PDA

Դիտել ողջ տարբերակը : 2002-ից ի վեր արտագաղթի տեմպերը չեն նվազում



Artgeo
29.11.2007, 22:30
2002-ից ի վեր արտագաղթի տեմպերը չեն նվազում

2002-ից մինչ այսօր աշխատանքային միգրացիայի (արտագաղթի) տեմպերը Հայաստանում չեն նվազել, ավելին` դեռ կա աշխատանքային միգրացիայի աճ, մոտ 0,2 տոկոսով:

Երեկ «Անի» հյուրանոցում ներկայացվեց Հայաստանից արտերկիր մեկնող հայ միգրանտի եւ առհասարակ 2005-2007 թվականների աշխատանքային միգրացիայի վերաբերյալ ԵԱՀԿ աջակցությամբ «Առաջատար սոցիալական տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպության հետազոտությունը:

2005-2007 թվականների ժամանակաշրջանում արված հետազոտության համար ընտրվել են 1500 տնային տնտեսություններ եւ հարյուր աշխատանքային միգրանտներ: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ 2005-2007 թվականների ժամանակահատվածում աշխատանքային միգրացիայի գործընթացում ներգրավված է եղել հարցված ընտանիքների 14,5 տոկոսը: 2005-ի նման այս անգամ էլ դեպքերի ճնշող մեծամասնությունում ընտանիքի մեկ անդամն է մեկնել արտասահման աշխատելու, 15,5 տոկոսի դեպքում ընտանիքից երկու միգրանտ է եղել արտերկրում աշխատող, իսկ մոտ երկու տոկոս դեպքերում` 3 միգրանտ: Աշխատելու նպատակով 2005-ին Հայաստանից արտերկիր է մեկնել 54 հազարից 74 հազար միգրանտ, 2006-ին` 60 հազարից 81 հազար միգրանտ: Ի դեպ, միգրանտների 30 տոկոսը մինչեւ 2007-ի հունվար չի վերադարձել Հայաստան: «Առաջատար սոցիալական տեխնոլոգիաներ» (ԱՍՏ) ՀԿ նախագահ Աննա Մինասյանի խոսքով, 2002-ից մինչեւ հիմա միգրացիայի տեմպերում աճը եղել է 0,2 տոկոս, ինչը հիմնավոր տվյալ չէ պնդելու, թե միգրացիայի տեմպերի արագ աճ կա: Հետազոտության հեղինակները աշխատանքային միգրացիայի 2007-ի հարցմամբ երկու տարբերություն են արձանագրել 2002-2004 եւ 2005-5006-ի միգրացիոն հոսքերի միջեւ: Նախ՝ արտագաղթում ավելացել է գյուղական համայնքների բնակչության ներգրավվածությունը, որին զուգահեռ արտագաղթողների մեջ կրճատվել է երեւանաբնակների քանակը:

Ովքե՞ր են մեկնում արտերկիր աշխատելու: Ըստ հետազոտության, աշխատանքային միգրացիայի են դիմում միջին խավի մարդիկ. հարուստներին դրսի աշխատանքն անհրաժեշտ չէ, իսկ աղքատներին էլ հասանելի չէ: 2005-2006-ի հայ միգրանտի տիպիկ կերպարը, ԱՍՏ ՀԿ նախագահի ներկայացմամբ, հիմնականում ունի հետեւյալ բնորոշումները` ամուսնացած է, տնային տնտեսության՝ տան գլխավորն է կամ նրա որդին, ունի միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն: Աշխատանքի համար առավել նախընտրելի երկիրը արտագաղթածների 93 տոկոսի ընտրությամբ Ռուսաստանն է, մնացյալ 7 տոկոսում երկրորդ տեղում են ԱՄՆ-ը, Ուկրաինան:

Արտերկիր մեկնողների 65 տոկոսը աշխատանքի է մեկնում միջնորդավորված, բարեկամների, ընկերների կամ գործակալությունների հրավերով: Վերջին երկու տարիներին ավելացել է դրսում աշխատող հայերի տարեկան եկամուտը (ամիսը 643 դոլար), բայց դոլարի ներկայիս հոգեվարքի պայմաններում դա չի բարելավի նրանց ընտանիքների կենսամակարդակը: Ինչ վերաբերում է հայ միգրանտների վաստակի փոխանցմանը, ապա 60 տոկոս դեպքերում գումարները բանկերի միջոցով են փոխանցվում: Նախորդ տարիների համեմատ փաստորեն նվազել են մասնավոր անձանց միջոցով գումար փոխանցելու դեպքերը եւ աճել է վստահությունը բանկերի նկատմամբ:

Հետազոտության տվյալներով, արտերկրում հայերը հիմնականում աշխատում են շինարարության ոլորտում` օրական միջինը 10 ժամ տեւողությամբ: Միգրանտների 54 տոկոսը ընդհանրապես չի ունենում հանգստյան օրեր, իսկ գործատուի հետ պայմանագիր կնքելու պրակտիկան ցածր մակարդակի վրա է: Աշխատողների միայն 12 տոկոսն է գործատուի հետ պայմանագիր կնքում, մյուսները գործատուին չնեղացնելու կամ որոշ հարցերում չտուժելու համար չեն էլ հիշում աշխատանքային պայմանագրի մասին:

ՀԿ նախագահ Աննա Մինասյանի կարծիքով, բազմաթիվ խնդիրներ կան միգրացիան` աշխատանքային արտագաղթը օրինականացնելու համար: Սակայն խնդրի օրինականացումը հնարավոր չէ միայն իրավական կարգավորմամբ. խանգարում է նաեւ ազգային մենթալիտետը, երբ որոշ հարցերից ելնելով պայմանագիր չեն կնքում, աշխատանքային պայմաններից չեն բողոքում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

http://www.azg.am/?lang=AR&num=2007112914