PDA

Դիտել ողջ տարբերակը : Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում



Chuk
20.01.2008, 01:42
Սիրելի այցելուներ, ակումբականներ և ԴՆ Ֆորումի անդամներ:
«Դար» ակումբն (http://www.akumb.am) ու ԴՆ Ֆորումը (http://www.dnforum.am) սկսում են համագործակցության նոր ծրագիր, որի գերնպատակներն են ինտերնետում հայ գրի տարածմանն էլ ավելի նպաստելը, ինտերնետային տարբեր համայնքների կայացումն ու մերձեցումը` մեկ միասնական լեզվական, մշակութային, ինտելեկտուալ դաշտում: Թեև այսօր ԴՆ Ֆորումի (http://www.dnforum.am) ու «ԴԱՐ» ակումբի (http://www.akumb.am) մի զգալի հատվածը նույն անձինք են, բայց կան մարդիկ, ովքեր ֆորումներից միայն մեկին են անդամակցում և բացի այդ երկու ֆորումներն էլ՝ ցուցաբերելով զարգացման և ընդլայնման միտումներ, առաջիկայում կունենան բազմաթիվ նոր անդամներ, ովքեր ծանոթ չեն լինի հարևան ֆորումի «բնակիչներին»: Թեև այս երկու ֆորումներն իրենց օրակարգերում ունեն միմյանցից մասամբ տարբերվող խնդիրներ, սակայն ունեն նաև ընդհանուր նպատակներ, այդ թվում` ինտերնետային հայատառության տարածումը, աշխարհասփյուռ հայերի միջև ինտելեկտուալ և հոգևոր, ընկերական և բարեկամական կապերի ստեղծումը:

Այս ու այլ խնդիրների լուծմանը հասնելու համար որոշեցինք սկսել մի միջանկյալ նախագիծ: Երկու ֆորումների երկուական անդամներ մամլո ասուլիս են տալիս միաժամանակ երկու ֆորումների անդամներին: Խնդիրը պարզ է և իրականանալի: Յուրաքանչյուր տրված հարցի պետք է պատասխանեն մամլո ասուլիս տվող երկուսն էլ, անկախ նրանից, թե հարցը որ ֆորումում է հնչել: Վերջում կհամակարգվեն երկու ֆորումների հարցերը, հարցվողների պատասխանները ու երկու ֆորումներում էլ համապատասխան թեմաներում կներկայացվեն ֆորումցիների դատին: Առաջին մամլո ասուլիսը, ինչպես և կարելի էր սպասել, երկու ֆորումների հիմնադիրների` Chuk-ի (akumb.am (http://www.akumb.am)) և Philosopher-ի (dnforum.am (http://www.dnforum.am)) հետ է: Ուղղեք նրանց ձեր հարցերը: Հարցերը կարող են լինել ցանկացած բովանդակության. անձնականից մինչև հասարակական, տեսականից մինչև գործնական:

Եվ այսպես, մամլո ասուլիսը հայտարարում ենք բացված: Ձեր հարցերը կարող եք ուղղել մեկ շաբաթվա ընթացքում, պատասխանները կլինեն հաջորդ շաբաթ: Ակնկալում ենք երկու ֆորումի անդամների ակտիվ մասնակցությունն ու հարցադրումները:




Ուշադրություն. համապատասխան թեման ԴՆ ֆորումում (http://www.dnforum.am) կարող եք գտնել այստեղ (http://dnforum.am/showthread.php?t=3433):

Ուլուանա
21.01.2008, 05:11
Իսկ սադրիչ հարցեր կարելի՞ է։ :P :))
Հարց, որն ուղղում եմ երկուսիդ էլ.
1. Chuk և Philosopher, ի՞նչ ունի Ակումբը, որ չունի ԴՆ ֆորումը, և ի՞նչ ունի ԴՆ ֆորումը, որ չունի Ակումբը։
Ի դեպ, հումորային ու բառախաղային բնույթի պատասխանները չեն ընդունվում։ ;))
Հետո էլի հարցեր կմտածեմ, առայժմ սա մտքովս անցավ։

Philosopher
21.01.2008, 11:07
Ժողովուրդ, նախ` մուտքային տեքստի մեջ ճշգրիտ գրված է, որ նույն հարցերը պետք է ուղղել երկուսին էլ, այսինք սա ոչ թե միաժամանկյա սեանս է` առանձին հարցերով, այլ նույն հարցերով հարցազրույց: Եվ երկրորդը` փորձեք տալ ինֆորմատիվ, կարևոր հարցեր և մեկ էլ մի փորձեք ձեր ցանկությունները պարտադրել հարցազրույց տվողներին: Նրանք են որոշում որ հարցին ինչպես պատասխանել:) Եվ եղեք առավել ակտիվ: Հուսով եմ, դեռ կան մարդիկ, որոնց հետաքրքրում է այն ընդհանուր տունը, որ կոչվում է հայատառ ինտերնետ և այն ալտերնատիվ գոյությունն ու մտածողությունը, որ ձևավորվում է հայատառ ինտերնետում: Հուսով եմ:)

StrangeLittleGirl
21.01.2008, 11:58
Լավ, մի հատ էլ ես կռիսական հարց տամ. դուք իրար մրցակիցներ համարու՞մ եք:

Malu
21.01.2008, 13:18
Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկում, որ ձեր կայքերը ավելի մեծ տարածում գտնեն հատկապես սփյուռքահայերի շրջանում: Որքանո՞վ են նրանք տեղեկացված այս կայքերի մասին…

Sunny Stream
21.01.2008, 20:26
Ձեզանից յուրաքանչյուրի հիմնած ֆորումը ի՞նչ ներդրում է ունեցել հայատառ ինտերնետի ձևավորման հարցում... Արդյո՞ք մի ֆորումը ծնվել է մեկի աշխատանքից, թե՞ դրանք առանձին են ստեղծվել ու ծավալել էդ յուրատեսակ հայերենապահպանական գործունեությունը...
(Համ էլ ապրեն երկու ֆորումներն էլ` իրենց հիմնադիրներով...:good ԴՆՖորումի մասին նոր իմացա :oy...)

ivy
22.01.2008, 02:27
Իմ հարցերը Chuk-ին ու Philosopher-ին: :)

Կա՞ մի բան, լինի դա հմտություն, թե անձնային որակ, որ կուզենայիք սովորել մեկդ մյուսից:

Կա՞ մի հարց, խնդիր, որում հաճախ եք ունենում անհամաձայնություններ, տարաձայնություններ միմյանց հետ: Եթե այո, ապա ի՞նչ հարցում:

Դուք գլոբալ հայացքի մարդիկ եք՝ թեկուզ միայն ձեր ինտերնետային գլոբալ նախագծերից ելնելով: Գլոբալ հարցերի վրա կետրոնացումը չի՞ խանգարում արդյոք անձնական կյանքում, չի՞ խլում անձնականի համար անհրաժեշտ ժամանակը:

Ի՞նչ է ֆորումը ձեզ համար՝ գո՞րծ, մի՞սիա, զբաղմու՞նք, զվարճա՞նք, կառավարման դա՞շտ, ուսուցողական կառո՞ւյց, գուցե ա՞յլ մի բան:

Կա՞ մի բան, ինչը ձեզ համար անսպառ ոգեշնչման աղբյուր է ցանկացած գործում:

Ինչպե՞ս եք պայքարում ընկճվածության դեմ: Իսկ ծուլության դեմ դեղ ունե՞ք:

Բոլորիս էլ երևի թե հետաքրքիր են խելացի, ինտելեկտուալ ու բանիմաց մարդիկ: Արդյոք կա՞ն այնպիսի հատկանիշներ, որոնցով օժտված լինելու դեպքում այդ խելացի մարդիկ ոչ մի արժեք ու հետաքրքրություն չեն ներկայացնի ձեզ համար:

Կան մարդիկ, որոնց երբեք իրականում չեք հանդիպել, բայց իրենք ինչ-որ իմաստով ձեր վիրտուալ տարածքի ու վիրտուալ կյանքի մի մասն են: Դժվար չի՞ արդյոք շփումն այդ մարդկանց հետ, թեկուզ միայն ֆորումի շրջանակներում: Իսկ որպես ղեկավարների՝ ձեզ չեն անհանգստություն չե՞ն պատճառում իրենց անկանխատեսելիությամբ ու «բացարձակ վիրտուալությամբ»: :P

Հե՞շտ է արդյոք վիրտուալ հարաբերությունները տեղափոխել ռեալ, դրանից ոչինչ չի՞ տուժում, իսկ ի՞նչն է շահում:

Ինչպե՞ս ապրել համերաշխ ինքդ քեզ հետ՝ նաև առանց վնասելու ուրիշներին:

Հանդուրժողականությունը օգնո՞ւմ է կյանքում, թե՞ վնասում:

Հնարավո՞ր է լինել բացարձակ երջանիկ:

Նախապես շնորհակալ եմ պատասխանների համար: :)

Ուլուանա
22.01.2008, 03:20
2. Ի՞նչը դրդապատճառ հանդիսացավ ձեր ֆորումների բացման համար։

3. Ընդհանուր առմամբ, ովքե՞ր են ձեր ֆորումի անդամները։ Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ու նախասիրություններ ունեն կամ ձեռք են բերում ֆորումին անդամակցելու ընթացքում։

4. Ո՞ր անվանակարգում կցանկանայիք հաղթող տեսնել ձեր ֆորումը։

Ուրվական
22.01.2008, 20:04
1. Որևէ մեկին ատե՞լ կամ ատու՞մ եք:
2. 10 Բալանոց համակարգով ինչքան կգնահատեիք Ակումբը և ԴՆ-ն, և ինչու՞:

StrangeLittleGirl
22.01.2008, 22:37
Դե լավ, հարցս վերաձևակերպեմ: Ինչու՞ բացեցիք ձեր ֆորումները, երբ ինտերնետում լիքը հայկական ֆորումներ կային, իսկ բաժիններն էլ գրեթե չեն տարբերվում:

StrangeLittleGirl
22.01.2008, 22:43
Մի հատ էլ հարց. պատժամիջոցներն ինչո՞վ են տարբերվում ԴՆ-ում և Ակումբում, ո՞րն է ավելի խիստ ֆորում:

Ավելացվել է 1 րոպե անց
Էլի. յուրաքանչյուրդ մի պատճառ ասեք, թե ինչու միջին հայ մարդը չի ցանկանա մտնել ձեր ֆորումները:

Լ.յ.ո.վ.
22.01.2008, 23:54
Երկու ֆոռումները միասին քանի՞ ակտիվ անդամ ունեն:
Ուղղակի հետաքրքիր է հայերենով հաղորդակցվողների թիվը::think

StrangeLittleGirl
22.01.2008, 23:58
Երկու ֆոռումները միասին քանի՞ ակտիվ անդամ ունեն:
Վա՜յ, սրանից մի հարց ծնվեց. երկու ֆորումները քանի՞ չկրկնվող անդամ ունեն, այսինքն՝ քանի՞ մարդ կա մոտավորապես, որ Ակումբ մտնում է, Դն՝ ոչ, և հակառակը:

Ձայնալար
23.01.2008, 11:01
…Թեև այս երկու ֆորումներն իրենց օրակարգերում ունեն միմյանցից մասամբ տարբերվող խնդիրներ…


Ինձ այս մասն է հետաքրում՝ որո՞նք են հիմնական սկզբունքային տարբերությունները այս երկու ֆորումների:

Vishapakah
23.01.2008, 17:18
Լավ հիշացրեցիք, ես էլ եմ dnforum-ում գրանցված::P

Այս հարցը միշտ ուզեցել եմ տամ Փիլիսոփային:) Չուկն էլ կարող է պատասխանել:

Խոսալու ժամանակ հիմնականում մեջբերելով տարբեր խելացի մարդկանց խոսքեր, կամ փիլիսոփաների արտահայտած մտքեր, չես վախենում, որ կմտածեն, որ ոչ թե սեփական կարծիքդ ես արտահայտում, այլ գտնվում ես ուրիշների գաղափարական ազդեցության տակ?

Հ. Գ.
Խնդրում եմ չվիրավորվել, իրոք միշտ հետաքրքրել է: Եվ շատ դժվար է իրականում իմանալ, Փիլիսոփան այս կամ այն հարցի շուրջ ինչ է մտածում:

Ներսես_AM
25.03.2008, 18:58
Այդպես էլ չկայացավ հա՞: գրվեց սառույցին ու մնաց

VisTolog
25.03.2008, 21:26
Ես էլ հենց նոր իմացա էս թեմայի մասին:
Բա, երբ են լինելու պատասխանները` եթե լինելու են:

Chuk
18.04.2008, 00:21
Հնչած հարցերի մեր պատասխանը ներկայացնում ենք մեծ ուշացումով: Սրա հիմնական մեղավորը ես եմ, կամ ավելի ճիշտ մոտ երկու ամիս զորամասից ինձ տուն չթողնելու հանգամանքը: Ուշացնելու համար ներողություն եմ խնդրում բոլորիցդ:

Ի վերջո հարցերին պատասխանեցի այնտեղ, ու քանի որ խոսելու անհագ ծարավ ունեի, իսկ այդ օրերին զրուցակիցներս այնքան էլ շատ չէին, պատասխաններս շատ երկար ստացվեցին, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում: Իսկ ընդհանրապես, հուսով եմ, որ ասուլիսը կտա ձեր հարցերին սպառիչ պատասխաններ: Բարի ընթերցում եմ կամենում:


Ավելացվել է 42 վայրկյան անց
Հարց «ԴԱՐ» ակումբում և ԴՆ ֆորումում Ուլուանայից
Chuk և Philosopher, ի՞նչ ունի Ակումբը, որ չունի ԴՆ ֆորումը, և ի՞նչ ունի ԴՆ ֆորումը, որ չունի Ակումբը։

Philosopher: Բարդ հարց է, ցուցակի կարիք կլինի և այն էլ ցուցակի, որը կունենան, ասենք, երեք հատված` տեխնիկական, վարչական, գաղափարական: Ու քանի որ իմ հերթական սուրճը արդեն ավարտվում է ու ես էլ երեկ ընկերներիս եմ հանդիպել ու տարբերություններ փնտրելու ցանկություն առանձնապես չունեմ, ձևակերպեմ, օրինակ, այսպես: Ակումբը ամիսներ շարունակ ունեցել է Philosopher ավագ մոդերատոր: ԴՆ-ը այսպիսի ավագ մոդերատոր չունի: Իսկ ահա ԴՆ-ը ունի Chuk-ի նման գրականության մոդերատոր: Իսկ ակումբը այդպիսի գրականության մոդերատոր չունի :D;) Իսկ եթե ավելի լուրջ. Ակումբը ունի մարդկային-երիտասարդական ջերմության այն լիցքը, որը բոլորիս մերձեցնում է միմյանց, դարձնում ընկերներ ու գաղափարակիցներ, իսկ ահա ԴՆ-ը ունի գաղափարական ու ինտելեկտուալ չափանիշներ, որոնք անփոխարինելի արժեքներ են ԴՆ-ում և երբեք չեն դառնալու առևտրի առարկա` այդ թվում և հատկապես անդամների հետ ղեկավարության հարաբերություններում: Ակումբում կա միջնադարյան եվրոպական քաղաքի կառնավալայնությունը, ԴՆ ֆորումում կա ինտելեկտուալ ֆիեստա: Մոտավորապես այսպես կպատասխանեի այս հարցին ու պատասխանելուց հետո կմտածեի. սահմաններ գծել միշտ պետք է, բայց, ուշադիր եղիր, կենդանի կյանքը չկորչի: Նույն ուշադրության կոչը նաև տարբերություններ փնտրողներին :)

Chuk: Շնորհակալություն հարցի համար: Սա գուցե ամենակարևոր հարցն է, որ պետք է շոշափվի այս ասուլիսի ընթացքում: Այդ հարցը իր ժամանակին իմ մեջ էլ է առաջացել: Այդ հարցն ինձ ուղղել են նաև ուրիշները: Գիտեմ նաև, որ շատերի մեջ է այս հարցն առաջացել, բայց չեն բարձրաձայնել: Ահա թե ինչու այս հարցի վերաբերյալ փոքր-ինչ շատ կծավալվեմ՝ բավականին շեղվելով բուն հարցադրումից:
Այս հարցի «արդիականության» պատճառը թերևս այն է, որ առաջին հայացքից երկու ֆորումները ունեն շատ նմանություններ: Ժամանակին, նույնիսկ, ԴՆ ֆորումը կլոն է անվանվել ակումբցիներից մեկի կողմից, ինչն առիթ է տվել որոշ հարաբերությունների թեժացման:
Այսպիսով հարցին մոտենանք երկու կողմից: Առաջին կողմը. եթե անգամ նրանք իրար այնքան նման լինեին, որ հնարավոր լիներ մեկին մյուսի կլոնը անվանել, ապա այդ դեպքում կարելի կլինե՞ր ասել, որ դրանցից առնվազն մեկն ավելորդ է: Եվ երկրորդ. իսկ իրականում տարբերվու՞մ են, թե՞ ոչ:
Այսպիսով, հարցի առաջին կողմը: Կարծում եմ, որ որքան շատանան համացանցից օգտվողները, այնքան պետք է շատանան հաղորդակցման հարթակները, անկախ նրանից, դրանք կլինեն ֆորումներ, բլոգներ, թե այլ, ավելի հետաքրքիր մտահղացմամբ կայքեր: Ու այստեղ անիվ հայտնագործելը պարտադիր զբաղմունք չէ: Ֆորումային համակարգերն որոշակի մշակում անցած, որոշակի կառուցվածք ու կանոններ ունեցող համակարգեր են: Ակնհայտ է նաև, որ եթե գլոբալ օգտագործման ֆորում ես բացում, նախատեսելով որ այն օգտագործեն հասարակության շատ շերտեր՝ տարբեր հետաքրքրությունների տեր, ապա կան որշակի թեմաներ, որոնց վերաբերյալ բաժիններ պետք է ունենա ֆորումդ: Ու անկախ քեզնից պետք է այնպես ստացվի, որ բացածդ ֆորումը շատ ու շատ հարցերով նման է լինելու նախկինում գոյություն ունեցողներին: Դա բնավ, երբեք չի նշանակում, որ այս նոր ֆորումիդ կարիքը չկար: Եթե կարիքը չկա, ուրեմն կա՛մ ֆորում գաղափարն ինքը արդեն պետք չի ինտերնետից օգտվող հասարակությանը, կա՛մ էլ սպառվել է այն մարդկանց քանակը, ում հետաքրքրում են ֆորումները: Բայց եթե ֆորումն այլևս հետաքրքրություն չի վայելում ինտերնետից օգտվող հասարակության մոտ, ապա ամենայն հավանականությամբ կա ավելի «կատարյալ», լայն հնարավորություն ընձեռող համակարգ, և այլևս չկա ոչ միայն նորաստեղծ ֆորումի, այլև հնում գոյություն ունեցողի պահանջարկը: Իսկ եթե սպառվել են մարդիկ, ում հետաքրքրում են ֆորումները, ուրեմն կկարողանանք փաստել, որ նախկինում գոյություն ունեցած ֆորումներն էլ գնում են դեպի ճահճացում, վերացում, աստիճանաբար պակասում է նրա պահանջարկը ու ստացվում է, որ ոչ միայն նորը, այլև հինն էլ պետք չի: Այսինքն քննարկածս երկու դեպքերում էլ եթե չկա նորի կարիքը, ապա այլևս չկա հնի կարիքը: Եվ հակառակը:
Անշուշտ ես չձևակերպեցի բոլոր հնարավոր տարբերակները, բայց այնուամենայնիվ պետք է պնդեմ, որ քանի դեռ գոյություն ունի մեկ ֆորում ու այն որոշակի հետաքրքրություն է վայելում, ապա պետք է լինի նաև երկրորդի, թեկուզ իրեն շատ նմանի կարիքը, հակառակ դեպքում ինչ-որ բան այնպես չէ:
Այլ հարց, որ ֆորումը չպետք է ինքնանպատակ բացվի: Ես տեսել բազմաթիվ թիթեռնիկի կյանք ունեցող ֆորումներ: Պետք է կարողանաս ապահովել, որ քո բացած ֆորումը հետաքրքրի ինչ-որ մարդկանց, որ նրանք այդտեղից ինչ-որ օգտակար բան ձեռք բերեն: Եվ եթե կարողացար դա անել, կապ չունի, քո ֆորումը առաջի՞նն է նմանատիպ բովանդակությամբ ֆորումների մեջ, երկրո՞րդը, թե՞ հարյուրերորդը:
Այս նախաբանը գրել եմ այն մարդկանց համար, ում պատասխանիս երկրորդ հատվածը չի բավարարելու: Իսկ երկրորդ հատվածը վերաբերվելու է այն հարցին, թե արդյո՞ք տարբերվում են մեր ԴՆ ֆորումն ու Ակումբը, կամ ինչպես ձևակերպել է Անահիտը (ակումբի Ուլուանան և ԴՆ-ի Փորփրուկը), ինչ ունի սրանցից ամեն մեկը, որ չունի երկրորդը:
Այս հարցի պատասխանը տալիս կարելի է շատ խորանալ՝ սկսելով, օրինակ, տեխնիկական կողմից, որովհետև չնայած երկու ֆորումներն էլ ստեղծվան են նույն vBulletin համակարգի հիման վրա, բայց ունեն նաև տարբերություններ, ինչպիսիք են օրինակ ԴՆ-ում առկա բլոգային համակարգը ու ակումբի յուրահատուկ զգեստապահարանը: Անշուշտ սրանք այն տարբերությունները չեն, որոնց վրա կարելի է ֆիքսվել, որովհետև սրանցից ամեն մեկը մյուս ֆորումը կարող է հեշտությամբ ձեռք բերել: Մասնավորապես իմ անունից խոսեմ, կարծում եմ, որ առաջիկայում ակումբում էլ կներդրվի բլոգային համակարգ, քանի-որ վստահ եմ, որ դրա կարիքը կա:
Կան նաև այլ տարբերություններ: Սկսած մթնոլորտից: Իհարկե այստեղ գործ ենք ունենալու սուբյեկտիվ գնահատականների հետ, բայց իմ տեսակետից նայելու դեպքում ԴՆ-ն աչքի է ընկնում առավել հայկական ընտանեկան դրվածքով, ակումբը քիչ ավելի անկաշկանդվածությամբ-անմիջականությամբ: Ի դեպ ես այսպիսի բնութագրումներ ինքս ինձ համար մտածել էի զուտ ֆորումների մթնոլորտներն ուսումնասիրելով, իսկ հետո հանկարծ նկատել էի, որ այդ դրվածքը կա նաև անվանումների մեջ: Պատահական չէ, որ ԴՆ-ն Դռնոյան Նալյան ամուսինների հրաշալի ընտանիքի ազգանունների սկզբնատառերով է կոչվում, իսկ ակումբը հենց ակումբ անվանումն է ընտրել: Այս երկուսը մրցակցային տարբերակներ չեն, այլ ընդամենը ֆորումներից յուրաքանչյուրի ղեկավարների նախընտրած ուղեգիծը: Ու սա հենց ֆորումների տարբերություններից մեկն է: Տարբերություններ էլի կան: Կարելի է խորն ուսումնասիրել ու նկատել, որ նույնիսկ գրառումների ձևն է տարբերվում ֆորումներում: Նույն մարդու գրառումների ոճը, երբեմն, տարբերվում է երկու ֆորումներում: Տարբեր են գրառումների նկատմամբ պահանջները ու կարելի է մանրանալով ասել, որ այս պահանջն ունի ԴՆ-ն, չունի ակումբը և հակառակը: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որ այդ պահանջները ինչ-որ տեղ ձևակերպված լինեն: Մթնոլորտն ինքը այդ ամենը թելադրում է:
Բայց շատ չշեղվեմ: Հիմնական ապացույցը, որ երկու ֆորումներն ունեն իրարից տարբերվող բաներ և մեկը մյուսի նկատմամբ ինչ-որ առավելություններ այն է, որ կան մարդիկ, ովքեր մտնում են թե՛ մի, թե՛ մյուս ֆորումը: Սա նշանակում է, որ կան բաներ, որոնք նրանք տալիս կամ ստանում են ակումբում, ու կան բաներ, որոնք տալիս կամ ստանում են ԴՆ-ում: Ու հենց սա է հրաշալի: Հրաշալի է, որ երկու ֆորումները իրար փոխլրացնող են, ոչ թե մեկը մյուսի դեմ պայքարող:
Ու վերջապես, իմ կարծիքով, այնքան կարևոր չէ, թե ինչ ունի մեկը, որը չունի մյուսը, այլ շատ ավելի կարևոր է, թե ինչ ունեն նրանք ընդհանուր: Իսկ ընդհանրություններից կուզեմ առանձնացնել ղեկավարների՝ մեր ձգտումը ֆորումները տեսնել ավելի հզորացած ու ավելի միաբան, տեսնել, որ դրանք օգնում են մարդկանց տեղեկատվություն ստանալու և փոխանցելու գործում, որ նրանք երկուսն էլ նպաստում են ինտերնետում հայերենի տարածմանը:

Chuk
18.04.2008, 00:23
Հարց ԴՆ Ֆորումում Black Orchid-ից
Ինչո՞ւ ստեղծեցիք ձեր ֆորումները։ Նպատակը կամ/և շարժառիթները որո՞նք էին։

Philosopher: ԴՆ Ֆորումը ստեղծվեց, քանի որ կուտակվել էր ու կար կյանքի, երկրի ու աշխարհի մասին մի ամբողջական, համակարգված ասելիք, որը պահանջում էր համապաասխան վարչական ու կազմակերպչական ձև: ԴՆ Ֆորումը ստեղծվեց` ապացուցելու համար, որ իսկական մարդու ներքին արժեքը, նրա ինտելեկտուալ ու հոգևոր գտնումներն ու կուտակումները պահանջված են, որ իր երկրում, իր քաղաքում ապրող մարդը իրավունք ունի հանդիպել իր նմանին ու իրավունք ունի նրա հետ նստել մեծ երկխոսության, որ ինտելեկտուալ չափանիշներով կազմակերպված համայնքը հայ հանրության մեջ ունի պահանջարկ ու ունի հետևողական մասնակիցներ ու աջակիցներ:


Chuk: Ֆորումային հաղորդակցման, տեղեկատվություն փոխանցել ու ստանալու ֆորումային համակարգը ինձ գերել է բավական վաղուց: Շատ բաներ, որոնք ես չէի կարողանում ստանալ այլ տեղերում՝ սկսած դպրոցից, վերջացրած աշխատավայրով, կարելի էր ստանալ ֆորումի միջոցով: Բազմաթիվ ֆորումներ այցելեցի, եղա ակտիվ, գտա այդ ֆորումներում իմ ուրույն տեղը: Բայց ինձ միշտ չէր բավարարում այդ ֆորումների լեզուն: Սովորաբար դրանք ունենում էին անգլերեն միջավայր, իսկ հաղորդակցման հիմնական լեզուն ռուսերենն էր լինում: Հայերենով հաղորդակցումները սովորաբար սահմանափակվում էին translitov գրառումներով: Սա չէր կարող բավարարել ինձ: Տարբեր մարդկանց հետ, այդ թվում ֆորումների տերերի, ադմինիստրատորների, վեբ ոլորտի մասնագետների հետ խոսակցություններ եմ ունեցել, առաջարկելով ստեղծել հայերեն ֆորում, կամ իրենց ֆորումը վերածել հայերենի: Պատասխանները սովորաբար այնպիսին էին, որ իբր հայ հասարակությունը դեռ պատրաստ չի հայերենով հաղորդակցվելուն, որ չկան համապատասխան տեխնիկական հնարավորություններ և այլն:
Սա էր նպատակը: Բայց պետք է խոստովանեմ, որ այդ նպատակն իրականություն չէր դառնա, եթե չլինեին Անահիտը (Ուլուանա), Արթուրը (ArtGeo), Հայկը (Network.am) և հեռակա՝ Արշակը: Մի անգամ կես բերան ակնարկ նրանց մոտ, որ ցանկանում եմ այդպիսի ֆորում բացել ու հետո ամիսներ շարունակ Անահիտն ու Արթուրը կյանքս ուտում էին, պարտադրելով այդ գործը արագացնել: Եթե նրանք կյանքս չուտեին, ֆորումի բացումը դեռ շատ կուշանար: Ես ուզում էի շատ մանրամասն կշռեի, դատեի, հաշվարկեի բոլոր քայլերս ու նոր անեի, վախենալով, որ բացածս ֆորումը շատ այլ ֆորումների նման կունենա թիթեռնիկի կյանք, դրանով իսկ կարծրացած կարծիքն ավելի ամրապնդելով, որ հայերեն ֆորումների ժամանակը դեռ չի եկել: Հա, մոռացա ասել, հեռակա կարգով կյանքս նաև Արշակն էր ուտում, չնայած նրան դեռ չէի ճանաչում: Արշակն ուղղակի իր քրոջ՝ Անահիտի միջոցով ինձ պահանջներ էր ուղարկում: Ի վերջո տեղի տալով այդ հորդորներին, բազմաթիվ խորհրդակցություններ անցկացնելով Հայկի հետ, որոշեցի բացել: Արդյունքը տեսնում եք:
Ի դեպ սա իմ բացած երկրորդ հայերեն ֆորումն էր: Առաջին ֆորումը, որ բացվել էր IPB 1.2 ֆորումային համակարգի հենքի վրա, փակել էի, որոշելով դեռ էլի ուսումնասիրել ֆորումների աշխատանքը: Այն աշխատում էր forum.dar.am հասցեով: «Դար» ակումբն էլ սկզբից բացվեց այդ հասցեով, որտեղից եկավ նրա «ԴԱՐ» անվանումը՝ «Դար» հրատարակչության (www.dar.am) անվանումից, հետո նոր տեղափոխվեց akumb.am առաջնային դոմեյնային հասցեով:

Ավելացվել է 1 րոպե անց
Հարց ԴՆ Ֆորումում Black Orchid-ից
Ֆորում ստեղծելն ու պահելը դժվա՞ր գործ է։

Philosopher: Այո :) Ֆորումը շատ բան է պահանջում ֆորումի կազմակերպչից` ծրագրավորումից մինչև հասարակական ու անհատական հոգեբանություն: Որևէ հարցում բացը կարող է ճակատագրական լինել: Բայց անում ենք, նաև մեր ընկերների շնորհիվ, որոնք օգնում են մեզ բազմաթիվ հարցերում: Իսկ եթե ավելի գլոբալ հայացքով նայենք, ֆորում պահելը դժվար չէ: Ֆորումը ունենալն է դժվար, ֆորումում սեփական տեսակի գերակայությունը պահպանելն է դժվար, ֆորումը իրական, ապրող, շնչող, զարգացող ու արարող համայնք դարձնելն է դժվար: Բայց դա է մեր գործը: Ես այն անում եմ հաճույքով, քանի որ այն պահանջում է մարդու ու հասարակության ամբողջական զգացողություն, նյութերի, թեմաների դիտարկում ազգային ու մարդկային բնավորությունների կոնտեքստում: Բոլոր ամբողջական համակարգերի ստեղծումը ու պահպանումը դժվար է: Այդ դժվարություններին ընդառաջ գնալն է հեշտ ու այդ հեշտությամբ էլ այս գործերն արվում են ;) :love


Chuk: Ստեղծելու համար պետք է ընդամենը գումար (ֆորումային համակարգի փաթեթը գնելու, դոմեյնը ձեռք բերելու ու հոսթինգ սպասարկման ծախսերը հոգալու համար) և երևի թե վերջ: Շատ քիչ գիտելիքներ են պետք ֆորումի մինիմալ սպասարկումն ապահովելու համար: Այ պահելը փոքր ինչ ավելի բարդ է: Պետք է կարողանաս հենց ստեղծելու պահից ընտրել այնպիսի բաժիններ, ստեղծել այնպիսի թեմաներ, որ ֆորումումդ պատահական հայտնված առաջին մարդիկ հավատան, որ այդտեղ պարապ ժամանակ չեն անցկացնելու, այլ օգուտ էլ են քաղելու, իրենց համար հետաքրքիր է լինելու: Պետք է կարողանաս հնարներ գտնել, որպեսզի մարդիկ իմանան ֆորումի մասին գան ու գալուց հետո այնպիսի բան տեսնեն, որ գնալ չուզեն: Արդեն պետք է գիտելիքներդ էլ բավական լինեն, որպեսզի եթե տեխնիկական խնդիրներ ծագեն, կարողանաս լուծել դրանք: Պետք է ունենաս համբերություն, որպեսզի դիմանաս բոլոր բողոքներին, որովհետև դրանք այսպես թե այնպես լինելու են: Պետք է կարողանաս լինել հնարավորինս հավասարակշռված, որպեսզի հնարավորին չափ զերծ մնաս տաքացած ժամանակ ֆորումիդ այցելուին վիրավորելուց: Պետք է կարողանաս... Դժվար է ասել, դժվար է, թե չէ: Համենայն դեպս հեշտ չէ:

Ավելացվել է 2 րոպե անց
Հարց ԴՆ Ֆորումում Black Orchid-ից
Ստացվեց այն, ինչ ուզո՞ւմ էիք, թե՞․․․

Philosopher: Ստացվում է այն, ինչ ուզում էի ;)

Chuk: Ստացվեց: Բայց ստացվելուց հետո նպատակներն էլ փոխվեցին: Հիմա ավելին եմ ուզում: Պետք է ստացվի: Ստացվելուց հետո էլ ավելին կուզեմ:


Հարց ԴՆ Ֆորումում Black Orchid-ից
Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր ֆորումները մեկ տարի անց և ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել դրանք։

Philosopher: Մեկ տարի անց ԴՆ Ֆորումը կունենա բազմաթիվ անդամներ, բայց ֆորումի կորիզը կպահպանի իր գաղափակարական ու ինտելեկտուալ դիրքերը: Այսպիսին եմ պատկերացնում ու այդպիսի կցանկանայի տեսնել: Նաև` որոշ ստեղծագործական ու տեխնիկական նորամուծություններ, որոնք ԴՆ Ֆորումի անդամին ու հյուրին ամեն անգամ ինտերնետ մտնելիս կհիշեցնեն` դու այցելելու տեղ ունես :)


Chuk: Ֆորումը կուզեի տեսնել տեղեկատվությամբ հարուստ, ֆորումցիներին՝ համերաշխ: Ցանկանում եմ, որ ցանկացած հարցին շատ արագ սպառիչ պատասխան տրվի ակումբում: Որ քննարկումները անցնեն բարեկամական, ջերմ մթնոլորտում: Ցանկանում եմ, որ ցանկացած հետաքրքրության տեր մարդն այստեղ գտնի իրեն հետաքրքրող նյութեր, որ ղեկավար կազմի աշխատանքը հասցվի մինիմալի, քանի որ ֆորումցիներն այլևս կանոնադրությունը չեն խախտում: Որ այցելուների թիվը շատ ավելի շատ լինի ու շատերն այստեղ ընկերանան նույն հետաքրքրության այլ մարդկանց հետ: Կուզեմ, որ լինի հստակ համագործակցություն մեր ֆորումների միջև ու վստահ քայլերով առաջ գնանք:


Հարց ԴՆ Ֆորումում Black Orchid-ից
Ինչպե՞ս եք գնահատում ձեր կատարած աշխատանքը օբյեկտիվ տեսանկյունից․ գլոբալ առումով դրանք ի՞նչ նշանակություն ունեն։

Philosopher: Արդեն բազմիցս ասել եմ: Մենք կերտում ենք նոր հայկական իրականություն, ալտերնատիվ իրականություն, որտեղ մարդկային ինտելեկտը ու հոգին ստանում են առանց սահմանափակումների ու կաղապարների շփման ու փոխազդեցության հնարավորություն: Մենք ստեղծում ենք նոոսֆերա` հայատառության, բայց նաև` բարձր ինտելեկտուալության հիմքերի վրա:

Chuk: Կարծում եմ, որ եթե աշխատանքիս ծավալին նայենք, այն այդքան էլ շատ չէ, բայց նրա բերած օգուտը բավական մեծ է: Ես կարծում եմ, վստահ եմ, որ շատ-շատերի մոտ ինտերնետում հայերեն հաղորդակցվելու հնարավորությանը հավատը արթնացրեց «Դար» ակումբը ու սա հրաշալի է: Ես կարծում եմ, որ «Դար» ակումբն իր լուման դրել է հայատառ ինտերնետի կայացման գործում ու կարծում, որ դեռ էլի կդնի: Նույնը կարող եմ ասել ԴՆ-ի մասին: Բացի սրանից բարձր եմ գնահատում նաև այն փաստը, որ բազմաթիվ մարդիկ օգտակար տեղեկություն են կարողանում ստանալ այս ֆորումներում, որ շատերը սրանց օգնությամբ կարողանում են օրվա աշխատանքից հետո լիցքաթափվել, որ շատերն այստեղ ընկերներ են ձեռք բերել և այլն: Կարծում եմ, որ օբյեկտիվ տեսանկյունից, աշախատանքս բավական մեծ արդյունք է բերել... թող որ համարվի մեծամտություն:

Chuk
18.04.2008, 00:28
Հարց «Դար» ակումբում StrangeLittleGirl-ից
Լավ, մի հատ էլ ես կռիսական հարց տամ. դուք իրար մրցակիցներ համարու՞մ եք:

Philosopher: Նախ` կենդանիները մեր բարեկամներն են ու չարժե նրանց վարկաբեկել :D Երկրորդը` ոչ :)

Chuk: Ավելի ճիշտ կլինի այսպես ասեմ, որ ուզում եմ մրցակցել: Դա է, մեր ֆորումներից ամեն մեկին հնարավորություն է տալու ավելի հզորանալ: Մրցակցել ասելով չեմ հասկանում, որ մենք պետք է իրար դեմ պայքարենք, փորձենք մեկս մյուսին կուլ տալ: Ոչ: Դա անառողջ բան կլինի ու մեզ երկուսիս կտանի կործանման: Բայց մրցակցելը պարտադիր է:

Հարց «Դար» ակումբում Malu-ից
Ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկում, որ ձեր կայքերը ավելի մեծ տարածում գտնեն հատկապես սփյուռքահայերի շրջանում: Որքանո՞վ են նրանք տեղեկացված այս կայքերի մասին…

Philosopher: Առայժմ օգտվում ենք հայկական ինտերնետի ընձեռած հնարավորություններից: Ակումբի պարագայում ակնհայտ դարձավ, որ սփյուռքահայ շրջանակները աստիճանաբար գալիս են դեպի հայատառ կայքեր: Քանակական ու որակական առումով, սակայն, դեռ սփյուռքահայության վիթխարի զանգված կա, որը անհաղորդ է հայատառ ինտերներտին, նրա հաջողություններին ու կյանքի: Հուսով եմ` մոտակա նախագծերը, որոնք իրականացնում են ինչպես ԴՆ Կայքերի համակարգը, այնպես էլ Ակումբը, նոր շառավիղ կբացեն սփյուռքահայության համար դեպի նոր, ապրող հայկական իրականություն` հայատառ ինտերնետ: Դրա համար բոլոր նախադրյալները այսօր կան:

Chuk: Անկեղծ ասած կոնկրետ քայլեր դրա համար չեմ արել: Սահմանափակվել եմ նրանով, որ սփյուռքահայերը, ինչպես և տեղի հայերը, կարող են որոնման տարբեր համակարգերով, օրինակ Google-ով, գտնել ակումբը: Իհարկե տարբեր երկրներում ապրող ընկեր-ծանոթ-բարեկամներին խնդրել կամ առաջարկել եմ իր ծանոթների շրջանում «գովազդել» ակումբը, ինչը որոշակի օգուտ տվել է, սակայն դա, իհարկե շատ քիչ է:
Իսկ հարցդ խորհելու տեղիք տվեց: Կարծում եմ, որ բանակից վերադառնալուց հետո այս ուղղությամբ բավական նշանակալից գործ կանեմ: Արդեն որոշակի մտքեր առաջացան: Կարծում եմ, որ ակումբցիների հետ միասին որոշակի քաղաքականություն կմշակենք:


Հարց «Դար» ակումբում Ձնծաղիկից-ից
Ձեզանից յուրաքանչյուրի հիմնած ֆորումը ի՞նչ ներդրում է ունեցել հայատառ ինտերնետի ձևավորման հարցում... Արդյո՞ք մի ֆորումը ծնվել է մեկի աշխատանքից, թե՞ դրանք առանձին են ստեղծվել ու ծավալել էդ յուրատեսակ հայերենապահպանական գործունեությունը...

Philsopher: "Հայատառ ինտերնետի ձևավորում" արտահայտությունը արդեն վերջնականապես կապվում է Chuk-ի բացառիկ գործի` akumb.am-ի հետ: Եվ այս առումով` ակումբն իր խնդիրը փայլուն կատարել է: ԴՆ Ֆորումը, որը ստեղծվել է ակումբի ավելի քան մեկամյա գործունեությունից հետո` բազմաթիվ սկզբունքներով շարունակելով ակումբի, իսկ ավելի կոնկրետ` իրական ակումբայնության գործը, հայատառ ինտերնետի ձևավորման գործում իր դերն ունենալով` միաժամանակ իր առջև դնում է այլ, ավելի վերազգային խնդիրներ, որոնք հայ հանրության շրջանակում կարող են ու պետք է արծարծվեն հայատառության ու հայախոսության կարևորագույն պայմանների պահպանությամբ:

Chuk: Ես թերևս ավելի շատ կարող եմ ակումբի մասին խոսել: Ու թեև պատասխանս կարող է մեծամիտ հնչի, բայց ես համոզված եմ, որ եթե հայատառ ինտերնետի պատմություն գրվի, ապա այդ պատմության մեջ իր ուրույն տեղը կունենա ակումբը: Այստեղ ես ուզում եմ hayeren.am նախագիծը ակումբի հետ միացրած ներկայացնել, քանի որ դրանք իրականում իրար հետ սերտ կապված նախագծեր են: Իսկ ավելի կոնկրետ hayeren.am-ը հենց ակումբից է ծնվել ու ակումբի համար է ծնվել: Եթե ակումբը հնարավորություն տվեց որոշ մարդկանց հավատալ, որ հայերեն շփումն ինտերնետում իրոք հնարավոր է, դժվար չէ, ձեռնտու և հարմար է, ապա hayeren.am-ը առաջարկեց հաղորդակցումը հեշտացնելու համար գտնված լուծումներն այլոց էլ օգտագործել: Կարծում եմ, որ բավական դրական արդյունքի հասել ենք: Այսօր հայերեն գրելն ինտերնետում հեշտացնող մեր գրած լրածրագրերը, մասնավորապես տրանսլիտի փոխարկիչն ու ինտերնետային ստեղնաշարը, օգտագործվում են բազում կայքերում: Արդեն իսկ vBulletin ֆորումային համակարգի մեր թարգմանությամբ կան գործող տարբեր ֆորումներ: Սա արդեն նշանակում է, որ որոշակի դերակատարում ունեցել ենք: Այդ դերակատարման մասին են վկայում նաև տարբեր կայքերից ունեցած առաջարկները՝ օգնել իրենց կայքերը հայերեն դարձնել, ներդնել նրանցում մեր ստեղծած լրածրագրերը: Ի դեպ այդ կայքերի մասին. մի քանիսին համաձայնվել ենք ու կօգնենք, իսկ մի քանիսի հետ հեղինակային իրավունքների մեր պատկերացրած չափանիշները չբավարարվելու հարցում համաձայնության չգալու պատճառով, հրաժարվել ենք:
Իսկ հարցի երկրորդ մասի վերաբերյալ... այս մասին Philosopherն ավելի ամբողջական պատասխան կարող է տալ, իսկ անձամբ ես կարծում եմ, որ ճիշտ է, ակումբի գոյությունը որոշակի ոգեշնչման առիթ հանդիսացել է մասնավորապես DN-ն հենց հայերեն բացելու հարցում, բայց, միևնույն է, սխալ կլինի ասել, որ մեկը ծնվել է մյուսի աշխատանքից:


Հարց ԴՆ Ֆորումում Աոողջագետից-ից
ի՞նչ ընդհանուր գծեր ունեք, որ դարձրեցին ձեզ ֆորումների հիմնադիրներ,

Philosopher: Ե'վ ինձ, և' Chuk-ին բնորոշ է սեփական ձեռքերով ցանկություններն ու մտքերը իրականացնելու վճռականությունը: Ինչպես նաև այլ հատկանիշներ, որոնք սովարաբար ունենում են լիդերները, որոնք թվարկման կարիք կարծես թե չունեն ;)

Chuk: Գուցե համառություն ու կատարյալի անզուսպ ձգտում: Գուցե ազատության ծարավ: Գուցե նպատակասլացություն: Իսկ գուցե պարզապես գեղեցիկ գործ անելու, բարի բան հետևներիցս թողնելու ցանկությունն է այդ ընդհանուր գիծը:


Հարց ԴՆ Ֆորումում Աոողջագետից-ից
ի՞նչ տարբերություններ ունեք, և ինչպես է դա արտահայտվում և արտահայտվելու ձեր գործի մեջ,

Philosopher: Գաղափարական առումով տարբերություններ գրեթե չկան: Յուրաքանչյուրս մեր մակարդակում աշխատում ենք ու հասկանում ենք միմյանց արած գործերի կարևորությունը: Տակտիկական առումով տարբերություններ, իհարկե, կան: Բայց միմյանց մարդկային ու գաղափարական զգացողությունը մեզ թույլ է տալիս հասկանալ այդ տարբերությունները ու երբեմն հուշումներ անել միմյանց` իմանալով, որ երկուսս էլ նույն մեծ գործի տարբեր հատվածները կերտողներն ենք ու մեզ համար թանկ է յուրքանչյուրիս հաջողությունը ու ցավալի անհաջողությունը կամ փոքր կամ մեծ շեղումը ընդհանուր ուղուց: Ամենամեծ ընդհանրությունը, սակայն, այն է, որ որախ ենք, որ կանք ու անում ենք այն, ինչ անում ենք:

Chuk: Կարծում եմ, որ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ավելի հարմարվող եմ, քան Philosopher-ը: Եթե գործա անելով հասկանանք ֆորումների գործունեությունը, ապա կարծում եմ, որ հենց այս տարբերությունը բերելու է ֆորումների որոշակի ընթացքների տարբերությանը, քանի-որ Հայկը հստակ նպատակ է դնելու իր ֆորումի գործելաոճում ու նպատակասլաց հասնելու է հենց դրա իրականացմանը, իր պատկերացրածի իրականություն դառնալուն, իսկ ես ընթացքում նայելու եմ, թե մյուսներն ինչպիսին ես տեսնում ակումբը ու փորձեմ հարմարվել, բազում անգամներ փոփոխության ենթարկելով իմ ֆորումի ապագայի մասին իմ նախնական պատկերացումները:
Բայց ավելի կարևոր եմ համարում մեր նմանությունները, որոնք առանց թվարկելու կասեմ, որ բերում են մեր բարեկամությանը:


Հարց ԴՆ Ֆորումում Աոողջագետից-ից
"հայատառության" գագաթը գրավելուց հետո ի՞նչ մոտակա և հեռակա նպատակներ պետք է դնի իր առջև "ֆորում" երևույթը Հայաստանում,

Philosopher: Հայատառությունը միջոց է միայն, մեծ միջոց, բայց միևնույնն է` միջոց: Նպատակը նոր ժամանակների հայ, հայ մտածողություն, հայ հանրային հարաբերություններ ձևավորելն ու արմատավորելն է: Զարմանալի է, բայց հաջողությունները ավելի քան ակնհայտ են:

Chuk: Այս հարցի պատասխանն ինքն իրեն եկավ, երբ վերջերս վերցրել էի Մաշտոցի մասին մի գիտական-վերլուծական գիրք ու ընթերցում էի: Հեղինակը հեռակա վեճի մեջ էր մի շարք այլ բանասերների հետ: Կար պահ, երբ նրա հերթական առարկությունից հետո ուզեցի կարդալ նրա պաշտպանվելն, ում առարկում էր: Ու մտածում էի, թե ինչ հրաշալի կլիներ, եթե այս գիտնականներին հասանելի լիներ մի որևէ ֆորում, ինչքան հեշտ կլիներ (տեխնիկական առումով) նրանց բանավեճը կազմակերպելը ու որքան օգտակար, արդյունավետ կլիներ այն: Կուզեմ, որ հասնենք այս մակարդակին, որ հայկական ֆորումներում այդքան լուրջ քննարկումներ կայանան, որոք կլինեն ոչ միայն անձնական հետաքրքրությունը բավարարելու, այլև գիտական գործեր գրելու, գիտությունը զարգացնելու համար: Երբ կլինեն այնպիսի քննարկումներ, որ ընթերցողը ամեն տողը կարդալուց մի նոր բան կիմանա, կսովորի: Սա ոչ միայն երազանք է, այլև հստակ նպատակ, որի իրագործման բանալին, դեռ, մինչև վերջ գտնված չի:


Հարց ԴՆ Ֆորումում Աոողջագետից-ից
ֆորումից բացի ընկերության և համագործակցության ի՞նչ եզրեր ունեք, ի՞նչ ընդհանուր հակումներ, -ինչպիսի՞ն է ձեր ընկերության ապագան:

Philosopher: Եվ ԴՆ Ֆորումը, և Ակումբը ունեն նոր լուրջ նախագծեր, որոնց իրականացումը ևս ենթադրում է համագործակցություն: Սակայն այդ մասին հետո, ասուլիսի ժանրից ելնելով` որոշ բաներ չասենք, որ նորից պատիվ ունենանք ասուլիս տալու հին հայկական ավադույթի մասնակիցները դառնալու :D ;) Իսկ ընկերության ապագան ընկերությունն է` գաղափարական, կազմակերպչական, պարզապես մարդկային ընկերությունը, որը թանկ ու կարևոր ձեռքբերում է: Միշտ երբ խոսում ենք մեզանից, հիանում-զարմանում եմ Chuk երևույթով ու հպարտ եմ, որ այդպիսի մարդ կա իմ երկրում, իմ քաղաքում, իմ կողքին:

Chuk: Կարծում եմ, որ իրար հետ շատ անելիք ունենք: Որպես ընկերներ ունենք իրար հասկանալու ունակություն, ապրելու քաղց (ապրելու, ոչ թե գոյատևելու) ու այդ ապրելն ապահովելու համար իրար հետ շատ գործ ունենք անելու: Հայկն այն մարդկանցից է, ում, քո կողքին լինելը չափազանց պարտավորեցնող ու միաժամանակ երջանկացնող է: Չեմ ուզում գուշակել, բայց կարծում եմ, որ մեր ընկերությունը ավելի է խորանալու ու դրանից շահելու ենք ոչ միայն մենք:

Chuk
18.04.2008, 00:29
Հարց ԴՆ Ֆորումում Փայլից
Ի՞նչն է ձեզ ամենաշատը զարմացրել ձեր ընկերների մեջ՝ դրական և բացասական իմաստներով:

Philosopher: Դրական իմաստով` մարդկայնությունը, ներքին մարդ ունենալն ու նրան տեր կանգնելը, բացասական իմաստով` մարդությունը, որը, սակայն, բարեբախտաբար գրեթե երբեք չի գերիշխել մարդկայնության նկատմամբ: Իմ ընկերները երբեք չեն հեռանում, ու եթե նույնիսկ հեռվից, միևնույնն է ես գիտեմ` նրանք այն մարդիկ են, հանուն որոնց արժե ապրել, աշխատել ու արարել:

Chuk: Կոնկրետ ընկերների մեջ, բացասական իմաստով, զարմացրել է բացարձակ անտարբերությունը ինձ խիստ հուզող հարցերին:
Կոնկրետ ընկերների մեջ, դրական իմաստով, զարմացրել է նվիրվածության աստիճանը, հեզության ու հպարտության գերազանց համատեղումը:


Հարց ԴՆ Ֆորումում Փայլից
Կա՞ մի բան, որն ուզում եք ստանալ ֆորումցիներից, սակայն այդպես էլ չեք ստանում:

Philosopher: Երբ մի մարդու տալիս ես մի բան, պիտի նաև ստանաս: Ես ԴՆ-ցիներից հիմնականում ստանում եմ այն, ինչ ուզում եմ :)

Chuk: Թերևս ոչ: Իհարկե կուզեի, որ ավելի քիչ բողոքեին մեր աշխատանքից, մեր գործելաոճից և այլն, բայց չի կարելի է ասել, որ դա ուզում եմ ստանալ: Ավելին, եթե ամեն ինչ այդքան հարթ գնար, նույնիսկ կարող է մտածեի, որ ինչ-որ բան այնպես չէ:


Հարց ԴՆ Ֆորումում Փայլից
Նշեք երեք անուն, որոնց կարճատև արձակուրդի մեկնելուց առաջ` առանց վայրկյան անգամ վարանելու կվստահեիք ֆորումը (ները):

Philosopher: Իսկ ես այդպիսի անունների ցուցակ ունեմ ;)
Black Orchid, Chuk, Tom և այլն :)

Chuk: Ինձ համար շատ հեշտ է այս հարցին պատասխանելը: Բանակ գնալուց առաջ իմ առջև հարց էր կանգնած ֆորումը փակել-չփակելու հետ կապված: Չփակեցի: Նրա ղեկավարումը վստահեցի Արթուրին (ArtGeo), Անահիտին (Ուլուանա) և Հայկին (Network.am): Անշուշտ կային այլոք էլ, ովքեր հետևում էին ֆորումին, բայց օգտվելով որ հարցում երեք հոգու անուն է պահանջվում նշում եմ այն հիմնական հետևողներին, ում առանց վարանելու վստահեցի ակումբը: Արդյունքը տեսնում եք ինքներդ: Ծաղկած, հզորացած ակումբ: Ակումբն այսքան հզոր չէր, երբ ես բանակ էի գնում: Նրանք արեցին անհնարը, կատարեցին մի գործ, որը թերևս ես չէի կարողանա: Ակումբն այսպիսին չէր լինի առանց նրանց: Օգտվելով առիթից ուզում եմ թե՛ նրանց, թե՛ մնացած բոլոր մոդերատորներին, ավագ մոդերետորներին ու ադմինիստրատորներին շնորհակալություն հայտնել կատարած վիթխարի գործի համար: Ու եթե էլի վստահելու հարց ծագի, ապա այս երեքից ամեն մեկին առանց վարանելու նորից կվստահեմ, թեկուզ միայն մեկին, այլ ոչ թե երեքին միասին: Իրականում էլի շատերը կան, ում կվստահեի: Ընդհանրապես սիրում եմ մարդկանց վստահել, ակումբցիներից շատերը կարող են սա հաստատել: Տվեցի նրանց անունը, որովհետև արդեն իսկ արել եմ:


Հարց ԴՆ Ֆորումում Փայլից
Հարցերից դուրս ասեք մի բան, որը կարծում եք, որ պետք է ասվի ու լսվի:

Philosopher: Կասեմ այն, ինչ ամեն առավոտ` բարի լույսով, ու ամեն երեկո` բարի գիշերով, ասում եմ ԴՆ Ֆորումի այցելուներին: ԱՊՐԵՔ :)

Chuk: Ներողություն եմ խնդրում այն ակումբցիներից, ում ակումբը հատկապես իմ մեղքով ինչ-որ ցավ է պատճառել, վիրավորել:

Chuk
18.04.2008, 00:32
Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Կա՞ մի բան, լինի դա հմտություն, թե անձնային որակ, որ կուզենայիք սովորել մեկդ մյուսից:

Philosopher: Մարդկային մտերմությունը իրականում միմյանց ցանկալի հատկանիշները ձգելու, դեպի ինքդ քեզ բերելու ներքին մղումով է ձևավորվում: Եվ սովորաբար այդ հատկանիշները, գոնե դրանցից կարևորագույնները գիտակցված չեն լինում: Այնպես որ դժվար է հատկանիշ նշելը, առավել հեշտ է պարզապես ասել` մենք ունենք միմյանցից սովորելու բան ու կյանքը մեզ այդ հնարավորությունը տվել է :)

Chuk: Առաջին հերթին կուզեի նշել Philosopher-ի հավասարակշռվածությունը, որն ինձ երբեմն, իսկ գուցե հաճախ պակասում է: Երկրորդը գիտելիքներն են. ես կարծում եմ բավական կարդալու, սովորելու բան ունեմ, մինչև հասնեմ նրա գիտելիքների մակարդակին՝ հատկապես գրականության ոլորտում, փիլիսոփայությանն ու հոգեբանությանը վերաբերվող հարցերում:


Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Կա՞ մի հարց, խնդիր, որում հաճախ եք ունենում անհամաձայնություններ, տարաձայնություններ միմյանց հետ: Եթե այո, ապա ի՞նչ հարցում:

Philosopher: Արդեն պատասխանեցի հարցին` ստրատեգիական առումով` ոչ, տակտիկական առումով` այո: Եվ հենց այդ "այո"-ն է մեզ հնարավորություն տալիս անընդհատ զարգանալ ու չմրափել սեփական հիասքանչության նիրհով, թեև նույնիսկ դա չի խանգարում, որ մենք հիանանք մեզանով ու դա հրաշալի է :) :love

Chuk: Փոքր տարաձայնություններ չեն կարող չլինել, իսկ լուրջ տարաձայնություններ, կարծում եմ, որ չկան: Փոքրերը սրանք նորմալ, սովորական մարդկային հարաբերություններ են, որոնք պարզապես չեն կարող չլինել:


Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Դուք գլոբալ հայացքի մարդիկ եք՝ թեկուզ միայն ձեր ինտերնետային գլոբալ նախագծերից ելնելով: Գլոբալ հարցերի վրա կետրոնացումը չի՞ խանգարում արդյոք անձնական կյանքում, չի՞ խլում անձնականի համար անհրաժեշտ ժամանակը:

Philosopher: Կարծում եմ` ոչ: Մենք երբեք չենք մոռանում, որ գլոբալը ամուր է ու հաջողակ փոքրի, կենցաղայինի, մարդկայինի ամրությամբ: Այս կանոնը երկուսս էլ, կարծես, պահպանում ենք: Ես երջանիկ եմ, որ ունեմ և' գլոբալ, և' անձնական երջանկություն և երջանիկ եմ, որ այդ երկու երջանկությունները միմյանց այդքան սիրում են ;)

Chuk: Չգիտեմ, որքանով են գլոբալ մեր նախագծերը և որքանով ենք մենք գլոբալ հայացքի մարդիկ: Անկեղծ ասած այնքան էլ չեմ կիսում այս տեսակետը ու կարծում եմ, որ համենայն դեպս առայժմ, մեր կայքերից և ոչ մեկը չի դարձել գլոբալ նախագիծ՝ չնայած որոշակի տարածվածությանը, ակտիվությանը, որոշակի խնդիրների լուծումներ առաջարկելուն և այլն: Իհարկե համոզված եմ, որ սրանք գլոբալի ձգտող, կամ ավելի ճիշտ վերանանք «գլոբալ» տերմինից, աճի տենդենց ունեցող նախագծեր են: Իսկ ֆորումի վրա կենտրոնացումը թե՛ խանգարում է, թե՛ օգնում անձնական կյանքում: Բերեմ միայն մեկական օրինակ. օրինակ օգնում է ինքնահաստատվելու հարցում և խանգարում է այլ որոշ անձնական հարցերով զբաղվելու, օրինակ ընտանիքի անդամներին ավելի շատ ժամանակ տրամադրելու հարցում: Արդեն հարցի վերջին մասին էլ պատասխանեցի: Այո՛, անձնականից բավական շատ ժամանակ խլում է, բայց, ըստ էության, այնքան էլ դժգոհ չեմ դրա համար:


Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Ի՞նչ է ֆորումը ձեզ համար՝ գո՞րծ, մի՞սիա, զբաղմու՞նք, զվարճա՞նք, կառավարման դա՞շտ, ուսուցողական կառո՞ւյց, գուցե ա՞յլ մի բան:

Philosopher: Գործ, միսիա, ներքին մարդուն բացահայտելու ու Մարդուն հանդիպելու հնարավորություն: Կյանք :love

Chuk: Սալաթ:
Այո՛, իմ համար ֆորումը բոլոր թվարկվածների համախմբում է և դեռ մի բան էլ ավելին: Օրինակ նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն, ինքնահաստատվելու նոր միջոց, սեփական մտածելակերպը զարգացնելու, փոփոխելու խթան, մտքերի շարադրումը կատարելագործելու տեղ...


Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Կա՞ մի բան, ինչը ձեզ համար անսպառ ոգեշնչման աղբյուր է ցանկացած գործում:

Philosopher: Այո, մենք ;) Համոզված եմ, որ ոչ պակաս ինքնագնահատական ունեցող կոլեգաս կհամաձայնի պատասխանիս հետ :D ;)

Chuk: Ստիպված եմ «սրտաճմլիկ» պատասխանել.
Զեփյուռը, որը ծածանում է մազերս, թեթև շոյում դեմքս:
Անձրևը, որը մեղմ զարկվում է դեմքիս:
Արևը, որը քնքշորեն խուտուտ է տալիս մաշկս:
Նոր ծաղկած ծառը ու նոր ձյուն դրած սարը:
Հոգնած, սպիտակ բեղերով գյուղացին, որը տան դիմացի ճռռացող աթոռին նստած իր մուշտուկն է ծխում...
Բայց ամենից շատ... նրա աչքերը... կամ էլ նրա մասին հուշը:


Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Ինչպե՞ս եք պայքարում ընկճվածության դեմ: Իսկ ծուլության դեմ դեղ ունե՞ք:

Philosopher: Հազվադեպ է կարիք լինում պայքարելու, բայց, եթե լինում է, ապա ապրելով, օրինակ` միմյանց հանդիպելով :)

Chuk: Եթե ընկճված եմ, ուրեմն ամենայն հավանականությամբ ինչ-որ բան այնպես չի ընթացել, ինչպես սպասում էի: Ուրեմն ինձ մնում է նորից վերլուծել կատարվածը ու եղած «վատի» կողքին տեսնել նաև «լավը»: Սովորաբար ստացվում է, ինչն ինձ օգնում է հաղթահարել ընկճվածությունը: Իսկ ծուլության դեղ... ինքս իմ ծուլության դեմ չեմ կարողանում պայքարել, չափազանց ծույլ եմ, բայց կողքիններիս ծուլությունը կոտրել սովորաբար ստացվում է, նրանց հանում եմ այդ վիճակից:


Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Բոլորիս էլ երևի թե հետաքրքիր են խելացի, ինտելեկտուալ ու բանիմաց մարդիկ: Արդյոք կա՞ն այնպիսի հատկանիշներ, որոնցով օժտված լինելու դեպքում այդ խելացի մարդիկ ոչ մի արժեք ու հետաքրքրություն չեն ներկայացնի ձեզ համար:

Philosopher: Այո, եթե նրանք չլինեն մարդ: Եթե նրա հայացքում տեսնեմ ոչ թե ապրող մարդուն, այլ իր եղած կամ չեղած հատկանիշներով տարված էակի: Մարդ լինելն ու մարդ զգալը մեծ պարգևներ են: Յուրաքանչյուրին ցանկանում եմ ունենալ այդ պարգևները, վաստակել դրանք :)

Chuk: Հետաքրքրությունը թերևս կառավարելի չէ ու ես շատ-շատ կարող եմ ասել, թե ինչ հատկանիշներով օժտված մարդիկ կուզեի, որ ինձ չհետաքրքրեին: Իսկ արժեք: Դրական արժեք, զրոյական արժեք, բացասական արժեք: Յուրաքանչյուր մարդ ունի իր արժեքը: Սովորաբար աշխատում եմ մարդու մասին բացասական կամ զրոյական արժեք չունենալ, որովհետև համոզված եմ, որ իմ համար ամենաանընդունելի հատկանիշներով օժտված մարդն էլ ունի դրական կողմեր: Իհարկե միշտ չի, որ հաջողվում է, բայց ջանում եմ: Իսկ չեմ սիրում կեղծավորությունը, երեսպաշտությունը, հարմարվողականություն-թուլությունը, անսկզբունքայնությունը... օրիգինալ չեմ: Չեմ սիրում այն ամենը, ինչը չեն սիրում մարդկանց մեծ մասը:


Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Կան մարդիկ, որոնց երբեք իրականում չեք հանդիպել, բայց իրենք ինչ-որ իմաստով ձեր վիրտուալ տարածքի ու վիրտուալ կյանքի մի մասն են: Դժվար չի՞ արդյոք շփումն այդ մարդկանց հետ, թեկուզ միայն ֆորումի շրջանակներում: Իսկ որպես ղեկավարների՝ ձեզ չեն անհանգստություն չե՞ն պատճառում իրենց անկանխատեսելիությամբ ու «բացարձակ վիրտուալությամբ»:

Philosopher: Այո, օրինակ` դու, Փայլը (Մարիաննա), breeze-ը (Բարեկամ): Դուք մեր կենացների մշտական հերոսներ ենք ու մենք ձեզ սիրում ենք ;) :love Նաև` բազմաթիվ այլ մարդիկ, որոնք այդքան մտերիմ լինելով կամ չլինելով` հարազատ ու կարևոր են :)
Ոչ, կարծես թե հակառակը` բավականին հեշտ է, թեև այդ հեշտություն, իհարկե, ներքին խութեր ունի, որոնք հաճախ ցավ պատճառելով, հաճախ նայրդայնացնելով, այնուամենայնիվ արդյունքում տեղավորվում են ինտենետային գոյության հարազատ տարածքում:

Chuk: Կան ու բազմաթիվ են: Կան մարդիկ, ում կարծիքը կամ ասենք տված վարկանիշը ջրի նման անհրաժեշտ են: Կան մարդիկ, ում քննադատությունը եթե չես լսում, մտածում ես, որ ինչ-որ բան սխալ ես արել: Կան մարդիկ, ում հետ ուղղակի ջերմ բարև փոխանակելն ու ողջությունը հարցնելը արդեն լիցքաթափում ու հանգստացնում է, դեմքիդ լայն ժպիտ է հայտնվում, երբ խոսում ես վիրտուալ սիրելի անձնավորության հետ, առնում վիրտուալ կարոտը:
Սովորաբար շփումը վիրտուալ ծանոթների հետ դժվար չի: Նույնիսկ հաճախ ավելի հեշտ է, քան ոչ վիրտուալ շփումները: Բայց իհարկե կան մարդիկ, ում հետ շփվելը իսկական փորձություն է, շփվում եմ պարտադրված կամ չուզելով: Թեև այդպիսիքի հետ, որպես կանոն, կապերս կտրել եմ:
Բայց այ որպես ղեկավար պարտավոր եմ հանդուրժող լինել բոլորի նկատմամբ, եթե նույնիսկ կյանքս ուտում են: Խոստովանեմ, որ միշտ չի, որ հաջողվում է: Այդպիսի դեպքերում փորձում եմ կամ լինել անտարբեր, կամ գտնել «դիմացինիս» մեջ մի բան, որը կհարկադրի շփումը, հաղորդակցումը, քննարկումը, բանակցությունը հետաքրքիր կամ գոնե օգտակար կդարձնի:
Իսկ ինչ վերաբերվում է անկանխատեսելիությանը, ապա իհարկե կան այդպիսի շատերը: Սակայն դա, ըստ իս, հաճախ ավելի հետաքրքիր է դարձնում հարաբերությունները:

Chuk
18.04.2008, 00:34
Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Հե՞շտ է արդյոք վիրտուալ հարաբերությունները տեղափոխել ռեալ, դրանից ոչինչ չի՞ տուժում, իսկ ի՞նչն է շահում:

Philosopher: Սովորաբար` հեշտ է: Գրեթե ոչինչ չի տուժում, իսկ շահում է` գրեթե ամեն ինչ: Վիրտուալ տարածքում կայացած հարազատությունը գրեթե արյունակցական հարազատություն է, որի ամրությունն ու ներքին վիթխարի ներուժը ամեն օր բացահայտվում ու ապացուցվում է մեր կյանքով ու գործով:

Chuk: Ամենաառաջին անգամը փոքր-ինչ դժվար էր: Դժվար էր ոչ թե հարաբերությունները ռեալ փոխանցելը, այլ ինքս ինձ համոզելը, որ դա անեմ: Վախենում էի, որ կա՛մ ես կհիասթափվեմ, կա՛մ ինձնից կհիասթափվեն: Չէ որ վիրտուալ շփման ժամանակ որոշակի կերպար ես ինքդ քո մտքում կառուցում զրուցակցիդ համար՝ իր իսկ օգնությամբ, ու հանկարծ կարող է այնպես պատահել, որ տեսնես, որ կառուցածդ կերպարը բոլորովին նման չի իր իրական կերպարին: Բայց ի վերջո ինքս ինձ համոզեցի ու գնացի մեկ այլ ֆորումում կազմակերպված հանդիպմանը: Դա շուտ էր: Այն ժամանակ ակումբն ու ԴՆ-ն դեռ չկային ու դեռ շատ ժամանակ պետք է անցներ, որ նրանք բացվեին:
Առաջին տպավորություններիցս մեկը շոկն էր: Երկար ժամանակ շփվել, կարելի է ասել մտերմացել էի վրացահայ մի երիտասարդի՝ ArtGeo-ի հետ: Զրուցել էինք տարբեր թեմաներով: Վիրտուալ իրար հետ ծանոթացել էինք դեռ ուրիշ ֆորումում: Արդեն իրար բավական լավ ճանաչում էինք, գիտեինք: Եվ հանկարծ ինձ ցույց են տալիս մի գեղեցիկ աղջնկա ու ասում. «Ծանոթացիր ArtGeo-ի հետ»: Կողքին թմբլո տղային ինչ մականվամբ ներկայացրին, արդեն այնքան էլ ուշադիր չէի: Ես իրոք շոկի մեջ էի:
«Փաստորեն այս սիրունիկ աղջնակի հետ կռվել էլ եմ», - մտածեցի հուզված: Այնպես որ պատկերացրեք, թե ինչքան ուրախացա, երբ ինձ ասացին, որ կատակ են արել: Նոր միայն իմացա, որ ArtGeo-ն այն թմբլոն է, ում ինձ ներկայացրել էին գեղեցիկ աղջնակի մականվամբ:
Այլ հիասթափություններ չեղան: Ես տեսա, որ հարաբերությունները միայն շահում են: Ռեալում զրուցակցիդ ճանաչելուց հետո հաճախ ավելի լավ ես ինտերպրետացիայի ենթարկում նրա գրառումները, խոսքերը, հասկանալով ճշմարտության ու կատակի սահմանը, բարկանալու պահը, էմոցիաների առկայությունը և այլն:
Միայն մասնավոր դեպքերում կարող է տուժել հարաբերությունները, բայց երբեմն դա ավելի լավ է: Երբեմն զրուցակցիդ ռեալ ճանաչելուց հետո հասկանում ես, որ այն մարդը չի, ում հետ կուզեիր շփվել ռեալ կամ վիրտուալ: Դա բնավ չի նշանակում, որ նա «վատ» մարդ է: Պարզապես, ո՞նց ասեմ, քո տիպը չի, ինչը, երբեմն, վիրտուալում այնքան էլ լավ չի հասկացվում:



Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Ինչպե՞ս ապրել համերաշխ ինքդ քեզ հետ՝ նաև առանց վնասելու ուրիշներին:

Philosopher: Դժվար հարց է: Իրականում պարզապես պետք է համերաշխ լինես քեզ հետ ու երջանկությունդ տարածես շուրջդ, ողողես նրանով մերձավորներիդ: Երջանիկ մարդը տիեզերական կյանքում ապրող ամենահզոր էակներից է:

Chuk: Ես չեմ ուզում ինձ հետ համերաշխ ապրել: Ես ուզում եմ անընդհատ առճակատումներ իմ տարբեր ես-երի միջև: Դրանք հաճախ խնդիրների յուրօրինակ լուծումների են բերում, հաճախ քեզ ստիպում են ետ կանգնել նախկինում կայացրածդ սխալ որոշումից: Իսկ ուրիշներին չվնասելու երաշխավորներից մեկը հենց այդ անհամերաշխությունն է, երբ քո եսերից մեկը քեզ ստիպում է անել ոչ այնպես, ինչպես քեզ թելադրել է այն մյուսը, ասենք ենթագիտակցորեն, քանի-որ դա կարող է, օրինակ, տհաճ լինել կողքինիդ:


Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Հանդուրժողականությունը օգնո՞ւմ է կյանքում, թե՞ վնասում:

Philosopher: Օգնում: Հանդուրժողականությունը թույլ է տալիս աշխարհը զգալ իր ներբերանգներով ու վերարարել այն` մի հզոր, անկորնչելի էներգիայով: Հանդուրժողականությունից է սկսվում իրական կյանքն ու իրական մարդկային գոյությունը:

Chuk: Չեմ ուզում քննարկել եղած դեպքերը: Ուղղակի կարճ ասեմ, որ եղել են բազում դեպքեր, երբ հանդուրժողականությունը ինձ վնասել կամ խիստ վնասել է, ու եղել են բազում դեպքեր, երբ օգնել է: Պարզապես, երևի, պետք է առավել հավասարակշռված լինել ու կարողանալ լավ քննել ու հասկանալ, արժի՞ տվյալ դեպքում հանդուրժող լինել, թե՞ ոչ:


Հարց ԴՆ Ֆորումում և «ԴԱՐ» ակումբում ivy-ից
Հնարավո՞ր է լինել բացարձակ երջանիկ:

Philosopher: Այո, եթե ապրում ես, կաս ու գիտակցում ես` պետք է լինել երջանիկ ու լինել բացարձակ երջանիկ: Երջանկությունը դետալավորում չի հանդուրժում, երջանկության միակ չափանիշը ապրումն է, քո, մարդուդ ներքին ապրումը:

Chuk: Ես ընդհանրապես սահմանային դեպքերին այնքան էլ չեմ հավատում: Որ կարելի է լինել բացարձակին ձգտող, շատ մոտ գտնվող երջանիկ, դրանում վստահ եմ, բայց որ այդ բացարձակից ոչ մի շեղում ապահովող գործոն չլինի, պարզապես անհնար է:


Հարց ԴՆ Ֆորումում և «Դար» ակումբում Ուլուանայից
Ի՞նչը դրդապատճառ հանդիսացավ ձեր ֆորումների բացման համար։

Philsopher: Արդեն պատասխանեցի: Կրկնեմ` մեկ բառով` սեփական տեսակը :)

Chuk: Դու Անահիտ ջան: Ես այս ասուլիսի ժամանակ արդեն անդրադարձել եմ այս հարցին: Մի անգամ էլ կարճ կրկնեմ: Կար մեծ ցանկություն ստեղծել հայերեն ու հայատառ ֆորում, ու կային մարդիկ, մեկը դու, որոնք ինձ «պարտադրեցին» այդ ցանկությունն իրականություն դարձնել:


Հարց ԴՆ Ֆորումում և «Դար» ակումբում Ուլուանայից
Ընդհանուր առմամբ, ովքե՞ր են ձեր ֆորումի անդամները։ Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ու նախասիրություններ ունեն կամ ձեռք են բերում ֆորումին անդամակցելու ընթացքում։

Philosopher: Ֆորումի անդամները գլոբալ առումով մարդու փնտրողներ են, մասնավոր առումով` մարդիկ, որոնք նոր իրականության պահանջատերերն ու այն կետրողներն են: Առավել մասնավոր առումով` ֆորումի անդամը դու ես, ես եմ, նա է: Ի՞նչ են ձեռքբերում: ԻՐԱՐ:

Chuk: Հիմնականում նրանք մարդիկ են, ովքեր սիրում են դիմացինին ինչ-որ բան տալ ու սիրում են պրպտել, փնտրել, գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները: Հրաշալի է, որ որպես կանոն նրանք կրթված, գիտուն մարդիկ են: Նախասիրություններն ու հատկանիշները չեմ կարող առանձնացնել: Դրանք այնքան բազում են... թեև իհարկե կարելի է կատակով ասել, որ նրանց նախասիրություններից մեկը ինտերնետից օգտվելը, ֆորումային քննարկումներին մասնակցելն է:
Իսկ ձեռքբերովի հատկություն, այս ֆորումներում քննարկումների ժամանակ, կարծում եմ, որ մտքերն ավելի հստակ շարադրելու ունակությունն է, եթե իհարկե մինչ այդ չեն ունեցել: Ու սա գալիս է, ըստ իս, ստեղծված մթնոլորտից, մյուս ֆորումցիների առկայությունից, նրանց խոսքի, գրվածքի որակից:


Հարց ԴՆ Ֆորումում և «Դար» ակումբում Ուլուանայից
Ո՞ր անվանակարգում կցանկանայիք հաղթող տեսնել ձեր ֆորումը։

Philosopher: Մարդ

Chuk: Շատ անվանակարգեր կուզեի նշել, բայց քանի որ հարցադրումը եզակի թվով է արված, ապա կառանձնացնեմ ամենահամերաշխ անդամներով ֆորումը:

Chuk
18.04.2008, 00:38
Հարց ակումբում Ուրվականից
Որևէ մեկին ատե՞լ կամ ատու՞մ եք:

Philosopher: Ատելության նմանվող զգացողություններ, անշուշտ, ունեցել եմ: Հիմա գիտեմ` ես եմ կերտողը:

Chuk: Ո՛չ: Կան մարդիկ, ում չեմ ընդունում: Կան, ում չեմ սիրում... Իսկ ատելություն, որպես այդպիսին, պրակտիակայում չկա: Ու սա զարմանալի է: Որովհետև ինձ թվում է, որ բազմաթիվ սիրած մարդիկ ունեցող մարդը այդ սիրո զգացումը բալանսավորելու համար ուրիշներին էլ պետք է ատի: Բայց չէ, չկա:

Հարց ակումբում Ուրվականից
10 Բալանոց համակարգով ինչքան կգնահատեիք Ակումբը և ԴՆ-ն, և ինչու՞:

Philosopher: Իսկ ո՞ր արժեքային համակարգում: Ընդհանուր առմամբ` բալանոց համակարգ չէի կիրառի: Կկիրառեի զգացողության համակարգը, իսկ զգացողության համակարգով պարզ է` լավն ենք :) :love

Chuk: Հրաժարվում եմ: Նախ գնահատելուց թույլ եմ, երկրորդ դա մեր գործը չպետք է լինի:


Հարց «Դար» ակումբում Բյուրակնից
Ինչու՞ բացեցիք ձեր ֆորումները, երբ ինտերնետում լիքը հայկական ֆորումներ կային, իսկ բաժիններն էլ գրեթե չեն տարբերվում:

Philosopher: Ինտերնետում լիքը հայկական ֆորումներ չկան, իսկ բաժիններն էլ ավելի քան տարբերվում են: Ահա այդ պատճառով բացեցինք :)


Chuk: Ասուլիսում հնչեցրածս պատասխանների մեջ սրա պատասխանն արդեն կար, բայց նորից համառոտ ներկայացնեմ: Կարծում եմ, որ հայկական ինտերնետի զարգացմանը, նրանից օգտվողների քանակի ավելացմանը զուգընթաց պետք է ավելանան նաև ֆորումների, թեկուզ նաև նույն բաժիններով ֆորումների քանակը: Իհարկե որքան նրանց տարբերությունը շատ լինի, այնքան լավ: Եվ, ի դեպ, ոչ ակումբը, ոչ ԴՆ-ն մեկ այլ ֆորումի բաժինների հետ ճշգրիտ համընկում չունեն: Թեմատիկաները իրարից չեն կարող շատ տարբերվել:
Ի դեպ այն, որ ակումբի բաժինները բավական լավ են ընտրված, փաստում է նաև այն, որ այս ընթացքում եղել են ֆորումներ, որոնք մեկը մեկին կրկնել ակումբի բաժինները՝ անգամ արտագրելով բաժինների մեկնաբանությունները: Ավելի ճիշտ ոչ թե արտագրելով, այլ պատճենելով (copy-paste):
Այս ամենին ավելացնում ենք նաև այն, որ համենայն դեպս իմ դիտարկումներում չկար գործող հայատառ ֆորում ու ակումբը սրանով նորություն էր: Իսկ որ ակումբից հետո պետք է լիներ նաև այլ հայատառ ֆորում, դա ոչ միայն տրամաբանական ու անհրաժեշտ էր: Ու այդպիսիք եղան, բացի ԴՆ-ից ուրիշներն էլ եղան: ԴՆ-ն, իմ կարծիքով, եկավ ճիշտ ժամանակին, ճիշտ ֆորմատով: Հուսանք այս զարգացման պրոցեսը կշարունակվի, կբացվեն նոր հայատառ ֆորումներ, որոնք բացի հայատառությունից կապահովեն նաև բովանդակային և այլ որակներ:



Հարց «Դար» ակումբում Բյուրակնից
Մի հատ էլ հարց. պատժամիջոցներն ինչո՞վ են տարբերվում ԴՆ-ում և Ակումբում, ո՞րն է ավելի խիստ ֆորում:

Philosopher: ԴՆ ֆորումում պատժամիջոցներն, անշուշտ, ավելի խիստ են ու մոդերավորումն ավելի ոչ կոմպրոմիսային է, ինչը պայմանավորված է ԴՆ Ֆորումի` վերոնշյալ յուրահատկություններով ու խնդիրներով :)

Chuk: Դժվարանում եմ պատասխանել, որովհետև քիչ ժամանակ եմ ունեցել ԴՆ-ի այդ ուղղությամբ աշխատանքն ուսումնասիրելու համար: Ծառայությունս է խանգարել: Կարող եմ առաջին տպավորությամբ ասել, որ ԴՆ-ն հիմնական շեշտը դնում է ոչ բովանդակային գրառումներից զերծ պահելուն ուղղված պատիժների, ակումբը վիրավորական, զգացմունքային գրառումներից զերծ պահելուն ուղղված պատիժների ուղղությամբ: Բայց սա այնքան էլ ճիշտ պատասխան չէ, որովհետև իրականում երկու տիպի պատիժներն էլ երկու ֆորումներում էլ կան:



Հարց «Դար» ակումբում Բյուրակնից
Էլի. յուրաքանչյուրդ մի պատճառ ասեք, թե ինչու միջին հայ մարդը չի ցանկանա մտնել ձեր ֆորումները:

Philosopher: Հայ մարդը ցանկանում է և մտնում է: Իսկ քանակի ու որակի խնդիրը ժամանակի հարց է ու աշխատանքի հարց, որը և այսօր անում ենք:

Chuk: Համաձայն չեմ: Կարծում եմ, որ միջին հայ մարդը կցանկանա մտնել երկու ֆորումներն էլ: Այլ հարց, որ կան մարդիկ, ովքեր այսօր ֆորումները համարաում են զուտ ժամանցային ու կարծում են, որ մտնել պետք չէ, կան մարդիկ, որ համարում են պարապ զբաղմունք, կան մարդիկ, որ համարում են հիվանդություն և այլն: Ունեմ խորին համոզվածություն, որ սրանք սխալ կարծիքներ են, ու եթե այդ մարդիկ մի օր ուսումնասիրեն ու տեսնեն, թե իրականում ինչ են գոնե այս ֆորումները, ապա նրանց կարծիքը կփոխվի:
Կա նաև մի ուրիշ տարածված դեպք. մարդիկ, ովքեր ուզում են շփվել միայն իրենցից ավելի շատ բան իմացողների և մարդիկ, ովքեր ուզում են շփվել միայն իրենցից քիչ բան իմացողների հետ: Իմ դիտարկումներում հանդիպած այս երկու տիպի մարդիկ էլ չեն կարողանում հաշտվել ֆորում ֆենոմենի հետ, որտեղ մարդիկ բազմաբնույթ են:



Հարց ակումբում Լ.Յ.Ո.Վ.-ից
Երկու ֆոռումները միասին քանի՞ ակտիվ անդամ ունեն: Ուղղակի հետաքրքիր է հայերենով հաղորդակցվողների թիվը:

Philosopher: Շուրջ 600

Chuk: Ակումբի ու ԴՆ-ի ակտիվ անդամների թիվը ցույց չի տա հայերենով հաղորդակցվողների թիվը: Կան նաև ուրիշ հայերեն, հայատառ ֆորումներ, բլոգեր, չատեր: Բացի այդ ակտիվ անդամ հասկացությունն է փոքր-ինչ անհասկանալի, այսինքն տարբեր մոտեցումներով կարելի է օգտագործողներին բաժանել ակտիվ և ոչ ակտիվի: Այսպես, եթե նայենք, թե վերջին 2 ամսվա ընթացքում միջինում քանի գրանցված անդամ է ֆորում մտնում, ապա այդ մասին կարելի է կարդալ գլխավոր էջի ստորին մասի վիճակագրության մեջ: Ես կասեմ միայն ակումբի մասին: Այսպես, ակումբում այդ ցուցանիշը ավելի է, քան 500 գրանցված անդամը: Այսինքն գրանցված ավելի քան 3500 անդամներից ավելի քան 500 հոգի յուրաքանչյուր երկու ամսվա ընթացքում ֆորում մտնում է: Կարելի է նաև նայել օրական այցելությունների թիվը (գրանցված անդամներ մոտ 200, պարզապես հյուրեր 2-2.5 անգամ ավել, կարծես թե):
Կարելի է նաև նայել ըստ գրառումների թվի և ակտիվ անվանել այն անդամներին, ովքեր արել են, ասենք ավելի քան 10 գրառում: Ակումբում այդպիսիք մոտ 500-ն են ու այս երկու ցուցանիշները, փաստորեն, գրեթե համընկնում են: Բայց կարելի է հաշվել նաև, ասենք, 50-ից ավելի գրառում ունեցողներին միայն ու այս դեպքում, ցավոք, կունենանք մոտ 250 ակտիվ անդամ:
Մի խոսքով, ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ մեթոդով է պետք հաշվել ակտիվ անդամների թիվը:



Հարց ակումբում Բյուրակնից
երկու ֆորումները քանի՞ չկրկնվող անդամ ունեն, այսինքն՝ քանի՞ մարդ կա մոտավորապես, որ Ակումբ մտնում է, Դն՝ ոչ, և հակառակը:

Philosopher: Վիճակագրություն չկա: Կան կոնկրետ մարդիկ, որոնց մեծ մասը երկու ֆորումներում էլ գրառումներ է անում, չկրկնվող անդամները քիչ են, բայց կան և դա կարևոր է, հատկապես որ նրանք գլխաքանակային հաշվարկի չեն ենթարկվում, ինչպես և կրկնվողները: Ու դա առավել կարևորն է ;)

Chuk: Դժվար է հաշվելը ու չեմ էլ անի, որովհետև այդքան էլ կարևոր հարց չեմ համարում: Այդպիսի անդամներ կան: Դա չի հարցը: Ակումբում ավելի շատ են, քանի որ այն ավելի շուտ է բացվել, այլ ոչ թե, քանի-որ ասենք ավելի լավն է: Իսկ այն, որ կրկնվող անդամներ կան ու այդպիսիք շատ են, ցույց է տալիս, որ երկու ֆորումներում էլ կա թե՛ տալու, թե՛ վերցնելու բան, ինչն ուղղակի հրաշալի է:


Հարց ակումբում Ձայնալարից
Ինձ այս մասն է հետաքրում՝ որո՞նք են հիմնական սկզբունքային տարբերությունները այս երկու ֆորումների:

Philosopher: Պատասխանեցի արդեն ;)

Chuk: Դն - միայն լուրջ գրառումներ:
Ակումբ - թե՛ լուրջ, թե՛ ժամանցային գրառումներ:
Համենայն դեպս ես այսպես եմ պատկերացնում: Ու կուզեի, որ ԴՆ-ում էլ լիներ ժամանցայնություն:
Սկզբունքային տարբերություն է նաև որոշակի գրաքնությունը: Օրինակ ԴՆ-ում, այսպես ասենք, «թույլ» պատմվածքը, որը գեղարվեստական արժեք իրականում չունի, չի թույլատրվի, որ մնա: Ակումբում թույլատրվում է՝ բազմաթիվ դժգոհությունների պատճառ դառնալով: Ստիպված ենք այս դժգոհությունները հաղթահարելու համար այլ լուծումներ գտնել, քանի-որ ես գտնում եմ, որ անկախ նրանից, թե ինչ աստիճանի արժեք է գրվածքն իրենից ներկայացնում, դրա հեղինակը պետք է իրավունք ունենա համացանցում ու մասնավորապես ակումբում այն հրապարակել:


Հարց ակումբում Vishapkah-ից
Խոսալու ժամանակ հիմնականում մեջբերելով տարբեր խելացի մարդկանց խոսքեր, կամ փիլիսոփաների արտահայտած մտքեր, չես վախենում, որ կմտածեն, որ ոչ թե սեփական կարծիքդ ես արտահայտում, այլ գտնվում ես ուրիշների գաղափարական ազդեցության տակ?

Philosopher: Ոչ, չեմ վախենում ու գիտես` ինչու՞: Որովհետև այն մարդը, որը պետք է մտածի այդպես, իմ ընթերցողը չէ, ուստի նրա` ինչ կամ ինչպես մտածելը իմ իրավասության ու ապրումների ոլորտից դուրս է:

Այսքանը: Շնորհակալ եմ: Ներողություն եմ հայցում այն մարդկանցից, ում հարցերն ավելի խորն ու կարևոր էին, քան ասուլիսային ոճը ենթադրում էր, և գուցե չստացան պատասխանների այն խորությունը, որը ցանկանում էին ստանալ: Այս բացը կարծեմ արդեն լրացված է առանձին հարցազրույցներով, գրառումներով ;) Շնորհակալ եմ բոլորիցդ:) Կենդանի կյանք բոլորիդ: Ապրեք :)

Chuk: Հարցն ինձ չէր ուղղված, բայց ես էլ պատասխանեմ: Եթե ես այդպիսի մեջբերումներով խոսեմ, ապա երբեք չեմ վախենա, թե դիմացինս ինչ կմտածի, որովհետև նախ մեծերի խոսքը կրկնելը, չի նշանակում սեփական կարծիքի բացակայություն, հետո, եթե կրկնում ես տարբեր մարդկանց մտքերը, ապա դրանով իսկ ցույց ես տալիս, թե որքան լայն է աշխարհայացքդ, և վերջապես, ոչ մի վատ բան չկա ուրիշի գաղափարական ազդեցության տակ գտնվելու մեջ: Եթե խորապես ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ մեզնից յուրաքանչյուրը, իրականում գտնվում է ինչ-որ մեկի գաղափարական ազդեցության տակ: Ավելի ազնիվ է, որ դու ինքդ նշես, թե տվյալ գաղափարն ումն է պատկանում, քանց նրա խոսքերը կրկնես, որպես քո սեփականը: Եվ վերջապես, ավելի լավ է գտնվել լուրջ, իմաստուն փիլիսոփաների, գիտունների, գիտնականների գաղափարական ազդեցության տակ, քան, ասենք, արևածաղիկ վաճառող տատիկի: Մի զարմացեք, այդպիսիք էլ կան:
Շնորհակալություն բոլորին:

Մարիաննա
18.04.2008, 03:24
Գարուն հերթական: Գրառում հերթական: :)

Սկզբում հարցերի պատասխանների երկարությունը ինձ փոքր ինչ ետ մղեց ասուլիսն այսօր կարդալու ցանկությունից: Հետո չէ, մտածեցի սա էլ կարդամ, խեր է. Խեր էր: :) Միանգամից ուզում եմ նշել, որ ֆորումի (ների) մասշտաբով հումորով համարվող ցանկացած ֆորումցու (ների) հումորը Philosopher-ի հումորի առաջ տանուլ է տվել: :)

Պատասխանները կարդալուց ակամայից երկու փոքրիկ մանկիներ առջևս եկան: Հատկապես այն պահը, երբ երեխան քայլել է սովորում: Առաջին անգամ ընկնում է, երկրորդ անգամ ևս, ու այդպես մինչև որ ստացվում է՝ սկզբում օրորվելով, հետո ավելի վստահ, ապա՝ արդեն ինքնավստահ կերպով: Նման է, չէ՞: :)
Ասուլիսը խորմիաստ է, կարևոր, որովհետև այն կենսական սնուցող աղբյուրներ ունի: Միտքը գրոհել է, մնում է իր տեղը գտնի: Ամեն ինչ լավ էր, սակայն կա մի կարևոր բան, որը երկուսդ էլ չնշեցիք կամ նշեցիք, բայց ես չնկատեցի: Իրականում, ֆորումում լինելով (ոչ միայն), ֆորումցիները հաճախակի ունենում են առաջին հայացքից աննկատ, բայց իրականում մի հզարագույն ձեռքբերում: Այն է՝ սխալվում են, ինչն էլ գուցե հենց այն սխալն է, որը կարողանում է փոխել ճշտի մասին իրենց պատկերացումը: Իրոք ձեռքբերում է: :)
Դե լավ, ես արդեն շատ եմ գրում, մարսողության համար գուցե ծանր լինի: Գրեք, գրեք, շատ գրեք, ձեր թոռնիկների հպարտությունն անձեռնմխելի է: Միայն թե մինչև հիմա չեմ հասկացել, այստեղ ես թոռնի՞կ եմ, թե՞ դուստր: :D

Այո, օրինակ` դու, Փայլը (Մարիաննա), breeze-ը (Բարեկամ): Դուք մեր կենացների մշտական հերոսներ ենք ու մենք ձեզ սիրում ենք ;) :love
Օձանման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր,
Արդյոք ո՞ւր ես, արդյոք ո՞ւր ես,
Խորհրդավոր արշալույս,
Արդյոք ո՞ւր ես, արդյոք ո՞ւր ես
Հանդիպումի պայծառ օր: :D Լավ կացեք. :)

ivy
18.04.2008, 20:04
Ուրախ եմ, որ ասուլիսն ի վեջո կայացավ: :) Ինձ դա շատ դուր եկավ: Հատկապես այն էր հավես, որ ոչ թե առանձին երկու հարցազրույցներ էին, այլ գնում էին հարցերը ու դրանցից ամեն մեկի տակ երկուսիդ պատասխանները. անմիջապես աչքի էր ընկնում երկու անձի մտածողության ու հարցի ընկալման կոնտրաստը, և դա կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր էր: Պատասխաններն էլ հագեցած էին ու լեցուն, ահագին նոր բաներ իմացա: Փիլիսոփայի հումորն էլ լավն էր, ինչպես նաև Չուկի բարեսրտություն, որ ամեն տողից կաթում էր: :)
Լավ է, որ ժամանակ չափսոսացիք ու գրեցիք :)