PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկխոսություն…



Artgeo
27.04.2008, 15:29
Իրողությունների փաստագրում
17:39 Yerevan | 13:39 GMT | Saturday 26 April 2008

Երեկ, «Ազատություն» ռադիոկայանով հաղորդվել է, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը միջնորդություն է առաջարկել` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում կազմակերպելու նպատակով: Մասնավորապես` «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հայտնել է, որ «մինչեւ ստրասբուրգյան քննարկումները Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր եւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին` պատրաստակամություն հայտնելով նպաստել երկխոսությանը: Համենայնդեպս Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից եղել է անգամ գրավոր համաձայնություն: Պարոն Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, սակայն որեւէ հաստատակամություն կամ հաստատական պատասխան չի եղել»:

Փաստի խորհրդապահական լինելու պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը զերծ է մնացել այն հրապարակելուց: Սակայն այժմ, երբ դա արդեն հայտնի է դարձել, մենք նպատակահարմար ենք գտնում տպագրել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակ

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը

10 մարտի 2008թ.

ՀՀ Առաջին նախագահ

Լեւոն Տեր-Պետրոսյանին

Երեւան

Հարգելի հայրենակիցներ,

Ձեզ հրավիրում եմ մեր երկրի ապագային միտված եւ արդեն հրամայական դարձած քննարկման: Առաջարկում եմ, որ հանդիպումը տեղի ունենա միմիայն ձեր անմիջական մասնակցությամբ, առայժմ անարձանագիր ընթացակարգով եւ հրատապ ժամանակացույցով` Երզնկյան 75 հասցեում գտնվող Ռազմավարական կենտրոնում: Այս նպատակի համար այն զօրուգիշեր ձեր տրամադրության տակ է:

Սպասելով ձեր պատասխանին` խնդրում եմ ուղղակի, դեմ-դիմաց, միգուցե բախտորոշ հաղորդակցության հնարավորությունը բաց չթողնել: Ուշ չէ:

Լավագույն բարեմաղթանքով

Րաֆֆի Հովհաննիսյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը

Րաֆֆի Հովհաննիսյանին ի պատասխան 10.03.2008թ. նամակի

Սիրելի Րաֆֆի,

Գնահատում եմ քո խորին մտահոգությունը ներկա իրավիճակից դուրս գալու անհրաժեշտության առթիվ եւ ողջունում քո նախաձեռնությունը` իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ Հայաստանի իշխանությունների հետ ցանկացած երկխոսության հիմք եմ համարում ԵՄ նախագահության ս/թ մարտի 4-ի հայտարարության պարունակած բոլոր չորս կետերը` արտակարգ դրության դադարեցում, խոսքի, մամուլի, զանգվածային միջոցառումների անցկացման ազատություն, քաղբանտարկյալների ազատ արձակում եւ մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննության իրականացում: Հանդիպումից առաջ պետք է բավարարված լինի ԵՄ նախագահության հայտարարության մատնանշած առնվազն մեկ պահանջը, այն է` բոլոր ձերբակալվածների ազատ արձակումը:

Հարգանքով`Լեւոն Տեր-Պետրոսյան

Երեւան, 11 մարտի, 2008թ.

http://www.zhamanak.com/article/9053/


Հետաքրքիր է ձեր կարծիքը իմանալ այս ամենի մասին։ Ի՞նչ եք կարծում, երկխոսությունը անհրաժե՞շտ է, հարկավո՞ր է :think

Վիշապ
27.04.2008, 15:36
Հնարավոր պատասխանների ցուցակում կուզեի տեսնել «անիմաստ է» տարբերակը։ Երկխոսության եզրեր չեմ տեսնում։

Մելիք
27.04.2008, 15:45
Անիմաստ ա:

Հ.Գ. Վիշապի ստորագրությունը մի միտք ներշնչեց:)
Ժողովուրդը ես եմ
(Լևոնական)

dvgray
27.04.2008, 15:46
Հետաքրքիր է ձեր կարծիքը իմանալ այս ամենի մասին։ Ի՞նչ եք կարծում, երկխոսությունը անհրաժե՞շտ է, հարկավո՞ր է :think
Համարում եմ, որ ճիշտ տակտիկական քայլ է, Սերժիկին բերել Լևոնի հետ նույն "կաբինետ" :D:
Սերժիկը կխուսափի իհարկե, բայց մարդ ես :D:

ChildOfTheSky
27.04.2008, 22:57
Երկխոսությունն անխուսափելի է . սերժը հրաժարական տալուց առաջ բավականին ծավալուն երկխոսություն կունենա Լևոնի հետ իր ապագայի վերաբերյալ : Ռոբին առաջինը սերժն ա քցելու :

Artgeo
27.05.2008, 09:37
Ո՛Չ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ

Հարգելի խմբագրություն

Օրեր առաջ, երբ դպրոցում անցել էին Դ. Վարուժանի «Կարոտի նամակը», ուսուցչուհին համանուն վերնագրով շարադրություն էր հանձնարարել: Ահա թե ինչ էր գրել իմ դուստրը.

«Իմ ամենա... ամենա... ամենա... հայրի՛կ... Ես սիրում եմ քեզ...

Իմ կարոտած սրտի լարերը այլեւս չեն նվագում, քանզի բացակայում է ամենագլխավոր լարը` քոնը: Դժվար է առանց քեզ, ո՛չ, անհնար է, անհնար է դիմանալ օր օրի ահագնացող այս կարոտին, որն սպառնում է դուրս հորդել իր ափերից: Մայրիկի անսահման սերն ու ջերմությունն անգամ անզոր են մեղմել այս ծովածավալ կարոտը... Հիշո՞ւմ ես, երբ փոքր էի, զանգահարում էի ու ասում. «Ամպի չափ կարոտել եմ, շո՛ւտ արի»... Հիմա էլ եմ կարոտել, ամպի~ չափ, ո՛չ... անչա~փ... բայց չեմ կարող ասել` արի: Ամեն առավոտ արթնանում եմ ու սպասում, որ հիմա կբացվի ննջասենյակիս դուռը ու... սափրվելու օճառը դեմքիդ, խորամանկ ժպիտով` կհայտնվես դու` ինձ համբուրելու ու դեմքս «օճառելու», բայց...

Ամեն պահ, ամեն վայրկյան դու իմ կողքին ես...

Երբ տուն եմ մտնում, ասես լսում եմ քո ձայնը...

- Էս ո՞ւմ գեղեցկուհին եկավ...

Ու հեղձուկը սեղմում է կոկորդս... Թաքցնում եմ արցունքներս, որ ոչ ոք չնկատի..

Իմ ազնիվ, արդա՛ր, խիզախ ու բարի~ հայրիկ, ես հպարտանում եմ քեզանով... Ես քո կարիքն եմ զգում, քո բարի խոսքերի, քո ջերմ համբույրների, քնքույշ փաղաքշանքների, ինչո՞ւ չէ, նաեւ խիստ հայացքի:

Այնքա~ն, այնքա~ն բան ունեմ քեզ ասելու, որ թվում է մի ամբողջ կյանք չի բավականացնի մեր հարկադրական բաժանման դատարկը լցնելու:

Բայց համոզված եմ, որ այս բաժանումը երկար չի տեւի, որ շուտով կվերադառնաս ու կբերես իմ հոգու անդորրը, մեր ընտանիքի ուրախ ու երջանիկ օրերը:

Ուզում եմ հավատալ, որ միայն հեքիաթներում չէ արդարությունը հաղթանակում, ուզում եմ հավատալ, որ բոլորս ապրելու ենք ազա՛տ, անկա՛խ ու արդար՛ Հայաստանում...

Ի՛մ, քո՛ եւ բոլորի~ս Հայաստանում...»:

Ուրեմն երկխոսե՛ք, պարոնայք պատգամավորներ: Երկխոսեք իմ տասներեքամյա դստեր հետ, բացատրեք նրան, իր կենսագրությամբ մեր երկրի պետականությունը կերտած, պատերազմում վիրավորված ու հրաշքով կենդանի մնացած, «Արիության» շքանշանով պարգեւատրված նրա հայրը խարխլում էր «ձեր» պետականության հիմքերը... Երկխոսեք ի՛նձ հետ եւ իմ նման հարյուրավոր ազատամարտիկների կանանց հետ: Բացատրեք մեզ, որ պատերազմի հինգ տարիներին ընտանիքի հոգսը միայնակ տանելը քիչ էր, որ այսօր էլ պիտի միայնակ դաստիարակենք մեր զավակներին, որ կայունացնենք «ձեր հիմքերը»:

Այս երկրի տերը դուք չեք, այլ Նրանք... Եվ քանի դեռ իմ դուստրը կարոտում է հորը, քանի դեռ նրա հայրը կարոտում է իր զավակներին, իր երկիրը, իր քաղաքը, իր «գերված» Ազատության հրապարակը` մեր զավակներն ասելու են.

- Ո՛չ երկխոսությանը...

Ս. Ա.
20.05.2008թ.
ք. Երեւան