PDA

Դիտել ողջ տարբերակը : Քլիպմեյքերության մեխանիկա



Artgeo
04.10.2006, 17:48
Ի՞նչ են առաջարկում մեր «աստղերը»

Հայկական շուկայում այսօր գերիշխում է մի քանի թեմա: Ամենակարեւորը՝ երգերի տեքստերն ու տեսահոլովակի սյուժեն սովորաբար բացառապես կապ չունեն իրար հետ: Օրինակ՝ Նաիրա Մանուկյանի ու Սամվել Գրիգորյանի, Դավիթ Ամալյանի, Էմմա Պետրոսյանի եւ այլոց տեսահոլովակներում, չգիտես որտեղից եւ ինչու, բալետի պարուհիներ են հայտնվում: Ալլա Լեւոնյանը, Իկան, Արսենը (Գրիգորյան), Անի Քրիստին, Կարինե Ասիրյանը, ինչպես հին ու բարի հնդկական ֆիլմերում, գերադասում են հորդ անձրեւային տեսարանները: Լուսինե Մարտիրոսյանի նկարահանած բոլոր տեսահոլովակներում պարտադիր ձի կա, սարեր, ազգային տարազով մարդիկ ու անպայման գլխավոր դերում իր մայրը՝ Լիդա Գեւորգյանը: Արման Հովհաննիսյանի, Համլետ Գեւորգյանի ու էլի որոշ երգիչների տեսահոլովակներում էլ մեծ տեղ է տրված յարխուշտային, քոչարիին, իսկ դուդուկահար Գեւորգ Դաբաղյանի «Անուրջներ» տեսահոլովակն ուղղակի խորհրդանշախեղդ է արված. էլ գինի, էլ ազգային նուռ ու խնձոր, անպայման ընկույզ ու դարձյալ տարազով տատիկ, պապիկ, որդի, հարս, թոռ, ովքեր, չգիտես ինչու, բարկացած տեսքով կառք նստած շրջում են:

Հայկական շոու-բիզնեսը տվել է նաեւ «առողջապահական» թեմաներով տեսահոլովակներ, ինչպես, օրինակ՝ Վարդան Սարգսյանի, Կարինե Ասիրյանի, Անչոկի եւ Վարդուհի Վարդանյանի պարագայում: Առաջինի տեսահոլովակում վիրահատական սեղանին մեռնում է սիրած աղջիկը, երկրորդի մոտ ավտովթարից՝ սիրած տղան, երրորդ տեսահոլովակի հերոսը վիրահատական միջամտության արդյունքում իր «աչքի լույսը» փոխանցում է ընկերուհուն, որը կուրացել էր զգեստապահարանից թափվող փոշուց: Մեծ պահանջարկ ունի Անչոկի եւ Վարդուհի Վարդանյանի տեսահոլովակի հերոսուհին, որ «խաղում» է նաեւ կլարնետահար Հայկոյի տեսահոլովակում, իսկ մեկ այլ տեղ նրան սիրահարվում է հաշմանդամ մի երիտասարդ... Ահա այսպիսի սրտաճմլիկ նատուրալիստական մանրամասներ՝ մեր երգիչների «գլուխգործոցներից»: Արա Մարտիրոսյանն ու էլի մի քանիսը նախընտրում են ջակուզիա-լողախցիկա-ավազանային տեսարանները: Սոֆի Մխեյանն էլ իր բոլոր քլիպներում սիրածի հետ խռով է: Ծնունդով գառնեցի, նաեւ «Գառնի կոլայի» գովազդում փայլող երգչուհի Նանան սիրում է նկարահանվել կահույքի սրահներում ու «Ջիփերով» շրջապատված:

Եթե Հայկոյի մոտ չինական ու սլավոնական արտաքինով աղջիկներ են, ապա Արամոն այս առումով ռեկորդակիր է՝ հնդկուհի, գնչուհի, ճապոնուհի... ով ասես չկա նրա վերջին տեսահոլովակում: Լիանան, ինչպես Վերկա Սերդյուչկան, երբեք չի հրաժարվում իր մշտամնա սպիտակ երկարաճիտ կոշիկներից ու սպիտակ մորթուց:

Այս ամենի թագն ու պսակն են կազմում Նունե Եսայանի հայահունչ ռուսերենով ու անհաջող ֆրանսերենով տեսահոլովակները, իսկ «Նաիրյան դալար բարդին» ուղղակի «աննման» է. Նունեն՝ խաչը վզին, աթլետիկ կազմվածքով տղաների հետ թմբուկ է խփում, իսկ ֆուտբոլիստները, հավանաբար՝ հանուն նաիրյան դալար բարդու, կրքոտ խաղ են ցուցադրում:

Հայկական շոու-բիզնեսում «անկողնային» թեմաներով քլիպներ չկան, մի բան, որով ողողված են ռուսականն ու ամերիկյանը: Բացառություն է Նունեի ու Արսենի «Միայն ես ու դուն»: Եթե այս տեսահոլովակում երգիչները գոնե համարձակվում են պառկել անկողնում, ապա Արման Հովհաննիսյանի ու Արմինկայի նոր դուետում երիտասարդը այնպես վախեցած է գրկում Արմինկային, ասես ուր որ է պատուհանից ներս է մտնելու իր մրցակիցն ու խարակիրի պարտադրի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
http://www.aravot.am/