PDA

Դիտել ողջ տարբերակը : Լրատվություն ու քարոզչություն



StrangeLittleGirl
21.01.2008, 01:17
Լրատվություն ու քարոզչություն. «չեզոք» թերթը ազատում է խմբագրին հավասարակշիռ լուսաբանման համար
Վահան Իշխանյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Հավասարակշռված և երբեմն Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրան աջակցողների վերաբերյալ քննադատական նյութեր հրապարակելու համար աշխատանքից հեռացվել է «Ժամանակ Երևան» օրաթերթի պատասխանատու խմբագիր Արմինե Օհանյանը։

Թերթի սեփականատեր, գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն իր որոշումը իրականացրել է բանտից։ Նա դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով փաստաթղթերը կեղծելու միջոցով զինծառայությունից խուսափելու համար, սակայն իրավապաշտպանները պնդում են, որ նրա ազատազրկման իրական պատճառը իր թերթի ընդդիմադիր բնույթն էր (տես հարակից 2007 թվականի տեսություն. խախտումները շարունակվում են հոդվածը)։

Օհանյանն ասում է, որ Բաբաջանյանի արածը նույնքան անարդար է, որքան այն, ինչ արեցին իր նկատմամբ
Հեռախոսով Բաբաջանյանը իր որոշումը չցանկացավ մեկնաբանել։ Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը ասաց, որ Բաբաջանյանն իրեն հայտնել է, թե Օհանյանին հեռացնում է Տեր-Պետրոսյանին քննադատող նյութեր հրապարակելու համար և չի ցանկանում, որ նախընտրական երկու ամիսների ընթացքում Տեր-Պետրոսյանի հասցեին քննադատական խոսք լինի իր թերթում։

«Ժամանակ Երևանը» Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող հինգ թերթերից մեկն է։ Արմինե Օհանյանի խմբագրած թերթը նույնպես հստակորեն Տեր-Պետրոսյանի քարոզչությունն էր տանում, սակայն, ի տարբերություն մյուս չորս թերթերի, երբեմն թույլ էր տալիս իրեն քննադատական խոսք ուղղել առաջին նախագահին և իշխանությունների կատարած որոշ աշխատանքներ չեզոք ներկայացնել։ («Ժամանակ Երևանը» հրատարակվում է մոտ 2500 տպաքանակով` իրենց տվյալներով:)

Թերթի աշխատակիցները ասում են, որ հունվարի 5-ին Բաբաջանյանի հրավիրած թռուցկաժողովում ընթերցվել է նրա նամակը, որտեղ նա տեղեկացնում էր իր որոշման մասին։ Նա նաև գրում է, որ հավասարակշռված, չեզոք թերթ չի ուզում տպել, (թեև հատուկ չի նշել Տեր-Պետրոսյանի գործունեության լուսաբանման մասին), որ ինքը որոշակի քաղաքական հայացքների և քաղաքական թիմի անդամ է, և լրագրողները, որ եկել են այդտեղ աշխատելու, գիտեին, թե ինչ թերթ են գալիս։

Դեկտեմբերի 26-ին Օհանյանը էլեկտրոնային նամակ էր ստացել ԱՄՆ-ում բնակվող Բաբաջանյանի մորից՝ տիկին Էլմիրայից, որը տեղեկացնում է, թե Տեր-Պետրոսյանի շտաբի պետ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի մոտից մարդ է գալու խմբագրություն` տպագրությունից առաջ ստուգելու թերթի նյութերը։

Անցյալ շաբաթ «Ժամանակ Երևանի» պատասխանատու խմբագիր է նշանակվել Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչական խմբի անդամ Այդին Մորիկյանը։

Բաբաջանյանի գործողությունները՝ գրաքննությունն ու համեմատաբար ազատ թերթ տպելու համար իրեն հեռացնելը, Օհանյանը նմանեցնում է Բաբաջանյանի դեմ իշխանությունների գործողություններին:

«Ի՞նչ տարբերություն այս իշխանությունների և Արման Բաբաջանյանի միջև,- հարցնում է Օհանյանը: - Մեծ հաշվով, եթե քեզ հետապնդել են, ու դու անարդարության զոհ ես դարձել, դու էլ անարդարության զոհ ես դարձնում ուրիշին։ Տարբերությունը միայն հնարավորությունների խնդիր է. իշխանությունները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն պարտադրելու և բռնանալու, Բաբաջանյանը` փոքր հնարավորություն, միայն իր թերթի սահմաններում ու գործում է նույնությամբ, նույն մեթոդներով»։

20 տարվա լրագրող Օհանյանը աշխատել է «Հայկական ժամանակում», ապա եղել է վերաքննիչ դատարանի մամուլի քարտուղար, որտեղից ազատվել է Արման Բաբաջանյանի կալանավորումը քննադատող նյութ հրապարակելու համար։ «Ժամանակ Երևանին» աշխատակցում է տպագրման պահից` 2006-ի մայիսից, թերթի պատասխանատու խմբագիրն է 2007-ի փետրվարից, այն բանից հետո, երբ նախկին պատասխանատու Լիզա Ճաղարյանը հեռացվեց աշխատանքից` իր հետ տանելով գրեթե ողջ աշխատակազմը։ Նա նոր աշխատակազմ հավաքեց և թերթի տպաքանակը 300 օրինակից բարձրացրեց 2500-ի։

«Շատ դժվար ժամանակահատվածում Արմինեն եկավ և փրկեց թերթը»,- ասում է փաստաբան Փոստանջյանը։

Օհանյանը ասում է, որ քաղաքական որոշ շրջանակներից թերթից դժգոհություններ եղել են, բայց Արման Բաբաջանյանը միայն մի անգամ է հարցրել տպագրված նյութի մասին:

«11 ամսվա մեջ գլխավոր խմբագիրը որևէ դժգոհություն չի հայտնել։ Միայն մի անգամ հետաքրքրվել է, թե ինչու է տպագրվել Հանրապետականի գովազդը։ Փողը փոխանցվել է, որպես գովազդ` տպվել է: Ես ասացի` ի՞նչ հիմքով մերժենք գովազդը, թերթը բիզնես է նաև, հազար ծախս ունի, ինչքան շատ գովազդ, այնքան լավ: Դեկտեմբերից Բաբաջանյանների ընտանիքը սկսեց ճնշումներ գործադրել ինձ վրա՝ մայրը, եղբայը, քույրը, և հայաստանյան դաշտից տարբեր մարդիկ, զանգում են, թե ինչո՞ւ է այսինչ հոդվածը տպվել, այսինչ մարդկանց նկատմամբ ինչո՞ւ է քննադատություն եղել, ինչո՞ւ են այսինչ մարդու նյութերը տպվում»։

Ամենամեծ դժգոհությունը առաջացրել է Էդվարդ Անտինյանի «Դատապարտիր, որ չդատապարտվես» http://www.zhamanak.com/article/7720/ հոդվածը, որում հեղինակը քննադատում է Տեր-Պետրոսյանի թիմին, որը կասկածի տակ է դնում նրան չմիացող գործիչների հայրենասիրությունը: «Ապրիլի 12-ի դեպքերից անմիջապես հետո Քոչարյանի «Առագաստ» սրճարանում ջազ լսելն ու Տեր-Պետրոսյանի քար լռություն պահպանելը բարոյական նույն հարթության վրա են գտնվում»:

«Եթե կարելի է 15-20 հոդված տպել հօգուտ Տեր-Պետրոսյանի, մի հատ էլ կարելի է չեզոք նյութ տպել Արթուր Բաղդասարյանի, Վազգեն Մանուկյանի վերաբարեյալ,- համոզված է Օհանյանը: - Իհարկե, կարող էի Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույց տպել, տակն էլ որևէ վարկաբեկիչ բան ավելացնել, բայց մարդը մտել է պայքարի մեջ, ինչո՞ւ սևացնեմ»,- ասում է Օհանյանը` ակնարկելով «Հայկական ժամանակում» Բաղդասարյանի հասցեին ուղղված հայհոյանքները, այն բանի համար, որ հրաժարվել էր միանալ Տեր-Պետրոսյանին։ («Հայկական ժամանակը», որի գլխավոր խմբագիրը հանրահավաքներում Տեր-Պետրոսյանի կողքին է, Բաղդասարյանին անուղղակիորեն «ընտանեպիղծ» է անվանել:)

Օհանյանը Տեր-Պետրոսյանի համակիրն է, իր հայացքներն արտահայտել է խմբագրականներում, բայց դեմ է, որ մյուս լրագրողներն էլ նույնն անեն. «Ես ի՞նչ իրավունք ունեմ լրագրողին ստիպելու մտածել այնպես, ինչպես ես եմ մտածում, առավել ևս` դրսի հեղինակին (ինչպիսին Անտինյանն է)»։

«Հեռուստատեսությունը իշխանություններին է գովերգում, ընդդիմությանը հայհոյում, մենք էլ հակառա՞կն անենք` ընդդիմությանը գովենք, իշխանություններին հայհոյենք: Դա ինձ համար ամենամերժելի բանն է, դա նշանակում է` թերթը սպանել։ Ի վերջո, ամենավատ բանը, որ ես տեսնում եմ լրատվական դաշտում, այն է, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի անքննադատելի օղակներ, ինչ էլ անեն, նրանց սխալը ներվում է, և հակառակը` թիրախներ, որոնց միայն պետք է քննադատել»։

«Ժամանակ Երևանի» իրավական թեմաներով գրող թղթակից Էլմիրա Մարտիրոսյանը ասում է, որ Օհանյանը որպես խմբագիր չի սահմանափակել իր ազատությունը։

«Կարելի է ասել, որ Հայաստանում չկան անկախ լրատվամիջոցներ,- ասում է Էլմիրան, որ աշխատել է և իշխանամետ և ընդդիմադիր լրատվամիջոցներում: - Այն լրագրողը, որն ուզում է անաչառ լրատվություն տալ, իր տեղը չի գտնում. գնում է իշխանամետ լրատվամիջոց, ստիպում են գրել այն, ինչ դու չես մտածում, գնում է ընդդիմադիր, կրկին ստիպում են՝ միայն իշխանականի հակառակը։ Ցավոք, մեծ մասամբ տեղ չունենալով աշխատելու, լրագրողները էթիկայի դեմ են գործում ու աշխատանքը չկորցնելու վախից լռում են, թե ինչ է կատարվում մամուլում»։

Աղբյուրը (http://armenianow.com/?action=viewArticle&AID=2745&lng=arm&IID=1169)

Վիշապ
21.01.2008, 10:22
Կարդացի Էդվարդ Անտինյանի հոդվածը, իմ կարծիքով շատ սուբյեկտիվ քննադատություններ են, մասնավորապես թե ինչու 2004 թվին Լևոնը ձայն չէր հանում, կամ ոնց է իր ծրագրերը իրականացնելու եթե ազգային ժողով ցրելու իրավասություն չունի, շուրջը ոչ կոմպետենտ մարդիկ են հավաքվել և այլն... Լևոնը առաջին անգամ ձայն հանեց մի քանի ամիս առաջ, նա գիտեր երբ պիտի ձայն հանի, որ իր ձայն հանելը իմաստ ունենա, կամ իր ծրագրերը իրականացնելու համար բավական է դատական համակարգը ունենալ իր ենթակայության տակ, կամ էլի ծրագրերի իրականացման համար ամենավերջին թափթփուկն էլ կարող է ժամանակավորապես օգտակար լինել, հետո կֆիլտրվեն, քաղաքականությունը այդ երբվանի՞ց է ազնվագույն խաղը դարձել:P
Գուցե կարելի էր հենց իրեն՝ Լևոնին այդ հարցերը տալ, նոր քննադատել, բոլոր նման հարցերին վերջին մամուլի ասուլիսում նա պատասխանել է։ Ու թերևս այդ նույն հարցերին մենակ նա է հիմնավորված պատասխանել, կարելի է կարծել թե մյուս թեկնածուները համ ավելի շատ իրավասություններ կունենան նախագահ դառնալուց հետո, համ ավելի ուժեղ են, համ 2004թ.-ի ապրիլի 12–ի համար ձայն են հանել ու պայքարել են հանուն արդարության։
Սկզբունքորեն կարելի է համարել որ Էդվարդ Անտինյանը խորը չմտածելով արտահայտել է իր սուբյեկտիվ տագնապները (այնուամենայնիվ հոդվածից նկատվում է նրա բացասական դիրքորոշումը, եթե ոչ ատելությունը Լևոնի հանդեպ), չնայած էլի իր իրավունքն է։
Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանին, ապա այդ տղան լավ կլիներ գնար բանակում մարդավարի ծառայեր, գար, որ հետո էլ կարողանար հանգիստ խղճով անօրինականության կամ անարդարության դեմ պայքար տանել իր թերթով ու մաքուր դուրս գալ։ Բայց որ Անտինյանի նմանին ու նրան հանդուրժող խմբագրին հեռացրել է, ապա լա՛վ է արել:P:hands