PDA

Դիտել ողջ տարբերակը : Շարժումն ու գրականությունը



Chuk
11.05.2008, 03:47
Երկար, շատ երկար նախաբան էի մտածել այս թեմայի համար: Թեմայի ընթացքն ուղղորդող խոսքեր մշակել... բայց որոշեցի այդ ամենը մոռանալ ու պարզապես դնել շարժումից ծնված մի քանի ստեղծագործություն հենց քաղաքականություն բաժնում: Թեման ինքն իրեն կստանա իր ընթացքը...

Ավելացվել է 58 վայրկյան անց

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ

Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: Նախասրահում կիսախավար էր: Հենվեց դռանը, խոր շնչեց տան, ի՛ր տան յուրահատուկ հոտը՝ մոմած հատակի, սենյակային ծաղիկների, խոհանոցի, հազիվ զգացվող օծանելիքի, կախիչի ու պատի արանքը խցկած որդու սպորտային կոշիկների քրտնքի ու էլի շատ հոտերի խառնուրդը: Սովորականի պես լույսը չվառեց, գիտեր, որ դեմքը համարյա անճանաչելի էր՝ լարվածությունից, նյարդերի անմարդկային պրկումից, չարության հասնող անզորությունից: Մի կարճ ժամանակ էր պետք՝ ներքուստ հավաքվելու, դեմքի մշտական հանդարտ ինքնավստահությունը վերագտնելու համար... Նախասենյակից սենյակները տանող դռների ետեւում տնեցիների սովորական կյանքն էր: Կինը խոհանոցում է, ըհը, կաթսայի կափարիչը ձեռքից սահեց, բայց հասցրեց բռնել, ու միայն խուլ թմփոց լսվեց: Տղայի սենյակից երաժշտության ձայնն էր հասնում. ինքը մտել է համակարգիչի մեջ, իսկ բիթլզները երգում են երեկվա մասին: Ինքն էր որդուն տվել նրանց ձայներիզը, այդ օրվանից նա միայն «Բիթլզ» է լսում: Ժպտաց կամ ժպիտի նման մի բան դեմքին երեւաց՝ վերջին օրերի մեջ առաջին անգամ: Այդ կիսատ ժպիտից դեմքը ցավեց: Ձեռքը տարավ, շոշափեց... հա, մկանները լարված են, դրանից է:

Աղջկա սենյակում լռություն է, նա, բերանքսիվայր պառկած բազմոցին, կարդում է:

Սա է իրենը, այս փոքրիկ աշխարհի համար է ապրում, իսկ մի քանի ժամից նորից կգնա Հրապարակ, կկանգնի նրանց դեմ-հանդիման ու... Թուլացրեց փողկապը, լույսը վառեց: Հայելու միջից նայողին ստիպեց սրված դիմագծերը հարթել ու մտավ խոհանոց:

- Եկա՞ր... հիմա կճաշենք,- կինը մոտեցավ, թեթեւ գգվեց ու հարցական նայեց:- Ինչպե՞ս անցավ օրդ:

- Սովորականի պես,- դիմացավ կնոջ հայացքին:

- Հա...,- այնքան դժգույն հնչեց կնոջ «հա»-ն, որ տասնութ տարվա մեջ առաջին անգամ ինքը չհասկացավ. դա հա՞րց էր, հաստատո՞ւմ, թե՞ դատապարտված իմացություն:- Հիմա կճաշենք:

Հովսեփը մտավ ննջասենյակ, պիջակը խնամքով կախեց աթոռի թիկնակից, սովորության համաձայն ափը սահեցրեց ուսադիրների վրայով, կարծես մեկ-մեկ հաշվելով աստղերը, գնաց լոգարան: Լվացվեց՝ առանց հայելուն նայելու, դուրս եկավ պատշգամբ՝ երեխաների ծնվելուց հետո սենյակում չէր ծխել: Մայրամուտ էր, վաղը լավ օր է լինելու... Լսողությունը լարեց՝ ոչ, Հրապարակը հեռու է, ձայները չեն հասնում: Խտացող մշուշի մեջ հեռվում ուրվագծվող Հրապարակը ոնց որ կղզի լիներ՝ առանձնացած, ինքն իրենով, անիրական... Կիսատ ծխախոտը շպրտեց, ներս մտավ:

Սեղանին՝ տատից մնացած անգլիական ճենապակե սկուտեղն էր, հատուկ տոլմայի համար, կողքը՝ մորից հիշատակ մնացած բյուրեղապակյա երկարվիզ գրաֆինը: Սա իրենն է. այս սեղանը, գրաֆինը, որ սեղանին է դրվում միայն շաբաթամուտին ու մեկ էլ, երբ հյուր են ունենում: Այս կարգն էլ տատից է՝ սկուտեղի ու գրաֆինի հետ ժառանգած: Սա է իրականը՝ գերդաստանի ավանդական օրենքներով ապրող իր տունն ու ընտանիքը:

- Պա՞, էդ ե՞րբ եկար,- տասնվեցամյա որդու զարմանքի մեջ մանկական ուրախություն կար:

- Տանկով էլ տուն մտնեմ՝ քո համակարգիչն ու բիթլերը կթողնե՞ն, որ գալս իմանաս:

- Ի՞նչ տանկ, տանկի անուն չտաս,- չգիտես ինչու վախեցավ կինը՝ աղամանը ձեռքին անճարակ քարանալով սենյակի մեջտեղում:

- Քե՞զ ինչ եղավ,- չթաքցնելով սրտնեղությունը, Հովսեփը նստեց, իրեն մոտեցրեց գրաֆինը:- Ու չհամարձակվես աղամանը խոհանոց տանել, հազիվ էս մի անգամը, առանց մեր հիշեցման, աղամանը սեղանին էր լինելու:

- Ի՞նչ... էս մի անգա՞մը...,- անկեղծ վիրավորվեց կինը:

- Արամ, ես չէ՝ դու...

- Դե լավ, մամ, պապան չափազանցրեց,- Արամը սպասեց, մինչեւ մայրը, աղամանը ձեռքից բաց չթողնելով, նստեց, անմեղ շարունակեց:- Սա երկրորդ անգամն է:

- Դե, սա արդեն...,- անզոր հերսոտեց, աղամանը դրեց սեղանի կենտրոնում:- Իրականում սա երրորդ անգամն է:

Նրանց ծիծաղից Հովսեփի սիրտը ջերմացավ:

- Լուսինե՞ս ուր է...

- Այստեղ եմ,- աղջիկը սրընթաց ներս մտավ, մոտեցավ, գրկեց հորը, չլմփոցով համբուրեց:- Պապ ջան, եթե իմանաս...

- Ինչքա՜ն եմ կարոտել,- նրա ձայնով շարունակեց եղբայրը:- Օրիգինալ չես:

- Սերը օրիգինալ լինելու կարիք չունի... Լավ ասացի, չէ՞, պապ ջան: Սոված մեռա:

Հովսեփը վերցրեց բաժակը, երեք զույգ աչքեր սպասեցին սովորական կենացին. «Փառք քեզ, Աստված»: Բայց նա հապաղում էր, կարծես առաջին անգամ էր տեսնում հյուրասենյակը, որտեղ իր հարսանիքն էին նշել ու որտեղից ծնողներին վերջին հրաժեշտը տվել, անծանոթ լինելու աստիճան աչքին նոր էին թվում հարյուրհիսունամյա պատի ժամացույցն ու հոր կաղնեփայտ ճոճաթոռը: Հերթով նայեց՝ կինը, որդին, աղջիկը... իրենը, ամենահարազատն ու կյանքից առավել թանկը: Վերջին օրերի դառնությունից կոկորդը քերծվեց, աչքերը խոնավացան, բաժակ բռնած ձեռքն աննկատ դողաց:

- Աստված պահի մեզ... բոլորիս,- ու խմեց: Ու չզարմացավ, որ տնեցիները հասկացան: Ծանր լռությունը խախտեց Հովսեփը:

- Լուսինե, այսօ՞ր ինչ էիր կարդում,- չէր էլ թաքցնում, որ ուշքը գնում է դստեր համար:

- Չէի կարդում, գրում էի:

- Բանաստեղծությո՞ւն,- իր մասին հիշեցրեց Արամը:

- Ռեֆերատ,- միաժամանակ հասցրեց լեզու ցույց տալ, դեմքը ծամածռել ու պատասխանել եղբորը:

- Թեմա՞ն... ինչի՞ մասին է,- Հովսեփը հիացավ նրա՝ արդեն երեւակվող գեղեցկությամբ:

- Պատասխանատվության: Վերջապես խելքը գլխին գրականության ուսուցիչ ունեցան, գրողների ծնված-մեռած թվերը անգիր անելու փոխարեն մտածել է սովորեցնում:- Կինը խոսելու ընթացքում երկու տոլմա դրեց որդու ափսեի մեջ՝ աճող օրգանիզմ է:

- Այսի՞նքն...,- մտովի նշելով, որ կինը ամեն ինչ կամ համարյա ամեն ինչ գիտե զավակների մասին, ուշադիր նայեց աղջկան:

- Դե... ինչ է պատասխանատվությունը... էդ հանգի բաներ, բայց ինձ ուրիշ բան հետաքրքիր թվաց... Ես ուզում եմ ճշտել...,- աստիճանաբար ոգեւորվելով, աղջիկը սովոր շարժումով քաշքշում էր մազափունջը:- Ե՞րբ է պատասխանատվությունը վերածվում...,- փնտրեց բառը, չգտավ:- Մի ուրիշ բան է դառնում:- Ի պատասխան երեք զույգ հարցական հայացքների՝ անցավ շուտասելուկի:- Դե... ասենք, դու անում ես, ինչ պիտի անես, ճիշտ, տեղը տեղին...

- Արհեստավարժ կերպով,- իբր քթի տակ ասաց Արամը:

- Թեկուզ... բայց մինչեւ ո՞ւր, ե՞րբ, ո՞րն է սահմանը...

- Հանգիստ, քանի անգամ եմ ասել, վրա մի տուր,- հյութով բաժակը մեկնեց մայրը:- Շունչ քաշիր:

- Ինչպես թե... Բառն արդեն չի՞ նշում սահմանները...,- Հովսեփը զարմացավ, որ անհամբեր սպասում է աղջկա պատասխանին:

- Քիչ առաջ Աստվածաշունչ էի կարդում, փնտրում էի...

- Էդ ո՞ր օրվա հավատացյալն է,- Արամը հարցն ավելի շատ ուղղեց մորը:

- Թող խոսի,- Հովսեփը ձեռքը դրեց որդու ձեռքին: Դարձավ աղջկան:- Ի՞նչ էիր փնտրում:

- Պա, գիտե՞ս ինչ էր այն հյուսնի անունը, ով Քրիստոսի խաչն էր սարքել:

- Անո՞ւնը... իսկ դա կարեւո՞ր է:

- Չգիտեմ... Ուզում էի իմանալ...

- Ճիշտն ասած, երբեւէ մտքովս չի անցել,- մայրը մտախոհ, պատառաքաղով քչփորում էր կաղամբն ու միսը:- Ասենք, Սիմոն, Դավիթ... Ղուկաս կամ Եսայի...

- Կայեն ու Աբել,- Արամն էր:

- Մաթեւոս կամ Հովսեփ...,- ուսուցչուհու մասնագիտական բծախնդրությունը ստիպում էր հիշել, մտաբերել Աստվածաշնչյան անուններն ու հանկարծակիի եկավ համերաշխ ծիծաղից:- Ի՞նչ է...

- Մամ, ինչ ասի՞ր... Հովսե՞փ,- չարաճճի ժպտաց Լուսինեն:

- Հա, ինչ է որ...,- ու լռվեց, մեղավոր նայելով ամուսնուն:- Ներիր...

- Ինչ ասացիր որ...,- Հովսեփն զգաց, որ ժպիտը չստացվեց:- Նախ՝ ասածդ միայն վարկած է, իսկ եթե այդ հյուսնի անունը իսկապես Հովսեփ էր... Դա ինչ որ բա՞ն է նշանակում:- Լռությունը հարթելու համար նորից փորձեց ժպտալ:- Լուսինե, վերջապես միտքդ ավարտելո՞ւ ես...

- Եթե նրան պատվիրել են ու նա էլ ամուր, շատ լավ խաչ է սարքել, մտքով չի՞ անցել, թե ինչի համար է այդ խաչը:

- Այո՜... չէի կարծում, որ քույրիկիս գեղեցիկ գլուխը լուրջ հարցերով է զբաղված...

- Գուցե լռե՞ս,- ավելի հոր հայացքից, քան խոսքերից Արամը վերջնականապես սսկվեց:- Իսկ դու շարունակիր:


շարունակելի

Chuk
11.05.2008, 03:49
շարունակություն



- Կամ՝ ի՞նչ է մտածել, երբ իմացել է, որ իր սարքած խաչի վրա Քրիստոսին են խաչելու:

- Իսկ դու պատասխան ունե՞ս,- Հովսեփը շեղ նայեց Արամին:

- Միայն մեկը,- Արամի ձայնը կոպիտ էր, կռվարար:- Ոչ մի նշանակություն չունի, թե նա կոնկրետ ում համար էր սարքել խաչը: Խաչ էր սարքել, որի վրա մարդ էին խաչելու, պարզապես մարդ:

- Դո՞ւ ինչ կասես, քո դաստիարակածն է, չէ՞...

- Ասածդ կոմպլիմե՞նտ է, թե՞...

- Միայն կոմպլիմենտ,- հայացքով շոյեց կնոջ դեմքը:- Այդ անանուն հյուսնը... Իսկ ինչու անանուն, համարենք, որ նրա անունը Հովսեփ էր...,- սպասեց, լռում էին:- Ուրեմն, Հովսեփը, որ սեղան էր սարքում, գդալ ու դագաղ, խաչափայտ էլ պիտի սարքեր: Ու միայն ինքը, որովհետեւ դարբին Մովսեսը կամ քարտաշ Եսային չէին կարող: Իրենից բացի՝ այդ խաչը սարքելու իրավունք ոչ ոք չուներ: Ինքը դա գիտեր, ու դա է ասածդ պատասխանատվությունը: Հարցեր կա՞ն...

- Սուրճը դնեմ,- լռությունը խզեց կինը:- Լուսինե, սեղանը հավաքիր:

Հովսեփը պատշգամբ ելավ: Մթնել էր, շուրջբոլորը լուռ էր, մտածեց, որ գուցե Հրապարակն էլ է լռել կամ գուցե Հրապարակը այն կղզիներից է, որոնք մշտական տեղ չունեն, թափառում են ծովից-օվկիանոս ու քիչ հետո, երբ ինքը գնա, կպարզվի, որ արդեն չկա...

- Պա... պապ ջան,- Լուսինեի մոտենալը չէր զգացել,- այսօր էլ ես գնալո՞ւ...

- Այսօր էլ, վաղն էլ... ինչքան պահանջվի: - Ձայնը չոր հնչեց: Աղջիկը այն է՝ ինչ-որ բան էր ասելու, բայց հոր հայացքն ստիպեց ներս գնալ:

- Սուրճը սեղանին է,- կնոջ ձայնը հասավ պատշգամբ:

Համը չզգալով՝ կում արեց: Արամը հեռուստացույցի ալիքներն էր պտտում, ձայնն անջատել էր եւ իրար հաջորդող պատկերները աբսուրդ ֆիլմ էին հիշեցնում:

- Ի՞նչ ես մտածում,- Հովսեփը մտածեց, որ առաջին անգամ է այդ հարցը տալիս որդուն՝ մեծացել է: Հենց նոր զգաց, որ մեծացել է:

- Բայց դեմք է, չէ՞, մեր Լուսոն,- եղբոր ինքնագոհությամբ ժպտաց:- Ոնց էլ է մտքով անցել... Բայց ես ուրիշ հարց կտայի...,- բառերը խնամքով էր ընտրում:- Ինչ-որ մեկը հրամայել էր, չէ՞, որ նա խաչը սարքեր: Այդ հրամայողը չի՞ մտածել, թե... Հովսեփը ինչպես է ապրելու դրանից հետո...

- Արամ, գուցե լռե՞ս,- կինը, որ արդեն լվացած սկուտեղը դնում էր պահարանը, որդու վերջին խոսքերից ուժահատ նստեց Հովսեփի դիմաց:

- Չէ, ինչի՞...,- Հովսեփը հայացքը չէր կտրում սուրճի բաժակից,- հարց-պատասխանի լավ երեկո է: Մնում է՝ դու էլ հարցդ տաս, ու...,- շեշտակի նայեց կնոջը:

- Երբ Հովսեփը խաչը սարքելուց հետո տուն է եկել ու կինը հարցրել է՝ ինչպե՞ս անցավ օրդ, նա ի՞նչ է պատասխանել,- կինը դիմադարձեց նրա հայացքը:

- Ասել է՝ սովորականի պես,- սուրճի կիսատ բաժակը հրեց մի կողմ, տեղից ելավ:- Տնից դուրս չգաք: Դուռը փակեք: Ինձ չսպասեք, բանալին մոտս է:- Մտավ ննջարան, հագավ պիջակը, ուսադիրների աստղերը չարագույժ փայլեցին հայելու մեջ:

Նախասենյակում Լուսինեն սպասում էր:

- Պա, ասացի՝ հիշեցնեմ...,- հայրը գլխի չընկավ:- Վաղը գարնան առաջին օրն է, մամայի մանուշակները չմոռանաս:

- Ապրես, մոռացել էի...,- դավադիր աչքով արեց:- Մաղարիչը վրաս:

Շրջվեց՝ շեմին կանգնած կնոջ հայացքում վախ տեսավ, սեղմված շուրթերում՝ զսպված ճիչ: Դուրս գնաց:

Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում մնաց Հրապարակը՝ շրջափակված, հալածված, ոչնչացված... Հենվեց դռանը, ու թեեւ գիտեր, որ երբեւէ չի մոռանալու տեսածն ու եղածը, փորձեց զսպել ձեռքերի դողը: Լույսը վառվեց՝ կինն էր...

Եվ հյուսնի կինը հարցրեց.

- Օրդ ինչպե՞ս անցավ:

Եվ հյուսնը պատասխանեց.

- Սովորականի պես...




Աղբյուր՝ aravot.am (http://new.aravot.am/am/articles/culture/40441/view)

Chuk
11.05.2008, 03:54
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասներորդ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Արդեն երկուսուկես ամիս է՝ էս վեպս ոչ գրում էի, ոչ էլ տպում։ Եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի, հիմա հանգիստ խղճով կհայտարարեի, որ երկուսուկես ամիս գործադուլ եմ արել՝ ընտրակեղծիքների ու անարդար ընտրությունների կապակցությամբ, բայց եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի ու էդպիսի բան հայտարարեի, էլի խիղճս չպիտի հանգիստ լիներ, որովհետեւ, եթե ինձուձեզ խաբեմ, հոգուս խորքում հո շարունակելո՞ւ եմ իմանալ, որ էս վեպս գրելն ու տպելը դադարեցրի դեռեւս փետրվարի տասնվեցին, այսինքն՝ ընտրությունների օրվանից մի քանի օր առաջ, եւ չնայած հանրահավաքներին կանոնավոր մասնակցել սկսեցի ընտրություններից հետո միայն, բայց փետրվարի տասնվեցին արդեն հասկացել էի, որ էս վեպիս ընթացիկ էջերը չափազանց ժամանակավրեպ են, եւ Հրուշի պատմության շարունակությունը որեւէ մեկին չի կարող հետաքրքրել, եւ չնայած ընթերցողներիցս ոմանք ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ եմ վեպս դադարեցրել, իրենք էլ էին հասկանում, որ էդ օրերին Հայաստանում ոչ ոք վեպ կարդալու հավես ու սիրտ չունի, ու էդ բանն ամենից ավելի հենց ե՛ս էի զգում ու հասկանում, որովհետեւ փետրվարի տասնվեցից սկսած՝ չարագուշակորեն զգում ու հասկանում էի, որ հետագա ընդհարումներն անխուսափելի են, եւ չարագուշակորեն նույնիսկ զոհեր էի ենթադրում, որովհետեւ ընդդիմությունն իշխանություններին նահանջի ու իշխանությունը կամավոր հանձնելու տարբերակ չէր թողել՝ ճիշտ այնպես, ինչպես որ մարտի մեկի ընդհարումից հետո ու մինչ օրս իշխանությո՛ւնը ընդդիմությանն ու Լեւոնին իշխանության չգալու որեւէ տարբերակ չի թողնում։

Երբ արտակարգ դրություն հայտարարվեց, եւ ընդդիմադիր թերթերը դադարեցին տպվել, էս վեպս դադարեցնելու լավագույն ալիբին ի հայտ եկավ, ու մտածեցի՝ մինչեւ իսկական «Հայկական ժամանակը» նորից չսկսի տպվել, իմ էս «Հայկական ժամանակը» չեմ տպի, եւ էդպես մտածելու ու վարվելու միանգամայն լուրջ հիմքեր ունեի, որովհետեւ գրքերիցս երկուսը՝ «Երեւան հյուրանոցն» ու «Մետաքսի ճանապարհը» Նիկոլը ժամանակին իր թերթում ծայրեծայր ոչ միայն տպագրել, այլեւ ինձ ահագին էլ հոնորար էր տվել. այսինքն, Նիկոլն ամեն ինչից բացի՝ նաեւ գրական հովանավորս է, ու ես մտածեցի՝ մինչեւ իր «Հայկական ժամանակը» չտպվի, իմը չեմ տպի, մինչդեռ, ինչպես շուտով պարզվեց, եթե նույնիսկ ուզենայի էլ, իմը չէի կարողանալու տպել, որովհետեւ արտակարգ դրության ցենզորն «Առավոտի» առաջին իսկ համարը Լեւոնի հարցազրույցի պատճառով արգելեց. այսինքն, արտակարգ դրության ամբողջ ընթացքում «Առավոտն» էլ «Հայկական ժամանակի» հետ բարենբար չտպվեց, ու էս առիթով ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ հովանավորների առումով բախտս ահագին բերում էր. Արամն էլ «Առավոտում» ամբողջ «Անտիպոեզիաս» ու էս վեպիս հինգուկես հատորներն է բավական բարձր հոնորարով տպել ու հիմա էլ է պատրաստակամ շարունակել, եւ Ռուբոյի հովանավորությամբ էլ Արամի ու Նիկոլի տպածները գրքերի տեսք են ստացել, եւ չնայած երեք հովանավորներս իրարից բավական տարբեր մարդիկ են, բայց մի հարցում իրար շատ են նման. երեքն էլ երբեւէ ինձանից որեւէ բան չեն պահանջել ու իրենց արած լավությունները երբեւէ երեսովս տված չկան, մինչդեռ մեր գրողները կվկայեն, որ նկարագրածս էս վիճակը հետխորհրդային գրողի համար բացառիկ ու երանելի վիճակ է, բայց երեւի Աստված շատ համարեց, եւ երբ արտակարգ դրությունը հանվեց, ես հոգեբանորեն անպատրաստ էի վեպիս տպագրությունը շարունակել՝ նախ էն պատճառով, որ արդեն ամսից ավելի էր՝ տող անգամ չէի գրել, որովհետեւ ուղեղս ու հոգիս անհոգ իրավիճակներին էին վարժված, իսկ տպագրելիք հատվածներս էլ Նիկոլի անցած տարվա «1+1+1» նախաձեռնությանն էին վերաբերում, որոնք էդ պահի դրությամբ նույնիսկ Նիկոլին կարող էին ուշացած թվալ, եւ, բացի այդ, ես չէի կարող վեպիս տպագրությունը շարունակել թեկուզեւ այն պատճառով, որ վեպիս հերոսներից ոմանք ազատազրկված էին. նստածների մեջ լիքը մոտիկ ու ծանոթ մարդիկ կային՝ Ալիկը, Արոն, Սուրոն, Վահագը, Գուգոն, Վովան, Շանթը, Ժորան, Ռուբոն, Տիկոն, Արշակը, Կարոն, Մասիսը, Հովոն, Սմբատը, Մյասնիկը, Պետրոսը, Դավիթը, Տիկոն, ինչպես նաեւ Ջհանգիրյանը, ումից մի անգամ կեսբերան մի բան էի խնդրել, ու րոպեական արել էր, եւ Նիկոլի, Արամի ու Ռուբոյի պես ինքն է՛լ իր արած լավության դիմաց ինձնից որեւէ բան չպահանջեց, ու հիմա որ էս ուղղությամբ մտածում եմ, սկսում եմ հասկանալ, որ բոլոր նրանք՝ ովքեր էս դժվարին տարիներին ինձ զանազան լավություններ են արել, իրենց արածի դիմաց ինձանից որեւէ բան չեն պահանջել՝ ի տարբերություն էն մարդկանց, ովքեր ինձ երբեւէ որեւէ լավություն արած չկան, բայց առավոտից իրիկուն ինձ որոշակի պահանջներ են ներկայացնում, եւ երբ ընտրություններից հետո հայտնվեցի նախ Մատենադարանի տարածքում, այնուհետեւ՝ Ազատության հրապարակում, անմիջապես հասկացա, որ ինձնից պահանջողներն ու ակնկալողներն անհամեմատ շատ են, քան է՛ն մարդիկ, որոնցից ինքս եմ ինչ-որ բան ակնկալել ու ակնկալում, եւ երբ ընտրությունների հաջորդ օրը հայտնվեցի Մատենադարանի, իսկ հաջորդ օրերին՝ Ազատության հրապարակի տարածքում, վերջնականապես հասկացա, որ ինձ վիճակված չէ մեր հանրապետության շարքային քաղաքացին լինել. այսինքն, ինձ տրված չէ է՛ն տարրական բախտը, որից լիուլի օգտվում են հարյուր հազարավոր ինձնմանները, որովհետեւ, երբ ընտրություններից հետո սկսեցի մասնակցել հանրահավաքներին, նկատեցի, որ հանրահավաքներին մասնակից որոշ ծանոթներս ու որոշ անծանոթներ ինձ մի տեսակ են նայում, եւ անծանոթներից մեկն ինձ թարս նայելով՝ չափազանց խիստ տոնով հարցրեց՝ «դո՞ւք ինչու ելույթ չեք ունենում, պարո՛ն Շեկոյան», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ելույթ», եւ անծանոթն ասաց՝ «ասում եմ՝ ինչո՞ւ հարթակից ելույթ չեք ունենում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի հարթակից ելույթ ունենամ», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «բա ո՞նց էր Հրանտ Մաթեւոսյանը ելույթ ունենում», եւ ես ասացի՝ «ինքն էս հարթակից ոչ մի անգամ ելույթ չի ունեցել», եւ շլյապայով ու ակնոցավոր էդ մարդն ինձ թերահավատորեն նայեց ու հարցրեց՝ «Աղասի Այվազյանն է՞լ ելույթ չի ունեցել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ. ինքն էլ ոչ մի անգամ էս հարթակից ելույթ չի ունեցել», եւ ակնոցավորն արհամարհական նայեց ինձ ու հարցրեց՝ «միգուցե Չարենցն է՞լ ելույթ չի ունեցել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Չարենցի ժամանակ էս հարթակը չկար», եւ ակնոցավորն արհամարհական ինձ նայեց ու ասաց՝ «պարտադիր չէ, որ կոնկրետ այս հարթակից ելույթ ունենար», եւ ես ասացի՝ «Չարենցը մեծություն էր», եւ ակնոցավորը մեծահոգաբար ինձ ժպտաց ու ասաց՝ «եթե ելույթ ունենաք, դուք է՛լ մեծություն կդառնաք», եւ ես ասացի՝ «Չարենցը հեղափոխական էր», եւ ակնոցավորն իր ժպիտը պահելով հարցրեց՝ «ձե՞զ ինչն է խանգարում հեղափոխական լինել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «բնավորությունս», եւ ակնոցավորը, որ երեւի ինձնից ընդամենը մի քանի տարով մեծ կլիներ, վերստին մեծահոգաբար ինձ ժպտալով ասաց՝ «ժամանակն է, որ ձեր բնավորությունը փոխեք, երիտասա՛րդ», եւ ես համարձակվելով՝ իրեն հարցրի՝ «բա դո՞ւք ինչու ելույթ չեք ունենում», եւ ակնոցավորը պատասխանեց ու ասաց՝ «դուք մտավորական եք. ժողովուրդը ձեր խոսքի կարիքն ունի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտեք՝ որ մտավորական եմ», եւ ակնոցավորն ակնոցներն ուղղելով ուշադիր նայեց ինձ ու ասաց՝ «եթե չեմ սխալվում, ձեր լուսանկարն «Առավոտում» ամեն շաբաթ տպագրվում է», եւ ես ասացի՝ «արդեն երկու շաբաթ ա՝ չի տպագրվում», եւ ինքն ասաց՝ «նկատել եմ» եւ հարցրեց՝ «ինչո՞ւ չի տպագրվում», եւ ես ասացի՝ «հիմա էդ վեպս դժվար թե որեւէ մեկին հետաքրքրի», եւ ինքն ասաց՝ «շատ ճիշտ եք զգացել», եւ ես հարցրի՝ «դո՞ւք ինչ մասնագիտություն ունեք», եւ ինքը պատասխանեց ու ասաց՝ «ֆիզիկայի ուսուցիչ էի, բայց օպտիմալացրին. արդեն երեք տարուց ավելի է՝ չեմ աշխատում», եւ ես ժպտացի ու ասացի՝ «փաստորեն, իսկական մտավորականը դուք եք. դո՛ւք պիտի ելույթ ունենաք», եւ ինքն ասաց՝ «ժողովուրդը ձե՛ր խոսքին է սպասում, պարո՛ն Շեկոյան. դուք ուղղակի պարտավոր եք ելույթ ունենալ», եւ ես հարցրի՝ «ելույթ ունենամ՝ ի՞նչ ասեմ», եւ ակնոցավորը մեղմ ժպտաց ու ասաց՝ «առանձնապես մեծ բաներ չպիտի ասեք. ասեք՝ պայքար, պայքար մինչեւ վերջ», եւ հենց էդ պահին Նիկոլը հարթակից գոռաց՝ «պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ», եւ ակնոցավորը մի քայլ առաջ գնաց ու բոլորի հետ աղաղակեց՝ «պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ», եւ երբ Նիկոլը դադար տվեց, ժողովուրդը սկսեց գոռալ՝ «հի՛-մա՛, հի՛-մա՛», եւ ակնոցավորն էլ էր հետները գոռում, ու ես առիթից օգտվելով՝ շարժվեցի Սպենդիարյանի արձանի կողմն...


շարունակելի

Chuk
11.05.2008, 03:55
շարունակություն

... ու արձանի մոտ տեսա մանկավարժականի մեր դասախոս Գեւորգին, որը տասնհինգ տարի շարունակ ինձ չէր բարեւում՝ ամեն ինձ տեսնելիս ճամփեն փոխում էր, որովհետեւ տասնհինգ տարի առաջ մի առիթով դրական էի արտահայտվել Վանոյի ու Լեւոնի մասին, եւ շուրջ տասնհինգ տարի Գեւորգն ինձ էդ բանը չէր ներում ու ամեն ինձ տեսնելիս ճամփեն փոխում էր, բայց հիմա՝ 2008 թվականի փետրվարի 22-ին Սպենդիարյանի արձանի մոտ ինձ տեսնելով՝ ուրախացավ ու շատ ջերմ բարեւեց, եւ երբ իրեն հարցրի՝ «դո՞ւ էստեղ ինչ ես անում», ինքն ասաց՝ «ինչ որ բոլորը», եւ ես հարցրի՝ «քաղաքական հայացքներդ փոխե՞լ ես», եւ Գեւորգն ասաց՝ «էս իշխանություններն ստիպեցին, որ հայացքներս փոխեմ» եւ հարցրեց՝ «դո՞ւ ուր ես՝ չես էրեւում», եւ ես ասացի՝ «որտե՞ղ չեմ էրեւում», եւ Գեւորգն ասաց՝ «էս միտինգներին», եւ ես ստեցի ու ասացի՝ «սաղ միտինգներին էլ էղել եմ», եւ Գեւորգն ասաց՝ «ես միշտ էս արձանի մոտ եմ կանգնում. էստեղից շատ լավ ա լսվում», եւ ես ասացի՝ «ես էլ Թումանյանի արձանի մոտ եմ կանգնում», եւ Գեւորգն ասաց՝ «դու Թումանյանի արձանի մոտ կանգնելու իրավունք չունես», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞», եւ ինքը հարթակը ցույց տալով՝ պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ քո տեղն ա՜յ էնտեղ է», եւ ես նորից հարցրի՝ «խի՞», եւ Գեւորգը, որ յոթանասունականներին մանկավարժականում գիտկոմ էր դասավանդում ու ինձ հազիվ էր բավարար նշանակում, պատասխանեց եւ ասաց՝ «որովհետեւ դու մտավորական ես», եւ ես հարցրի՝ «բա դո՞ւ ինչ ես», եւ Գեւորգը պատասխանեց ու ասաց՝ «ես ընդամենը կրոնի դասախոս եմ. ո՛չ բարով», եւ ես հարցրի՝ «խի՞ ոչ բարով», եւ Գեւորգը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էս այլանդակ կյանքն ստիպում ա, որ Աստծո հանդեպ էլ հավատդ կորցնես», եւ մինչ մտածում էի՝ ինչ ասեմ, էդ պահին ինձ մոտեցավ ռեժիսոր Շռամ Սամոն, թեւիցս քաշեց ու հարցրեց՝ «ըստեղ ի՞նչ ես անում», եւ ես ասացի՝ «լսում եմ», եւ Շռամը հարցրեց՝ «ո՞ւմ ես լսում», եւ ես ասացի՝ «մի քիչ առաջ Ադամն էր ելույթ ունենում, հիմի՝ Պասկը» եւ ավելացրի՝ «իրանց եմ լսում», եւ Սամոն ինձ ասաց՝ «դու ոչ թե պիտի լսես, այլ քե՛զ պիտի լսեն», եւ ես ասացի՝ «այսինքն», եւ Շռամը թեւիցս քաշելով ասաց՝ «այսինքն, պիտի ելույթ ունենաս», եւ ես Շռամին ասացի՝ «քաղաքականությամբ չեմ զբաղվում», եւ Շռամն ասաց՝ «որ քաղաքականությամբ չզբաղվես, քաղաքականությունը քեզնով կզբաղվի», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Շռամ Սամոն ասաց՝ «որ գիտես, ուրեմն պիտի ելույթ ունենաս», եւ ես ասացի՝ «քաղաքականության հետ գլուխ չունեմ», եւ Սամոն ասաց՝ «էս քաղաքականության հարց չի. ազգի փրկության հարց ա», եւ ես ասացի՝ «մեկն ըլնի՝ ինձ փրկի», եւ Շռամ Սամոն հարցրեց՝ «ումի՞ց», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «քեզնից», եւ Սամոն ասաց՝ «փաստորեն, չես ուզում ելույթ ունենաս», եւ ես ասացի՝ «կյանքումս ելույթ ունեցած չկամ», եւ Սամոն ասաց՝ «կարող ա՞ Ադամն ու Պասկը սաղ կյանքներն էս հարթակից ելույթ են ունեցել», եւ ես ասացի՝ «ես կյանքումս ելույթ ունեցած չկամ՝ ոչ մի հարթակից», եւ Սամոն ժպտաց ու ասաց՝ «դժվարն առաջին անգամն ա», եւ ես հարցրի՝ «բա դո՞ւ խի ելույթ չես ունենում», եւ Սամոն ասաց՝ «ես որ Շեկոյան Արմենն ըլնեի, ամեն օր ելույթ կունենայի», եւ ես ասացի՝ «չհասկացա», եւ Սամոն ասաց՝ «ինչ կա չհասկանալու. գրողի խոսքը սավսեմ ուրիշ ա. գրողը մտավորական ա համարվում», եւ ես ասացի՝ «կարող ա՞ ռեժիսորը մտավորական չի», եւ Սամոն ժպտաց ու ասաց՝ «ժողովուրդը գրողներից ա խոսք սպասում», եւ ես ասացի՝ «դու ի՞նչ գիտես՝ ժողովուրդն ումից ա խոսք սպասում», եւ Սամոն ասաց՝ «որ չիմանամ՝ չեմ ասի», եւ ես ասացի՝ «ամեն ինչ գիտես, բայց ելույթ չես ունենում» եւ ավելացրի՝ «համ էլ՝ դու ինձնից հազար անգամ լավ ելույթ կունենաս», եւ Սամոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «առոգանության ու հռետորության իմաստով», եւ Սամոն հարցրեց՝ «իմ հռետորությո՞ւնը երբ ես տեսել», եւ ես ասացի՝ «ղարաբաղյան շարժման վախտ աջուձախ ելույթներ էիր ունենում», եւ Սամոն ասաց՝ «ինչ-որ չեմ հիշում», եւ ես ասացի՝ «ես լավ եմ հիշում», եւ Սամոն ասաց՝ «որ շատ պետք ըլնի՝ հիմի է՛լ ելույթ կունենամ», եւ ես ասացի՝ «որ շատ պետք ըլնի՝ ես է՛լ ելույթ կունենամ», եւ Սամոն համաձայնվեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում. սաղ պայքարը դեմներս ա», եւ ես ասացի՝ «բայց ժողովուրդը գոռում ա՝ հի՛-մա՛, հի՛-մա՛», եւ Սամոն ասաց՝ «որովհետեւ ժողովուրդն ավելի ա հավատում, քան՝ մենք», եւ ես հարցրի՝ «Լեւոնին ա՞ հավատում», եւ Սամոն պատասխանեց ու ասաց՝ «համ Լեւոնին ա հավատում, համ՝ ընդհանուր հաղթանակին» եւ կրկնեց՝ «ժողովուրդն ավելի ա հավատում, քան՝ մենք», եւ ես ասացի՝ «մենք է՛լ ենք ժողովուրդ», եւ Սամոն ասաց՝ «մենք շատ պիտի հաց ու պանիր ուտենք, որ էս ժողովրդին արժանանանք», եւ էդ պահին Պասկն իր ելույթն ավարտեց, ու Նիկոլն անմիջապես գոռաց՝ «Լե-վոն, նա-խա-գահ», եւ ժողովուրդը մի քանի անգամ Նիկոլի խոսքը կրկնելոււց հետո խոսքը փոխեց ու սկսեց վանկարկել՝ «հի՛-մա՛, հի՛-մա՛», եւ Նիկոլը ժողովրդի հետ նույնը վանկարկելով՝ այնուհետեւ գոռաց՝ «ա-զա-տու-թյուն», ու էդ պահին մեզ մոտեցան Պասկն ու Սաթոն, ու երկուսն էլ ինձ տեսնելով՝ շատ ուրախ էին, եւ Ադամն էլ ինձ տեսնելով՝ ուրախ բարեւեց, եւ Նիկոլը, Լեւոնն ու բոլորը գոռում էին՝ «ա-զա-տու-թյուն», եւ բոլորն ազատորեն ազատություն էին պահանջում, եւ Սպենդիարյանի արձանից աջ Խեչոյան Լյովն «Ազատության» Գայանեին հարցազրույց էր տալիս, ու երկուսն էլ ինձ տեսնելով՝ ուրախ բարեւեցին, բայց Համոն ինձ չափազանց սառը բարեւեց, իսկ Սիրակն ու Հովոն ինձ ընդհանրապես չբարեւեցին, ավելի ճիշտ՝ չտեսնելու տվին. երեւի իրենք է՛լ էին ինձնից ելույթ ակնկալում, եւ քանի որ հատկապես էդ օրն էդտեղ շատերն էին ինձնից ելույթ ակնկալում, ես աննկատ հեռացա Ազատության հրապարակից եւ Աբովյանով իջնելով՝ ազատության մասին էի մտածում ու զգում էի, որ ազատությունս գնալով պակասում է, եւ ազատության մասին մտածելով՝ ոչ մի կերպ չէի կարողանում ազատության բուն էությունը հասկանալ ու ընկալել, որովհետեւ մանավանդ վերջին մի քանի տարիներին ազատության պակաս առանձնապես չէի զգացել. օրվա առաջին կեսին ազատորեն օգտվում էի գրողական ազատությունիցս, իսկ օրվա երկրորդ կեսն ազատորեն անցկացնում էի զանազան բուքմեյքերականներում, եւ ահա Աբովյանով շտապում էի բուքմեյքերական՝ նախորդ օրվա խաղադրույքիս արդյունքն իմանալու, մինչդեռ անծանոթ ակնոցավորը, մանկավարժականի Գեւորգը, Շռամ Սամոն ու էլի ուրիշներն ինձ մտավորական էին համարում ու համապատասխան պահանջներ էին ներկայացնում՝ առանց հասկանալու, որ առանց ինձ էլ շարժումն ահագին շարժվել ու առաջացել է, բայց ակնոցավորին, Սամոյին ու մյուսներին էլ առանձնապես մեղադրելու չէր, որովհետեւ Հրանտը, տիկին Սիլվան ու Աղասին հանկարծակի ու անվերադարձ էին հեռացել՝ իրենց բացակայությամբ ահագին դատարկ տարածություն առաջացնելով, եւ չնայած իմ բախտից Խեչոյան Լյովը, Պասկը, Մարինեն, Մեսրոպը, Նելլին, նոր Հրանտն ու էլի մի քանիսն էդ դատարկը որոշակիորեն էին լցրել, այդուհանդերձ, շատերի կարծիքով՝ իմ անելիքն է՛լ էր պահանջվում, բայց, ցավոք սրտի, ես անպատրաստ էի ուղղորդել ազգին, որովհետեւ սովոր չէի. ճիշտ է, ութսունութից սկսած՝ մինչեւ երկու հազար չորսի ապրիլի տասներկուսը գրեթե բոլոր միտինգներին մասնակցել էի, բայց մասնակցել էի՝ որպես իրավահավասար քաղաքացի եւ ոչ թե՝ որպես գրող ու մտավորական, եւ չնայած ութսունութից մինչեւ երկու հազար չորսը ես ավելի մտավորական էի, եւ էս անթիվ ու անհամար բուքմեյքերականներն էլ չկային, բայց ինձ որեւէ մեկը չէր առաջարկում ելույթ ունենալ եւ առաջնորդել ազգին, սակայն ահա՝ Հրանտը, Աղասին ու տիկին Սիլվան բոլորին անակնկալի էին բերել, եւ հիմա ինձնից ելույթ էր պահանջվում, ընդ որում՝ պահանջողները նրանք էին՝ ովքեր լիուլի օգտվել ու շարունակում էին օգտվել էս երկրի շարքային քաղաքացին լինելու իրենց անսահման իրավունքից ու ազատությունից, բայց ահա՝ իմ շարքային լինելը ոչ միայն չէին հանդուրժում, այլեւ չէին փորձում հասկանալ, որ ես, եթե նույնիսկ շատ ուզենայի, չէի կարող բուքմեյքերականներից անմիջապես դուրս թռչելով՝ մեծ ու բարձր բաներից խոսել եւ «ազատություն» կամ «պայքար, պայքար մինչեւ վերջ» գոռալ եւ նույնիսկ «առաջ Հայաստան» չէի կարող գոռալ, որովհետեւ եթե մարդ ինքն իրեն չի հավատում, ուրիշներին էլ չի կարող որեւէ բան հավատացնել, բայց ակնոցավորին, մանկավարժականի Գեւորգին, Շռամին ու մյուսներին մեղադրելու չէր, որովհետեւ իրենք չէին կարող իմանալ, որ ես ինքս եմ ահա ժամ առ ժամ ազատությունս կորցնում ու ազատության կարիքից մաշվում, ու նաեւ չէին կարող իմանալ, որ ես որեւէ պիտանի բան ի վիճակի եմ անել միայն էն դեպքերում, եթե որեւէ մեկն ինձանից չի պահանջում այդ անել, ու նաեւ չէին կարող իմանալ, որ ես էսօր՝ էս պահին իբրեւ գրող անհամեմատ սկսնակ եմ, քան՝ ութսունութին եւ նույնիսկ ութսունութից էլ առաջ, որովհետեւ ես երբեւէ էսքան խեղճացած չկայի ու երբեւէ ճերմակ թղթի առաջ էսքան խեղճացած չէի նստել, եւ անծանոթ ակնոցավորը, մանկավարժականի Գեւորգը, Շռամ Սամոն ու մյուսները չէին կարող էս ամենն իմանալ, որովհետեւ ինքս ահա նոր-նոր եմ սկսում իմ մասին էս ամենն իմանալ ու հասկանալ եւ ինքս ինձ էսպես ու էսքան ուսումնասիրելով՝ դեռեւս չեմ շտապում եզրակացություն անել եւ ձեզ էլ եմ խորհուրդ տալիս չշտապել, մանավանդ որ՝ ասելիքս շարունակություն ունի:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ



Աղբյուր՝ aravot.am (http://new.aravot.am/am/articles/culture/40581/view)

Ավելացվել է 2 րոպե անց

Եվ վերջում... Թեև ես իհարկե որևէ համեմատվելու եզր չունեմ ո՛չ Կարինե Խոդիկյանի, ո՛չ էլ Արմեն Շեկոյանի հետ, բայց այնուամենայնիվ ասեմ, որ «Կաղնուտ (http://www.akumb.am/showthread.php?t=23881)» պատմվածքի ստեղծման համար առիթ է հանդիսացել շարժումը:

Մելիք
11.05.2008, 04:03
Ուժեղ գործ էր:
Հատկապես հյուսնի անունը հենց Հովսեփ դնելը լրացուցիչ շերտ ա տալիս…
…խաչը պատրաստեց խաչվածի հայրը…

Արամ
11.05.2008, 09:50
- Պա՞, էդ ե՞րբ եկար,- տասնվեցամյա որդու զարմանքի մեջ մանկական ուրախություն կար:

- Տանկով էլ տուն մտնեմ՝ քո համակարգիչն ու բիթլերը կթողնե՞ն, որ գալս իմանաս:
16 ամյա՞ անունը Արամ՞ Մեկին հիշեցնում է :D:D

ես ինձ չեմ հավատում սաղ կարդացի.....

Ծով
11.05.2008, 18:11
փշաքաղվեցի...
« Հյուսնի անունը » ՀԶՈՐ ԷՐ...

Kuk
13.05.2008, 22:48
Հաջողված էր:hands

Artgeo
19.05.2008, 11:27
Ոտանավորներ էլ են գրվել, ոչի՞նչ որ այստեղ դնեմ :)

Սերժիկը բազմած <<գահին>>,
Կանչեց իր մանկլավիկին,
Թե թերթերը բեր տեսնեմ
Ինչպես են ինձ գովերգել
<<Ազգն>> ու <<Հայոց աշխարհը>>…
…Ու հանկարծ <<Հայկական ժամը>>…
Խեղճ Սերժիկը դողացրեց,
Թերթը ձեռքից շպրտեց.
-Աղվա՜ն, Աղվա՜ն շուտ հասիր,
Էս Նիկոլին գլխատիր…
Էս Աղվանն էլ իր հերթին,
Հույս էր տալիս Սերժիկին.
-Մի՛ վախեցիր, նկար է,
Տե՛ս, գլուխը շատ փոքր է,
Հո Ծառուկյան Գագոն չէ՞:
Դե, թաթիկդ մոտիկ բեր,
Մի վախեցիր <<Մե՛ծ ախպեր>>,
Ու քանի Աղվանը կա,
<<Գործ կթխի>>, հա՛րց չկա:
Սերժը մի-քիչ խաղաղվեց,
Ու Աղվանին բացատրեց.
-Նիկոլի զենքը, գլուխն է
Գնդակը սուր լեզուն է,
Ճիշտ է գլուխը փոքր է,
Անտակ խելքի մեծ ծով է,
Այդ գլխից եմ վախենում,
Անհույս նրան որոնում…
R.M.

Ընկել էր մութը, տխուր էր Սերժը,
Տխուր էին նրա բարեկամները,
Տխուր էր նաև Լֆիկ Սամվելը
Թոխմախի Մհերը, Նեմեց Ռուբենը:
Մի մութ անկյունում նստել էր Մուկը,
Մտքում սգում էր իր խոր անկումը,
Լռել էին անգամ Դհոլն ու Զուռնան,
Վտանգի տակ է <<գահը Սերժական>>:
Վեհափառն ահա ընկած ծնկաչոք,
Երկինք էր հանում մի աղոթք, մորմոք,
Գորիկի միտքն էր անգամ մթագնել,
Չգիտեր էլ ինչ <<զրույցներ>> վարել:
Հանկարծ գլուխը բարձրացրեց Քոչը,
Որոշեց անել հետևյալ կոչը.
_Անհնար է էլ վիճակը շըտըկել
Էս ժողովուրդը շատ փիս ա զարթնել,
<<Ռազմական տաղանդ>> ես` Քոչս անգամ,
Ավելի լավ է սուս-փուս հեռանամ,
Թե չէ էս անգամ հաստատ չեմ մարսի,
Եղած-չեղածս անհետ կկորչի…
Իսկ խեղճ Սերժիկը երբ սա էլ լսեց,
Ծնկները ծալվեց, աչքերը ուռեց.
-Վա՜յ իմ արևին ու վա՜յ իմ <<գահին>>
Էս ով սև բերեց իմ լույս օրերին,
Օրը ցերեկով արևս մարեց,
Դեռ նոր<< գահ >>տեսած գահընկեց արեց…
Ա՜խ Լևո՛ն, Լևո՛ն, դու ոնց ետ եկար,
<<Գահս>> խարխլիր այժմ և հավիտյան…
Մինչ նա ողբում էր, իր բախտն անիծում,
Մտազբաղ Քոչը ելք էր որոնում,
Եվ հանկարծ մտքի թելը կտրվեց,
Դռան արանքից Բազազը կանչեց.
-Վե՛ր կացեք, տեսե՛ք ինչ է կատարվում,
Հայերը <<Լևո՛ն, Լևո՛ն>> են գոռում,
Պահանջում են ,որ Սերժը հեռանա,
Եվ Հայաստանը ընդմիշտ մոռանա:
Բոլորը սարսափած հանկարծ վեր թռան,
Վեհափառ, Դհոլ ոտքի տակ ընկան,
Իրար տրորին դես ու դեն փախան,
Ու մանց մենակ սարսափած Սերժը,
Հասկացավ արդեն եկել է վերջը…
R.M.

Մելիք
19.05.2008, 15:30
Տիգրան Կարապետիչը կարողա՞ սրանից վատա գրում:)

Մելիք
31.05.2008, 02:22
Էժենա Պոտյե թույլտվությոամբ, ու Լենինի լուռ համաձայնությամբ նվիրում եմ պայքարավորներին: Գոնե "հիմա-հիմա"-ի տեղը էս երգեք, ազգաին ճաշակը չսարգեք փաշինյանական:

1.
Вставай, проклятьем заклеймённый,
Весь мир голодных и рабов,
Кипит наш разум возмущённый
И в смертный бой вести готов.
Весь мир насилия мы разрушим
До основания, а затем
Мы наш, мы новый мир построим,
Кто был ничем, тот станет всем.
Это есть наш последний
И решительный бой,
С Интернационалом
Воспрянет род людской!
2.
Никто не даст нам избавленья,
Ни бог, ни царь и ни герой,
Добьемся мы освобожденья
Своею собственной рукой.
Чтоб свергнуть гнет рукой умелой,
Отвоевать свое добро,
Вздувайте горн и куйте смело,
Пока железо горячо!
3.
Довольно кровь сосать, вампиры,
Тюрьмой, налогом, нищетой!
У вас — вся власть, все блага мира,
А наше право — звук пустой.
Мы жизнь построим по иному,
И вот наш лозунг боевой:
Вся власть народу трудовому,
А дармоедов всех — долой!
4.
Презренны вы в своем богатстве,
Угля и стали короли!
Вы ваши троны, тунеядцы,
На наших спинах возвели.
Заводы, фабрики, палаты -
Все нашим создано трудом.
Пора! Мы требуем возврата
Того, что взято грабежом.
5.
Довольно королям в угоду
Дурманить нас в чаду войны.
Война тиранам! Мир народу!
Бастуйте, армии сыны!
Когда ж тираны нас заставят
В бою геройски пасть за них, -
Убийцы, в вас тогда направим
Мы жерла пушек боевых!
6.
Лишь мы, работники всемирной
Великой армии труда
Владеть землей имеем право,
Но паразиты — никогда!
И если гром великий грянет
Над сворой псов и палачей,
Для нас все также солнце станет
Сиять огнем своих лучей.

Մելիք
21.06.2008, 02:14
ՆՐԱՆՔ

Նրանք ելել են պյքարի:
Նրանք ծարավ են ազատության:
Ու պիտի անպայման տապալեն արքաին.
Արքան խմել է արյունը նրանց:

Նրանք ելել են պայքարի:
Չե՛ն հանդուրժելու վիճակն այս սնանկ:
Ինքը` նախկին տերն է ասել,
Թե բորսաներում ինչ գին կտաին հենց հիմա իրանց:

Kuk
09.08.2008, 12:52
ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔ

… Բայց քաղաքական դաշտում էս գիշեր
Մենակ է Սերժիկն ու չունի ընկեր:
Բաղրամյան քսանվեց հասցեում նստած
Մտածում է նա… Ու մին էլ հանկարծ
Որտեղից որտեղ, գիշերվա միջում
Դրսից միտինգի կոչեր են հնչում…

«Կատաղած սպեցնա՞զ, թե՞ նաեւ տանկեր,
Շեշտակի անցավ Սերժիկի մտքով©©©
Որտեղի՞ց ճարեմ չորս հարյուր սնայպեր…
Որտեղո՞վ փախնեմ… Կգտնեն հետքով…»:
Սերժիկին թըվաց« թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց դռան ետեւում…
Կանգնեց ու լըռեց… Ականջ դըրավ նա…
Լըսեց, թե սիրտը ինչպես է հեւում…

- Էն ո՞վ նայեց լիսածակից,
Ո՞ւմ աթոռը տարան տակից…
Էն ո՞վ մտավ հանձնաժողով…
Ո՞ւմ խփեցին կանաչ ձողով…
Ո՞վ է թաքուն վըրես նայում…
Ո՞ւմ դատեցին Հաագայում…

Ահռելի ձոր է: Մի կտոր լուսին
Նայում է գաղտուկ, լույս տալիս տարտամ…
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սերժը Լաչինով Աղդամ:
Մարդիկ էլ, ընկած նըրա ետեւից,
Զարկում են, զարկում ու քաշում թեւից.
- Սերժի~կ, Սերժի~կ, մեզ մոտ արի,
Արի ընտրենք արտահերթ,
Տես` ինքնաբուխ երթ ենք անում…
Թե չէ կերթաս Կոշի բերդ…
Մեզ մոտ արի` պոկեր խաղանք
Լաս-Վեգասի պատի տակ,
Ես քո Միշիկ, քո Սաշիկն եմ,
Ես էլ` «Բազե» ու «Միակ»…

Kuk
23.09.2008, 16:52
Գազել սերժանտական

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում,
Լաս-Վեգասի կազինոյի ոսկեջրած զառն եմ սիրում,
Մարտի 1-ին օգտագործված չերյոմուխի ծուխը վառման:viannen_09:
Ու օրինաց Արթուրիկի հեզաճկուն պարն եմ սիրում:lilex:

Սիրում եմ մեր երկինքը լուրթ, Արմենչիկի գույնը լուսե:[
Խինդը Մկան, ու Տիկոյի աղիողորմ սուգը վսեմ:cry
Բաղդասարով Միխայիլի անմաքսատուրք մազութը սեւ:vayreni
Ու կոռուպցիոն գործարքներից իմ անձնական քյարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ-չեմ մոռանա ես վերացնել հետքերը մեր,
Չեմ մոռանա շվեյցարական խնայբանկի գրքերը մեր,
Ինչքան էլ խոր խրված լինեն ձեր արյան մեջ ձեռքերը մեր,
Էլի ես որբ` Հաագայի բանտախցի նառն եմ սիրում:love

Այս վիճակում ինձ սատարած ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Ալիեւի ու Գյուլի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխա՛րհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
ՀՖՖ-ի գերբից ջնջած` ես իմ Մասիս սարն եմ սիրում:secret

ՉԻ

Kuk
29.09.2008, 18:05
ՏԱՂԱՐԱՆ

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Հայաստան, անունդ տալիս
Աբդուլլա մի Գյուլ եմ հիշում,:roll
Երեսուն արծաթով ծախված
Սրբխեչի մի ուլ եմ հիշում,
Հաճախորդ Արթուր եմ հիշում,:lilex:
Պատռված, դատարկ մի դհոլ,
Ու Սերժի եղբոր անցյալից
Պազիկի մի ռուլ եմ հիշում::baby

Հիշում եմ քնքույշ վարչապետ,:vaii:
Ու կողքին` սիրուն մի բալիկ,:erexa
Մի դաշնակ Վահան եմ հիշում,
Ու ձեռքին ` պիստալետ խաղալիք,
Օրենքով գողերի համար
Ակորդեոն նվագող մի Ալիկ:russian
Ու հպարտ ՀՀԿ անվամբ
Բզկտված մի չուլ եմ հիշում::vayreni

Հիշում եմ արյուն, մարտի մեկ,
Սպանության գործեր` չբացված,
Հիշում եմ կիսատ մի պրոցես`
27-ի գործից անջատված
Աչքերիս առաջ է գալիս
Սերժիկի գալիքը հյուծված,
Ու ծառից թմփոցով ցած ընկած
Ճլորած դամբուլ եմ հիշում…

Չի

Chuk
29.09.2008, 18:12
Կուկ, ուրիշ թեմա գտիր սրանց համար: Սրանք գուցե կծու են, հումորով են, կամ եսիմ ինչ են, բայց գրականություն չեն: