Դիտել ողջ տարբերակը : Անկապ օրագիր
impression
10.12.2023, 06:15
Մի սերիալ եմ նայում, կոչվում է Слово пацана, չգիտեմ հայերեն ճիշտ ոնց թարգմանել։ Երևի թե բոլորդ էլ դիտում եք կամ գոնե լսել եք սերիալի մասին, քանի որ բոլոր սոց ցանցերում ամեն երրորդ պոստը էս սերիալի մասին է։ Էնքան ուժեղ էմոցիաներ ունեմ ֆիլմի հետ կապված, որ արտահայտվելու տեղ էի փնտրում, թեև արդեն մի քանի օր է՝ խոսում եմ դրա մասին, տանը քննարկում ենք, բայց միևնույն է, ուզեցի հին ու բարի մի տեղ էլ գրել, մանավանդ, որ հիմա բոլորը քնած են, իսկ ես՝ ոչ։
Չեմ պատմի, սփոյլ չեմ անի, ուղղակի կուզեի իմանալ, եթե կա ինչ-որ մեկը, ով դիտել է ու ասելիք ունի, գուցե չալարի, թեմա բացի, ես էլ գուցե չալարեմ, գամ քննարկման։ Ուղղակի էնքան ժամանակ էստեղ չեմ եղել, որ թեմա ստեղծելը ինձ հիմա մի տեսակ չթույլատրված արտոնություն է թվում։
Սերիալում խոսքը գնում է Կազանում գոյություն ունեցող հանցագործ խմբավորումների մասին, որոնց մասնակիցների ճնշող մեծամասնությունը անչափահասներ են։ Կան իրական կերպարներ, որոնց իրական ճակատագրի մասին էսօր կարդացի ու երևի թե շատը հենց էդ պատճառով էլ քունս չի տանում։
Լինում են կյանքում մանր-մունր տարօրինակ զուգադիպություններ, որոնց վրա այլ դեպքերում գուցե ուշադրություն չդարձնես, բայց նաև լինում է այնպես, որ անգամ անծանոթ երգի բառերից ես կառչում, եթե երգն առնչվում է քեզ էդ պահին հուզող թեմայի, ու փառք տալով ինտերնետին, ընկնում ես փնտրտուքների մեջ՝ ավել ինֆորմացիա ստանալու համար։ Իմ այսօրվա փնտրտուքը Սև դելֆինն էր։
Չգիտեմ՝ դուք գիտեիք, թե ոչ, բայց Սև դելֆինը աշխարհի ամենադաժան վայրերից մեկն է՝ ի հեճուկս իր ռոմանտիկ անվանը։ Այդպես է կոչվում ամենախիստ ռեժիմի գաղութներից մեկը, որտեղ պահվում են առանձնակի դաժանությամբ հանցագործություն կատարած մարդիկ՝ սերիական մարդասպաններ, բռնաբարողներ, մանկապիղծներ ու անգամ հաննիբալներ։ Սև դելֆինը հայտնի է նրանով, որ էնտեղից դուրս չեն գալիս։
Մի քանի բան նայեցի Youtube-ում, ու փոշմանեցի, որ նայեցի։ Չեմ ուզում Սև դելֆինի մասին պատմել, Youtube-ի տեղը բոլորս էլ գիտենք, այլ ուզում եմ խոսել էդ զուգադիպության մասին։ Մի քանի օր է՝ ես էդ սերիալով եմ շնչում, ու էսօր մի երգ էր միացրած, որտեղ լսեցի էդ Սև դելֆին արտահայտությունն ու անմիջապես փորձեցի հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։ Ես սպասում էի ռոմանտիկ մի բան, բայց գտա աշխարհի ամենադաժան ու տխուր տեղը, որը, տարօրինակ կերպով, թեմատիկ կապ ուներ սերիալի հետ։ Իսկ Սև դելֆինի մասին մի քանի բան նայելուց հետո, երբ որոշեցի, որ էլ վերջ, մոռանում եմ դրա գոյության մասին, ու սկսեցի էլի բութ մատս մարզել սքրոլլի առաջնությունում, մեկ էլ մատս կանգ առավ մի ռիլի վրա, ուր պատմում էին, որ սերիալի հերոսներից մեկը, ով իրական կերպար էր, վերջում հայտնվում է հենց Սև դելֆինում։
Հիմա հասկանում եմ, որ կասեք՝ ինչ էլ դարդ ես գտել քեզ, գնա ապրի էլի։ Իրականում ես էլ չեմ ընկալում, թե ինչի եմ սենց ազդվել էս ամենից, բայց քանի որ իմ մոտակա ժամերը փչացան, արթուն մարդ էլ չկա՝ հետը շփվեմ, էկա ստեղ։ Ներող կլինեք, դուրս եմ գալիս, դուրս եմ գալիս։
impression
19.12.2023, 19:54
էկել եմ ձեզ կինոյի շեդևր նվիրելու։ Կոչվում է Padmavaat։ Կյանքում իմ տեսած ամենասիրուն ֆիլմերից մեկն է, թեև Հնդկաստանի արտադրություն է։ Ի դեպ, Բոլիվուդը ահռելի քայլերով առաջ է գնում, ու կան շատ ֆիլմեր, որոնք Հոլիվուդի հետ ոտ կգցեն ու հաճախ կանցնեն։ Պադմավատին հնդկական պատմական ֆիլմ է, պատմում է Պադմավատի թագուհու, իր ամուսնու և սուլթան Ալաուդինի մասին։ Ալաուդինը շատ ամբիցիոզ երիտասարդ էր, ով, անցնելով բոլորի վրայով, ի վերջո դառնում է սուլթան։ Նրա միակ նպատակն է իր հարեմ բերել Պադմավատի թագուհուն, քանի որ քուրմն իրեն ասել է, որ, եթե Պադմավատին իրենը լինի, ապա Ալաուդինի անունը կանցնի անգամ Ալեքսանդր Մակեդոնացուց, հակառակ դեպքում նրա անունը կմոռացվի։
Քանի որ հնդկական ֆիլմերի մեծ մասը մոտ երեք ժամ է տևում, սա էլ բացառություն չէ, բայց խորհուրդ եմ տալիս դիմանալ առաջին հատվածին, մինչև Պադմավատին դառնա թագուհի, դրանից հետո ամեն կադրով հիանալու եք։ Այս ռեժիսորը ոնց որ աշխարհի ճաշակը ժառանգած լինի։ Բնականաբար ինչ հնդկական ֆիլմ առանց երգ ու պարի, բայց երդվում եմ, արվեստի գործ են էս պարերը։ Դեկորացիաները, բեմադրությունը, հագոստները, զարդարանքը, խոսք չկա ուղղակի։ Մի հատ նայեք ու հետո ֆիլմը նայեք, եթե դուր գա, էլի կինոներ կասեմ, որ հաստատ արժի բաց չթողնել։
https://www.youtube.com/watch?v=CU1tFtk_NFY
https://www.youtube.com/watch?v=v7K4vGYL9zI
Պատմությունն ինչ-որ տեղ Տրոյայի հերոսամարտն է հիշեցնում, էլի կռվախնձորը սերն է, պաշարված ամրոցում սիրահարներն են, ովքեր մինչ մահ դիմակայելու են Ալաուդինին (մեռնեմ ես դրա խարիզմային)։
Մտածեցի՝ գրանցեմ այս ամիս Ճապոնիա կատարած 17-օրյա ճամփորդության այն դիտարկումներիցս, որոնք ինձ համար բացահայտումներ էին։ Ճամփորդությունս ներառում էր 6 քաղաք՝ Տոկիո, Կիոտո, Հակոնե, Հիրոսիմա, Նարա, Օսակա։ Ընկալումներս, բնականաբար, չեն հավակնում լինել բացարձակ ճշմարտություն, ընդամենը անձնական դիտարկումներ են։
Եվ այսպես,
• Ճապոնիայով չի կարելի փողոցում քայլել և ուտել։
• Տրանսպորտում չես կարող նստել հղի կանանց, ծերերի և հիվանդների համար հատկացված նստարանին, նույնիսկ եթե այդ պահին այդպիսի մարդ չկա վագոնում։ Եթե փորձես, մի որևէ խստադեմ, կոստյում-փողկապով միջին տարիքի ճիշտ-ճապոնացի քեզ՝ բարբարոսիդ նկատողություն կանի՝ իրավունքի և տանտիրոջ վստահությամբ։
• Ճապոնիայի մետրոյի գնացքներում կան վագոններ միայն կանանց համար։
• Տրանսպորտի մեջ ընդունված չէ (նաև՝ չի կարելի) խոսել, ո՛չ միմյանց հետ, ո՛չ հեռախոսով։ Նաև բարձր ձայնով մի բան նայել կամ լսել։ Մարդաշատ վագոնոի, համակ լռություն է՝ ամեն մեկն իր հեռախոսի մեջ, ականջակալներով կամ առանց։ Միջքաղաքային գնացքներում հեռախոսով խոսելու համար դուրս են գալիս երկու վագոններն իրար կապող փոքրիկ հարթակը և այնտեղ խոսում, ցածր ձայնով։
• Ճապոնացիները գրված և չգրված օրենքներին ինքնակամ կապկպված են․ դա իրենց ճիշտն է, իրենց ներքին հարմարավետությունտ, կենսաձևը, և վրդովվում են, երբ դու այդպիսին չես դրսևորվում։ Նրանք չեն հանդուրժի, եթե դու ընդունված կարգը խախտելու ազատություն ցուցաբերես։ Դա, ըստ իրենց, ոչ թե ազատություն է, այլ քաոս,անարխիա։ Նրանք ոչ միայն չեն ուզում, որ դու, քո այդ ազատությամբ, փոխես իրենց կարգերը և նոր կարգ հաստատես, այլև ընդունված կարգի խախտումից ընկնում են ներքին դիսհարմոնիայի մեջ։ Մի օր հյուրանոցի հեռուստացույցով ռոք-ջազ էր (ի դեպ, հյուրանոցների հեռուստացույցները հեռարձակում են միայն ճապոներեն հաղորդումներ), իսկ այդ ռոք-ջազի հեղինակը համարձակ արտաքինով (գունավոր մազեր ու համարձակ հայացք) մի կրքոտ ճապոնացի երիտասարդ էր։ Ամուսինս, որ ջազի երկպագու է և սիրողական գիտակ նկատեց, որ թույլ էր, կուլմինացիա չկար, այսինքն, եղած կուլմինացիան թույլ էր ու չէր հասնում էմոցիաների գագաթնակետին, ու պատճառը, ասաց, իրենց այդ ներքին անազատությունն է՝ չտրվելու քաոսին, իսկ դասավորված, կարգուկանոնային ներաշխարհով ջազ չես ստեղծի։ Ճապոնացիները, քանի որ փնտրում են ներքին խաղաղություն ու հանդարտություն, մերժում, խուսափում են կոնֆլիկտի հնարավորությունից, այդ պատճառով էլ ներքին բախումներ նրանց հատուկ չեն, իսկ հզոր ստեղծագործությունը, ասաց, ստեղծվում է ներքին բախումից։
• Ճապոնացիների հաղորդումներն ու գովազդները պրիմիտիվ տեսք ու համատեքստ ունեն, համենայնդեպս այն հիմնական հաղորդումները, որոնք մենք կարող էինք տեսնել մեր այցելած տարբեր քաղաքների հյուրանոցների հեռուստատեսութամբ։ Ճապոնական ազդանշաններն ու զգուշացման նշանները նմանապես զվարճալի մանկական և/կամ հումորային տրամադրությամբ էր (ամուսինս սիրում էր այդ նշանները ու հերթով լուսանկարում)։
• Ճապոնիայի փողոցներում համարյա չկան աղբամաններ և նստարաններ։ Դրանք հանվել են 90-ականներին կարծեմ՝ ահաբեկչական անվտանգության նկատառումներով։ Եթե մոտդ աղբ է առաջանում, ստիպված ես պահել մոտդ, մինչև կգտնես, թե որտեղ գցել (պատահել է՝ մի քաղաքից մյուսն եմ աղբի տոպրակը հետս ման տվել)։ Բնակչները իրենց աղբը լցնում են, ավելի ճիշտ՝ կոկիկ դասավորում են թափանցիկ տոպրակների մեջ (պարտադիր թափանցիկ, հավանաբար դարձյալ անվստանգության նկատառումներով) և դնում փողոցներում՝ հատուկ հատկացված տեղերում, որտեղ ժամ է գրված, պարզ չէր՝ աղբահավաքման, թե աղբը դնելու ժամերը։ Հավանաբար երկրորդը։
• Ճապոնիայում բնակելի թաղամասերի մայթերը շատ նեղլիկ են, կարելի է ասել՝ համարյա չկան․ փողոցից առանձնանում են սպիտակ ներկած գծանշանով, և լայնությամբ հազիվ մի մարդ կարող է տեղավորվել (քայլել), այսինքն, եթե երկու մարդ միասին են, ապա հնարավոր է միասին քայլել մեկը մյուսի հետևից, ոչ կողք-կողքի։ Նմանապես, բնակելի թաղամասերի փողոցներն էլ են նեղլիկ, և համապատասխանաբար ավտոմեքենաներն են նեղլիկ, փոքրիկ ու քյութ արտաքին դիզայնով, թեև ներսից սովորական մեքենայի տարողությունն ունեն։ Ինչպես ամուսինս նկատեց՝ սովորական սեդանները, էլ չասած four wheel drive-ները այստեղ չեն էլ նայվի։
• Մայթերի նեղլիկությունը հանգեցնում է բակերի բացակայության, տան մուտքերը նույնիսկ շեմք չունեն համարյա՝ մեկ-մեկուկես քառակուսի մետր հազիվ, որն ամիջականորեն միանում էնեղլիկ մայթին այնպես, որ ըստ էության նրա մասն է կազմում։ Ու չնայած դրան, փոքրիկ շեմքերը կոկիկ հարդարված են կավե ծաղկամաններով բույսերով և կենդանիների արձանիկներով (բու, նապաստակ), և այդ դեկորային համադրությունն աննկարագրելի կոկիկ է, խնամված, մաքրեմաքուր ու, ըստ իս, տաքուկ բնակեցվածության ոգեղենություն է հաղորդում տանտիրոջ կեցությանը։
• Ճապոնացիները արտակարգ մաքրասեր են և կոկիկ․ այդպիսին նրանց կեցությունն է՝ էություն դարձած, առօրյա համապատասխան-կոկիկ միկրո և մակրո շարժումներով դրսևորվող այնպես, որ նրանց մոտ կարծես ոչինչ չի կեղտոտվում, թափթվում և ոչինչ դուրս գալիս իրենց հսկողության սահմաններից։
• Ճապոնացիները լավ են հագնվում։ Լավ ասելով նկատի ունեմ՝ որակով, ճաշակով, և հիմնականում դասական ոճի։
• Ճապոնացիները պատրաստակամ են և օգնող։ Եթե որևէ հարցով մոտենաս կամ օգնություն խնդրես, ամեն ինչ թողած, ինչքան էլ որ քեզնով զբաղվելն այդ պահին անպատեհ լինի, ամեն ինչ կանեն իրապես արդյունավետ լինելու համար ։ Վարվում են այնպես, ասես իրենց համար են անում, նույնիսկ երևի ավելին։
• Ճապոնացիները աշխատում են կենտրոնացած, մանրակրկիտ և որակով։ Ամեն ինչն են այդպես անում։
• Ճապոնացիները անգլերեն չեն խոսում կամ համարյա չեն խոսում։ Որոշ երիտասարդներ լսածից գլուխ հանում են քիչ ու միչ, խոսելը՝ դժվարանում, բայց ոչ երիտասարդներն առհասարակ անտեղյակ են։ Դրանով հանդերձ, Ճապոնիայում տեղաբնակների հետ հաղորդակցվելը խնդիր չէր։ Հեռախոսում գուգլ-թարգմանչը այնտեղ ձեռքի գործիք է, գումարած՝ խոսացողի առոգանությունը և մարմնալեզուն։
• Ճապոնացիների թարգմանած անգլերենը զվարճալի է և անսովոր։ Ցուցանակները հիմնականում չեն թարգմանվում, բայց երբեմն, եթե ակնկալվում է տուրիստական այց, անգլերեն տարբերակը նույնպես գրում են, և երբեմն, հասկանալու համար, պիտի փորձես ճապոնացու պես մտածել, որ գլխի ընկնես, թե ինչ նկատի ունի։ Օրինակ, hand-made jazz ցուցանակը ըստ երևույթին live jazz-ն է (ջազ-ակումբում կամ սրճարանում), կամ օրինակ, խանութում սովորական ջուր էինք փնտրում ու չէինք գտնում, քանի որ սովորական ջրի տեսք ունեցող շշերի վրա գրված էր natural mineral water, ինչն, օրինակ, Ավստրալիայում նշանակում է հանքային ջուր (հենց այդպես էլ գրված է մեր հանքային շշերի վրա), բայց խմելուց հետո պարզվեց, որ սովորական ջուր է․ mineral-ը նրանց մոտ, ըստ երևույթին, լեռնմային աղբյուրի ջուրն է (ինչն Ավստրալիայում գրում են spring water)։
• Ճապոնացիները հավատում են տարօրինակ բաների, ինչը եվրոպացիները սնահավատություն կկոչեին։ Օրինակ, տների դռների, դարպասների կամ աղբամանների մոտ կարող ես տեսնել թափանցիկ պլաստիկ շշեր՝ ջրով լցված։ Ըստ ավանդույթի, դա արվում է կատուներին վանելու համար։ Կատուներին, ինչպես ճապոնացիներն են կարծում, հանկարծակիի է բերում արևի խաղերի ատացոլանքը ջրի մեջ, որից փախչում են։
• Անհասկանալի է, թե ճապոնացիները կրոնի տեսակետից ինչի են հավատում։ Նրանք երկու կրոնի հետևորդներ են՝ սինտոիզմ (իրենց առաջնային կրոնը, որը եկել է շատ հնուց) և բուդդայականություն (որը ներմուծվել է Չինաստանից վեցերորդ դարում)․ ոմանք հետևում են մեկին, ոմանք՝ մյուսին, իսկ ոմանք էլ՝ երկուսին էլ, քանի որ այդ կրոնները ոչ միայն չեն հակասում մեկը մյուսին, այլև ինչ-որ տեղ լրացնում են։ Սինտոյական սրբավայրերը միանգամից ճանաչում ես փայտե պարզ մուտքային դարպասից, որն ընդամենը չորս փայտ է՝ երկուսը ուղղահայաց, և երկուսը՝ հորիզոնական, ուղղահայացների գլխին։ Իսկ ներսում փոքրիկ տնականման սրբարաններ են՝ զանգով և կողպված դռնակով կամ պատուհանիկով, որոնց հետևում սինտոյական ինչ-որ ոգի է, որի կերպարանքը չես տեսնում, քանի որ այն անտեսանելի և անըմբռնելի և սուրբ է այնքան, որ չի ցույց տալիս իր տեսքը մարդկանց։ Այցելուն հնչեցնում է զանգը և աղոթում ոգուն։ Իսկ բուդդայական տաճարների ներսում բուդդայի արձան է, դրսում՝ կլոր, մեծ ծխաման, որտեղ անուշաբույր խունկ են վառում և աղոթում։ Երկու տաճարներում էլ ընդունված է փայտե տախտակների վրա ցանկություններ գրել և կախել, կամ «բախտ» քաշել հատուկ դարակներում դրված թերթիկներից։ Կտեսնես նաև, որ մարդիկ այդ «բախտի» թերթիկներից ոլորում և կապում են ստենդի վրա ամրացրած պարաններին․ դրանք այն թերթիկներն են, որոնք բացասական բախտ էին գուշակում, իսկ կապելու դեպքում՝ դրանք չեզոքացնում ես։ Ըստ էության, ճապոնացիները հավաքում են ոգիների, որոնք դուրս են իրենց հսկողությունից, բայց կարող են միջամտել իրենց կյանքին։ Օրինակ, ճապոնացին իր տան պարտեզի ձևավորման մեջ քարեր կներառի (քարային պարտեզները ընդհանրապես հատուկ մշակույթ են Ճապոնիայում՝ հնուց եկող), և կարող է մի մեծ ու գեղեցիկ քար դնել ինչ-որ դիրքում ՝ հավատալով, որ այն կկասեցնի չար ոգիների մուտքը իր տուն։
• Ասում են՝ ճապոնացիները տառապում են միայնակությունից։ Ճամփորդությանս տևողության ընթացքում զուտ արտաքինից ու մակերեսային շփումներով մարդկանց ուսումնասիրելով՝ դժվար էր դա նկատել։ Բայց միայնակ ճաշող մարդկանց հաճախ կարող ես տեսնել, թեև ճաշողներն էլ միայնակությունից դեպրեսված դեմքեր չէին, միայնակությունը, երևի, սովոր կենսաձև է, ու միայնակ ճաշելը ինչ-որ ռեստորանում կարծես սովորական երևույթ էր՝ կին, թե տղամարդ, գործից հետո կամ ընդմիջմանը (դատելով պաշտոնական հագուստներից) մտնում են մի տեղ, այդպես միայնակ ճաշելու։ Իսկ այ երեկոյան ռեստորաններում, նրանք, ովքեր միայնակ չեն ճաշում, զրուցում են ականջ ծակող անսովոր բարձր աղմուկով ու ծիծաղով, մի ծիծաղով, որից, զգում ես, որ մեծագույն հաճույք է զրնգում․ երևի թե լիցքաթափվում են այդպես։ Ըստ կարգի, այդ ժամերին այդ բարձրագորգոռ աղմուկը ոչ միայն կարելի է, այլև ցանկալի։
• Ճապոնացիները խփնված են մուլտային հերոսների վրա։ Դա մի հսկայական արդյունաբերություն է՝ սերիալների, համակարգչային խաղերի, տիկնիկների, գրքերի (հիմնականում՝ մանգա) արտադրությամբ և լայն սպառումով։ Ամեն մի կերպարը (իսկ դրանք հարյուր-հազարավոր են) մի աշխարհ է նրանց համար, և դրանց գովազդներն ամենուր են։ Դրանք այն աստիճան ժողովրդականություն են վայելում, որ արդեն ոչ թե իրենք են գովազդվում, այլ իրենք գովազդում ինչ-որ մի ապրանք, այսինքն՝ որպես հեղինակություն դրանք օգտագործվում են որպես ինչ-որ բան գովազդելու կամ հովանավորելու միջոց, ընդ որում բավական լուրջ և այդ ինդուստրիայի հետ կապ չունեցող բաներ, օրինակ՝ քաղաքի խորհրդանիշ հանդիսացող տեսարժան վայրը կամ կոթողը։ Որպես օրինակ, Տոկիոյի ամենաբարձր կառույցի՝ Skytree դիտարան-աշտարակի (տուրիստական ամենաառաջնային այցետեղերից) այս տարվա հովանավորը ինչ-որ մի մուլտիկային քյութ կերպար էր, որին, ըստ երևույթին գիտեն բոլոր ճապոնացիները, թեև զբոսաշրջիկները՝ դժվար (կարծում եմ)։ Մենք ավելի բարձր արժեքով տոմսեր գնեցինք, որը ներառում էր աշտարակի մինչև բարձրագույն կետը բարձրանալը, ուր, ինչպես գրված էր, պատկերասրահ կա (իսկ իմ ընտանիքում երկու արվեստասեր ունեմ), մինչդեռ լրիվ հիասթափություն էր, քանի որ այդ այսպես կոչված պատկերասրահը ընդամենը այդ տարօրինակ մուլտային արարածիկի մի քանի պատկերներն էին աշտարակի գագաթի շրջանաձև բոլորվող պատերին։ Ասեմ, որ այդ կերպարիկների խաղալիքները, որոնք, ի դեպ, բավական բարձր արժեք ունեն, ունեն նաև համապատասխան ոչ նյութական արժեք ճապոնացիների կյանքում, քանի որ նրանք ձեռք են բերում և կապվում այդ խաղալիքների հետ։ Այդ խաղալիքները դառնում են նրանց մշտական ուղեկիցը՝ պայուսակից կախված կամ մեջը, իսկ տեսարժան վայրերում հատուկ ստենդներ կան այդ խաղալիքները դնելու և տեսարժան վայրի ֆոնին իրենց ընկերոջը նկարելու համար (այդ ստենդների նշանակությունը սկզբում մեզ համար գլուխկոտրուկ էր, թե ինչ նշանակություն ունեն, մինչև որ տեսանք, թե ինչպես են տեղացիները դրանք օգտագործում – խաղալիքը դնում են վրան, մի ժամ դիրքավորում ու լուսանկարում (միայն խաղալիքը))։ Այս խաղալիքների կերպարները ինչ-որ սերիալների հերոսներ են, որոնց քաջ ծանոթ են ճապոնացիները, և ըստ ընտրության խանդաղատանք են դրսևորում։ Այդ կերպարները մեծ մասամբ կա՛մ սեքսուալ, կա՛մ վայրագ տարրեր ունեն (կամ երկուսը միասին), իսկ երբեմն էլ անցնում են 18+ չափանիշը: Այդ կերպարներից ինչ-որ մեկի թեմայով նույնիսկ ցուցահանդես կար այնպիսի հեղինակավոր հաստատությունում, ինչպիսին Mori Modern Art museum-ն էր, և այցելուներն էլ տարօրինակ հագնված երիտասարդությունն էր (այս դեպքում՝ հիմնականում աղջիկներ)։ Ի դեպ, այդ կերպարները ճապոնական երիտասարդության կյանք են մտել նաև հագուկապի նորաձևության տեսքով։ Փողոցներում, հատկապես Հարաջուկու երիտասարդական թաղամասում հաճախ կարելի է տեսնել այդ կերպարների՝ տարօրինակ-մուլտիկային տեսք ընդունած աղջիկների և տղաների, որոնք ոտքից գլուխ արտառոց հագուկապով են, մազերով և դիմահարդարմամբ։ Ամեն դեպքում, ճապոնացիների հերոսները ինչ բովանդակություն էլ որ ունենան, մուլտային կերպարնեի տեսք ունեն՝ ի հակադրություն արևմտայ միսուարյուն առնական կամ կանացի-սեքսուալ հերոսների։
Յոհաննես
30.12.2023, 01:28
Ճապոնական ամեն ինչը զուտ հավայի տուֆտա գովազդա։ Ճապոնացիք էլ տուֆտա ազգ են, 3-4 սորտի դեմքեր են։ (Նենց չի մենք 1-ին 2-րդ սորտ ենք) ու հա Նոլան ձյան Ճապոնացիքի վրով սաղ ասեց էս տարի
Ի՞նչ ա պետք երկու ֆուլ թայմ գործի աշխատող, կյանքի ամենաբազմազբաղ պահին ի վերջո վաղուց մտքին էղած ալիքը (https://t.me/finance_liter) գործարկող ընտանիքի հորը: Ճիշտ ա. պետք ա նոր մասնագիտություն սովորել: Ու որ ամեն ինչ հնարավորինս խճճված լինի՝ ցանկալի ա դասերը լինեն լսարանում, ոչ թե հեռավար: Դե, ինչ ա մնում անել էդքանից հետո, երբ բալիկն ի վերջո գնաց քնելու, ու չես կողմնորոշվում թրաշվելն ա առաջնահերթ, թե գործ անելը, տնային անելը թե ալիքի համար նյութ պատրաստելը: Մնում ա դիմել հին ու փորձված մեթոդին. բոլոր անհասկանալի իրավիճակներում կարելի ա Անկապ օրագրում դատարկվել ու գնալ: Բիթլզ արժի գնալ:
Ես էսօր մինչև էդ անտեր ուղեկցող նամակը չգրեմ ու CV-ս չխմբագրեմ-ուղարկեմ՝ չեմ քնի:
Էդ ա. ուզու՞մ ես մի բան դառնա, ըհը. օր ու գիշեր վիզ դիր:
Մեկ-մեկ արտահայտվելու կարիքը ներսից կեղեքում ա հոգիս, բայց վաղուց չունեմ «սվոյ» միջավայր: Էլի թե Ակումբն ա, եթեե դեռ կա. չեմ ջոգում:
Հա, համը հանում եմ միջակետերի:
Մի քիչ էլ հավայի ժամանակ ձգեմ՝ չեմ ձգի էլ:
Մի հատ շախմատ արժի խաղացած՝ մինչև:
Էսօր Ամուր անունով ուստի հետ եմ ծանոթացել: Չիմացա եզդի ա թե հայ, բայց ասեց «Ապարանի շրջանում կամայական հարց ըլնի՝ արխային զանգի»:
Լոռի գնալուց առաջ հո արժի զանգել հարցել. «Ձյաձ Ամուր, Ծիլքարի պեռեվալներում ո՞նց ա եղանակը, մերկասառույց հո չի՞»:
impression
21.04.2024, 05:37
խառը օր էր, թեև համարյա տանից դուրս չեմ եկել, ոնց որ երեկ, ոնց որ դրա առաջի օրը ու դրանից էլ շատ օրեր առաջ։ տանից աշխատելու լավն էլ էդ ա։ մենակ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եմ լքում իմ կղզին, ուր կա գոյություն պահպանելու համար ամեն ինչ։ ընդհանրապես, մտքովս չէր էլ անցնի, թե ես տնակյաց եմ, ինչ ինձ հիշում եմ՝ սարսափել եմ տուն գնալու պահից ու հնարավորինս էդ պահը հետաձգել եմ՝ նախընտրելով նույնիսկ ժամանակ սպանել ինձ ոչ էդքան հաճելի մարդկանց հետ։ հիմա ամեն բան փոխվել ա։ հիմա ինձ ստիպելով տնից չես հանի։
ինձ թվում ա՝ ես մարդկանց արդեն ներսից ու դրսից անգիր գիտեմ, ոնց որ դերձակն անգիր գիտի իր կարած շալվարը, որ գործի վերջում շրջում ու թափ ա տալիս։ ու ոնց որ դերձակին էլ հետաքրքիր չի արդեն պատրաստ շալվարը, նենց էլ ինձ մարդիկ այլևս հետաքրքիր չեն։ բայց ինձ ամեն օր ավելի ու ավելի զարմացնում ա կյանքը։ շատ հանճարեղ բան ա, երդվում եմ։ այ հենց թեկուզ հենց հիմիկվա գրածս վերցնենք։ չալարեցի, լոգին եղա, որովհետև ուզում էի գրել էսօր կարդացածս ամենատափակ գրքի մասին, ու վստահ էի, որ գրելու եմ՝ չկարդաք, ժամանակի կորուստ ա, անտրամաբանական ա գրված, այսինքն գրված չի, շարադրված ա, որովհետև ոնց որ շարադրություն կարդաս, էն էլ դրա փոխարեն սկսեցի ինչ-որ անկապ ներածական խոսք ասել։ թե ասա՝ ում ա դա հետաքրքիր։
ասածս ինչ ա՝ Վանականներն ունեն գաղտնիք գիրքը հենց մենակ իր վերնագրի անգութ սխալ շարադասությամբ ինձ արդեն պետք ա հուշեր, որ հեռու մնամ, բայց ես կարծեմ թե ասեցի, որ շատ եմ փոխվել, ու փոփոխություններից մեկն էլ էն ա, որ դարձել եմ անհույս լավատես։ գրքին շանս տվեցի, իսկ իմ խեղճ աստիգմատիկ տեսողության հոգին հանեցի։ ու ես ձեզ մի բան կուզեի ասել, եթե հեղինակն Ակումբում էդ տեքստը դներ, էդ գիրքը չէր տպվի։ լիքը մարդ իրեն կասեր, որ պետք չի։
հիմա շատ զավեշտալի կլինի, եթե պարզվի՝ նա Ակումբում դա լավ էլ դրել ա, դուք էլ գովել եք, ես էլ էկել ապուշ-ապուշ դուրս եմ տալիս։ :) բայց ես՝ անհույս լավատեսս, վստահ եմ ձեր գեղարվեստական ճաշակի նուրբ քիմքի վրա։
մի խոսքով, լավ կացեք, հիմար գրքերից էլ՝ հեռու։ :)
Չորրորդ դասարանի աշակերտներիս ասում եմ՝ "Երեքշաբթի ես դպրոցում չեմ լինելու։ Ինձ կփոխարինի ուրիշ ուսուցիչ"։
Այսօրվա երեխաները հետաքրքրասեր են, իսկ այս երկրի երեխաները՝ նաև անկաշկանդ․ "Իսկ ինչու՞ չեք գալու դպրոց: Ու՞ր եք գնալու։ Որտե՞ղ եք լինելու"։ Եվ նայում են այնպես համարձակ ու պատասխան սպասող հայացքով, որ չպատասխանելն անհարմար կլիներ։ "Տղայիս ավարտական հանդեսին եմ գնալու։ Համալսարանն է ավարտել"։ Հաջորդող հարցերի տարափը սպասել չտվեց․ "Իսկ ո՞ր համալսարանն է ավարտել"։ "Նոր Հարավային Ուելսի"։ "Իսկ ի՞նչ մասնագիտությամբ"։ "Կենսաբժշկական ճարտարագիտություն"։ Ու կտրուկ լռություն տիրեց, շփոթված։ "Իսկ․․․ դա ի՞նչ է" - հարցրեց մեկն անվստահ։ "Դա․․․ Դե, օրինակ, երբ մարդու համար արհեստական օրգաններ են պատրաստում՝ սիրտ, ձեռք, ոտք, ինչ ուզեք։ Կամ մարդը դժվարանում է խոսել, ուղեղի մեջ սարք են դնում, մարդը սկսում է սահուն խոսել"։ Եվ այստեղ, ուր ակնկալում էի նոր տարափ՝ հետաքրքիր հարցերի, իսկապես էլ աշխուժացան ու մեկը մյուսին հերթ չտալով սկսեցին ձեռքներն օդում թափահարել․ (շարունակությունը դնում եմ բնագրով)․ "Is he going to be rich?", "How much his salary is going to be?", "Is it one million?", "When is he starting work?". "Բավակա՛ն է", բարձրացրի ձայնս, "Իսկ ես ուրիշ հարցեր էի սպասում։ Օրինակ, իսկ նա սիրու՞մ է այդ մասնագիտությունը, կամ՝ ինչու՞ է հենց այդ մասնագիտությունն ընտրել"։ Դասարանում քար լռություն էր։ Ինձ էին նայում տասը տարեկան մանկական աչքեր։ "Can I... ask a question...", հարցրեց մի անվստահ ձայն։ "Կարող ես, Ջոն"։ "․․․Is it true that he will get $5000 for an hour?":
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ապագա հասարակության մասին։
impression
06.05.2024, 21:50
Անդրադառնալով Բարեկամի վերում գրվածին՝ իսկականի՞ց, ժամը 5000՞։ Դե իսկ իրականում արդեն իսկ լիքը տենց գործեր ու մասնագիտություններ կան, որոնց տիրապետելու դեպքում էդ ժամը հինգ հազարը թիվ չի։ Ու դա էնքան էլ ապագա չի, դա քիչ հեռավոր ներկա է, որոշ մարդկանց համար՝ լրիվ ներկա, վաղակատար-շարունակականոտ։
Էս փողի թեման շատ հետաքրքիր թեմա է։ Մեկին գիտեմ, նման չափի աշխատավարձ է ստանում, բայց օրը մի ժամի չափ աշխատելով։ Ու երազում է միլիոնատեր դառնալու մասին։ Երբ խոսում ենք, ասում է՝ վստահ եմ, որ մի օր էդ թիվը մոտիկից տեսնելու եմ։ Ու տեսավ։ Դատական հայցի մեջ, ուր սևով սպիտակի վրա գրված էր, որ իրենից մեկ միլիոն դոլար են պահանջում խալխի ապրանքանիշ օգտագործելու համար։ Ուրիշ պատմություն ա էն, որ խալխը ինքն էլ ապրանքանիշ չուներ, ու հակադարձ հայցը դեմ տվեցին իրեն։ Բայց էս պատմության հերոսուհին հիացած ծափ տվեց՝ տեսա՞ր, ասու՞մ էի էդ թիվը մոտիկից տեսնելու եմ։
Իսկ ամենակարևորը՝ չեմ հավատում, որ Բարեկամի տղան արդեն համալսարան է ավարտում։ Կրակեք ինձ, ես արդեն անպարկեշտ ծեր եմ։
Հետաքրքիր տառ ա «ծ»-ն: Կարաս կամայական կոնտեքստում ասես «ծը», պաուզա տաս, ու դիմացինիդ երևակայությունը ուր ասես կարա տանի: «Ք»-ն էլ ունի էդ հատկությունն իհարկե: Ավելի քիչ, բայց «կ»-ն էլ ունի, «ս»-ն էլ: Իսկ օրինակ «տ»-ն վաբշե խարիզմա չունի. հավայի տառ ա:
impression
20.06.2024, 05:21
Տեսնես աստված նոր բաներ սովորելու կարիք ունի՞։ Եթե հաշվի առնենք ամենա-ների ցուցակը, որից երևի բոլորս ենք տեղյակ, պետք է կարծել, որ նա նոր բան սովորելու կարիք չպետք է ունենա, քանզի բազում այլ ամենաների հետ միասին նա նաև ամենագետ է։ Այսինքն, աստված նաև հաքեր է, ծրագրավորող, սմմշիկ, մարկետինգ մենեջեր, բլոգեր, վլոգեր, ինֆլուենսեր ու լիքը էլի անհասկանալի բաներ։ Էդ դեպքում մեր ցանկացած քոփիռայթի հետ կապված նկատառում ենթակա ա քննարկման, որովհետև էն ամենաքոփիռայթը, էն ԴԸ քոփիռայթը Նրանն ա։ մնացած ամեն բան քոփի ա, մեկ-մեկ էլ կաաաարող ա պատահի լյուքս քոփի։
Իսկ տեսնես աստված կարո՞ղ ա ստեղծել նենց մի բան, չգիտեմ ինչ անուն տամ, ասենք՝ երևույթ, էվոլյուցիոն լուծում, աղետ, հիվանդություն, բանականություն, որի տակից մի օր չկարողանա դուրս գալ։ Ինձ թվում ա՝ կարող ա, չնայած չէ, չի կարող։ Բայց ոնց չի կարող, եթե ինքը ամեն ինչ կարող ա։ Բա եթե կարող ա, ուրեմն կարող ա նաև ստեղծի, բայց եթե ստեղծի, պայմանն էն ա, որ տակից դուրս չի գալու, այսինքն իրա ուժերից վեր ա լինելու իր ստեղծածը կառավարելն ու վերահսկելը։ Շատ իրարամերժ մասնագիտություն ա աստված լինելը։
Եթե աստված չէ, այլ մի տաղանդաշատ ծրագրավորողների խումբ կարողանում են մեզ նվիրել գերռեալիստիկ, սուպեր-պուպեր-հիպեր պլպլացրած ու մշակած վիդեո խաղ, որը խաղալու ընթացքում թե ժամանակի ընկալումն ես կորցնում, թե քո իրական (եսիմ երևի թե սենց՝ "իրական") կյանքի, ապա կարծելը, որ մենք էլ ինչ-որ ծրագրավորած ու ավելի մանրակրկիտ մշակած խաղի հերոսներ չենք։ Հերոսը պարտադիր չի դռակոն սպանի, կան տենց լիքը հերոսներ, որոնք երբ մտնում ես ինչ-որ տեղ, միշտ ըտեղ են, ասենք թե՝ դիվանին նստած։ Կամ ասենք էդ կապույտ մայկայով հերոսը միշտ բարի մոտ գարեջուր ա խմում։ Երբ ուզում ես մտի փաբ, ինքը նույն շորերով նստած ա, նույնքան ա խմած բաժակից, նույն ռեպլիկներն ա անում, նույն պահին ա թեքվում նայում ձախ և այլն։ Որովհետև ինքը ակնառու հերոս չի։ Օրինակ բարմենը փոխվում ա միշտ, կամ գոնե շորերն ա փոխում, էլի կա կրկնողություն հերոսի շարժումների, ռեպլիկների և արտաքինի մեջ, բայց գոնե գժի տեղ չեն դնում էլի, գոնե ըստ շիֆթի փոփոխվում ա։ Իսկ մարդկանց մեծամասնությունը, ես էլ վստահ մտնում եմ էդ մեծամասնության մեջ, էն տուֆտա մասովկեն ենք ապահովում, էն որ էդքան գլուխ չեն դրել գոնե մի էրկու ռեպլիկ ավել գրեն մեր համար։ Իսկ դա ինձ նեղացնում ա։ Օրինակ ինչի՞ պետք ա ես դպրոցում անգիր սովորեի Մեծարենցի բանաստեղծությունները, որոնք ինձ դուր էլ չէին գալիս, բայց իմ կյանքի որակը էապես փոխող սցենարը ափսոսել են գրեն տան կարդամ։
impression
02.07.2024, 02:38
Ինչ էլ հավես ունեի այ մարդ, էս ինչքան եմ ես էստեղ գրել։ Որ ամբողջն իրար գլուխ հավաքես՝ կարգին էլ խարույկ կստացվի։ Ու որ կարդում եմ՝ վատ չի, ես համեստությունից չեմ մեռնի, բայց դե հիմա էդ ա, իսկապես վատ չի, լիքը բաներ մոռացել էի ու կարդում էի առաջին անգամվա նման ու ինձ դուր էր գալիս։ Պետք չէր էդքան կոտրել էդ գրելու սերը իմ մեջ։ Հիմա սկի երկու նախադասություն չի գրվում, ոնց որ դիսլեկսիկ լինեմ։ Իսկ առաջ՝ դու՝ երկու տա՜ռ, դու՝ հասարակ մի դերանու՜ն․․․ ա չէ, էդ ես չէի գրել։ ;)
Sambitbaba
04.07.2024, 21:28
Գիշերն երազիս Իմպոն էնքան էր կարդացել իր հին գրածները, որ հավեսի էր ընկել ու նորից սկսել էր բանաստեղծություններ գրել։ Մի այլ կարգի բանաստեղծություններ։ Ու պատճառն այն էր, որ ինքը մոռացել էր, որ պետք է գցի-բռնի՝ գրվում է հիմա թե ոչ։ Ուղղակի սկսել էր գրել ու վերջ։ Առանց դատողությունների։
Չգիտեր Իմպոն, որ գրելու սերը երբեք չի կոտրվում։ Ուղղակի մեկ-մեկ կարա քնի։ Բայց կարա նաև արթնանա։
Բայց որ վերաարթնացավ՝ այ, ըտեղ արդեն Աբու-Լա-Լա Մահարի։:ok
Ձյաձ Անդոն հորս դասընկերն է: Էն 90ականներին Լեննագանի Ուտիլի (утилизационный сбор железа) տնօրենն էր: Կերթայինք հոպարիս տղու հետ, կհարցնեինք «Ձյաձ Անդո, կռնա՞նք մտնինք հեծանիվի մասեր ման գանք»: Իհարկե կթողներ: Ես ավելի փոքր էի, հոպարիս տղեն իր առաջին հեծանիվը Ուտիլից գտած մասերով հավաքեց: Ձյաձ Անդոն բիզնեսը թարգեց՝ արվեստագետ (https://www.facebook.com/share/v/ZBFLaQKKrTv3ycQm/) դառավ: Տարօրինակ ու անկանխատեսելի բան է կյանքը:
Դատողականությամբ օժտված բոլոր կենդանի արարածները պետք է գոհ լինեն։
Այսինքն՝ հաճախ, կամ երբեմն պիտի գնահատական տան տվյալ պահի իրավիճակին: Ու գոհ լինեն։
Քաոսի մեջ միշտ կարելի է պատկերացնել ու սահմանել տվյալ իրավիճակից ավելի վատը։
Վատը սուբյեկտիվ է, ասենք մազոխիստների ու ռացիոնալիզմից հեռու հիմարների համար վատը կարող է իրականում լավը լինել։
Սիբիրյան գյուղում սոսնձից թունավորված ու թերսնված մտագարի ու խորոված սաղմոնով ընթրիք ունեցած նորվեգացի ֆիզիկոսի տվյալ պահին լավ ու վատ իրավիճակների պատկերացումները նույնքան տարբեր են, որքան որ Սան Ֆրանցիսկոյի եղանակն ու բանանի գինը Հնդկաստանում։
Այնուամենայնիվ, պետք է գոհ լինել։
Թրամփը Նահանգների առողջապահական ազգային ինստիտուտների ղեկավար է նշանակում Ստենֆորդի համալսարանի գիտնական Ջեյ Բհատաչարիաին։
Վերջինս կովիդի ժամանակ դեմ էր հանդես գալիս արգելափակումներին ու պատվաստման պարտադրանքին, և առաջ էր քաշում հոտային իմունիտետի գաղափարը, որին լռեցրեցին կոռումպացված սրիկաները։
Եվ առհասարակ Թրամփի նշանակումների գերակշիռ մասը խոստումնալից կադրեր են։
Ընտրությունները բուռն իրադարձություններ են, որ հագեցնում են մի շատ փոքրիկ իրադարձության՝ մի անձը փոխարինվում է մեկ այլ անձով, բայց թիթեռի էֆեկտով դրանից բխում են շատ, շատ, շատ ավելի մեծ ու անդառնալի իրադարձություններ։
Եվ ամբողջ աշխարհը պետք է գոհ լինի։ Որովհետև շատ ավելի վատ կարող էր լինել։
Էրեկ Նահանգներում գոհաբանության օրն էր, ես էլ կյանքիս մեջ առաջին անգամ հնդկահավ ծխահարեցի։
Մի քիչ չոր էր ստացվել, բայց դե հնդկահավի ճարպը շատ քիչ է, ուստի անհրաժեշտ է առնվազն երկու օր պահել աղով ու համեմունքներով լուծույթի մեջ ու հետո տոննաներով կարագ, կամ յուղ սրսկել, որ ստացվի հյութեղ ու փափլիկ։
Ոչ այն էինք մարդավարի արել, ոչ մյուսը։ Բայց շատ գոհ ենք։ Կարող էր շատ ավելի վատը ստացվել։
Կծխվեր հո:
Առանց ծխախոտի օր 1835-րդ:
Ծխե՞լ․․․ Էս շաբաթվա վերջ ընկերներով գնում ենք չոլեր՝ քեմփինգի ու կրակելու։
Ու ես պլանավորում եմ ծխել :} Վիսկիով․․․ Դա էլ իմ «նաչինկայով կարկանդակն» է։ Ես շատ հազվադեպ՝ պլանավորված կարճաժամկետ հիմարու... էհ, կայֆեր եմ անում:
Եթե մարդ ամեն օր հաճելի բաներ անի, ապա այդ հաճելի բաները կդառնան սովորական, չմո բաներ, ու կդադարեն հաճելի լինելուց, այսինքն կվերածվեն հիմար սովորույթի:
Իսկ այսպես՝ հազվադեպ, հիմար ու անառողջ սովորույթը վերածվում է էկզոտիկ հաճույքի:
Պատանի ժամանակներս գյոզերով ծխելը էկզոտիկ հաճույք էր…
Ներկայիս ծխախոտների մեծ մասը աղբ են, ու կարճաժամկետի համար ես ընտրում եմ լավագույնը, որ կարելի է ճարել՝ կապույտ Dunhill, որը վաճառվում է մեր մոտի մարիխուանայի խանութում:
Տուփը՝ 16 դոլար, բլին:
Ինչու ոչ մարիխուանա՞… Նախ խելքներս դեռ լրիվ չենք թռցրել, մարդա 3-4 զենքով չոլերում հանգիստ կարելի է բավարարվել մի քանի կում վիսկիով, անպայման օրվա վերջ, կրակելուց հետո, կրակի շուրջ, զենքերը՝ կողպված:
Երկրորդ. Նահանգներում խուճուճ օրենքներ կան, ու կարող ես ինչ-ինչ հիմար խախտումները անելու համար հայտնվել բանտում, եթե իհարկե Բայդենի տղան չես:
Ինչ որա է, ծխելը միևնույն է ջահել ժամանակվա բերկրանքը չի պատճառում, ավելի լավ է երաժշտություն լսել ու կտրվել աշխարհում տեղի ունեցող դժբախտություններից։
Այ, ինչ լավն ա.
https://www.youtube.com/watch?v=BAbAgf07gkM
Ըհը, էսօրվա վալիդացիան էլ կատարեցի, կարելի է աշխատել։ Էն Թիքեթը ճիշտ բաներ էր ասում, չէինք ընդունում։
Ուրեմն մարդու նպատակը տիեզերքում, Բարեկամ ջան, վալիդացիան է` ապրել, համոզվել, կամ ապացուցել, ու բոլորին ցույց տալ, որ ապրելը նպատակ ունի։
Բայց ինչի՞ հնարավոր չի առանց նպատակի ու վալիդացիայի էլ ապրել, չեմ հասկանում․․․ Վերջ, ցնդաբանությունս ավարտեմ :D
One_Way_Ticket
04.12.2024, 19:09
Որ տենց է, ես էլ խոստովանեմ, որ Վիշապն էլ էր ճիշտ բաներ ասում, չէինք ընդունում։ Վերջերս դիետաս շատ ավելի կետոյացրել եմ, ու պարզվեց, որ ոչ մի սարսափելի բան չկա ասիական ռեստորանում ուտեստի կողքի բրնձին ձեռք չտալու կամ մեկի տարեդարձին թխվացքից հրաժարվելու մեջ, ոչ ոք դրա համար վրադ թարս չի նայի։ Քաշիս վրա միանգամից դրական ազդեցություն ունեցավ։
Ակումբի տեխնիկական քանդուքարապ վիճակը ահավոր ազդում է վրաս, ու ինչքան էլ փորձել եմ մարդկանց ակտիվացնել, ովքեր էդ հարցում ինչ-որ բան անել կարող են, ոչ մի արդյունք չի եղել։ Մտածում եմ՝ գուցե ժամանակն է անցնել «իրականության ռադիկալ ընդունման»։
Դեռահասների (ու նաև չափահասների) հետ աշխատելիս մի հմտություն կա, որի վրա հաճախ եմ կենտրոնանում՝ տարբերել, թե ինչն է կյանքում քո վերահսկողության տակ և ինչը՝ ոչ, և այն ամենը, ինչ փոխել չես կարող (դուրս է քո վերահսկողությունից), սովորել ընդունել։ Հմտությունը, որը կոչվում է «իրականության ռադիկալ ընդունում»։ Առաջին քայլը հենց էն է, որ հասկանաս, թե ինչն է, որ իսկապես չես կարող փոխել։
Հիմա մտածում եմ՝ Ակումբի հարցը իմ վերահսկողության դաշտո՞ւմ է, թե՞ դրանից դուրս։ Ռադիկալ ընդունո՞ւմ, թե շարունակել փորձել մի բան անել (բայց ի՞նչ)։
Ու քանի որ «իրականության ռադիկալ ընդունման» հմտությունից խոսեցի, մի բան էլ գրեմ։
Մահն էլ փոփոխման ենթակա չի, ու դա ամենահավոր բաներից մեկն է, որ մարդ պիտի սովորի ընդունել։
Բոլորը մահանում են մի օր, մենք բոլորս մարդկանց ենք կորցնելու, և մեզ էլ ինչ-որ մեկը կորցնելու է։
Հոգեբուժական կլինիկայում երբ սկսեցի աշխատել, առաջին բանը, որ թերապևտներից մեկն ինձ ասեց, սա էր․ «Որոշ պացիենտներ մահանալու են»։
Բայց երբ մահացողներն անչափահասներ են, որոնց հնարավոր չի լինում փրկել, սա մի ուրիշ թեմա է։
Իսկ երբ մահը լինում է ինքնասպանության ձևով, սա ծանր անեծք է, որ դեռահասը թողնում է չափահասների վրա։
Սա իր թքելն է ամբողջ համակարգի վրա, որ չի կարողացել փրկել իրեն։ Ու էս անեծքով չափահասները պիտի շարունակեն ապրել։
Կլինիկայում ժամանակ առ ժամանակ բոթեր են գալիս, որ էն մի պացիենտը, որ էսինչ ժամանակ կլինիկայում է եղել, դուրս գալուց ինչ-որ ժամանակ անց ինքնասպան է եղել։
Սրանք ահավոր բոթեր են, որ կլինիկայի հսկայածավալ անձնակազմին՝ բժիշկներից ու թերապևտներից սկսած, մինչև խնամողներն ու սանիտարները, ծանր հարվածի տակ են դնում։ Սովորաբար կլինիկան հավաքներ է կազմակերպում բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել են նախկին պացիենտին, այսպես կոչված՝ «օգնության խումբ», որտեղ ամեն մեկը կարող է խոսել իր ապրումների ու հիշողությունների մասին։
Յանն առաջինն էր, ում ճանաչում էի, ում հետ աշխատել էի խմբային թերապիայի շրջանակներում, ու ով դուրս գրվելուց 12 օր անց վերջ տվեց կյանքին։
14 տարեկան։
Չգնացի խմբային հավաքին․ սա իմ մասին չի, իմ ապրումների ու իմ մտքերի։ Սա իր մասին է։ Իսկ ինքն այլևս չկա։
Ինչքան էլ ներս թողնես միտքը, որ որոշ պացիենտների հնարավոր չի փրկել, սա անտանելի ծանրություն է, երբ խոսքն ինքնասպան լինող երեխայի է վերաբերվում։
Էս անեծքի տակ մնում են թե իր ծնողները, թե բոլոր նրանք, ովքեր եղել են իր շուրջը՝ որպես չափահաս։ Ամբողջ համակարգը, որը չի գործել իր դեպքում, որը չի կարողացել իր ֆունկցիան կատարել։
Դե դու կրկնիր ինչքան ուզում ես՝ իրականության ռադիկալ ընդունում։
Իրականության ռադիկալ ընդունում։
Մարդիկս ախմախ կենդանիներ ենք։ Իմ կարծիքով։ Ես ինչքան էլ փորձում եմ աշխատել իմ վերաբերմունքի վրա, միևնույն է՝ չեմ կարողանում ուղղվել, դե մի ախմախ կենդանի էլ ես եմ։
Բայց։ Բայց․․․ բայց․․․ մի հատ մոմենտ կա մարդկանցս մեջ, որ իմ թթվությունն անցկացնում է, ու ես մի պահ նորից սիրահարվում եմ աշխարհին, նույնսիկ բոլոր ախմախությունները հաշվի առնելով։
Էդ մոմենտը մի քիչ տարօրինակ է, ու ես դրանից գլուխ չեմ հանում։ Բանը․․․ երաժշտությունը․․․ Բայց էն տարածված, շաբլոնը չէ, կա մի տեսակի երաժշտություն, ավելի շուտ երաժշտության պատառիկներ, որ ինձ տանում է ուրիշ աշխարհ, բայց տես, որ համարյա ուրիշ մարդ չի լսում։
Ու այդ թվացյալ ստից բանից գերբավարարվածության պահեր եմ ունենում։ Անբավարարվածության երկար պերիոդների արանքում։ Կարող է բիպոլյար փսիխո՞զ է, չգիտեմ, ու թքած։ Էդ պահերն ինձ բավարար են, որ ես մտածեմ, որ երևի կարելի էր ծնվել։ Մի անգամ: Մեր քյառթու ու քաղքենի քաղաքակրթության մեջ:
Ձեր մոտ եղել է՞, որ ոչ հարբած եք, ոչ էլ ծխած, բայց պահի տակ հաճելի է, ասես հարբած եք ու ծխած․․․ Ասես պաչպչվում եք ձեր «կյանքի» հետ առաջին անգամ․․․ Շատ պրիմիտիվացա ոնց որ․․․
Սարերում միայնակ քարշ գալն ու դրան հաջորդող չոռը տարած փսևդո-երաժշտություն լսելը սկսել է արբեցնել, արդեն կախվածություն ունեմ։ Չգիտեմ ոնց անեմ, որ մեկ մեկ կենտրոնանամ գործի վրա, դե մարդիկ ինձ աշխատավարձ են տալիս։
Փսիխոլոգի մոտ գնալու զահլա չունեմ, լեզուս այստեղ կծում եմ, որ դրանց չանպատվեմ:
https://www.youtube.com/watch?v=uhU7UFuk5Og
https://www.youtube.com/watch?v=H-Lw1YNBy94
Էրեկ ձուկ խորովելիս հանկարծ մանրամասնորեն հիշեցի․ Երևանում մեր թաղով ոտքով տուն գնալիս նկատեցի մի փոքրիկ ձկան խորովածանոց ու պահի տակ մտա հարցրի՝ ինչ կարող են սարքել, թմբլիկ խոժոռ դեմքով մարդը սիրալիր ասեց «ի՞նչ կուզես, ախպեր», ասի՝ «եսի՞մ, խորովա՞ծ», ասեց՝ «մի 15 րոպե սպասե՞ս ախպերս», ցույց տվեց ձկները, թե որն եմ ուզում, կոկիկ մաքրեց, համեմեց, կրակը թեժացրեց, խորովեց, փաթաթեց, բարի ախորժակ․․․ Տարա տուն մի երկու հարազատ հոգիներով կերանք, շատ համեղ էր․․․ Հիմա ոնց կգրկեի էդ մարդուն․․․ Նոր զգացի, թե ոնց եմ անասելի կարոտել Հայաստանն ու մեր պուպուշ ժողովդրին, դե սրիկաներին չհաշված։
Մենք խորովածային, շատ համով ժողովուրդ ենք։ Դուք չկարծեք, թե սույն կյանքում եսիմ ինչ մի այլ երևելի արժեքներ կան։ Ոչինչ էլ չկա ջերմությունից, հարազատությունից բացի։
Հա, կա մեկ էլ սարկազմը։ Էդ որ բողոքդ հումորով արտահայտես, լիցքաթափվես, գնա։ Մարդկանց մի մասը, որ քեզ հասկանում էին, ու դու իրենց հասկանում էիր, էլ չկան․․․
***
Պարզվում է, որոշ ուսմունքներում դատարկության գիտակցումը նիրվանային ու կատարելության հասնելու միջոց է, բայց ես կասկածում եմ, որ ինձ կատարելություն է պետք ու առավելս ևս նիրվանա։
Ընդամենը մի հատ խորոված իշխան ձուկ թմբլիկ ու խոժոռ ախպոր կողմից, տանեի տուն, ու մերս սաղ լիներ։
# Հանգամանքների բերմամբ ես եմ այստեղի չաչանակը, բայց դե ինչ արած։
Մեր հին թաղը, որտեղ ես ծնվել մեծացել եմ, ինձ համար ուրույն երաժշտություն ուներ։
Այդ երաժշտությունն ավելի արտահայտիչ էր ամռան երկրորդ կեսերին, երբ ուժգնանում էին երեկոյան քամիները, ու այդ երաժշտությունը քամու հետ մոտենում ու հեռանում էր, գրկախառնվելով ճկուն բալենիների ճյուղերի խշշոցին՝ նվաստիս պատճառելով բուռն բերկրանքի պահեր, ու ես ամեն օր կրկին սիրահարվում էի տիեզերքին։
Այդ երաժշտությունը ճապոնական հինգ նոտանի կիսաձայների նման միալար մեղեդի էր, որի աղբյուրը ես սկզբից չէի հասկանում։
Ահագին հետո հասկացա։
Մեր հին թաղից մի փոքր հեռու բլուր էր, որի լանջին գերեզմանոց էր, իսկ այդ գերեզմանոցի կողքը քարի արտադրամաս էր, գերեզմանաքարի, այսինքն։
Գերեզմանաքարի սղոցարանը հսկա ճախարակ էր, որ տանում-բերում էր երկաթե սղոցը կտրվող քարի ողջ երկայնքով, իսկ այդ ճախարակի մեծ անիվը պտտվելիս արձակում էր սույն մեղեդին, ըստ երևույթին բալանսի ու յուղի պակասի պատճառով, ես կասեի՝ շնորհիվ։
Եվ օգոստոսյան արևմտյան քամիներն այդ ճախարակի մեղեդին հեռվից բերում հասցնում էին ականջներիս, ու դա դարձել էր իմ հարազատ միջավայրի ատրիբուտներից թերևս ամենախորհրդավորն ու ցանկալին։
Հա, ես ձանձրալի եմ, ու ուրիշ թեմա շատ չի անցնում մտքովս, որովհետև օրերս անցնում են հիմնականում լարված աշխատանքի մեջ, ու հասցնում եմ միայն զուգահեռ երաժշտություն լսել։
Ու որոշ պատահական մեղեդիներ հուշում են, որ խորհդավոր տիեզերքը դեռ կա, ու դա ինձ հուսադրում է։
https://soundcloud.com/airmilesrecordings/did-you-question-it
Quyr Qery
05.02.2025, 16:38
Ամեն անգամ պտտվում եմ ակումբի կողքերով, վերջում, մեկ ա, լոգին էլ լինում ու սկսում հին ու նոր կարդալ։ Ակումբը ոնց-որ մանկությանս հայաթը լինի, միշտ ուզում եմ էնտեղ գնալ։ Կարոտը խեղդում է, լիքը պատկերներ ու ձայներ են հասնում ուղեղիս, թվում է՝ հանգստություն մենակ էդտեղ կկարողանաս գտել, թվում է՝ քոնոնք մենակ էդտեղ են։
Էն, որ հիշում եմ, թե ինչքան ախմախություններ եմ գրել էս թեմայում կամ ընդհանրապես՝ էս հարթակում, ու ուզում եմ էլի ինչ-որ մի հատ ախմախություն գրեմ, բայց մտքիս բան չի գալի:
Հուսամ՝ էս ջարդված պատուհաններով ու քամու սուլոցով վայրում հոգիներն իրենց լավ են զգում ու հարմոնիայի մեջ են:
Emdr -ը ապուշություն ա, ոչ մի բանով չի օգնում: Չանեք: Կամ էլ neurofeedback էշությունը: Փողերը կլպվում են … թերապիաները շարունակվում … պիլյուլան խմվում … սեքսն արվում …
կյանքը հիասքանչ է:
լավ եղեք:
Մարոկկոյում ապրող մի հատ ֆրանսիացի տարեց գեյուկ ընգեր ունեմ, թոշակառու ա: Մասոնական կնքահայրս էր: Ֆրանսիայի մինիմալ թոշակով Ագադիրում թագավորի պես ապրում ա: Սաղ օրը մտածում ա ուտելու ու շինելու մասին:
18 թվին գնացել էի մոտը ֆռֆռալու:
Բեղերի արանքից նետեց՝
բարի գալուստ Ագադիր, էստեղ մենք ուտում ենք երբ ուզում ենք և շինում ենք երբ կարող ենք:
Լրիվ թևավոր խոսք ա դառել:
Բիձուն կարոտեցի: Բայց չեմ գրի: Շատ մեծամիտ ա: Regression -ի վարպետ ա: Իրա ասելով՝ ուղիղ կես ժամում քեզ կնստացնի աթոռին ու հիպնոսի միջոցով քեզ հոգուդ ապրած նախորդ կյանքները վիզիտ անել կտա: Բայց վտանգավոր պրակտիկա ա, ասում ա:
Կարող ա արթնանալուց ՝ էլ ներկայիս կյանքիդ մասին ոչինչ չհիշես ու ընկնես հոգեբուժարան , եթե հանկարծ ինչ-որ թույլ կոնտակտ տեղի ունեցավ:
Մի երկու անգամ խորհուրդ հարցրեցի՝ սնոբեց: Թե բա ջահել հալով յանի քեզ ինչի տեղ ես դրել ՝ եղբայրության հետ կռվեցիր դուրս եկար: Թե բա ՝ իրանք կարան մուռ հանեն քեզնից մի օր:
Ես էլ բա ՝ էդ սաղ հեչ: Ագադիրյան 18-24 տարեկաններով լեցուն լիցքաթափման ե՞րբ ես հրավիրում:
Բա թե՝ վտանգավոր ա ստեղ տենց բաներ:
- Ի՞նչ առումով ա վտանգավոր:
- Ջահելները ստեղ ամեն ինչի պատրաստ են՝ օտարերկրացուց օգուտ քաղելու համար: Անազնիվ են ու կպատառոտեն քեզ ոտից գլուխ:
մդաա…
Է՜հ։ :)
Քաղցր հիշողություններ։ Հրաշք ակումբը՝ տաղանդավոր ակումբցիներով։ Մեծացանք։ :8
Կարծում եմ՝ Հայկական կինեմատոգրաֆիան (եթե, իհարկե, դա գոյություն ունի) մի հատ շատ մեծ բարիեռ պիտի կոտրի:
Դա լեզվային բարիեռն ա:
Եթե դու ֆիլմ ես նայում (կապ չունի՝ թե ինչ ա այն պատմում, կամ ինչ պերսոնաժներ ա ներկայացնում), ու հանկարծ լսում ես նրանում արտահայտություններ կամ հայհոյանքներ, որոնք հասարակության որևէ խմբի կողմից չեն օգտագործվում, ապա ֆիլմը միանգամից իր բնականությունը կորցնում ա, ու ստեղծում ա կեղծ լեզվամտածողություն: Էլ ֆիլմը դիտելուց՝ դու չես հավատում ոչ պերսոնաժներին, ոչ իրենց խոսելաձևին, ոչ էլ արտաբերված բառերին:
Ի՜նչ հետաքրքիր ու հավեսով կնայվեր, եթե ստեղծվեին հայկական ֆիլմեր, որոնցում կերպարները կխոսեին բնական, ինչպես իրական կյանքում: Դա մի հեղափոխություն կլիներ:
Ֆիլմեր, որտեղ որ հայհոյանքներն ու էմոցիաների տարբեր տեսակի արտահայտումները կլինեին հավատարիմ հասարակության մեջ եռող լեզվամտածողությանն ու լեզվի կիրառմանը:
Ավտոմատ կերպով՝ նույնիսկ դերասանների խա՛ղը կսկսեր արդեն բնական դառնալ ու մրցել աշխարհի լավագույն դերասանական խաղերի հետ:
Ու էդ ամեն ինչը՝ հայերենով՝ առանց վախենալու ցենզուրայից:
Ֆիլմում եթե պետք ա, որ կերպարն օգտագործի քունել բայը, (առանց դրան արհեստական հոմանիշներ տալու՝ վախից որ հանկարծ ազգի ետամնաց մասսան կարող ա դա չընդունի), ապա պետք ա նա դա օգտագործի՛:
Հայ մարդն իրական կյանքում հայհոյելուց կամ սեքսի մասին խոսելուց՝ չի օգտագործում ''շինել'' արտահայտությունը: Դա արդեն իսկ կեղծ ա … ու ես էլ քո ֆիլմին չեմ հավատում, եղբայր:
Դու ինձ ցույց ես տալիս հայ մարդ (կին կամ տղամարդ), որն իրական կյանքում էդպես չի խոսում:
Դու ինչ ա՝ կինոյովդ ուզում ես դաստիարակե՞ս … կամ լեզվամտածողություն փոխե՞ս …
Կինոն դաստիարակելու միտում, ըստ իս, չպիտի ունենա: Կինոն պիտի պատմություն պատմի, ու ինչքան էդ պատմությունը հում ձևով պատմի՝ էնքան իր արժեքն ու բնականությունը կբարձրանա, վերջիններս էլ կնպաստեն դերասանական խաղի մի ահռելի աճի:
Ամերիկացի, կամ ֆրանսիացի կինոդիտողը կինոթատրոնում երբ լսում ա, թե կերպարները ոնց են իրար հայհոյում՝ ինքը դրանից չի ամաչում, կամ սկսում քարկոծել կինոն ստեղծողներին (որտև դա հարիր չի ազգին): Ինքը դրանից հաճույք ա ստանում, որովհետև իրական կյանքում մարդիկ էդպես են խոսում ու դիտողը եկել ա կինոթատրոն՝ անկեղծ պատմվող պատմություն դիտելու:
Եթե քո կերպարը պիտի ասի՝
«Ընենց կքունեի սրան», կամ «Ոռի գյադայա էդ ղախպա ագառկի բալեն»,
դու որպես սցենարիստ կամ ռեժիսոր, կամ՝ դերասան, իրավունք չունես դրանք վերածելու՝
«էնպես կշինեի նրան», կամ՝ «լպիրշ անասունի մեկն է այդ քածի թքածը»:
Վերջ: Ես էլ քո կինոյին չեմ հավատում: Ես չեմ հավատում ոչ քո սցենարին, ոչ դերասաններիդ, ոչ էլ պատմածդ պատմությանը:
Ոչ մի հայ մարդ էդպես չի խոսում:
Ոչ մեկ:
Վախենամ՝ Թումանյանը նույնիսկ իրական կյանքում հայհոյած լինի, կամ սեքսի մասին խոսացած լինի՝ ազատ օգտագործելով քունել ու ծծցնել բառերը: Հետո՛ ինչ անենք՝ ինքը Թումանյանն էր … ինքը քունելու կամ ծծցնելու կարիք չի ունեցե՞լ: Կամ մեկին հայհոյելուց, կամ մեկի մասին վատ արտահայտվելուց՝ դրել էդպիսի կեղծ արտահայտություններ ա
օգտագործե՞լ: Հաստատ համոզված եմ, որ չէ:
Անգլախոս հասարակություններում, կամ՝ ֆրանսախոս (ռուսախոս էլ), հլը փորձի՝ կինոյի միջի կերպարին ''son of a bitch, go suck my dick, motherfucker'' բառերն ու արտահայտություններն արտաբերել տալու փոխարեն՝ սուտի ցենզուրային բառեր ու կեղծ արտահայտություններ ասել տուր …
Էն ամենա զսպված գիտությունների դոկտոր պրոֆեսորը նույնիսկ, որ կյանքում էդ բառերը չի օգտագործել, կթողնի ու դահլիճից դուրս կգա: Որովհետև ինքն ուղղակի էդ պատմությանը չի հավատա և վերջ:
Եթե պետք ա, որ դու կյանքից վերցված, ոչ եթերային, ռեալ կերպարներ ներկայացնես,
ուրեմն պետք ա կերպարը հենց էդպես էլ խոսի: Ինչու՞: Որովհետև հայ հասարակության մեջ մարդիկ էդպես են հայհոյում: Ու կինոդիտողը դրանից չպիտի նեղվի … ընդհակառակը՝ դա պիտի ավելի ու ավելի իրեն ստիպի ընկղմվել պատմվող պատմության մեջ:
Բայց հայ հասարակությունը պատրա՞ստ ա արդյոք անկեղծության նման բարոմետրի:
Ախր չէ՞ որ իրենք ամեն ինչ կեղծ են սիրում: Կեղծ դաստիարակություն, կեղծ արժեքներ, կեղծ քաղաքականություն, կեղծ ամոթխածություն, կեղծ սեր, կեղծ սեքս, կեղծ կերակուր, կեղծված ու հավերժ կեղծվող պատմություն …
Մի ուրի՛շ լեզվային նյուանս, որը հայ հասարակության մեջ ինտերակցիոն հեղափոխություն կանի, ու կփոխվի մարդկային հարաբերությունների ամբողջ դինամիկան և, չնայած՝ նյուանսը շատ փոքր ա, ինքը հարաբերություններում մեծ փոփոխությունների կարա հանգեցնի:
Դա civility-ն ա: Կնոջն ու տղամարդուն նեյտրալ դիմելաձևը: Երկու բառ ընդամենը՝ պարոն և տիկին:
14 տարեկան դեռահասը եթե 21 տարեկան մի տղայի (որին ինքը չի ճանաչում) ուզում ա դիմի՝ ապա պիտի Պարոն-ով դիմի: Այլ ոչ՝ «ախպեր, եղբայր, ընկեր, ընգեր ջան» - ով:
Պարոնը դա նեյտրալ դիմելաձև ա, որն առաջին հերթին նշանակում ա՝ հարգանք !! , դիստանցիա (մենք իրար չենք ճանաչում. ես ոչ քո ախպերն եմ, ոչ էլ ընգերդ) , նույնն էլ Տիկինը (նա ոչ քո մորաքույրն ա, ոչ էլ մորքուրդ. վերջիններս ռուսական ետամնաց լեզվամտածողության մասնիկներ են, որոնք կամա, թե ակամա տանում են կոնֆրոնտացիայի ինտերակցիայի մեջ գտնվող անձանց՝ մտցնելով ավելորդ լարում, ես-ին դիպչող անիմաստ «фамильярность» և այլն և այլն):
Սա շատ մեծ հեղափոխություն կլինի հայ հասարակության մեջ, եթե իրար չճանաչող մարդիկ սկսեն իրար փողոցում, հանրային զուգարանում, դպրոցում, ինստիտուտում, թե կինոթատրոնում (7 տարեկան երեխուց բռնած մինչև 90-ամյա տարեց. վերջինս մաքսիմում կարա իրան թույյ տա՝ դիմի էդ երեխուն ''երիտասարդ''-ով) իրար դիմեն Պարոն-ով և Տիկին-ով:
Ախր ամեն ինչ հենց տենց փոքր բաներից ա է սկսում, որ ազգը զարգանում ա …
Բայց արդյո՞ք դա հնարավոր ա:
Է՜՜՜հհհ … ասա՝ ինչ ես դրել տուֆտում: Յանի՝ տանձիդ պետք ա՞ իրանց զարգանալը: Թող չզարգանան, ավելի լավ: Եթե զարգացան՝ էլ համեմատելու բան չի մնա էս աշխարհում՝ տգեղը գեղեցիկից տարբերելու, զզվելին՝ հաճելիից:
Ազատ մի քիչ ժամանակ ունեմ՝ խզբզում եմ էլի անկապ-անկապ: Ինչպես և օրագրի վերնագիրն ա թելադրում:
Լավ եղեք, հոգիներ:
impression
01.04.2025, 20:46
Իրականում պատասխանում եմ Ադամի գրածին՝ հայհոյանքների վերաբերյալ։
Համաձայն եմ, որ հայ ժամանակակից կինոյում լիքը թույլ տեղեր կան, ու պետք է դրանք հերթով ու շատ արագ շտկել, եթե ուզում ենք ունենալ կինեմատոգրաֆիա։ Միաժամանակ, ասեմ, որ չեմ ընդունում, ընդ որում, ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ չեմ ընդունում հայհոյանքների կիրառումը էկրաններին։ Ես էլ եմ գուցե հետամնաց, բայց, ձեր աչքից շատ չընկնելու համար, ասեմ, որ ըստ իս, ու դա ոչ միայն իմ կարծիքն է, ժամանակին շատ-շատ ենք բանավիճել տարբեր ակումբցիներով ու այլ սովորական մահկանացուների հետ էս թեմայով, հայերեն հայհոյանքը մի տեսակ շա՛տ, չափազանց թունդ ու անդուր է հնչում, անգլերենի մեղմիկ fuck you-ն թարգմանում ես հայերեն ու փշաքաղվում։ Նույն կերպ, ինձ համար բացարձակ ընդունելի չէ անտեղի շատ ու անիմաստ ամեն բառի կողքին դրվող հայհոյանքը, որ խոսքը, իբրև թե սուր դառնա։ Անորան իմ ականջները բռնաբարեց էդ հայհոյախառն դիալոգներով, ու դա ընդհանրապես հաճելի չէր, ոչ էլ արդարացված էր։ Չգիտե՞ս ոնց դիալոգներդ գրես, որ տեղ հասնի, սովորի, հետո գրի, ոչ թե հիշի մանկուց ինչ ես լսել փողոցում, ու որոշի, որ հենց էդպես էլ կկազմես դիալոգներդ։ Իհարկե, ըստ տեսարանների և սիտուացիաների, երբեմն հայհոյանքից խուսափելն իրոք անարժանահավատ է դարձնում սցենարն ամբողջությամբ, ես միայն խոսում եմ ավելորդ ու թունդ հայհոյանքների մասին։
Ժամանակակից հրաշալի գրված ֆիլմեր կան, որ լսում ես, ու բնավ չես լարվում արհեստական դիալոգներից, օրինակ՝ Անհայտ բաժանորդ, որոժ վերապահումներով՝ Սկոչ ընդ վիսկի և այլն։ Բայց հիշեք, որ մինչև մեզ էլ են հայհոյանքները գոյություն ունեցել, ու կինոն էլ է գոյություն ունեցել, սակայն մեր հին ֆիլմերի արժեքը չի ընկնում գեղեցիկ ու շիտակ հայերեն խոսքից։ Աշնան արևում, օրինակ, Աղունը բերանն եկածն ասում էր, բայց առանց հայհոյանքի, բնականաբար։ Դե, դա էլ Հրանտ Մաթևոսյանի և սցենարիստի շնորհքն ու տաղանդն են եղել։ Բայց, կարծում եմ, կարելի է և ՊԵՏՔ է խուսափել կինոյում սուր արտահայտություններից, որոնք թե անդուր են, թե էժանացնում են ֆիլմը։
Իհարկե, ուրիշ պատմություն է "այ դու կեղտոտ կապիկ", "եկ նստիր գիրկս, օ՜ փնթի քած" և այլ թյուրիմացությունները, մանավանդ թարգմանած ֆիլմերում, բայց դա արդեն, ոնց ասեցի, լրիվ ուրիշ պատմություն է։
impression
02.04.2025, 20:21
Էսօր մեր հին ակումբցիներից երկուսին եմ տեսել պատահաբար, երբ հիվանդանոցի սպասասրահում նստած էի։ Ու հենց էդ պահին կյանքը անհամացավ։ Առաջ իրար պատահաբար տարբեր փաբերում էինք տեսնում, հիմա՝ հիվանդանոցներում։ Ու խոսակցության հիմնական թեման ակումբն էր, որի շնորհիվ իրար ճանաչում ենք, առանց որի, կապ չունի՝ ակտիվ ենք, թե ոչ այնքան, կյանք չունենք։ Իմ հիմնական շրջապատը ակումբցիներն են, թե ընկերության, թե գործնական առումներով, ու ես շատ ջերմանում եմ դրա գիտակցումից։ Էդ նշանակում ա՝ սա առողջ միջավայր ա եղել, արմատներ ա կարողացել տալ, ու դարձել ա հոր տան պես մի բան, էն որ աշխարհից նեղանում ես, հավաքվում մի քանի օրով գնում ես հարազատ միջավայր։
Հա, մեկ էլ շատ տխրեցի նրանից, որ իմացա՝ Վեստը փակվել ա։ Չնայած, Պրոցեսսն էլ ա փակվել։ Ու էլի լիքը տեղ։ Կարևորը՝ Ակումբը թող չփակվի, էդ կորստի զգացողությունը թող չունենանք։
Եթե ուզում ես վերջապես քայքայել ընկերներիդ առողջությունն ու նրանց օրը փչացնել, ապա քեզ շռայլ նվեր առ ու կիսվիր այդ մասին, ցանկալի է ինքասիրահարված տոնով, խրախճանքը երաշխավորված է։
Ինձ ընդհանրապես դուր է գալիս մարդկանց ամենաթույլ լարերին կպնելը՝ նախանձախնդրություն, կախվածություններ, տարբեր թուլամորթության դրսևորումներ, որոնցից ես էլ ունեմ։ Բնավորություն է, ինչ կարող ես անել։
Բայց էդ սաղ ջհանդամ, կարևորը՝ կարող եմ հանգիստ խղճով ինքս ինձ հայտարարել, որ սույն կյանքում ես որևէ հիմնավոր նյութական պահանջ այլևս չունեմ։
Իմ նման խրոնիկ անբավարարվածությամբ տառապող սրիկայի համար սա այն նշաձողն է, որից հետո կարելի է միայն անկումներ սպասել, ու ես հաշտ եմ այդ մտքի հետ։
Հա, ուրեմն վերջերս հերթական հոգնատանջ աշխատանքային օրվա վերջում րոպեական պոռթկման մեջ վերջապես պարգևատրեցի ինքս ինձ՝ առա բաղձալի աստղադիտակը։
Տե՜ր Աստված, գիտության ու տեխնիկայի զարգացման թերևս ամենագնահատելի ու երջանկացնող ձեռքբերումներից։
Թարսի պես օրեր շարունակ երկինքն անընդհատ մշուշոտ էր, էրեկ մի փոքր եղանակային բարելավումից օգտվելով նկարեցի երկնքի ամենահայտնի ու հեշտ օբյեկտներից՝ Օրիոնի միգամածությունը, թերևս մի քիչ փնթի ու արագ:
Չգիտես ինչու, տգետս կարծում էր, որ սա հեռավոր գալակտիկա է, այնինչ մեզ ահագին մոտիկ աստղագոյացման տիրույթ է, այստեղ են ծնվում աստղեր, հավանաբար ներգալակտիկական սեքսից հետո։
Ճիշտն ասած, ես էլ եմ ինձ նախանձում, շատ ստոր, գարշելի նախանձով։
https://lh3.googleusercontent.com/pw/AP1GczN3UUdD6XUs1QuPRcet83PpzjAtfDpJc6zg8bCWeyXBGXwaRYm_S3j-M04wpaYpADyzVXSw_nPY7cltOVNz9Eg0LIXMy3Vn7_vsMkAjUayqgYVytsURnyyl7_F06qbm7t82orp_WtkWVKt7EkOJ5t0IYg=w2952-h1958-s-no-gm
One_Way_Ticket
20.04.2025, 01:09
Գնացել էի Գերմանիա մեքենա գնելու։ Ավելի ճիշտ՝ տանելու, գործարքն արդեն կնքած էր։
Վայրէջք Ֆրանկֆուրտում։ Չսիրեցի ես էդ օդանավակայանը։ Տարածքով՝ մեծ, սնվելու կետերի քանակով՝ փոքր, հասկանալիությամբ՝ անհասկանալի։ Բայց լավն այն է, որ հենց օդանավակայանում արագ գնացքների կայարան կա։
Տրամադրվել էի վագոն-ռեստորանում ընթրիք անել։ Վագոն-ռեստորանն իմ մոտ ռոմանտիկ ասոցացիաներ է առաջացնում, Ռուսաստաններում գնացքով ճանապարհորդելիս սիրածս տարրերից էր։ Կայարանում հատուկ նայեցի, թե վագոն-ռեստորանը պլատֆորմի որ հատվածում է կանգնելու, որ միանգամից տեղ զբաղեցնեմ։ Կարող էի չանհանգստանալ․ ողջ ճանապարհին ոչ մի պահ բոլոր սեղանները զբաղված չէին։ Դե տեղացիներն իմ պես հարիֆ չեն, միկրոալիքային վառարանում տաքացրած խուժան ուտելիքի համար եքա փող տան։
Հաջորդ առավոտ Կիտցինգեն քաղաքում էի։ Դիմավորեց dealership-ի երիտասարդ աշխատողը, երևի 20-25 տարեկան, գնացինք ժամանակավոր համարներ գրանցելու։ Անգլերեն շատ չէր խոսում, մի քիչ բարդ բան եթե ուզում էր ասել, գուգլ-թրանսլեյթ էր անում։ Տեղի ծնված-մեծացած գերմանացի, ուզում է Համբուրգում ապրել, էնտեղ մեքենաներ վաճառել։
Նստում եմ ղեկին, քշում դեպի տուն։ Ոչ չեռեզ Լեհաստան ու Լիտվա, Գերմանիայի հյուսիսից Լատվիա գնացող նավ կա։ Կիտցինգենից բավական մոտ է յոթերորդ ավտոբանը, որն էլ ինձ պետք է։ Գերմանական ավտոբաներին մեծամասամբ արագության սահմանափակում չկա։ Ամենաշատը 194 կմ/ժ տեսա սպիդոմետրի վրա։ Ուզում էի սիմվոլիկ մինչև 200 սեղմել, էն էլ մեկը դեմս կտրեց։
Նավահանգստում չեկինին մեկնեցի ավստրալիական անձնագիրս։ Աշխատողը հարցրեց՝ կարո՞ղ է հայ եմ։ Ասում է՝ կոլլեգան իրեն ասել է, որ յան-ով վերջացող ազգանունով մարդիկ հայ են։ Հետո կոլլեգան էլ մոտեցավ, մի քանի բառ խոսեց։
Հիմնականում լատվիական համարներ էին նավ բարձրացող մեքենաներին։ Հաջորդ տեղում՝ լիտվական ու էստոնական։ Ավելի քիչ՝ գերմանական, ու հատ ու կենտ դեսից-դենից։ Իմինից բացի ժամանակավոր համար չտեսա։ Նավի վրա զգացվում էր, որ շատերի համար դա պարբերական ուղևորություն է։ Աշխատակազմը առանց դժկամության ռուսերեն է խոսում, դե 60 տարեկան լիտվացի դալնաբոյշիկի հետ ուրիշ ինչ լեզվով պիտի խոսեն։
Նշանակետը Լատվիայի արևմուտքում գտնող Լիեպայա քաղաքն է։ Հենց հեռախոսս ցանցը բռնեց, SMS եկավ, տրամադրությունս բարձրացավ, սիրում եմ Լատվիա վերադառնալ։ Ջարդուխուրդ եղած փողոցներ, պանելային շենքեր, ես ստեղ ինձ ավելի լավ եմ զգում, քանի ստերիլ Գերմանիայում։ Քանի որ հետ գալս զատիկի տոների հետ համընկավ, որոշեցի միանգամից Ռիգա չգնալ, մի քիչ էլ Լատվիայում ճանապարհորդել։ Մարդիկ ստեղ ուրիշ են։ Նույնիսկ տուրիստական տեղերում հետդ լատիշերեն են խոսում, ու պարզվում է՝ ես արդեն կարող եմ բավական երկար ու ոչ շաբլոն երկխոսություններ վարել։ Ռիգայում միանգամից անգլերենի են անցնում, ահավոր ներվայնացնում է։
Հաճախորդը դիմել է օգնության` իր նոր նախագծի մեջ անսպասելի տարբերությունները հասկանալու համար:
Ցույց է տալիս հնի ու նորի համեմատությունը՝ որտեղ տարրերի անուններն ու չափերը ակնհայտորեն տարբեր են ու պնդում է՝ «I can guarantee you, it's the same configuration»:
Պարզվեց, ընդամենը տարրի անունն էր փոխել, որն իր կարծիքով ոչինչ չպիտի փոխեր, այնինչ մեր «խելացի» ծրագիրը որոշ դեպքերում տարրերը նախագծի մեջ դասավորում է ըստ այբենական կարգի, և անվան փոփոխությունը բերում է ֆիզիկական փոփոխության, որն իհարկե պրոբլեմ է, պետք է ուղղել։
Մտածում եմ, որ որոշակի դեպքերում անունն էլ է կոնֆիգուրացիայի մասնիկ: Օրինակ եթե կարծում եք, որ ասենք Արևի անունը լիներ Արեգ, ապա մոլորակի վրա ոչինչ չէր փոխվի, ապա մի փոքր երկար մտածեք:
Առնվազն մի բայթ ինֆորմացիա կավելանար սույն օբյեկտի բոլոր նշումներում ու հիշատակումներում, եթե թողնենք սուբյեկտիվ դատողությունները՝ լեզվամտածողություն, ֆլան-ֆստան:
Իսկ եթե լիներ՝ Ճաճանչապայծառափայլատակություն, ապա չի բացառվում, որ հայերս մնայինք հեթանոս, ու Հռոմից Կեսարիա ժամանած Գրիգորն այլ ճակատագիր ունենար։ Ասում եմ՝ չի բացառվում։
***
Վերջերս James Webb-ի միջոցով հայտնաբերած գերհեռավոր ու գերհսկա (գիրության հետ չշփոթել) գալակտիկաները, որոնք մեծ պայթյունից ընդամենը 300-350 միլիոն տարվա տարիք ունեն (ըստ գիտության, I have no fucking idea), շփոթեցնում են մեր նոբելյան մրցանակակիր գիտնականներին, որովհետև նման վաղ ժամանակներում նման չափերի գալակտիկաներ պիտի գոյություն չունենային ըստ մեր ֆիզիկայի ու մաթեմատիկայի։
Դեռ գիտնականները դժվարանում են նոր փաստը մարսել ու վերանայել գիտելիքները, որովհետև՝ «I can guarantee you, it's the same configuration» վիճակ է։
Որոշ համաձակներ նոր վարկածներ են առաջ քաշում՝ բազմատիեզերքի մեջ մեր ու մեկ այլ տիեզերքի բախման վիճակ, բաբախող տիեզերքի մեջ նախորդ տիեզերքի մնացորդներ և այլն․․․
Կարելի է գուշակել, որ մեծ պայթյունի կողմնակիցները մոտ ապագայում ծաղրվելու են այնպես, ինչպես ներկայումս՝ հարթ երկրի կողմնակիցները։
Բայց մտքովս երբեք չէր անցի, որ գիտական հոդվածների տակ մեկնաբանություններում կսկսեն Այնշտայնին ու Հաբլին ապուշ անվանել, օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր․․․
Կուզեի, որ այս 4 հազար բոտերը աստիճանաբար սկսեին գրել սովորել, ու դրանցից մի քանիսը վերամբարձ բարբաջեին քաղաքականությունից, գիտությունից, փիլիսոփայությունից, երաժշտությունից, սթեյքից, հոգեբանությունից․․․ սեքսից էլ չէր խանգարի:
Կուզեի բոտերի հոգեբանությունն հասկանալ ու պարզել, թե ինչով են բոտերն ու մարդիկ իրարից տարբերվում: Ես իմ ու բոտի տարբերությունն այլևս չեմ հասկանում, մանավանդ այն պահերին, երբ լուռումունջ թերթում եմ ակումբի էջերը...
Մի՞թե այս բոտերը ոչինչ չունեն քննարկելու, մի՞թե այսքան ինտերնետն ընթերցելիս սրանցից ոչ մեկի մոտ բանականության առկայծումներ չեն դրսևորվում, բոտերի էվոլյուցիան պիտի որ այսքան դանդաղ չլիներ:
Հա, հասկացա, սրանց ծրագրավորողները «մոռացել» են բանականություն ծրագրավորել, կամ՝ գոնե բնազդ, չեն ֆայմել: Կուզենայի այս բոտերի ծրագրավորողներին տեսնել, ինձ թվում է, ձանձրալի տիպեր են՝ դետերմինիստական, կանխատեսելի էություններ:
Սարդերը գիտեն, թե որտեղ սարդոստայն հյուսել, իսկ այս սուբյեկտները չգիտեն, թե ուր ուղարկել իրենց բոտերին:
Ես չեմ ուզում Սամի օրագիրը կարդալ, Լիոնի վերլուծություններն էլ չեմ ուզում:
Սիրտս բոտի սարքած բորշչ է ուզում, անպայման բոտ կովի մսով:
Աներևակայելի անհամ, սևուսպիտակ բորշչ, ու ես այն կուտեմ քայքայված ալյումինե գդալով ու ընթացքում կնայեմ ակումբի ճաղավանդակներից դուրս, որտեղ 4 հազար ակտիվ բոտեր աննպատակ թրև են գալիս:
My World My Space
25.05.2025, 11:03
Ո՞վ որոշեց, որ հավաքարարն այսուհետ մաքրուհին ա։
Ու խեղճ Մաքրուհիների կարծիքը հարցնող էղա՞վ։
Էրեկ տղերքից մեկին զանգ ա գալիս, վերցնում ա, ու.
- Բարև Ձեզ, իքս ապահովագրական ընկերությունից Մաքրուհին ա Ձեզ անհանգստացնում, Ձեր ապպան երկուշաբթի լրանում է։
- Այ քույրիկ ջան, ձեր մոտ ուրիշ աշխատող չկա՞, որ էդ գործը քեզ են դավերյա արել․․
Հ.Գ. Խեղճ Մաքրուհի
-
impression
29.05.2025, 04:52
Մեր կյանքը կինո է։ Ես կինո շատ եմ սիրում։ Հատկապես՝ կոմեդիաներ, թրիլլերներ ու դետեկտիվներ։ Բայց իմ կյանքի կինոն մի ախմախ դրամա է ստացվել, ու ինչքան էլ փորձում եմ էս հիմար սցենարին համուհոտ տալ հումորներով ու կատարվածին չնախատեսված ռեակցիա տալով, տակից դուրս գալով կամ չգալով, մեկ է, էն կարմիր գիծը (դուդուկի սաունդթրեքով) մնում է նույնը՝ ախմախ դրամա։ Եթե մի քիչ ազնիվ լինեի ինքս իմ հանդեպ, կասեի՝ ախմախ մելոդրամա, բայց ես էդքան անկեղծ չեմ։ Ու ինձ հա թվում է, թե ես սխալ տոմս եմ վերցրել ու ուրիշի կինոն եմ նայում, չեմ ուզում ընդունել, որ սա է, էսքանն է նախատեսված։