PDA

Դիտել ողջ տարբերակը : Տրորված մտքեր



StrangeLittleGirl
28.10.2007, 21:58
Իմ գնացած առաջին ռոք համերգը 1998 թվին էր, երբ ես դեռ 11 տարեկան էի: Իմ տեսած առաջին հայկական ռոք խմբերը «Ոստան հայոցը», «Էլիպսը», «Բամբիրը» ու էլի մի քանիսն էին: Տոմսերը Լիլին էր տվել՝ այն նույն աղջիկը, որի հետ կկամենայի ավելի մտերիմ լինել, որովհետև ինչ-որ հարազատություն էի զգում: Այն նույն Լիլին էր, որին երկու տարի անց երկրորդ անգամ տեսա, սակայն եթե մեզ իրար չներկայացնեին, հաստատ չէի ճանաչի: Ու տարիներ անց պետք է նիհարեր, ամուսնանար մի արաբի հետ, կոկա-կոլա չխմեր, որովհետև ամուսինը հավատացած էր, որ մեջը խոզի ոսկրի փշրանքներ կային: Դա հենց նույն մարդն էր, որի նկատմամբ ինչ-որ տարօրինակ հոգեկան կապ էի զգում. մոռանում էի նրան օրերով ու ամիսներով, բայց հենց հիշում էի, հայտնվում էր փողոցում պատահական հանդիպման կամ հեռախոսազանգի տեսքով: Վաղուց է, ինչ նրանից լուր չունեմ, բայց գիտեմ, որ շուտով նորից ենք հանդիպելու, որովհետև հենց հիմա նրա մասին եմ գրում:
Մի խոսքով, Լիլին ինձ առաջին անգամ հայկական ռոք համերգի ուղարկեց, որը տեղի ունեցավ 1998թ. հուլիսի 15-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում:

Չեմ սիրում կիրակին, որովհետև ամբողջ շաբաթվա կուտակածը պետք է կատարեմ, իսկ ես քնել եմ ուզում:
Եվ այս անգամ անելիքներս այնքան շատ էին, որ չնայած շուտ արթնացա, բայց եկեղեցի չգնացի: Անգամ տատիկիս չայցելեցի: Չթվարկեմ բոլոր անհամար գործերս, որոնք այդպես էլ անավարտ մնացին, որովհետև նախընտրեցի երկու ժամ քնել, իսկ երեկոյան ռոք համերգ գնալ:
Համերգին ինձ ընկերակցողների ցուցակ էի կազմում մտքիս մեջ, որ հերթով բոլորին զանգեմ, բոլորը հրաժարվեն, և ես նորից մենակ գնամ: Այս անգամ առաջին տեղում Ամն էր՝ կորած, մոռացված ընկերուհիս, որին վերջին անգամ չեմ հիշում, թե երբ եմ տեսել: Որքան մեծ եղավ զարմանքս, երբ նա չհրաժարվեց: Բայց Ամին լավ գիտեի. նա մի բան խոստանում էր, հետո չէր անում: Ավելի մեծ եղավ զարմանքս, երբ նա եկավ: Ես զարմացա նրան տեսնելով:
- Ծիտ ես դարձել,- ասացի:
- Հա՛, մեկ-մեկ շպարվում եմ:
Ու՜ր էին այն ժամանակները, երբ երկուսով ծաղրում էինք Բրյուսովում սովորող աղջիկներին: Ուշացած «բրյուսովկա» էր դարձել, իր բուհին տալիս էր այն, ինչը չէր տվել ուսումնառության տարիներին:
- Այսօր այդ մեկ-մեկների՞ց է:
- Հա՛, նայեցի հայելու մեջ, տեսա, որ տգեղ եմ, շպարվեցի…
- …որ ավելի տգեղանաս…
- Զզվանք, որ չծաղրես, չի լինի:
- Իսկ բարձրակրունկներով ո՞նց ես քայլելու:
- Շատ եմ ծտացել, չէ՞,- տխուր ասաց նա:
Մենք վաղուց չէինք տեսել իրար, իսկ նման դեպքերում ասելիքն այնքան շատ է լինում կամ այնքան օտարացած ես լինում, որ չգիտես՝ ինչ խոսես: Բայց Ամը կարողացավ տեղեկանալ դեսից-դենից. կարծես շատ բան չէր փոխվել վերջին երկու-երեք տարվա ընթացքում: Ու հետո հանկարծ ասաց.
- Գալի՞ս ես՝ հեռանանք Հայաստանից:
- Վա՜յ, չես պատկերացնի՝ ո՜նց եմ ուզում: Ընկերներս ասում են, որ դա թուլություն է, դա նշանակում է հանձնվել, բայց նրանք չեն եղել Եվրոպայում, չգիտեն, թե կյանքն ինչպիսին է այնտեղ:
- Գիտե՞ս՝ սա մեր երկիրը չէ, սա մեր տեղը չենք: Մենք ասես հասարակությունից դուրս լինենք: Բայց չէ՞ որ հայ լինելուց առաջ մարդ ենք, ուզում ենք մեր ուզած կյանքով ապրենք… Արի՛ պայմանավորվենք, մյուս տարի մեկնենք… Չէ՛, շուտ եղավ: Մյուս ամառ երևի հասցնենք:
Ես պատրաստ էի հեռանալ իմ քաղաքից, իմ տնից… ԸՆԴՄԻՇՏ: Առաջներում երբ նման հարց էր ծագում, ես միանշանակ ասում էի, որ չեմ կարող առանց ընկերներիս ապրել. կորցնելու շատ բան ունեի: Հիմա, երբ նայում եմ ներկայիս, զգում եմ, որ ոչինչ չկա: Հա՛, մտերիմներս, սիրելիներս շատ են, բայց ինձ համար դժվար չէ նրանցից հրաժարվելն ու լրիվ նոր կյանք սկսելը: Ես իսկապես ուզում էի խաչ քաշել ներկայիս ու անցյալիս վրա, գնալ դեպի անհայտը:
Ինչ-որ երաժշտություն լսեցի: Ծանոթ էր: Զգացի, որ մոտերքից է գալիս:
- Ա՛մ, հեռախոսդ է:
- Հա՛, ճիշտ է… Ճանաչեցի՞ր:
Մինչ նա զանգին կպատասխաներ, ես ամոթով նկատեցի, որ իմ սիրած երգերից էր: Թե դա հինգ տարի առաջ լիներ, ես հարյուրավոր ձայների միջից կգտնեի, կճանաչեի այն, իսկ հիմա… Որքա՜ն անտարբեր եմ դարձել:
Համերգը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում էր: Դեռ ներս չմտած՝ տեսնում էի բազմաթիվ ծանոթ դեմքեր, մտերիմներ, բայց նրանք բոլորն իմ ներկայից էին:
Ես ու Ամը ներս մտանք: Պատահաբա՞ր էր ստացվել, որ այս անգամ էլ էի հենց նույն տեղում նստել, ինչ 1998 թվին. երրորդ շարք, չորրորդ տեղ: Այն ժամանակ մինչև կրունկներս հասնող ծաղկավոր շրջազգեստ էի հագել, բայց բոլորովին էլ վատ չէի զգում պատռած ջինսերով ռոքերների կողքին: Իսկ երբ «Ոստան հայոցի» ելույթի ժամանակ մի խումբ երիտասարդներ տեղներից վեր կացան, գնացին դեպի բեմը ու սկսեցին գլուխները թափահարել, զարմացա, կարծում էի, թե խելագարներ են: Որտեղի՞ց իմանայի, որ կարճ ժամանակ անց ես էլ էի այդպիսին դառնալու, և ինձ համար նշանակություն չէր ունենալու, թե ով է ելույթ ունենում. ես էլ էի կանգնելու բեմի մոտ, թռվռալու, գլուխս թափահարելու և առատ մազերս խճճելու:
Կողքս երկու պոչիկներով 13-14 տարեկան աղջիկ էր նստած, ավելի ճիշտ՝ կանգնած: Նա բղավում էր, թռվռում, գլուխը թափահարում: Ծիծաղելի թվաց: Մի՞թե ես էլ էի այդպիսին տարիներ առաջ կողքիս «լուրջ» մարդկանց համար:
Այս անգամ շատ էին այնպիսի մարդիկ, որպիսիք ինը տարի առաջ խենթեր էին թվացել: Նրանցով էր ողոված ողջ դահլիճը. այն 10-15 հոգին չէր, որ երկրպագում էր «Ոստան հայոցին»: Իսկ ես ասես դիտորդ լինեի: Այնքա՜ն խորթ էր թվում այդ ամենը: Ասես ես չէի բոլորից շատ թռվռում այնքան, մինչև ողջ մարմնով փռվեի գետնին, ես չէի, որ երաժշտությունից արբում էի: Մի՞թե Ամի ներկայությունն էր ինձ կաշկանդում, և ես մի տեսակ զուսպ էի դարձել:
Շուրջս նայեցի: Իմ սերնդակիցները՝ ինձ հետ ռոք լսողները, չկային: Հա՛, ծանոթները շատ-շատ էին, գուցե ավելին, քան անծանոթները, բայց բոլորն էլ ներկայիս էին պատկանում, անցյալը կորած էր:
Ես տրորում, ծամում էի ներկայիս մասին մտքերը: Փորում էի անցյալս, խրվում նրա մեջ: Իմ քաղցր հուշերը, հարազատ ու սիրելի, բայց կորած, մոռացված մարդիկ… Ժամանակին փորձում էի ազատվել դրանցից, իսկ հիմա վերադառնում եմ լոկ մի պատճառով. ուզում եմ սպանել ներկաս, թաղել մի այնպիսի տեղում, որ այլևս չկարողանամ գտնել: Դա հնարավոր էր միայն անցյալս հետ բերելով:
- Ինչպե՞ս է այն պարոնը,- հանկարծ հարցրեց Ամը:
Ժամանակ էր պետք, որ հասկանայի, թե ում մասին է խոսում: Դա այնքա՜ն վաղուց էր, այնքա՜ն անիրական:
- Չգիտեմ… Մի վեց ամիս առաջ մեյլով կռվել եմ հետը:
Բայց Ամը չգիտեր, թե որքան փոքր նշանակություն ուներ ինձ համար այդ կռիվը:
- Տեղեկություններ չունե՞ս:
- Չէ՛:
- Հայաստանու՞մ է:
- Գաղափար չունեմ:
Ու՞ր են կորել այն օրերը, երբ Ամը մեր վերևում էր ապրում: Ես դասերս սովորելու փոխարեն կբարձրանայի նրա մոտ, և մենք զանազան հոգեբանական հարցեր կքննարկեինք: Կվիճեինք, համաձայնության կգայինք, զանազան թեստեր կքննարկեինք: Ու՞ր է հոգեբան Ամը:
Ներկաս, սիրելի ընկերներս, հարազատներս… Բայց նրանց պետք է ջնջել ընդամենը մի հասարակ ցավից ազատվելու համար: Պետք է վերականգնել անցյալս, որ ամեն ինչ վերանա, որ չխելագարվեմ:
Իսկ համերգը շարունակվում էր: Կամաց-կամաց մթնում էր:
- Վա՜յ, Արթուրը,- հանկարծ բացականչեցի:
Ինքս ինձ բռնացրեցի, որ նրա դեմքը լավ չէի տեսել, քանզի մութ էր, իսկ մարմնի ուրվագծերը նրանը չէին. չաղացել էր: Շարժուձևից էի ճանաչել ու չէի սխալվել, որովհետև Ամն ասաց.
- Ծուլիկյա՞ն… Վերջին անգամ նրան մի ամիս առաջ եմ տեսել. մեր գրասենյակ էր եկել:
Իսկ ե՞ս… Ես ե՞րբ եմ վերջին անգամ տեսել: Չո՞րս, հի՞նգ… Չէ՛, երեք տարի էլ չկա, բայց էլի ահագին է: Այսօր կիրակի է: Թե 9 տարի առաջ լիներ, պիտի հավաքված լիեինք պոլիտեխնիկի կարմիր դահլիճում ու սպասեինք մինչ Արթուրը կգար, որ հերթական խմբին կամ երգչին ներկայացներ: Հետո տեսահոլովակներ կդիտեինք, մրցույթ կլիներ կամ չէր լինի: Կհաղթեի ես կամ Օվսաննան. մնացած տարբերակները խիստ անհավանական էին:
Արթուրն ինձ չտեսավ, ես էլ նրան չմոտեցա: Ես խրվում էի անցյալիս մեջ, բայց խուսափում նրանից:
Համերգի ժամանակ հաճախ էր ասվում, որ Երևանը մերն է: Այո՛, ձերն է, իմը չէ:
Շուտով Ամը գնաց, իսկ Սամվել Ծովակը երգում էր. «Ես խե՜նթ եմ, ես խե՜նթ եմ»: Հանդիսատեսը թռվռում էր, գլուխները թափահարում: Տարիներ առաջ այս երգը ՆՓԱԿ-ում էր կատարվում: Մենք լսում էինք ու ծիծաղում. գիտեինք, թե երբ պետք է պարել, երբ՝ ոչ:
Ես առաջ գնացի, միացա «խենթերին», բայց դա էլ չօգնեց: Չէ՛, Ամի ներկայությունը չէր պատճառը, որ ես չէի կարողանում դառնալ այն տարօրինակ փոքրիկ աղջիկը:
Ձանձրացա: Որոշեցի տուն գնալ: Ու քայլում էի մութ փողոցներով՝ ոտնահետքեր թողնելով ռոքերների քաղաքի վրա: Ինչ-որ ճրագ ինձ առաջնորդում էր դեպի անցյալս, երբ Երևանն իմն էր: Իսկ ես այն նվիրում եմ մյուսներին ու հեռանում: Տրորում եմ մտքերս, նետում աղբարկղը. թող նվերս մաքուր ու նոր լինի:

Ուլուանա
31.10.2007, 21:51
Լավ ես գրել, Բյուր։ :)
Բայց մի բան ասեմ, չնեղանաս, հա՞։ :P Անցյալի նկատմամբ էդ հավերժ կարոտախտիդ չափից դուրս շատ ես անդրադառնում քո գրվածքներում... Կարծում եմ՝ հարկավոր է ազատվել այդ... չգիտեմ՝ բեռից ասեմ, սովորությունից, թե կախվածությունից... Եթե սկզբում դա հետաքրքիր է, ապա ամեն անգամ այդ նույն զգացողությունների մասին կարդալն արդեն սկսում է մի քիչ ձանձրացնել... :oy Հասկանում եմ, որ գրում ես այն, ինչ զգում ու մտածում ես, դա, իհարկե, լավ է ու բնական է, բայց քանի որ արդեն վաղուց գրում ես ոչ միայն քեզ համար, կարծում եմ՝ կարելի է այդ հանգամանքը հաշվի առնելով գրել։ Չնայած... Եթե քո նմանատիպ գրվածքները դիտենք զուտ որպես անձնական օրագրային գրառումներ, ապա ամեն ինչ կարգին է։ ;) Հարցն այն է, թե դու ինքդ ինչպես ես վերաբերվում քո գրվածքներին՝ որպես ստեղծագործությունների՞, թե՞ պարզապես որպես ապրումներդ արտահայտելու ձևի։

Հուսով եմ՝ չնեղացար։ Ուղղակի գրեցի այն, ինչ մտքովս անցնում էի կարդալիս։ ;)

Հ.Գ. Արթուր Ծուլիկյան ասեցիր, հիշեցի իմ դասախոս Հակոբ Ծուլիկյանին։ :love Շատ էի սիրում նրան։ :)

StrangeLittleGirl
01.11.2007, 00:30
Հարցն այն է, թե դու ինքդ ինչպես ես վերաբերվում քո գրվածքներին՝ որպես ստեղծագործությունների՞, թե՞ պարզապես որպես ապրումներդ արտահայտելու ձևի։
Ցանկացած գրվածք ստեղծագործություն է: ;)


Հասկանում եմ, որ գրում ես այն, ինչ զգում ու մտածում ես, դա, իհարկե, լավ է ու բնական է, բայց քանի որ արդեն վաղուց գրում ես ոչ միայն քեզ համար, կարծում եմ՝ կարելի է այդ հանգամանքը հաշվի առնելով գրել։
Ես միշտ էլ միայն ինձ համար եմ գրել: Հենց սկսեմ ընթերցողին հաշվի առնել, կծնվի կեղծիքը:
Նույնը և մնացած գրողները. շատ հեշտ է կեղծիքը տարբերել: Երբ զգում ես, որ գրողը փորձում է քեզ դուր գալ, զանազան հնարքներ է գործածում, ուրեմն կեղծիք է, որքան էլ մեծ վարպետությամբ գրած լինի:


Անցյալի նկատմամբ էդ հավերժ կարոտախտիդ չափից դուրս շատ ես անդրադառնում քո գրվածքներում... Կարծում եմ՝ հարկավոր է ազատվել այդ... չգիտեմ՝ բեռից ասեմ, սովորությունից, թե կախվածությունից... Եթե սկզբում դա հետաքրքիր է, ապա ամեն անգամ այդ նույն զգացողությունների մասին կարդալն արդեն սկսում է մի քիչ ձանձրացնել...
Եթե ձանձրացնում է, կարող ես չկարդալ. քեզ ոչ ոք չի ստիպում: Իսկ ազատվելը ո՞րն է… Կարծում եմ՝ դու ես ավելի շուտ այդպես ընկալում, քանզի այստեղ խնդիրն այլ էր… Ոչ թե անցյալն էր, այլ ներկան: Իսկ անցյալը ներկայացվում էր ներկան ավելի սուր ընկալելու համար:
Իսկ քո ասած «կարոտախտային» գործերս ընդամենը երկուսն են, այն էլ՝ շատ կարճ: Կարո՞ղ ես ուրիշ օրինակներ էլ բերել:

Արշակ
01.11.2007, 11:16
Ես միշտ էլ միայն ինձ համար եմ գրել: Հենց սկսեմ ընթերցողին հաշվի առնել, կծնվի կեղծիքը:
Նույնը և մնացած գրողները. շատ հեշտ է կեղծիքը տարբերել: Երբ զգում ես, որ գրողը փորձում է քեզ դուր գալ, զանազան հնարքներ է գործածում, ուրեմն կեղծիք է, որքան էլ մեծ վարպետությամբ գրած լինի:
Տեսնես ե՞րբ են մեր ժամանակակից գրողները ազատվելու էս մոլորությունից(չգիտեմ՝ մոլորությու՞ն ասեմ, թե ֆիքստուլություն)։
Երբ գրում ես ընթերցողի համար, դա դեռ չի նշանակում, թե կեղծում ես, կամ փորձում ես դուր գալ։ Գրում ես այն ժամանակ, երբ ասելիք ունես։ Մի՞թե ամեն անգամ, երբ ինչ–որ մեկին կամ մարդկանց ինչ–որ խմբի ինչ–որ բան ես ասում, կեղծում ես։
Երբ հաշվի ես առնում ընթերցողին, ապա ասում ես այնպես, որ միտքդ ընկալելի լինի նրա համար, ստեղծագործությունդ գեղագիտական արժեք ունենա։ Սա ընթերցողի նկատմամբ տարրական կուլտուրա, հարգանք է, որ պարտավոր է ամեն գրող ունենալ։ Սա այն դեպքում, երբ ստեղծագործությունդ հրապարակում ես։ Իսկ ընդհանրապես, ցանկացած գրող, որ իր ստեղծագործությունը հրապարակում է կամ գրելիս չի բացառում հրապարակվելու թեկուզ չնչին հնարավորությունը, նա հաշվի է առնում այդ հանգամանքը ու ոչ ոք թող չասի, թե. «ես չեմ գրում, որ կարդաք, ես իմ համար եմ գրում»։ Անկե՛ղծ եղեք, ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք։

Իմիջիայլոց, Բյուրակն, ինքդ ժամանակին ֆորումի թեմաներից մեկում խոստովանել ես, որ նույնիսկ օրագիր գրելիս հաշվի ես առնում, որ հետագայում օրագիրդ կարող է ընթերցող ունենալ։

Արշակ
01.11.2007, 16:29
Հ. Գ.
Սխալ չհասկացվելու համար շեշտեմ, որ գրածս այս ստեղծագործությանը չէր վերաբերվում։ Խոսքս քննադատություն էր վերջերս ժամանակակից հայ գրողների մեջ տարածված տեսակետի մասին։ Ուղղակի խոսք բացվեց, ասեցի։

Dayana
01.11.2007, 17:06
Ապրես Բյուրակն շատ լավն է , կարևորը որ քո պարզ ու բարի մտքերն են ;)

Մականուն
01.11.2007, 17:19
Վատ չէր, տեղ հասավ:)… ես էլ հիշեցի ընկերոջս, որին վաղուց չեմ զանգել ու էլի որոշ բաներ որ դու նշել ես…

StrangeLittleGirl
01.11.2007, 21:04
Երբ գրում ես ընթերցողի համար, դա դեռ չի նշանակում, թե կեղծում ես, կամ փորձում ես դուր գալ։ Գրում ես այն ժամանակ, երբ ասելիք ունես։ Մի՞թե ամեն անգամ, երբ ինչ–որ մեկին կամ մարդկանց ինչ–որ խմբի ինչ–որ բան ես ասում, կեղծում ես։
Դու կարող ես գրել ինքդ քեզ համար, բայց երբ հրապարակում ես, նշանակում է՝ ասելիք ունես: Դու գրում ես քեզ համար, բայց ներկայացնում բոլորին: Իսկ ընթերցողի համար գրելն ուրիշ է:
Երբ գրում ես ընթերցողի համար, դու հաշվի ես առնում որոշակի խավ, փորձում դուր գալ նրան, հետևաբար դառնում ես կեղծ, ոչ իրական:


Երբ հաշվի ես առնում ընթերցողին, ապա ասում ես այնպես, որ միտքդ ընկալելի լինի նրա համար, ստեղծագործությունդ գեղագիտական արժեք ունենա։ Սա ընթերցողի նկատմամբ տարրական կուլտուրա, հարգանք է, որ պարտավոր է ամեն գրող ունենալ։ Սա այն դեպքում, երբ ստեղծագործությունդ հրապարակում ես
Առաջին հերթին այնպես պետք է գրես, որ միտքդ քեզ համար ընկալելի լինի: Ես չեմ ասում, թե հաշվի մի առեք ընթերցողին և չինարեն գրեք: Ես ասում եմ, որ պետք է հաշվի չառնել ընթերցողին և ինքդ քեզ հետ անկեղծ լինել, այլապես եթե կենտրոնանաս ընթերցողի վրա, դու կշահես մի խավի սիրտը, կկորցնես մյուսինը: Իհարկե, երբ ինքդ քեզ ես ներկայացնում, ոչ թե հորինովի մի կերպար, էլի վտանգը կա, որ մի խավը քեզ կընդունի, մյուսը՝ ոչ: Բայց տվյալ դեպքում գոնե գիտես, որ քեզ չեն ընդունել, ոչ թե քո հորինովի կերպարը:


Իսկ ընդհանրապես, ցանկացած գրող, որ իր ստեղծագործությունը հրապարակում է կամ գրելիս չի բացառում հրապարակվելու թեկուզ չնչին հնարավորությունը, նա հաշվի է առնում այդ հանգամանքը ու ոչ ոք թող չասի, թե. «ես չեմ գրում, որ կարդաք, ես իմ համար եմ գրում»։ Անկե՛ղծ եղեք, ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք։
Տարբեր բաներ են «ընթերցողին հաշվի առնելը» և «հաշվի առնելը, որ կարդալու են»: Բնական է՝ խիստ անձնական բաները ես կթաքցնեմ, եթե իմանամ, որ հրապարակելու եմ, կփորձեմ խոսքս հասկանալի դարձնելու համար ավելորդ մանրամասնությունների հետևից ընկնել, բայց ընթերցողին հաշվի առնել տվյալ դեպքում կնշանակեր այս պատմվածքն ընդհանրապես չգրել, որովհետև ինձնից պահանջում են «անցյալից ազատվել»: Իսկ եթե ուրիշ բան գրեի սրա փոխարեն, կստացվեր, որ կեղծում եմ:

StrangeLittleGirl
04.11.2007, 15:27
Իմիջիայլոց, Բյուրակն, ինքդ ժամանակին ֆորումի թեմաներից մեկում խոստովանել ես, որ նույնիսկ օրագիր գրելիս հաշվի ես առնում, որ հետագայում օրագիրդ կարող է ընթերցող ունենալ։
Գրեթե վստահ եմ, որ դու այս գրառումը նկատի ունես:

Ես օրագիր սկսեցի պահել, որովհետև պատահում էր, որ ուրազ էի լինում ու ուզում էի դրա մասին անպայման գրել: Հետո սկսեցի այնպես գրել, ասես գրածներս մի օր տպագրվելու են: Բայց դրանք այրեցի: Այնուհետև գրածս կոնկրետ մի մարդու էր հասցեագրված, որ որոշել էի տարիներ անց նրան հանձնել: Դա էլ այրեցի: Իսկ հետո արդեն գրում էի, որովհետև... չգիտեմ, թե ինչու... գրելս գալիս էր... անգամ երբ դրսում եմ լինում, ինչ-որ թղթի կտոր եմ որոնում, որ գրեմ... գրում եմ ամենուր՝ տանը, դասախոսությունների ժամանակ, գրադարանում, քաղաքից դուրս գտնվելիս, բուֆետում, Թամանյանի կամ Սարյանի արձանների մոտ նստած: Վերջին օրագիրս շատ տարօրինակ տեսք ունի. մեջը լիքը թղթեր կան փակցվաց: ՈՒ գրում եմ, որովհետև գրում եմ: Չգիտեմ, թե հետո ինչ կլինի դրանց հետ: Չեմ էլ ուզում իմանալ: Երբ կարդում եմ, կարոտում եմ... Իմ կյանքում, ցավոք, կարոտելու բաներ շատ կան... Երբեմնն զանգահարում եմ որագրիս «հերոսներին», որ տեսնեմ ինչպես են, կարոտես առնեմ: Իսկ գրածներս ուրիշների համար այլևս չեմ կարդում: Տարիներ առաջ, երբ դեռ մտերիմ ընկերուհիս չէր մահացել, գնում էինք այգի, և մենք մեր օրագրերը միմյանց համար ընթերցում էինք: Հետաքրքիր էին նույն իրադարձության տարբեր մեկնաբանությունները... Հետո մի այլ ընկերուհուս համար եմ կարդացել: Չնայած ինքն էր խնդրել, բայց կարծես այնքան էլ չհետաքրքրեց: Դրանից հետո մի անգամ էլ իմ մյուս ընկերուհու համար եմ կարդացել: Նրան հետաքրքրում էր, թե ինչ եմ մտածել իր մասին, երբ կռված էինք: Մի անգամ էլ եղբայրս էր օրագիրս գտել ու կարդացել: Դրանից ահավոր շատ ջղայնացել էի: Քիչ էր մնում՝ նորից այրեի, բայց ինձ զսպեցի:
Հիմա նաև ինտերնետային օրագիր ունեմ, բայց դա մի քիչ թիթիզություն է, որովհետև միշտ հաշվի եմ առնում, որ ինչ-որ մեկը կարդալու է: Այդ պատճառով շատ բան եմ թաքցնում:
Իմ օրագրի գրառումներն էլ են հաճախ ստեղծագործության նյութ դառնում: Դրա համար ստեղծագործություններս էլ են շատ քչերը կարդում:
Կարծում եմ՝ տարբերությունը տեսար:

Fansheta
16.11.2007, 10:54
es chgitem ur en tanum heravor................... es nstum em champi vra amen or, ev axotum, ev taxcum em qez hamar............ bolors el mi qich du enq u bolors el otar enq irar, erb vor uzum enq. MENQ @ ka miayn qo mej ayn jamanak, erb uzum es. ev tvum e, te toxel u heracel es, bayc de mek e..... du mez het es ev avelin, menq@ menq e, erb du kas...

Մոդերատորական։ Ակումբում տրանսլիտով գրելն արգելված է։ Հայերեն մեքենագրելու համար կան բոլոր հարմարությունները․
կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.akumb.am/?p=convertor)
Ու․․․ Կարդացեք ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/showthread.php?t=2437#post67297);)։

Ուլուանա
16.11.2007, 21:05
es chgitem ur en tanum heravor................... es nstum em champi vra amen or, ev axotum, ev taxcum em qez hamar............ bolors el mi qich du enq u bolors el otar enq irar, erb vor uzum enq. MENQ @ ka miayn qo mej ayn jamanak, erb uzum es. ev tvum e, te toxel u heracel es, bayc de mek e..... du mez het es ev avelin, menq@ menq e, erb du kas...
Fansheta, ենթադրում եմ, որ սխալ ես հասկացել թեմայի իմաստը։ Այստեղ ներկայացված է ստեղծագործություն, որի վերաբերյալ հարկավոր է կարծիքներ, տպավորություններ կամ վերլուծություններ գրել, ոչ թե ամեն մեկը գրի ի՛ր տրորված մտքերը։ ;)