PDA

Դիտել ողջ տարբերակը : Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»



StrangeLittleGirl
23.11.2007, 22:47
Սա իմ ամենասիրելի գրքերից է: Վերջերս հիշել էի, կարոտել: Ցանկացա նորից կարդալ, բայց որոշեցի, որ դա պարզապես կարդալ չի լինի, այլ՝ մաս-մաս ամբողջ վիպակը կհավաքեմ: Ձեզ հաճելի ընթերցում… Եթե հետաքրքրի, մեկ-մեկ գրեք, որ շարունակությանն եք սպասում, որպեսզի չլռվեմ:
Վերջում միայն կասեմ, թե ինչու եմ այդքան շատ այն սիրում:


Ինձ միշտ ձգում են այն վայրերը, ուր մի ժամանակ ապրել եմ. տները, շրջակայքը, փողոցները: Այսպես օրինակ. քաղաքի արևելյան մասի յոթանասունական փողոցներից մեկում կա մի մեծ տուն, ուր ես բնակվում էի պատերազմի սկզբում, երբ նոր միայն, առաջին անգամ Նյու Յորք եկա: Ունեի մի սենյակ հինումին իրերով լցված, կար այնտեղ բազմոց, կային նաև չորս իբր փափուկ աթոռ, թե բազկաթոռ, պատած այնպիսի ծածկող, քոր առաջացնող թունոտ կարմիր թավիշով, որ վրան նայելիս ակամա պատկերացնում ես շոգ օր՝ փափուկ վագոնում: Պատերը սոսնձաներկով ներկված էին ծխախոտագույն: Ամեն տեղ, նույնիսկ լողասենյակում կախված էին փորագրանկարներ՝ հռոմեական փլատակների, որ հնությունից ծածկվել էին բծերով: Սենյակի միակ պատուհանը նայում էր հրշեջ սանդուղքին: Եվ սակայն, այս ամենով հանդերձ, բավական էր ձեռքս տանեի գրպանս ու շոշափեի սենյակիս բանալին, տրամադրությունս լավանում էր, քանի որ, մռայլ լիներ, թե ինչ, դա իմ առաջին սենյակն էր, առաջին սեփական կացարանը, այնտեղ էին իմ գրքերը, բաժակի մեջ լցված մատիտները, որ ուզածդ պահին կարող էիր սրել, մի խոսքով այն ամենն, ինչ պետք էր, թվում էր ինձ, գրող դառնալու համար:
Այն օրերին մտքովս չէր էլ անցնում գրել Հոլլի Գոլայթլիի մասին և, հավանաբար, հիմա էլ չէի մտածի գրել, եթե չլիներ Ջո Բելլի հետ ունեցածս խոսակցությունը, որը նորից վերադարձրեց ինձ իմ հիշողություններին:
Հոլլի Գոլայթլին նույնպես սենյակ էր վարձում այն նույն հին տանը, ապրում էր իմ ներքևի բնակարանում: Իսկ Ջո Բելլը, նա բար ուներ Լեքսինգթոն ավենյուի անկյունում. հիմա էլ նա այդ բարի տերն է: Եվ ես ու Հոլլին օրական մի վեց-յոթ անգամ մտնում էինք բար՝ ոչ խմելու համար, ավելի ճիշտ՝ ոչ միայն խմելու համար, այլև հեռախոսով զանգահարելու. պատերազմի ժամանակ սեփական հեռախոս ունենալը դժվար բան էր: Եվ հետո, Ջո Բելլը սիրով էր կատարում հանձնարարություններ, և դա մեծ օգնություն էր, քանի որ Հոլլին միշտ էլ սարսափելի շատ հանձնարարություններ ուներ:
Այս ամենն, իհարկե, շատ հին պատմություն է. և մինչև անցյալ շաբաթվա մեր հանդիպումը Ջո Բելլին չէի տեսել մի քանի տարի: Ժամանակ առ ժամանակ զանգ էինք տալիս միմյանց, մեկ-մեկ էլ, երբ լինում էի մոտերքում, մտնում էի նրա բարը, սակայն մենք մտերիմներ չենք եղել: Մեզ կապում էր միայն մեր երկուսի բարեկամությունը Հոլլիի հետ: Ջո Բելլը ծանր բնավորության տեր մարդ է, նա ինքն էլ է դա ընդունում և բացատրում նրանով, որ ամուրի է ու դեռ ստամոքսի թթվայնությունն էլ բարձր: Ով նրան ճանաչում է, ձեզ կասի, որ նրա հետ շատ դժվար է: Հետը խոսել չես կարող, եթե չես բաժանում նրա հետաքրքրությունները, իսկ Հոլլին այդ հետաքրքրություններից է: Մյուս հետաքրքրություններն են՝ հոկեյը, վայմարյան որսաշները, «Մեր փոքրիկ կիրակին» բազմասերիանոց ռադիո-մելոդրաման, որ նա լսում էր արդեն տասնհինգ տարի, ու նաև Գիլբերտն ու Սալիվընը, և Ջո Բելլը պնդում է, որ նրանցից մեկը, չգիտեմ որը, իր ազգականն է:
Եվ այսպես, երբ անցյալ երկուշաբթի կեսօրից շատ անց հեռախոսը զանգահարեց և լսեցի «Խոսում է Ջո Բելլը», անմիջապես հասկացա, որ խոսքը Հոլլիի մասին է լինելու: Բայց նա այդ չասաց, ասաց միայն. «Կարո՞ղ եք հիմա ինձ մոտ գալ: Շատ կարևոր է»,- և զգացի, որ նրա կռկռան ձայնը խռպոտած էր հուզմունքից:
Հոկտեմբերյան տեղատարափ անձրևի տակ մի կերպ տաքսի բռնեցի և ճամփին հանկարծ մտքովս անցավ, որ Հոլլին կարող է այստեղ լինել ու որ գուցե ես նորից կտեսնեմ նրան:
Սակայն այնտեղ բարի տիրոջից բացի ոչ ոք չկար: Լեքսինգթոն ավենյուի վրա գտնվող գարեջրատների համեմատությամբ Ջո Բելլի բարը ամենասակավամարդն էր: Ոչ նեոնե լամպեր ուներ այդ բարը, ոչ էլ հեռուստացույց: Երկու հին հայելիների մեջ երևում էր, թե դրսում ինչ եղանակ է, իսկ վաճառասեղանի հետևը որմնախորշի մեջ, որ զարդարված էր հոկեյի աստղերի լուսանկարներով, միշտ դրված էր մի մեծ սափոր թարմ ծաղիկներով: Այդ ծաղկեփունջը դնում և սիրով խնամում է Ջո Բելլն ինքը: Նա հենց այդ գործով էր զբաղված, երբ ներս մտա:
- Հասկանում եք,- ասաց նա, թրաշուշանը ծաղկամանի մեջ մտցնելով,- հասկանում եք, իհարկե, ձեզ չէի կանչի, որ այսքան հեռու գաք, բայց ինձ պետք է ձեր կարծիքն իմանալ: Տարօրինակ բան է: Շատ տարօրինակ բան է պատահել:
- Հոլլիից ինչ-որ լուր ունե՞ք:
Նա տերևը խաղացնում էր ձեռքի մեջ, դեռևս չկարողանալով ասելիքն ասել: Ոչ բարձրահասակ, ճերմակած կոշտ մազերով այդ մարդը, առաջ ցցված ծնոտով և ոսկրոտ դեմքով, որ կսազեր նրանից շատ ավելի բարձր հասակ ունեցող մեկին, միշտ էլ ասես արևից թխացած գույն ունենար, իսկ հիմա պարզապես շիկնել էր:
- Հաստատ չեմ կարող ասել, թե իսկապես լուր է նրանից: Ուզում եմ ասել, դեռ լավ չեմ հասկանում: Դրա համար է, որ ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը: Բայց նախ ձեզ համար մի կոկտեյլ պատրաստեմ: Բոլորովին նոր բան է: «Սպիտակ հրեշտակ», այսպես է կոչվում այս նորությունը,- ասաց նա կեզ օղի ու կես ջին խառնելով, առանց մի կաթիլ վերմուտ ավելացնելու:
Մինչ ես խմում էի այս խառնուրդից ստացվածը, Ջո Բելլը, «Թամս» ֆիրմայի արտադրած ստամոքսի այրուցք վերացնող հաբը լեզվի տակ կանգնել էր կողքիս՝ ջանալով մտքերը ժողովել: Հետո ասաց.
- Հիշու՞մ եք այն միստր Ի. Յա. Յունիոշիին: Ճապոնիայից եկած այն ջենտլմենին:
- Կալիֆոռնիայից,- ասացի ես:
Միստր Յունիոշիին շատ լավ էի հիշում: Նա պատկերազարդ ամսագրերից մեկում լուսանկարիչ էր, զբաղեցնում էր իմ ապրած տան վերևի հարկի բնակարան-արվեստանոցը:
- Ինձ մի շփոթեցրեք: Ասացեք, հասկացա՞ք, ում նկատի ունեմ: Շատ լավ: Այսպես, ուրեմն, երեկ երեկոյան այստեղ է գալիս հենց այդ միստր Յունիոշին: Ես նրան, երևի, մի երկու տարուց ավելի չէի տեսել: Եվ ինչ եք կարծում, որտե՞ղ է եղել նա այդ երկու տարին:
- Աֆրիկայում:
Ջո Բելլը դադարեց բերանի հաբը ծծել, աչքերն ասես ավելի նեղլիկացան:
- Որտեղի՞ց գիտեք:
- Ուինչելի մոտ եմ կարդացել:- Իսկապես այդպես էր:
Նա չրխկոցով դուրս քաշեց գանձարկղի դարակն ու մի հաստ շագանակագույն ծրար հանեց:
- Հապա, սա՞ էլ եք կարդացել Ուինչելի մոտ:
Ծրարի մեջ երեք լուսանկար կար, թվում էր, երեքն էլ նույնն էին, պարզապես լուսանկարված տարբեր կետերից. բարձրահասակ, բարեկազմ մի նեգր չթի փեշ հագած, մի փոքր ամոթխած, բայց և ինքնագոհ ժպիտը դեմքին ցույց էր տալիս մի տարօրինակ փայտե արձանիկ. երիտասարդ աղջկա երկարավուն գլուխ՝ տղայի կարճ ու հարթ մազերով ու դեպի ցած նեղլիկացող դեմքով. ողորկված փայտե նրա շեղ աչքերը չափազանց մեծ էին, իսկ մեծ, խիստ գծագրված բերանը նման էր ծաղրածուի բերանիլ Առաջին հայացքից այն նման էր սովորական պրիմիտիվ քանդակի, սակայն հետո անմիջապես այդ տպավորությունը փոխվում էր, քանի որ քանդակը իսկական Հոլլի Գոլայթլին էր, եթե միայն կարելի է այդպես ասել մութ, անշունչ առարկայի մասին:

Shauri
24.11.2007, 00:10
Բյուր, իսկ մոտավորապես ինչքա՞ն է վիպակը։ Շատ շնորհակալ գործ է, բայց հետաքրքիր է իմանալ՝ ինչքան կտևի...

egoist
24.11.2007, 00:13
Անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը, սկիզբը շատ խոստումնալից էր...

StrangeLittleGirl
24.11.2007, 12:41
Բյուր, իսկ մոտավորապես ինչքա՞ն է վիպակը։ Շատ շնորհակալ գործ է, բայց հետաքրքիր է իմանալ՝ ինչքան կտևի...
96 էջանոց փոքրիկ գրքույկ է ;)
Որ վիզ դնեմ, մի 10 օրում կվերջացնեմ:

Լէգնա
24.11.2007, 12:42
96 էջանոց փոքրիկ գրքույկ է ;)
Որ վիզ դնեմ, մի 10 օրում կվերջացնեմ:

Բեր սքան անենք, ֆայնրիդերով մի օրում ,առանց վզի, վերջացրու :)

հ.գ. բայց մատներդ իմն են :

StrangeLittleGirl
24.11.2007, 13:07
Բեր սքան անենք, ֆայնրիդերով մի օրում ,առանց վզի, վերջացրու
Տենց չկա, ես համ էլ կարդում եմ :P

StrangeLittleGirl
25.11.2007, 20:43
- Հը, ի՞նչ կասես,- շփոթմունքիցս շատ գոհ, հարցրեց Ջո Բելլը:
- Կարծես նա է:
- Լսիր, տղա,- և նա ձեռքը զարկեց վաճառասեղանին,- դա հենց նա է որ կա: Ես դրանում համոզված եմ: Ճապոնացին նրան տեսնելուն պես ճանաչել է:
- Նա նրան տեսե՞լ է: Աֆրիկայու՞մ:
- Ո՛չ: Միայն քանդակն է տեսել: Բայց վերջին հաշվով դա նույնն է: Ինքներդ ահա կարդացեք, թե ինչ է գրված,- ասաց նա՝ շրջելով լուսանկարներից մեկը: Լուսանկարի հետևին գրված էր. «Փորագրություն փայտի վրա Ս. Տոկոկուլ ցեղ, Իստ Անգլիա: Ծննդյան տոներ, 1956»:
- Ահա թե ինչ է ասում ճապոնացին,- ասաց նա,- պատմությունը հետևյալն է: Ծննդյան տոնին միստր Յունիոշին, լուսանկարչական ապարատն առած, շրջել է Տոկոկուլով մեկ: Դա կորած-մոլորած մի գյուղակ է ինչ-որ մի տեղ, կարևոր էլ չէ, թե որտեղ, պարզապես մի ոչ մեծ համայնքի կեղտոտ, ցեխոտ, կավածեփ հյուղակներ են, բակերում կապիկներ, տանիքներին՝ լալկան բազեներ: Նա արդեն ուզում էր հեռանալ այդտեղից, երբ հանկարծ տեսնում է մի նեգր դռան շեմքին պպզած՝ ձեռնափայտի վրա կապիկներ է փորագրում: Միստր Յունոշիի վրա մեծ տպավորություն է գործում այդ աշխատանքը, և նա խնդրում է նեգրին էլի մի բան ցույց տալ: Դրանից հետո դուրս են բերում ուրիշ փորագրություն՝ մի երիտասարդ կնոջ գլուխ և նրան թվում է, ինչպես ինքն է ասել Ջո Բելլին, որ դա երազի պես մի բան է: Իսկ երբ նա առաջարկում է գնել այդ քանդակը, նեգրը մի տարօրինակ շարժումով, որը երևի պետք էր հասկանալ կուրծք ծեծելու նման մի բան, ասում է՝ «ոչ»: Ոչ մի ֆունտ աղը և տասը դոլարը, ոչ երկու ֆունտ աղը և քսան դոլարն ու թևի ժամացույցը, ոչինչ նրա միտքը չի փոխում: Միստր Յունիոշին ուզել է գոնե պարզել այդ քանդակի պատմությունը, որի համար ստիպված է եղել տալ մոտի ամբողջ աղը և թևի ժամացույցը: Եվ պատմությունը նրան արվել է կոտրտված անգլերենով և աֆրիկյան ինչ-որ բարբառի խառնուրդով, լրացնելով այն ձեռ ու ոտի շարժումով: Ըստ երևույթին պետք էր հասկանալ, որ այդ տարի գարնանը երեք ձիավոր էին անցել այդ կողմերով: Մի երիտասարդ կին ու երկու տղամարդ: Երկու տղամարդն էլ՝ դողէրոցքով բռնված, կարմրած, բորբոքված աչքերով, մի քանի շաբաթ ստիպված մեկուսացված, փակված են եղել մի հյուղակում, իսկ երիտասարդ կինը, որին դուր էր եկել փայտի վրա փորագրողը, քնում էր նրա հետ, նրա խսիրին:
- Դրան ես չեմ հավատում,- խորշանքով ասաց Ջո Բելլը,- գիտեմ, նա ինչ խենթություն ասես կարող էր անել, բայց չեմ կարծում, որ կարող էր այդ աստիճանի հասնել:
- Էհ, հետո՞:
- Հետո, ոչինչ,- նա ուսերը թոթվեց:- Շուտով նա գնացել է, ինչպես որ եկել էր, ձի հեծած:
- Մենա՞կ, թե այն երկու տղամարդկանց հետ:
Ջո Բելլն արագ-արագ թարթեց աչքերը:
- Կարծեմ այն երկու տղամարդկանց հետ: Հիմա դառնանք ճապոնացուն: Սա ամեն տեղ, ամենքին հարցուփորձ է արել նրա մասին, բայց ոչ ոք նրան երբևէ չէր տեսել:- Հետո զգալով իմ հիասթափությունը, ասես վախենալով, որ կարող է իրեն էլ փոխանցվել, և չուզենալով այդ, շարունակեց.- Մի բան, սակայն, պետք է ընդունեք, սա միակ հավաստի լուրն է, չգիտեմ նույնիսկ քանի,- նա սկսեց հաշվել մատների վրա, բայց մատները չհերիքեցին,- չգիտեմ քանի տարիների ընթացքում: Մի հույս ունեմ, որ նա երևի հարուստ է: Պետք է որ հարուստ լինի: Մարդ պետք է հարուստ լինի Աֆրիկայով մեկ քարշ գալու համար:
- Երևի նա Աֆրիկա ոտք չի էլ դրել,- ասացի ես վստահ, թեև կարող էի նրան պատկերացնել Աֆրիկայում, դա նրան կսազեր: Հետո այդ փայտից քանդակած գլու՜խը: Ես նորից նայեցի լուսանկարներին:
- Դուք շատ բանիմաց մարդ եք: Դե, ասացեք, նա հիմա որտե՞ղ կլինի:
- Մահացել է: Կամ հոգեբուժարանում է: Կամ ամուսնացել է: Ինձ թվում է, նա ամուսնացել ու խաղաղվել է, գուցե հենց այստեղ է, ապրում է հենց այս քաղաքում:
Նա մի պահ մտածեց:
- Ոչ,- ասաց նա գլուխը տարուբերելով,- կասեմ թե ինչու: Եթե մեր քաղաքում լիներ, նրան տեսած կլինեի: Դեհ, օրինակ, ինձ նման մեկը, որ սիրում է ոտքով շրջել, որ արդեն տասը թե տասներկու տարի ման է գալիս փողոցներով ու շարունակ որոնում է, անհանգստանում, թե չլինի՞ հանկարծ չնկատի այն մեկին, այն մեկին, որին ոչ ոք չի կարող փոխարինել, և երբեք չի հանդիպում, ասեք, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ մեկը մեր քաղաքում չէ: Ես շարունակ տեսնում եմ կանանց, որ ինչ-որ բանով հիշեցնում են նրան, նրա տարբեր մասերը… Էհ, սլացիկ, նիհար, արագ քայլող որևէ աղջիկ…- Նա լռեց, ասես ուզում էր համոզվել՝ արդյոք ուշադի՞ր եմ լսում իրեն,- կարծում եք խելքս թռցրե՞լ եմ:
- Ոչ, պարզապես չգիտեի, որ սիրահարված եք եղել նրան: Այդքան սիրում եք:
Զղջացի ասածիս համար, խոսքերս նրան շփոթեցրին: Նա վերցրեց լուսանկարներն ու դրեց ծրարի մեջ: Նայեցի ժամացույցիս: Գնալու պետք չունեի, բայց մտածեցի, որ ավելի լավ է գնամ:
- Սպասեցեք,- ասաց նա դաստակս բռնելով:- Այո, սիրում էի նրան: Ոչ թե ուզում էի անպայման նրան…- Եվ առանց ժպտալու ավելացրեց.- Չեմ ուզում ասել, որ ընդհանրապես այդպիսի մտքեր չեմ ունեցել: Նույնիսկ հիմա էլ, իսկ հունվարի տասին կդառնամ վաթսունյոթ տարեկան, էլի այդպիսի մտքեր ունենում եմ: Եվ տարօրինակն ինչ է, ինչքան մեծանում ես, այնքան ավելի շատ են նման մտքեր գալիս գլուխդ: Հիշում եմ, նույնիսկ պատանի ժամանակ այդքան չեմ մտածել: Իսկ հիմա մի գլուխ դա է: Երևի ինչքան մեծանում ես, այնքան դժվարանում է մտածածդ գործի մեջ կիրառելը, այնքան ավելի է այդ միտքը քեզ հետապնդում: Եվ երբ լրագրում կարդում եմ իրեն խայտառակած որևէ ծերուկի մասին, գիտեմ, որ դա իր մտքերի ծանրությունից է: Բայց,- նա չափեց, մեկուկես ունցիա վիսկի լցրեց իր համար և այդպես, անխառն խմեց,- ես երբեք ինձ չեմ խայռտառակի: Երդվում եմ, որ Հոլլիի նկատմամբ երբեք այդպիսի մտքեր չեմ ունեցել: Կարելի է սիրել և առանց դրա: Այդ դեպքում լինում ես օտարի պես, բայց բարեկամ:
Երկու տղամարդ մտան բար, և ես վճռեցի, որ ճիշտ գնալու ժամանակն է: Ջո Բելլն ինձ ուղեկցեց մինչև դուռը: Նորից բռնեց ձեռքս.
- Հավատու՞մ եք:
- Որ չեք ուզում նրան դիպչե՞լ:
- Ոչ, նկատի ունեմ Աֆրիկան:
Ու հանկարծ զգացի, որ ոչինչ չեմ հիշում նրա պատմությունից, աչքիս առաջ եկավ միայն Հոլլին՝ ձի նստած հեռանալիս:
- Էհ, ամեն դեպքում, նա չկա:
- Այո,- ասաց նա դուռը բացելով,- այո, չկա:
Անձրևը դադարել էր, օդում միայն մշուշն էր մնացել, և ես, ճանապարհս թեքելով, քայլեցի այն փողոցով, ուր գտնվում էր տունը, որտեղ ապրում էի մի ժամանակ: Այդ փողոցում աճում են ծառեր, որ ամռանը նախշավոր զով ստվերներ են փռում մայթերին. սակայն հիմա տերևները դեղնած էին, գրեթե բոլորը թափվել էին, թրջվել անձրևից և դարձել սայթաքուն: Տունը գտնվում էր այդ թաղամասի մեջտեղում, հենց եկեղեցու ետևում, որի աշտարակի երկնագույն ժամացույցը խփում էր ժամերը: Իմ ապրած ժամանակից հետո այդ տունը նորոգել էին և հիմա այն շատ կոկիկ տեսք ուներ. հին փայլատ ապակիով դռան փոխարեն նոր շքեղ, սև դուռ էր, իսկ պատուհանները շրջանակել էին գեղեցիկ, նուրբ, մոխրագույն փակոցափեղկեր: Այնտեղ ապրողներից բոլորը, ում հիշում եմ, գնացել էին այդ տնից, բացի մադամ Սափֆիա Սպանելլայից, խռպոտ կոլորատուրայով այդ տիկնոջից, որն ամեն օր Կենտրոնական զբոսայգի էր գնում անվավոր չմուշկ քշելու: Որ նա այնտեղ է ապրում, գիտեմ, որովհետև սանդուղքով բարձրացա և նայեցի փոստարկղներին: Հենց այդպիսի մի փոստարկղից էլ ժամանակին Հոլլի Գոլայթլիի գոյության մասին իմացա:

StrangeLittleGirl
28.11.2007, 01:11
Արդեն մի շաբաթ էր, ինչ ապրում էի այդ տանը, երբ մեկ էլ նկատեցի, որ N2 բնակարանի փոստարկղին տարօրինակ քարտ է ամրացված: Գեղեցիկ ու պարզ տառատեսակով տպված էր. «Միսս Հոլիդեյ Գոլայթլի», իսկ ներքևի անկյունում՝ «Ճամփորդում է»: Այդ մակագրությունը մխրճվեց ուղեղումս, ինչպես մեղեդի. «Միսս Հոլիդեյ Գոլայթլի, ճամփորդում է»:
Մի գիշեր, կեսգիշերից բավական անց, արթնացա միստր Յունիոշիի ձայնից, ինչ-որ բան էր բղավում սանդղահարթակում: Քանի որ նա ապրում էր վերևի հարկում, նրա զայրացկոտ ու խիստ ձայնը լսվում էր ամբողջ տանը:
- Միսս Գոլայթլի, ես կբողոքե՛մ:
Ջահել, անհոգ, ուրախ մի ձայն պատասխանեց ներքևից:
- Անուշս, ներեցեք: Նորից կորցրել եմ այդ անիծյալ բանալին:
- Բայց չի կարելի, չէ՞, շարունակ իմ զանգը տալ: Խնդրում եմ ձեզ համար բանալի սարքեք:
- Բայց ես մեկ է կորցնում եմ:
- Ես աշխատում եմ, ես պետք է քնեմ,- բղավում էր միստր Յունիոշին:- Իսկ դուք ամեն անգամ իմ զանգն եք տալիս:
- Օհ, սիրելիս, բարեկամս, մի բարկացեք, այլևս չեմ անի: Իսկ եթե խոստանաք, որ չեք բարկանա,- նա բարձրանում էր սանդուղքով, և ձայնն արդեն ավելի մոտիկից էր լսվում,- ես գուցեև փույլ տամ անեք այն լուսանկարները, որոնց մասին խոսել ենք:
Այդ ժամանակ արդեն ես վեր էի կացել պառկածս տեղից ու մի մատնաչափ բացել էի դուռս: Լսում էի, որ միստր Յունիոշին լռել է. դա լսելի էր նրա շնչառության փոխվելուց:
- Ե՞րբ,- ասաց նա:
Աղջիկը ծիծաղեց:
- Երբևիցե,- պատասխանեց աղջիկն անորոշ:
- Երբ կամենաք,- ասաց ճապոնացին և դուռը փակեց:
Ես դուրս եկա ու հենվեցի բազրիքին, այնպես, որ ինքս մնալով աննկատելի, կարողանամ նրան տեսնել: Նա դեռ աստիճանների վրա էր, բայց արդեն հասել էր սանդղահարթակին և թվում էր սանդղահարթակի ողջ լույսն ընկել էր նրա տղայական կարճ կտրած բազմերանգ՝ շեկ, ոսկեհարդագույն ու սպիտակ մազափնջերին: Տաք, գրեթե ամառային գիշեր էր, աղջկա հագին նեղ, թեթև սև զգեստ էր, սև սանդալներ և շատ կարճ մարգարտյա վզնոց: Չնայած նիհարությանը, որ գեղեցիկ էր, նրանից առողջություն, օճառի և կիտրոնի թարմություն ու մաքրություն էր բուրում, իսկ մաշկի վարդագույնը այտերին մգանում էր: Աղջիկն ուներ մեծ բերան, վեր ցցված քթիկ: Աչքերը ծածկում էր արևի ակնոցը: Դեռատի դեմք ուներ, բայց ինչ-որ բաներով կարող էր հասուն կնոջ նմանվել: Համենայն դեպս, կարող էի նրան տալ և տասնվեց, և երեսուն տարեկան: Սակայն ինչպես հետո պարզվեց, երկու ամիս էր պակասում նրա տասնինը տարուն:
Աղջիկը մենակ չէր: Երբ մոտեցան դռանը, աղջիկն սկսեց պայուսակի մեջ որոնել բանալին, բնավ ուշադրություն չդարձնելով, որ տղամարդու հաստ շրթունքները կպել մնացել են իր ծոծրակին: Վերջապես, կարծես բանալին գտնելով և դուռը բացելով, նա ասաց շատ սիրալիր.
- Սիրելիս, դուք հրեշտակ եք, շնորհակալ եմ, որ ինձ ճանապարհեցիք:
- Հե՜յ, փոքրիկս,- բղավեց տղամարդը, երբ դուռը փակվում էր նրա երեսին:
- Ի՞նչ է, Հարրի:
- Հարրին այն մյուսն էր: Ես Սիդն եմ: Սիդ Արբաքը: Չէ որ դու ինձ սիրում ես:
- Ես ձեզ ուղղակի պաշտում եմ, միստր Արբաք: Իսկ հիմա բարի գիշեր, միստր Արբաք:
Միստր Արբաքը շվարած նայում էր փակված դռանը:
- Հե՜յ, փոքրիկ, ներս թող ինձ: Ախր ես քեզ դուր եմ գալիս: Ես բոլորին էլ դուր եմ գալիս: Բա ես հինգ հոգու համար, քո ընկերների, հաշիվը չփակեցի՞, ախր ես նրանց երբեք տեսած չկայի: Դա ինձ իրավունք չի՞ տալիս, որ դու ինձ սիրես: Փոքրիկ, ախր դու ինձ սիրում ես:
Նա սկզբում թեթևակի, հետո ավելի ուժեղ բախեց դուռը, ապա մի քանի քայլ ետ քաշվեց, կռացավ, ասես պատրաստվում էր նետվել դռան վրա ու ջարդել: Բայց դրա փոխարեն ցած նետվեց սանդուղքով, բռունցքով թակելով պատը: Նա արդեն ներքևում էր, երբ աղջկա բնակարանի դուռը բացվեց և նա գլուխը դուրս հանեց:
- Օ՜հ, միստր Արբաք…
Տղամարդը շրջվեց, դեմքը ճապաղել էր ժպիտից. սա երևի կատա՞կ էր անում:
- Ուրիշ անգամ, եթե պատահի որևէ աղջիկ ձեզնից մանր դրամ խնդրի զուգարան մտնելու համար,- ամենևին ոչ կատակով ասաց աղջիկը,- լսեք խորհուրդս, երբեք նրան ընդամենը քսան սենթ չտաք:

Աղջիկը միստր Յունիոշիին տված իր խոսքը պահեց և, երևում է, այլևս նրա զանգին ձեռք չէր տալիս, քանի որ այդ օրվանից անցել էր իմ զանգին, հայտնվելով երբեմն գիշերվա երկուսին, երբեմն երեքին, պատահում էր և՝ չորսին. նա երբեք անհարմար չէր զգում, թե որ ժամին է ինձ անկողնուց հանում, որ սեղմեմ մուտքի դուռը բացող կոճակը: Քանի որ ես քիչ ընկերներ ունեի, և նրանցից ոչ մեկն այդքան ուշ ժամի ինձ չէր այցելի, միշտ գիտեի, որ նա է զանգողը: Եվ այդուհանդերձ, երբ դեռ չէի վարժվել, մոտենում էի դռանը՝ վախենալով, թե հեռագիր կլինի կամ վատ լուր, իսկ միսս Գոլայթլին ներքևից ձայն էր տալիս. «Ներեցեք, սիրելիս, բանալիս եմ մոռացել»:
Մենք, իհարկե, ծանոթ չէինք: Թեև հաճախ սանդուղքին կամ փողոցում իրար դեմ էինք գալիս, բայց թվում էր, նա ինձ չի նկատում: Նա միշտ արևի ակնոցով էր, միշտ կոկիկ, պարզ և ճաշակով հագնված, մոխրագույն և երկնագույն երանգների, որ զարմանալիորեն ավելի էր ընդգծում նրա փայլուն արտաքինը: Նրան կարելի էր կամ բնորդուհու, կամ էլ ջահել դերասանաուհու տեղ դնել, թեև դատելով նրա ապրելակերպից, երևում էր, որ ժամանակ չունի ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի համար:
Պատահում էր, որ հանդիպում էի նրան և տնից հեռու: Մի անգամ ինձ մոտ հյուրընկալվող ազգականներիցս մեկը ինձ հրավիրեց «21» և այնտեղ մի ճոխ սեղանի մոտ, չորս տղամարդկանցով շրջապատված, որոնցից ոչ մեկը միստր Արբաքը չէր, թեև ազատ կարող էր նրան փոխարինել, նստած էր միսս Գոլայթլին և բոլորի աչքի առաջ ծուլորեն սանրում էր մազերը: Նրա դեմքին արտահայտությունը և այն, որ կարծես հազիվ էր զսպում հորանջը, դուրս բերեցին ինձ հուզված վիճակից, որի մեջ ընկել էի, հայտնվելով այդ շքեղ վայրում: Մի ուրիշ անգամ, ամռան ամենաշոգին, երեկոյան սենյակիս տոթն ինձ ստիպեց դուրս գալ փողոց: Երրորդ ավենյուով քայլեցի ներքև, մինչև Հիսունմեկերորդ փողոց, որտեղ մի անտիկվարային խանութ կար, և կանգնել հիանում էի ցուցափեղկում դրված թռչնավանդակով, մի իսկական ապարանք, մզկիթի նման՝ մինարեթներով և բամբուկե սենյակներով, որ սպասում էին խոսող թռչուններին՝ թութակներին: Սակայն այն արժեր երեք հարյուր հիսուն դոլար: Տուն վերադառնալիս Քլարքի բարի մոտ տեսա տաքսւ վարորդները հավաքված նայում են ավստրալիական բանակի մի խումբ սպաների, որոնք խռպոտ ձայներով երգում էին «Վալս պարող Մաթիլդան»: Պարելով, նրանք սալաքարերի վրա հերթով պտտվում էին մի աղջկա հետ, հենց օդային երկաթգծի տակ, ու աղջիկը, որ անկասկած միսս Գոլայթլին էր, շարֆի պես թեթև գրկից գիրկ էր սահում:
Եվ այսպես, եթե միսս Գոլայթլին շարունակում էր անգետ մնալ իմ գոյությանը և ընդունել ինձ որպես սոսկ իր համար դուռը բացող մեկը, ես, սակայն, ամռան ընթացքում իմացա նրա մասին գրեթե ամեն ինչ: Միսս Գոլայթլիի աղբարկղից հասկացա, որ նա կարդում է բացառապես բուլվարային լրագրեր, տուրիստական պրոսպեկտներ և աստղագուշակության բախտացույցներ, ծխում է «Պիկայուն» սիրողական սիգարետներ, սնվում է կաթնաշոռով և տապակած հացի բարակ շերտիկներով, և որ նրա մազերի բազմերանգությունն իր արածն է: Նույն աղբյուրից ինձ հայտնի դարձավ, որ նա շատ նամակներ է ստանում բանակից: Դրանք միշտ շերտ-շերտ, էջանշանների նման պատռված թափված էին լինում: Երբեմն անցնելիս վերցնում էի մի այդպիսի էջանշանի նման շերտիկ: «Հիշում ես», «կարոտում եմ քեզ», «անձրև», «խնդրում եմ, գրիր», «գրողը տանի», «անիծյալ». ահա այն բառերը, որ շարունակ կրկնվում էին այդ թերթիկների վրա, և մեկ էլ՝ «տխրում եմ», «սիրում եմ»:

Dayana
28.11.2007, 11:07
Ես անհամբեր սպասում եմ շարունակությանը :love Շնորհակալ եմ գրեկուդ համար :)

StrangeLittleGirl
28.11.2007, 22:25
Իմացա նաև, որ կատու ուներ և կիթառ էր նվագում: Արև օրերին, երբ մազերը լվանում էր, իր շեկ վագրանման որձ կատվի հետ դուրս էր գալիս, նստում հրշեջ սանդուղքին ու կիթառ էր նվագում այնքան, մինչև մազերը չորանային: Երաժշտության ձայն լսելով, զգուշորեն գնում, կանգնում էի պատուհանիս մոտ: Նա շատ լավ էր նվագում, իսկ երբեմն և երգում էր: Երգում էր խռպոտ, պատանու խզվող ձայնով: Գիտեր բոլոր տարածված երգերը: Քոլ Փորթերի, Կուրտ Վայլի երաժշտական կոմեդիաները, և հատկապես սիրում էր «Օկլահոմայից» երգերը, որ բոլորովին նոր էին և այդ ամառ երգվում էին ամենուր: Սակայն պատահում էր, նա այնպիսի երգեր էր երգում, որ ակամա մտածում էի, թե որտե՞ղ է նա դրանք սովորել, որտեղից է ինքը ծագումով: Սուր և միաժամանակ քնքուշ, սահող մեղեդի, որի բառերից ասես սոճու անտառների կամ տափաստանների բույր էր սփռվում: Այդ երգերից մեկն այսպիսի բառեր ուներ. «Ոչ այն աշխարհում, ոչ երազի մեջ, գեթ մի անգամ դրախտ տեսնեի այս կյանքում»: Թերևս ամենից շատ նա հենց այս երգն էր սիրում, որովհետև երբեմն մազերը վաղուց արդեն չոր էին, իսկ նա դեռ երկար շարունակում էր երգել, երգում էր մինչև արևն էլ էր մայր մտնում, երգում էր մինչև մթնշաղի մեջ սկսում էին լուսավորվել առաջին պատուհանները:
Սակայն մեր ծանոթությունն այդպես էլ դեռ չէր կայացել, մինչև սեպտեմբերյան արդեն աշնանային սառնաշունչ մի երեկո: Կինոյից նոր էի վերադարձել և Սիմենոնի վերջին գիրքն ու մի գավաթ վիսկի առած անկողին էի մտել. ամեն բան այնպես է, որ ինձ հանգիստ ու հարմարավետ զգամ, սակայն չգիտես ինչու մի տարօրինակ անհանգստություն ունեի: Գնալով այն սաստկացավ, և սկսեցի զգալ սրտիս զարկերը: Նման զգացումի մասին ես կարդացել էի, գրել, սակայն ինքս դեռ երբեք չէի զգացել: Թվում է, թե քեզ հետևում են: Թվում է, սենյակում ինչ-որ մեկը կա: Հետո՝ հանկարծ պատուհանս թակեցին, և ապակու ետևից ուրվականի նման մի բան անցավ: Ձեռքիս վիսկին թափվեց: Անցավ մի քանի վայրկյան, մինչ կարողացա ինձ տիրապետել, բացել պատուհանը և հարցնել միսս Գոլայթլիին, թե ինչ է ուզում:
- Ինձ մոտ, ներքևում, սարսափելի մի մարդ է,- ասաց նա՝ ոտքը դնելով լուսամուտագոգին:- Ոչ, երբ հարբած չէ, շատ սիրալիր ու հաճելի է, բայց հենց որ լակում է այդ անիծյալ գինին, աստված իմ, դառնում է իսկական անասուն: Տանել չեմ կարող, երբ տղամարդը կծում է:- Նա ֆլանելե մոխրագույն խալաթը ուսից ետ տարավ և ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ տղամարդը կծում է: Իսկ հագին խալաթից բացի ոչինչ չկար:- Ներեցեք, եթե ձեզ վախեցրի: Այդ անասունն ինձ այնքան ձանձրացրեց, որ ուղղակի դուրս եկա պատուհանից: Երևի կարծում է, թե լոգարանում եմ: Գրողի ծոցը, թե ինչ է մտածում: Ոչինչ, կհոգնի, վեր կընկնի կքնի: Աստվա՜ծ իմ, ոնց չքնի. մինչև ճաշ ութ մարտինի, հետո նորից գինի, այդքանով կարելի կլինի մի փիղ լողացնել: Լսեք, դուք ինձ կարող եք դուրս անել, եթե ուզում եք: Իմ կողմից ուղղակի անամոթություն է այսպես առանց թույլտվության ներս խուժել: Բայց այդ հրշեջ սանդուղքի վրա ուղղակի սառնամանիք է: Իսկ դուք այնքան հարմար տեղավորված եք երևում: Ինչպես իմ եղբայր Ֆրեդը: Մենք չորս երեխաներս նույն մահճակալին էինք քնում, և միայն Ֆրեդն էր, որ ցուրտ գիշերներին ինձ թույլ էր տալիս իրեն սեղմվել: Ի դեպ, դեմ չե՞ք լինի, եթե ձեզ Ֆրեդ կոչեմ:
Նա արդեն սենյակ էր մտել վերջնականապես, կանգնել էր պատուհանի մոտ ու ինձ էր նայում: Ես նրան դեռ առանց մուգ ակնոցի չէի տեսել և հիմա հասկացա, որ նա կարճատեսության ակնոց էր կրում, քանի որ առանց ակնոցի նայում էր աչքերը կկոցած, ոսկերիչ-գնահատողի նման: Նա մեծ-մեծ աչքեր ուներ, կանաչ-երկնագույն, շագանակագույն պեծեկներով, բազմերանգ, ինչպես մազերը, որ մազերի նման էլ մի ջերմ լույս էին արձակում:
- Կարծում եմ, դուք իմ մասին մտածում եք, որ կամ շատ լկտի եմ, կամ էլ très fou: Եվ կամ՝ մի ուրիշ բան:
- Բնավ:
Նա կարծես հիասթափվեց:
- Ոչ, մտածում եք: Բոլորն են այդպես մտածում: Իսկ ինձ համար միևնույն է: Նույնիսկ ձեռնտու է:
Նա նստեց երերուն թավշապատ աթոռին, ոտքերը տակը ծալած, աչքերը խիստ կկոցելով, հայացքը պտտեցրեց սենյակում:
- Դուք ինչպե՞ս եք այստեղ ապրում: Սա կարծես սարսափների սենյակ լինի:
- Է՜հ, մարդ ամեն ինչի ընտելանում է,- ասացի, ներքուստ սրտնեղած, քանի որ շատ էի հպարտանում իմ սենյակով:
- Ես չեմ ընտելանում: Երբեք ոչ մի բանի չեմ ընտելանում: Իսկ ով ընտելանում է, նա հանգիստ կարող է մեռնել:- Նա նորից հավանություն չտվող մի հայացք գցեց սենյակին:- Այստեղ ինչ եք անում ամբողջ օրերով:
Ձեռքիս շարժումով ցույց տվեցի սեղանս, որի վրա կիտված էին գրքեր և թղթեր:
- Գրում եմ:
- Ես կարծում էի, որ բոլոր գրողները ծեր են: Ասենք, Սարոյանը ծեր չէ: Ես նրա հետ ծանոթացա մի երեկույթի ժամանակ, և նա բոլորովին էլ ծեր չէր: Իրականում,- նա մի պահ մտածեց,- եթե նա մաքուր սափրվեր… Հա, ի դեպ, Հեմինգուեյը ծե՞ր է:
- Կարծեմ, քառասունը քիչ անց:
- Վատ չէ: Քառասուներկու տարեկանից պակաս տղամարդիկ ինձ չեն հուզում: Ես մի ապուշ աղջիկ գիտեմ, որ ինձ ուղարկում է հոգեբույժի մոտ: Ասում է, որ ես տառապում եմ «հոր կոմպլեքսով»: Բայց դա իսկական merde է: Ես պարզապես ինձ սովորեցրել եմ ավելի տարիքոտ տղամարդկանց և դա ամենախելոք բանն է, որ արել եմ իմ կյանքում: Քանի՞ տարեկան է Սոմերսեթ Մոեմը:
- Հաստատ չգիտեմ: Վաթսունն անց է կարծեմ:
- Վատ չէ: Գրողի հետ ես դեռ երբեք սեր չեմ ունեցել: Չէ, սպասեք, Բեննի Շաքլեթին ճանաչու՞մ եք:
Գլուխս բացասաբար տարուբերեցի:
- Զարմանալի է: Նա սարսափելի շատ նյութ է գրել ռադիոյի համար: Բայց ինչ առնետն է: Ասացեք, դուք իսկակա՞ն գրող եք:
- Նայած, թե իսկական ասելով, ինչ նկատի ունեք:
- Լավ, ասացեք, սիրելիս, ձեր գրածներն առնող կա՞:
- Դեռ ոչ:
- Ես ձեզ կօգնեմ: Ես կարող եմ օգնել: Ես գիտեմ շատերին, շատ-շատ ծանոթներ ունեմ, որոնք ճանաչում են մեծամեծ մարդկանց: Ես ձեզ կօգնեմ, որովհետև դուք շատ նման եք իմ եղբայր Ֆրեդին: Միայն ավելի կարճահասակ եք: Նրան վերջին անգամ տեսել եմ, երբ տասնչորս տարեկան էի, ու այդ ժամանակ արդեն, երբ հեռացա տնից, նրա հասակը հասնում էր հարյուր ութսուն սանտիմետրի: Մյուս եղբայրներս ձեզ նման կարճլիկ են: Գետնընկույզի յուղից նա այդպես բոյ քաշեց: Նա այնպես էր խժռում այդ ընկույզը, որ բոլորը կարծում էին, խելքը թռցրել է. ձիերից ու գետնընկույզից զատ նրան ոչինչ չէր հետաքրքրում աշխարհում: Եվ նա բոլորովին էլ ցնդած չէր, լավ տղա էր, պարզապես բութ էր ու մեկ էլ սարսափելի դանդաղաշարժ: Իմ տնից փախչելու ժամանակ նա արդեն երրորդ տարին մնում էր ութերորդ դասարանում: Խե՛ղճ Ֆրեդ: Տեսնես բանակում գետնընկույզի յուղի պակաս չունի՞: Այ, դա ինձ հիշեցրեց, որ քաղցած եմ:
Նրան ցույց տվեցի կիտված խնձորները ու հետն էլ հարցրեցի, թե ինչու է այդքան երիտասարդ փախել տնից: Նա ոչինչ չարտահայտող հայացքով նայեց ինձ ու քիթն այնպես տրորեց, ասես քոր էր գալիս. այդ շարժումը, ինչպես հետագայում հասկացա (քանի որ նա հաճախ էր կրկնում) նշան էր այն բանի, որ խոսակիցը շոշափել է արգելված թեմա: Նման շատ մարդկանց, որ համարձակորեն, անկեղծ պատմում են իրենց մասին ու նույնիսկ ինտիմ տեղեկություններ հաղորդում, նա էլ ուղղակի տրված որևէ հարցից, որ կարող էր հարկադրական վիճակի մեջ դնել, անմիջապես զգուշանում էր: Նա կծեց խնձորն ու ասաց.
- Ձեր գրածներից մի բան պատմեք ինձ: Ասենք մի պատմվածք:
- Այ, դժվարը հենց այդ է: Դրանք այնպիսի պատմվածքներ չեն, որ հնարավոր լինի պատմել:
- Ինչ է, շա՞տ անպարկեշտ են:
- ԹԵրևս մի օր տամ կարդաք:
- Վիսկին լավ է խնձորի հետ: Ինձ համար խմիչք պատրաստեք, սիրելիս: Հետո կարող եք ձեր պատմվածքը կարդալ:
Քիչ հեղինակ կպատահի, մանավանդ չհրատարակվող, որ կարողանա դիմանալ բարձրաձայն կարդալու գայթակղությանը: Ես երկուսիս համար էլ խմիչք լցրեցի և, տեղավորվելով դիմացի աթոռին, սկսեցի կարդալ բեմական հուզմունքից և խանդավառությունից քիչ դողացող ձայնով. դա նոր պատմվածք էր, նախորդ օրն էի վերջացրել և գրվածքիս թերի լինելու անխուսափելի զգացումը դեռ չունի: Պատմվածքը երկու ուսուցչուհիների մասին էր, ինչպես նրանք ապրում էին միասին, ինչպես նրանցից մեկը պատրաստվում է ամուսնանալ, իսկ մյուսն սկսում է անստորագիր նամակներ գրել, կռիվ գցել և ի վերջո խափանում է ամուսնությունը: Կարդալուս ընթացքում թաքուն նայում էի Հոլլիին, և նրան գցած ամեն հայացքիս հետ սիրտս կուչ էր գալիս: Նա նստած տեղը շուռումուռ էր գալիս, մեկ-մեկ տրորուոմ էր մոխրամանի միջի ծխախոտի մնացորդները, եղունգներն էր զնննում, ասես սպասում էր, որ իրեն եղունգահարդարիչ տան. դեռ ավելին, երբ ինձ թվում էր, թե վերջապես կարծես պիտի հետաքրքրություն առաջանար նրա մեջ, աչքերում այնպիսի մատնող անտարբերություն էր, ասես ընդամենը միտք էր անում՝ գնե՞լ խանություն տեսած կոշիկը, թե ոչ:
- Եվ վե՞րջ,- հարցրեց նա, կարծես նոր սթափվելով: Մտածում էր, թե էլ ինչ ասի:- Ես լեսբուհիների դեմ բան չունեմ, իհարկե: Ոչ էլ վախենում եմ նրանցից: Սակայն նրանց մասին գրած պատմություններն ինձ ձանձրացնում են: Երբեք չեմ կարողանում ինձ դնել այդ կանանց դրության մեջ: Իսկապես, սիրելիս,- ասաց նա տեսնելով շփոթությունս,- եթե ձեր պատմվածքը երկու տարիքն առած լեսբուհիների մասին չէ, ուրեմն ինչի՞ մասին է, ասացեք, ինչի՞ մասին:
Սակայն ես մտադրություն չունեի արածս սխալն ավելի ևս բարդացնելու և դեռ բացատրություններ էլ ավելացնելու: Փառամոլությունը դրդեց ինձ անելու այդ սխալը, և հիմա էլ նույն փառամոլությունը դրդում է ինձ այդ կնոջը համարելու անզգա, անուղեղ, կոտրատվող արարած:
- Պատահաբար,- ասաց նա,- դուք ծանոթ լեսբուհիներ չունե՞ք: Ես սենյակակից ընկեր եմ որոնում: Մի ծիծաղեք: Ես շատ անկազմակերպ եմ, հնարավորություններս էլ չեն ներում, որ ծառայող պահեմ, իսկ այդպիսիները հիանալի տնտեսուհիներ են. նրանք սիրում են անել տան ամբողջ գործը, ու երբեք կարիք չես ունենում մտածել տունն ավլելու, սառնարանը հալեցնելու, սպիտակեղենը լվացքատուն ուղարկելու մասին: Հոլլիվուդում ապրում էի մի այդպիսի աղջկա հետ, որ նկարահանվում էր կովբոյական ֆիլմերում. նրան Ամուրի թափառաշրջիկ էին ասում, բայց հավատացեք ինձ, տնտեսության մեջ ուզածդ տղամարդուց լավ էր: Սովորաբար նրա նմանները ամուսնանում են, այնքան որ ազգանունը փոխեն, ամուսին չունեցած կին չհամարվեն: Կարծես մի զարմանք բան է, որ միսս Այսինչը հետո դառնա միսիս Այնինչ: Ճիշտ չէ,- նա նայում էր սեղանին դրված զարթուցիչին,- չի կարող պատահել, որ չորսն անց կես լինի:
Պատուհանից դուրս արդեն մութը երկնագունել էր: Լուսաբացի զեփյուռը շարժում էր վարագույրները:
- Այսօր ի՞նչ օր է:
- Հինգշաբթի:
- Հինգշաբթի,- նա վեր կացավ:- Աստվա՜ծ իմ,- ասաց հոգոց հանելով ու նորից նստեց:- Օ՜հ, դա սարսափելի է:
Այնքան հոգնած էի, որ ուժ ու ցանկություն չունեի հետաքրքրվելու թե ինչու: Պառկեցի մահճակալին ու աչքերս փակեցի: Բայց, այնուամենայնիվ, չդիմացա:

StrangeLittleGirl
30.11.2007, 20:03
- Հինգշաբթին ինչու՞ է սարսափելի:
- Ոչինչ չկա: Պարզապես երբեք չեմ հիշում, թե երբ է հինգշաբթին գալիս: Հասկանում եք, հինգշաբթի օրերին ես միշտ պետք է հասնեմ ժամը ութն անց քառասունհինգին մեկնող գնացքին: Այնտեղ շատ խիստ են հետևում այցելության ժամերին, և եթե գալիս ես տասին, մի ժամ ժամանակ ես ունենում մինչև այդ խեղճ մարդկանց երկրորդ նախաճաշը: Կարելի է գնալ և ժամը երկուսին, և ես, իհարկե, կգերադասեի այդպես անել, բայց նա ուզում է, որ ես առավոտները գնամ, ասում է, որ դրանից հետո ամբողջ օրը լավ տրամադրություն է ունենում: Պետք է արթուն մնամ,- ասաց նա, այտերն այնքան կսմթելով, մինչև որ կարմիր գծեր երևացին,- քնելու ժամանակ չկա, ես թոքախտավորի, հալից ընկած մարդու տեսք կունենամ, և դա ազնիվ բան չէ. այսպես կանաչած դեմքով չի կարելի գնալ Սինգ-Սինգ:
- Կարծում եմ, չի կարելի:- Պատմվածքի պատճառով առաջացած զայրույթս կամաց-կամաց անցնում էր. նորից կլանված լսում էի նրան:
- Բոլոր այցելուներն աշխատում են որքան կարելի է լավ տեսք ունենալ, և դա այնքան հուզիչ է, այնքան հաճելի. կանայք հագնում են իրենց ամենագեղեցիկ զգեստները, նույնիսկ ամենածերերն ու ամենաաղքատներն էլ աշխատում են լավ տեսք ունենալ, հաճելի լինել, որ իրենցից լավ բուրմունք գա, և ես սիրում եմ նրանց դրա համար: Սիրում եմ և երեխաներին, հատկապես սևամորթներին: Նկատի ունեմ այն երեխաներին, որոնց հետները բերում են կանայք: Երեխաներին այնտեղ տեսնելը պետք է որ տխուր բան լինի, սակայն ոչ. մազերին ժապավեններ, փայլփլցրած կոշիկներ, կարծես եկել են պաղպաղակ ուտելու, ու երբեմն իսկապես էլ այնպիսի տպավորություն է, ասես տեսակցության սենյակում խնջույք լինի: Համենայն դեպս, բնավ այնպես չէ, ինչպես ցույց են տալիս ֆիլմերում. վանդակապատի երկու կողմերում կանգնած՝ տխուր զրույց շշուկով: Ինձ ամենից շատ դուր է գալիս այն, որ նրանք շատ ուրախ են իրար տեսնելիս, չէ՞ որ այնքան խոսելու բան ունեն և երբեք տխրություն չի տիրում, մարդիկ ծիծաղում են և իրար ձեռք սեղմում: Հետո, սակայն, բոլորովին այլ է,- ասաց նա,- երբ տեսնում ես նրանց գնացքում: Նստած են լուռ ու նայում են գետն ինչպես է հոսում:- Նա մի մազափունջ տարավ բերանը և ինքն իր մտքերի հետ, սկսեց ծամծմել:- Չեմ թողնում ձեզ քնեք: Այնուամենայնիվ, փորձեք քնել:

Dayana
17.12.2007, 11:37
Բյուր, իսկ շարունակությունը ե՞րբ կլինի :oy ուզում եմ կարդամ :oy

StrangeLittleGirl
17.12.2007, 17:15
Հուսով եմ՝ շուտով կլինի: Ներողություն եմ խնդրում երկու շաբաթով ընդհատելու համար:

Մանոն
17.12.2007, 21:10
Ապրես Բյուր ջան, ես էլ արդեն որոշել էի փորփրել ինտերնետում ու կարդալ գոնե ռուսերեն տարբերակը:
Բայց կսպասեմ բոլորը տեղադրես ու նոր միայն կկարդամ, սիրում եմ գիրքը մի շնչով կարդալ :)

StrangeLittleGirl
20.12.2007, 23:27
- Հինգշաբթին ինչու՞ է սարսափելի:
- Ոչինչ չկա: Պարզապես երբեք չեմ հիշում, թե երբ է հինգշաբթին գալիս: Հասկանում եք, հինգշաբթի օրերին ես միշտ պետք է հասնեմ ժամը ութն անց քառասունհինգին մեկնող գնացքին: Այնտեղ շատ խիստ հետևում են այցելության ժամերին, և եթե գալիս ես տասին, մի ժամ ժամանակ ես ունենում մինչև այդ խեղճ մարդկանց երկրորդ նախաճաշը: Պատկերացնում եք, ժամը տասնմեկին երկրորդ նախաճաշը: Կարելի է գնալ և ժամը երկուսին, և ես, իհարկե, կգերադասեի այդպես անել, բայց նա ուզում է, որ ես առավոները գնամ, ասում է, որ դրանից հետո ամբողջ օրը լավ տրամադրություն է ունենում: Պետք է արթուն մնամ,- ասաց նա, այտերն այնքան կսմթելով, մինչև որ կարմիր գծեր երևացին,- քնելու ժամանակ չկա, ես թոքախտավորի, հալից ընկածի տեսք կունենամ, և դա ազնիվ բան չէ. այսպես կանաչած դեմքով չի կարելի գնալ Սինգ-Սինգ:
- Կարծում եմ, չի կարելի:- Պատմվածքիս պատճառով առաջացած զայրույթս կամաց-կամաց անցնում էր. նորից կլանված լսում էի նրան:
- Բոլոր այցելուներն աշխատում են որքան կարելի է լավ տեսք ունենալ, և դա այնքան հուզիչ է, այնքան հաճելի. կանայք հագնում են իրենց ամենագեղեցիկ զգեստները, նույնիսկ ամենածերերն ու ամենաաղքատներն էլ աշխատում են լավ տեսք ունենալ, հաճելի լինել, որ իրենցից լավ բուրմունք գա, և ես սիրում եմ նրանց դրա համար: Սիրում եմ և երեխաներին, հատկապես սևամորթներին: Նկատի ունեմ այն երեխաներին, որոնց հետները բերում են կանայք: Երեխաներին այնտեղ տեսնելը պետք է որ տխուր բան լիներ, սակայն ոչ. մազերին ժապավեններ, փայլփլցրած կոշիկներ, կարծես եկել են պաղպաղակ ուտելու, ու երբեմն իսկապես էլ այնպիսի տպավորություն է, ասես տեսակցության սենյակում խնջույք լինի: Համենայնդեպս, բնավ այնպես չէ, ինչպես ցույց են տալիս ֆիլմերում. վանդակապատերի երկու կողմերում կանգնած՝ տխուր զրույց շշուկով: Ինձ ամենից շատ դուր է գալիս այն, որ նրանք շատ ուրախ են իրար տեսնելիս, չէ՞ որ այնքան խոսելու բան ունեն և երբեք տխրություն չի տիրում, մարդիկ ծիծաղում են և իրար ձեռք սեղմում: Հետո, սակայն, բոլորովին այլ է,- ասաց նա,- երբ տեսնում ես նրանց գնացքում: Նստած են լուռ ու նայում են գետն ինչպես է հոսում:- Նա մի մազափունջ տարավ բերանը և ինքն իր մտքերի հետ, սկսեց ծամծմել:- Չեմ թողնում ձեզ քնեք: Այնուամենայնիվ, փորձեք քնել:
- Խնդրում եմ ձեզ: Դա ինձ շատ է հետաքրքրում:
- Գիտեմ: Դրա համար էլ ուզում եմ, որ քնեք: Եթե շարունակեմ խոսել, կսկսեմ ձեզ պատմել Սալլիի մասին: Չեմ կարծում, թե ուրախ պատմություն է:- Նա լուռ նորից ծամծմեց մազերը: Նրանք, ճիշտ է, երբեք ինձ ուղղակի չեն ասել, որ չխոսեմ այդ մասին: Այնպես, ակնարկով հասկացրել են այդ մասին: Գուցե մի պատմվա՞ծք գրեք, փոխեք անունները և այլն: Լսեք, Ֆրեդ,- ասաց նա նոր խնձոր վերցնելով,- խաչ հանեք ձեր երեսին ու կծեք ձեր արմունկքը, երդվեք, որ ոչ մեկին չեք ասի:
Թերևս միայն ակրոբատը կարող է իր արմունկը կծել, նա պետք է որ բավարարվեր դրա մոտավոր կատարումով:
- Դեհ,- խնձորը կծելով ասաց նա,- հնարավոր է դուք թերթերում կարդացած լինեք նրա մասին: Նրա անունը Սալլի Թըմաթո է, և ես ավելի լավ եմ խոսում եբրայերեն, քան նա անգլերեն, սակայն նա շատ անուշ ծերուկ է ու շատ աստվածավախ, եթե ոսկի ատամները չլինեին, իսկը ոնց որ վանական: Նա ասում է,որ որ ամեն իրիկուն աղոթում է ինձ համար: Մեր մեջ, իհարկե, ոչ մի բան չի եղել, ու թե կուզեք իմանալ, մինչև նրա բանտ ընկնելը նրան չեմ էլ ճանաչել: Բայց հիմա ես նրան պաշտում եմ, ահա արդեն յոթ ամիս է, ինչ ամեն հինգշաբթի գնում եմ նրան այցելության, և համոված եմ, որ եթե նույնիսկ նա ինձ չվճարեր, միևնույն է, կգնայի: Այս մասն արդեն լխկած է,- ասաց նա և, նշան բռնելով, խնձորը դուրս նետեց պատուհանից:- Ի դեպ, Սալլիին ես միայն դեմքով գիտեի: Նա սովորոաբար գալիս էր Ջո Բելլի բարը, այն, որ փողոցի անկյունում է, ոչ մեկի հետ չէր խոսում, պարզապես կանգնում էր ու նայում ուրիշ տեղից եկած, հյուրանոցում ապրող մարդու նման: Սակայն հիմա երևի ծիծաղելի է հիշել անցյալը, հիմա հասկանում եմ, որ հավանաբար նա ինձ լավ հետևել է, այն էլ մոտիկից, որովհետև հենց որ նրան բանտ նստեցրին (Ջո Բելլը ինձ ցույց տվեց նրա լուսանկարը թերթում. «Սև ձեռք»: Մաֆիա: Չգիտես էլ ինչ. նրան հինգ տարի տվեցին), անմիջապես հեռագիր եկավ նրա փաստաբանից. շտապով կապվել իր հետ, թե իբր, պետք է տեղեկություն ստանամ ինձ համար շահեկան բանի մասին:

StrangeLittleGirl
29.12.2007, 00:14
- Երևի մտածեցիք, թե որևէ մեկը ձեզ միլիոն է թողել, այո՞:
- Ամենևին: Մտածեցի պարզապես, որ այդ Բերգդորֆն ուզում է իր պարտքը ստանալ: Բայց և այնպես մտա խաղի մեջ ու գնացի փաստաբանի մոտ (եթե, իհարկե, նա իսկապես փաստաբան է, որին ես խիստ կասկածում եմ, քանի որ կարծես գրասենյակ էլ չուներ, միայն հեռախոսով հանձնարարություններ էր ընդունում, իսկ իր հանդիպումները նա միշտ նշանակում էր «Երկնային ուտեստներում», որովհետև շատ գեր էր և կարող էր ուտել միանգամից տասը աղացած շնիցել երկու աման թանձր կերակրահյութով, և մի ամբողջ լիմոնի կարկանդակ): Նա ինձ հարցրեց արդյոք համաձայն կլինե՞մ մխիթարելու մի ծեր, միայնակ մարդու և դրա համար շաբաթական հարյուր դոլար ստանալ: Ես նրան ասացի. սիրելիս, դուք սխալվել եք միսս Գոլայթլիի հարցում, ես ձեր իմացած դայակներից չեմ, այդ գործով չեմ զբաղվում: Եվ հոնորարան էլ ինձ չցնցեց, ես կարող եմ նույնքան վաստակել հենց միայն կանացի հարդարան մտնելով: Քիչ թե շատ շուք պահպանող ուզածդ ջենտլմենը հիսուն դոլար տալիս է աղջկան հարդարան մտնելու համար, իսկ ես միշտ վերցնում եմ և տաքսւ փողը՝ ևս հիսուն դոլար: Բայց այդ ժամանակ նա ասաց, որ իր կլիենտը Սալլի Թըմաթոն է: Խեղճ Սալլին, ասաց նա, երկար ժամանակ ինձնով հիացել է a` la distance և ես բարի գործ արած կլինեմ, եթե համաձայնեմ շաբաթը մի անգամ այցելել նրան: Դեհ, ես չկարողացա ասել ոչ. դա այնքա՜ն ռոմանտիկ էր:
- Չգիտեմ ինչ ասեմ: Այստեղ մի խարդախ բան կա:
Նա ժպտաց:
- Կարծում եք սու՞տ եմ ասում:
- Մի պատճառով՝ այնտեղ երբեք թույլ չեն տա, որ ով ուզի այցելի բանտարկյալներին:
- Իհարկե թույլ չեն տալիս: Այնքա՜ն են բարդացնում: Դրա համար էլ ես հիմա համարվում եմ նրա զարմուհին:
- Ուրեմն այդպես հեշտ ու հանգի՞ստ, մի ժամ իր հետ զրուցելու համար ձեզ հարյուր դոլա՞ր է տալիս:
- Նա չի տալիս, փաստաբանն է տալիս: Միստր Օ'Շոնեսսին անմիջապես ինձ փոստով ուղարկում է փողը, հենց որ ես նրան հայտնում եմ եղանակի մասին տեղեկությունը:
- Իմ կարծիքով, դուք փորձանքի մեջ կարող եք ընկնել,- ասացի ես և լամպն անջատեցի, քանի որ դրա կարիքն այլևս չկար, առավոտյան լույսն արդեն ողողել էր սենյակը, և աղավնիներն էլ ուրախ ղունղունում էին հրշեջ սանդուղքին:
- Ինչու՞,- շատ լուրջ հարցրեց նա:
- Անպայման ինչ-որ օրենքներ կլինեն ինքնությունը կեղծողների վերաբերյալ: Չէ որ դուք նրա զարմուհին չեք: Իսկ այդ ի՞նչ հաղորդումներ են եղանակի տեսության:
Նա հորանջեց, ափով թեթևակի ծածկելով բերանը:
- Ոչինչ: Պարզապես հեռախոսով հաղորդում եմ միստր Օ'Շոնեսսիի գրասենյակ, որպեսզի նա իմանա, որ այնտեղ եղել եմ: Սալլին ինձ ասում է, թե ինչ հաղորդեմ, ասենք օրինակ. «Կուբայում փոթորիկ է» կամ «Պալերմոյում ձյուն է գալիս», մի անհանգստացեք, սիրելիս,- մոտենալով մահճակալիս, ասաց նա,- վաղուց արդեն սովոր եմ ինքս իմ մասին հոգ տանել:
Առավոտյան լույսն ասես թափանցում-անցնում էր նրա միջով, և երբ նա վերմակը բարձրացնելով քաշեց մինչև կզակս, լույսի անդրադարձումից նա երևում էր թափանցիկ ու թեթև, ինչպես մանուկ: Հետո նա պառկեց կողքիս:
- Դեմ չե՞ք: Ուզում եմ պարզապես մի քանի րոպե հանգստանալ: Եվ արի չխոսենք: Քնենք:
Ձևացրի, թե քնած եմ: Շնչում էր խորը և համաչափ: Կողքի եկեղեցու ժամացույցը խփեց կես ժամ, հետո մի ժամ: Ժամը վեցն էր, երբ նա նիհարիկ թևով քնքշորեն դիպավ թևիս, վախենալով, թե ինձ կարթնացնի:
- Խեղճ Ֆրեդ,- շշնջաց նա, ասես խոսում էր ինձ հետ, սակայն ինձ հետ չէր խոսում:
- Որտե՞ղ ես, Ֆրեդ: Մրսում եմ: Սառնասուն քամի է:
Նրա այտն իջավ ուսիս՝ տաքուկ ու խոնավ:
- Ինչու՞ ես լալիս:
Նա ետ քաշվեց, նստեց:
- Օ՜, աստծո սիրուն,- ասաց նա քայլելով դեպի պատուհանն ու հրշեջ սանդուղքը:- Ատում եմ քիթն ուրիշի գործերի մեջ խոթողներին:

StrangeLittleGirl
08.01.2008, 20:56
Հաջորդ օրը, ուրբաթ, տուն վերադառնալով, դռանս մոտ գտա մի շքեղ ծաղկազամբյուղ «Չարլզ և ընկ.» ամենաթանկ խանութից, նրա այցետոմսով. «Միսս Հոլիդեյ Գոլայթլի: Ճամփորդում է», իսկ ետևը մանկական անվարժ, անշնորհք ձեռագրով խզմզված էր. «Աստված քեզ պահապան, սիրելի Ֆրեդ: Խնդրում եմ ներես անցյալ գիշերվա համար: Դու պարզապես հրեշտակ էիր, որ դիմացար այդ բոլորին: Mille tendresses.- Հոլլի: P.S.: Այլևս չեմ անհանգստացնի: Ես պատասխանեցի. «Խնդրում եմ անհանգստացնես», և փողոցում վաճառվող մանուշակի մի փունջ գնելով, միակ բանը, որ ի վիճակի էի գնել, երկտողիս հետ թողեցի նրա դռանը: Բայց երևում է նա իսկապես որոշել էր անել այնպես, ինչպես գրել էր: Նրան չէի տեսնում, ոչ էլ լսում էի, և ենթադրեցի, որ իր համար շքամուտքի բանալի է ձեռք բերել: Ամեն դեպքում, այլևս իմ զանգը չէր տալիս: Ես նրա կարիքն էի զգում, և ժամանակի հետ, օրեցօր իմ մեջ մի անբնական վրդովմունք էր առաջանում նրա հանդեպ, ասես ինձ լքել էր ամենամոտ բարեկամս: Կյանքս էր սողոսկել անհասկանալի մի ձանձրույթ, տխրություն, միայնության զգացում, սակայն և մեջս ոչ մի ցանկություն չէր առաջանում տեսնելու նախկին ընկերներիս, բարեկամներիս, նրանք ինձ թվում էին անամ, ինչպես անաղ, անշաքար կերակուրը: Մինչև չորեքշաբթի մտածմունքներս Հոլլիի մասին, Սինգ-Սինգի, Սալլի Թըմաթոյի մասին, այն աշխարհի մասին, ուր կանանց հարդարանքի սենյակ մտնելու համար տղամարդիկ հիսուն դոլար էին շռայլում, ինձ այնքան հանգիստ չէր տալիս, որ այլևս չէի կարողանում աշխատել: Այդ երեկո մի երկտող գցեցի նրա փոստարկղը. «Վաղը հինգշաբթի է»: Հաջորդ առավոտ որպես փոխհատուցում ստացա նրա խզմզած երկտողը. «Շնորհակալ եմ անչափ, որ հիշեցրիր: Կարող ես այսօր երեկոյան վեցին գալ ինձ մոտ, մի-մի ըմպանակ խմենք»:
Մի կերպ դիմացա մինչև ժամը վեցն անց տասը րոպե, հետո ինձ ստիպեցի սպասել ևս հինգ րոպե:
Դուռը բացեց տարօրինակ մեկը: Նրանից սիգարի և թանկագին օծանելիքի հոտ էր բուրում: Նա բարձր կրունկներով կոշիկ էր հագել: Առանց այդ ավելացրած սանտիմետրերի նրան հանգիստ կարելի էր թզուկի տեղ դնել: Ճաղատ, պեպենոտ, անհամաչափորեն մեծ գլխին ասես ամրացրած լինեին երկու փոքրիկ, սրածայր, իսկական գաճաճի ականջներ: Նրա կոճականման աչքերը դաժան էին և փոքր-ինչ դուրս պրծած: Ականջներից ու քթից մազափնջեր էին դուրս ցցված, այտերն ու կզակը գորշագույն էին կեսօրից հետո աճած մազերի պատճառով, իսկ ձեռքը, երբ ինձ ողջունելով ձեռքս սեղմեց, ասես մորթիով ծածկված լիներ:
- Փոքրիկը ցնցուղի տակ է,- ասաց նա, ձեռքին պահած սիգարով ցույց տալով այն կողմը, որտեղից ջրի խշշոց էր գալիս: Սենյակը, որտեղ կանգնած էինք (իսկ կանգնած էինք, որովհետև ոչ մի նստելու տեղ չկար), այնպիսի տեսք ուներ, ասես հենց նոր էին այդ սենյակ տեղափոխվել, թվում էր, դեռ չչորացած ներկի հոտ էր գալիս: Ամբողջ կահույքը կազմում էին ճամպրուկներն ու չբացված զամբյուղները: Այդ զամբյուղները սեղանի տեղ էին ծառայում: Մեկի վրա դրված էր ջին և վերմուտ, մյուսի վրա՝ լամպը, պատեֆոնը, Հոլլիի կարմրաշեկ կատուն և ծաղկաման՝ դեղին վարդերով: Սենյակի մի պատին ծայրից ծայր գրադարակ էր, որի ընդամենը կեսն էին զբաղեցնում եղած գրքերը: Այդ սենյակն ինձ միանգամից դուր եկավ, դուր եկավ նրա խառնիխուռն տեսքը:
Տղամարդը հազաց, մաքրեց կոկորդն ու հարցրեց.
- Ձեզ սպասու՞մ են:
Գլխիս շարժումը նրան այնքան էլ համոզիչ չթվաց: Սառն աչքերն ասես վիրահատում էին ինձ, խնամքով կտրվածքներ անում, որ հետազոտեն:
- Թե չէ այնքան մարդ է գալիս, նրանց այստեղ ոչ մեկն էլ չի սպասում: Փոքրիկին վաղու՞ց եք ճանաչում:
- Ոչ այնքան:
- Ուրեմն այնքա՞ն էլ վաղուց չեք ճանաչում:
- Ես ապրում եմ նրա վերևի հարկում:
Պատասխանը երևում է թվաց բավարար, և նա հանգստացավ:
- Ձեր բնակարա՞նն էլ է այսպիսին:
- Շատ ավելի փոքր է:
Նա մոխիրը թափեց գետնին:
- Ոնց որ աղբանոց լինի: Հավատալու բան չէ: Փոքրիկը փող ունենա էլ՝ չգիտի ինչպես ապրի:- Նրա խոսքը կցկտուր էր, մետաղահունչ, ասես հեռատիպ տկտկար:
- Դեհ,- ասաց նա,- ի՞նչ եք կարծում նա՝ այո՞, թե ոչ:
- Ինչը՝ ոչ:
- Դեհ, ձևացնում է, թե՞ ոչ:
- Ես այդպես չեմ մտածում:
- Եվ սխալվում եք: Նա ձևացնում է: Բայց մյուս կողմից դուք իրավացի եք: Նա չի ձևացնում, որովհետև իսկապես խելառ է: Եվ ամբողջ այն անհեթեթությունները, որ գլուխն է լցրել, իսկապես դրանց հավատում է: Նրան ետ համոզել հնարավոր չէ: Կաշվից դուրս եկա, չկարողացա: Բեննի Փոլանը, բոլորի կողմից հարգված Բեննի Փոլանը, նույնպես փորձել է: Բեննին ուզում էր ամուսնանալ նրա հետ, բայց նա չուզեց, Բեննին հազարներ ծախսեց նրան հոգեբույժների մոտ տանելով: Եվ նույնիսկ այն ամենահայտնի հոգեբույժը, նա, որ միայն գերմաներեն է խոսում, օհ, նա էլ անզոր եղավ: Նրա գլխից հնարավոր չէ դուրս մղել այդ…- նա օդի մեջ բռունցքը թափ տվեց, ասես ուզում էր ջարդուփշուր անել անտեսանելի ու անշոշափելի մի բան,- մտքերը: Փորձեք մի անգամ: Ասեք, թող պատմի, տեսեք, թե ինչ անհեթեթություն է մտցրել գլուխը ու հավատում է: Ես էլ ձեզ պես սիրում եմ փոքրիկին,- ասաց նա:- Բոլորն էլ սիրում են նրան, թեև շատերը կան, որ չեն սիրում: Բայց ես սիրում եմ: Ես անկեղծորեն սիրում եմ փոքրիկին, որովհետև շատ զգայուն եմ: Նրան գնահատելու համար պետք է լինել զգայուն; բանաստեղծական ջիղ ունենալ: Բայց ես ձեզ կասեմ ճշմարտությունը: Կարող ես գլուխդ պատով տալ նրա համար, միջիցդ կես լինել, իսկ փոխարենը ամենաանհեթեթ, անշնորհակալ պատասխան կստանաս: Դեհ, օրինակ, ո՞վ է նա այսօր: Մեկն այն աղջիկներից, որ ինքնասպան են լինում մի ամբողջ տուփ սեկոնալ ընդունելով: Եվ այդ բանն այնքան անգամ եմ տեսել, որ ձեր ձեռքերի ու ոտքերի մատներն էլ չեն բավականացնի, եթե հաշվելու լինեք, ընդ որում այն փոքրիկները խելառ չէին: Իսկ սա խելառ է:

StrangeLittleGirl
08.01.2008, 22:13
- Բայց երիտասարդ է: Եվ դեռ երկար երիտասարդություն ունի իր առջև:
- Եթե ապագայի համար եք ասում, նորից սխալվում եք: Մի երկու տարի առաջ ծովափում, ուր հնարավոր էր, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, նա հաջող ընթացքի մեջ էր, կարծես մեկը նրան կախարդած լիներ, նա նրանց ստիպեց իրենով հետաքրքրվել՝ ա՜յ թե կարող էր փող վաստակել: Բայց որ բախտդ բերում է, էլ չպիտի ձեռքից բաց թողնես, էլ չի վերադառնա: Հարցրեք Լուիզա Ռայներին: Իսկ Ռայները կինոաստղ էր: Իհարկե Հոլլին աստղ չէր: Փորձնական նկարահանումներից այն կողմ չգնաց: Բայց դա մինչև «Բժիշկ Վասսելի պատմությունը»: Իսկ այդտեղ նա կարող էր իսկապես փող վաստակել, նկարահանվելու էր ֆիլմում: Ես դա լավ գիտեմ, ես էի նրա գործերը դասավորում:- Նա սիգարն ուղղեց իր կրծքին.- Օ. Ջ. Բերման:
Նա սպասում էր, որ իրեն կճանաչեն, և ես չէի զրկի նրան այդ սիրալիրությունից, դա ինձ համար ոչինչ չարժեր, սակայն երբեք չէի լսել Օ. Ջ. Բերմանի մասին: Պարզվեց, որ նա հոլիվուդյան դերասաններ վարձող գործակալ է:
- Ես առաջինը նրան նկատեցի: Դեռ Սանտա Անիտայում: Տեսնեմ շարունակ քարշ է գալիս մրցուղու մոտ: Նա ինձ հետաքրքրեց, իհարկե, մասնագիտական առումով: Եվ իմացա, որ նա ժոկեյներից մեկի սիրուհին է և ապրում է այդ քնձռոտի հետ: Այնպես արեցի, որ այդ ժոկեյին ասացին. «Վերջ տուր, եթե չես ուզում գործ ունենալ ոստիկանության այն բաժնի տղաների հետ, որոնք զբաղվում են պոռնկության և թմրադեղերի վաճառքի հարցերով»,- հասկանու՞մ եք, ախր փոքրիկն ընդամենը տասնհինգ տարեկան էր, բայց արդեն հետաքրքիր էր, ինքնատիպ, տպավորիչ: Չնայած հաստ ապակիներով ակնոցին, որ նա կրում էր, չնայած որ բավական էր բերանը բացեր, արդեն չէիր հասկանում, թե նա որտեղից է եկել՝ հարավային խուլ գյուղից, Օկլահոմայից, թե էլի ուրիշ մի տեղից, չնայած այդ ամենին, միևնույն է, նա հմայիչ էր: Մինչև հիմա էլ չեմ հասկանում, նա որտեղից է: Կարծում եմ, ոչ ոք էլ երբեք չի հասկանա: Նա այնքան սուտասան է, որ երևի ինքն էլ արդեն իր ով ու որտեղից լինելը չի հիշում: Մոտ մի տարի կարգի էինք բերում նրա առոգանությունը: Եվ տես ինչ արեցինք: Ստիպեցինք, որ ֆրանսերեն սովորի: Իսկ երբ նա սկսեց ֆրանսերեն հնչյուններն ընդօրինակել ու ցույց տալ, իբր ֆրանսերեն գիտի, նրա համար արդեն դժվար չէր անգլերեն հնչյուններն ընդօրինակել ու ցույց տալ, իբր անգլերեն գիտի: Մենք նրան պատրաստում էինք Մարգարեթ Սելլիվընի ոգով ու նմանությամբ, սակայն նա ուներ և իր սեփականը, և մարդիկ, մեծամեծ ու հարուստ մարդիկ սկսեցին հետաքրքրվել նրանով, և հանկարծ վե՜րջ տալ այդ ամենին. Բեննի Փոլանը, այդ հարգված մարդը, Բեննին ուզում էր ամուսնանալ նրա հետ: Գործակալը դրանից էլ լավ ի՞նչ կարող էր երազել: Ու մեկ էլ՝ խնդրեմ: «Բժիշկ Վասսելի պատմությունը»: Տեսե՞լ եք այդ: Սեսիլ Բ. դը Միլլ, Հարրի Քուփեր: Օ՜հ, Հիսուս: Ես կաշվիցս դուրս եմ գալիս, վերջապես ամեն ինչ կարգավորված է, նրան պետք է փորձեն Վասսելի բուժքրոջ դերում: Դեհ, բուժքույրերից մեկի դերում: Եվ մեկ էլ՝ հեռախոսի զանգ,- նա օդի մեջ վերցրեց երևակայական լսափողն ու մոտեցրեց ականջին:- Ասում է. «Ես եմ, Հոլլին»: Ես ասում եմ. «Փոքրիկս, ձայնդ հեռվից է գալիս», և նա պատասխանում է. «Նյու Յորքում եմ», ասում եմ. «Գրողը տանի, ի՞նչ գործ ունես Նյու Յորքում, չէ որ այսօր կիրակի է, իսկ վաղը փորձ ունես»: Նա ասում է. «Նյու Յորքում եմ, որովհետև երբեք չեմ եղել այստեղ»: Ասում եմ. «Սատանան տանի, իսկույն նստիր ինքնաթիռ և վերադարձիր»: Պատասխանում է. «Չեմ ուզում»: Ասում եմ. «Դու ի՞նչ ես մտածում, փոքրիկս»: Պատասխանում է. «Դու ուզում ես, որ ամեն բան լավ լինի, իսկ ես չեմ ուզում»: Էհ, ասում եմ. «Իսկ դու ի՞նչ ես ուզում»: Ասում է. «Թե երբևէ հասկանամ, քեզ առաջինը կասեմ»: Հիմա հասկանու՞մ եք, ինչու էի ասում, թե ապերախտությամբ է պատասխանում:
Կարմրաշեկ կատուն զամբյուղից ցած թռավ և մարմնով քսվեց նրա ոտքին: Նա ոտնաթաթի ծայրով կատվին բարձրացրեց ու մի կողմ շպրտեց. այդ տեսնելը զզվելի էր, սակայն նա, ըստ երևույթին, այդ պահին այնքան զայրացած էր, որ կենդանին նրա համար պարզապես գոյություն չուներ:
- Այ սա՞ է նրան պետք,- ասաց նա ձեռքի շարժումով ցույց տալով սենյակը:- Տանը լիքը մարդիկ, անկապ, անտեղի հայտնված: Ուրիշի տվածով ապրե՞լ: Թափառաշրջիկների հետ ընկերությու՞ն անել: Միգուցե նույնիսկ ուզենա ամուսնանալ Ռասթի Թրոուլերի հե՞տ: Միգուցե դրա համար նրան նույնիսկ մեդա՞լ է պետք տալ:
Նա սպասում էր լարված:
- Ներեցեք, ես նրան չեմ ճանաչում:
- Եթե դուք չեք ճանաչում Ռասթի Թրոուլերին, ուրեմն փոքրիկի մասին էլ շատ բան չգիտեք: Լավ չեղավ,- ասաց նա լեզուն չփչփացնելով,- ես էլ հույս էի փայփայում, թե դուք կկարողանաք ազդեցություն ունենա նրա վրա: Կարող էիք համոզել, խելքի բերել փոքրիկին, քանի դեռ ուշ չէ:
- Սակայն ձեր ասածներից ստացվում է, որ ուշ է:

StrangeLittleGirl
24.01.2008, 00:36
Կարդու՞մ եք: Մեկ-մեկ ձայն հանեք, ինձ բզեք, որ շարունակեմ, թե չէ էսպես ես շատ դանդաղ առաջ կգնամ:

Նա ծխի մի քուլա բաց թողեց, սպասեց, մինչև այն հետզհետե տարրալուծվեց և հետո միայն ժպտաց: Ժպիտը փոխեց նրա դեմքը, այն մի քիչ մեղմ արտահայտություն ստացավ:
- Ես դեռ կարող եմ այնպես անել, որ դա հարթվի, ասում եմ ձեզ,- ասաց նա, և հիմա նրա ասածը ճշմարիտ էր հնչում:- Ես անկեղծորեն սիրում եմ նրան:
- Այստեղ ի՞նչ բամբասանքներ ես անում, Օ. Ջ.,- Հոլլին սրբիչով փաթաթված, որ մի կերպ ծածկում էր մարմինը, չլմփացնելով սենյակ մտավ, հատակին թաց հետքեր թողնելով:
- Սովորական բան, ասում եմ միշտ: Որ դու խենթ ես:
- Ֆրեդը դա արդեն գիտի:
- Բայց դու չգիտես:
- Մի սիգարետ կպցրու ինձ համար, սիրելիս,- ասաց նա, լողանալու գլխարկը գլխից քաշելով ու մազերը թափ տալով:- Քեզ չեմ ասում, Օ. Ջ.: Դու այնպիսի նվնվանն ես: Մի գլուխ փնթփնթում ես:
Նա կատվին բռնեց ու դրեց ուսին: Ուսին նստած կատուն ճոճվում էր հավասարակշռություն պահպանելով, ձողին թառած թռչունի նման, առջևի թաթերը խրել էր Հոլլիի մազերի մեջ, ինչպես թելի կծիկի մեջ, և սակայն, չնայած իր այդ անմեղ չարաճճիություններին, դա կատաղի կատու էր երևում դաժան ծովահենի արտահայտությամբ: Մի աչքը կպած էր, փակված, մյուսը չար կայծկլտում էր:
- Օ. Ջ.-ն նվնվան է,- ասաց նա, վերցնելով իմ վառած սիգարետը,- բայց ինչքան ասես հեռախոսների համարներ գիտի: Դեյվիդ Օ. Սելզնիկի համարն ինչպե՞ս էր, Օ. Ջ.:
- Վերջ տուր:
- Ես բոլորովին էլ կատակ չեմ անում, սիրելիս: Ուզում եմ պարզապես, որ զանգ տաս նրան ու ասես, թե Ֆրեդն ինչ հանճար է: Նա այնքան սքանչելի պատմվածքներ է գրել: Ֆրեդ, կարմրել պետք չէ, հո դու՞ք չէիք ասում, որ հանճար եք, ես եմ ասում: Լսու՞մ եք, Օ. Ջ.: Ի՞նչ կարող եք անել, որ Ֆրեդը հարստանա:
- Գուցե թողնես, դա ես ու Ֆրեդը որոշենք:
- Հիշիր,- ասաց նա սենյակից դուրս գալով:- Ես նրա գործակալն եմ: Եվ հետո, երբ ձայն տամ, կգաս, որ մեջքիս շղթան քաշես: Եթե դուռը բախեն, կբացես, եկողին ներս կթողնես:
Հյուրերի մի բազմություն հավաքվեց: Ընդամենը քառորդ ժամվա ընթացքում Հոլլիի սենյակը լցվեց տղամարդկանցով: Ոմանք զինվորական համազգեստով էին: Եկածների մեջ տեսա նավատորմի երկու սպա և օդային ուժերի մի գնդապետ, սակայն նրանք կորչում էին զորակոչային տարիքը վաղուց անցած ճերմակահեր տղամարդկանց բազմության մեջ: Բացի այն, որ բոլորն էլ երիտասարդ չէին, այդ մարդիկ ուրիշ ոչ մի ընդհանուր բան չունեին, ամեն մեկն ասես օտար լիներ օտարների մեջ, և յուրաքանչյուր ներս մտնող աշխատում էր թաքցնել իր շփոթմունքն այնտեղ ուրիշներին տեսնելով: Թվում էր տանտիրուհին շաղ է տվել իր հրավերները բարից բար քարշ գալով ու թերևս հենց այդպես էլ էր: Սակայն ներս գալով, նրանք շուտով մեղմացնում էին իրենց խոժոռ հայացքները և անտրտունջ միախառնվում, ընդհանուր խոսակցություն էին սկսում, հատկապես Օ. Ջ. Բերմանը, որն շտապով խոսքի էր բռնվում նոր ծանոթների հետ, միայն թե ստիպված չլինի խոսել իմ հոլլիվուդյան ապագայի մասին: Ես միայնակ կանգնած էի գրադարակների մոտ. գրքերի կեսից ավելին ձիերի մասին էին, իսկ մնացածը՝ բեյսբոլի: Ձևացնելով, իբր հետաքրքրված եմ «Ձիու առավելությունները և ինչպես դա որոշել» գրքով, հնարավորություն ունեցա անարգել ուսումնասիրել Հոլլիի ընկերներին:

Dayana
24.01.2008, 11:08
Բյուրակն ջան ես կարդում եմ ու ամեն անգամ նոր մաս կարդալիս մնացածներն էլ եմ վերանայում, չնայած երևի վերջում կարիք կլինի նորց ամբողջությամբ կարդալ :) Հոլին մի տեսակ խղճիս ազդումա :( չգիտեմ ինչի՞ :(

Stver
24.01.2008, 12:04
Բյուր ջան, երբ առաջին անգամ մի քանի հատված տեղադրեցիր այս ստեղծագործությունից չդիմացա և ռուսերենը կարդացի ասեմ, որ անչափ հետաքրքիր էր և ես Հոլլիի և քո միջև նմանություններ տեսա, այն առումով, որ երկուսդ էլ ըմբոստ եք և տարբերվում եք հասարակ մահկանացուներից: Նմանատիպ ինչ պատմվածք կառաջարկես կարդալ՞:

Anika Verdy
24.01.2008, 17:59
Բյուր ջան սաղ քոփի եմ արել ու պրինտ էսօր բոլորը կկարդամ,
ու արդեն շարունակությունը իրար հետ սայթում կկարդանք…:)

Anika Verdy
31.01.2008, 01:25
Բյուր? Բզեմ, թե ոնց? :)

Shauri
07.02.2008, 15:12
Իսկ ե՞րբ սպասենք շարունակությանը...

StrangeLittleGirl
12.02.2008, 20:59
Շուտով

Ուլուանա
13.02.2008, 18:00
Բյուր, մինչև հիմա դրածդ լրիվ տպել եմ ու կարդացել եմ, երեկ վերջացրի, սպասում եմ շարունակությանը։ ;) Շուտ արա։ :P

Ռուֆուս
14.02.2008, 11:44
Շատ եմ սիրում այս գործը: Խորհուրդ եմ տալիս նաև կարդալ Կապոտեի "The Grass Harp" վիպակը, կարծում են, սա նույնպես ձեզ շատ դուր կգա:

Ուլուանա
16.08.2008, 04:12
Բյուր, սրա շարունակությունը ե՞րբ ես դնելու։ Դրածդ մասը վաղուց կարդացել եմ ու արդեն սկսում եմ մոռանալ... :( Դիր, կարդանք, էլի։

StrangeLittleGirl
16.08.2008, 04:19
Պատկերացրու, ես էլ նոր նկատեցի, հիշեցի: Շատ լավ զբաղմունք կլինի անքուն գիշերներիս համար: Երևի վաղվանից կշարունակեմ, ես գիշերվա համար արդեն գործ ճարել եմ:

StrangeLittleGirl
16.08.2008, 04:56
Ինձ բզբզեք, որ մինչև սեպտեմբեր վերջացնեմ, թե չէ հետո հնարավոր է՝ հավերժ կիսատ մնա:

Շարունակություն
Շուտով նրանցից մեկն ուշադրությունս գրավեց: Դա միջին տարիքի մանկիկ էր, որ այդպես էլ չէր ազատվել մանկական գիրությունից, թեև հմուտ դերձակին գրեթե հաջողվել էր քողարկել նրա հաստլիկ հետույքը, որին նայելիս ուզում էիր մի լավ շրմփացնել: Նրա մարմնում ասես ոսկոր չկար, զրոյանման, մանրիկ դիմագծերով դեմքը կուսական արտահայտություն ուներ, ժամանակը հետք չէր թողել այդ դեմքին. թվում էր ծնվելուց հետո այն այլևս չէր մեծացել, փչվել էր գնդակի նման, առանց մաշկին մի կնճիռ թողնելու, շրթունքները կլորիկ-ուռած էին, կարծես ամեն րոպա պատրաստ պոռթկալու: Սակայն իր այդ արտաքինի համար չէ, որ նա աչքի էր ընկնում. մանուկ մնացած մարդիկ այնքան էլ հազվադեպ երևույթ չեն: Նա ավելի աչքի էր ընկնում իր պահվածքով, պահում էր իրեն ինչպես այդ երեկոյի տերը: Եռանդուն ութոտնիկի նման մարտինին էր խառնում, հյուրերին իրար ներկայացնում, ֆոնոգրաֆի ձայնապնակներն էր փոխում: Ճիշտն ասած, նրա բոլոր գործողությունները կատարվում էին տանտիրուհու թելադրանքով. «Ռասթի, եթե կարելի է: Ռասթի, եթե դեմ չեք…», եթե նա սիրահարված էր Հոլլիին, ուրեմն զսպում էր իր խանդը: Խանդոտ մարդը դուրս կգար հավասարակշռությունից, տեսնելով, թե նա ինչպես է սահելով շրջում սենյակում, մի ձեռքով բռնած կատվին, մյուսն ազատ թողած, որպեսզի կարողանար ուղղել հյուրերի փողկապներն ու բաճկոնների դարձածալերից վերցնել մազմզուկները. օդային ուժերի գնդապետի մեդալը նա ուղղակի փայլեցրեց:
Այդ մարդու անունը Ռուդրֆորդ (Ռասթի) Թրոուլեր էր: 1908 թվականին նա կորցրել էր ծնողներին. հայրը զոհվել էր մի անարխիստի ձեռքով, մայրը չէր դիմացել այդ հարվածին, և այդ կրկնակի դժբախտությունը նրան դարձրեց միաժամանակ և որբ, և միլիոնատեր ու նշանավոր՝ հինգ տարեկան հասակում արդեն: Այդ ժամանակից կիրակնօրյա թերթերի հավելվածները նյութ չունենալու դեպքում միշտ կարող էին նրանով լցնել իրենց էջերը, բայց նրա հռչակն առանձնապես ուժեղ թնդաց, երբ նա, լինելով դեռ դպրոցական, կարողացավ ձերբակալել տալ իր կնքահայր-խնամակալին, մեղադրելով նրան արվամոլության մեջ: Հետո արդեն բուլվարային պատկերազարդ լրագրերը գոյություն էին պահպանում նրա ամուսնությունների և ամուսնալուծությունների պատմություններով: Առաջին կինը, նրանից իր հասանելիք ալիմենտը վերցնելով, ամուսնացել է հայր Դիվայնի ախոյանի հետ: Երկրորդ կինը տարօրինակ և անհասկանալի անձնավորություն էր, իսկ երրորդը Նյու Յորքի նահանգում դատական գործ էր հարուցել նրա դեմ, ներկայացնելով ահագին ապացույցներ, որից գլուխն ազատելը դժվար եղավ: Նա ինքը բաժանվեց վերջին միսիս Թրոուլերից, մեղադրելով նրան այն բանում, որ իր նավում խռովություն էր բարձրացրել և իրեն իջեցրել էին Դրայ Թորտուգաս կղզիներում: Այդ ժամանակից նա փաստորեն ամուրի էր, թեև բոլորին հայտնի էր, որ պատերազմից առաջ ամուսնության առաջարկություն էր արել Յունիթի Միթֆորդին. խոսում էին, որ հեռագիր էր ուղարկել նրան, առաջարկելով ամուսնություն, եթե Հիտլերը չամուսնանա նրա հետ: Հենց դա էլ հիմք էր տալիս Ուինչելին նրան նացիստ անվանելու, դա և այն փաստը, որ նա կանոնավոր կերպով հաճախում էր Յորքվիլլում կայացող նացիստական հավաքներին:
Ինձ ոչ ոք այդ մասին բան չասաց: Բոլոր այդ տեղեկությունները կարդացի «Բեյսբոլի տեղեկագրում», որի մեջ Հոլլին հավաքում էր նաև լրագրերից կտրված զանազան նյութեր: Գրքի էջերի արանքները լցված էին կիրակնօրյա լրագրերից կտրված հոդվածներով և սկանդալային պատմություններով: «Ռասթի Թրոուլերը և Հոլլի Գոլայթլին «Վեներայի մի հպումը» ներկայացման ժամանակ այնպես էին քայլում դեպի իրենց տեղերը, ասես շուրջը ոչինչ չէին տեսնում»: Հոլլին ետևիցս մոտեցավ այն պահին, երբ մի նոր սյունակ էի կարդում. «Միսս Հոլիդեյ Գոլայթլին, բոստոնցի Գոլայթլիներից, տոն է դարձնում իսկական միլիոնատեր Ռասթի Թրոուլերի ամեն օրը»:
- Հիանում ես իմ հռչակո՞վ, թե՞ պարզապես բեյսբոլի սիրահար ես,- ասաց նա, նայելով ինձ ուսի վրայով և մուգ ակնոցն ուղղելով:
Ես հարցրի.
- Այսօր եղանակի տեսությունն ինչպե՞ս է:
Նա ինձ աչքով արեց, երևում էր, որ կատակ չի անում. դա նախազգուշացնող նշան էր:
- Ձիեր ես սիրում եմ, իսկ բեյսբոլ տանել չեմ կարողանում,- ասաց նա, և ասածի ենթատեքստից հասկացա, որ ուզում է մոռանամ այն ամենը, ինչ պատմել էր Սալլի Թըմաթոյի մասին:- Ատում եմ այդ ռադիոյի ձայները, բայց ստիպված եմ լսել, այնպես, ընդհանուր զարգացման համար: Տղամարդիկ այնքան քիչ բաների մասին կարող են խոսել: Եթե տղամարդը չի սիրում բեյսբոլ, ուրեմն նրան հետաքրքրում են ձիերը, իսկ եթե նրան չեն հետաքրքրում ոչ մեկը, ոչ մյուսը, այդ դեպքում ես ծանր դրության մեջ եմ ընկնում, որովհետև կնշանակի նրան չեն հետաքրքրում և աղջիկները: Դուք ի՞նչ համաձայության եկաք Օ. Ջ.-ի հետ:
- Իրարից բաժանվեցինք փոխադարձ համաձայնությամբ:

շարունակելի

Shauri
02.09.2008, 19:14
Բյուր բզում եմ... Ուզում ե՞ս հեռախոսիդ համարը տուր ամեն գիշեր ժամը 2–ին զանգեմ բզեմ... :(
:)

Dayana
29.06.2009, 14:35
Բյուր, ես դեռ սպասում եմ շարունակությանը, կամ գրքին: ;)

Ուլուանա
30.06.2009, 03:38
Բյուր, ես դեռ սպասում եմ շարունակությանը, կամ գրքին: ;)
Իսկ ես արդեն էնքան վաղուց եմ սպասում, որ սկիզբն արդեն լրիվ մոռացել եմ։ :(

StrangeLittleGirl
02.07.2009, 14:54
Իզուր… Ես դեռ էնքան բան ունեմ անելու, որ դժվար՝ հերթը հասնի այս գրքին…