PDA

Դիտել ողջ տարբերակը : Էջեր առանց շպարի



Esmeralda
15.10.2006, 23:58
Բարև…. զարմացա՞ր.. հա, հասկանում եմ… առաջին անգամ եմ քեզ բարևում… եթե ինձ նկատել ես, ուրեմն գիտես, որ մինչև հիմա քեզ չեմ «ճանաչում»… Հիմա կհարցնես` բա ինչո՞ւ եմ հետդ խոսում… ախր մենք մի մեծ ընդհանրություն ունենք ու նույնքան մեծ տարբերություն… Մենք երկուսս էլ սիրում ենք նրան, իսկ նա… քեզ…
Բայց դրա համար ես քեզ չեմ ատում… ես քեզ հարգում եմ, սիրում…. եթե արժանացել ես նրա համակրանքին… ուրեմն հաստատ քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում… Հենց դրա համար էլ կարծում եմ, որ վատը չես… Մինչ այսօր մտածում էի, թե դու էլ ես իմ բախտին արժանացած… Տեսնում էի քեզ արտասվելիս… իմ մեջ ուրախանում էի… «Բա իմ ջանը քար ա՞»… մտածում էի… բայց հետո ինքս ինձ սաստում…
Իսկ նա ինձ ասում էր, թե քեզ խղճում է…. Հասկանո՞ւմ ես… նա ինձ էր ասում այդ մասին… Իսկ ինձ խնդրում էր` իրեն չբարևեմ, որ դու չիմանաս, թե մենք ծանոթ ենք…
Ես քեզ անգիր գիտեմ… գիտեմ ընկերուհիներիդ… գիտեմ` որ համարի երթուղայինով ես տուն գնում… գիտեմ, թե ընթերցասրահում որտեղ ես սիրում նստել… գիտեմ, թե քեզ ինչ հագուստ և ինչ սանրվածք է սազում… գիտեմ… ու գիտե՞ս` ինչի համար… որովհետև դու նրան մոտ մարդ ես…
Քեզ գիտե՞ս` ինչի եմ սիրում… դու ինձ երջանիկ վայրկյաններ ես պարգևել… մի անգամ ընթերցասրահում էի.. Նա էլ էր… դու եկար, նստեցիր իրա սեղանի մոտ... Ինքն էլ վեր կացավ ու գնաց… երջանկացա… փայլեցի… իսկ մինչ նրա գնալը… շունչս պահած նրա դեմքին էի նայում… Նրա անտարբերությունը քո նկատմամբ ինձ երջանկացրեց… Ուրախ տուն գնացի… նստեցի կոմպիս մոտ, որ դրա մասին մի ստեղծագործություն կերտեմ… բայց դե ես ուրախ բաների մասին չեմ կարում գրեմ… Աջատեցի կոմպս ու դուրս եկա… ում հնարավոր էր, պատմեցի… երջանկությունս կիսվեց, կիսվեց… հենց հասավ նույն մակարդակին, եկա տուն, միացրի կոմպը, բայց էլի դժբախտ չէի… անջատեցի, քնեցի…

շարունակելի...

Հ.Գ. Մինչ շարունակությունը գրելը կցանկանայի իմանալ՝ ձեր կարծիքով այս ոճում ինչպես է ստացվում ինձ մոտ... արժե՞ շարունակել....

kiki
16.10.2006, 00:08
հետաքրքիր էր , մի քիչ տարբերվում էր այն մեկից , համենայն դեպս ավելի հեշտ էր կարդացվում ու հասկացվում , պարզ մարդկային զգացմունքը պարզ ձևով էր ... երևի արժի , բայց դա մենք չէ որ պիտի քեզ ասենք ... դու պիտի ինքդ դա զգաս ... ուզում ես այսպե՞ս , թե հին ոճով ...

Riddle
16.10.2006, 00:42
Իհարկե ինձ դուր եկավ: Երևի գրելուցս առաջ էլ պատկերացնում էիր կարծիքս::)
ձեր կարծիքով այս ոճում ինչպես է ստացվում ինձ մոտ... արժե՞ շարունակել....Բնականաբար ստացվում է, բայց գրիր միայն այն ոճով, որը դու զգում ես, որը քեզ դուր է գալիս ու ավելի հոգեհարազատ է: Միևնույն է, հնարավոր չէ գրել այնպես, որ այն բոլորին դուր գա::)

kiki
16.10.2006, 00:47
իմիջիայլոց , թեմայի վերնագիրը շատ հետաքրքիր ու ճիշտ է ընտրված ...

Բարեկամ
16.10.2006, 04:45
… բայց դե ես ուրախ բաների մասին չեմ կարում գրեմ…

Էս տողն իսկական էր :)

Ուլուանա
16.10.2006, 05:58
Ինձ էլ են քո մտորումներն առանց շպարի ավելի դուր գալիս... Մի տեսակ ավելի սահուն են կարդացվում։ ;) Ինչպես արդեն ասեցին Riddle-ն ու Kiki-ն, եթե այս ոճը քեզ հարազատ է, ապա արժե գրել այս ոճով։

Իսկ ընդհանրապես կարելի է փորձել ոչ միայն ոճը փոխել, այլև թեման։ Գուցե վերջապես դու՞րս գաս նեղ անձնական ապրումների ոլորտից։ Ասածիս մեջ հանկարծ վիրավորանքի կամ հեգնանքի նշաններ չփնտրես, ուղղակի առաջարկում եմ նոր հարթություն ոտք դնել։ Չէ՞ որ կյանքն ավելի լայն ու բազմազան է, քան երկուսի հարաբերությունները։ Համոզված եմ, որ քեզ կհաջողվի, եթե փորձես։ :)

Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ կարդալ քո ստեղծագործություններն այլ թեմաներով, քանի որ գրելաոճդ լավն է, ինձ դուր է գալիս, ուղղակի այդ սիրո, հատկապես մերժված ու անպատասխան սիրո թեման անձամբ ինձ (կարծում եմ՝ ոչ միայն ինձ) վաղուց արդեն հոգնեցրել է, ընդհանրապես, նկատի չունեմ հենց քո ստեղծագործությունները։ Բանն այն է, որ, իմ կարծիքով, այդ թեման այն աստիճան ծեծված է ու սպառված, որ միայն սիրո մասին ստեղծագործելով՝ ինքնատիպ լինելն ու չկրկնվելն անչափ դժվար է։

Սա իմ կարծիքն էր, Անի ջան։ Հուսով եմ՝ վիրավորական տարրեր չգտար դրա մեջ, որովհետև քեզ վիրավորելու մտադրություն ընդհանրապես չեմ ունեցել։ ;)

Ամեն դեպքում քեզնից սպասելու եմ այլ թեմաներով ստեղծագործություններ... :P

StrangeLittleGirl
16.10.2006, 09:51
Համաձայն եմ Անահիտի հետ, միայն մի բան կուզեի ավելացնել: Այս ստեղծագործությունն այնքան էլ «առանց շպարի» չէր: Կարծում եմ, որ չափից դուրս շատ ավելորդ բազմակետեր ես դրել: Դրանք ծանրացնում են ստեղծագործությունը:

Մելիք
16.10.2006, 11:49
Իսկ ընդհանրապես կարելի է փորձել ոչ միայն ոճը փոխել, այլև թեման։ Գուցե վերջապես դու՞րս գաս նեղ անձնական ապրումների ոլորտից։ Ասածիս մեջ հանկարծ վիրավորանքի կամ հեգնանքի նշաններ չփնտրես, ուղղակի առաջարկում եմ նոր հարթություն ոտք դնել։ Չէ՞ որ կյանքն ավելի լայն ու բազմազան է, քան երկուսի հարաբերությունները։ Համոզված եմ, որ քեզ կհաջողվի, եթե փորձես։ :)
:P
Թեման , կարա փոխվի մենակ էն ժամանակ, երբ հետաքրքրությունները կփոխվեն: Իսկ եթե միտքդ աշխատում ա էդ ուղղությամբ ու դու փորձում ես խոսել ուրիշ բանի մասին, ինձ թվում, ա էնքան էլ լավ չի ստացվի:

Բազմակետերի մասին էլ.
Անի ջան, իրոք շատ ես դրանցով ծանրացնում գրածներդ, ինձ կոնկրետ չափից շատ բազմակետերը , երբեմն նյարդայնացնում են: Ստացվում ա, որ լիքը բան ունես ասելու , բայց չես ասում, բայց միաժամանակ նաև հրավիրում ես բոլորի ուշադրությունը դրա վրա: Եթե ուզում ես , որ բոլորը տեսնեն թաքցրածը, մի թաքցրու, եթե թաքցնում ես, ուրեմն, թող գտնեն նրանք, ում պետք ա էդ թաքցրածդ, իսկ եթե մեկին պետք ա , անպայման կգտնի:

Ոճի մասին.
Կախման կետերը հանած՝ շատ հետաքրքիր ա, ինձ դուր ա գալիս:

Riddle
16.10.2006, 13:43
Իսկ ընդհանրապես կարելի է փորձել ոչ միայն ոճը փոխել, այլև թեման։ Գուցե վերջապես դու՞րս գաս նեղ անձնական ապրումների ոլորտից։ Ասածիս մեջ հանկարծ վիրավորանքի կամ հեգնանքի նշաններ չփնտրես, ուղղակի առաջարկում եմ նոր հարթություն ոտք դնել։ Չէ՞ որ կյանքն ավելի լայն ու բազմազան է, քան երկուսի հարաբերությունները։ Համոզված եմ, որ քեզ կհաջողվի, եթե փորձես։ :)
Այս հարցում միանշանակ համաձայն եմ, պարզապես այնքան եմ Անիին ասել կամ ակնարկել, որ արդեն վախենում եմ նեղանա::oy Ախր վերջին հաշվով այդ սերերն այնքան նման են իրար, դա միայն տվյալ մարդուն է թվում, թե իր զգացածը աշխարհը չի զգում::)

Gohar
16.10.2006, 14:45
Esmeralda իսկապես այս ստեղծագործությունդ ավելի սահուն է կարդացվում:Հիմա գիտես ինչի՞ վրա պիտի աշխատես:Պիտի զգացմունքներդ էնքան ուժեղ ներկայացնես, որ կարդացողն էլ էն վիճակի մեջ մտնի, որը դու ես զգացել պատմությունդ գրելիս: Ամենակարևորը ստեղծագործությունդ ամբողջությանբ մի կետի վրա սևեռիր:Անընդհատ փոփոխի վիճակը:Ասենք մի մտածի մենակ Սաքոնա ու վերջ:Մտածի, որ Սաքոից բացի Տիկոն էլ կա ու էդ մասին ամպայման շեշտի: Հասկանու՞մ ես միտքս:

Esmeralda
16.10.2006, 15:57
Յուրաքանչյուրիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել կարծիք արտահայտելու համար... ընդ որում անկեղծ կարծիք... նման տիպի առաջին անգամ էի գրում... երբ ամեն ինչ հենց իր իմաստով եմ ասում... Իմ բազմակետերից մի՛ նեղացեք... պարզապես, եթե նկատել եք, իմ խոսքերի մեջ ընդհանրապես չկա վերջակետ... Ես գտնում եմ, որ հնարավոր չէ բառերով մինչև վերջ ասել այն, ինչ մտածում ես... ինչ զգում ես... Ես գիտեմ, որ լավ չէ այդքան կախման կետեր... բայց.. դա իմ բնավորությունն է... իսկ բնավորությունը փոխելը հեշտ չէ...
Սիրո մասին... Ինչո՞ւ եմ գրում միայն սիրո մասին... ՉԳԻՏԵՄ... Մելիքի գրածը կարդացի, որ այլ հետաքրքրություններ չունեմ... փշաքաղվեցի... Չեմ ուզում սիրո գերին դառնալ...
Պարզապես մնացած հետաքրքրություններիս մասին գրել չեմ փորձել... կաշխատեմ մի թեմա գտնել ու գրել... երբ սիրտս ուզի ինչ-որ այլ բանի մասին գրել... անպայման կգրեմ...
ու հույս ունեմ, որ հուսախաբ չեմ անի...
Թե որ ոճն է ինձ դուր գալիս... հստակ չեմ կարող ասել... դժվարանում եմ, հետո կերևա...
հիմա շարունակությունը կտեղադրեմ... դե սիրո մասին ա... ավելին մի սպասեք...

Esmeralda
16.10.2006, 16:04
Շարունակություն

...Հաջորդ օրը ես ու դու, ընթերցասրահում տարբեր սեղանների մոտ նստած, նրան էինք սպասում… Դու չգիտեիր, որ բախտակից ունես… երևի դրա համար էլ քեզ համար ավելի ծանր կամ թեթև էր սպասելը… Նա չեկավ… իսկ իմ ստեղծագործություններին ավելացավ «Օրինաչափ պատահականությունը»… Ինչու պատահականություն…. որովհետև պատահականություն էր, երբ միաժամանակ հայտնվեցինք ընթերցասրահում… ես հաճախ չէի լինում այնտեղ… Պատմեմ, թե ընթերցասրահում առաջին անգամ ոնց տեսա նրան…
Նստած էինք ընկերուհիներով, տնայինը վերջացրինք… ուրախանում էինք, ծիծաղում... մեկ էլ նա ներս մտավ… տեսա… դադարեցի ծիծաղել… բացեցի գիրքը և սկսեցի ինչ-որ խնդիրներ գրել… Իսկ նա… չբարևեց… ոչ թե նրա համար, որ դու չիմանաս, այլ քանի որ մենք իրար «մնաս բարով» էինք ասել…
Հա… ինչ էի ասում… այդ օրը նա չեկավ, ես ու դու էլ տխուր-տրտում հեռացանք…
Եկա տուն, կոմպը միացրի… լիքը բան կար գրելու… գրեցի… բայց չպահպանեցի… որովհետև զզվում եմ նրանից… Ու տենց «զզվելով»` բացեցի իմ ու իրա լրիվ խոսակցությունները, որ պահպանել էի(էն ժամանակ չէի զզվում… երևի…)… կարդացի մինչև ժամը 23:30 ու քնեցի… կոմպն էլ մոռացա անջատեմ… ավելի ճիշտ չուզեցի անջատել… որ գիշերը, հենց զարթնեմ, ուզենամ կարդալ, արդեն բաց լինի…
Ու տենց… շաբաթվա ամեն օր մի ձևով անցնում էր…
Մի օր էլ… Ես ու նա իրար հետ բարձրացանք ընթերցասրահ… Ծնվեց «Մի էջ էլ առանց քեզ»-ը… Ո՞վ է այդ «քեզ»-ը… գիտե՞ս... չէ, դու չես… մի մարդ էր, որ ինձ էր սիրում, ես էլ իրան էի «սիրում»… ինձ այդպես էր թվում…
…Մի օր էլ քո ձեռքին կարմիր վարդ տեսա ընթերցասրահում… մեռած էի… դու էլ վարդը սեղանին էիր դրել ու… դու էլ էիր մեռած… լացում էիր… քեզ նկարեցի տենց… Որ հենց տխրեմ, նայեմ` ուրախանամ… բայց հակառակ ազդեցությունն ունեցավ…
Հետո հասկացա, որ վարդն ընկերուհունդ էր, որի ծնունդն էր… Հետաքրքրությունից մեռնում էի, թե ինչ ա եղել քեզ… բայց առանց իմանալու ապրեցի…
Մի քանի օր առաջ տեսա քեզ` կանգնած իրա կողքին համալսարանի դիմաց… դե, վերջիվերջո կուրսեցիներ եք…

Այսօր դասի ալուց տեսա` ծաղիկներ էր վաճառում մի տատիկ… երեք հատ վարդ ուզեցի… Կարմիր էր ուզում տալ… բայց ես դեղին ուզեցի… երկուսը` երկու ընկերուհիներիս, մեկն էլ` ինձ…
Վարդերը ձեռքիս` այգում միջով էի անցնում… Դիմացովս մի զույգ էր գնում… Աղջկա ձեռքին կարմիր վարդ կար… Գեղեցիկ զույգ էր… Անցնում էի նրանց կողքով… Լրիվ պատահաբար նայեցի տղայի դեմքին... Նա էր… Երևի նա էր… կողքինն էլ երևի դու էիր… երևի, որովհետև էլ չնայեցի, որ հաստատ իմանամ… Կարմիր վարդը` սիրո նշան… Դեղին վարդը` ատելության ու տխրության… ու բաժանման…
Երջանիկ լինեք…

Guest
16.10.2006, 18:48
…ինչպես է ստացվում ինձ մոտ... արժե՞ շարունակել....


Փաստորեն դու ինձ չլսեցիր:( Ես կուզենայի, որ քո ամեն մի խոսքում արտահայտվեր 1000 իմաստ, միաժամանակ մի խոսքով պատմեիր տարբեր բաների մասին, քո մոտ դա կստացվեր… ափսոս շեղվում ես, բայց նայի, ոնց հարմար ա, դու ամեն ոճում ես գերազանց:hands

Esmeralda
16.10.2006, 19:03
Փաստորեն դու ինձ չլսեցիր:( Ես կուզենայի, որ քո ամեն մի խոսքում արտահայտվեր 1000 իմաստ, միաժամանակ մի խոսքով պատմեիր տարբեր բաների մասին, քո մոտ դա կստացվեր… ափսոս շեղվում ես, բայց նայի, ոնց հարմար ա, դու ամեն ոճում ես գերազանց:hands
Շնորհակալ եմ կարծիքի համար... բայց, անկեղծ ասած, միտք էլ չունեմ հրաժարվելու իմ ոճից... ուղղակի փորձում եմ ինձ մնացած ոճերում և ուզում եմ կարողանալ լինել բոլորում...

Guest
16.10.2006, 19:07
Ուռռռաաա… շատ ուրախ եմ

kiki
16.10.2006, 21:02
Էսմերալդա ....... խճճվեցի կարծես ... հիմա այդ Նա-ն արական , թե՞ իգական սեռի էր ... երևի մի անգամ էլ պիտի կարդամ ... հետո կասեմ ...

իսկ բազմակետերի մասին , ես ոչինչ ասել չեմ կարող , ինքս եմ շատ դնում , չնայած սետղծագործություններում աշխատում եմ չչարաշահել ու մյուս կետադրական նշաններն էլ օգտագործել, բայց բազմակետը ինձ համար չգիտեմ ինչու հիմնական նշանն է դարձել , կարծես ենթագիտակցորեն վերջակետը չեմ սիրում կամ չեմ ուզում դնել ... անկախ ինձանից է ստացվում , նեղվում եմ վերջակետից կարծես ...

Esmeralda
16.10.2006, 21:17
Էսմերալդա ....... խճճվեցի կարծես ... հիմա այդ Նա-ն արական , թե՞ իգական սեռի էր ... երևի մի անգամ էլ պիտի կարդամ ... հետո կասեմ ...

իսկ բազմակետերի մասին , ես ոչինչ ասել չեմ կարող , ինքս եմ շատ դնում , չնայած սետղծագործություններում աշխատում եմ չչարաշահել ու մյուս կետադրական նշաններն էլ օգտագործել, բայց բազմակետը ինձ համար չգիտեմ ինչու հիմնական նշանն է դարձել , կարծես ենթագիտակցորեն վերջակետը չեմ սիրում կամ չեմ ուզում դնել ... անկախ ինձանից է ստացվում , նեղվում եմ վերջակետից կարծես ...
Կիկի ջան, բազմակետի առումով լրիվ համամիտ եմ... ես էլ եմ հենց դա զգում... Հենց դա...

Իսկ Նա-ն ... մի հատ էլ կարդաս, հաստատ կհասկանաս...
Նա-ն արական, Դու-ն իգական...

StrangeLittleGirl
16.10.2006, 23:08
Ես էլ եմ բազմակետեր շատ օգտագործում, բայց աշխատում եմ չչարաշահել: ;)
Անի ջան, իրոք ուշադիր եղիր: Բազմակետերը շա՜տ են ծանրացնում ստեղծագործությունը, չես կարողանում մարդավարի կենտրոնանալ ու մինչև վերջ կարդալ: