PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիպակ առանց վերնագրի



Sartorius
11.05.2008, 14:56
Հիշի’ր ու մի մոռացիր,
Չէ՞որ մեզ սեր խոստացար,
Հույս տվիր անսուտ խոսքով`
Մինչ վախճանը աշխարհի
Կյանքում միշտ մեզ հետ լինել:
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
«Մատյան ողբերգության»

Հաղորդագրություն բջջային հեռախոսի վրա.
«Barev... qez ancjalic e msg ekel vori ognutjamb hnaravor e voch ajnqan hacheli husher artnanan. Sakajn inz hamar ancjal chanaparhordel misht el hacheli e.Ergum es,nvagum es, inch es anum? Ancjali grqic hushi mi tertik»
Նա մի քանի անգամ վերնթերցեց գրությունը` փորձելով տառերի հետևում տեսնել այն կերպարին, ով կարող էր համարձակություն ունենալ նման բովանդակությամբ կարճ հաղորդագրությություն ուղղարկել իրեն: Միանգամից հասկացավ, որ գրությունը կանացի սկիզբ ունի: Ցանկացավ գրողի ծոցն ուղղարկել հաղորդագրությունը՝ «Delete» անել, հետո մտածեց, որ ոչ մի բան չի լինում առանց որոշակի իմաստի, և փորձեց հետամուտ լինել գրության և իր միջև տեղի ունեցող երկխոսությանը: Միանգամից մի քանի աղջիկներ հայտնվեցին տեսադաշտում և անէացան, և նա նույնիսկ չհասցրեց ճանաչել նրանց բոլորին: «Ափսոս, որ չհասցրեցի սևեռվել առաջինն ինձ այցելած պատկերը հիշելուն»,- մտածեց նա և բարձրացավ շքամուտքի աստիճաններով վերև, թակեց գրասենյակի դուռը, անվստահ քայլերով ներս մտավ, ոչ մեկի աչքերին չնայելով մոտեցավ և նստեց համակարգիչների արանքում տեղադրված ազատ աթոռին: Հարցական հայացքների ներքո անհարմարավետության զգացողություն ունեցավ և դուրս եկավ պատշգամբ՝ մաքուր օդ շնչելու: Տեսարանը, որ բացվում էր առջևում, հուսադրող էր: Նա միշտ էլ սիրել էր կենտրոնը, և շատերի նման թաքուն երազում էր ապրել այնտեղ: Թումանյան փողոցը գրավում էր մարդկանց իր պարզությամբ ՝ չնայած վերջին տարիներին մի տեսակ խաթարվել էր գովազդային ահռելի մեծության հասնող վահանակների և շքեղ ավտոմեքենաների՝ իրար խանգարող բազմությունից: «Մարդիկ այստեղ մի տեսակ ուրիշ են»,- բարձրաձայն մտածեց նա, «Հենց նույն մարդիկ այստեղ մի տեսակ ուրիշ են, և ես էլ եմ ուրիշ»:
Լսափողը վերցրեց բավականին հմայիչ ձայնով մի կին: Նա շփոթված էր թվում: Առանց խոսքերը ընտրելու՝ նախահարձակ հարցրեց կնոջ ով լինելը: Խոսակցությունը հենց սկզբից էլ չստացվեց: Կինը հուսահատ փորձեց խաղի երանգներ հաղորդել և խուսափեց ներկայանալուց: Ասաց, որ ինքը անուն չունի, և էլի նման ինչ որ բաներ: «Ինչ տխուր է այս ամենը: Ի՞նչ կլիներ, եթե Դուք էլ չհամալրեիք իմ կյանքի ԱՆԱՆՈւՆ մարդկանց շարքերը»,- մտածեց նա և ասաց, որ այդ կնոջ ձայնը ոչ մի տեղ չի կարող ունենալ իր կյանքում, և որ չի սիրում երբ փորձում են խցկվել հիշողությունների մեջ, և որ իր վայրկյանները ափսոսում է նման խոսակցություններ վարել համար: Երախտապարտ է հիշված լինելու համար և հույս ունի, որ երբևիցե տիկինը բարեհաճություն կունենա իր գրությունների տակ ստորագրել: Հեռախոսը անջատեց և սկսեց աչքի տակ անցկացրել կիսատ թողած թղթերը: Սկզբում չէր ստացվում կենտրոնանալ, բայց որոշ ժամանակ անց ամբողջովին կլանվեց գործով, և դադարեց հաղորդագրության մասին մտածելուց:
Նա քայլում էր երեկոյան Երևանով, և մտորումները` որսից հոգնած գազանիկի նման, ուղեկցում էին նրան: Հիմա արդեն կարելի էր հանձնվել խոհերին. առանց այդ էլ համարյա ժամանակ չէր մնում մտքերի համար: Քայլերն էլ էր հանձնել նախախնամությանը: Նա ունկնդրում էր ամեն մի մանրուք, լսում էր ամեն մի շշուկ, և ձայների միջից երեկոն, գույնզգույն շորեր հագած, մարդկանց հետ դուրս էր լցվել փողոց, և քաղաքը նմանվել էր մի մեծ օպերային հարթակի, որտեղ դեռ չէր սկսվել ներկայացման գլխավոր փորձը: Կարծես մարդիկ ժամանակ էին սպանում՝ բեմադրող ռեժիսորին սպասելով: Երբեմն- երբեմն ամբոխից առանձնանում էին առավել վառ անհատականություններ, ովքեր իրենց զգում էին իսկական սիրված ժողովրդական արտիստների դերերում: Վայ նրան, որ կհամարձակվեր պատահաբար չնկատեր նրանց: Դա անպատճառ կընկալվեր որպես մահացու վիրավորանք, և աշխարհում ոչ մի իրեն հարգող դատարան չէր համարձակվի արդարացնել օրինազանցին, ով համարձակություն էր ունեցել չհիանալ նրանցով: Նա նայում էր այդ մարդկանց, բայց չէր տեսնում նրանց: Մտածում էր այդ մարդկանց մասին ու չէր հասկանում, թե ինչու են նրանք, ի ցույց դնելով սեռական կիսաթաքցրած բարեմասնությունները, կանգնեցնում ժամանակը և խաղում զոհի հետ՝ ապուշացան ախտանիշների համակցություն ստեղծելով: Գեղեցիկը միշտ էլ պարունակել էր բռնության հարուցիչներ, և մարդկային է ստրկությունը՝ որպես բաղձալի ձգտում հայտարարելու իրավունքը: Գեղեցկությունն ամենուր էր, բայց նա գիտակցում էր, որ գեղեցկությունը հաճախ մեռնում էր հոգու մատույցներում, եթե այն մշտապես չէր սնուցվում ապաքինող բարությամբ: Թերևս ազատությունն էր սահմանափակված, ու գիտակցված կամքը մերժված էր: Նախընտրելի է նմանվել, որպեսզի ավելի հեշտ լինի գոյակցությունը: Տեսակն է թելադրում պայմանները, ու պատասխանատվությունը նախասահմանված է: Երբեմն այդ ցանկությունը գերակայող է, և նմանվելը դառնում էր միակ ճանապարհը դեպի իշխանություն: Թող նմանվեն նրանք, ում համար իշխանությունը վեր է ամեն ինչից: Ժամանակակից մարդկությունը արժանի է դրան: «Ազատությունը գերագույն կամքն է» գաղափարի հետևորդները ոչ պակաս «հանճարեղ» թռիչքներ կատարեցին: Անզորությունից թաքնվելու նպատակով ստեղծեցին հերոսի խղճուկ կերպարը՝ համատարած ձևախեղելով երևակայական կեցությունը: Գործի նվիրյալները ենթադրում էին, որ սերունդները հիշողության լվացման կատարյալ մեքենաներ են, և որ նրանք կհանդիսանան մոռացման երկրի հավատարիմ հպատակները: Ներկայիս ականավոր գաղափարախոսներից շատերը վերապատրաստում էին անցել Անտերիում մոլորակում: Այդ մոլորակը որևե մարդկությանը հայտնի գրավոր աղբյուրներում չէր նշվում: Պատճառը, ենթադրում եմ ավելի խորն է, քան կարծում էք: Հայրենական գիտնականները լռում են ոչ թե չիմացությունից, այլ գիտակցում են հարցի ծայրագույն լրջությունը, և այստեղ սխալվել ոչ ոք չի ցանկանում: Նրանք, մասնավոր զրույցներում հասարակ մահկանացուներին անհասկանալի պահանիշերով, հաղորդակցվում էին միմյանց հետ , բայց այդ մշակույթը ժամանակի ընթաղքում մոռացվեց, քանի որ որոշ ճանաչված գիտնականներ համագործակցության բավականին գայթակղիչ առաջարկություններ ստացան կապավորներից, և իրենց կամավոր մեղայական ցուցմունքներում բառ առ բառ վերհիշեցին այդ խոսքուզրույց- քննարկումների բոլոր մանրամասները՝ չմոռանալով հատուկ էջ տրամադրել պահանիշերին: Կարծում եք՝ դրան հետևեցին ձերբակալություններ, ահաբեկումներ և այլ նման բանե՞ր: Ոչ, այդ ժամանակներն անցել են: Հիմա նորագույն մեթոդներ են մշակվում՝ երբեք էլ նման խնդրի առջև չկանգնելու համար: Հումանիտար ջիղը ընդվզում է: Զարգացում է ապրում ոչ միայն միտքը, այլև մտքի արտադրության գործողությունների ամբողջությունը համակարգող և գործարկող կառույցը: Ընտրյալները ամեն ինչ հաշվարկել էին, քանի որ գիտեին թվերինշանակությունը: Բնությունից նվաճվել էր խմբային բնազդի կառավարման մենաշնորհը, և այժմ ամբողջ թափով աշխատանքներ էին տարվում համակարգող ցանցի ձևավորման ուղղությամբ: Գիտնականները, ովքեր հավատափոխ եղան, ձեռնամուխ եղան նյութականի և հոգևորի թվայնացմանը: Նյութականի հետ գրեթե խնդիրներ չեղան: Ամեն ինչ, ինչ որ կար, վերածվեց թվերի: Սկզբում համատարած խանդավառությամբ ամբողջը մանրակարկիտ գույքագրվեց: կատարվեց աշխարհում մարդկային մարմնի առաջին բացարձակ անհատական գույքագրումը: Յուրաքանչյուր բջիջ գույքագրվեց ըստ գունային, գծային, համային և ձայնարտաբերման նանո-սանդղակի: Այդ ամենը լայնորեն լուսաբանվում էր ԶԼՄ-ներով, և ներկայացվում էր որպես մարդկային պատմության մեջ ամենանշանակալի ձեռքբերումը: Միջազգային կառույցները ամենայն պատրաստակամությամբ ֆինանսավորում էին այդ նախագծերը, անխտիր վարկավորվում էին թղթին հանձնված ցանկացած ծրագիր: Ավելի մեծ տեղ էին հատկացնում ամենաանիրատեսական նախագծերին: Վերջին շրջանում այդ նախագծերն արդեն չէին էլ ընթերցվում: Նայում էին միայն նախանշված գումարի չափին: Բանկային կառույցները աշխատում էին շուրջoրյա հերթափոխով, որպեսզի հասցնեին սպասարկել բոլորին անխտիր, առանց ազգային և ռասսայական խտրականության: Համնդհանուր ծրագրային տենդը հասնում էր իր գագաթնակետին:
Շարունակելի

Sartorius
12.05.2008, 19:25
Մարմինը նվաճված էր և մանրակրկիտ տեսակավորված: Այլևս անմահությունը հնագույն ձեռագրային բանաձև չէր: Այլ բան էր հոգու թվայնացման խնդիրը: Ոչ մի կերպ չէր ստացվում գտնել ելակետային ցատկահարթակը: Հոգու թվայնացման մասին բացահայտ չէր խոսվում, բայց ոլորտի իրավասուները քաջ գիտակցում էին այն գերագույն պատասխանատվությունը, որը հոժորակամ կրում էին սեփական ուսերին: Մրցակցությունը գնալով թեժանում էր: Յուրաքանչյուր օր լի էր լարվածության և հաղթանակի ակնկալիքով: Վերլուծաբանները լրատվամիջոցների օգնությամբ առաջ էին քաշում վարկածներ, որոնք ավելի շուտ խայծ էին և նպատակ ունեին հանրային ուշադրությունը կենտրոնացած պահել այնքան ժամանակ, մինչև որ այն վերջնականապես կանջատվեր: Հեռուստատեսությունը գտնվում էր ոչ այնքան նախանձելի կարգավիճակում: Պատվերները գերազանցում էին սպասելիքները: Բեմադրվում էին տարբեր ձևաչափի նորություններ. Կենցաղային սպանություններից մինչև միջպետական պայմանագրերի ընդունում: Չնայած համարյա բոլորի համար էլ պարզ էր, որ ոչ մի պետություն էլ իրականում չկար, գոյություն չուներ, և այդ ամենը տեղի էր ունենում սահմանված կարգը չխաËïելու համար: Նախկին վաստակավոր դերասանները, և ոչ միայն նրանք, ահռելի մեծ բանակ էին կազմում և միմյանցից խլխլում էին սերիալային հաջորդականությամբ բեմադրվող որևէ նորություններում գլխավոր կամ երկրորդական դերերը: Տեսական միտքը դարձել էր գործնական կեցության նախապայման: Ով հանդիսանում էր այդ մտքի արտադրողը, նա միանշանակ կարող էր դառնալ այդ գաղափարի իրագործողը: Հարկավոր էր միայն գրանցվել որևէ քաղաքական կամ կրոնական կազմակերպությունում և ներկայացնել նախահաշիվ: Նախահաշվին պետք է կցված լիներ մեկ հատ սառեցված բջիջ քո Լոկալ հիշողությունից և Երազների տեսաձայնագրման քո տարբերահամարը: Մնացյալ բոլոր հարցերով զբաղվում էին նրանք, ում վստահված էին սպասարկման ցանցի աշխատանքները: Նրանք իրեց գործի հմուտ գիտակներ էին, և նրանց լրջությունը ոչ մի կասկածի տեղիք չէր տալիս:Դրանք այն մարդիկ էին, ովքեր առաջինը ստեղծեցին կոմպյուտերային ծրագրերը և այդքան հմտորեն նորոգեցին մահկանացուներիս սեփական ես-ի նկատմամբ ինքահարգանքը: Նախկին քրմապետերի սերունդ հանդիսացող բժիշկ- ծրագրավորողները գերազանցեցին բոլոր սպասելիքները: Խաթարված ինքնասիրությունն այժմ արդեն հետևում է, և պահանջարկ ունեն նրանք, ովքեր կարող են ներկայացնել որևէ ռեալ ծրագիր` հավաքված ամբողջ ինֆորմացիայի խմբագրման և անցանկալի հիշողություններից ազատագրվելու վերջնական միջոցների վերաբերյալ : Մինչ այժմ այդ գործը վստահված էր եղել արվեստագետներին, սակայն նրանք երբեմն անում էին ավելին, քան պահանջվում էր: Մարդկային այդ տեսակը խիստ տեղային և կանխատեսելի առանձնահատկություններ ուներ, և ըստ այդ առանձնահատկությունների` դառնում էր հեշտ կառավարելի: Սակայն նրանց համար երանելի ժամանակները վերջացան, քանի որ նրանց մոտ չէր ստացվում ապահովել վերջնական հեռացումը: Այն, ինչ դարեր շարունակ անխորտակելի օրինաչափություն էր, կորցրել էր իր արդիականությունը: Նոր մարդու գաղափարական միսիան սպառված էր, իսկ այդ գաղափարախոսության կրողները` պատժված: Նրանցից առավել ճարպիկները` նվիրյալները, շուտ կողմնորոշվեցին և անցան քաղաքական, իսկ ոմանք էլ կրոնական դաշտ` այնտեղ կառուցելու իրենց հետագա հնարավար զարգացման բոլոր տեսությունները: Որովայնային խնդիրները լուծելու ճանապարհը բոլորի համար տեսանելի էր, եկել էր ընտրելու ժամանակը: Չնայած այլընտրանքը իրատեսական չէր, և ժամանակակից մարդը Բնության ստեղծագործությունից վերածվում էր համայնական սպառողի: Հաղթանակը կատարյալ էր և կասկածի ոչ մի տեղիք չէր տալիս:
Նա ապրում էր քաղաքի հեռավոր ծայրամասերից մեկում, որը կառուցված է եղել խորհրդային շրջանում` որպես գործարանային թաղամասին հարող հանրային կացարաններ: Քաղաքին միավորող միակ կառույցը մետրոպոլիտենն էր` կառուցված խորհրդային շքեղ առանձնահատկություններով: Թաղամասի կացարանները անշուք ու ճնշող ազդեցություն էին թողնում այստեղ այցելող յուրաքանչյուր մարդու վրա, և այդ ազդեցությունը ապրում էր ամեն անգամ զուգորդական որևէ կապի դրսևորման ժամանակ: Հետո` ժամանակի ընթացքում, մի տեսակ վարժվում ես այդ գորշությանը, և այն վերածվում է սեփական ինքնաբավ առանձնահատկության, առանց որի չես պատկերացնում քո գոյությունը: Այն օրվանից ի վեր, ինչ գնել էին այս բնակարանը, նա իր գիտակցական և անգիտակցական տիրույթներում ճանապարհներ էր փնտրում այստեղից տեղափոխվելու, մեկ այլ` ավելի քաղաքակիրթ մթնոլորտում կազմակերպելու իր և ընտանիքի ապրելու իրավունքը, որը մի տեսակ զուտ կենցաղային խնդրից սրվել և վերածվել էր տեսակի պահպանման կարևորագույն գործոնի: Բանն այնուամենայնիվ էլ նրանում չէր, որ մարդիկ այստեղ ավելի վատն էին, քան մեկ այլ վայրում, ընդհակառակը, այստեղ դեռևս պահպանվել էր §մարդը մարդու համար է¦ հոգեվիճակը, և ծայրամասերին հատուկ համառությամբ` հետընթաց շարժումը դեռևս արգելք էր հանդիսանում ահագնացող առաջընթացի հորձանքին: Սակայն վտանգի մշտական զգացողությունն անտանելի էր դարձնում սովորական առօրյան : Որտեղի՞ց էին գալիս իր հեռավոր ու անխնամ թաղամասի այդ վտանգները,և ինչո՞ւ էր նա ցանկանում պոկվել այդ մշտական վախերից ու ապրել մարդկային փոքրիկ ուրախություններով և տխրություններով, ապրել սիրո և խաղաղության տիրույթում, ճաշակել ընտանեկան երջանկության պտուղները և արժանի լինել իր նշանակության պատգամը հաջորդ սերունդներին փոխանցելու պատվին: Չնայած հանուն ճշմարտության պետք է նշել, որ նա նույնիսկ չգիտեր այդ պատգամի գոյության մասին:
Երկիրը միակ վայրն էր, որտեղ նա կարող էր ապրել, բայց գնալ բացահայտ առճակատմա՞ն, ընդվզել յուրաքանչյուր անարդարության դրսևորման դե՞մ, թե՞ խոհեմություն ունենալ տեսնելու և լռելու, դառնալ որսո՞րդ, թե՞ վերածվել որսի, սպասել համապատասխան ժամանակի՞ն, թե՞ ստեղծել պահանջված պահը: Նա կարող էր թողնել ամեն ինչ, գնել Լատինիում մեկնող զբոսաշրջության ուղեգիր և համալրել այդ մոլոր-ակի փախստական- տիեզերագնացների շարքերը, կամ էլ Ռուսսա մոլորակում տեղավորվել` որպես կրտսեր գիտաշխատող, և ապրել Մոռռա խմիչքների ազդեցությամբ խեղդելով սեփական անզորությունը: Կարող էր ուղևորվել Ամերկու` դառնալով այդ համակարգի քաղաքացի, և ապրել առանց որևէ սոցիալական խնդիրների և քաղաքական իրավունքների, վայելել կյանքի ժամանակը` հրաշալի և ընտրյալ ժողովուրդ լինելու մասին հորինված պատմություններ լսելով: Ժամանակն իր ռիթմն է թելադրում հպատակներին, իսկ ընդդիմացողներից խլում է այն իսպառ: Փախուստը վերադարձի հետքն է, միայն թե գտնել է հարկավոր վերադարձի ցանկության պատճառը: Այն, ինչ հարկավոր է նրանց. ջնջել վերադարձի ցանկությունը: Միջոցները շատ պարզագույն են. ստեղծեցին լրատվական նանո- փաթեթներ` հակաանջատիչներ, որոնք տեղադրվեցին ձայնային ալիքների` մարդկային ականջին ոչ հասու հաճախականության վրա , և այդ հակաանջատիչների շնորհիվ Երկիր մոլորակում ապրող յուրաքանչյուր ոք անընդհատ գտնվում է բեմադրական նորությունների կիզակետում և ըստ իր ստացած զգայական զուգորդումների` սկսում է նորություններ ստեղծագործել և փոխանցել անգիտակցական տիրույթի ներսից` ինքն էլ ամենևին չկասկածելով, որ իրենից վերցված նորությունը հաջորդ իսկ պահին որպես իր սեփական մտորում վերադառնում է սեփական գիտակցություն` մտքի տեսքով: Համընդհանուր բնազդի կառավարման կենտրոնը ազդակը անմիջապես վերածում է տեսաձայնապատկերի և գրանցում համակարգչի հավաքամատյանում, որտեղ, ի դեպ, գրանցվում են բոլոր մարդկանցից ստացված ազդակները, տեսակավորում է ըստ թեմատիկայի, ընտրում է առավել ուշադրության արժանիները, և ուղարկում համընդհանուր տեսաձայնային եթեր, իսկ մնացյալ պակաս արժանի նյութը ուղարկում է վերլուծական- վերաձևակերպման կենտրոն` դրամատիզմի և սարսափի չափաբաժինը ավելացնելու: Հակաանջատիչը լրահավաքման և հեռակառավարման գործում համանմանը չունեցող երևույթ հանդիսացավ և փոխեց ողջ կառավարման համակարգը: Վերջապես մարդկությունը ազատագրվեց դարավոր բյուրոկրատական ապարատի կառավարումից և հայտնվեց իրական ինքնակառավարման և ինքնավերահսկման աշխարհում : Նախադեպը ոգևորեց գաղափարախոսներին , և պատվիրվեցին միլիոնավոր հակաանջատիչներ, որոնք ամբողջությամբ ծրագրավորվեցին` որպես ինքնասնուցվող և ինքնասպասարկվող համակարգեր, որտեղ գործնականում բացառվեց մարդկային միջամտությունը, մասնակի միջամտությունն էլ էական ազդեցություն չէր կարող ունենալ ցանցի շահագործման և ինքնակառավարման գործում: 24 -ժամյա անխափան գրաֆիկով աշխատող կայանը ամբոխային ինքնակառավարում հռչակեց Երկիր մոլորակում, և մարդը տեղափոխվեց որակական ինքնակառավարման նոր հարթություն: Եթե նախկինում լրատվական հիմնական աղբյուր հանդիսացող ռադիոյի, ավելի ուշ հեռուստատեսության թողարկումներից հնչում էր, թե որքան անհույս է մեր իրավիճակը, թե ինչպես են մարդիկ իրար ատում , և որ այս ամենին վերջ չկա, քանի դեռ չենք հեռացել այս վայրերից ու չենք ընդունել մեր Հովանավորյալ Անտերիումի գերակայությունը, այժմ այդ ամենին գումարվել է, թե որքան խղճալի էր նախկինում մեր վիճակը, և ինչ տառապանքների միջով հարկավոր եղավ անցնել, որպեսզի վերջնականորեն նվաճեինք մարդկային կյանքի գերագույն նպատակը, այն է` ցանկությունների գերակայությունը մնացյալ ամեն ինչի նկատմամբ: Ամենուր մեր նախկին ցեղակիցների երջանիկ դիանկարներն են, որոնք ավելի խոհեմ գտնվեցին և անվերապահորեն ճանաչեցին Անտերիումի երջանկաբեր գերակայությունը, և մենք` սովորական մահկանացուներս, պարտավոր ենք հետևել նրանց ողջախոհ և օրինակելի արարքին` սեփական բարեկեցությունը համադրելով համայնական պահանջմունքների կանոններին: Այս մեխանիզմը դեռևս փորձաշրջանի փուլում էր, և յուրաքանչյուր ոք կարող էր դիտողություններ ու առաջարկություններ հղել համակարգող խորհրդին, և հավատացնում եմ ձեզ, անմիջապես կստանաիք համակարգչի պատասխանը, որ դուք ընտրված եք տեղական խորհրդում ` որպես խորհրդատու, իհարկե բարձր աշխատավարձով, և ձեր անձնական հաշվին անմիջապես կփոխանցվի մի կլորիկ գումար, և որ այդ կլորիկ գումարը կբավականացնի ձեզ մինչ ի խոր ծերություն, և ծերությունն արդեն էլ սարսափելի չէ, քանի որ դուք հանդիսանում եք կարևոր ԽՏԱՆՅՈՒԹ, և ձեր մարմինը պահպանվում է պետության կողմից` որպես համամարդկային ձեռքբերում, և դուք բնականաբար էլ որևէ պատճառ չեք ունենա որևէ դժգոհության և առաջարկության: Մեխանիզմը մինչ այժմ գործող բոլոր կառույցների համակցված միաձուլումն է, և վերջնական հաղթանակը կասկած չի հարուցում: Ժամանակն է եկել` ապրելու առանց մտածելու, քանի որ մտքի արտադրությունը այժմ արդեն մենաշնորհային է, և այն գտնվում է հմուտ մատակարարների տնօրինման տակ;

Sartorius
12.05.2008, 19:28
Ավելի լավ է մի քիչ սպասել: Ժամանակ չկա` ուժերը հիմարությունների վրա վատնելու և սպառվելու ճանապարհի կեսին: Նա հանձնել է իրեն նախախնամությանը և լավագույն պայքարը համարում է անպաշտպանությունը: Թո′ղ լինի այնպես, ինչպես եղել է արդեն: Միայն թե կարողանա տանելի դարձնել ջախջախված հիշողություններով ապրելը, այլապես կկորցնի վերադարձի ցանկությունը: Նա հստակ գիտակցում էր, որ կառչելու և չմոռանալու հնարավորությունները քիչ են , քանի որ հիշողության մարմինը երբեմն-երբեմն տեղի էր տալիս, և նա արթնանում էր միայնակ ու զգում էր ինչ- որ օտարածին գործողության հետևանքներ, սակայն դեռևս չէր կարողանում վերականգնել այն միջանցքները, որտեղ առաջացել էին տվյալ կորուստները: Իսկ թե ինչպես բացառել մարմնի հիշողության և հիշողության մարմնի խաթարումները, և հնարավո±ր է արդյոք վերականգնել ձևախեղվածի գոնե մեկ մասը, թե՞ տվյալ կորուստները կանխորոշված անհրաժեշտություններ են, որի մասին նա ոչինչ չգիտի, ու պետք էլ չէ, որ իմանա: Նա այնքան անպաշտպան ու խոցելի էր դառնում, որ կորցնում էր իր տարածական կողմնորոշումը և հայտնվում էր անհասկանալի վայրերում և անհասկանալի իրավիճակներում: Տարօրինակն այն էր, որ աշխատանքային ժամերի ընթացքում ոչ մի անգամ չէր եղել տարածական կողմնորոշման կորուստ: Դա, ինչ խոսք, չափազանց մտահոգիչ էր, և նա, ոչ մի բացատրություն չգտնելով, ստիպված էր համակերպվել և խոնարհումով սպասել դեպքերի հետագա զարգացմանը:
Կազմակերպությունը, որտեղ աշխատում էր,կոչվում էր LinuXoid: Այն ոչ կրոնական, և ոչ էլ հասարակական կազմակերպություն էր, պաշտոնակայքում անվանվում էր ուղղակի LinuXoid.org, և զբաղվում էր միջհամակապ ցանցի տարածման աշխատանքներով: Աշխատակիցները շատ չէին, մոտ տասից տասներկու հոգի: Երբեմն հաճույքով էր մոտենում գործին, սակայն դա ոչ այնքան հաճախ էր տեղի ունենում: Հիմնականում ձանձրույթ էր և տաղտուկ ժամանց: Միակցման աշխատանքները բավականին հետաքրքիր էին անցնում. այնտեղ իրական վտանգի գործակիցը այնքան բարձր էր, որ ժամանակ չէր մնում ձանձրութի համար: Վտանգը կլանում էր նրան, և նա աշխատանքի ժամանակ գտնվում էր մշտական զգոնության վիճակում: Հիմնականում երկուսից երեք հոգանոց խմբով էին դուրս գալիս միակցման աշխատանքների: Առանց նախապես պայմանավորվածության, նրանցից յուրաքանչյուրը, առանց այլևայլությունների, կատարում էր իր բնությանը հարիր աշխատանքեր, և դա այնքան ներդաշնակ էր իրականացվում, որ կարելի էր մտածել, թե այս ամենը տեղի էր ունենում շատ լավ կազմակերպված և ուղղորդված կառույցի ներսից: Իրականում դա ինչ- որ ներքին ինքնակառավարման բացառիկ արդյունք էր, ու ոչ մի արտառոց բան չէր կատարվում այնտեղ: Սովորաբար մեծ տեղ էր հատկացվում նախապատրաստական աշխատանքներին` չնայած որպես կանոն` նախապատրաստական աշխատանքները պարտադիր թերի էին մնում, և համարյա միշտ մոռանում էին վերցնել ամենաանհրաժեշտ գործիքները: Սկզբում դա փոխադարձ մեղադրանքների տեղիք էր տալիս, և համարյա միշտ էլ այնպես էր ստացվում, որ ոչ ոք էլ մեղավոր չէր լինում` չնայած բոլորն էլ իրենց ներսում համոզված էին, որ հենց իրենց մեղքով էր եղել անփութությունը: Ժամանակի ընթացքում սկսեցին ավելի հանդուրժող դառնալ նման մանրունքների նկատմամբ, և ինչ- որ կարևոր գործիք մոռանալը վերածվեց համեստ ծիսակարգի: Հիմա արդեն հանդուրժողականությունը ամրագրված էր առեղծվածի գերբնական ուժով, և փոքրիկ բացթողումները ընդունվում էին որպես հետաքրքիր զարգացումների նոր խթան: Երբեմն` աշխատանքային լարված պահերին, երբ ամբողջ ուշադրությունը սևեռված էր լինում մտքի և ձեռքերի ինքնաբերաբար կատարվող գործողությանը, որտեղից որտեղ հայտնվում էին անհասկանալի զուգորդումներ, որոնք ուշադրությունը առանձնացնում էին մտքից և վերջինիս ուղարկում էին հիշողության տուն, որտեղ դեպքերը և իրադարձությունները խորհրդանիշներ դարձած սպասում էին իրենց վերաիմաստավորված վերադարձին: Նա այնքան էր վարժվել իր մտքերի կամայականություններին, որ արդեն սպասում էր անակնկալ ու անկանխատեսելի զարգացումների: Բանը նրանում էր, որ երբեմն ինչ- որ գործողություն կատարելիս նա զգում էր, որ այս ամենը արդեն իր հետ ինչ- որ տեղ տեղի էր ունեցել, և նա չգիտեր` դա այդպե՞ս էր, թե՞ խորհրդանիշներն էին թռիչքաձև որակափոխման ենթարկվել,և այժմ կեղծ ազդակներով խառնում էին հիշողության մարմինը: Ձևափոխված հիշողությունը կամայականորեն միախառնվում էր երևակայության հետ և ուղղորդում էր նրան դեպի մանկություն: Թեև համոզված չէր` արդյո±ք դա մանկությունն է: Ի տարբերություն իր հասակակից ուրիշ երեխաների` նա սիրում էր ժամերով թափառել ձեղնահարկերով, այնտեղ, որտեղ մարդիկ պահում էին իրենց անցյալի փոշոտ պատառիկները:Այնտեղ իրերը, կենցաղից դուրս շպրտված ասկետների նման, ձեռք էին բերում մոգական ազդեցություն, և մանկական տարիների չարաճճիությունները երբեմն սկսվում և ավարտվում էին շոգ և փոշոտ, կիսամութ ձեղնահարկերում սարսափելի պատմությունների և հորինված հերոսների քաջագործությունների մասին ֆիլմերի, գանձեր որոնող արկածախնդիրների` վտանգներով լեցուն երևակայական իրավիճակների մասին խորհելով: Նա հասկանում էր, որ մանկության հետ կապող գործոններից մեկն էլ շենքերի կտուրներն ու ձեղնահարկերն են , որոնք անասելի հետաքրքիր ձգողականություն էին պարունակում իրենց ներսում: Վերջերս մի քանի անգամ ծանր թոքաբորբ տանելուց հետո թիթեղների այրող ջերմությունն ավելի էր բորբոքում երևակայությունը: Նա մտածում էր հին և նոր թիթեղների մասին, և թե ինչպես են իրար ուս ուսի դիմակայում արևի կիզիչ ճառագայթներին ու հորդառատ անձրևներին: Նա զգում էր այդ թիթեղների ցավը և հասկանում էր, որ ինքն էլ է մի թիթեղ, և վաղ թե ուշ գալու է աշխարհի ցավը կիսելու ժամանակը…

Կրքերը զարգանում և շարունակվում էին բավականին տարօրինակ ռիթմով: Ոչ ոք չէր հասցնում հետևել գործընթացների փոփոխմանը. բոլորը անձնական խնդիրներ էին առաջ բերում, և ոչ ոք չէր ցանկանում զիջել: Մաթեմաթիկական մտածողությունը լուրջ թերություններով էր հանդես գալիս, և հասարակությանը հնարավոր չէր երկար ժամանակ կերակրել թվերով: Առաջ էր եկել նոր ուժ, որը ամենևին էլ նոր չէր: Այս տեսակը ևս պատմություն ունի, և կարելի է սերնդատուներից ու որսորդներից հետո հաջորդ ամենակարևոր տղամարդկային հիմնական մասնագիտությունը համարել: Իմաստասերները ` §փիլիսոփաները¦, ընտրյալների այն փոքրամասնությունն էին, որի օգնությանն էին հնում դիմում հետաքրքրասեր որսորդներն ու սերնդատուները : Նրանք զարգացած հեռազգայություն ունեցող չկայացած որսորդներ էին, որոնք հրաշալի տիրապետում էին որսից թաքնվելու հմտությանը: Սակայն վերջիններս հրաշալի գիտեին արդեն կայացած զոհաբերության ավարտից անմիջապես հետո հայտնվել դեպքերի վերլուծության կիզակետում, որտեղից կառավարվում էր ողջ հետզոհաբերական ոգևորությունը: Նրանք հրաշալի կարողանում էին ներշնչել, ոգևորել և ոչնչացնել, ինչի պատճառով էլ սկզբում սկսեցին հարգանք վայելել, ապա առեղծվածի չափաքանակի արհեստական ավելացմանը զուգահեռ այն հետզհետե վերածվեց ժառանգական փոխանցվող տիտղոսի, ապա և կոչման ու մասնագիտության: Ճիշտն ասած, իմաստասերներին իրավամբ կարելի է համարել մնացյալ բոլոր մասնագիտությունների հիմքը, որովհետև որոշ ժամանակ անց այն դադարեց հանդիսանալ մաքուր կոչումով չկայացած որսորդների հանգրվան: Ամենուրեք կուտակվում էին մարդիկ, ովքեր որսի հաճույքը նախընտրում էին զազրախոսության թմբիրից: Ժամանակակից գիտությունների հիմքը հանդիսացավ այս խզումը, իսկ իրական որսորդները դարձան միայնակ թափառականներ: Տարիների ընթացքում որսորդական հմտությունը հետընթաց ապրեց և դարձավ միայն բնազդային գործոն: Սակայն ժամանակ առ ժամանակ բնազդն էլ իր հերթին պոռթկում էր ապրում և պահպանում էր բնության հետ ներդաշնակ զարգացման իրավունքը: Նա չգիտեր, թե որտեղից էին գալիս իր բնազդային պոռթկումները, համոզված էր, որ ինքը գայլ է, տափաստանային ու վայրի մի գայլ, և որ չգիտես որտեղից էր հայտնվել այս քաղաքում: Նա զարմանքով էր մտածում, որ ինքը այնտեղ է, որտեղ ոչ ոք հարազատ չէ, և որ մարդկանցով շրջապատված լինելով` ինքը երբեք չէր զգացել ցեղային համախմբումը, որը հեռավոր կարոտի պես ճմլում էր հետզհետե ծերացող փոքրիկ գայլային սիրտը: Ամենասկզբում, երբ դեռ նոր էր սկսել նկատել որոշ անհամատեղելիություններ, նա պայքարում էր ինքն իր դեմ` հասարակական արժեքների անձեռնամխելիության դրոշակ պարզած: Նա ակտիվանում էր այն ժամանակ, երբ ազդակները հուշում էին ըմբոստություն կամ հիացմունք, ժպիտ կամ տխրություն, զանազան հույզեր հարուցող իրավիճակններ, որոնց նա մասնակցում էր ջանասիրաբար, բայց ոչ հետաքրքրությամբ: Նա խաղում էր ինչ- որ մի անծանոթ և օտար կերպարի մեքենայացմամբ և երբեք չէր հասկանում, թե որտեղից այսքան նվիրում ունայնությանը: Բոլոր հարցերը կուտակվում էին անասելի արագությամբ, և խնդիր էր առաջանում ազատվել այդ ծանրությունից: Իմաստասերները ,ովքեր հայտնվեցին հարթակում մաթեմատիկոսներից հետո, համոզված էին , որ հասարակությունը մշտական դժգոհությունների խառնարան էր, և հարկավոր էր հասարակացնել կամ իսպառ վերացնել այն` որպես այդպիսին: Իրենց մուտքը տեղի ունեցավ առանց ցնցումների, և հայտարարվեց §Դիրքային փոփոխությունների¦ ռազմավարություն: Այդ ռազմավարության հիմնական դրույթն այն էր, որ ցանկացած մարդ պետք է պատասխանատվություն կրեր իր յուրաքանչյուր արարքի համար, և մշտապես հեղինակությունների առաջ ցանկացած պահի, երբ որ դա պահանջվեր իրենից , պետք է փաստեր իր` այսինքն անհատի նվիրվածությունը իմաստասերների ճշմարտությանը: Դիրքային փոփոխությունները կլանել էին ամենքին, և փոխադարձ մեղադրանքները լրացում էին կրքերի շիկացմանը: Ճնշումը գնալով սեղմվում էր երակներում, և կոկորդները գնալով ավելի զգալի դեր էին կատարում ձայնարտաբերման լսելիությունը ապահովելու գործում: Բոլորը, չգիտես ինչու, սկսել էին խոսել անթերի չկատարված գործերի մասին, և մեղադրանքները հնչում էին` մերթ ընդ մերթ փոփոխելով օբյեկտը: Հիմնականում նրանք բաժանվում էին մեղադրողների և պաշտպանվողի: Մեղադրող կողմը այնպես էր կառուցում մեղադրանքը, որ պաշտպանվողին գրեթե պաշտպանվելու տեղ չէր մնում, և նրա խոսքը ավելի շատ արդարացում էր հիշեցնում: Չնայած նա ամենայն պատասխանատվությամբ դիմակայում էր ներքաշմանը, սական երբեմն մխրճվում էր ամբողջովին և մնում էր այնտեղ միառժամանակ: Հետո կառչում էր մի փոքրիկ անհասկանալի բարութան և անմիջապես դուրս էր մղվում այդ միջավարից: Ի տարբերություն նրանց, ովքեր երբեք չէին ներքաշվում այդ հասարակական մեքենայությունների մեջ` նա գիտակցաբար էր մտնում և կլանվում էր ամբողջովին, սակայն բնազդային որոշակի ազդակներից հետո, առանց որոշակի հոգեբանական բարդույթների, դուրս էր գալիս, կարծես առանց լուրջ հոգեմարմնական վնասվածքների: Նա գիտակցում էր, որ իր կողմից կառավարվում է այդ ներքաշումը, և նա այնտեղ էր այնքան, որքան հարկ էր համարում:

Sartorius
12.05.2008, 19:29
Նա իմաստասերների հետ զրույցի մեջ էր մտնում մեկ կամ երկու հարցադրումներով, որոնք երկար քննարկումներից հետո էլ որպես կանոն մնում էին անպատասխան: Երբ անիմաստ էր համարում վիճելը, ի նշան բողոքի` լռում էր և իր մեջ որոշում էր երբեք չվիճել անվիճելի մարդկանց հետ, քանի որ երիցս վտանգավոր են մարդիկ, ովքեր միշտ ճիշտ են և երբեք չեն սխալվում: Նա քաջ գիտակցում էր, որ մարդկային այդ տեսակը հանդուրժելու ընդունակությունը կորցրել էր մեղադրական ձիրքի զարգացմանը զուգահեռ, և որ նրանց համար ճշմարտության խաբկանքը ավելի կարևոր է, քան բուն ճշմարտությունը: Մտավոր ունակությունները դարձել էին մի տեսակ շահարկումների առարկա, և փողոցային թեմաները գերիշխում էին ամենուր: Ամենակարևոր մարդիկ իմաստասերներն էին` իրենց ընտանիքների հետ միասին, և քանի որ նրանք էին վերևի կանգնածները, ներքևում համատարած հիացմունքի ցուցադրություններ էին տեղի ունենում: Այդ տարօրինակ ցուցադրությունները ուղեկցվում էին տարբեր տեսակի էստրադային և դասական համերգներով, թատերական բազմաթիվ կապկումներով, որոնք, ի դեպ , համարվում էին բարձր արվեստի դրսևորումներ և ուղեկցվում էին երկարատև բուռն ծափահարություններով և շողոքորթ խոնարհումներով: Նա մասնակիցն էր բոլոր այդ միջոցառումներին` դառնալով ակամայից իմաստասիրության մոլի փառաբանող: Այդ շրջանակներում նա ուներ արդեն բավականին հարգանք և հեղինակություն: Որոշ իմաստասերներ նույնիսկ ճանաչում էին և պատկառանք էին ցուցադրում, ու թվում էր, թե շատ մոտ էր գտնվում այն պահին, երբ համընդհանուր ճանաչումի արժանանալով` վերջապես կկարողանա գտնել իրեն հաճելի զբաղմունք, աշխատանք, կին և երեխաներ և շատ ու շատ նման բաներ… Հարկավոր էր միայն Իմաստապետի համաձայնությունը, և այս ամենը կարող էր իրականանալ, բայց քանի որ Իմաստապետը միշտ զբաղված էր, ուստի հարկավոր էր կրկին և կրկին սպասել , մինչև Իմաստապետը կազատվեր բոլոր գործերից և կտար իր անժխտելի և անբեկանելի Վճիռը. <<Թույլ տալ պարոն Պարոնին` համարվելու իմաստասիրությանը հարող բջջի անդամության թեկնածու և դատարկաբանության ամբիոնի ցնդաբանական բաժնում մշտական ունկնդրության իրավունք նվաճել>>: Վիճակը նետված էր, և հրաժարվելը նույնիսկ չէր էլ մտնում հասարակական գիտակցության չափորոշիչներում: Պատասխանատվությունը երիտասարդ մարդու համար պարտավորեցնող էր, և արժանանալ այդ բարձրագույն վստահությանը և վայելել այդ վստահությունը` ժամանակակից ասպարեզաբաղձության վերջին բարձրակետն էր: Նա կանգնած էր այդ վստահության և վերելքի այդ աստիճանների առաջ և հասկանում էր, որ ընտրությունը թելադրված էր, և այլընտրանքը սահմանված էր ի սկզբանե : Նա հասկացավ, որ այդպես ապրել չէր կարող, և որ հարկավոր էր մի բան փոխել: Մի ինչ- որ բան, թեև չգիտեր, թե ինչ: Վազել այնքան, որքան ոտքերումդ ուժ կա... կանգնել այնտեղ, որտեղ հողը տենչում է քեզ, մեռնել այնտեղ, որտեղ ծնվում է սերը. Միևնույն է, ժամանակը գերի է…
Քամին մերթ ընդ մերթ խաղում էր կտուրի պոկված թիթեղների հետ` ճռինչներ առաջացնելով շուրջբոլորը: Նա կանգնած էր միայնակ, ձեռքին գործիքների արկղիկը, որում ամենաանհրաժեշտ իրերն էին` իր և բարձունքի անզիջում մենամարտի համար: Նա խնամքով դասավորել էր այդ արկղը և ցավով նկատել էր, որ արկղը անթերի էր դասավորված, և այս անգամ ոչ մի գործիք մոռացված չէր: Մի անծանոթ սարսուռ անցավ մարմնով: Երբեք այդպես չէր եղել, և երբեք այսքան անհանգստություն չէր ապրել: Բոլոր ձայները միանգամից լռեցին, և նա մնաց բացարձակ լռության վիճակում, միայն քամու հետ` կանգնած դեմ առ դեմ: Նա ոչինչ չէր մտածում, միայն ունկնդրում էր ահագնացող քամու տագնապը: Թիթեղները վերջին ճիգերով դիմադրում էին բնության այդ տարերքին, և նա հասկանում էր այդ: Քամին խաղում էր խեղճ թիթեղների հետ` տարուբերելով աջ ու ձախ, և նա հասկացավ, որ ևս մի փոքր ճնշում քամու կողմից, և ամբողջ կտուրը կարող էր պոկվել և գահավիժել ներքև, ու ինքն էլ կտուրի հետ միասին: Մտածում էր, որ քամին ևս գիտակցում էր դա, և նրա բարեհաճությանն էր թողնված այդ մի փոքր ճնշումի ճակատագրական ավելացումը: Քամին դեռևս միևնույն ուժով էր ճնշում գործադրում, և նա հասկացավ, որ հարկավոր է որոշում կայացնել. վերադառնալ դեպի շինություն, որտեղ առավելագույնս պաշտպանված կլիներ, կամ շարունակել իր կատարելիք գործը: Երկու դեպքում էլ ինքն իր հետ կարող էր հաշտվել, քանի որ կարելի էր գործը մի քանի ժամով հետաձգել և կատարել այն մի քանի ժամից, երբ ամեն ինչ վերջացած կլիներ: Սակայն նա որոշեց մնալ և շարունակել: Որոշումը կայացված էր ակնթարթային արագությամբ, և դեպի առաջ քայլը հաստատեց իր հաստատակամությունը: Թիթեղները ճկվում էին ոտքերի տակ և հուսահատ ակնկալում էին նրա ոտքերի ողորմածությունը: Հարկավոր էր անցնել մի քանի մետր, որպեսզի հասներ բաղձալի բաժանարարին: Այնտեղ էր հարկավոր տեղադրել հակաանջատիչը: Այդ փոքրիկ և տարօրինակ սարքը ,որն ուներ ընդամենը մի քանի գրամ կշիռ, գտնվում էր գրպանում: Նա շոշափեց և համոզվելով, որ այն դեռ այնտեղ է ` շարունակեց իր մի քանի մետրի մարաթոնը: Ոտքերը զգույշ պոկելով թիթեղից` տեղափոխում էր հանդարտ, յուրաքանչյուր քայլից հետո հաստատուն կանգնելով տեղում` ստուգում էր հավասարակշռութունը, և նույն զգոնությամբ կատարում էր հաջորդ քայլը: Քամին միայն մի կողմից չէ, որ հարձակվում էր: Այն կատաղի մոլեգնությամբ հանկարծ փոխում էր հարվածի ուղղությունը` փորձելով հավասարակշռությունից հանել նրան: Նա միայն ապավինում էր զգայություններին, քանի որ այստեղ ոչ մի բանականություն ի զորու չէր օգնել իրեն: ՆԱ ՈՐՍԱՑ ԻՐ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՈՐՍՈՒՄ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ, ՍՐՏԻ ԶԱՐԿԵՐԻ և ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ, և ՔԱՅԼԵՑ ՎՍՏԱՀ և ՀԱՄՈԶՎԱԾ, ՈՐ ՔԱՄԻՆ ՆՎԱՃՎԱԾ է: Անցնելով իր մի քանի կամային մետրերը և հասնելով արկղին, որտեղ տեղադրված էր բաժանարարը` նա մի ձեռքով բռնվեց սյունից, որին ձգված էր արկղը, մյուսով դանդաղ` առանց շտապելու, հանեց պտուտակահանը և կատարեց մի քանի հազար անգամ կատարած գործողությունը: Քամին արդեն մի փոքր հանդարտվել էր, բայց նա միայն հիմա զգաց, որ ամբողջ մարմնով լարվել է, և սառած մատները դժվարությամբ են արձագանքում ուղեղից փոխանցվող հրահանգներին: Դեմքը վառվում էր քամու և արևի համբույրից, և նա ոսկորների մեջ զգաց քամու վայրենի խլրտոցը: Մի կերպ բացելով բաժանարարի արկղը` իր առջև տեսավ թարթող լույսով, բազմաթիվ մալուխներով միացված այդ սարքը, որը կապում էր մարդկանց միմյանց և աշխարհի հետ` մի ուրույն` այլ աշխարհ ստեղծելով ծերուկ մոլորակի մեջ: Նա խնամքով գրպանից հանեց և էլեկտրական սնուցիչին միացրեց հակաանջատիչը, մեկ անգամ ևս ստուգեց բոլոր թարթող լույսերի առկայությունը բաժանարարի վրա և փակեց արկղը: Վերադարձի մասին չէր էլ մտածում, քանի որ գիտեր, որ ուժերը միանշանակ չեն բավականացնի: Նա ոչինչ չէր զգում, այն, ինչ մշտապես զգացել էր աշխատանքը գերազանց կատարելուց հետո: Միայն մի տեսակ ամայություն և անիմաստություն, որով համակվել էր հոգին: Նա կծկվեց անասելի թախծից և ամուր գրկելով սյունը, սպասեց քամու նահանջին: Քամին դեռևս վազում էր մարնի միջով, բայց արդեն հաճելի ջերմություն էր պատել մարնին, որը հետզհետե վերածվեց սարսափելի դողէրոցքի և ի վերջո վերածվելով հաճելի տենդի` վերջնականապես անջատեց տրոփյունով աշխատող ուղեղը: Նինջը իջավ կոպերին , և նա, կծկված ու ամբողջովին անգիտակից, ոտքերը գրկած` թեքվեց կողքի, և ասես մայրական արգանդի ներսում պառկած` ապավինեց հուսահատ թիթեղների բարեհաճությանը:

Sartorius
12.05.2008, 19:30
Երբ բացեց աչքերը, արդեն բավականին ուշ էր, և աստղերը, թափթփված երկնակամարում, փայլփլում էին հոգեթով: Նա նայում էր աստղերին և լսում էր նրանց սվվոցը: Ձայները վերադարձել էին, բայց նա դեռ չէր հասկանում իր գտնվելու վայրի և պատճառների մասին: Նա միայն ունկնդրում էր հսկայական երկինքը և անսահման բերկրանք ու հեզություն էր ապրում: Թվում էր, թե այն, ինչ նա զգում է հիմա, ամեն անգամ զգում է, երբ ծարավի ժամանակ ջուր է ըմպում, կամ էլ ահռելի արագությամբ վազում է սարն ի վար, և ամբողջ մարմինը վազում է իր հույզերի հետևից` անցյալում թողնելով յուրաքանչյուր բարկություն և անհամատեղելիություն: Նա զարմանալիորեն ներդաշնակվել էր երկնքի և աստղերի լույսի տակ, և շնչառությունը հետզհետե խաղաղվում էր ու կանոնավորվում: Թիթեղները ճկվել էին նրա ցանկալի ծանրութան տակ, և նա այնքան հանգիստ էր զգում իրեն, ասես հայրական տան ամենատաքուկ անկողնում: Քամին գրեթե խաղաղվել էր, միան թեթև սյուքով էր ներկայանում իրեն: Միառժամանակ հիշեց կատարվածը և հասկացավ գտնվելու վարի մասին: Հերթական կորստի միջա՞նցքն էր, թե՞ ուրիշ մի բան, արդեն կարևոր չէ, կարևորն այն է, որ նա գոյության մեջ է և զգում է լինելիության հաճելիությունը: Յուրաքանչյուր կորստի միջանցք հայտնվում է յուրովի: Ամեն անգամ մի ուրույն տարբերակով ու ձեռագրով, և ամեն անգամ վերադարձից հետո մի այնպիսի բերկրանք է ապրում, որպիսին կարելի է միայն երազել: Այդ հետո են սկսվում մտորումներն ու անհանգստությունները, իսկ մինչ այդ միայն ցանկալի բերկրանքն է և խաղաղությունը: Նա փորձեց ոտքի կանգնել, սակայն շուտով հրաժարվեց այդ ցանկությունից: Հասկացավ, որ հարկավոր է ապրել խոհերի մեջ, որպեսզի վերադառնա ոտքի կանգնելու ցանկությունը: Երբեմն հարկավոր է միայն մտածել ու մտքերի հետ գտնվել միևնույն բովանդակ հոգեվիճակում: Նա հասկանում էր դա և փորձում էր մտքերը առանձնացնել հիշողությունից: Այնպիսի տեղեկատվական զավթողական հարձակում էր տեղի ունենում շրջապատում, որ նա չէր էլ կարողանում տարբերակել զավթողական ոտնձգությունը սեփական մտորումներից: Բանն այն է, որ նա հասկանում էր, որ այդ ոտնձգության հիմնական աղբյուրը մշակույթն էր, և ինքը գտնվում էր մշակութային այդ ոտնձգության խառնարանում: Մի՞թե բոլորի կողմից այդքան պահանջարկ ունեցող մշակույթը հիմնական հարուցիչն էր ձևախեղման: Ժամանակին, երբ մասնակիցն էր այդ ամենի, հավատում էր, որ միակ ճանապարհը առ Աստված` մշակույթն էր, և ինքը ամբողջական նվիրումով փորձում էր մասնակցել ստեղծագործական շինարարությանը: Այդ ժամանակներում մշտական փնտրտուքները հանգեցրել էին մի շրջապտույտի, ուր կարևոր գործոնը խաղն էր: Բոլորը բոլորի հետ խաղում էին,և ինքն էլ էր խաղում բոլորի հետ միասին: Ձեռք էր բերել խաղարկային մի հրաշալի հոգեվիճակ և կարողանում էր համոզիչ լինել շրջապատում: Նույնիսկ Վարպետ կոչում ունեցող մարդիկ երբեմն չէին թաքցնում հիացմունքը: Բայց երբ այդ ամենը վերջանում էր, երբ ժամանակն էր` մնալ ինքն իր հետ, նա սկսում էր կրծել իր հոգին, ոռնում էր անզորությունից, հասկանում էր, որ ներգրավված է ոչ իր աշխարհում, ուրիշի կերպարի քողի տակ պատսպարված մի թափառող ու դժբախտ հոգում, և ուզում էր դուրս գալ այդ շրջապտույտից, բայց անողոք հոսքը ամբողջովին վերցրել էր իրեն և շպրտում էր պատեպատ` փշրելով վերադարձի վերջին հույսերը: Միայն թե հարկավոր էր մաքառել մի փոքր, տալ ամենավերջին ճիգերը, որպսզի արժանանալ նախախնամության բարեգթությանը: Նա նույնիսկ ամենահուսահատ վիճակում էլ գտնում էր լուսավոր և կենսատու երևույթներով հարուստ միջավայր, որտեղ կարողանում էր հավաքվել խոհերով, նայել դեպի ներս` իր ներսը, ու այնտեղից դուրս բերել նվիրական ու գեղեցիկ արժեքներ, որոնք ծառայում էին շրջապատի անտարբեր մարդկանց: Նա ամենուր բերում էր իր հետ մի ուրախություն, փոքրիկ և աննկատ մի ուրախություն և տանում էր իր հետ այդ ուրախության կենսատու բերկրանքը, որը հետագայում վերադառնալով` հանդիսանում էր նրա հիմնական զենքը սեփական անզորությունը հաղթահարելու: Երբ նա առաջ էր գնում, Հայացքը հետևում էր նրան, երբ կանգնում էր տեղում, զգում էր Ժամանակի հարազատ հոսքը, երբ պառկում էր հանգստանալու, Ձայնը թաքնվում էր սրտի զարկերի մեջ, և ավետում էր Խաղաղության ծնունդը: Նա հասկացավ, որ հիմա արդեն միայնակ չէ, և որ երբեք էլ միայնակ չի եղել:

Հիմնական դրամաշնորհները արդեն վաղուց բաժանվել էին մի քանի ոլորտների միջև, և մշակույթն էլ այդ ոլորտներից ամենաքիչ ֆինանսավորվող, բայց ամենաշատը շահույթ ապահովող ոլորտն էր: Այնտեղ հավաքվել էին բազում թափթփուկներ, որոնք իրականում շատ պատվելի և հարգված մարդիկ էին, և որոնք թելադրում էին հասարակական տրամադրությունների հետագա բոլոր զարգացումների տրամաբանությունը: Նրանք հրաշալի էին օգտվում լրատվական այն փաթեթներից, որոնք սկզբում միայն պետությանն էին պատկանում, սակայն հետագայում, երբ օգտագործման իրավունքն ազատականացվեց, ապա և վերածվեց արժեթղթերի և հանվեց բաց աճուրդի, անմիջապես հայտնվեց վերջիններիս ձեռքերում: Այդ բաց աճուրդ կոչվածը իրականում այնքան էլ բաց չէր: Այն բաց էր միայն որոշակի շահեր ներկայացնող մարդկանց համար: Եթե անծանոթ մեկը որոշեր հայտնվել այդ աճուրդում, ապա անպատճառ այնպիսի խնդիրների առաջ կկանգներ, որ անմիջապես հրաժարվելը ամենախոհեմ տարբերակը կլիներ իր համար: Հիմնականում բաժնեմասերը բաժանվում էին §ամենանվիրված¦ գործիչների միջև: Նրանք բանականությանը հավատարմագրված հեղափոխականներ էին, ովքեր մշակութային քաղաքականությունը հարմարեցնում էին սեփական §բարձրագույն¦ ճաշակին: Իսկ հեղափոխական էին, որովհետև նախ` հեղափոխական լինելը պատվաբեր էր, և երկրորդ` նրանց ապրելու իմաստը ամեն ինչ փոխելն էր: Նրանք չէին ընդունում ոչինչ, ինչ ստեղծել էին մարդիկ: Միակ չափանիշը «Մեծերն» էին, ովքեր արդեն վաղուց դադարել էին մարդ համարվելուց: Հեղափոխականների մի մասը բավականին ագրեսիվ էր տրամադրված մյուս թևի հեղափոխականների նկատմամբ, և բոլորն անխտիր պետք է զինվորագրվեին այդ պայքարին, քանի որ թելադրել մշակութային գերագույն ճաշակը` նշանակում էր անսահմանափակ իշխանություն ունենալ հասարակ մահկանացուների նկատմամբ : Վերջիններս էլ էին ակամայից ներքաշվածներ, քանի որ անպայման պետք է որ ինչ- որ մի ուժի հարեին, կամ էլ միևնույն ջանադրությամբ պետք է ժխտեին հակառակորդին` ընդհուպ մինչև վերջնական ոչնչացումը: Ամենուր շահարկվում էր բարձր արվեստ հասկացությունը,և հիացմունքը անթաքույց դիմակ-գործիք էր դարձել նրանց դեմքերին: Նա մտածում էր այդ մարդկանց մասին, և տխրությունը համակում էր հոգուն: Որքա~ն տարիներ էին հարկավոր` հասկանալու համար, որ այս ամենը Մեծ Բեմականացման գլխավոր փո’րձն էր միայն, և բուն ներկայացումը չի’ կայանալու երբեք…

Sartorius
14.04.08