PDA

Դիտել ողջ տարբերակը : Hripsimee–ի ստեղծագործությունները



Hripsimee
04.03.2008, 15:35
Կյանքը բարդ բան է


-Ես ուզում եմ յուրահատուկ լինել,-ասացի ես:
-Ամեն մարդ էլ յուրահատուկ է իր ձևով ,- պատասխանեց մայրս , - մենք բոլորս էլ մի-մի տիեզերք ենք:
-Ես չեմ ուզում ,որ կյանքը կողքովս անծանոթի նման անցնի , անցնի քամու պես ու խելագար արագությամբ ինձ իր հետ տանի:Ուզում եմ մի բան փոխել , ինձնից հետո մի բան թողնել:
-Ո՞վ ասաց , որ չես թողնի:
-Չեմ թողնի , -պնդեցի ես ,-ոչ ոք էլ չի թողնում:Ոչ ոք ոչինչ չի փոխում ու ոչ մի նոր բան էլ չի հայտնաբերում:Մենք բոլորս էլ միևնույն շուտասելուկն ենք ասում , ու չգիտես ինչու բոլորը լրիվ գոհ են ու համակերպված:Մենք անիմաստ ու աննպատակ խաղալիքներ ենք,-ավելացրի ես` մորս լռությունից խրախուսվելով:
-Դու դեռ 15 տարեկան ես , վաղ է նման բաների մասին մտածելը:
-Իսկ ես մտածում եմ , ու սիրտս ցավում է անզորությունից:Այն ամենը , ինչ որ մեջս ունեմ , այն ինչ որ միմիայն իմն է ` իմ ներքնաշխարհը, իմ երազները, լավ ու վատ կողմերը , ու՞մ է պետք այս ամենը:Ես էլ պիտի ուրախանամ միլիոնների ,չէ միլիարդների նման, պիտի տեսնեմ նույն անխուսափելիորեն կրկնվող կյանքը:Ես դա չեմ ուզում:
-Դու էլ գրող կամ բանաստեղծ դարձիր, մարդիկ կհիշեն:
-Դա ելք չէ :Մարդկանց հիշողության մեջ ապրելը ոչինչ էլ չի նշանակում: Ինձ կյանքն է հետաքրքրում , կյանքի նպատակը:
-Ամեն մարդ իր մի մասը հավերժ անմահացնում է իր երեխայի մեջ, դրա մասին մտածի՛ր : Դու կգնաս , բայց քո մի մասնիկը դեռ կապրի ու դեռ կփոխանցվի:
-Սիրուն է , մեջը իմաստ կա , բայց չէի ասի , որ սպառիչ պատասխան է:
-Այնքան էլ հեշտ հարցեր չես տալիս:
-Ես ուղղակի ուզում եմ հասկանալ:
-Դու ուղղակի սիրում ես մի քիչ ամեն ինչ բարդացնել:Փորձի՛ր ավելի թեթև ապրել:
Դպրոց հասանք ու բաժանվեցինք:
Մտա դասարան , տեղավորվեցի դասընկերուհիներիցս մեկի կողքին:
-Ողջույն ,- ասացի ես:
-Բարև , մի տեսակ տխուր ես , հա՞ :
-Չէ ,հրաշալի տրամադրություն ունեմ:
-Իսկ իմի մասին ավելի լավ է չխոսենք:
-Ինչու՞:
-Հապա մի նայիր ,- ասաց նա `պարզելով իր պայուսակը :
-Շնորհավոր ,- մեքենայաբար ասացի ես,- հրաշալի գույն ունի:
-Հրաշալի ՞, ասում ես հրաշալի՞ ,- ասաց նա` ավելի ու ավելի բարձրացնելով ձայնը ,- հապա մի կոշիկներիս նայի՛ր:
-Շնորհավոր , դրանք էլ են շատ գեղեցիկ , մի փոքր ավելի բաց գույնի:
-Այո ,- համարյա լացակումած ասաց նա ,- լրիվ տարբեր երանգի: Իրար բոլորովին չեն սազում:
-Ահավոր է ,-ասացի ես:
-Ոչինչ ,ես սա այսպես չեմ թողնի ,-ասաց նա, - մի բան կանեմ , նոր պայուսակ կգնեմ:Ես հո չե՞մ կարող այսպես ման գալ:
-Չես կարող ,-ասացի ես:
-Գիտեի ,որ կհասկանաս ինձ:
-Խնդրեմ:
-Հապա մի Արմինեին նայիր, նույնիսկ չշնորհավորեց նոր պայուսակս , միշտ էլ գիտեի ,որ նախանձի մեկն է , օձի կծած: Ոչինչ , երբ մի նոր բան հագնի, նույնիսկ չեմ էլ նայի վրան:Ժամանակին էլ իրեն անմեղի տեղ էր դնում ,ինձ քսմսվում էր:Ինձնից քեզ խորհուրդ .մարդիկ շատ խաբուսիկ են: Ու ընդհանրապես ,-խելացի տեսք ընդունեց նա,- կյանքը շատ բարդ բան է:
-Իսկապես , -ասացի ես , ու մենք երկուսս էլ հառաչեցինք:

Dayana
04.03.2008, 15:43
Ապրես, որ 15 տարեկանում արդեն զգում էն ինչը ես նոր եմ սկսում հասկանալ :oy

Hripsimee
04.03.2008, 19:12
Ապրես, որ 15 տարեկանում արդեն զգում էն ինչը ես նոր եմ սկսում հասկանալ :oy


Շնորհակալություն :)

Hripsimee
04.03.2008, 22:55
Դաժան, հաշվեհարդար վրիժառուների նման են վատ հուշերը:Դրանք միշտ էլ թիկունքից են հարվածում:Հերիք է զգաս ,թե դու աշխարհի տերն ես ,թե բոլոր ասպարեզներն են բաց,ու մեկ էլ կգան դրանք պատկերի ,ձայների կամ էլ վաղուց մոռացված դեմքերի տեսքով ու կծիծաղեն վրադ երկար ու դաժան:
Նրանց առաջ դու միշտ էլ անշնորհք ու անմիտ խեղկատակ ես, դրանք միշտ էլ զորեղ են ,որովհետև անուղղելի են ` հարմարավետ ու ապահով ծածկված տարիների փոշով ու ամրությամբ:
Մենք նրանց ստրուկներն ենք ` խեղճ գերիները ,իսկ դրանք մեր հարստահարիչները` ամրորեն մտած մեր ուղեղի , հիշողության ու բանականության մեջ:
Բայց թող որ սիրտս լաց լինի կարծես թե արդեն վաղուց մեռած վերքերիս վրա ու թող նորից ցավի ու տառապի . չէ՞ որ առանց դրա ու այս անողոք, հիշաչար անցյալականների գուցե մի օր ինձ իսկապես աշխարհի տերը զգայի ու հանկարծ չլսեի կողքիցս լսվող լացի ձայնը:

Apsara
04.03.2008, 23:17
Հրիփսիմե ջան, չեմ ուզում քեզ կոտրել, բայց սա դեռևս ստեղծագործություններ չեն; Ինչևէ քեզ մեջ կա պոետիզմ ու կա թախիծ և բոլոր մարդկանց նման էլ դու այդ հարցը տալիս ես քեզ` "ինչու ենք ապրում, որն է կյանքի իմաստը,":

Եթե ունես ուրիշ գրվածքներ, ասենք պատմվածքներ կամ բանաստեղծություններ, հաճույքով կկարդամ, իսկ սա թող օրագրի էջեր դառնան
Սա իմ խիստ անձնական կարծիքն է, չնեղանաս հանկարծ

Ուլուանա
04.03.2008, 23:48
Կյանքը բարդ է
Հետաքրքիր երկխոսություն էր։ :) Ճիշտ է, մշակելու տեղեր ունի, բայց սա կարող էր ավելի մեծ ստեղծագործության հաջող մաս դառնալ։ ;)

Վերջին գրածդ էլ, ճիշտ է, ստեղծագործություն չես անվանի, ուղղակի մտորում էր, բայց իմաստալից էր։ Միայն թե գրվածքներումդ հոռետեսությունը մի քիչ շատ է։ Փորձիր ավելի լավատեսորեն նայել կյանքին ու քեզ ավելի ուժեղ զգալ՝ ինչ– որ բան փոխելու։ Կյանքը հաստատ այդքան բարդ ու սարսափելի չէ, որքան որ թվում է քո մտորումներից։ Ամեն դեպքում երևում է, որ լուրջ փնտրտուքների մեջ ես՝ կյանքի հիմնարար հարցերի պատասխանները՝ իմաստն ու նպատակը որոնելու ճանապարհին, իսկ դա արդեն մեծ բան է։ :)

Հետաքրքրությամբ կսպասեմ հետագա գրվածքներիդ։

Hripsimee
05.03.2008, 14:56
Հրիփսիմե ջան, չեմ ուզում քեզ կոտրել, բայց սա դեռևս ստեղծագործություններ չեն; Ինչևէ քեզ մեջ կա պոետիզմ ու կա թախիծ և բոլոր մարդկանց նման էլ դու այդ հարցը տալիս ես քեզ` "ինչու ենք ապրում, որն է կյանքի իմաստը,":

Եթե ունես ուրիշ գրվածքներ, ասենք պատմվածքներ կամ բանաստեղծություններ, հաճույքով կկարդամ, իսկ սա թող օրագրի էջեր դառնան
Սա իմ խիստ անձնական կարծիքն է, չնեղանաս հանկարծ

Շնորհակալություն արձանգանքի համար:Լիովին համաձայն եմ քեզ հետ:Սա ուղղակի օրագրի մի էջ էր,որը բավականին վարանմունքով ի վերջո որոշեցի տեղադրել այստեղ:Կաշխատեմ այլևս <<օրագրային>> նյութեր չտեղադրել:

Ավելացվել է 4 րոպե անց

Հետաքրքիր երկխոսություն էր։ :) Ճիշտ է, մշակելու տեղեր ունի, բայց սա կարող էր ավելի մեծ ստեղծագործության հաջող մաս դառնալ։ ;)

Վերջին գրածդ էլ, ճիշտ է, ստեղծագործություն չես անվանի, ուղղակի մտորում էր, բայց իմաստալից էր։ Միայն թե գրվածքներումդ հոռետեսությունը մի քիչ շատ է։ Փորձիր ավելի լավատեսորեն նայել կյանքին ու քեզ ավելի ուժեղ զգալ՝ ինչ– որ բան փոխելու։ Կյանքը հաստատ այդքան բարդ ու սարսափելի չէ, որքան որ թվում է քո մտորումներից։ Ամեն դեպքում երևում է, որ լուրջ փնտրտուքների մեջ ես՝ կյանքի հիմնարար հարցերի պատասխանները՝ իմաստն ու նպատակը որոնելու ճանապարհին, իսկ դա արդեն մեծ բան է։ :)

Հետաքրքրությամբ կսպասեմ հետագա գրվածքներիդ։

Չէի նկատել,որ գրվածքները հոռետես են...:think
Իրերն ուղղակի մի տեսակ կյանքի հիմքերը փնտրող ու սեփական գոյության իմաստը համառորեն հասկանալ ցանկացող մի դեռահասի աշխարհայացքով են ներկայացված:Իսկ դրանք հոռետես չես անվանի , այլ ավելի շուտ անհաստատ, մթան մեջ խարխափող:
Համենայն դեպս հաշվի կառնեմ , շնորհակալություն: :)

Ավելացվել է 12 րոպե անց
Սա գրել եմ մոտ 10 տարեկանում,այն ժամանակ իրերն հիմիկվանից ավելի ծանր էի տանում:

Անտառը



Անտառը մեղմիկ շրշում էր, ու նրա հանդարտ ձայնը ասես կամաց շշնջում էր.
-Օրո՜ր,օրո՜ր...
Անտառը շնչում էր կարծես ` մշտապես հսկելով հաստաբուն ծառերի անուշ քունը , ծաղիկների ու հովի ամաչկոտ սիրախաղը :Երկա՜ր էր ապրել անտառը,երկար տանջվել դարավոր կաղնու մահվան հառաչից ու ուրախացել նոր ծլած խոտի առաջին ժպիտից: Ամեն ինչ տեսել , ապրել էր նա ու երբեք,երբեք չէր վհատվել:
Մութ էր արդեն:Հովիկն իր երգի վերջին քառատողն էր նվագում,իսկ անտառը լսում էր ու իր հոգատար հայացքը սահեցնում ամենուր:
-Օգնի՜ր ինձ ,-լսեց նա հենց իր ներքևում:
Մի փոքրիկ ծաղիկ էր`բարակ,նրբագեղ:Անտառը քնքշորեն ժպտաց ու քաջալերեց նրան:
-Ասա՛ ինձ...
-Չեմ կարողանում քնել,-դժգոհ ձայնով խոսեց ծաղիկը,-հենց ցողունիս տակ աղբ է ընկած,տերևովս շարժում եմ,բայց ծանր է,տեղում է մնում:
Անտառը տխրեց.չէր սիրում,երբ մարդը փչացնում էր իր այդքան քնքշորեն փայփայած գեղեցկությունը:
-Ո՞վ արեց,-հոգատար հարցրեց նա:
-Դեռ երկու ժամ առաջ այստեղ էին,-ասաց ծաղիկը քաջալերված,-կերան,խմեցին ու հետո թափեցին:Ուղղակի ահավոր է... Մի բան արա,լա՞վ:
-Կանեմ,իհարկե կանեմ:
Հետո նա կանչեց հովին,համբերատար լսեց նրա զվարճալի կատակը անբախտ թիթեռի ու իմաստուն վարդի մասին ու կարգադրեց նրան օգնել ծաղկին: Թեթև քամին իր հետ տարավ աղբն ու հասցրեց ով գիտե` որ մի անբախտ ծառի կամ ծաղկի մոտ...
Անտառը հառաչեց. ինքն անզոր էր իրեն պաշտպանել:

Մարդն ապշած նայում էր պատուհանից դուրս ու չէր հավատում,չէր ուզում հավատալ:Ընկերներով այդ օրը իր ծննդյան տարեդարձն էին նշել բնության գրկում ու մի լավ ուրախացել:Հետո տուն էին վերադարձել`առանց ետ նայելու:Ու հիմա անտառը կարծես կանչում էր նրան,կարծես աղերսում...Ու աղերսը քանի գնում ավելի ու ավելի էր վերածվում պահանջի, ձայն ստացած խղճի խայթի...

Առավոտյան մարդը ոչ ոքի չպատմեց գիշերային իր արկածի մասին, չպատմեց ,որ գիշերն արթնացել էր մի անզուսպ խղճի խայթից,որ չգիտես`պատուհանից թափանցած հովն էր բերել`շաղախված անտառի բարկացած հանդիմանանքով, թե՞ իր ներսում էր ծնվել ու ստիպել,որ գիշերվա մթին անտառ գնա միայն մի ծաղկի քունը խանգարած լինելու պատճառով: Բայց ներսում,իր ներսում,մեկը կար,որ գիտեր այդ մասին ,և այդ մեկը նրա համար հերիք էր:

Hripsimee
11.03.2008, 16:14
Ես որոշել եմ,որ պիտի երջանիկ լինեմ



-Աստված ինձ մշտապես անբավարարված լինելու դժբախտությունն է պարգևել,- գրեց աղջիկն իր օրագրում,- Ես չեմ կարողանում ապրել , -մի փոքր անց ավելացրեց նա ,- իսկապես չեմ կարողանում:Ես այս աշխարհում ոչնչով չեմ հետաքրքրվում` ո՛չ հագուստով, ո՛չ բամաբասանքով, ո՛չ նորաձևությամբ:Ես սիրում եմ միայն գրքերը , գեղեցիկ մտքերը ու մեկ էլ բարի մարդկանց անկեղծ,անկաշկանդ շփումը:
Գլուխը օրագրից բարձրացրեց ու ընկերուհու դեմքին գոհունակության ու հնազանդության ժպիտ տեսավ:
-Սիրտս ցավում է,-ասաց նա առանց նախաբանի,այնպես , ինչպես մարդիկ սովորաբար խոսում են եղանակի,հագուստի կամ էլ ուտելիքի մասին:
-Ինչու՞ ,-հարցրեց Աննան հանգիստ ու խաղաղ:
-Չգիտեմ,ուղղակի ցավում է:Դու…
-Այլևս ոչինչ չասես ,-կտրուկ ընդհատեց ընկերուհին,- չասես,որովհետև որոշել եմ ,որ պիտի երջանիկ լինեմ:
-Իսկապե՞ս ,-ծիծաղեց նա ու տրամադրությունը մի տեսակ բարձրացավ,- ե՞րբ:
-Երեկ:Հասկացա,որ պետք չէ տխուր-տխուր շրջել աշխարհով մեկ, մարդիկ թող դեմքիս ժպիտ տեսնեն:,-ասաց Աննան նույն անվրդով ձայնով,-Ասում եմ քեզ,գլուխս տխուր փիլիսոփայությամբ չլցնես,որովհետև հաստատ որոշել եմ,որ պիտի երջանիկ լինեմ:
-Իսկ ստացվու՞մ է,-խիստ լուրջ հարցրեց նա:
-Մինչև հիմա,այո՛:
-Բայց գիտես լավ բան ես մտածել,-ասաց աղջիկը ոգևորված,-կարելի է փորձել:
Հետո նա նորից անցավ իր գրառումներին.:
-Ի՞նչն է մեզ դեռ կենդանի պահում այս աշխարհի վրա,-գրեց նա,-եթե չլիներ այդ անիծյալ հույսը,սերն ու ձգտումը կյանքի ու ապագայի նկատմամբ ,հիմա չէի նստի դպրոցական այս նստարանին ու չէի ափսոսա կյանքը, որը մի տեսակ իմիջիայլոց է տրվել ինձ:Իրականում ես վատ,կյանքից դժգոհ արարած եմ,- հանկարծ գրեց նա,-ես փնթփնթանի մեկն եմ:
Վերջակետ դրեց ու հայացքը նորից բարձրացրեց;Հերթով նայեց բոլորին:
Ինչ-որ մեկն անկյունում անգամ ժպիտ չառաջացնող հումորի վրա հիստերիկ ծիծաղ էր բեմադրում,հանդիսատես տղաները մի ծուռ ժպիտ են նվիրում ,իսկ մնացած աղջիկները նախանձով նայում են հաջողակ դերասանուհուն:
Մյուս կողմում մեկը ` իրեն կարևոր անձնավորության տեղ դրած , գրիչը մի ձեռքին պահած` իբր թե պարապմունք էր անում, իսկ սեղանի տակից մյուս ձեռքը արագ-արագ մոդայիկ մի ամսագրի նկարներն էր թերթում:Եվ ամենից ծիծաղելին ուռցրած կուրծքն ու դեմքի փառահեղ արտահայտությունն էր ,որով ուզում է ևս մեկ անգամ կրկնած լինել ,որ ինքը 4-րդ դասարանից դասախոսի մոտ է պարապում ու կարգին գումարներ վճարում:Իսկ ամեն առավոտ խնամքով հարդարվող մազերի տակ բազմել է 6 տարում այդպես էլ դատարկ մնացած գլուխը:
Դասով զբաղվում էին միայն ուսուցչուհին ու գրատախտակի մոտ նստած աշակերտուհին,որը ուրիշ ոչնչի , բացի մատյանում ու հետագայում ամփոփաթերթիկում գրանցված գնահատականների մասին չէր մտածում:Դասարանում նրա հանդեպ կտրուկ ջերմություն ու սեր է առաջանում միայն հանրահաշվի ստուգողականի ժամանակ:
Ուսուցիչը պտտվում ու պտտվում է` աչքերը հառելով մեկ փրկության հույս առաջին շարքի գերազանցիկին, մեկ էլ իրեն (ի դժբախտություն աղջկա` ինքն էլ եմ գերազանցիկ): Թվում էր `նա չի նկատում վերջին նստարանին բջջային հեռախոսի նկարները 100-րդ անգամ թերթող 2 աղջիկներին , գլուխը ձեռքին հենած` ամբողջ տեսքով հնարավորինս շուտ ամուսնանալ երազող աշակերտուհուն, իրենց դասարանի ո՛չ հմայից և ոչ՛ էլ ասենք խելացի տղայի առջև ամեն կերպ շաղակրատող աղջիկներին և ո՛չ էլ ասենք հենց իրեն , որ 20 մարդու մեջ իրեն միայնակ էր զգում ու ստիպված գրում էր:
Ուսուցչուհին խոսում ու խոսում էր, որովհետև 20 տարվա աշխատանքային բոլոր տարիների ընթացքում սրբորեն հավատացել էր,որ աշակերտուհիները համեստ են ու խելոք, տղաները` ազնիվ ու ջենթլմեն, իսկ իր դասի ընթացքում ինչ-որ բան գրոտող աղջիկը` ամենաուշադիր ու ուշիմ աշակերտուհիներից մեկը:
-Ես նախանձում եմ բոլորիդ…,-ասաց նա կիսաշշուկով,- ազնվորեն…
Ոչ ոք չլսեց նրան,բացի կողքին նստած Աննայից,որ ձևացրեց,թե չի լսում ,որովհետև մի անորոշ ժամանակով երջանիկ լինելու հաստատ ու անբեկանելի մի որոշում էր կայացրել :

Ծով
12.03.2008, 04:30
Ջան, վերջինը կիսատ էր…
Եվ ընդհանրապես հրաշալի բան կստացվի, եթե որոշես հենց էլ օրագրային խոհերդ տեղավորել «Դպրոցական հուշեր խորագրով ինչ-որ վիպակում…
Ինձ մոտ հաճելի հուշեր արթնացան։ Երեք տարի է անցել ճիշտ քո տարիքից, բայց հիշեցի,որ հերոսուհուդ նման դասի ժամանակ գրոտում էի ու էն ժամանակ մի քիչ ավելի դյուրագրգիռ ու զգացմունքային էի…
Ես քեզանից չգիտես ինչու :oyշատ բան եմ սպասում։ Իրոք նման չես քո տարիքի գերակշռող սեթևեթուհիներին…
Շարադրանքդ պարզ է, բայց գեղեցիկ, սահուն ու մաքուր. մտքերդ որոնումներ են հիշեցնում, և հույս ունեմ, որ կյանքում այն, ինչ կգտնես քո մտքերով դեռ շատ ու շատ անգամներ,գնալով ավելի հասունանալով կմատուցես մեզ…
Շնորհակալություն…:)

Tig
12.03.2008, 09:53
Հռիփսիմե ջան ապրես, ինձ ամենաշատը քո պարզությունը դուր եկավ::)

Hripsimee
12.03.2008, 11:18
Ջան, վերջինը կիսատ էր…
Եվ ընդհանրապես հրաշալի բան կստացվի, եթե որոշես հենց էլ օրագրային խոհերդ տեղավորել «Դպրոցական հուշեր խորագրով ինչ-որ վիպակում…
Ինձ մոտ հաճելի հուշեր արթնացան։ Երեք տարի է անցել ճիշտ քո տարիքից, բայց հիշեցի,որ հերոսուհուդ նման դասի ժամանակ գրոտում էի ու էն ժամանակ մի քիչ ավելի դյուրագրգիռ ու զգացմունքային էի…
Ես քեզանից չգիտես ինչու :oyշատ բան եմ սպասում։ Իրոք նման չես քո տարիքի գերակշռող սեթևեթուհիներին…
Շարադրանքդ պարզ է, բայց գեղեցիկ, սահուն ու մաքուր. մտքերդ որոնումներ են հիշեցնում, և հույս ունեմ, որ կյանքում այն, ինչ կգտնես քո մտքերով դեռ շատ ու շատ անգամներ,գնալով ավելի հասունանալով կմատուցես մեզ…
Շնորհակալություն…:)
Շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար::love

impression
20.03.2008, 10:00
Հռիփսիմե՞ :)

Ես ուրախ եմ, որ կաս ակումբում, ու որ գրում ես...
եթե իրոք 15 տարեկան ես, ապա շարունակիր գրել, քո "դեռևս ոչ ստեղծագործություններն" ինձ դուր են գալիս :)

ԺՈՂ, 15 տարեկանում փաստորեն հնարավոր է գրել ՈՉ ՄԻԱՅՆ սիրո մասին.... Ուռռաաաա, ընկերներ, ուռռռաաաաաա՜

John
22.03.2008, 00:05
Սերունդա մեծանում… ԼԱՎ սերունդ… հաճույքով կարդացի… ապրես, լավ ես գրում Հռիփսիմե ջան:Լրիվ դիտողությունները տեղին էին, ավելացնելու ոչինչ չունեմ…

Hripsimee
22.03.2008, 12:14
Հռիփսիմե՞ :)

Ես ուրախ եմ, որ կաս ակումբում, ու որ գրում ես...
եթե իրոք 15 տարեկան ես, ապա շարունակիր գրել, քո "դեռևս ոչ ստեղծագործություններն" ինձ դուր են գալիս :)

ԺՈՂ, 15 տարեկանում փաստորեն հնարավոր է գրել ՈՉ ՄԻԱՅՆ սիրո մասին.... Ուռռաաաա, ընկերներ, ուռռռաաաաաա՜

Շնորհակալություն:

Hripsimee
22.03.2008, 22:16
Հուշեր Գեղասահքի երևանյան դպրոցից
Նախաբան


Մի սահադաշտ էր միայն`փոքր,միջազգային չափանիշներին չհամապատասխանող մի սահադաշտ,որն ամեն առավոտ մեր մարզիչը ջանասիրաբար մաքրում էր ձյունից:Մաքրում էր,որ քիչ թե շատ սառույցի նմանվի:Մեր ամբողջ հույսը,հավատը ու ներշնչանքը սառույցի այդ ոչ այնքան մեծ ու քառակուսի կտորն էր (ուրիշներինը շրջանաձև է ,մերը ` քառակուսի, հայ ենք չէ՞ ի վերջո):Մարզիչը մեզ կանչում էր կամ առավոտյան շուտ,կամ երեկոյան:Բայց քանի որ վաղ առավոտյան եկողների թիվը այնքան էլ մեծ չէր,պարապմունքները հիմնականում անցկացվում էին երեկոյան:Գալիս էր մեր մարզիչը` ոգևորված ,ջանասեր ,եռանդով լի ( մի եռանդով,որին , ցավոք, մարզիկներից կեսից ավելին անհաղորդ էին մնում): Մենք սկզբում պարապում էինք գետնի վրա : Այն ամենը , ինչ նախատեսված էր սառույցի համար ,մենք կատարում էինք գետնին ու բավականաչափ գոհ էինք դրանից:Շատ կարևոր տեսքով մենք բեմադրում էինք մեր պարերը ,սառույցի վրա երբևէ չարձանագրված հաջողություններ ցուցադրում ,ու ֆուտբոլիստի կամ վազորդի նման երկար ու դժվար ֆիզիկական վարժությունների կտտանքին ենթարկվում:
Ես հիշում եմ,որ պատահում էր` մեր սառույցը , մի քանի ամիս անտեր մնալով, ծաղկում էր:Ամեն օր մենք մտնում էինք սահադաշտ `հետևելու նոր ծիլերի աճին:Ես միշտ մտածում էի,որ դրանից ավելի լավ ծաղիկների մարգ դուրս կգա,քան թե սահադաշտ: Բայց դե հենց հնարավորություն էր ստեղծվում,մեր սահադաշտին կոպտորեն արթնացնում էին իր գարնանային քնից ու ինքն իրեն ծաղիկների մարգ երևակայող սառույցը ,նորից պնդանալով,ստիպված էր լինում ընդունել իր իսկական առաքելությունը:
Ուրիշ էր,երբ կար սառույցը...
Մենք բոլորս սահադաշտ էինք մտնում ժամացույցներով լավ զինված:Այնպես,ինչպես ծույլիկ աշակերտն է կողքինից անընդհատ ժամ հարցնում, նույնպես և ես ու իմ խելքի բավական շատ գեղասահորդներ հաճախ անձեռոցիկ վերցնելու պատրվակով մոտենում էինք սահադաշտը շրջապատող պատվարներին ու մի հապճեպ հայացք գցում ժամացույցի վրա:
Եթե ուրիշ երկրներում սահադաշտերը իրենք են առաջ մղում մարզիկներին,ապա մեր սահադաշտին,ընդհակառակը ,պետք էր երկար ու տքնաջան համոզել ու խրախուսել,որ մեջը իսկական սահադաշտային հպարտություն ու արժանապատվություն առաջանա:
Սառույցում ցուրտ էր, ու քանի որ մենք այնքան էլ հեշտ ու այնքան էլ շատ չէինք շարժվում (հերիք է թափ հավաքես,արդեն սահադաշտի մյուս ծայրում ես),ապա շատերս ահավոր մրսում էինք:Արդյունքում` բավականին հաճախ զուգարան գնալու ցանկություններ էին արձանագրվում (զուգարանը սահադաշտից դուրս էր ու,ամենակարևորը `տաք) :Ամենից բարակը մեր մարզիչն էր հագնվում ու միայն նա էր,որ չէր մրսում,որովհետև մեր մարզիչը,ինչ խոսք , մեզնից ավելի էր նվիրված իր գործին , նպատակին ու քառակուսի սահադաշտին:Նա միշտ քրտնում էր ու միշտ գոռգոռում: Նա մեզ բոլորիս էլ սիրում էր և ում ավելի շատ էր սիրում,նրա վրա ավելի շատ էր գոռգոռում: (Մեր մարզիչը հիմա Մոսկվայում է ,այնտեղ նա իր որդուն է մարզում ու բավական մեծ հաջողություններ ունի:Մենք`նրա սաներս, բոլորս էլ շատ ուրախ ենք ,որովհետև բոլորս էլ գիտենք , որ գեղասահքը մեծ վնասներ չի կրել մեր նման մարզիկներ կորցնելով):
Գեղասահքի դպրոցում երևի ամենազավեշտալի բանը մրցումներն էին:
Մեզ `ձյունախառն,անհարթ,տեղ –տեղ դեղին ,բլթականման ուռուցքներով լի սառույցին սովոր սաներիս ,տրամադրում էին հայելու պես մաքուր ,հնարավորինս հարթ, ատամները սրած ու տոնական տեսքով փռված մի սառույց:Ու չգիտեինք` լացենք,թե ուրախանանք,որովհետև այդ նոր տեսակի սառույցը մեր բոլորի մեջ ,անխտիր, սարսափ էր առաջացնում:Մրցումների օրերին մենք կարծես առաջին անգամ էինք մտնում սահադաշտ ու արդեն սարսափախառն պատկառանքով էինք նայում մեր քառակուսուն:Շատերը ընկնում էին,մի քանիսը ոգևորվում սառույցի ցուցաբերած նոր հատկություններով, իսկ մնացածը ,վախենալով այդ անսովոր երևույթից,մեծ մասամբ ,ձախողում ելույթը :
Այսպիսին է գեղասահքի երևանյան դպրոցը,որտեղ մտնողը երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ,որովհետև դառնում է այդ աշխարհի մի մասը,դուրս եկողն էլ ազատ շունչ է քաշում,բայց մեկ-մեկ էլ կամացուկ ու կարոտախառն թախծում` անցած-գնացած դեպքերն ու դեմքերը հիշելով:

Hripsimee
02.04.2008, 22:52
Մայրիկիս

Կյանքիս խոնավ մառախուղում
Մայրս միշտ էլ արև մնաց,
Ու չիմացա`երբ կորցրի
Նրա աչքի ժպիտն անթաց:


Սիրել եմ,մա՛յր իմ ,միշտ էլ կսիրեմ
Քեզ ու քո դեմքի ծիծաղը բարի
Բայց ես չգիտեմ,չեմ կարող գտնել
Սերը,որ քոնին հավասար լինի:

Kuk
02.04.2008, 23:02
Hripsimee ջան «մալադե՛ց»: Լավ բաներ շատ կային:
Ա դե ճիշտ եմ նկատել էլի 03.03.2008 էս օրը տաղանդներ են գրանցվել Ակումբում;)

Hripsimee
11.04.2008, 15:14
Լա՛վ նայիր քեզ:
Ամու՛ր կաց:



Ես ինձ լավ եմ զգում իմ նոր հագուստով ու գարնանային ուրախ օրը ականջիս շշնջում է ժպիտի ու մարդկային կյանքի գեղեցկության,անհոգության մասին:Մի ձեռքով պահում եմ պայուսակս,մյուսով`աղբի տոպրակը:Մոտենում են աղբամանին ու տեսնում,որ դրա մոտ արդեն մեկը կա, մեկը , որն ավելի բարդ հարաբերությունների մեջ է փողոցային աղբի մեծ դույլի հետ , քան ես:Նա քթի տակ ինչ-որ բան էր մրթմրթում:Երբ ես մոտեցա աղբի դույլին , կինը հայացքը բարձրացրեց վրաս:Հետո նա խոսեց այնպիսի չարությամբ,որպիսին երբեք չէի լսել կամ զգացել.
-Անասունի մեկը,երես առած լակոտ,քա´ծ,զզվելի տակա´նք ... Սատկի՛պրծնենք,լկտիի մեկը...
Ես մի պահ կանգնեցի ու հետո ձեռքիս աղբը զգույշ ու անձայն դրեցի դույլի մեջ:Ետ նայելիս մեր հայացքները մի պահ հանդիպեցին , ու ես նրա փոքր,գազազած աչքերում այնքան չարություն տեսա,որ սիրտս ճնշվեց ու ծանրացավ մի տարօրինակ , նոր զգացումով:Ես քայլեցի ու ինքս ինձ մեղադրեցի նրա համար,որ ես լավ եմ ապրում,նա`վատ ,որ ես կուշտ եմ,նա` քաղցած,ձմռանը չեմ մրսում,նա դողում է,իմ աչքերում չարություն չկա,իսկ նրա աչքերում թվում է ` դրանից բացի ուրիշ ոչինչ չի մնացել:Աղբադույլից մինչև դպրոց տանող ճանապարհին ես մեղադրեցի անարդար աշխարհն ու բարքերը,որոնք ինձ հանցակից էին դարձրել իրենց կեղտոտ գործերում:Այդ ճանապարհին ես մի քիչ էլ մեծացա:

..........................................................................................................................

Ձեռքիս մեջ ամուր պահել եմ հաստ տոպրակի մեջ ամփոփված մի քանի տաք հագուստներ:Դրանց հետ մի թուղթ`վրան`միայն մի քանի բառ.

Լա՛վ պահիր քեզ:
Ամու՛ր կաց:

Դեռ հեռվից տեսնում եմ նրան`աղբը փորփրելիս:Երկուսս էլ հավասար ենք,երկուսս էլ մարդ ենք կոչվում,նրա սիրտը կեղտոտված է հազարավոր մարդկանց չարությամբ,իմը`միայն նրա տվածով:Ես փորձում եմ ժպիտանման մի բան գծագրել դեմքիս ու պարզում եմ տոպրակը,պարզում եմ նրան,ոչ թե աղբարկղին:
-Վերցրեք,-շշնջում եմ ես,ու նիհար ձեռքերը վարանմունքով խլում են տոպրակը:
Ես արագ ու հապշտապ շրջվում եմ ու հեռանում:Ես նրա աչքերի մեջ չեմ նայում,որովհետև չեմ ուզում դրանց մեջ ցավ տեսնել:Չեմ ուզում,որ մտածի,թե Աստծո այս ծեր ու հիմար խեղկատակության մեջ ես իրենից ավելի լավն եմ կամ ավելի բարի ,որ Աստծուց ու մարդկանցից խաբված մեր երկուսի միջև հանկարծ պարտքի որևէ շող չծնվի,որ ... չամաչի:

..........................................................................................................................


Երկար ժամանակ է անցել այս ամենից,բայց սիրտս չի մոռացել:Ամեն անգամ,երբ էությունս երջանկությամբ է լցվում ու աչքերս`ժպիտով,սիրտս ,մեկ է, վերադառնում է այն ծեր ու թորշոմած կնոջը,որ կարող էր բարի ու հոգատար մի տատիկ լինել ու իր թոռներին տար այն սերն ու փաղաքշանքը,որ ի՞նչ իմանաս կյանքի որ մի կույր արահետում չարության էր վերածվել:
Այդ օրվանից ես այլևս երբեք լիաթոք չեմ ծիծաղել:

Dayana
11.04.2008, 15:21
Hripsimee ես ուղղակի ապշած եմ :oy հիշեցի Վերոնիկայի օրագրային մի գրառում, որ շատ նման էր քո գրածին ու ... :(

Hripsimee
11.04.2008, 15:28
Hripsimee ես ուղղակի ապշած եմ :oy հիշեցի Վերոնիկայի օրագրային մի գրառում, որ շատ նման էր քո գրածին ու ... :(

Վերոնիկայի գրառման հասցեն կտաս?Կցանկանայի կարդալ:

Ռուֆուս
11.04.2008, 15:35
Հռիփսիմե ջան, ինձ ամեն անգամ զարմացնում ես...... Ու ավելի շատ եմ զարմանում, երբ հիշում եմ, որ ընդամենը 15 տարեկան ես....

Ախր շատ լավ ես գրում, շարունակիր նույն ոգով! :)

Hripsimee
11.04.2008, 15:38
Կաշխատեմ;)

Hripsimee
12.04.2008, 11:40
Իսկ ինչը խորհուրդ կտայիք ուղղել?

Hripsimee
18.04.2008, 15:28
Աշխարհում ապրող ամեն մի մարդու,մանավանդ նրան,ով սրտով բանաստեղծ է ու հոգով փիլիսոփա ...

Ոչ ոք չի մեռնում,ոչ ոք չի անհայտանում:Դու ամուր պահի՛ր քո մեջ այն ,ինչ որ քոնն է ,ինչ էությունդ է կազմում, ամու՛ր պահիր,որ հանկարծ չկորցնես,որ կարողանաս տարածել սերունդների մեջ:Թող որ թեկուզ մեկ դար հետո ծնվի քո նմանակը`զինված քո աչքերով, քո մտքով ու քո սրտով :Թող նա կյանքում մաքառի ու ապրի ճիշտ այնպես,ինչպես որ ինքդ ես ապրել ու ի վերջո գտնելով իրեն` փորձի նայել այս կյանքին զննող ու խորաթափանց աչքերով:Քեզ,քո էությունը հանկարծ չկորցնես,չաղավաղես,թող քո միջինը անապակ ու մաքուր մնա`անխառն կյանքի ամեն մի կործանող պայմանականությունից,թող ապրի ու փոխանցվի,որ մարդկությունը չկորցնի ո՛չ քեզ,ո՛չ ընկերուհուդ, ո՛չ հարևանիդ ու ո՛չ էլ հենց թշնամուդ:Թող ամբողջ աշխարհն իր այլևայլություններով պահպանվի,որովհետև միայն այդպես է ճիշտ,այդպես է ներդաշնակ:
Միշտ հիշիր`ամեն մարդ մի մոլորակ է:Դրա համար էլ,երբ թեկուզ երկու մարդ իրար են միանում,միշտ էլ ստեղծում եմ իրենց ուրույն մոլորակային համակարգը,դրա համար է ,որ մենք պետք է զգուշանանք բախումներից:

Hripsimee
22.05.2008, 19:08
Կամ մենք , կամ Նա

Սիրտ իմ , դու՛րս եկ կեղևիցդ ,
Մարմնիս մեջ էլ մի՛ մնա ,
Կյանքից հոգնած, կյանքից զզված
Հոգուս տանը մի՛ մնա:

Մենք` ես ու դու , մեկ էլ հոգիս
Կյանքում ոչ մի դեր չունեցանք
Չիմացանք էլ` մենք ենք հիմար,
Թե կյանքն է սև մի գլխացավ:

Ուշ է ,արի՛ , էլ ժամ չկա
Դու` միշտ տխուր , ես` չարացած,
Արի գնանք , այստեղ ցավ կա
Անտեղ , գուցե` ժպիտ , քնքշանք:

Մեզնից ոչ ոք իմաստ չունի
Էս վիրավոր , ծերուկ կյանքում
Տեսնես քանի՞ սիրտ դեռ ցավով
Պետք է Նրա՛ քաղցն հագեցնի:

Ես` 16 տարեկան ,
Ցավն այս տարիք կամ սկիզբ չունի,
Ես մի հիմար բողոքական ,
Դողն այս գուցե հավերժ ապրի:

Ուլուանա
22.05.2008, 20:29
Հռիփսիմե ջան, ենթադրում եմ, որ առաջին բանաստեղծությունդ է կամ առաջիններից մեկը, չէ՞։ Ինչպես միշտ, լուրջ մտորումներ ու կարևոր հարցերի որոնումներ... Հատկապես 16 տարեկան աղջնակի համար, կարծում եմ, բավական հասուն մտածելակերպ ունես։ :) Կարծեմ մի անգամ Impression-ն էլ էր քեզ ասել, ես էլ ասեմ. իսկապես ուրախալի է, երբ ստեղծագործողի միտքը, այն էլ քո հասակի, սիրուց բացի, ուրիշ լուրջ թեմաներ էլ են զբաղեցնում։ :) Որպես սկիզբ՝ բանաստեղծությունդ բավական խոստումնալից է, բայց որոշ առումներով դեռևս անկատար։ Որոշ մասերում հանգի հետ կապված անհարթություններ կան ու էլի որոշ ոչ այնքան հաջող ձևակերպումներ, իսկ վերջին տունը մի տեսակ սարքովի է ստացվել. կարծես իմաստը զոհաբերվել է հանուն հանգի... :oy Բայց ընդհանուր առմամբ, նույնիսկ հանգի հետ կապված թերություններով հանդերձ, սահուն էր կարդացվում։ ;)

Հուսով եմ՝ ասածներիցս չես վիրավորվի։ Ուղղակի մտածեցի՝ ավելի լավ կլինի, եթե մտածածս գրեմ, քան ստեղծագործությունդ անուշադրության մատնեմ։

Hripsimee
29.06.2008, 21:08
Շնորհակալություն , ես շատ կցանկանայի քո ընկերը լինել


Տաթևիկը մեղմ շարժումներով ցույց էր տալիս վարժությունն անելու ճիշտ ձևը : Ինձ հանձնարարված էր ուշադիր հետևել նրա շարժումներին և վերջապես սովորել դրա ճիշտ ձևը : Ես մեր ողջ խմբի ամենաբութ ու ամենաանհասկ սանն էի համարվում , իսկ Տաթևիկը ` ամենախելացին ու ամենաընդունակը : Նա նաև մեր խմբի ամենագեղեցիկ աղջիկն էր ու ես անկեղծորեն հիանում էի նրանով` չահամարձակվելով անգամ համեմատվել նրա հետ : Ես այդ ժամանակ մոտ 12 տարեկան էի ` ինքնամփոփ , չխոսկան , շատերի աչքերին բավականին տարօրինակ : Ես անասելիորեն ամաչկոտ էի , ինչը գալիս էր ներսումս կուտակված վախից , որն էլ անվստահության արդյունք էր : Իմ կարծիքը ես չունեի , ավելի ճիշտ այն մնում էր խորը իմ ներսում , ես համարյա չէի խոսում , և գեղասահքի այդ դպրոցում մարդիկ կարծում էին , որ ես մի քիչ տհաս եմ : Ես չէի առարկում , մտքովս էլ չէր անցնում ձայն հանել , երբ մեր մարզիչը ` Նատալյա Իվանովնան իր ցավեցնող ռուսերենով համեմատում էր ինձ ու Տաթևին և կամ դժգոհ քրթմնջում , թե ինքը ստիպված չէ իմ նմանների հետ պարապել : Իր նյարդերը այդքան ամուր չեն :
Եվ հիմա Տաթևիկը ինձ նորից ցույց էր տալիս այն չարաբաստիկ վարժությունը , որի մեջ մտնող բոլոր շարժումների հերթականությունը անհուսորեն փորձում էի մտապահել արդեն մեկ շաբաթ :
“ Ну? Увидела ? Так давай , давай сама ! ”
Դաշնամուրը նվագում է , ու ես շունչս պահած սկսում եմ արագ – արագ կրկնել քիչ առաջ ցուցադրված վարժությունը :
“ Ну как швабра , честное слово ” գոռում է այն կողմից Նատալյա Իվանովնան “ Ну что я могу ей учить ? Перестань , не надо больше”
Նվագը դադարում է ու հետո նորից վերսկսվում արդեն ողջ խմբի համար , ես հանգիստ շունչ եմ քաշում . ինձ այդ օրն արդեն հասել էր , էլ չէին անհանգստացնի:
“Ну Вардан , что ты там делаеш ? Վերջացրու դու էլ , Саркис !”
Վարդանն ու Սարգիսը դեմքի ` իմին կասկածելիորեն նման արտահայտությամբ ոտքերը փայտի պես բարձրացնում ու իջեցնում էին , հետո ինչ-որ պտույտներ անում , իսկ դրանից էլ հետո , սեփական տաղանդից խիստ հիացած , բավականին տհաճ ձայնով հռհռում :
“ Ну да , да , так она делает . Ну что я могу с ней делать?Видиш ”, մարզիչը հայացքը նորից ինձ է ուղղում , ” не надо так !
Ինչ- որ հեռու , մարդկանցից ու աշխարհից խիստ թաքուն , միայն ինձ հայտնի խորքերում ցավ կար : Ինչ-որ մեկը ( հիմա, երբ 16 տարեկան եմ , նա արդեն դուրս է եկել այդ խորքերից) այնտեղ այդ պահին հուսահատորեն իրեն պատեպատ էր տալիս : Նա լաց էր լինում , գոռում , բոլորին ու առավել ևս մեկին ձգտում ապացուցել , որ ինքը ուժեղ է , ինքը ոչ մեկից էլ վատը չէ : Բայց վախի ու անվստահության պատը շատ էր կարծր , դրսում ոչ-ոք ոչինչ չէր լսում : Դրսում աննշան , 12 տարեկան մի վախվորած աղջնակ էր` քարացած դեմքով , անկյանք աչքերով :
Ես անհուսորեն աչքերս սահեցրի ներկաների դեմքերի վրայով . Տաթևի աչքերում ծաղր կամ արհամարհանք չկար , դրանք ուղղակի անտարբեր էին : Եվ այդ պահին , երբ ես նայեցի նրան , հիշեցի դրանից 2 տարի առաջ պատահած մի դեպք :
Այն ժամանակ գեղասահքի դպրոցը Տաթևից բացի մեկ այլ աստվածուհի ուներ ` Էվելինան ( ես նրա անվան հանդեպ անգամ մեծ պատկառանք ունեի ) : Նա և Տաթևը ընկերուհիներ էին : Էվելինան ինձ նույնիսկ չէր էլ բարևում , նա ձևացնում էր , թե ես չկամ կամ էլ չափազանց աննշան եմ ,որևէ ուշադրության արժանանալու համար : Երբ կողքին էի , շրջում էր մեկից խիստ դժգոհ դեմքով` հասկացնել տալով , որ այդ մեկը հենց ես եմ : Տաթևը նրան ամեն ինչում հետևում էր:
Մի օր Էվելինան չեկավ պարապմունքի , ասում էին , որ երկար է բացակայելու : Ես դահլիճի իմ առանձին անկյունում էի , երբ Տաթևը շտապ-շտապ մոտեցավ ինձ ու շշնջաց կամաց.
- Էվելինան սուտ է ասում , դու շատ լավ աղջիկ ես : Սրանից հետո ես քեզ հետ կշփվեմ :

Երախտագիտությունը , հիացմունքը և անսովոր հրճվանքը միանգամից ողողեցին էությունս , բայց ես դրանք արտահայտելու համար չափազանց վախկոտ էի : Ես միայն թռուցիկ հայացք գցեցի նրա վրա ու արագ մի կողմ գնացի : Հետո ես տեսա նրա աչքերը . դրանք նույնքան սառն էին , ինչքան այդ օրից 2 տարի հետո :Ես այն ժամանակ էլ , 2 տարի հետո էլ շատ բան կցանկանայի նրան ասել , բայց այդպես էլ ոչինչ չասացի : Կյանքում այնքան բաներ ու բառեր կան , որոնք այդպես էլ մնում են չարված ու չասված : Ես կցանկանայի ուղղել ամեն ինչ , բայց ուշացել 4 կամ 6 տարի :

Ուլուանա
30.06.2008, 05:51
Հռիփսիմե, գլխավոր հերոսուհուդ կերպարի մեջ ինձ տեսա նախկինում. մի ժամանակ ես էլ էի էդպիսին։ :oy

Պարզ ես գրում, բայց շատ խորը։ :) Աղջկա կերպարը լավ ես կերտել։ :ok Բայց տեղ–տեղ ոչ էնքան հաջող ձևակերպումներ կային, էդ առումով մի քիչ մշակման կարիք կա։ Մեկ էլ մի տեսակ անավարտ թվաց ինձ, չգիտեմ... :think

Hripsimee
30.06.2008, 11:48
Հռիփսիմե, գլխավոր հերոսուհուդ կերպարի մեջ ինձ տեսա նախկինում. մի ժամանակ ես էլ էի էդպիսին։ :oy

Պարզ ես գրում, բայց շատ խորը։ :) Աղջկա կերպարը լավ ես կերտել։ :ok Բայց տեղ–տեղ ոչ էնքան հաջող ձևակերպումներ կային, էդ առումով մի քիչ մշակման կարիք կա։ Մեկ էլ մի տեսակ անավարտ թվաց ինձ, չգիտեմ... :think

Շնորհակալ եմ , շատ հաճելի է , որ կարդացել ես : Որտեղ խորհուրդ կտաս փոփոխություններ անել?

ivy
30.06.2008, 14:38
Կենդանի նկարագրություններ էին, լավ ես շարադրել: :)
Հատկապես այս մասն էր տպավորիչ.


Ինչ- որ հեռու , մարդկանցից ու աշխարհից խիստ թաքուն , միայն ինձ հայտնի խորքերում ցավ կար : Ինչ-որ մեկը ( հիմա, երբ 16 տարեկան եմ , նա արդեն դուրս է եկել այդ խորքերից) այնտեղ այդ պահին հուսահատորեն իրեն պատեպատ էր տալիս : Նա լաց էր լինում , գոռում , բոլորին ու առավել ևս մեկին ձգտում ապացուցել , որ ինքը ուժեղ է , ինքը ոչ մեկից էլ վատը չէ : Բայց վախի ու անվստահության պատը շատ էր կարծր , դրսում ոչ-ոք ոչինչ չէր լսում : Դրսում աննշան , 12 տարեկան մի վախվորած աղջնակ էր` քարացած դեմքով , անկյանք աչքերով :
Ես անհուսորեն աչքերս սահեցրի ներկաների դեմքերի վրայով . Տաթևի աչքերում ծաղր կամ արհամարհանք չկար , դրանք ուղղակի անտարբեր էին :

Ինձ թվում է, քեզ մոտ շատ հաջող կստացվեն նաև պատմվածներ, որոնք ոչ թե առաջին դեմքով են գրված, այլ երրորդ: Փորձիր անպայման: ;)

Hripsimee
30.06.2008, 22:00
Կենդանի նկարագրություններ էին, լավ ես շարադրել: :)
Հատկապես այս մասն էր տպավորիչ.



Ինձ թվում է, քեզ մոտ շատ հաջող կստացվեն նաև պատմվածներ, որոնք ոչ թե առաջին դեմքով են գրված, այլ երրորդ: Փորձիր անպայման: ;)

Շնորհակալություն:)

Hripsimee
18.07.2008, 13:54
Հիմա արդեն կարող եմ մրցույթի ստեղծագործությունները ամբողջականության համար տեղադրել այստեղ :

Մոլորվել եմ



Դպրոցական 2-րդ շարքի դիմացի նստարանին նստած էր մոտ 15 տարեկան մի աղջիկ:Նա նիհարիկ էր,գեղեցիկ աչքեր ուներ ,տգեղ չէիր անվանի ,թեև ,անշուշտ, գեղեցկուհի էլ չէր:Իրականում այդ հարցը նրան այնքան էլ չէր հուզում, չնայած ինքը միշտ էլ հակառակն էր ցանկացել:
Այս աղջիկը բավականին տարօրինակ արարած էր , և ինքն էլ չգիտեր`ինչպիսին և կամ ինչի էր ընդունակ:Նրա խոշոր աչքերը երբեմն արցունքով էին լցվում մի այնպիսի պահի,երբ ոչ ոք դրան չէր սպասում:Նա երբեմն զայրանում էր ու իր զայրույթը թափում իրեն շրջապատող մարդկանց վրա ,հետո խաղաղվելով `հասկանում էր,որ էլի ճիշտ հասցեատերոջը չէ,որ ուղղել իր բողոքը:80
Առհասարակ ո՞վ գիտե մարդկային հոգու գաղտնիքը,ո՞վ է վառում դրա մեջ սեր,հարգանք,մեծամտություն և կամ էլ խո՜ ր,խո՜րը թախիծ:15 տարեկան այս աղջիկը այդ հարցերի պատասխանը չգիտեր,նա տխուր էր, որովհետև դպրոցը գերազանց ավարտելով ու համալսարան ընդունվելու շեմին կանգնած լինելով`չգիտեր`ինչպես ապրել:Նա չէր կարողանում հասկանալ,իսկ ուրիշները չէին կարողանում բացատրել: Իրականում նա ամեն ինչ էլ ուներ երջանիկ լինելու համար,բայց գիտակցելով սա`կարծես թե դժբախտ էր:
Երբևէ զգացե՞լ եք,որ ձեր մեջ գաղտնի ու գազազած մի հրեշ է ապրում,եթե այո՛,ապա անպայման տեղեկացրե՛ք այս աղջկան,որովհետև դրանից նա իրեն այդքան միայնակ չի զգա:Ինքն էլ չգիտե`այդ հրեշի անունն ինչ է`կյանքի,աշխարհի դեմ բողո՞ք,թե` մի անգործ մնացած եռանդ,որ հուսահատ ու կատաղի բողոքում է իրեն պատած ձանձրույթի դեմ:
Դասարանում ձայներ ու արձագանքներ կային , բայց աղջկա միտքը հեռու էր այդ ամենից:Այժմ նա աչքերը փակ մտածում էր

«Նա պարզորոշ տեսնում էր երկա՜ր,կիսախավա՜ր մի միջանցք:Օդում մի տեսակ փափուկ հանգստություն ու բարություն կար:Սա ի՛ր տունն էր, ի՛ր հոգու տանը, ու ինքն իրեն այստեղ հրաշալի եմ զգում:Իր դիմաց`խոր ու հարմարավետ բազկաթոռին նստել է իր մյուս եսը`էլի ինքն էր`ուղղակի մի քիչ ավելի ժպտուն ու բացսիրտ աչքերով:Նրանք իրար նայում էին միմյանց շատ սիրող ու միաժամանակ մեկը մյուսից հոգնած,ձանձրացած հայացքով:
Ինքը ,ինչպես միշտ, սկսում է առանց նախաբանի:

-Այսօր լսում էի իմ `բոլորի կողմից գեղեցկուհի համարվող ընկերուհու՝ իրեն արված հաճոյախոսության մասին երկար-բարակ խոսելը:Ես նրան լսում էի , բայց տհաճություն էի զգում:Նրա դեմքը ներքին հաճույքից ու ուրախությունից փայլում էր, ու աչքերը վառվռում էին: Նա վատը չէ,ոչ էլ թեթևսոլիկ , բայց նրա ծիծաղն ու աչքերի փայլը այսօր մի քիչ ուրիշ էին,մի քիչ անսովոր:Ես պետք է ուրախ ու գոհ լինեի,որովհետև նա էր այդպիսին ու պետք է կիսեի նրա ուրախությունը,բայց ես տհաճություն զգացի:Ես նախանձեցի նրա ուրախությանը,որն այդքան հեշտորեն էր ձեռք բերվել ,այնինչ ես հազարավոր փնտրտուքների մեջ ադպես էլ չեմ կարողանում գտնել ի՛մ երջանկությանը ճանապարհը :
Այսօր ես մեղադրեցի ինքս ինձ նրանից բարձր դասելու համար ու գիտակցեցի,որ նա ինձանից և´ երջանիկ է,և՛ հասկանալի:Նա սիրում է իրեն ու կյանքը ու նրան էլ ոչինչ պետք չէ:
Չգիտեմ`մարդիկ ինչ են անում,երբ զգում են,որ իրենց ներսում մի բան չեն հասկանում,անուն տալ չեն կարողանում:
Դիմացի բազկաթոռին նստաց «ես»-ը իր գեղեցիկ ու խորը աչքերով նայում է աղջկան ու փորձում ճեղքել ու թափանցել այն վիթխարի ,անառիկ ամրոցի մութ ու անանուն միջանցքները,որ մարդկային հոգի է կոչվում:Չստացվեց .երբեք էլ չի ստացվում:
-Գեղեցիկ մարդկանց մի մասը միշտ էլ երջանիկ է լինում,որովհետև տխրելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ցանկություն,-ասաց նա,երբ աղջիկը լռեց:-Գեղեցկությունը երբեմն պատնեշի նման է,որ պաշտպանում է մարդուն սեփական հոգու խորքը թափանցելուց ու կյանքի ու ցավի արձագանքը այնտեղից ստանալուց: Դու այսօր տհաճություն ապրեցիր,որովհետև քեզ գուցե պարտված զգացիր մի ինչ-որ կույր ու անարդար մրցույթում:Դու դեռ ծնված էլ չէիր մրցության այդ պահին, հետևաբար և`անմասնակից:Եվ դա,ըստ քեզ, անարդար է:
Առհասարակ քեզ նման մարդիկ կարծում են,թե մի ուրիշ ճշմարտություն ունեն բացահայտած,բայց հոգու խորքում չգիտեն` իրենցից որ մեկն է ավելի երջանիկ ու բախտավոր: Այնպիսի մարդիկ,ինչպիսին օրինակ քո ընկերուհին է, բախտավոր են այնպես,ինչպես վարդը,բայց ես ավելի շատ սիրում եմ խնձորենուն,որովհետև խնձորենին խնձորով է հայտնի,իսկ վարդը` կարմիր,թավիշ թերթերով:Ես քեզ սիրում եմ,որովհետև դու կարողանում ես լսել ու հասկանալ ինձ,երբ ես տխուր եմ, դու և՛բարի ես , և՛ չար,դու երբեմն նաև դժգոհ ես,բայց երբ նույնիսկ ինքդ քեզ ես նայում հայելու մեջ,միևնույն է տեսնում ես ետևումդ լացող ու ցավ զգացող մարդուն:Ես քեզ սիրում եմ,որովհետև դու հիմա հասկանում ես,թե ես ինչի մասին եմ խոսում:Դու հիմա փակել ես աչքերդ,բայց տեսնում ու լսում ես ինձ:
Միջանցքի աղոտ լամպերը աջ ու ձախ էին շարժվում, ու նրանց գույնը մի տեսակ ավելի էր խունանում ... շարունակելի
-Քեզ կարծես թե կանչում են ,-ասաց նա»։


-Կարելի է հետաքրքրվել ինչու՞ ես նստել վերջին շարքում ու գլուխդ դրել ձեռքերիդ ,-հարցրեց Ընկ. Սահակյանը:
Աղջիկը մեղավոր ժպտացի:
-Դասին ուշադի՛ր եղիր,-խիստ-խիստ ասաց նա:
-Լավ ,Ընկ.Սահակյան:
-Լավ կանես զգույշ լինես,-շշնջաց դասընկերուհիս,-այսօր նա բարկացած է:
Բայց նա արդեն փակել էր աչքերս...

« Իսկ գուցե ես ուղղակի չա՞ր եմ,-հարցրեց նա մտքում,-երբեմն ներսումս այնքան չարություն եմ զգում,որ թվում է`ուր որ է մեկին վնաս կպատճառեմ:Ես չարանում եմ այն մարդկանց դեմ,ում սիրում եմ ,ու ովքեր ինձ են սիրում:Ես ուզում եմ բոլորի հետ սիրալիր ու լավը լինել,բայց չեմ կարողանում:Ես ինքս ինձ չեմ հասկանում ու չեմ կառավարում:
-Դրա պատասխանն էլ կա,-ժպտաց հոգու մյուս կեսը,- ու դու դա գիտես:Որոշ մարդիկ այդ ամենը քո տարիքին են վերագրում,բայց դե ես քեզ ինչքան հիշում եմ`այսպիսին ես եղել:Անընդհատ Սարոյան ես կարդում ,հիանում նրա բարությամբ,բայց ինքդ ,միևնույն է,ո՛չ բարի ես դառնում,ո՛չ էլ` ներողամիտ:Դու արդեն կյանք ես մտնում,բայց ինքդ քո կաղապարը դեռ չես գտել:Տանը դու ուրիշ ես,դպրոցում` ուրիշ, մեկ ուրիշ տեղ`առավել ուրիշ, ու հիմա,երբ այդ «ուրիշները» եկել ու քեզնից բացատրություն են պահանջում, դու շվարած կանգնել ու ինձնից ես օգնություն խնդրում:Բայց ես ի՞նչ կարող եմ անել . ես էլ քո հոգու երկվածության արդյունքն եմ ու փորձում եմ բարեխոսել քո ու քեզնից ծնված բազում «ուրիշներ»-ի միջև:Դու այսօր նորից թափ տվեցիր և՛ ինձ, և՛ քեզ, բայց էլի մնացիր դատարկաձեռն:Դու թափ տվեցիր ինձ ու քեզ,որ փորձես պարզել,թե դու ինչու այսպիսին եղար,այսպես անհասկանալի:Դու նորից եկել ու ինձ ես ապավինել,որովհետև քո նմանին կամ չես գտել , կամ կողքով ես անցել:Մեր զրույցները միշտ էլ երկար են ստացվում,բայց և անարդյունք:Քո բժիշկը ես չեմ,-եզրափակեց նա,-որովհետև քեզանից եմ գալիս ու քեզ կարող եմ միայն լճացման տանել:
-Այդ դեպքում ո՞վ է իմ բժիշկը,-հուսահատ հարցրեց աղջիկը,բայց նա չպատասխանեց,որովհետև արդեն միացել էր էությանը ու իրեն խուլ ու համրի տեղ դրել:
« Միշտ էլ այսպես է:-մտածեց աղջիկը`կամաց-կամաց բացելով աչքերը,-Չգիտեմ`մեկ էլ երբ կարթնանա նա ու նորից կսկսի խոսել ինձ հետ`գուցե մի շաբաթից,ամսից կամ գուցե հենց վաղը:Այդ մեկ ամսում,շաբաթում կամ օրում,ես կմոռանամ նրան ու կընտրեմ իմ «ուրիշներից» ամենահարմարին:Շրջապատս կհասկանա ինձ,ընտանիքս կասի` «ոնց որ խելքի է եկել»,ես կժպտամ,կծիծաղեմ,կնեղանամ ու կհաշտվեմ , ու ինձ շրջապատող մարդիկ հանգիստ շունչ կքաշեն ու կներեն այն աղջկա տարօրինակությունները,որը մեկ յուրային է ու սրտամոտ ու մեկ էլ տեսար`մենակ,օտարոտի ու սառը,-նա մի պահ դադար տվեց,հետո համարյա կիսաշշուկով ասաց.
-Այն աղջկան,որ ինքն իրեն չի ճանաչում...:



...................................

Ուսուցչի ձայնը աղջկան մի ուրիշ աշխարհի հեքիաթ թվաց:Նրան կանչեցին գրատախտակի մոտ , ու կյանքը տարավ իր հունի մեջ ...

...................................

Մենք բոլորս էլ,բոլորս էլ փնտրում ենք այս կյանքում . ով որ գտնում է, համոզում է ինքն իրեն ,թե հենց այդ էր փնտրածը,ով չի գտնում,դառնում է հավերժ որոնող` աչքերում պահելով ապագայի ու կյանքի հավերժական հույսը:Այս մարդիկ երբեմն վերանում ու կտրվում են են փողոցներից, շենքերից, մարդկային առօրյա աղմկոտ կյանքից,նրանք երբեմն բարձրացնում են իրենց հայացքը Երկնքին ու հասկանում,որ Երկինքն էլ իրենց է նայում:

Hripsimee
18.07.2008, 13:55
Դպրոցում


- Չէ , ես իհարկե ոչինչ չեմ ուզում ասած լինել : Ինքդ մտածիր` ինչու՛ նա այդ բանը հենց Տաթևի հետ արեց , ինչու՛ ասենք ինձ կամ քեզ չմոտեցավ , վերջիվերջո մենք բոլորս էլ ներկա էինք երեկվա քեֆին:
-Դե չգիտեմ , գուցե նա ուղղակի մի քիչ ազատ է տղաների հետ , գուցե դրանից
է : Չգիտեմ , ախր նա միշտ այնքան անմեղ տեսք ունի:
-Եթե ինձ լսեք , ես միշտ էլ ասել եմ , որ Տաթևիկը այնպիսին չէ , ինչպիսին միշտ փորձում է իրեն ցույց տալ ...
ԲԱ՛Մ-ԲԱ՛-ՍԱ՛ՆՔ ... Բամբասանքն ուղղակի եռում է 11-րդ ա դասարանում : Այն նման է ամենակուլ ու ագահ հրեշի , որ բոլորին կուլ է տվել ու միայն ինձ ու Տաթևիկին է արհամարհանքով մի կողմ թքել . ինձ , որովհետև ես սկզբունքորեն ու հուսահատորեն դեմ եմ անձնականը համադասարանային դարձնելուն , իսկ Տաթևիկին , որովհետև նա ուղղակի չէր կարող բամբասել սեփական անձի մասին:
Եվ ահա հանկարծ , ինչպես միշտ նման դեպքերում , ես տեսնում եմ Նրան ` մեր դասարանում բամբասանքի ամենատարողունակ ու հուսալի շտեմարանին:Եթե նրան ասես ասենք ` Ալեքսանյան Անի , նա վայրկյանական արագությամբ ոգևորված կսկսի պատմել այն ամենը , ինչ որ երբևէ խոսվել կամ հորինվել է վերջինիս մասին : Նրա մոտ ամեն ինչ դասակարգված է ու ստույգ , ու եթե որևէ մեկը իր մասին շատ բան իմանալու ցանկություն ունենա , բավական է միայն դիմի այս զարմանահրաշ մատյանին : Նրա ունունը Ջեմմա է , ու նրա աչքերի մոլի փայլից ես հասկանում եմ սեփական դատավճիռս . նա ջանք չի խնայելու ինձ նման անհետաքրքիր արարածին դարձի բերելու համար:
-Ե՞վ ... ,- հարցնում է նա ` արագ-արագ տեղավորվելով դիմացիս նստարանին , - ի՞նչ կասես :
Ես նայում եմ մարդկության այդ հետաքրքիր ներկայացուցչին , որին դասարանը արդարացիորեն ԲիԲիՍի է կոչել , ու , չգիտես ինչու , ծիծաղս գալիս է :
-Կարծում եմ ,որ նա գուցե իրեն վատ է զգում ,-ասացի ես:
-Թող վատ զգա ,- ճարտասանի շեշտադրությամբ ասում է նա , - թող ամաչի : Չգիտեմ ` դու ամբողջ պատմությունը գիտե՞ս :
-Մոտավորապես:
- Ինչպե՞ս թե մոտավորապես ,- վրդովվեց նա ու իսկույն որոշեց շտկել այդ անթույլատրելի բացթողումը:
-Ուրեմն լսիր...
Ջեմման մոտ 30 րոպե անընդմեջ խոսեց : 30 րոպեի հուզաշաղախ , ոգևորված ու տեղ-տեղ դրամատիկ շեշտադրությամբ հագեցած տեքստը կարելի էր վերարտադրել մի քանի սեղմ ու հասարակ նախադասություններով : Քեֆի ժամանակ Տիգրանը (իրականում այս անունը գրեթե մոռացվել էր , հիմա նրան բոլորը «Կյաժ» են անվանում) , բավականին հարբելով , Տաթևին մեկ րոպեով դահլիճից դուրս է կանչում : Նրանք երկուսով , (պատմում է
« պատահաբար » նրանց պատուհանից հետևած Սոնան `մեկ այլ լրատվական փայլուն հեռուստաընկերություն , ) , բարձրանում են երկրորդ հարկ , և մի կարճ զրույցից հետո Տիգրանը սկսում է բռնիորեն համբուրել Տաթևին , իսկ Տաթևը , իբր թե դիմադրելով , այնուամենայնիվ , ոչ մի ձայն չի հանում:
-Պատկերացրու Սոնայի վիճակը : Մինչև եկավ ու ինձ ասաց , և մենք երկուսով բարձրացանք վերև , նրանք արդեն ուղղակի խոսում էին , այնպես , ասես ոչինչ էլ չի եղել :
Ես այդ ամբողջ ժամանակ նայում էի Տաթևին , որ , դասարանի ետևի շարքում նստած , ինչ - որ բան էր նկարում : Ամբողջ դասարանը խոսում էր ու նրան նայում , նորից քննարկում ու նորից նայում , իսկ նա շարունակում էր նկարել , կարծես ոչինչ էլ չկար :
- Իսկ ինչու՞ Սոնան չփորձեց խանգարել Տիգրանին:
- Լսի՛ր ` ինչ կասեմ քեզ , եթե Տաթևը չցանականար , Տիգրանը նրա հետ այդպես չէր վարվի , այնպես որ , չփորձես նրան արդարացնել:
- Ո՞վ ասաց ,թե արդարացնում եմ , ուղղակի , իմ կարծիքով , անպայման չէր , որ Սոնան բոլորին հայտարարեր:
- Նախ ` նա միայն ինձ է գաղտնիքով ասել , հետո` շատ էլ ճիշտ է արել : Տաթևի դիմակը վերջնականապես պատռվեց :
- Պատկերացնու՞մ ես , ես էլ նրան մոտ ընկերուհիս էի համարում ,- ավելացրեց նա լռությունը խախտելու համար :
- Այո , - ասացի ես , - իմիջիայլոց , նա էլ `քեզ:
Նա կարծես թե չլսեց ու հանդիսավոր հեռացավ:
Չնայած կարևոր չէր , թող գնար ու մասնակցեր բամբասանքի այդ մեծ խնջույքին ( մեկ էլ ե՞րբ նման առիթ կլինի ) , մինչև հատակը դատարկեր այդ դեպքի տակառը , արբենար ամեն մի փոքրիկ ու կարծես թե նոր մանրուքով , վերջնականապես ջնջեր սահմանը անձնականի ու հանրայինի միջև , թող վայելեր ...
Զանգը տվեց . Տաթևը անվրդով տեսքով , բայց վարդագույն այտերով դուրս եկավ դասարանից ու 20 զույգ աչքեր հետևեցին նրան . 11-րդ դասարանցիները տարուբերեցին գլուխները ` վստահ , որ ի տարբերություն Տաթևիկի ` իրենք շատ կարևոր ու պատվարժան անձնավորություններ են:

Hripsimee
24.10.2008, 17:48
Արևն ու Լուսինը



Արևն իր երկար մատներով խաղաց նրա գանգուր մազերի հետ , տաքուկ համբուրեց ճերմակ այտը ու կամաց շշնջաց ականջին .
«ՈՒշ է , վե՛ր կաց»
Աղջիկն արթնացավ ու աշխարհին նայեց անամպ , անկռիվ աչքերով : Նա անշտապ քայլեց դեպի հայելին , զննեց ինքն իրեն , ու ինքնագոհ ժպտաց : Նրա աչքերը նման էին իրար մոտ բուսնած երկու պճնամոլ , շաղակրատ անմոռուկների , իսկ ինքն էլ ասես մի փոքրիկ , սիրունիկ փերի լիներ :
Մի սեթևեթ ժպիտ շուրթերից դեռ կախված` աղջիկը սկսեց կամաց-կամաց հագնվել ` հերթով փորձելով տարբեր զգեստներն ու զարդերը:

...................................................................


Հենց այն պահին , երբ Արևիկն (այդ էր աղջկա անունը) իր կարմիր զգեստն էր փորձում , պատուհանի մոտով շտապ անցավ մեկ ուրիշ աղջիկ : Նա գունատ էր, հասարակ ` գորշ աչքերով , բարակ շուրթերով : Ամեն առավոտ համարյա նույն ժամին նա անցնում էր պատուհանի կողքով , ու երկու աղջիկները մի պահ նայում էին իրար ու համարյա միանգամից հայացքները ուրիշ կողմ թեքում : Արևիկը երբեք էլ մի առանձին ուշադրություն չէր դարձրել պատուհանի կողքով ստվերի պես սահող այդ աղջկան : Բայց այդ օրը Լուսինեի հայացքում նա կարծես թե մի անըմբռնելի բան տեսավ , փորձեց հասկանալ , թե դա ինչ է , բայց չկարողացավ : Սա շարժեց նրա հետաքրքրությունը , ու մի չարաճճի միտք իր ետևում պահած` ժպիտը փայլեց նրա դեմքին :

..............................................................

«Ոչ բոլորն են ծնված արքայադուստր լինելու համար » , - նորից կարդաց Լուսինեն իր տետր – օրագրում : ՈՒզում էր պատմվածք գրել , բայց վերնագրից այն կողմ այլևս ոչինչ չստացվեց :ՈՒրիշ ոչինչ չկարողացավ գրել :
Դրսում լաց էր լինում անձրևը : Նա գլուխը դուրս հանեց պատուհանից ու սկսեց հետևել , թե ինչպես են թափվում անձրևի պաղ արտասուքները :

Մի փոքրիկ , սիրունիկ անմոռուկ` բուսնած հենց պատուհանի տակ , վրդովմունքով ու թեթև զարմանքով նայում էր կատաղորեն անձրևող երկնքին : Կաթիլները վայրի արագությամբ թափվում էին նրա կապույտ թերթերին, գրկում ցողունն ու վայր ընկնում , իսկ անմոռուկը` ապշած ու վախեցած , մրսում էր ու մտքում կռվում չար ու անհասկանալի անձրևի հետ : Նույն զարմանքով նա նայում էր պատուհանի այն կողմից անձրևին նայող գունատ աղջկան , նայում ու անհուսորոն փորձում հասկանալ , թե այդ ինչ սառած զգացմունք է ապրում նրա աչքերի հեռու , թաքուն խորքերում :

Լուսինեն հանկարծ մտածեց , թե ինչքան նման են ինքն ու անձրևը , թե ինչքան բան ունեն իրար ասելու : Նա ժպտաց , բայց այդ ժպիտի մեջ ուրախությունը մեռած էր : Նա չիմացավ , թե այդ ինչ զգացում է կողոպտում իր ներքին ուրախությունը, ինչն է ճնշում իրեն : Հանկարծ ինքն իրեն հայելու մեջ տեսնելու ուժեղ ցանկություն ունեցավ :
Նա անգամ չլսեց դռան թեթև թակոցն ու մեկ ուրիշ աղջկա կամացուկ ներս մտնելը : Հյուրին նա տեսավ արդեն հայելու մեջ ու մի պահ թվաց , թե աշխարհը ծաղրում է իրեն : Հետո սթափվեց ու ինչքան կարող էր սիրելիր ձայնով բարևեց .
- Բարև , - ծիծաղով պատասխանեց Արևիկը ,- կներես որ այսքան աննկատ մտա : Ես Արևիկն եմ ` կողքի մուտքից : Վաղը ծննդյանս տարեդարձն է , ու ես ուզում եմ մեր շենքի բոլոր ուսանողներին հրավիրել մեր տուն : Շատ հետաքրքիր է անցնելու , կգաս չէ՞:
-Այո ,- մեղմ ժպիտով պատասխանեց մյուս աղջիկը ,- իմ անունը Լուսինե է :
-Եղավ , Լուսինե ,- նորից ծիծաղեց Արևիկը ,- դե ուրեմն կհանդիպենք :
Հետո Արևիկը մի քանի անգամ էլ ժպտաց ու հեռացավ :
Մենակ մնալով ` Լուսինեն մտածեց , որ հենց նոր հեռացած գեղեցկուհին թերևս չափազանց շատ ու անմիտ էր ծիծաղում , բայց բոլորը պատրաստ էին ներել նրան , որովհետև ժպիտը նրա դեմքին նման էր սարից իջնող բարակ , խոխոջուն առվակի:
................................................................................
Ծննդյան տարեդարձը Լուսինեի համար անցավ ինչպես մի գլխացավանք : Հյուրերը գալիս էին , ծաղկեփնջեր ու նվերներ տալիս Արևիկին , և Արևիկը բոլորին մի-մի ժպիտով էր պարգևատրում : Հետո տղաներից մեկը մի փոքրիկ , գեղեցիկ բանաստեղծություն կարդաց , ու Լուսինեն մտածեց , որ դա հենց այն էր , ինչ ինքը միշտ ցանկացել էր ստանալ : Բանաստեղծությունն իր բացիկով Արևիկը դրեց իր սենյակի պահարանում , որտեղ բազում նմանատիպ բացիկներ կային : Հետո Արևիկը բոլորին հիացրեց իր պարով ու գեղեցիկ մարմնի թեթև շարժումներով : Լուսինեն չպարեց . նա շատ հազվադեպ էր պարում:
Լուսինեն ամենաշուտը հեռացավ Արևիկի տնից : Ինչպես մի կուչ եկած , սևացած ամպ ` նա կծկվեց սենյակի բազկաթոռում ու նայեց գրքերով ու տետրերով ծանրացած պահարանին : Փորձեց դաս անել , բայց կենտրոնանալ չկարողացավ : Նորից հիշեց Արևիկին , նրա սենյակը` իր գույնզգույն , փափուկ արջուկներով , կարմիր սրտիկներով ու գեղեցիկ հուշանվերներով : Նա մտածեց , որ դրանք բոլորը սիրված էին ու երջանիկ , որովհետև փափուկ էին , գունավոր ու գեղեցիկ : Նրան թվաց , թե դրանք բոլորն էլ ծաղրում են իրեն :
Հետո Լուսինեն լաց եղավ ու արտասուքը թրջեց ծնկներին դրված անշուք , փոքրիկ տետրը . այդտեղ էին պահված այն բոլոր ոսկյա , փայլուն շողերն ու գույները , որոմցով հարուստ էր նրա հոգին ու այնքա՜ն աղքատ էր մարմինը :

Դրսում Լուսինը արցունքի գույն ուներ : Նա արդեն պատրաստվում էր թաքնվել ամպերի ետևում , որովհետև զգում էր արևի մոտալուտ գալը : Լուսինը ամպերով տաքացնում էր իր մրսած մարմինը ու տհաճությամբ մտածում արևի ու նրա շողերի մասին : Լուսինը չէր սիրում արևի շողերը , որովհետև ստիպված էր առանց դրանց ապրել ու երջանիկ լինել :

ivy
07.11.2008, 14:35
Հռիփսիմե ջան, չէի նկատել էս ստեղծագործությունդ, նոր կարդացի... Շատ հավանեցի. անչափ քնքուշ էր ու պատկերավոր։
Հատկապես էս վերջինը տողերը շատ սիրուն էին.



Լուսինը ամպերով տաքացնում էր իր մրսած մարմինը ու տհաճությամբ մտածում արևի ու նրա շողերի մասին : Լուսինը չէր սիրում արևի շողերը , որովհետև ստիպված էր առանց դրանց ապրել ու երջանիկ լինել :

Ուրախ եմ, որ ուսանողական նոր կյանքը քեզ հետ չի պահում ստեղծագործելուց։ :) Ապրես, շարունակիր գրել։