայց մի պետություն էլ կար է... Ն... Ն... Նագորնո Կարաբա՞խ:

StrangeLittleGirl
15.02.2013, 04:35
Ծանոթություն օտարերկրացու հետ.
- Որտեղի՞ց ես:
- Հայաստանից:
- Էդ որտե՞ղ ա: (կամ ավելի ոչ ստանդարտ հարցեր, ասենք՝ բա ինչու՞ սևամորթ չես)

Ծանոթություն հայի հետ.
- Դեմքդ ծանոթ ա: Որտե՞ղ եմ տեսել:

Այ հիմա հասկացա՞ք, թե ինչու է ինձ հետ ավելի հեշտ հայի հետ ընկերանալը, քան օտարերկրացու:

StrangeLittleGirl
15.02.2013, 18:57
Մի կուրսեցի ունեմ... կուրսեցին ո՞րն ա: Ինքը չէր կարողացել բժշկական ընդունվել, միավորները չէին հերիքել, քոլեջ էր ընդունվել: Հետո ինչ-որ մի տարի տարկետում վերցրեց, որոշեց համալսարան փոխել, էս կողմ-էն կողմ, ինձնից երկու կուրս ցածր հայտնվեց: Բայց դե բացի մեր համալսարանից լինելուց ինքն իմ ամենամտերիմ ընկերուհու դասարանցին էր, համ էլ իր խմբեցիների հետ ահագին մոտիկ էի, դրա համար լավ գիտեի իրան:

Համալսարանն ավարտելուց հետո չիմացա՝ ինչ էղավ, ինքը ավարտեց, թե չէ (շատ վատ էր սովորում, հազիվ կուրսից կուրս էր տեղափոխվում): Ասենք, էնքան անկարևոր դեմք էր, որ նույնիսկ նրա գոյության մասին չէի հիշում: Մինչև էսօր, երբ Ֆեյսբուքով ընկերության առաջարկ ստացա: Ներսիս սատանաները ոգևորվեցին, ասեցին՝ մի հաստատի, հավես ունե՞ս (պիտի ասեմ, որ բոլորին հաստատում եմ, բացի ակնհայտ ֆեյքերից): Այնուամենայնիվ, հաստատեցի ու շունչս պահած սկսեցի սպասել, թե երբ պիտի գրի՝ որտեղ ես, ոնց ես Հայաստանից գնացել:

Գրեց, բայց. «Վերջերս քեզ հիշեցի, համալսարանի թերթում քո մասին կար գրած, որտե՞ղ ես հիմա»: Դե պատասխանում եմ, որ Հոլանդիայում եմ, հարցնում եմ՝ ի՞նչ թերթ, ինչ բան: Ասում է, թե գրած էր, որ Գերմանիայում հոգեբուժություն ես ուսումնասիրում (սու՜տ), թե անձնականիցդ էլ նորություն չկա:

Աչքերս կլորանում են: Հիշեցի, որ թերթը ինձնից որպես նախկին խմբագրի հարցազրույց էր վերցրել, բայց թե հոդվածն ինչ տեսք է ունեցել, էդպես էլ չեմ իմացել:

Մի երկու հարց էլ տվեց, թե ինչ եմ անում Հոլանդիայում, մի հատ էլ նավսյակի «երանի քեզ» ավելացրեց (իսկ թե ինչի համար, դժվար նույնիսկ ինքն իմանար), հետո տարավ-բերեց, հարցրեց. «Ամուսնացե՞լ ես»: Իսկ ես նրան հայտնեցի «դառը» ճշմարտությունը, ինքն էլ ափսոսանքով թե՝ ո՞նց, քեզ նման լավ աղջիկը չի՞ ամուսնացել: Ես էլ, հավատացած լինելով, որ ինքն ամուսնացել ու արդեն մի չորս երեխա ունի, պատասխանեցի. «Լավ աղջիկները չեն ամուսնանում»:

StrangeLittleGirl
15.02.2013, 19:10
...Ու դրան զուգահեռ մամաս.
- Երեկոյան տա՞նն ես լինելու:
- Չէ:
- Ու՞ր ես գնալու:
Դե չեմ սիրում մամայիս երկար-բարակ բացատրություններ տալ, ինքն ընդհանրապես պատկերացում չունի, թե էստեղ ինչ կյանքով եմ ապրում:
- Ընկերներիս հետ դուրս եմ գալու,- ու դա սուտ չի:
- Կարո՞ղ ա յար ունես:
:( Սաղ շունչները պահած սպասում են, թե երբ եմ յար ունենալու: Հույս չունենաք, դա Հայաստանից դուրս չի լինելու:

StrangeLittleGirl
18.02.2013, 00:26
Հորաքրոջս փոքր աղջիկը (որն ինձնից երեք տարով մեծ ա) ամուսնանում ա, իսկ դա սարսափելի ա: Չէ, ես շատ ուրախ եմ իրա համար: Ուղղակի հորաքույրս էսօր պաշտոնապես հայտարարեց, որ հաջորդն իմ հերթն ա: Հետն էլ մինչև 30 տարեկան ժամանակ տվեց: Փրկեք ինձ :cry Ես աչքիս գնամ կարիերա անելու, որ նորմալ արդարացում ունենամ:

StrangeLittleGirl
20.02.2013, 02:29
Տոմսս առա: Արդեն անհամբեր եմ, թե երբ եմ Երևան հասնելու: Իսկ իրականում ամեն ինչից շատ ուզում եմ տեսնել մի մարդու, որի հեչ պետքը չէ կարծես թե:

StrangeLittleGirl
22.02.2013, 01:45
Ո՜նց եմ սիրում քեզ նվաստացնել: Էսօր իմացա, որ Քիփլինգի անունն առաջին անգամ ես լսում: Յուղոտ կտոր: Գնա՜ց: Դեռ շատ եմ քեզ բզելու Քիփլինգին չիմանալու համար:

StrangeLittleGirl
26.02.2013, 01:29
Հետաքրքիր բան են էս ընտրությունները. ամեն անգամ մի էնպիսի մութ բան ես բացահայտում, որ մինչև էդ մտքիդ ծայրով չէր էլ անցել: Օրինակ, եթե էսօր Կարեն Ավագյանը չհայտարարեր, որ Րաֆֆին օգտագործում ա ուսանողներին, եթե ես դրան կատաղած արձագանք չտայի, չէի իմանա տասը տարի առաջ տեղի ունեցած մի մութ պատմության մանրամասներ, որը ես բոլորովին այլ կերպ էի տեսնում այն ժամանակ:

Ու նաև հասկացա. երբ պետք է ինչ-որ մեկի գտնել, կարևոր է, որ ինքդ քայլեր անես ու երբեք չհավատաս, որ տվյալ անձը երկրից բացակայում է կամ կորած է:

StrangeLittleGirl
26.02.2013, 16:24
Սաղ հեչ, Զազի համերգի տոմս առա էսօր: Յահու՜:

StrangeLittleGirl
02.03.2013, 02:34
- Քեզ ջղայնանալուց չեմ պատկերացնում:
- Որովհետև ես անգլերեն չեմ ջղայնանում:

StrangeLittleGirl
04.03.2013, 01:45
Զզվելին էն ա, որ երբ կարդում ես զանազան մարդկանց կյանքը փրկելու համար փող հավաքելու հայտարարությունները, մի հատ առանձին դիագնոզն էլ ես նայում ու բավական հաճախ ասում՝ հույս չկա: Զզվելի ա իմանալը, որ ոչ մի միլիոններ, արտասահմանյան բուժհաստատություններ ու թանկ դեղեր չեն փրկի: Զզվելի ա բժիշկ լինելը: Մեր դասախոսներից մեկն ասում էր՝ մարդիկ ամեն ինչ կորցնում են, վերջին բանը, որ մնում է, հույսն է: Բժիշկներն էդ էլ չունեն:

StrangeLittleGirl
11.03.2013, 22:27
Չգիտեմ` ընդունե՞մ, որ սիրահարվել եմ քեզ ու չզարմանամ, թե ոնց եմ խառնվում իրար, երբ քեզ տեսնում եմ, էն աստիճանի, որ չեմ բարևում, թե՞ ամեն դեպքում գլուխ գովեմ, թե ես ուժեղ եմ: Չգիտեմ:

StrangeLittleGirl
14.03.2013, 01:43
Քանի խմած եմ, ասեմ: Չէ, ես իսկականից սիրահարվել եմ: Անդառնալի, անհուսալի կերպով: Ու գիտեմ, որ հետ կանգնողը չեմ, որովհետև նման բան ամեն մարդու կյանքում չի, որ լինում ա: Երբևէ չեմ տեսել, որ ես մեկին էնքան նման լինեմ, ինչքան իրան: Նման ոչ թե արտաքնապես, այլ մտածելակերպով, նախասիրություններով ու անգամ վախերով:

StrangeLittleGirl
28.03.2013, 10:50
Մի քիչ առաջ բլոգումս մի երազի մասին երկար-բարակ գրառում արեցի, իսկ երբ այն հրապարակեցի, վպ-ն էս նախադասությունը բերեց. "Dreams are illustrations from the book your soul is writing about you." Բա չգժվե՞ս

StrangeLittleGirl
03.04.2013, 01:01
Սպանեց ժպիտդ: Չգիտեի, որ մի քանի վայրկյանանոց, հազիվ տեսանելի այդ ժպիտի մեջ ավելի շատ տղամարդկություն էի տեսնելու, քան երբևէ հետդ ունեցածս շփման մեջ:

StrangeLittleGirl
10.04.2013, 16:49
Հերթով բոլոր բլոգներս բացեցի ու փակեցի. գրել չի լինում: Երեկ ակումբցիներից մեկը շատ լավ նկատեց, որ ակումբը գրառում անելու ամենաապահով տեղն է: Իսկապես էդպես է. նույնիսկ այն փաստը, որ ով ասես չի տեսնում, որ գրածներդ կողպեքներով կամ գաղտնաբառերով պահպանված չեն, չի խանգարում քեզ, որ ազատ լինես: Էստեղ ամեն ինչ մի տեսակ ուրիշ է:

Երեկ լավ օր էր, շատ լավ օր էր: Թքած ունեմ քաղաքականության վրա: Երեկ պարզեցի, որ հին վերքերս էլ չեն ցավում: Ու դա մի նոր, հաճելի զգացողություն էր: Մի տեսակ թեթևություն իջավ վրաս:

Էսօր ուզում եմ լացել: Գրադարանում չլինեի, հաստատ կանեի: Գնալով զզվում եմ ինձնից ու էսքան անհույս սիրահարված լինելուց: Կարող եմ, գիտեմ, որ կարող եմ դիմադրել: Կամ կարող եմ չորով ասել՝ ես քեզ սիրում եմ: Իսկ ես անհանգստանում եմ: Անհանգստանում եմ նրա բացակայությունից վիրտուալ տարածքից: Անհանգստանում եմ նաև իրականությունից նրա բացակայությունից: Ու չգիտեմ՝ բազմաթիվ հնարավոր տարբերակներից ո՞րն է ճիշտ:

StrangeLittleGirl
11.04.2013, 15:30
Երեկ, երբ Ջրվեժ բարձրանալիս գազան տաքսու վարորդը քիչ էր մնում խփեր դիմացի մեքենային, սիրտս կանգնեց. ես մեռնել չէի ուզում:

Այսօր, երբ մեկ այլ տաքսիով Ջրվեժ էի բարձրանում, ամբողջ ուժով երազեցի, որ ավտովթար լինի ու ամեն ինչ ավարտվի: Չեղավ:

Մի քանի ամիս էլ կսպասեմ, որպեսզի կարողանամ միանալ հավերժ 27 տարեկանների ակումբին: Թքած, թե որևէ լավ բան հետևիցս չեմ թողնում:

StrangeLittleGirl
12.04.2013, 00:23
Լավ բան ա ինտերնետը. սմայլիկներով ու ուրախ ստատուսներով կարող ես ձևացնել, թե լավ ես, որպեսզի մեկ այլ էկրանի հետևում թաքնված մի ուրիշ անձի մտքով չանցնի, որ իր պատճառով դեպրեսվում ես:

StrangeLittleGirl
12.04.2013, 15:30
Ուղիղ քսանչորս ժամ տևեց: Ինձ ընդամենը մեկ օր էր հարկավոր ինձ մահվան մղող ուժը գլխացավի, իսկ հետո՝ գրելու մղող ուժի վերածելու համար: Հետո արդեն անադեկվատ հռհռալով, ժպիտը դեմքիս դուրս եկա ու գրկեցի բակում թափառող միակ կատվին: Մենք միասին վազվզեցինք խատուտիկների մեջ, մինչև հոգնեց ու հեռացավ:

Քսանչորս ժամ անց նորից ապրում եմ՝ անմարդկային ուժ գործադրելով, որ աչքերս չթրջվեն, ապրում եմ նորից գիտակցելով կյանքի անհարմար անիմաստությունը: Յոթ անգամ իրար հետևից լսեցի իմ դեպրեսիայի երգը՝ Ալանիսի No-ն: Կնստեմ հիմա, կգրեմ երկար-բարակ, կգրեմ էն, ինչ նախորդ շաբաթների ընթացքում չէր գրվում ու թվում էր՝ սխալ թեմա եմ ընտրել: Կգրեմ՝ անընդհատ շնորհակալություն հայտնելով քեզ: Իսկ հետո Նոթոմբ կկարդամ:

Ու որպես ամփոփում մի բան Alice Walker-ից.

I am a moody woman
my temper as black as my brows
as sharp as my nails
as impartial as a flood
that is seeking, seeking, seeking
always
somewhere to stop

StrangeLittleGirl
13.04.2013, 11:56
Տարօրինակ ցանկություն. ուզում եմ տեսնես, որ լավ եմ, բայց իմանաս, որ տառապում եմ:

StrangeLittleGirl
16.04.2013, 00:52
Մի քանի օր առաջ ընկերուհիս ասաց, որ գնալու է Բոստոնի մարաթոնը նայելու: Էսօր պայթյունի մասին լսեցի: Սիրտս կանգնեց: Մինչև պարզեցինք՝ Ֆլեթչերի հայ ուսանողներին ոչինչ չի եղել, ուշքի չեկա: Ու պիտի հանգիստ սրտով գնամ քնելու: Հանգիստ, որ իմ թանկագին ընկերուհուն ոչինչ չի եղել: Բայց կան մարդիկ, որոնց եղել է... ու նրանց չեմ ճանաչում: Ուրեմն ի՞նչ, եթե չեմ ճանաչում, պիտի սիրտս հանգի՞ստ լինի: Դժվար ա, դժվար...

StrangeLittleGirl
19.04.2013, 17:55
Երեխա ունենալու մեջ մի շատ վատ բան կա. կարող ա տղա ծնվի:

StrangeLittleGirl
22.04.2013, 00:37
Երկարատև բացակայությունից հետո տուն մտնելիս մարդ չգիտի՝ փոստի պարունակությունը կարդա՞ (երկու նամակ, մեկ համերգի տոմս, ութ բացիկ), ճամպրուկը դատարկի՞, հաց ուտի՞, բլոգում խզբզի՞, թե՞ լողանա: Կարելի ա և բոլորը հերթով անել: Կարևորը՝ նորից տանն եմ: Ու մի տեսակ զզվելի ա, որ սկսել եմ ամեն տեղ ինձ տանը զգալ: Առաջ ճիշտ հակառակն էր:

StrangeLittleGirl
23.04.2013, 00:43
Երաժշտությունը չլիներ, ի՞նչ էի անելու: Մյուս կողմից, մտածում եմ՝ կարո՞ղ ա երաժշտությունն ա ինձ դեպրեսում: Էսօր ինձ Iron and Wine-ն ա տանում: Ու ինչքան շատ եմ էս երգը լսում, էնքան ավելի եմ դեպրեսվում: Իսկ չլսել չեմ կարողանում: Մտածում եմ՝ կարո՞ղ ա դեպրեսվելը կայֆ ա:


http://www.youtube.com/watch?v=EKGHkBComjM

StrangeLittleGirl
24.04.2013, 19:50
Սա աշխարհի դաժանությունն ա: Որ հանկարծակի քունդ սկսեց տանել գրադարանում, կաֆետերիան փակ ա, սուրճի ապարատներն էլ փոխել են, ինչ-որ տարօրինակ քարտերով մենակ կարաս սուրճ առնես: Ուղեղս էլ չի դիմանում ստատիստիկայի լարվածությանը: Ու այ սենց անկապ վերընկած եմ, ոչ մի բանի պետք չեմ:

StrangeLittleGirl
25.04.2013, 00:28
Նախաճաշիդ հետ անպայման որևէ բան ես կարդում, հետո վազում գրադարան, հաճույք ստանում անիմաստ թվերի հետ խաղ անելիս, մտքիդ մեջ հաշվարկում, թե եթե ծրագրավորող լինեիր, ինչ սիրուն ծրագիր կգրեիր էդ սաղ հաշվարկներն ավտոմատ անելու համար, հաճույք ստանում ուղեղիցդ դուրս եկող ծխից, տքնում, որ հասկանաս էդ բոլոր խուճուճ բանաձևերը, Սոֆյայի հետ դուրս գալիս սուրճ խմելու, հետո զբոսնում նրա հետ, հետո գնում յոգայի, հետո գալիս տուն ու ստեղծագործականությունդ խոհանոց տեղափոխում: Չէ, քիչ է սա, վաղվանից աեորոբիկայի էլ կգնաս, ծով էլ կգնաս ոչ թե լողանալու, այլ էնքան որ ալիքների ձայնը լսելու համար, կանես ամեն ինչ, որ ուղեղդ զբաղված լինի, որ անընդհատ մտածես, որ չհասցնես միտքդ անկապ բաներով ծանրաբեռնել: Այ էդպես, անընդհատ զբաղեցրու քեզ, որ կյանքն արագ-արագ անցնի, հետո հանգիստ շունչ քաշես:

StrangeLittleGirl
26.04.2013, 21:05
Բացահայտում. սպորտն օգնում ա, որ չմտածես: Ինչքան շատ ես սպորտով զբաղվում, էնքան մտածելուդ ժամերը կրճատվում են ու էնքան ավելի երկար ես մոռանում կյանքի անիմաստությունը:

StrangeLittleGirl
30.04.2013, 01:04
Կապուչինո՜, լատե մակիատո՜, նույնիսկ էսպրեսո՜... սրանք սաղ սուտի բաներ են: Ու ամեն օր լիքը հավայի փող եմ ծախսում դրանց վրա: Բռնելու եմ, դատի տամ դրանց արտադրողներին: Հույսս դրել էի կաֆետերիայի սուրճի վրա: Քանի բաժակ խմեցի, մեկ ա, հանգում էի: Էկա տուն, հին պապական նեսկաֆե սարքեցի ու միանգամից ուշքի էկա: Պատրաստ էի աշխարհի բոլոր թվերը ճղելու: Ուֆ-ուֆ, սրանից հետո պայուսակիս մեջ մի բեռ էլ կավելանա. թերմոսով նեսկաֆե:

.....
Մի քիչ թեմայից շեղվեմ: Հա ասում եմ՝ ինչքան մեծանամ, պայուսակս թեթևանալու ա, բայց չէ... սկզբում մենակ տետր-գիրք էր: Հետո կոմպն ավելացավ: Հետո կոմպի լիցքավորիչը: Հետո ջրի շիշը: Հետո հետազոտությանս թղթերով լի 5 կիլոյանոց (չեմ չափազանցնում) պապկան: Հետո սենդվիչներս: Հետո սպորտային համազգեստս: Հիմա էլ թերմոսը: Աչքիս սրանից հետո ճամպրուկով եմ գրադարան գնալու:

StrangeLittleGirl
03.05.2013, 01:37
Ամենազզվելի վիճակը. [-էմոցիա][+մտքեր]
Դրա համար լուծում ա պետք. [+մկաններ][+քրտինք]
Ու ծնվում են աշխարհի ամենասենտիմենտալ պատմվածքները, որոնք ոչ մի դեպքում գրի առնել պետք չէ:

StrangeLittleGirl
08.05.2013, 01:07
Որ նոր էի տեղափոխվել էս տուն, ներս մտնելիս անմիջապես կոշիկներս հանում էի, վերցնում ձեռքս ու խելոք-խելոք բարձրանում իմ սենյակ: Մի անգամ տանտիրուհիս ասաց, որ կարիք չկա կոշիկներս հետս վերցնելու, կարող եմ ներքևում դռան մոտ թողնել: Անկեղծորեն զարմացել էի, որովհետև նա սովորաբար արտահայտվում էր, երբ ինչ-որ բան անում ենք, ինչը պետք չէ անել, ոչ թե հակառակը:

Էդ օրվանից սկսեցի կոշիկներս ներքևում թողնել:

Էսօր հյուրեր ունեի: Առաջինին դիմավորելուց հետո իջա, որ երկրորդին դիմավորեմ: Մեկ էլ տանտիրուհիս իր դռնից դուրս թռավ, ասաց, որ հյուրերիս ասեմ՝ կոշիկները հանեն: Զարմացա (չնայած ինչ կա զարմանալու, հոլանդացիքն են էլի), բայց խելոք-խելոք բոլորին ասացի:

Երբ առաջին հյուրիս դիմավորել էի, տանտիրուհիս իր սենյակում էր: Բայց փաստորեն արանքում գլուխը դուրս է հանել, նայել դռան մոտ ու տեսել, որ կոշիկ չի ավելացել, գլխի ընկել, որ հյուրս կոշիկներով է բարձրացել իմ սենյակ: Ու էդտեղ ուղեղիս մեջ լամպոչկա վառվեց. իմ կոշիկներն իրեն ներքևում պետք են նրա համար, որ իմանա՝ տանն եմ, թե չէ:

StrangeLittleGirl
09.05.2013, 00:00
Չորեքշաբթի օրերը երեկոյան իննի կողմերն եմ յոգայից տուն գալիս: Եթե եղանակը լավն ա լինում, հենց թեքվում եմ դեպի մեզ ուղղահայաց փողոցը, միանգամից մայր մտնող արևը շատ սիրուն էրևում ա. գնդաձև ու նենց սիրուն մուգ դեղին (ծիրանագույն էլի): Էնպիսի զգացողություն ես ունենում, որ եթե անընդհատ ուղիղ շարունակես էդ փողոցով, արևը կբռնես:

Էսօր էլ չորեքշաբթի էր, էլի տուն էի գալիս նույն ժամին: Արևն էլի իր տեղում էր: Բայց մի էական տարբերություն կար այսօրվա ու նախորդ չորեքշաբթիների միջև. անձրև էր գալիս: Մեջքիս հետևում ծանրացած ամպերն ու դեմքիս թափվող կաթիլները լրացուցիչ հմայք էին հաղորդում փողոցի մյուս ծայրում մայր մտնող արևին:

StrangeLittleGirl
12.05.2013, 22:18
Մի քանի րոպե շարունակ սենյակումս էս կողմ- էն կողմ էի անում: «Մյուս շաբաթ ինձ խելոք կպահեմ, նոր»,- անընդհատ կրկնում էի: Բայց հաստա՞տ կկարողանայի էս անհանգստության հետ խելոք պահել ինձ: Թքած: Ավելի լավ ա՝ նախապես հարցը լուծեմ, որ խելոք պահեմ: Ու սիրուն տեղավորվեցի տոմսի դիմաց, Զեմֆիրայի ու Զազի համերգների տոմսեր պատվիրեցի՝ ինքս ինձ խոստանալով, որ այս ամառ այդքանով եզրափակվելու եմ: Դրանից հետո նոր սիրտս հովացավ:

Մտածում եմ՝ որ մեծանամ, ո՞նց եմ նայելու իմ էս համերգային տուրիզմին: Խնդալու՞ եմ, փոշմանելու՞, որ Իտալիաներում ֆռֆռալու փոխարեն անընդհատ ձգվում եմ մոտակա գերմանական ու հոլանդական քաղաքներ: Չէ, ասում եմ, դժվար շատ փոխվեմ: Մի քսան տարի հետո, երբ հարուստ լինեմ, ինքնաթիռ կնստեմ ու կհասնեմ գերմանական քաղաքներ, որ համերգներին ներկա գտնվեմ:

Էսօր lastfm-ը կպած առաջարկում էր, որ Լանա Դել Ռեյ լսեմ: Ինչ-որ շատ է էդ անունը վերջերս շոշափվում: Շունչս պահած միացրեցի՝ վախենալով, որ դուր կգա, իսկ դա ինձ կմղի ևս մեկ տոմս առնելու: Լսեցի-լսեցի, թեթևացած շունչ քաշեցի. չափից դուրս դինջ է, դուրս չեկավ:

StrangeLittleGirl
13.05.2013, 23:03
Չէ, բայց մի հատ էլ պիտի ասեմ. ախր Զազի նոր ալբոմը շա՜տ լավն ա: Մարդ քիչ ա մնում՝ բռնի ու պաչի, որ մարդը նորմալ աշխատել ա, երկրորդ ալբոմը գլխառադ չի արել, ինչպես սովորաբար լինում ա: Գնամ, բլոգումս մի քիչ գրեմ էս թեմայով:

StrangeLittleGirl
14.05.2013, 23:47
Ընդհանրապես, ես էնպիսի մարդ եմ, որը հազվադեպ է եղանակից բողոքում: Ես սիրում էի Ֆինլանդիայի -30-ն ու մի քանի մետրանոց ձյունը, Երևանի շոգերը +40-ի տեսքով, երբ քիչ է մնում՝ մարմինդ հալվի ու ասֆալտին կպչի, Նիցցայի խոնավ շոգը, երբ շորերդ մաշկիդ են լղոզվում, հոլանդական անձրևները, երբ չես հասկանում՝ երկնքից ինչ-որ բան ընկնում է, թե ոչ, նույն Երևանի գարնանային հեղեղները, երբ կոշիկներս հանում եմ ու բոբիկ քայլում փողոցներում: Բայց (հա, էսպիսի գրառումներում պիտի անպայման բայց հայտնվի): Հերիք ա արդեն, իսկականից հերիք ա: Ամառ չէ է, ընդամենը մի էլեմենտար գարուն եմ ուզում, ուզում եմ, որ առանց ձեռնոցի հեծանիվ քշելիս ձեռքերս չսառչեն, որ շալվարի տակից կալգոտկա հագած չլինելու դեպքում ոտքերս չմրսեն, որ ձմեռային կուրտկաս էլ պահարանիցս չհանեմ: Անձրևին էլ, կարկուտին, մնացած ֆլան-ֆստաններին էլ դեմ չեմ, մենակ թե մի քիչ տաքանա :(

StrangeLittleGirl
15.05.2013, 19:28
Թե ինչպես կընթանա մարդու կյանքը, կարծում եմ, կախված է առաջնայնություններից: Ես շատ նպատակներ, երազանքներ, ցանկություններ ունեմ, բայց ինձ համար ամենա-ամենակարևորն իմ սեփական ազատությունն է ու սեփական տարածքը: Ես փոխզիջման գնալ չգիտեմ կամ գուցե գիտեմ, բայց երբ ազատությանս վտանգ է սպառնում, ես բոլոր տեսակի ուժերս հավաքում եմ ու պայքարում վտանգի դեմ: Հենց դա է պատճառը, որ բոլոր տեսակի տղամարդկանց շատ շուտ գրողի ծոցն եմ ուղարկում. նրանք սիրում են կանանց իրենց ենթարկեցնել, նույնիսկ եթե դա կատարվում է ամենանուրբ ձևերով:

StrangeLittleGirl
17.05.2013, 01:27
Բոլոր տղամարդիկ պրիմիտիվության աստիճանի նման են իրար: Բոլորը ոնց որ ինկուբատորի ձվից դուրս եկած լինեն: Ու երբ փորձում ես նրանց հետ կյանքը մի քիչ հետաքրքիր դարձնել, դժգոհում են, թե բարդացնում ես ամեն ինչ: Ուֆ:

StrangeLittleGirl
21.05.2013, 01:08
Ամբողջ կյանքում հիշելու եմ այդ պահը, երբ հասնելով Հարլեմ հեծանիվից իջանք ու սկսեցինք քայլել ուժեղ անձրևի տակ՝ էնքան ուժասպառ ու էնքան թաց, որ արդեն թքած ունեինք ևս մի քանի դույլ թրջվելու վրա, իսկ Հարլեմում երաժշտություն էր հնչում: Միշտ հիշելու եմ, որովհետև դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր:

Իսկ երկու օր առաջ, երբ եղանակը շատ ավելի լավն էր, մի տղայի հետ թրև էի գալիս Ուտրեխտի փողոցներում, ու հենց էդ տղան ինձ սուիցիդալության հասցրեց: Չէ՛, երջանկության համար ինձ տղամարդիկ պետք չեն, ավելին՝ նրանց բացակայությունը նույնիսկ ավելի լավ է: Էդ հաստատ:

StrangeLittleGirl
21.05.2013, 22:39
- Դու ներսից սիրուն ես,- ասում են այն տղաները, որոնք չեն ուզում ասել՝ գեշ ես: Փախաք սաղդ, ես ներսից շատ ավելի գեշ եմ:

StrangeLittleGirl
22.05.2013, 15:43
Էս աղջիկը ո՞վ ա: Լրիվ մենակ ա ճամփորդում, էն էլ համերգի համար, Ֆեյսբուքի անունն եմ ուզում, ասում ա՝ չկա Ֆեյսբուքում, մեյլն ա տալիս: Ասում ա՝ ինքը սիրում ա մենակ ճամփորդել, ուրիշների հետ հավես չի: Ոչ քսվում ա, ոչ նորմալ շորեր հագնում: Եվրոպաները թողած ուզում ա հետ գնա իրա քռչոտ Հայաստանը: Հետո էլ ինձ հակաճառում ա ու դրա համար ներողություն չի խնդրում: Չէ, սա հաստատ գիժ ա:

StrangeLittleGirl
22.05.2013, 23:05
Մոտենալով մեր ուղղահայաց փողոցին՝ երազեցի մայր մտնող այն նարնջագույն սիրուն արևի մասին, որ ամեն չորեքշաբթի սովոր էի տեսնել, բայց անցյալ անգամ չկար: Երբ թեքվեցի, ճառագայթներն աչքերիս ընկան, միայն թե մայր մտնող չէր, շատ ավելի բարձր էր, որովհետև օրերը երկարել են: Չնայած ցրտից սառցակալած ձեռքերիս, թեթևացած շունչ քաշեցի. ուրեմն արևը տեղում է:

StrangeLittleGirl
23.05.2013, 01:46
Աչքիս Կուրսերայի էս դասընթացից ձեռ քաշեմ :cry Գրիմ եղբայրներն ու Ալիսը լավ էին: Բայց որ տեսա Դրակուլան ինչ սարսափի ա ինձ հասցնում, մտածեցի՝ տեսնեմ հաջորդն ինչ ա, ամեն անգամ հենց Դրակուլայից սկսեմ սարսռալ, էդ հաջորդ գրքից մի քիչ կկարդամ, որ դա մտքիս մեջ մնա, հանգիստ քնեմ: Բացեցի ցուցակը: Աչքս լույս: Հաջորդը Ֆրանկենշտայնն ա :cry իմ նուրբ կանացի ներվերը չեն դիմանա:

StrangeLittleGirl
24.05.2013, 01:38
Չէ բայց հասկանու՞մ եք, հասկանու՞մ եք, էս գիշեր ձյուն ա գալու, մայիսի քսանչորսի գիշերը ձյուն ա գալու: Ես չեմ հասկանում: Ինձ թվում ա՝ կա՛մ ամսաթիվն եմ խառնել, կա՛մ ջերմաստիճանը: Չէ՛, հիմա մայիս չի, դեկտեմբեր ա, երևի ինչ-որ բան խառնում եմ: Կամ էլ երևի մայիս ա, բայց ինչ-որ աննորմալ մրսում եմ, եղանակի տեսության ձյունն էլ աչքիս ա էրևում:

Վաղը ինչքան շոր ունեմ հագնելու եմ, որ չմրսեմ:

StrangeLittleGirl
24.05.2013, 23:29
Ուրբաթ օրվա պարապմունքս շուտ է վերջանում. սուպերմարկետ մտնելու ժամանակ մնում է: Քանի որ վաղն էլ շատ խառն եմ լինելու, կիրակի էլ ամեն ինչ փակ է լինելու, էսօր պիտի անպայման հասցնեի երկու-երեք օրվա պաշար հավաքել:

Երբ դուրս եկա սպորտ ակումբից, թեև երկինքը պարզ էր, բայց հեռվից մեծ արագությամբ դեպի մեզ էին շարժվում բավական ագրեսիվ սև ամպեր: Ուրեմն պետք էր շտապել, որ հենց անձրևը սկսվի, արդեն տանը լինեմ:

Հասնում եմ սուպերմարկետին: Մեկ էլ տեսնեմ՝ մուտքի մոտ ամբողջ աշխարհից նեղացած դեմքով մի փիսո է իր համար փռվել: Մարդիկ արագ-արագ գնում-գալիս են, փիսոյին բանի տեղ չեն դնում: Նայեցի դեմքին, սիրտս չդիմացավ, մոռացա սև-սև ամպերի մասին, մոտեցա, սկսեցի շոյել: Փիսոն էլ մի փիսո ասա, իսկական հոլանդացի հսկայական ջանդակով: Սպիտակ փափլիկ թաթիկներ ուներ, կրծքին էլ սպիտակ եռանկյունի կար, մնացած ամբողջ մարմինը մոխրաշագանակագույն էր:

Շոյեցի փիսոյին: Սկսեց գռմռալ, վեր կացավ, քսմսվեց, պոչը շարժեց: Հետո երևի կա՛մ ես հիշեցի սև ամպերի մասին, կա՛մ ինքը հոգնեց, որովհետև մտա սուպերմարկետ իմ գործերով:

Երբ դուրս եկա ու փորձեցի մոտենալ հեծանիվիս, տեսա՝ կողքը մի տղա է կռացած, մեջքով դեպի ինձ: Մտածեցի՝ իր հեծանիվն է արձակում, որ գնա: Բայց ախր դիրքը հեչ հեծանիվ արձակողի չէր: Գուցե գող էր, իմի կողքը կայանած հեծանիվի շղթան էր քերում, որ տանի: Օրը ցերեկո՞վ, էսքան մարդու ներկայությա՞մբ ու հավանականությամբ, որ տերը րոպեների ընթացքում դուրս կգա սուպերմարկետից: Բան չհասկացա, բայց էնպես հաստատուն քայլերով մոտեցա հեծանիվիս, որ կանգնի, ճամփա տա, ես իմն արձակեմ:

Էդպես էլ եղավ: Որ մոտեցա, տղան ոտքի կանգնեց ու շատ լայն ժպտաց: Մտածեցի՝ էս ի՞նչ հաշիվ է: Երբ մոտեցա հեծանիվիս, տեսնեմ՝ փիսոն պոչն անիվներին քսելով դեսուդեն է անում: :)

StrangeLittleGirl
25.05.2013, 14:33
Երգեր կան, որ սենց տակնուվրա են անում քեզ, լացացնում, սարսռացնում, քանդում, թողնում:

Զազը լավ էր. վերջին երկու շաբաթների ընթացքում տրամս հազարի վրա պահեց, չնայած բոլոր պատճառներն ունեի դեպրեսվելու: Էս քանի օրը մտածեցի՝ հերիք է զազվեմ, հունիսին դեռ ժամանակ կունենամ մինչև հաջորդ համերգը: Մտածեցի՝ մանրից նորից կպնեմ Veils-ին ու Iron & Wine-ին, որովհետև մյուս շաբաթ նրանց համերգներին եմ գնալու, մինչդեռ խիստ վերջերս եմ հայտնաբերել երկուսին էլ: Մի քիչ չծանոթանա՞մ, չմտերմանա՞մ երգերի հետ, մինչ կենդանի լսելը:

Ու սպոթիֆայիս կարգադրեցի Veils ու Iron & Wine նվագել: Ասենք, երկրորդի հետ էլի ահագին շփվել էի ապրիլին, նույնիսկ սիրելի երգեր ունեի, բայց Veils-ը լրիվ մութ աշխարհ էր:

Մեկ էլ էսօր մի երգ նվագեց: Քարացա, գործս թողեցի ու անընդհատ սեղմեցի էդ երգի վրա, որ էլի ու էլի նվագի: Քիչ էր մնում՝ լացեի: Որպես չար կատակ Սպոթիֆայի ռեկլամների էջն ամբողջ հոգով ու սրտով խորհուրդ էր տալիս Զազի Ռեկտո վերսոն գնել:


http://www.youtube.com/watch?v=W5yUoVXuLjU

StrangeLittleGirl
26.05.2013, 23:54
Էն օրը Սոֆյայի հետ քննարկում էինք, թե ինչքան կարճ ա եղանակի հետ կապված մարդկանց հիշողությունը: Հոլանդացիները մեզ փորձում են համոզել, որ էս տարվա ցուրտը բացառիկ ա, որ սենց բան երբեք չի եղել և այլն: Մենք էլ լուռ գլխով ենք անում, բայց հետո, երբ տարածքում հոլանդացի չի լինում, մեր թերահավատությունն ենք արտահայտում: Ավելին՝ վերջերս ինտերնետում փորփրեցինք, պարզվեց՝ միջին ջերմաստիճանը հենց էսքան է որ կա, էնպես որ թող իզուր հեքիաթներ չպատմեն:

Բայց ասում եմ՝ եղանակի հետ կապված հիշողությունն իսկապես կարճ է: Մի քիչ առաջ հենց էս նույն օրագիրս էի փորփրում: Զարմանքով հայտնաբերեցի, որ անցյալ տարի էս ժամանակները Բեռլինում նույն ցուրտն էր, իսկ էստեղի ու Բեռլինի կլիման շատ տարբեր չէ: Անցյալ տարի կարծեմ սենց ծանր չէի տանում: Գուցե նրանից էր, որ ձմեռային շորերս դեռ հետս էին, չգիտեմ: Կամ էլ գուցե առաջին անգամն էր: Ամեն դեպքում, արանքում կարողացա Երևան գնալ, մի երեք շաբաթ իսկական ամառ տեսնել: Բա էս տարի ի՞նչ եմ անելու: Հուլիսին հաստատ մի շաբաթով պիտի հարավ փախնեմ, թե չէ հաստատ չեմ դիմանա: Եթե հիմիկվանից սկսած գժվում եմ էս ցրտից, հուլիսին կարող ա խելքս թռցրած լինեմ:

StrangeLittleGirl
27.05.2013, 14:37
- Եղանակի տեսությունն էլի խաբեց,- քթիս տակ ասում եմ՝տեսնելով պատուհանի մյուս կողմում կուտակված հաբրգած ամպերը: Անցյալ գիշեր, երբ նայեցի տեսությունը, խոստանում էր, որ այսօր արևոտ ու տաք (տասնվեց աստիճան էլի) է լինելու: Նորից տաք կուրտկաս հագա, ժակետս էլ ապահովության համար պայուսակս գցեցի ու տնից դուրս եկա: Բայց հենց էն պահին, երբ ոտքս դուրս դրեցի, արև դուրս եկավ, ու էնքան էլ ցուրտ չէր: Արագ քշեցի դեպի սպորտ ակումբ, որտեղ Սոֆյան արդեն փոխված, պատրաստ էր դասին: Մտա դահլիճ, տեղավորվեցի նրա կողքին ու շշուկով, բայց առանց ուրախությունս թաքցնելու ասացի.
- Այսօր տա՜ք է:
- Ըհը,- Սոֆյան ժպտաց: Երկուսով նայեցինք առաստաղին. բարձր պատուհաններից արևը ներս էր ընկնում ու տաքացնում դահլիճը:

StrangeLittleGirl
28.05.2013, 00:20
Սենց էլ բան կլինի. գնում եմ քնելու, երբ մութը լրիվ ընկած չի լինում, արթնանում եմ, երբ լույսն արդեն վաղուց բացված է լինում: Ու էդպես էլ երբեք մութը չեմ տեսնում: Էս էլ հյուսիսում ապրելու կայֆը:

StrangeLittleGirl
28.05.2013, 23:19
Գերմանիայում աերոբիկայի գնալիս ընտրեցի սկսնակների և միջինների համար նախատեսված կուրսը: Էսպես էր. դասերը սկսվեցին ապրիլից, առաջին երկու շաբաթից հետո էլ նոր մարդիկ չէին կարող միանալ (չնայած ինչ հիշում եմ, հա էլ գալիս էին): Տեմպը բավական դանդաղ էր: Մի ամբողջ ժամում հազիվ հասցնում էինք երեք բլոկ սովորել, կրկնել դրանք: Երբեմն հաջորդ դասը սկսում էինք նախորդի երեք բլոկերով, նոր առաջ անցնում: Դասատուն էլ միջին տարիքի բավական նուրբ կին էր (էնքան նուրբ, ինչքան գերմանուհին կարող է լինել): Հաճելի ժպիտ ուներ: Մկանները չափավոր մարզված էին: Փորը մի քիչ կախ էր, ինչը հավանաբար ժամանակին երեխա ունենալու հետևանք էր:

Գերմանիայում աերոբիկայի դասերը շատ հանդարտ էին անցնում: Հաճույք էի ստանում ամեն նոր բլոկը յուրացնելիս ու կատարելիս (թեև պիտի ասեմ, որ շարժումները մեծ դժվարությամբ եմ մտապահում, հազիվ էի էդ բոլոր բլոկերը հիշում): Ու համ էլ մի տեսակ նրբություն ու կանացիություն կար էդ դասերի մեջ:

Նիդեռլանդներում էլ որոշեցի աերոբիկայի գնալ: Քանի որ արդեն ուշացել էի համալսարանական դասերից, համ էլ սպորտ կենտրոնը շատ հեռու էր իմ տնից, որոշեցի յոգայի տեղի առաջարկած աերոբիկային էլ հաճախել: Էդ սպորտ կենտրոնի յուրահատկությունը նրանում է, որ նույն մարզաձևում տարբեր տեսակի դասընթացներ է առաջարկում: Հենց աերոբիկան մի հինգ-վեց տարատեսակ ունի: Ուսումնասիրեցի բոլորը, ընտրեցի մեկը, որը սկսնակների համար էր, գնացի դասի: Մանրամասները չասեմ: Ուղղակի էդ դասից հետո երեք օր սատկած էի: Հետո ընտրեցի սկսնակների համար նախատեսված մեկ այլ դաս, որը խորհուրդ էր տրվում նաև վնասվածք ունեցողներին: Մտածեցի՝ ավելի թեթև կլինի:

Մտա դահլիճ: Նախորդի պես հայտնվեց դասատուն (բայց էս անգամ ուրիշը) ու էլի միկրոֆոն հագավ: Էդ միկրոֆոնի ներկայությունից արդեն սիրտս վատանում էր. Գերմանիայում նման բան չկար, երաժշտությունն էնքան ուժեղ չէր, որ դասատուին չլսեինք: Հենց սկզբից ահավոր տեմպով ու ագրեսիայով սկսեց (նախորդ դասից չտարբերվող): Էլ չեմ ասում, որ քայլեր կային, որ Գերմանիայում ուրիշ անուն ունեին, էստեղ՝ ուրիշ: Ասենք՝ հենց ասում է step touch, ես ավտոմատ անում եմ այն, ինչն էստեղ side step են կոչում: Մի խոսքով, երեք բլոկն արագ-արագ սովորացրեց: Չէ՛, չսովորացրեց, ցույց տվեց ու գնալով տեմպն է՛լ ավելի արագացնելով անել տվեց: Կարճ ասած՝ էստեղ կես ժամում արեցինք այն, ինչ Գերմանիայում մի ժամում էինք անում: Ավելին՝ էն նույն նազանքը չկար, լրիվ կոպիտ ու ագրեսիվ էր: Ու քայլերի մեջ էլ լիքը քացով խփել ու բոքսել կար, ինչը երբեք Գերմանիայում չէինք անում:

Դասի երկրորդ կեսը մի շարք գժական վարժություններից էր կազմված, որոնց ժամանակ դասատուն հերթով անցնում էր բոլորի մոտով, դուխ տալիս, եթե մեկը վարժության դժվար տարբերակն էր ընտրում, բացականչում heel goed (շատ լավ): Էդ դուխ տալն էլ շատ ագրեսիվ տոնով է անում, պատահում է՝ գոռում է. yes, yes, you can do it (երաժշտության ռիթմի տակ): Էդ ագրեսիան, կոպտությունը բավական խորթ էր ինձ համար, բայց ամեն դեպքում որոշեցի գոնե շաբաթը մեկ հաճախել էս դասերին:

Էսքանից հետո եկեք պատկերացնենք դասատուին: Միջին վիճակագրական հոլանդացու համեմատ բավական կարճահասակ, թուխ մաշկով, կապույտ աչքերով ու բավական տարօրինակ կազմվածքով աղջիկ է: Մարմնի վերին մասը՝ իրանը շատ լայն է, էնքան մարզված է, որ ոտքերի ու ձեռքերի մկանները շատ անդուր դուրս ցցված են: Ոտքերին նայելիս քեզ կթվա՝ ֆուտբոլիստ է, այ էդքան կոպիտ են: Դեմքն էլ մի տեսակ կատաղի արտահայտություն ունի, կյանքում չես պատկերացնի նրան ժպտալիս:

Էդ մարզվածության հետ մեկտեղ թեթևակի փոր ունի: Մտածում ես՝ լավ, ո՞նց չի կարողացել մաշացնել, նույնիսկ եթե ժամանակին երեխա է ունեցել: Ախր էդ կատաղի վարժությունները, որ մեզ անել է տալիս, հեչ որ չէ, ինքն էլ է անում, իսկ դրանք հանգիստ փորը կմաշացնեն:

Մեկ էլ էսօր դասի վերջում ասաց, որ մյուս շաբաթվանից ինքը չի դասավանդելու: Մեր հարցական հայացքներին պատասխանեց.
- Բալիկը շուտով կծնվի:
Հետո իմացանք, որ յոթ ամսական հղի է:

StrangeLittleGirl
29.05.2013, 14:03
Չնայած մեր համալսարանի կենտրոնական գրադարանը բավական մեծ է ու մարդաշատ, չորրորդ հարկում պարապողներս արդեն իրար դեմքով գիտենք. միշտ նույն մարդիկ են գալիս-գնում:

Էդ բոլորի մեջ երկու սև աչք-ունքով տղաներ կան: Մի անգամ Սոֆյային ասացի.
- Լսի, սրանք հաստատ հայ են:
- Նույն հաջողությամբ կարող են պարսիկ լինել,- պատասխանեց Սոֆյան, որը պարսիկ ընկեր ունի, հետևաբար մեր տարածքի սև աչք-ունքը նրան ծանոթ են:

Բայց չէ, չհամոզեց: Ես ներքուստ ահավոր համոզված էի, որ հայ են, չնայած պիտի ասեմ, որ քյառթուության նշույլ անգամ չկար վրաները: Հա ուզում էի խոսելիս անցնել կողքներով, որ տեսնեմ՝ ինչ լեզվով են խոսում, բայց ամեն անգամ հետներն ուրիշ մարդ էլ էր լինում, ու ոնց որ հոլանդերեն էին խոսում:

Էրեկ ոնց էղավ, գրադարանի մուտքի մոտ տեսա նրանց, երկուսով էին: Մեկը մյուսին ասաց.
- Ի՞նչ կա-չկա:
- Հեչ, քննությունները սկսվում են:

Հենց մի քանի քայլ հեռացանք նրանցից, բացականչեցի.
- Հա՜յ են, նրանք հայ են:
Չմոտեցա նրանց, ոչ էլ երբևէ կմոտենամ, բայց էն պահից սկսած, երբ իսկապես համոզվեցի, որ հայ են, մի տեսակ ապահովության զգացողություն առաջացավ:

StrangeLittleGirl
30.05.2013, 16:22
Էս Veils-ը նենց հետաքրքիր խումբ ա: Եթե նրանց տասնվեց-տասնյոթ տարեկանում հայտնաբերած լինեի, հաստատ շատ կսիրեի: Ինձ համար Starsailor-ի ու Muse-ի շարքից կլիներ: Բայց որ հիմա եմ հայտնաբերել, ճիշտ ա՝ որոշ երգեր ինձ տանում են, ամեն դեպքում դա կարճ ա տևում: Բացի դրանից, էդ երգերը ոչ թե իրականում ինձ տանում են, այլ հիշեցնում, որ կտանեին, եթե մի տասը տարի առաջ դրանք լսեի: Հետաքրքիր զգացողություն ա: Իրանց երգերը լսելիս ոնց որ համ ես լինեմ, համ ես չլինեմ, որովհետև տասնվեց տարեկան ես եմ, որն արդեն ես չեմ: Էս ինչ խառը գրեցի:

StrangeLittleGirl
31.05.2013, 01:01
Ուրեմն էս Եվրոպաներում երբ նոր մարդու հետ եմ ծանոթանում (իսկ դա Հայաստանի համեմատ անտանելի հաճախ ա լինում) ու անունս ասում եմ, հենց սկզբից էլ վստահ եմ լինում, որ չեն հիշելու: Ոմանք որոշ ժամանակ անց հազար ներողություն խնդրելով նորից են հարցնում: Ոմանք հենց առաջին վայրկյանից սկսած անընդհատ կրկնում-պարապում են, մի երկու օր անց հպարտորեն հայտարարում են, որ հիշում են: Ոմանք Ֆեյսբուքում ավելացնում էին ինձ, ու կախված նրանից, թե որն է իրենց մայրենի լեզուն, էդպես արտասանում անունս: Ոմանք կարճ տարբերակ են խնդրում, դե ես էլ հնարավոր ամենակարճ տառային համադրությունն եմ ասում՝ Բյու: Կա նաև մարդկանց մի մեծ խումբ, որոնք էսքան ամիս հետս շփվում են, բայց անունս դեռ չգիտեն կամ չեն յուրացրել (երկրորդ ղեկավարս վառ օրինակ):

Ուրեմն երբ առաջին անգամ յոգայի գնացի, դասատուն մոտեցավ ինձ, ձեռքը մեկնեց, ներկայացավ, ես էլ քթիս տակ իմ անունն ասեցի՝ համոզված լինելով, որ սկի չլսեց էլ: Որ լսեր էլ, մեկ ա չէր հիշելու:

Դասերի ժամանակ Խեռին (այդպես է նրա անունը) հենց տեսնում է մեկը կամ մի քանիսը դիրքը սխալ են անում, առանց կոնկրետ որևէ մեկի դիմելու ասում է, թե որն է ճիշտը, թե ոնց չպետք է անել: Երբ սխալ անողները ես կամ Սոֆյան ենք լինում, նույնն ասում է անգլերեն:

Ուրեմն մի դիրք կա, որի աջ ու ձախը միշտ խառնում եմ: Սովորաբար դիմացս կանգնած Սոֆյային եմ նայում, որ ուղղեմ, որովհետև դասատուին նայելն օգուտ չի տալիս, էդ ժամանակ ինքը դեմքով դեպի մեզ չի լինում: Երեկ հերթական անգամ էդ դիրքը թարս արեցի: Էս Խեռին էլ տարավ-բերեց, ասեց.
- Բյուրա՛կն, աջ ոտքդ ծալի:

Մազերս բիզ-բիզ կանգնեցին: Տեսնես՝ որտե՞ղ էր անունս սովորել: :))

StrangeLittleGirl
01.06.2013, 01:35
Ծնունդդ շնորհավոր, թանկագինս: Քեզ հետ մի ամբողջ կյանք եմ ապրել, քեզնից սովորել, օրինակ վերցրել, վարակվել, ուժ ստացել: Դու կողքիս ես եղել իմ ամենաջղային, ամենամենակ, ամենակոտրված պահերին: Մխիթարել ես ինձ, հանգստացրել, հետս տխրել, բղավել, եթե հարկ է եղել, լացացրել: Դու ինձ դարձրել ես այն, ինչ կամ այսօր ու այն, ինչ լինելու եմ վաղը: Եվ եթե քո ճամփով եմ գնում, ոչնչից չեմ վախենում, որովհետև գիտեմ, որ դու լավ տեղ ես հասել: Ու հա՛, գիտեմ, որ քո հետքերով եմ գնում: Կհասնեմ մի օր, թանկագինս, կհասնեմ: Շնորհակալ եմ էս բոլոր տարիներին ինձ հետ լինելու համար, շնորհակալ եմ, չնայած դու սկի իմ գոյության մասին էլ չգիտես: Շնորհավոր, սիրելի Ալանիս, շնորհավոր իմ ֆեմինիստ բարեկամ:


http://www.youtube.com/watch?v=8EbHermSJXY

StrangeLittleGirl
03.06.2013, 13:03
Մի տեսակ երջանիկ զգացողություն է իջել վրաս: Դեռ երեկ առավոտյան այնքան հոգնած էի, որ մտածում էի՝ մի շաբաթով արձակուրդ գնամ: Բայց այսօր լրիվ նոր ուժերով եմ: Երևի Ուտրեխտն էր ու երեկվա հիանալի եղանակը՝ կապույտ երկինք, պայծառ արև, համերգն էր ու Խրոնինգեն եկող վերջին գնացքին հասցնելը, մեկ էլ էս առավոտ շուտ արթնանալն էր ու յոգայի հրաշալի դասն ընդամենը երեքով: Եվ մոռանում եմ, որ գիշերն ընդամենը մի քանի ժամ եմ քնել, մոռանում եմ անգամ, որ համերգից հետո միգրենի անտանելի նոպա ունեցա, որը սպանվեց նուրոֆենի մեկ հաբով, մոռանում եմ, որովհետև լրիվ պատրաստ եմ մի շաբաթ էլ ճռռալուն: Ու մտածում եմ՝ հանգիստը բնավ դադարն ու քունը չեն, այլ զգացողությունները, նոր ու հաճալեի զգացողությունները:

StrangeLittleGirl
04.06.2013, 00:12
Խոհանոցում ընթրիքս եմ սարքում: Մեկ էլ Կարմենը՝ հետս ապրող աղջիկներից մեկը մտավ, վիզը երկարացրեց, նայեց՝ ինչ եմ սարքում, ասեց.
- Յա՜, էս ի՞նչ յուրահատուկ բան ես սարքում:
Ես էլ նենց համեստի մեջ պատասխանեցի.
- Յուրահատուկ չի, սովորական ընթրիք ա:

Բայց դե ինքը չգիտեր, որ ես աշխարհի ամենահամով սալաթն էի սարքում: Ուզու՞մ եք բաղադրատոմսն ասեմ: Մտնում եք խոհանոց, ինչ գտնում եք, կտրտուկ, լցնում եք իրար վրա, վրայից՝ զեյթունի ձեթ ու կծու, շա՜տ կծու բիբար: Ու ստեղ ամենակարևորը. պետք ա ահավոր սոված լինել:

StrangeLittleGirl
05.06.2013, 01:36
Էս քանի օրը հա նվնվում եմ, թե ինձ հանգիստ ա պետք, թե ուժերս սպառվում են, պետք ա մի շաբաթով ամեն ինչ կիսատ թողնել ու ցվրվել տաք երկրներ և այլն:

Ուրեմն իրիկունը բանից բեխաբար գալիս եմ տուն, մեկ էլ տեսնեմ՝ Սոֆյան մեյլ ա գրել. «Գալի՞ս ես հունիսի 16-20-ը Բարսելոնա գնանք»: Նույն վայրկյանին Սրջանն ա սկայփով գրում. «Գնում ենք Բարսելոնա, միանու՞մ ես»: Տենց, առանց երկար-բարակ մտածելու տոմսն առնում եմ: Կայֆ են էլի սենց սպոնտան որոշումները: Ինձ որ մնար, կյանքում հավես չէի անի վեր կենալ, Բարսելոնա գնալ:

StrangeLittleGirl
06.06.2013, 13:50
Ամա՜ռ, Խրոնինգենում ամառ ա էկել: Ուռա՜: Հավատս չի գալիս: Քսաներկու աստիճա՜ն, արև՜... ուռա, ժակետի տակից մենակ կարճթև՜, ուռա՜: Դե արի ու էս եղանակին գրադարում լռվի:

StrangeLittleGirl
06.06.2013, 16:56
Չէ է, էս եղանակը չափից դուրս լավն ա դաս անելու համար: Ավելի լավ ա սաղ մի կողմ թողնեմ, նստեմ, մի քիչ զվարճանամ, հոգեբանական թրիլլեր գրեմ: Իրիկունն էլ կդնեմ ակումբում, սաղ կասեն՝ ի՜նչ լավն ա, իզուր չուղարկեցիր մրցույթին, ես էլ ինձնից գոհ մեջս կուռեմ՝ հավատալով, որ եթե ուղարկեի, կհաղթեի: