PDA

Դիտել ողջ տարբերակը : Մուստաֆա Քեմալ Աթաթուրք



Vishapakah
27.11.2007, 04:49
«ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎՈՒՄ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ԵՐԿՀԱՏՈՐ Է

Այնտեղ բացի Հայոց ցեղասպանությունից, անդրադարձ է կատարվում նաեւ Սեւրի պայմանագրին եւ Մեծ Հայաստանին

Ինչպես տեղեկացրել էինք նոյեմբերի 13-ի եւ 14-ի համարներում, ցեղասպանություն բառի օգտագործումը Թեմալ Աթաթուրքի ժողովածուում իրարանցում էր առաջացրել Թուրքիայում, ինչի համար Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի մշակույթի, արվեստի եւ հրատարակչության հանձնաժողովի նախագահ Նեւզաթ Փաքդիլը մեղադրել էր Թուրքական լեզվի ընկերությանը:

Ինչո՞ւ: Այն պատճառով, որ 1987-ին Մեջլիսի տվյալ հանձնաժողովի կազմած ժողովածուն կարծիքի համար ներկայացվել էր Լեզվի ընկերություն եւ արժանացել հավանության: Փաքդիլը նշելով այդ մասին, միաժամանակ ընդգծել էր, որ ընկերության կազմած թուրքերեն բացատրական բառարանի 1988 եւ 2005 թթ. հրատարակություններում «katilam» բառին, որը արաբական փոխառություն է, տրված է հետեւյալ սահմանումը. «զանգվածային սպանություն, կոտորած, ցեղասպանություն»: Ժողովածուի հրատարակիչը Աթաթուրքի ճառը նոր սերնդին անաղարտ թուրքերենով ներկայացնելու համար սկզբնական տարբերակը զտել է արաբական եւ պարսկական փոխառություններից, այսպիսով, «katilam» դարձել է ցեղասպանություն, որն էլ վերագրվել է Քեմալ Աթաթուրքին:

Նոյեմբերի 11-ին թյուրիմացության համար Լեզվի ընկերությանը մեղադրող Փաքդիլը հաջորդ օրվա մամուլի ասուլիսում նշել է, որ Մեջլիսում թյուրիմացությունը վերացնելու որոշում է ընդունվել, համաձայն դրա, Աթաթուրքի ճառերի նոր հրատարակություններում ուղղվելու են ցեղասպանություն արտահայտությունները: Խնդիրը, սակայն, Աթաթուրքին ցեղասպանություն բառի օգտագործման վերագրումը չէ, այլ նրա ժողովածուի հրատարակության ինտերնետային տարբերակի նույնությամբ տեղադրումը Մեջլիսի կայքէջում եւ ինչպես հրատարակության մեջ, այնպես էլ ինտերնետային տարբերակում տեղ գտած այս թյուրիմացության բացահայտումը 20 տարի ուշացումով միայն:

Այլ կերպ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ կատաղի պայքար մղող Մեջլիսը իր իսկ հրատարակությամբ ոչ միայն Աթաթուրքին է վերագրել 1915-ի իրադարձությունները որպես Ցեղասպանություն բնութագրումը, այլեւ դա 20 տարի շարունակ պահպանել է կայքէջում: Անկախ թյուրիմացությունը վերացնելու Մեջլիսի նոյեմբերի 12-ին ընդունած որոշումից, երեկվա տվյալներով, ցեղասպանություն արտահայտությունները պահպանվում էին Աթաթուրքի ճառի ինտերնետային տարբերակում: Հատկանշական է, որ նոյեմբերի 11-ի առավոտյան կայքէջի համապատասխան հատվածը փակվել էր այցելուների առջեւ, իսկ երեկոյան վերստին բացվել: Ընդ որում, առանց փոփոխության, ինչի վրա նոյեմբերի 13-ին տեղեկագրում հատուկ ուշադրություն էր հրավիրել Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը:

Ինչ վերաբերում է ժողովածուին, ապա դա 1987-ին «Նստաշրջանի բացման Աթաթուրքի ելույթները Թուրքիայի ազգային մեծ ժողովում» վերնագրով հրատարակել է Մեջլիսի մշակույթի, արվեստի եւ հրատարակչության հանձնաժողովը: 266 էջանոց այս ժողովածուն երկհատոր է, ունի նախաբան, անձնանունների եւ տեղանունների ցանկ, ներառում է Աթաթուրքի ելույթները Մեջլիսի 1-5-րդ նստաշրջաններում, որոնք գումարվել են 1920-38 թթ.:

Քեմալ Աթաթուրքը հայերին եւ Հայաստանին, ինչպես նաեւ Սեւրի պայմանագրին, Կարաբեքիրի Հայաստան արշավանքին ու Կարսի պայմանագրին անդրադարձել է 1920 թ. ապրիլի 24-ի առաջին եւ 1924 թ. օգոստոսի 13-ի 2-րդ նստաշրջանի բացման ելույթներում:

Ըստ Մեջլիսի հրատարակության, ահա թե ինչ է ասել նա ժողովածուի առաջին հատորի 41-րդ էջում. «Անգլիայի քաղաքական ներկայացուցիչը մեր կառավարությանը հանձնեց Անգլիայի արտգործնախարարության նոտան, որտեղ ասված էր. «Նախ դադարեցրեք Անտանտի պետությունների եւ հույների դեմ իրականացվող գործողությունները: Եվ երկրորդ՝ հրաժարվեք Թուրքիայում հայերի դեմ իրականացվող ցեղասպանությունից: Մեր այս երկու պահանջների կատարման դեպքում ձեզ է հանձնվելու Ստամբուլը: Պահանջների անտեսումը վատթարագույն անդրադարձն է ունենալու հաշտության պայմանների վրա»: Պարոնայք, ինչ խոսք, այս պահանջները դավադրական էին եւ անկեղծությունից զուրկ, որովհետեւ երկու դեպքում էլ իրականությանը չէին համապատասխանում»:

Աթաթուրքը նույն էջում մանրամասնում է անգլիական առաջին պահանջը, իսկ 42-րդում շարունակում. «Երկրորդ պահանջը երկրում կատարվող ցեղասպանությանը վերջ տալու մասին էր: Հայերի նկատմամբ այդպիսի մոտեցում չկար եւ հետեւությունը սխալ էր: Բոլորս գիտենք մեր երկրի իրողությունները: Ո՞ր շրջանում է հայերի դեմ ցեղասպանություն կատարվել կամ կատարվում է: Չեմ ուզում անդրադառնալ Առաջին աշխարհամարտի սկզբներին: Իրականում Անտանտի պետություններն էլ, բնականաբար, նկատի չեն ունեցել անցյալի դեպքերը: Այսօր մեր երկրում աղետների իրականացում են հայտնաբերում, որ դրանից հրաժարվելու պահանջ ներկայացնեն մեզ»:

Ժողովածուի 43-րդ էջում Աթաթուրքը մեծ տերություններին մեղադրում է «հայերի ցեղասպանություն հորինելու եւ այդ մասին ի լուր աշխարհի հայտարարելու» մեջ, պայմանավորելով այս ամենը շահախնդիր շահագրգռություններով: Իսկ 47-ում ավելացնում. «Քանի դեռ Անատոլիայում բնակեցված հայերն ու հույները չեն հակադրվել մեր կառավարության հրահանգներին եւ ազգային նպատակներին, նրանք ի սկզբանե պաշտպանված են եղել ամեն տեսակի ոտնձգություններից, երկրում նրանց համար ապահովվել են բառիս բուն իմաստով երջանիկ ու խաղաղ կյանքի բոլոր պայմանները: Մեր քաղաքակրթական կարեւոր պարտքն ենք համարել հայերին ամեն տեսակի հարձակումներից պաշտպանելը եւ իշխանության բոլոր մարմիններին զգուշացրել ենք հայ ժողովրդի անդորրը պահպանելու անհրաժեշտությունը, նույնիսկ այն օրերին, երբ արտաքին աշխարհի հետ խզված էր Անատոլիայի կապը, իսկ մեր վեհ հայրենիքի շահերից բխող միջոցառումների իրականացումը՝ անհրաժեշտություն»:

54-55 էջերում Աթաթուրքը Մեջլիսին հիշեցնում է. «Արեւմուտքում՝ հույները, հարավում՝ ֆրանսիացիներն ու նրանց զինած եւ մեր դեմ հրահրած հայերը, իսկ արեւելքում Հայաստանի հայությունը բռնության եւ կոտորածների էին ենթարկում մեր երկրի բռնազավթված վայրերի, սահմաններին եւ ռազմաճակատին հարող շրջանների մահմեդական բնակչությանը: Արեւելքում մեր բանակների շնորհիվ հաղթանակ ենք տարել Հայաստանի դեմ, իսկ արեւմուտքում պարտության մատնել հույներին: Արեւելյան բանակի ազդեցիկ գործողությունները հնարավորություն տվեցին մեզ հետ վերցնել մեր ազգային ստրկության կարեւոր պատճառը հանդիսացող Կարսը, Արդահանը եւ Արդվինը»:

57-58 էջերում Աթաթուրքը ավելացնում է. «Անտանտի պետությունները հարկ համարեցին բանակցությունների սեղանին նստել մեզ հետ այն ժամանակ, երբ մեր ժողովուրդը իր վճռական ու հետեւողական պայքարով ապացուցեց, որ Սեւրի պայմանագիրը չի կարող որեւէ կերպ կիրառվել Թուրքիայում: Չնայած թշնամիների մեկ տարվա համառ ջանքերին, ներկայումս փաստացի եւ բարոյապես անհետացած են Սեւրի պայմանագրի բոլոր դրույթները»:

1924-ի օգոստոսի 13-ի Մեջլիսի գումարման 2-րդ նստաշրջանի բացմանը Քեմալ Աթաթուրքը վերստին անդրադարձել է Հայաստանի խնդրին, ասելով. «Պարոնայք, արեւելքում՝ Տրապիզոնը, իսկ հարավում Ադանան ներառող Մեծ Հայաստանից այլեւս հետք անգամ չի մնացել: Հայերը պարփակվել են իրենց բուն սահմաններում: 1877-ի արշավանքով թուրքական հայրենիքից տարանջատված Կարսը, Արդահանը, Արդվինը վերստին հայտնվել են մեր դրոշի ներքո»:

Ի դեպ, Աթաթուրքի երկհատոր ժողովածուի նախաբանը գրել է Մեջլիսի նախագահ Նեջմեթդին Կարադումանը, որտեղ նշում է, որ ելույթները արաբատառ բնագրից լատինատառ տարբերակով ժամանակակից թուրքերենի է վերածել Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահության հատուկ խորհրդական Սեդաթ Թյուզուները, որպեսզի մատչելի լինի նոր սերնդին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

http://cpanel.host.am/~azg/?lang=AR&num=2007111601