PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպիտակ շապիկով աղջիկը



ivy
06.01.2008, 18:30
Սպիտակ շապիկով աղջիկը

Վարդագույն պատերով սենյակ՝ ողողված արևի՝ պատուհանից ներս հոսող դեղնաշող ալիքներով: Փափուկ անկողին, որի բազմաթիվ բարձերից մի քանիսն անփութորեն ընկած էին հատակին՝ գունավոր ու թավամազ գորգի վրա: Փոքրիկ, լաքապատ սեղանի վրա՝ արծաթյա սկուտեղի մեջ, լցված էին բազում քաղցրավենիքներ, իսկ նրանց կողքին սառչում էր մի գավաթ կաթ՝ մակերեսին հետզհետե փայլուն փառ գոյացնելով...
Այդպես կարող էր լինել... Իրականում դա վաղեմի ճերմակությունը խոնավ գորշությամբ փոխարինած սենյակ էր: Նրա միակ զարդարանքը փայտե, հնամաշ թախտն էր՝ ծածկված դեղնավուն սավանով, որի ծայրերը ժամանակի թելադրանքով մաշվել էին ու թելոտվել: Թախտի մի անկյունում դրված էր խունացած ապակե բաժակ, որն իր միջի ջրին մոխրավուն երանգ էր տալիս: Մյուս անկյունում նստած էր հինգ-վեց տարեկան մի աղջնակ: Նրա հագին սպիտակ, երկարավուն շապիկ էր, որը գրեթե հասնում էր մինչև բոբիկ ոտնաթաթերը: Նա նստած էր գլուխը կախ ու կամացուկ երգ էր մրմնջում՝ գրեթե չբացելով կլորիկ շուրթերը: Սաթի պես սև մազերը թափված էին ուսերին ու դեմքին՝ փակելով նշաձև աչուկները:

Դռան հետևում մարդիկ էին հավաքված, իսկ կիսախարխուլ տան առջև ամբոխ էր խմբված: Քչփչոցներն ու բացահայտ քննարկումներն ամենուր էին: Խոսում էին հրաշք մասին, այն մասին, թե ինչպես գտան անհայտ տեղերից հայտնված փոքրիկին: Քննարկում էին այն անհասկանալի ու օտար լեզուն, որով նա խոսում էր և այն գաղտնի ուժը, որը թաքնված էր նրա ձեռքերում: Որտեղի՞ց էր, ի՞նչ երկրից, ինչպե՞ս էր հայտնվել իրենց կողմերում, որտեղի՞ց այդ ուժը. բոլորը միայն գուշակում էին հնարավոր պատասխանները:
Աղջկա փայլուն աչքերն ուղղվեցին դռանն այն պահին, երբ վերջինս ճռռոցով բացվեց՝ ներս թողնելով մի հաղթանդամ տղամարդու: Նա մոտեցավ աղջկան, բռնեց նրա ձեռքը ու դուրս տարավ սենյակից: Աղջիկը հնազանդորեն քայլեց իր ուղեկցորդի կողքով՝ անշտապ անցնելով անհագիստ ամբոխի միջով:
Իրենց հետևում թողնելով մարդկային կուտակումները՝ նրանք հայտնվեցին մի գողտրիկ փողոցում, որի մաքուր մայթերին ծաղկի ու հրուշակեղենի կրպակներ էին: Երկնագույն զգեստով մի ժպտերես օրիորդ պտտվում էր շուրջը ու երեխաներին երփներանգ փուչիկներ բաժանում: Աղջնակին էլ հասավ փուչիկ՝ կանաչ գույնի, նարնջագույն պուտերով: Կոկիկ պատշգամբներից ժպտացող մարդիկ միմյանց ողջույններ և օդային համբույրներ էին հղում: Թարմությամբ հագեցած քաղցրաբույր օդը խտտում էր մարդկանց քիթը՝ հաճելի գլխապտույտ առաջացնելով...
Այդպես կարող էր լինել... Բայց նրանց առջև փոշու հետ խառնված քարուքանդ ճամփա էր, որի վրայով անցնում էին կեղտոտ ու քանդրտված սայլեր, հնամաշ շորերով մարդիկ ու սովից կիախելագար ու բթացած անասուններ: Պատառոտված հանդերձներով խեղանդամ մուրացկաները քարշ էին գալիս կեղտի մեջ՝ փորձելով մոտենալ աղջնակին ուղեկցող հաղթանդամ տղամարդուն: Այս ու այն կողմ աղքատիկ առևտրականներ էին, որոնք մրոտված թեռքերով լաթի կտոր էին փնտրում՝ փայլեցնելու համար իրենց ապրանքները: Շուրջը տիրող գարշահոտությունը սրտխառնուք էր առաջացնում:

Տղամարդն անխռով քայլում էր միայն իրեն հայտնի ուղղությամբ՝ իր հետ տանելով սպիտակ շապիկով աղջնակին: Շուտով նրանք կանգ առան մի մեծ դարպասի մոտ: Ներս մտան: Տանտերերը վաղուց սպասում էին նրանց: Հարուստ, բայց մռայլ տան սենյակներից մեկում պառկած էր մի գունատ երիտասարդ, որի քրտնած ճակատը ցնցվում էր ցավի սուր խայթոցներից: Նա գրեթե անկենդան ու մթնած աչքերով նայում էր անտեսանելի մի կետի, որն իրականում երևի թե գոյություն էլ չուներ: Սենյակում քանգնած էին սևազգեստ մարդիկ, որոնք մղկտոցով սգում էին և կարծես թե արդեն հուղարկավորում դեռ կնդանի տառապյալին: Տղամարդն աղջկան ուղղեց դեպի թշվառի մահճակալը, իսկ ինքը կանգնեց սգավորների կողքին: Աղջիկը լուռ մոտեցավ հիվանդին և իր փոքրիկ մատներով սեղմեց նրա թուլացած ու կախ ընկած ձեռքի ափը: Մահամերձն ամբողջ մարմնով ջղաձգվեց ու գալարվեց, ապա անշարժացավ: Բոլորի սարսափահար դեմքին ապշանքին խառնված հույս ծնվեց, երբ երիտասարդը սկսեց հանգիստ շնչել, նրա այտերը շառագունեցին, ու բացվեցին առողջ կոպերը: Բոլորը ճչացին ցնծությունից:
Երջանիկ իրարանցման մեջ տանտերերը չմոռացան աղջնակի մասին: Գրկեցին նրան, փաղաքշեցին, ապա լվացան նրա կեղտոտված ու սառած ոտքերը, կոշիկներ հագցրեցին: Մաքրեցին շապիկի մրոտված ծայրերը ու փաթաթեցին առջնակին բրդյա տաք շալի մեջ: Այնուհետև հյորասիրեցին նոր թխած անուշաբույր հացով ու տաք կաթով, որի երեսին դեռ չէր հասցրել փայլուն փառ կապել...
Այդպես կարող էր լինել... Սակայն երջանիկ իրարանցման մեջ տանտերերը չմոռացան միայն վճարել մարմնեղ տղամարդուն, որն անմիջապես շտապեց հեռանալ տնից՝ իր հետևից տանելով մարդկանց ոտքերի տակ ընկնող անտեսված փոքրիկին: Դռան մոտ աղջիկն իր ուսին զգաց մի մանուկ ձեռք. տանտիրոջ դուստրն էր, որը մեկնեց աղջկան իր կտորե, փափուկ տիկնիկը: Աղջնակը հասցրեց վերցրեն այն, ու նույն պահին դուռը փակվեց հյուրերի հետևից. դարպասներից այն կողմ նրանց էին սպասում գորշ ու գարշ քաղաքի ավերակ ճամփաները:

Տղամարդը նայեց երկարող շողքերին ու շտապեցրեց աղջկան: Իր բոբիկ ոտքերով վազվզելով տղամարդու հետևից՝ նա չկարողացավ ձեռքում պահել փափուկ տիկնիկը: Այն ընկավ ցեխաջրի մեջ, ու նրա գունավոր շորերը վայրկենապես վերածվեցին թանձր մոխրագույնի, իսկ դեմքի սպիտակ կտորը տգեղորեն մգացավ՝ իր մեջ կլանելով տիկնիկի դիմագծերը: Շպիտակ շապիկով աղջիկը նայեց տիկնիկին վերջին անգամ. ամուր ձեռքը քաշեց նրան դեպի մի հարուստի մի նոր տուն...
Ուշ գիշերին տղամարդը, վերջապես բավարարված իր օրվա վաստակից, տարավ աղջկան իր խարխուլ կացարանը: Տան մոտ դեռ կանգնած էին մի քանի հոգի, որոնց վրա տղամարդը գոռգոռաց և ստիպեց հեռանալ: Ուղեկցելով մանկիկին իր թախտով սենյակը՝ տան անդամները նկատեցին, որ աղջնակը հազիվ է քայլում, իսկ նրա դեմքը այրվում է տենդից: Նրան պառկեցրեցին կոշտ թախտին ու վախեցած նայեցին իրար՝ չիմանալով ինչ անել: Աղջնակի աչքերը փակվեցին, ու նա սկսեց դողալ և այրվել ջերմության մեջ: Կիսաբաց շուրթերից բոլորին անհասկանալի լեզվով զառանցանք էր թափվում: Մարդիկ քար կտրած սպասում էին, որ հիմա կկատարվի այն հրաշքը, որով աղջնակը օգնում էր հիվանդներին: Սակայն հրաշքը այդպես էլ չէր կատարվում... Իսկ մանուկը հետզհետե ավելի էր թուլանում ու քիչ-քիչ հեռանում էր...
Վերջապես ուշքի գալով՝ տղամարդը շտապով դուրս եկավ տնից և վազեց բժշկի հետևից, որն իհարկե շատ բան չգիտեր, բայց տենդի դեմ դեղ ու բուժում ուներ: Բժիշկը հասավ վերջին պահին, բոլորին դուրս հանեց սենյակից և լրջորեն զբաղվեց փոքրիկով: Սարսափելի գիշերվա վերջում սպիտակ շապիկով աղջիկը ապաքինվեց: Նրա փոքրիկ մարմինը նորից լցվեց կյանքով, նշաձև աչքերը փայլեցին, իսկ քիթը խտտվեց իրեն սպասող թարմ ու տաք կաթի բույրից...
Այդպես կարող էր լինել...

Cassiopeia
06.01.2008, 19:14
Տխուր էր ու սիրուն: Ivy-ն իր ոճի մեջ է:

Բարեկամ
06.01.2008, 19:20
Բայց այդպես կարո՞ղ էր լինել…:think

^SRTIK^LA^
07.01.2008, 02:00
Հեքիաթային ........... ինչու չէ մի գուցե եվ իրական՞;)

ivy
07.01.2008, 10:11
Հեքիաթային ........... ինչու չէ մի գուցե եվ իրական՞;)

Հեքիաթները սովորաբար լավ են վերջանում, իսկ այս պատմվածքը վերջանում է շատ տխուր...

Chilly
07.01.2008, 18:59
Հիանալի մտածողություն ու ուղղագրություն, գեղեցիկ պատկերներ ու ակնհայտ ասելիք... Ապրես, դուրս շատ եկավ, միայն թե ինձ թվաց, թե կիսատ է, միգուցե նորից կարդամ ու հակառակ կարծի՞քը լինի... չնայած, չէ, երևի կիսատ չէ: Բայց աղջիկը մեղք է, շարունակիր...

Grieg
07.01.2008, 19:10
Օ՛ հետաքրքիր է և օրիգինալ :)

Dayana
08.01.2008, 12:23
Շատ լավն էր, ինչպես բոլոր նախորդները :love

Բարեկամ
08.01.2008, 17:46
ivy ջան, երբ առաջին անգամ կարդացի, մտածեցի, որ «ով, որտեղ, երբ»-ի բացակայությունը պատմվածքը դարձրել է անդեմ, թեև ֆորման դուրս եկավ, ճաշակով էիր ձևել. վերևից ներքև գծով՝ փռված վարդագույնը /երազանքը/ նեղանում է դարչնամոխրագույնի /իրականության/ երեք շերտով, իսկ վերջինում՝ չորրորդում՝ հակադարձվում:
Բայց մի քանի օր հետո, հանգամանքների բերումով, երբ հիշեցի պատմվածքդ, ուրվագծվեց մոդելը. սպիտակ շապիկով աղջիկը ապրում է յուրաքանչյուրիս մեջ:
Ամեն մեկիս մեջ կա հրաշքի հնարավորությունը, ու յուրաքանչյուրիս ճանապարհին կա ուղեկցող՝ «անխռով քայլող միայն իրեն հայտնի ուղղությամբ», որը հասցնում է այդ հրաշքը այս կամ այն դռանը: Ու երբ հրաշքը շահագործվում է, ու ստացած միակ տիկնիկի դիմագծերն էլ լղոզվում-ջնջվում են ցեխաջրի մեջ, հրաշքը լքում է մարդկանց աշխարհը, ու այն կենդանացնելու ամեն փորձ անիմաստ է, քանի որ սպիտակ շորերով աղջիկը չի ձգտում վերադառնալ, ուղղակի մի հրաշք էլ գումարված է լինում երազանքի վարդագույն ամպին:

Anul
08.01.2008, 20:42
հաճելի էր կարդալը :love

ivy
08.01.2008, 23:21
ivy ջան, երբ առաջին անգամ կարդացի, մտածեցի, որ «ով, որտեղ, երբ»-ի բացակայությունը պատմվածքը դարձրել է անդեմ, թեև ֆորման դուրս եկավ, ճաշակով էիր ձևել. վերևից ներքև գծով՝ փռված վարդագույնը /երազանքը/ նեղանում է դարչնամոխրագույնի /իրականության/ երեք շերտով, իսկ վերջինում՝ չորրորդում՝ հակադարձվում:
Բայց մի քանի օր հետո, հանգամանքների բերումով, երբ հիշեցի պատմվածքդ, ուրվագծվեց մոդելը. սպիտակ շապիկով աղջիկը ապրում է յուրաքանչյուրիս մեջ:
Ամեն մեկիս մեջ կա հրաշքի հնարավորությունը, ու յուրաքանչյուրիս ճանապարհին կա ուղեկցող՝ «անխռով քայլող միայն իրեն հայտնի ուղղությամբ», որը հասցնում է այդ հրաշքը այս կամ այն դռանը: Ու երբ հրաշքը շահագործվում է, ու ստացած միակ տիկնիկի դիմագծերն էլ լղոզվում-ջնջվում են ցեխաջրի մեջ, հրաշքը լքում է մարդկանց աշխարհը, ու այն կենդանացնելու ամեն փորձ անիմաստ է, քանի որ սպիտակ շորերով աղջիկը չի ձգտում վերադառնալ, ուղղակի մի հրաշք էլ գումարված է լինում երազանքի վարդագույն ամպին:

Շատ սիրուն ես գրել, ավելի սիրուն, քան իմ պատմվածքն էր: :love
Միայն մի բան. բոլոր չորս դեպքերում էլ վարդագույնը՝ լավը, վերածվում է մոխրագույնի՝ վատի, այն իմաստով, որ լավը երևակայականն է, իսկ վատը՝ իրականը, համենայնդեպ այս պատմվածքում: Նույնն է նաև ամենավերջում՝ չորրորդ տեսարանում, և «Այդպես կարող էր լինել» արտահայտությունը հենց դա էլ ցույց է տալիս, որ այդպես չի եղել: Իսկ թե ինչպես է եղել, դժվար չի գուշակել...

Բարեկամ
09.01.2008, 02:59
Միայն մի բան. բոլոր չորս դեպքերում էլ վարդագույնը՝ լավը, վերածվում է մոխրագույնի՝ վատի, այն իմաստով, որ լավը երևակայականն է, իսկ վատը՝ իրականը, համենայնդեպ այս պատմվածքում: Նույնն է նաև ամենավերջում՝ չորրորդ տեսարանում, և «Այդպես կարող էր լինել» արտահայտությունը հենց դա էլ ցույց է տալիս, որ այդպես չի եղել: Իսկ թե ինչպես է եղել, դժվար չի գուշակել...

Տեսածս ֆորման նույնպես այդպիսին էր ՝

վերևից ներքև գծով՝ փռված վարդագույնը /երազանքը/ նեղանում է դարչնամոխրագույնի /իրականության/ երեք շերտով, իսկ վերջինում՝ չորրորդում՝ հակադարձվում:
վարդագույնը երազանքն է՝ երևակայականը, դարչնագույնը՝ իրականությունը: Առաջին երեք մասերում սկզբում մատուցել ես երևակայականը /վարդագույնի լայն շերտն ա/, որը "այդպես կարող էր լիներ..."-ով գունաթափվում, նեղանում է դեպի ցուրտ իրականություն, իսկ վերջին մասում էդ "տրյուկը" հակադարձվել է. սկզբում իրականությունն է /մահը/, հետո "այդպես կարող էր լինելը..." տաքացնում է պատկերը մինչև վարդագույն, այսինքն՝ երազանք, անիրականություն, ու լավ է, որ պատմվածքդ կանգ է առնում հենց երազանքի վրա, քանի որ թեպետ երևակայական , բայց սրտով ապրած երազանքի մեջ հաճախ ավելի կյանք կա :love, քան աչքի տեսած, "փաստացի" իրականության մեջ:

Մանոն
09.01.2008, 10:10
Բարեկամն ամեն ինչ ասել է, ուստի ավելացնեմ միայն, որ սիրում եմ այսպիսի կարճ, երկու խոսքով` բայց այնքա~ն բան ասող և ուսուցանող ստեղծագործությունները: ivy ջան, քեզ մոտ դա հրաշալի է ստացվում: :)

Mefistofel
09.01.2008, 18:11
...երկու իրականություն այնպես զուգահեռ դասավորված, որ ընթերցողը իրենը ընտրի...
Մերթ զայրացնող , մերթ հույս տվող...
ով երազներով ապրում, կընտրի իր սիրելի խաբկանքը, ով իրականությամբ` կասի իր սիրելի խոսքը "մենակ մեռնելուս օրը չգիտեմ"...
Մտածելու տեղիք տվեց...
լավներ...
Շատ լավներ:

Cassiopeia
15.09.2012, 00:41
Էսօր իմ մոտ ստեղծագործություններ ընթերցելու երեկո է և ուզում եմ, որ այս պատմվածքը չմնա ակումբի խորքերում: Անպայման կարդացեք այն: