PDA

Դիտել ողջ տարբերակը : Kurt Vonnegut: "Սպանդանոց 5 կամ Մանուկների Խաչակրաց Արշավանքը"



Գալաթեա
31.01.2008, 21:49
Ինչպես մեկ անգամ նշեցի` կոչումով ինձ համարում եմ գրական թարգմանիչ: Շատ եմ սիրում թարգմանել եւ համարձակվում եմ հատված առ հատված ձեր դատին ներկայացնել "Արտասահմանյան Գրականություն" ամսագրում տպագրված թարգմանությունս:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/c/c8/Kurt_Vonnegut_at_CWRU.jpg

Կուրթ Վոննեգուտ - ծնվել է 1922-ին, գերմանա-ամերիկյան բազմազավակ ընտանիքում: Զբաղվել է ժուռնալիստիկայով, գիտական գործունեությամբ, դասախոսել է ԱՄՆ-ի տարբեր քելեջներում: Մասնակցել է 2-րդ համաշխարհայինին, Դրեզդենի ռմբակոծության ժամանակ եղել է քաղաքում եւ տեսել է այդ ամենն իր աչքերով: Հենց դա էլ հիմնապատճառն է դառել այս վեպը գրվելու:
Կուրթ Վոննեգուտն իրավամբ համարվում է ժամանակակից գրականության մեծություններից մեկը: "Սպանդանոցը" իր ամենաինքնակենսագրական վեպն է:

StrangeLittleGirl
31.01.2008, 22:09
Մասնակցել է 2-րդ համաշխարհայինին, Դրեզդենի ռմբակոծության ժամանակ եղել է քաղաքում եւ տեսել է այդ ամենն իր աչքերով: Հենց դա էլ հիմնապատճառն է դառել այս վեպը գրվելու:
Այ հենց սրա պատճառով մեծ հաճույքով կկարդամ:

Երվանդ
31.01.2008, 23:10
Սպասում եմ:love

Գալաթեա
01.02.2008, 00:55
Սպանդանոց Հինգ կամ Մանուկների Խաչակրաց Արշավանքը


Առաջին Գլուխ

Մի քիչ ավել կամ պակաս, բայց այս ամենն իսկապես կատարվել է: Համենայն դեպս պատերազմին վերաբերող մասերը հնարավորինս իրական են: Դրեզդենում մի տղայի իսկապես գնդակահարեցին` իրեն չպատկանող թեյամանը վերցնելու համար: Մեկ ուրիշն իսկապես երդվում էր պատերազմից հետո մարդասպան վարձել եւ սատկացնել իր բոլոր անձնական թշնամիներին: Եւ այսպես շարունակ: Բոլորի անունների փոխել եմ: Ես իսկապես վերադարձա Դրեզդեն 1967-ին Գուգենհայմի ֆոնդի շնորհիվ(Աստված պահապան): Ասես Դեյթոնում լինեի (Օհայո):Ամայի տարածությունն ավելի շատ էր, քան Դեյթոնում:
Ես վերադարձա այնտեղ պատերազմական ընկերոջս` Բեռնարդ Օ'Հեյըրի հետ, եւ մենք շատ արագ լեզու գտանք մի տաքսու վարորդի հետ, որը մեզ տարավ սպանդանոցը, ուր մեզ մի ողջ գիշեր պահել էին որպես ռազմագերիների: Նրա անունը Գերհարդ Մյուլլեր էր: Նա պատմեց, որ որոշ ժամանակ գերի է եղել ամերիկացիների մոտ: Մենք հարցրինք, թե ինչպիսին էր կյանքը կոմունզմի օրոք, եւ ըստ նրա` սկզբում պարզապես սարսափելի էր, որովհետեւ բոլորն ստիպված էին ձիու պես աշխատել ու համ էլ ապրելու տեղը, ուտելիքն ու հագուստն էին քչություն անում: Բայց հիմա անհամեմատ ավելի լավ էր: Հիմա նա ուներ փոքր, հարմարավետ բնակարան, իսկ դուստրը հիանալի կրթություն էր ստանում: Մյուլլերի մայրը մոխրացել էր Դրեզդենի ռմբակոծության ժամանակ: Նրանն էլ այդպես էր ստացվել: Ծննդյան տոների Մյուլլերը բացիկ ուղարկեց Օ'Հեյըրին, եւ ահա, թե ինչ էր այնտեղ գրված.
"Մաղթում եմ քեզ, ընտանիքիդ, ինչպես նաեւ ընկերոջդ ուրախ Ծնունդ ու շնորհավորում եմ նոր Տարին ու հուսով եմ, որ մենք նորից կհանդիպենք տաքսիում, ազատ ու խաղաղ աշխարհում, եթե դիպվածը կամենա":

Դա ինձ շատ էր դուր եկել` "եթե դիպվածը կամենա":

Չէի ուզի իմանայիք, թե այս դժբախտ գիրքն ինչէ նստել վրաս` ժամանակի, փողի ու նյարդերի առումով: Երբ քսաներեք տարի առաջ տուն դարձա Երկրորդ աշխարհամարտից, կարծում էի շատ հեշտ կլինի գրել Դրեզդենի ավերածության մասին, քանի որ ինձնից պահանջվում էր ընդամենը թղթին հանձնել տեսածս: Կարծում էի նաեւ, որ գլուխգործոց կստեղծեմ. նյութն իսկապես էական էր
Բայց այդ ժամանակ Դրեզդենի մասին շատ քիչ բառեր ծնվեցին. համենայն դեպս գիրք հաստատ չէր ստացվի: Եւ հիմա էլ շատ բառեր չեն գալիս, երբ ես արդեն տռան բիձուկ եմ` իր Փել Մելով եւ մեծահասակ որդիներով:
Մտածում եմ` որքան անզոր է հիշողությանս դրեզդենյան հատվածը ու միեւնույն ժամանակ ` որքան գրավիչ էր Դրեզդենը հուշագրությունների համար, եւ միտքս է գալիս հանրահայտ կատակ ոտանավորը.

Մի ջահել կար Ստամբուլից,
Որ դժգոհ էր իր բանից.
- Կարողությունս խլեցիր,
Առողջությունս փլեցիր
Գոնե շռի, տո այ ախմախ!

Մի երգ էլ հիշեցի` այս էր.

Անունս է Յան Յոնսոն,
Նահանգս` Վիսքոնսին,
Այնտեղ ես փայտ եմ սղոցում:
Մարդիկ տեսնում են փողոցն անցնելիս,
Անունս են հարցնում, դե իսկ ես`
Անունս է Յան Յոնսոն,
Նահանգս` Վիսքոնսին...

Եւ այսպես շարունակ, մինչեւ անսահմանություն: Անցնում էին տարիներ, եւ մառդիկ որոնց հանդիպում էի, հաճախ հարցնում էին, թե ինչով եմ զբաղվում, եւ ես, որպես կանոն, պատասխանում էի, որ հիմնականում աշխատում եմ Դրեզդենին նվիրված գրքի վրա:
Մի անգամ այդպես պատասխանեցի կինոարտադրող Հարիսոն Սթարին, եւ նա հոնքերը բարձրացնելով հետաքրքրվեց.
- Գիրքը հակապատերազմակա՞ն է:
- Այո,- ասացի, - պիտի որ:
- Գիտե՞ս ինչ եմ հարցնում մարդկանց, երբ պարզում եմ, որ նրանք հակապատերազմական գիրք են գրում:
- Ոչ: Իսկ ի՞նչ ես հարցնում, Հարիսոն Սթար:
- Ասում եմ` "Իսկ ինչու հակասառցադաշտային գիրք չես գրու՞մ":
Նրա ասածն իհարկե այն էր, որ պատերազմներ միշտ լինելու են, եւ որ պատերազմը կանխելը նույնքան հեշտ է, որքան սառցադաշտի առաջացման դեմն առնելը:
Ես լրիվ համամիտ էի:

Եթե անգամ պատերազմը վրա չէր տալիս, ինչպես սառցադաշտ, միեւնույն է, միշտ կար աշխարհի պես հին մահը:

----------------------------------

Գուգենհայմի ֆոնդ - Հիմնադրվել է 1925-ին, ԱՄՆ-ի սենատոր Սայմըն Գուգենհայմի կողմից: Հիմնադրամն ունի ամենամյա մրցույթներ, որի հաղթողներըէ արվեստագետներ հիմնականում, ստանում են դրամային մրցանակներ իրենց գործունեության մեջ ներդնելու համար:


շարունակելի

StrangeLittleGirl
01.02.2008, 01:32
Ես էլ չեմ պատկերացնում, թե ինչ գիրք կարելի է գրել Դրեզդենի մասին: Ոչ այն պատճառով, որ չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է գրել ռմբակոծության մասին, այլ այն, որ այնտեղ ոչինչ չկա… Գուցե կար, հիմա չկա: Չէ՛, կա… Թեև պատերազմի հետքն էլ չի մնացել, բայց որովհետև նման չէ եվրոպական մյուս քաղաքներին կամ նման է միայն մի փոքրիկ կտորով, հասկանում ես, որ այնտեղ ինչ-որ բան այն չէ… Կամ որ նայում ես Ֆրաունկիրխեին, և աչքերդ ֆիքսում են սև ու սպիտակ քարերը, պարզ է դառնում, որ այն պատերազմի ու խաղաղության միաձուլումն է:
Ու՜ֆ, էս ի՞նչ եմ անկապ խոսում: Գալո՛, շարունակի՛ր…

Գալաթեա
01.02.2008, 01:50
շարունակություն

Երբ ես դեռ քիչ թե շատ երիտասարդ էի ու աշխատում էի Դրեզդենի մասին հանրահայտ գրքիս վրա, հարցրեցի Բեռնարդ Օ’Հեյըր անունով պատերազմական հին ընկերոջս, թե կարող եմ արդյոք այցելել իրեն: Նա շրջանային հավատարմատար էր Փենսիլվանիայում: Ես գրող էի Քեյփ Քոդում: Պատերազմի ժամանակ մենք հետևակային հետախուզության շարքայիններ էինք: Երբեք առանձնապես հույսեր չէինք փայփայում, թե պատերազմից հետո փող կունենանք, բայց արի ու տես` հեչ էլ վատ չէր:

Նրան իմ խնդրանքով գտել էր Բելլի հեռախոսային ընկերությունը: Իսկական վարպետ էին այդ գործում: Ալկոհոլն ու հեռախոսը ներառող այդ հիվանդությունը հաճախ էր ինձ այցելում: Ես խմում եմ, ու իմ շնչառությունից կինս շշմում է, ինչպես մանանեխի առաջացրած գազերից ու վարդերից: Իսկ հետո անդրշիրիմյան նրբագեղ ձայնով խոսում եմ հեռախոսով: Խնդրում եմ հեռախոսավարներին միացնել ինձ այս կամ այն ընկերոջս հետ, որին հարյուր տարի չեմ տեսել:

Օ’Հեյըրին հենց այդպես գտա: Նա ցածրահասակ էր, իսկ ես` բարձրահասակ: Մենք պատերազմի Մաթն ու Ջեֆն էինք:

Մենք միասին գերի ընկանք պատերազմին: Ասացի` ով է հետը խոսում: Նա որևէ խնդիր չուներ դրան հավատալու հետ: Նա արթուն էր: Գիրք էր կարդում: Մնացած բոլոր տնեցիները քնած էին:

- Լսիր,- ասացի.- ես այն գիրքն եմ •րում Դրեզդենի մասին: Լավ կլիներ ինչ-որ մեկն օգներ որոշ բաներ հիշել: Ինչ ես կարծում, կարո՞ղ եմ գալ մոտդ. կխմեինք, կխոսեինք, կհիշեինք:
Առանձնապես չոգևորվեց: Ասաց, որ շատ բան չի հիշում: Բայց, ասաց, որ միևնույն է, այցելեմ:
- Կարծում եմ գրքի բարձրակետը կլինի այն դժբախտ ջահելի` Էդգար Դերբիի մահապատիժը: Ծաղրը պարզապես սպանող է: Քաղաքը հիմնովին այրվում է, հազարավոր մարդիկ սպանված են: Եվ հանկարծ ամերիկացի հետևակային զինվորը ձերբակալվում է` ավերակների վրայից թեյաման վերցնելու համար: Եվ ամենասովորական դատից հետո նրան գնդակահարում է հրաձիգների ջոկատը:
- Ըըը...,- ասաց Օ’Հեյըրը:
- Համամիտ չե՞ս, որ հենց սա պետք է լինի բարձրակետը:
- Գաղափար չունեմ դրա մասին: Այդ մեկը քո տնամերձն է, իմը չի:

Որպես գրական բարձրակետերի, հուզական տողերի, բնութագրումների, հրաշալի երկխոսությունների ու կասկածների ու առերեսումների վաճառական, ես մի քանի անգամ ուրվագծել եմ դրեզդենյան պատմությունը: Ամենահաջողված համառոտ ուրվագիծը կամ գոնե ամենասիրունը պատի պաստառի հակառակ կողմում էր:
Ես օգտագործել էի դստերս գունավոր մատիտները`յուրաքանչյուր հերոսին գրելով տարբեր գույնով: Պաստառի մի ծայրը պատմության սկիզբն էր, մյուսը` վերջը, և մեջտեղի մասում մեջտեղի մասն էր: Եվ կապույտ տողը միանում էր կարմիրին ու կարմիրը դեղինին և դեղինը ոչ մեկին չէր միանում, որովհետև այդ գույնի հերոսը մեռած էր: Եվ այդպես շարունակ: Եվ Դրեզդենի ավերածությունը ներկայանում էր նարնջագույն գծերի խաչուղիներով, որոնց հակառակ կողմից նշմարվում էին այդ գծերը հատող դեռևս ապրող տողերը:

Վերջում, ուր ընդհատվում էին բոլոր տողերը, ճակնդեղի դաշտ էր`Էլբայի ափին, Հալե չհասած: Անձրև էր թափվում: Պատերազմը Եվրոպայում արդեն երկու շաբաթ էր, ինչ ավարտվել էր: Մեզ խմբավորել էին դասակներով, և ռուս զինվորներն առաջնորդում էին մեզ` անգլիացիների, ամերիկացիների, հոլանդացիների, բելգիացիների, ֆրանսիացիների, կանադացիների, հարավաֆրիկացիների, նորզելանդացիների, ավստրալացիների. հազարավոր մարդիկ, որ շուտով դադարելու էին ռազմագերի լինել:

Իսկ դաշտի մյուս կողմում հազարարավոր լեհեր, հարավսլավացիներ ու ռուսներ ու այլք էին, որոնց առաջնորդում էին ամերիկացի զինվորները: Փոխանակումը կատարվեց հենց այդտեղ, անձրևի տակ, մեկին մեկ հարաբերությամբ: Օ’Հեյըրը և ես շատերի հետ միասին մագլցեցինք ամերիկյան բեռնատարը: Օ’Հեյըրը ոչ մի հուշանվեր չուներ: Մնացած գրեթե բոլորն ունեին: Ես օդուժի արարողակարգային թուր ունեի, հիմա էլ ունեմ: Մի մոլեգին, փոքրիկ ամերիկացի, որին այս գրքում կոչում եմ Փոլ Լացարո մոտ մեկ քվարտ ադամանդ, զմրուխտ, սուտակ ու այլ քարեր ուներ: Նա վերցրել էր դրանք Դրեզդենի նկուղների մեռած մարդկանց վրայից: Նրանցն էլ այդպես էր ստացվել:

Տխմար մի անգլիացի, որ իր բոլոր ատամները կորցրել էր այստեղ-այնտեղ, դրել էր իր հուշանվերը քաթանե պայուսակի մեջ: Պայուսակը ոտնաթաթերիս վրա էր դրված: Նա րոպեն մեկ ծիկ էր անում պայուսակին, այսուայն կողմ էր ֆռռացնում աչքերը ու գրեթե հարյուր ութսուն աստիճան պտտեցնում էր լղար վիզը, որ տեսնի արդյոք որևէ մեկը քաղցած հայացքներ չի՞ նետում իր պայուսակին: Եվ նա պարծենում էր ոտքերիս դրված պայուսակով:

Մտքովս չէր անցնում, որ դիտմամբ է պարծենում: Բայց սխալվում էի: Նրան պետք էր, որ ինչ-որ մեկը տեսնի, թե ինչ կա պայուսակում, և նա որոշեց, որ ինձ կարելի է վստահել: Նա որսաց հայացքս, աչքով արեց ու բացեց պայուսակը: Այնտեղ Էյֆելյան աշտարակի գիպսե նմուշն էր: Ոսկեգույն էր ներկված: Ներսում ժամացույց էր հարմարեցված:
- Կարող է հանկարծ կոտրվել,- ասաց նա:


----------------------------------------------------

Մաթ ու Ջեֆ - երգիծական հերոսներ, որոնց նկարները տպվել են San Francisco Cronicle-ում, սկսած 1907-ից: Կերպարները ստեղծել է ռեժիսոր և գրող Բադ Ֆիշերը:

Քվարտ - ամերիկյան չափման միավոր` հավասար 67.2 խորանարդ մատնաչափի


շարունակելի

Երվանդ
01.02.2008, 03:08
Հաստատ շարունակությանը կսպասեմ, սիրում եմ երբ հումոր կա, տենց ավելի հեշտ ես մարսում, սիրում եմ երբ հեղինակը սկզբից իր ասելիքը մի ձևի հասարակացնում է, տենց համ կեղծի տպավորություն չի թողում համ չես զգում ոնց ես խորանում:)

Գալաթեա
01.02.2008, 03:15
Հաստատ շարունակությանը կսպասեմ, սիրում եմ երբ հումոր կա, տենց ավելի հեշտ ես մարսում, սիրում եմ երբ հեղինակը սկզբից իր ասելիքը մի ձևի հասարակացնում է, տենց համ կեղծի տպավորություն չի թողում համ չես զգում ոնց ես խորանում:)

Վոննեգուտի հումորը շատ լավն է: Ու այդպիսի հումորով նա գրել է մի գիրք, որը թարգմանելուց քիչ մնաց հոգեկան խանգարում ստանամ...շատ ծանր վեպ է..եթե դիմանաք` ամբողջը կարդաք(երկար է), կհասկանաք:

Գալաթեա
01.02.2008, 20:53
շարունակություն

Եվ մեզ ցրեցին Ֆրանսիայում գտնվող հանգստյան ճամբարում, ուր մեզ սնում էին կաթին խառնած հալած շոկոլադով և կալորիապես հարուստ այլ սնունդով այնքան, մինչև պատվեցինք վարդագույն ճարպաշերտով: Երբ մեզ տուն ուղարկեցին, ես ամուսնացա մի գեղեցիկ աղջկա հետ, որը նույնպես շուտով պատվեց վարդագույն ճարպաշերտով:
Եվ մենք երեխաներ ունեցանք:

Եվ հիմա նրանք բոլորն էլ մեծ են, իսկ ես տռան բիձուկ եմ` իր հուշերով ու Փել Մելով: Անունս է Յոն Յոնսոն: Նահանգս` Վիսքոնսին: Այնտեղ ես փայտ եմ սղոցում: Երբեմն ուշ գիշերներով, երբ կինս քնած է լինում, փորձում եմ հեռախոսով կապվել հին աղջիկ ընկերներիս հետ "Հեռախոսավար, կարո՞ղ եք հայտնել ինձ տիկին Այսինչ-Այնինչի համարը: Նա կարծեմ բնակվում է Այնինչ-Այսինչ վայրում":
- Ներեցեք պարոն, այդպիսին չունենք ցուցակում:
- Շնորհակալ եմ, հեռախոսավար, անչափ շնորհակալ եմ:
Իսկ հետո դուրս եմ տանում շանը, ներս բերում ու մենք մի քիչ զրուցում ենք: Ես հասկացնում եմ, որ ինքը ինձ դուր է գալիս, ինքն էլ հասկացնում է, որ ես եմ իրեն դուր գալիս: Նա դեմ չէ մանանեխի գազերին ու վարդերի բույրին.

- Դու լավ ես, Սենդի,- ասում եմ շանը,- դու լրիվ օ’քեյ ես:
Երբեմն ռադիոն եմ միացնում ու լսում եմ Բոստոնի կամ Նյու-Յորքի զրույց-հաղորդումները: Խմած-ճաքած ժամանակ զզվում եմ ձայնագրված երաժշտությունից:
Վաղ թե ուշ հասնում եմ անկողին, և կինս ժամն է հարցնում: Նա միշտ պետք է իմանա, թե ժամը քանիսն է: Երբեմն ժամը նայած չեմ լինում ու ասում եմ. "Ինձ իմացիր":

Լինում է, որ կրթությանս մասին եմ մտորում: Երկրորդ Աշխարհամարտից հետո որոշ ժամանակ Չիկագոյի Համալսարանում էի սովորում: Մարդաբանության ֆակուլտետի ուսանող էի: Այդ ժամանակ այնտեղ սովորեցնում էին, որ մարդկանց միջև բացարձակապես ոչ մի տարբերություն չկա: Չեմ բացառում, որ հիմա էլ դեռ նույնն են սովորեցնում:
Սովորեցնում էին նաև, որ ծիծաղելի, վատ կամ արգահատելի մարդիկ չկան: Մեռնելուց առաջ հայրս հասցրեց ասել ինձ. "Դու այդպես էլ ոչ մի սրիկայով պատմություն չգրեցիր":
Ես ասացի նրան, որ պատերազմից հետո քոլեջում այլ բաների թվում ինձ նաև դա են սովորեցրել:

Բացի նրանից, որ սովորում էի մարդաբան դառնալ, շաբաթը քսանութ դոլարով ոստիկանական լրագրող էի աշխատում Չիկագոյի հանրահայտ Լուրերի Բյուրոյում: Մենք ամբողջ օրը դրսում վազվզում էինք, և երբ իսկապես տեղը տեղին սպանություն կամ աղմուկ էր լինում, ուղարկում էին հազար տարվա լրագրողների ու լուսանկարիչների, հակառակ դեպքում ամեն ինչ մեզնից կլսեին: Ահա թե ինչով էի զբաղվում` միաժամանակ համալսարան հաճախելով: Մի օր ինձ գիշերային հերթափոխից տեղափոխեցին ցերեկային հերթափոխ, և ես աշխատում էի ուղիղ տասնվեց ժամ:

Մեզ աջակցում էին քաղաքի բոլոր լրագրերը` չհաշված "Ըսոուշիեյթիդ Փրեսսը", "Յունայթիդ Փրեսսը" և նրանց նմանները: Եվ մենք լուսաբանում էինք դատարանների, ոստիկանատների, հրշեջ բաժանմունքների և Միչիգան լճի առափնյա պահակախմբի և դրանց նմանների աշխատանքը: Մենք կապված էինք հաստատությունների հետ, որոնք աջակցում էին մեզ Չիկագոյի փողոցների տակով ձգվող օդաճնշիչ խողովակների միջոցով:
Թղթակիցները պատմությունը հեռախոսով հաղորդում էին գրողներին, իսկ գրողները նախշաթիթեղից արտատպում են դրանք փաստաթղթերի բազմացման թերթիկների վրա: Պատմությունները բազմացնում ու ճխտում էին արույրե ու թավշե փամփուշտների մեջ, որոնց կուլ էր տալիս օդաճնշիչ խողովակը: Ամենազիլ թղթակիցներն ու գրողներն այն կանայք էին, ովքեր իրենց ուսերին էին վերցրել պատերազմ գնացած ամուսինների աշխատանքը:
Եվ առաջին պատմությունը, որ լուսաբանում էի, հեռախոսով պատմում էի հենց այդ կատաղած աղջիկներից մեկին: Այն մի երիտասարդ վետերանի մասին էր, որը գրասենյակային շենքի հնաոճ վերելակի ուղեկցորդ էր: Վերելակի առաջին հարկի դուռը դրվագազարդված էր երկաթե եզրագծերով: Բոլոր անցքերից գալարվելով սողում էր երկաթակուռ բաղեղը: Երկաթե ճյուղի վրա թառել էին երկու երկաթե աղունիկներ: Այդ վետերանը որոշել էր իր մեքենան մտցնել ներքնահարկ, և նա փակել էր դուռն ու գործի գցել շարժիչը: Բայց նրա հարսանեկան մատանին հասցրել էր դիպել դռան բոլոր դրվագազարդումներին: Այնպես որ նա օդ էր թռել, մեքենայի հատակը տեղահան էր ու պոկվել էր նրա տակից, իսկ մեքենայի տանիքը ճխլել էր նրան: Նրանն էլ այդպես էլ ստացվել:
Այնպես որ ես հեռախոսեցի այս պատմությունը, և այն աղջիկը, որը պատրաստվում էր զբաղվել նախշաթիթեղով, հարցրեց.
- Ի՞նչ ասաց նրա կինը:
- Նա տեղյակ չի,- ասացի,- դեպքը նոր է կատարվել:
- Զանգիր նրան, թող պաշտոնական հայտարարություն անի
- Ի՞նչ:
- Ասա, որ կապիտան Ֆինն ես ոստիկանությունից: Որ տխուր լուր ունես հայտնելու: Տեղեկացրու ու տես` ինչ է ասում:
Այդպես էլ արեցի: Նա ասաց մոտավորապես այն, ինչ ասվում է նման դեպքերում: Երեխա էլ կար: Այդպես շարունակ:
Երբ ես վերադարձա գրասենյակ, գրող կինը հարցրեց, պարզապես իրազեկ լինելու համար, թե ինչ տեսք ուներ ճխլված տղան, երբ արդեն ճխլվել-պրծել էր: Ես պատմեցի:
-գԴա քեզ հուզե՞ց,- հարցրեց:
Նա "Երեք հրացանակիրներ" սառնաշաքարի սալիկ էր ուտում:
- Հեչ, Նենսի,- ասացի,- պատերազմի ժամանակ դրանից վատն էլ եմ տեսել:


-------------------------------------------------------------------------

Չիկագոյի Լուրերի Բյուրո - այս լրատվական գործակալությունը հիմնվել է 19-րդ դարի վերջին` Չիկագոյի լրագրերի միջոցներով` բաց չթողնելու համար տեղական կամ հրատապ ցանկացած նորություն: Բացի այդ այն հնարավորություն էր տալիս գտնել նորանոր լրագրողական տաղանդներ: Ինքը` Կուրթ Վոննեգուտը աշխատել է Բյուրոյում:


շարունակելի

Գալաթեա
01.02.2008, 23:16
շարունակություն

Նույնիսկ այն ժամանակ ես իբր գրում էի Դրեզդենի մասին գիրքը: Այն տարիների Ամերիկան շատ քիչ էր տեղյակ այդ օդային ռմբակոծությանը: Փոքրաթիվ ամերիկացիներ գիտեին, թե որքան էր այն ահավոր, ասենք, Հիրոսիմայից: Ես նույնպես չգիտեի: Այդ նյութը գրեթե չէր հրապարակվում:

Մի անգամ, երեկույթի ժամանակ, Չիկագոյի համալասարանի մի պրոֆեսորի պատմեցի ռմբակոծության մասին, ինչպիսին ես էի այն տեսել և գրքի մասին, որ գրում էի: Նա ինչ-որ բանի անդամ էր, որ կոչվում էր Հասարակական Մտքի Հանձնաժողով: Եվ նա պատմեց ինձ համակենտրոնացման ճամբարների մասին և այն մասին, թե ինչպես էին գերմանացիները մեռած հրեաների ճարպից օճառ ու մոմ սարքում և այդպես շարունակ:
Իսկ ինձ մնում էր միայն կրկնել. "Գիտեմ, գիտեմ, ես գիտեմ":

Երկրորդ աշխարհամարտը որոշակիորեն դեմք էր դարձրել բոլորին, և ես դարձա հասարակության հետ կապի պատասխանատու Նյու Յորք նահանգի Սքենեքթեդի քաղաքի Ջենըրալ Իլեքթրիքում և կամավոր հրշեջ` Ալփլաուս գյուղում, որտեղ ես գնեցի իմ առաջին տունը: Այնտեղի իմ շեֆը երբևիցե իմ հանդիպած ամենազիլ տիպն էր: Նա հասարակության հետ կապերի գնդապետ-լեյտենանտ էր Բալթիմորում: Մինչ ես Սքենեքթեդիում էի, նա միացավ Հոլանդական ռեֆորմիստական եկեղեցուն , որը, ինչ խոսք, դեմք եկեղեցի է:
Երբեմն նա հեգնական հարցնում էր, թե ինչու ես սպա չեմ եղել. ասես ինչ-որ վատ բան էի արել:

Իմ ու կնոջս վարդագույն ճարպաշերտը մաշվեց: Դրանք մեր վտիտ տարիներն էին: Լիքը վտիտ վետերաններ կային իրենց վտիտ կանանց հետ միասին: Սքենեքթեդիի ամենալավ վետերանները, ըստ իս, ամենաբարիներն ու ամենազվարճալիները և նրանք, որ ամենաշատն էին ատում պատերազմը` մարդիկ էին, որոնք իսկապես կռվել էին:

Այն ժամանակ ես նամակ գրեցի օդուժին` խնդրելով մանրամասներ հայտնել Դրեզդենի ռմբակոծության մասին. ով էր պատվիրել, քանի ինքնաթիռ էր դա իրագործել, ինչու էր իրագործել, ցանկալի ինչպիսի արդյունքներ էին գրանցվել և այդպես շարունակ:
Ինձ պատասխանել էր մի մարդ, որը ինչպես ես` հասարակության կապերում էր: Գրում էր, որ ցավում է, բայց տեղեկությւոնները հույժ գաղտնի են դեռ:
Բարձրաձայն կարդացի նամակը կնոջս համար և ասաց."Գաղտնի՞, աստված իմ, այդ ումի՞ց":

Այդ ժամանակ մենք Աշխարհի միացյալ ֆեդերալիստներ էինք: Հիմա չգիտեմ` ինչ ենք: Հեռախոսասերներ, երևի: Մենք շատ ենք խոսում հեռախոսով.. լավ, ես եմ շատ խոսում, ուշ գիշերով:

Մի-երկու շաբաթ հետո ես զանգեցի պատերազմական հին ընկերոջս, Բեռնարդ Օ’Հեյըրին և իսկապես գնացի իր մոտ: Պետք է 1964-ը կամ դրա մոտերքը լիներ.Նյու-Յորքի Համաշխարհային տոնավաճառի վերջին տարին էր: Eheu, fugases labuntur anni: Անունս է Յոն Յոնսոն: Մի ջահել կար Ստամբուլից:

Ես հետս տարա երկու փոքրիկ աղջիկների` դստերս` Նեննիին ու և իր լավագույն ընկերոջը` Էլիսըն Միտչըլին: Նրանք դեռ երբեք Քեյփ Քոդից դուրս չէին եկել:
Երբ մի գետ տեսանք, ստիպված եղանք կանգ առնել, որ նրանք կանգնեն գետի մոտ և որոշ ժամանակ մտածեն: Նրանք դեռ երբեք չէին տեսել ջուրը այդչափ երկար, բարակ և աղազուրկ վիճակում: Հուդզոնն էր: Այնտեղ ծածաններ կային և մենք տեսանք դրանց. ատոմային սուզանավի մեծության էին:
Մենք տեսանք նաև ջրվեժներ, որ ժայռերից գահավիժում էրն դեպի Դելավերի հովիտները: Շատ բան կար կանգ առնելու և տեսնելու, իսկ հետո գնալու ժամանակն էր, միշտ ժամանակն էր գնալու: Փոքրիկ աղջիկները հագել էին իրենց տոնական սպիտակ զգեստները և տոնական սև կոշիկները, որպեսզի անծանոթներն անմիջապես տեսնեն, թե ինչ լավիկն են իրենք: "Գնալու ժամանակն է աղջիկներ", - ասում էի: Եվ մենք գնում էինք:
Արևը մայր մտավ, իսկ մենք ընթրեցինք ինչ-որ իտալական վայրում և հետո ես թակեցի Բեռնարդ Օ’Հեյըրի քարաշեն, գեղեցիկ տան շքամուտքի դուռը: Ճաշի կանչող զանգակի պես ձեռքումս էի բռնել իռլանդական վիսկիի շիշը:

Ես տեսա նրա սքանչելի կնոջը` Մերիին, որին նվիրում եմ այս գիրքը: Այն նաև նվիրվում է Դրեզդենի տաքսու վարորդ Գերհարդ Մյուլլերին: Մերի Օ’Հեյըրը փորձված բուժքույր է, մի բան, որ շատ է սազում կնոջը: Մերին հիացավ իմ բերած երկու երեխաներով, խառնեց նրանց իր սեփական երեխաներին և ուղարկեց վերև` խաղալու և հեռուստացույց նայելու: Միայն երեխաների գնալուց հետո զգացի, որ դուր չեմ եկել Մերիին կամ որ նրան այդ երեկոյի հետ կապված ինչ-որ բան դուր չի գալիս: Նա սիրալիր էր, բայց սառը:
- Ինչ հաճելի ու հանգիստ է ձեր տանը,- ասացի, ու դա իսկապես այդպես էր:
- Ես տեղ եմ կազմակերպել, որտեղ կարող եք հանգիստ խոսել,- ասաց Մերին:
- Լավ է,- ասացի ես ու պատկերացրեցի երկու կաշվե բազկաթոռներ բուխարիի մոտ, փայտով ձևավորված սենյակում, ուր երկու հին զինվորներ կծխեին ու կխոսեին:

Բայց նա մեզ տարավ խոհանոց: Սպիտակ ճենապակիով երեսպատված խոհանոցի սեղանի մոտ դրված էր ուղիղ մեջքով երկու աթոռ: Սեղանի երեսն արտացոլում էր մեր գլխավերևի երկու հարյուր վատտանոց էլեկտրալամպի լույսը: Մերին վիրահատարան էր կազմակերպել: Սեղանին միայն մի գավաթ էր դրված, որն ինձ համար էր: Մերին բացատրեց, որ Օ’Հեյըրը պատերազմից հետո ոգելից խմիչք չի գործածում:

Նստեցինք սեղանի մոտ: Օ’Հեյըրը նեղվում էր, բայց չէր ասում պատճառը: Չէի հասկանում` ինչն իմ մեջ այդքան բռնկեց Մերիին: Ես ընտանիքի մարդ էի: Ամուսնացել էի միայն մեկ անգամ: Հարբեցող չէի: Իր ամուսնուն ոչ մի կեղտոտություն չէի արել պատերազմի ժամանակ: Նա իրեն Կոկա-Կոլա լցրեց` չժանգոտվող պողպատե դույլիկի մեջ աղմկալի դղրդացնելով սառույցի խորանարդիկները: Հետո գնաց դեպի տան մյուս հատվածը: Բայց, միևնույն է` հանգիստ չէր նստում: Նա շարժվում էր տնով մեկ, բացուխուփ էր անում դռները և նույնիսկ կահույքն էր տեղաշարժում, որ փոքր-ինչ մեղմի զայրույթը:
Ես հարցրեցի Օ’Հեյըրին, թե ինչ եմ ասել կամ արել, որ նա իրեն այդպես է պահում:
- Ամեն ինչ լավ է,- ասաց նա,- այդ մասին մի մտածիր: Քեզ հետ դա ոչ մի կապ չունի:
Նա շատ սիրալիր էր: Եվ նա խաբում էր: Լավ էլ կապ ուներ ինձ հետ:

Այնպես որ փորձեցինք անտեսել Մերիին և վերհիշել պատերազմը: Ես մի-երկու կում կուլ տվեցի իմ բերած ալկոհոլից: Ժամանակ առ Ժամանակ մենք քմծիծաղ էինք տալիս կամ մռայլ ժպտում էինք, ասես պատերազմական հիշողությունները գալիս էին, բայց ոչ մեկս ի զորու չէինք որևէ լավ բան հիշել: Օ’Հեյըրը հիշեց մի տղայի, որը Դրեզդենի ռմբակոծությունից առաջ լավ հարբել էր, և մենք ստիպված եղանք նրան տուն տանել միանիվ ձեռնասայլակով:

Գիրք գրելու համար եղածը շատ քիչ էր: Ես հիշում եմ երկու ռուս զինվորների, որ թալանել էին ժամացույցի գործարանը: Նրանք ունեին մի ձիասայլ` բերնեբերան լցված ժամացույցներով: Նրանք երջանիկ էին ու հարբած: Նրանք ծխում էին հսկայական սիգարետներ, որ լրագրերով էին փաթաթել:
Սրանք էին ողջ հիշողությունները, իսկ Մերին դեռ շարունակում էր աղմկել: Վերջապես նորից եկավ խոհանոց` Կոլա տանելու: Նա նորից սառնարանից սառցե խորանարդիկներ հանեց` դղրդացնելով պողպատե ամանի մեջ` թեև արդեն բավականաչափ սառույց ուներ: Հետո նա շրջվեց իմ կողմը, որ ցույց տա, թե որքան է զայրացած և որ այդ զայրույթն ինձ է ուղղված: Նա մտովի խոսում էր ինքն իր հետ և նրա ասածը միայն մի հատված էր ավելի երկար խոսակցությունից:
- Դուք այն ժամանակ երեխաներ էիք,- ասաց նա:
- Ի՞նչ,- հարցրեցի ես:
- Պատերազմի ժամանակ դուք երեխաներ էիք, ինչպես վերևի հարկում խաղացողները:
Ես գլխով հաստատեցի նրա ասածը: Պատերազմի ժամանակ մենք մանկության եզրագծին կանգնած հիմար կույսեր էինք:
- Բայց դու այդպես չես գրելու, չէ՞,- սա հարց չէր: Մեղադրանք էր:
- Ես… ես չգիտեմ:
- Փոխարենը ես գիտեմ,- ասաց նա,- դու կձևացնես, որ ոչ թե երեխա էիք, այլ տղամարդ, որոնց ֆիլմերում կխաղան Ֆրենք Սինատրան, Ջոն Ուեյնը կամ դրանց նման այլ հմայիչ, ռազմատենչ, կեղտոտ բիձեք: Եվ պատերազմը հրաշալի կթվա ու դրանք էլի կլինեն: Ու այնտեղ կկռվեն երեխաներ, ինչպիսին վերևի հարկում խաղացողներն են:
Այնպես որ ես հասկացա: Պատերազմն էր նրան այդպես հունից հանում: Նա չէր ուզում, որ իր երեխաները կամ մեկ ուրիշի երեխաները սպանվեն պատերազմի ժամանակ: Եվ նա կարծում էր, որ գրքերն ու ֆիլմերն ինչ-որ չափով խրախուսում են պատերազմը:

Ես բարձրացրի իմ աջ ձեռքը և խոսք տվեցի նրան. "Մերի,- ասացի,- չեմ կարծում, որ իմ այս գիրքը երբևիցե կավարտեմ: Ես արդեն մի հինգ հազար էջ գրել ու շպրտել եմ մինչև հիմա: Եթե այնուամենայնիվ մի օր ավարտեմ այն, պատվովս եմ երդվում, այնտեղ դեր չի լինի Ֆրենք Սինատրայի և Ջոն Ուեյնի համար:
- Գիտե՞ս ինչ,-ասաց նա,- ես այն կանվանեի "Մանուկների խաչակրաց արշավանքը":

Դրանից հետո մենք ընկերն էինք:

-------------------------------------------------------------------------

Հասարակական Մտքի Հանձնաժողով - հիմնադրվել է 1941-ին` պատմաբան Ջոն Նեֆի կողմից` տնտեսագետ Ֆրենք Նայթի և մարդաբան Ռոբըրթ Ռեդֆիլդի աջակցությամբ: Հանձնաժողովը ուղղություն է տալիս ուսանողներին` օգնելով նրանց հասնել առավելագույն հաջողությունների իրենց ընտրած ասպարեզում: Առավել աչքի ընկնող ուսանողներին Հանձնաժողովի պատվավոր անդամներն օգնում են հասնել գիտական աստիճանի` մասնավորապես փիլիսոփայական գիտությունների բնագավառում:

Հոլանդական ռեֆորմիստական եկեղեցի - hիմնվել է 1618-ին, պետականորեն ճանաչվել` 1651-ին: Քարոզում է քրիստոնեական բողոքականության դավանանքը` հիմնվելով ֆրանսիացի աստվածաբան և ռեֆորմիստ Ջոն Քալվինի ուսմունքների վրա

Eheu, fugases labuntur anni - ավաղ,սրընթաց հոսում են տարիները, լատ ., մեջբերումը Հորացիոսից:


շարունակելի

Գալաթեա
02.02.2008, 22:32
շարունակություն

Օ’Հեյըյրը և ես վերջ տվեցինք հիշողություններին, գնացինք հյուրասենյակ, խոսեցինք այլ թեմաներից: Մեզ հետաքրքրեց իսկապես տեղի ունեցած Մանուկների խաչակրաց արշավանքը, և Օ’Հեյըրը փնտրեց ու գտավ այն իր ունեցած գրքերից մեկում` "Անհավանական հանրահայտ մոլորություններ և ամբոխների խելագարությունը", որի հեղինակն էր Չարլզ Մաքեյը` իրավաբանական գիտությունների դոկտոր: Առաջին անգամ այն հրատարակվել էր Լոնդոնում` 1841-ին: Մաքեյը վատ կարծիքի էր առանց բացառության բոլոր խաչակրաց արշավանքների մասին: Իսկ Մանուկների խաչակրաց արշավանքը պարզապես ցնցել էր նրան, քանի որ այն փոքր-ինչ առավել ստոր էր, քան մեծահասակների տասը Խաչակրաց արշավանքները: Այս ճոխ հատվածը Օ’Հեյըրը բարձրաձայն կարդաց:

"Պատմության մռայլ էջերը տեղեկացնում են մեզ, որ խաչակիրներն այդ վայրենիներ էին տգետ, որ շարժառիթը նրանցը մոլեռանդությունն էր` սահման չունեցող, և որ ուղին նրանց արյունով ու արցունքով էր ցողված: Ասպետական լեգենդը, սակայն, ծավալվում է նրանց աստվածապաշտության և հերոսականության շուրջը և հնարավորինս շողարձակ ու կրակոտ երանհներով պատկերում է նրանց առաքինությունն ու վեհանձնությունը, անխորտակելի փառքը, որ նրանք վաստակեցին և մեծագույն ծառայությունները, որ նրանք մատուցեցին քրիստոնեությանը":

Հետո Օ’Հեյըրը կարդաց սա.
"Եվ ի՞նչ մեծ արդյունքի նրանք հասան այդ մարտերի գնով: Եվրոպան վատնեց միլիոնների հասնող հարստություն, երկու միլիոն իր ժողովրդի արյունը և մի բուռ կռվարար ասպետներ գրեթե հարյուր տարի իրենց տիրապետության տակ պահեցին Պաղեստինը":
Մաքեյը մեզ ասում էր, որ Մանուկների խաչակրաց արշավանքն սկսվել է 1213-ին, երբ երկու վանականների գլուխներում միտք ծագեց Ֆրանսիայում և Գերմանիայում երեխաների զորք հավաքել և ստրուկի տեղ ծախել նրանց Աֆրիկայում: Երեսուն հազար երեխա կամավոր էին գրվել` կարծելով, թե Պաղեստին են գնալու:
"Նրանք անկասկած անգործ և լքված երեխաներ էին, որոնք որպես կանոն վխտում էին մեծ քաղաքներում, մեծանալով արատի և հանդուգն խիզախության պայմաններում,- ասում էր Մաքեյը,- և պատրաստ էին ամեն ինչի":
Ինոցենտ 3-րդ պապը նույնպես կարծում էր, որ նրանք Պաղեստին են Գնում և հուզվել էր.
"Այս մանուկները քնած ժամանակ էլ արթուն են",- ասել էր նա:

Երեխաների մեծ մասը նավերով ճանապարհ ընկավ Մարսելից, և գրեթե կեսը ջրախեղդ եղավ նավաբեկությունների ժամանակ: Մյուս կեսը հասավ Հյուսիսային Աֆրիկա, որտեղ նրանց ծախեցին: Երեխաների որոշ քանակություն թյուրիմացաբար հասցվել էր Ջենովա, որտեղ նրանց ստրուկների նավեր չէին սպասում: Այնտեղ բարի մարդիկ նրանց կերակրեցին և պատսպարեցին և նրբորեն հարցուփորձ արեցին, որից հետո նրանց մի քիչ փող ու լիքը խորհուրդներ տվեցին ու հետ ուղարկեցին տուն:
"Կեցցեն Ջենովայի բարի մարդիկ",- ասաց Մերի Օ’Հեյըրը:

Ես քնեցի երեխաների ննջասենյակներից մեկում: Օ’Հեյըրը անկողնու կողքի սեղանին գիրք էր դրել ինձ համար: Այն խորագրված էր` "Դրեզդեն: Պատմություն, բեմական արվեստ և պատկերասրահներ", հեղինակը՝ Մերի Էնդել: Այն հրապարակվել էր 1908-ին և ահա նախաբանը.
"Հուսանք, որ այս փոքրիկ գիրքն օգտակար կլինի: Այն հնարավորություն է ընձեռում անգլիախոս հասարակուրյանը թռչնասլաց բարձունքից հայացք նետել Դրեզդենին և պարզել՝ ինչպես է այն ստացել իր այժմյան տեսքը ճարտարապետական տեսակետից, ինչպես է այն զարգացել երաժշտությունն այնտեղ՝ մի քանի մարդու հանճարի շնորհիվ հասնելով այժմյան ծաղկմանը: Այն ուշադրության է հրավիրում արվեստի այն ուղենիշների վրա, որոնք Դրեզդենի Պատկերասրահը դարձնում են տևական տպավորություններ փնտրողների մշտական այցելության վայրը:

Կարդացի նաև պատմությունից մի հատված.
"Այն ժամանակ, 1760-ին, Դրեզդենը պաշարվեց պրուսացիների կողմից: Հուլիսի տասնհինգին սկսվեց հրետակոծումը: Գեղանկարչության Պատկերասրահը կորավ հրդեհի բոցերի մեջ: Գեղանկարների մեծ մասը տեղափոխվեց Քյոնիգշթայն, բայց մի քանիսը լրջորեն վնասվել էին ականաբեկորներից, հատկապես` Ֆրանչիայի "Քրիստոսի մկրտությունը": Սա դեռ ամենը չէր: Վեհաշուք Քղոյցքիղշե աշտարակը, որի վրայից զօրուգիշեր հետևում էին թշնամու տեղաշարժին, բոցերի մեջ էր: Փոքր-ինչ ուշ նրա դիմարությունը կոտրվեց: Ի հզոր հակադրություն Քղոյցքիղշեի ցավոտ ճակատագրի, կանգուն մնաց Ֆղոյենքիղշեն, որի կորնթարդ գմբեթին զարնվելով` պրուսական ռումբերը հետ էին անձրևում: Ֆրիդրիխը վերջիվերջո հարկադրված էր դադարեցնել պաշարումը, քանի որ նրան հայտնի էր դարձել Գլացի` իր նոր նվաճումների վճռորոշ կետի անկման լուրը:
"Մենք պետք է վերադառնանք Սիլեզիա, որպեսզի չկորցնենք ամեն ինչ":

Դրեզդենի ամայացումը թվում էր` սահման չունի:
Երբ երիտասարդ Գյոթեն ուսանողության տարիներին այցելեց քաղաքը, տրտում ավերակներն այնտեղ էին դեռ:
"Ֆրաուենքիղշեի գմբեթից ես տեսա քաղաքի կարգուկանոնի մեջ սփռված այդ ցավալի ավերածությունները: Եկեղեցու գույքի և տարածքի պահապանը գովաբանում է ճարտարապետի արվեստը, որը եկեղեցին և նրա գմբեթը այս տհաճ պատահարից հետո վերակառուցել ու ռմբակայուն է դարձրել: Նա ինձ ցույց տվեց բոլոր կողմերի ավերակները և կարճ ու մտածկոտ ասաց. թշնամին է արել":

Երկու փոքրիկ աղջիկները և ես անցանք Դելավեր գետը այն հատվածում, որով ժամանակին Ջորջ Ուոշին•թոնն էր անցել հաջորդ առավոտյան: Մենք այցելեցինք Նյու-Յորքի Համաշխարհային տոնավաճառը, տեսանք ինչպիսին էր անցյալը` Ֆորդի մեքենաշինական ընկերության և Ուոլթ Դիսնեյի կարծիքով և տեսանք, թե ինչպիսին է լինելու ապագան Ջենըրալ Մոթըրզի կարծիքով:
Եվ ես ինձ հարց տվեցի ներկայի մասին. Ինչ լայնարձակ էր այն, ինչ խորն էր այն և որքանն էր հանձնված իմ պահպանությանը:

Դրանից հետո մոտ երկու տարով Այովայի Համալսարանի հանրահայտ Գրողների արհեստանոցում ստեղծագործական միտք էի դասավանդում: Ես ընկա մի կատարելապես գեղեցիկ անախորժության մեջ ու հետո դուրս եկա: Դասավանդում էի ցերեկները: Առավոտյան ես գրում էի: Ոչ ոք չպետք է ինձ խանգարեր: Ես աշխատում էի Դրեզդենի մասին իմ հանրահայտ գրքի վրա:
Ու այնտեղ մի տեղ Սեյմուր Լոուրընս անունով մի հաճելի մարդ երեք գրքի պայմանագիր կնքեց ինձ հետ, և ես ասացի. "Օ’քեյ, երեքից առաջինը կլինի Դրեզդենի մասին իմ հանրահայտ գիրքը":
Սեյմուրի ընկերներն իրեն Սեմ են կոչում: Եվ ես հիմա ասում եմ Սեմին. "Ահա և գիրքը, Սեմ":

Այն այդքան հակասական ու խառնիխուռն է, Սեմ, քանի որ ոչ մի խելացի բան չես ասի սպանդի մասին: Բոլորն արդեն մեռած են, որպեսզի որևէ բան ասեն կամ երբևիցե որևէ բան ուզեն: Սպանդից հետո ամեն ինչ պետք է խաղաղ լինի, միշտ էլ այդպես է` թռչուններին չհաշված:
Իսկ ի՞նչ են թռչուններն ասում: Մի՞թե այն ամենն ինչ կարելի է ասել սպանդի մասին, հնչում է այսպես. "Փուու-թիի-վիիթ":

-------------------------------------------------------------------

Խաչակրաց Առաջին արշավանք - խաչակիրներն իրենց առաջին արշավանքի ժամանակ`1096-1099, գրավեցին Պաղեստինը և 1099-ին ստեղծեցին Երուսաղեմի թագավորությունը: 1187-ին այն դադարեցրեց իր գոյությունը, քանի որ Պաղեստինի տարածքը գրավեց Ֆրիդրիխ Շիկամորուսը` Եգիպտոսի սուլթան Սալլահ-էդ-Դինի հրամանով:

Ֆրիդրիխ - Ֆրիդրիխ 2-րդ, Պրուսիայի կայսր, 1740-84

Ֆրանչիա - իտալացի նկարիչ, 1450-1517, իսկական անունը` Ֆրանչեսկո Ռայբոլինի


շարունակելի

Գալաթեա
03.02.2008, 22:24
շարունակություն

Ես իմ տղաներին ասացի, որ իրենք ոչ մի հանգամանքի բերումով չեն մասնակցելու որևէ սպանդի, և որ թշնամու սպանդի մասին լուրերը չպետք է նրանց բավարարվածություն և ուրախություն պատճառեն:
Ասել էի իրենց նաև, որ չաշխատեն ընկերությունների համար, որոնք մասսայական ոչնչացման մեքենաներ են արտադրում, և որ արտահայտեն իրենց արհամարհանքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարծում են, որ մեզ պետք են նման մեքենաներ:

Ինչպես արդեն նշել եմ՝ վերջերս վերադարձա Դրեզդեն` ընկերոջս` Օ’Հեյըրի հետ: Մենք երևի միլիոն անգամ ծիծաղեցինք Համբուրգում և Արևմտյան Բեռլինում և Արևելյան Բեռլինում և Վիեննայում և Զալցբուրգում և Հելսինկիում և Լենինգրադում նույնպես: Դա ինձ համար շատ լավ էր, քանի որ ես տեսա վավերագրական շատ նյութեր`գլխումս կազմած պատմությունների համար, որոնք ես ավելի ուշ կգրեմ: Նրանցից մեկը կլինի "Ռուսական բարոկկոն", իսկ մեկ ուրիշը` "Համբուրել չկա" և մյուսը` "Դոլարային անջրպետ" և մեկ էլ "Եթե դիպվածը կամենա" և այսպես շարունակ:
Եվ այսպես շարունակ:

Լուֆթհանզայի ինքնաթիռը Ֆիլադելֆիայից Ֆրանկֆուրտ պետք է Բոստոնով թռչեր: Օ’Հեյըրը պետք է Ֆիլադելֆիայից նստեր, իսկ ես պետք է Բոտոնից նստեի ու մենք կգնայինք: Բայց Բոստոնում եղանակը թռիչքային չէր, այնպես որ ինքնաթիռը Ֆիլադելֆիայից ուղիղ Ֆրանկֆուրտ ուղղվեց: Եվ ես դարձա մարդ, որը մարդ չէր Բոստոնի մշուշում և Լուֆթհանզան ինձ ու մի քանի մարդկանց, որ մարդ չէին` լիմուզին նստեցրեց ու ուղարկեց մոթել` չգիշերելու:
Ժամանակը չէր անցնում: Ինչ-որ մեկը խաղում էր ժամացույցով և ոչ միայն էլեկտրոնայինով, այլ նաև լարովիով: Իմ ժամացույցի վայրկյանի սլաքը չխկում էր, և անցնում էր մի տարի, մինչ այն չխկում էր նորից:
Ես ոչինչ չէի կարող անել: Որպես Երկրաբնակ ես ստիպված էի հավատալ ժամացույցներին և օրացույցներին:

Հետս երկու գիրք էի վերցրել, որ ինքնաթիռում կարդամ: Մեկը Թեոդոր Ռյոթկեի "Բառեր քամու համար" գիրքն էր, և ահա թե ինչ գտա այնտեղ.

Արթնանալով` դանդաղ մտնում եմ տուն,
Բախտս գտա, երբ վախն էր նահանջում
Լոկ գնալով` ուղին ես իմացա:

Մյուս գիրքը Էրիկա Օստրովսկու "Սելինը և իր պատրանքը" գիրքն էր: Սելինն Առաջին աշխարհամարտի խիզախ զինվոր էր` մինչև գանգը ճաքելու պահը: Դրանից հետո նա չէր կարողանում քնել, և գլխում ինչ-որ բան էր աղմկում: Նա բժիշկ է դառնում ու ցերեկները բուժում է աղքատ մարդկանց, իսկ գիշերները գրոտեսկային վեպեր է գրում: Ոչ մի արվեստ հնարավոր չէ ստեղծել, առանց մահվան հետ պար բռնելու, գրում է նա:
Ճշմարիտը մահն է, գրում է նա: Ես լավ էի կռվում նրա դեմ, քանի դեռ ուժերս ներում էին… պարում էի նրա հետ, զարդարում էի նրան ծաղիկներով, վալսի պարաքայլելով պտտվում էի շուրջը… ձևավորում էի ժապավեններով, խուտուտ էի տալիս…
Ժամանակը հետապնդում էր նրան: Միսս Օստրովսկին հիշեցրեց ինձ հիանալի տեսարան "Մահ հաստատման նախագծի վրա"-ից, որտեղ Սելինն ուզում է կասեցնել փողոցային ամբոխի իրարանցումը: Նա գոռում է թղթի վրա. կանգնեցրեք նրանց… թույլ մի տվեք այլևս շարժվել… Ստիպեք նրանց սառել տեղերում մեկ և ընդմիշտ… Որպեսզի էլ երբեք աչքից չկորեն:

Մոթելի իմ համարում թերթում էի Գայդիընի Աստվածաշունչը` գտնելու համար մեծ կործանումների պատմությունները: Արևը բարձրացել էր երկրի վրա, երբ Լոթը մտավ, Զո-ար, կարդում էի ես, Հետո Տերը Սոդոմի և Գոմորի վրա ծծումբի և կրակի անձրև տեղաց Երկնքից և նա կործանեց այդ քաղաքները և բոլոր հարթավայրերը և քաղաքների ողջ բնակչությանը և այն, ինչ աճում էր հողում:
Նրանցն էլ այդպես ստացվեց:

Այդ երկու քաղաքներում պիղծ մարդիկ էին ապրում, ինչպես բոլորը գիտեն: Առանց նրանց աշխարհն ավելի լավն էր:
Եվ Լոթի կնոջն, իհարկե, ասվել էր հետ չնայել այնտեղ, ուր այդ մարդիկ ու իրենց տներն էին: Բայց նա նայեց հետ, և ես սիրում եմ նրան այդ արարքի համար, չէ՞ որ դա այնքան մարդկային էր:
Ու նա վերածվել էր աղե սյունի: Նրանն էլ այդպես էր ստացվել:

Մարդիկ չպետք է հետ նայեն: Ես որ այլևս երբեք նման բան չեմ անի
Այժմ ես ավարտել եմ պատերազմի մասին գիրքս: Հաջորդ գիրքս պետք է զվարճալի լինի:
Այս մեկը ձախողվել է, քանի որ գրվել է աղե սյունով: Այն սկսվում է այսպես:
Լսեք.
Բիլլի Փիլգրիմը կորցրել էր հենակետը ժամանակում:
Այն վերջանում է այսպես.
Փուու-թիի-վիի՞թ:

---------------------------------------------------------------------------

Գայդիըն Ինթըրնեյշընըլ - Եկեղեցական միսիոներական կազմակերպություն: Այն Աստվածաշնչով է ապահովում հյուրանոցները, հիվանդանոցները, դպրոցները և բանտերը

շարունակելի

Գալաթեա
04.02.2008, 20:43
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ
Լսեք.
Բիլլի Փիլգրիմը կորցրել էր հենակետը ժամանակում: Նա գնացել էր քնելու որպես զառամյալ ամուրի և արթնացել էր իր ամուսնության օրը: Նա 1955-ին ներս էր մտել մի դռնից և 1947-ին մեկ այլ դռնից դուրս էր եկել: 1963-ին նորից ներս էր մտել այդ դռնից, որ գտնի ինքն իրեն: Նա տեսել էր իր ծնունդն ու մահը մի քանի անգամ, նա է ասում, և չնախատեսված այցելություններ է կատարում այդ երկուսի միջև ընկած մյուս իրադարձություններին:
Նա է ասում:

Բիլլին ասես բանտված լիներ ժամանակում, նրա տեղաշարժումները լրիվ անկառավարելի էին և բնավ ոչ միշտ ուրախալի: Նա ապրում է մշտական բեմական վախ, նա է ասում, քանի որ նրան տրված չէ իմանալ, թե հաջորդ վայրկյանին իր կյանքի որ դերն է խաղալու:

Բիլլին ծնվել է Նյու-Յորք նահանգի Իլիոնում, այնտեղի միակ վարսավիրի երեխան էր: Նա ծիծաղելի տեսքով երեխա էր, որ դարձավ ծիծաղելի տեսքով երիտասարդ` բարձրահասակ և տկար և նման Կոկա-Կոլայի շշի: Իլիոնում նա ավարտեց դպրոցը` լավագույններից երրորդն իր դասարանում և մեկ ամիս այցելեց օպտոմետրիայի դպրոցի գիշերային դասընթացները, մինչև կանչեցին զինծառայության` Երկրորդ աշխարհամարտ: Նրա հայրը պատերազմի ժամանակ զոհ էր գնացել որսորդական դժբախտ պատահարի: Նրանն էլ այդպես էր ստացվել:

Բիլլին կռվում էր Եվրոպայում` հետևակային զորքում, և գերի էր ընկել գերմանացիներին: 1945-ին բանակից պատվով զորացրվելուց հետո, Բիլլին նորից ընդունվեց Իլիոնի օպտոմետրիայի դպրոցը: Այնտեղ սովորելու վերջին տարում նա նշանվեց դպրոցի հիմնադրի և տիրոջ դստեր հետ, որից հետո նյարդային թեթև խանգարում ունեցավ:
Նա բուժվեց Փլեյսիդ Լեյքի մոտ գտնվող հիվանդանոցում, և նրան շոկային բուժամիջոցներ տվեցին ու դուրս գրեցին: Նա ամուսնացավ իր հարսնացուի հետ, ավարտեց կրթությունը և հարսնացուի հոր շնորհիվ իր տեղը գտավ Իլիոնի բիզնեսում: Իլիոնը մասնավորապես լավ քաղաք է օպտոմետրիստների համար, քանի որ Գլխավոր դարբնոցը և Ձուլարանային ընկերությունն այստեղ են տեղակայված: Յուրաքանչյուր աշխատող պարտավոր էր ունենալ մեկ զույգ պաշտպանիչ ակնոց և դնել այն տարածքներում, ուր արտադրություն էր գնում: ‘’ԳԴ և Ձ’’-ն վաթսունյոթ հազար աշխատող ուներ Իլիոնում: Այսինքն պետք էին շատ ոսպնյակներ և շատ շրջանակներ:
Որտեղ շրջանակ, այնտեղ փող:

Բիլլին հարստացավ: Նա ուներ երկու երեխա` Բարբըրան և Ռոբերթը: Որոշ ժամանակ անց նրա դուստր Բարբըրան ամուսնացավ մեկ այլ օպտոմետրիստի հետ, և Բիլլին նրա համար տեղ գտավ բիզնեսում: Բիլլիի տղան` Ռոբերթը, շատ անախորժություններ ունեցավ դպրոցում, բայց հետո միացավ հանրահայտ Կանաչ Բերետներին: Նա ազատվեց թերություններից, դարձավ հիանալի երիտասարդ և կռվեց Վիետնամում:
Վաղ 1968-ին, օպտոմետրիստների մի խումբ, Բիլլիի հետ միասին ինքնաթիռ էր վարձել, որը նրանց Իլիոնից կթռցներ Մոնրեալ` օպտոմետրիստների միջազգային վեհաժողովի: Ինքնաթիռը վթարի ենթարկվեց Շուգըբուշ լեռան գագաթին` Վերմոնթ նահանգում: Զոհվեցին բոլորը` բացի Բիլլիից: Նրանցն էլ այդպես ստացվեց: Մինչ Բիլլին ապաքինվում էր Վերմոնթի հիվանդանոցում, նրա կինը մահացավ ածխածնային մոնոքսիդի պատահական թունավորումից: Նրանն էլ այդպես ստացվեց:

Երբ ավիավթարից հետո Բիլլին վերջապես վերադարձավ Իլիոն, որոշ ժամանակ նա հանգիստ էր: Նրա գանգի վերնամասը ահարկու մի սպի էր հատում: Նա չվերադարձավ աշխատանքի: Տնային աշխատող էր պահում: Նրա աղջիկը երևում էր գրեթե ամեն օր:
Եվ հետո, առանց որևէ նախազգուշացման, Բիլլին գնաց Նյու-Յորք և հայտնվեց գիշերային ռադիոծրագրում, որում զրուցում էին: Նա ասաց ժամանակում իր հենակետը կորցնելու մասին: Ասաց նաև, որ 1967-ին առևանգվել է թռչող ափսեի կողմից: Թռչող ափսեն Թրալֆամադոր մոլորակից էր, նա էր ասում: Նրան տարել էին Թրալֆամադոր, որտեղ և մերկ ցուցադրել էին կենդանաբանական այգում, նա էր ասում: Այնտեղ նա շփվել էր նախկին Երկրաբնակ կինոաստղ Մոնթանա Ուայթհեքի հետ:

Իլիոնի որոշ գիշերային բուեր ռադիոյով լսեցին Բիլլիին, և նրանցից մեկը զանգահարեց Բիլլիի դստերը` Բարբըրային: Բարբըրան վշտացավ: Նա և իր ամուսինը գնացին Նյու-Յորք և Բիլլիին տուն բերեցին: Բիլլին մեղմորեն պնդում էր, որ ռադիոյով իր ասածը ճշմարտություն է: Նա ասաց, որ թրալֆամադորցիներն առևանգել են իրեն դստեր հարսանիքի գիշերը: Նա չէր կորել աչքից, քանի որ թրալֆամադորցիներն անցկացրել էին նրան ժամանակային աղավաղման միջով, այնպես որ տարիներ շարունակ գտնվելով Թրալֆամադորի վրա` նրա բացակայությունը երկրից մեկ միկրովայրկյան էր տևել:

Մեկ ամիս անցավ առանց որևէ միջադեպի, իսկ հետո Բիլլին նամակ գրեց Իլիոնի Նյուզ Լիդըրին, որը լրագիրը տպագրեց: Այն նկարագրում էր Թրալֆամադորում բնակվող արարածներին: Նամակում ասվում էր, որ նրանք երկու ոտնաչափ են, կանաչ և նման են ջրմուղագործի ընկերների: Նրանց ծծող անոթը գետնի վրա էր, իսկ ձողաձև անդամը, որը ծայրահեղ շարժուն էր, դեպի երկինք էր ուղղված: Յուրաքանչյուր ձողի վերևում փոքրիկ ձեռք կար` ափի մեջ կանաչ աչք: Արարածները բարյացակամ էին, և նրանց աչքերն ի զորու էին տեսնել չորս տարածական մեծություններ: Նրանք խղճում էին Երկրաբնակներին, որովհետև նրանք տեսնում էին միայն երեք տարածական մեծություն: Նրանք շատ հրաշքներ ունեն Երկրաբնակներին սովորեցնելու. հատկապես ժամանակի մասին: Բիլլին խոստացավ հաջորդ նամակում այդ հրաշալի բաներից մի քանիսի մասին պատմել:

Բիլլին երկրորդ նամակի վրա էր աշխատում, երբ տպվեց առաջինը: Երկրորդ նամակն կսվում էր այսպես.
"Ամենակարևորը, որ ես սովորեցի Թրալֆամադորի վրա, այն էր, որ երբ մարդը մեռնում է, միայն թվում է, որ նա մեռավ: Անցյալում նա ավելի քան կենդանի է, և պարզապես ապուշություն կլիներ նրա թաղմանը լաց լինելը: Բոլոր պահերը` անցյալը, ներկան, ապագան, միշտ գոյություն են, միշտ գոյություն կունենան: Թրալֆամադորցիները կարող են նայել բոլոր տարբեր պահերի վրա, ինչպես մենք` Ռոքի Մաունթին լեռնաշղթային, ասենք: Նրանք կարող են տեսնել, թե որքան հարատև են բոլոր պահերը և կարող են ընտրել իրենց ուզած յուրաքանչյուր պահը:
Մեզ մոտ` երկրում պարզապես պատրանք է այն, որ մի պահը հաջորդում է մյուսին, ինչպես լարին շարված ճնճղուկները, և որ բավական է պահն անցնի, անցնում է այն անվերադարձ:
Երբ Թրալֆամադորցին անշունչ մարմին է տեսնում, ընդամենը մտածում է, որ այդ պահին այդ մեռած մարդը մասնավորապես այդ պահին վատ վիճակում է, բայց այդ նույն մարդն իրեն պարզապես հիանալի է զգում լիքը ուրիշ պահերին: Հիմա, երբ ինքս լսում եմ, որ ինչ-որ մեկը մահացել է, պարզապես թոթվում եմ ուսերս ու ասում եմ այն, ինչ թրալֆամադորցիներն են ասում մեռած մարդկանց մասին, այսինքն".
Նրանն էլ այդպես ստացվեց:

------------------------------------------------------------------------------

Օպտոմետրիա - տեսողության տարբեր թերությունները ստուգող, բացահայտող եւ ճիշտ բուժում նշանակող գիտություն


շարունակելի

Գալաթեա
06.02.2008, 20:25
շարունակություն

Բիլլին աշխատում էր այդ նամակի վրա իր դատարկ տան նկուղի աղմկոտ սենյակում: Իր տնտեսուհու հանգստի օրն էր: Աղմկոտ սենյակում մի հին գրամեքենա կար: Այն սառնարանի մարտկոցի քաշ ուներ: Բիլլիին այնքան էլ հեշտությամբ չէր հաջողվում հեռու տեղեր քաշ տալ այն, այդ իսկ պատճառով նա հենց այս աղմկոտ սենյակում էր գրում, ոչ թե տան այլ վայրերում: Յուղատաքացուցիչը հանգել էր:
Ինչ-որ մուկ, մեկուսիչ հաղորդալարն ուտելով, հասել էր թերմոստատին: Տան ջերմաստիճանը հիսուն աստիճանով ընկել էր, բայց Բիլլին չէր նկատել: Տաք էլ չէր հագնված:
Ոտաբոբիկ էր, գիշերազ•եստով էր դեռ ու խալաթով, թեև արդեն ուշ կեսօր էր: Նրա մերկ ոտքերը կապույտ ու անարյուն էին:
Բիլլիի սրտի բոլոր անկյուններում սակայն ածուխ էին վառում: Նրա այդչափ ջերմ լինելու պատճառը Բիլլիի համոզմունքն էր այն մասին, թե որքան մարդկանց համար սփոփանք է դառնալու ժամանակի մասին ճշմարտությունը: Վերևում դռան զանգը հնչում ու հնչում էր: Նրա դուստր Բարբըրան էր, ուզում էր ներս գալ: Վերջապես նա ինքն իրեն ներս հրավիրեց, դուռը բանալիով բացելով, անցավ հոր գլխավերևի հատակի վրայով, կանչելով` "Հայրի՞կ: Պա՞պ, ու՞ր ես": Եվ այդպես շարունակ:
Բիլլին չէր պատասխանում, այնպես որ նա, արդեն հիստերիայի մեջ, սպասում էր, որ շուտով հոր դիակն է գտնելու:
Իսկ հետո նա ստուգեց վերջին հնարավոր վայրը, որն աղմկոտ սենյակն էր:

-Ինչու՞ չէիր պատասխանում, երբ քեզ կանչում էի,- հետաքրքրվեց Բարբըրան` աղմկոտ սենյակի դռան մոտ կանգնած: Նրա ձեռքին ցերեկային լրագիրն էր, ուր Բիլլին նկարագրում էր Թրալֆամադորի իր ընկերներին:
- Ես չէի լսում քեզ:
Այդ պահի իրականությունն այսպիսին էր. Բարբըրան ընդամենը քսանմեկ տարեկան էր, բայց կարծում էր, որ հայրը տկար զառամյալ է, թեև նա ընդամենը քառասունվեց տարեկան էր և տկար` ավիավթարի ժամանակ ստացած ուղեղի վնասվածքի պատճառով: Նա նաև կարծում էր, որ ընտանիքի գլուխն է, քանզի ստիպված էր տնտեսուհի վարձել Բիլլիի համար ու էլի շատ բաներ: Բացի դրանից Բարբըրան ու իր ամուսինը հոգում էին Բիլլիի գործնական շահերի մասին, որոնք բավականին նշանակալի էին, քանզի Բիլլին, ըստ ամենայնի, թքած ուներ գործի վրա: Ողջ այդ պատասխանատվությունը նման վաղ հասակում Բարբըրային մեծաբերան քածի էր վերածել:
Այնինչ Բիլլին փորձում էր կառչել իր արժանապատվությունից, աշխատում էր համոզել Բարբըրային, մնացած բոլորին, որ իր զառամյալ լինելուն դեռ շատ կա, որ հակառակը, նա նվիրում է իրեն մի կոչման, որը վեր է ամեն տեսակ գործարարությունից:

Այն ինչ նա հիմա անում էր, ըստ նրա ոչ այլ ինչ էր, քան Երկրաբնակների հոգիներին ճշմարիտը տեսանելի դարձնող ոսպնյակներ հարմարեցնելը: Այնքան շատերը այդ այդ հոգիներից մոլորված էին ու թշվառ, Բիլլին էր համոզված, քանի որ նրանք ի զորու չէին տեսնել նույնքան լավ, որքան իր փոքրիկ, կանաչ ընկերները Թրալֆամադորից:

- Մի խաբիր, հայրիկ,- ասաց Բարբըրան,- ես շատ լավ գիտեմ, որ դու լսում էիր, երբ կանչում էի: Նա անկասկած սիրունիկ աղջիկ էր, եթե միայն անտեսեիր Էդվարդյան շրջանի մեծ դաշնամուրի ոտքեր հիշեցնող վերջույթները: Հիմա նա հոր գլխին տեսարան էր սարքում թերթում տպված նամակի համար: Նա ասաց, որ Բիլլին ծիծաղի առարկա էր դարձրել ինքն իրեն և բոլոր նրանց, ովքեր իր հետ առնչվում են:
- Հայրի’կ, հայրի’կ, հայրի’կ,- ասաց Բարբըրան,- ի՞նչ ենք անելու քեզ հետ: Դու, ինչ է, ուզում ես մեզ ստիպել մեզ տանել քեզ այնտեղ, ուր մա՞յրդ է:
Բիլլիի մայրը դեռ ողջ էր: Նա պառկած էր "Արմավների բլրակ" ծերանոցում, Իլիոնի ծայրամասում:
- Ի՞նչն է նամակիս մեջ քեզ այդքան զայրացնում,- Բիլլին ուզում էր իմանալ:
- Դա պարզապես խելագարություն է: Ոչ մի ճիշտ բառ չկա:
- Լավ էլ կա:
Բիլլիի զայրույթը չէր էլ մտածում հասնել աղջկա կատաղությանը: Նա երբեք, ոչ մի առիթով չէր զայրանում: Պարզապես սքանչելի էր այդ կողմից:
- Թրալֆամադոր անունով մոլորակ չկա:
- Այն Երկրից հնարավոր չէ տեսնել, եթե դա նկատի ունես,- ասաց Բիլլին,- Երկիրը նույնպես , Թրալֆամադորի գոյության պահից սկսած, տեսանելի չէ այնտեղից: Երկուսն էլ շատ փոքր են: Շատ հեռու են իրարից:
- Որտեղի՞ց ես պեղել այդ անհեթեթ անունը` Թրալֆամադոր:
- Հենց այդպես են այնտեղ ապրող արարածներն անվանում այն:
- Օ, աստված,- ասաց Բարբըրան և շրջվեց մեջքով դեպի հայրը: Իր տապալումն արտահայտեց ձեռքերն իրար զարկելով:
- Կարելի՞ է քեզ մի պարզ հարց հարց տալ:
- Իհարկե:
-Այդ ինչու՞ ոչ մի անգամ այդ ամենի մասին չհիշատակեցիր մինչև ավիավթարը:
- Չէի կարծում, որ ժամը հասել է:

Եվ այսպես շարունակ:
Բիլլին ասում է, որ առաջին անգամ կորցրեց իր հենակետը 1944-ին, Թրալֆամադոր կատարած իր ուղևորությունից շատ առաջ: Հենակետի կորստի հետ թրալֆամադորցիները ոչ մի կապ չունեին: Նրանք պարզապես ի զորու էին իրեն շնորհել երևույթներն իրական լույսով տեսնելու ներքին հայացքը:
Առաջին ան•ամ Բիլլին կորցրեց հենակետը ժամանակում, երբ Երկրորդ աշխարհամարտը զարգացման փուլում էր: Պատերազմի ժամանակ նա զինվորական քահանայի օգնական էր:
Ամերիկյան զինված ուժերում քահանայի օգնականը ավանդաբար ծիծաղաշարժ կերպար է: Բիլլին բացառություն չէր: Նա ի վիճակի չէր վնասել թշնամուն կամ օգնել իր ընկերներին: Իրականում նա ոչ մի ընկեր էլ չուներ: Նա քարոզչի անձնական սպասավորն էր, չէր սպասում ստանալ որևէ կոչում կամ շքանշան, զենք չէր կրում և խոնարհ հավատ էր տածում ի անձնվեր Հիսուս. վերջին փաստից որոշ զինվորներ նեխահոտ էին առնում:



շարունակելի

Գալաթեա
06.02.2008, 20:26
շարունակություն

Հարավային Քարոլինայի զորաշարժերի ժամանակ Բիլլին կարդում էր բոլոր աղոթքները, որ դեռ մանկությունից գիտեր, նվա•ում էր այդ երգերը փոքրիկ, ջրակայուն երգեհոնի վրա: Այն երեսունինը ստեղն ուներ և երկու ձայնային համակարգ` vox humana և vox celeste: .Բիլլիի հսկողության տակ էր նաև շարժական խորանը, ձիթենու մուգ փայտից դեսպանատան կցորդի ճամպրուկ՝ բացվող-փակվող ոտքերով: Այն պատված էր կարմիր մահուդով: Եվ այդ կրակոտ մահուդի վրա հանգչում էին էլեկտրականացված ալյումինե խաչը և Աստվածաշունչը: Խորանը և երգեհոնը պատրաստվել էին Նյու Ջերսիի Քամդեն քաղաքում (Նյու Յորք, Քամդեն), փոշեկուլներ արտադրող ընկերության կողմից: Եվ այսպես շարունակ:

Զորաշարժերից մեկի ժամանակ Բիլլին կատարում էր "Հզոր ամրոց է մեր աստվածը"` Յոհան Սեբաստյան Բախի երաժշտությամբ և Մարթին Լյութերի բառերով: Կիրակի առավոտ էր: Բիլլին ու իր քահանան Քարոլինայի բլրալանջին հիսունի չափ զինվոր հավաքեցին իրար գլխի: Չգիտես որտեղից հայտնվեց ինչ-որ միջնորդ դատավոր: Միջնորդ դատավորներն ամենուր էին. մարդիկ, որ ասում էին, թե ով է հաղթել կամ պարտվել տեսական մարտում, ով էր կենդանի և ով` մեռած:
Միջնորդ դատավորի լուրերը զավեշտական էին: Հավաքույթն օդից տեսականորեն նշանառության տակ էր առնված տեսական թշնամու կողմից: Նրանք բոլորն այժմ տեսականորեն մեռած էին: Տեսական դիակները ծիծաղում էին և ուտում իրենց կեսօրվա առատ կերակուրը:
Տարիներ անց այդ միջադեպը հիշելիս Բիլլին ցնցվում էր. դա իսկական խաղ էր մահվան հետ` թրալֆամադորյան ոգով. լինել մեռած և միևնույն ժամանակ ուտել:
Զորաշարժերի վերջում Բիլլին արտահերթ արձակուրդով տուն ուղարկվեց, քանի որ իր հայրը, որ սափրիչ էր Նյու Յորք նահանգի Իլիոնում, եղջերուի որսի ժամանակ գնդակ էր ստացել ընկերոջից:
Նրանն էլ այդպես էր ստացվել:

Երբ Բիլլին վերադարձավ արձակուրդից, նրան սպասում էր ծովից այն կողմ մեկնելու հրամանը: Նա պետք էր Լյուքսեմբուրգում կռվող հետևակային գնդի շտաբ-կայանի վաշտին: Գնդի քահանայի գերմանացիներն իրականացնում էին վերջինիս ոչնչացման գործընթացը հանրահայտ Bulge ճակատամարտի ժամանակ: Բիլլին այդպես էլ չհանդիպեց քահանային, որի օգնականն էր լինելու, նրան այդպես էլ պողպատե սաղավարտ ու մարտական կոշիկներ չհատկացրեցին: 1944-ի դեկտեմբերն էր, •երմանացիների վերջին հզոր գրոհը:

Բիլլին ողջ մնաց, բայց նա մի շվարած թափառաշրջիկ էր գերմանական նոր զորաշարքի խորը թիկունքում: Երեք ուրիշ թափառաշրջիկներ, արդեն ոչ այնքան շվարած, հանդուրժում էին իրենց պոչից կպած Բիլլիին: Նրանցից երկուսը հետախույզ էին, իսկ մյուսը՝ հակատանկային գնդացրորդ: Նրանք ուտելիք ու քարտեզ չունեին: Խուսափելով գերմանացիներից` նրանք միշտ հեռատեսորեն գյուղական լռության միջով էին շարժվում: Նրանք ձյուն էին ուտում: Քայլում էին շարքով, մեկը մյուսի հետևից:
Առջևում հետախույզներն էին՝ խելացի, վայելչագեղ, անխռով: Նրանք հրացաններ ունեին: Հետո գալիս էր հակատանկային գնդացրորդը` անճոռնի ու լխկլխկան, որ գերմանացիներին զգոն հեռավորության վրա էր պահում` մի ձեռքում քառասունհինգ տրամաչափի ինքնաձիգ Քոլթը, մյուսում խրամատ փորելու դանակը: Վերջինը Բիլլի Փիլգրիմն էր` առանց որևէ զենքի, ակնհայտորեն պատրաստ մեռնելու: Բիլլին անհեթեթ տեսք ուներ` վեց ոտնաչափ և երեք մատնաչափ հասակ, կրծքավանդակով ու ուսերով, որ լուցկու տուփ էին հիշեցնում: Նա չուներ ոչ սաղավարտ, ոչ վերարկու, ոչ զենք, ոչ ճտքավոր կոշիկ: Ոտքերին էժանագին, կոճերը հազիվ ծածկող քաղաքացիական կոշիկներ էին, որ հոր թաղման առիթով էր գնել: Բիլլին կորցրել էր կոշիկի կրունկը ու հիմա կաղում էր` վերև-ներքև, վերև-ներքև:: Այդ պարտադրված պարը` վերուվար, վերուվար, վերքեր էր առաջացրել ազդրերի հոդերին: Բիլլիի հագին բարակ զինվորական բաճկոնակ էր, վերնաշապիկ և վատ բրդից կարված տաբատ և երկար ներքնազգեստ, որ ներծծված էր քրտինքով:

Չորսից միակն էր, որ մորուք ուներ: Խառնիխուռն, խոզանակի պես կոշտ մորուք էր, և խոզանի որոշ մազեր սպիտակ էին, թեև Բիլլին ընդամենը քսանմեկ տարեկան էր:
Բացի այդ նա ճաղատանում էր: Քամին, սառնամանիքը և դաժան զինավարժանքը բոսորագույն էին ներկել նրա դեմքը: Նա ոչնչով նման չէր զինվորի: Նա նման էր կեղտի մեջ կորած ֆլամինգոյի:

Եվ դեգերումների երրորդ օրն ինչ-որ մեկը հեռվից կրակեց այդ չորսի ուղղությամբ. կրակեց չորս անգամ` մինչ նրանք կտրում էին նեղլիկ ճանապարհը: Մի կրակոցը հետախույզների համար էր: Մյուսը` հակատանկային գնդացրորդի, որի անունը Ռոլանդ Ուիրի էր: Երրորդ գնդակը նախատեսվում էր կեղտի մեջ կորած ֆլամինգոյին, որը սառածի պես տնկվեց ճանապարհի մեջտեղում, երբ մահաբեր մեղուն բզզալով անցավ ականջի մոտով: Բիլլին սիրալիր կանգնել էր`ընձեռելով նշանառուին ևս մեկ հնարավորություն: Բիլլին ուներ պատերազմական օրենքների սեփական նեխած ընկալումը. նշանառուին պետք է տալ երկրորդ հնարավորությունը: Մյուս կրակոցը մազաչափ վրիպեց Բիլլիի ծնկոսկրից` հարվածաբար արձագանքելով մինչև վերջ` ինչպես ցանկացած վրիպած կրակոց:
Ռոլանդ Ուիրին և հետախույզներն իրենց գցել էին փոսը, և Ուիրին մռնչաց Բիլլիի վրա.
- Մի կողմ քաշվիր, ես քո մաման, բոզարած էշի գլուխ…
1944-ի սպիտակ մարդկանց համար վերջից երրորդ բառը դեռևս նորույթ էր: Բիլլիի համար, որը դեռ երբեք ոչ ոքի արած չկար, դա նոր ու ապշեցնող հայտարարություն էր, որն իր նպատակին ծառայեց: Դա ուշքի բերեց նրան և ստիպեց հեռանալ ճանապարհի մեջտեղից:

- Նորից փրկեցի կյանքդ, շշկռված բոզի տղա,- ասաց Ուիրին Բիլլիին արդեն փոսի մեջ:
Օրեր շարունակ նա փրկում էր Բիլլիի կյանքը` հայհոյելով, տշելով, չափալախելով, ստիպելով շարժվել: Դաժանությունը, որ նա գործի էր դնում, առանց որևէ կասկածի անհրաժեշտ էր, քանի որ Բիլլին ոչինչ չէր անում ինքն իրեն փրկելու համար: Բիլլին ուզում էր թողնել ամեն ինչ: Նա մրսում էր, քաղցած էր, շփոթված էր ու անբարեհույս: Նա դժվարությամբ էր զանազանում քնած և արթմնի վիճակը, իսկ երեք օր անց նա ոչ մի էական տարբերություն չէր տեսնում նաև քայլելու և զգաստ կանգնելու միջև: Նա ուզում էր, որ բոլորն իրեն հանգիստ թողնեն:
- Տղերք, առանց ինձ գնացեք,-նորից ու նորից ասում էր նա:

շարունակելի

Yeghoyan
03.04.2010, 17:48
Գալ, շարունակություն չկա՞:oy

Գալաթեա
08.04.2010, 00:35
Ասուլ ջան, կդնեմ անպայման, միակ պատճառն էն ա չդնելու, որ էն տեղն ուր հասել եմ, դրանից հետո մի ահագին հատված էլեկտրոնային տեսքով չունեմ, մենակ Արտասահմանյան Գրականություն ամսագրում ա էդ մասը պահպանվել... տպագրված վիճակում..
Անպայման կլուծեմ էդ հարցը :) Շուտով։