PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ է այդ մեկ մարդը…



StrangeLittleGirl
21.11.2007, 00:42
Ո՞վ է այդ մեկ մարդը. ասա ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ ինչ պետություն է ուզածդ (http://www.zhamanak.com/article/7215/)
18:02 Yerevan | 14:02 GMT | Monday 8 October 2007
Վահան Իշխանյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի խոսքը ինձ ոչ այնքան տարավ նրա կառավարման ժամանակները, ինչպես շատերին, ոչ թե առաջին հերթին հիշեցրեց, որ իր խոսքերը իշխանության մասին՝ երկիրը վերից վար կոռումպացված է, հանցագործ վարչակազմ, առաջին անգամ հենց իր ղեկավարած կառավարության մասին են ասվել, այլ՝ շատ ավելի մոտ, այս տարվա խորհրդարանական ընտրությունները, «Իմփիչմենթ» դաշինքի ընտրարշավն ու նրա լիդերի քաղաքական հայացքները:

Այդ լիդերը «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն է, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենամոտ զինակիցներից է ու նրա առաջադրման գաղափարական քարոզիչը, իր թերթը դարձել է առաջին նախագահի խոսափողը, նրա հասցեին արված որեւէ քննադատական խոսքի դեմ թերթը վիրավորանքների ու հայհոյանքների նյարդային կրակահերթ է արձակում: Գարնանը ԱԺ ընտրարշավին Փաշինյանի լոզունգներն էին «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» (պաստառներում եւ տելեհոլովակում այս խոսքերը մակագրությունն էին Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ կարմիր գիծ քաշած լուսանկարների, այսինքն՝ «Իմփիչմենթի» հաղթանակի հաշվարկն արված էր ոչ թե գաղափարների, այլ այս երեքին անձնապես ատողների ձայների վրա) եւ «Երկրի փրկությունը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը դու ես»: Մարդիկ կային, որ հավատում էին նրա կոչերին, մայիսի 12-ից հետո նրա «1+» կոչվող նստացույցերին ողջույն էին ուղարկում, նրան ավելի վստահողները «1+» թուղթ էին կպցնում Թումանյանի արձանի վրա ու նստում կողքը՝ գումարվելով մեկերի փրկության գործին: Բայց ինչքանո՞վ էր անկեղծ Փաշինյանն իր՝ մի մարդու գործոնի, յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությամբ երկրում փոփոխություններ անելու կոչի մեջ: Այս հարցի պատասխանը ես գտա հուլիսի 7-ի նրա խմբագրականում, որտեղ համեմատում է 95թ. Սահմանադրությունը եւ 2005-ի փոփոխությունները. «Առաջինը լավ կամ վատ Սահմանադրություն էր, երկրորդը՝ հակասահմանադրություն: Որովհետեւ առաջինը պետության հիմնական օրենք էր, երկրորդը՝ պետականության անկման օրենք: Էս սահմանադրությունը գործադիր իշխանության մենաշնորհը ուզում է պետությունից վերցնել: Այսինքն՝ գործադիր իշխանությունը կարող է իրականացնել ոչ միայն պետությունը, ոչ միայն կառավարությունը, այլեւ, ասենք` Շենգավիթի Ծըգըլը, ինչին լրիվ համապատասխանում է օրվա իրականությունը: Ու եթե չլիներ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ հոդվածների անփոխարինելիությունը, մենք հիմա կունենայինք բոլորովին ուրիշ վիճակ»: Հավանաբար Փաշինյանը նկատի ունի, որ սահմանադրական փոփոխություններով Երեւանը ունենում է ներկայացուցչական մարմին, գործադիր իշխանություն, իսկ համայնքները ստանում են որոշ ազատություն (թեեւ պետությունը միայն կառավարությունը չէ, ինչպես կարծում է Փաշինյանը, այլ նաեւ համայնքների գործադիր մարմիններն են): Սա, մի խոսքով, բրգաձեւ, ուղղահայաց կառավարման համակարգի, ամբողջ իշխանությունը բրգի գագաթին նստած մի մարդու պատկանող (նախկինում՝ թագավոր, հետո՝ գենսեկ, այժմ՝ նախագահ կոչվող) համակարգի պաշտպանությունն է, որ հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, սա մի համակարգ է, որտեղ որոշումներ ընդունում ու դրանք գործադրում է մի մարմին: Ժողովրդավարության դասագրքային սկզբունքներից է կառավարման համակարգի ապակենտրոնացումը, ուղղահայացի հորիզոնականացումը: Ժողովրդավարական երկրներում կենտրոնաձիգ միակառավարման, մի գործադիր իշխանության համակարգին փոխարինեցին գնալով ինքնավար դարձող մարզային, շրջանային, համայնքային կառավարման օրգանները՝ իրենց օրենսդիր եւ գործադիր մարմիններով, ու պետությունները գործադիր մարմինների բազմազանությունից ոչ միայն անկում չունեցան, ինչպես պնդում է Փաշինյանը, այլեւ ավելի հզորացան, հորիզոնական սուբյեկտների մեջ մրցակցությունը զարգացման գլխավոր նախապայմաններից դարձավ: «Տեղական ինքնակառավարման մարմինների ուժն ու ազդեցությունը տարբեր երկրներում արտացոլում է գոյություն ունեցող քաղաքական ռեժիմի ժողովրդավարության աստիճանը: Այդ մարմինները առաջացան որպես ուղիղ հակակշիռ կենտրոնի բացարձակ իշխանության: Այս պատճառով նրանք շատ հաճախ վերածվում են ընդդիմության կենտրոնական կառավարությանը» («Կոնստիտուցիոննոյե պրավո զարուբեժնիխ ստրան», 2004, Մոսկվա):

Փաշինյանի այն տեսակետը, թե երկրի ժողովրդավարական լինելը որոշվում է Սահմանադրության 2-րդ հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», խաբկանք է, քանի որ ամենաբռնապետական երկրներում էլ կհանդիպենք նման հոդված, Սովետի Սահմանադրությամբ էլ էր իշխանությունը ժողովրդին պատկանում, բայց 6-րդ հոդվածով այդ իշխանությունը տրվում էր Կոմկուսին: Թե ում է պատկանում իշխանությունը, կիմանանք ոչ թե Սահմանադրության մեջ գտնելով այդ հարցի պատասխանը, ինչպես վստահ է Փաշինյանը, այլ՝ թե ինչպես, ինչ մեխանիզմներով է պատկանում: Արժե հիշել դեռեւս պատմություն չդարձած 95 թվի Սահմանադրության նախագահի, կառավարման եւ դատական համակարգի բաժինները՝ պարզ դարձնելու համար, որ իշխանությունը ոչ թե ժողովրդին էր պատկանում, այլ՝ մի մարդու, եւ այդ մեկը նախագահն էր. նա է նշանակում եւ ազատում նախարարներին, վարչապետին (սա էլ մարզպետներին), գլխավոր դատախազին, նրա տեղակալներին եւ դատախազության ստորաբաժանումների գլխավոր դատախազներին, Երեւանի քաղաքապետին, նշանակում է բոլոր դատական ատյանների նախագահներին ու դատավորներին, Սահմանադրական դատարանի անդամներից չորսին ու նախագահին, կարող է դադարեցնել դատավորների լիազորությունները, նրանց կալանավորելու համաձայնություն տալ, նշանակումներ կատարել քաղաքացիական պաշտոններին, կարող է արձակել Ազգային ժողովը եւ այլն: Այդ մի մարդու նշանակած դատական եւ իրավապահ համակարգն էլ որոշում էր՝ ընտրությունները կեղծվե՞լ են, թե ոչ, հանցանք կատարվե՞լ է, թե ոչ: Եւ Տեր-Պետրոսյանի, ու այլ քաղաքացիների «հանցագործ վարչակազմ» որակումը՝ ուղղված ներկա իշխանություններին, առաջանում է հենց նման Սահմանադրության պայմաններում, երբ վերեւից կախված դատարանը, դատախազը անկարող են որոշել հանցանքը, ու նրանց փոխարեն դա անում են ուրիշները: Բրգաձեւ համակարգն արդեն ձեւավորվում էր 91 թվականի նախագահական ընտրություններից հետո, սակայն իր իրավական հաստատումը ստացավ 95-ին: Մինչ այդ դեռեւս հնարավոր էր, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվեր ընդդիմադիր գործիչ. այդպես 1991 թվին Աշտարակի քաղաքապետ (գործկոմի նախագահ) ընտրվեց դաշնակցական Հովհաննես Սուքիասյանը, սակայն արդեն ձեւավորվող բուրգը չէր կարող հանդուրժել իշխանության մեջ օտար մարմին, եւ նրան 92թ. սպանեցին: Միայն իշխանափոխությունից հետո բացահայտվեց հանցագործությունը, սակայն 2000-ին դատապարտվեցին միայն կատարողները, թեեւ բազմաթիվ վկայություններ կային, որ սպանությունը պատվիրել են ՀՀՇ-ի վերնախավի բարձրաստիճան պաշտոնյաներ: Սահմանադրությամբ փակվեց ընդդիմադիր գործչի՝ որեւէ պաշտոնում ընտրվելու ճանապարհը:

StrangeLittleGirl
21.11.2007, 00:42
Թեեւ 2005թ. փոփոխություններով որոշ չափով ժողովրդավարացել է Սահմանադրությունը, մի մարդուց կախված իշխանությունը մի փոքր տրոհվել, լիազորությունները որոշ չափով բաժանվել են նախագահի եւ ԱԺ-ի մեջ, սակայն թե ինչպես կգործեն այս փոփոխությունները, դեռեւս դժվար է ասել, մանավանդ որ` ԱԺ վերջին ընտրություններն անցան նախկին Սահմանադրության սցենարով, իսկ ընտրական համակարգը մնացել է ուղղահայաց: Իհարկե, բուրգը ձեռնտու է նրա վրա նստածին, եւ այս փոփոխությունները ոչ թե իշխանության կամքի, այլ Եվրախորհդի ճնշման արդյունք էին: Միակ ակնհայտ առաջընթացն այն է, որ Սահմանադրական դատարան դիմում են ոչ միայն պետական մարմինները, ինչպես նախկինում էր, այլեւ օմբուդսմենն ու քաղաքացիները: Բայց իշխանության մասնակի տրոհումը եղավ բուրգի վերին մասում, այն շատ չտարածվեց, միայն Երեւանի բախտը բերեց: Տեղական ինքնակառավարման ոլորտում կոսմետիկ փոփոխություններով՝ ընտրված համայնքապետին ոչ թե մարզպետի միջնորդությամբ կառավարությունը կարող է պաշտոնանկ անել, ինչպես նախկինում, այլ՝ ՍԴ եզրակացության հիման վրա: Այսուհանդերձ, տեղական մարմիններն ազատություն չստացան, նրանք կախված են նշանակովի մարզպետներից: Ինչպես քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է գտնում, իրական ժողովրդավարության համար անհրաժեշտ են ավելի արմատական փոփոխություններ Սահմանադրության մեջ, առաջին հերթին մարզերը դառնան ինքնակառավարվող, ունենան ներկայացուցչական մարմիններ, բյուջե, մարզպետներն ընտրովի դառնան, այսինքն՝ գործադիր մարմինները շատանան. մարզպետը դառնում է մարզի ֆեոդալը կախված թագավորից՝ նախագահից: «11 մարզերը 11 տոտալիտար տարածքներ են, եւ նշանակված մարզպետը, որ կառավարությունից մարզին տրված փողի կրողն է ու զոն նայողը, ինչ ասես կարող է անել համայնքապետի գլխին, - ասում է նա: - Խոսել Հայաստանում դեմոկրատական զարգացման մասին՝ առանց ապակենտրոնացված համակարգի մասին մտածելու, նոնսենս է: Ապակենտրոնացումից կառաջանա դեմոկրատական շարժում, դեօլիգարխիզացիայի պրոցես, հասարակության ակտիվացում, նա այդ ժամանակ կդնի ռացիոնալ խնդիրներ, այդտեղից կառաջանա առողջ քաղաքական մրցակցություն եւ համակարգ, կճյուղավորվի իշխանությունը եւ ընտրությունները կեղծելու խնդիրը կդառնա բարդ, քանի որ իշխանությունը չի լինի կենտրոնից կախված (եթե տեղական համակարգը կենտրոնի նշանակածն է, ապա հսկողությունը վերեւից տարածվում է ներքեւ ամեն ինչի վրա, նաեւ վերեւից կառավարելի է դառնում ընտրությունների ընթացքը), տեղական մարմինները շահագրգռված կլինեն, որ բիզնեսը ոչ միայն կենտրոնում՝ Երեւանում, այլեւ մարզերում զարգանա: Օրինակ` եթե Շիրակի մարզպետը լինի ընտրովի, մարզը բյուջե ունենա, ապա մարզի բնակիչն էլ կստանա ինքնության ավտոնոմ էլեմենտ, եւ այդ էլեմենտը կբերի տեղային գիտակցության կուլտուրա, որը Հայաստանում չկա: Իսկ քանի դեռ միակ մարդուց է կախված երկրի բարեփոխումը` միայն նախագահից, որ իր գերիշխանությամբ թագավոր է, եւ մարդիկ նախագահական ընտրություններին գնում են մտածելով լավ թագավոր ունենան` դեմոկրատական զարգացում չի կարող լինել: Մի օրինակ` Իսպանիայում միակ մարդու՝ Ֆրանկոյի իշխանությունից հետո 1978 թ. Սահմանադրությամբ կենտրոնացված իշխանությունը ապակենտրոնացվեց, ստեղծվեցին 17 ավտոնոմ մարզեր: Իսկ Ֆրանսիայում, որի քաղաքական համակարգի հետ սիրում են համեմատվել 95-ի Սահմանադրության կողմնակիցներն ու հեղինակները, երեք տիպի տարածքային ընտրովի ինքնակառավարումներ կան` ռեգիոն, դեպարտամենտ, կոմունա (վերեւից ներքեւ): 82 թվականի ռեֆորմով կառավարության ներկայացուցիչները տեղերում դադարեցին իրականացնել տեղական գործադիր մարմնի ֆունկցիաներ, եւ նրանք անցան ընտրովի ներկայացուցչական ժողովներին ու նրանց ստեղծած գործադիր մարմիններին: Իսկ այստեղ դեռեւս որեւէ «Ծըգըլ», առանց իշխանության դաբրոյի, չի կարող «ընտրվել» համայնքապետ ու «գործադիր իշխանություն իրականացնել», նրանք բոլորը իշխանության կուսակցություններից են կամ իշխանության տանիք ունեցողներ, ինչպես Աջափնյակի համայնքապետը, որ գլխավոր դատախազի եղբայրն է: Այս իրավիճակում, բնականաբար, համայնքները ինքնուրույն որոշումներ ընդունող մարմիններ չեն, նրանց գործադիր ֆունկցիան ծառայում է միայն համայնքապետի անձնական շահին: Այլ կերպ ասած` չի աշխատում ժողովրդավարության կարեւոր սկզբունքը՝ քաղաքացու ու պետության կապը, քաղաքացու մասնակցությունը կառավարմանը: Ինչպես գրում է մի քաղաքագետ, գործող տեղական ինքնակառավարումը ապահովում է անհատական նախաձեռնության զարգացումը: Հայաստանում այդ նախաձեռնությունը ոչնչացված է, եւ երկրի փրկությունը կախված չէ այն մի մարդու նախաձեռնությունից, որը երկրի շարքային քաղաքացին է:

Փաշինյանը դեռեւս կարող էր «չանհանգստանալ», քանի որ գործադիր մարմինը իրականում մեկն է մնացել, ուրեմն ի՞նչն է նրան զայրացնում, սահմանադրական փոփոխության հեռանկա՞րը, որ կարող է ի դեմս Երեւանի նոր գործադիր մարմին առաջանալ: Իսկ ի՞նչ կլինի, եթե քաղաքապետը ընտրովի դառնա: Ինչպես ծանոթներիցս մեկն է ենթադրում, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն այսօր հանգիստ կարող է ասել. «Ես կատարում եմ այն մարդու պատվերը, ով ինձ նշանակել է` երկրի նախագահի, թող քաղաքապետին ընտրած լիներ ժողովուրդը, նրա ուզածը կանեի, ուրեմն մի զարմացեք, որ երեւանցիների շահերի դեմ եմ գործում ու կենտրոնի բնակիչներին զրկում սեփականությունից, նրանք չեն ինձ նշանակողները»: Այսինքն՝ քաղաքապետի անկախության աստիճանը, նրա ընտրված լինելը ուղիղ համեմատական է քաղաքացիների շահերի կատարմանը:

95-ի Սահմանադրությունը, մենաշնորհացնելով ամբողջ իշխանությունը, իր հետ բերեց մենաշնորհ այլ ոլորտներում՝ տնտեսության, կրոնի, լրատվության, մշակույթի, եւ վերացավ զարգացման գլխավոր խթանը՝ մրցակցությունը: Այս իրավիճակում, երբ հասարակական շարժումը որեւէ դեր չի կարողանում ունենալ որոշումներ ընդունելու վրա, վերածվում է իշխանության՝ Սահմանադրության պրոյեկցիայի, հասարակական կազմակերպությունները՝ պետության մինի մոդելների, նույնատիպ կենտրոնացված համակարգով, որին մնում է միայն գրանտային ծրագրերով փող աշխատել հասարակական գործունեության անվան տակ (հայտնի հ/կ-ներից դժվար է գտնել մեկը կամ երկուսը, որտեղ ստեղծման պահից նախագահի փոփոխություն է եղել): Այս Սահմանադրության պաշտպանների հիմնական փաստարկն այն էր, որ երկիրը պատերազմական իրավիճակում պետք է մի կենտրոնացված մարմնի պատասխանատվությամբ շարժվի, սակայն Սահմանադրությունն ընդունվեց զինադադարից հետո, երբ չկար պատերազմ, եւ հետո՝ ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ հաղթանակ են տանում առավել ժողովրդավարական, ապակենտրոնացված համակարգերը՝ պակաս ժողովրդավարական կամ բռնապետական երկրների նկատմամբ, ինչպես Մեծ Բրիտանիան հաղթեց Արգենտինային, եւ Իսրայելը՝ արաբական տերություններին: Ուրեմն 95թ. Սահմանադրությամբ ստեղծվեց մի ամբողջական ուղղահայաց հակաժողովրդավարական համակարգ, որի ճարտարապետը Տեր-Պետրոսյանն էր: Քանի որ երկիրը պատկանում էր մի մարդու եւ ոչ թե ամբողջ ժողովրդին, հետեւաբար մեկ ուրիշը այդ մի մարդուց կարող էր վերցնել այն, որն էլ եղավ 98 թվի հեղաշրջմամբ: Այսպիսով, Քոչարյանը դարձավ իր նախորդի ստեղծած համակարգից օգտվողը եւ ոչ թե ստեղծողը: Իհարկե, մարդիկ փոխվելու հատկություն ունեն, եւ կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը վերանայել է պետության կառուցվածքի մասին իր հայացքները, սակայն նա իր ելույթում չքննադատեց իր ստեղծած համակարգը եւ միայն խոսեց իր ռեժիմի ձեռքբերումներից: Իսկ նրա գաղափարական խոսափող «Հայկական ժամանակը», 95-ի Սահմանադրության պաշտպանությամբ, ցույց է տալիս, որ նախկին թիմը ոչ միայն գաղափարական փոփոխություն չի կրել, այլեւ հպարտանում է ու պաշտպանում իր ստեղծած հակաժողովրդավարական համակարգը: «Իմփիչմենթը» կարծես մարզանք էր Տեր-Պետրոսյանի առաջադրումից առաջ, որի միակ ծրագիրը մարդկանց փոխարինելն էր՝ Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին՝ Տեր-Պետրոսյանով, եւ ոչ թե գաղափարական պայքարը: Իսկ եթե անձին անձով պետք է փոխարինել, ապա սովորական բնակչի համար ինչ կարեւոր է, թե մարզպետին ով է նշանակում, կամ դատարանի անարդար վճիռը Տեր-Պետրոսյանի՞ կարգադրությամբ է, թե՞ Քոչարյանի կամ Սարգսյանի: Ուրեմն Փաշինյանն ասելով «ոչ դոդացմանը», իրականում ինքը չէ՞ր փորձում դոդացնել քաղաքացիներին` հավատացնելով, որ «երկրի փրկությունը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը դու ես», բայց իրականում նկատի ունենալով, որ այդ մեկ մարդը Տեր-Պետրոսյանն է:

Պանդուխտ
27.11.2007, 15:52
http://www.zhamanak.com/article/7215/

Պարտիմ Բիւրակնին Վահան Իշխանեանի ընդգրկուն, անաչառ, հաւասարակշիռ եւ պարզաբանող յօդուածի հրատարակման առթիւ: Ահա նման վերլուծումներն են, որոնք անարգել մուտք կը գործեն, չեզոք ընթերցողի միտքում:
Ուշադիր ընթերցեցի, համաձայն եմ այնտեղ շարադրւած տրամաբանութեան. ամէն ինչ յստակ եւ հասկանալի դարձաւ՝ առնուազն ինձ: Այո, իրականում պայքարը անձերի միջեւ է, այնպէս որ նախապէս գրել եմ. ամէնը մի եւ նոյն ծառի պտուղներն են:
Այդուհանդերձ, շնորհակալ կը լինէի յօդուածագիրից, կողմերի ներքին քաղաքականութեան մեկնաբանման զուգահեռ եթէ մեկնաբաներ նաեւ արտաքին քաղաքականութեան ասպարէզում կողմերի տարբերանքը:
Թող լինի սա առաջարկ, գուցէ յօդուածագիրը կը բաղդատի, եթէ երբէք կան տարբերութիւններ. Արցախի, միջազգային յարաբերութեան, Սփիւռքի, Հայ Դատի (եւ Հ.Ց.) կապակցութեամբ:

Տեսնում ենք յաճախ ազգային անվտանգութեան եւ ժողովրդավարացման անհամատեղելիութիւնը որոշ պարագաներում, մասնաւորապէս քաղաքականապէս ոչ հասուն հասարակութիւններում, երրորդ աշխարհի երկիրներում:
Մարդիկ հեշտաբար ընկնում են օտար (նաեւ երբեմն թշնամի) գործակալութիւնների ոստայնում, դառնալով խաղալիք: Իսկ զարգացած, ժողովրդավարական աւանդ ունեցող երկիրներում, ժողովրդրային կառավարման հաստատութիւնների երկիրներում, նման դէպքեր կառավարելի եւ հսկելի են:
Նոյինքն Ա.Մ.Ն.ում համայնավարներին հալածում էին ազգովին, վտարելով նրանց պետութիւնում զբաղեցրած դիրքից, քանզի Ա.Մ.Նը քաջաբար տեղեակ էր կոմունիզմի արձանագրած նուաճումներից, աշխարհում նրա ունեցած տարածումից: Կոմունիզմը, ըստ նրանց, սպառնում էր Ամերիկեան պետութեան:
Շատ հաճելի է Վահան Իշխանեանի ակնարկը այն մասին, թէ ժողովրդավար երկիրները յաղթում են պատերազմում: Զինւոր-հրամանատար, քաղաքացի-իշխանութիւն յարաբերութիւնը, երբ փոխադարձ յարգանքի վրայ հիմնուի. Առանց մեծ դժուարութեան երկիրը կը կառավարուի, յաղթանակներ կարձանագրուի:
Դժբախտաբար ոմանց համար «հայրենիք» եւ «իշխանութիւն» հասկացողութիւնները նոյնն են, ետեւաբար Հայրենիքից դժգոհ զինւորը չի ուզեր կռուել, սահման պահել, ուստի սահմանի պաշտպանութիւնը սկսկում է նախ Երեվանից:
Այո, ժողովրդավարութիւնը զօրացնում է երկիրը, եթէ մարդիկ հասկանան ժողովրդավարութեան էութիւնը, կամ հասկանալով հանդերձ չխաբեն ժողովուրդին:
Իսկ եթէ ընդհանրապէս քաղաքական գործիչները խաբեբաներ են, կամ խոստանում են սակայն իրանք այլ գիտեն, որ չեն կարող կատարել խոստումները...այս պարագայում նախընտրելի է լաւ կառավարիչներ ընտրել պարզապէս:
Հարց.-Ինչպէ՞ս ճանաչել քաղաքական գործիչին:
Պատասխան.-Նայելով նրա անցեալին:

Artgeo
28.11.2007, 14:40
թերթը դարձել է առաջին նախագահի խոսափողը, նրա հասցեին արված որեւէ քննադատական խոսքի դեմ թերթը վիրավորանքների ու հայհոյանքների նյարդային կրակահերթ է արձակում:
Հավանաբաև Վահան Իշխանյանը չի դիտում Հ1 հեռուստաալիքը ավելորդ ներվեր չքայքայելու համար և տեղյակ չէ, որ Հանրային կոչվող հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական կոչվող ծրագիրը, որի հիմնական ու միակ ֆունկցիան հասարակությունը լրատվություն հասցնելն է, արդեն մի քանի ամիս է վերածվել է Տաթևիկ Նալբանդյանի «Լևոնը քխ է, եահ, եահ» հեղինակային ծրագրի: Մինչդեռ լրատվությունը մեկնաբանություններ չի ենթադրում:
Փոխարենը մեկնաբանություններ ենթադրում է թերթում գրված հոդվածը, ինչն էլ տեղի ունենում ինչպես ազատ-անկախ թերթերում, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից թերթերում, այնպես էլ Սերժ-Քոչարյանին ենթարկյալ թերթերում: Ի դեպ հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ օգտագործում են բոլոր կողմերը և եթե հարգելի Վահան Իշխանյանը հավակնություն ունի օբյկտիվ լինելու, ապա պիտի հավասարապես քննադատեր բոլոր կողմերին: