PDA

Դիտել ողջ տարբերակը : .am տիրույթի «նրբությունները»



Artgeo
11.05.2008, 15:41
.am տիրույթի «նրբությունները»

Կամ ինչպես տիրանալ ցանկալի ենթատիրույթին

Ինտերնետում յուրաքանչյուր երկրի պատկանում է որոշակի տիրույթ՝ տառային հապավումով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան՝ uk, Ֆրանսիան՝ fr, Ռուսաստանը՝ ru, եւ այլն: Հայաստանի հապավումն am-ն է: «Ով առաջինը դիմի՝ նա էլ կստանա». ահա այս սկզբունքով են տրամադրվում am տիրույթի ենթատիրույթների անունները: Պարզ ասած, յուրաքանչյուր ոք, ով կցանկանա որեւէ սայթ ունենալ նշված տիրույթում, կարող է դա անել, նույնիսկ եթե կայքի անվանումը ՀՀ պետականությանը եւ ազգային արժեքներին է վերաբերում: Այսինքն՝ տեսականորեն, օրինակ՝ genocide.am-ը կարող է հայտնվել ազգությամբ թուրք մի անձնավորության կամ կազմակերպության ձեռքում: 1994-ից .am տիրույթի ղեկավարման իրավունքը տրվել է «Ինտերնետ միությանը» (ԻՄ): Եթե նախկինում միությունը կարող էր մերժել անունները, երբ դրանք չէին համապատասխանում որոշ սահմանափակումների, ապա, ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԻՄ նախագահ Իգոր Մկրտումյանը. «2007-ի սկզբից բոլոր անունները ազատականացվել են՝ առանց սահմանափակումների: Ինչ վերաբերում է genocide ենթատիրույթին, ապա այն, ինչպես բոլոր մյուս անունները, կարող է գրանցվել ցանկացած անձի կամ կազմակերպության անունով, եթե, իհարկե, արդեն զբաղված չէ այդ ենթատիրույթը»: am տիրույթում, 2007-ի տվյալներով, գրանցված է 4300 ենթատիրույթ՝ տեղական անձանց կամ կազմակերպությունների կողմից, եւ 4070՝ տարբեր երկրներ ներկայացնողների կողմից:

«Առավոտի» տեղեկություններով՝ ենթատիրույթի վարձակալման ժամանակ տեղացիների հետ պայմանագիր է կնքվում, իսկ արտասահմանցիների հետ՝ ոչ: Պայմանագիր չկնքելը բավականին ձեռնտու է, քանի որ ցանկացած պահի կարելի է փոխել խաղի կանոնները եւ դիմել բազում զեղծարարությունների: Մանավանդ՝ այդ նախադեպը կա. 2000-ին թե՛ տեղացիները, թե՛ արտասահմանցիները տեղեկացվեցին, որ am-ի ենթատիրույթներն այլեւս անժամկետ չեն տրամադրվում, ուստի նրանք տիրույթի համար պիտի վճարեն ամեն տարի: ԻՄ-ը վարում է հայաստանյան տիրույթի կենտրոնական շտեմարանը եւ ապահովում առցանց դիմումների ընդունումը եւ սխալների ստուգումը: Դիմորդը պայմանագիր է կնքում Arminco (ABC domain), Web, Xternet, Netsys, Dolphin, Cornet, ADC կազմակերպությունների հետ: Պայմանագրերի կնքման հարցով դիմեցինք Arminco-ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանին: Նրա պատասխանը մասամբ էր համոզիչ. «Պայմանագիր կնքվում է բոլոր անձանց հետ: Արտասահմանցու համար առաջարկվում է հրապարակային պայմանագիր, որը կամ ընդունվում է նրա կողմից, կամ՝ ոչ: Զեղծարարություն չկա, պարզապես ՀՀ տարածքում գործող փորձի համաձայն՝ հրապարակային պայմանագրի կիրառումը դոմեյնային անունների դեպքում ենթադրում է վճարման էլեկտրոնային տարբերակների օգտագործումը, ինչը ՀՀ-ում դեռ տարածված երեւույթ չէ: Բացի այդ, առ այսօր չի գործում ՀՀ էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոն, որը կհեշտացներ էլեկտրոնային վճարումների տարածման գործընթացը»: Ենթատիրույթների գնային քաղաքականության հետ կապված՝ «Առավոտը» բազում դժգոհություններ էր լսել դիմորդներից: Նրանց հավաստմամբ, ենթատիրույթ ունենալու համար արտասահմանցիները առաջին 2 տարվա համար պիտի վճարեն 250 ԱՄՆ դոլար, տեղացիները՝ 60: Իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարվա համար պետք էր վճարել համապատասխանաբար 50 եւ 24 դոլար: Տեղացի-արտասահմանցի գնային այս տարբերության համար էլ դիմորդները կարծում են, որ իրենց մերժում են ենթատիրույթ տրամադրել, որպեսզի դրանք վաճառեն արտասահմանցիներին: Այս կապակցությամբ Ի. Մկրտումյանն ասաց. «Այդ պնդումներն անհիմն են: Արտասահմանցիների համար ավելի բարձր սակագին սահմանելը am տիրույթը պահպանելու միջոց էր: Այժմ չկա տարբերություն. ՀՀ քաղաքացիների եւ կազմակերպությունների համար մեկ տարով հաշվեգրումը 13200 դրամ է, իսկ այլ երկրների քաղաքացիների համար՝ 50 ԱՄՆ դոլար»: Նկատենք, որ 13200 դրամը, այնուամենայնիվ, համարժեք չէ $50-ին, այն կազմում է $42.5: Ենթատիրույթների ազատականացումից կարելի է ենթադրել, որ, փաստորեն, վաճառքի են հանված ազգային արժեքները, քանի որ am տիրույթը, ինչպես ՀՀ խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը կամ հիմնը, եւս կարելի է դասել ազգային կոչվող արժեքների շարքին:

Ա. Ալեքսանյանը նկատեց. «Ազգային արժեքների պահպանումը ենթադրում է դրանց մասին տեղեկատվություն տարածելու լայն հնարավորություններ, մասնավորապես՝ Ինտերնետի միջոցով: Իսկ այն դեպքում, երբ ազգային արժեք պարունակող անունը աղավաղվում է ազգային արժեքներին հակասող բովանդակությամբ, Ինտերնետ միությունը հնարավորություն ունի ձեռնարկել համարժեք քայլեր նման աղավաղումը կանխելու ուղղությամբ»: Սակայն ասվածին հակասող բազում փաստեր կարելի է գտնել՝ օգտվելով ԻՄ ինտերնետային էջի՝ www. isoc.am-ի, Who is՝ «Ով է» բաժնի տրամադրած տեղեկությունից: Այդ բաժնից կարելի է իմանալ, թե տվյալ սայթը ում է պատկանում: Օրինակ, երբ արտասահմանցիները ցանկանան հայուհիների մասին ինֆորմացիա ստանալ, նրանք անպայման կհավաքեն girls.am հասցեն: Սակայն այն այժմ ընկալվում է որպես ծանոթությունների եւ պոռնոգրաֆիկ նյութեր պարունակող կայք:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
http://new.aravot.am/skins/default/images/top_logo.gif (http://new.aravot.am/am/articles/society/0/view/all)

Racer
11.05.2008, 20:58
Հետո ինչ՝ լավ սայթ սարքեք, տեղադրեք ու մի բողոքեք: Կարևորը պարունակությունն ա: