PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոլախոտ



StrangeLittleGirl
29.09.2007, 23:37
- Դու լավ չես զգում…- ասաց դասախոսս,- հետո կխոսենք: Ինձ անպայման երեկոյան կզանգահարես:
Այդ օրը ինքնաթիռն ընկավ, և երբ երեկոյան ամեն ինչից անտեղյակ հավաքեցի նրա համարը, ասաց, որ զբաղված է, հետո կզանգի:
Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ սպասում եմ… Չէ՛, ավելի ճիշտ հավաքել էի բոլոր ուժերս ու փորձում էի ինքս հաղթահարել… չգիտեմ, թե ինչը: Հիշում եմ՝ ահավոր ժամանակներ էին: Ոչ մի դեպքում այդ ամենի միջով նորից չեմ անցնի: Ասում եմ, բայց իմ կյանքն այդպիսին է: Ավելի վատն էլ եմ ապրել: Ու կամաց-կամաց ոչ թե խաղաղությունս էր ընդմիջվում պատերազմներով, այլ ճիշտ հակառակը: Ժամանակ առ ժամանակ հիշում էի դասախոսիս, բայց նրան զանգահարելու փորձ չէի անում. խոստացել է, կանի, չնայած խելագարություն է մինչև հիմա սպասելը. երևի այնքան խառն է եղել, որ նույնիսկ համարս չի հասցրել պահել:
Մի օր գնեցի՞, վասակեցի՞, թե՞ նվեր ստացա խաղաղությունս… Զգացի, որ կոկա-կոլայի շիշը ձեռքին նստարանների վրայով թռչկոտող աղջիկն եմ դարձել նորից: Ու ոչինչ չէր խանգարում ինձ, նույնիսկ մոլախոտերը… Գուցե անհեթեթություն թվա, բայց վերջիններս ինձ իրոք անհանգստացնում էին մի ժամանակ: Կարծում էի, թե մենակ ես եմ: Կարծում էի մինչև մի պայծառ օր… Աշնանային:
Ես դուրս էի եկել զբոսանքի: Եվ երջանիկ էի: Կառչում էի Արևի վերջին պայծառ ճառագայթներից, ժպտում, ծիծաղում:
- Արև՛, մի՞թե երբ գնաս, նորից նույնն եմ դառնալու,- հարցնում էի:
Արևը ժպտում էր ու ասում.
- Ես երբեք չեմ գնում: Պարզապես ձմռանը դուք սովոր եք ինձ չնկատել: Դուք եք հեռանում, ոչ թե ես:
Ժպտում էի ու փարվում նրան: Արևից թանկ ոչ ոք չկար ինձ համար:
Ու քայլում էի: Չգիտեի, թե ուր էի գնում, բայց ճամփիս ինձ այդքան խանգարող մոլախոտեր չկային, և ես երջանիկ էի:
Ես շատերին եմ հանդիպել իմ զբոսանքների ժամանակ: Բայց այս անգամ ինձ ընդառաջ եկողը… Զարմանալի մի բան… Օվկիանոսն էր: Ես անչափ ուրախացա, երբ նրան տեսա:
շարունակելի

StrangeLittleGirl
30.09.2007, 12:02
Ես հարմար տեղավորվեցի ափին, ոտքերս դրեցի ջրի մեջ ու մի ջերմ զրույց սկսեցի իմ թանկագին Օվկիանոսի հետ:
- Ինչպե՞ս ես,- հարցրեց իմ հին բարեկամը:
- Լավ եմ, գիտե՞ս: Ես երջանիկ եմ: Հասկանու՞մ ես՝ հաղթահարել եմ երկարատև ընկճվածությունը: Հիմա ամեն ինչ կարգին է: Իսկ դու՞… Ամեն ինչ կարգի՞ն է:
- Իհարկե… Լսի՛ր, մի բան ասեմ, միայն չզարմանաս: Մոլախոտերն ինձ ահավոր խանգարում են:
- Ինչպե՞ս… Ախր դու հսկայական Օվկիանոս ես, մեծ ես, հզոր ես: Քո շրջակայքում մոլախոտեր աճու՞մ են: Եվ եթե նույնիսկ այդպես է, ինչպե՞ս կարող են քեզ խանգարել: Ախր մի ալիքով կարող ես բոլորին խեղդել:
- Չէ՛, դու նրանց չգիտես: Սարսափելի են: Շինծու կերպարներ են ստեղծում: Քեզ թվում է, թե թույլ են, անօգնական, բայց այնպե՜ս են հարձակվում, այնպե՜ս թաքուն, որ ոչ ոք չի նկատում:
- Իսկ ես կարծում էի՝ միայն ես եմ: Բայց դե ինձ համար բնական է: Չէ՞ որ ես ու մոլախոտերը նույն հողում ենք աճում: Նրանք շատ հանգիստ կարող են ինձ ճնշել, աճս խանգարել, չնայած հաճախ ձևացնում են, թե ընկերներս են, բայց ես հո այդքան հիմար չեմ. ամեն ինչ տեսնում եմ:
- Վա՜յ, այդ մոլախոտերը… Նրանք փչացնում են ամեն ինչ, խառնում իրար բոլորին,- հանկարծ լսվեց մի ձայն,- բայց զարմանալի է, գիտե՞ք: Ախր զրոն ինչպե՞ս կարող է այդքան բան անել: Նրանք հենց այդքան են: Ընդամենը զրո, բայց խաղում են մյուսների հետ: Աշխարհը մոլախոտանոց է դարձել:
Մեզ միացել էր նաև Ջրաշուշանը: Ես գիտեմ, որ օվկիանոսում չի աճում: Որտեղի՞ց էր եկել, ինչպե՞ս էր հայտնվել…
- Տաքսիով եկա,- շատ հանգիստ պատասխանեց նա:
Մենք լռեցինք: Մտածում էինք: Հետո հանկարծ Ջրաշուշանն ասաց.
- Պատկերացնու՞մ եք՝ ինձ ասում էին, որ չհեռանամ, մնամ ու պայքարեմ մոլախոտերի դեմ: Բայց դա անհնար է: Նրանց աճի համար հողը պարարտ է, իսկ ինձ ջուր է պետք: Ու եթե անգամ մի քիչ ջուր է լինում, մի քիչ ճահիճ, մոլախոտերն առիթը բաց չեն թողնում, որ հափշտակեն: Դրա համար նախընտրում եմ ուղղակի հեռանալ, իմ սիրելի ջրերի մեջ ապրել: Ի դեպ, դուք էլ կարող եք գալ:
Ես ու Օվկիանոսը շարունակում էինք լռել: Հավանաբար նա էլ էր ինձ նման զարմանում. ինչպե՞ս կարող էր մոլախոտը երեքիս նման տարբեր էակների այդքան խանգարել: Ու դեռ այնքա՜ն շատ ուրիշներ էլ են տուժել նրանց հարձակումներից, որոնց մասին մենք չգիտեինք:
...
Մոլախոտը կանգնած մեզ էր նայում: Մի այնպիսի՜ կեղծ ժպիտ էր նկարել: Ու ասես հատ-հատ, դաժանաբար խլում էր իմ յուրաքանչյուր բջիջը, շնչածս թթվածնի յուրաքանչյուր մոլեկուլը:
Մի քանի վայրկյան անց ես, Ջրաշուշանն ու Օվկիանոսը հեռացանք:
- Լսի՛ր, Օվկիանոս, ես երբևէ այսքան ուժեղ բացասական ազդեցություն չէի ստացել: Ի՜նչ սարսափելի էր:
- Սովորի՛ր անտարբեր լինել: Գիտես, ես արդեն կարողանում եմ: Ինձ վրա բնավ չի ազդում: Քո ժամանակն էլ է եկել: Երևի արդեն ուշանում ես, բայց վստահ եմ, որ կհաջողվի:

Օվկիանոսն ու Ջրաշուշանն արդեն գնացել էին: Ես մենակ էի: Մոլախոտից ստացած հարվածը դեռ չէր անցել: Մութ էր: Կանչում էի Արևին, աղաչում, որ տաքացնի: Չէի լսում նրա պատասխանը: Ես քայլում էի գիշերվա մեջ: Թե հաղթեի նրան, կհասնեի Արևին, լուսավոր կլիներ, և մոլախոտի փոխարեն ուրիշների չէի քաղհանի:

Mari
01.10.2007, 18:23
Երանի նրան,ով մոլախոտերի այս բազմության մեջ գտել է Օվկիանոսը, Ջրաշուշանն ու ամենակարևորը՝Արևը...
Ապրե՛ս Բյուրակն:

Հ. Գ. Մոլախոտերը մի օր արմատախիլ են արվում...:)

Guest
02.10.2007, 17:18
Քո վրա չեմ զարմանում… քո վրա կարա ազդի ու քեզ խանգառի "մոլախոտ"-ը, բայց պատճառը միշտ պետք է փնտրել քո մեջ:
Ես չեմ հավատում, որ հզոր հոգի ունեցող ու հզոր սիրտ ունեցող համապատասխանաբար օվկիանոսը ու ջրաշուշանը կարող են ազդվել "մոլախոտ"-ից…
Ես գնամ հեռու օվկիանոսի մեջ, կներթապանցեմ նրա անսահման ջրերի մեջ… կխոսեմ իր հետ ու կհասկանամ նրան… ու կհասկացնեմ նրան, որ մոլախոտը իրեն իրականում չի խանգարում, որովհետեվ այն չի կարող խանգառել ոչ մեկի… Ես կվերցնեմ իմ ձեռքի մեջ նուրբ ջրաշուշանը… կշշնջամ նրա անակջին երկու խոսք… և նա էլ ամեն ինչ կհասկանա…
Իսկ "մոլախոտ"-ը :love մոլախոտ չի, այլ քնքույշ Վարդ:

Հ.Գ. :think Պատմվածքը եսիմ խի սենց տեսա :o

Ծով
02.10.2007, 18:01
Մոլախոտերը իրականում շատ են և նրանք միշտ էլ քիչ թե շատ խանգարում են...
Խանգարում են իրենց փոխանցած բացասական էներգիայով, երբ հակասական կերպարներ են ստեղծում ամենուր: Եթե չնկատեցիր պատմվածքի հերոսներն այնքան հզոր են, որ էլ չեն ազդվում:
Նրանք խանգարում են միայն այն բանի համար, որ սիրում են խանգարել...այլ հարց է, որ չեն հաղթում::)
Մեզանից յուրաքանչյուրը նրանց հանդիպում է իր ճանապարհին և ճանաչում է նրանց իր մտերիմերի ճանապարհին միայն:)
Ի դեպ, կարդալուց հետո մի' փորձեք հեղինակի մասին դատողություններ անել:), կամ խորհուրդներ տալ;); Սա «Հակասթրես»-ը չի:D:lol, այլ ստեղծագործողի անկյունն է; Դատողություններ արե՛ք միայն ստեղծագործության մասին;

StrangeLittleGirl
04.10.2007, 19:56
Քո վրա չեմ զարմանում… քո վրա կարա ազդի ու քեզ խանգառի "մոլախոտ"-ը, բայց պատճառը միշտ պետք է փնտրել քո մեջ:
Հա՛յկ, ճիշտ է՝ ամեն մարդ ազատ է ունենալ իր կարծիքը, ցանկացած ստեղծագործություն մեկնաբանել այնպես, ինչպես ուզում է, բայց պետք չէ դրանք կապել անձնականի հետ: Մի անգամ արդեն մի թեմայում ասել եմ, որ դա անտակտություն է և խիստ վիրավորական: Ստեղծագործություններն այստեղ տեղադրվում են, որ հենց իրենք քննարկվեն, ոչ թե հեղինակի անձնական հոգեվիճակը կամ չգիտեմ ինչը, մանավանդ որ դու երբևէ չես կարող իմանալ, թե ով է այն մարդը, որին հեղինակը ներկայացնում է որպես «ես»: Մյուս ստեղծագործողները կհաստատեն ասածս:

Ի դեպ, կարդալուց հետո մի' փորձեք հեղինակի մասին դատողություններ անել, կամ խորհուրդներ տալ; Սա «Հակասթրես»-ը չի, այլ ստեղծագործողի անկյունն է; Դատողություններ արե՛ք միայն ստեղծագործության մասին;
Ուտեմ մռութդ, համաձայն եմ քեզ հետ:

Guest
04.10.2007, 20:08
…մանավանդ որ դու երբևէ չես կարող իմանալ, թե ով է այն մարդը, որին հեղինակը ներկայացնում է որպես «ես»:

Իսկ ես դիմում էի հենց այն «ես» ին, որը նկարագրված էր հենց պատմվածքի մեջ:P Որն հեչ կապչուներ քո հետ… երևի…


Ուտեմ մռութդ, համաձայն եմ քեզ հետ

Խոսքերի հետ ես էլ եմ համաձայն, բայց նրա հետ որ տեղին ա ասված հեչ համաձայն չեմ… մեկ էլ մռութ չեմ ուզում ուտել :)

StrangeLittleGirl
04.10.2007, 21:03
Իսկ ես դիմում էի հենց այն «ես» ին, որը նկարագրված էր հենց պատմվածքի մեջ Որն հեչ կապչուներ քո հետ… երևի…
Հա՛յկ, իզուր տեղը կրուտիտ մի եղիր, լա՞վ:
Գրաքննադատության հատուկ էթիկա կա մշակված, որտեղ ասվում է, որ որևէ ստեղծագործության մասին խոսելիս երբևէ չի կարելի երկրորդ դեմքով դիմել:
Անընդհատ ուզում եմ դա մշակել, կրճատել ու ֆորումում տեղադրել, բայց ժամանակ չի լինում:

Ուլուանա
04.10.2007, 22:31
Գրաքննադատության հատուկ էթիկա կա մշակված, որտեղ ասվում է, որ որևէ ստեղծագործության մասին խոսելիս երբևէ չի կարելի երկրորդ դեմքով դիմել:
Անընդհատ ուզում եմ դա մշակել, կրճատել ու ֆորումում տեղադրել, բայց ժամանակ չի լինում:
Բյուր, մշակիր, դիր, էլի: Կարելի է դա էլ մտցնել Ակումբի կանոնադրության մեջ: ;)Որպեսզի դրանից հետո Ստեղծագործողի անկյունում կարծիքներ գրող բոլոր անդամներից պահանջենք հետևել դրա մեջ գրված կանոններին: :P
Կարծում եմ՝ համ հետաքրքիր կլինի, համ օգտակար: :)