PDA

Դիտել ողջ տարբերակը : Գառների լռատվությունը



StrangeLittleGirl
11.03.2008, 20:11
Գառների լռատվությունը

Վիոլետ Գրիգորյան


Հ1-ի լրատվության կողմնակալության մասին գիտենք, ու ականջներս մազոլ է եղել դրա մասին լսելուց, բայց այսօրվա պրոբլեմն այն է, որ չուղղորդող տեղեկատվության փնտրտուքն էլ է ապարդյուն, քանի որ ազատ համարվող լրատվամիջոցներն էլ վերածվել են ընդդիմության խոսափողի: Լրատվամիջոցներն ասես բաժանվել են Սերժի ու Լևոնի բանակների ու քարոզչական պատերազմ հայտարարել միմյանց` աշխատելով իրար ինադու, և արդյունքում տեղեկատվական բլոկադայի մեջ է հայտնվել ողջ հասարակությունը: Բացահայտ կամ վատ քողարկված քարոզչության վիրուսը վարակել է հայկական ԶԼՄ օրգանիզմը, և թերթերի ու եթերի շատ թողարկումներ, հազի ու փռշտոցի պես, վարակը տարածում են: Տենդենցիոզ լրատվության հոսքն ու լրագրողների կանխակալ տրամադրվածությամբ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը սովետական օրերն են հիշեցնում, երբ քաղաքական վերլուծությունները ոչ թե ԶԼՄ-ում էին մատուցվում, այլ մի բաժակ սուրճի հետ ու պատրվակով` բարեկամի խոհանոցում:
Պատրանքը, թե գոնե տեղական ֆինանսավորում չունեցող օրգանը կարող է վարակազերծ լինել, հօդս ցնդեց վերջնականապես. «Ազատություն» ռադիոկայան լսելու ընտրական շրջանի փորձս ինձ համոզեցին, որ այդ անունն արդեն չի համապատասխանում կրողին: Ընդ որում, ռադիոկայանի «բացիլակրության» ախտանշաններն աճում էին` Տեր-Պետրոսյանի հանրահավաքային թափի աճին զուգահեռ: Իսկ ինձ համար մեկ է` լրագրողները պատվիրատո՞ւ ունեն, թե՞ ուղղակի մտածողական ստերեոտիպերի գերի են ու իներցիայով իշխանությունը տեսնում են միայն անգիր արած Բաղրամյան պողոտայի միևնույն հասցեում` չնկատելով օպերայի հրապարակում Տեր-Պետրոսյանի դարանակալ իշխանությունը:
Փետրվարի 26-ի Սերժ Սարգսյանի միտինգի մասին «Ազատության» ռեպորտաժը մի խնդիր ուներ միայն` կասկածի տակ դնել սեփական կամքով դրան մասնակցելու հարցը և Սերժի ու Լևոնի միտինգներն իրար հետ «կռվցնել» որպես լավի ու վատի` պարտադրված ու կամավոր մասնակցության հակադրություն ստեղծելով: Լրագրողը մանրազնին ու հետևողական «հետաքննություն» էր անցկացնում ու խաչաձև հարցաքննությամբ փորձում «պարզել» Սերժի միտինգին գնացողների կամային հատկանիշները, բռնցնել ինչ-որ լեզվական սայթաքումներ, ստիպված լինելու այն խոստովանությունը կորզել, որ կանխակալորեն վերագրում էր նրանց: Կամավորների հետ մեկումեջ նաև համերգի խաթեր եկածների «բացահայտման» համար ներդրված ջանքը գովելի է, բայց տարօրինակ է, թե ինչու նույն ջանասիրությամբ չեն լուսաբանվում նաև օպերայի հրապարակ գնացողների շարժառիթները: Գուցե լրագրողը օպերայի երգ ու պարը ոչ թե լիրիկական շեղում, այլ քաղաքակա՞ն զեղում է համարում: Ռեպորտաժի հեղինակը իր «հետաքննությունը» եզրափակեց մերկապարանոց մի հայտարարությամբ, թե` մասնակիցներից շատերը այդտեղից գնացին օպերայի հրապարակ: Պարզ չէր, թե լրագրողն արդյոք հետևե՞լ էր դավանափոխ ու դարձի եկածներին ու համոզվե՞լ, թե նրանք, առանց ճշմարիտ ուղուց շեղվելու և ճամփեքի խանութ-սրճարաններում մոլորվելու, դուզ օպերա են գնացել, թե՞ ինքնուրույն էր որոշել նրանց «տրամաբանական» ուղերթը: Իսկ գուցե նրանք նախ օպերայի՞ միտինգից էին Սերժի միտինգ եկել, ինչ է, լրագրողը դեմքով հատիկ-հատիկ ճանաչո՞ւմ է, թե ով որ միտինգում է գրանցվել, կամ գուցե մարդը որևէ միտինգի մշտական գրանցում չի ուզում, այլ ուզում է երկու կողմերին էլ լսել ու նոր կողմնորոշվել, ինչո՞ւ է դրան իր ուզած քաղաքական աստառը տալիս: Եթե լրագրողը իսկապես հետևել էր միտինգավորներին, ապա ինչո՞ւ էր ձեռքից բաց թողել նման հետաքրքիր թեման կոնկրետ փաստերով ներկայացնելու առիթը, ինչո՞ւ չէր շարունակել ստուգել մարդկանց կամքը` ով էր աջակցության համար օպերա գնում, ով` թամաշայի, ով` քաղաքականապես վերակողմնորոշվելու, ով` գյուղից քաղաք գալու առիթն օգտագործելով` երկու համերգի էրնեկը մի տեղ անելու: Բայց ունկնդիրների հավանական հարցերը դեկլարատիվ լրատվությանը չեն հետաքրքրում:
Ամենատհաճը ռեպորտաժի այն հատվածն էր, որ ներկայացնում էր, թե ինչպես են, կարծեմ Վանաձորում, դպրոցականները ցույցի դուրս եկել ու բողոքել, թե` վայ, էս խի՞ են մեր դասատուներին Երևան միտինգի տարել ու մեզ դասերից զրկել, դա՛ս, դա՛ս ենք ուզում: Իսկական սովետական լրատվություն` ուսումնատենչ պիոներների, դպրոցի մեռած ու դասերի համար յալվար ընկած աշակերտների մասին: Եթե լրագրողը մտահոգիչ էր համարել դպրոցական պարապուրդը, ապա ինչո՞ւ չէր հետաքրքրվել Տեր-Պետրոսյանի դասադուլի կոչերի հետևանքներով, ինչո՞ւ չէր փորձել գտնել ուսանողների, որոնք, ի տարբերություն աշակերտների, հաճախ վճարում են այդ դասերի համար, ու տրամաբանական է, որ տված փողի դիմաց դաս ուզեն, բայց վախենում են դավաճան համարվելուց: Չէ՞ որ այդպիսիք բոլորիս շրջապատում էլ կան, նույնիսկ փնտրել պետք չէ, պետք է առանց դավաճանի պիտակը հուշելու հարցուփորձ անելու ցանկություն ունենալ:
«Ազատության» մեկ այլ լրագրող հաղորդում է, թե քաղաքապետարանը վկայակոչում է օպերայի շրջակայքի բնակիչների բողոքը, որ միտինգների պատճառով խախտվել է նրանց անդորրը, և հեգնում, թե քաղաքապետարանը առանձնապես չէր մտահոգվում, երբ այդ անդորրը խախտվում էր ամառային սրճարանների աղմուկից: Իհարկե, լրագրողը չի էլ փորձում ինքնուրույն պարզել, թե նման բողոքողներ կա՞ն արդյոք, հանկարծ ու` ճիշտ լինի: Նման լրագրությունը ոչ թե ունկնդիրներին ճշտված փաստեր ներկայացնելուն է միտված, այլ քաղաքական ենթատեքստով նրանց ուղղորդելուն՝ այ, տեսեք, բնակիչների բողոքի անվան տակ ուզում են ընդդիմության ցույցը ցրել։ Իսկ երբ խոսքը վերաբերում է Տեր-Պետրոսյան թեմային, ինֆորմացիան ենթարկվում է սկլերոտիկ խմբագրման. օրինակ, ասվում է, թե Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Քոչարյանը նախագահ չի ընտրվել 1998 և 2003 թթ., Սահմանադրական խախտումներով է առաջադրվել, և բառ անգամ չի ասվում, որ Տեր-Պետրոսյանն անձամբ շնորհավորել է Քոչարյանին նույն 98 թ. և մասնակցել ինաուգուրացիայի արարողությանը: Երբ նույնիսկ նման հայտնի փաստերն են միտումնավոր շրջանցվում, ավելորդ է խոսել այն մասին, որ «Ազատության» և շատ այլ լրագրողների բոլորովին չհետաքրքրեցին հօգուտ Տեր-Պետրոսյանի բաժանված ընտրակաշառքների մասին վկայությունները, մինչդեռ դա սենսացիոն նյութ կլիներ` Հայաստանում ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունն էր փողով քվե առնում, միտինգի գալու ավտոբուսներ տրամադրում` նախապես փակելով եկողների պարտքերը խանութներին (այս մասին` armenianow.com, Արիս Ղազինյան), կամ որ Լևոնի կողմնակիցները ահաբեկումներ են արել ընտրատեղամասերում և այլն: Այս հարցերը կարող էին հետաքրքրել միայն այն լրագրողներին, որ առաջնորդվում են ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ խնդիրներով: Մասնագիտական նախանձախնդրությամբ առաջնորդվող լրագրողը դռնեդուռ էր ընկնելու, որպեսզի բոլոր լրատվամիջոցներով ծամծմված ու բերնեբերան փոխանցված ծամոն-լուրերի փոխարեն այ այսպիսի բացառիկ թեմա հայթայթեր` ճշմարտությունը պարզելու պրոֆեսիոնալի մեծ հրճվանքով:
Ընտրարշավի ժամանակ «Ազատության» խմբագրությունում 3-4 «խիզախ» լրագրողներով խաչաձև հարցաքննությամբ գզում էին նախագահի մի թեկնածուի, ում Լևոնը դավաճան է հայտարարում, իսկ Լևոնի հետ հարցազրույց է անում միայն մի լրագրող ընտրարշավի վերջում` և թեկնածուին միայն դուրեկան ու բարեհաճ հարցեր տալով։
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատերը ազատ (թե՞ ընդդիմադիր) լրագրողի հեշտ ու էժան աչոկներ են ուզում հավաքել` տրորելով հենց լրագրողի բուն մասնագիտական էթիկան, կեղծելով, փաստերը ընտրովի ներկայացնելով, ենթատեքստային շեշտադրումներով: Չէ՞ որ հիմա այնքան հարմար է ընդդիմադիր լրագրողի «ազնիվ» կերպարը հագնել ու այդ «ազնիվ» բարձունքից այլ կարծիք հայտնողի բերնին շրխկացնել` ֆուհ, իշխանամե՛տ, ծախվա՛ծ:
«Ազատության» ռեպորտաժները օպերայի հրապարակից, ի հակադրություն Սերժի միտինգի, միայն «անկոտրում կամքի ու վճռականության» հավաստիքն են հաղորդում` փորձ իսկ չանելով ներկայացնել հասարակության տարբեր շերտերից հավաքվածների «կամքի ու վճռականության» շատ բնական տարբերությունները: Բայց ռադիոկայանը, փոխարեն հնարավորինս անկողմնակալ պատկեր տալու, շատ է ջանում միջամտել ու «ներդրում» ունենալ քաղաքական պրոցեսների մեջ:
Մինչդեռ հենց միայն իմ «խոհանոցային» լրատվությամբ օպերայի հրապարակի շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Օրինակ, մեկը պատմում է, որ երբ Մանվել, Մանվել էին գոռում, ինքը քթի տակ հայհոյում էր, մյուսի վճռականությունը Ջհանգիրյանին «ազգային հերոս» հռչակելուց հետո տեղի է տվել, մեկն ասում է, որ ուզում է իրեն իշխանությունից բացի այլ ուժային կենտրոնի մաս զգալ, մյուսն ասում է, որ ուզում է մասնակցել իշխանությունը թուլացնող միտինգներին, բայց չի ուզում, որ Լևոնը հաղթի, մեկը տեսել էր, թե ինչպես են մի քանի տղայի փող տվել գոռալու համար, մյուսը պատմում էր, թե ինչպես են վրա տվել ու գզել մեկին, որ ասել է` «Լևոնին էլ գիտենք», ու երբ ինքը միջամտել է` էդ էլ իրա կարծիքն ա, գզողները բացատրել են` «այստեղ գալիս են նրանք, որ կարծիք չունեն, ահա մեր կարծիքը», ու ցույց տվել Լևոնին: Եվ վերջապես, ո՞ւր է հազարավոր քաղաքացիների տագնապը Լևոնից, որ իրեն չմիացողներին տականք է որակում։
Այսօր էլ, ինչպես Սովետի օրոք, քաղաքական միտքը տեղափոխվել է խոհանոցներ. մարդիկ գլուխ-գլխի են հավաքվում մեկի տանը կամ սրճարանում, վիրտուալ ֆորումներում, որպեսզի կարողանան ազատ խոսել: Եվ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ խոհանոցային դիսիդենտության զգուշավորությունը ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության առաջացրած վախից է: Գրաքննությունը հիմա երկու կենտրոնից է կատարվում ու երկու դեմք ունի` վարչական ու բարոյական: Ընդ որում`երկրորդը ավելի վտանգավոր է, քանի որ աշխատանքային շեֆի փոխարեն ճնշում է «հասարակական կարծիքի» հավատաքննչությամբ: Աշխատանքից զրկվելու սպառնալիքի տակ շեֆի պահանջներին ես հարմարեցնում գործողություններդ, իսկ տականք համարվելու բարոյական շանտաժի տակ օպերայի հրապարակին ես հարմարեցնում միտքդ: Իրավական դատարանի վարչական տույժը փոխհատուցվում է օպերայի հրապարակի տված բարոյական կապիտալով, տուժողն այնտեղ «ազգային հերոս» է հռչակվում, իսկ հրապարակի ահեղ դատաստանը բռնագրավում է սեփական տեսակետների կապիտալը` փոխհատուցելով դա «ազնիվ քաղաքացու» պիտակով: Իշխանության պարտադրանքին ենթարկվողը դառնում է հարմարված մարդ, հրապարակին իր տեսակետները զիջողը` զոմբի:
Եվ այս բարոյական պարտադրանքի ու հավատաքննչության ստրուկն է դարձել «Ազատություն» ռադիոկայանը` երևի հրճվելով, որ իր ռեպորտաժները բարձրախոսով հնչում են համանուն հրապարակում, բայց ես արդեն չեմ միացնում ռադիոն, ինչպես առաջ չէի միացնում «Հայլուրը»։

Panorama.am

Պանդուխտ
11.03.2008, 22:24
Շնորհակալ եմ լուսաբանման համար: Բայց թէ հեղինակը մի քիչ աւելի հայերէն գրեր: Ահաւոր չափերի է հասել. լատինառուսական եւ գաւառաթրքական բառերի գործածումը:

Ambrosine
11.03.2008, 22:28
Բայց չէի ասի, թե միակողմանի լուրեր են եղել: Ընդհակառակը, լուսաբանել են ամեն ինչ: Խոսել են նաև Լևոնի կողմնակիցների ապօրինի գործողությունների մասին: Ես անձամբ լսել եմ