PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայաստանում իրականացվում է գրաքննություն



Artgeo
20.03.2008, 20:10
“Հայաստանում իրականացվում է գրաքննություն”
March 17, 2008

«Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը՝ մարտի 2-ին, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներն այցելեցին թերթերի խմբագրություններ` ներկայացնելով անստորագիր եւ չկնքված մի երկտող, որով զգուշացվում էր, որ եթե թերթերի հրապարակումները պարունակեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, ապա տվյալ թերթի գործունեությունը կդադարեցվի: Նույն գիշեր տպարան տարված թերթերի նյութերը մանրակրկիտ ստուգել են ԱԱԾ աշխատակիցները եւ բանավոր հրահանգով արգելել տպագրությունը: Նկատի ունենալով, որ պաշտոնական կոչվող տեղեկատվությունն առնվազն միակողմանի է, չի արտացոլում կատարվածի ամբողջական պատկերը եւ առանց ընդհատումների եթեր է սփռվում շուրջ մեկ տասնյակ հեռուստաալիքներով` առանձին թերթեր պարզապես հրաժարվեցին լույս տեսնել, մյուսներն էլ հայտնվեցին հարկադիր պարապուրդի մեջ: Սա մեզ հիմք է տալիս հայտարարելու, որ ՀՀ իշխանությունները պարզապես արգելել են իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը: Մանավանդ որ, արտակարգ դրության պայմաններում հրատարակվող «յուրային» պարբերականների վրա ամենեւին էլ չէր տարածվել բացառապես պաշտոնական լրատվություն հրապարակելու պահանջը: Տեղեկատվական տեռորը լիակատար դարձնելու համար արգելափակվել են նաեւ ինտերնետային կայքէջերը: Ավելին, CNN ու Euronews հեռուստաալիքների թողարկումները, որոնք անդրադառնում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, ընդհատվում են, եւ փոխարենը հեռարձակվում են գովազդային հոլովակներ, իսկ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը ընդհանրապես դադարեցվեց:Մենք հայտարարում ենք, որ այս ամենը ոչ միայն չի նպաստում հասարակության մեջ առկա լարվածության թուլացմանը, այլեւ խորացնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը£ Պաշտոնական կոչվող տեղեկատվություն սփռող լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը եւ մանավանդ մամուլի խոսնակները իրենց ագրեսիայով ընդամենը նպաստում են անառողջ տրամադրությունների բորբոքմանը եւ խորացնում են անվստահությունը պետության նկատմամբ£Ստեղծված իրավիճակում ոտնահարվել է տեղեկություններ տարածելու եւ ստանալու մեր սահմանադրական իրավունքը, խախտվել են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները, լրատվամիջոցները կրում են նյութական կորուստներ, Հայաստանում իրականացվում է գրաքննություն, եւ մեր երկիրը հայտնվել է տեղեկատվական լիակատար շրջափակման մեջ:

«Ա1+»-ի նախագահ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Երեւանի մամուլի ակումբի նախագահ
«Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագիր
«Ինտերնյուս» կազմակերպության ղեկավար
«Լրագիր» կայքէջի գլխավոր խմբագիր
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ
«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր
«Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր
«ԱրմենիաՆաու» էլեկտրոնային հանդեսի խմբագիր

Ա1+

Զինվոր
20.03.2008, 21:34
Բայց "Ազատությունը" հիմա կա
Երեկ ել կար, անձամբ եմ լսել

Artgeo
20.03.2008, 21:36
Բայց "Ազատությունը" հիմա կա
Երեկ ել կար, անձամբ եմ լսել
Մինչև 17-ը չկար, նամակը ամսի 17-ին է գրվել :)

Ծով
21.03.2008, 00:38
Ի՞նչ եք կարծում չարտակարգ դրության պայմաններում գրաքննությունը կշարունակվի…:think

Artgeo
21.03.2008, 18:28
Մոդերատորական։ Տվյալ թեմայում կատարված օֆֆտոպ գրառումները տեղափոխվել են այստեղ։ (http://www.akumb.am/showthread.php?t=22733)

Artgeo
21.03.2008, 18:50
Ակնհայտ սուտն ու ճիշտը

Հայաստանում մարտի 1-ին բախումներ են տեղի ունեցել իրավապահների եւ ցուցարարների միջեւ, որոնց արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Ինչպե՞ս անել, որ այդ իրադարձությունների մասին ԶԼՄ-ներով հնչի միայն իշխանության վարկածը: Շատ պարզ. հեռուստա եւ ռադիոընկերությունների վրա հավելյալ ճնշում գործադրելու կարիքը չկա. նրանք առանց այդ էլ 2002-ից («Ա1+»-ը փակելուց) հետո նստած դողում են, որ ցանկացած «սխալ» քայլի դեպքում Ամալյանը նրանց արտոնագրից կզրկի: Մնում են թերթերն ու ինտերնետը: Վերջինիս՝ այլընտրանքային լրատվություն հաղորդելու հնարավորությունից զրկելու համար փակվում են կայքէջերը (ինչը, ի դեպ, այնքան էլ արդյունավետ միջոց չէ. ոչ մի կառավարություն չի կարող փակել ամբողջ ինտերնետը): Իսկ թերթերի հարցն ավելի հեշտ է. տպարաններում նստեցնում են «կագեբե»-ի գրաքննիչներին, որոնք էլ պարտադրում են, որ թերթերը գրեն միայն իշխանությունների ուզածը՝ այլապես լույս չեն տեսնի: Պատրվակներն էլ են բավականին «համոզիչ». սկզբից պահանջվում էր, որ թերթերը մարտի 1-ի իրադարձությունների մասին հրապարակեն միայն պաշտոնական տեղեկատվություն: Կարելի է մտածել, որ ընդդիմության հասցեին այն հայհոյանքներն ու անեծքները, որոնք տպագրվել եւ եթեր էին գնացել այս 20 օրվա ընթացքում, «պաշտոնական տեղեկատվություն» էին եւ նպաստում էին երկրի կայունությանը: Հետո պահանջը իբր «մեղմացվել» է. թերթերը չպիտի հրապարակեն «ակնհայտ կեղծ լուրեր»: Այսինքն՝ «կագեբե»-ի նույն գրաքննիչը պետք է որոշի, թե որն է ճիշտ, իսկ որը՝ սուտ:

Կոնկրետ «Առավոտին» ասվել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի նյութում կան ակնհայտ սուտ տեղեկություններ: Հնարավոր է՝ այդպես էլ լինի: Չեմ բացառում նաեւ, որ, ասենք, Աղվան Հովսեփյանի կամ Սայաթ Շիրինյանի ասուլիսներն էլ կեղծ տեղեկություններ պարունակեն: Բայց խնդիրն այն է, որ եթե մարդը ներկայանում է իր անունով եւ նրա ասածները ձայնագրվում ու ճշգրտորեն վերծանվում են, ապա միայն նա՛ է լիակատար պատասխանատվություն կրում իր խոսքերի համար: Ո՛չ «սեւ պլաշչով» գրաքննիչը, ո՛չ լրագրողը, ո՛չ թերթի խմբագիրը, ոչ էլ հանրապետության նախագահը (առաջին, երկրորդ, երրորդ) իրավասություններ չունեն վճռելու՝ լուրը ճիշտ է, թե սուտ: Դա միմիայն դատարանի գործն է: «Առավոտը» հաստատ դատավոր չէ եւ շարունակելու է բոլոր դեպքերում հրապարակել երկու կողմերի տեսակետը, քանի որ հենց դա ենք համարում լրատվամիջոցի առաքելությունը: Մնացածը իշխանության կամ ընդդիմության քարոզչություն է, որի հետ մենք կապ չունենք:

... Պատահում է նաեւ, որ ժամանակի ընթացքում ակնհայտ կեղծ լուրը դառնում է ակնհայտ ճիշտ: Օրինակ, 16-րդ դարում կաթոլիկ «կագեբեշնիկ»-ները ակնհայտորեն կեղծ էին համարում երկրագունդը՝ իր առանցքի շուրջ պտտվելու տեղեկությունը, եւ այդ առիթով նույնիսկ մարդ այրեցին խարույկի վրա: Այսօր, համարյա 5 դար անց, կաթոլիկ եկեղեցին ներողություն է խնդրում նույն մարդուց՝ թե, կներես, մենք քեզ սխալ ենք վառել, երկրագունդը, այնուամենայնիվ, պտտվում է: E pur si muove!

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Aravot.am

dvgray
21.03.2008, 19:57
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Aravot.am

Անկախ նրանից, որ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆի հետ համաձայն եմ կամ ոչ, բայց իր քաղաքացիական պահվածքը բավականին ուսուցանելի է

Ֆրեյա
22.03.2008, 13:23
Երևի սա օֆֆտօպ ա, բայց…:)

երեխեք ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս մութ օրերին ապահովում էին մեզ լույսով :) Նկատի ունեմ ինֆորմացիոայով :)
Թե ազատության հաղորդումները տեղադրելու համար, թե օգտակար լինկեր տալու համար…

Շնորհակալություն



:ok