PDA

Դիտել ողջ տարբերակը : Թե չլիներ այդ «անջատվել» բայը...



Լեո
14.02.2008, 14:48
2006 թվականի փետրվարի 28 էր` սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակի օրը: Բազմահազարանոց մարդկային բազմությունը դանդաղ երթով բարձրանում էր Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:
Երթին մասնակցում էինք նաև մենք` ես ու երկու ընկերներս: Մարդկային բազմությունը այնքան հոծ էր, որ ստիպված զգուշությամբ էի քայլում, որպեսզի հանկարծ պատահաբար որևէ մեկի ոտքը չտրորեմ: Մեր առջևից քայլում էին երկու երիտասարդներ: Քանի որ նրանք ինձ խիստ մոտիկ էին գտնվում, ես պարզ լսում էի նրանց խոսակցությունը: Նրանք խոսում էին երևանյան մականունավոր «հեղինակությունների» «սխրագործությունների» մասին, ու նրանց զրույցում ես մի տեսակ ակնածանք էի նկատում: Նրանց համար այդ մարդիկ կարծես իդեալներ լինեին (ահա թե ինչ է լինում, երբ իսկական արժեքը ստվերում է մնում): Այդ ընթացքում ընկերներս նույնպես զրուցում էին: Զրուցում էին ինչ-որ նոր մեքենաների մասին: Ու բոլորն էին զրուցում, ու բոլորն էլ ինչ-որ առօրյա ու երբեմն էլ անիմաստ թեմաներով: Երբեմն-երբեմն այս ու այն կողմից նույնիսկ ցինիկ քրքջոցներ ու հրհռոցներ էին լսվում: Ոչնչից չէր զգացվում, որ մարդկանց հոգիներում սուգ կա: Այն հրեշը, որից ես այդքան վախենում եմ, քայլում էր ինձ հետ կողք կողքի…
Այո, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ նույնպես այդ օրը մարդկային երթի հետ բարձրանում էր Ծիծեռնակաբերդի բարձունք: Նայեցի շուրջս` հուսալով տեսնել գեթ մի հայացք, որում վշտի գիտակցում ու իսկական կարեկցանք կլիներ: Չտեսա: Միգուցե ուշադիր չնայեցի կամ միգուցե իրոք չկար այդպիսի հայացք: Մարդկանց համար այդ երթը կարծես սովորական զբոսանք լիներ, սովորական առօրյա զբոսանք, ուրիշ ոչինչ: Ակամայից մտածեցի, թե որքա~ն հեշտ է խոսել այլոց տառապանքների մասին ու դատապարտել անօրենների վայրագությունները, և որքա~ն դժվար է իսկապես կարեկից լինել դժբախտների վշտերին: Մտածեցի այդ սարսափելի դեպքերի ու ճակատագրից հալածվածների մասին, նրանց մասին, ովքեր մորթվեցին անասունների նման, և նրանց մասին, ովքեր մազապուրծ փախան` կորցնելով այն ամենը, ինչն ամբողջ կյանքում դառը քրտինքով վաստակել էին... Հոգուս խորքում մի անբացատրելի զգացում ունեցա, որն ավելի շատ ցավ էր հիշեցնում: Հիշեցի Սևակի հայտնի խոսքերը և ինքս էլ չիմանալով, թե ինչպես` ինչքան ձայն ունեի, համարյա գոռալով, ասացի.
«Կա՞ աշխարհում գեթ մի լեզու, որ չունենա այդ «անջատվել» բայը: Թե կա, ես փոխում եմ ազգությունս»:
Բոլորը հայացքները զարմանքով իմ կողմը շրջեցին: Մի կարճ ակնթարթ լռություն տիրեց: Ես նրանց հայացքներում տեսնում էի մի բան. նրանք բոլորը ինձ խելագարի տեղ էին դրել: Այս ու այն կողմից «ռեպլիկներ» եղան, ու բոլորն էլ հեգնական երանգով: Ընկերներս մի պահ շփոթվեցին իմ այդ անսպասելի արարքից, այնուհետև ուշքի գալով` սկսեցին ծաղրանքով կշտամբել ինձ, որ ես իրենց «խայտառակում» եմ: Ես նույնպես շփոթվեցի. անկեղծ ասած ինքս ինձնից նման բան չէի սպասում (բնավորությամբ մի քիչ ամաչկոտ եմ): Բայց հանկարձ մի շատ հաճելի բան տեղի ունեցավ…
Հետևից ինձ մոտեցավ մի կին` շատ պատկառելի տեսքով, և նայելով ինձ` ասաց.
-Այս պահին դրանք միայն Սևակի խոսքերը չէին, դրանք նաև քոնն էին: Ապրես, տղաս:
Հուզմունքը, իհարկե, այդ պահին խանգարեց ինձ հասկանալու նրա խոսքերի իմաստը, բայց ես մինչև հոգուս խորքը շոյվեցի ու նաև հրճվեցի, որ կարողացա ամբոխի մեջ գտնել այն մարդուն, ում փնտրում էի: Նրա աչքերում այդ տխուր օրվա խորհուրդը կար: Հուզմունքը խողդում էր ինձ: Հազիվ կարողացա արտաբերել.
-Շնոր-հակա-լություն…
Նա ներկայացավ. Երևանի դպրոցներից մեկի տնօրենն էր (շա~տ ափսոս, բայց ես չեմ հիշում դպրոցի համարը և տնօրենի անուն-ազգանունը, միայն հիշում եմ, որ տնօրենն ասաց, որ իրենց դպրոցը հրդեհից հիմնովին այրվել, հետո վերականգնվել է): Հետո ձայն տվեց.
-Երեխաներ, այստեղ եկեք:
Մի ակնթարթում ինձ ու նրան շրջապատեցին նրա ղեկավարած դպրոցի սաները, տարբեր տարիքի: Նրանց թիվը բավականին մեծ էր: Տնօրենը ինձ ներկայացրեց իր սաներին և սկսեց գովեստի խոսքեր ասել իմ հասցեին: Խիստ շոյվել էի ու ամոթից կարմրել: Այնքա~ն անսպասելի էր ինձ համար…
Այդ ամենը տեսնելով` ընկերներս կարծես կերպարանափոխվեցին, ու ոչ միայն ընկերներս: Արդեն այս ու այն կողմից դրվատանքի խոսքեր էի լսում: Շրջապատում բուռն քննարկում սկսվեց իմ ասած խոսքերի վերաբերյալ: Ընկերներս նույնիսկ իրենք նույնպես փորձեցին մեր մեծերի խոսքերից հիշել և արտասանել` տիկնոջ ուշադրությանը արժանանալու համար: Ես չհասկացա ինչ տեղի ունեցավ: Մի՞թե մարդկանց հոգիներում ինչ-որ բան շարժվեց, մի՞թե անտարբերությունը դյուզն ինչ զիջեց իր դիրքերը: Ըստ էության ես մեծ բան չէի արել, բայց արդյունքը իմ սպասածից շատ ավելի մեծ էր…
Այնուհետև հուզմունքս կամաց-կամաց անցավ: Ես ու տիկինը երկար զրուցեցինք` միասին քայլելով դեպի Ծիծեռնակաբերդի հուշակոթող: Նա պատմեց ինձ իրենց դպրոցի հետ կատարված դժբախտության մասին (հրդեհի մասին) և մի ամերիկահայ բարերարի մասին, ում միջոցներով դպրոցը լիովին վերականգնվել էր: Վերջում, երբ բաժանվում էինք, նա ինձ հրավիրեց իրենց դպրոց: Ես խոստացա անպայման այցելել, բայց, ցավոք, ժամանակի սղության պատճառով այդպես էլ ինձ չհաջողվեց դա անել…

Հ.Գ. Եթե ինչ-որ մեկը իմացավ, թե որ դպրոցի մասին է խոսքը, խնդրում եմ հիշեցնել ինձ: Կանխավ շնորհակալություն:

Cassiopeia
14.02.2008, 14:56
Ցավոք սրտի, այդ անտարբերությունն ես ինքս էլ զգացել եմ, ու ոչ միայն դա, այլև այն, որ նման երթերին մարդիկ մասնակցում են իրենց ցուցադրելու համար… կարծես կառնավալային երթի մասնակցեն:
Հ.Գ. Ափսոս, որ չգիտեմ, թե ո՞ր դպրոցի մասին է խոսքը:

Dayana
14.02.2008, 15:04
Մի տեակ հուզվեցի :oy էնքան պարզ եմ հիշում էդ օրը :( ու ոչ միայն նրա համար որ գնացել էի մի մարդու շիրիմին այցելության, ով վաղվա Հայաստանի խորհրդանիշ է եղել մոտ 2 տարի, այլ որ հասկացա ու խորապես գիտակցեցի թե ինչ ենք կորցրել :(

Լեո
14.02.2008, 15:42
Ցավոք սրտի, այդ անտարբերությունն ես ինքս էլ զգացել եմ, ու ոչ միայն դա, այլև այն, որ նման երթերին մարդիկ մասնակցում են իրենց ցուցադրելու համար… կարծես կառնավալային երթի մասնակցեն:
Հ.Գ. Ափսոս, որ չգիտեմ, թե ո՞ր դպրոցի մասին է խոսքը:

Շատ դիպուկ ասեցիր: "Ցուցադրությունը" շատ հարմար բառ է:

Adam
14.02.2008, 16:47
Ցավալի է :( Մի անգամ նույնիսկ ականատես եմ եղել, թե ինչպես են 2 ընկերուհի իրար հետ իբր թե կատակում «Եղեռնդ շնորհավոր»: էտ ժամանակ պետք էր ժամանակի մեքենա, որ էտ էրկուսին ետ գցեր այդ ցավալի օրեր, որ լավ տոնեին իրենց շնորհավորանքը: Ու զարմանալին այն էր, որ ոչ թե ընկերը ընկերոջը, այլ ընկերուհին ընկերուհուն էր ասում նման բան: Երևի ինստիտուտում պապայի փողերով դասավորած, եկել էին սեմուշկա չռթելու ու տղա կպցնելու:

Dayana
14.02.2008, 17:10
Ու զարմանալին այն էր, որ ոչ թե ընկերը ընկերոջը, այլ ընկերուհին ընկերուհուն էր ասում նման բան:

Դե դա կապ չունի, թե ով էր ում ասում, կարևորն այն է, որ նման նողկալի արարածներ նույն գենոտիպից են ինչ օրինակ վերը նշածս մարդը՝ Մովսես Գորգիսյանը :(

Sunny Stream
14.02.2008, 20:40
Հետաքրքիր պատմություն էր... մի քիչ դժվար է հավատալ, որ բոլորը վերափոխվել են, բայց ամեն դեպքում ոմանք լավ դաս են առել, ապրես :)
Իսկ այդ ցուցադրություններից ես էլ եմ կատաղում... նույնիսկ համազգային սգի մեջ էդքան մասնատված ենք... որ չեն բարձրացնում պաստառներ` "--- կուսակցությունը դեմ է ցեղասպանությանը" :[

Ինչ վերաբերում է դպրոցին, վերջին տասնամյակում իմ իմացած դպրոցներից մեկն է այրվել ու արեւմտահայերի միջոցներով վերանորոգվել` թիվ 136-ը, գտնվում է Քանաքեռ-Զեյթունում` 12 համարի երթուղայինի վերջին կանգառի մոտ (կարծեմ 43-ն էլ է էդտեղ կանգնում)... թեև երբևէ չեմ լսել, որ էդ դպրոցի աշակերտները կարգապահութամբ փայլեն, բայց գուցե հենց էդտեղից է եղել ուսուցչուհին :)

Լեո
14.02.2008, 23:16
Ինչ վերաբերում է դպրոցին, վերջին տասնամյակում իմ իմացած դպրոցներից մեկն է այրվել ու արեւմտահայերի միջոցներով վերանորոգվել` թիվ 136-ը, գտնվում է Քանաքեռ-Զեյթունում...
...գուցե հենց էդտեղից է եղել ուսուցչուհին :)

Հա, ինչքան հիշում եմ, դպրոցը Քանաքեռում է: Իմ մեջ 139 թիվն էր տպավորվել, բայց երևի իրոք թիվ 136 դպրոցն է:
Շատ շնորհակալ եմ Ձնծաղիկ ջան:hands

Լեո
15.02.2008, 17:16
Կարո՞ղ է ինչ-որ մեկը իմանա թիվ 136 դպրոցի հասցեն:

Enipra
15.02.2008, 17:38
Կարո՞ղ է ինչ-որ մեկը իմանա թիվ 136 դպրոցի հասցեն:
Հասցե` Լեփսիուսի 6,
հեռախոս` 240846

Լեո
15.02.2008, 17:41
Շնորհակալություն Enipra:ok

quel-punto
16.02.2008, 22:54
Շատ հուզիչ պատմություն էր:

Janita Hero
03.07.2008, 17:51
Վլա՞դ, էս ինչ հետաքրքիր բան էր, ես էլ չէի սպասի, որ սենց բան կարող էիր անել, բայց փաստորեն խիզախել ես ակամայից, ապրես, ես էլ իմ կողմից եմ ասում:
Անտարբերության դեմ պայքարիդ ճանապարհին դեռ շատ ծաղրական երևույթների ու իրավիճակների ես հանդիպելու, կարևորը՝ ինքդ քեզ այդ թոհուբոհում չկորցնելն է;)

Լեո
06.07.2008, 18:32
Վլա՞դ, էս ինչ հետաքրքիր բան էր, ես էլ չէի սպասի, որ սենց բան կարող էիր անել, բայց փաստորեն խիզախել ես ակամայից, ապրես, ես էլ իմ կողմից եմ ասում:
Անտարբերության դեմ պայքարիդ ճանապարհին դեռ շատ ծաղրական երևույթների ու իրավիճակների ես հանդիպելու, կարևորը՝ ինքդ քեզ այդ թոհուբոհում չկորցնելն է;)

Շնորհակալ եմ Ֆլորա ջան: :)

Հ.Գ. Մենակ պայքարելով` արդյունքի չեմ հասնի:);)

Լեո
25.04.2014, 07:57
Այո, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ նույնպես այդ օրը մարդկային երթի հետ բարձրանում էր Ծիծեռնակաբերդի բարձունք:

Ցավոք երեկ նույնպես Անտարբերությունը եկել էր...