PDA

Դիտել ողջ տարբերակը : Alize_etoilik կամ սրտով ապրող աստղիկը



Ուլուանա
05.11.2007, 06:05
Alize_etoilik. սրտով ապրող աստղիկը


«Իրականությունը սրտով տեսնելու ամենակարևոր հատկանիշը մարդիկ չեն նկատում...»։


Ուլուանա
Քանի որ Ակումբի ամենաակնառու և սիրված ստեղծագործողներից ես, թերևս սկսենք հենց ստեղծագործական ոլորտին առնչվող հարցերից: :)

Alize_etoilik
Սկսենք: :)

Ուլուանա
Ե՞րբ ես սկսել ստեղծագործել, և ո՞րն է եղել առաջին ստեղծագործությունդ:

Alize_etoilik
Վեց տարեկանում, երբ դեռ չէի գրում: Կոչվում էր «Սիրելի գարուն»: Մինչև հիմա անգիր հիշում եմ: Նաև պարզ հիշում եմ, որ երբ գրեցի, պապային ասեցի. «Հա՛յր, ես որոշել եմ գրող դառնալ»:

Ուլուանա
Հետաքրքիր է, փաստորեն, դեռ մանկուց արդեն գիտեիր անելիքդ: :)
Իսկ հիմա գրելը քեզ համար հոբբի՞ է, թե՞ կոչում կամ առաքելություն:

Alize_etoilik
Կարող եմ հաստատ ասել, որ գրելն ինձ համար երբեք հոբբի չի եղել: Կոչում է, թե ոչ` որոշել չեմ կարող: Առաքելությու՞ն... գոնե ինձ համար` այո :) Իսկ ավելի կոնկրետ` բնական պահանջ :D

Ուլուանա
Քեզ ավելի շատ արձակի՞ մեջ ես ազատ զգում, թե՞ չափածոյի: Ո՞րն է ավելի քոնը:

Alize_etoilik
Պահը գիտի... բայց քանի որ ինքս արձակ ավելի շատ եմ սիրում կարդալ, երևի արձակի: Չափածոյում հանգերի սիրահար եմ ուղղակի, իսկ դա այնքան էլ հեշտ չէ:

Ուլուանա
Ստեղծագործություններիցդ ո՞րն է քեզ ամենահոգեհարազատը:

Alize_etoilik
«Տե՛ս, որ լռում եմ» բանաստեղծությունը:

Ուլուանա
Քո կերպարները հիմնականում հորինովի՞ են, թե՞ իրական կյանքից են վերցված:

Alize_etoilik
Հորինովի են. մի երկուսն են իրականից վերցված...բայց դե իմ կերպարներին հնարավոր է իրականում էլ հանդիպել... կյանք ա, էլի:

Ուլուանա
Իսկ ինքնակենսագրական տարրերը շա՞տ են:

Alize_etoilik
Չափածոյում շատ են, արձակում` քիչ: Հերոսներիս խառնվածքի շատ ու շատ գծեր հենց իմն են: «Մարդու տառապանքը» պատմվածքի աղջկա կերպարն ինձ նման է, քանի որ իմ բնավորության գծերից նրա մեջ դրել եմ։

Ուլուանա
Մարդկանց ստեղծագործելու դրդապատճառներն ու նպատակները տարբեր են լինում: Օրինակ, դու ինչու՞ ես ստեղծագործում:

Alize_etoilik
Զգում եմ կյանքը, կյանքի հերոսներին, հաճախ չեմ գտնում մարդկանց, ում հետ կարելի է ոչ թե բամբասել, այլ մտածել նրանց մասին ու սկում եմ մտածել իմ ստեղծագործություններում: Օրինակ, իմ դրդապատճառը չի կարող լինել հիմա տխրությունը: Հնարավոր է ստեղծագործելիս սկսեմ տխրել` սյուժեի հետ :D Հետո հասկացել եմ, որ (թող անհամեստ լինի) կյանքը ճիշտ եմ զգում ու որ ունեմ ասելիք, որի միջոցով կարող եմ օգնել ընթերցողին :)

Ուլուանա
Պատահե՞լ է, որ ինչ-որ ստեղծագործությամբ դիմես կոնկրետ մեկին:

Alize_etoilik
Իհարկե... :)

Ուլուանա
Իսկ ուղերձդ նրան հասե՞լ է:

Alize_etoilik
Չգիտեմ` կարդալիս մտածել է, թե ոչ, որ իր մասին է... Կարծում եմ` հոգուն հասել է... Բայց կա մի կարևոր ստեղծագործություն, որը չի հասել այդ կոնկրետ մեկին, և հույս ունեմ, որ չի հասնի:

Ուլուանա
Ինչու՞:

Alize_etoilik
Շատ կտանջվի, եթե հասնի:

Ուլուանա
Ովքե՞ր են քո սիրած գրողները: Եթե հնարավոր է, նշիր և՛ արձակագրի, և՛ բանաստեղծի անուններ:

Alize_etoilik
Էքզյուպերի, Դոստոևսկի, Տագոր... Բանաստեղծ... կոնկրետ չկա, բայց Թումանյանը իմ սիրած պապիկն ա :D Հետս զրուցող, ինձ կյանք սովորեցնող Ամենայն հայոց իմ պապիկ :)

Ուլուանա
:) Ուրեմն կարելի՞ է եզրակացնել, որ Թումանյանը քեզ համար ավելին է, քան պարզապես բանաստեղծը:

Alize_etoilik
Հենց այդպես :)

Ուլուանա
Ըստ քեզ, դու՝ որպես ստեղծագործող, որևէ գրողի ազդեցություն կրու՞մ ես:

Alize_etoilik
Ես ինքս ազդեցություն չեմ զգում, քանզի շատ չեմ կարդում, իսկ բանաստեղծություն գրեթե չեմ կարդում: :roll Հույս ունեմ, որ իմ ոճն ունեմ :8

Ուլուանա
Անկասկած, ունես: ;) Մենք` քո ընթերցողները, կարող ենք դա հաստատել: :)
Լսել եմ, որ շատ շուտով լույս է տեսնելու քո առաջին գիրքը: Ինչպիսի՞ ստեղծագործություններ են դրանում ընդգրկված և ի՞նչ սկզբունքով են դրանք ընտրված:

Alize_etoilik
«Սիրահարված» բանաստեղծությունները քիչ են: Հիմնականում ես եմ ընտրել: Աշխատել եմ թողնել ոչ միայն իմ հոգին վերլուծող, այլև ընթերցողի հոգին քրքրող բանաստեղծությունները:
Իսկ արձակները քիչ են, հիմնականում կարդացել եք: Հիմա շատ արձակներ ունեմ, որոնք իբրև թե ավարտված են, բայց ես դրանք ուզում եմ շարունակված տեսնել: Ահա թե ինչու «կիսատ նորությունները» հանված են:
Ընտրելու սկզբունքը նաև ընթերցողներիցս ստացած քննադատությունների ու գովաբանությունների ստատիստիկան է: :)

Ուլուանա
Կարծում ես` ստեղծագործողը պե՞տք է հաշվի առնի, թե իրենից ինչ է ակնկալում հասարակությունը, ընթերցողը:

Alize_etoilik
Պետք է առաջինը հաշվի առնի, թե ինչ է ակնկալում ինքն իրենից, նոր մտածի հասարակության սպասելիքների մասին: Ստեղծագործողը էլ չի լինի, եթե հասարակությունը ստիմուլ չտա... Այն ստեղծագործողը, որը գրում է ոչ միայն իր, այլև դիմացինի համար: :)

Ուլուանա
Լավ, վերադառնանք գրքիդ: :) Գրքի վերնագիրը կասե՞ս:

Alize_etoilik
Թույլ տուր չասել, ուզում եմ անակնկալ լինի: :)

Ուլուանա
05.11.2007, 06:16
Ուլուանա
Լավ։ :) Իսկ գիրքը լույս է տեսնելու քո իսկական անուն-ազգանունո՞վ, թե՞ ինչ-որ գրական կեղծանուն ես ընտրել:

Alize_etoilik
Վայ, չեմ էլ մտածել... Լավն էր... Կարծում եմ` անուն-ազգանունը կլինի, բայց իմ ան/կեղծանունը շատ-շատ Ծով լինի :D

Ուլուանա
Իսկ երբևէ մտածե՞լ ես վեպ գրելու մասին:

Alize_etoilik
Հա, 4-րդ դասարանում նույնիսկ սկսել եմ :D, հետո բարեբախտաբար կիսատ եմ թողել: Հիմա էլ եմ մտածում, բայց պատրաստ չեմ դրան :(

Ուլուանա
Ինչու՞:

Alize_etoilik
Նախ ծույլ եմ, հավես չեմ անում, ես երկար ոչինչ չեմ սիրում անել, ձանձրանում եմ: Իմ ստեղծածից ձանձրանալուց վախենում եմ :(, իսկ այն, որ վեպը կարելի է մի քանի տարում գրել, համարձակվում եմ չընդունել, որովհետև ես անհամբեր եմ :D Մի խոսքով` ես իմ ձեռքը կրակն եմ ընկել:

Ուլուանա
Ո՞վ է քո ամենախիստ քննադատը:

Alize_etoilik
Ես ու պապաս:

Ուլուանա
Ստեղծագործություններդ առաջինը նա՞ է կարդում:

Alize_etoilik
Չէ... Ինքը համարյա չի կարդում, բայց որ կարդում է... :D Մաման է առաջինը կարդում, ավելի ճիշտ` լսում:

Ուլուանա
Քո ստեղծագործությունների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք, ըստ քեզ, մինչև հիմա պատշաճ ձևով հասկացված ու մեկնաբանված չեն ընթերցողի կողմից:

Alize_etoilik
Այն ստեղծագործությունները, որոնք ներկայացրել եմ ընթերցողին, հիմնականում ճիշտ հասկացվել ու մեկնաբանվել են... Բայց, օրինակ, «Սա է...» ստեղծագործությունը, կարծում եմ, դեռ իր նպատակին չի հասել... Մի երկու բան էլ կա, որ մարդիկ հասկացել են` ոնց ուզել են: Էդ արդեն իմ գործը չի, քանի որ ես էլ եմ գրածս հասկացել` ոնց ուզել եմ...

Ուլուանա
Ընդհանրապես նկատել եմ, որ միջսեռային սիրո թեմային գրեթե չես անդրադառնում; Հատկապես քո տարիքում մարդիկ հիմնականում սիրո մասին են գրում, իսկ դու, փաստորեն, մի քիչ այլ ճանապարհով ես գնացել: Ինչո՞վ կբացատրես այդ հանգամանքը:

Alize_etoilik
Կարծում եմ` այդ զգացմունքը սկսում են արժեզրկել` նրա մասին շատ խոսելով: Այն երկու սիրող սրտերի սեփականությունն է, որ չի կարելի դարձնել ուրիշինը: Կարելի է վերլուծել իրավիճակները, բայց ոչ մարդկային նվիրական զգացմունքները: Սիրո մասին ինչպես գրել, այնպես էլ կարդալ չեմ սիրում: Սցենարով սերը չեմ սիրում: Իմ ստեղծագործություններում էլ, ինչպես նկատել ես, մեկ-մեկ մակերեսորեն անդրադառնում եմ, բայց չեմ խորանում, որովհետև կարծում եմ` իրավունք չունեմ:
Բայց չեմ բացառում, որ կգրեմ, որովհետև գրել եմ...:D

Ուլուանա
Ստեղծագործական ճանապարհին հիասթափության ու հուսահատության պահեր ունենու՞մ ես:

Alize_etoilik
Հուսահատությունս հիմնականում լինում է այն ժամանակ, երբ կորցնում եմ ներշնչանքս` ինքս էլ չգիտեմ` որտեղից եկած/ երևի «գրողի ծոցից» :D/: Երբեմն էլ միտքս խեղդում է, ստիպում է գրել, ձեռքերիս համոզել չեմ կարողանում: Ինձ չեն ենթարկվում, կոտրում են ինձ, ներսումս եղածը դուրս հանել չեն թողնում:

Ուլուանա
Ստեղծագործություններիդ վերաբերյալ ստացածդ ամենախիստ դիտողությունը ո՞րն է եղել, և ո՞ր ստեղծագործությունդ է ամենաշատը քննադատվել:

Alize_etoilik
Ցավոք սրտի, ինձ շատ չեն քննադատում: Մեկ-երկու հոգի կարող է ինչ-որ քննադատական կցկտուր խոսքեր ասած լինեն, բայց չեմ կարողանում մտաբերել...
Միայն հիշում եմ, որ Բարեկամը մի անգամ գրել էր, որ իմ բանաստեղծությունները ոչինչ չեն ասում :) Նրա խոսքերը մեջբերեմ, որ հանկարծ սխալ ասած չլինեմ. «Ճիշտն ասած` քո բանաստեղծությունները թույլ են, նրանք ոչինչ չեն արտահայտում, բացի մի տեսակ շինծու մելոդիկ լեզվախաղից, ու բոլորը նույն ոճով:»

Ուլուանա
Իսկ դա քեզ վրա ինչպե՞ս էր ազդել:

Alize_etoilik
Բարեկամին շատ եմ սիրում` որպես խելացի, հետաքրքիր անդամ և անհատականություն, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, ազդել էր զուտ այն բանի համար, որ կարծում եմ` չկա այնպիսի միտք, որ ոչինչ չի ասում:

Ուլուանա
Մի անգամ մեկից այն կարծիքն եմ լսել, որ քո ստեղծագործություններում հույզերն ու զգացմունքները չափից դուրս շատ են: Ի՞նչ կասես սրա մասին:

Alize_etoilik
Կասեմ, որ իմ ստեղծագործություններում խուսափում եմ զգացմունքների խտացումից, բայց հույզերից` ոչ: Դրանք շատ են թվում :), գուցե, բայց ոչ ինձ, քանզի կարող էին լինել չափից դուրս շատ :D Ուղղակի իմ ստեղծագործություններում ոչինչ չափ չունի, որովհետև ես ի սկզբանե չափ չեմ որոշում:

Ուլուանա
Դու Ակումբում ոտք դնելուդ հենց առաջին պահից գրավեցիր ակումբցիների ուշադրությունն ու համակրանքը քո «Կարմրիկը» հիասքանչ պատմվածքով: Իսկապես բոլորս զարմացած ու հիացած էինք: :) Հիշում եմ, որ պատմվածքում հույզերի ու ապրումների նկարագրություններն այնքան իրական ու այնքան համոզիչ էին, որ բոլորս համոզված էինք, որ պատմվածքն ինքնակենսագրական է, սակայն դու շուտով հերքեցիր այդ հետաքրքիր, բայց և բավական ցավալի տեսակետը: Այնուամենայնիվ, ինձ շարունակում է հետաքրքրել (համոզված եմ, որ ոչ միայն ինձ ;)), թե ինչն է հիմք ծառայել այդպիսի սյուժեով պատմվածք գրելու համար: Դժվար է պատկերացնել, որ պարզապես որոշել ես, նստել ու գրել: Նման ստեղծագործությունները սովորաբար ինչ-որ լուրջ դեպքի, խոր ապրումի ազդեցությամբ են գրվում:

Alize_etoilik
Անու՛կ, չես հավատա, բայց դա այն եզակի ստեղծագործություններից է, որ այդպես էլ չհասկացա, թե հենց ինչը... Ես դա մի երեք օրում եմ գրել. երեք շնչով: Մեկ ամիս (հիշում եմ` հիմնականում հատակին պառկած) մտքումս կառուցում էի սյուժեն: Միակ հիմքը իմ փափուկ կարմիր շորերով, կարմիր կոշիկներվ ու գլխարկով տիկնիկն է, որին շատ եմ սիրում ու վաղուց որոշել էի, որ մի անգամ տիկնիկիս մասին գրելու եմ: Գրելուց հետո պարզվեց, որ իմ տիկնիկի մասին չեմ գրել: Հաճախ են հարցնում` ո՞նց ծնվեց էդ ստեղծագործությունը, ինչի՞ց... Ես հիմա ասում եմ` հենց այնպես, վերևից...
Իմ ազդեցությունները հիմնականում ես եմ ստեղծում, փաստորեն :D
Սյուժեն ծնվում է`որպես ելակետ ունենալով որևէ կենտրոնական միտք, որ պետք է հերոսների միջոցով հասնի ընթերցողին: Կարմրիկինը հետևյալն է. մենք հաճախ ենք կորցնում այս կյանքում, բայց ամենակարևորը կարող ենք ստեղծել մեր ձեռքով այն հումքից, որ մեր ափերում ենք պահում: Ամեն դեպքում, հիմա հիշում եմ, որ այս միտքը շատ ավելի վաղուց էր եղել, քան այն օրը, երբ նստեցի, որ գրեմ «Կարմրիկը»:


Ուլուանա
Լավ, քանի որ արդեն կարծես թե ոտք դրեցինք Ակումբ, սկսենք ամենասկզբից. ինչու՞ հենց Alize_etoilik: Գիտեմ, որ շատերին է հետաքրքրում, թե ինչ է նշանակում մականունդ:

Alize_etoilik
Դե, Alizee' անունով ֆրանսուհի երգչուհուն շատ էի սիրում մի ժամանակ: Հետո նրա արվեստի հանդեպ սերս խամրեց, բայց շարունակեցի անունը սիրել: Etoile ֆրանսերենում նշանակում է աստղ, ik-ը իմ կողմից է` որպես աստղիկ:
Հ.Գ. Հիմա հաճախ կատակում եմ՝ ասելով, որ Ալիզեն աղջկաս անունն ա, որը կլինի իմ կյանքի ամենավառ աստղիկը :D

Ուլուանա
:D Լավ էլ բացատրություն ես գտել: ;)
Դու Ակումբի անվերջ հեռացող ու վերադարձող անդամներից ես, ինչպես ասում են` ջրի պես գնում ես, ավազի պես մնում: :) Հարց է առաջանում. ինչու՞ ես հեռանում և ինչու՞ ես վերադառնում:

Alize_etoilik
Գնում եմ, երբ չեմ զգում ինձ, ինչպես ձուկը ջրում: Մնում եմ, երբ իմ ու ուրիշների ցանած ավազն եմ պեղում...

Ուլուանա
Դու քո գրառումներում մի քանի անգամ արտահայտել ես այն միտքը, որ Ակումբը քեզ և՛ դրական լիցքեր է տալիս, և՛ բացասական: Փակագծերը կբացե՞ս:

Alize_etoilik
Դե, կարծում եմ` այնտեղ, որտեղ կա մարդկային շունչ, չի կարող չլինել դրական ու բացասական լիցք: Առավելևս որտեղ դրականը, այնտեղ ինչ-որ տեղ բացասականը...

Ուլուանա
Ուրիշների ստեղծագործությունների մասին կարծիք հայտնելու դեպքում դու, որպես կանոն, դրականորեն ես արտահայտվում, քննադատության դեպքեր, համենայնդեպս, ես չեմ հիշում: Քեզ նման ստեղծագործողի կողմից նման վերաբերմունքը շատերի համար անհասկանալի է: Ինչու՞ ես խուսափում քննադատելուց:

Alize_etoilik
Հա, կամ արտահայտում եմ դրականը, կամ լռում եմ բացասականի դեպքում: Բայց էդքան էլ էդպես չի. ըստ իս բավականին նրբանկատ ձևով մեկ-մեկ քննադատել էլ եմ: ;) Որոշ դեպքերում էլ, երբ լռում եմ, ուղղակի զգում եմ, որ տվյալ անդամը բնավ պատրաստ չէ քննադատության և համոզված է, որ հենց իրեն պիտի անպայման գովեն... մտածում եմ չկոտրել նրան: Լավագույն քննադատությունը անտարբերությունն է...

Ուլուանա
Բայց չէ՞ որ լռությունը, որը տվյալ դեպքում անտարբերության նշան է ու այդպիսով՝ քննադատություն, կարող է և այլ կերպ մեկնաբանվել. գուցե պարզապես չես կարդացել, դրա համար ես լռում։ Բացի դրանից, առողջ քննադատությունը, վերջիվերջո, կարող է շատ օգտակար լինել տվյալ մարդու հետագա ստեղծագործությունների համար։

Alize_etoilik
Պատահում է`լռում եմ արդեն կարդալուց հետո: Պատահում է` լռում եմ` այդպես էլ չկարդալով: իսկ առողջ քննադատությանը դեմ չեմ բացարձակ: Դեմ եմ քննադատել այն մարդկանց, ովքեր դեռևս առողջություն չունեն լսելու... Վախենում եմ կոտրել, եթե սխալ հասկանան: Ես լավ գիտեմ` ինչ է ստեղծագործեղի համար կոտրվելը...

Ուլուանա
Իսկ եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ կասկածել ես ստեղծագործությանդ վերաբերյալ որևէ մեկի արտահայտած դրական կարծիքի անկեղծությանը:

Alize_etoilik
Այո, երբ այդ դրականի մեջ ակնհայտորեն սարսափելի նրբանկատ ձևով բացասականն է խցկվել և արտահայտվողը հակասել է ինքն իրեն։

Ուլուանա
Ակումբում այդպիսի դեպքեր եղե՞լ են։

Alize_etoilik
Այո... Անուններ չեմ տալու:

Ուլուանա
05.11.2007, 06:22
Ուլուանա
Ակումբում բոլորն արդեն գիտեն քո կարգախոսը՝ ժպտա՛: Կարելի է ասել՝ բոլորին պատգամում ես ժպտալ: Իսկ երբ ինքդ վշտացած ես, ի՞նչը կարող է տրամադրությունդ բարձրացնել:

Alize_etoilik
Թեթև մի բան նույնիսկ... ժամանակը գիտի...երաժշտությունը, լիմոնը, նկարներ նայելը, հայելու մեջ նայելը… եսիմ։

Ուլուանա
Հաճա՞խ ես սիրահարվում:

Alize_etoilik
Չէ:

Ուլուանա
Իսկ հիմա սիրահարվա՞ծ ես։

Alize_etoilik
Էլ չէ...

Ուլուանա
Ի՞նչը կարող է քեզ խորապես վիրավորել:

Alize_etoilik
Թիկունքից խրված հարվածը, ինչն ինձ մոտ հաճախ ասոցիացվում է կեղծիքի ու նախանձի հետ...

Ուլուանա
Քո ո՞ր գիծն ես ամենաշատը գնահատում:

Alize_etoilik
Կներես... բարությունը: :)

Ուլուանա
Իսկ ո՞ր հատկանիշիդ պատճառով ես կյանքում ամենաշատը տուժում:

Alize_etoilik
Բարության: Այն միշտ էլ շահագործվում է: Իսկ երբ ես զգում եմ, որ շահագործվում է, կորցնում եմ մարդկանց: Յուրաքանչյուր կորուստ դառնահամ է թողնում...

Ուլուանա
Քեզ ճանաչելը հե՞շտ է:

Alize_etoilik
Ես այն եմ, ինչ կամ, բայց ինձ ճանաչելը իմ աշխարհում սուզվելն է: Շատ բարդ մի աշխարհ ա, որից ես էլ գլուխ չեմ հանում :D... Ինձ անընդհատ բացահայտում են, ինչը շատ հեշտ է. սկսվում է բարևից...

Ուլուանա
Բնութագրիր քեզ երեք բառով:

Alize_etoilik
Մի բան կարող եմ ասել, ոչ երեք բառ.. կյանքի ֆանատ:

Ուլուանա
Ո՞րն է երբևէ գործածդ ամենազզվելի արարքը:

Alize_etoilik
Փոքր ժամանակ ինչ անում էի, ախպերս իր վրա էր «մեղքս» վերցնում, իսկ ես լռում էի... Մեկ էլ զզվելի ա անընդհատ ուշանալս: Էլի մի բան, որ հիմա գուցե չեմ հիշում... Միայն մանկությունից են մտքեր գալիս:

Ուլուանա
Ըստ քեզ, քո ո՞ր հատկանիշը մարդիկ սովորաբար չեն նկատում, որ կուզենայիր նկատեին:

Alize_etoilik
Իրականությունը սրտով տեսնելու ամենակարևոր հատկանիշը մարդիկ չեն նկատում...

Ուլուանա
Վերջին անգամ ու՞մ ես ներել և, եթե գաղտնիք չէ, ինչի՞ համար:

Alize_etoilik
Մի երկու տարի առաջ մի ընկերուհի ունեի, որը, ինչպես հետո պարզվեց, սարքովի տիկնիկ էր, այսինքն՝ հորինել ու ստել շատ էր սիրում: Երբ նրա դեմքը բացահայտվեց, ես շատ ծանր տարա, քանզի արդեն սիրելի էր այդ մեղմ ու բարի, սպիտակ դեմքը: Բաժանվեցինք: Ներեցի շատ ժամանակ անց, երբ կարոտեցի...

Ուլուանա
Քո կյանքում հրաշքներ եղե՞լ են:

Alize_etoilik
Հա, նույնիսկ շատ վաղուց, երբ դեռ չէի ծնվել: Առաջին հրաշքները ծնողներս են, երկրորդը` եղբայրս, երրորդը`ես... չորրորդը՝ նոր կյանքը, որ ինձ համար ոչինչ կլիներ, եթե նրանք չլինեին: Իրենք ուրիշ կյանք են ինձ համար... Ինքնահակասում ընդունվու՞մ է. նրանք ավելին են երևի, քան հրաշքը... Իսկ ես չգիտեմ` ինչ է հրաշքը...

Ուլուանա
Մասնագիտությունդ կասե՞ս։

Alize_etoilik
Դե, չի կարելի համարել մասնագիտություն... Ես կասեի՝ այդ «կոչմանը» հասնելու երկարատև աշխատատար ընթացք. արվեստաբանություն :)

Ուլուանա
Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ մասնագիտությունն ընտրեցիր:

Alize_etoilik
Օ, լավ հարց է: Ի սկզբանե այդ մասնագիտության մասին չէի էլ մտածել: Ուզում էի իրավաբան դառնալ. էդ դռնից ներս մտա, բայց դուրս եկա :D, հետո`արևելագետ, ի վերջո, կանգ առա արվեստաբանության վրա, քանի որ ինձ «սազում ա» :D

Ուլուանա
Ես էլ եմ այդպես կարծում, :) թեև մեր իրականության մեջ շատ չեն այնպիսի գրողները, որոնց մասնագիտությունը այս կամ այլ կերպ առնչվում է արվեստի հետ։ Իսկ, հետաքրքիր է, մասնագիտությունդ որևէ կերպ օգնու՞մ է գրելուն։

Alize_etoilik
Չէ... մասնագիտական դասերն են միայն, որ օգնում են ստիպել ինձ լեկցիա գրել :D

Ուլուանա
Լավ, այդ դեպքում մասնագիտությունդ քեզ ի՞նչ է տալիս։

Alize_etoilik
Ա՛ն, եսիմ, դե արվեստի հոտառություն երևի: Ինչ խոսք, իմ մասնագիտությանը հմտորեն տիրապետելու համար պիտի մեծապես զբաղվեմ ինքնակրթությամբ ու որքան հնարավոր է շուտ մեկնեմ արտերկիր, քանի որ արվեստի «դպրոց»՝ որպես այդպիսին, Հայաստանում, կարելի է ասել, չի գործում, իսկ մշակութային արժեքների պահպանմամբ ոչ ոք չի զբաղվում, որ ուսումնասիրել կարողանանք: Դեռևս իմ մասնագիտությունը հաջողացրել է իմ մեջ ծնել սեր պատկերագրության նկատմամբ... մտադիր եմ խորանալ... Իսկ մանր-մունր գիտելիքների մասին էլ չխոսեմ...
Մի խոսքով՝ հոտառություն։

Ուլուանա
Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ :)

Alize_etoilik
Շնորհակալ եմ քեզ հետաքրքիր հարցերի համար: Կյանքիս ամենաերկարաձիգ օրերն էին :D: Հավես էր, իրոք, հաճելի էր :kiss

Philosopher
05.11.2007, 10:40
Փայլուն էր, ժողովուրդ: Հասուն զրույց էր, հասուն հոգիների խաղաղ երկխոսություն, երկուսդ էլ մոտենում էիք վիրտուոզության` Անուկը հարցեր տալու, բայց հարցով չխեղդելու ունակությամբ, Ծովինարը` իր ալիզեությամբ, էն ալիզեությամբ, որ գերում է անկեղծության պայթունավտանգ չափերով, սիրո ու խաղաղության իր ջերմությամբ: Մնացածը ասել եմ ու դեռ կասեմ;) Փայլուն էր: Ես ձեզ սիրում եմ:love

Երվանդ
05.11.2007, 10:43
:love լավն եք երկուսով:love:)

Cassiopeia
05.11.2007, 11:01
Ծով ջան, քեզ շաաատ եմ սիրում, ու այդ սերը մեկնաբանություն չունի, քանի որ հենց հասկանամ սիրո դրդապատճառը, ուղղակի թե ես թե դու կդառնանք խամաճիկներ կյանքի ձեռքերում:love

քաղաքացի
05.11.2007, 12:37
Լավն էր :love
Բացի Alizée ու étoile բառերից, մնացած բոլորը նորություններ էին ինձ համար :oy
Շատ լավն էր:

Հ.Գ. Անկեղծ ասեմ, արանքներում որոշ տեղեր կային, որ ձանձրացնում էին, այդ պատճառով անցնում էի հաջորդ հարցին :pardon

Selene
05.11.2007, 13:29
Հիանալի հարցազրույց էր, շնորհակալություն Ուլուանային և Alize_etoilik-ին:)
Ծով, :love:kiss
Ես երբեք էլ չեմ հավատացել, որ աստղերը մեզանից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են...

Սամվել
05.11.2007, 15:34
Ուլուանա
Քո կյանքում հրաշքներ եղե՞լ են:

Alize_etoilik
Հա, նույնիսկ շատ վաղուց, երբ դեռ չէի ծնվել: Առաջին հրաշքները ծնողներս են, երկրորդը` եղբայրս, երրորդը`ես... չորրորդը՝ նոր կյանքը, որ ինձ համար ոչինչ կլիներ, եթե նրանք չլինեին: Իրենք ուրիշ կյանք են ինձ համար... Ինքնահակասում ընդունվու՞մ է. նրանք ավելին են երևի, քան հրաշքը... Իսկ ես չգիտեմ` ինչ է հրաշքը...


Այ էս պահը շատ դուրս եկավ :) ՀԻանալի միտք էր...Գողացա :P

Ապրեք շատ լավն էր :)

Մանոն
05.11.2007, 16:54
Հրաշալի հարցազրույց էր: Ապրես Անահիտ ջան…:kiss Դու էլ Կեցցես Ծովինար ջան` միայն քեզ հատուկ շիտակությամբ, բարությամբ ու պարզությամբ լի պատասխանների համար: Թափանցիկ մի հարցազրույց էր, որտեղ ոչինչ չափազանցած չէր, փոխած, կամ գեղարվեստականացված: Կասկած անգամ չունեմ, որ իմ սիրելի Alize-իկը, որին միրտ նմանացրել եմ «Ալիսը հրաշքների երկրից» հեքիաթի հերոսուհուն, երբեք չի փոխվի ու միշտ կմնա նույն բարի, քնքուշ, նրբանկատ ու տաղանդավոր աղջնակը::love:)

Guest
05.11.2007, 17:06
Քանի որ Ակումբի ամենաակնառու և սիրված ստեղծագործողներից ես, թերևս սկսենք հենց ստեղծագործական ոլորտին առնչվող հարցերից:

Իհարկե լավ չի, որ հիմնականում սահմանափակվեցիք սկսախով քանի որ ստեղծագործող Ալիզեն դա ընդամենը Ալիզեի մեծ հոգու ու սրտի մի մասն է…
Ընդանուր առմամբ հարցազրուըցը լավերից եր:)
Մեկ էլ լավ խոսքեր տեսա ընդացքում:oy Էլ չէ...

Ծով
05.11.2007, 18:07
:D...լավն էր, ինձ էլ դուր եկավ:
...
Մերսի Ջերմ խոսքերի համար:oy

Dayana
05.11.2007, 18:39
Շատ լավ զրույց էր , չեմ ուզում անվանել հարցազրույց :) Uluana-ն իր խորաթափանց հարցերով ու Alize -ն իր լուրջ և միաժամանակ շատ տեղին շրռջանցող պատասխաններով :) Հարգելի Alize ուզում եմ մաղթեմ , որ սիրահարվես , և դեռ ավելին սիրես ։ Համոզված եմ , որ այդ դեպքում մուսա կոչվածն ավելի հաճախ կգա ու դրանից կշահի ամումբն ու ամունբցիները ;)

StrangeLittleGirl
05.11.2007, 22:02
Շատ լավն էր, բայց այստեղից, երբ սկսվեցին «հարցաթերթիկային» հարցերը, ողջ պատկերը կոտրվեց :(


Ուլուանա
Հաճա՞խ ես սիրահարվում:

Alize_etoilik
Չէ:



Ավելացվել է 1 րոպե անց
Հ.Գ. Ծո՛վ :love … դե դու գիտես արդեն ;)

Vive L'Armenie
05.11.2007, 22:06
Շա՜տ հետաքրքրությամբ էի կարդում :aha :roll, Ծով ջա՜ն Դու հրա՜շք ես :kiss

Goga
06.11.2007, 00:08
Անահիտ ջան, Ծով ջան իրոք շատ լավն էր հարցազրույցը, ապրեք:kiss:kiss
Ծով ջան իրոք հրաշքը հենց դու ես:ok:love

Universe
06.11.2007, 00:17
Ծովինար ջան, միշտ այդպես ծով խելք ունենաս:))
Լավն էր, հետաքրքիր էր, բայց մինչեւ հարցազրույցի ընթերցմանն անցնելը չէի պատկերացնում, որ այն ամբողջովին ստեղծագործական բնույթ կկրի իր մեջ...

Ի՛ դեպ, ճիշտ կլինի, որ սա քո ստորագրությունը դարձնես Ծովինար ջան:))

Դե, Alizee' անունով ֆրանսուհի երգչուհուն շատ էի սիրում մի ժամանակ: Հետո նրա արվեստի հանդեպ սերս խամրեց, բայց շարունակեցի անունը սիրել: Etoile ֆրանսերենում նշանակում է աստղ, ik-ը իմ կողմից է` որպես աստղիկ:
Հ.Գ. Հիմա հաճախ կատակում եմ՝ ասելով, որ Ալիզեն աղջկաս անունն ա, որը կլինի իմ կյանքի ամենավառ աստղիկը

Enipra
13.12.2007, 03:54
Չգիտեմ՝ ոնց էր ստացվել, վայց էս հարցազրույցը չէի նկատել ու մենակ այն կարդալու համար արժեր այսքան արթուն մնալ։ :)
Հիացած եմ, երկուսիդ էլ շնորհակալ եմ։ :clap

Modigliani
13.12.2007, 23:52
շատ լավ հարցազրույց էր ու իսկականից հաճելի ա իմանալը որ դեռ շատ լավ մարդիկ գոյություն ունեն ու մեր կողքին են, փառք աստծո...

Ալիզիկ ջան, ցավդ տանեմ, մեծագույն հարգանքներս ;)

Tig
14.12.2007, 17:43
Ինձ էլ շատ դուր եկավ:)
Մերսիներ…