PDA

Դիտել ողջ տարբերակը : «Դևը»…



Ծով
02.02.2008, 22:20
«Դևը»...


Սա պատահեց ոչ ինձ հետ, ինչպես գրածներիս զգալի մի մասը..
Պատկերացրեք 11 հերոս...Նրանք գրեթե ընկերներ են. Օգնում են իրար, փրկում եթե պետք է, մատնում, եթե հանգամանքներն են այդպես թելադրում, ծաղրում, եթե այդպիսին է եղանակը, հրում, եթե ուզում են ստուգել ընկերոջ զգոնությունը....մի խոսքով մեղքն ու ապաշխարանքը միշտ նույն տեղում են տարբեր ժամերի, միայն թե օրերն այնքան նման են իրար ասես նույն անունն ունեն...
...
Իզուր էր այս նախաբանը...անհրաժեշտ էր մի քիչ քեզ հետ անկեղծ լինել ու պատմել պարզապես եղելությունը կամ այն ինչ եղավ...
Դժվարանում եմ անուններ որոշել...այստեղ դրանք նույնիսկ մի տեսակ ավելորդ են, իսկ թվերը, թվերը գուցե ավելի սազեն նրանց...
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 ,9,10,11...
Իսկ քեզ ավելի դժվար մի փորձություն է սպասում, որի հմար կանխավ հայցում են նորեղամտությունդ...
...
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ նրանք հորինեցին մի խաղ, որ կոչվում էր «Դևը»։ Խաղի սկզբունքը ես բնավ չէի հասկանւոմ, ավելին, թե ինչ կապ ուներ այն անվան հետ, բայց միայն այդ մասին մտածելիս մարմնովս սարսուռ էր անցնում։
Ահա թե ինչ. խաղում դիտորդներ չպետք է լինեն։ Եթե խաղում են, ապա՝ բոլոր ներկաները։ Որոշվում է փակ քվեարկությամբ, թե ով է հսկիչը։ Արդյունքներին ծանոթանում են բոլորը։ Ոչ ոք ոչ մեկի վստահելու իրավունք չունի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը տալիս է մեկ հարց բոլորին։Պատասխանը գրում են թղթերի վրա։ Ամեն մեկն ունի իր թիվը, որը մասնակցի ստորագրությունն է։ Պետք է որոշել , թե ով է Դևը, իսկ մնացյալը ՝ ընթացքում...
Չմոռացա ասել, որ «Դևը» խաղում են յոթ օր շարունակ։ Խաղի բուն տարածքից դուրս այն քննարկել չի թույլատրվում։
Առաջին իսկ օրից ինձ մի տարօրինակ զգացողություն սկսեց տանջել , իսկ ես հսկիչն էի...
Առաջին օր.
1.
— Որտե՞ղ է թաքնված խիղճը։

2. «Իմ գրպանում»։ 3.«Տատիկիս պահարանում»։ 4.«Խիղճը չի թաքնվում»։ 5.«Այն գոյություն չունի»։ 6.«Աչքերում»։ 7.«Խիղճը չի թաքնվում»։ 8.«Պատասխան չունեմ»։ 9. «Չգիտեմ»։ 10.«Չկա»։

2.
—Ի՞նչ է անունդ։
1. «3»։ 3.«5»։ 4.«5»։ 5.«5»։ 6.«7»։ 7.«9»։ 8.«10»։ 9.«11»։ 10.«1»։

3.
—Ինչու՞ ստեցիր։
1.«Երբեք չեմ ստում»։ 2.«ՀԻմա, թե՞ ոնց»։ 3.«Դառն էր ճշմարտությունը»։ 3.«Աստծոն հակառակվելը հերսություն է»։ 4.«Ստից էլ լավ բա՞ն»։ 5.«Իսկ դու՞»։ 6.«Ես չէի»։ 7.« Հանուն քեզ»։ 8.«Այդպես ճիշտ էր»։ 9.«Սովորություն է»։ 10.«խնդրել էին»։

4.
— Ի՞նչ իմաստ ունի այս խաղը։
1.«Զվարճալի է»։ 2.«Դևին հարցրեք»։ 3.«Որ գտնենք Դևին»։ 4. «Ի՞նչ իմանամ»։ 5.« Միմյանց ճանաչելու լավ ձև է»։ 6.«Իմաստ չունի»։ 7.«Որ ինձ գտնեք»։ 8.«Հիմարություն է»։ 9.«Չգիտեմ»։ 10.«Վերջում կերևա»։

5.
—Ու՞ր գնալ։
1.«Գրողի ծոցը»։ 2.«Ամերիկա»։ 3.«Տուն»։ 4.«Ոչ մի տեղ»։ 5.«Որտեղ հաց, այնտեղ կաց»։ 6.«Մեկ է»։ 7.«Զուգարան»։ 8.«Դժոխք»։ 9.«Դևի մոտ»։ 10.«Երկինք»։

6.
— Ի՞նչ է կյանքը։
1.«Հիմար հարց»։ 2.«Չգիտեմ»։ 3.«Կապրենք,կտեսնենք»։ 4.«Աստծո խաղալիք»։ 5.«Պայքար երևի»։ 6.«Անիմաստ բան»։ 7.«Փորձություն»։ 8.«Մահվան չուզողը»։ 9.«Հրաշք»։ 10.«Սեր»։

7.
—Հավատում ես Աստծուն։
1.«Հավատում եմ»։ 2.«Թող ինքը ինձ հավատա»։ 3.«Ձև չունեմ»։
4.«Ավելին՝սիրում եմ»։ 5.«Աչքիս վրա»։ 6.«Չէ»։ 7.«Քեզ ի՞նչ»։ 8.«Հավատում եմ»։ 9.«Հա»։ 10.«Տատանվում եմ»։

8.
—Ո՞վ կլինի Դևը։
1.«Ոչ ես»։ 2.«Ոչ ոք»։ 3.«Հուսամ ես»։ 4.«Դու»։ 5.«Ինքը վաղուց չկա»։ 6.«Հսկիչը»։ 7.«Ես չեմ լինի»։ 8.«Չգիտեմ»։ 9.«Ոչ ոք»։ 10.«Ես»

9.
—Ու՞մ չեք ների
1.«Դևին»։ 2.«Դևին»։ 3.«Դևին»։ 4.«Դևին»։ 5.«Դևին»։ 6.«Դևին»։ 7.«Դևին»։ 8.«Դևին»։ 9.« Դևին»։ 10.«Դևին»։

10.
—Ո՞վ կհաղթի։
1.«Մենք»։ 2.«Դևը»։ 3.«Բոլորս»։ 4.«Ընկերությունը»։ 5.«Չգիտեմ»։ 6.«Ով կգնա մինչև վերջ»։ 7.«Ոչ ոք»։ 8.«Հսկիչը»։ 9.«Ես» 10.«Մենք»։

Ների՛ր ինձ, մի քիչ տարօրինակ խաղ է, բայց շուտով ամեն ինչ պարզ կդառնա. Առջևում դեռ յոթ օր կա։
Այսպես այդ օրը ես, տարօրինակ զգացումներով համակված, գնացի տուն։ Խաղի մասին պատմել չէր թույլատրվում և չնայած շատ էի ուզում կիսվել օրվա կատարվածով, չարեցի այդ...
Դեռ նոր էի տուն մտել, երբ ինձ զանգահարեց առաջինը.
—Հննն. Հսկի՛չ, ինչպե՞ ս ես, հիմարություն է, չէ՞…զարմանում եմ՝ ինչպես այդպես միահամուռ սկսեցինք խաղալ այս ես էլ չգիտեմ, թե ինչը։
—Մոռացե՞լ ես, քննարկել չի թույլատրվում...
—Դե, վե՛րջ տուր։ Ինչու՞ պիտի չքննարկեմ։ Դու իմ հարազատն ես, ու ոչ ոք չի իմանա, հո չե՞ս ասի...
—Միմյանց վստահել չի կարելի։
—Իսկ ես քեզ վստահում եմ, հետո՞ ինչ...
—Ոչինչ, հետո կխոսենք։
—Հեյ, ընկե՛ր, սպասի՛ր, լուրջ ես ընդունել, հիմարություն է..
—Լավ, կանչում են, հետո կխոսենք։
—Սպասի՛ր, ինչու՞ ստեցիր,—և առաջինը սկսեց բարձր կչկչալ...կոկորդս սեղմվեց։ Լսափողը ցած դրի...
Քիչ անց զանգահարեց երկրորդը.
— Ի՞նչ կա, լա՞վ հասար։
—Հա։
—Անարդար է, որ հսկիչը հարցեր չի տալիս ու չի պատասխանում, չէ՞...
—Իսկ մի՞թե քննարկել կարելի էր...
—Դե...դե...իսկ ո՞վ կիմանա, որ քննարկում ենք. վստահում եմ
—Շնորհակալ եմ, պիտի գնամ։
—Վաղը խաղալու՞ ենք...
—Նույն ժամին, նույն տեղում։
—Զգու՛յշ եղիր...
—Ինչու՞...
—Քննարկել չի կարելի,-երկրորդն էլ անզուսպ կչկչաց։
Երրորդ զանգը եղավ մեկ ժամ անց.
—Լսի՛ր, ես վաղը չեմ գա։
—Ինչու՞...
—Ջերմություն ունեմ…
—Լավ, կհետաձգենք…
—Չէ, խաղացե՛ք, համարե՛ք, որ ես եմ Դևը։
—Առողջացի՛ր…
—Ինչու՞ ես խուսափում
—Ինչի՞ց…
—Ե՛կ քննարկենք. ես, դու, էլ ոչ ոք չկա…
—ՄԻ՞թե…
—Պարզ է. միմյանց վստահել չի կարելի։
—Կարելի է պարզապես դադարել...
—Ի՞նչ…
—Ոչինչ։
Ես անջատեցի հեռախոսը...
Ուզում էի զանգել մեկին, ճշտել՝ արդյոք մասնակիցներից ինձ նման զանգեր ստանում է, բայց չարեցի այդ։ Պառկեցի քնելու...
Դժվար գիշեր էր։ չեմ էլ հիշում՝ ինչպես ստացվեց քնելը։ Տարօրինակ երազ տեսա, ավելի տարօրինակ քան խաղն էր...
Երազումս գտան Դևին. ես էի։ Ինձ տարան մի սենյակ, որտեղ հատակին ասեղներ էին խրած, այնքան շատ, որ անհնար էր շրջանցել չվնասվելու համար։ Սենյակի ծայրում մի մահիճ կար, որտեղ արդեն ապահով պետք է որ լիներ։ Խնդիրս հետևյալն էր. քայլել մինչև մահճակալը։ Փոքրիկ տարածքը երկարաձիգ դժոխքի նման էր, բայց երբ հասա մահճակալին, արյունոտ ոտքերս հույսով դողացին։ Հազիվհազ բարձրացրի մի ոտքս, դրեցի մահճակալին ու նորից ասեղներ ոտքիս տակ։ Մտածեցի, թե ընդամենը թվում է, ցավից է կանցնի, երկրորդն էլ դրեցի. այս անգամ խրվեցին ու ես թիկունքի վրա ընկա հատակին, ցավից ճչացի, արթնացա...
Ամբողջ օրը մտքերումս նրանք էին...Դևը...ես...
Ի՞նչ խաղ էր, Տե՛ր Աստված...Եվթեպետ ես խաղի հսկիչն էի, չէի կարողանում վերահսկել ինձ...
Որոշված ժամին գնացի որոշված տեղն արդեն կանխավ մտածած, թե ինչ եմ անելու։ Բոլորը նստած էին, զարմանալի էր թեպետ ճիշտ ժամանակին հասա, բայց կարծես ուշացողը ես էի...
—Դե բարև, Հսկի՛չ,— խոսեց չորրորդը, որն այդպես էլ չկարողացավ զանգել ինձ,—սպասենք ազդանշանիդ սկսելու համար։
—Չէ։
—Ի՞նչ…
—Չեմ խաղում։
—Խաղը տևում է յոթ օր։
—Հիմարություն է, անիմաստ բան է, ես ու դու, էլ ոչ ոք չկա,— ես հերթով նայեցի առաջինին, երկրորդին ու երրորդին,—դե ի՞նչ կասեք…
—Վե՛րջ տվեք։ Չզվարճանա՞նք մինչև վերջ,-շարունակեց հինգերորդը։
—Զարմանալի է,—հազիվ փորձում էի շարադրել մտքերս,,—դուք այդպես միահամուռ ուժերով ինչպե՞ս կարողացաք հավաքվել մի ընդհանուր խաղի շուրջ։
—Հետաքրքիր էր, խորհրդավոր…հիմա ի՞նչ, Հսկի՛չ, մի՛ չարաշահիր քո հանդեպ ունեցած մեր վստահությունը։
—Չէ...նախօրոք պայմանավորվել էիք. ես միակն էի, ով ոչ մի տարբերակ չավելացրեց խաղի կանոններին, միակը, ով պարզապես…
—… հսկում էր։
—Չէ, ով ոչինչ չհասկացավ։ Սարքել եք գլխիս, հաստատ եմ ասում։
—Այ քեզ բան…դեռ յոթ օր էլ չկա, Դևին գտնում ենք,—շարունակեց վեցերորդը
—Զարմանալի է...ահա մեկը, ով մեզ բոլորիս համարձակվեց չվստահել։ Չէի մտածում, որ այսքան հիմար կգտնվեք...որևէ մեկը քննարկե՞լ է խաղը խաղից դուրս,-յոթերորդը հերթով հասցրեց նայել բոլորին։
—Չէ,—միաձայնեցին։
—Ինչու՞ ստեցիր,—ես նայեցի նախ երրորդին։
—Գրել եմ,-պատասխանաեց նա ու սկսեց ծիծաղել։
Շարունակական ծիծաղ էր։ Ես շշմած նայում էի նրանց ու չէի հասկանում՝ ինչ է կատարվում։
—Կանոնները խախտում ես, Հսկի՛չ,-մեղմեց ութերորդը
—Չէ, նրանք են խախտել,—ես նորից նայեցի առաջինին, երկրորդին ու երրորդին։
—Փոքրի՛կս, մատնում ես,—հանդիմանեց իններորդը։
Ես սկսեցի արտասվել։
—Սրտիդ շատ մոտ ես ընդունել, իզուր— եզրափակեց տասներորդը։
Նրանք բոլորն էլ նայում էին ինձ...
—Կներե՛ք,-հազիվ նետեցի։
Լուռ էին...
—Վստահեիր մի քիչ, ինչպես մենք քեզ. ախր ընդամենը խաղ էր,—մեղմեց նրանցից մեկը...
Դուրս եկա «խաղասրահից»...
Տանջվում էի. «Ի՞նչ արեցի…փորձու՞մ էին, թե՞ ես էի փորձում...յոթ օր էլ չտևեց, ու ամենը իմ պատճառով։ Տե՛ր Աստված, ես նրանց կորցրի...»։
Հազիվ էի այսքանը մտածել, երբ մի ձայն լսեցի
—Սպասե՛ք…
Շրջվեցի, մատուցողն էր.
—Կներե՛ք, ես մոտավոր գիտեմ, թե այնտեղ ինչ կատարվեց։
—Լավ...
—Դուք լացակումաց հեռացաք, իսկ նրանք...կներեք իհարկե...գուցե կարևո՞ր է..
—Իսկ նրանք...
—Հետո նրանք ծիծաղում էին...
Ես սրբեցի արցունքներս.
—Ինչու՞ որոշեցիք ասել այդ...
—Գուցե դիտորդ էի...հետաքրքրել էր...
—Շնորհակալ եմ...
...
Ձյունը իջնում էր, հալվում շուրթերիս ու մեկ վայրկյան էլ չէր համբերում թարթիչներիս վրա։ Ես գտա մի հարմար տեղ ու պառկեցի ձյան վրա։ Սպիտակ գիշեր էր...ոտքերիս, ձեռքերիս, ուսերիս, ամեն տեղ՝ ճերմակ ասեղներ...
Ի՞նչ կատարվեց, չէի հասկանում...
Ինչպես ամեն մի սխալ արարքից հետո, երբ ինքդ քեզանից այդ չէիր սպասում...
Ինչի՞ց սկսվեց, ինչի՞ համար, ի՞նչ կլինի հետո...Իսկ ո՞վ է դևը. ե՞ս եմ, թե՞ նրանք...
Ու՞ր եմ հասել, Տե՛ր Աստված...
Ես գրպանիցս հանեցի նախորդ օրվա հարցերի պատասխանները...

Կարդում էի, լալիս, ծիծաղում, և հանկարծ նրանք բոլորն էլ հերթով շրջապատեցին ինձ...
—Միայն դու ես մնում, Հսկի՛չ, խաղն առաջ ենք տվել, ասա՛ թե ով է Դևը,-թախանձեց նրանցից մեկը։
—Է՜...թո՛ղ որ լինի մատուցողը…հուսամ մենք այնտեղ էլ ոտք չենք դնի։
Եվ մենք սկսեցինք խաղալ ձյան մեջ, թավալվել իսկական խենթերի պես, երջանիկ՝ ասես ոչինչ էլ չէր եղել...
Միակ բանը, որ բոլորս նկատել էինք, իսկ ես՝ միայն վերջում, որ խաղի կանոններից մեկը վաղուց էր խախտվել՝ դիտորդներ չպետք է լինեն։
...
Զարմանում ես,գիտեմ, ի՞նչ իմաստ ուներ այս ամենը...
Ինքս էլ չեմ հասկանում՝ ինչու գրեցի, իսկ առակս կցուցանե ընդամենը. «Մի՛ խաղա, եթե քեզ չեն խաղացնում»...
Հ.Գ. Խփել չկա...:vaii::lol

Sunny Stream
02.02.2008, 22:32
Իսկ եթե վերջին տողը հանե՞ս ;) (Դե "Հ.Գ."-ի հետ չեմ :D)
Կներես, մնացածը հետո կհասկանամ... Ավելի ճիշտ, մի օր էդ վիճակում կլնեմ, կգամ, կկարդամ ու ձյուն կուզեմ...

Ապրես... շատ տարբեր էր իմ կարդացած քո մյուս արձակներից... շատ հետաքրքիր էր կարդալ... :kiss

Cassiopeia
03.02.2008, 00:01
Ծով, ցնցված եմ: Շատ լավ էր շարադրված, ապրես:love

Աթեիստ
03.02.2008, 00:57
Չգիտեմ սա ինչ էր, բայց շատ լավն էր։

impression
03.02.2008, 01:07
Ես բան չհասկացա.... Մաֆիա էիք խաղու՞մ

Ծով
03.02.2008, 01:08
Ես բան չհասկացա.... Մաֆիա էիք խաղու՞մ
չէ...«Դևը»:D

John
03.02.2008, 21:10
չպետք է կարդայի… իզուր կարդացի… լավ, որ կարդացելեմ՝ արտահայտվեմ:
Էլիզի գրածները չափից դուրս խորն են: Ու շատ դժվար է հասկանալ՝ ճի՞շտ եմ հասկացել, թե՞ սխալ: Եթե ճիշտ եմ հասկացել, ուրեմն… չէ, կարծիքս չեմ հայտնի, դժվարա: Եթե սխալ հասկացած լինեմ, լավ չի ստացվի :)

Ծով
03.02.2008, 23:31
չպետք է կարդայի… իզուր կարդացի… լավ, որ կարդացելեմ՝ արտահայտվեմ:
Էլիզի գրածները չափից դուրս խորն են: Ու շատ դժվար է հասկանալ՝ ճի՞շտ եմ հասկացել, թե՞ սխալ: Եթե ճիշտ եմ հասկացել, ուրեմն… չէ, կարծիքս չեմ հայտնի, դժվարա: Եթե սխալ հասկացած լինեմ, լավ չի ստացվի :)
Ճիշտն ասած քո գրառումն ըստ իս ավելի խորհրդավոր ու խորն է, քան իմ արձակը։:D
Մեջբերում մասնակիցներից մեկի խոսքից.:)

—Հեյ, ընկե՛ր, սպասի՛ր, լուրջ ես ընդունել, հիմարություն է..

Cassiopeia
15.09.2012, 01:08
Ո՞վ ա գալիս "Դևը" խաղանք:

Sambitbaba
15.09.2012, 06:31
Ահագին դյուրրենմաթթականություն զգացի մեջը, մոտավորապես այսպես. "Наблюдение наблюдающих за наблюдаемыми" ("Հետևվողներին հետևողներին հետևելը"):

Բայց ամեն ինչ լավ էր, եթե միայն քո Դևը թույլ է տվել քեզ խաղալ քո "Դևը"…

Քանզի, եթե պատասխանենք "մասնակիցներից մեկի" խոսքերին. - ամեն մի "հիմարության" տակ՝ Դև է թաքնված: