PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազատագրված տարածքները



Marduk
29.09.2006, 16:47
«ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆ, ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՎ ՈՉ ՄԻ ԶԻՋՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ»

Պետությունը պարտավոր է լրջագույն մոտեցում ցուցաբերել վերաբնակեցման ծրագրին

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» (ԱՏՊ) հասարակական նախաձեռնության անդամները խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքների ճակատագրով: Երեկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ 2001թ. հիմնադրված եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարությամբ գործող հասարակական նախաձեռնության անդամները վճռականորեն հայտարարեցին, որ իրենք ոչ մի թիզ հողի զիջման չեն պատրաստվում, քանի որ դա չի արդարացվում ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, ո՛չ անվտանգության եւ ոչ էլ այլ իմաստներով: «Ազատագրված ամբողջ տարածքները մեր հայրենիքն են, սակարկման եւ ոչ մի զիջման ենթական չեն», հայտարարեց ԱՏՊ հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Եղյանը:

Մինսկի խմբի համանախագահների բացահայտումներից հետո մեր իշխանությունների հրապարակավ զիջումների գնալու հայտարարություններից վրդովված ազատամարտիկները երեկ շատ վճռական էին տրամադրված եւ անհասկանալի համարեցին, թե մեր իշխանություններն այդ ինչ պայմանավորվածությունների արդյունքում են նման հայտարարություններ անում: Հասարակական նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ պետք է մեր գլխից հանենք միտքը, թե մեր հայրենիքի որեւէ մասը կարող ենք տալ Ադրբեջանին: «Այդ հողը նվաճված է զենքով, եթե Ադրբեջանը մտածում է, որ դա իր հողն է` թող զենքով նվաճի: Մենք մեր մտքից պետք է հանենք այդ տարածքները վերադարձնելու միտքը, ով այդպես է մտածում, նա դավաճան է», ասաց ԱՏՊ կազմակերպության անդամ Գագիկ Պետրոսյանը:

Հայ-ադրբեջանական խնդրից անցնելով ներհայկական խնդրին` հասարակական նախաձեռնության անդամներն իրենց զայրույթն արտահայտեցին Քաշաթաղում իրականացվող վերաբնակեցման ծրագրի ներկա մակարդակի հանդեպ: Քաշաթաղի կարեւորությունն ընդգծելու համար նշենք, որ մակերեսով` 4 հազար քմ, գրեթե հավասար է ԼՂ տարածքին: Լաչինի, Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջաններն ընդգրկող Քաշաթաղի վարչական տարածքում իրականացվող վերաբնակեցման ծրագրի եւ վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանի վերաբերյալ ազատամարտիկները տագնապալի տեղեկություններ ներկայացրին: 2001 թ. Քաշաթաղի շրջանում գրանցված են եղել 12,5 հազար բնակիչներ, մինչդեռ այսօր նրանց թիվը 7 հազար է: Քաշաթաղի գյուղերի մեծ մասում չկան խմելու ջուր, էլեկտրաէներգիա, բուժկետեր, հասարակական տրանսպորտ, սարսափելի վիճակում են գյուղամիջյան ճանապարհները, պոլիկլինիկաները վճարովի են: «ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների կրավորական վերաբերմունքն այս փաստի նկատմամբ (նկատի ունեն բնակչության արտահոսքը-Գ. Գ.) հիմք է տալիս ենթադրելու, որ տեղի ունեցողը ոչ թե վերաբնակեցման պետական ծրագրի բացակայության եւ պաշտոնյաների հանցավոր անտարբերության, այլ ինչ-ինչ նպատակներով ազատագրված տարածքները դատարկելու դիտավորության հետեւանք է: ԱՏՊ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի պաշտպանի Քաշաթաղի շրջանում վերաբնակիչների շահերը եւ իրավունքները` վերացնելով ցանկացած խոչընդոտ եւ հեռացնելով ցանկացած պաշտոնյայի», գրում են նրանք իրենց հայտարարության մեջ: Այս իրողությունները, գումարած վարչակազմի ղեկավար Համլետ Խաչատրյանի վարմունքը բնակիչների նկատմամբ, հանգեցրել են Քաշաթաղից բնակչության մեծ արտահոսքի: Սրանում վստահեցրին «Ազատագրված տարածքների պաշտպանության» հասարակական նախաձեռնության անդամները, որոնք Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանություններից պահանջեցին անհապաղ հեռացնել 2004 թ. վարչակազմի ղեկավար նշանակված Խաչատրյանին, որը նախկինում Շուշիում աշխատել է որպես դատախազ: «Համլետ Խաչատրյանն իր նկարագրով չի համապատասխանում որեւէ պաշտոնում լինելուն, ուր մնաց այսպիսի կարեւոր պաշտոնում: Նա որոշակիորեն նպաստում է շրջանից վերաբնակիչների արտահոսքին: Այս իրավիճակում անհանդուրժելի ենք համարում նրա ներկայությունը Քաշաթաղի շրջանում եւ պահանջում ենք հեռացնել նրան: Սա չի նշանակում, թե դրանով բոլոր խնդիրները կլուծվեն, բայց ամեն դեպքում այդ անձի նկարագիրն ազդում է շրջանի վրա», հայտարարեցին պատերազմով անցած ազատամարտիկները:

Նրանք նաեւ կոչ արեցին հայությանը կազմակերպվել, իսկ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանություններից պահանջեցին լրջագույն ձեւով վերաբնակեցման նոր ծրագիր իրականացնել, ինչպես նաեւ անհապաղ հեռացնել Քաշաթաղի վարչակազմի ղեկավարին: Վերջում նրանք հավաստիացրին, որ հետեւողական են լինելու իրենց նշած հարցերի լուծման գործում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

http://www.azg.am/?lang=AR&num=2006092911

Համաձայն եմ ԱՏՊ-ի կարծիքի հետ: Այն փաստը որ այս իշխանությունները ձգտում են ժամ առաջ զիջել ազատագրված տարածքները ցույց է տալիս նրանց ապազգային էությունը:

Sergey
29.09.2006, 21:43
http://www.azg.am/?lang=AR&num=2006092911

Համաձայն եմ ԱՏՊ-ի կարծիքի հետ: Այն փաստը որ այս իշխանությունները ձգտում են ժամ առաջ զիջել ազատագրված տարածքները ցույց է տալիս նրանց ապազգային էությունը:

Է՞լ ինչ են ցանկանում դրանք։ Սևրից չե՞ն խոսել:)
Ինչ վերաբնակեցում, ինչ բան, ումո՞վ են վերաբնակեցնելու։