PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ Եկեղեցու կոչը ընտրությունների առիթով



Monk
15.02.2008, 12:56
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Փետրվարի 15, 2008 թ.


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ժողովը անդրադարձավ նաև ՀՀ Նախագահի ընտրություններին և այդ առիթով կոչ ուղղեց ժողովրդին:


ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՉԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ


Փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունները կարևոր իրադարձություն են մեր երկրի և ժողովրդի կյանքում:
17 տարիներ առաջ մեր ժողովուրդը կատարեց ազատ, անկախ ապրելու իր ընտրությունը: Հայաստանի պետականության վերականգնումը մեր իրականության մեջ սկիզբ դրեց նոր գործընթացների` ուղղված արդար և հասարակական համերաշխությամբ հատկանշվող երկրի կառուցմանը: Մեր ժողովրդի արդար սպասումն է, որ նոր նախագահի ընտրությունը դառնա երաշխիք երկրում կայունության ու համերաշխության ամրապնդման և առաջընթացի:
Մեր հորդորն է, որ պատասխանատու այս իրադարձության առջև մեր ժողովուրդը դրսևորի հայրենասիրության բարձր գիտակցություն, առաջնորդվի բացառապես հայրենի մեր երկրի հեղինակության գերակայության գաղափարականով: Թող ո’չ մի քայլ, ո’չ մի դրսևորում չստվերի մեր ընտրությունը, չպառակտի մեր ժողովրդի միասնությունը: Հայրենասեր ենք ճիշտ այնքան, որքան գիտենք հարգել, հանդուրժել, սիրել միմյանց: Հայրենասեր ենք ճիշտ այնքան, որքան գիտենք ազգային շահի առջև խոնարհեցնել անձնական հավակնություններն ու զգայնությունները:
Աղոթող ենք, որ Տերը դեպի նոր հաջողություններ առաջնորդի մեր երկիրը խաղաղության, սիրո միաբանության ու համերաշխության մեջ:
«Հարգեցեք բոլորին, սիրեցեք եղբայրությունը, վախեցեք Աստծուց» (Ա Պետրոս 2.17): ###