PDA

Դիտել ողջ տարբերակը : Գորշ վերարկուով կինը



Ուլուանա
18.05.2006, 11:47
Սա մի պատմվածք է՝ իմ 9-րդ դասարանի մի շարադրության վրա հիմնված, ուղղակի հետագայում մշակել ու ընդլայնել եմ։;)


ԳՈՐՇ ՎԵՐԱՐԿՈՒՈՎ ԿԻՆԸ
(պատմվածք)

- Շու՛տ արա, - ասաց մայրս, - երևի արդեն ահագին հերթ կլինի:
- Արդեն դուրս եմ գալիս, - ասացի ես` նայելով ձեռքիս փողին:
- Ի՞նչ է, չի՞ հերիքում, - հարցրեց նա:
- Եթե շուկայից առնելու լինեմ, չի հերիքի:
- Ուրեմն քանի հատի որ հերիքի, այնքան էլ կառնես:
- Լավ,- ասացի ես ու դուրս եկա:

Հացի փռի դիմաց սովորականի պես հերթ էր: Հերթը դանդաղ, բայց կանոնավոր առաջ էր գնում: Ամեն մեկը համբերությամբ սպասում էր իր հերթին: Հանկարծ երևաց դեպի դուռը շարժվող մի կին: Գլուխը գլխաշորով կապած էր, հագին մի գորշ վերարկու կար: Նրա երևալուն պես հերթի միջով դժգոհության շշուկ անցավ: Ոմանք բարձրաձայն արտահայտեցին իրենց զայրույթը.
- Էլի՜ էս կինը, - զզվանքով ասաց մի կին:
- Հիմա առանց հերթի կվերցնի, - բորբոքվեց մեկ ուրիշը:
- Վաճառելու է տանում, - լսվեց հերթի վերջերից, - էսօր արդեն երրորդ անգամն է գալիս:
Կինը, սովոր արտահայտություններ լսելով, դրանք չլսելու տվեց և հսկայական հնամաշ պայուսակը մեկնելով վաճառողուհուն` քսան հատ հաց ուզեց: Նորից դժգոհություն լսվեց.
- Չե՞ք ամաչում, մեծ կին եք: Վերջապես, մենք էլ ենք, չէ՞, մարդ: Ինչու՞ հերթ չեք կանգնում:
Արդեն պարզ էր, որ հերթի վերջում կանգնածներին հաց չի հասնելու: Վերջիններս նախատում էին վաճառողուհուն, որ, արհամարհելով իրենց, որ արդեն մի ժամից ավելի է` կանգնած են, առանց հերթի սպասարկում է այս գորշ վերարկուով կնոջը: Բայց, ըստ երևույթին, այս խոսքերը վաճառողուհուն էլ էին ծանոթ և նրա վրա նույնքան ազդեցություն գործեցին, որքան գորշ վերարկուով կնոջ:

Կասկած չկար, որ վաճառողուհին էլ այստեղ ի՛ր շահն ուներ: Դժվար թե նա հենց այնպես կուլ տար այդքան մարդկանց կշտամբանքները: Չէ՞ որ այս կյանքում ամեն ինչ իր գինն ունի: Որոշ բաների համար մարդիկ պատրաստ են լուռ տանելու ցանկացած վիրավորանք, առավել ևս, երբ այն արդարացի է:
Գորշ վերարկուով կինը, վերցնելով հացով լիքը պայուսակը, հեռացավ` փնթփնթալով.
- Դուք աշխատում եք, ապրում եք, ես էլ էսպես եմ փող աշխատում...
Ոլորապտույտ հերթի վերջում կանգնածները զայրացած դուրս եկան հերթից, քանի որ պարզ գիտակցում էին, որ գոնե իրենց հաստատ հաց չի հասնելու: Նրանք տարբեր ուղղություններով գնացին: Ոմանք գնացին շուկայի ուղղությամբ, մյուսները` ուրիշ փռերում ու խանութներում բախտ որոնելու:
Ճիշտ է, մյուս խանութներում հացն այնքան լավը չէ, որքան այստեղ, բայց ի՞նչ կարող ես անել: Շուկա գնացողները հավանաբար ամենահոգնածներն էին (շուկայում երբեք հերթ չի լինում), իսկ միգուցե` քիչ թե շատ ապահովվածները, ո՞վ գիտե:

Նրանց գնալուց հետո հերթի վերջում կանգնածների դեմքին հուսահատության արտահայտություն հայտնվեց. հերթում վերջինը դառնալու հանգամանքը նրանց ճնշում էր, մի տեսակ անհարմարավետության ու անապահովության անբացատրելի զգացողություն էր առաջացնում: Վերջիններին, որպես կանոն, հաց չի հասնում: Ճիշտ է, այն մարդկանց հեռանալն իրականում ամենևին էլ չէր փոխում իրենց վիճակը, բայց մարդիկ միշտ իրենց ավելի լավ են զգում այն գիտակցումից, որ իրենցից ավելի վատ վիճակում գտնվողներ էլ կան: Բացի դրանից, ոչ ոք չի սիրում վերջինը լինել, թեկուզ հացի հերթում:
Աղմուկը ոչ մի կերպ չէր հանդարտվում:
- Հանգստացե՛ք, - ճղճղան ձայնով գոռաց վաճառողուհին, - թե չէ հիմա պատուհանը կփակեմ ու էլ հաց չեմ տա: Չեն թողնում մարդ հանգիստ աշխատի, վա՜յ:
Միգուցե ուրիշ շատ հարցերում այս կինն իրենից մեծ բան չէր ներկայացնում, բայց այստեղ նա իրադրության տերն էր: Իսկ մարդիկ շատ էին ուզում հաց ուտել, հատկապես այստեղի հացը, և աղմուկը հետզհետե հանդարտվեց:

Հեռվում կանգնածներից շատերն առաջարկեցին, որ վաճառողուհին ոչ մեկին երկու հացից ավել չտա, որպեսզի մյուսներին էլ հասնի: Վաճառողուհու համար դժվար չէր այս պահանջը բավարարելը. Վերջին հաշվով նրա համար միևնույն էր, թե ում քանի հատ հաց կհասնի կամ թե ում ընդհանրապես չի հասնի:
Նրա համար այս մարդիկ բոլորն էլ նույնն էին` անշնորհակալ մարդկանց մի ամբոխ, որն իրեն անչափ հոգնեցնում էր: Իսկ ա´յ, առջևում կանգնածներին առաջարկն այնքան էլ դուր չեկավ. նրանց չէր սպառնում առանց հացի մնալու վտանգը, նրանց խնդիրն ուրիշ էր` իրենց պետք եղած քանակով հաց վերցնել:
- Օ՜ֆ, էս ի՜նչ կյանք է, - հառաչեց ինձնից հետո կանգնած կինը` շրջվելով դեպի իրենից հետո կանգնած կինը` հավանաբար նրանից ի պատասխան նմանօրինակ արտահայտություն ակնկալելով, և չհիասթափվեց.
- Էս կյանք չի, չէ՜,- անմիջապես հետևեց մյուս կնոջ պատասխանը, և չնայած նա այդ ավելի շուտ ինքն իրեն ասաց, չնայած չէր էլ նայում իրենից առաջ կանգնած կնոջը, վերջինս իրեն մի տեսակ բավարարված զգաց:
- Ա՛յ մարդ, ո՜նց քանդեցին էս երկիրը, - նրանց միացավ մի ծերունի, - ապրում էինք, էլի, ի՞նչ վատ էր...

Հետո շատերը ներգրավվեցին առօրյա դարձած այս անիմաստ, բայց ողբերգականորեն գրավիչ զրույցի մեջ: Զրույցին մասնակցում էին հիմնականում տարեցները: Դժգոհում էին ներկա վիճակից, եռանդագին հայհոյում «էս երկիրը», քանդողներին, գործող իշխանությանը, կարոտախտով հիշում Սովետի անցած-գնացած անհոգ տարիները, իրենց այն ժամանակվա աշխատավարձերը, վերջիններիս համեմատ ընդհանրապես ապրանքների և հատկապես հացի երանելիորեն ցածր գները:
Նրանք այնքան էին տարվել խոսակցությամբ, որ նույնիսկ չնկատեցին, որ փռում արդեն դադարեցրել են հաց տալը: Միայն ցրվող ամբոխը տեսնելով` հասկացան, որ հեռանալու ժամանակն է: Բայց նրանք կարծես չզարմացան ու նույնիսկ չտխրեցին: Այդպես էլ պետք է լիներ: Իրենք դա գիտեին դեռ այն պահից, երբ այն գորշ վերարկուով կինը քսան հատ հաց տարավ: Ասենք, իրենց առանց այդ էլ չէր հասնելու, նրանք դա էլ գիտեին: Գուցե շատերին պարզապես ձեռնտու էր մտածելը, որ հենց այդ կնոջ պատճառով իրենց հաց չի հասել: Բայց, իրականում, դա վճռական դեր ունեցավ միայն առջևում կանգնածների համար, որոնց բոլորովին վերջերս թվում էր, թե իրենք զգալի առավելություն ունեն հետևում կանգնածների նկատմամբ: Բայց ահա այսպիսի մի փոքրիկ դիպված, մի ինչ-որ գորշ վերարկուով կին կարող է հավասարություն հաստատել բոլոր կանգնածների միջև: Իրականում նրանցից շատերը գալիս էին այստեղ ավելի շուտ կարծիքներ փոխանակելու, սրտները դատարկելու համար, գուցե այդ պատճառով էր, որ ոմանք, թեկուզև առանց հացի, մի տեսակ թեթևացած տուն գնացին:

Ինձ, ինչպես ինձնից հետո, այնպես էլ ինձնից առաջ կանգնած շատ-շատերի պես հաց չհասավ, և ես ստիպված քայլերս ուղղեցի դեպի շուկա` ավել գնով հաց առնելու:
Ասում են` հացը շուտով կտրոնով է դառնալու: Մարդիկ, չգիտես ինչու, հույսեր են փայփայում, որ այդ ժամանակ գոնե այսպիսի հերթերը կվերանան: Հնարավոր է: Թեև վերջին տարիների նորամուծությունները, որպես կանոն, ժողովրդի շահերից չեն բխում:
Ահա և շուկան: Այստեղ վաճառողներից ամեն մեկն իր հացն էր առաջարկում գնորդին: Նրանց մեջ էր նաև գորշ վերարկուով կինը ...
Մի քիչ հեռու կանգնած` նայում էի վաճառողներին: Նրանք այնքան նման էին իրար: Նրանց դեմքերը ես չէի տեսնում: Ինձ նույնիսկ թվում էր` նրանք դեմք չունեն էլ: Ինձ համար նրանցից յուրաքանչյուրը մի գորշ վերարկուով կին էր, որը ինչ-որ մարդկանց հաշվին հաց էր գնել, և հիմա փորձում էր իրացնել ավարը:

Մի պահ մեջս ցանկություն առաջացավ ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել ու թողնել-գնալ: Թող այսօր էլ առանց հաց մնանք: Հետո պատկերացրի մորս խոսքերն այն բանից հետո, երբ կպատմեմ նրան, թե ինչու հաց չեմ գնել: «Ի՞նչ տարբերություն,- կասի նա,- դու չառնես, մեկ ուրիշն է առնելու: Մի՞թե դրանից որևէ բան կփոխվի»: Իհարկե, ոչ: Մի ժամ էլ չանցած` նա արդեն բոլոր հացերը վաճառած կլինի, և նորից կգնա փուռ` նոր հացեր բերելու: Հերթում կանգնածները նրան, ինչպես միշտ, կհանդիմանեն, իսկ նա, ինչպես միշտ, ուշադրություն չի դարձնի նրանց ասածներին: Հետո այդ նույն հանդիմանողներից գոնե որևէ մեկը կգա շուկա` հենց նրանից հաց գնելու, այն հացը, որ ամենայն հավանականությամբ իրեն կհասներ, եթե չլիներ այս կինը: Նրանք երկուսն էլ կձևացնեն, թե չեն հիշում իրար (ախր մենք շա՜տ հպարտ ենք, չէ՞): Ասենք, գորշ վերարկուով կինը երևի իսկապես էլ չի հիշի: Չէ՞ որ նա շատ կարճ ժամանակով է լինում փռի մոտ: Եղած ժամանակ էլ ոչ մեկի դեմքին չի նայում: Իսկ միգուցե հենց հատուկ չի նայում, որ չհիշի: Միգուցե նրա համար այդպես ավելի հեշտ է իր գործն անելը...

Ես չէի կարող ոչ մեղադրել նրան, ոչ էլ արդարացնել, բայց նրանից հաց գնել էլ հաստատ չէի կարող: Ի՞նչ անենք, որ մեր փռի հացը շատ ավելի լավն է:
Մոտեցա նրա կողքին կանգնած կնոջը և հենց նրանից էլ առա հացը: Նրան, համենայնդեպս, չէի տեսել ուրիշի հաշվին հաց առնելիս, թեև գրեթե համոզված էի, որ նա էլ է նույնն անում...

1995-2003թ.

Sosoyan
18.05.2006, 15:50
Սա մի պատմվածք է՝ իմ 9-րդ դասարանի մի շարադրության վրա հիմնված, ուղղակի հետագայում մշակել ու ընդլայնել եմ։;)


:good Քեզ հետ այդպիսի դեպք պատահել է, թե...?

StrangeLittleGirl
18.05.2006, 17:12
Ես էս կարդացել եմ մի ուրիշ ֆորումում: Շատ եմ սիրում:
Բայց նաև տխուր է :cry

Artgeo
18.05.2006, 18:05
Շուտ եմ կարդացել։ Որոշակի հակասություններ ունեցա

Chuk
19.05.2006, 00:31
Ես էլ էի արդեն կարդացել :(
Ափսոս, կուզեի կարդացած չլինեի, որ նոր կարդաի :P

Վազգեն
19.05.2006, 09:28
Լավն էր :) Բայց տխուր էր։ Հիշեցի ժամերով հացի հերթ կանգնելու մանկությանս դառը օրերը ու նկարագրածդ աչք ծակող անարդարությունները։ :(
Դե լավ, գնամ մյուս բաժնի «Այդպես չի լինումը » կարդամ, տրամադրությունս բարձրանա։;)

Ուլուանա
19.05.2006, 09:48
Շուտ եմ կարդացել։ Որոշակի հակասություններ ունեցա
Ճիշտն ասած՝ այնքան էլ լավ չհասկացա, թե ինչ նկատի ունես։ :esim Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։:unsure

Ուլուանա
19.05.2006, 09:52
:good Քեզ հետ այդպիսի դեպք պատահել է, թե...?
Այո, պատմվածքը հիմնված է ինձ հետ պատահած իրական դեպքի վրա, միայն թե որոշ մանրուքներ են ավելացվել։ Իսկ ընդհանրապես դա, ցավոք, այն ժամանակների համար շատ սովորական ու տիպիկ դեպք էր, որ պատահում էր ամեն օր։;)

Artgeo
19.05.2006, 12:22
Ճիշտն ասած՝ այնքան էլ լավ չհասկացա, թե ինչ նկատի ունես։ :esim Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։:unsure
Ես զզվանք զգացի կարդալուց, զզվանք այդ կնոջ նկատմամբ, եթե դա այդպես է, ապա ես դրա հետ մի փոքր համաձայն չեմ։

Ուլուանա
19.05.2006, 16:56
Ես զզվանք զգացի կարդալուց, զզվանք այդ կնոջ նկատմամբ, եթե դա այդպես է, ապա ես դրա հետ մի փոքր համաձայն չեմ։
Ի՞նչն է այդպես, Արտ, և ինչի՞ հետ համաձայն չես։ :blin

Artgeo
19.05.2006, 17:04
Ի՞նչն է այդպես, Արտ, և ինչի՞ հետ համաձայն չես։ :blin
ՎԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՅ

էդ կնոջ նկատմամբ զզվանք կա (ր) թե՞ չէ

Ուլուանա
19.05.2006, 17:25
Եթե նկատի ունես առանց հերթի հաց առնող կնոջը, ապա իմ կողմից նրա նկատմամբ զզվանք չկա(ր), ինձ թվում է՝ իմ գրած մի նախադասությունից երևում էր, որ ես նրան մեղադրել չէի կարողանում, միաժամանակ նրանից հաց առնել էլ չէի կարող... Իսկ զզվանքը հերթում կանգնած որոշ մարդկանց կողմից էր երևում։;) Ամբողջ հարցն էլ հենց դա է. դա այնպիսի իրավիճակ է, երբ դժվար է մարդուն մեղադրելը, բայց միևնույն ժամանակ դժվար է նաև այդ իրավիճակի հետ հաշտվելը, որովհետև անարդարությունը ակնհայտ է։ Այլ հարց է, որ դա էլ իր պատճառներն ունի։ :think

Firegirl777
20.05.2006, 08:28
Լավ պատմվածք է, սակայն ես արդեն մոռացել քի այն օրերի մասին, ու ճիշտն ասած չեմ էլ ուզում հիշել, չէ որ դա արդեն անցյալ է ու պետք է միշտ մտածել ներկայի ու պայծառ ապագայի մասին: Իսկ այդ կնոջ նկատմամբ ոչ մի զզվանք չկա, այն ժամանակ ամեն մեկը իր ձևով էր փող աշխատում ինչ արած, իմ մորաքույրն էլ է այդպես փող աշխատել

Riddle
11.09.2006, 11:10
Ես էլ հիշեցի այն տարիները::( Մեկ-մեկ մտածում եմ, որ հիմա չեմ կարող ապրել այն, ինչ երեխա ժամանակ եմ կարողացել ապրել:

Esmeralda
28.09.2006, 16:00
Վերջում ինչ-որ բանի էի սպասում....

John
07.06.2007, 11:44
Շա՜տ հավանեցի :love իսկապես հիանալի պատմվածք էր… Հիշեցի մեկին՝ ով նման էր «գորշ վերարկուով կնոջ» կերպարին… կարդալու ընթացքում տխրեցի… չգիտեմ ով ոնց, բայց ես շատ լավ եմ հասկանում պատմվածքի հերոսներին… ԲՈԼՈՐԻՆ… սկսած կոմունիստ պապիկից մինչև գորշ վերարկուով կնոջը… նրանք բալորն էլ ճիշտ են… սխալն ուրիշ տեղ է պետք փնտրել… որ չասեմ էլ գիտեք… պետք է ուրախ լինենք, որ այդ ժամանակներն անցել են և մեր երկրում գոնե հաց բոլորն էլ ունեն… կապ չունի, թե ՞ինչ դժվարությամբ են այն վաստակում, կարևորն այն է՝ որ վաստակում են… շատ գրեցի… պատմվածքի ազդեցության տակ եմ…

Angelina
07.06.2007, 11:48
Մի քիչ տխրեցի::(

impression
08.06.2007, 09:24
Այն տարինիերի իրականության դաժան, բայց ճշմարիտ արտացոլանքն էր.... Ամեն մեկս էլ, կարծում եմ, վազել ենք հերթի, որ գոնե մի անգամ մեր մորը կամ հորը ազատենք ավելորդ հոգսից, հերթում նյարդայնանալուց, հիասթափություններից…
Հմմմմ.... Մեր մանկությունն անցավ այնպիսի պայմաններում, որ ստիպված եղանք… շա՜տ շուտ մեծանալ, տեսնել կյանքի կեղտոտ կողմերը, շփվել մարդկության ստորագույն մասսայի հետ, տրորվել հենց այդ մասսայի կողմից.....

Ապրես, Անահիտ ջան, շուտ ես տեղադրել, բայց ես նոր կարդացի, լավն էր....

ivy
18.06.2008, 04:38
Ես էլ քիչ առաջ կարդացի: Հետաքրքիր է, որ մեզնից շատերը ունեն նման հիշողություններ, որոնք պահել են մտքի խորը-խորը անկյուններում, որպեսզի հնարավորինս հազվադեպ մտաբերեն: Ես ինքս էլ հիշեցի այդ օրերի մասին, միայն երբ կարդացի այս պատմվածքը. թվում էր, թե մոռացել էի այդ ժամանակները, բայց հիմա հասկանում եմ` ուղղակի շատ խորը թաքցրել էի:
Ան, շատ լավ ես գրել, ես չէի համարձակվի այդ հիշողությունները թղթին հանձնել... Ռեալիստական գործեր միշտ էլ հավանել եմ, իսկ սա առավել ևս հավանեցի, որովհետև հեղինակի կողմից իսկապես ապրած իրավիճակ է: Լավ էր նկարագրված... Ապրես: Էլի գրի էս ոճի պատմվածքներ: :) Հետն էլ համոզված եմ, որ մռայլի կողքին սիրուն ու լուսավոր հիշողություններ էլ ունես, որոնք կարող ես վարպետորեն ներկայացնել պատմվածքի տեսքով: Մենք էլ հաճույքով կկարդանք: :)

Hripsimee
30.06.2008, 22:45
Շնորհակալություն այս պատմվածքի համար : Գլխավոր հերոսուհու համար ,որին շատ նմանեցրի ինքս ինձ , նկարագրված բարքերի ու աշխարհի մասին , որը ընդհանուր հարցերում կարծում եմ երբեք էլ չէ փոխվի , լինի դա սովի մութ ու ցուրտ տարիները , թե հենց թեկուզ մեր օրերը : Ոչ ոք մեղավոր չէ , որ կան գորշ վերարկուով կանայք , ովքեր իրենց օգուտն են փնտրում անկախ որևէ այլ բանի ,ու նեղն ընկած դժգոհող մարդիկ նույնպես կլինեն : Աշխարհն է այդպիսին : Կարդալուց հետո մի քիչ նման զգացողությունը ունեցա , ինչ Հրանտ Մաթևոսյանի «Սպիտակ ձիուց» հետո . ոչ գայլն է մեղավոր , ոչ էլ ձին :
Ես չէի կարող ոչ մեղադրել նրան, ոչ էլ արդարացնել, բայց նրանից հաց գնել էլ հաստատ չէի կարող:
Այս տողը հավանեցի , որովհետև ես ինքս նույնպես ոչ կմեղադրեի , ոչ էլ կարդարացնեի նրան , ես նրան կհամարեի բոլոր ` և´ ներկա , և´ ապագա ժամանակներում անխուսափելիորեն ներկա տարր ու ուղղակի կհաշտվեի նրա գոյության հետ , սակայն միաժամանակ , իհարկե , կխուսափեի նրանից : Իսկապես հաճելի ընթերցանություն էր : Շնորհակալություն

sero83
27.08.2008, 12:56
Այնքան տխուր հիշողություններ առաջացան: Զարմանալի է, որ անցել ենք այդ ամենի միջով: Մեկ մեկ մտածում եմ` հիմա լիներ, չէինք հարմարվի այդպիսի կենսաձևի հետ: Ինչու միայն հացը? Իմ մեջ շատ լավ է տպավորվել նաև մածունի ու թթվասերի հերթերը, լույսերի պարբերաբար անջատումները ու գողացված լույսի գծերը: Մեկ էլ քողարկված պատուհանները, որ հանկարծ չտեսնեն, որ գողացված լույս է վառվում:
Բա <<բազմաբովանդակ>> հեռուստաալիքները...

Dayana
27.08.2008, 14:16
ո՞նց չէի նկատել այս թեման :esim Ուլուանա ջան իսկապես էս ամեն ինչը շատ իրական է ու դրան եթե միայն ավելացնենք Բաքուից Հայաստան եկած մեր այն բազմաթիվ հայրենակիցներին, որոնք նույնսիկ հացի հերթի էին թողնում :( ու շատերը ստիպված էին լինում նրանց հետ կիսել իրենց հացը։ Շատ փոքր էի երևի ՝ 5 տարեկան, բայց շատ լավ եմ հիշում տիկին Անյաի ու նրա հիվանդ աղջկա ՝ Ստելայի աղերսալի խոսքերը, թեյի համար տաք ջուր՝ կիպիտկօկ խնդրելը, շաքար ու նավէ խնդրելը :( էդ զարհուրելի տարիներից հիշողությանս մեջ մնացած միակ բանը դա տիկին Անյայի կաղամբի թթուն էր ու մեր ՝ նրանց նվիրած կերոսինը :(