PDA

Դիտել ողջ տարբերակը : Մտքի անդունդ



Lethal Sweetness
10.02.2008, 12:17
Թող գոռա՛ն, գոչե՛ն չարակամները
Եվ ո՛չ թե սրտիդ նրբիկ զարկերը,
Թո՛ղ լսեմ սրտիդ զարկերի ձայնը
Եվ խորը զգամ նրանց քայլերը,
Թո՛ղ օվկեանի պես ծփացող հոգիդ,
Մեկ վայրկյան լռի և քեզ լուռ նայի:
Քեզ՝ կերպարանքիդ,
Որը կրում է այն տարիներ շարունակ,
Իմաստ է տալիս, բերկրանք է տալիս,
Հրամայում է սիրել այս մեկիս
Եվ այս մեկիդ հետ կյանքդ ստեղծես
Սրտիդ խորքերում
Եվ ո՛չ թե շքեղ ապաստարանում:

Թող սի՛րտդ գործի հոգուդ աղբյուրը,
Եվ պարզամիտ այդ էությունդ,
Թող սիրտդ լսի ո՛չ թե ուրիշի անպիղծ խոսքերին,
Այլ քո հոգու անմեղ շրթերին:
Թո՛ղ այս օրերը և տարիները քեզ հեռու պահեն
Չարից, անկամից
Եվ մտերմացնեն բարու հետ կրկին:
Եվ գուցե մի օր ես՝ ունկնդիրս,
Հեռու կլինեմ սրտիդ զարկերից
Եվ հոգիդ կլինի այն հին միակը,
Որ կհիշեցնի սրտիդ իմ մասին:
Չէ՞ որ մեր հոգիներն էին իրար մտերիմ
Եվ ո՛չ թե նրանց ձյուն մարմինները:

02.04.2008

Ավելացվել է 19 րոպե անց
Ա՜խ, մի՞թե չեմ կարող արդյոք ես կեղծորեն ներել մարդկանց,
Մի՞թե չեմ կարող արդյոք մի շողոքորթ ժպիտ ես տալ,
Մի՞թե այդքան հեշտ է ապրել ճիշտն ատելով,
Մի՞թե մարդիկ ստեղծվել են սուտ ծնելու այդ մեկ իղձով,
Մի՞թե այսքան դժվար է լոկ արհամարհել անիրավը:
Մի՞թե...մի՞թե... ա՜խ, մի՞թե չի ծնվի այն լուսաբացը,
Երբ կտեսնեմ անարատի էությունը:


04.18.2007

Lethal Sweetness
14.02.2008, 22:40
Գիտե՞ս, մենք էլ չենք կրկնվի,
Դարերը նոր մենք չեն ստեղծի,
Գիտե՞ս, երբեք մեր երկուսը մեկ չի՛ լինի
Եվ ոչ էլ մեկը երկուս կլինի,
Գիտե՞ս, այսօր, երբ արթնացանք
Չհիշեցինք վաղվա մասին:
Գիտե՞ս, մեր երազն էլ երազ չի՛ լինի,
Էլ չի՛ լինի մեր այսօրը,
Որը հիմա մեզ գրկել է,
Օրորում է, շորորում է...

Գիտե՞ս, վաղը մեզ է սպասում,
Սպասում է, որ այցելենք
Եվ անվանենք նրան Ներկա:
Գիտե՞ս, քամին երգ է երգում,
Երգում է ո՛չ թե անցյալի,
Այլ ապագայի լույսի մասին:
Գիտե՞ս, նա էլ մեզ պես
Միայնակ է աշխարհ եկել,
Ոչի՜նչ այն չունի,
Ոչ ոքի չունի,
Վազու՜մ է, փախչում է
Ինքն իր ստվերից,
Ծառերի հետ իր երգն է հյուսում,
Իսկ շենքերին, անապատներին
Վերքերն է բանում...
Գիտե՞ս, միգուցե այն երազում է
Ներկայով սուլել,
Անցյալը հերքել,
Հավե՜տ, հավե՜տ...
Անվե՜րջ, անդադա՜ր...

Գիտե՞ս, վաղը երբ արդեն մենք
Հեռացած կլինենք այս մեր ներկայից,
Մենք կողջունենք մի նոր ներկա
Մեր հին քամու երգի ներքո,
Բայց մեր մեջ հույսի նոր բոց կվառվի
Ու կկայծկլտա...
Չգիտեմ, որքա՜ն որքա՜ն երկար,
Բայց այն կփայլի մինչև մարելը,
Մինչև աչքերիս դժկամ փակվելը:

Գիտե՞ս, թե քամին ինչու է վազում,
Այլ ոչ լուռ քայլում,
Ինչու՞ է այդպես արագ սլանում:
- Վախենում է նա գուցե մեծ ուժից
Կամ էլ անցյալի մի նենգությունից:
-Չգիտեմ...

Գուցե մի օր այն օրը կգա,
Այն ներկան, որ անյահտ է հիմա,
Երբ մենք էլ քամի դարձած
Ծառերի համար նոր երգ կհյուսենք,
Կամ գուցե մի օր մենք քամի դարձած
Քամուն կաջակցենք
Ու սարեր-ձորեր ոտքի տակ կտանք
Կողջեգուրվենք,
Հինը կհիշենք և կերազենք մարդկության մասին
Եվ մեր անցյալի հուշերի մասին:


01. 30. 08

Lethal Sweetness
18.02.2008, 01:56
Միայն քո աչքերի խորքում

Էն քո աչքերի, էն քո աչքերի
Փայլուն խորքերում,
Տեսնում եմ ծաղկուն
Բուրավետ այգու
Կարկաչուն առուն՝
Կյանքի բուրմունքով լի ու զուտ աշխույժ:

Էն քո աչքերի, աչքերի խորքում
Տեսնում եմ նկարչի
Սփռված հոգու
Անվերջ կաթիլը,
Վրձնի հետքերից
Ցավող գույների
Անմար հետքերը:

Էն քո աչքերի, աչքերի խորքում
Տեսնում եմ հայելուս հոգուն՝
Մի ձև պարզ, անպիղծ,
Ապշած հայացքով
Ինձ հետ է նայում
Աչքիդ մի մասը՝
Հայելուս հոգին:

Էն քո աչքերի, աչքերի խորքում
Սրտիս ծարավը շատ է ուժգնանում,
Սրտիս ճաքոցի ձայնը բարձրանում
Դառնում անձրևազուրկ մրրիկ,
Խռովում, լքում սեփական անձիս,
Աչքիդ խորքերի գետակը գտնում:

Էն քո աչքերի, աչքերի խորքում,
Տեսնում եմ քա՜ղցր
Մի սիրտ պսպղուն,
Ուրախությամբ հարբած
Երկնագույն մի լույս,
Տեսնում եմ սրտիդ քաղաքը արթուն,
Ջանասեր հոգուդ սրտի արդյունքը...
Միայն քո՛, քո՛ աչքերի խորքում:

02.14.2008

Lethal Sweetness
18.02.2008, 10:22
Հարգի՛ր աշխարհի բոլոր ազգերին,
Հարգի՛ր թեկուզ օտար լեզու հարգողին,
Նրանց մշակույթը դու հարգի՛ր նույնպես,
Չէ՞ որ նրանք էլ մեզ պես
Միացել, մշակոււյթ ծնել,
Առանձնացել են երկրի մի մասում
Ու բազմացրել են իրենց ուզածը:
Հարգի՛ր Աստծո ծիլ տված անձին,
«Ողջու՜յն» ասողին,
Որ գոնե նա էլ իրեն քիչ հարգված զգա
Օտարականի կողմից նվիրված զիլ պատասխանից:

Հարգի՛ր փողոցդ,
Հարգի՛ր անցորդին,
Հարգի՛ր հարգանքիդ ծարավ զինվորին,
Հարգի՛ր փողոցի այն ծեր խղճուկին,
Որ ձեռքը մեկնել ու փող է հայցում,
Մտքում երազում մի ո՜ղջ մարդկություն
Եվ ուրախություն:
Հարգի՛ր անհարգին,
Որքան էլ չարժի՝ նա հարգանք ունի,
Չէ՞ որ նա էլ մարդ է մեծացել,
Հայրենի հողին ազնիվ մնացել:

Հարգի՛ր հարգանքը և նրա չափը,
Չափդ մի՛ անցիր,
Հարգանքով ձորեր դու մի՛ փորփրի,
Այլ դու կառուցի՛ր ամուր հիմքերին
Լայն հենված լեռնե՜ր:
Հարգի՛ր հարգողին ու մտածողին,
Հարգի՛ր մեծերիդ և ծնողներիդ,
Հարգի՛ր նրանց հոգու խոսքերը,
Հարգելով՝ գիրկդ առ նրանց, համբուրի՛ր:
Հարգի՛ր ինքդ քեզ հարգելուդ համար:
Վերջիվերջո քեզ հարգված զգա,
Որ մարդ ես ծնվել,
Լույս աշխարհ եկել մորդ շնորհիվ:

Հարգի՛ր բոլոր-բոլորին...
Հարգի՛ր անցածը և մնացածը
Միշտ հարգի՛ր,
Հարգանք վայելիր
Ու մի փնովի՛ր:
Հարգի՛ր...
Երբ որ կհարգես,
Այդժամ կհարգվես:

Լեո
18.02.2008, 10:50
Ապրես, լավն են:hands

Lethal Sweetness
20.02.2008, 09:50
Ընթացք

Ձայներն կոշտանում
Արձագանքվում են պաղ խլության մեջ,
Անտեղյակ իրենք իրենց մութ ապագայի
Լոզոտ ճանկերից...
Արյան կաթիլներն իրար միանում
Ինչ-որ դժվար են այսօր առաջ քայլում,
Միաձուլվում են
Թույնով պղտորված արցունքներին...
Ոմանք կեղծում են,
Ոմանք էլ իբր թե ողբում ...

Բոլորը վզները ձգում են
"Լավ" բառի հնչույնն լսելով,
Բայց հիասթափված ետ են իջեցնում
Չհասկանալով բարձրացնելու իմաստը:

Կամա, թե ակամա,
Ամեն ինչ վարկյանական է ստացվում,
Իրենք իրենց անկամ ուժերով
Սպանում են ճշմարտության վերջին պճեղը
Եվ գերի դառնում ստի ճանկերին:

Ոմանց համար դառը երազ է սա,
Իսկ ոմանց համար՝ սառը սուրճի ումպ,
Այն մնացածն էլ արժանի չեն էլ համարում
Մի հոծ զանգվածին՝
Իրականության դառն իրավացուն:

-------------------------------
Գլխիս ցավը տանող լներ՝
Նվեր կտայի մեծ սիրով հիմա:

02.19.2008
9:29 p.m.

Cassiopeia
20.02.2008, 10:48
Վերջին բանաստեղծության միտքը դուրս եկավ, բայց մեջը հեչ քնարերգություն ու մեղեդայնություն չկար:oy

Lethal Sweetness
21.02.2008, 13:13
Երազանքներ

Երազանքներ...
Կատարվա՞ծ, թե՞ չկատարված,
Կրճատվա՞ծ, թե՞ կիսակրճատ,
Ուխտին հասա՞ծ, թե՞ անհասա՞ն,
Մի՞թե մեկ չէ:
Ինչի՞ս են պետք երազանքները,
Առանց դրանց էլ կարող եմ ապրել
Առօրյա կյանքս:

Ինչի՞ս է պետք երազելը,
Երբ ամեն օր ուզածիս պես չէ ընթանում:
Երբ ամեն օր աչքս բացում և տեսնում եմ
Մայրամուտը, ոչ թե ծագող արեգակը:

Երազանքներ...
Երազա՞ծ, թե՞ երազից նոր դուրս եկած,
Խափանվա՞ծ, թե՞ կիսախափան,
Դժկամվա՞ծ, թե՞ կամքից զրկված:
Երազանքներ...
Ինչի՞ս են պետք այն իղձերը,
Որոնք մեկ է չեն կատարվի
Նույնիսկ վա՛ղը...
Ինչի՞ս է պետք տուժվել, տանջվել
Իմանալով, որ չկա այն «իմ ուզածը»:
Ինչի՞ս է պետք երազելը:

04.18.2007

Ավելացվել է 4 րոպե անց
Իմ նավավար

Դու արցունքիցդ ես խռովել,
Արցունքդ քեզնից:
Լուռ դու նստել ես լճակի ափին ու մտորում ես...
Իմ հի՜ն նավավար...
Մտորում ես անցյալի, ծովի և գուցե
Նրանց խառնուրդի մասին:
Չես ուզում բաժանվել այն փոքր ցավից,
Որ բույն է դրել սրտիդ ամրոցում,
Սա՜ռն ամրոցում...
Կարծում ես նրա տեղն ապահով է այդ թաքստոցում,
Քան թե ուրիշի բոցավառ սրտում:

Է՜հ, ի՛մ նավավար, ի՞նչ ես մրմնջում,
Զուր չես քո սրտի ցավերը վանում:

Թո՛ղ այդ ամենը ,
Ե՛կ գնանք մենք էլ վայելենք օրվա խաղերը,
Ինչի՞դ են պետք անբուժ ցավերը,
Նրանք վաղուց ներկայացրել են իրենց դասերը:

Ե՛կ, ի՛մ նավավար, տխուր մի՛ նայիր,
Մտքիս ու սրտիս մեջը մի՛ խառնիր:

Քրքրված միտքդ հանգիստ է ուզում,
Ցավոտ աչքերդ փակվել են ուզում...
Ուզու՜մ են, ուզու՜մ..
Դու էլ ուզում ես փախչել, տաքնվել ինչ-որ ամրոցում
Ինչպես ցավերդ են ապաստան գտել սրտիդ խորքերում:

Օ՜, ապագայից փախած վառ հույսեր,
Ե՛տ բերեք նրա հին սիրտը զորեղ:

Ե՛կ, ի՛մ սիրելի, ե՛կ այսօր գնանք
Հեռանանք ափից,
Որ ցամաքի պես կարոտ չմանանք ջրի արցունքի:

01.29.08

Dayana
21.02.2008, 14:59
Երզանաքներ, եթե մի օր դրանք բոլորը իրականանան մենք կկործանվենք :) ապրես ;)

Lethal Sweetness
22.02.2008, 12:15
Սիրտդ

Ամուր սիրտդ բոլորից զրկված
Երբեմն հպարտությամբ լի խոսում է,
Խոսում է ո՛չ թե իմ, կամ մեկ ուրիշի,
Այլ քո, քո՛ հետ:
Միայն քեզ է գաղտնիքներ հայտնում,
Մերկացնելով հոշոտված հոգիդ,
Քո համար է հապճեպ նվագում
Մաշված սրտիդ ծանոթ լարերով:
Երբեմն հիասթափված Երկրի երազից
Ննջում է կարծես կրծքիդ գարնան տակ...
Հուզված, սակայն թարմ
Սիրտդ չի թողնում սրտալարերիդ ձմեռ մոտենա
Վերքդ հովացնի,
Խաղաղության մի նշույլ ծնի:

Երբեմն հանդարտ է թվում այն,
Բայց փոթորկված է,
Ամենից խռո՜վ
Բանտարկված մարմնիդ խուլ մշուշներում....
Կարծես ջրի թանձր կաթիլ է ծորել երկնքից վրան
Ու իր ծանրությամբ հանգիստ չի տալիս սրտիդ զարկերին:

Ամու՜ր, խոցվա՜ծ ու փոթորկված սի՛րտ,
Թեկուզ և անջատ
Դու պատկանում ես
Դալար մի անձի՛,
Եվ ինչ էլ լինի
Դու կապաքինվես կամքով քո հզոր...
Անցյալից մնացած խոցերը
Կլքեն շուտով տաք բունն իրենց գտած
Եվ մեկ ուրիշին կսկսեն խոցել
Մի ուրիշ ուժով,
Իսկ ամուր սիրտդ
Ինչպես մի զորեղ ճառագայթ,
Առանց ամպերի կփայլի կրկին,
Նոր շունչ կծնի,
Նուրբ կբաբախի...

02.21.2008

Cassiopeia
22.02.2008, 12:42
Չեմ հասկանում, ինչո՞ւ է քո բոլոր բանաստեղծությունների մեջ հուսահատությունն ու թախիծը բույն դրել… Ախր նայելով անձնագրիդ տվյալներին ու լուսանկարիդ… 18 տարին ու գեղեցկությունդ պիտի ամեն ինչով նպաստեն, որ դու երջանիկ լինես, ոչ թե հիասթափված ու թախծոտ:

Lethal Sweetness
22.02.2008, 12:46
Չեմ հասկանում, ինչո՞ւ է քո բոլոր բանաստեղծությունների մեջ հուսահատությունն ու թախիծը բույն դրել… Ախր նայելով անձնագրիդ տվյալներին ու լուսանկարիդ… 18 տարին ու գեղեցկությունդ պիտի ամեն ինչով նպաստեն, որ դու երջանիկ լինես, ոչ թե հիասթափված ու թախծոտ:

Ես երջանիկ եմ Cassiopeia ջան :)

Ուղղակի պահի տակ է այդպես ստացվում:
Համենայնդեպս, շնորհակալություն :love

Lethal Sweetness
22.02.2008, 14:07
Ինչպես կուզեմ հարբել հիմա
Ու ցնորվել, անհետանա՜լ
Հեռու լեռների խիտ անտառներում,
Բուերին զննել, չթողնել քնեն,
Հպարտ ետ դառնալ:

Ինչպես կուզեմ գինու ամեն ումպ
Անհավատալի կերպար ստեղծի՝
Բոլորին անհայտ,
Շա՜տ զարմանալի:

Ինչպես կուզեմ հարբած ժամանակ,
Կողքիդ կիպ նստել,
Աչքերիդ ծորող սերը ըմպել,
Երազանքների ձորերը մագլցել:

Ինչպես կուզեմ այս գիշերվա
Բաժակաճառ ասողը լինել,
Կենացդ խմել ողջ առողջ սրտով՝
Առանց քաշվելու սիրտս դատարկել:

Cassiopeia
22.02.2008, 14:09
Վերջին գրվածքդ դուրս շատ եկավ, ապրես:hands

Lethal Sweetness
22.02.2008, 14:12
Վերջին գրվածքդ դուրս շատ եկավ, ապրես:hands

:)Շնորհակալություն կարդալու համար:drinks;)

Lethal Sweetness
08.03.2008, 11:35
Գիշերն ուշացավ

Գիշերն ուշացավ,
Է՜հ, ես էլ արթուն մնացի
Աչքերս բաց լույսի ներքո,
Մտքերս լուրջ-լուրջ մաղեցի,
Անունդ առա` թարգմանեցի,
Ապա՝ ներվայնալարերիս գդալով սնուցեցի
Մեղրակտորներն անվանդ տառերի:

Գիշերն ուշացա՜վ,
Սակայն՝ համբերատար մնացի,
Օրագիրս բացեցի ու
Սրտիս տողերը հանձնեցի,
Թաքուն-թաքուն բոլորից
Անունդ նրբորեն գրեցի՝
Աննման ուրիշ տառերի:

Գիշերն ուշացա՜վ,
Է՜հ, ես էլ հիշողություն քաղեցի
Ժամերի հետ խառնեցի,
Վայրկյանավկա դարձրեցի
Մեղմիկ խոսքերը սրտիդ,
Վերջում՝ թղթին հանձնեցի:

Գիշերն ուշացա՜վ,
Բայց դէ արևն էլ չքացավ,
Մնացի մենակ ամպերի հետ քնաթաթախ,
Ցրեցի քողը նրանց երեսի
Ու ընկերացա...
Հետո՝ խորը քուն մտա...
Երբ որ արթնացա,
Արև ես տեսա:

Գիշերն ուշացա՜վ,
Սպասող դարձա,
Չերգված մի երգ
Մեջս արթնացավ...

Գիշերն ուշացա՜վ,
Թե՞ ես ուշացա...

03.06.2008

Lethal Sweetness
22.04.2008, 22:26
Գամված մեխակներ

Թե լռությունն իշխում էր գահը մթության,
Այդժամ խուճապի մատնված
Տեղ էր փնտրում նոր իշխանության,
Թե լուսինն առաջ իր քողը հանում
Ու մեղմ ժպտում էր,
Այդժամ մոռացել մի ամբողջ ազգի՝
Խոր քուն էր մտել:

Այդ պահին հայերը
Շնչում էին ո՛չ թե քթանցքերով,
Այլ՝ ցավի արմատներով,
Ներ էին շնչում ո՛չ թե թթվածին,
Այլ՝ թույնով հոշոտված սրեր,
Արտաշնչում էին ո՛չ թե ածխածին,
Այլ՝ արյան սերմեր…

Թերի... անթերի…
Ճակատագիրը մեկ էր անմեղի ու մեղավորի
Անվախ ընդունել սառը յատաղան,
Կարմիր սիրտ հանձնել,
Սևացնել հոգի…

Սև սի՞րտն էր պակաս,
Թե՞ անհոգ հոգին:
Հողմահարեցի՜ն
Արևից գողացած
Վառ-վառ կարմիրով,
Արևին թաքցրին,
Մայրամուտ ծնին…

Մեխակների արնաթաթախ ցողերով
Զարդարեցին մի մեծ ծով,
Որպես նվեր թողեցին սև հիշողության
Մի երկար գնացք,
Որը չի հասել դեռ իր կանգառին
Ու չի՛ հասնելու:

Գամեցին սրտե՜ր,
Չբացված սրտե՜ր,
Նորածնի սրտե՜ր...

Շան լակոտներն
Առյուծի սի՞րտ էին առել,
Թե՞ աքլորի պոչ,
Մնացեք անկո՛չ: