PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհայտ դեպքեր հանրահայտ հեքիաթաստղերի կյանքից (հեքիաթներ)



Ուլուանա
07.05.2008, 18:27
Քանի որ հեքիաթս շատ երկար է, ու նախատեսում եմ մաս–մաս տեղադրել, որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի առանձին թեմա բացել, որպեսզի եթե ընթացքում «Հեքիաթներ մեծահասակների համար» թեմայում ուրիշ հեքիաթներ դրվեն, չխառնվի դրանց հետ։ Եթե մինչև վերջին մասի տեղադրումը այն թեմայում ոչ ոք ստեղծագործություն տեղադրած չլինի, կտեղափոխեմ այնտեղ։ ;)


ԱՆՀԱՅՏ ԴԵՊՔԵՐ ՀԱՅՏՆԻ ՀԵՔԻԱԹԱՍՏՂԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
(հեքիաթ)

* * *
Բոլորիս էլ, անշուշտ, քաջ ծանոթ են Կարմիր Գլխարկը, Մոխրոտիկը, Անխելք մարդը, Գնդլիկ բոքոնիկը և այլ հեքիաթաստղեր։ Մենք գիտենք նրանց կյանքից որոշ դրվագներ, կարելի է ասել ամենակարևորներն ու ճակատագրականները, բայց, ինչպես բոլոր անձանց, այնպես էլ վերոնշյալ աստղերի կյանքում, բացի մեզ հայտնի իրադարձություններից, եղել են նաև մեզ բոլորովին անհայտ, որոշ դեպքերում՝ նունիսկ անհավատալի, բայց բնավ ոչ պակաս էական մի շարք դեպքեր ու անցքեր, որոնք էլ հաճախ նշանակալից դեր են ունեցել մեզ արդեն հայտնի դեպքերի զարգացման հարցում... Ինչևէ, սկսենք մեր պատմությունը...



Մոխրոտը հինգ տարեկան էր, երբ մայրը մահացավ։ Հայրը պաշտում էր կնոջը, և նրա մահից հետո ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ... Մինուճար դուստրն էլ թարսի պես ապշեցուցիչ կերպով նման էր մորը. նրա պես շեկ, ալիքաձև վարսեր ուներ, կապույտ, խորունկ աչքեր ու ձյունասպիտակ մաշկ։ Եվ դստերը նայելիս հայրն ակամա կնոջն էր տեսնում նրա մեջ ու ամեն անգամ, գիտակցելով, որ նա այլևս չկա, սաստիկ տառապում էր։ Եվ քանի որ կինը մահացել էր դժբախտ պատահարից, դստերը երբեք դուրս չէր թողնում՝ փորձելով նրան հեռու պահել դաժան ու վտանգներով լի աշխարհից...

Տարիներն անցնում էին, իսկ Մոխրոտն իրենց տանից դուրս ոտք դրած չկար, երկար ժամանակ իսկի պատկերացում էլ չուներ, որ իրենց տան ցանկապատից այն կողմ էլ աշխարհ կա։ Նրա համար աշխարհը սահմանափակվում էր իր հորով, շարունակ իրար հաջորդող աղախիններով, որոնցից և ոչ մեկը մի ամսից ավել չէր մնում, քանի որ խղճալով ուրախ մանկությունից զրկված ու տանը փակված աղջնակին՝ հակառակ նրա հոր սահմանած խստագույն արգելքներին՝ նրանք ամեն կերպ փորձում էին Մոխրոտին հաղորդակից դարձնել արտաքին աշխարհին։ Իսկ հայրը, տեղեկանալով դրա մասին՝ տեղնուտեղը վռնդում էր իր դստերը վտանգի ենթարկած հանդուգն սպասուհուն։

Օրերից մի օր էլ Հայաստանի կորած–մոլորած գյուղերից մեկից Վաղո անունով մի երիտասարդ եկավ նրանց կողմերը՝ խոպան։ Հայաստանում ինչքան էլ աշխատում էր, քափ ու քրտինք էր թափում, ստացածը հազիվ ցամաք հացին էր բավարարում, և նա արդեն քանի տարի էր՝ մտածում էր Գերմանիա մեկնելու մասին։ Ինչո՞ւ հենց Գերմանիա։ Որովհետև լեգենդներ էր լսել գերմանական ճշտապահության ու պարտաճանաչության մասին, ու համոզված էր, որ իր նման աշխատավոր մարդն այնտեղ հաստատ սոված չի մնա։ Սակայն անկողնային հիվանդ մայր ուներ, որին ոչ կարող էր հետը Գերմանիա տանել, ոչ էլ մենակ թողնել–գնալ։ Եվ խեղճ կինն այդպես էլ կարգին բուժում չստանալով՝ մահացել էր լիակատար թշվառության մեջ։
Վերջինս՝ որպես հայրենասեր ու ավանդապաշտ հայուհի, հոգին Աստծուն ավանդելուց առաջ հասցրել էր որդուց խոստում պոկել, որ ուր էլ գնա, ինչ երկրում էլ բախտ որոնելիս լինի, օտարազգի աղջիկ հարս չի առնի։ «Իմացի՛, Վաղո՛, հորդ գերեզմանը վկա, դագաղիս մեջ շուռ կգամ, թե նման բան էն աշխարհում ականջիս հասնի...»։ Այս խոսքերն ասելով էլ հավերժ փակել էր հիվանդությունից նվաղած աչքերը...

Վաղոն թակեց առաջին պատահած տան դուռը, որպեսզի իր ծառայություններն առաջարկի տանտիրոջը։ Իսկ առաջին պատահած դուռը ոչ էս կողմ, ոչ էն կողմ՝ հենց Մոխրոտենցն էր։ Ընդհանրապես հարևաններն ու ծանոթները, իմանալով Մոխրոտի հոր բզիկների մասին, գրեթե երբեք չէին այցելում նրանց, այնպես որ նրանց դուռը ծեծողը կամ սպասուհին պիտի լիներ, կամ մոտերքով անցնող ինչ–որ վաճառական, կամ էլ որևէ անտեղյակ օտարական։ Վաղոն, բնականաբար, հենց վերջիններից էր...

Մոխրոտի հոր անբարյացակամ ու կասկածամիտ հայացքին բախվելով՝ սկզբում Վաղոյի լեզուն կապ ընկավ, կարծես մոռացավ ասելիքը, բայց Մոխրոտի հայրը նրա դեմքի ազնիվ արտահայտությունից անմիջապես հասկացավ, որ այս մարդուց վտանգ սպասել չարժե, և համապատասխանաբար փոխելով դեմքի արտահայտությունը՝ արդեն բավական բարեհամբույր տոնով հարցրեց, թե ինչ է ուզում օտարականը։ Վաղոն էլ իրեն հավաքեց ու իրար հետևից թվարկեց այն բոլոր աշխատանքները, որոնց ինքը տիրապետում էր, նույնիսկ գրպանից հանեց ծալած–պահած ռեզյումեն ու ներկայացրեց Մոխրոտի հորը։ Աշխատանքային փորձը բավական պատկառելի էր. վեց տարվա քաղհանության փորձ, տասը տարվա չոբանության փորձ, ընդ որում՝ երկպրոֆիլ՝ կովարածության ու գառնարածության, հինգ տարվա փայտահատության փորձ և, վերջապես, խոտադիզության ութ տարվա փորձ։ Մոխրոտի հայրը խորապես տպավորված ու միաժամանակ զարմացած էր երիտասարդի բազմատաղանդությունից։ Դեռ չէր հանդիպել այսքան բազմակողմանի զարգացած աշխատավորի. իրենց մոտ մարդիկ սովորաբար մի ուղղությամբ էին մասնագիտանում, ու թեև, ասենք, գառնարածն իսկապես արհեստավարժ գառնարած էր լինում, բայց, օրինակ, կովարածությունից բացարձակապես գլուխ չէր հանի, և դա միանգամայն բնական ու հասկանալի էր նեղ մասնագիտացման հակված նրանց հասարակությունում։ Հետևաբար պարզ էր, որ անհայտ երկրից ու է՛լ ավելի անհայտ գյուղից ժամանած այս բազմաշնորհ երիտասարդը պետք է որ իսկապես անգնահատելի գտածո լիներ պարոնի համար։

Այսպես Վաղոն հենց նույն օրն էլ աշխատանքի անցավ Մոխրոտենց մոտ։ Աշխատավարձը գոհացուցիչ էր. մի քանի տարի աշխատելուց հետո կարող էր հանգիստ խղճով հայրենիք վերադառնալ, կուտակած փողով սեփական գործ սկսել, տուն–տեղ դնել, ամուսնանալ ու երջանիկ ապրել։ Ահա սա էր Վաղոյի վաղեմի երազանքը, որի իրականացման հիմքը կարծես թե արդեն դրվել էր։

Վաղոն ամեն օր քրտնաջան աշխատում էր գոմում, ցախանոցում, այգում՝ գործի դնելով իր բազում տաղանդները, և միայն ուշ երեկոյան, երբ բոլորն արդեն քնած էին լինում, մտնում էր տուն, հոգնած–ջարդված մի կերպ նետվում իրեն հատկացված սենյակը ու քնում մինչև արևածագ։ Ծեգին տնից դուրս էր գալիս՝ իր հետ տանելով հացն ու ջուրը, որպեսզի դրանք բերելու վրա իզուր ժամանակ չծախսի։ Երևի կարիք չկա ասելու, որ նրա՝ տանից դուրս գալու ժամանակ դեռ բոլորը քնած էին լինում։

Հերթական սպասուհին արդեն երեք ամիս էր, ինչ աշխատում էր. այս մեկն աննախադեպ երկար էր դիմացել իր «պատշոնում» այն պարզ պատճառով, որ ոչ մի անգամ չէր փորձել Մոխրոտին որևէ արգելված բանի մեջ ներքաշել և սուսուփուս միայն իր գործն էր արել։ Իսկ Մոխրոտն արդեն տասնհինգ տարեկան էր...

Մի անգամ էլ Վաղոն չգիտես ոնց էր հաշվարկել, որ օրվա կեսին ջուրը վերջացել էր... Ինքն էլ առանց երկար–բարակ մտածելու մտավ տուն, որ խոհանոցից ջուր վերցնի։ Սպասուհին գլուխը կախ իր գործն էր անում, Մոխրոտն էլ, նրանից ոչ հեռու նստած, ասեղնագործում էր։ Մեկ էլ Վաղոն առանց դուռը ծեծելու հայավարի ներս ընկավ՝ քրտնած, շնչակտուր... Մոխրոտն, օտար տղամարդ տեսնելով, վախից վեր թռավ, աչքերը լայն բացեց ու ասեղը ձեռքից գցեց... Մինչ այդ կյանքում ընդամենը մի տղամարդ էր տեսել՝ իր հորը, որը բարձրահասակ էր, նիհար, սպիտակ, թեթևակի կարմրավուն երանգի մաշկով, կարճ կտրած շեկ մազերով, որոնցից մի տեսակ խստության հոտ էր գալիս, խորը նստած մանր կապույտ աչքերով, որոնք ճշգրտությամբ կարծես սկան էին անում իրենց առջև հայտնված բացարձակապես ամեն ինչ։ Բարակ ու սեղմված շուրթերն իրենց հերթին կարծես զգուշացնում ու հիշեցնում էին, որ նրա հետ գործ բռնելիս սխալվել չի կարելի։

Վաղոն նրա հակապատկերն էր. թխամաշկ էր, գրեթե ցածրահասակ, գեր չէր, բայց նիհար լինելուց էլ կարգին հեռու է։ Խոշոր, թախծոտ սև աչքերը, թեև այդ պահին հոգնածություն էին արտահայտում, բայց միաժամանակ հուշում էին, որ պետք եղած դեպքում իրենք կարող են վառվել բուռն կրքով։ Սև մազերըն ու թավ բեղերի տակից երևացող հաստ ու լիքը շուրթերը հաջողությամբ ներդաշնակում էին հայացքի հետ։

Վաղոն էլ իր հերթին զարմանքից քար կտրեց՝ տեսնելով Մոխրոտին... Մինչ այդ գաղափար անգամ չուներ իր գործատուի ընտանեկան կազմի մասին, առավել ևս՝ մտքով չէր անցնում, որ նրա պես չոր ու ցամաք մարդը կարող է այսքան նրբագեղ ու քնքուշ դուստր ունենալ։

Այդ օրը Վաղոն սովորականից ավելի վատ աշխատեց. չքնաղ աղջնակի պատկերը չէր հեռանում մտքից... Անընդհատ փորձում էր վանել «սխալ» մտքերը, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում։ Նույնիսկ գիշերը գրեթե աչք չկպցրեց։
Մոխրոտին էլ էր ինչ–որ տարօրինակ զգացողություն համակել, որից ինքն էլ գլուխ չէր հանում... Մի տեսակ անծանոթ խուտուտ էր մտել սիրտը։ «Երևի հիվանդանում եմ»,– ինքն իրեն որոշեց նա։ Դե, մի ձևով պիտի բացատրե՞ր իր այդ անսովոր հոգեվիճակը, թե՞ ոչ։ Անորոշություն չէր սիրում։

Հաջորդ օրը երկուսն էլանցան իրենց բնականոն կյանքին, համենայնդեպս, փորձեցին։ Մոխրոտն անընդհատ ջանում էր իր միօրինակ ու մինչև վերջին մանրուքը կանոնակարգված կյանքում տեղավորել չգիտես որտեղից հայտնված այս օտարականին։ Նրա նեղլիկ կյանքում ամեն ինչ տեղավորված էր իր դարակի մեջ, իսկ Վաղոն դարակներից ոչ մեկում չէր տեղավորվում, քանի որ դատարկ դարակ պարզապես չկար...

Իսկ Վաղոյի գլխում երեք հոգի էին պտտվում. մի կողմից գերմանուհի օրիորդն էր՝ իր ողջ նրբագեղությամբ, մյուս կողմից՝ նրա խստաբարո հայրը, և, վերջապես իր հանգուցյալ մայրը՝ իր չարաբաստիկ վերջին պատգամով...
«Ոչինչ,– մտածեց Վաղոն,– ամիսը կլրանա, փողս կստանամ ու կգնամ էստեղից... Ինչպես ասում են՝ շառից, փորձանքից հեռու...»,– ու խաչակնքվեց։ «Բայց ախր ես օրավարձով եմ աշխատում... կարող եմ հենց վաղն էլ հեռանալ։ Չէ... էդպես պարոնը մի բան կկասկածի, ինչու՞ իզուր առիթ տամ, որ չեղած տեղից ինչ–որ բան կասկածի։ Կասեմ, որ մի ուրիշ տեղ ավելի շահավետ գործ եմ գտել, ամիսը լրանալուն պես գնում եմ։ Վերջացավ–գնաց։ Բայց մի րոպե... Բա որ առաջակի աշխատավարձս բարձրացնե՞լ... Ի՞նչ պիտի ասեմ էդ դեպքում... Չէ, ախպեր, չկպավ... Բանս բուրդ է... Ավելի լավ է՝ ամեն ինչ թողնեմ էնպես, ինչպես կա։ Ինչ լինելու է՝ կլինի...»։ Եվ իր այս որոշումից ուրախացած ու թեթևացած՝ Վաղոն անցավ գործի։ Այդ օրը սովորականից ավելի տքնաջան աշխատեց, բայց ինչ–որ ներքին անբացատրելի մղումով սովորականից ավելի շուտ գնաց քնելու։ Տուն մտնելուն պես տեսավ, թե ինչպես է Մոխրոտն աստիճաններով բարձրանում երկրորդ հարկ։ Մոխրոտն էլ, քանի որ չգիտեր, որ տղամարդկանցից հարկավոր է ամաչել, միաժամանակ անտարբեր ձևանալ ու իրեն թանկացնել (դե, որտեղի՞ց իմանար խեղճը), զարմացած հայացքը Վաղոյին հառած՝ դանդաղ քայլերով բարձրանում էր... Հետո Վաղոն տեսավ, թե նա ինչպես բացեց ձախ թևի վրա գտնվող դուռը և կորավ դրա հետևում...

Այնուհետև երիտասարդը հանկարծակի սթափվեց ու մտավ առաջին հարկում գտնվող իր սենյակը։ Ամբողջ գիշեր երազում տեսավ վերևի հարկի այն դուռը և այնտեղից նազանքով դուրս եկող Մոխրոտին։ Առավոտյան հաստատ որոշում կայացրեց հեռանալու։ Բայց երբ եկավ պարոնի հետ խոսելու ժամանակը, ինքն էլ չնկատեց, թե ոնց խոսակցությունը լրիվ ուրիշ ուղղությամբ տարավ ու էդպես էլ ոչինչ չասաց։ Իսկ ուշ երեկոյան, երբ արդեն պետք է գնար քնելու, համանման ձևով չնկատեց, թե ինչպես իր սենյակի դուռը բացելու փոխարեն բացեց Մոխրոտի սենյակի դուռը...

Ուլուանա
07.05.2008, 18:27
Առավոտյան աչքերը բացեց ու իրեն գտնելով Մոխրոտի անկողնում՝ քիչ մնաց կաթվածահար լիներ։ Մոխրոտը դեռ մուշիկ–մուշիկ քնած էր։ «Աստվա՜ծ իմ, իսկական խելագար եմ :o»,– հանկարծակի վեր թռչելով՝ ինքնիրեն ասաց Վաղոն ու արագ–արագ հագնվելով՝ դուրս թռավ սենյակից։
Ոչ մի կերպ չէր կարողանում ուշքի գալ իր արածից։ Նույնիսկ աշխատանքը չէր փրկում։ Այդ օրը, իր գործած մեղքի գոնե մի մասը քավելու համար, սովորականից երեք անգամ շատ աշխատեց։ Իսկ Մոխրոտն այդ օրը սենյակից դուրս չեկավ՝ պատճառաբանելով, որ լավ չի զգում իրեն և նախընտրում է պառկած մնալ։

Մի շաբաթ Վաղոն ամեն երեկո գնում էր Մոխրոտի մոտ, կրքոտ ու սիրառատ գիշեր անցկացնում, իսկ առավոտյան մեղքի կեղեքիչ զգացումներով համակված՝ հեռանում՝ դարդերն աշխատանքի մեջ թաղելու։ Մի կողմից խելագարվում էր Մոխրոտի համար ու ամբողջ սրտով ցանկանում էր մեկընդմիշտ կյանքը կապել նրա հետ, մյուս կողմից հիշում էր օղորմածիկ մորն ու նրան տված խոստումը՝ չամուսնանալ օտարազգի աղջկա հետ։ Իսկ Մոխրոտից հրաժարվելու միտքը սարսափելի էր ոչ միայն նրան կորցնելու տեսակետից, այլև նրա խստաբարո հոր առաջ իր միակ ու սիրելի աղջկան պատվազրկելու համար պատասխան տալու առումով։ «Խեղճ մարդ,– մտածում էր Վաղոն,– կարծում է, թե աղջկան տանը մեկուսացրած պահելով՝ նրան հեռու է պահում փորձանքներից...»։

Մի գիշեր էլ, երբ նոր էին մտել անկողին, հանկարծ դռան ձայն լսվեց։ Վաղոն ու Մոխրոտը սարսափից քարացան տեղներում։ Դուռը բացվեց, ու ներս մտավ սպասուհին՝ ռոմանտիկ գիշերազգեստով։ Տեսածից աչքերը կլորացան, ձեռքի մոմակալն էլ շրխկաց հատակին...
– Ներեցեք... Դուռն էի խառնել... Հազար ներողություն, օրիորդ... Ինձ ձեր անձնական կյանքը չի վերաբերում... Եվս մեկ անգամ ներեցեք, խնդրում եմ...,– և հատակից հավաքելով մոմի կտորտանքները՝ ակնթարթորեն դուրս թռավ սենյակից։

– Խայտառակությու՛ն,– հառաչեց Վաղոն և դեմքն ափերով ծածկելով՝ նստած տեղից թրմփաց բարձին։
– Ոչ մի խայտառակություն էլ չկա։ Ի՞նչ է, չլսեցի՞ր։ Նա ասաց, որ իմ անձնական կյանքն իրեն չի վերաբերում։ ;)
- Ի՜նչ միամիտն ես, անուշի՛կս,– ասաց Վաղոն՝ գրկելով ու կրծքին սեղմելով Մոխրոտին,– սպասավորներին չի վերաբերում իրենց տերերի անձնական կյանքը, քանի դեռ չի առնչվում իրենց կյանքի հետ...
– Այսի՞նքն,– Մոխրոտը նստեց անկողնում,– ի՞նչ նկատի ունես,– հարցրեց մտահոգված։
– Ոչինչ, հուսանք, որ դու և սպասուհիդ երբևէ կիսելու բան չեք ունենա...
– Բայց մի բան չհասկացա,– մտածկոտ ասաց Մոխրոտը,– ինչպե՞ս կարող էր Գրետան խառնել սենյակները։ Ախր նրա սենյակն առաջին հարկում է՝ քո սենյակի կողքին, իսկ երկրորդ հարկում միայն իմ ու հայրիկիս սենյակներն են։ Ուրիշ բան, եթե իր սենյակը քոնի հետ շփոթեր...
– Հըմ... Գուցե ճիշտ այնպես, ինչպես որ ես եմ ամեն օր իմ սենյակը «շփոթում» քոնի հետ։ ;) Վաղոն, խորամանկ ժպտալով, աչքով արեց։
- Ուզում ես ասել, որ Գրետան ու հայրիկը... :o Չէ, չի կարող պատահել... Դա ուղղակի անհնար է...
– Համոզված եմ, որ հայրիկդ էլ նույնն է մտածում իմ ու քո մասին։
– Միևնույն է, չեմ հավատում։ Լավ, առավոտյան կպարզենք։

Առավոտյան Վաղոն ու Մոխրոտը սովորականից երկու ժամ շուտ վեր կացան։ Վաղոն, ինչպես միշտ, գնաց աշխատելու, իսկ Մոխրոտը քիչ ավելի ուշ դուրս եկավ իր սենյակից և ուզում էր աստիճաններով իջնել ներքև, երբ հայրիկի սենյակի դուռը զգուշությամբ, գրեթե անձայն բացվեց՝ երևան հանելով սպասուհի Գրետային... Վերջինս, ոտնաթաթերի վրա զգուշորեն քայլելով, շտապ գալիս էր դեպի աստիճանները, երբ հանկարծ տեսավ Մոխրոտին։ Նախորդ օրվա պես վեր թռավ։ Եթե ձեռքին մոմ լիներ, ամենայն հավանականությամբ էլի կշրխկար հատակին։
– Բարի լույս, օրիորդ, Դուք ինձ վախեցրիք,– ձեռքը սրտին դնելով՝ շնչակտուր արտաբերեց Գրետան և շտապեց իջնել աստիճաններով։
– Բարի լույս, Գրետա, մի րոպե սպասիր։ Երեկ դու ասացիր, որ շփոթել ես սենյակները...
– Այո, օրիորդ, քունը գլխիս էր... չնկատեցի, որ դա իմ սենյակը չի...,– գունատվելով պատասխանեց սպասուհին։
– Մի րոպե, բայց չէ՞ որ քո սենյակն առաջին հարկում է, ինչպե՞ս կարող էիր շփոթել։
– Ներեցեք, օրիորդ,– հերթապահ ժպիտը վերականգնելով՝ ասաց Գրետան,– բայց եկեք փոխադարձաբար հարգենք միմյանց։ Չէ՞ որ ես էլ Ձեզ երեկ չհարցրի, թե ինչ գործ ուներ այդ... Վաղոն Ձեր անկողնում,– Գրետան նույն ժպիտը պահպանելով՝ հոնքերը բարձրացրեց վերև, ապա «Ներեցեք» ասելով՝ կայծակնային արագությամբ սլացավ ներքև։ Մոխրոտը մնաց տեղում քարացած...

Շարունակելի

Hripsimee
07.05.2008, 22:08
Ինչ ասեմ , շատ հետաքրքիր է կարդացվում : Ընթացքում անընդհատ հիշում էի «Նահանջ առանց երգի» վեպը , որտեղ հայրենիքն ու սիրային հետաքրքրությունները տարբերը բևեռներում են , ես շատ նմանություններ տեսա : Մեկ էլ կարծես թե մի քիչ շատ արագ ամեն ինչ ստացվեց , չնայած սա հատկանշական է հիմնականում բոլոր ժամանակակից ստեղծագործություններին : Այնուամենայնիվ , կա մի կետ , որին չեմ կարող չհամաձայնվել : Այն սուսիկ-փուսիկ , եղբոր , հոր , ընտանիքի գերխստության տակ մեծացածները , ինչպես Մոխրոտիկը այս ստեղծագործությունում , չտես լինելով, հիմարի պես են իրենց պահում ու չմտածված քայլեր անում : Այնպես որ այս ամենից ևս մեկ անգամ պետք է հասկանալ , որ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՓԱԿԻ ՏԱԿ ՊԱՀԵԼ `պաշտպանելով այն աշխարհից,որը միակն է ու մեզ պարտադրված է,մենք այլ ընտրություն չունենք , ուստի պետք է պատրաստ լինենք դրան ու հարմարվենք:
Հ .Գ . Մի բան էլ . ի՞նչ կապ ունի մեր իմացած լավ ու առաքինի Մոխրոտը այս հեքիաթի հերոսուհու հետ : Նրանք ուղղակի անվանակիցնե՞ր են :

Ուլուանա
08.05.2008, 00:02
Հ .Գ . Մի բան էլ . ի՞նչ կապ ունի մեր իմացած լավ ու առաքինի Մոխրոտը այս հեքիաթի հերոսուհու հետ: Նրանք ուղղակի անվանակիցնե՞ր են :
Վերնագիրը պիտի որ հուշեր, որ սա մեզ հայտնի հեքիաթի Մոխրոտի կյանքից մի շրջան է, որը, կարելի է ասել, ընկնում է հեքիաթի մեջ նկարագրվող շրջանից առաջ ու հայտնի հեքիաթից մեզ հայտնի չէ... :)) Այսինքն՝ մեզ հայտնի իրադարձություններն այստեղ նկարագրվածից հետո են տեղի ունենում։
Շարունակությունը կարդալիս ամեն ինչ պարզ կլինի։ ;)

ivy
08.05.2008, 00:18
Մի հատ էլ էստեղ գրեմ կարծիքս: Քանի որ ես արդեն ամբողջը գիտեմ, ինձ մի քիչ դժվար է միայն այսքանի մասին քոմենտ անել: :) Էնպես որ ամբողջի մասին կասեմ:
Կարող եք ինձ նախանձել, ես արդեն ամբողջը կարդացել եմ: :P Հոյակապ հեքիաթ է, միայն Ուլուանայի երևակայությունը կարող էր մի քանի հեքիաթներ իրար այսպես միացնել՝ դեռ հետն էլ ավելացնելով մեզ անհայտ փաստեր: :)) Սկսվում է մի քիչ լուրջ, բայց թե ինչեր են լինում ընթացքում, ուղղակի աննկարագրելի է... :hands:D
Ան, շատ զավեշտալի ու սրամիտ ես գրել, կրեատիվությունն էլ ուղղակի ապշեցնող է: :hands Մի շնչով եմ կարդացել ու մեծագույն հաճույք ստացել: :)

Բարեկամ
08.05.2008, 08:52
Առաջին մասը միայն կարդալով, չգիտեմ, գուցե չարժե շտապել կարծիք հայտնել, բայց ընթացքում առաջացած տպավորությունները գրեմ :)

Հեքիաթդ, Ան, ճիշտն ասած, ստանդարտ ու, շարադրանքի առումով մի քիչ հնաոճ սկիզբ ուներ, ու, էդքան էլ նման չէր հեքիաթի /սկիզբը համենայնդեպս/, այսինքն նկատվում էր, որ տեղ-տեղ ջանացված էր հեքիաթի շտրիխներ ցայտեցնել, բայց մի ձև էն չէր նստում /ասենք`ներկա հերոսին ֆրակ կամ կեղծամ հագցնես :)/:
Լավ, էդ առումով մի բան էլ քննադատեմ. Ան, նախադասությունները մի քիչ շատ էին պատճառահետևանքային ծավալած /հնացած գրաձև ա/ , որն, իմ կարծիքով մի քիչ ջանջալացրել էր տեքստը, ու ազդել սպասվելիք թեթև-քաշային /որպես հեքիաթի/ պարամետրի վրա:

Բայց դե, հեղինակի մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ կարգավորված ա, ու դա էլ հաստատ կարգի էր գալու, ինչը երկար սպասեցնել չտվեց… :)

Մի քանի պարբերությունից հետո նշածս այսպես ասած թերությունները, իրադարձությունների ծավալման սահունությանը համաքայլ, ծածկվեցին գունեղ նկարագրականությամբ ու դեպքերի արագ ծավալմամբ /երկրորդ ենթամասն էլ, լավ էր, հուսախաբ չարեց :)):
Հեքիաթի ոճին հատուկ հումորն ու թեթև հեգնանքը կամաց-կամաց սկսեցին ի հայտ գալ, ու որ գնալով հետաքրքրանալու ա, կարելի ա չկասկածել:

Հեղինակը փաստորեն կազմել ա այնպես, որ հայտնի հեքիաթների բովանդակությունը մազաչափ չպիտի ազդվի այս նոր, անհայտ “փաստերի” երևան գալով: Տեսնենք… :P

Dayana
08.05.2008, 09:15
Լավն էր :hands դուրս եկավ :D մենակ խնդրում եմ Մոխրոտի "տոտոնները" չմեծացնես էլի :D

Grieg
08.05.2008, 16:07
ես ել իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնեմ :oy ինձ թվում ա ընդհանուր միտքը հաջող է, բայց ահավոր ձգձված այս ֆորմատի պատմության համար, մի քիչ մեքսիկական սերիալների սցենարի փոփոխության արագությանն է հիշացնում :) բայց դա միևնույն է չի խանգարում եթե մարդ սովոր է թռնելով ու արագ կարդալ..

Ուլուանա
08.05.2008, 17:40
Առաջին մասը միայն կարդալով, չգիտեմ, գուցե չարժե շտապել կարծիք հայտնել, բայց ընթացքում առաջացած տպավորությունները գրեմ :)
Ոչինչ, Ան ջան, ես ամեն մի հատվածի համար առանձին կարծիք եմ ակնկալում :P, գոնե քեզնից։ ;)

Հեքիաթդ, Ան, ճիշտն ասած, ստանդարտ ու, շարադրանքի առումով մի քիչ հնաոճ սկիզբ ուներ, ու, էդքան էլ նման չէր հեքիաթի /սկիզբը համենայնդեպս/, այսինքն նկատվում էր, որ տեղ-տեղ ջանացված էր հեքիաթի շտրիխներ ցայտեցնել, բայց մի ձև էն չէր նստում /ասենք`ներկա հերոսին ֆրակ կամ կեղծամ հագցնես :)/:
Լավ, էդ առումով մի բան էլ քննադատեմ. Ան, նախադասությունները մի քիչ շատ էին պատճառահետևանքային ծավալած /հնացած գրաձև ա/ , որն, իմ կարծիքով մի քիչ ջանջալացրել էր տեքստը, ու ազդել սպասվելիք թեթև-քաշային /որպես հեքիաթի/ պարամետրի վրա:

Բայց դե, հեղինակի մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ կարգավորված ա, ու դա էլ հաստատ կարգի էր գալու, ինչը երկար սպասեցնել չտվեց… :)

Մի քանի պարբերությունից հետո նշածս այսպես ասած թերությունները, իրադարձությունների ծավալման սահունությանը համաքայլ, ծածկվեցին գունեղ նկարագրականությամբ ու դեպքերի արագ ծավալմամբ /երկրորդ ենթամասն էլ, լավ էր, հուսախաբ չարեց :)):
Հեքիաթի ոճին հատուկ հումորն ու թեթև հեգնանքը կամաց-կամաց սկսեցին ի հայտ գալ, ու որ գնալով հետաքրքրանալու ա, կարելի ա չկասկածել:

Հեղինակը փաստորեն կազմել ա այնպես, որ հայտնի հեքիաթների բովանդակությունը մազաչափ չպիտի ազդվի այս նոր, անհայտ “փաստերի” երևան գալով: Տեսնենք… :P


ես ել իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնեմ :oy ինձ թվում ա ընդհանուր միտքը հաջող է, բայց ահավոր ձգձված այս ֆորմատի պատմության համար, մի քիչ մեքսիկական սերիալների սցենարի փոփոխության արագությանն է հիշացնում :) բայց դա միևնույն է չի խանգարում եթե մարդ սովոր է թռնելով ու արագ կարդալ..
Բարեկամ և Grieg, երկուսիդ դիտողություններն էլ լրիվ ընդունում եմ։ Սկզբի մասերն իրոք ձգձգված են ու հեքիաթի ֆորմատին անհամապատասխան։ Ես դա դեռ գրելու ընթացքում էի զգացել, բայց դե հիմա էդպես ստացվեց։ Դիմացեք, դեռ մի քիչ էլ է այդպես լինելու... :oy։ :))


........................................

Երեկոյան Մոխրոտը Վաղոյին պատմեց իր և սպասուհու միջև տեղի ունեցած երկխոսության մասին։ Որոշ ժամանակ երկուսն էլ լուռ էին, երբ Մոխրոտը խախտեց լռությունը.
– Դու կամուսնանաս ինձ հետ, չէ՞...
Վաղոն ցնցվեց, ապա ծանր հառաչեց...
– Ինչու՞ ես լռում, չե՞ս ամուսնանա... :o
– Դա շատ բարդ է...,– մռայլված պատասխանեց Վաղոն՝միաժամանակ իրեն ամենավերջին սրիկայի պես զգալով։
– Ինչո՞վ է բարդ։
– Դու հարուստի աղջիկ ես, իսկ ես՝ աղքատ ու թշվառ մի օտարական... Հայրդ ոչ մի դեպքում չի համաձայնի քեզ՝ իր միակ դստերը, որին տարիներով փայփայել է, ամուսնացնել ինձ նման մեկի հետ։
– Հայրս ինձ շատ է սիրում, և իմ երջանկությունը նրա համար առաջնային է։ Համոզված եմ, որ կհամաձայնի։ Գուցե ուրի՞շ պատճառ կա, որ չես ասում, հը՞...
– Հըմ... Բացի դրանից, մայրս դեմ էր, որ ես ամուսնանամ այլազգի աղջկա հետ։
– Բայց չէ՞ որ մայրդ մահացել է,– զարմացավ Մոխրոտը։
– Այո, և այդ հանգամանքն ավելի մեծ պատասխանատվություն է դնում ինձ վրա։
– Ի՞նչ պատասխանատվություն։ :o
– Նա մահից առաջ ինձնից խոստում է առել, որ ոչ մի դեպքում այլազգի կին չեմ առնի։
– Աստվա՜ծ իմ, ինչպիսի՜ հիմարություն...
– Չհամարձակվես մորս հիմար անվանել. նա շատ իմաստուն ու պատվավոր կին էր։
– Ներիր... Բայց ես ի վիճակի չեմ հասկանալու մորդ ասածի իմաստնությունը... Դա ախր ավելի շուտ անեծքի է նման... Չգիտեմ, երևի իմ գերմանական ուղեղին հասու չէ հայկական պատվախնդրությունը... :8
- Մեզ՝ հայերիս համար ծնողները սրբություն են, և նրանց խոսքը չհարգելը սրբապղծություն է...
– Իսկ մարդուն օգտագործելն ու դեն նետե՞լն ինչ է ձեր՝ հայերիդ համար, հը՞։
– Ներիր... Ես իսկապես մեղավոր եմ քո առաջ...
– Երբ առաջին անգամ ներխուժեցիր իմ սենյակ, ի՞նչ է, չգիտեի՞ր, որ ես հայ չեմ։ Թե՞ այդ պահին մորդ տված խոստումը գլխիցդ թռել էր։
– Այո, էդ պահին ես թույլ էի գտնվել... Ինքս էլ չգիտեի, թե ինչ էի անում։ Ինձ չէի կարողանում վերահսկել։ Այդպիսի բան ինձ հետ դեռ չէր եղել...
– Այդ դեպքում ի՞նչն է քեզ խանգարում մեկ անգամ ևս թուլանալ և ամուսնանալ ինձ հետ։
– Չե՛մ կարող...,– նյարդայնացած մռնչաց Վաղոն։
– Ուրեմն հենց հիմա հեռացի՛ր ու էլ երբեք չվերադառնա՛ս,– հուսահատ գոռաց Մոխրոտը,– չքվի՛ր իմ սենյակից ու իմ կյանքից,– և գլուխը թաղելով բարձի մեջ՝ սկսեց անզուսպ հեկեկալ։
– Ներիր ինձ... Ես գիտեմ, որ տականք եմ, և որ իմ արածը ներում չունի։ Ես քեզ սիրում եմ, բայց քեզ հետ ամուսնանալ չեմ կարող... Մնաս բարով...

Ամբողջ գիշեր Մոխրոտն իր սենյակում լալիս էր, Վաղոն էլ իր սենյակում էր իրեն ուտում։ Մոխրոտն ու իր հանգուցյալ մայրը կարծես մրցակիցներ դարձած տանջում էին նրան ողջ գիշեր... Մեկ աչքի առաջ էր հայտնվում Մոխրոտի չքնաղ կերպարանքը, մեկ էլ մայրն էր հայտնվում, Մոխրոտին կոպտորեն մի կողմ հրում ու մատը վեր ցցած՝ սպառնագին կանչում. «Իմացի՛ր, հա՜, դագաղիս մեջ շուռ կգամ...:nono»։ Երբ մղձավանջային գիշերն ավարտվեց, Վաղոն խոսեց Մոխրոտի հոր հետ, ասաց, որ իր հայրենիքում դեպք է պատահել, և ինքը շտապ պիտի մեկնի։ Պարոնը, բնականաբար, անակնկալի էր եկել և շատ էր ափսոսում Վաղոյի նման բարեխիղճ աշխատողի կորցնելու համար, բայց դե ի՞նչ կարող էր անել։

Վաղոյի հեռանալուց մեկ շաբաթ անց Մոխրոտի հայրը դստերը ներկայացրեց իր ապագա կնոջը՝ սպասուհի Գրետային, որից ևս մեկ շաբաթ անց նրանք ամուսնացան, և Գրետան իր հետ բերեց իր երկու դուստրերին, որոնք իրենց մոր հետ դեռ շատ երկար պիտի թունավորեին խեղճ Մոխրոտի կյանքը։ Հենց սկզբից խորթ մայրը Մոխրոտին զգուշացրեց, որ այսուհետև ինքն է տան տիրուհին, և սպառնաց իրեն չհնազանդվելու դեպքում պատմել ամուսնուն Վաղոյի մասին. «Նա քեզ երբեք չի ների, կարող ես համոզված լինել,– ասում էր նա,– դու դավաճանել ես նրա վստահությունը»։ Եվ Մոխրոտի համար սկսվեցին սև օրերը... Մի կողմից Վաղոյի հանդեպ սերն ու նրա պատճառած ցավն էր կեղեքում հոգին, մյուս կողմից՝ դաժան խորթ մայրն ու նրա աղջիկներն էին կյանքը դժոխքի վերածում... Բայց այդ ամենի մասին համապատասխան գրքերում էլ է գրված, և բոլորդ էլ գիտեք, իսկ ես միայն անհայտ դեպքերն եմ պատմում։ ;)

Վաղոն դարդոտված ճամփա ընկավ... Ինքն էլ չգիտեր, թե ուր է գնում։ Ճանապարհին էլ մտավ մի գարեջրատուն, կարգին կոնծեց, որ դարդերը մոռանա։ Այդպես մի շաբաթում խմելով մսխեց մի քանի ամսվա ընթացքում կուտակած ամբողջ գումարը և քոռ ու փոշման վերադարձավ հայրենիք...
Այստեղ էլ սկսեց գրոշների դիմաց բեռնակրություն անել, որ մի կերպ գլուխը պահի... Մի քանի տարի ամբողջ օրը քրտնաջան աշխատելով՝ հասկացավ, որ իր կյանքը կյանք չի, հարկավոր է մի բան ձեռնարկել։
– Չէ, սենց չի լինի,– մի օր ինքն իրեն ասաց Վաղոն,– առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց ստացածս գրոշներ են։ Կյանքս անցնում է, էդպես էլ աղքատությունից դուրս չեմ գալիս։ Երկիրը երկիր չի, ում էլ դիմեմ, բանի տեղ դնող չի լինելու, ավելի լավ է քյասար գնամ Աստծո մոտ, տեսնեմ՝ ինչ ճար է անում։

Եվ վեր կացավ, գնաց Աստծուն որոնելու։ Շատ գնաց, թե քիչ, Աստված գիտի, մեկ էլ դիմացը դուրս եկավ մի գայլ.
–Բարլուս, Մա՛րդ ախպեր։ Էս ու՞ր։
– Բարի օր, Գե՛լ ախպեր։ Էհ, գնում եմ Աստծուն գտնեմ, դարդս պատմեմ, տեսնեմ՝ ինչ կասի,– ու պատմում է Գայլին իր չարքաշ կյանքի մասին։
– Հըմ... Լավ չի,– մտածկոտ ասաց Գայլը,– բայց դե ես էլ մի երևելի վիճակում չեմ, մեղմ ասած։ Դու գոնե աշխատում ես, թեկուզ քիչ, բայց էլի մի բան գցում ես բերանդ, բա ե՞ս ինչ ասեմ, որ հաճախ օրերով սոված եմ մնում... :( Որ Աստծուն գտնես, մի հատ էլ ինձ համար բարեխոսի, էլի։
– Լավ, աչքիս վրա,– ասաց Վաղոն ու շարունակեց ճանապարհը։

Մի անգամ ճանապարհին ծարավեց, որոշեց ծեծել մոտակա տներից մեկի դուռը և ջուր խնդրել։ Միաժամանակ հիշեց, թե ինչպես էր Մոխրոտենց տանը ջուր խմելու համար առաջին անգամ օրը ցերեկով մտել նրանց տուն, և թե ինչ ճակատագրական էր եղել դա իր և ոչ միայն իր համար... Մոխրոտին այդ մի քանի տարում հազիվ էր մոռացել, ինքն էլ մի քիչ սնահավատ էր, ու կարևոր գործի վրա նոր փորձանքներ չէր ուզում, ուստի հանկարծ մտածեց, որ քանի դեռ դուռը չեն բացել, հարկավոր է արագ ծլկել այդտեղից. ոչինչ, մի կերպ կդիմանա մինչև մոտակա աղբյուրը։ Բայց արդեն ուշ էր։ Դուռը բացեց մի գեղեցիկ աղջիկ և բարեհամբույր ժպտալով հարցրեց, թե ինչ է ուզում։ Վաղոն Մոխրոտից հետո դեռ չէր հանդիպել նրա պես չքնաղ էակի, և տեսնելով աղջկան՝ սկզբում հիացմունքից սկսեց կմկմալ, վերջը մի կերպ հասկացրեց, որ ծարավ է, ջուր է ուզում։ Աղջիկը ջուրը բերեց, և մինչ Վաղոն ագահորեն դատարկում էր ջրով լի սափորը, աղջիկն աչքի տակով զննում էր նրան ու խունջիկ–մունջիկ գալիս... Ըստ երևույթին՝ Վաղոն նրան շատ էր դուր եկել։ Երբ ջուրը խմեց, վերջացրեց, աղջիկը հետաքրքրվեց, թե ուր է գնում։ Սա էլ արագ պատմեց իր դարդը և արդեն ուզում էր հեռանալ, երբ աղջիկն ասաց.
– Սպասիր, մի երկու խոսք էլ իմ կողմից կփոխանցես Աստծուն։ Կասես, որ մի աղջիկ կա՝ ջահել, սիրուն, հարուստ, բայց անբախտ... :( Ի՞նչ անի, որ բախտավորվի։
«Էնպես է սեթևեթելով նայում, կարծես ե՛ս պիտի իրեն բախտավորեմ :beee»,- բարկացած մտածեց Վաղոն, իսկ բարձրաձայն ասաց.
– Լավ, կասեմ։
– Ի դեպ, իմ անունը Փառանձեմ է՝ հանգուցյալ տատիկիս անունից,– ժպտալով ձեռքը մեկնելով՝ ասաց աղջիկը։
«Իմ չսիրած անունը :[»,– մտածեց Վաղոն, իսկ բարձրաձայն ասաց.
– Իմն էլ՝ Վաղո։ Շնորհակալ եմ ջրի համար, առայժմ,– և անմիջապես շրջվեց, որ գնա։
– Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ, շատ հաճելի էր ծանոթանալը,– աչքերը ճպճպացնելով ասաց աղջիկը,– անհամբեր կսպասեմ Ձեր վերադարձին։

Վաղոն ճանապարհին գետափի մոտով անցնելիս մի ծառի հանդիպեց, որը, թեև աճած էր ջրափին, բայց ամբողջությամբ չորացած էր։ Սա էլ իր հերթին դարդերը պատմեց, խնդրեց հարցնել Աստծուն, թե ինչու ինքը չի կանաչում, և թե երբ է վերջապես կանաչելու։ Վաղոն խոստացավ նրա խնդիրն էլ փոխանցել Աստծուն։ «Մի բուռ ազգ ենք, բա պիտի իրար օգնենք, բա ի՞նչ»։

Ուլուանա
08.05.2008, 17:41
Վերջապես հասավ Աստծուն, բոլորի խնդիրները պատմեց, Աստված ասաց.
– Քո բախտը տվել եմ, գնա՛, վայելի՛ր։ Չնայած մինչև էդ էլ էի տվել, ձեռքիցդ բաց թողեցիր։ Գոնե էս անգամ ավելի ուշադիր կլինես, էլի բաց չթողնես։ Սա քո երկրորդ շանսն է։ ;)
– Տեսնես ե՞րբ եմ բաց թողել, որ չեմ նկատել... :unsure,– մտածկոտ ծոծրակը քորելով՝ քթի տակ ասաց Վաղոն, բայց էդպես էլ տեղը չբերեց։
– Իսկ մնացածների համար կասեմ հետևյալը. էդ Գայլը պիտի մի անխելք մարդ գտնի, որ ուտի, կշտանա, ուրիշ ճար չունի։
«Այ քո տունը շինվի, էս դարում անխելք մարդ որտեղի՞ց ճարի էդ խեղճը,– մտքի մեջ ծիծաղեց Վաղոն,– հիմա բոլորը խելոք են, մեկը մեկից խորամանկ»։
«Դու քո մասին մտածիր, ինքը կգտնի :angry»,– նրա մտքերը կարդալով՝ ի պատասխան մտածեց Աստված ու քմծիծաղեց։
– Էդ ծառի տակ,– շարունակեց Աստված,– ահագին ոսկի կա, դրա պատճառով արմատները չեն հասնում ջրին, հենց դրանից էլ կլոր տարին չոր է, չի կանաչում։ Էդ ոսկին պետք է անհապաղ հանել, որ կանաչի։ Ի դեպ, կյանքումդ ոսկի տեսած կա՞ս։
– Չէ մի,– պատասխանեց Վաղոն, ես ու՜ր, ոսկին՝ ու՜ր։ Դուք էլ նենց հարցեր կտաք, ու՞ր էր ինձ տենց բախտ։ Որ էդքան բախտ ունենայի, էլ էստեղ ի՞նչ գործ ունեի։
– Դե, տես, արդեն տվել եմ բախտդ, նայի՝ ինչ ես անում։ Հա, էն սիրուն աղջկան էլ կասես, որ իրեն կյանքի ընկեր է պետք, որ բախտավորվի։ Ի դեպ, ի՞նչ կարծիքի ես նրա մասին ;),– աչքով անելով հետաքրքրվեց Աստված,– վատիկը չի, չէ՞։ :cool
– Դե հա,– մի քիչ շփոթված ժպտալով պատասխանեց Վաղոն,– վատը չէր, մեր մեջ ասած, բայց դե ի՞նձ ինչ, նրա ապագա կյանքի ընկերոջ աչքը լույս։ :8
«Անխե՜լք, անխե՛լք եմ ասել, է՜,– հիասթափված մտածեց Աստված,– չլսված ու չտեսնված անխելք։ :angry»։

Էսպես մեր Վաղոն Աստծու մոտից ուրախ–ուրախ ճամփա ընկավ, ճանապարհին հանդիպեց ծառին, ու քանի որ շատ էր շտապում իր բախտի հետևից, արագ–արագ ասաց նրա չորության պատճառը, որ շուտ առաջ անցնի–գնա, բայց ծառն ասաց.
– Դե հանի ոսկիները, համ ես կկանաչեմ, հա դու կհարստանաս, էլի։ Մի զարկով երկու նապաստակ կխփես։
– Չէ, ի՞նչ ես ասում, մեկ ուրիշին ճարի դրա համար, ես էդքան ժամանակ չունեմ, բախտիս հետևից պիտի գնամ, քանի էլի բաց չեմ թողել ձեռից։ Էս անգամ արդեն չեմ շեղվելու էս կողմ–էն կողմ, որոշել եմ,– և ծառին այդպես թողնելով՝ հեռացավ գետափից։

Շոտով տեսավ՝ Փառանձեմն իրենց դռան մոտ նստած՝ անհամբեր իրեն է սպասում։ Հենց որ Վաղոյին տեսավ, անմիջապես առաջ նետվեց.
– Հը՞, ի՞նչ նորություն ես բերել,– հույսով լի հայացքը Վաղոյին ուղղելով՝ ասաց աղջիկը։
– Դե, Աստված ասեց, որ դու պիտի կյանքի ընկեր գտնես քեզ համար, որ երջանկանաս, էնպես որ գործի անցիր, ես էլ գնամ իմ բախտի հետևից,– այս ասելով՝ շրջվեց, որ գնա։
– Մի րոպե,– նրա ձեռքը բռնելով՝ ասաց աղջիկը,– իսկ գուցե ներս գաս, միասին սուրճ խմենք, հը՞, ի՞նչ կասես։ ;) Երկար ճամփա ես կտրել, հոգնած կլինես...
– Չէ, ժամանակ չունեմ, քույրիկ ջան։ Բախտս ինձ է սպասում, ներող կլինես, բայց ես պետք է գնամ։
Աղջիկը հուսահատ հառաչեց.
– Լավ, որ չես ուզում, ի՞նչ կարող եմ անել... :(
Իսկ մտքի մեջ ասաց. «Ինձանից լավի՞ն ես ճարելու, ա՛յ անխելք :beee»:


– Բարև Ձեզ։
– Բարև։ Ինչ հավես կլորիկ ես։ Կներկայանա՞ս։
– Գնդլիկ Բոքոնիկն եմ՝ համանուն հեքիաթից։ Մտերիմների համար՝ պարզապես Բոքոն, ոմանց նույնիսկ թույլ եմ տալիս ինձ Գնդըլ անվանել։ Իսկ դու՞ ով ես։
– Ե՞ս... Դե, ես էլ Անխելք Մարդն եմ, ամոթ չլինի ասելը, էլի համանուն հեքիաթից։ :oy Մտերիմների համար՝ Վաղո։
– Հըմ...,– ասաց Բոքոնը,– պետք է որ բավական տպավորիչ անցյալ ունեցած լինես՝ դատելով անունիցդ։ Բա ու՞ր ես գնում էդպիսի նպատակասլաց դեմքով։
– Հեչ, բախտիս հետևից։ Էհ, մեռա ման գալով. անտերը չկա ու չկա... :(
– Էհ, բախտդ բերել է, որ դու ես փնտրում, իսկ ինձ միշտ ուրիշներն են փնտրում... :( Ստիպված փախած եմ ման գալիս, սենց տնից–տեղից կտրված՝ ընկել եմ չոլերը... Դու գոնե գիտես, որ քեզ վտանգ չի սպառնում։ Իսկ ինձ ով տեսնում է, ուզում է ուտել։ :cry Ոչ մեկի մտքով չի անցնում իմ մեջ անհատականություն տեսնել. մենակ բկների մասին են մտածում...
– Վայ, բայց լուրջ, ինչ ախորժելի տեսք ունես, :)) նոր նկատեցի...,– աչքով անելով՝ ծիծաղեց Անխելք մարդը,– վատ միտք չի, գիտե՞ս։ :P
Բոքոնը սարսափից սփրթնեց...
– Բայց չէ, մի վախեցի, ես լուրջ նպատակ ունեմ, տենց դատարկ բաների ժամանակ չունեմ, բախտս ինձ է սպասում։ Գնամ, գտնեմ... Համ էլ, ճիշտն ասած, խմորեղենի հետ դեռ փոքրուց սեր չեմ ունեցել, էնպես որ, Բոքոն ախպեր, ինձնից քեզ վտանգ հաստատ չի սպառնում։ ;)

Բոքոնը թեթևացած շունչ քաշեց ու ախորժելի գույնը տեղն ընկավ։
– Լավ, բայց մի րոպե, հատկապես մարմնիս ո՞ր մասից եևաց, թե «ախպեր» եմ։ :o Իմ սեռը դեռևս անհայտ է գիտությանը, իսկի ինձ թխող տատին չգիտի, թե ես ինչ սեռի եմ, դու ինչի՞ց որոշեցիր, թե տղա եմ։ :unsure
– Եսիմ, Բոքոն ջան, ուղղակի դեռ ոչ մի անգամ քաչալ աղջիկ չեմ տեսել... :oy Համ էլ, դե ո՞նց ասեմ, զգում եմ, էլի։
– Ա՜,– հանկարծ սարսափահար ճչաց Բոքոնը,– Գա՜յլը։ Ուր գնում եմ, էդ սովածը դեմս ա դուրս գալիս։ Թռա՛նք, քանի չի հասել...
– Ի՞նչ եղավ, ի՞նչ թռնել... Էդ մեր Գել ախպերն ա, մենք իրար ճանաչում ենք։ Ես որ վախենալու բան չունեմ։ Ուզու՞մ ես՝ դու թռի, այսինքն՝ գլորվի–փախի, ես Գայլին կզբաղեցնեմ։
– Լավ, Անխելք ջան, շատ շնորհակալ եմ, քեզ քո բախտային որոնումներում հաջողություն, մնաս բարով, ես թռա։
– Քեզ էլ հաջող գլորվածք, Բոքոն ջան։

Շարունակելի

Fedayi
08.05.2008, 18:05
Ուլուանա ջան, լավն ա:)
Քեզ հաջողվեց հեքիաթներին չհավատացող ֆիդայուն ներքաշել "սիրային եռանկյունու" մեջ: Չեմ համբերում, վերջն եմ ուզում, վերջը...:)

Enipra
08.05.2008, 19:20
Որ երկարությունը տեսա, ինքս ինձ ասացի, որ չէ, հաստատ հիմա այսքան չեմ կարդա, լրիվ կտեղադրի-կպրծնի, հենց ազատվեմ, միանգամից ամբողջը կկարդամ: :)
Էն էլ չնկատեցի էլ, թե ոնց սկսեցի կարդալ, տեսա` կամաց-կամաց հետաքրքրանում է, ու չկարողացա կանգնել: :D
Արված դիտողությունների հետ էլ հիմնականում համաձայն եմ, բայց միևնույնն է` շատ հավես միքս է ստացվել, լավ կարդացվում է: Հատկապես Աստծո կերպարն էր լավը: :D
Սպասում եմ շարունակությանը: ;)

Selene
08.05.2008, 22:50
Որ երկարությունը տեսա, ինքս ինձ ասացի, որ չէ, հաստատ հիմա այսքան չեմ կարդա, լրիվ կտեղադրի-կպրծնի, հենց ազատվեմ, միանգամից ամբողջը կկարդամ: :)
Էն էլ չնկատեցի էլ, թե ոնց սկսեցի կարդալ, տեսա` կամաց-կամաց հետաքրքրանում է, ու չկարողացա կանգնել: :D

Իմ հետ էլ նույնը եղավ:oy Մտածում էի բոլորը տեղադրելուց հետո մի շնչով սզբից մինչև վերջ կկարդամ, էն էլ չհամբերեցի, բայց հիմա փոշմանել եմ, որ չսպասեցի, որովհետև շարունակությունն եմ ուզում:)
Սկզբի մասի երկարաձգվելու հետ համաձայն եմ, բայց հետո դեպքերը արագորեն շատ հետաքրքիր ու կլանող են դառնում, այնպես որ սկզբի ձգձգման պահը շատ չի ազդում հեքիաթի էֆեկտիվության վրա: Լավն է, Ան ջան, սպասում եմ շարունակությանը:)

Բարեկամ
09.05.2008, 15:50
Ոչինչ, Ան ջան, ես ամեն մի հատվածի համար առանձին կարծիք եմ ակնկալում

ok ;)

Ան, երկրորդ մասը տպել, ճանապարհին էի կարդում` ծիծաղելով. երևի տարօրինակի տպավորություն էի թողնում :))

Տեքստդ լավն ա, հղկված, լրիվ ներկվել ա գնդիկ բոքոնիկի պես ախորժելի գույնով, երկխոսություններումդ խոսակցականն ու գրագիտությունը շատ հմուտ ես համադրել, որի հետևանքում գործդ կուռ ու ամբողջական ա ընկալվում:
Հետաքրքիր ա իհարկե, բայց ամբողջը միանգամից չեմ ուզի, էս կարգի հեքիաթները պետք ա սենց չափաբաժիններով մզմզան… :P

Ուլուանա
09.05.2008, 18:23
* * *

– Մարդ ախպեր, բարի օր։
– Աստծու բարին, Գել ախպեր։
– Ո՞նց ես, ի՞նչ կա–չկա, դե պատմի։
– Էհ, պիտի որ լավ լինեմ, տեսնենք, հույս են տվել, համենայնդեպս։ Դու՞ ոնց ես, էս ընթացքում մի բան կերե՞լ ես գոնե։
– Տո չէ–հա, այ մարդ, ոչ մի բան։ Բախտ չունեմ, էլի, հո զոռով չի։ Երեկ, օրինակ, էս մասով մի կառք էր անցնում, մեջից մի սիրուն աղջիկ դուրս թռավ, վազելով գնաց։ Մեկ էլ ի՞նչ տեսնեմ. էս կառքը հանկարծ դդում դառավ, պատկերացնու՞մ ես։ :o Մի հատ մե՜ծ դդում։ Կյանքումս տենց բան չէի տեսել... Մտածեցի՝ լավ ա, գոնե դրանից մի քիչ կուտեմ, էլի փորս մի բան կընկնի, թե չէ սենց սովամահ եղա... Էն էլ մինչև մոտեցա, էն անտեր ծտերն ու նապաստակները վրա տվին, լրիվ տարան, մենակ պոչն էին թողել... :aggressive էն Բոքոնն էլ էնտեղ հա խաբեց, վրայիցս թռավ... Տենց էլ մնացի սոված։ :( Ես ընդհանրապես խմորեղեն առանձնապես չեմ սիրում, բայց դե շատ սոված էի, դրա համար արդեն չէի նայում՝ ով ա, ինչ ա, ինչ նյութից ա, քարից փափուկ ինչ տեսնում՝ ուտում էի... Բայց դե մի կողմից էլ էդ գնդլոն ախր շատ դեմք երեխա ա է, մի տեսակ սիմպատիաս բռնել ա, էլ չեմ ուզում ուտել դրան։ Թող հանգիստ ապրի իր համար։
– Հա, ինձ էլ դուր եկավ, ճիշտն ասած...
– Դե լավ, Բոքոնը հեչ, արի վերադառնանք մեր հեքիաթին, դու գործից խոսի։ Աստծու կողմերից ի՞նչ խաբար–մաբար ես բերել։ Պատմի։
– Հա, լավ հիշեցրիր։ Սպասի սկզբից պատմեմ...
Ու Գայլին պատմեց և՛ Աստծու ասածները բոլորի մասին, և՛ իր վերադարձի ճամփին ունեցած հանդիպումները ծառի ու աղջկա հետ։
Գայլը գնալով մռայլվում էր... Իսկ երբ լսեց, թե Աստված ինչ է ասել իր համար, այլևս չդիմացավ։
– Արա, դու լրիվ էշ ես, լուրջ եմ ասում։ :o Քեզ նման անխելք, որ ամբողջ աշխարհն էլ ոտի տակ տամ, չեմ գտնի... Քեզ նմաններին թանգարանում ա պետք պահել՝ որպես անխելքության եզակի նմուշ։ Արա՛, դու Աստծո ասածներն ընդհանրապես տեղը չես բերել, արա՛... Բայց ես հո լավ եմ տեղը բերում, ես իմ բախտը գտել եմ ու ձեռիցս բաց չեմ թողնի։ Ներող, ախպեր, բայց...
Եվ Գայլն անմիջապես կուլ տվեց Անխելք մարդուն...


Բայց մեր Գայլը մի հետաքրքիր առանձնահատկություն ուներ, որով և տարբերվում էր սովորական գայլերից. բանն այն է, որ ամեն անգամ մեկին ուտելուց հետո խղճի խայթի անտանելի նոպա էր ունենում... Առանձնանում էր անտառում մի տեղ, ծանր սրտով ու համապատասխան ծանր ստամոքսով, լացակումած դիմում էր Աստծուն, մեղա գալիս, աղաչում, որ այսուհետև իրեն հեռու պահի նման մեղքերից... Այս անգամ էլ բացառություն չեղավ.
– Աստված իմ, ո՞նց անեմ... Ախր ամեն անգամ բթամիտ, տհաս ու անխելք արարածների հանդիպելիս ախորժակս աննկարագրելի ձևով բացվում է, ու էլ չեմ կարողանում ինձ տիրապետել։ Ո՞նց ազատվեմ էս փորձանքից...

Մեկ էլ հանկարծ հիշեց, թե Աստված ինչ էր ասել իր համար։ Ուրեմն անխելքներին ուտել կարելի է... Դե, երևի Աստված մի բան գիտի, էլի, ոնց էլ չլինի, Աստված է, եթե ինձ էդպիսի բան է ասել, ուրեմն անխելքներին ուտելը երևի մեղք չի... :esim

Անցավ մի շաբաթ։ Գայլն այդ ընթացքում սնվում էր այստեղից–այնտեղից պոկած խոտերով, տերևներով, մրգերով ու բանջարեղենով։ Ճիշտ է, նորմալ չէր կշտանում, բայց դե գոյատևում էր, էլի։ Սակայն մի շաբաթ հետո արդեն կարգին խժռելու պահանջ ուներ։

Այսպես սոված–սոված ման էր գալիս անտառում, երբ տեսավ դիմացից եկող մի աղջկա... Ձեռքին մի տոպրակ կար, գլխին՝ կարմիր գլխարկ։
– Բարև, Կարմրիկ,– ասաց Գայլը՝ կտրելով աղջկա ճամփան։
– Բարև, քեռի,– ժպտալով պատասխանեց Կարմրիկը։
– Սենց մենակ–մենակ ու՞ր ես գնում մութ անտառով։ Գիտե՞ս ինչքան ինձ նման գազաններ են վխտում էս անտառում։ Բա որ բռնեն ու ուտեն։ Չե՞ս վախենում։
Կարմիր Գլխարկը ծիծաղեց։
– Չէ, չեմ վախենում։ Մամաս դանակ է տվել, որ մոտս պահեմ ու դրանով պաշտպանվեմ, եթե պետք լինի։
– Մի հատ կարելի՞ ա նայեմ դանակդ։
– Հա, իհարկե, մի րոպե,– և Կարմրիկը պայուսակից հանեց դանակն ու մեկնեց գայլին։
– Հըմ, վատ դանակ չի,– դանակը տնտղելով՝ ասաց Գայլը,– ես էլ կուզենայի սրանից, կնվիրե՞ս։
– Հա, վերցրեք, տանը շատ ունենք դրանից։ ;)
«Արա, էսի լրիվ տհաս ա... :o»,- մտածեց Գայլն ու դանակը խցկեց գոտու մեջ։

– Համ էլ էս ճանապարհն ապահով է,– ասաց Կարմրիկը,– իսկ ուրիշ ճանապարհներով չեմ գնում. մամաս չի թողնում, ասում է, որ էնտեղ լիքը գազաններ կան, հատկապես գայլերն են վախենալու։
– Լավ, էդ սաղ հեչ, իսկ քո կարծիքով, ես ո՞վ եմ։
– Դու՞ք... Ըմմմ..., չգիտեմ... Բայց տարօրինակ տեսք ունեք. մինչև հիմա Ձեզ նման մարդու չեմ հանդիպել, ճիշտն ասած։
– Վա՜յ, ինչպիսի՜ հետաքրքիր զուգադիպություն, ախր ես էլ մինչև հիմա քե՛զ նման մարդ չէի տեսել :D,– ասաց Գայլը և միաժամանակ մտածեց. «Նույնիսկ էն օղորմածիկ Անխելք Մարդը քո համեմատ փառք էր... Աստված Անխելք հոգին լուսավորի...»։
– Լավ, բալես, բա որ մամադ ասել ա, որ գայլեր կան, ու որ շատ վախենալու են, իսկ չի՞ ասել, թե էդ անտեր գայլերն ինչպիսին են, որ դու էլ իմանաս, զգուշանաս։ Թե՞ ասել ա՝ դու քո համար արխային գնա, հենց մեկը քեզ կերավ, ուրեմն գայլ ա :D,– ծիծաղեց գայլը։
Կարմրիկը նույնպես ծիծաղեց։
«Ա՛յ տհաս, ես քեզ վրա եմ ծիծաղում, հետաքրքիր ա՝ դու՞ ում վրա...»։
– Լավ, քեզ ինչ հիշում եմ, միշտ էս նույն ճանապարհով ես գնում–գալիս։ Նույնիսկ ծառերն ու խոտերն են երևի արդեն ձանձրացել քեզնից, դու հեչ չե՞ս ձանձրացել միշտ նույն ճանապարհով գնալուց։
– Բայց լուրջ, ծառերը բողոքե՞լ են :unsure,– անհանգստացավ Կարմրիկը։
– Չէ, ծառերը տենց բողոքելու սովորություն չունեն։ Մենակ մեկն էր մի անգամ բողոքել, էն էլ քեզ հետ կապ չուներ, ուղղակի տակը ոսկի կար, չէր կարողանում կարգին աճել, հանել էր պետք, բայց դե էդ արդեն լրիվ ուրիշ հեքիաթից ա, արի օֆֆտոպով չզբաղվենք։ Իսկ այ խոտերը, չնայած էլի չեն բողոքել, բայց որ նայում եմ իրենց տրորված ու բազմաչարչար տեսքին, զգում եմ, թե ինչքան են տանջվել քո գոնդոլ կոշիկների հաճախակի ճնշումներից։ Հեչ չե՞ս մտածել բազմազանության համար մեկ–մեկ էլ ուրիշ ճանապարհով գնալ տատիդ տուն։
– Չէ...,– մտածկոտ պատասխանեց Կարմիր Գլխարկը։
– Ուրեմն ճիշտ ժամանակն ա տաղտուկ կյանքիդ մեջ առանցքային փոփոխություններ մտցնելու։ Թե չէ էս տխուր ճանապարհով մարդ մի քանի օր անցնի, դեպրեսիայի մեջ կընկնի, թե դու ոնց ես էսքան տարի դիմացել, չգիտեմ...
– Եսիմ...,– էլի մտածկոտ ասաց Կարմրիկը։
– Լավ, շատ խոսեցինք, տատդ երևի մեռավ քեզ սպասելով։ Արի քեզ մի հատ ուրիշ ճանապարհ ցույց տամ, դու դրանով գնա, ես էլ քո սիրած ճանապարհով գնամ, տեսնենք՝ ով շուտ կհասնի, հա՞։ ;)
– Լավ,– ուրախացած համաձայնեց Կարմրիկը։
Գայլը նրան ցույց տվեց ճանապարհը, և աղջիկն անմիջապես թռվռալով ճամփա ընկավ։
– Մդա... :think,– ասաց Գայլը,– շատ տխմարներ էի տեսել կյանքումս, բայց դե ճիշտ են ասում, որ տխմարից տխմարն էլ է լինում։ Էհ, ինչպես ասում են՝ Աստված էլ բեթարից ազատի... Աչքիս Կարմրիկի մաման ու պապան համապատասխան գիշերը շատ են կոնծել՝ իրենց ապագա մինուճար դստեր մտավոր ունակությունների հերն անիծելով։ Այ–այ–այ...

Ուլուանա
09.05.2008, 18:24
(Հատվածի սկիզբը՝ տե՛ս նախորդ էջը։ Դե, համենայնդեպս, ինձ մոտ նախորդ էջում մնաց... :unsure)

Գայլը 15 րոպեում հասնում է տատիկի տուն ու դուռը ծեծում։ «Էս ինչ էլ թանկանոց դուռ ա, լավ էլ հարուստ տատի ունի մեր Կարմրիկը»։
– Ո՞վ է,– ներսից լսվում է տատիկի ձայնը։
– Ես եմ, էլ ո՞վ պիտի լինի,– ձայնը բարակեցնելով պատասխանում է Գայլը ու քմծիծաղում։
– Իրոք որ,– մտածում է տատիկը,– ուրիշ էլ ո՞վ պիտի լինի որ, Կարմրիկս է»,– պարանը քաշիր, դուռը կբացվի, – ասաց անկողնու մեջ նստած տատիկը։
Գայլն այդպես էլ արեց ու հայտնվեց տատիկի շքեղ տանը։
– Լավ էլ ճոխ տներ ունի տատին,– նայելով շուրջը՝ գլուխը տմբտմբացնում էր Գայլը։ Ով գիտի՝ մեր ու աղջիկ օրերն են հաշվում, թե երբ ա տատին շունչը փչելու, որ տիրանան ունեցվածքին...
Իսկ Կարմրիկը Գայլի ցույց տված ճանապարհով հազիվ մի ժամում հասնում է տեղ։ Հոգնած–ջարդված ներս է մտնում, տեսնում է՝ Գայլը պառկած է տատիկի անկողնում՝ տատիկի գիշերանոցը հագին ու ակնոցը քթին։ Էհ, ինչ եմ ասում, է՛, այդ մենք ենք տեսնում, որ Գայլն է պառկած, իսկ մեր Կարմրիկը որ էդքան տեսողություն ունենար, էս հեքիաթն էլ չէր ստեղծվի, էլի...
– Մո՛տ արի, Կարմրիկ ջան,– ասաց Գայլը,– նստիր կողքիս, մի քիչ զրուցենք դեսից–դենից։
Կարմրիկը, ճիշտն ասած, մի քիչ զարմացավ։ Թե ե՞րբ էր տատիկն իր հետ զրուցելու ցանկություն հայտնել, որ հիմա հանկարծ խելքին փչեց, այն էլ՝ դեսից–դենից... :esim Այնուամենայնիվ, մոտեցավ, նստեց անկողնու ծայրին ու սկսեց զարմացած զննել «տատիկին»։
– Տատի, բայց ականջներդ աչքիս մեծացել են, հա՞...
«Արա դու քո ականջների չափերը տեսե՞լ ես, որ իմ ականջներին ես անուն դնում :angry»։
– Հա, բա ի՞նչ կանեն, առավոտից գլուխս տարան, էնքան զանգեցին... :{
– Ովքե՞ր։
– Թաղի բիձեքը, էլ ովքե՞ր։
– Հըմ...
«Տատս լավ էլ երկրպագուներ ունի, փաստորեն... :o»:
– Տատ, բայց ոնց որ թե աչքերդ էլ են մեծացել մի տեսակ... :unsure
«Արա էսի լրիվ ա դաուն... :o :[ Մարդ է՞լ իր տատուն գելից չտարբերի...»։
– Հա, մեծացել են, փառք կոսմետիկային :roll,- սեթևեթանքով աչքերը ճպճպացրեց «տատիկը»։
– Լավ, բա բերա՞նդ ինչու է մեծացել,– շարունակեց զարմանալ Կարմրիկը։
– Ա՜, արդեն գլուխ տարար քո տխմար հարցերով։ :angry Մեկն էլ լինի՝ քո բերանին անուն դնի,– նյարդայնացած գոռաց Գայլը և մի կողմ շպրտելով վերմակն ու տատիկի ակնոցը՝ արդեն գայլավարի վեր կացավ տեղից։

Կարմրիկը վախեցած կպավ պատին։
– Տատի... Քեռի՞... :o
– Չէ, Կարմրիկ ջան, դու, ինչպես միշտ, չգուշակեցիր. ոչ տատի, ոչ էլ քեռի։ Ես Գայլն եմ։ Հա՛, հա՛, էն նույն գայլը, որին հանդիպեցիր անտառում, բայց դե ո՞նց պիտի զգուշանայիր, եթե իսկի տեսնելիս տեղը չես բերում։ Արա, բայց դուք ինչ ունիկալ ընտանիք եք, հորս արև։ Ձեր մասին վերջը ես մի հատ վեպ եմ գրելու մի օր։ Չէ, լավ, վեպը սուտ կլինի, բայց մի հատ պատմվածք հաստատ արժե գրել։
Լավ, Կարմրիկ ջան, թաթերն իրար զարկելով՝ հանկարծ ասաց Գայլը,– իսկ հիմա արագ տեմպերով հանվում ես։
– Ո՞նց... Ինձ բռնաբարելու՞ եք... :o,– վախվորած կմկմած Կարմրիկը՝ էլ ավելի կծկվելով պատի տակ։
– Հա, բա ո՜նց, երազե՜ց մեր Կարմրիկը։ Ի դեպ, տատդ էլ էր էդ հույսին։ Դե, հասկանալի ա, պապդ Նոյի թվին ա մահացել, ինքն էլ միայնակ կնիկ ա, բան... Բայց չէ,– մատը թափ տվեց Գայլը,– մենք՝ գայլերս, մեր սկզբունքներն ունենք. նախ ես ընդհանրապես բռնաբարությամբ չեմ զբաղվում, երկրորդ՝ այլասերվածությամբ էլ չեմ տառապում, որ մարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենամ :[, և, վերջապես, քեզ նման տհասներին բռնաբարելը կրկնակի հանցագործություն կլիներ, քանի որ քեզ նմանները բռնաբարվելու հետևանքով երբեմն նաև բազմանում են, իսկ ես իմ երկիր մոլորակին նման դժբախտություն չեմ ցանկացա, նենց որ էդ առումով ինձ վրա հույս չդնես։ Ուղղակի շորերով ուտելուց ժոգ եմ կպնում։ Էն Անխելք Մարդու ցնցոտիները որ հիշում եմ, վատանում եմ... :{ Մինչև հիմա հետևանքները դեռ չեն անցել... :bl Բայց տատդ ի՜նչ դառն էր, տո՛ :[: Հուսով եմ՝ գոնե դու մի քիչ քաղցր կլինես։ Մի խոսքով՝ հանվի՛, արա՛գ...

Կարմրիկը սարսափից հնազանդվելով՝ սկսեց արագ–արագ հանվել։
– Հա, ի դեպ, տատիկին իմ կողմից ջերմ բարևներ։ ;) Կասես, որ, ճիշտ ա, ինքը հեչ համով չէր, բայց դե, ինչպես ասել ա մի սոված ակումբցի, սոված վախտ սոխն էլ ա վաֆլի։ Հա, մեկ էլ էն մեր գայլային սկզբունքները, որ քեզ բացատրեցի, իրան էլ կփոխանցես, քանի որ իրան ուտելու ժամանակ ահավոր սոված էի, չհասցրի էդ ամեն ինչը բացատրել։ Հասկանում ես, ուղղակի չեմ սիրում, որ իմ մասին թյուր պատկերացումներ են ձևավորվում, Կարմրիկ ջան, իսկ տատդ ինչ–որ անպարկեշտ ակնկալիքներ ուներ, որոնք ես, իմ սկզբունքներից ելնելով, ոչ մի կերպ չէի կարող իրականացնել... Դե, հասկանում ես, էլի... ;)
Լավ, էս դեսերտն ինչ–որ շատ ձգձգվեց։ Պրծի՛։ Հա՛, հա՛, էդ էլ հանի։ Բա հո քո ամոթխածության պատճառով չպիտի՞ էլի ստամոքսս խանգարվի։ Լավ, լավ, ես աչքերս կփակեմ, հենց վերջացնես, կասես։ Ես քեզ վստահում եմ, հե–հե :))։

Եվ Գայլն իսկապես ազնվորեն աչքերը փակեց, որ Կարմրիկը հանգիստ հանվի։ Իսկ երբ աղջիկն ազատվեց իր մերկությունը ծածկող վերջին մասնիկներից, Գայլը, ինչպես որ խոստացել էր, առանց աչքերը բացելու կուլ տվեց նրան։ Այո, գայլերը սկզբունքային արարածներ են, ոչ թե մարդկանց նման...

Կարմրիկին կուլ տալուց հետո Գայլը կուշտ–կուշտ փռվեց անկողնում ու մոտ կես ժամ երանության մեջ էր։ Բայց... կես ժամ հետո սկսվեցին խղճախայթային տառապանքները... Հանկարծ, գիտակցելով, որ երկու հոգու կյանք է խլել, մի այնպիսի խուճապի մեջ ընկավ, որ մարդ արարածին հասու չի... Հո վայնասուն չդրեց՝ իրեն պատեպատ տալով ու ոռնալով։ Էնպիսի աղիողորմ ձայներ էր արձակում, որ տան մոտով անցնող փայտահատները կասկածանքով մտան տուն՝ տեսնելու, թե ինչ է պատահել։

Շարունակելի

*e}|{uka*
09.05.2008, 18:49
.....................:hands :D ոչ թե լավն էր , այլ շատ լավներ . հեքիաթը ընդհանուր առմամբ լավնա , գնալով ավելի ու ավելիա լավանում , հուսով եմ տենց էլ կշարունակվի ...;) (հեքիաթի սկզբի մասը շատ էր ստանդարտի շրջանակներում :)) )

Ուլուանա
10.05.2008, 19:52
Վերջին մասն եմ դնում. ;)


– Փրկե՜ք,– գոռում էր Գայլը։ Փայտահատները, ոչինչ չհասկանալով,
զարմացած մեկ Գայլին էին նայում, մեկ իրար։ Հանկարծ Գայլը չոքեց նրանց առաջ և շարունակեց ոռնալ հոնգուր–հոնգուր լաց լինելով.
– Փրկե՜ք, աղաչում եմ։
– Ումի՞ց փրկենք, կարծես թե ոչ ոք չկա այստեղ...
– Ինձնից փրկեք էն երկուսին,– արտաբերեց Գայլը՝ մատով ցուց տալով իր բերանի խոռոչը։
Սրանք նորից չհասկացող հայացքներ փոխանակեցին...
– Ո՞ր երկուսին...
– Կերածս երկուսին,– նորից բերանը մատնացույց անելով՝ ասած Գայլը,– սաղ–սաղ եմ կուլ տվել, դեռ կենդանի կլինեն...
– Լավ,– ասացին փայտահատները,– ուրեմն պինդ կաց, փորդ ճղում ենք...
– Հա, ճղեք, հանեք, ազատեք ինձ էլ, դրանց էլ...
– Բայց ցավոտ է լինելու, ցավազրկող չունենք...
– Ոչինչ, մի կերպ կդիմանամ։ Բայց էս տնից դուրս գանք, նոր, չեմ ուզում խալխի տանը ոտից–ձեռից ընկնեմ, մնամ...
Եվ երեքով դուրս եկան տնից։
– Այ էս ծառի տակ կպառկեմ,– ասաց Գայլը, երբ որոշակի ճանապարհ արդեն անցել էին,– էս ծառը սովորական ծառ չի, պիտի որ խերով լինի։
– Ինչու՞,– զարմացան փայտահատները։
– Դե, էս պահին շատ չծավալվենք, մենակ էն կասեմ, որ Աստված է ասել։
– Հը՜մ,– ասացին փայտահատները՝ ձևացնելով, իբր հասկացան, թե Գայլն ինչ նկատի ունի։
– Լավ, անցեք գործի, քանի ուշ չի...
– Հա, հուսանք, որ դեռ ուշ չի...
Եվ մի մեծ դանակ հանելով՝ ճղեցին Գայլի փորը։ Գայլի աղեկտուր ոռնոցը տարածվեց անտառով մեկ, որից հետո նա ուշաթափվեց։
– Էս մեկ,– ասաց փայտահատը՝ տկլոր ու շշմած Կարմրիկին փոխանցելով մյուս փայտահատին։ Վերջինս, աչքերը պլշած սարսափադեմ ու ապշահար Կարմրիկի վրա, նրան զգուշորեն դրեց խոտերին։
– Էս էլ երկու,– ասաց առաջին փայտահատը՝ հանելով տատիկին ու նորից փոխանցելով ընկերոջը, որը տատիկին դրեց իր թոռնիկի կողքին։ Կարմրիկն այդ ընթացքում էշացած–նստած էր՝ ձեռքին մի կտոր թաց փալաս...
– Հիմա կարկտելու ժամանակն է։
– Հա, մնում է թել ճարենք...
– Ո՞նց... Չունե՞նք...
– Չէ...
– Յա, դե սպասի, վազելով գնամ մոտակա տներից մեկի դուռը ծեծեմ, խնդրեմ, բերեմ,– ասաց երիտասարդ փայտահատը և գնաց թելի հետևից։
– Ինձ է՜լ հանեք,– հանկարծ Գայլի փորից լսվեց մի խուլ ձայն, կարծես տակառի միջից մեկը ձայն տար։
– Ո՞նց,– զարմացավ տարեց փայտահատը,– էլի՞ մարդ կա... :o
– Հա՜, իրեն էլ հանեք,– հանկարծակի ուշքի գալով ճչաց Կարմրիկը,– նշանածիս էլ հանեք, թե չէ ես էլ եմ հետ գնում։
– Ի՞նչ նշանած, չեմ հասկանում... էս դուք տնով–տեղով հյուրընկալվել էիք Գելի փորու՞մ։ :{
– Քիչ խոսեք, շուտ արեք հանեք, ինքն առանց այդ էլ լավ չէր. մի շաբաթ է՝ էնտեղ է...

Եվ փայտահատը Գայլի փորից դուրս բերեց նաև մեր հին բարեկամ Անխելք Վաղոյին ու պառկեցրեց Կարմրիկի կողքին։ Նրա հագուստի թևքերը չկային, քանի որ թրջոցների տեսքով մեկը դրված էր ճակատին, մյուսն էլ Կարմրիկի ձեռքին էր։
– Որ սաղ մնամ, վաղը կամուսնանանք,– շնչահեղձ լինելով՝ մի կերպ արտաբերեց Վաղոն՝ սիրառատ ու երախտապարտ հայացքը հառած Կարմրիկին։
– Այո, սիրելիս, անպայման կամուսնանանք,– ժպտալով ասաց Կարմրիկը՝ փոխելով նրա ճակատի լաթը։
– Ես էլ եմ վա՜տ...,– հանկարծ ճչաց տատիկը,– շունչս կտրվու՜մ է, գոնե արհեստական շնչառություն տվեք...
Փայտահատը, որ մի հաստլիկ ծերուկ էր, նետվեց դեպի տատիկը՝ նրա շնչառությունն ապահովելու։
– Վաղու՜ց այսպես չէինք համբուրվել,– ասաց տատիկը՝ աչքով անելով ծերուկին։
– Հա, իսկապես, բավական վաղուց,– ժպտալով պատասխանեց ծերուկը։
Վերջապես եկավ մյուս փայտահատը՝ թելը ձեռքին։
– Դու պահի, ես կարեմ,– ասաց նա։
– Մի րոպե սպասեք,– ասաց Կարմրիկը՝ վեր կենալով։
– Չլինի՞ թե էլի մարդ եք մոռացել ներսում :blin,– վախեցավ փայտահատը։
– Չէ,– ասաց Կարմրիկը, և ձեռքի լաթը թաթախեց Գայլի փորի մեջ, որից հետո տարավ ու խնամքով դրեց Վաղոյի ճակատին։

Եվ այսպես, Գայլի փորը կարկատեցին, հետո մի քանի բաժակ ջուր լցրին մռութին, և նա ուշքի եկավ՝ միանգամայն առողջ ու սթափ վիճակում։
– Վաղո՞, էս քեզ է՞լ են հանել։ :o Վատ չի, վատ չի։ Գուցե չհավատաս, բայց իսկապես անկեղծորեն ուրախ եմ քեզ համար։ Ես երբեք էլ քո վատը չեմ ուզել։
– Գիտեմ, գիտեմ, Գել Ախպեր։ Ես քեզ նույնիսկ երախտապարտ եմ էն ամենի համար, ինչ արեցիր մեզ հետ։ Դու չես էլ պատկերացնում, թե ինչ մեծ լավություն ես արել ինձ, ավելի ճիշտ՝ մեզ :love,– և սիրավառ հայացքն ուղղեց Կարմրիկին։
– Այո, ճիշտ է,– ժպտալով միացավ Կարմրիկը,– քո շնորհիվ ես գտա իմ կեսին, որի համար անչափ երախտապարտ եմ քեզ։ :oy
– Մենք երկուսս էլ շատ լուրջ ապրումներ ունեցանք էս ընթացքում, շատ բան կշռադատեցինք, վերլուծեցինք ու հասկացանք, չէ՞, սիրելիս։ :love
– Ըհը :aha,– գլխով արեց Կարմրիկը։
– Լավ, դե հիմա վեր կաց, տեսնենք էս ծառի հետ ինչ ենք անում։ Ոսկին հանենք, դու տես՝ ի՜նչ հարսանիք ենք անում։ :hands
– Հա, լավ ես ասում,– ասաց Գայլը՝ վեր կենալով ծառի տակից։
– Փայտահատ ախպերներ, դուք էլ օգնեք, էս ծառի տակի գանձը հանենք, ձեզ էլ բաժին կհանենք։ ;)

Եվ չորսով՝ Վաղոն, Գայլը և փայտահատները, փորեցին–հանեցին ծառի տակի ոսկին։
– Վաղո ջան, ամաչում էլ եմ հարցնեմ, բայց պիտի հարցնեմ. հարսանիքիդ ինձ է՞լ ես կանչելու։ :oy

– Վա՜յ, բա եղա՞վ, ա՛յ Գել ախպեր։ Բա առանց քեզ ես կամուսնանայի՞, որ դեռ մտածեմ՝ քեզ կանչում եմ, թե չէ։ Դու իմ հարսանիքի քավորն ես լինելու, քավո՛րը։ :cool
– Վայ, լու՞րջ ես ասում, Վաղո ջան, շատ զգացված եմ։
– Ձեզ էլ եմ հրավիրում,– ասաց Վաղոն՝ դիմելով փայտահատներին։
– Բայց ի՜նչ քեֆ ենք անելու, գնա–գալիս եմ :hands,- հրճվում էր Գայլը։
– Իսկ կարելի՞ է ես էլ իմ նշանածին բերեմ :oy,– ամաչելով հարցրեց երիտասարդ փայտահատը։
– Այ տղա՞,– զարմացավ ծերուկ փայտահատը,– դու՞ երբ հասցրիր նշանած ունենալ։ :o
– Բոլորովին վերջերս :roll,– խորհրդավոր ժպտալով պատասխանեց երիտասարդը,– իսկ ավելի ճիշտ՝ կես ժամ առաջ։ :P Էն որ թելի էի գնացել, պատահական մեկի դուռը ծեծեցի, և, օ՜ հրաշք, հանդիպեցի երազանքիս կնոջը։ :roll Մենք միանգամից հասկացանք, որ միմյանց համար ենք ստեղծված և հենց տեղում նշանվեցինք, բա։
– Ի՜նչ ռոմանտիկ օր ա էսօ՜ր,– ոգևորված բացականչեց Գայլը,– ձեռքներդ դրեք գլխիս։
Վաղոն ու երիտասարդ փայտահատը ձեռքները դրեցին Գայլի գլխին։
– Քո հերթն էլ կհասնի, Գել ախպեր, հեչ մի մտածի,– ասաց ծերուկ փայտահատը՝ թփթփացնելով Գայլի ուսին։
– Ի դեպ,– ասաց Գայլը՝ նայելով ծերուկ փայտահատին ու տատիկին,– բա դու՞ք երբ եք ամուսնանում։
– Օ՜, ո՜չ,– սեթևեթանքով ծիծաղեց տատիկը,– մենք չեն ամուսնանում. մենք չափազանց ծեր ենք դրա համար, համ էլ մենք մեզ այսպես էլ վատ չենք զգում, չէ՞, թանկագինս ;),– և կրքոտ համբուրեց ծերուկին։
– Այո, այո, երբեմն առանց ամուսնանալու էլ կարելի է երջանիկ լինել։ Բայց դա, իհարկե, ձեզ՝ ջահելներիդ, չի վերաբերում։

Ուլուանա
10.05.2008, 19:57
Հաջորդ օրը Վաղոյի՝ նախկին Անխելք մարդու և Կարմրիկի հարսանիքը եղավ։ Հարսանիքին, բացի հրավիրվածներից, ուրիշ շատ մարդիկ ու կենդանիներ էլ կային։ Պարզապես շատերն էին լսել Վաղոյի ու Կարմրիկի ապշեցուցիչ ծանոթության ու դրա երջանիկ շարունակության մասին, և հետաքրքրությունից դրդված՝ եկել էին տեսնելու այդ զարմանահրաշ պատմության բոլոր մասնակիցներին։

– Ծանոթացեք նշանածիս հետ,– ասաց երիտասարդ փայտահատը՝ ներկայացնելով... Փառանձեմին։ Վաղոն ու Փառանձեմը սկզբում զարմացած իրար նայեցին, ապա երկուսն էլ ձևացրին, թե չեն ճանաչում միմյանց։ Դե, ի՞նչ իմաստ ուներ։ «Լավ է,– մտածեց Վաղոն,– փաստորեն, գտել է իր կյանքի ընկերոջը։ Թե չէ մի տեսակ խիղճս տանջում էր...»։

Հավանաբար կարիք չկա ասելու, որ Գայլն այս հավաքույթի հոգին էր։ Հավաքույթը կարծես ոչ թե Վաղոյենց հարսանիքը լիներ, այլ Գայլի մեծարման երեկոն։ Բոլորը նրա մասին էին խոսում, նրա կատակներով էին հիանում, բոլորն ուզում էին հենց նրա հետ պարել։ Որոշ դեռատի աղջնակներ հասցրին սիրահարվել նրան, նույնիսկ փորձեցին «կպցնել», բայց դե գիտեք, մեր Գայլը իր սկզբունքներին չէր դավաճանում ու սկզբունքորեն «չէր կպնում»։ Նա հավատարիմ ու համբերատար կերպով սպասում էր իր երազների գայլուհուն։ Իսկ նրա երազների գայլուհին իրականում շատ ավելի մոտ էր, քան նա կարող էր պատկերացնել...

Գայլը հետաքրքրությամբ ուսումնասիրում էր հրավիրված և անկոչ հյուրերին, մեկ էլ հանկարծ ու՞մ տեսնի սեղանի շուրջ նստած, որ լավ լինի։ Աղվեսին՝ իր դարավոր թշնամուն, որն իրեն բազմիցս խաբել էր տարբեր հեքիաթներում...
– Սա՞ էստեղ ինչ գործ ունի, գրողը տանի :angry,– խոժոռվեց Գայլը,– սա ոչ մի տեղ հենց էնպես չի գնում, տեսնես մտքին ի՞նչ կա...
Եվ անմիջապես շարժվեց դեպի Աղվեսը։
– Օ՜, Գայլ եղբայր,– ծորուն ձայնով քաղցր–մեղցր բացականչեց Աղվեսը,– сколько лет, сколько зим!!! Քեզ այնպե՜ս էի կարոտել,– և միանգամից փաթաթվեց Գայլին։
– Իսկ ես քեզ հեչ էլ չէի կարոտել,– Աղվեսի թաթերն իր վզից պոկելով ու զզվանքով մի կողմ հրելով՝ ասաց Գայլը,– ի՞նչ գործ ունես այստեղ, քեզ կարծեմ չէին հրավիրել։
– Օ՜, սիրելիս, դու բոլորովին չես փոխվել, նույն միամիտն ես. ախր միայն հիմարներն են գնում այնտեղ, որտեղ իրենց սպասում են։
– Դու էլ չես փոխվել. նույն տականքն ես մնացել։
– Շնորհակալություն հաճոյախոսության համար, սիրելի՜ս։ Դա ամենալուրջ հաճոյախոսությունն էր, որ քեզնից երբևէ լսել եմ։ Պարե՞նք։
– Մի րոպե, փորդ ինչու՞ է այդպես ուռած...
– Հեչ, ուղղակի հղի եմ ;),– խունջիկ–մունջիկ պատասխանեց Աղվեսը։
– Սո՛ւտ ես ասում, մեկին կերել ես :angry,– Աղվեսի վրա սպառնալից հայացք գցելով՝ պատասխանեց Գայլը,– քանի շուտ է, խոստովանիր, թե ում։
– Հետաքրքիր է, իսկ ինչի՞ց եզրակացրիր, թե շուտ է։
– Փորիդ մեծությունից. երևում է, որ դեռ չես հասցրել մարսել։ Ես հո լավ գիտեմ, թե դա ինչպես է լինում։ Ասա՛, ո՞վ է փորիդ մեջ։
– Սիրելիս, կատակը մի կողմ, ես իրոք հղի եմ... Քեզնից... :oy
– Ստեր մի՛ փչիր, տակա՛նք։ Մենք երբեք միասին չենք եղել։ Ես չէի կարող քեզ նմանի հետ լինել։ Մեր հարաբերությունները միշտ խիստ գործնական են եղել։
– Դե հա, բայց չէ՞ որ գործընկերներն էլ են երբեմն սիրավեպ ունենում։ :roll
– Գուցե, բայց ո՛չ ես։
– Հիշու՞մ ես, մի անգամ դու հարբած էիր և...
– Ո՛չ, չեմ հիշում։ Ես հիանալի հիշողություն ունեմ և գիտեմ մի պարզ ճշմարտություն. ես ընդհանրապես չեմ խմում, հետևաբար չէի կարող հարբած լինել, հետևաբար դու, ինչպես միշտ, ստում ես, ապու՛շ։ :angry
– Լավ, լավ, համոզեցիր, խոստովանում եմ... Ձմերուկ եմ կուլ տվել։ :oy
– Շա՜տ հնարամիտ էր։ Չգիտեի, որ սկսել ես ձմերուկներով հետաքրքվել։ Հերթական հեքիա՛թ։
– Չէ, հեքիաթ չի, ճիշտ եմ ասում, չես հավատում՝ ձեռք տուր, տես, որ ձմերուկ է։
Գայլը կասկածանքով ձեռքը դրեց Աղվեսի փորին։
– Հա, իսկապես կլոր է...,– շոշափելով ասաց նա։
– Բա որ ասում էի...,– թեթևացած ժպտաց Աղվեսը։
– Հա, կլոր է, բայց ինչպես ամեն փայլող բան ոսկի չի, էնպես էլ ամեն կլոր բան ձմերուկ չի։
– Տե՜ր Աստված... Իսկ ուրիշ ի՞նչ կլոր բան կարող էի կուլ տալ, քո կարծիքով,– նյարդայնացած ճչաց Աղվեսը,– միգուցե ասես, որ արև՞ն եմ կուլ տվել, հը՞։
– Չէ, արևը հաստատ իր տեղում է...
– Դե ուրեմն ձմերուկ է։ :P
– Ա՜,– հանկարծ գոռաց Գայլը,– Բոքո՜նը։ Մեր ախպեր Գնդլիկ Բոքո՜նը։ Հասե՜ք, փրկե՜ք,– և Աղվեսին պինդ բռնելով, որ չփախչի, այնպիսի շուխուր դրեց, որ բոլորն անմիջապես հավաքվեցին նրանց շուրջը։

Բայց Աղվեսին չգիտես ոնց հաջողվեց դուրս պրծնել Գայլի ձեռքերից, ու ճեղքելով իրենց շրջապատած ամբոխը՝ փախուստի դիմեց...
Ճանապարհին թափով բախվեց մեկին ու ընկավ հատակին։ Խոչընդոտը մի գայլուհի էր, որն էլ, իրեն չկորցնելով, անմիջապես նստեց Աղվեսի վրա ու բռնեց կոկորդից։
– Բռնե՜լ եմ, շուտ եկե՛ք,– կանչեց նա։
Բոլորը վազեցին դեպի ձայնը, և Գայլն առաջին անգամ տեսավ Գայլուհուն...
«Այսքա՜ն համաձակ, այսքա՜ն ուժեղ ու այսքա՜ն գեղեցիկ... :love,- զմայլված մտածեց Գայլը,– ինչպես ասում են՝ երեքը մեկում։ Հրա՜շք»։ Եվ Գայլի զույգ աչքերն ակնթարթորեն սրտիկների վերածվեցին։

Աղվեսին բռնեցին, կապոտեցին, մեր փայտահատներն էլ արդեն իրենց գործը լավ իմացող վարպետների նման միանգամից գործի անցան։ Բոքոնին հանեցին Աղվեսի փորից։ Վաղոն ու Գայլը՝ որպես վաղեմի բարեկամներ, նետվեցին Բոքոնին գրկելու։ Բոքոնը սկզբում Գայլից վախեցավ, բայց երբ Վաղոն նրան պատմեց, որ Բոքոնին փրկելը նրա մտահղացումն էր, և որ Գայլն իրականում Բոքոնին ուտելու միտք չունի, վերջինս վերջապես հանգստացավ։
– Ի՜նչ ախորժելի տեսք ունի :nyam,– լսվեց այս ու այն կողմից։
Բոքոնը վախեցած շուրջը նայեց և արդեն պատրաստվում էր ծլկել, քանի նորից չեն կերել, բայց Գայլը նրան հետ պահեց։
– Բոքոն ախպեր, անընդհատ փախնելով բան դուրս չի գա։ Բա քո նման տղուն վայե՞լ ա փախած ման գալը։ Մի հատ ճիշտն ասա։
Բոքոնը տխուր մռութ ընդունեց ու գլուխը կախեց։ :8
– Չէ, սենց չի լինի։ Դու չափից դուրս ախորժելի տեսք ունես, զարմանալի չէ, որ բոլորն ուզում են քեզ ուտել։ Ախր մեղադրելու էլ չի։ Մարդիկ տեսնում են, ախորժակները գրգռվում է։ Մարդկանց ախորժակը փոխել չենք կարող, բայց այ քո տեսքը փոխելու մասին արժե մտածել։ Քեզ հարկավոր է կերպարանափոխվել։
– Բայց ո՞նց :(,- տխուր ասաց Բոքոնը,– ախր ունեմ–չունեմ մի գլուխ ունեմ...
– Հա, ու հենց գլուխդ էլ կվերափոխենք։
– Այսի՞նքն...,– վախեցավ Բոքոնը։
– Այսինքն՝ գլուխդ, այսինքն՝ քեզ, կներկենք մի ուրիշ գույնի։ Ո՞րն է քո սիրած գույնը։
– Դեղինը։ :love
– Չէ, դեղինը չանցավ, ախր դու համարյա դեղին ես, էլի, որ էդ օրին ես։ Ուրիշ գույն ասա։
– Ուրիշ սիրած գույն չունեմ... :8
– Լավ, ուրեմն ի՛մ սիրած գույնի կներկենք քեզ, այսինքն՝ կանաչ։ Համ էլ խոտերի մեջ չես երևա։ Քո համար արխային գլորվելով կգնաս, ու ոչ մեկի մտքով չի անցնի քեզ ուտել։
– Բայց չէ՞ որ խոտ ուտող կենդանիներ էլ կան, – հանկարծ ասաց Գայլուհին, որ մինչ այդ համակ ուշադրությամբ հետևում էր նրանց զրույցին։
– Հա, ճիշտ է, էդ մեկը չէի մտածել... Կարող է բույսի տեղ դնեն և ուտեն։ «Փաստորեն, նաև խելացի է :love»։
– Իսկ եթե ի՛մ սիրած գույնի ներկե՞նք,– առաջարկեց Գայլուհին։
– Իսկ ո՞րն է քո սիրած գույնը։
– Բաց շագանակագույնը, այ այս երանգի :oy,– և ցույց տվեց Աղվեսի տակ գտնվող ինչ–որ զանգված... Աղվեսը վախից տակը լցրել էր...
– Ֆու՜... :[,– բացականչեց Գայլը,– բայց վատ գույն չի, գիտե՞ս։ Համ էլ եթե քո ցույց տված բանի տեղ դնեն, դրանից մեր Բոքոնը միմիայն կշահի։ :hands Կարծեմ ոչ ոք դրանից ուտել չի սիրում։ :D
Բոլորը ծիծաղեցին։
– Ուրեմն որոշվեց։ Հենց այդ գույնի էլ կներկենք,– լրջանալով ասաց Գայլը։



* * *

Գայլի ու Գայլուհու հարսանիքն ամենաճոխն էր։ Հրավիրված էին բոլոր այն հեքիաթների հերոսները, որոնց Գայլը երբևէ մասնակցել էր։ Իսկ դրանք, ինչպես գիտեք, բավական շատ են. այնտեղ էին երեք խոզուկները, Գնդլիկ Բոքոնիկը՝ իր նոր՝ առավել ապահով հանդերձանքով, Կարմիր Գլխարկն իր նորաթուխ ամուսնու՝ երբեմնի անխելք, բայց այժմ կարգին խելոք մարդու՝ Վաղոյի հետ, և այլ հերոսներ։

Իսկ վերջում երկնքից ոչ թե երեք խնձոր ընկավ, այլ ընդամենը մեկ... Բոքոնուհի։ Գուշակեք, թե ում համար... ;)


* * *
Ասում են՝ Վաղոյի ու Կարմրիկի հարսանիքից հետո ամեն տարի այդ օրը Վաղոյի մոր գերեզմանի մոտակայքից անընդհատ ինչ–որ շրըխկդրըխկոց էր լսվում, և բոլորը համոզված են, որ այդ Վաղոյի մայրն է դագաղում շուռ գալիս ողջ օրը՝ սեփական խոստման համաձայն... Բայց ասում են նաև, որ մի քանի տարի անց շրըխկդրըխկոցը տարօրինակ կերպով դադարել է... Փաստորեն, մահից հետո էլ մարդկանց հայացքները կարող են փոխվել...

Selene
10.05.2008, 20:34
Շատ լավն էր, շատ-շատ:) Մի հեքիաթում էսքան հումոր, ժպիտ, բարություն, մեծահոգություն :roll
Անգամ վերջում հեղինակը չմոռացավ վերջին միայնակի մասին :love

Իսկ վերջում երկնքից ոչ թե երեք խնձոր ընկավ, այլ ընդամենը մեկ... Բոքոնուհի։ Գուշակեք, թե ում համար... ;)

*e}|{uka*
10.05.2008, 21:49
Անգամ վերջում հեղինակը չմոռացավ վերջին միայնակի մասին

Բոլորն (նույնիսկ շականակագույն բոքոնիկը) իրենց կեսին գտան , բացի Մոխրոտից , սրտիս դարդ եղավ:D :cry
:hands Լավն էր... Ապրես Ուլու ջան՜ :Բայց այն հեքաթներից չի, որոնք գիշերը երեխաներին համար արժի կարդալ, մեծահասակների համար է :oy

Enipra
10.05.2008, 22:40
Փաստորեն «կինոյի տղեն» Գայլն էր: :D Համատարած դաունիզմի մեջ վառ արտահայտված, կարգին համով-հոտով կերպար էր: :):D
Շատ-շատ լավն էր, Ան ջան, ահագին ուրախացա, ապրես::love

Կարդացի-պրծա ու մտածեցի, որ սենց մի դեմքություն էլ կարելի է հայկական հեքիաթների հիման վրա գրել, օրինակ` "Կիկոսի մահը", "Անբան Հուռին", "Ձախորդ Փանոսը", "Բարեկենդանը" և այլն: Առաջարկում եմ ակումբի հեքիաթագիրներին: :roll Որ դուք չգրեք, ես եմ գրելու` իմ անփորձ ու անտաղանդ տեղով, էնպես որ ավելի լավ է` մի բան մտածեք :D

Երկնային
10.05.2008, 22:57
Ան, դու դեմք ես, դեմք ես մի այլ կարգի… :))

Ասեմ, որ մի շնչով էր կարդացվում, հենց տեղադրածդ հատվածը վերջանում էր, չէի դիմանում, մինչև էլի տեղադրես…:oy հիմա էլ մեծ հաճույքով էլի շարունակություն կկարդայի… :D

երևակայությանդ մասին խոսք չկա:), մեկ էլ նենց սիրուն համադրություն էր գրականի ու խոսակցականի… :hands

դե ասեմ, որ ամենաշատը դուրս եկավ այն պահը, երբ որ Գայլ Ձյա-ն Գայլուհուն տեսավ ու աչքերի մեջ սրտիկներ հայտնվեցին… :love:D

Իսկական հեքիաթ էր, հեփի էնդով, բոլոր համեմունքներով, ժպիտներով… բարի էր շատ, մոնիտորի դեմը նստած ժպտում եմ դեռ, տպավորության տակ եմ… :)
Ապրես…:ok

Մելիք
10.05.2008, 23:22
Ան, լավ էլի:D
Իբր որոշել էի էսօր գործ անել, էն էլ էս հեքիաթդ:love
Սկզբից տեսքից վախեցա, ասի էսքան չեմ կարդա:think
Հետո, վսյո տակի, որոշեցի վերջին մասը կարդամ ու հիմա ել ցհեմ կարա կանգ առնեմ, պիտի մնացածնեռն ել կարդամ:love

Բարեկամ
11.05.2008, 17:58
Ան, բայց ինչ լավ մուլտ կդառնար էս հեքիաթդ :hands Գայլուհու սրտիկ աչուկներով :love
Բայց քիչ էր: Ինձ թվում ա նոր-նոր էր սկսվել. դեռ էնքան կերպարներ ու հեքիաթներ կարելի էր խառնել, երևի…

Հումորդ շատ լավն էր, հատկապես տեղ-տեղ ուղղակի խփում էր :D
Մենակ, Ան, :oy , էն աղվեսի շագանակագույնը ինձ թվում ա չարժեր, переборщила… եսիմ…:oy

Բարեկամ
11.05.2008, 18:28
Ան, բայց հեքիաթդ իրոք ահագին մութ հարցեր թողեց. կիսատ ա էլի :P
Օրինակ, թե ինչ եղավ մոխրոտի հետ /անհայտ փաստերի առումով/, ասենք` արքայազնը ինչքան ծանր տարավ կարմիր խնձորի բացակայության պահը: Շատ էլ Գերմանիայում են. ռոյալ օրենքները էդ հարցերում դեռ պահպանողական են :P

Ուլուանա
11.05.2008, 18:36
Ան, բայց հեքիաթդ իրոք ահագին մութ հարցեր թողեց. կիսատ ա էլի :P
Օրինակ, թե ինչ եղավ մոխրոտի հետ /անհայտ փաստերի առումով/, ասենք` արքայազնը ինչքան ծանր տարավ կարմիր խնձորի բացակայության պահը: Շատ էլ Գերմանիայում են. ռոյալ օրենքները էդ հարցերում դեռ պահպանողական են :P
Ան ջան, համաձայն եմ, որ կարելի էր դեռ ահագին զարգացնել իրադարձությունները, ի դեպ, դա կարելի էր անել անվերջ։ :D Ես էլ, ինչպես քեզ արդեն ասել եմ, առանց էդ էլ ինչ–որ բան ավարտին հասցնելու հետ կապված խնդիրներ ունեմ, :)) ու եթե տրվեի հավեսին`շարունակելով հետևել երևակայությանս ընթացքին, հաստատ տենց էլ չէի վերջացնի... Էս հեքիաթը կդառնար մի հատ անավարտ վեպ։ :D

Բայց դե, ո՞վ գիտի, մեկ էլ տեսար՝ մի օր խելքիս փչեց շարունակություն գրել... :roll

impression
11.05.2008, 22:32
Նոր կարդացի, մի շնչով, ուղղակի հրաշալի էր: Ան ջան, շաաաաատ լավն էր, սկզբում մտածում էի՝ էսքանը դե արի ու կարդա, բայց շատ սահուն ու հեշտ գնաց: Ասեմ տպավորություններս՝ ուրեմն՝ նախ շատ ուրախ եմ, որ էն ախմախ արքայազնին կույս Մոխրոտ բաժին չընկավ, ապրեն մեր խոպանչի հայերը ՀԱ՜-ՅԵ՜Ր:
Հետո՝ Կարմրիկի ու Գայլի բռնաբարության մասին խոսակցությունը սպանե՜ց, բարձր ծիծաղում էի կարդալուց, դե վերջն էլ շատ սիրուն էր Ան ջան, հալալ ա քո ֆանտազիային:
Մի անգամ էլ ասեմ՝ ivy-ական էր ;) թե հարուստ ու համով-հոտով բառապաշարը, թե երևակայության թռիչքները:
Ան, ապրես :)

Երկնային
12.05.2008, 17:44
Ան, հեքիաթիցդ իմ կողմից ամենաշատը սիրված երկու հերոսներին եմ նկարել... :oy
մռութ են չէ՞… :))

Ուլուանա
12.05.2008, 18:14
Ան, հեքիաթիցդ իմ կողմից ամենաշատը սիրված երկու հերոսներին եմ նկարել... :oy
մռութ են չէ՞… :))
Հա, մռութ են։ :love
Փաստորեն, հեքիաթս նույնիսk ոգեշնչել ա քեզ, հա՞։ :)) :oy

Կարո՞ղ ա շուտով երաժշտություն գրող էլ հայտնվի... :unsure Քիչ–քիչ մուլտֆիլմին պատրաստվենք։ :))

Երկնային
12.05.2008, 18:16
Հա, մռութ են։ :love
Փաստորեն, հեքիաթս նույնիսկ ոգեշնչել ա քեզ, հա՞։ :)) :oy

Կարո՞ղ ա շուտով երաժշտություն գրող էլ հայտնվի... :unsure Քիչ–քիչ մուլտֆիլմին պատրաստվենք։ :))

իսպաներենի դասին նստած Բոքոնիկ էի նկարում… :oy
աչքիս մի oր բոլոր հերոսներիդ տեսնես… :D

Chuk
18.05.2008, 01:40
Նախ ասեմ, որ դժվարությամբ սկսեցի կարդալ: Նույնիսկ առաջին տողերը կարդալիս ինձ թվաց, որ պարտադրված եմ կարդալու, բայց (ինչ լավ է) սխալվել էի :)
Կարդալիս ակամա մտածում էի, թե Հոլիվուդցիներն ինչքան բան են կորցրել, որ չեն գտել քեզ: Ան, լուրջ: Այ մերոնք մուլտ են ասում, ես էլ կիսամուլտ, կիսակինո ասեմ, եռաչափ գրաֆիկական դեմք հերոսներով ու իսկական դերասաններով: Լուրջ եմ ասում, ամերիկացիք հիմա տենց բաներ անել սիրում են, սիրում են նաև հեքիաթների հետ խաղեր խաղալ, բայց վստահ եմ, որ ոչ սենց հաջող: Իրոք լավ է ստացվել ու կարևորը, որ իրական, ոչ թե սարքովի հումոր է (չգիտեմ, էս մտքիցս բան հասկացաք):
Անցումներն էլ են լավը (մի պատմությունից մյուսին): Ուրախ եմ, որ գլխավոր հերոսը կտրուկ փոխվեց (հայ երիտասարդը չմնաց): Ի դեպ դա հետաքրքիր անակնկալ էր, ոչ ստանդարտ, երբ պատմության կեսից գլխավոր հերոսն ասում է «Հաջող, ես իրականում երկրորդական էի»:
Բայց որ կիսատ բաներ կան, այ դա կպնդեմ: Հա՛, կարելի է անվերջ շարունակել, բայց և միաժամանակ, կարծում եմ, որոշ հարցերի պատասխաններ է պետք տալ: Մասնավորապես Մոխրոտի հարցինը: Հայտնի հեքիաթի տված պատասխանը մեզ չի բավարարում, մենք Անահիտի պատասախանն ենք պահանջում: Այնպես որ, Ան ջան, գործ անելու ժամանակն է :P
Մեկ էլ մի քանի դիտողություն կարծիք. օրինակ սոված անդամի մասին հիշատակումդ ահագին զվարճալի էր, մտերմիկ, բայց ես կարծում եմ, որ գործդ ավելին է, քան միայն ակումբում դնելու ենթակա: Իսկ այլ ընթերցողի համար այդ տողերը ոչ միայն մտերմիկ չեն լինի, այլև անհասկանալի կլինեն: Նաև գորշ մասայի տեսարանը կուզեի որ չլիներ: Այդպիսի մի քանի խմբագրական ուղղումների կարիք, կարծում եմ (խիստ սուբյեկտիվ) կա: Ու որոշ տեղերում (առանց մատնացույց անելու ասեմ) զուտ հայկական մտածողությանը հասկանալի հատվածները կարծում եմ կարելի է խմբագրել ու, ինչու ոչ, թարգմանելով ներկայացնել միջազգային հանրության դատին: Ի դեպ, դա հրաշալի բան կլինի: Արդյունքում, երբ որոշակի մասաների կհետաքրքրի հեքիաթդ, նրանց կհետաքրքրի նաև «Անխելք մարդը» ու դու, Ան, քո կամքից անկախ կնպաստես հայ գրականության միջազգային ճանաչմանը: Կարծում ես՝ չափազանցնու՞մ եմ: Բնավ: Չափազանց լուրջ եմ մոտենում այս կոլորիտային ստեղծագործությանդ:
Հա, ի դեպ շնորհակալություն այս պատմվածքով իմ բանակային միապաղաղ կենցաղում ուրախ ու զրնգուն ծիծաղի ձայներ ավելացնելու համար: Շատ լավն էր, Ան :)

Dayana
22.06.2009, 00:14
Փաստորեն կիսատ էի թողել :D Ան, անհամբեր սպասում եմ հաջորդ հեքիաթին: Չուշացնես ;)

Ֆոտոն
15.12.2009, 09:00
Այս հրաշալի հեքիաթը անասելի հետաքրքիր է գրված: Համ ու հոտը տեղն է, աղն էլ տեղն է: :) Հրճվանքով կարդացի: Շատ ավելի նախընտրելի է, որ դեպի ավելի հետաքրքիրն էր գնում: Տրամադրության աճն էլ տպավորության մեծ մասն է: ;)

Էլի եմ ուզում: :love

Հ.Գ. Այս թեմային չի սազում խորը քունը, ակտիվացրե՛ք այն, սիրելի ակումբցիներ: :)

Աբելյան
15.12.2009, 12:14
Даже Վաղոյի ու Գնդիկ-Բոքոնիկի բախտն ա բերում…:(

Ուլուանա
15.12.2009, 22:23
«Անհայտ դեպքեր հայտնի հեքիաթաստղերի կյանքից» խորագրի տակ նոր հեքիաթ եմ գրել, որը, սակայն, կապ չունի նախորդ հեքիաթի հետ, պարզապես սկզբունքն է ընդհանուր։ Ընդհանրապես վերնագիր դնելն ինձ համար միշտ էլ խնդիր է եղել, դրա համար էլ բազմաթիվ տարբերակներ գցել–բռնելուց հետո, ի վերջո, որոշեցի էս անգամ էդ հարցը թողնել ընթերցողին։ Մի խոսքով՝ ակնկալում եմ առաջարկներ, բայց՝ ամբողջ հեքիաթը կարդալուց հետո։ Իհարկե, չեմ խոստանում, որ պարտադիր դրանցից մեկը կընտրեմ, քանի որ հնարավոր է, որ էդ ընթացքում ինքս էլ հաջող մտահղացումներ ունենամ, բայց ամեն դեպքում շնորհակալ կլինեմ, եթե առաջարկեք վերնագրի ձեր տարբերակները. :)

Հեքիաթը կտեղադրեմ մաս–մաս։
..................................................


Ձյունանուշը հեռուստացույցի առջև նստած՝ տաղտկահարված հայացքով դիտում էր նախորդ տարիների ամանորյա տոնակատարությունների տեսագրությունները։
– Անու՜շ,– հանկարծ կանչեց պապը՝ գլուխը հանելով իր գրասենյակից,– ի՞նչ գործի ես։
– Պարապում եմ, պապ,– ձանձրացած հառաչելով՝ պատասխանեց Ձյունանուշը։
– Լավ, դե պարապի, որ վերջացնես, մի հատ արի իմ սենյակ, օգնի, էս նամակների հարցերը լուծենք, տեսակավորենք, մենակ գլուխ չեմ հանում, ծերացել եմ, ծերացել...
– Պա՞պ,– ծիծաղեց Ձյունանուշը,– ինչի՞ դու ջահել է՞լ ես եղել։
– Հա, բա ի՞նչ։ Բա էն բանաստեղծությունը չե՞ս հիշում՝ ինձ ձոնված.

Ձմեռ պապին էլ մանուկ է եղել,
Մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ...

– Է՜, պապ, աչքիս՝ իրոք ծերացել ես... Ախր դա Լենինին է ձոնված, ոչ թե քեզ։
– Վայ... Հա, էլի...,– մի տեսակ խեղճացած ասաց Ձմեռ պապը,– որ ասում եմ՝ ծերացել եմ, ասում ես՝ չէ։ :(
– Դե լավ, էլ մի՛, դու էլ գիտես, որ անմահները չեն ծերանում ;), համենայնդեպս, ոչ էնքան, որ դրանից մահանան։ Իսկ Լենին պապին կերազեր, որ իր պատվին էնքան երգեր ու բանաստեղծություններ ձոնվեին, որքան քո մասին։ Համ էլ ինքը մերժված, հնացած հերոս է, իսկ դու՝ դասական ու միշտ սպասված,— հաղթական տոնով ասաց Ձյունանուշը և սիրով պոնչիկ արեց իրեն ջերմագին ժպտացող Ձմեռ պապի մշտակարմիր թշերը։

– Դե լավ, ես գնամ մի քիչ գործ անեմ։ Ի դեպ, գիտես, չէ՞, որ Նոր տարվա երգերն էլ դեռ պիտի կրկնես։ Հիշու՞մ ես՝ անցյալ տարի բառերը մոռացել էիր, քիչ մնաց՝ խայտառակ լինեինք...
– Օ՜ֆ, էլի սկսվե՜ց... :(,– համարյա լացակումած ասաց Ձյունանուշը,– ամե՛ն անգամ նու՛յն երգերը, նու՛յն ոտանավորները, ամեն ինչ նույնը... Ախր ինչքա՞ն կարելի ա։ Էս տեսագրությունները նայելուց մարդ տաղտուկից մեռնում ա։ Զզվել եմ արդեն։ Նորություն եմ ուզում։ Էն «Տոնածառ ջան, տոնածառ» երգից որ արդեն վրաս դուրս ա տալիս։ :| Էս տարի էդ երգը չենք երգելու, վե՛րջ, հերի՛ք եղավ։
– Վայ, ինչի՞, Անուշ ջան, ախր շատ ջերմ, ուրախ երգ է։
– Ինձ չի հետաքրքրում։ Չեմ ուզում և վե՛րջ։ Ամեն ինչ ինքդ ես որոշում միշտ, ես ձայն չունեմ էս տանը,– այս ասելով՝ բորբոքված վեր կացավ բազմոցից ու նյարդային շարժումով անջատեց հեռուստացույցը։

Ձմեռ պապն իր թոռնիկին առաջին անգամ էր այսպիսի վիճակում տեսնում։ Զարմացած ու վախվորած նայում էր ու չգիտեր՝ ինչ ասեր, ինչ աներ։
– Դու ես որոշում, թե ես ինչ պիտի անեմ՝ ինչ հագնեմ, ինչ ասեմ, ինչ երգեմ, երբ ու ոնց ժպտամ,– հիստերիկ ձայնով շարունակեց Ձյունանուշը,– հոգնել եմ իմ ամանորյա դարավոր մուշտակից, անընդհատ կրկնվող հերթապահ խոսքերից, նախնադարյան երգերից ու վերջապես իմ անիմաստ ամանորյա ժպիտից։ Չե՛մ ուզում ոչ մի Նոր տարի։ Թող գրողի ծոցը գնա էդ ապուշ տոնն իր ամեն ինչով...

Ձյունանուշը դուրս եկավ սենյակից՝ իր հետևից ուժգին շրխկացնելով դուռը, իսկ Ձմեռ պապն ընկավ խոր մտածմունքի մեջ։ Իր թոռնուհին միշտ աչքի էր ընկել բացառիկ բարյացակամությամբ, համբերատարությամբ ու մեղմությամբ։ Իսկ վերջերս կարծես լրիվ ուրիշ մարդ դարձած լիներ. մանրուքներից հանկարծակի բռնկվում էր, անհամբեր, կտրուկ ու անհանդուրժող էր դարձել։

Որոշ ժամանակ ապարդյուն մտորումներից հետո պապն իջավ նկուղ, որի բանալին, ի դեպ, միայն ինքն ուներ. թոռնուհին դեռ ոտք դրած չկար այնտեղ։ Հանեց պատին կպցրած նկարը, որի վրա ինքն ու թոռնուհին էին պատկերված, և պատի վրա մի դռնակ երևաց... Բանալիով բացեց դռնակն ու այնտեղից դուրս բերեց մաշված կազմով հաստափոր մի գիրք, որի էջերը հնությունից դեղնած ու քրքրված էին։ Միայն աստված գիտե, թե քանի դար կլիներ, որ չէր բացել այն։

Նկուղը լի էր հսկայական արկղերով։ Նստեց դրանցից մեկի վրա, որի պատին գրված էր. «Նամակներ Ձմեռ պապիկին. 19–րդ դար»։ Բացեց գրքի բովանդակության էջը, գտավ «Մաս երրորդ. Ձյունանուշ» վերնագիրը, բացեց համապատասխան էջը և սկսեց կարդալ։ Տվյալ մասում տարբեր գլուխների ներքո նկարագրված էին Ձյունանուշի ֆունկցիաներն ու պարտականությունները, դաստիարակությունը, կրթությունը։ Դրանք և էլի որոշ գլուխներ պապը վաղուց կարդացել էր ու անգիր գիտեր, բայց, այ, օրինակ, «Տարիքային տարաբաժանումները», «Մանկությունը», «Պատանեկությունը» և մի քանի այլ գլուխներ, չգիտես ինչու, ժամանակին վրիպել էին աչքից։ Եվ հիմա սկսեց համակ ուշադրությամբ կարդալ.


Տարիքային տարաբաժանումներ
«Թեև նախասահմանված ուղով գնալու դեպքում Ձյունանուշին ի ծնե տրված է անմահություն, ինչպես նաև որոշակի տարիքում նախատեսված է արտաքին տարիքային կանգ, այնուամենայնիվ, նա անցնելու է մարդ արարածին բնորոշ բոլոր տարիքային փոփոխությունների միջով, բացառությամբ արտաքինի։ Միայն թե այն փոփոխությունները, որոնք հասարակ մահկանացուների հետ տեղի են ունենում տարիների կտրվածքով, Ձյունանուշի դեպքում լինելու են դարերի կտրվածքով։ Մասնավորապես նրա մանկության շրջանն ընկնում է 20–րդ դարի վերջերին, իսկ պատանեկությունը կամ դեռահասությունն սկսվում է 21–րդ դարի սկզբից։

– Հըմ... Փաստորեն, համարյա 10 տարի է՝ թոռնիկիս դեռահասությունն սկսվել է...,– մտածկոտ գլուխը տմբտմբացրեց պապը։ Ապա սկսեց կարդալ «Մանկություն» գլուխը.

Նախանշված ուղով զարգանալու, այսինքն՝ իր տեսակի համար սահմանված ճիշտ դաստիարակություն ստանալու դեպքում Ձյունանուշի մանկությունն անցնում է բավական խաղաղ ու առանց նկատելի բարդությունների։ Հանգիստ, կենսուրախ ու հարմարվող բնավորությամբ բալիկ է լինում։ Հաճույքով ու հեշտությամբ յուրացնում է իր կոչմանն անհրաժեշտ ինֆորմացիան։ Ի սկզբանե բնազդաբար գիտակցում է իր դերն ու դրա կարևորությունը մարդկանց կյանքում և բավական վաղ տարիքից իր իսկ կամքով ու նախաձեռնությամբ անցնում է իր բուն պարտականությունների կատարմանը։

Այս հատվածը կարդալիս պապը գոհունակությամբ ժպտաց՝ վերհիշելով իր սիրելի թոռնիկի քաղցր մանկությունը։ Այնուհետև անցավ «Պատանեկություն» գլխին, որը, սակայն, պակաս լավատեսական էր.

Դեռահասության շրջանում Ձյունանուշի մեջ ի հայտ են գալիս որոշակի խռովություններ, կոնֆլիկտային հոգեվիճակներ, պոռթկումներ, անհանդուրժողականություն, սեփական անձի և կյանքում ունեցած իր դերի վերագնահատում, բուռն բողոքներ դարերով կատարած իր որոշ պարտականությունների դեմ, ինչպես նաև սեփական իրավունքների ավելացման որոշակի պահանջներ։ Այս ամենն ուղեկցվում է տրամադրության հաճախակի անկումներով և դրանցից բխող բազմապիսի հետևանքներով։

Այս շրջանում նրա մեջ առաջանում են որոշակի սևեռուն հարցեր, որոնց պատասխանները բարեհաջող գտնելու դեպքում նրա հետագա կյանքն ընթանում է ճիշտ հունով, իսկ պատասխանները չգտնելու կամ ոչ բարենպաստ հանգամանքներում պարզելու և/կամ դրանց նկատմամբ ոչ ադեկվատ արձագանք ունենալու դեպքում հետևանքներն անկանխատեսելի են. պետք է պատրաստ լինել վատագույնին...

Պապը ցնցվեց ու կտրուկ փակեց գիրքը, ապա, սթափվելով, բացեց, որ կարդա շարունակությունը, բայց այդ գլուխն այդքանով ավարտվում էր։

Շարունակելի

Ուլուանա
15.12.2009, 22:35
Կներեք, տեղադրելիս սկզբում մոռացել էի նշել, որ սա առաջին մասն է միայն։ :oy Վերջում արդեն ավելացրի «Շարունակելի» բառը։ :oy

Chuk
16.12.2009, 02:46
Չեմ ուզում մինչև ավարտվելը կարծիք հայտնել, բայց կարծում եմ, որ հաջորդ պահանջս կհուշի գրվածի նկատմամբ վերաբերմունքս.

Պահանջու՛մ եմ շարունակությունը :)

Gayl
16.12.2009, 03:45
Մեռա վրես հալ չմնաց,շուտվանից էտքան չէի խնդացել,էն Գայլի ու Աղվեսի խոսակցությունը սկզբից մինչև վերջ սպանեց:lol
Լավն էր ապրես:)

Ուլուանա
16.12.2009, 18:57
Առավոտյան Ձյունանուշը, մտնելով պապի սենյակ, հանդիսավոր հայտարարեց.
– Պապ, ուզում եմ՝ էս Նոր տարին յուրահատուկ անցնի մարդկանց համար։
– Նոր երգե՞ր ես գտել ինտերնետից,– ոգևորվեց Ձմեռ պապը։
– Չէ, ուղղակի էս անգամ Նոր տարին առանց Ձյունանուշի կանցնի։ :P Հա՛մ մարդիկ կհանգստանան ինձնից, հա՛մ ես՝ իրենցից։ Համ էլ թող մի քիչ կարոտեն։
– Գժվե՞լ ես,– վրդովվեց պապը,– այն օրվանից, ինչ դու առաջին անգամ ինձ հետ գնացիր Նոր տարվա տոնին, դեռ ոչ մի անգամ նման բան չի եղել։
– Ավելի լավ. վերջապես ինչ–որ նորամուծություն կլինի Նոր տարի կոչվող էդ տխմար տոնում, եթե, իհարկե, որևէ մեկը նկատի իմ բացակայությունը, ինչում մի քիչ կասկածում եմ, ճիշտն ասած։ Ու ընդհանրապես ես ինչի՞ համար եմ. միայն բոլորին անիմաստ ժպտալու՞։ Հերիք է, էլ չեմ ուզում դրանով զբաղվել։ Իսկ նվերներն ինքդ էլ կարող ես բաժանել, մի բարդ բան չի։
– Բա որ հարցնեն՝ ուր ես, ի՞նչ պիտի պատասխանեմ ես էդ էրեխեքին,– նեղսրտեց Ձմեռ պապը՝ արդեն լրջորեն անհանգստացած։
– Չգիտեմ, մի բան կմտածես... Ասա, որ հոգնել եմ իրենցից, որ զզվել եմ Նոր տարվա երգերից, անկապ ուտուշ–խմուշներից և էդ ամենի մեջ ունեցած իմ անիմաստ դերից...
– Չեղավ...
– Լավ, ուղղակի կասես, որ անորոշ ժամանակով արձակուրդ եմ գնացել։
– Է՜, բա չե՞ն ասի՝ բա էս 11 ամիս ի՞նչ էր անում, որ հենց Նոր տարվա օրերին է արձակուրդ գնացել։ Հեչ մտածու՞մ ես՝ ինչ ես ասում։
– Թե ինչ կասեն, ինչ կմտածեն՝ արդեն իրենց խնդիրն է։ Ես պարտավոր չեմ մարդկանց հաշվետվություն տալ իմ գործողությունների համար։ Ա՜խ, տեր Աստված, ինչու՞ ես սովորական աղջիկ չեմ ծնվել։ Չեմ ուզում Ձյունանուշ լինել... :cry
– Մի լացի, Անուշ ջան, ախր երեխաները քեզ շատ են սիրում, է՛։
– Հըմ... «Շատ են սիրում»։ Սիրելու համար նախ պիտի գոնե մի քիչ ճանաչեն ։ Իսկ ինձ ոչ ոք չի ճանաչում։ Ախր ի՞նչ ճանաչելու մասին է խոսքը, ես էնքան անդեմ ու անէական ամանորյա ատրիբուտ եմ, որ ինձ իսկի դեմքով չեն ճանաչում. երբ իմ փոխարեն իմ հանդերձանքով ինչ–որ ուրիշ աղջիկներ են ներկայանում որպես Ձյունանուշ, ոչ ոք նույնիսկ չի կասկածում, որ դա ես չեմ :cry Ու գիտե՞ս ինչի, որովհետև թքած ունեն՝ ես եմ, թե ես չեմ, – ու հեկեկոցը պոռթկաց նոր թափով։
– Ա՜, դե էդ ինքնակոչ Ձյունանուշներն ու Ձմեռ պապիկները միշտ էլ եղել են, ո՞վ չգիտի։ Իմիջիայլոց, ինձ շատ ավելի շատ են կեղծել, քան քեզ։ Հիմա ի՞նչ, ես էլ քեզ նման նեղանամ, ասեմ՝ վերջ, ուրեմն էլ չեմ գա, հա՞։
– Դու արա՝ ոնց ճիշտ ես գտնում, բայց ես չեմ գալիս,– արցունքները սրբելով ասաց Ձյունանուշը, ապա հանկարծ լուրջ ու գործնական տոնով ասաց.
– Լսի՛, պա՛պ, իսկ Ձյունանուշը հրաժարական տալու իրավունք չունի՞։
– Այսի՞նքն...,– չհասկացավ պապն ու միանգամից մռայլվեց. ակնթարթորեն մտքում հնչեցին չարագուշակ տողերը. «Նախանշված ուղով գնալու դեպքում...»։
– Դե, նկատի ունեմ՝ չկա՞ ինչ–որ փաստաթուղթ, որի միջոցով ես կարողանամ պաշտոնապես վայր դնել իմ ձյունանուշական պարտականությունները։ Իհարկե, ես առանց փաստաթղթի էլ կարող եմ հրաժարվել դրանից, բայց կուզենայի, որ հնարավորության դեպքում ամեն ինչ օրինական ճանապարհով արվեր։
– Չէ, Անուշ ջան, պաշտոնապես հրաժարվելու դեպքում դու պիտի նախ պաշտոնապես ստանձնած լինեիր Ձյունանուշի պարտականություններդ, այսինքն՝ պիտի դրա վերաբերյալ էլ փաստաթուղթ լիներ, բայց նման փաստաթուղթ չկա ու երբեք էլ չի եղել,– զսպված գոհունակությամբ պատասխանեց պապը։
– Գրողը տանի։ Այսինքն՝ ստացվում է, որ ես ապօրինի Ձյունանուշ եմ, հա՞, վրաս խաբար չկա...
– Դե, էդ նույն տրամաբանությամբ Աստված էլ է ապօրինի։ Անուշ ջան, մենք փաստաթղթերի կարիք չունենք, մեր «պաշտոններն» ի վերուստ են սահմանված։ Քեզնից երբևէ փաստաթուղթ պահանջած կա՞ն, չէ, բա էլ ինչի՞դ է պետք էդ թղթի կտորը։
– Փաստորեն, ի վերուստ «շնորհված» անեծք է...
– Անուշ ջան, վաղն արդեն Նոր տարի է գալիս, էդ նորամուծություններ, հրաժարական, բան... հետո միասին կմտածենք, մի բան կանենք, որ քեզ համար էլ լավ լինի, բայց արի իմ խաթեր վաղը հետս արի, հա՞, բալես,– պապը մեղմորեն շոյեց թոռնիկի ոսկեգույն ծամերը,– համ էլ քեզ համար պապիկն էս տարի նոր մուշտակ է առել, բա։ ;) Չթողեցիր, էլի, ժամանակին նվիրեմ։
– Վայ... Ու՞ր է,– Ձյունանուշի աչքերը փայլեցին,– նայեմ։
Պապը մտավ իր սենյակ, զգեստապահարանից հանեց մի ձյունաթույր մուշտակ ու մեկնեց թոռանը.
– Հըմ, ի՜նչ լավն է :roll,– ժպտաց՝ հիացած շոշափելով մուշտակի փափուկ օձիքը,– իսկը իմ ուզածն է։ :love
– Դե, շնորհավոր, Անուշ ջան, բարով հագնես։ :)
– Շնորհակալ եմ, պապ։ :)
Հետո ոգևորված հագավ մուշտակը և վազեց իր սենյակ՝ հայելու մեջ իրեն տնտղելու։


Առավոտյան Ձյունանուշը հագավ իր նոր մուշտակն ու հին ամանորյա ժպիտը, պապ ու թոռ նստեցին իրենց ավանդական սահնակն ու ճամփա ընկան։
– Օ՜ֆ, էս ի՜նչ խորդուբորդ ճամփեք են, ամեն անգամ հոգիներս դուրս է գալիս, մինչև տեղ ենք հասնում,– բողոքեց Ձյունանուշը,– ո՞վ է տեսել, որ մարդ քսանմեկերորդ դարում քնձռոտ սահնակով երթևեկի։ Գոնե մի կարգին անձնական ինքնաթիռ կամ ուղղաթիռ տրամադրեին։ Վերջիվերջո, իրենց համար ենք գնում, չէ՞։
– Դե, Անուշ ջան, սահնակն ավանդական ամանորյա փոխադրամիջոց է, ինքնաթիռը մի քիչ... էնքան էլ սազական չի մեզ, հասկանու՞մ ես։
– Չէ, չեմ հասկանում։ Էդ որտե՞ղ է գրված, թե Ձմեռ պապը պիտի միշտ անպայման սահնակով երթևեկի։ Հա, միգուցե դեռ մի դար առաջ դա նորմալ էր, բայց էս դարում դա ուղղակի հետամնացություն է։ Ախր էս խեղճ եղջերուներն էլ հալումաշ եղան մեր ձեռը։ Որ մենք ենք հոգնում, բա նրա՞նք ինչ ասեն։
– Լավ, դրա մասին էլ կմտածենք... Դեռ էսօր բարով–խերով տեղ հասնենք, գործներս անենք, հետո որ հետ գանք, էդ հարցն էլ կքննարկենք, Անուշ ջան, դու մենակ թե մի ներվայնացի։


Պարզվեց՝ Ձյունանուշն էս անգամ անակնկալ էր պատրաստել երեխաների ու նրանց ծնողների համար. անձամբ կազմել ու ձևավորել էր բավական յուրօրինակ վերնագիր կրող բուկլետներ, որոնցից մեկական հատ նվիրում էր բոլոր այն ընտանիքներին, որոնց այցելում էին։
Իրականում բուկլետները Ձմեռ պապիկի համար էլ էին անակնկալ. նա դրանց մասին իմացավ միայն այն պահին, երբ Ձյունանուշն առաջին անգամ բուկլետը նվիրեց մի ընտանիքի։ Երբ ընտանիքի մայրը բուկլետը կարդալուց հետո լուրջ կուլ տված, սառած նստեց մի անկյունում, պապը թոռնուհուց հետաքրքրվեց, թե ինչ է գրված բուկլետի մեջ։ Ինքը ենթադրել էր, որ պարզապես ամանորյա բարեմաղթանքներով ավանդական շնորհավորական բացիկներ են։ Ձյունանուշը գոհունակությամբ նրան մեկնեց բուկլետներից մեկը, որի բովանդակությունը հետևյալն էր.


Տարածված մոլորություններ Ձմեռ պապի ու Ձյունանուշի վերաբերյալ

1-ին մոլորություն
Ձմեռ պապիկի մորուքը քաշելու դեպքում ձյուն է գալիս։
Վերոնշյալ դաժան գործողությունն իրականացնելու դեպքում բացի Ձմեռ պապիկի ծնոտը ցավեցնելուց, ուրիշ ոչնչի չեք հասնի։ Ձմեռ պապիկի մորուքն ամեն դեպքում օդերևութաբանական կարգավորիչ չէ։
Բայցևայնպես, մորուք քաշելը հիանալի մեթոդ կարող է հանդիսանալ իսկական Ձմեռ պապիկին ստիցից տարբերելու գործում։ Քաշում ես մորուքը, ու եթե գոռում է՝ ա՜խ, ծնոտս, ուրեմն իսկական է, իսկ եթե գոռում է՝ ա՜խ, ականջներս (որոնց վրա ամրացված է արհեստական մորուքը), ուրեմն ստից է։ Բայց հաշվի առնելով նշված գործողության ցավոտությունը՝ խորհուրդ է տրվում այն կիրառել միայն Ձմեռ պապիկի ինքնության վերաբերյալ շատ լուրջ կասկածներ ունենալու դեպքում։

2-րդ մոլորություն
Եթե ոտանավոր չարտասանես, Ձմեռ պապիկը քեզ նվեր չի տա։
Սա ծնողների հորինած անհաջող «դաստիարակչական» հնարքներից է, որը, սակայն, Ձմեռ պապիկին չի վերաբերում։ Նա հատուկ ձեր անունով նվերը պատրաստել է դեռևս ձեր տուն գալուց առաջ և այն ձեզ է հանձնելու՝ անկախ ձեր ասմունքային ունակությունների առկայությունից կամ դրանք դրսևորելու ձեր պատրաստակամությունից։

Ծնողներին
Ձմեռ պապիկի անշահախնդիր վերաբերմունքը մի՛ շահարկեք ձեր դաստիարակչական թերացումները կոծկելու համար։ Բացի դրանից, Ամանորյա գիշերը երեխային պատժի ենթարկելու համար ամենահարմար պահը չէ։ Դուք մի ամբողջ տարի ունեիք դրանով զբաղվելու համար։

3–րդ մոլորություն
Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը ձյունից են և տաքությունից հալվում են։
Անկեղծորեն խոստովանեք. երբևէ ականատես եղե՞լ եք նման հալոցքային ողբերգության։ Չէ՞ որ ձեր տներում, որտեղ Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը երբեմն ժամերով հյուրընկալվում են, ամենևին էլ սառնամանիք չի տիրում։ Հիշե՛ք. Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը ձեզ նման միս ու արյունից են, որքան էլ որ դա անհետաքրքիր լինի։

4–րդ մոլորություն
Գիշերը Ձմեռ պապիկը ներս է մտնում
ա) պատուհանից
բ) ծխնելույզից։
Դուք ինքներդ պատկերացնու՞մ եք այդ աժդահա ծերուկին՝ նվերներով լի պարկը շալակին ձեր պատուհանից ներս խցկվելիս։ Հավատացեք, դուռն անհամեմատ ավելի հարմար ու ապահով բացվածք է ձեր բնակարան մուտք գործելու համար։ Իսկ ծխնելույզի մասին խոսելն անգամ ամոթ է. Ձմեռ պապիկը բոմժ չէ, որ նման կետոտ ու անպատիվ անցքերից ներս սողոսկի։

5–րդ մոլորություն
Երեխաները բակում Ձմեռ պապի են պատրաստել։
Բակերում ձյունից պատրաստվող այդ գնդակազմ ու գազարաքիթ մարդուկները ձնեմարդ են կոչվում և կապ չունեն Ձմեռ պապիկի հետ։ Թերևս միակ ընդհանրությունն այն է, որ երկուսին էլ միայն ձմռանը կարելի է տեսնել։ Այնուամենայնիվ, Ձմեռ պապիկի համար մի քիչ անպատվաբեր է այդ մարդուկների հետ նույնացվելը։


Թող եկող տարին մոլորություններից հնարավորինս զերծ լինի։
Շնորհավոր Նոր տարի։ :)


Շարունակելի
..................

Ռուֆուս
16.12.2009, 19:13
Ան, ինչ լավն ա :D

Էդ Մոլորությունները ինձ բացել էին :)) Մի քիչ արագ գրի, էլի :)

Դեկադա
16.12.2009, 19:17
Էս ինչ լավն էր:Արժե որ բոլոր մոլորվածներս խելքի գանք ;), շատ դաստիրակչական է :)

Ֆոտոն
16.12.2009, 20:46
Անուուուու՜՜՜՜՜՜՜կ, :D

Շատ հավենս ա: Շարունակություուու՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ն: :D :love

Ուլուանա
17.12.2009, 21:00
Տեղադրում եմ վերջին մասը։


– Սրանից հետո առանց ինձ հետ համաձայնեցնելու նման նախաձեռնություններ չանես,– մի քիչ բարկացած շշնջաց պապը և դառնալով դեպի տանտերերը՝ անցավ ավանդական շնորհավորանքներին։

– Հլը սրանց զարդարած տոնածառը,– ատամների արանքից շշնջաց Ձյունանուշը Ձմեռ պապիկին, – կատարյալ գեղոյություն... :}
– Լավ, էլ մի՛ սկսիր։ Իրենք՝ իրենց տոնածառը, ոնց կուզեն՝ կզարդարեն։
– Է հա, իրենք ոնց կուզեն՝ կզարդարեն, ես էլ ինչ կարծիք կուզեմ՝ կկազմեմ իրենց զարդարածի մասին։ Իրավունք չունե՞մ, ի՞նչ է։ Բայց, աչքիս, մյուս տարի տոնածառ զարդարելու վերաբերյալ խորհուրդների բուկլետ սարքեմ... :think

Այս Նոր տարին Ձյունանուշի համար իսկապես բացառիկ էր։ Իրականում ամեն ինչ այնպես էր, ինչպես որ միշտ էր եղել, միայն թե այս անգամ մի տեսակ ուրիշ աչքով էր նայում ամեն ինչին. ուշիուշով հետևում էր շուրջը կատարվածին, որսում իրեն դուր չեկած բաները, գրի առնում՝ որպես հաջորդ Նոր տարվա բուկլետների նյութ։ Այդպես արդեն կսկսի գոնե մի քիչ օգտակար զգալ իրեն, ոչ թե ընդամենը որպես Ձմեռ պապիկի դեկորատիվ կցորդ։

Ամանորյա հանդիսություններից մեկի ժամանակ ճստիկներից մեկին նրա բաժին նվեր տիկնիկը հանձնելիս Ձյունանուշը հարցրեց նրա տարիքը։
– Չորս,– չորս մատը տնկելով՝ պատասխանեց ճստոն,– բա դու՞ քանի տարեկան ես։
Ձյունանուշին առաջին անգամ էին այդ հարցը տալիս։ Սկզբում կարգին շփոթվեց, հետո գիտակցեց, որ չգիտի իր տարիքը, որից է՛լ ավելի ցնցվեց... Այսքան տարի, չէ, ի՞նչ տարի, քանի դար է՝ ապրում է աշխարհիս երեսին, ու դեռ ոչ մի անգամ չի հետաքրքրվել սեփական տարիքով... Իր տարիքը մինչև հիմա ո՛չ իրեն էր պետք եկել, ո՛չ էլ ուրիշներին։
– Չգիտեմ,– խեղճացած պատասխանեց ճստիկին, որքան էլ որ ամոթ լիներ։
– Ո՞նց :)),– ծիծաղեց ճստոն,– էդքան մեծ ես ու չգիտե՞ս։
– Հա :(,– տխուր–տրտում պատասխանեց Ձյունանուշը։
– Իսկ քո մաման է՞լ ա Ձյունանուշիկ,– հետաքրքրվեց ճստոն՝ երևի մտքում փորձելով պատկերացնել, թե ինչպիսին կլինի Ձյունանուշիկի մայրը։

Ձյունանուշն այս անգամ այն աստիճանի շփոթվեց, որ ուղղակի թողեց երեխային ու դուրս փախավ հանդիսության սրահից...

Մաման... Ի՞նչ մամա... Իսկ ո՞վ է ընդհանրապես իր մայրը։ Կամ կա՞ արդյոք այդպիսին... Կամ երբևէ եղե՞լ է... Ինչ իրեն հիշում էր՝ միայն պապիկ էր ունեցել, ուրիշ ոչ մի ազգականի չէր մտաբերում... Հետաքրքիր է, որ մինչև հիմա իր գլխում էդ հարցը չէր ծագել։ Բայց չէ՞ որ բոլորն էլ, ի վերջո, ինչ–որ մեկից ծնվում են։ Հետևաբար պիտի որ ինքն էլ մայր ունենար։ Բայց ինչու՞ չուներ։ Կամ գուցե ունեցե՞լ է, գուցե հիմա է՞լ ունի, պարզապես տեղը չգիտի... Եվ ինչու՞ միայն մայր, նույն հաջողությամբ պիտի որ հայր էլ ունենար...

................................................................
– Ինտերնետ... Շտապ ինտերնետ է պետք,– հանկարծ բացականչեց Ձյունանուշը և համարյա վազելով դուրս նետվեց շենքից։

Վազում էր մայթերով՝ հայացքը չկտրելով հանդիպող ցուցանակներից, մինչև որ աչքերը վերջապես որսացին բաղձալի “Internet club” բառերը...

Ինտերնետային ակումբում երբևէ չէր եղել, իսկ ինտերնետ միշտ մտել էր իրենց տանից՝ օգտվելով ի վերուստ տրված անսահմանափակ ինտերնետից։ Բայց Ձյունանուշը լրիվ մոռացել էր, որ ինտերնետային ակումբներում տրամադրված ծառայության դիմաց վճարում են, իսկ ինքը փող չուներ ու ընդհանրապես երբեք էլ չէր ունեցել։

– Արա՜, Ձյունանուշ ա էկել մեր ակումբ,– զմայլված դեմքով ասաց պատի տակ բազմած մի պարարտամարմին երիտասարդ։
– Վայ, հա, էլի, ինքն ա,– երիտասարդի կողքին նստած ընկերն էլ իր հերթին ոգևորվեց։
– Վատիկը չի, չէ՞,– ընկերոջն աչքով արեց երիտասարդը։
– Կյանք ա, կյանք։
– Ըհը, մենակ թե ժպիտն ա մոռացել հագնի, փահահահա...

«Էս ու՞ր եմ ընկել»,– վախվորած մտածեց Ձյունանուշը և մի պահ նույնիսկ մտածեց ակումբից հնարավորինս արագ ծլկելու մասին, բայց ինտերնետ մտնելու ցանկությունը հաղթեց.
– Ժամը 350 դրամ է,– ասաց աշխատողուհին։
– Բայց ես... փող չունեմ,– շփոթված պատասխանեց Ձյունանուշը՝ մտածելով, թե ինչը կարող է փոխարինել փողին...
Աշխատողուհին անտարբերությամբ ուսերը թոթվեց։
– Էս մեր Ձյունանուշ քուրն ինտերնետ ա ուզում մտնի, հա՞,– պատատակի երիտասարդն էր,– թող մտնի, պրոբլեմ չունի։ ;)
– Լավ, ոնց կասեք,– ասաց աշխատողուհին՝ ինտերնետային ակումբի՝ պատի տակ նստած երիտասարդ տիրոջը և Ձյունանուշին ցույց տվեց, թե որտեղ նստի։
– Շնորհակալ եմ,– ժպտաց Ձյունանուշը երիտասարդին։
– Խնդրեմ, քուր ջան,– իր մեծահոգությունից բավարարված դեմքով պատասխանեց երիտասարդը, ապա դարձավ ընկերոջը,– փաստորեն, ժպիտը հետն էր։ ;)

Ձյունանուշը նստեց ու անմիջապես գործի անցավ.
– Դե, քեզ տեսնեմ, Գուգո...
Ու սկսեց արագ–արագ հավաքել որոնելի բառերը... Ձյունանուշ... Снегурочка... Snow Maiden... Ձմեռ պապ... Дед Мороз... Santa Claus… Father Christmas…

Ձյունանուշ. ռուսական լեգենդների ամանորյա կերպար, Ձմեռ պապիկի թոռնուհին։ Սակայն սլավոնների մոտ Ձյունանուշը համարվում էր Սառնամանիքի/Ձմեռ պապի և Ձյունե դիցուհու (Снежная девица) դուստրը։

«Հը՞... :o Ո՞նց թե՝ դուստրը... Այսինքն՝ ես պապիկիս դու՞ստրն եմ... :o Այ քեզ բան... Չի կարող պատահել։ Բա Ձյունե Դիցուհի՞ն ով է տեսնես...»։

Որոնում...

Ձյունե դիցուհի... Ձմեռ պապն ամուսնացած էր Ձյունե դիցուհու հետ, որը Մառայի ու Կոշչեյի դուստրն էր։ Ձմեռ պապն ու Ձյունե դիցուհին ունեին մի դուստր՝ Ձյունանուշը։ Պատմում են, որ Ձյունանուշը Լել աստվածուհու քմահաճույքով սիրահարվել է մարդու, այդ պատճառով էլ Գարնան գալու հետ չի թռել Հյուսիս, և հենց որ Արևը տաքացրել է, նա հալվել է...»։

«Հըմ... Տխուր պատմություն է, բայց դե պարզ է, որ իմ մասին չի։ Պապիկի մութ անցյալին դեռ կանդրադառնանք, իհարկե, բայց հիմա շարունակենք որոնումները...»։

«Ձյունանուշիկը». հեքիաթ...

«Չէ, էս մեկը որ հաստատ լրիվ ուրիշ «օպերայից» էր, մեր ընտանիքի հետ ակնհայտորեն ոչ մի կապ չունի...»։
...

«Էհ, ոնց որ թե Գուգո պապիկն ուրիշ ոչինչ չի ուզում պատմել իմ ծագման մասին...»։ :(

– Աստվա՜ծ իմ,– հանկարծ տեղից վեր թռավ,– ով գիտի՝ հանդեսն արդեն ավարտվել է, պապն էլ ինձ է փնտրում...

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց երիտասարդին ու պոկվեց դեպի այն վայրը, որտեղ հանդեսն էր։ Հասավ հենց այն պահին, երբ բոլորն արդեն դուրս էին գալիս շենքից, Ձմեռ պապն էլ մոլորված այս ու այն կողմ էր նայում։ Շնչակտուր մոտեցավ պապին։
........

– Պապ, ասել էիր, որ հենց տուն հասնենք, կխոսենք, ու դու կպատասխանես բոլոր հարցերիս։
– Հա։
– Ովքե՞ր են իմ ծնողները։
Պապը միանգամից շփոթվեց, սպիտակ բեղերը սկսեցին անօգնական թրթռալ։ Ապա ձեռքով բեղերը շոյեց դեպի ներքև ու ասաց.
– Հըմ... Երկար պատմություն է, Անուշ ջան...
– Ոչինչ, ես ոչ մի տեղ չեմ շտապում, կարծեմ՝ դու էլ։

«Ա՛յ մարդ, հանգիստ ապրում էինք, էլի, թե էդ անտեր հարցը որտեղի՞ց եկավ–մտավ գլուխը :(»:
– Նախ ասեմ, որ հայրդ հասարակ մահկանացու էր, ու մահացել է հիվանդությունից։ Այն ժամանակներում մրսածությունից հաճախ էին մահանում։ Իսկ մորդ հետ ամուսնանալը նշանակում էր ընտրել հավերժական սառնամանիքը։ Նա ուղղակի չդիմացավ մեր կլիմային...
– Իսկ մա՞յրս։
– Մայրդ՝ իմ աղջիկը, թեև ավելի ուշ, բայց էլի վաղուց է մահացել։ Դու այդ ժամանակ շատ փոքր էիր։

Ձյունանուշը հոգոց հանեց՝ դեմքին համակերպված հիասթափություն։
– Ինչի՞ց է մահացել, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում, ամեն ինչ ուզում եմ իմանալ։ Ես մեր ընտանիքի մասին որոշ բաներ կարդացել եմ ինտերնետում, բայց դրանք պարզություն մտցնելու փոխարեն ամեն ինչ միայն ավելի խառնեցին գլխումս... Բացի դրանից, մորս մասին այդպես էլ ոչ մի խելքին մոտ ինֆորմացիա չգտա... Մեկ էլ մի բան չեմ հասկանում. ո՞նց կարող էր մայրս մահանալ, չէ՞ որ մենք անմահ ենք։
– Անուշ ջան, էս կյանքում ամեն ինչ զարմանալիորեն փոխկապակցված է, ամեն ինչ իր իմաստն ու բացատրությունն ունի։ Գոյություն ունեն անխափան տիեզերական օրենքներ, և դրանց ցանկացած խախտում հանգեցնում է որոշակի հետևանքների։ Մարդիկ աշխարհ են գալիս որոշակի առաքելությամբ, դրանք բոլորի համար տարբեր են, բայց միշտ կան, իսկ դրանցից յուրաքանչյուր լուրջ շեղում արդեն խաթարում է համընդհանուր ներդաշնակությունը, խեղաթյուրում մարդու կյանքի ուղին, ու եթե հաշվի առնենք նաև այն, թե որքան փոխկապակցված է ամեն ինչ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե բազմաթիվ մարդիկ շեղվեն իրենց համար նախանշված ուղուց։ Դե, ճիշտն ասած, առանձնապես պատկերացնելու կարիք էլ չկա, առանց էդ էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջբոլորը։ Մի խոսքով՝ երԳիրը երԳիր չի... Բայց ոնց որ թե շատ շեղվեցի... Հա, ի՞նչ էի ասում...

Մայրդ էլ ինձ ու քեզ նման ի ծնե անմահությամբ էր օժտված, ճիշտ է, բայց նա շեղվեց իր համար նախասահմանված ուղուց, որի հետևանքով կորցրեց անմահությունը։ Նա գայթակղվեց իշխանությամբ ու հարստությամբ, որոնք, իր կարծիքով, այնքան հզոր էին, որ ամեն դեպքում կապահովեին իր անմահությունը, սակայն անմահությունը երբեք էլ բացարձակ չի լինում. միշտ էլ լինում են «անցքեր», որոնց մեջից նպաստավոր հանգամանքների դեպքում դուրս է սողոսկում մահը։ Ես բազմիցս զգուշացրել եմ մորդ այդ ամենի մասին, բայց նա չափից դուրս շատ էր տարվել... Ոմանք ասում էին, որ դիվահար է եղել... Հետագայում նրա գործած չարիքները կործանեցին իրեն... Մեզ հետ ունեցած նրա ազգակցական կապի մասին պատմության մեջ որևէ հիշատակում չկա, քանի որ մեզնից անդարձ հեռանալուց ու նոր կյանք սկսելուց հետո նա ներկայացել է որպես լրիվ առանձին կերպար ու պատմության մեջ էլ մնացել է հենց այդ կերպարով՝ որպես չարի մարմնացում... Ես ինքս չէի ուզենա, որ մարդիկ քո բարի անունը որևէ կերպ նրա հետ կապեին։

Ձյունանուշի դեմքին տխրության ու հիասթափության խառնուրդ–արտահայտություն էր հայտնվել... Փաստորեն, հերիք չի՝ մայրը մահացել է, դեռ մինչ մահանալն էլ թքած է ունեցել իր վրա, թողել–հեռացել է ու երբևէ չի հիշել իր գոյության մասին... Ու էդպիսի արատավոր համբավ...

– Պապ, իսկ ի՞նչ կերպարով է նա հայտնի պատմությանը։ Ու ո՞նց է ստացվել, որ ես թեկուզ պատահաբար ոչինչ չեմ լսել նրա մասին...
– Դե, դրա մասին ես հատուկ հոգացել եմ հենց սկզբից... :oy Սպասիր, հիմա քեզ մի բան ցույց կտամ։

Պապն անշտապ քայելով իջավ նկուղ, որտեղ այն նույն թաքստոցից հանեց կիսաճմրթված էջերի ոչ այնքան մեծ կույտ, ապա ներս մտնելով թոռնուհու մոտ, ասաց.
– Հիշու՞մ ես Անդերսենի հեքիաթների գիրքը, որ տարիներ առաջ նվիրել էի քեզ։
– Հա, ո՞նց չեմ հիշում, իմ ամենասիրելի գրքերից է։ Մինչև հիմա էլ երբեմն կարդում եմ։
– Էդ գիրքը բեր։
Ձյունանուշը մի քիչ զարմացավ, բայց անմիջապես նետվեց գիրքը բերելու։
– Ահա։ Լավ էլ պահպանվել է։ Նկարներն էլ են շատ սիրուն։ Չնայած շատ եմ կարդացել, բայց էս գրքին միշտ հատուկ խնամքով եմ վերաբերվել։ Ճիշտ է, մեջից մի երեսուն էջ պակասում է, բայց դրանում ես մեղք չունեմ, հենց սկզբից է էդպես եղել։ Հիշու՞մ ես՝ երբ քեզ հարցրի, թե ուր են էդ էջերը, ասեցիր, որ դրանցում մի հեքիաթ է գրված, որը մեծական է, իսկ ես դեռ փոքր եմ, կմեծանամ, նոր կկարդամ։
– Արդեն մեծացել ես,– ժպտաց պապը,– ահա այդ էջերը։ Կարող ես կարդալ։ Խնդրեմ, հարազատ մայրդ՝ իր ողջ փայլով։

Ձյունանուշն անհամբերությամբ խլեց թղթերը և առաջին էջի վրա կարդաց հեքիաթի վերնագիրը՝ «Ձյունե թագուհին»...

...

– Էհ... :(
– Լավ, էդ ամենն արդեն հեռավոր անցյալ է, պատմություն։ Տխուր է, բայց դե ի՞նչ արած։
– Պապ, ես նրա նման չեմ դառնա, չէ՞։
Պապը կիսատխուր ծիծաղեց.
– Չէ, դժվար։ Դու բոլորովին նման չես նրան։ ;)
– Լսիր, բայց, գիտե՞ս, ես քեզ հետ համաձայն չեմ էն հարցում, որ մորս հետ իմ ազգակցական կապն արժե թաքցնել։ Թող մարդիկ իմանան, ի՞նչ կա որ։ Ես հո պատասխանատու չե՞մ նրա արարքների համար։ Համենայնդեպս, ես չեմ ամաչում էդ փաստից։ Իսկ դու՞։ ;)
– Ես էլ, ես ընդամենը քո պատվի մասին էի մտածում։
– Դե ուրեմն հաջորդ Նոր տարվանից մարդիկ նոր ու հետաքրքիր տեղեկություններ կիմանան Ձմեռ պապիկի ու Ձյունանուշի կյանքից։ :P
– Բուկլետներիդ համար նոր սենսացիոն նյութ գտար, հա՞, ավազակի մեկը,– ծիծաղեց Ձմեռ պապը՝ թոռնուհու ծամը քաշելով։
– Հա, իսկ ի՞նչ կա որ, ինչքան շատ հետաքրքիր անակնկալներ լինեն, էնքան լավ։ ;) Դե լավ, ես գնամ հաջորդ տարվա համար նոր երգեր գտնեմ, քաշեմ, որ սովորեմ`«Տոնածառ ջան, տոնածառ»–ի փոխարեն։ :P Ձյունանշաձողը պետք է միշտ բարձր պահել։ ;)
............................

Որոշ ժամանակ անց երկնքից երեք բուկլետ ընկավ՝ մեկը տոնածառ զարդարելու մասին խորհուրդներով, մեկը՝ Ձյունանուշի ծագման համառոտ պատմությամբ, մյուսն էլ... դատարկ. մեջն ինչ ուզում եք՝ գրեք։ :))

Վերջ

Փոքրիկ
17.12.2009, 21:54
Հրաշք հեքիաթ էր:love առաջին անգամ էր, որ մի շնչով ու անհամբեր կարդացել եմ: Ընտիր ա:hands :love

Լուսաբեր
17.12.2009, 22:16
– Մի լացի, Անուշ ջան, ախր երեխաները քեզ շատ են սիրում, է՛։
– Հըմ... «Շատ են սիրում»։ Սիրելու համար նախ պիտի գոնե մի քիչ ճանաչեն ։ Իսկ ինձ ոչ ոք չի ճանաչում։ Ախր ի՞նչ ճանաչելու մասին է խոսքը, ես էնքան անդեմ ու անէական ամանորյա ատրիբուտ եմ, որ ինձ իսկի դեմքով չեն ճանաչում. երբ իմ փոխարեն իմ հանդերձանքով ինչ–որ ուրիշ աղջիկներ են ներկայանում որպես Ձյունանուշ, ոչ ոք նույնիսկ չի կասկածում, որ դա ես չեմ :cry Ու գիտե՞ս ինչի, որովհետև թքած ունեն՝ ես եմ, թե ես չեմ, – ու հեկեկոցը պոռթկաց նոր թափով։
– Ա՜, դե էդ ինքնակոչ Ձյունանուշներն ու Ձմեռ պապիկները միշտ էլ եղել են, ո՞վ չգիտի։ Իմիջիայլոց, ինձ շատ ավելի շատ են կեղծել, քան քեզ։ Հիմա ի՞նչ, ես էլ քեզ նման նեղանամ, ասեմ՝ վերջ, ուրեմն էլ չեմ գա, հա՞։
– Դու արա՝ ոնց ճիշտ ես գտնում, բայց ես չեմ գալիս,– արցունքները սրբելով ասաց Ձյունանուշը, ապա հանկարծ լուրջ ու գործնական տոնով ասաց.
– Լսի՛, պա՛պ, իսկ Ձյունանուշը հրաժարական տալու իրավունք չունի՞։
– Այսի՞նքն...,– չհասկացավ պապն ու միանգամից մռայլվեց. ակնթարթորեն մտքում հնչեցին չարագուշակ տողերը. «Նախանշված ուղով գնալու դեպքում...»։
– Դե, նկատի ունեմ՝ չկա՞ ինչ–որ փաստաթուղթ, որի միջոցով ես կարողանամ պաշտոնապես վայր դնել իմ ձյունանուշական պարտականությունները։ Իհարկե, ես առանց փաստաթղթի էլ կարող եմ հրաժարվել դրանից, բայց կուզենայի, որ հնարավորության դեպքում ամեն ինչ օրինական ճանապարհով արվեր։
– Չէ, Անուշ ջան, պաշտոնապես հրաժարվելու դեպքում դու պիտի նախ պաշտոնապես ստանձնած լինեիր Ձյունանուշի պարտականություններդ, այսինքն՝ պիտի դրա վերաբերյալ էլ փաստաթուղթ լիներ, բայց նման փաստաթուղթ չկա ու երբեք էլ չի եղել,– զսպված գոհունակությամբ պատասխանեց պապը։
– Գրողը տանի։ Այսինքն՝ ստացվում է, որ ես ապօրինի Ձյունանուշ եմ, հա՞, վրաս խաբար չկա...


Էս մասը մի քանի անգամ եմ կարդացել, որովհետև ծիծաղից թուլացած էի:D ու կիսատ պռատ էի կարդում/բարձրաձայն եմ կարդում, որ Արիացին էլ լսի / անդեմ ու անեական ամանորյա ատրեբուտ :D :D
Շատ լավն էր էէէէէ :ok սկզբից որ բացեցի տեսա երկարա, ասեցի սա ո՞նց կարդաս :)) բայց վերջում էլի էի ուզում էն էլ պրծել էր :oy


– Դե ուրեմն հաջորդ Նոր տարվանից մարդիկ նոր ու հետաքրքիր տեղեկություններ կիմանան Ձմեռ պապիկի ու Ձյունանուշի կյանքից։
Ահա :aha արդեն գիտենք :D ես իմ բոլոր ծանոթներին էլ տեղյակ կպահեմ :yea

Էլի եմ ուզու՜մ :love լավ ես գրում Անահիտ ջան, ապրես :vaii:

Ռուֆուս
19.12.2009, 02:48
Անուկ, ապրես, հեքիաթը հրաշք էր ստացվել, ճիշտն ասած չէի պատկերացնում, թե վերջում ոնց էիր տակից դուրս գալու, բայց լավ էլ կարողացար :))

Համ երկու օր առաջ կյանքումս առաջին անգամ Ձմեռ Պապիկին նամակ գրեցի ու նվեր ուզեցի :)) Ուզածս էլ մի մեծ բան չի, ընդամենը տումբչկա, որ գրասեղանս մի քիչ ազատվի ավելորդ թղթերից ու լիքը ուրիշ զիբիլներից :))

Ուլուանա
21.12.2009, 11:02
Շնորհակալ եմ բոլոր կարծիքների, շնորհակալությունների ու վարկանիշների համար։ :oy
Ինձ ոգեշնչում եք։ :roll