PDA

Դիտել ողջ տարբերակը : Կենսագրական հետաքրքիր էջեր մեր մեծերի կյանքից...



Ծով
25.01.2008, 19:59
Դանիել Վարուժան / Նրա մեծ սերը/

Գրիգոր Չպուքքարյանի և Թագուհի Ղարիպյանի ամուսնության երրորդ տարվա վերջին /1884թ-ի ապրիլի 21/, երբ Դանիելի հայրը`Գրիգորը, Բրգնիկի եկեղեցում Դանիել մարգարեի մարգարեությունն էր թերթում, իր բարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ է ունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամից որոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա:
Մանուկ Դանիելը շատ հանդարտ էր ու խելոք, բայցև հետաքրքիր ու հարցասեր: Նա շատ էր տարբերվում իր հասակակիցներից և դեռ փոքրուց աչքի էր ընկնում անհատականությամբ, որը բնականաբար տարիքի հետ զարգանում և կոփում էր նրան, որպես հասարակության մեջ ապրող ու գործող էակ: Աշակերտից մինչև ուսանող, ուսանողից մինչև ուսուչից ձգվում է նրա ճանապարհը, բայց թերևս ամենագլխավորը բանաստեղծի կոչումն էր, որը տրված էր նրան ի վերուստ: Այդ կոչումը Դանիելի համար ուղղակի անուն չէր և ոչ էլ ապրուստ վաստակելու միջոց, այլ թթվածին, որը շնչում էր նա և փոխանցում իր հոգու շունչը ընթերցողին:
Յուրաքանչյուր ստեղծագործություն կյանքի մի էտապ էր, զգացումների պոռթկում և ոչ սովորական մտքերի խտացում: Եվ այդ ամենի ետևում կանգնած է Դանիել արարողը, ստեղծողը, և իր շնորհն ու տաղանդը յուրատեսակ ձեռագրով մատուցողը:
Շատ երկար կարելի է խոսել Դանիելի կյանքի, գործունեության ու ստեղծագործությունների մասին: Այժմ ,սակայն, փորձենք փոքր-ինչ պատկերացում կազմել Դանիել մարդու` սիրող մարդու մասին:
Դանիելը մաքուր հոգի ուներ, ինչպես վկայում են շատ ու շատ ընկերների ծանոթագրությունները և գրավոր պահպանված հուշերը նրա մասին:
Նա անկեղծ էր, բարի ու նվիրվող: Յուրատեսակ նրբանկատություն ուներ իր մեջ և հոգատար էր մարդկանց նկատմամբ: Ամբարտավան դիմախաղի ներքո պահվում էր ցայտուն և համարձակ երիտասարդը` լի արարելու անզուսպ ջիղով: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, իսկ նրա ներողամտության մասին առասպելներ էին պտտվում: Նա ոչ մեկուսացող էր, ոչ էլ դյուրահաղորդ, իսկ ընկերական կյանքում շատ ավելի քաղցր, համով-հոտով ու զվարթ էր:
Ահա այսպիսին էր Դանիելը ընկերների ու մտերիմների հուշերում` խոնարհ ու տաղանդավոր մի մարդ, ում հետ անցկացրած նույնիսկ մեկ ակնթարթը իմաստավոր էր ու ինքանատիպ, ուսյալ և հետաքրքիր:
Եվ ահա մի գեղեցիկ օր Դանիել վարուժանին այցելում է Ձերդ Գերազանցություն Սերը, ու սկսվում են անհասանելի թվացող երազին հասնելու անհույս, մերթնդմերթ գունատվող, բայցև ցնծացող ջանքերը:
Արաքսիի /այդպես էր նրա կնոջ անունը/ հայրը` Միրճան Թաշճյան, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով իր սիրելի դստեր ցանկությանը` վերջինիս համար Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է իբրև ուսուցիչ հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժանն ընդունում է հրավերը իր ֆինանսական դրությունը կարգավորելու ու որոշ անտիպ տաղերի հրատարակությունն արագացնելու համար:
Դասերի ժամանակ Վարուժանը համեստ, զգուշավոր վարքագիծ էր դրսևորում: Նա գիտեր, որ Արաքսին նշանված էր Մ.-ի հետ օրորոցից անկախ իր կամքին և ծնողների ցանկությամբ:
Սակայն այս հանգամանքը չկարողացավ մեծ արգելք հանդիսանալ, քանզի սա փոքրիկ խոչընդոտ էր այն մեծ սիրո առաջ, որ ծնվեց այս երկուսի հոգևոր կապի, զգայական ներդաշնակության շնորհիվ: Բանականության հրահանգներն իզոււր գտնվեցին սրտերի թռիչքի ու միմյանցով հմայված երիտասարդների սիրո արբեցման դեմ:
Վարուժանն ամեն դեպքում փորձում է կշռադատել եղածը, հաշվի նստել հանրային կարծիքի հետ` մտածելով հետագայի մասին, Արաքսիի նշանածի հոգեկան վիճակի և երկու ընտանիքների հարաբերությունների մասին: Փորձում է մոռանալ, բայց ապարդյուն: Տառապանքը շղթայում է նրան, կարոտն ու սերը միմյանցից անբաժան են դառնում, նա դառնում է մտազբաղ, տխուր, երբ սերը կրծում է հոգին:
Այս անելանելի իրավիճակում ավելի ուժեղ է գտնվում աղջիկը, որը համարձակվում է սասանել իր ընտանիքի ներքին խաղաղությունը: Նա հայտարարում է ծնողներին, որ մերժում է իրեն պարտադրված սերն ու նշանածին: Ծնողներն ու հարազատները ամեն կերպ ջանում են նրան ետ պահել այդ որոշումից` անվանելով այդ խայտառակություն, սակայն Արաքսին մնում է անդրդվելի:
Արաքսիի ծնողները բանաստեղծի անփոխարինելի տաղանդի փոխարեն կուզենային ոսկի տեսնել: Բայց չէ՞ որ վարուժանը ամուսնանում էր ո՛չ թե հարստության հետ, այլ մի աղջկա հետ, ում մեջ գեղեցիկ հոգին էր պաշտում: Չնայած նրան, որ Վարուժանի նյութական վիճակը ծանր էր, նրա քնարի համբավը փառքով էր ղողանջում:
Ասում են, որ վարուժանը նույնիսկ ծրագրում է ընկերների հետ փախցնել Արաքսիին, եթե վերջինիս ծնողները նորից մերժեն դստերը կնության տալ իրեն:
Եղածը վերածվում է բանբասանքի և տարածվում ողջ քաղաքով մեկ, ինչն ավելի է խանգարում սիրող զույգին իր համատեղ կյանքին զարկ տալու համար:
Առաջին արգելքը դեռ մինչև վերջ չհաղթահարած, առաջ է գալիս նորը;
Արաքսիի մորեղբայրը` Տիգրան անունով մի մարդ, որ աշխատում էր մի մեծահամբավ գորգի գործարանում, ամեն զոհողությամբ փորձում է բաժանել Արաքսիին և Վարուժանին , և որքան էլ զարմանալի է ու ցավալի նրան այդ հաջողվում է: Նա ծրագրել էր Արաքսիին ամուսնացնել նույն գործարանի տնօրենի` իզմիրցի, վայելչակազմ ու քաղաքակիրթ մի երիտասարդի` Լ. Էֆենտիի հետ:
Այս որոշմանը համաձայն էին բոլորը` հարազատ և օտար մարդիկ, ովքեր կարծես տենչում էին խոչնդոտել իսկական սիրո գոյությանը ավանդույթները պահպանելու քողի տակ:
Ինչ վերաբերվում է Արաքսիի համաձայնությանը, ապա բոլորը միաձայն որոշեցին, որ նա պետք է հնազանդվի, ուզի, թե ոչ:
Վարուժանը նոր մոլորության մեջ է ընկնում: Ընկճվում է և օր օրի ավելի տխուր ու անճանաչելի դառնում: Սակայն հոգու խորքում նա վստահ էր, որ սերը հաղթելու է:
Արաքսիի դիմադրությունն արդյունք չի տալիս և նա նմանվում է վանդակում փակված թռչնակի : Նշանդրեքի օրը Արաքսին կարճ նամակ է գրում Վարուժանին. « Ոչ ոք կրնա բաժնել զիս իմ սիրած ու պաշտած Վարուժանեն»:
Դանիելը որոշում է իր ընկերներից մեկի միջոցով երկտողը ցույց տալ Արաքսիի փեսացուին, որպեսզի վերջինս իր հպարտությանն ու արժանապատվությանը տեղ տալով վերջապես ազատ թողնի աղջկան:
Կարդալով երկտողը և տեսնելով հարսնացուի գունատ, տխուր դեմքն ու արցունքոտ աչքերը՝ Լ. Էթֆենտին հուզվում է և վեհանձն ու հպարտորեն պատասխանում, թե ինքը շնորհավորում է Վարուժաննի և երջանկություն մաղթում իր սիրելիի հետ:
Լուրը կայծակնորեն տարածվում է, իսկ աղջկա ծնողները ստիպված են լինում զիջել, քանի որ հասկանում են, որ այս երկու սիրահարները պատրաստ են անցնել ցանկացած պայքարի միջով միասին լինելու համար:
Պսակը կատարվում է գյուղական քահանայի ձեռքով առանց նվագի և հյուրերի, բացի մեկ երկու մտերիմ մարդկանցից:
Սակայն Վարուժանի ալեհեր ծնողներն ուզում էին ժողովրդկան թափորով Հարսին ու փեսային առաջնորդել դեպի հայրենի օջախ` Բրգնիկ և մեծ շուքով նշել նորապսակների միությունը: Բրգնիկը լցվում է քեֆ-ուրախության ձայներով, և Վարուժանի ու Արաքսիի սիրո հաղթանակը խոնարհովում է մարդկության առաջ:
Նորաստեղծ ընտանիքում իշխում են սերն ու հոգատարությունը: Առաջնեկը Վերոնիկն էր, որին Դանիել Վարուժանը ձոնում է «Վարուժնակս» ստեղծ.-ը, երկրորդը` Արմենը, իսկ երրորդը ` Հայկակը, որին սակայն Վարուժանն այդպես էլ չհասցրեց տեսնել: Երեքն էլ ամսուսնացան հայերի հետ. տղաները` Ֆրեզնոյում, իսկ աղջիկը` Նյու Յորքում;
Ինչպես հիշում էր Արաքսի վարուժանը , Դանիելը երեկոները առանձնանում էր իր սենյակում, գրում ու սրբագրում, հաճախ մինչև առավոտ աշխատում: Իր ստեղծագործության ժամերին նա երկունքի մեջ էր լինում իր մուսաների հետ: իսկ ուսուցչական ասպարեզը նրա համար անկախ ապրուստի միջոց էր: Նա սիրում էր կնոջ համար կարդալ իր գրությունները` միշտ կարևորելով նրա գնահատաականն ու տպավորությունը:
Բայց շուտով ընդհատվեց այս լիարժեք երջանկությունը: Ապրիլի 11/24-ի երեկոյան , ժամը 11-ն անց, երբ Դանիելը, Արաքսին և երեխաները տանն էին, եկան Դանիելին ձեռբակալելու: Դուռը բացեց Արաքսին և հրելով ներս մտան երեք հոգի` «Էֆենտին ու՞ր է» ասելով: Սկսեցին խուզարկել Վարուժանի գրասենյակի դարակները և ինչ-որ գտան, լցրեցին տոպրակների մեջ: Նրանք բավականին հարգալից հայտնեցին Արաքսիին, որ իր ամուսնուն տանում են, որպեսզի ստորագրի որոշ թղթեր :
Այդ ժամանակ Արաքսին հնգամյա հղիության մեջ էր, և նրանց հարգալից վերաբերմունքը պայմանավորում էր իր առողջական վիճակով: Մինչև առավոտ սպասելուց հետո, Արաքսին հասկացավ, որ Դանիելին աքսորել էին:
1915 թվ-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանը սպանվեց: Նույն օրը տարօրինակ զուգադիպությամբ ծնվեց Վարուժան ամուսինների երրորդ զավակը: Մահն ու կյանքը մեկտեղվեցին՝ վիշտն ու ուրախությունը խառնելով իրար:

Հ.Գ. «Մենք» ամսագրից.../:oy/

Mariam1556
08.11.2009, 16:15
Պարույր Սևակ

Երևի թե բոլորս էլ կարդացած կլինենք Սևակի "նամակ" բանաստեղծությունը:
Այս բանաստեղծության միտքը և տողերը պատկանում են բանաստեղծի մեծ սիրու Սուլամիթայի նամակներից մեկին ,որը նա գրել է հուզված մի պահի:



Թանկագին իմ Սատանի Ճուտ

Բոլորն աշխատանքից գնացել են, և լուռ գրում եմ քեզ, ճիշտ է, տկտկում է գրամեքենաս, բայց և այնպես՝ մի փոքր, որպես ձայն ...
Այսօր մեր Մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և մուշտակի դրսինը, և ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է ... Ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես :
Արդյոք ե՞րբ եմ քեզ տեսնելու: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն ... Իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը: Շատ կարևորը, մեր եղանակը :Նկատե՞լ ես դու արդյոք, որ այնտեղ, ուր ամռանը դու հանգիստ անցնում էիր ծառերի ճյուղերի տակով, հիմա գրեթե անանցանելի է: Նրանք ցրտից սառչելով կուչ են գալիս, կռանում շատ ավելի ներքև, և եթե մթնշաղին անցնես, ճանկռոտում են դեմքդ: Իսկ եթե մտասույզ ես, դա կլինի հենց Աստծո պատիժ ...Մենք հուզմունքից թաքցնում են ձեռքներս, անհարմարությունից՝ ոտներս, ինչո՞ւ մարդիկ երբեք չեն թաքցնում դեմքերը ... միայն հուզմունքից՝ և այն էլ մի րոպեով ...Շատ ցավալի է ... Ցավալի է, որ քեզ ներկայացրել են մրցանակի ... Նրանք, ովքեր կկարդան գիրքը, կասեն՝ ոչինչ, բա՜յց ... Իսկ ովքեր կկարողանան կարդալ և հասկանալ «քեզավարի», նրանց մրցանակներ չեն շնորհում: Եվ կրկին դու՝ ապօրինի ծնունդ, ո՞վ գիտի ...Գիրքդ չեմ կարողանում ձեռք բերել, մեզ մոտ խանութներում այն չի եղել, իսկ բազայի մի քանի օրինակները թրցրել են, այնպես որ սպասում եմ քո «հավատարմությանը»:Շուտով քեզ սկսելու են մեզ մոտ տպագրել, այնպես որ հատուկ ընտրիր մի ոչ մեծ շարք և ուղարկիր ... կթարգմանեն կամ Մեժելայտիսը, կամ, բոլոր դեպքերում, որևէ մեկը լավագուններից: Դա կկոչվի «Ժողովուրդների Բարեկամություն» ... Եվ դա կլինի քո առաջին երթը իմ ժանապարհներով դեպի ինձ:
Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի ... Դա, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո բոլորին անհասկանալի լեզվով, այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն և, այնուամենայնիվ, լինում են հեքիթներ ... Իսկ ես լսում ու լալիս էի, հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս ... Ո՞վ գիտի, ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից – ահա այն, ահա՜ այն ձայնը, իսկ ռադիոն գրկե՞լը: Ի՞նչ է:
Քո ևս մի Նոր Տարին շնորհավոր, իմ առաջին ու վերջին:
Իմ նամակները բացահայտ կորում են, նոր հասցե ուղարկիր:




Սուլամիթա Ֆրիդբերգի նամակը Սևակին
«Ղողանջ Հիշատակի» գրքից

Դեկադա
09.11.2009, 09:02
Վիլյամ Սարոյան
Ծնունդով հայ, աշխարհահռչակ գրող Վ.Սարոյանի կյանքի մանրամասները շատ քչերին են հայտնի:Նա ծնվել է Կալիֆոռնիայում 1908թ.-ին Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում, մահացել 1981թ.-ին:Նա աշխատում էր հեռագրատանը, ստեղծագործում:Եվ հացվադեպ էր ժամանակ հատկացնում ընկերներին և հարազատներին:Վերջապես որոշում է հանդիպել ընկերներին:Այս հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ:17- ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին:Քերոլը խիստ տարբերվում էր շրջապատող կանանցից:Նա հաճախ էր մորից ու քրոջից բացասական կարծիքներ լսում նմանատիպ կանանց հասցեին :Չնայած մի շարք տարբերություններին, որ բաժանում էր Սարոյանին ու Քերոլին, նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ գաղթականներ էին`ամերիկյան աշխարհին չպատկանող ազգություններ.Քերոլ Մարկուսը`հրեա, ինչը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց, Սարոյանը`հայ:Չնայած բոլոր տարաձայնություններին 1943թ.-ի փետրվարյան ձնառատ մի ճր նրանք ամուսնացան....
շարունակելի...

Դեկադա
09.11.2009, 10:12
Քերոլն արդեն հղի էր:Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943թ.-ին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը`Արամը:1946-ին ծնվեց նրանց դուստրը, ում տվեցին Լյուսի անունը`ի հիշատակ Սարոյանի տատիկի:Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին վեճեր առաջանում:Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց իր ազգությունը`լավ գիտակցելով, որ ամուսինը չի ների:Շատ անգամներն էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը.«Ոչինչ չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես»
Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր մանկուց:Երբեք չէր կարողանում մոռանալ իր մանկության հուշը:12 տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին մեծ տառերով գրված էր`«Զեղչ»:
Ուրախանալով ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`«Հայերի մուտքն արգելված է»:
Եվ վերջապես,Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին:Ամուսինները գրկախառնված պառկած էին, հանկարծ Քերոլը արտասանեց.
-Ես հրեա եմ:
Վիլյամն անմիջապես ցատկեց մահճակալից.
-Ինչպե՞ս թե,ճի՞շտ հասկացա քեզ, ուզում ես ասել, որ դու հրեա՞ ես:Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհի հրեա լինել::
Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին:Նրանց ամուսնությունը տևեց մոտ 6 տարի:Ամուսնալուծությունից հետո Քերոլը փորձեց մի քանի անգամ կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյոըն:Չնայած Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլն պատրաստվում է ամուսնանալ:Նա արեց ամեն հնարավոր ու անհնարին բան, որ հետ բերի Քերոլին:Խնդրեց ևս 1 հնարավորություն տալ իրեն:Քերոլը նորից համաձայնեց ամուսնանալ Սարոյանի հետ:Անմիջապես երկրորդ հարսանիքից հետո նրանք մեկնեցին մեխրամիսի:Մի քանի օր անց նրանց միացավ Չապլինիը` կնոջ հետ, որոնց հետ զույգը շատ մտերիմ էր:Սակայն երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից:Ամենօրյա վեճերն ի վերջո բերեցին ամուսնալուծության:Նրանք բաժանվեցին:Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին:1959-ին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյույի հետ:Երեխաները հաճախ էին հանդիպում հորը,Սարոյանը նրանց գումար էր տալիս:Չնայած այս ամենին երեխաները հատկապես որդին, բարդ հարաբերությունների մեջ էր հոր հետ:Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ:Հիվանդությունը լիովին քայքայեց նրան:Նա գիտեր, որ արդեն 2 տարի տառապում է քաղցկեղով:Հիվանդությունը գլուխ բարձրացրեց.սարոյանին հաշված ժամեր էին մանցել:Լյուսին 7 տարի չէր տեսել հորը:Նա խելագարի պես հասավ հիվանդանոց`վերջին հրաժեշտը տալու:Հայրը որդուն չէր ցանկանում տեսնել:Արամը 2 շաբաթ սպասեց,մինչ որոշեց տեսնել հորը:Նախքան այդ 3 տարի չէր հանդիպել:Եվ հանկարծ լսվում է Սարոյանի ձայնը.
-Շնորհակալ եմ Արա՛մ:
-Ես էլ շնորհակալ եմ, հայրի՛կ:
-Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է:

Դեկադա
07.12.2009, 11:18
Ավետիք Իսահակյան

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս:Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը//մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում....
Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:
Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է::)

vaharm
25.01.2010, 02:58
ՈՐՏԵ՞Ղ Է ԱԲՈՎՅԱՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

1848 թ. ապրիլի 2-ին Խաչատուր Աբովյանը դուրս եկավ իր տնից ու այլևս չվերադարձավ։ Ավելի քան մեկ ու կես դար է անցել, բայց մինչ օրս էլ մեծ գրողի ու լուսավորչի անհայտ բացակայության առեղծվածային պատմությունը հանգիստ չի տալիս հետազոտողներին։ Այս ընթացքում շրջանառվել են բազմազան վարկածներ ու կարծիքներ, քննության են դրվել հավանական ու անհավանական տեսակետներ, հրապարակվել են ծավալուն աշխատություններ։ Սակայն, այդ ամենով հանդերձ, գաղտնիքը շարունակում է մնալ գաղտնիք, իսկ յուրաքանչյուր նոր մոտեցում էլ ավելի է խճճում առանց այդ էլ կնճռոտ պատմությունը:
Անհետացման հավանական պատճառների ու ենթադրությունների ցանկն ի սկզբանե ընդարձակ էր։ Դրան նպաստել էին երկու կարևոր հանգամանք։ Մի կողմից դեպքի առթիվ ոտիկանության հարուցված գործի և հետաքննության արդյունքներն էին, որոնց կցկտուր լինելը արդեն իսկ զանազան կասկածներ էր հարուցում, մյուս կողմից ամենատարբեր ասեկոսեների առիթ էին տալիս ոմանց հետ Աբովյանի անձնական ու ծառայողական բարդ հարաբերությունները, որոնք գրողի անհետացումից հետո ներկայանում էին միանգամայն այլ երանգներով ու ենթատեքստով։
Երևանում լուրեր էին տարածվում այն մասին, թե գրողը խեղդվել է Զանգու գետում, և գետի ափին գտել են նրա ոտնամանը։ Ուրիշները պնդում էին, թե պատահարի մեղավորներ կարող են լինել Էջմիածնի կղերականները, որոնք հալածում էին Աբովյանին այն բանի համար, որ վերջինս հերքել էր Արարատի գագաթին Նոյյան տապանի գոյության փաստը։ Ոմանք էլ հակված էին մտածելու, թե Աբովյանը կարող էր սպանվել մի քանի թուրքերի ձեռքով, որոնք իբր ժամանակին պարտք էին վերցրել գրողից և որոշել էին չվերադարձնել գումարը։
Ավելի ուշ շրջանառության դրվեց նաև ինքնասպանության թեզը, ինչը ևս որևէ կերպ չէր հիմնավորված։ Ասենք, որոշ կենսագիրներ ու պատմաբաններ էլ ավելի հեռուն գնացին։ Մի դեպքում Աբովյանը հայտնվում էր Կովկասի լեռնականների առաջնորդ Շամիլի մոտ, մեկ այլ տարբերակում նա մեկնել էր զինվորագրվելու Եվրոպական հեղափոխությանը, իսկ հետո եղան նաև պնդումներ, թե ՙՎերք Հայաստանի՚-ի հեղինակը հասել է մինչև… Բրազիլիա։ Սակայն պետք է ասել, որ այս շարքում առավել հետաքրքրական էին շշուկներն այն մասին, թե Աբովյանին <սև կառեթով> տարել են Սիբիր։ Կարո՞ղ էր այս վարկածն իրական լինել։ Կա՞ն այնպիսի փաստեր, որոնք թույլ են տալիս փոքր-ինչ այլ կերպ գնահատել ու դիտարկել Աբովյանին աքսորելու հնարավորությունը։
Այս առումով Հայաստանի ազգային արխիվի թղթապանակներում պահպանված մի վավերագիր (ՀԱԱ, ֆ. 122, ց. 1, գ. 236, էջ 74-76) բավականին ուշագրավ և անսպասելի տեղեկություններ է պարունակում` իր հավաստիությամբ ստիպելով առանձնակի վերաբերմունք դրսևորել այնտեղ շարադրվածի հանդեպ: Խոսքը 1926 թվի գարնանը Մայր Աթոռի միաբան Ռուբեն ծ. վարդապետ Մանասյանի կողմից Հայաստանի Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանին հղված նամակի մասին է։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ նամակն ամբողջությամբ։

<Հայաստանի Խ. Ս. Հանրապետության
Լուսժողկոմ մեծարգո Ա. Մռավյանին
Անցյալ 1925 թվին իմ Հեռու Արևելքում ճանապարհորդությանս միջոցին, Խարբինում՝ տեղական հայ գաղութի աչքի ընկնող անդամներից Սարգիս Գրձիլյանը պատմեց, որ իր մոտ է եղել Խաչատուր Աբովյանի գերեզմանի նկարը, որը պահելիս է եղել մեծ գուրգուրանքով, սակայն այդ նկարը այրվել է 1917 թվին իր տանը պատահած հրդեհի ժամանակ, իր գրադարանի և մի շարք նկարների հետ:
Պատմեց, թե ինչպես է այդ նկարը ընկել իր ձեռքը: Սարգիս Գրձիլյանի՝ դեռ Վլադիվաստոկում եղած ժամանակ գալիս է իր մոտ մի անծանոթ մարդ և հայտնում, թե ինքը Կուկունյանի1 խմբից է, Սախալին աքսորված, անունը Ծերուն, որ գիտե լուսանկարել: Երբ դեռ ինքը Սախալինում է լինում, գալիս է Սախալին Խաբարովսկ քաղաքից Մարգարիտովի էքսպեդիցիան 1906-07 թվին և այդ խմբի հետ ինքն էլ գնում է Օխոտսկ որպես լուսանկարիչ, որտեղ և լուսանկարում է մի շարք տեսարաններ:
Օխոտսկում մի աքսորյալ ծերունի ռուս` գիտնալով այդ լուսանկարչի հայ լինելը, ցույց է տալիս մի գերեզման ասելով. <Ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որ աքսորված էր այստեղ>:
Լուսանկարիչը նկարում է այդ գերեզմանը, որը Սարգիս Գրձիլյանի պատմելով ներկայացնում է մի չարդախ (չորս սյուն տնկած, վրան ծածկած տախտակով), որի տակ կար մի գերեզման:
Լուսանկարիչ Ծերունը Օխոտսկից վերադառնալիս էքսպեդիցիայի գլխավոր Մարգարիտովի2 երաշխավորությամբ ազատվում է Սախալինից և ժամանակավորապես ապրում Խաբարովսկում, որտեղ և զբաղվելիս է եղել լուսանկարչությամբ:
Սակայն ցարական կառավարությունը նորից հետապնդում է նրան բանտարկելու, որի պատճառով փախչում է Խաբարովսկից և գալիս է Վլադիվաստոկ, որտեղից էլ մի քանիսի օգնությամբ փախչում է Ֆուզուն և Սինգապուր:
Վլադիվաստոկից հեռանալիս մի շարք իր լուսանկարներից նվիրում է Սարգիս Գրձլյանին, որոնց հետ և հանձնում է ի պահ Խաչատուր Աբովյանի գերեզմանի նկարը:
Ի նկատի ունենալով մի հանգամանք, որ Կուկունյանի արշավախմբի անդամներից ամենակրթվածը և ինտելիգենտ անհատներից մեկն է եղել վերոհիշյալ լուսանկարիչ Ծերունը, որը անշուշտ քննադատական աչքով և լրջությամբ է վերաբերվել այս խնդրին և լուսանկարելով մեր մեծ հայրենասերի գերեզմանի նկարը, որ անհայտության մեջ է եղել մինչև այսօր, ցանկացել է հրապարակ բերել նրա ուր լինելը, սակայն իր դրությունը կասկածելի լինելով չի կարողացել իր մտադրությունը իրագործել և վախենալով, թե կարող է իր փախուստի ժամանակ նկարը կորցնել, հանձնել է ի պահ Սարգիս Գրձիլյանին, որը պահելիս է եղել ամենայն խնամքով:
Սարգիս Գրձիլյանը որպես խելացի և լուրջ մարդ միշտ հետաքրքրվել է հասարակական և հայկական կյանքով և պարբերական մամուլի միջոցով մոտիկ ծանոթ է հայկական կյանքի անցուդարձի հետ, ցավելով էր պատմում, որ իրեն մեծ վիշտ է պատճառել ոչ այնքան իր նյութական խոշոր վնասը, որքան Խաչատուր Աբովյանի գերեզմանի նկարի կրակի ճարակ դառնալը:
Այս մասին հայտնելով Ձեզ, հարգելի կոմիսար, ցանկալի է Խորհրդային Միության հաստատությունների միջոցով ստուգել Խաչատուր Աբովյանի անհայտանալու տարեթվի արխիվներից:
Իմ ճանապարհորդությանս միջոցին Սիբիրում հանդիպեցի շատ ու շատ հայ աքսորականների, որոնց հետ խոսելուց երևաց, որ աքսորականների գլխավոր ուղին է եղել Պետերբուրգ-Իրկուտսկ-Չիտա-Խաբարովսկ-Նիկոլաևսկ-Սախալին-Օխոտսկ. ահա այս քաղաքի արխիվներից էլ պիտի ստուգել Խաչատուր Աբովյանի աքսորի պատմությունը:
Ընդունեք իմ հարգանքներիս հավաստիքը՝
Ռուբեն ծ. վարդապետ Մանասյան
թիվ 17
15 մարտի 1926թ.
Էջմիածին>։

Ռուբեն վարդապետի այս գրությունից բացի կան այլ վկայություններ ևս, որոնք գալիս են ամրապնդելու Աբովյանի սիբիրյան կյանքի վարկածը: Այսպես, օրինակ, 19-րդ դարի վերջին Հեռավոր Արևելքում ճանապարհորդող գիտնականները աշխարհից կտրված, մոռացված մի գյուղակում հանդիպում են երեխաների, որոնք ազատ խոսում էին գերմաներեն: Երբ գիտնականները զարմանքով հարցնում են, թե ո՞վ է նրանց սովորեցրել այդ լեզուն, տեղացիները պատասխանում են, որ իրենց ուսուցիչն է եղել ազգությամբ հայ Խաչատուր Աբովյանը:
Ռուս հայտնի գրող և հրապարակախոս Ն. Չեռնիշևսկին Աստրախանում եղած ժամանակ տեղաբնակ հայերին պատմել է, որ իր Աքսորի տարիներին Սիբիրում հանդիպել է Խ. Աբովյանին: ՙԵս Աբովյանի հետ էի՚,- ասել է նա: Ժամանակին այս փաստը հաստատել է նաև Էջմածնի ճեմարանի ուսուցիչ Ստեփան Կանայանցը, ով Գերմանիայում իր ուսումնառության տարիներին Աստրախանի հայերից ստացել է դեպքը հաստատող նամակ:
Գալով վերը ներկայացված փաստաթղթի հետագա ճակատագրին` կարող ենք ընդամենը հավելել, որ արխիվային մատյաններում մեզ հաջողվեց գտնել ևս մի կարճ գրություն, որտեղ ասված էր.
<Գիտության և արվեստի ինստիտուտին. կից ուղարկվում է Ռուբեն Ծ. վարդապետ Մանասյանի նամակի պատճենը, Լ. Ժողկոմ Ա. Մռավյանի մակագրությամբ:
Ավագ գործավար՝ Մ. Հակոպջանյան
2984
27.03.26թ.>։
Հայտնի է, որ ավելի ուշ Ռուբեն վարդապետը նույն խնդրանքով դիմել է նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերին: Այլ տեղեկություններ դրանց ընթացքի մասին չկան։ Պետք է կարծել, որ այն օրերին այնքան էլ հեշտ չէր կազմակերպել որոնումներ Հեռավոր Արևելքում, մի բան, ինչն այսօր, կարծում ենք անհամեմատ ավելի հեշտ իրագործելի է:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

1. Սարգիս Կուկունյան- Հայ ազատագրական շարժման գործիչ: 1890 թ. աքսորվել է Սախալին:
2. Վ. Պ. Մարգարիտով- Ռուս հետազոտող, երկրաբան, Ամուրի հետազոտման ընկերության անդամ, Վլադիվոստոկի արական գիմնազիայի դասախոս:

<New mag> ամսագիր, 2010 թ. թիվ 17

Դեկադա
13.02.2010, 14:55
Վահան Տերյան- պատմում է եղբայրը՝ Ղազար Տեր- Գրիգորյանը

Ախալքալաքում սիրահարվում է Շողիկ անունով մի աղջկա:Լուրեր էին պտտվում, թե ամբողջ օրը ման է գալիս նրա հետ սարերում:Մի օր բռնեցի օձիքից:
- Ա՛յ տղա, էն աղջկա հետ ի՞նչ գործ ունես սարերում:
- Ոչի՜նչ, ման ենք գալիս, երգում, խոսում...
- Լավ, հե՞տո:
- Հետո էլ ջանիդ սաղություն:
-Սիրահարվա՞ծ ես, ի՞նչ է:
- Սիրահարվա՞ծ... դա ի՞նչ հարց է, ինչպե՞ս կարելի է սիրունը տեսնել ու չսիրել:
- Բայց նայելով, թե ումն է այդ սիրունը:
- Սիրունը չի կարող սոփականություն լինել... ու՞մն են արշալույսը, վերջալույսը...
- Թո՛ղ էդ բանաստեղծական փիլիսոփայություններդ, Ախալքալաքում չեն անցկենա դրանք:
- Ինչո՞ւ, Ախալքալաքն այս մոլորակից դո՞ւրս է:
- Այո, Ախալքալաքի օրենքով ով սիրուն աղջկան սիրեց, հետը պետք է ամուսնանա:
- Ի՞նչ լավ օրենք է, ուրեմն ամեն սիրունի հետ պե՞տք է ամուսնանալ: Ես դեմ չեմ, Ղազար ջան, եթե միայն այդպիսի հնարավորություն ստեղծես, կդառնա սոիլթանի հարեմ:
- Հանաքը մի կողմ, Վահա՛ն: Եղբայրներն ատամները սրած ման են գալիս, մի լավ կթակեն:
- Ի՞նչ անենք, Ղազա՛ր ջան, վարդը միշտ փշերի մեջ է լինում. վարդ քաղողը փշին էլ կդիմանա:

Դեկադա
30.03.2010, 17:34
Հրաչյա Աճառյան
Նրա ապրած կյանքը մեծագույն սխրանք էր: Մեծ գիտնականի կենսագրության մեջ թերևս չի եղել այնպիսի շրջան, որ խռովահույզ դեպքերով համեմված չլինի:
Կրած դառնությունները չեն պակասեցրել նրա բարությունը, փափուկ և ազնիվ բնավորությունը չեն խեղել, փոխարենը ժամանակից շուտ ճերմակեցրել են հանճարեղ գլուխը և կորացրել մեջքը:
Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876 թ. Կոստանդնապոլսի Սամաթիա թաղամասում: Մեկ տարեկան էր, երբ նրա հետ դժբախտություն է պատահում:
Մի արևոտ օր մայրը երեխային գրկած այգի է իջեցնում: Երեխան երկար նայելով պայծառ արևին` սկսում է լաց լինել: Մայրը տուն է տանում, պառկեցնում, բայց փոքրիկը ողջ գիշեր չի դադարում լաց լինելուց, իսկ առավոտյան աչքերը չի կարողանում բացել: Երբ նրան տանում են ակնաբույժի մոտ, նա կարողանում է վերականգնել երեխայի միայն մեկ աչքի տեսողությունը. ձախն այդպես էլ ողջ կյանում մնում է վնասված: Հետո իր հուշերում գիտնականը կգրի. «Այսպես ես իմ ողջ կյանքում միակնանի մնացի»: Սակայն դա նրան բոլորովին չխանգարեց մեծ նվաճումների հասնել գիտական ասպարեզում և հսկայածավալ ու բազմահատոր աշխատությունների հեղինակ դառնալ:

7 տարեկան չկար, երբ հայրը Հրաչյային ընդունել է տալիս Արամյան վարժարան, որտեղ նա ցուցաբերում է լեզվական բացառիկ տաղանդը` միաժամանակ սովորելով հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն և 2 տարում յուրացնում դպրոցական ողջ ծրագիրը: Այնուհետև ընդունվում է Սահակյան վարժարան և 4 տարի անց գերազանց ավարտում այն: Առջևում Կեդրոնական վարժարանի, իսկ հետագայում նաև Սորբոնի ու Ստրասբուրգի համալսարանների երկար ու ձիգ ուսումնական տարիներն էին, որոնց ընթացքում նա լրացնում է լեզուների իր պաշարը, աներևակայելի եռանդով ձեռնամուխ լինում հարստացնելու հայագիտության գանձարանը իր բազմաթիվ հոդվածներով ու աշխատություններով: Ուսումնական տարիներին հաջորդում են ուսուցչական գործունեության տարիները. նախ` Էջմիածնում, այնուհետև` Շուշիում, որտեղ էլ հանդիպում է իր կյանքի հավատարիմ ուղեկցին՝ Արուսյակին: Գեղանի Արուսյակը ամուսնու նպատակներն ու ցանկությունները դարձնում է իրենը:
Այդ սերը եղել է անկեղծ ու փոխադարձ և ոչ առաջին համաշխարհայինը, ոչ ջարդարար թուրքերի իրականացրած կոտորածն ու գաղթը չեն բաժանել նրանց: Շամախու կոտորածից փրկված մոտ 600 հայերի հետ ամուսինները Ղարաբաղից գաղթում են Էնզելի, որտեղ մեծ մանկավարժը ստանում է Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերը և կնոջ հետ ժամանում Երևան՝ դասախոսական աշխատանքի անցնելով Երևանի պետական համալսարանում: Համալսարանը դառնում է նրա կյանքի հետագա 30 տարիների արգասաբեր օրրանը: Կնոջ` Իրանում բնակվող բարեկամներից մեկին գրված մի նամակից, որ թվագրված է 1924-ով, տեղեկանում ենք, որ Աճառյանը գոհ է եղել իր այդ ժամանակվա կյանքից, աշխատանքից: Արդեն մեկ տարի հետո նույն մարդուն հասցեագրված հաջորդ նամակից իմանում ենք սիրելի կնոջ մահվան մասին:


շարունակելի...

Դեկադա
30.03.2010, 17:44
Արուսյակից հետո միայնակ ապրելը բոլորովին փոխում է Աճառյանի կենցաղն ու բնավորությունը, ինչը մտահոգում է ընկերներին: Եվ նրանք որոշում են, որ 60-ամյա գիտնականին կփրկի միայն նոր ամուսնությունը: Աճառյանն սկզբում անգամ լսել չի ուզում այդ մասին, սակայն որոշ ժամանակ անց ամուսնանում է ուսանողուհիներից մեկի` Սոֆիկի հետ:
Տիկին Սոֆիկը մեծ դեր է խաղացել Աճառյանի թե անձնական, թե գիտական կյանքում՝ նրա հետ կրելով դառնություններն ու դժվարությունները:
Հազիվ էին կարգավորվել գիտնականի կյանքն ու հոգեկան ներաշխարհը, երբ հերթական փորձությունը թակում է նրա դուռը: 1937 թվականն էր: Չգիտես ինչպես և ում հանցագործ ձեռքով բազմաթիվ մտավորականներ և խելացի ուղեղներ հայտարարվում են «նացիոնալիստներ», ասել է թե ազգայնամոլներ, ժողովրդի թշնամիներ, լրտեսներ, և այդ պիտակով ով բանտարկվում, ով աքսորվում, ով ենթարկվում է բռնաճնշման ու հալածանքների կամ, որ ավելի սարսափելի է` գնդակահարման ու անհայտ գերեզմանոցներում թաղվելուն:
Մղձավանջը չի շրջանցում նաև կենսասեր ու լավատես, քաղաքականության հետ ոչ մի աղերս չունեցող, ոչ մի կուսակցության չպատկանող և միայն ու միայն գիտությանը նվիրված Աճառյանին:
Հր. Աճառյանին կալանավորում են սեպտեմբերի 29-ին, բռնագրավում գրամեքենան և ձեռագրերը` փակելով և կնքելով սենյակի դուռը: Տիկին Սոֆիկին և տնտեսուհի Պոլինային թույլ են տալիս մտնել միայն խոհանոց: Աճառյանի ձեռագրերը, որոնք ենթակա էին բռնագրավման, մնում են հյուրասենյակում: Ամբողջ գիշեր Սոֆիկն ու Պոլինան մտածում են, թե ինչպես փրկեն դրանք և որոշում են օգտվել սենյակից դեպի խոհանոց բացվող փոքրիկ օդանցք-պատուհանից: Սոֆիկը մի կերպ ներս է սողոսկում ու դուրս բերում ձեռագրերի մի մասը: Բայց դրանք հարկավոր էր ապահով տեղում թաքցնել:
Այս անգամ օգնում է Սոֆիկի քեռին` թղթերը տեղափոխելով Նոր Բութանիա, որտեղ երկաթե արկղի մեջ դնելով` թաղում են պարտեզում` առվից հեռու մի ծառի տակ: Երկու տարի շարունակ այդ ծառը չեն ջրում, որպեսզի ձեռագրերը չխոնավանան:
Աճառյանի ձերբակալության մասին որոշումն ընդունվել էր 1937 թ. սեպտեմբերի 18-ին` անվտանգության կրտսեր լեյտենանտ ոմն Կիրակոզովի «ձեռամբ»: Պրոֆեսորը մեղադրվում էր որպես անգլիացիների կողմից Ադրբեջանում նշանակված գործակալ ու Երևանի համալսարանում իբրև գործող պրոֆեսորների հակահեղափոխական-ֆաշիստական խմբի անդամ: Երեք անգամ տանելով հարցաքննության` նրան ծեծում են և խոստանում, որ «մեղքը» հանձն առնելու և խոստովանություն գրելու դեպքում մի քանի օրից ազատ արձակել: Եվ 61-ամյա հյուծված, ահաբեկված ու անօգնական գիտնականը ստոր ու դաժան քննիչի թելադրանքով իր ձեռքով դիմում է գրում ՆԳ ժողկոմին` «խոստովանելով» իր գլխին բարդված հանցանքը:
Թե ինչպես է Կիրակոզովը Աճառյանից կորզել այդ ստորագրությունը` հետագայում պատմել են նրա խցակիցները: Հարցաքննություններից մեկի ժամանակ քննիչի այն մեղադրանքին, թե Աճառյանն իբր գերմանական, ֆրանսիական, անգլիական, ճապոնական ու տաճկական լրտես է, Աճառյանն այսպիսի պատասխան է տվել. «Եթե կան հիմար մարդիկ, ովքեր կհավատան, թե գիտնականը, հայ լեզվաբանը կարող է լրտես լինել, և եթե այդպիսի սուտը շատ անհրաժեշտ է ձեր կարիերայի համար, գրեք, և ես կստորագրեմ: Բայց որ ես` հայ գիտնական Աճառյանս, տաճկական լրտես եմ, դա զառանցանք է, չտեսնված վրդովեցուցիչ վիրավորանք և եթե ինձ կտոր-կտոր էլ անեն, ես այդպիսի զրպարտանք հանդուրժել չեմ կարող և հավատացած եմ, որ իր արժանապատվությունը չկորցրած ամեն մի հայ մարդ նույնը կասի ձեզ»: Այս համարձակ պատասխանի համար քննիչը անասնաբար` ինչքան ուժ ուներ ապտակում է թույլ ու տկար ծերունուն: Բայց Աճառյանը պատասխան ապտակ է հասցնում քննիչին` արհամարհանքով ասելով. «Ի՜նչ մեծ հերոսություն քեզ նման ուժեղ երիտասարդի համար` ձեռք բարձրացնել ինձ նման հիվանդ մի ծերուկի վրա»:
Մեկ ուրիշ հարցաքննության ժամանակ չկարողանալով բռնությամբ խոստովանեցնել` քննիչը բերանից հանելով վառվող ծխախոտը, այն հանգցնում է ուղղակի Աճառյանի ճակատին, և դա քիչ է թվում` այնքան է ծեծում, որ ուժասպառ ու հուսահատ ծերունին երկու անգամ ընկնելով աստիճաններից` հազիվ է հասնում իր խցիկի դռանը:
Դրանից հետո միայն Աճառյանը դատապարտում է ինքն իրեն` իբր իսկապես 1915 թվի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ծառայել է Բաքվի տեղական հեղափոխական իշխանությանը` որպես «հետախույզ մարմնի ագենտ», ինչպես նաև պետհամալսարանում խոսակցության միջոցին թույլ է տվել նացիոնալիստական և անգլո ֆիլական արտահայտություններ: Սակայն մեղայականից հետո ոչ թե մի քանի օր, ինչպես խոստացել էին, այլ մեկուկես տարի է անցնում, մինչև վերջապես քննության է դրվում Հրաչյա Աճառյանի գործը: Դատարանի որոշմամբ նրան դատապարտում են 6 տարի ազատազրկման: Հուսախաբ Աճառյանը միայն կարողացել է բեկբեկուն ձայնով բղավել. «Ա՞յս էր ձեր արդարությունը»,– և փուլ գալով աթոռին` հեկեկացել է:
Հետագայում դեպքերն այնպես են ընթանում, որ Աճառյանը բանտում անցկացնում է միայն երկու տարի: 1939 թ. դեկտեմբերի 19-ին նա ազատվում է բանտից: Եվ քանի որ ազատվել էր «հանցակազմի բացակայության» հիմնավորումով, անմիջապես վերականգնվում են դասախոսական իրավունքները: Հասնելով համալսարանի շենքին` տարիների կարոտն առնելու համար պրոֆեսորը լացակումած` սկսել է համբուրել շենքի պատերը:
Աճառյանը աստվածավախ մարդ էր: Կյանքի բոլոր դժվար ու անելանելի պահերին միշտ հույսն Աստծո վրա է դրել և բանտից ազատվելուց հետո անգամ` կյանքում վրա հասած ուրիշ փորձությունների ժամանակ միշտ աղոթել է, միշտ հավատացել, որ բարին ամենակարող է, և երբեք չի հանձնվել: Դստեր` Քնարիկ Աճառյանի պատմելով նա օրը 4 անգամ աղոթում էր և որպեսզի չմոռանա, թե քանի անգամ է աղոթել` ամեն անգամ թաշկինակի մի ծայրը հանգուցում էր:
Բազում տառապանքներ տեսած, մղձավանջային օրեր ապրած մեծ գիտնականի, ազնիվ մարդու համար 1950-ական թվականները ամենահանգիստ ու խաղաղ տարիներն էին: Նա արդեն 74 տարեկան էր, սակայն շարունակեց դասավանդել մինչև մահը` 1953 թվականի ապրիլի 16-ը: Այդ օրը նա սովորականի պես գնում է դասախոսության, պարապում պարսկերենի դասը, վերադառնում տուն, սափրվում, ախորժակով ճաշում, նստում բազկաթոռին ու գոհունակությամբ դիմում կնոջը. «Սոֆիկ, ես երջանիկ եմ, փառք Աստծո, կինս առողջ է, աղջիկս առողջ, այսօր էլ կարողացա համալսարան գնալ, և դասերը հաջող անցան: Հիմնական գործս վերջացրել եմ, ապրել եմ 77 տարի` կախարդական երկու թվանշան կողք-կողքի, վայելել եմ ամեն ինչ. տեսել այն օրերը, որ երազում էի: Հիմա ինձ համար ամեն ինչ վերջացել է»: Դրանք Աճառյանի կյանքի վերջին պահերն էին: Այդ օրը նա «Ալմաստ» օպերայի երկու տոմս էր գնել կնոջ և դստեր համար: Ճանապարհելիս նրանց համբուրել է, ուժգին սեղմել կրծքին և հուզվել:
Տնեցիները ոչինչ չեն կասկածել, այնքան սովորական է եղել ծերունու հուզմունքը: Իսկ օպերայից տուն վերադառնալով` նրան տեսել են բազմոցին մեկնված` աչքերը փակ, ձախ ձեռքը գլխի տակ, աջ ձեռքին թաշկինակը` 3 ծայրերն ագուցված... Չորրորդ անգամ չէր հասցրել աղոթել...
Ապրած կյանքի մեծ մասը աշխատելով առավոտից ուշ գիշեր, Հրաչյա Աճառյան գիտնականը ստեղծեց կոթողային անկրկնելի աշխատություններ: Նրա հրատարակված աշխատությունների թիվը հասնում է մոտ 250-ի` ամփոփված ավելի քան 32 հազար մեծադիր էջերում` չհաշված մի քանի տասնյակից անցնող ձեռագիր աշխատությունները: Այս ողջ հարստությունը նա ժառանգեց իր ազգին, ում նվիրել էր ողջ կյանքը: Նա միակ հայ անհատն էր, որ հինգ տասնյակից ավելի լեզուների էր տիրապետում և հասկանում եռապատիկ ավելին... Այս ռեկորդը հայ իրականության մեջ դեռևս չի գերազանցվել:

Արևածագ
18.04.2010, 18:03
Երկար ժամանակ ուզում էի գրել այս մանրապատումը, որովհետև, ըստ իս, այստեղ ուսանելի բան կա:
Ավետիք Իսահակյանը հյուր էր Հայաստանի խուլ գյուղերից մեկում: Նրան հայտնում են, թե գյուղում հարյուրամյա տատիկ է ապրում, և գրողը որոշում է այցելել տարեց կնոջը: Հանդիպման ժամանակ Իսահակյանը խոնարհվում է ու համբուրում նրա ձեռքը: Տատիկը հուզմունքից սկսում է արտասվել: Ասում է.
- Մեկ էլ հարսանիքիս օրն են ձեռքս համբուրել: Էն մարդու անունն էլ Րաֆֆի էր...:)

Լեռնցի
18.05.2010, 15:16
1905, 1906, 1908 թուականներին Կոմիտասը համերգներ է տալիս Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, ապա` Թիֆլիսում, Բաքւում, մեծ փոթորիկ բարձրացնելով ամենուրեք:
- Աստուածայի՜ն, աստուածայի՜ն,- Եվրոպայում տուած համերգների ժամանակ աղմկում էին դահլիճները:
Աստուածայի՜ն...
Իսկ մինչեւ Կոմիտասը, աշխարհն անտեղեակ էր, աշխարհը չգիտեր, որ գոյութիւն ունի ինքնուրոյն հայ երգարուեստ, որ հազար ու հազար տարի առաջ էլ կար հիմա աստուածային համարուած հայ երգն ու երաժշտութիւնը, այն շողշողուն գանձը, որի մասին հիացմունքի խօսք է ասել տասներորդ դարի արաբ նշանավոր ճանապարհորդ ու մատենագիր Աբու Դուլաֆը.
ՙՙՙՙ"Նրանց(հայերի) ձայները... եւ նրանց եղանակաների չափերը աւելի հաճելի են ու թախծոտ, քան քրիստոնեա այլ խմբերի ձայները: Եկեղեցիներում նրանց(հայերի) երգեցողութիւնը աւելի է հաճելի` զգայուն եւ ուշադիր մարդու համար":
Եւ հազար տարի յետոյ, շնորհիվ Կոմիտասի` հայ երգը վերստին հռչակուեց:
Փարիզում Կոմիտասի տուած նուագահանդէսից յետոյ, "Օրօր" թերթը գրել է. "Ըմբոխշնեցինք բնավայրի համը եւ զմայլուեցինք ներդաշնակութեան վրայ, որ նոյն ինքն Կոմիտաս վարդապետի բարձր հմտութեան ու յանճարի գործն է":
Կոմիտասի դասախոսութիւններն ու համերգները լսող համարեա բոլոր երաժշտագէտները հարկ համարեցին, բանավոր թէ գրավոր իրենց հիացմունքն արտայայտել հայ մեծ կոմպոզիտորին, խմբավարին, մարդկային ամենանուրբ, ամենավսեմ զգացումները բացահայտող սիրերգերի, ողբերգերի, կարոտերգերի ու հոգեւոր տիեզերական երգերի կախարդ ստեղծողին ու կատարողին, պոլիֆոնիկ ներդաշնակումների վարպետին:
Ֆրանսիացի նշանավոր երաժշտագէր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Լուի Լալուան Փարիզում Կոմիտասի տուած համերգը լսելուց յետոյ գրել է.
"Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցութեան մէջ, եթէ ասեմ, թէ այդ համերգը մի յեղաշրջում էր եւ իր յայտնութեամբ զարմացրեց մեզ: Ներկայ եղողներից ոչ ոք, ի բացառեալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արուստի գեղեցկութիւնը, որն ըստ էութեան ոչ եւրոպական է, ոչ արեւելեան, բայց եզակի է իր տեսակի մէջ:Սքանչելի քաղցրահնչուն, խորախէս յուզական, չափավոր քնքուշ այդ մեղեդիները նրբակերտ են ու աւարտուն: Ճկուն ու կենդանի ռիթմերի առատութեամբ հարուստ երաժշտութիւն է դա` կարծես հենց սրտի խորքից հոսելի լինի որպէս սառնորակ, վճիտ, արեւաշող հոսանք: Նրա մէջ փայլատակում է արեգակը, սակայն ոչ Արաբիայի ու Պարսկաստանի կիզող արեգակը. աւելի շուտ երկնային ոսկեփայլ լոյս է, որի ջերմութիւնը փայփայում, փաղաքշում է ձիւնածածկ լեռների գագաթը, անտառների կանաչը, առւակների խոխոջը: Մարդկային հոգուն վիճակուել է իր ընդերքում պահպանելու այդ ժպտադէմ ժողովրդի հարազատ հողի մաքարութիւնը, նրա սէրն ու յաւատը դէպի լուսավորը, դէպի կեանքը":
Պատմում են, թէ ֆրանսիացի աշխարհահռչակ կոմպոզիտո եւ դաշնակահար Կլոդ Դեբիւսին, 1906-ին Կոմիտասի Փարիզում տուած համերգից յետոյ, գտնում է վարդապետին, երկիւղածութեամբ ծունր է իջնում նրա առջեւ, ինչպէս յաւատացող քրիստոնեան սրբազան խորանի առջեւ եւ ջերմ, այրւող ձեռքերով բռնում համբուրում է Կոմիտասի հրաշք ձեռքերը, շշնջալով.
- Աստուածայի՜ն հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական յանճարին առջեւ գլուխս կը խոնարհեմ...

հ.գ. հատուածը վերցուած է Ստեփան Կուրտիկեանի "Կոմիտասեան ղողանջներ" գրքից, 1969թ:

Լեռնցի
19.05.2010, 14:57
Կոմիտասի աշակերտուհի եւ երկրպագու Մարգարիտ Բաբաեանը պատմում է. տնտեսական սուղ պայմաններում ապրող Կոմիտասը մի անգամ իրենց այցելելից, մայթեզրին նկատում է մաշուած մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում. “Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկէ` ոչ ունեւոր մարդու”: Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակութեանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երեւի, յուսահատ դեսուդեն է ընկնում հիմա:
Ժամադրութեան ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում` անձկութեամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է` շուտով կը յայտնուի: Եթէ հեռուից երեւում է շատ համեստ հագնուած մեկը, վարդապետը յոյսով է լցւում, բա՜յց… չի յայտնւում քսակի տէրը:
Անցնում է կէս ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդեօք տեսե՞լ է մի քսակ:
Կոմիտասը անհանգստանում է. արդէն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբաեանները չեն ճաշում եւ իրեն են սպասում: Տգեղ ու անյարմար վիճակ ստեղծուեց:
Մի ժամ եւս անցնում է սպասողական լարուած վիճակում: Կոմիտասը սկսում է ջղայնանալ:
Նորից ստուգում է ժամանակը: Երեք ժամ է որ կանգնած է փողոցում: Եւ ահա հեռուից նկատում է, թէ ինչպէս մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգոյն է ու անհանգիստ:
Կոմիտասը հարցնում է անմիջապէս.
- Ի՞նչ եք որոնում տիկի՛ն:
- Հա՛յր սուրբ, հացի գնալիս` կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում:
Արտասուքներ են նկատւում կնոջ կապոյտ, տագնապալի աչքերում:
- Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գոյնի էր ձեր կորցրած դրամապանակը:
- Մոխրագոյն, մաշուած քսակ էր:
Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը, յաջողութիւն ցանկանում եւ շտապում Բաբաեանների բնակարանը: Հուզուած էր. կեանքում առաջին անգամ ժամադրութիւն չէր յարգել:

հ.գ. հատուածը վերցուած է Ստեփան Կուրտիկեանի "Կոմիտասեան ղողանջներ" գրքից, 1969թ:

Լեռնցի
20.06.2010, 11:09
Վահագն Դավթեանի 'Հանդիպումներ Վիլեան Սարոեանի հետ' գրքից:

Չեմ գրելու նաեւ գրողների, համալսարանի ուսանողների հետ ունեցած նրա հանդիպումների մասին, քանի որ դրանք ձայնագրուել են և, հաւատացած եմ, մի օր կը հրրապարակուեն արձանագրային ճշտութեամբ ու մանրամասնութիւններով: Բայց այդ հանդիպումներից առանձին մանրամասներ կուզեի վերհիշել, որովհետև որ մի ձայնագրութիւն չի կարող պատկերացում տալ, ասենք այն պահի մասին, երբ նար գրողների տան դահլիճում պատասխանում էր` ՙՈ՞րն է Ձեր մոր ամենասիրած երգը՚ հարցին:
Թատերական մի փոքրիկ ներկայացում էր դա:
Ընդոստ վեր թռաւ նստած տեղից, նետուեց բեմի առաջամասը, սկսեց մի զարմանալի եռանդով հատակը ավլելու շարժումներ անել ու հետը բամբ ձայնով երգել.
Անդրանիկը քաջ, իր ընկերներով...
Եւ որքան շարժումներն արագացնում էր, ձայնն այնքան բարձրացնում էր, այնքան աւելի ՙպոռում՚...
- Մայրս ամէն առաւոտ ասյպէս կավեր հատակը ու այդ երգը կ' երգեր...
Դահլիճը որոտում էր ծափերից ու հրճուանքից:

Լեռնցի
04.10.2010, 17:28
ԵՐԿՈՒ ՀԱՅՐ

1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։
— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։
— Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը։
Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։
— Ո՞րտեղից կուգաս։
— Սասունի կողմերեն. Ես Ա-ի տեր Սարգիսն եմ…
— Ա-ի տեր Սարգի՞սը…
— Այո՛, Հայրիկ։
— Է՞…
— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսերս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին․ մնացի այսպես…
— Է՜, հիմի…
— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։
Երկուսն էլ լուռ էին։
— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։
— Ամենքը միասին քսան, Հայրիկ։
— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…
Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։
— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։
— Հայրիկինը։
— Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։
Ասավ ու գլուխը խոնարհեց։
Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսեց աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով…
Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսի՜ն…
Նրա առջև խոնարհած էր Հայոց Հայրիկը…



Հովհաննես Թումանյան

Նաիրուհի
19.02.2011, 12:32
- Վիլյամ Սարոյանին տեսակցելեն առաջ ծանոթներես մեկն ընձի մեհատըմ խաղալիք ատրճանակ նվիրեց,- պատմում է Շիրազը,- «Կտանիս պիճիկիդ, Վանանդիդ կուտաս»,-ըսավ: Իսկական ատրճանակ էղնիր, կդնեի ափիս մեջ, ափս կլցներ, պլպլան, սիրուն բան ըմ էր: Գցեցի գրպանս:
Էկան ըսին, թե Սարոյանը քեզի կսպասե: Գնացի: Գիտեի, թե եվրոպացու նման կեղծավոր, խորամանկ մեկ ըմ կեղնի. աշենք ի՞նչ կըսե: Սխալվեցի: Մասիսակերտ նահապետի նման տեղեն բանձրցավ, ընձի իր զորեղ բազուկներու մեջ առավ ու սեղմեց կրծքին Վարդանի ուժով: Վրայեն հանճարահոտ կուգար, շարժուն, պսպղուն աչքերեն բնության բարությունը կթափվեր: Թվաց, թե Խորենացու հետ եմ նստե զրույցի` հայ հանճարները նման կեղնին: Երկար զրույցեն ու ծանոթանալեն վերջը հարցրեց, թե ինչպե՞ս կվերաբերվին հետս: Ըսեցի` «ըշտը ժողովուրդս կսիրե, թշնամիներս կհալածեն»: Հետաքրքրվեց, թե հալածելու դեպքում ի՞նչըխ կպաշտպանվիմ: Ես գրպանես հանեցի խաղալիքն ու պահեցի աչքերի առաջ: Կարծեց իսկական ատրճանակ է, հավատաց:
- Հատըմ էլ ես ունիմ,- ըսավ,- հոն թողած իմ:
Մտքումս ծիծաղեցի ու առավել ևս համոզվեցի, որ Վիլյամը եվրոպացի չէ, հավատապահ ու հանճարեղ հայ է: