PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկախ լրագրողները մտահոգված են գործընկերոջ ճակատագրով



Artgeo
20.04.2008, 12:01
Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին
14:02 Yerevan | 10:02 GMT | Friday 18 April 2008

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը ակնհայտորեն ունի քաղաքական ուղղվածություն, եւ մենք այն դիտարկում ենք որպես մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, խոսքի ազատության ճնշման բացահայտ դրսեւորում: Մեր այս համոզվածության հիմքը նրան առաջադրված մեղադրանքների անհամարժեքությունն է նրա ծավալած գործունեությանը:
Այդ գործունեությունը` թե մասնագիտական ոլորտում, թե քաղաքական ասպարեզում, եղել է բաց եւ թափանցիկ: Մենք հասկանում ենք, որ իշխանական վերնախավին եւ հասարակության մեջ որոշակի ազդեցություն ունեցող մեծահարուստներին հաճելի չէ իրենց հասցեին լսել քննադատություններ կամ դատապարտող գնահատականներ, բայց հրաժարվում ենք համակերպվել այն իրողությանը, որ այդ քննադատությունները եւ գնահատականները հնչեցրած մեր գործընկերոջ նկատմամբ իրավապահ մարմինները հայտարարել են հետախուզում` հարուցված քրեական գործում նրան ներգրավելով որպես մեղադրյալ:

Ավելին` Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն արտառոց փաստին, որ իրավապահ մարմինները անհետեւանք են թողել մամուլում հրապարակված, բայց չհերքված տեղեկությունը, թե իշխանական ամենավերին օղակներից համապատասխան կառույցներին տրվել է Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու հրահանգ:

Մի կողմից` ահաբեկչական սպառնալիքներից, մյուս կողմից` անհիմն մեղադրանքներից խուսափելու նպատակով «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հարկադրված է թաքնվել` դա համարելով կամայական դատաստանից եւ քաղաքական հետապնդումից իրեն ապահովելու միակ միջոց:

Այժմ, մարտի 1-ի ողբերգությունից ավելի քան մեկուկես ամիս անց, չնայած իբր անաչառ վարվող քննությանը, չի բարձրաձայնվում կատարված սպանությունների, ջարդարարությունների, անկարգությունների հեղինակներից գեթ մեկ իրական մեղավորի անուն: Անտեսվում է բոլոր տեսագրություններից եւ ձայնագրություններից ակնհայտ իրողությունը, որ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ մնացած ելույթ ունեցողները ոչ միայն չեն հրահրել, այլեւ, հակառակը, շարունակ հորդորել են ժողովրդին հանդարտություն պահպանել եւ ընդամենը հարկ եղած դեպքում պատրաստ լինել ինքնապաշտպանվելու:

Մենք խորապես մտահոգված ենք մեր գործընկերոջ ճակատագրով: Խորապես մտահոգված ենք նաեւ երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմամբ: Մենք պահանջում ենք դադարեցնել քրեական հետապնդումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եւ հնարավորություն տալ նրան վերադառնալու իր ընտանիք` երեք մանկահասակ երեխաների մոտ եւ շարունակելու իր մասնագիտական եւ քաղաքական բնականոն գործունեությունը:

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան

«Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր Այդին Մորիկյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյան

«Լրագիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյան

«Հայք» եւ «Տարեգիր» թերթերի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյան

«Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան

Նամակը կարող են ստորագրել այլ լրատվամիջոցների ղեկավարներ եւս:

Zhamanak.com


Հասարակությունը առողջանում է :) Հետաքրքիր է, հեռուստալիքների մեջ առողջ ու համարձակ դիրքորոշում ունեցող կգտվի՞ :think

Artgeo
23.04.2008, 14:07
Միացել են
Նախորդ շաբաթ ՀՀ մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով դադարեցնել «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումը:

Երեկ բաց նամակին միացել են եւս մի քանի այլ լրատվամիջոցներ` «168 ժամ», «Կապիտալ» եւ «90 րոպե» պարբերականները: «Այժմ, մարտի 1-ի ողբերգությունից ավելի քան 1,5 ամիս անց, չնայած իբր անաչառ վարվող քննությանը, չի բարձրաձայնվում կատարված սպանությունների, ջարդարարությունների, անկարգությունների հեղինակներից գեթ մեկ իրական մեղավորի անուն: Անտեսվում է բոլոր տեսագրություններից եւ ձայնագրություններից ակնհայտ իրողությունը, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ մնացած ելույթ ունեցողները ոչ միայն չեն հրահրել, այլեւ հակառակը` շարունակ հորդորել են ժողովրդին հանդարտություն պահպանել եւ ընդամենը հարկ եղած դեպքում պատրաստ լինել ինքնապաշտպանվելու»,- ասված է բաց նամակի մեջ:

Artgeo
29.04.2008, 21:37
ՄԻԱՆՈՒՄ ԵՆ

«Սյունյաց երկիր» թերթը, որ հրապարակվում է Սյունիքի մարզում, եւս միացել է Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված բաց նամակին, որով պահանջվում է դադարեցնել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը: ««Սյունյաց երկիր» թերթը, մտահոգված լինելով երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման խնդրով, ինչպես նաեւ մեր գործընկերոջ ճակատագրով, միանում է ՀՀ մի շարք պարբերականների ղեկավարների ս/թ ապրիլի 18-ի` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հղված բաց նամակին»,- ասված է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության հայտարարության մեջ: