PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Սպիով տղան



StrangeLittleGirl
15.10.2006, 13:29
Դասից նոր էի դուրս եկել, գնում էի փոստ: Ճանապարհին մեկը կանգնեցրեց, բարևեց: Սկզբում ինձ թվաց, թե հերթական տանը մնացած տղաներից է, որն ուզում է ընկերուհի կպցնել: Հետո ասաց.
- Չճանաչեցի՞ր:
- Ո՜նց չէ: Հարութն ես:
- Չես փոխվել:
Չնայած նա շատ էր փոխվել, կամ էլ գուցե իմ հիշողության մեջ նրա դեմքն այլ կերպ էր պահպանվել (վերջիվերջո, վերջին անգամ չորս տարի առաջ էի նրան տեսել), ասացի.
- Դու էլ չես փոխվել:
Ուշադրությամբ դեմքը զննեցի: Փա՜ռք Աստծո, ինձնից հետո նրա դեմքին ոչ մի սպի չէր ավելացել: Ամաչեցի ասել, որ աջ հոնքի վերևի սպիի շնորհիվ ճանաչեցի նրան:
- Ո՞նց ես, սովորու՞մ ես:
- Հա՛:
- Ես էլ աշխատում եմ,- սկսեց բացատրել, թե ինչ գործով է զբաղվում, որից գլուխ չհանեցի:
- Էն ժամանակ դպրոցական էիր, չէ՞: Հիմա երևի 18-20 տարեկան կլինես:
- Հա՛, շուտով 20 կդառնամ:
- Ես էլ 23-ի մեջ եմ, Բյուրա՛կն… Տեսնու՞մ ես, անունդ էլ եմ հիշում
- Հլը ու չհիշեիր:
Մտովի տեղափոխվեցի 2002թ.: Այն ժամանակ նա ինձ «Բոբա» էր ասում:
- Ընկերոջս հիշու՞մ ես՝ Լյովիկին: Բանակից եկել է, շուտով նշանվելու է:
- Հա՞: Իմ կողմից կշնորհավորես:
- Անցյալ տարի էլ ես պետք է նշանվեի, բայց մարդիկ խանգարեցին:
Ու շեշտակի նայեց դեմքից. երևի ուզում էր տեսնել, թե ինչպես կարձագանքեմ նրա ասածին:
- Ափսոս… Պետք չէ թույլ տալ, որ մարդիկ խանգարեն:
- Բայց դու քո մտածելակերպով փոխվել ես:
- Չէ՛, չեմ փոխվել,- չնայած շատ էլ լավ գիտեի, որ ես վաղուց էլ առաջվանը չեմ: Ուղղակի սարսափելի չէի սիրում, երբ Հարութը ճիշտ էր դուրս գալիս:
- Հաճախ եմ Օպերայի մոտով անցնում, մտածում եմ՝ քեզ կտեսնեմ, բայց չկաս:
- Այլևս այնտեղ չեմ լինում,- նկատեցի, որ արդեն շատ եմ ստել, հետո հիշեցի Ակումբի հանդիպումները, դրա համար ուղղեցի սխալս,- միայն շաբաթը մեկ անգամ, այն էլ պայմանավորված եմ լինում:
- Ուրախ եմ, որ քեզ տեսա:
- Ես էլ:
Հիշեցի, որ վերջերս ուզում էի զանգահարել նրան, հենց այնպես, հավեսի համար: Հիշում էի նաև, թե ինչպես էր Թերեզան փոստատար աշխատում մեր վեճի ժամանակ, որից հետո այլևս չշփվեցինք:
- Ձեռքի հեռախոս ունե՞ս:
- Հա՛, ունեմ:
- Ես քո տան համարը կորցրել եմ: Երկու տարի առաջ լակոտություն արեցի, հետո ջնջեցի:
Զանգահարում էր ու չէր խոսում: Չնայած իրենց տնից չէր «գժվացնում», ես համարը բռնել էի ու շատ խորամանակ կերպով պարզել, որ նա է:
- Համարս կգրե՞ս: Մեկ-մեկ զանգի՛ր, հանդիպենք, խոսենք:
Երևի ամաչեց իմն ուզել:
Համարը գրեցի, իսկ հետո որոշեցի հոգու հետ խաղալ: Միանգամից սեղմեցի "dial" կոճակը և ասացի.
- Սա ես եմ, չվերցնես:
Դեմքի արտահայտությունը փոխվեց: Զգացի, թե ինչպես սրտի աշխատանքն արագացավ: Կարմրեց:
- Դե լավ, գնացի,- ասացի:
Հազիվ էի ինձ զսպում, որ չհարցնեմ. «Հո Եհովայի վկա չե՞ս դարձել»:
Հարութն էր մնացել պակաս, որ ճամփաս կտրի:

շարունակելի…

StrangeLittleGirl
15.10.2006, 13:42
Բայց երբ հետ եմ նայում, զգում եմ, թե որքա՜ն վատ եմ վարվել նրա հետ, ինչքան էլ ծիծաղելի թվար այդ ամենը:
Մի անգամ, երբ փողոցում զբոսնում էինք միասին, մի երթուղային տեսա, որն ինձ տուն էր տանում: Առանց հրաժեշտ տալու վազեցի ու նստեցի: Մի ուրիշ անգամ հեռախոսով իր բանաստեղծություններն էր կարդում, իսկ ես լսափողը հանձնել էի եղբորս ու իմ գործերով էի զբաղվում: Երբ վերադարձա, և նա ավարտեց ընթերցանությունը, հարցրեց.
- Լա՞վն էր:
Չնայած ես ոչինչ չէի լսել, ասացի.
- Հա՛, շատ լավն էր:
Մի օր էլ ասաց.
- Ես սիրահարվել եմ : Այդ աղջիկը տասնվեց տարեկան է, դու նրան ճանաչում ես:
- Հա՞… ինչ-որ տեղը չեմ բերում: Ո՞վ է,- չնայած շատ լավ գլխի էի ընկել, թե ում մասին է խոսքը:
Ուզում էր ինձ հետ առանձին հանդիպել, բայց ես Էլոյանչիկին էլ կանչեցի: Խնդրել էր, որ մազերս արձակած գնամ, իսկ ես երկու պոչիկ էի արել:
- Քանի՞ տարեկան ես,- հարցրեց ընկերուհուս:
- Իսկ ինչքա՞ն կտաս:
- Հաշվի առնելով, որ աղջիկներն իրենց տարիքից փոքր են լինում՝ 16-17 կլինես:
- Հա՛, էդքան էլ կամ:
Հետո Հարութին ու Էլոյանչիկին մենակ թողեցի, թռա:
Խե՜ղճ տղա. չէր պատկերացնում, որ ես կարող էի 23 տարեկանի հետ ընկերություն անել:
Մի անգամ մաթեմատիկայի ստուգողականից «4» էի ստացել: Շնորհավորեց: Իսկ ես հարձակվեցի նրա վրա ու ասացի, որ ես գերազանցիկ եմ, «4»-ն ինձ չի սազում:
Եվս մեկ անգամ փորձեց ինձ ժամադրել:
- Կարևոր բան ունեմ ասելու:
Իսկ ես շա՜տ լավ գիտեի, թե որն էր նրա կարևոր բանը:
- Լյովիկին էլ հետդ կբերես, ես էլ Լիլիթի հետ կգամ:
Երբ չորսս էլ հանդիպման վայրում էինք, ես ու Լիլիթը թողեցինք-թռանք: Այդտեղ վերջացան մեր հարաբերությունները: Մի օր Թերեզիկը զանգահարեց, փորձեց մեզ հաշտեցնել: Ասաց, որ Հարութն էլ կարծում է, թե ես նրան եմ սիրում, որովհետև ես էլ էի հեռախոսով բանաստեղծություններ կարդում (խեղճն ի՜նչ իմանար, որ դրանք դպրոցական դատարկացնդաբանություններիցս են) ու որովհետև երբ մի անգամ խնդրել է, որ նկարներս տանեմ, տեսնի, մեջը մի այպիսին է եղել, որտեղ ես սավաններով փաթաթված, քնած եմ, իսկ երբ նորից է խնդրել նկարներ տանել, այդ մեկը մեջն է եղել: Ծիծաղեցի: Մտքովս չէր անցել, որ այդ նկարը նրա համար սիրո խոստովանություն է: Ինչու՞ են սիրահարված մարդիկ այդքան կույր: Մնացած բոլոր վիրավորական քայլերը, որ արել եմ, կարծես հաշվի չառներ, կառչել էր այնպիսին բաներից, որոնք միամտաբար էի արել: Իսկ դատարկացնդաբանություններս կարդացել էի միայն «Շատ լավն են» արտահայտությունը լսելու համար, որ ծիծաղեմ. դրանք ընդհանրապես գովեստի արժանի չէին, ծիծաղելի էին:
Նա կորավ ու կորավ: Հիշելով նրա նախորդ սիրո պատմությունը, մերժվածությունը և որ նա այդ աղջկա պատճառով ինքն իրեն կտրտել էր՝ վախեցա հանկարծ իմ պատճառով էլ իրեն չվնասի, ինքնասպանություն չգործի: Բայց հետո մոռացա այդ ամենը, էլ չզանգահարեցի:
Երկու տարի անց մեկը զանգահարում էր ու փչում հեռախոսի մեջ: Բռնեցի, որ նա էր, Լիլիթին խնդրեցի, որ «տեղը դնի»: Ընկերուհիս էլ իր երևակայությանը զոռ տվեց, զանգահարեց և ասաց.
- Հարու՛թ, սա մեր տունն է: Ուղղակի մի ժամանակ Բյուրակնը մեզ հետ էր ապրում:
ՈՒ նորից մոռացվեց:
Կարևորը՝ տեսա ու համոզվեցի, որ դեմքին նոր սպի չկա: Չնայած, եթե լիներ, գուցե ուրախանայի. որևէ մեկի դեմքին առանց քո ֆիզիկական մասնակցության հետք թողնելը հազվագյուտ երևույթ է:

Arisol
15.10.2006, 13:57
Է՜հ… Տխուր էր… Բյուր, բայց ինչ դաժանն էիր… Դե բայց հիմա փոխվել ես երևի;) : Հուսով եմ ես այդպես չէի/չեմ այն տղաների հանդեպ, ովքեր ինչ-որ զգացմունքներ ունեին/ունեն իմ հանդեպ, թե չէ կզզվեի ինձնից:[ :
Բյուր, գրածներդ հեշտ են կարդացվում;) : Երևի պատճառն այն է, որ բարդ բաներ չես գրում, այլ շատ պարզ ու ընթեռնելի;) :

Esmeralda
15.10.2006, 13:58
Հետաքրքիր էր... Բյուր...
Ինչպես հասկացա, այդ պատմությունն ամբողջությամբ իրականություն էր... ոչինչ ավելացված և պակասեցված չէր...

StrangeLittleGirl
15.10.2006, 14:01
Հա՛, երեկվա ազդեցության տակ եմ գրել:

kiki
15.10.2006, 15:43
հետաքրքիր էր ու դաժան ... եթե անկեղծ ասեմ , միշտ երազել եմ նման կերպ մարդկանց հետ վարվել , երբեմն շատերը արժանի են դրան , բայց չեմ կարողացել ...

Բարեկամ
15.10.2006, 16:22
Ինձ թվում ա ստորագրությանդ և պատմվածքիդ մեջ ուղղակի կապ կա;)

StrangeLittleGirl
15.10.2006, 17:13
Ինձ թվում ա ստորագրությանդ և պատմվածքիդ մեջ ուղղակի կապ կա
Չէ՛, չկա: Ուրիշ պատճառով եմ դրել :D

Լիաննա
16.10.2006, 00:22
դաժան էր Բյուր , շատ դաժան : Բայց լավն էր գրածդ ;)

StrangeLittleGirl
16.10.2006, 01:08
Ոնց նայում եմ, էս պատմության մի երրորդ՝ ավելի դաժան մաս է ստեղծվելու: Երևի մի շաբաթը բավական է դրա համար: Չէ՛, մի քիչ կձգձգեմ: Ճիշտ է՝ պակաս դաժան կլինի, բայց գոնե պատմվածքի նյութ կունենամ :D

StrangeLittleGirl
17.10.2006, 21:10
Շարունակությունը չուշացավ… :D

Ժաննայի հետ հեռախոսով խոսում էի: Պապիկս անհամբեր պտտվում էր շուրջս. երևի նորից ուզում էր համակարգչով ֆաքս անել չգիտեմ որ երկիր: Հանկարծ դռդռոց լսեցի: Ձեռքի հեռախոսս էր: Նայեցի էկրանին. Harut: Ժաննային արագ հրաժեշտ տվեցի և պատասխանեցի: Սովորական «բարև-ոնց ես»-ին հաջորդեց սովորական «ի՞նչ ես անում»-ը:
- Ոչ մի բան,- հավես չկար բացատրելու, որ Ժաննայի հետ կարևոր հարց էի քննարկում:
- Ո՞նց ոչ մի բան:
- Դե հանգստանում եմ:
- Քեզնից չի:
- Այդպես էլ է պատահում:
- Բայց դու գործույնա աղջիկ ես, պարապ չես լինում:
- Հիմա պարապ եմ: Իսկ դու ի՞նչ ես անում:
- Կոմիտասից եմ իջնում. նոր գործս պրծավ… Ձերոնք ո՞նց են… մամադ, եղբայրդ… ոչ մի փոփոխություն չկա՞:
Շատ լավ գիտեի, թե ինչ պատասխան է ակնկալում, բայց, ինչպես միշտ, նրա ուզածը չասացի.
- Ամեն ինչ նույնն է… Հա՛, եղբայրս շուտով բանակ է գնում:
- Վա՜յ, ո՜նց մեծացավ: Հիշում եմ՝ այն ժամանակ դեռ երեխա էր… Իսկ քեզ մոտ փոփոխություն չկա՞:
Ուզում էի ասել, թե ամուսնանում եմ, բայց խղճացի: Բացի դրանից, վերջ կդնեի մեր շփմանը, իսկ ինձ դեռ պատմվածքի նյութ էր պետք, ուստի ասացի.
- Չէ՛, ոչ մի փոփոխություն չկա:
- Մի հարց տամ, մենակ անկեղծ կպատասխանես:
- Լավ:
- Չէ՛, խոստացի՛ր, որ անկեղծ կլինես:
- Խոստանում եմ:
Բայց արդեն շատ լավ գիտեի, թե ինչ հարց է տալու:
- Ընկեր ունե՞ս:
Ծիծաղս հազիվ զսպելով ասացի.
- Չէ՛… ինչու՞:
Մտածում էի, որ երևի ուզում էր այդ թափուր տեղը զբաղեցնել:
- Դե եսի՞մ… Չէի ուզի որևէ մեկի առաջ մեղավոր լինել:
Արդեն չէի դիմանում: Չգիտեի՝ ինչ անեի, որ ծիծաղս չնկատի:
- Բայց ինչո՞վ պետք է մեղավոր լինեիր:
- Արածներիս համար: Քանի տարի է՝ չէինք տեսնվել, չէի ուզի որևէ մեկի առաջ մեղավոր լինել:
Ճիշտն ասած՝ այդպես էլ չհասկացա, թե ինչով պետք է մեղավոր լիներ: Բայց ես մոռացել էի, թե ինչ անուն էի տվել նրան մի ժամանակ. «քյառթու ռոքեր»: Վերջիվերջո, քյառթերի աշխարհն այնքա՜ն ուրիշ է. ես՝ այդ կյանքով ընդհանրապես չապրածս, ոչ մի կերպ չեմ հասկանա, թե ինչով նա կարող էր մեղավոր լիներ…

Շարունակելի

StrangeLittleGirl
23.10.2006, 19:38
Ես ու Մարիան որոշել էինք սեմինարից հետո զբոսանքի գնալ:
…Ժամը 5-ը կլիներ: Հեռախոսս զանգեց: Հարութն էր: Առաջարկում էր հանդիպել: Ես էլ զվարճանալու ցանկություն ունեի: Միանգամից ժամադրեցի.
- Ժամը 6-ին կլինես Թումանյանի արձանի մոտ:
Հետո Մարիային ասացի.
- Մա՛ր, պլանները փոխվեցին: «Կայֆավատի» գործ կա:
- Ու՜ֆ… Բյու՛ր, հոգնած եմ: Մի ժամ քո տրամադրության տակ եմ, իսկ հետո գնալու եմ տուն:
- Լա՛վ, արի՛ գնանք Օպերա, հետո կորոշենք:
Ճանապարհին հասցրեցի Մարիային պատմել սպիով տղայի ողջ պատմությունը: Արդեն նրան էլ էր հետաքրքրում, թե ով է դա, զվարճանալու ցանկություն էլ ծնվեց:

Ժամը 6-ին մոտեցանք Թումանյանի արձանին: Հեռվից արդեն երևում էր: Մարիան տեսավ ու ասաց.
- Բյու՜ր, էս ո՞վ էր: Ես չեմ կարող մոտենալ, կմեռնեմ ծիծաղից:
- Ոչի՛նչ, արի՛:
Մոտեցանք: Սկզբում խոսելու թեմա չկար: Նստեցինք: Ես տխրում էի, որ պատմվածքիս շարունակությունը չի ստացվելու:
- Ցուրտ է,- ասաց Հարութը:
- Հա՞… Քեզ ո՞վ էր խնդրել, որ ձմեռվա կեսին էսքան թեթև հագնվես:
- Գնանք մի փակ տեղ:
- Չէ՛, էստեղ լավ է:
- Ինչու՞ շարֆ չես կապել:
- Ամռանն ո՞վ է շարֆ կապում… Համ էլ դա քո գործը չէ:
Ես դիտմամբ այդպես ասացի: Ուզում էի տեսնել. նա կնկատի՞ արդյոք, որ մի քիչ առաջ ձմեռ էր, հետո հանկարծ ամառ դարձավ:
- Բայց նոր ասացիր, որ ձմեռ է:
- Հա՛, նայած ինչի համար:
- Վա՜յ, դու շարֆ կապել ես: Կեսը չե՞ս տա Բյուրակնին,- դառնալով Մարիային՝ ասաց Հարութը:
- Ինձ շարֆ պետք չէ,- շտապեցի պատասխանել,- դու չպետք է որոշես, թե ես ինչ անեմ:
- Բացի դրանից, եթե Բյուրն ուզեր, ես ամբողջական շարֆը կտայի: Կիսելն ի՞նչ իմաստ ունի:
… Ու էսպես շարունակ ծաղրում էինք նրան, իսկ Թումանյանի արձանի մյուս կողմում ակումբցիներն էին հավաքվում: Ողջունում էի նրանց, զրույցի բռնվում, ամեն կերպ ուզում էի Հարութին ցույց տալ, որ ավելորդ է:
Զգացի, որ Մարիան արդեն ուզում է գնալ:
- Մա՛ր, քեզ ճանապարհեմ, լա՞վ: Հիմա անձրև կսկսվի, իսկ դա շատ վնասակար երեխայիդ համար:
- Հա՛, գնա՛նք:
Գնացինք կանգառ: Ճանապարհին Հարութն ասաց.
- Ընկերներիդ հետ ես, ոնց հասկանում եմ:
- Հա՛:
- Որ գնամ, չե՞ս նեղանա:
- Չէ՜, ի՜նչ ես ասում:
Էլ չգիտեր, որ հենց դրան էլ սպասում էի:
Երթուղայինը եկավ: Մարիան նստեց: Ես շտապեցի հեռանալ: Ինձ թվաց, թե Հարութը կանգառում մնաց, սակայն երբ հետ նայեցի, տեսա չկար: Փաստորեն, Մարիայի հետ երթուղային էր նստել: Խե՜ղճ ընկերուհիս…

Բայց պատմությունը շարունակվեց երթուղայինում: Հարութը «նստել էր ընկերուհուս ականջին».
- Ես լուրջ նպատակներ ունեի… Ես ուզում էի Բյուրակնի հետ ամուսնանալ:
Այդ տղան իսկապես խելագարվել է: Շարունակեց.
- Կարծում էի, թե մեծացել է, կին է դարձել, բայց նույն երեխան է:
- Ոչ մի աղջիկ էլ չի ուզում մեծանալ:
- Բա հագու՜ստը… Ես սիրում եմ, որ աղջիկը դասական է հագնվում, ինչպես դու:
- Գիտե՞ս, այսօր բացառություն է: Սովորաբար ես էլ եմ Բյուրի նման հագնվում:
- Բայց դու ավելի լուրջ ես:
- Ե՞ս եմ լուրջ… Դու ինձ չես ճանաչում: Ես ու Բյուրը նույն մարդիկ ենք:
- Գիտե՞ս… Սիրում եմ, երբ կինն իշխում է տղամարդու վրա… Ուզում եմ, որ իմ կինն էլ այդպիսին լինի:
Փաստորեն, տարիներ առաջ տվածս դասերը լավ էլ գլուխն են մտել: Այն ժամանակ նա կարծում էր, թե անգամ աղջկա սանրվածքը պետք է տղայի ուզածով լինի:
Մարիան արդեն ծիծաղում էր:
- Ի դեպ, ես Չարբախից եմ,- հպարտությամբ ասաց Հարութը՝ կարծելով, թե դա ինչ-որ բան կփոխի:
- Հա՞… Ինձ ի՞նչ:
Ծիծաղին միացան նաև մյուս ուղևորները:

Esmeralda
24.10.2006, 12:24
:mda ... Բյուր... չարժե այսքան ծաղրել...

StrangeLittleGirl
24.10.2006, 13:03
Ինչպես տեսնում ես, այստեղ արդեն ծաղրողը ես չեմ, այլ իմ ընկերուհին է, որն ի դեպ իրոք շատ լուրջ մարդ է:

Esmeralda
25.10.2006, 14:51
Ինչ ուզում է լինի... եթե հնարավորություն ունենայիր ծաղրելու, անպատճառ կօգտվեիր առիթից... փորձիր մտնել նրա դրության մեջ... ու կհասկանաս, թե որքան գեղեցիկ չէ....
Զգացմունքները ծաղրել չի կարելի... Կարելի է թեթև կատակել.. բայց չափի մեջ...

StrangeLittleGirl
25.10.2006, 16:46
Ինչ ուզում է լինի... եթե հնարավորություն ունենայիր ծաղրելու, անպատճառ կօգտվեիր առիթից... փորձիր մտնել նրա դրության մեջ... ու կհասկանաս, թե որքան գեղեցիկ չէ....
Զգացմունքները ծաղրել չի կարելի... Կարելի է թեթև կատակել.. բայց չափի մեջ...
Այստեղ արդեն զգացմունքի մասին խոսք չկա, ամենասովորական հաշվարկ է: Տղան ուզում է ամուսնանալ, հանկարծ որտեղից որտեղ ինձ է տեսնում, մտածում է, թե երևի մեծացել եմ, կարելի է առիթը բաց չթողնել: Հակառակ դեպքում ինձնից հետո միանգամից ընկերուհուս չէր փորձի «կպցնել»:
Իսկ ես մարդկային հարաբերություններում ամենաշատը հաշվարկներ չեմ սիրում: