PDA

Դիտել ողջ տարբերակը : Միսաք Մեծարենց` գեղանկար տեքստի մեջ...



Chilly
06.11.2007, 14:45
Հիմա Մեծարենցին չեն սիրում, ինչու?
Որովհետև արևմտահայերեն է?







ՍԻՐԵՐԳ

Տրցակ մը հուսամ ու տրցակ մը ուրց
բե՜ր, ձեռքերովըդ դիր զույգ քունքերուս,
խուցիս մեջ ցանե յուղեր հինավուրց:

Դափը ձեռքս առնեմ նորեն այս գիշեր,
ու ձյուն լույսին հետ հոգվույս ցրցքնե
բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր:

Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր,
բուրյան շոգիներ համպար ու մուշկի,
որ կ'երփնազօծեն երեկվան հուշեր:

Քիչ մը թեֆարիկ, քիչ մը վարդի ջուր,
արև ծիծաղի, ծաղիկ ծամերու,
զարդոսկիներու բազմաճաճանչ հուր:

Եվ համբույր աննյութ, և համբույր անանց՝
վարդով գծգծված աննյութ շուրթերու
կուսածին այգեր՝ փաղփուն լուսացանց:

Անուրջի ցայտքեր, ըղձակաթ գիծեր,
դու՜ք, շարժուձևեր կաքավ ու պարի՝
հոգիս բանտեցիք դղյակի՜ն մեջ ձեր:

Հոգիս բանտեցի՛ք դղյակին մեջ ձեր,
ճերմակ ըստեղներ հուր դաշնամուրին.
պըղինձի թույրեր, ոսկեցոլ կայծե՜ր...:



ԱՆԱՆՈՒՆ

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե...:

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե...:


ՎԱՅՐԿՅԱՆ

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
երազներու պերճուհին է ու կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:

Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
և ալիք մը թևը բացած կը վազե
գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:

Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...:



ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
հոգիներուն կ'իջնե երազ մը բուրյան,
ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե:

Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան՝
զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:

Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական.
հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
շատըրվանին կ'իջնե գուռին մեջ կաթե:

Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե,
վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
նըվագն անոր կը հեծեծե հեշտական:

Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե

Philosopher
06.11.2007, 15:10
Նա, ով պետք է սիրի, սիրում է;)

Ձայնալար
06.11.2007, 17:15
Պարզապես դպրոցներում արևմտահայերեն և գրաբար գործերը հանձնարարում են թութակի պես անգիր անել, ինչը բնականաբար դժվար է տրվում երեխաներին և ակամայից սկսում են չսիրել, իսկ ով հասկանում է և սկսում է զգալ լեզվի գեղեցկությունը՝ Փիլիսոփան արդեն ասեց:

Amaru
06.11.2007, 23:16
Սիրում են, հավատա, սիրում են :) Ես էլ եմ ուզում մի բան տպել, բայց նե՜նց եմ ալարում :oy
Ինչպես Անջելինան կասեր, շնորհակալություն թեմայի համար)))

Selene
06.11.2007, 23:47
Չեմ կարծում, որ հիմա երեխաները չեն սիրում արևմտահայերենով գրված բանաստեղծությունները, ուղղակի ուսուցչուհիները չեն կարողանում ճիշտ մատուցել:ok
Անձամբ ես սիրում եմ Մեծարենց, ու հիշեցի, որ անգամ «ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ» բանաստեղծության համար կա գրված երաժշտություն, ու մենք դասարանի ձայնավորներով երգում էինք :sulel, հիմա էլ դեռ մեղեդին հիշում եմ:)

StrangeLittleGirl
07.11.2007, 00:59
Մեծարենց ու ընդհանրապես արևմտահայ գրականություն շա՜տ եմ սիրում: Գուցե արժե՞ ընդհանրապես արևմտահայ գրականության թեմա բացել:

Ավելացվել է 1 րոպե անց
«Հյուղը» Մեծարենցն է գրել, չէ՞: Ես այդ մեկն եմ շատ սիրում: :love

Ավելացվել է 6 րոպե անց
Դաշտի ճամբու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին Ժամանման
ըսպասող հիւղն ըլլայի։
Ու գգուանքիս կանչէի
ես ճամբորդներն անԺաման.
ու ճամբուն վրայ մենաւոր,
ու ճամբուն վրայ ոսկեման,
եկւորներուն դիմաւոր՝
ծըխանիս ծուխն ամպէի։

Ու գրգանքիս կանչէի
ուղեւորներ պարտասուն,
ու բարեւի մը փոխան
հազար բարիք ես տայի։
Հազար բարիք ես տայի,
գոլը կրակին ճարճատուն
կութքը բերրի դաշտերուն,
բոլոր միրգերն աշունի,
ու մեղր ու կաթ ու գինի...

Ու լսէի ես ցայգուն,
քովը կրակին ճարճատուն,
երգն իրիկուան եկւորին.
ու ջամբէի ես ցայգուն
երազներով պատարուն
նինջ՝ իրիկուան եկւորին։
Ու լսէի ես այգուն,
սրտապատար ու տրոփուն
գովքն իրիկուան եկւորին.
ու դիտէի ես այգուն,
ու խոկայի օրն ի բուն
երթն իրիկուան եկւորին...։

Ու ձմեռներն ալ համբուն,
հըրաւիրակ զըւարթուն,
կանքնէի քովը ճամբուն.
ու ձիւնապատ հէք մարդուն
ես հայրօրէն, լայնաբաց
երկու թեւերս պարզէի.
մի՜շտ քաղցրագին, նիւթացած
հըրաւէ՜րն ես ըլլայի։

Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜,
դաշտի ճամբու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին Ժամանման
ըսպասող հի՜ւղն ըլլայի։

Մելիք
07.11.2007, 01:59
Վերլենից ինչո՞վ ա պակաս, բա խի՞ իրան դրսում չեն ճանաչում: Անարդար ա էլի աշխարը, անարդար ա հենց իր հանդեպ: Մեծարենցը ի՞նչնա կորցնում, որ դուք իրան չեք ճանաչում, արդեն վաղուց էդ խեղճ տղեն կորցնելուբան չունի, բայց ախր դուք եք ախքատանում իրան չճանաչելով:

Մեծարենցը իմ ճանաչած ամենանուրբ հոգով ու ամենանրբազգաց պոետնա, ինքը իրա հոգու շփմամբ ավելի շատ բան էր ճշտությամբ ընկալում ու սահմանում, երևի, քան Պլատոնն ու Արիստոտելը իրանց ուղեղի լարմամբ:

Chilly
07.11.2007, 13:22
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
երազներու պերճուհին է ու կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:



Ախր ոնց կարելի է չգժվել էսքան պարզ ու էսքան հզոր պատկերաստեղծումից?????????

Chilly
21.11.2007, 22:20
ՑԱՅԳԱՅԻՆ

Կը սիրեմ ես թափառիլ գիշերին մեջ. գիշերին մեջ, ուր այգուն դեմ, երազի անու՜շ ծաղիկներ, ձյունե փթթումներով կը բացվին հոգիներու շուշան համբույրին, գիշերին մեջ՝ ուր գետեզրին մոտեն լսվող կոչնակին զանգյունը կը ծավալի սարե սար ու խորհրդավոր կերպով կ՚օրրե զգացմունքները:
Կարավանը կանցնի՜ լերան արահետներն ու բոժոժներու ձայնին միստիք մելամաղձությունը, հեռվեն հեռու, կը լսվի գիշերին մեջ, որ լուռ է, գիշերին մեջ, որ մթին է և ահավոր:
Եղնիկները, – անըրջային ու պաշտելի՜ կենդանիներ, – թեթև-թեթև գետափն ի վար՝ որու մեջ կը ստվերանկարվին, լուսնի լազվարդային սատափացումներեն, ինչ որ ունին խորագիծ, ու խուսափուկ, ու անշոշափ երազի մեջ վարշամակված իրենց ամպային ձևերը: Ու իրենց մեղմիկ նայվածքներուն լույսը կ՚առկայծի գիշերին մեջ, որը լայն է, հեշտագին ու համապարփակ:
Ու բոլոր մրտենիները, բուրումնալիր, դալար համբույրներ կը սոսավեն հոլանի միջոցին մեջ: Պարզկա գիշերվան սյուքը կ՚անցնի տերևախիտ թավուտքին ճիշտ սրտին ընդմեջեն, սարսուռներ պտտեցնելով հոն: Ու ես կը մտածեմ, աչքերս կիսափակ ու հոգնած, գլուխս քարի մը հեցած և հոգիս հեշտանքով ու տենդով լեցուն, ես կը մտածե՜մ ...
Հո՜վը, գինով աղջիկ մըն է կարծես հո՜վը, ծփացիկ պարեգոտով հո՜վը, գիշերվան դողահար ու բուրումնավե՜տ հովը, որ ջուրերուն վրա խո՜լ ու տատանուտ շրջապար մը կը դառնա հուլորեն, գիշերին մեջ՝ որ ցրտին է ու դողդոջուն:
Կը սիրեմ ես թափառիլ քու հոգիիդ գիշերին մեջ, ո՜վ կին, գիշերին մեջ քու հոգիի՜դ, որ տրտում է և ահավոր, լայն ու հեշտագին, կրքոտ ու խանդաբորբ, ցրտին ու դողահար:

HNK511
31.01.2008, 13:02
հինգ րոպէ առաջ մտածում էի բացել արեւմտահայ գրականութեան մասին թեմայ երբ հանկարծ նկատեցի Միսակ Մեծարենցի անունը... հիմա յ որ տեսնումեմ համակրութիւնը այդ գրականութեան հանդէպ արդեն կարծումեմ որ պէտք է նաեւ անթրադարնանք միւս արեւմտահայ հեղինակներին...կը փորձեմ անել այդ...
իսկ Մեծարենցից սիրում եմ «Սիրերգ»-ը՝


Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին,
Հաշիշով օծուն ու բալասանով,
Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով,
Գիշերն անոյշ է գիշերն հեշտագին:

Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր տօն է հոգւոյս Կիրակի,
Համբոյրներ կու գան հովէն ու ծովէն:

Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին
Ձնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի:

Քոքուր
18.04.2008, 21:30
Ես շատ զարմացած եմ տեսնել որ Արեւմտահայ գրականութիւննը սիրողներ կան տակաւին Հայաստանի մէջ... Յաճախ կը ցաւիմ երբ Արեւմտահայերէնին մարդիկ «հին հայերէն» կ'անուանեն, բայց չէ՞ որ մենք այդ լեզուով կ'ապրինք, ինչպէ՞ս կրնայ հին ըլլալ...

Կ'ընդունիմ որ ձեզի համար լիրիքական կը հնչէ, բայց վնաս չունի, մեզի համար ալ Արեւելահայերէնը լիրքական է, եւ մեր շատ մը երգերը «դու» կ'ըսեն, «դուն» ըսելու փոխարեն, բանաստեղծական ոքի մը տալու համար: :D

Մենք մեր դպրոցնեուն մէջ միշտ կը սորվինք Արեւելահայ գրականութիւն, մեզի համար ալ Թումանեանը ամէնայն հայոց բանաստեղծն է, մեզի համար ալ «խօսք իմ որդուն»-էն անդին բան մը չիկայ: Ուրախ եմ որ դուք ալ կ'անցնիք (ինչպէս որ դուք կ'ըսեք ;)) Արեւմտահայկականը

Կը կարծեմ որ ուրիշ ձեւ չիկայ իրար ճանչնալու... :)

Մեր մեծերը կը սիրեն տրամաթիքական բաներ ըսել... իփր թէ տարբեր ենք... իփր թէ ուրիշ ենք... եւայլն եւայլն... եկե՛ք չհաւատանք իրենց:

Արիացի
13.07.2009, 10:58
Մեծարենցը հանճար է...

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական՝
Ժողվել՝ հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,
պարզ մարդերուն գեղջուկներուն ու բանվորին:
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական՝
Ժողվել հոգվույն մեջ ամենուն, համայնական
հոգվույն ամեն մասնիկներուն մեջ՝ ամեն ժամ...

snow
11.10.2009, 00:38
Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։

snow
11.10.2009, 00:41
Առտվան արևի մեջ

Ահա՜ կ’անցնի ցայգս անքուն,
մութին ծածքը կը մաշի.
ու կը կայթե կույսն այգուն
իր քողքին մեջ մըշուշի:

Անցան սայլերն ալ դանդաղ,
ու մըշակներն երգեցիկ,
ու բանվորներն ու հոտաղ`
ճամփաներեն բալաձիգ:

Ճառագայթներ խուսափուկ
լիճերուն մեջ կը խաղան,
և հանկարծ թույր մը դեղձան
կը ներկե ջուրը փափուկ:

Ու բոցեղեն լեզվակներ
կը ծըծեն մեգն համորեն,
արևին կյա՜նքն հըրեղեն,
արևին փա՜ռքն անըստվեր…։

Հոգիես ներս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե:

Լիճը բոսոր հարսնուկի,
ցորենի ծովը կանանչ,
կը հծծին տաղն անճանաչ
մըտերմասաց շըշուկի:

Ու մարմանդները ճանճկեն,
ու սարերը կապտորակ
եղկ հծծյունով մը կ’երգեն
լույսին ոսկի պատարագ:

Տունկեր ռեհան ծաթրինի
կը ծըխեն խունկ մը վայրի,
որ կ’ամպանա ու կ’այրի
բուրվառին մեջ արփենի:

Հոգիես նե՜րս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե…։

Լեո
11.10.2009, 00:57
Երազի օրեր


http://www.youtube.com/watch?v=CfjngvaMqxk

snow
11.10.2009, 13:51
Իրիկունը (Ըլլայի՜, Ըլլայի՜ շարքից)

Սա իրիկունն ըլլայի ես,
և հըպեի ճակատին ամեն անցորդի.
չքնաղագեղ ու նըվաղուն համուրդի
սա իրիկու՜նն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկու՜նն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
թույլ, նազենի, շղարշային, վարդաբույր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր
վըրան ամե՜ն հոգգի:
Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղողանջներուն երկնաճեմ,
խնկապատար,օծուն,ջահված ժամի պես
սա իրիկունն ըլլյի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մեջ ոգևար աղջկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքես
Սա իրիկունն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն,
սյուքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
սա իրիկունն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրա ցայգուն,
թոթափող վարսքը գունագող ու ծըփուն,
Սա իրիկունն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես.
և ամենուն տայի հուրքես, ոսկիես:
Սա իրիկու՜նն ըլլայի ես:

Lexsa
21.10.2009, 13:45
Մերժում

Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ
դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,
դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
ես այն օրեն կը տառապիմ տարուբեր։

Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ
ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ
ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ
ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ։

Դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
այդ «ոչ» ըդ սուր սրտես սորեց արյուններ:
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին
գալարեցուց սևերու մեջ իմ հոգին։

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,
այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի
ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի։

Lexsa
21.10.2009, 13:48
Արևին

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,
որ վաղուց երազված համբույրի մը պես,
իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,
շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,
մառախլապատ Երկունքիս մեջ`
ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,
շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…։
Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ,
միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը,
թևատարած կըսպասե՜մ.
պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ,
ու օրորե՜ ջերմագին
ու կիզանուտ համբույրիդ տակ
թող հոգվույս մեջեն անցնին կարգավ
մանուկներն ընդարմացած:
Մինչև որ
կանգնիմ նորեն ու անցնի՜մ դարձյալ
տարփանքիս խանդաղատ ճամբաներեն:
Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՛…
հոգիս թռչնիկ մըն է,
օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,
բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,
անտես ու ստվերոտ սանդուխներու վրա
կ’իյնա շնչահեղձ:
Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հինա՜նդ եմ…
Ճառագայթող գոլիդ մեջ հեշտագրգիռ,
մինչ կը խժա տարօրինակ, խոլ պարը զամբուռներուն`
հուրքե՛դ գինովցած`
ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարավեն կը մարմըրին,
ես կ’ըմբոշխնեմ խտղտանքն անանուն` երջանիկ տիվանդորրիս
համրորեն ու գիտակից
գինովությամբ հեշտագին:
Քի՜չ մըն ալ դեռ,
ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ արև, հինա՜նդ եմ…
Վերջին անգա՜մ մըն ալ,
դեռ իրիկո՜ւն չեղած,
ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,
վերջին անգա՜մ մըն ալ
փարե հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՜…։

Lexsa
21.10.2009, 13:50
Երազի պահեր

Լույսը մարած սենյակիս մեջ,
ուր կը հոսին գալար գալար
հորդ ալիքները մութին,
ու կ’անհետին
արծաթ շողերն երազի,
ես կը փնտրեմ մըտամոլար
ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային`
որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին:

Ես կը փնտրե՜մ,
ըսպասումեն հոգիս համակ պարտասած,
ու տենչանքով մշտահած.
ես կը փնտրեմ,
հորիզոնին վըրա նսեմ,
լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած:

Ու տակավ,
կ’իջնե ձանձրույթն երազանքիս,
հանդիսավոր ու տրտում,
ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
անձկությունով անպատում:

Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս,
կ’անցնի փութով, անձկագին,
երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս
ճամփաներեն իմ մտքին:
Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
ճամփաներու լույսերն ամեն,
հանկարծական խուճապի մը մատնըված,
ճառագայթի հազիվ վերջին
բիծ ու խաղեր կը համեն
քովը ճամփուն մթամած`
ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:

Ես կը փնտրե՜մ,
պատըշգամբին վրա կանգուն,
զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
հոգվույս մեգ ու խավարի
անդոհության մեջ դժխեմ:

Պատըշգամբին վրա կանգուն,
ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
դեպի ափունքն երազիս`
ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն,
որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս:

Yeghoyan
07.12.2009, 23:28
Այգերգ

Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
եղնիկները մըթնշաղին դեպի գետափ կը դիմեն.
աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն`
որ ջուրերուն վրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին:

Վանքի քովի արահետեն կարավանները կ’անցնի՜ն,
բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.
մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.
ու կը լըսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:

Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:

Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինձի առտուն անխըռով,
ես կ’երազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
լույս պարիկին` որ իղձերըս պըսակելու պիտի գար:

Նաիրուհի
08.12.2009, 01:17
Շատ դաժան գործ պիտի գրեմ։ Նախապես ներողություն... Բայց հզոր է...

ՄԱՀԸ
(Մանուկները կը խոսակցին)

_Հիմա աղբյուրեն անցան։
_Հիմա այգիե՜ն ալ անցան։
_Հիմա գերեզմանատու՜նն են։
_Հիմա թաղեցի՜ն...
_Հիմա կը կարդան վրան. կը լսե՞...
_Հիմա ա´լ չի լսեր։
_Հիմա ա´լ չի տեսներ։
_Հիմա թուքը չի´ կրնար կլլել։
_Հիմա չի կրնար պոռալ։
_Հիմա հալեցա՜վ...
_Հիմա կը դառնան։
_Հիմա մի՜ս մինակ է...
_Հիմա ա´լ չը՜պիտի գա։
_Հիմա ա´լ չը՜պիտի գա։
_Հիմա ա´լ չը՜պիտի գա։
_Հիմա ա´լ չը՜պիտի գա...

Agni
24.03.2010, 22:16
Վերջերս ինձ ապշեցրեց Մեծարենցը, ինչ մեղքս թաքցնեմ դպրոցից հետո չէի կարդացել: Այս երկու օրը ձեռքս ընկավ բանաստեղծությունները ու էնքաաան հոգի զգացի, էնքան անուշ հնչյուններ լսեցի, էնքան նոր բան տեսա:love իսկապես պետք է մեծարել...ափսոս, որ նրան 22 տարի էր տրված:

Chilly
15.09.2010, 09:38
Երբ մի քիչ առաջ ես եղել բնության գրկում, զգացել ես լուսաբացի գեղեցկությունը, այս բանաստեղծությունը լրիվ այլ կերպ է ձուլվում գիտակցությանդ...

Առտվան արևի մեջ

Ահա՜ կ'անցնի ցայգս անքուն,
մութին ծածքը կը մաշի.
ու կը կայթե կույսն այգուն
իր քողքին մեջ մըշուշի:
Անցան սայլերն ալ դանդաղ,
ու մըշակներն երգեցիկ,
ու բանվորներն ու հոտաղ`
ճամփաներեն բալաձիգ:
Ճառագայթներ խուսափուկ
լիճերուն մեջ կը խաղան,
և հանկարծ թույր մը դեղձան
կը ներկե ջուրը փափուկ:
Ու բոցեղեն լեզվակներ
կը ծըծեն մեգն համորեն,
արևին կյա՜նքն հըրեղեն,
արևին փա՜ռքն անըստվեր…:
Հոգիես ներս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե:
Լիճը բոսոր հարսնուկի,
ցորենի ծովը կանանչ,
կը հծծին տաղն անճանաչ
մըտերմասաց շըշուկի:
Ու մարմանդները ճանճկեն,
ու սարերը կապտորակ
եղկ հծծյունով մը կ'երգեն
լույսին ոսկի պատարագ:
Տունկեր ռեհան ծաթրինի
կը ծըխեն խունկ մը վայրի,
որ կ'ամպանա ու կ'այրի
բուրվառին մեջ արփենի:
Հոգիես նե՜րս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե…

http://lh5.ggpht.com/_Zljqeefmgcc/TJBaNRy36xI/AAAAAAAAAFs/Der7bkn_u-Q/mongolian-sunrise_thumb%5B4%5D.jpg?imgmax=800

Նաիրուհի
30.09.2010, 03:31
Հովը

Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին.
Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես
Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված`
Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին:

Իր ետևեն կը վազեմ ես շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած.
Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս
Պարապնդումն է դատարկ.
Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի,
Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած:

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ.
Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս.
Թուփին, ջուրին, տերևին.
Ու լըճակին գիրկը կ’իյնա, կամ տեսնես
Ծառին կատարն է թառած:

Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ
Մայր թուփերու քըղանցքին.
Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած`
Կը քրքըջա զինք անդին:
Շա՛́չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս,
Նույն վայրկյանին կը փախչի,
Եվ ես ի զո՜ւր կ’իյնամ նորեն ետևեն,

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛́ռն իսկ կ’երթամ…

Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ,
Կըռնակես վե՜ր կը մագլի,
Կամ մազերս կ’ուզե համրել, կամ հանկարծ
Ուժգին մեջքիս կը փարի:

Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ`
Վաղո՜ւց փախեր է արդեն,
Ու չորս կողմըս կ’ավրըշտըկե ու վարդեն
Կ’առնե անոր սակավարյուն շափրակներ.
Ու, դարձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ`
Կըռնակես վե՜ր կը մագլի…

Առնչություն

Այսօր կաթվարդ երազե մը արթնցա,
Գիրկս անսահման գրգանքներու է բացվեր.
Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա`
Նոր տարփանքիս թիթեռնիկին հիր թևեր:

Այսօր իղձով իմ հոգիս է կաթոգներ.
Ու վարդի պես կը բացվի սիրտս իբր ընծա
Այն լուսոռոգ պատարագին սրբանվեր`
Զոր ծափեցին իմ երազներըս ծնծղա:

Երեկ գիշեր իմ հոգիս էր ինկած, ա՜,
Թավիշին մեջ կախօրրանին ոսկելույս`
Զոր ճոճեցին մինչև առտու, մինչև Հո՜ւյս,
Ըղձանույշներն իմ Տենչանքիս նախընծա:

Այսօր լույսի ծովի մը մեջ արթնցա,
Գիրկս անհամար գրգանքներու է բացվեր.
Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա`
Մանուկ բույրեր ու աղջըկան պես հովեր:

Մանուկ բույրեր ու աղջըկան պես հովե՜ր`
Որոնց շուրթերն էին փնտռեր` ընդերկար,
Ու գրկանքին խանդաղատ գիրկս էր բացվեր.
Երանությո՜ւն, լույս րոպեին մեջ երկա՜ր…

Եկո՜ւր անցնինք ծառաստանեն այս Լույսին
Ու բացատքեն Գույնին, Ձևին ու Բույրին.
Եկո՜ւր, Հոգի՜ս, եկուր երթա՛նք միասին,
Մինչ եդեմն աստվածաձայն, մինչև Կի՜ն…

Arpine
11.08.2011, 14:15
Ընդհանրապես բոլոր ստեղծագործությունների մեջ, ինձ համար,« Արևին»-ը մի այլ կողմում է, էնքան կյանք ու ապրելու ձգտում կա նրա մեջ:love. շատ եմ սիրում

Vardik!
06.01.2014, 20:32
Վերադարձի երգ

Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուԺեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜յ երբ իջնէ գիշեր։

Կը հիւծին ցոլքերն յոյսին հեռաւոր,
Խարոյկի մը պէս՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը յուզէ զիս տեսիլք մ'աղուոր՝
Զոր ինձ կը բերեն անցեալին յուշեր։

Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուԺեր
Կը բերէ յանկարծ հոգւոյս սիրավէր.
Կեանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր։

Փուշեր նետուեցան օրէ օր վէրքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր.
Բայց սիրոյ յոյս մը կ'արեւէ հոգիս։

Vardik!
06.01.2014, 20:38
Ճերմակ վարդեր

Ըսպիտա՜կ վարդեր, ըսպիտա՜կ վարդեր,
Զոր հովն անտեսեց այս ճամբուն վըրայ,
Շամբուշ հովն աշնան՝ որ կը դըղրդէր
Մոլեգին ՝ հողին ընդերքն համօրէն.

Ճերմա՜կ գաղափար, ճերմա՜կ գաղափար,
Աշնան մոլուցքէն դողահար հիմակ,
Համբո՜յր շուշանի, դիւթանք ձիւնեղէն,
Փերթ փերթ լուսինկայ, ապրշում համակ,

Բե՜ր ինծի իղձիդ կաթը խանդաղատ։
Մենաւո՜ր վարդեր, որ մելամաղձիկ
Մառախուղներուն մէջ դեռ կը Ժպտիք,
Ապրեցէ՜ք հոգւոյս մէջ յաւերԺօրէն։

Chilly
08.05.2014, 10:40
մի քիչ լսենք :)

https://www.youtube.com/watch?v=qUcpEUysM_I

տեսիլք
10.05.2014, 08:15
Էս ֆիլմը վերջերս էր աչքովս ընկել, ահագին հետաքրքիր էր հանված։

https://www.youtube.com/watch?v=KD24GICXNGY

Chilly
23.06.2014, 17:57
Էս էլ Վահագ Ռաշի երգերից, Մեծարենցյան բառերով.


https://www.youtube.com/watch?v=A5BZDpo49x8