PDA

Դիտել ողջ տարբերակը : Իրական տեսիլ



Milli
03.03.2008, 11:59
ԻՐԱԿԱՆ ՏԵՍԻԼ

Մտացիր քայլում եմ ինձ շատ ծանոթ ծառուղով.անիրական է,բայց ամեն ինչ նույնն է մնացել`մեր այգին,փոքրիկ լճակը,ծեր ուռենին, և կարծես ծանոթ անցորդներ են քայլում նույն արագ քայլերով և շտապում չգիտես ուր: Իսկ մեր բաժանումից երկու տարի է անցել,մի ամբողջ հավերժություն,մեր առաջին հանդիպումը, սակայն,հիշում եմ ինչպես այսօր:
ՙՀերթական պարապմունքիս ժամն էր եկել.դպրոցից անմիջապես հետո գնում եմ ուսուցչիս տուն,իմ աշխարհը սահմանափակված էր միմիայն գրքերով,բայց բավական է նայեի շուրջը և կտեսնեի մի ուրիշ` ավելի գունեղ ու հետաքրքիր գիրք,որը նույնպես ընթեռնելի էր,անհրաժեշտ էր միայն ցանկություն,որ չկար:
Հասնում եմ վերջապես:Զարմանալի է,բայց ուսուցիչն այսօր իր խոսքը չի սկսում նույն ծանոթ , կարծես անգիր արած նախադասությամբՙԲարև երեխեք ջան, ոնց եք,պատրաստ եք դասին,անհասկանալի հարցեր կան..՚:Նա մեզ ծանոթացնում է մի նորեկի հետ,որին մտքերով
տարված չէի նկատել ներս մտնելիս և սկսում դասը` սկիզբ ազդարարող , մեզ արդեն ծանոթ նախադասությամբ:
Սովորականի պես դասը տևեց երեք ժամ ,բայց այս անգամ ինձ այդ երեք ժամը մի ամբողջ հավերժություն թվաց:
Դասն ավարտվեց.մի քանի մտերիմներով քայլում էինք տուն,ճանապարհը բավականին երկար էր :Նորեկը մեզ հետ էր:Նա ժպտալով ու փոքր-ինչ շփոթված ձեռքը պարզեց ինձ `ներկայանալով.
-Սևակ,-ասաց նա ,-շատ ուրախ եմ մեր հանդիպման համար:
-Ես նույնպես,Նարե,-ասացի և դողացող ձեռքս մոտեցրի նրա ձեռքին:
-Դուք մրսու՞մ եք,ձեր ձեռքերը շատ սառն են,-մտահոգ ձայնով հարցրեց նա:
_Իմ ձեռքերը միշտ են սառը,-ձեռքս ետ քաշելով ու շփոթված ասացի ես:
_Ես պատրաստ եմ ձեր ձեռքերը ՙմիշտ՚ տաքացնել:
Շատ տարօրինակ այդ հաճոյախոսությունից հետո բառացիորեն համրացա ,շփոթված այս ու այն կողմ էի նայում`աշխատելով չհանդիպել նրա աչքերին:Ժամանակն արագ է անցնում,սակայն,երբ ամենաշատը չես ուզում:Մեր աչքերը լուռ հրաժեշտ տվեցին, և ձեռքերը կրկին միացան,բայց այս անգամ մի անսովոր ջերմություն զգացի,լսելի դարձան սրտիս զարկերը: Քայլում եմ նույն ճանապարհով,որով եկել էի,բայց,չէ', նույնը չէ...շուրջս ամեն ինչ նոր շունչ է ստացել, ավելի գունեղ է դարձել ու գեղեցիկ,նույնիսկ մարդիկ են բարիացել և էլ չեն շտապում,և աշխարհը մի տեսակ լուսավոր է,թեև արդեն մթնում է:Հորիզոնում նշմարվում են առաջին աստղերը:
Նայում եմ այդ աստղերին և մտածում Սևակի մասին...ինձ մի տեսակ պարտված եմ զգում.ինչպես պատահեց,որ մի տղա,որին միայն մեկ օր է,ինչ ճանաչում եմ,այդքան արագ նվաճեց ինձ,տիրեց մտքերիս...
Քայլում եմ հիշողությանս երկար ճանապարհով,ու մի պարզ հրաշքով իմ առջև բացվում է մեր անցյալը ու դառնում ներկա: Նստել եմ այգում ` այն ծեր ուռենու տակ, և հանկարծ նրա ուրվականն է հայտնվում, ու մենք միասին գնում ենք անցյալ` ապրելու այդ հրաշք պահերը կրկին :
ՙՕրըստօրե ավելի էինք մտերմանում,բացահայտելով մեկս մյուսին `հասկանում էինք,որ շատ ընդհանրություններ ունենք:Երկուսս էլ պաշտում էինք գրականությունը,պոեզիան:Հաճախ էինք նստում այգում`մի ծեր ուռենու հովին, և ժամերով զրուցում:Երբեմն կանգ էինք առնում այգում գտնվող փոքրիկ լճակի մոտ և կերակրում ջրլող թռչուններին:
Մանրամաղ անձրև էր գալիս...քայլում էինք նրա հետ լուռ,ձեռք ձեռքի բռնած,իսկ հեռվում ուռենին,կարծես մոր պես անհանգստացած,իր գիրկն էր կանչում մեզ: Սևակը ափի մեջ էր առել ձեռքերս և քնքշորեն տաքացնում էր:
Բնությունը յուրովի մի նվեր էր մատուցում մեզ,կամա թե ակամա մենք ենթարկվում էինք բնության այդ հրաշք խաղին`արտասովոր մի շունչ հաղորդելով նրան:Բոլորից հեռու`մենավոր,ծեր ուռենու տակ մեր աչքերը հավետ սեր խոստացան միմյանց:
Այգուց ոչ այնքան հեռու`մի քանի տասնյակ մետրի վրա, գտնվում էր մի կորուսյալ մատուռ:Չնայած նրան,որ անձրևից հետո գետինը ամբողջովին թաց էր, և ցեխաջրերի հոսքը դեռ չէր դադարել,մենք որոշեցինք , այնուամենայնիվ, գնալ այդ մատուռը:Քանի որ մատուռում մոմ վառելու հարմարություն չկար,մենք մի քանի րոպե մեկուսի աղոթեցինք և դուրս եկանք:Սևակը մի պահ կանգ առավ `կարծես ինչ-որ բան որոնելով,ապա խնդրեց ինձ մի փոքր սպասել,իսկ ինքը արագորեն գնաց մատուռի ետևը:Մի քանի րոպե անց նա հայտնվեց ու իմ աչքերը փակելով ինձ զգուշորեն ուղեկցեց մատուռի ետևը,որտեղ և գտնվում էր նրա անակնկալը:Աչքերս բացեցի և ինչ տեսնեմ .նա փոքրիկ բլրակի վրա սպիտակ ավազաքարերով գրել էր
ՙՆԱՐԵ՚ և սրտաձև շրջափակել:Մենք երջանիկ էինք,որովհետև Աստծո օրհնանքը արդեն ստացել էինք,որովհետև միասին էինք և որովհետև պարզապես ՍԻՐՈՒՄ ԷԻՆՔ՚:
Իսկ հիմա ես միայնակ նստած եմ հարազատ ուռենու տակ,կարծես ամեն ինչ նույնն է միայն նա իմ կողքին չէ և ով գիտե միգուցե երջանիկ է և ինձ չի էլ հիշում...գուցե, չգիտեմ:

Milli
03.03.2008, 14:18
Անորոշությունը ,սակայն , երևի թե ավելի դաժան է,քան ճշմարտությունը:Բայց կար ժամանակ,երբ առանց իրար կյանքը չէինք պատկերացնում, և ապագան արդեն պլանավորված էր `մեր ներկապնակով և ճակատագրի վրձիններով:
ՙՄոտենում էին ընդունելության քննությունները: Պատահականություն էր դա,թե՞ պարզապես ճակատագրի ևս մի անակնկալ ,որ մենք նույն օրն էինք քննության,դժվար է ասել:
Օգոստոսի երկուս...այս օրը դեռ երկար էր մնալու մեր հիշողության մեջ:Մեկ տարի անդադար պարապելուց և գիշերները անքուն անցկացնելուց հետո եկել էր քննության ժամը:Վախից ու հուզմունքից ես ամբողջ մարմնով դողում էի` չնայած կիզիչ արևին: Սևակը,նկատելով իմ հոգեվիճակը, մոտեցավ ինձ, ապա զգուշորեն բռնեց ձեռքս և հանգստացնելով ասաց.
-Ես հավատում եմ քեզ այնպես,ինչպես ինքս ինձ,դու կարող ես դա անել,վստահ եմ,հավատա քո ուժերին և մի' վախեցիր ես քեզ հետ կլինեմ:
Քնությունը սկսվեց:Ամեն ինչ ճակատագրի ձեռքում է,վստահ եմ ,և միայն երբեմն մեզ թվում է,թե հասնում ենք ինչ-որ նվաճումների միայն մեր ջանքերի,աշխատասիրության ու հավատի շնորհիվ,իհարկե դա շատ մեծ նշանակություն ունի,բայց որոշիչ չէ:Ճակատագիրը պարզապես կույր է և որովհետև նա երբեմն անողոք է հատկապես նրա նկատմամբ,ով ամենաքիչն է արժանի դրան:
Քննությունը տևեց երկար ու ձիգ չորս ժամ,այդ ընթացքում Սևակը ինձ հասցրեց մի քանի կարևոր հուշումներ անել,իսկ ինքը, ինչպես երևում էր, այդքան էլ լավ չէր գրել:Քննության ավարտից հետո դուրս եկանք համալսարանի բակ` առանց մի բառ անգամ փոխանակելու,ես հասկանում էի նրան, և իմ ուրախությունը պարզապես արժեք չուներ,երբ նա տխուր էր:
-Քեզ ասում էի,որ վախենալ պետք չէ,-վերջապես խոսեց նա,-ամեն ինչ լավ կլինի,քո համար այսուհետ մի նոր կյանք է սկսվելու և դու պետք է պատրաստ լինես հաղթահարելու բոլոր դժվարությունները:
ՙԻնչու՞ դու և ոչ մենք՚,- մտածում էի ես,բայց հարցնել այդպես էլ չէի կարողանում:
Քննական շրջանը ավարտին էր մոտենում ,հաշված օրեր անց ամեն ինչ պարզ էր լինելու :Սևակը ամեն օր գալիս էր մեր բակ և մինչ ուշ երեկո մնում:Առանց նրա անիմաստ էր կյանքս և պարզապես անտանելի:Առանց նրա արևագույն աչքերի իմ հոգում խավարն էր տարածվել,մութ էր առանց նրա կենսատու ժպիտի:
Սեպտեմբերի մեկն էր...վերադառնում եմ համալսարանից,չէ',իմ պատկերացրած ուսանողական կյանքը ուրիշ էր,իսկ միգուցե նրա բացակայությունից է,որ այսպես եմ մտածում,չգիտեմ:Դանդաղ , անտարբեր քայլում եմ դեպի տուն:Հանկարծ ինչ-որ ծանոթ ձայն է լսվում հեռվից.
-Նարե',-դա Սևակի ձայնն էր,որ կտարբերեի թեկուզ ամբոխի ձայներից:
Շրջվում եմ և... պարզապես չէի կարող սխալվել:
Իմ հարազատ ընկերը նորից իմ առջև է,իմ կյանքի արևը կրկին շողում է:
-Ինչպե՞ս ես,-ասաց նա,-ընդունվեցի՞ր:
-Այո, ընդունվեցի,-ասացի ես և տվեցի մի հարց,որի պատասխանը ինձ արդեն հայտնի էր,-իսկ դու՞:
-Իսկ ե՞ս...չընդունվեցի միայն մեկ բալի տարբերությամբ,բայց չեմ ուզում,որ տխրես, հաջորդ տարի անպայման նորից կփորձեմ ու կընդունվեմ:
Ցավը,որ զգացի այդ պահին անբացատրելի էր,արցունքները ակնթարթորեն լցվեցին աչքերս ,անզոր էի ինքս ինձ զսպել:
Ուզում էի ամուր գրկել նրան,ասել թե ինչքան մեծ է իմ սերը նրա հանդեպ,ասել,որ նրա դերը իմ կյանքում անփոխարինելի է,բայց չեմ կարողանում,կոկորդումս ուժգին ցավ եմ զգում,համրացել եմ կարծես՚:
Գարունը և կենդանացող բնությունը իրենց հետ բազում երազանքներ բերեցին:Երազանքներն այդ,սակայն,գարնան հետ միասին անցան,գնացին: Երեք տարի է անցել մեր հանդիպումից,ուղիղ երեք տարի առաջ դու խոստացար ՙմիշտ՚ իմ ձեռքերը տաքացնել,բայց մոռացար: Չգիտեմ,գուցե շատ սիրելուց է,որ ինձ հետ չես հիմա,գուցե մտածում ես,որ ավելիին եմ արժանի,ինչպես մի ժամանակ էիր ասում,միգուցե...Կամ մեր ապրածը քեզ համար պարզապես խաղ էր,հաճելի,բայց դաժան մի խաղ...
Ինչու՞ այս ամենը պատահեց,ես այդպես էլ չսովորեցի ապրել առանց քեզ,բայց ուզում եմ արդյո՞ք:Մեղավորը ես էի,թե՞ դու,կամ գուցե ճակատագի՞րն էր այս կույր մեղավոր:
Զրուցում եմ ուռենու`մեր անհուն սիրո միակ,հավատարիմ վկայի, հետ:Ուռենին պատմում է ինձ ձեր զրույցների մասին և հավատացնում,որ սիրում ես:Չէ',դա իմ խենթ երևակայության արդյունքը չէ ,դա պարզապես մեր հրաշք սիրո սուրբ հրեշտակն է ուռենու շուրթերից խոսում:
Արդեն մթնում է... իսկ դու չկաս, և ինչու՞ է ինձ թվում,որ ընդհանրապես կգաս: Միամի՞տ եմ,չէ°, ուղղակի սիրում եմ,սիրում աշխարհում ամեն ինչից առավել`սեփական ՙես՚-ը մոռացած:
Անվերջ թափառում է դեռ անտուն իմ սերը մեր սիրո շավիղներում և մոլորված փնտրում քո սիրտ տանող գաղտնի արահետները` հարազատ դարձած,բայց կորցրած:
Նայում եմ լճակի հայելում օրորվող իմ ուրվագծին,անձրևի կաթիլները հանդարտորեն ծավալվում են մշուշոտ հորիզոնում :
Նայում եմ լճակի հայելու արծաթազօծ մակերեսին և... անէական մի տեսիլ է հայտնվում հանկարծ ու դանդաղորեն մոտենում ինձ... Ծանոթ դիմագծեր են նշմարվում հեռվից...Չէ',դա երազ է ընդամենը... եթե նույնիսկ երազ է,պատրաստ եմ ապրել խելագարի պես այդ երազում, քեզ հետ:
Ետ չեմ նայի,իսկ եթե այն,ինչ տեսնում եմ իրական չէ... Անձրևի կաթիլները օղակում են տեսիլն այդ և զ•ուշորեն թաքցնում:
Ուր՞ է անհետացել երբեմնի համարձակությունս,ինչու՞ եմ ինձ այսքան անպաշտպան զգում,մի՞թե վախենում եմ այդ տեսիլը կորցնել...
Խելագարված կտրուկ շրջվում եմ...Եվ արցունքներս ակամայից գլորվում են իրենց ծանոթ արահետով,միանում անձրևի կաթիլներին ու կորչում անհետ...Ճակատագիրն,այնուամենայնիվ , կույր չէ...

Ուլուանա
04.03.2008, 06:37
Շատ գեղեցիկ ես գրել։ :) Ընդհանրապես սրտաճմլիկ սիրային պատմություններ այնքան էլ չեմ սիրում կարդալ ու հիմնականում չեմ էլ կարդում. երբ մի քանի նախադասություն կարդալուց հետո տեսնում եմ՝ հերթական սիրային ծեծված պատմություն է, անմիջապես դադարում եմ կարդալ... :oy Բայց դու ամենասովորական հույզերն ու իրադարձություններն այնքան գեղեցիկ ու անկեղծ էիր նկարագրել, որ չկարողացա պոկվել, հուզիչ էր շատ... :cry

Milli
12.03.2008, 10:45
Կեսգիշեր է... Մի անսովոր լռություն է ամենուրեք տիրում:Հանդարտ իջնում են խաղաղության փաթիլները ,զգույշ պարուրում փոթորկված հոգիս և ցնդում անհետ... Մեղմ սահում են ոսկեթև անուրջներս կեսգիշերի խավարներում ու մոլորվում անհայտներում,կորչում եթեր...Ծավալվում են աստղերը լույս ու հեղեղում խավարն անձայն...Որոնում եմ աստղն անհույս,որ մերը դարձավ լռելայն:
Աստղերի անթիվ շարքերի մեջ եմ կորցրել ես իմ սուրբ երազանքը կամ գուցե փուչ աստղային զառանցանքը... Արդյոք պետք է ամեն գիշեր լուռ որոնել մի աստղի ու սլանալ գաղտնի եթեր ,արբել լույսով գիսաստղի...Արդյոք պետք է զուր հորինել անէական մի պատկեր և կուրացած երկրպագել այդ տեսիլին խենթ,անհաս: Ինձ համար երկինքն այսօր մի տեսակ հարազատ է,մտերիմ:Խավարում քո պատկերն են զգույշ ուրվագծում նորաթուխ աստղերը,իսկ լուսինը դնում է ստորակետ.քիչ հեռու մի աստղ է բոցավառվելով ցած իջնում ,դա սպասումի ու հավատի իմ աստղն է,որ փոշիանում է և ցնդում անհունում,դա դեռատի մեր սիրո վերջին բողբոջն է,որ այդպես էլ չբացված է թոշնում:Չէ',երազանք այս անգամ ես չեմ պահում,պարզապես հոգնել եմ գուցեև անիմաստ այդ ինքնախաբեությունից, որով ապրել եմ մինչ այսօր...
Փակում եմ աչքերս և հայտնվում երազներիս գունեղ աշխարհում,ուր փոշիացած մեր սիրո աստղը դեռ փայլում է...

Hripsimee
12.03.2008, 11:40
Կեսգիշեր է... Մի անսովոր լռություն է ամենուրեք տիրում:Հանդարտ իջնում են խաղաղության փաթիլները ,զգույշ պարուրում փոթորկված հոգիս և ցնդում անհետ... Մեղմ սահում են ոսկեթև անուրջներս կեսգիշերի խավարներում ու մոլորվում անհայտներում,կորչում եթեր...Ծավալվում են աստղերը լույս ու հեղեղում խավարն անձայն...Որոնում եմ աստղն անհույս,որ մերը դարձավ լռելայն:
Աստղերի անթիվ շարքերի մեջ եմ կորցրել ես իմ սուրբ երազանքը կամ գուցե փուչ աստղային զառանցանքը... Արդյոք պետք է ամեն գիշեր լուռ որոնել մի աստղի ու սլանալ գաղտնի եթեր ,արբել լույսով գիսաստղի...Արդյոք պետք է զուր հորինել անէական մի պատկեր և կուրացած երկրպագել այդ տեսիլին խենթ,անհաս: Ինձ համար երկինքն այսօր մի տեսակ հարազատ է,մտերիմ:Խավարում քո պատկերն են զգույշ ուրվագծում նորաթուխ աստղերը,իսկ լուսինը դնում է ստորակետ.քիչ հեռու մի աստղ է բոցավառվելով ցած իջնում ,դա սպասումի ու հավատի իմ աստղն է,որ փոշիանում է և ցնդում անհունում,դա դեռատի մեր սիրո վերջին բողբոջն է,որ այդպես էլ չբացված է թոշնում:Չէ',երազանք այս անգամ ես չեմ պահում,պարզապես հոգնել եմ գուցեև անիմաստ այդ ինքնախաբեությունից, որով ապրել եմ մինչ այսօր...
Փակում եմ աչքերս և հայտնվում երազներիս գունեղ աշխարհում,ուր փոշիացած մեր սիրո աստղը դեռ փայլում է...
Ինձ դուր եկավ,շատ գեղեցիկ է ու մի տեսակ ընթերցողին չպարտադրող:Լուսավոր թախիծով է լի ,իսկ ես դա սիրում եմ: