PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիժողները



StrangeLittleGirl
15.11.2007, 02:07
Հոգեբուժարանի երկրորդ հարկի միջանցքի ծայրում գտնվում էր մի սենյակ, որի վրա փակցված էր. «Վիժողներ»: Հենց այդտեղով տարան նրան, դուռը բացեցին, ներս հրեցին ու փակեցին: Այդ պահին նկատեց, որ իր հագին կարմիր զսպաշապիկ կա:
Սենյակը մեծ էր, պատուհաններ չուներ: Բացի երեք մահճակալից, ուրիշ ոչ մի կահավորանք չկար: Ամեն ինչ սպիտակ էր` և՛ հատակը, և՛ առաստաղը, և՛ պատերը, և՛ մահճակալներն իրենց բոլոր մանրամասնություններով: Ու այս համատարած սպիտակության մեջ հնարավոր չէր չնկատել գետնին նստած կանանց` մեկը կանաչ, իսկ մյուսը` կապույտ զսպաշապիկով:
Երբ դուռը փակվեց, հայացք գցեց նրանց վրա ու փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում:
- Ուրեմն ես գի՞ժ եմ,- շշնջաց:
- Չէ՛, դու վիժող ես,- ժպտաց կապույտ զսպաշապիկով կինը,- դրանք մի քիչ տարբեր բաներ են,- հետո ձայնը ցածրացրեց ու շարունակեց,- բարով ես եկել:
- Դուք ովքե՞ր եք,- փորձեց իմանալ նորեկը:
- Մե՞նք… Դժվար է բացատրել: Մի բառով` վիժողներ ենք,- այս անգամ խոսեց կանաչը:
- Հասկացա… Մենք անուն չունենք… Դու Կանաչն ես, դու` Կապույտը, ես էլ այսուհետ Կարմիրն եմ… Պարզ է:
- Հիանալի~ է,- բացականչեց Կապույտը,- մենք երկար ենք անուններ փնտրել մեզ համար, բայց ոչինչ չի ստացվել: Իսկ զսպաշապիկները մեզ ամենալավն են բնութագրում: Մենք ոչ այլ ինչ ենք, քան գույն:
Կարմիրն արդեն հասցրել էր հատակին տեղավորվել:
- Մենա՞կ եք,- հարցրեց:
- Չէ՛,- պատասխանեց Կանաչը,- շատերն են գալիս, վիժում ու գնում, իսկ մենք համառորեն հրաժարվում ենք: Հրեշտա՛կս, հուսանք` դու նրանցից մեկը չես լինի:
- Իսկ ծննդաբերողներ չե՞ն լինում:
- Չգիտեմ,- մտախոհ ասաց Կապույտը,- դեռ նման դեպք չենք տեսել… Այս ամենը մի կողմ թողնենք: Փոքրի՛կ, պատմի՛ր քո պատմությունը: Ինչպե՞ս այստեղ հայտնվեցիր, քանի՞ զավակ ունես:
- Զավակներս շատ են… Մի մասն առողջ է, մյուսները` հիվանդ: Մի մասը` լուռ, մյուսները խոսում են: Մի մասին ոչ ոք չի տեսել, մյուսները` միշտ դրսերում… Գրիչը ձեռքիս էր: Դե գիտեք… Հասկանու՞մ եք… Ո՞նց բացատրեմ… Ծննդաբերական ցավերս էին: Ուր որ է` ծննդաբերելու էի… Ու ծնվեց, գիտե՞ք: Բայց բալիկս մեռած էր: Դա ուժեղ ցավ էր ինձ համար: Հետո մտածեցի. ոչինչ, էլի կծնվեն: Բայց չէ՛, չէր ստացվում: Ասես ամպեր էին կուտակվել, իսկ ես վանդակի մեջ էի: Փախչել էի ուզում, որ հաջորդ երեխաս առողջ ծնվի, բայց չէր ստացվում: Ու հանկարծ զգացի, որ վիժում եմ… Հետո էլ չեմ հիշում: Հայտնվեցի այստեղ… Երևի հոգեբուժարան է, հա՞: Բայց մի՞թե մենք այդքան վտանգավոր ենք, որ մեզ զսպաշապիկներ են հագցրել:
- Դու չգիտես,- դառը ժպիտը դեմքին ասաց Կապույտը,- մենք շատ ավելի վտանգավոր ենք, քան իսկական հոգեկան հիվանդները: Մեզ կապել են, որ չծնենք: Միամիտ են. կարծում են, թե դա միայն ձեռքերով է հնարավոր:
- Բայց մեզ չեն կարող արգելել, չէ՞,- լացակումած ասաց Կարմիրը:
Դրան հետևեցին արցունքերը: Կարմիրն ասես չէր նկատում, չէր տեսնում Կանաչին ու Կապույտին: Ինչ-որ անհասկանալի բառեր էր ասում, իսկ մյուս երկուսը լրացնում էին նրա անհոդաբաշխ խոսքը: Հետո Կապույտը սողաց դեպի Կարմիրը: Ուսը մի կերպ բարձրացրեց, փորձեց սրբել արցունքները: Հետո պինդ հպվեց նրան ու ասաց.
- Թանկագի՛նս, համարի՛ր, որ գրկում եմ քեզ: իտես, ձեռքերս կապած են: Նրանք կարող են արգելել մեր շարժումները, բայց չեն կարող, չէ±, ստիպել, որ միտքը կանգ առնի: Ես քեզ մտքիս մեջ գրկում եմ:
Մյուս կողմից Կանաչը մոտեցավ ու կամացուկ ասաց.
- Մենք քեզ շատ լավ ենք հասկանում: Արդեն հինգ տարի է` ինչ այստեղ տառապում ենք: իտե±ս` ինչ դժվար է, երբ մտքիդ ու մարմնիդ շարժումները չեն համապատասխանում: Ասում եմ, չէ՞, շատերն են եկել-գնացել, բայց նրանց դուրս են թողել, որովհետև միտքը ենթարկել են մարմնին: Մի՞թե կարծում ես, թե նրանք ազատ են: Ո՜չ, բանտարկյալներ են: Այդ մենք ենք ազատ, որովհետև մեր միտքը վանդակում չէ: Հետո՞ ինչ, որ շարժումները սահմանափակ են:
- Մի՞թե դրանով փորձում ես ինձ մխիթարել: Ես, փաստորեն, իմ ամեն ինչը ստիպել են թողնել ու լավ չեմ պատկերացնում, թե ինչու եմ այստեղ հայտնվել: Ո՞ր մեղքիս համար: Ի՞նչ վատ բան եմ արել:
- Հուսով եմ` դու էլ կձգտես ձեռքերդ շարժել մտքիդ ուղղությամբ, ոչ թե հակառակը,- քաջալերեց Կապույտը:
- Բայց ես կապված եմ: Ինչպե±ս:
- Իսկ ես ինչպե±ս քեզ մտքիս մեջ գրկեցի:
Կարմիրը ժպտաց: Այդ օրն այլևս չխոսեցի:
Առավոտյան նախաճաշ էին բերել: Ամեն ինչ արված էր այնպես, որ հանկարծ ձեռքերն օգտագործելու կարիք չլինի. սնունդը հեղուկ էր, ափսեներն ու բաժակներն ամնրացված էին շարժական սեղաններին, որոնք միայն ուտելու ժամերին էին հայտնվում: Թե՛ ուտելիքների, թե՛ ըմպելիքների մեջ ձողիկներ կային, որոնցով պետք է ըմպեին… Դրա համար մի քիչ դժվարանում եմ «ուտելիք» բառն օգտագործել:
Լուռ նախաճաշեցին: Կարմիրը խորամանկ էր. ուտելուց հետո ձողիկն ատամներով պոկեց, ծոցը մտցրեց:
- Ի՞նչ ես անում,- զարմացավ Կապույտը:
- Պետք կգա,- աչքով արեց Կարմիրը:
Անցավ մի ժամ: Լուռ էին: Երկրորդ անցավ: Նորից լուռ էին: Հետո Կարմիրը հանկարծ հարցրեց.
- Ինչո՞ւ են մեր զսպաշապիկները գունավոր:
- Շատ խորն են մտածել: Սպիտակը կկարողանայինք մտքոտել: Բայց թե ինչպես` մինչև հիմա ես էլ չեմ պատկերացնում: Երևի պատկերացնում էին, որ ատամներով բերաններս կկծոտենք ու լեզվի ծայրով կկգրենք,- հեգնեց Կանաչը:
- Ինչու՞ ես ծաղրում,- հանդիմանեց Կապույտը,- ախր նրանց հայտնի չեն մեր պահանջները, չգիտեն, որ կարող ենք թռչել, թեկուզ թևեր չունենք, կարող ենք պառկել մեր սիրած ծառի տակ, խոսել մեր ուզած մարդկանց հետ: Բայց նրանք կարծում են, թե արյունով գրելու նման պարզունակ գործողությունն արգելելով կարող են զրկել մեզ ամենամեծ հաճույքներից:
- Ծաղրում ես,- տխրեց Կարմիրը,- բայց ես հիմա շատ կուզենայի լինել իմ երազած վայրում, վերադառնալ այնտեղ, որտեղից եկել եմ:
- Մոռացի՛ր,- դառնացավ Կապույտը,- դու այլևս անցյալ չունես: Հիմա մենք ենք` երեքով: Պետք է հաղթենք, որովհետև ուժեղ ենք: Ես տեսնում եմ, որ դու էլ չես հեռանալու:
- Չէ՛, առաջին հնարավորության դեպքում կփախչեմ:
- Կվիժե՞ս,- խայթեց Կանաչը:
- Ո՛չ:
- Ուրեմն մոռացի՛ր հետդարձի ճամփան:
- Ես այստեղից դուրս կգամ,- խոստացավ Կարմիրը,- իսկ պատե՞րը,- անվստահ շարունակեց,- առաստա՞ղը, հատա՞կը, մահճակալնե՞րը…
- Դու նրանց գերագնահատում ես,- ծիծաղելով ասաց Կանաչը,- մտքներով չի անցել, որ զսպաշապիկի վրա արյունով գրելն ավելի դժվար է, քան, ասենք, պատերի:
- Երևի կզղջան դրա համար,- խորամանկորեն ժպտաց Կարմիրը:
- Տեսնենք,- հառաչեց Կապույտը:
- Մի՞թե դու վստահ չես,- տխրեց Կանաչը:
- Չգիտեմ…

Լույսը դեռ չէր բացվել, ավելի ճիշտ` արթնանալու ժամանակը չէր, որովհետև վիժողների սենյակում գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ չկար. միշտ նույն եղանակն էր, նույն լուսավորությունը:
Արդեն մի շաբաթ կլիներ, ինչ Կարմիրն այնտեղ էր: Սովորել էր սպիտակ սենյակին ու նոր ընկերուհիներին, ավելի ճիշտ` բախտակիցներին, հենարաններին, քաջալերողներին:
Կանաչն ու Կապույտը դեռ քնած էին: Կարմիրը արթնացավ ու շշնջաց.
- Իսկ անցյալս չկա:
Մի ձայն միացավ. Կապույտն արթնացել էր.
- Ծիծաղելի է:
Կանաչն էլ էր նրանց հետ.
- Երջանիկ,
- Խենթ,
- Հետաքրքիր,
- Աշխույժ:
- Բայց արժեք չունի:
- Ես ունեմ ներկա:
- Թանկ է այն:
- Թա՞նկ:
- … Ապագա
- Այն ստեղծում եմ հիմա:
- Այս սենյակում:
- Ոչ ոք չի կարող խանգարել:
- Մտքեր…
- Մտքեր…
- Մտքեր…
- Կիսում ենք գիշերը:
- Գիշե՞ր:
- Թե՞ առավոտ:
- Կապ չունի:
- Քունս չի տանում:
- Որովհետև հոգնած չեմ:
- Կամ` ուղեղս տեղյակ չէ:
- Մտքեր…
- Հոգնել եմ քնելուց:
- Մենք խելագարվում ենք,- սթափվեց Կարմիրը:
- Չէ՛, մեր խոսքն ազատվում է,- բացատրեց Կապույտը:

Մի քանի օր անց Կարմիրը նորից ժամանակից շուտ արթնացավ, սկսեց բղավել.
- Վիժու՜մ եմ, վիժու՜մ:
- Չէ՛, ուշ է,- ասաց հենց նոր վեր կացած Կապույտը:
- Ուշ է,- հաստատեց Կանաչը, որը չէր էլ քնել:
- Ժամանակն է:
Կարմիրը ծոցից հանեց ձողիկը, դրեց բերանը, թաթախեց ընթրիքից պահած սուրճի մեջ և գրեց պատին.
- Ու ես սուզվում եմ մի հսկայական օվկիանոսում: Հեռու եմ բոլորից: Թեև խեղդվողն անկախ ամեն ինչից ենթագիտակցաբար բղավում է, օգնություն խնդրում, ես լռում եմ. չեմ մեռնում: Իջնում եմ կամաց, դանդաղ, որ չարթնացնեմ հատակում քնած ձկներին: Ջուրը սառն է, բայց շուտով իմ գրկում կտաքացնեմ նրան: Եվ մենք իջնում ենք գրկախառնված` ես և օվկիանոսը:

- Տեսնու՞մ ես` չվիժեցիր,- ժպտաց Կապույտը:
- Ուշ էր դրա համար. ծնվեց: Անունը կդնես «Վիժողները»: Մենք գալիս ենք քո հետևից:
- Սա նվիրում եմ նրանց` բոլոր վիժված մտքերի դիմաց,- ուժասպառ ասաց Կարմիրը:
- Մտքերը չեն վիժվում: Նրանք միշտ էլ կան: Այն, ինչ դու վիժում ես, մտքիդ պտուղն է: Միայն՝ զգու՜յշ, շուտ չծնես. անհաս երեխաներին դժվար է փրկել:

Ուլուանա
15.11.2007, 07:48
Ընտիր էր, Բյուր։ :)
Մնացածը ICQ-–ով կասեմ։ :P

«Մտքոտել» բառը լավն էր։ :hands

Էհ, իսկ ես համարյա ամեն օր էդ ձևի վիժում եմ... :( Տեսնես ե՞րբ եմ ծննդաբերելու... :think:oy

impression
15.11.2007, 09:19
Ուրախ եմ, որ գրել ես: Հուսով եմ՝ կշարունակես գրել, մտքոտված գույնզգույն ջան ;) :)

Tig
15.11.2007, 11:10
Հիասքանչ է ու ցնցող, շատ ապրես::)

Ծով
18.11.2007, 20:41
ուղղակի բառեր չեմ գտնում ու շատ եմ ուզում ավելին ասել, բայց հիմա չի ստացվի...
Հալալ ա:)
...:love

Enipra
22.11.2007, 23:06
Շատ տպավորված եմ, Բյո՛ւր ջան, ապրես։ :)

Մանոն
23.11.2007, 09:58
Ապրես Բյուր ջան , որ էդպես մտքոտում ես ու մեզ հաղորդ դարձնում ամենաիսկական, ժամանակին ծնված ու առողջ մանկիկներին: :love